Մենիշխանության հետևանքներն արդեն ի հայտ են գալիս

Երվանդ ԲոզոյանՀետաքրքիր երևույթներ են դիտարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, եթե նայում ենք վերջին շրջանում ծայր առած ներիշխանական «ինտրիգներին»: Մասնավորապես` կառավարություն –Վերահսկիչ պալատ «փոխհրաձգությունը» իշխանության ներսում` ամենավերին օղակներում առկա հակասությունների մասին  է վկայում:

 Իշխանական մոնոլիտի առաջին ճաքերը երևացին 

Ըստ էության, քաղաքական տեսանկյունից Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվությունը շատ չէր տարբերվում նախագահի` մոտ 9 ամիս առաջ կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթից: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ խոշոր չափերի են հասնում ատկատները, օրինակ բերեց Վազգեն Խաչիկյանի ոլորտը և նշեց, որ այդ ամենը պետք է փոխել: Այլ կերպ ասած` Իշխան  Զաքարյանի հաշվետվությունն «ուրվագծվել» է դեռ 2012 թվականին: Իշխան Զաքարյանը ներկայացրեց  բյուջեի ծախսային մասը` բոլոր ուղղություններով, ինչն աղմուկ բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ  նա իր ելույթում որոշ կարծիք-գնահատականներ հնչեցրեց ու ասաց, որ բյուջեի մոտ 70 տոկոսը ռիսկային տիրույթում է: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ուստի դրանից հետո` կառավարության նիստի ժամանակ, համապատասխան քաղաքական հայտարարություններով հանդես եկավ նաև Վարչապետ Տիգրան Սարգսյանը

«Ամեն անգամ, երբ քննարկվում է, թե բյուջեն ինչքան պետք է լինի, վեճ է առաջանում. դա հավերժ վեճ է գործարար շրջանակների ու պաշտոնյաների միջև: …Այդ վեճն այսօր արտահայտվում է այն լուռ հակամարտությամբ, որ ներկայացնում են Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, ներկայացնում է այն շրջանակների շահերը, որոնք այսօր դժգոհ են տնտեսական քաղաքականությունից: Փոխարենը կառավարությունն արդյունավետ չի աշխատում, և իր ծախսերն այդ իմաստով, նպատակային չեն: Ու Իշխան Զաքարյանի հաշվետվությունը հենց առիթ դարձավ, որ այդ վեճը դառնա հրապարակային: Այդ հրապարակային վեճը շոկ առաջացրեց հասարակության մեջ, և նախագահն իր վերջին խորհրդակցության ժամանակ հնչեցրած խոսքում դե ֆակտո մեղադրեց այն շրջանակներին, որոնք այդ վեճը հրապարակայնացրեցին»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ներիշխանական հակասությունների պրոցեսը շատ ավելի շուտվանից կար, ես ուղղակի նշեցի, որ քանի որ այն ժամանակ կար քաղաքական իշխանություն, ընդդիմություն` այլընտրանք, ներիշխանական այդ պայքարը թաքնված էր: Այսինքն` նրանք  ամեն կերպ փորձում էին այդ հակասությունը հրապարակային չդարձնել: Այսինքն` ներկուլիսային` կաբինետային պայքար էր ընթանում: Բայց քանի որ ընտրություններն անցան, քաղաքական ուժերին  չհաջողվեց հաջողության հասնել, այդ  քաղաքական` ներիշխանական պայքարն արդեն բացահայտ է դառնում»,- նշեց Երվանդ Բոզոյանը:

Քանի որ նախկինում կար քաղաքական ակտիվ պայքար` արտաքին ճնշում, այդ պայքարի պայմաններում իշխանության ներսում կար ներքին պայմանավորվածություն, որ իրենք իրենց շահերի բախումը փակ են պահում, հրապարակային չեն դարձնում: Հիմա, երբ այդ արտաքին ճնշումը` իշխանության համար մրցակցությունը չկա, ինչպես ներկայացրել ու նշել ենք բազմիցս, իշխանության լծակների` քաղաքական որոշումների կայացման համար պայքարը, բնականաբար, պետք է տեղափոխվեր ներիշխանական մակարդակ:

 Գիտության փորձն անտեսել  չի կարելի

Լեւոն ՇիրինյանԵրբ վերջին մեկ տարվա ընտրությունների արդյունքում, հետևելով իշխող քաղաքական ուժի վարքագծին, բոլորը նշում էին, որ դա լավ տեղ չի տանում, որ անընդդիմադիր քաղաքական գործընթացները հանգեցնում են սեփական քաղաքական մոնոլիտ կառույցի քանդման, հենց այսօրվա կառավարություն-ՎՊ-ԱԺ մակարդակում  ընթացող «փոխհրաձգության» մասին էին ասում:

«Այս ամենը տեղափոխվեց իշխանական վերին օղակներ` պալատներ, որ անթույլատրելի է, նույնիսկ իշխող կուսակցության հեռուն գնացող շահերի տեսանկյունից: Բայց քանի որ գիտենք` իշխող կուսակցություններն ավելի շատ շահերի խմբեր են, քան քաղաքական կառույցներ, առաջացավ մի վիճակ, երբ այն հակասությունները, որոնք պետք է լուծվեին և՛ խորհրդարանում, և՛ հրապարակում, և՛ իրար նկատմամբ կոնսենսուսով, տեղի չունեցավ, և ամբողջ  ինտրիգը տեղափոխվեց պալատներ: Երբ տապալվեց քաղաքական գործընթացը, երբ հետևողականորեն տապալվեց ընդդիմության չկազմակերպվածության պարագայում, և իշխանությունը չունեցավ ռեալ հակառակորդ, իր պատկերացմամբ «տիրեց», այդ խոցը տեղափոխվեց վերին` օլիգարխիկ շրջանակներ: Անթույլատրելի է մասնավոր սեփականության, մանավանդ մեզ մոտ առաջացած վիճակներում միակուսակցական մենատիրությունը, ինչը, ըստ էության, հաստատեց ՀՀԿ-ն: Սա ՀՀԿ-ի պյուռոսյան հաղթանակի արդյունքն է: Եվ նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական վիճակի արդյունքն է»,- ասաց քաղաքական գիտություների դոկտոր Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը խոսեց նաև Հայաստանում ձևավորված  ուրույն քաղաքական մշակույթի մասին, որը նա ինտրիգ է անվանում:: Ինտրիգ` ոչ թե օտարի դեմ, այլ սեփական շարքերում, սեփական խմբավորումների միջև: Եվ կարծում է, որ այս իրավիճակում նախագահը պետք է ռեֆորմների լայն ծրագիր հռչակի ու փորձի իրականացնել:

Այսուհանդերձ նշենք, որ եթե  նախագահը  դեռ կարողանում է գործընթացները, թեկուզ ներքին ինտրիգները վերահսկողության տակ պահել, ապա դա անում է արտաքին վտանգի սպառնալիքի ազդեցության տակ:

«Պետք է հաշվի առնել, որ քաղաքականության մեջ միշտ կան իռացիոնալն ու անհայտը… Իսկ ո՞վ ասաց, որ թվացյալ գերհզոր իշխանությունը վաղը չի կարող լինել անկայուն ու ոչ հզոր: Այնպես որ, սրանից իշխանությունը պետք է զգուշանա: Լավ կլինի, որ օգնեն կազմակերպել բազմակուսակցական համակարգ. սա է բնական մեխանիզմը»,- պարզաբանեց  Լևոն Շիրինյանը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է արագ փոփոխության պայմաններում որոշում կայացնել, Հայաստանը կազմակերպված ձևով տանել դեպի արդիականացում: Որովհետև, քանի որ ներքևում շարժում չկա, ինտրիգն անընդհատ թափառելու է վերևում:

 

Ինչպե՞ս է կատարվում ծնողական իրավունքների սահմանափակումը

ընտանիքՀայկական ընտանիքներին յուրահատուկ է ավանդապաշտությունն ու բարոյական նորմերի խիստ պահպանումը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում դրանց հետևել` պայմանավորված որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով: Այս ամենի հաշվառմամբ և ելնելով երեխայի շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն):

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականություններ, նախադպրոցական, հանրակրթական և այլ կազմակերպություններ:

Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը: Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից, այսինքն` խոսքը ալիմենտ վճարելուն է վերաբերում:

Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ներառյալ՝ ժառանգություն ստանալու իրավունքը): Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին։

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին: Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ`«բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»

բագրատունյաց թագավորությունՎասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»

Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):

Նրա կյանքն անցավ պատերազմական թոհուբոհի և դիվանագիտական խարդավանքների մեջ: Ամեն դեպքում Աշոտ Ա Բագրատունին իր երկրի և ժողովրդի նվիրյալն  ու հերոսն էր:

Երիտասարդ տարիքում` 855 թ., նա ստանձնեց հայոց սպարապետությունը:

Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Նոր էր ավարտվել Բուղայի արշավանքը, երբ արաբ զորավարը 200-հազարանոց բանակով ավերակների կույտի վերածեց Հայաստանը: Հեռանալով Հայաստանից` Բուղան իր հետ պատանդ տարավ հայ ազդեցիկ իշխաններին: Մի խոսքով, երկիրն անտերության էր մատնված: Այս պայմաններում Աշոտ իշխանի ուսերին ծանր պարտավորություն էր դրված. համախմբել տեղի ուժերը, վերակազմավորել հայոց բանակը, վերացնել Բուղայի արշավանքների հետևանքները, երկիրը տնտեսապես հզորացնել և հիմքեր ստեղծել նրա անկախության հռչակման համար:

Երբ 859 թ. Հայաստանի ոստիկան նշանակվեց ծագումով հայ Ալի իբն Յահիա ալ-Արմանին, վերջինիս միջնորդությամբ արաբ խալիֆը 862 թ. Աշոտ Բագրատունին արաբ խալիֆայից ստացավ նաև Հայոց իշխանի կոչումը: Իրավական առումով նա դարձավ հայոց մեջ գահերեց իշխան` առաջինը Արմինիա փոխարքայության մեջ, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը… Մի խոսքով, նրա ձեռքին կենտրոնացավ Հայաստանի ռազմական, տնտեսական, վարչական իշխանությունը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Արաբ իբն !որդադբեհ պատմիչի հավաստմամբ` Աշոտ Բագրատունու իշխանության ժամանակաշրջանում Արմինիան նախկին 13 միլիոն դիրհեմի փոխարեն խալիֆայությանը վճարում էր ընդամենը 4 միլիոն դիրհեմ հարկ:

863 թ. Հայաստանի վրա մեծ զորքով հարձակվեց արաբական կայսիկների ցեղապետ Ջահապը: Սակայն Արշարունյաց գավառի Քառասունք կոչված վայրում հայոց բանակը` Աշոտ և Աբաս Բագրատունիների հրամանատարությամբ, սոսկալի ջարդ տվեց ոսոխին և վտարեց երկրից:

Ստանձնելով հայոց իշխանի պաշտոնավարումը` նա հայոց զորքերի սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը` Աբաս Բագրատունուն: Վերջինս ամրացրեց և մեծացրեց հայոց բանակի թվաքանակը` հասցնելով 40 հազար զինվորի:

Առհասարակ, արդեն VII դարից Բագրատունիներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունների մեծ մասը: Նրանք տիրացան պատմական ասպարեզից աստիճանաբար հեռացող Մամիկոնյանների և Կամսարականների կալվածքներին, Հայաստանի կենտրոնական գավառներում ձեռք բերեցին գերիշխող դիրք ու հեղինակություն: Նրանց հետ այդ իմաստով կարող էին մրցել միայն Սյունյաց և Արծրունյաց իշխանները, սակայն առաջինների տիրույթները սահմանափակվում էին Սյունիքով, իսկ երկրորդներինը` Վասպուրականով: Այս երեք հզոր իշխանական տները, միմյանց հետ մրցակցելով, ձեռք ձեռքի տված պայքարում էին Հայաստանն արաբական լծից ազատելու համար:

Աշոտ Բագրատունուն ժամանակակից Հովհաննես Դրասխանակերտցի  կաթողիկոս-պատմիչն ասում է. «Եվ այսպես հայոց բոլոր նախարարներից ամենապատվականը և առաջինը նա եղավ, և ամենքը դաշինք էին կապում նրա հետ՝ որպես իսկական թագավորազնի հետ։ Այլև բոլորի մտքում կար, որ եթե հարկավոր դեպքը վրա հասնի, որ նաև նրա տոհմը արժանի լինի թագավորական տոհմերի շարքը դասվելու, նրանց պետք է ընտրել այլ նախարարական տոհմերի միջից»։

Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի կարող ուժերին ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Արաբների գերիշխանությունը Հայաստանում լրիվ ձևական բնույթ ուներ այլևս: Այս գործում Աշոտ Բագրատունուն օգնում էին հայոց բոլոր ազդեցիկ նախարարական տները, հատկապես` Արծրունիներն ու Սյունիները:

Աշոտ Բագրատունու ազդեցությունն ու հեղինակությունը չափազանց մեծ էր նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շուտով Բյուզանդիայում գահ է բարձրանում ազգությամբ հայ Վասիլ Ա կայսրը (Բարսեղ): Վասիլը, լինելով աննշան տոհմի իշխան, իրեն վերագրեց Արշակունի ծագում: Քանի որ վաղ միջնադարում` Արշակունյաց թագավորության օրոք, Բագրատունիները Հայաստանում թագադիր ասպետներն էին, հայոց արքայի թագադրումը կատարվում էր հենց նրանց ձեռքով, Վասիլ Ա կայսրը պատգամավոր ուղարկեց Աշոտի մոտ` խնդրելով հին ավանդույթի համաձայն թագ ուղարկել իրեն:

Որքանով էր պետք Վասիլ Ա-ին  Արշակունի տոհմանունը` կարևոր չէ. էականն այն է, որ Աշոտ իշխանն իսկապես միջազգային մեծ հեղինակություն և ուժ ուներ, քանզի նրա հետ հաշվի էին նստում ժամանակի մեծ կայսրությունների տիրակալները: Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, որ նույնպես ազգությամբ հայ էր, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:

Միջազգային դիվանագիտության ասպարեզում Աշոտ Բագրատունին իր հեղինակությանը հասավ` խոհեմաբար օգտագործելով արաբա-բյուզանդական հակամարտությունը:

Նրա կարևորագույն վաստակը Հայաստանի միավորումն էր ընդհանուր գաղափարի` անկախության շուրջ: Նա Սյունյաց և Արծրունյաց իշխանական տներն իրեն կապեց խնամիական կապերով և դաշինքներով, ամրապնդեց հայոց բանակը:

860-ական թթ. Աշոտ Ա-ի թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձին Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թ., Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը, Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը, փոխարենն ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը:

Շուտով արաբները դավադրություն են ծրագրում Աշոտի և Հայաստանի դեմ: !ալիֆի կողմից Արմինիայի ոստիկան է նշանակվում Ահմեդ անունով մեկը: Սա գալիս է Հայաստան: Սահմանագլխին նրան դիմավորում են հայ իշխանները: Աշոտ իշխանը, հարկ չհամարելով անձամբ ներկայանալ ոստիկանին, ուղարկել էր իր կրտսեր եղբայր

Շապուհին: Ահմադը, տեսնելով հայերի հզորությունը, նամակ է ուղարկում Պարտավի ամիրա Եմենեկ Մուհամմադին` առաջարկելով, որ երբ ինքը հասնի Դվին, կեղծ պատերազմով առաջանա իր դեմ: Արաբների պլանի համաձայն` հայերին պետք է ծուղակը գցեին, բռնեին, բոլոր իշխաններին սպանեին: Սակայն քնած չէին Աշոտ Բագրատունին և Աբաս սպարապետը: Նրանք բոլոր ճանապարհներին նախապես հետախույզներ էին տեղադրել, որոնք էլ ձեռք են գցում Ահմադի նամակը Մուհամմադին: Աշոտ Ա-ի ցուցումով շուտով տարբեր պատրվակներով Ահմադին լքում են դիմավորելու եկած բոլոր հայ իշխանները: Երբ ոստիկանը հասնում է Դվին, Աշոտ Ա-ն  նվերներով գնում է նրա մոտ` միաժամանակ հրահանգելով սպարապետին զորքով մտնել քաղաք:

Երբ Աբաս սպարապետը մտնում է Ահմադ իբն !ալիդի մոտ ու նրան պարզում Մուհամմադին ուղղված նամակը, ամեն ինչ արդեն պարզ է լինում: Արաբ զորքը զինաթափվում է, իսկ Ահմադին նստեցնում են ջորուն և հետ ուղարկում Բաղդադ ասելով. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես…»: Այսպես անփառունակ վերջ է ունենում արաբների տիրապետությունը Հայաստանում:

Դեռևս 870-ական թթ. հայ իշխանները դիմել էին արաբ խալիֆին` պահանջելով Աշոտ Բագրատունուն ճանաչել հայոց թագավոր: Աշոտի թագավորությունը պատրաստ էր ճանաչել նաև Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թ. առաջինն է ճանաչում Աշոտ Ա-ին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ Ա կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը:

Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը:

Աշոտ Առաջինի մայրաքաղաքը Բագարան քաղաքն էր, այստեղ էլ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Առաջինին հանդիսավորությամբ օծեց հայոց թագավոր, որով հիմք դրվեց Բագրատունիների թագավորական հարստության (885-1045):

Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ Ա-ն ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թ. վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտ Ա-ն ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց:

Մեծ զորավարը և դիվանագետը վախճանվեց 890 թ.` զառամյալ հասակում` որդուն` Սմբատ Ա արքային (890-914) թողնելով ընդարձակ ու ծաղկուն երկիր:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Չնայած հրապարակային շռայլ գովասանքներին՝ ԱՄՆ խորապես մտահոգված է Էրդողանով

Հարութ-Սասունյան1Մի քանի ամիս առաջ ես հոդված էի գրել` «Օբաման շահագործում է թուրք ղեկավարների շողոքորթության մարմաջը» վերնագրով` բացատրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը կարողանում է համոզել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կատարի իր պահանջները՝ օգտվելով շռայլ գովասանքների հանդեպ նրա ունեցած թուլությունից:

 

Նրանք, ովքեր ծանոթ են Էրդողանի բնավորության բռնատիրական բնույթին, որն ամբողջովին դրսևորվեց վերջերս Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ցուցարարների դեմ դաժան հարձակումների ժամանակ, խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Էրդողանի բռնակալական վարչակարգի հաճախակի կեղծ ներկայացմամբ՝ որպես «իսլամական աշխարհի համար տիպար երկիր»:

 

Նման գնահատականների կեղծությունը բացահայտվեց, երբ «Վիկիլիքսի» կողմից հրապարակվեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան հազարավոր դիվանագիտական գաղտնի հեռագրերը, ցույց տալով, որ Էրդողանի մասին ամերիկացի պաշտոնատարների իսկական կարծիքը՝ ճիշտ հակառակն է նրանց հրապարակային արտահայտությունների:

 

Գերմանական «Դեր Շպիգել» ամսագրում հրապարակված դեսպանատան զեկույցներում Թուրքիայի վարչապետը բնութագրվում է որպես «իշխանատենչ իսլամիստ՝ շրջապատված կոռումպացված և անիրազեկ նախարարներով»: ԱՄՆ դեսպանատան 2005 թ. մայիսի հեռագրում կասկած է հայտնվում, որ Էրդողանը երբեք իրատեսական աշխարհայացք չի ունեցել և հավատացել է, որ նա ընտրվել է Աստծո կողմից՝ Թուրքիան ղեկավարելու համար: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են ամերիկացի պաշտոնատարներին, որ Թայիփը հավատում է Աստծուն … սակայն չի վստահում նրան»:

 

ԱՄՆ դիվանագետները հաղորդում են, որ Վարչապետն իր գրեթե բոլոր տեղեկությունները ստանում է իսլամիստական ուղղվածություն ունեցող թերթերից՝ անտեսելով իր նախարարների առաջարկները: Թուրքական ռազմական և հետախուզական ծառայություններն իրենց որոշ զեկույցներն այլևս նրան չեն ուղարկում: Նա ոչ մեկին լիովին չի վստահում՝ շրջապատելով իրեն «քծնող (բայց անբարտավան) խորհրդականների երկաթյա օղակով»: Չնայած Էրդողանի գոռոզ պահվածքին՝ նա սարսափում է իր իշխանությունը կորցնելուց:

 

Թեև, թուրք առաջնորդն իր պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս, պատերազմ էր հայտարարել կոռուպցիայի դեմ, սակայն իրազեկիչները ԱՄՆ դեսպանատան պաշտոնատարներին հայտնել են, որ կոռուպցիան առկա է երկրի բոլոր մակարդակներում, նույնիսկ Էրդողանի ընտանիքի ներսում: Մի բարձրաստիճան պետական խորհրդական գաղտնաբար հայտնել է լրագրողին, որ Վարչապետը հարստացել է պետական նավթային զտարանի սեփականաշնորհման միջոցով: Էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա պնդել է, որ Էրդողանը խնդրել է իրանցիներին գազամուղի վերաբերյալ գործարք կնքել թուրքական մի ընկերության հետ, որը պատկանում է իր վաղեմի դասընկերոջը: Բացի այդ, ամերիկյան երկու աղբյուրներ պնդում են, որ Վարչապետն ունեցել է շվեյցարական ութ բանկային հաշիվներ: Էրդողանը հերքում է նման բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարստությունը, հիմնականում, գոյացել է իր որդու հարսանեկան նվերներից և հաստատել, որ մի անանուն թուրք գործարար վճարել է իր չորս զավակների կրթության ծախսերը Միացյալ Նահանգներում: Ամերիկայի դեսպանատան կողմից նման բացատրությունները դիտվել են որպես «անհամոզիչ»:

 

Դեսպանատան հեռագրերում պարունակվում են նաև շատ այլ ցնցող մեղադրանքներ Էրդողանի դեմ: Իրազեկիչները Միացյալ Նահանգների պաշտոնատարներին ասել են, որ երբ նրա կուսակցության թեկնածուն պարտվել է Տրապիզոնի քաղաքապետի ընտրություններում, իբր թե Վարչապետը պետական գաղտնի հաշվից միլիոնավոր դոլարներ է փոխանցել իր մտերիմ ընկերոջը՝ Ֆարուկ Նաֆիզ Օզակին, ում նշանակել էր «Տրաբզոնսփոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար: Դրամը նախատեսված էր լավագույն խաղացողներ ձեռք բերելու  համար, որպեսզի ֆուտբոլային թիմի հաղթանակներն ստվերեին ընտրված քաղաքապետի ձեռքբերումները:

 

Ըստ ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի ուղարկած հեռագրի՝ Էրդողանի կողմից նշանակված պաշտոնյաները չունեին «մասնագիտական խորություն»: Մինչ ոմանք «կարծես թե, ի վիճակի են սովորելու աշխատանքի ընթացքում, մյուսները անճարակ են կամ, թվում է, հետապնդում են անձնական… շահեր»: Բարձրաստիճան թուրք պաշտոնատարները Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ նրանք ցնցված են Վարչապետի աշխատակազմից: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն իր տեղակալի պաշտոնում նշանակել է «անիրազեկություն, նախապաշարմունք և տգիտություն» ցուցաբերած մի անձնավորության: Պարզվում է, որ կանանց հարցերով նախարար Նիմեթ Չուբուկչուն՝ ամուսնական անհավատարմության քրեականացման ջատագովը, իր պաշտոնը ձեռք է բերել, որովհետև եղել է Վարչապետի կնոջ ընկերուհին: Մեկ այլ նախարար մեղադրվում է «հովանավորչության, հերոինի մաքսանենգության և անչափահաս աղջիկների նկատմամբ ունեցած հակումների համար»:

 

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հրապարակավ բարձր գնահատվող արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս գտնվում է թաքուն քննադատության թիրախում: Ըստ ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագրերի՝ Դավութօղլուն «շատ քիչ է հասկանում քաղաքականությունից՝ Անկարայից դուրս»:  Ըստ էության, Միացյալ Նահանգների դիվանագետները անհանգստացած են «նրա իմպերիալիստական տոնով … և նեոօսմանյան տեսլականով»: 2010 թ. հունվարի զեկուցագրում, Ամերիկայի դեսպանը հայտնել է, որ Թուրքիան ունի «Ռոլս Ռոյսի հավակնություններ, բայց Ռովերի ռեսուրսներ»: Պաշտպանության նախկին նախարար Մեհմեդ Գյոնուլը նույնպես քննադատաբար է մոտեցել արտաքին գործերի նախարարին՝ ամերիկյան իշխանություններին նախազգուշացնելով նրա՝ «Էրդողանի վրա ունեցած իսլամիստական ազդեցության» մասին և նրան անվանելով «բացառիկ վտանգավոր»:

 

Հրապարակային շռայլ գովասանքներով շփացնելով Էրդողանին, չնայած ներքուստ գիտակցելով նրա բնավորության թերությունները, Միացյալ Նահանգների իշխանություններն այժմ պետք է լիովին պատասխանատվություն կրեն՝ երկրի ներսում և արտերկրում Վարչապետի կործանարար վարքագծի համար:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Հակասություններ եւ ներքին-արտաքին առնչություններ

Շահան ԳանտահարյանԲաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր  հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր խոստումին:

Եւ բնական է, անշուշտ, որ երեւույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առեւտրական հսկայական գործարքներով  առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:

Ռուսական դիրքորոշումների այս ելեւէջները եւս զգայացունց իբրեւ նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից եւ մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն եւ Ալիեւը իր հոխորտանքներին եւ ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչեւ իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:

Զուգահեռ, Երեւանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ եւ համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, եւ որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որեւէ քայլի դիմելուց առաջ:

Ալիեւյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։

Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի եւ ուժի կիրառման բացառման  (ընդգծումը մերն է):

Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում եւ որեւէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում եւ չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիեւի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: Եւ եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:

Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական եւ լրագրական դաշտը կարող է  ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ:  Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաեւ իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:

Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիեւի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը եւ ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով եւ ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:

Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու եւ իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության եւ ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ջրամբարներ կառուցելու ծրագրերը մնացել են թղթի վրա

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՆախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրին:  Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբարներ, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր: Այսուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու:

 Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները ջրամբարներով պետք է լուծել

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդ-ը կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32%-ը: Մնացած ջրերը Հայաստանից հոսում են դուրս: Այսօրվա  դրությամբ ունենք 79 արհեստական ջրամբարներ, որոնցում պահեստավորվում է ընդամենը 1 մլրդ խմ ջուր, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Եվ,  փաստորեն, ջրամբարներում ընդամենը 750-760 մլն խմ ջուր ունենք: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշար և ուզում ենք այն հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում ունենալու ենք երկու լուրջ խնդիր:

Առաջինը գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացման և այդ դեպքում տեղումների որոշակի նվազման ու գոլորշիացման  ավելացման խնդիրն է, որի դեպքում մեր ունեցած 7.3 մլրդ խմ մակերեսային հոսքի պաշարները, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, կդառնա 5.4 մլրդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները երկուստեք համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների կրճատման:

Այս կապակցությամբ Հայաստանում շրջանառության մեջ դրված «Ջրի ազգային ծրագիր» փաստաթղթի շրջանակներում նախատեսվում էր կառուցել ջրամբարներ: Հունվարի 31-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2013-14 թթ. Հայաստանում երեք խոշոր ջրամբարներ կկառուցվեն: Սարգսյանի խոսքով` ոռոգման ջուրը հողագործության համար կարևորագույն նշանակություն ունի, և պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը` ֆերմերական տնտեսություններին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար:

«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թթ. կսկսվեն դրանց կառուցման աշխատանքները: Եվս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ջրամբարները պետք է թղթի՞ վրա ունենանք

2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ նիշին և այլևս Սևանի մակարդակը չի բարձրացվելու, մուտքն ու ելքը կարգավորվելու է` եկածը բաց թողնելու սխեմայով: Այդ դեպքում երկու խնդիր է լուծվելու. ամեն տարի 300 մլն խմ-ով Սևանի ջրերը թարմացվելու են,  երկրորդ` 300 մլն խմ-ով ջուրը բաց է թողնվելու: Ու այդ դեպքում առաջանում է կարևորագույն հարց. եթե Սևանից  բաց թողնված ջուրը «չբռնվի»,  գումարվելու է Արաքս լցվող ջրերին: Այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացվելուց հետո, կմնա 1.1 մլրդ խմ: Մի քանի տարի առաջ մեկնարկեց դեռևս խորհրդային տարիներին սկսված, բայց կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելու ծրագիրը: Այն ժամանակ, երբ քննարկվում էր այդ ծրագիրը, կարծես միակ հարցը ջրամբարի ծավալն էր. մասնագետները որոշում էին` 90՞, թե՞ 228 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու նպատակահարմարության հարցը:

«90՞ մլն խմ, թե՞ 228. գումարների մեջ քիչ տարբերություն կա: Ինչո՞ւ է շահեկան կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար. այստեղ երկու հիմնական դիտարկում կա, որոնք մեզ շահագրգռում են 90-ի փոխարեն կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Գումարների տարբերությունը 30-40 մլն դոլար է: Սակայն ջրի հայելին 200 հեկտարով ավելանում է, 800-ից դառնում է 1000 հեկտար: Սա շատ կարևոր խնդիր է: Ու քանի որ ջրամբարի շինանյութը գտնվում է հենց իր տակ` ջրամբարի կառուցման տեղում, մենք դրա շինանյութը` 1 մլն խմ, պետք է հանենք, տանենք մեկ այլ տեղում պահենք, որ հետո օգտագործենք 90 մլն խմ-ը 228 մլն դարձնելու ժամանակ:  Մինչդեռ իզուր փող չենք ծախսի, եթե միանգամից կառուցենք 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Երկրորդ` երբ Սևանի ջրերը կարգավորելու համար 300 մլն խմ ջուր սկսենք բաց թողնել, այդ ջուրը չենք լցնի Արաքս և ուղարկենք թուրքերին: Էներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ չէ՞ էներգիա արտադրելուց հետո բերել կուտակել այդտեղ, միշտ կուտակած ունենալ, և հետո օգտագործել մեր 40 հազար հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովման համար»,-  ասում է Հանրային խորհրդի բնապահպանության ու գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Թե՛ Հանրային խորհուրդը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ մնացած բոլոր շահագրգիռ կողմերը դրական եզրակացություն են տվել այս ջրամբարի կառուցմանը:

Ուշագրավ է, որ միայն ջրի ամբարման, ոռոգման և այլ տնտեսական հարցերը լուծելու նպատակով այդ ջրամբարը կառուցելը տնտեսապես ձեռնտու չի դիտվել. թանկ էր: Ուստի որոշվել էր այնտեղ բիզնես նախագիծ իրականացնել: Այսինքն` մասնավոր ու պետական հատվածների համագործակցության արդյունքում ներդնել մոտ 300-400 մլն դոլար ու ջրամբարի հետ միասին կառուցել նաև հանգստի և զվարճանքի, սպորտային համալիրներ, հյուրանոցներ: Մի խոսքով, ծրագիրը հետաքրքիր էր: Այդ ծրագիրը հիմա կանգ է առել. ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի ծավալվում:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրում, որ կոչվում է «Կառավարության ծրագիր 2013», մեկ կետ կա, որում նշվում է. «…Նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարության միջոցով ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորության ստեղծում…»:

Բայց այդ ծրագրում  չի  նշվում, թե ինչ միջոցներով, ինչ ժամկետներում և ինչպես պետք է իրագործվի այս կետը,  չի նշվում նաև, որ Հայաստանում որևէ մեկը կարող է ցույց տալ ծրագրային այս կետի իրականացման ուղղությամբ կատարվող որևէ քայլ, օրինակ` ջրամբարատեղի պատրաստում կամ սևահողի դուրսբերում և կամ արգելապատնեշի կառուցում: Իսկ եթե ամռան բարենպաստ եղանակային պայմաններում նման աշխատանքներ չեն կատարվում, դժվար է հավատալ, թե աշնանը, առավել ևս ձմռանն այդ ջրամբարների շինարարական աշխատանքները կսկսվեն:  Մանավանդ որ նշված ջրամբարների շինարարության կապակցությամբ միայն Եղվարդի ջրամբարի շինարարության մասով հստակ ծրագիր կա,  այն էլ ուղղակի կանգ է առել:

 

 

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. «Կյանքն անարդար է, բայց, ամեն դեպքում, խաղ է»

նարեկ դուրյան«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Դոն Ժուան ավիա», «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներով Նարեկ Դուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:

Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:

 –Պրն Դուրյան, այսօր մարդիկ թատրոն հաճախում են, չէ՞: Օրինակ՝ Ձեր ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում:

– Գիտեք, պետք է հասկանալ, թե հատկապես ինչ սկզբունքներով է առաջնորդվում կամ պետք է առաջնորդվի ժամանակակից թատրոնը: Մեր օրերում ոչ միայն ֆինանսական ճգնաժամ է, այլև ավելի վտանգավոր ու գուցե անբուժելի ճգնաժամ` ուղեղի ճգնաժամը: Մարդիկ հոգնել են, վազվզում են, ամեն ինչ փոխվել է: Օրինակ՝ անգամ հեռախոսով խոսելու, հեռուստացույց դիտելու ձևն է փոխվել. ժամանակին հինգ ալիք էինք դիտում, հիմա՝ 135, որոնք մորթում են թատրոնն ու կինոն: Դարը փոխվել է: Ասենք, նույն Շիրվանզադեի ստեղծագործությունները հիմա ուրիշ կերպ պետք է մատուցել: Ներկայացում բեմադրելիս միշտ մտածում եմ, որ մատչելի լինի, մարդիկ շատ չմտածեն: Ինչպե՞ս է գովազդն արվում. ես թատրոնը միշտ մարքետինգի հետ եմ համեմատում: Աֆիշի մասին ենք, չէ՞, մտածում, բա եթե այդքան կարևոր չէ, ինչո՞ւ ենք երկար մտածում. գրիր, կպցրու մի անկյունում: Մոտեցումը, ձևը պետք է փոխել: Ասեմ, որ չեմ գտնում այն դրամատուրգիան, որը ես եմ ուզում. իրավիճակ, ծիծաղ, խաղ, շարժում, դինամիկա, այդպիսի դրամատուրգիայի չեմ հանդիպում: Տվել են, կարդացել եմ մի քանի կոմեդիաներ, լավ է, ծիծաղելի է, միտք կա, պարապ կոմեդիա չէ, բայց դինամիզմ չկա:

– Գիտեմ, որ Ձեր ներկայացումների սցենարն ինքնուրույն եք գրում, ինքնուրույն էլ բեմադրում ու խաղում եք…

– Այո՛, դա այդպես է: Պարզապես պետք է հետևողական լինել կյանքում, ես երբ ինչ-որ բան եմ նկատում, որն ինձ հետաքրքրում է, բեմ եմ բարձրացնում: Պետք է ժամանակի հետ շարժվել: «Կոկա-կոլայի» նման գովազդի կարիք չունեցող հսկա ընկերությունը երկու տարին մեկ փոխում է շշի տեսքը, ինչո՞ւ, որովհետև ժամանակի հետ է քայլում, գիտի՝ մեր միտքը փոխվել է, ուրեմն նոր բան է պետք անել: Եթե այսպես ես մտածում, ներկայացումը երկար է ապրում: Իհարկե, ես միշտ որոշ շտկումներ, այսպես ասած իմպրովիզներ անում եմ, դա հնարավորություն է տալիս պահպանելու կենդանի վիճակը:

– Զարմանալի մի բան եմ նկատել: Դուք հաճախ ավելի շատ նախընտրում եք համագործակցել նոր, սկսնակ դերասանների հետ, քան, ասենք, փորձառուների: Պատճառը ֆինանսնե՞րն են, թե՞ ժամանակը: Չէ՞ որ հայտնիները գերադասում են հեռուստատեսային սերիալները:

– Գիտե՞ք` որն է իմ երազանքը:

– Չգիտեմ:

– Իմ երազանքն է միայն բեմադրել ներկայացում, հանդես չգալ այնտեղ որպես դերասան: Օրինակ՝ հրավիրել 20-21 տարեկան երիտասարդների ու կարողանալ բեմադրությունն այնպես անել, ինչպես ես եմ ցանկանում, և առաջ տանել նրանց:

Չնայած այս պահին հարմար նյութ չեմ գտնում: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի առաջ կարելի է խոնարհվել: Մի կողմ եմ ուզում դնել բոլոր կարծիքները: Ինչքա՜ն ջահելներ մեջտեղ եկան: Իհարկե, մեր ասպարեզները նույնը չեն. շոու-բիզնեսում ավելի հեշտ է արտադրանքը «ծախվում», սպառվում, քան թատրոնում: Մտածում եմ, որ դա լավ գործ է:

– Կատակերգության միջոցով ժամանակակից հիմնախնդիրները բարձրացնելը որքանո՞վ է շահավետ, ի՞նչ է դա տալիս հանդիսատեսին:

– Գիտեք, միշտ այն համոզմանն եմ եղել, որ թատրոնը տրիբունա չպետք է լինի, քաղաքականությունը մեր գործը չէ, պետք է պարզապես քո ասածը ասես, ստեղծես իրավիճակ, իսկ որոշումը թողնես հանդիսատեսին, մարդկանց: Պրոպագանդայից պետք է հեռու լինել, չպետք է երազել, այդ պատճառով «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ վերջում ասում եմ՝ գնա՞լ, թե՞ մնալ։ Ես չեմ ասում, չէ, պետք է գնալ կամ չպետք է գնալ: Ամեն բան թողնում եմ հանդիսատեսին:

– Գիտե՞ք այն դեղատոմսը, թե ինչու են Ձեր ներկայացումներն այսքան պահանջված:

– Կարծում եմ՝ մատչելիության ու պարզության համար, իմ ներկայացումները պարզունակ չեն: Բայց բարդ բաներ էլ չպետք է ներկայացնել, խճճել հանդիսատեսին: Պետք է մարդ նստի ու բավականություն ստանա, մտածի ու գնա: Եվ անպայման դերասանական խաղը: Հիմա նկատվում է, որ դերասանական խաղը կրկին կարևորվում է, ինչն ուղղակի հրաշալի է:

– Հետաքրքիր էր «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը, որը կարծես տարբերվում էր բոլորից, բայց նաև ինչ–որ չափով նման էր…

– «Նեմեսիսն» այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915-ին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին: Կարծում եմ՝ նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն, ցավոք, այդքան հանդիսատես չունենք: Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում եմ, որ դա ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ: Ցավոք,մեր իրականությունում Սողոմոն Թեհլերյանի նմանները քիչ են: «Նեմեսիսի» մեջ Սողոմոն Թեհլերյանը երգիչ, դերասան Ավո Խալաթյանն է, իսկ Թալեաթ փաշայի դերակատարը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը:

– Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եք: Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում հայ հանդիսատեսը փոխվե՞լ է:

– Իմ հանդիսատեսի մասով կարող եմ ասել: Իմ հանդիսատեսը խայտառակ պահանջկոտ է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեր օրերում հումորը շատ էժանացավ, այդ պատճառով այն գնողները շատացան, ինչը հանդիսատեսի խնդիրը չէ: Այս դեպքում սկսում է հնչել գռեհիկ, կոպիտ հումորը՝ նպատակ ունենալով զուտ ծիծաղեցնել մարդուն, իսկ պարզունակից մինչև ցածր որակ մեկ քայլ է: Հավատում եմ, որ վերելք է լինելու, մարդիկ կարծես հոգնել են վուլգար խոսքից, սերիալներից…

– Դուք երկար տարիներ ապրել ու ստեղծագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ Ձեզ տվեց 20-ամյա անկախ Հայաստանը:

– Առաջինը՝ իմ վերադարձը հայ բեմ, ինչը երևի քիչ բան չէ: Ես չէի մեկնել Հայաստանից, հեռացել էի Խորհրդային Հայաստանից՝ Սովետից: Գիտեք, անկախությունը, իրոք, մեծ ձեռքբերում է: Բայց անկախությունը միմիայն բառով չէ, մարդիկ պետք է անկախ լինեն: Չձգտեն գնալ դուրս ու գտնել աշխատանք, հաստատվել: Օտար երկրներին չնախանձելու երաշխիքներից մեկն էլ անկախ ապրելն է ու գոհացնող աշխատանք ունենալը:

– Ձեր ներկայացումների մեջ հիմնականում արծարծում եք հասարակության մեջ ստի տարածվածության գաղափարը…

– Այո՛, իմ բոլոր ներկայացումներում էլ դա կա: Ես գրոտեսկ, չափազանցություն շատ եմ սիրում: Եվ երբ թատրոնը պայմանականություն եմ անվանում, հենց այդ էլ երևի ինձ ստիպում է գրոտեսկի դիմել, այդ կերպ հաղորդակցվել հանդիսատեսի հետ: Իրականում ամենամեծ սուտը կենցաղում է ծնվում, և մենք՝ դերասաններս, ամենամեծ «խաբեբաներն» ենք, դա կարծես մեր մասնագիտությունն է: Հաճախ մարդիկ քաղաքականացված են ընկալում ամեն ինչ, բայց իրականում իմ ներկայացումները քաղաքական բովանդակության հետ կապ չունեն, դրանք ավելի շատ հասարակական են:

– Ո՞րն է Ձեր ներկայացումներում հավատամքը, ի՞նչն եք թիրախավորում:

– Պատմել հանդիսատեսին այն ամենի մասին, ինչ նրան հետաքրքրում է. ես ուրիշ կրեդո չունեմ: Եթե դահլիճում ներկա է, ասենք, 200 մարդ, ապա յուրաքանչյուրին պետք է հետաքրքրի այն, ինչը ներկայացնում եմ բեմից: Նորից եմ ասում՝ հանդիսատեսին հետաքրքրելու համար պետք է կարողանաս քայլել ժամանակին զուգահեռ, համընթաց և վստահ եմ, որ դա է այսօր թատրոնի գլխավոր երաշխիքը: Չպետք է թատրոնը շփոթել սրբավայրի կամ դաստիարակչական-կրթական հաստատության հետ: Թատրոնը, չեմ վախենում ասել ու ամեն անգամ կրկնել, շոու է` նախատեսված դիտման համար: Հարցի այլ կողմն էլ կա. այն, ամեն դեպքում, զարգացած, գրագետ ու դաստիարակված մարդկանց տեղ է:

– «Սե լա վի»-ն յուրօրինակ ընկալվող բառակապակցություն է: Դա նաև Ձեր այցեքարտերից մեկի անվանումն է: Ինչպիսի՞ն է կյանքը Նարեկ Դուրյանի համար, նրա աչքերով:

– Խաղ է, երբեմն շատ անարդար, բայց, ամեն դեպքում, խաղ է, որտեղ մեկ շահում ես, մեկ էլ պարտվում: Բայց փաստ է, որ այնուամենայնիվ խաղում ես: Ես ճակատագրին չեմ հավատում. ով ինչ անում է, իրեն է անում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Վիտամիններ

VՎիտամիններ ( լատիներեն  vita  բառից, որ նշանակում է «կյանք»): Վիտամիններն օրգանական միացություններ են, որոնք մասնակցում են կենսաքիմիական բազում պրոցեսների` կատարելով   խթանող գործառույթ: Վիտամիններն օրգանիզմում մասնակցում են նյութափոխանակությանը: Վիտամինների օրական պահանջմունքը մեծ չէ, սակայն դրանց անբավարար քանակից օրգանիզմում  ախտածին փոփոխություններ են կատարվում: Վիտամիների մեծ մասն օրգանիզմում չի սինթեզվում: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք այդ պակասը սննդի, հանքանյութերի տեսքով ընդունել:

Օրգանիզմում, վիտամինների մուտքի խանգարումներով պայմանավորված, 3 հիվանդագին վիճակներ են առաձնացնում. հիպովիտամինոզ` վիտամինի  անբավարարություն, վիտամինի բացակայություն` ավիտամինոզ և վիտամինի ավելցուկ` հիպերվիտամինոզ:

Հիպովիտամինոզի դեպքում հիվանդագին վիճակ է առաջանում ծախսված ու օրգանիզմ մուտք գործած վիտամինների հարաբերակցության խախտման հետևանքով.առաջանում է վիտամինային անբավարարություն: Հիպովիտամինոզը զարգանում է աննկատ, գերգրգռվածություն, գերհոգնածություն, ուշադրության կենտրոնացման թուլացում, ախորժակի վատացում, քնի խանգարում,ահա այս նախանշանները կարող են հուշել հիպովիտամինոզի մասին: Վիտամինային սիստեմատիկ անբավարարությունը նվազեցնում է աշխատունակությունը ու որոշ օրգանների և հյուսվածքների  (մաշկ, լորձաթաղանթ, ոսկրահյուսվածք), օրգանիզմի համար  կարևորագույն գործառույթների վրա է ազդում(աճ, ինտելեկտուալ ու ֆիզիկական հնարավորություններ, սերնդատվություն, օրգանիզմի պաշտպանական ուժեր):

Ավիտամինոզը հիվանդություն է, որը զարգանում է ոչ լիարժեք, վիտամիններից զուրկ  սննդի օգտագործման հետևանքով: Մաշկը սկսում է քոր գալ, եղունգները դառնում են շերտատվող ու փխրուն,մազաթափություն է առաջանում, թուլանում է իմունիտետը: Ավիտամինոզը կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ու տեսողության վատացման:

Հիպերվիտամինոզը սուր խանգարում է, որն առաջանում է  մեկ կամ մի քանի վիտամինների գերչափաբաժնի  կամ չարաշահման հետևանքով (սննդում կամ էլ վիտամին պարունակող դեղամիջոցներում): Հաճախ հիպերվիտամինոզ է առաջանում А և D վիտամինների չափաբաժիների կտրուկ ավելացման հետևանքով: Բուժման նպատակով առաջարկվում է մեծ քանակությամբ հեղուկ ընդունել կամ էլ, բժշկի ցուցմամբ`  թույնը չեզոքացնող, օրինակ`ակտիվացված ածուխ ընդունել:

Պատմություն

Սննդի որոշ տեսակների կարևորությունը որոշակի հիվանդությունների կանխարգելման դեպքում հայտնի է վաղուց: Հին եգիպտացիները գիտեին, որ լյարդն օգնում է հավկուրության դեպքում: Այժմ հայտնի է, որ հավկուրություն կարող է առաջանալ A վիտամինի անբավարարության դեպքում: 1330-ին Պեկինում Հու Սիհուեյը հրատարակեց եռահատոր «Սննդի ու ըմպելիքների կարևորագույն սկզբունքները» գիրքը, որում համակարգել է սննդի թերապևտիկ նշանակությունը և համոզում է, որ առողջության համար պետք է համադրել տարատեսակ սնունդ:

1747-ին շոտլանդացի Ջեյմս Լինդը երկարատև նավարկության ժամանակ յուրօրինակ փորձ կատարեց հիվանդ նավաստիների վրա: Նրանց սննդաբաժնում  տարբեր թթու մթերք ներմուծելով` նա բացահայտեց ցիտրուսների` ցինգան կանխարգելելու հատկությունը: Սակայն բոլոր այդ բացահայտումներն անմիջապես չընդունվեցին: Այնուամենայնիվ, Ջեյմս Կուկը պրակտիկայում ապացուցեց ցինգան կանխարգելելու գործում բուսական սննդի դերը: Արդյունքում ցինգայի հետևանքով նա ոչ մի նավաստի չկորցրեց. չլսված արդյունք այդ ժամանակների համար: 1795-ից կիտրոնը և մյուս ցիտրուսազգիները նավաստիների սննդաբաժնի պարտադիր մաս էին կազմում: Դա իհարկե հանգեցրեց նավաստիների ծայրահեղ վիրավորական մականվան` լիմոնակեր: Հայտնի են անգամ նավաստիների շրջանում կիտրոնային բունտերի մասին, երբ նրանք նավից դուրս էին նետում կիտրոնահյութով տակառները:

1889-ին հոլանդացի գիտնական Էյքմանը հայտնաբերեց, որ  խաշած սպիտակ բրնձով կերակրվելու դեպքում հավերը  հիվանդանում են բերի-բերիով, մինչդեռ, եթե նրանց կերի մեջ ավելացվում է բրնձաթեփը, նրանք լավանում են: Չմաքրված  բրձնի դերը բերի-բերի հիվադության դեպքում բացահատվել է 1905-ին, Ուիլյամ Ֆլետչերի կողմից, իսկ 1906-ին Ֆրեդերիկ Հոփկինսը բացահայտեց, որ սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրերից բացի, գոյություն ունեն ինչ-որ նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդկային օրգանիզմին: 1911-ին լեհ գիտնական Կազիմիր Ֆունկը, որն աշխատում էր Լոնդոնում, կարողացավ ստանալ մի բյուրեղանյութ, որը բուժում էր բերի-բերի հիվանդությունը: Դեղամիջոցը կոչվեց «Վիտամայն»` vita կյանք և անգլերեն amine` ազոտ պարունակող միացություն բառերի համադրությունից: Նա ենթադրեց, որ մյուս հիվանդությունները` ռախիտը, պելագրան, նույնպես կարող են որոշակի նյութի անբավարարությունից առաջանալ:

1920-ին Ջոն Սեսիլ Դրամոնդն առաջարկեց «vitamine»-ից հեռացնել  «e»-ն, քանի որ դրանից առաջ հայտնաբերված C  վիտամինը չէր պարունակում ամինային բաղադրիչ: Այդպես «վիտամայնները» դարձան «վիտամիններ»:

1923-ին Գլեն Քինգը պարզեց C վիտամինի կառուցվածքը, իսկ 1928-ին կենսաքիմիկոս Ալբերտ Սենթ-Դյորդին առանձնացրեց C  վիտամինը` այն անվանելով հեքսուրոնաթթու, իսկ 1933-ին շվեյցարացի գիտնականները C  վիտամինին նույնական վիտամին սինթեզեցին, որն այսօր հայտնի է  որպես ասկորբինաթթու:

1929-ին Հոփկինսն ու Էյքմանը վիտամինների բացահայտման համար ստացան Նոբելյան մրցանակ, իսկ  այդ դժվարին ճանապարհի նախակարապետները չստացան: Այդ հայտնագործության մեջ նրանց ներդրումը  երկար ժամանակ մոռացվեց:

Դրանից հետո, 1910- , 1920- և 1930-ականներին, հայտնագործվեցին մյուս վիտամինները: 1970-ին Լայնուս Պոլինգը ցնցեց աշխարհն իր առաջին «C   վիտամինը, սովորական մրսածություն ու գրիպ» վերնագրված աշխատությունով, որում փաստաթղթերով ապացուցում էր C   վիտամինի արդյունավետությունը: Մասնագետները նկարագրել են այդ վիտամինի ավելի քան 300 կենսաբանական գործառույթ: Կարևորն այն է, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, չի  կարող  սինթեզել այդ վիտամինը, ուստի անհրաժեշտ  պաշարը հարկավոր է լրացնել ամեն օր:

Կարոտի կանչ. Հունիսի 29-ը Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է

hhhhԱրցախյան պատերազմում  զոհված յուրաքանչյուր ազատամարտիկ, դեպք, իրադարձություն իր  օրն ունի: Այդ առումով բացառություն չեն  հունիսի 27-ը` Մարտակերտի ազատագրման օրը  և 29-ը`  Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:

Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ մեր հակառակորդը սադրանքներով, ահաբեկչությամբ մարդաորսության և պատանդներ վերցնելու ճանապարհով հարստանալու լուրջ նկրտումներ ունի:  Իսկ դա այնքանով էր ակներև, որ փոխանակումների համար խոշոր փրկագին  էին պահանջում:  Ու դա նրանց համար սովորական «ձեռագիր»  դարձավ:

Եթե 1991 թ. ադրբեջանական բանտերը, այդ թվում նաև Շուշին, լցված էին հազարավոր հայերով, ապա  1992 թ., երբ պատերազմը  հետզհետե խորանում էր (հիշենք թեկուզ Մարաղայի ողբերգությունը,  երբ ավելի քան 50 պատանդ վերցրին), պատանդների նկատմամբ գործադրվող վայրագությունները սաստկանում էին: Մարաղացի պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ, նաև լավ փող աշխատող վաշխառու էր, հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում: Եվ մյուս վայրերում էլ պատկերը նույնն էր: Ասել է թե` դա արվում էր պետական մակարդակով: Մարաղացի Լենայի որդին, 3 մլն ռուբլի վճարելով, մորը փոխանակեց սպանված թուրքի հետ:

Իսկ Շուշիի բերդում  Քրիստոսի տանջանքներ կրած էջմիածնեցի Արային, որ գերեվարվել էր 1990 թ. Հադրութի շրջանի Դուդուկչի (Քյոռաթաղ) գյուղի մոտակայքում, հանդիպելու բարեբախտություն ունեցա շատ տարիներ առաջ: Ի դեպ, Հայրենական պատերազմի ժամանակ այդ գյուղն իր միջոցներով գնել և ռազմաճակատ է ուղարկել մեկ ինքնաթիռ, որը վարել է Խորհրդային Միության հերոս, գյուղի բնակիչ Աշոտ Գասպարյանը: Կտտանքներով փորձում էին Արայից միայն մի պատասխան, որ իրենց Արցախ է ուղարկել Վազգեն Առաջին կաթողիկոսը: Մեկամյա գերությունից ազատվել է միայն Կարմիր խաչի միջամտությամբ:

Հակամարտության հետևանքով երկու կողմում էլ հայտնվեցին  ռազմագերիներ:

1993 թ.  ԼՂՀ ՊԲ նախաձեռնությամբ ստեղծվեց  պատանդների, անհետ կորածների և ռազմագերիների հարցերով զբաղվող հանձնաժողով: Նման հանձնաժողով էլ  Հայաստանի ՊՆ-ում է գործում` համագործակցելով ԵԱՀԿ առաքելության և Կարմիր խաչի  հետ: Փորձում էին իրավիճակ շտկել, բայց գաղտնիք չէ,որ մենք ավելի հաճախ  ենք  բարի կամք դրսևորում, քան մեր հակառակորդը:

Իմ այս կարծիքին համաձայնեց նաև  «Անհետ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը, որ նաև պետական հանձնաժողովի անդամ է: Նա իր 13-ամյա հասարակական գործունեության ընթացքում  է եկել այդ համոզման: «Փոխանակման առումով մենք ավելի պարտաճանաչ ենք, քան մեր հակառակորդը»: Ըստ նրա` հակամարտության հետևանքով անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է 1000-ի, որից 400-ը` Հայաստանից: Տիկին Առաքելյանը վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ փոփոխություն ասվածը չկա, որովհետև եթե փոխանակում է կատարվում, ապա հատկապես վերջին շրջանում պատանդ ընկածներն են փոխանակվում, ոչ թե հակամարտության հետևանքով գերեվարվածները:  Թեև նմանատիպ հանձնաժողով էլ Ադրբեջանն ունի բայց, ըստ զրուցակցիս, նրանք երբեք մեր հանձնաժողովի նախաձեռնած դեմ առ դեմ հանդիպումների չեն ներկայանում, անգամ Կարմիր խաչի միջամտությունների դեպքում: Մինչդեռ երկկողմ հանդիպումները կարող են առավել արդյունավետ լինել: Այնպես որ, Առաքելյանի հավաստմամբ, հանդիպումների մեր բոլոր առաջարկները մինչ օրս ապարդյուն են եղել:

Հրադադարից  19 տարի է անցել: Շատ բան է հնացել, շատ բան նորացել, բայց շատ բան էլ նույնն է մնացել: Նույն երկիրն է, նույն ցավը, նախկին գոց դռներն են գուցե մի քիչ բացվել, բայց  անհայտ կորած զավակների մայրերը մինչ օրս դեռ սպասում են իրենց զավակների տունդարձին, ինչպես, օրինակ` ստեփանակերտցի Արփիկ մայրիկը, որի միակ որդին` Հրաչը, իր 11 ընկերների հետ 1993 թ. ապրիլի 3-ից անհետ կորել է Մարտակերտի  «Պուշկին յալի» պահակակետից, երբ մարտական ընկերները Քարվաճառի ազատագրման մարտին  մեկնեցին` նրանց թողնելով պահակակետում: Ամեն դռան թակոցից մոր սիրտը թրթռում է. տեսնես որդի՞ն է, թե՞ որդուց մի լուր բերողը:

1992 թ. հունիսի 12-ին Բուզլուխի սարերում  կարոտ թողեց նաև  Պռոշյան գյուղի ջոկատի հրամանատար Կարոտ Մկրտչյանը. նրա վերադարձին սպասում են հարազատներն ու ընկերները:  Ցավոք, մարտի դաշտից տուն չվերադարձած տղաները շատ են:  Այդ թվում` 76 ազատամարտիկ`  «Արաբո»,«Զեյթուն», Հոկտեմբերյանի «Արծիվ-13» ջոկատների արծիվ տղաներ…

Մարաղայի իրադարձություններից հետո Լենինավանի և Կարմիրավանի վիճակը ոչ միայն նախանձելի չէր, այլև առավել սրվեց հատկապես Շահումյանի և Այգեստանի անկումից հետո: 1992 թ. հունիսի 29-ին ինքնապաշտպանական շատ ջոկատների (այդ թվում և վերոնշյալ) հանձնարարվեց պահել գյուղը: Ժամանակահատված, երբ մեր տղաները  տարբեր ուղղություններով կենաց-մահու պայքար էին մղում ոչ միայն ադրբեջանական ոսոխի, այլև ռուսական 23-րդ դիվիզիայի դեմ: Սակայն ոչ միայն չհաջողվեց պահել գյուղը, այլև մեծաթիվ կորուստներ ունեցանք: Անհետ կորածների թիվը 76-ով ավելացավ: Գտնվեցին  միայն երեքի` Արմավիրի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, Սերգեյ Ավետիսյանի և ղարաբաղցի Ժորայի դիակները: «Արաբո» ջոկատում էին նաև Մարտակերտի 3-րդ սովխոզի բնակիչներ, եղբայրներ Արտակ և Սպարտակ Մնացականյանները: Նրանց հորը` Գենային, հանդիպել եմ Մարտակերտում: Որդիների կորստից հայրը ցամաքել, մի բուռ էր դարձել…

Այդ տղաների մայրերն էլ մինչև 2008 թ., աչքները ջուր կտրած, սպասում էին իրենց զավակների վերադարձին, բայց երբ Մանվել Եղիազարյանի ձեռքն է ընկնում տղաների դիակները պատկերող հոգեմաշ կադրերով մի ժապավեն, որը ցուցադրում են բոլոր հեռուստաալիքները, մայրերը թևաթափ եղան, աչքներն արդեն կտրեցին որդիների տունդարձի ճամփեքից, որովհետև շատերը ճանաչեցին իրենց զավակներին:

Հիմա միայն մխիթարվում են, որ ամեն տարի, սկսած 2000-ից, հունիսի 29-ի նախօրեին Արցախ են մեկնում, ծաղիկներ դնում Լենինավանի սահմանին մոտ գտնվող Մաղավուզի ջրանցքին հարևան սահմանային մի տեղանքում, իսկ 29-ին` Եռաբլուրում կանգնեցված անհետ կորած զինվորի հուշակոթողին ու թեթևացած սրտով տուն վերադառնում` հաջորդ տարվան սպասելով:

Առավել ծանր է անորոշության մեջ մինչ օրս հայտնված մայրերի վիճակը, չնայած ադրբեջանական կողմը  ճգնում է ապացուցել, որ իրենց մոտ այլևս ռազմագերիներ չկան, իսկ միջազգային կազմակերպություններն էլ միանգամայն այլ կարծիքի են: Տա Աստված, որ բոլոր անհետ կորած տղաները տուն վերադառնան, նրանց մայրերի աչքերը պայծառանան, և  օրն էլ որպես վերադարձի օր նշենք:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Հայ գրատպությունը վերե՞լք է ապրում.Լավագույն մրցանակներ հայ հեղինակներին

գիրքՀայ գրողների աշխատանքները վերջերս  միջազգային մրցույթում ցուցադրված այլ օտարալեզու գրքերի կողքին փայլում են ինքնատիպությամբ, տպագրական որակով ու ձևավորման արվեստով: Այս տարի էլ մայիսի 23-25-ը Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցանակաբաշխությունը, որին Հայաստանը մասնակցում է  շուրջ տասը տարի: ԱՊՀ երկրներից մրցույթին մասնակցում էր 9 պետություն, և ներկայացված էր 108 գիրք:

Նման մրցույթների անցկացումը, հայ գրահրատարակիչների խոստովանությամբ, լավագույն առիթ է իրենց աշխատանքները գնահատելու և նորանոր գործերի մղելու տեսանկյունից: Հայաստանում արդեն վեցերորդ անգամ իրականացվում  է գրքարվեստի հանրապետական մրցույթ, և լավագույնը ճանաչված հրատարակությունները ցուցադրվում են նաև  օտար ընթերցողներին:

Հանրապետական մրցույթին ներկայացված էր ավելի քան 70 գիրք, որոնցից միջազգային  հարթակում ցուցադրվելու հնարավորություն են ստացել 14-ը:

Մրցույթին մեր երկրի կողմից ներկայացված աշխատանքները, բացառությամբ մեկի, տարբեր անվանակարգերում գլխավոր և հատուկ մրցանակների են արժանացել: Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ արդեն մի քանի տարի է, ինչ գեղանկարչական պատկերագրքերը, բացի հայերենից, տպագրվում են նաև այլ լեզուներով: Օրինակ` մրցույթին ներկայացված Մարտիրոս Սարյանի գրքարվեստի ալբոմը թարգմանված է ռուսերեն: Օտարալեզու հրատարակությունները մեծացնում են միջազգային հանրությանը լավագույնս  ներկայանալու հնարավորությունները, քանի որ դրանք բավական պահանջված են:

Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն,  բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ուրախալի համարեց այն փաստը, որ մեր մշակույթը, պատմությունը և գեղարվեստական գրականությունն արդեն կարողանում է ներկայացնել նաև օտար ընթերցողներին: «Նման ցուցահանդեսներն ու մրցույթները մշակույթի և արվեստի բնագավառում մեզ հուշում են նոր ուղղություններ և նոր պահանջներ են ի հայտ բերում, որոնք վերաբերում են այլալեզու հրատարակություններին», – ասում է նա և ընդգծում, որ

գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նա տեղեկացրեց, որ մրցույթի գրեթե բոլոր անվանակարգերում հայկական գրքերն արժանացել են առաջին և հատուկ մրցանակների: Այս դրական արդյունքները նա վերագրում է տպագրական բարձր որակին,  տպաքանակի ավելացմանը և օտար լեզուներով հրատարման հանգամանքին:

Նշենք, որ մրցանակների արժանացած գրքերը հրատարակվել են վերջին մեկ տարում: Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Մարտիրոս Սարյանի պատկերագիրքը, որն ընդգրկում է մեծ վարպետի նկարազարդած գրքերի շապիկները: Ի դեպ, առաջին անգամ է, որ հայ ընթերցողներին Սարյանը  ներկայանում է որպես գրքարվեստի վարպետ: Այս գիրքը հիացրեց օտարերկրացիներին: Օտարազգի ընթերցողները  ծանոթացան նրա արվեստի ևս մեկ ուղղությանը: «Մենք պարտավոր էինք մեր մեծ հանճարին ներկայացնելու միջազգային հանրությանը նրա արվեստի բոլոր կողմերով»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Տարբեր անվանակարգերում առաջին և հատուկ մրցանակների են արժանացել հետևյալ գրքերը: Առաջին մրցանակ՝ Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գիրքը, երկրորդ մրցանակ՝ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը օսմանյան կայսրության մեջ» գիրքը: Նույն անվանակարգում երրորդ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» գիրքը: «Ժամանակակիցներ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել աստղաֆիզիկոս Գրիգոր Գյուրզադյանի էսսեների ժողովածուն իր ուրույն ոճի և բովանդակության շնորհիվ: Սամվել Մկրտչյանի «Հայ պոետների ընտրանի» անգլալեզու գիրքը նույն անվանակարգում ևս լավագույններից է ճանաչվել, իսկ երրորդ կարգի մրցանակ ստացել է  Դերենիկ Դեմիրճյանի ընտրանին:

«Գիրք գրքի մասին անվանակարգում»  առաջին մրցանակ է  ստացել Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի վերահրատարակությունը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին են արժանացել Վարդգես Ուրումյանցի գրքերի նկարազարդումներն ու Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» պատմավեպի վերահրատարակությունը: Գիրք երեխաների համար անվանակարգում  առաջին մրցանակ  է ստացել դասական մատենաշարը, որը բաղկացած է  4 առանձին գրքերից և բավական նկարազարդ է: Երկրորդ մրցանակը ստացել է Թումանյանի հեքիաթների անգլերեն հրատարակությունը: Եվ մեկ մրցանակի արժանացել է «Հայոց բանակը մանուկների աչքերով» նկարազարդ գիրքը:

Արվեստի գիրք անվանակարգում առաջին մրցանակ է ստացել Կարեն Սմբատյանի  պատկերագիրքը, իսկ հանրապետական մրցույթում գրքի լավագույն ձևավորման համար մրցանակի է արժանացել  Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը, որն առաջին անգամ է հրատարակվել հայերեն:

Այդ գրքերին հայ ընթերցողը նույնպես կարող է ծանոթանալ: Դրանք կվաճառվեն գրախանութներում բավական մատչելի` ինքնարժեքից ցածր գնով:

 Լ.Ն

 

 

Ակտիվացված ածուխ

1Ակտիվացված ածուխը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ որպես ունիվերսալ  դեղամիջոց, որը չեզոքացնում է օրգանիզմում թունավոր նյութերի ազդեցությունը: Այն պատրաստում են բնական հումքից` բարձր ջերմաստիճանի տակ (մինչև 10000С):Ստացված նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ածխածնից, ունի արտահայտված ծակոտկենություն ու հրաշալի ադսորբացնող ու խթանող հատկություն:

Կիրառումը

Բոլոր դեղերի նման, ակտիվացված ածուխը ևս ունի մի շարք ցուցումներ, հակացուցումներ ու կողմնակի ազդեցություն:

Ակտիվացված ածուխ  (ա/ա) խորհուրդ է տրվում օգտագործել փորլուծի, գազառաջացման ու այն  հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են աղիքներում խմորման պրոցեսով, ասթմայով ու ատիպիկ դերմատիտով: Ա/ա-ն օգտագործում են նաև դեղամիջոցներով,ալկալոիդներով, սննդային ու արդյունաբերական թույներով թունավորումների դեպքում:

Ա/ա ընդունում են 10 կգ-ին 1 հաբ հաշվարկով (1 հաբը` 25 գ) : Ընդունման առավելագույն  տևողությունը 10 օր է:

Քանի որ ա/ա-ի սորբենտ հատկությունը կարող է նվազեցնել մյուս դեղամիջոցների ազդեցությունը, խորհուրդ է տրվում այն ընդունել մյուս դեղամիջոցներից զատ, գոնե մեկ ժամ ընդմիջում տալով ընդունման արանքում: Ա/ա-ի  չափաբաժինը և ընդունման  տևողությունը պետք է բժիշկը նշանակի: Այս դեղամիջոցի կողմնակի երևույթներից են փորկապությունը կամ  հակառակը` լուծը: Երկարատև կիրառման դեպքում օրգանիզմում վիտամինի, հորմոնների, ճարպերի ու սպիտակուցների պակաս է դիտվում , իսկ արտաթորանքը գույն է ստանում: Ա/ա-ը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի, հատկապես` արյունահոսությամբ ուղեկցվող  խոցային հիվանդությունների դեպքում:

Նիհարելու միջո՞ց

Ա/ա- ի օգտագործումը, ի դեպ, ոչ մի ազդեցություն քաշի վրա չի ունենում, այսինքն` բռերով ածուխ կուլ տալով` երբեք կամ գրեթե անհնար է նիհարել: Սակայն ա/ա-ն կարող է հրաշալի մաքրել աղիքներն ու օրգանիզմից դուրս բերել զանազան թույներ: Ուստի սննդակարգերի կողքին նշվում է նաև ա/ա միջոցով նիհարելու մեթոդը (թյուրիմացաբար): Համեմատաբար վերջերս` 10 տարի առաջ,   սկսեցին ա/ա կիրառել  որպես սննդակարգի բաղկացուցիչ: Սակայն վաճառքում հայտնված ամենատարբեր սորբենտների պատճառով մոռացան ա/ա-ի մասին: Չնայած հատկապես ա/ա-ն է լավագույն զտող միջոցը, իսկ դրա կիրառման ոլորտը լայն է: Կենցաղում հիմնականում փայտածուխ  է կիրառվում  ջրի ու օդի մաքրման համակարգերում, իսկ դեղագործական նպատակով կիրառվում է նաև տորֆ ու քարածուխ, ինչպես նաև բուսական այլ հավելիչներ:

Իր ծակոտկեն մակերեսի  շնորհիվ ա/ա-ն կլանում, հավաքում է թունավոր նյութերն ու դուրս բերում օրգանիզմից,այդ իսկ պատճառով էլ այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ: Արդեն հասկանալի է, որ ա/ա-ն նիհարելու գործում անմիջական ազդեցություն չունի, այլ ընդամենն օգնում է մի քանի կգ գցել զուտ օրգանիզմը խարամներից ու անպետք նյութերից մաքրելու եղանակով: Ա/ա-ն դուրս է բերում խարամները, նվազեցնում մետեորիզմը: Մասնագետներն այն առաջարկում են կիրառել որպես սննդակարգին օգնող միջոց:

Ա/ա-ի կիրառման դեպքում պետք է բացառել ալկոհոլը, աղը, շաքարը, ալյուրից պատրաստված մթերքն ու կոնֆետը: Սննդակարգի համալիրում ճիշտ է նաև մաքրող  հոգնաներ անելը: Այսինքն` սննդաբաժնից հանելով վերը նշված մթերքները, ընդունելով ա/ա-ն և մաքրող հոգնաներ անելով` կարելի է լավ արդյունքի հասնել:

Եթե որոշել եք սննդակարգին զուգահեռ օգտագործել նաև ակտիվացված ածուխ, ապա կուրսը պետք է տևի 10 օր, դրանից հետո հարկավոր է անպայման 10-օրյա դադար տալ:

Պետք է հիշել, որ ակտիվացված ածուխը խոչընդոտում է աղիքներում որոշ վիտամինների ու հանքանյութերի ներծծումը: Հետևաբար դրա երկարատև կիրառումն անթույլատրելի է. այն կարող է թունավորման պատճառ դառնալ, սրտխառնոց  ու ավիտամինոզ առաջացնել:

Ինքնաներշնչումը հզոր ուժ է ու շատ մարդիկ նիհարում են` անկեղծորեն հավատալով  ընտրված միջոցի ազդեցությանը: Ընդ որում, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ միջոց է այն:

Իհարկե, ակտիվացված ածուխը իսկապես էլ օրգանիզմը խարամներից մաքրելու լավ միջոց է: Սակայն  այն նիհարելուն չի օգնում. դրա համար հարկավոր է քաշը գցելու լուրջ մարտավարություն մշակել. այն ժամանակ ածուխը հուսալի օգնական կդառնա: Եթե որոշել եք ածուխ ընդունել, ապա դա կատարեք բանաձևին համապատասխան` 10 կգ-ին` մեկ հաբ:

Հեռակառավարումը եւ լիբանանյան իրականությունը

Շահան ԳանտահարյանՀարավային Լիբանանում պատահած դեպքերը, լիբանանյան համատարած լարվածության ընդհանուր պարունակից դուրս չպետք է դիտարկել: Բանակի դեմ կատարված հարձակումը պետական խորհրդանիշի դեմ ոտընձգություն է. մանավանդ, որ միջադեպի իբրեւ արդյունք չէ, այլ ուղղակի կատարված հրահրում է  պատահարը՝ մթնոլորտ եւ կացություն ստեղծելու համար:

Բանակին հասած ծանր հարվածին համարժեք հակազդեցությունը զինվորական հաստատության կամ պետական կարեւորագույն խորհրդանիշերից մեկի վերահեղինակավորումն է ենթադրում, որը պետք է կայանար արագ, արհեստավարժ գործողություններով հագեցած եւ զինյալ խմբավորումների կենտրոնների չեզոքացման արդյունքով ավարտվեր: Այդպես էլ ստացվեց։

Իհարկե, նույն տարողությունը չէր, այսուհանդերձ զուգահեռը հյուսիսային Լիբանանում մի քանի տարի առաջ կայացած հակահաբեկչական լայնածավալ գործողությունների հետ անտեղի չէր: Ի վերջո, բանակի դեմ կատարված զինյալ ծայրահեղական խմբավորումների ոտընձգությունների դեմ համարժեք պատասխան տալու գործողություններ էին երկուսն էլ, որոնք միտված էին արմատապես չեզոքացնել նման ահաբեկչական նախաձեռնությունների հետևում կանգնած ուժերը:

Խնդիրը սակայն, գեթ իբրեւ հարցական կշարունակի մրճահարել ընդհանրապես լիբանանցի քաղաքացուն կամ շրջանի քաղաքական գործընթացներին հետեւողներին: Երբ հարավի թե հյուսիսի մեջ, անցնելով Բեյրութից, զանազան միջադեպերի առիթով, քաղաքացին ականատես է լինում նման խմբավորումների հրապարակ գալուն, զինյալ անարգել երեւույթների, հայտարարողական մակարդակի վրա ոչ մի հաստատություն հաշվի առնող ելույթների, հրահրման բնույթ ունեցող սուր ամբաստանությունների եւ վերջնագրի տեսքով հրապարակվող մոտեցումների, հակված է մտածելու, որ ապահովական գետնի վրա պայթունավտանգ կացության  հասունացման բոլոր ճիգերը ի գործ են դրվում  համակողմանիորեն:

Խմբավորումների գոյառումը, նրանց զինումն ու ֆինանսավորումը, զինյալ երեւույթների հետզհետե անարգել արմատավորումն ու տարածումը եւ միջադեպի առիթով կամ հրահրման իբրեւ անմիջական արդյունք՝ զինյալների անարգել շրջագայությունը, այդ ուղղությամբ կզարգացնեն մտածողությունը:

Իսլամական հարթության վրա միջդավանական մրցակցության, իրար հանդեպ հակակշիռ գործողությունների  հարաբերությամբ կարելի է մեկնաբանել նման երեւույթների տարածումը: Հայտնապես՝ ոչ միայն Լիբանանի, այլ ընդհանրապես տարածաշրջանում իսլամ դավանանքները իրար հակադրելու աշխարհաքաղաքական ծրագրերի առկայության լույսի տակ:

Այս հանգամանքն է առավելաբար, որ մտածելու տեղիք է տալիս, որ նման հրահրումները, բախումները, հարձակման գործողությունները կարող են իրենց շարունակությունը ունենալ: Միեւնույն ժամանակ կա հստակ իրականություն, որ դրանք բոլորը կշարունակեն մնալ սահմանափակ բախումների օղակներում: Փաստը այն է, որ մեծ կողմերը կմերժեն ներքաշվել նման գրգռությունների ծրագրերի մեջ եւ կշարունակեն պահել զսպվածություն: Իհարկե, սա կարող է զուտ ներլիբանանյան որոշումներով չբացատրվել: Լիբանանը ոչ միայն քաղաքական հետախուզության բաց հրապարակ է, այլ նաեւ զինվորական, ավելի ճիշտ՝ զինյալ խմբավորումների:

Այս թոհուբոհում կարող է տարօրինակ չթվալ, քաղաքական բանակցությունների հանկարծակի վերսկսման կանաչ լույսերի վառվելը. այնպես ինչպես կոճակների հանկարծակի սեղմումով արագ համախոհություն գոյացավ նորանշանակ վարչապետի անձի շուրջ: Նույնքան վճռակամությամբ, սակայն անորոշության մատնվեց նոր կառավարության կազմության հարցը, կանաչ-կարմիր լույսերի (ան)տրամաբանությամբ:

Լիբանանյան քաղաքական կյանքի հեռակառավարման այս գործընթացը ինքնին լուրջ հարված է այս երկրի ինքնիշխանությանը եւ ինքնուրույն ղեկավարմանը: Այստեղ, ինչպես տարբեր հանգրվանների, մեծ բացական համալիբանանյան կամքն է երկիրը փակուղիներից դուրս բերելու: Հատվածայնությունը, դավանական մոտեցումների գերակայությունը պարզապես գործիքներ են հեռակառավարման համակարգի գործունեության անարգել ծավալման համար:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

Տարեց կանայք հաճախ հարազատների բռնության զոհ են դառնում

1289289273Ծնողի, մեծի նկատմամբ տածած հարգանքը դարեր իր վեր կազմել է հայ ժողովրդի  արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչը: Ցավոք, այսօր այդ արժեհամակարգում շատ բան է աղավաղվել՝  այդ թվում նաև դա:Մեր ներկայացրած պատմությունները դրա վառ վկայությունն են:

Հարևանուհու պատմածից

«Ուզում եմ պատմել իմ հարևանուհու՝ մի ծեր ու բարի կնոջ մասին, որին անընդհատ նեղացնում են հարսը և թոռները: Ամբողջ հոգով խղճում եմ նրան: Շաբաթը մի քանի անգամ լսում եմ նրա աղեկտուր լացի ձայնը: Հեկեկալով ինչ-որ բաներ է ասում, բայց բառեչը չեն հասկացվում, որովհետև ամեն բառն ասելիս նրան հարվածում են: Մի անգամ այլևս չդիմացա, աղմուկի ժամանակ դուռը ծեծեցի: Դժվարությամբ բացեցին: Տատիկին հասցրել էին թաքցնել լոգարանում և դուռը փակել: Իմ հարցին, թե ուր է նա, հարսը պատասխանեց, թե տանը չէ, տեղ է գնացել: Այդ պահին լսվեցին տատիկի տնքոցները: Նա աղաչում էր դուռը բացել: Ես բացեցի լոգարանի դուռը և տեսա նրան գետնին ընկած: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, նա իրեն ծեծողներին չմատնելու համար ասաց, թե սայթաքել, ընկել է: Հետո իմացա, որ այդ անգամ հատակը մաքրելու փայտով էին ծեծել: Նա երկար ժամանակ կաղում էր: Այդ օրվանից նրա ընտանիքի անդամներին չեմ բարևում»:

 

72 տարեկան

images (1)«14 տարով մեծ եմ եղբորիցս: Միշտ շատ հոգատար եմ եղել նրա նկատմամբ, մայրություն եմ արել, մեծացրել ձեռքերիս վրա: Սակայն եղբորս կյանքը չդասավորվեց: Նա բռնադատված է եղել, երջանկություն չգտավ նաև ընտանիքում: Կինը հեռացել է նրանից՝ թողնելով յոթամյա որդուն: Մինչ այդ եղբայրս վաճառել էր իրենց երևանյան բնակարանը, որպեսզի տեղափոխվեին Ղազախստան: Սակայն բաժանվելով՝ նա ստիպված էր որդու հետ վերադառնալ Երևան, և քանի որ տուն չունեին, բնակվեցին ինձ մոտ:

Այժմ՝ ծերության օրերին, հայտնվել եմ անելանելի վիճակում: Եղբայրս ծայրահեղ ցինիկ է, ծաղրում է ինձ, մարդկանց ներկայությամբ ստորացնում, իսկ խմած ժամանակ ծեծում է: Ստիպված եմ լինում փախչել տնից և շաբաթներով ապրում եմ տարբեր մարդկանց տներում՝ նրանց ևս նեղություն պատճառելով: Հոգնել եմ թափառելուց: Նաև նեղվում եմ այս խայտառակությունից: Ես միշտ հարգված եմ եղել իմ շրջապատում, աշխատավայրում (աշխատել եմ մշակույթի նախարարությունում):

Դիմում եմ ոստիկանություն և այլ ատյաններ, սակայն ելքը չեմ գտնում: Խղճում եմ եղբորս, չեմ կարող տնից դուրս հանել, քանի որ գիտեմ, որ դա նրա համար կործանում կլինի»:

 Բարեկամուհու պատմածից

images«Գրում եմ ինձ հարազատ և շատ մտերիմ  մի բարի ու լավ ընտանիքի մասին: Ազգակցական կապեր չեմ ունեցել, բայց երկար տարիներ մտերիմ ենք եղել:

Երջանիկ ամուսիններ էին, միայն թե երեխա չունեին: Որոշեցին Երևանի մանկատներից մեկից երեխա որդեգրել: Որդեգրեցին աղջիկ ու տղա՝ երկու տարվա տարբերությամբ: Վեց տարի հետո Վրաստանում ապրելուց հետո տեղափոխվեցին Երևան՝ իրենց փոքրիկների ծննդավայրը: Շատ էին սիրում երեխաներին: Լավ ու վատ օրերով մեծացրեցին, բարձրագույն կրթության տվեցին: Աղջիկն ամուսնացավ: Մեծ էր ծնողների ուրախությունը: Շատ հաջող ընտրություն էր արել ու երջանիկ էր: Ծնվեց այնքան սպասված թոռնիկը:

Տղան բանակում ծառայելուց հետո վերադարձավ տուն և շուտով նա էլ ամուսնացավ; Թվում էր, թե ամուսինները երջանկության գագաթնակետին են, քանի որ կատարել էին իրենց ծնողական պարտականությունները և արդեն պետք է վայելեն իրենց ծերությունը: Բայց կարճ ժամանակ հետո հարսն իմացել էր, որ իր ամուսինն ու նրա քույրը ծնողների հարազատ զավակները չեն, նաև այն, որ նրանք հարազատ քույր ու եղբայր չեն: Այստեղից էլ սկսվեցին համերաշխ ընտանիքի անախորժությունները:

Հարսը տալին արգելեց տեսակցության գալ իր ծնողներին, նույնիսկ եղբորը չէր թողնում հանդիպել քրոջը: Տարեցների համար դժվար էր այդ ամենի հետ հաշտվելը, բայց հանուն իրենց երեխաների՝ լռում էին: Հարսը դաժանորեն արգելում էր նրանց իրենց միակ որդու հետ խոսել: Այս տողերը գրելիս անչափ հուզվում եմ՝ հիշելով հարազատներիս այդքան բարի լինելն ու հարսի դաժանությունները: Վերջինիս հաջողվեց Երևանի ծայրամասում մեկսենյականոց բնակարան ստանալ և ծերերին տեղափոխել այնտեղ: Նրանց խնամում էր աղջիկը, որն այդ ամենից հետո հավատարիմ էր մնացել ծնողներին: Այնինչ որդին հնազանդվեց կնոջ պահանջներին: Նա ամուսնուն սպառնացել էր, որ եթե ծնողներին հանդիպի, ինքը կբաժանվի, և ամուսինը կզրկվի երեխային տեսնելուց: Ծնողները մահացան՝ որդու կարոտը սրտներում: Ապերախտ որդին չմասնակցեց նույնիսկ ծնողների հուղարկավորությանը»:

75 տարեկան

handicapped-elderly-woman-with-a-walking-cane-with-a-smile-pixmac-photo-87624084«Ամուսինս Խորհրդային Միության տարիներին բավականին բարձր պաշտոն, անուն ու դիրք ուներ: Վատ չէր վաստակում: Ամեն ինչ անում էր մեր մինուճար որդու ապագան ապահովելու համար: Տղաս ինստիտուտն ավարտեց, պատվով ամուսնացրինք: Բայց հանկարծահաս հիվանդությունը ամուսնուս կյանքը խլեց: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Տղաս, որի համար առանձին բնակարան էինք գնել, պահանջեց, որ վաճառեմ մեր սեփական տունը և փողն իրեն տամ՝ ինչ-որ գործի մեջ դնելու համար: Իմ հարցին, թե այդ դեպքում ես որտե՞ղ պիտի ապրեմ, պատասխանեց, որ կօգնի՝ տեղափոխվեմ Արմավիրի մարզում բնակվող քրոջս մոտ: Ես հասկանում էի, որ նա այդ փողերը պարզապես մսխելու է: Առանց այն էլ շատ էր խմում, օրերով հարբած էր:

Մի օր էլ, երբ չհամաձայնեցի նրա պահանջին, դաժանաբար ինձ ծեծեց: Ամբողջ դեմքս ուռել էր, կապտել: Դա սկիզբն էր: Դրան հաջորդեցին նաև հարսիս, թոռանս սպառնալիքները: Վերջինս էլ մի քանի անգամ ծեծեց ինձ: Այլևս չդիմանալով այդ հալածանքներին՝ դիմեցի դատարան: Այնտեղ զարմացան, որ որդիս այդքան շտապում է այդ տանը տիրանալու համար. չէ՞ որ նա իմ մինուճարն է, և այսպես թե այնպես այդ տունն իրեն է մնալու: Ոստիկանություն կանչեցին, թուղթ վերցրին, որ ինձ այլևս չի նեղացնի: Բայց տղաս ու թոռս ոստիկանություն դիմելու համար ինձ մի լավ դաս տվեցին՝ վախեցնելով, որ եթե փորձեմ մի անգամ էլ բողոքել, սաղ-սաղ կթաղեն ինձ: Ես սկսվեցի, բայց էլի չէի համաձայնում տունը վաճառել:

Քոռանամ ես…տղաս թոքերի հիվանդություն ուներ, խմիչքն էլ ավելի հյուծեց նրան. կորցրի որդուս…Տանջվում էի, ինձ մեղավոր էի զգում: Բայց դեռ տղայիս քառասունքը չլրացած՝ հարսս, թոռս ու նրա կինը նոր հարձակումներ սկսեցին՝ սպառնալով, որ կթունավորեն ինձ կամ կենդանի կթաղեն: Փորձեցի ընդառաջ գնալ: Առաջարկեցի տեղափոխվել ինձ մոտ: Թոռս համաձայնեց, բայց դրանից հետո սպառնալիքները չվերացան: Հիմա իմ տան մեջ բռնավոր եմ, գիշերները վախենում եմ քնել»:

76 տարեկան

images (2)«Տասնհինգ տարեկան էի, երբ այրիացա: Երեխաներս առանց հոր մեծացան: Շատ զրկանքներ եմ տարել, որ երեխաներս ինչ որ բանի կարիք չզգան: Կատարել եմ նույնիսկ ամենաչնչին քմահաճույքները: Գուցե դա էր պատճառը, որ տղաս սկսեց ինձ ղեկավարել: Երբ ինչ որ հարցում իր հետ չէի համաձայնում, նա մեծ աղմուկ էր սարքում, լեզուն կուլ էր գնում: Հետո սկսեց ձեռքերին ազատություն տալ: Ես ստիպված լռում էի ու համակերպվում. մտածում էի` կմեծանա, խելքը գլուխը կհավաքի:

Անցան տարիներ: Որդիս նոր էր վերադարձել բանակից, երբ նրա ականջին հասավ, որ գյուղի տղամարդկանցից մեկին, ում կինը մահացել էր` որբ թողնելով երկու անչափահաս երեխաների, ծանոթները խորհուրդ էին տվել ամուսնանալ ինձ հետ: Ասել էին, որ առաքինի, որբի դարդը իմացող կին եմ: Ես անտեղյակ էի, տանը լվացք էի անում:

Հանկարծ տղաս գազազած ներս ընկավ ու սկսեց ինձ ծեծել: Ամեն հարվածի հետ կրկնում էր. «Քեզ տղամարդ ա, հա՞, պետք: Բա ես ի՞նչ եմ…»:

Հողը երերաց ոտքիս տակ: Ես հասկացա, թե ինչ հրեշ եմ մեծացրել: Մի կերպ հանգստացրեցի նրան, նա հավատաց, որ իմ մտքով նման բան երբեք չի անցել ու չի էլ անցնի:

Հիմա արդեն մեծացնում եմ ծոռներիս, շատ լավ հարս ունեմ (միակ մխիթարությունս կյանքում): Բոլորից թաքուն միասին լաց ենք լինում մեզ բաժին հասած բախտի համար»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

 

Ռուսաստանին կոշտ դիրքորոշում հայտնող չի լինի

հայ-ռուսականԱրդեն մեկ շաբաթ է անցել, ինչ Հայաստանում  և առհասարակ աշխարհում իմացան ռուս–ադրբեջանական ռազմատեխնիկական առևտրի մասին: Այդ տեղեկատվությունը Հայաստանում հասարակական դժգոհություն առաջացրեց, սակայն պաշտոնական` պետական մակարդակով…

Հայկական կողմից պաշտոնական դիրքորոշում արտահայտող չեղավ 

Փոխարենը ռուսական վերլուծական շրջանակները շարունակում են այդ գործարքի վերաբերյալ  մեկնաբանություններ ներկայացնել, թե միևնույն է, եթե ռուսները չվաճառեին այդ զենքը, ուրիշներն էին վաճառելու,  մի բան, կրկնում են նաև որոշ հայ վերլուծաբաններ: Սակայն այս թեզը բնավ տրամաբանությանը չի ենթարկվում: Դա նույնն է, թե մեր բարեկամներից ինչ-որ մեկը մեր նկատմամբ ինչ-որ մի վատ գործողություն անի, օրինակ` խփի մեզ կամ մեր տնից գողություն անի ու հետո էլ ասի` եթե ինքը չաներ, միևնույն է, ուրիշ մեկն էր անելու: Այդպես չեն վարվում դաշնակիցները: Առավել ևս մեզ նման դաշնակցի նկատմամբ, որ բավականին հավատարիմ ենք եղել Ռուսաստանին և այդ իսկ պատճառով` կորուստներ  ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության դաշտում:

«Ինչպե՞ս կընկալեր Ռուսաստանը, եթե օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր դաշնակից երկրներից որևէ մեկը զենք վաճառեր ֆաշիստական Գերմանիային` ասելով, թե միևնույն է` Գերմանիան ուրիշից կառնի: Հիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան Գերմանիային հումք էր վաճառում, և Ռուսաստանը դա չներեց: Երբ պատերազմից հետո Թուրքիայի դեմ ուզում էին ռազմական գործողություններ սկսել, պատճառաբանված էր հենց դրանով, որ չի պահել չեզոքությունը: Հիմա մեր դաշնակիցը մեր դեմ հստակ գործողություններ է կատարում, որոնք դատապարտելի են»,-  ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, նախկին դեսպան Արա Պապյանը:

Կամ ինչպե՞ս կընկալվեր Ռուսաստանում, եթե մի օր զարթնեին ու իմանային, որ Հայաստանում, բացի ռուսական 102-րդ ռազմաբազայից, որոշել ենք տեղակայել նաև, օրինակ, ՆԱՏՕ-ի ռազմաբազա` պատճառաբանելով, թե եթե մենք նման ռազմաբազա մեր երկրում տեղակայելու հնարավորություն չտայինք ՆԱՏՕ-ի ուժերին, միևնույն է` նրանք այդ բազան կտեղակայեին Թուրքիայում կամ Վրաստանում… Չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանին առանց որևէ վարձավճարի է թույլատրում տեղակայել ռուսական ռազմաբազան` այն ընկալելով որպես սեփական անվտանգության գրավական: Եվ ինչպես նշեց Արա Պապյանը, քանի՜ երկիր կերազեր մեր երկրում ռազմաբազա ունենալ, նույնիսկ դրա համար բավականին լուրջ գումարներ վճարել մեզ, որով էլ կկարողանայինք նաև զենք գնել շուկայական գներով:

Ara Papyan «Առաջին` հստակ պաշտոնական դիրքորոշում պետք է արտահայտվի զենքի այս խմբաքանակի մասին, որ սա մեզ համար անընդունելի է և վայել չէ դաշնակիցներին: Երկրորդ` Հայաստանը պետք է հետևողականորեն զարգացնի այլընտրանքները` տնտեսական, քաղաքական և այլն»,- ասաց Արա Պապյանը:

Պաշտոնական տեսակետ մեր երկրի բարձրագույն, նույնիսկ միջին օղակի ղեկավարության կողմից չի հնչել: Միակ պետական պաշտոնյան, որ այս հարցի կապակցությամբ որևէ տեսակետ է հայտնել, ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունն է. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար, իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»,- նշել էր Հովհաննիսյանը:

Սա, իհարկե, խիստ մասնագիտական, ռազմական բնագավառի խնդիր է, քանի որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության այդպիսի մեծ խմբաքանակ տրամադրելուց հետո հարց է առաջանում, թե այժմ Անդրկովկասում ուժերի ինչպիսի՛ հարաբերակցություն է ստեղծվել:

 Կարևորը ուժերի հարաբերակցությունը չէ, այլ դաշնակցի վերաբերմունքը

«Ուժերի հարաբերակցության փոփոխության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե մենք մատչելի գներով ռուսական արտադրության ժամանակակից զենք ձեռք բերելու հնարավորություն չունենայինք: Իհարկե, եթե չլիներ այն ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը, որն այսօր առկա է Ռուսաստանի հետ, ապա այդ սպառազինությունների մատակարարումն իսկապես ուժերի հավասարակշռությունը կխախտեր ի վնաս մեզ: Ես չեմ կարող մանրամասներին տրվել և ասել, թե մենք ինչ և ինչ քանակով ենք ձեռք բերել,  բայց ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք թույլ չենք տվել, որ ադրբեջանական կողմը մեզ գերազանցի: Սպառազինությունների մատակարարման մասին խոսելիս պետք է մի բան հաշվի առնել: Այստեղ վտանգը, ըստ էության, այն չէ, թե Ադրբեջանը մեր նկատմամբ գերազանցություն ձեռք կբերի. այդ առումով վտանգ չկա: Խնդիրն այն է, թե ինչու ռուսական կողմը գնաց նման քայլի` ի հաշիվ իր ստրատեգիական դաշնակցի շահերի»,- ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` նշելով, որ սա, իհարկե, լուրջ խնդիր է, և այս առումով մենք մտահոգվելու տեղ ունենք զուտ այն առումով, որ չպետք է թույլ տանք, նաև ապագայում, որ ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունները կառուցվեն ի հաշիվ մեր կենսական շահերի:

jamalyan.jpgԴրա համար, ըստ ռազմական փորձագետի, շատ կարևոր է, որ մեր ռուս գործընկերներն առաջին հերթին խորապես ընկալեն ու հասկանան, որ անցել են այն ժամանակները, երբ հայաստանյան հասարակությունն անվերապահ ռուսական կողմնորոշում ուներ, երբ հայ-ռուսական դաշինքն անայլընտրանք էր ընկալվում մեզանում: «Մենք հիմա, հատկապես մեր երիտասարդության շրջանում, պարբերաբար հայ-ռուսական դաշնակցային  հարաբերությունների անհրաժեշտությունը հիմնավորելու կարիք ենք ունենում: Եվ մեր ռուս գործընկերները պետք է հստակ իմանան, որ նման  յուրաքանչյուր քայլ Հայաստանում հակառուսական դիրքորոշումների խթան է դառնում: Իսկ նման դիրքորոշումների տարածումը Հայաստանում հենց իր` Ռուսաստանի շահերից չի բխում»,- նշեց Դ. Ջամալյանը:

Մեզ այդպես էլ չէր հաջողվել ՌԴ դեսպանատնից այս գործարքի մասին որևէ տեսակետ ստանալ: Սակայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը նամակ է ուղարկել ՌԴ դեսպանատուն` ճշտելու զենքի վաճառքին վերաբերող որոշ տեղեկություններ ու պարզելու ռուսական կողմի տեսակետը: Սակայն դեսպանատնից պատասխանել են. «Չի կարելի դիվանագիտական ներկայացուցչությունից նման պատասխան պահանջել, ու նաև դա Հայաստանում ՌԴ դեսպանության կոմպետենտության մեջ չի մտնում»: Դեսպանատնից նաև «խորհուրդ են տվել» դիմել մեր արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանը:

Զարմանալի է դեսպանատան պատասխանի առաջին մասը: Դեսպանատունը` դեսպանությունը, պետության քաղաքական ներկայացուցչությունն է այլ պետության մեջ: Եվ դեսպանը կոչվում է արտակարգ և լիազոր դեսպան, քանի որ նա ունի արտակարգ լիազորություններ:  Ուրեմն ո՞վ, եթե ոչ դեսպանատունը պետք է նման հարցերի պատասխան տա: «Վստահաբար պետք է դեսպանատունը պատասխան տա, քանի որ դա պետական մակարդակի մատակարարում է: Դա չի եղել մի ինչ-որ մասնավոր ընկերության կողմից երկու արկղ փամփուշտի վաճառք, որ պետությունն ասեր` մասնավոր ընկերությունն է արել: Ռուսական պետական ընկերությունն է իրականացնում զենքի վաճառքը: Դեսպանատները` որպես քաղաքական բարձրագույն ներկայացուցչություն, պարտավոր են պատասխան տալ քաղաքական հարցերին»,- այս  կապակցությամբ ասաց Արա Պապյանը:

Բայց ուշագրավ է երկրորդ մասը` Ռուսաստանի դեսպանատան «խորհուրդը», այն է` դիմել ԱԳՆ ու ՊՆ: Այսինքն` մենք նման հարցով մեր գլուխը ցավի տակ չենք դնի, ձեր ղեկավարությունը լավ «ջոկող» է, ինքը մի բան մեր փոխարեն կբստրի…

«Մեր խնդիրը կեցվածքի խնդիրն է ` ամենատարբեր մակարդակներով: Շատ կարևոր եմ համարում հենց հանրային  մակարդակը, որ մեր ստրատեգիական դաշնակիցը մեր թշնամու հետ հարաբերությունները կառուցելիս չպետք է ոտնահարի դաշնակցի շահերը: Որպեսզի նաև հետագայում մենք հնարավորինս զերծ մնանք նման իրավիճակներից, կարևոր է, որ ռուսական կողմը տեսնի այն խլրտումը, որ Հայաստանում առաջացավ: Մենք հիմա չպետք է խնդիր դնենք կոծկել հակառուսականությունը, որ ռուսական կողմը չտեսնի այս հակառուսականության ալիքը, որ երկրում բարձրացավ. իրենք ստիպեցին, որ բարձրանա, իրենք էլ պետք է տեսնեն ու հետևություններ անեն»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Galust Sahakyan Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Մենք չենք պատրաստվում գնալ ու ասել, որ իրենք մեր ռազմավարական գործընկերներն են, ինչո՞ւ են այսպես անում և այլն, բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է»:

Այսինքն` պաշտոնական կոշտ դիրքորոշում սպասելը, մեղմ ասած, միամտություն կլինի:

 

Ռուսաստանի «զենքագազային» ճնշումները շարունակվում են

ARMRUSGASPROMԴեռ գազի թանկացման «աչքալուսանքը» չէինք հասցրել մարսել, երբ ռազմավարական դաշնակցի կողմից երկու այլ «անակնկալներ» մատուցվեցին. Ադրբեջանին ռուսական զենք վաճառվեց, և պարզվեց, որ ռուսական «Գազպրոմը» ցանկանում է դառնալ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 100 տոկոսի միակ տերն ու տնօրենը: «Գազպրոմի» մամուլի ծառայությունը հունիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Իսկ քննարկված հարցերից մեկն էլ, ըստ հաղորդագրության, վերաբերում է «Հայռուսգազարդի» բաժնեմասերին. կողմերը քննարկել են «Հայռուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոսի հասցնելու հարցը:

 Ո՞ւր կուղղվի «Հայռուսգազարդի» բաժնեմասից ստացվող գումարը

«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսն արդեն «Գազպրոմինն» էր, իսկ 20-ը` դեռ ՀՀ կառավարությանը: Փաստորեն, «Գազպրոմն» այդ 20 տոկոսը ևս պետք է վերցնի:

Դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի էր, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, իսկ ներքին սպառման համար գազի սակագինը չի փոխվել, ակնհայտ էր, որ Հայաստանը պարտքեր է կուտակում «Գազպրոմի» նկատմամբ: Այդ ժամանակ արդեն կանխատեսումներ էին արվում, որ այդ պարտքի մարման տարբերակներից մեկն էլ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսներին զիջելն է: Բայց ՀՀ-ի 20 տոկոսը «Գազպրոմին» զիջելու մեկ այլ պատճառ էլ կա. ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ գազի գնի 30 տոկոսն ինքը պատրաստ է սուբսիդավորել: Իսկ դա միայն մեկ տարվա համար 140-150 միլիոն դոլարի գումար է պահանջում: Սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները հայթայթելու  մի քանի տարբերակներ կային: Այսպես, արտաքին պարտքը ավելացնել. նշվում էր, որ եվրոպացիները պատրաստ են այդ միջոցները հատկացնել Հայաստանին, միայն թե Հայաստանը «գազային ճնշման» ազդեցությամբ չկողմնորոշվի դեպի Մաքսային միություն: Երկրորդ` կառավարությունը նշում էր, թե բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ այդ 30 տոկոս ավելացումները սուբսիդավորելու համար Ռուսաստանից դրամաշնորհ ստանալու տարբերակի մասին: Ու հիմա հանկարծ իմացանք, որ իրատեսական ու ռեալ բանակցություններ ընթանում են «Հայռուսգազարդն» ամբողջությամբ ռուսներին հանձնելու վերաբերյալ:

«Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալը 2011 թ. վերջին կազմել է 312 մլրդ դրամ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը 6,24 մլրդ դրամ է` մոտ 150 մլն դոլար: Ուշագրավ է, որ «Հայռուսգազարդում» կառավարության բաժնեմասը գումարային արտահայտությամբ գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը սահմանին սուբսիդավորի ռուսական գազի`  1000 խմ-ի համար 270 դոլար գնի 30 տոկոսը:

Թերևս հենց այդ գումարներն էլ ուղղվելու են սուբսիդավորմանը, թեև վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ սուբսիդավորման համար Ռուսաստանը դրամաշնորհ է հատկացնելու: Եթե դրա դիմաց տալիս ենք «Հայռուսգազարդի» 20 տոկոսը, ապա դա այլևս դրամաշնորհ չէ, այլ հասարակ առուծախ:

Հունիսի 20-ին ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս հարցի կապակցությամբ ասել է, թե կառավարությունը մինչև  ամսվա վերջը կավարտի բանակցությունները «Գազպրոմի» հետ:

«Սեղանին կա դրված նաև բաժնետոմսերը «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը, իհարկե, համարժեք որևիցե ճիշտ լուծում կգտնենք իրենցից ստանալու: Բանակցություններն ընթանում են, բայց բաժնետոմսերի գների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն Հայաստանն ունի նաև այլ գնորդներ: Եթե գործարքը ձեռնտու լինի Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա կիրագործվի: Ոչ ոք մեզ դա չի պարտադրում և չի պնդում, որ անպայման կատարվի»,- ասել է Մովսիսյանը` նշելով, որ բաժնետոմսերի վաճառքը բացառապես տնտեսագիտական հարց է և չպետք է այն կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ:

Մովսիսյանը նաև նշել էր, որ եթե անգամ ռուսական կողմը «Հայռուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր դառնա, իրավիճակը չի փոխվի, քանի որ համաձայն ՀՀ օրենսդրության` երկրում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը լիցենզավորվող ոլորտներ են: Հետևաբար, կարևոր չէ` ով է բաժնետերը, քանի որ աշխատելու են Հայաստանի  տրամադրած լիցենզիայով: Բայց այս հարցի քաղաքական ու տնտեսության դիվերսիֆիկացման ասպեկտներն անտեսելն անհնար է:

Երբ պատկերացնում ենք, որ հայկական կողմը, վերջիվերջո «Հայռուսգազարդի» իրեն պատկանող բաժնեմասն էլ է վաճառելու ռուսական կողմին, մի հարց է առաջանում. բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը կորցնելու դեպքում ռուսական կողմը չի՞ կարող ամեն տարի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Էներգետիկայի նախարարը,  պատասխանելով  «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, նշել էր. «Խնդիրն այնպես չի դրված, որ մյուս տարի ինչ ուզեն, այնպես անեն: Բանակցությունները հենց նրա համար են, որ ինչ ուզեն, չանեն, այլ երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»:

Որ 5 տարի գազի թանկացում չլինի՞

Այս մասին առավել մանրամասն «բերնից թռցրեց» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշելով, թե պարզապես բանակցություններ են ընթանում, որ 20 տոկոսն էլ վաճառվի ու այդ վաճառքի պայմանագրում նշվի, որ առաջիկա 5 տարիներին էլ գազի գնի փոփոխություններ չեն լինելու:

«Իմ ինֆորմացիայով` դա հնարավորություն կտա, որ գոնե  առաջիկա 5 տարիներին գազի գները չփոփոխվեն: Առավել ևս` թե՛ «Հայռուսգազարդը», թե՛ մեր 20 տոկոսը այս տարիների ընթացքում զրոյական եկամուտ են ստացել. ինչ եղել է` ներդրվել է ծառայությունների համար: Այսինքն` ոչ մեկը շահույթ չի ստացել: Դա մեր գազը չէ, մենք կարող ենք 5 տարի հետո էլ ասել, որ «Հայռուսգազարդը» մեզ այլևս պետք չէ, մենք էլ գազ չենք ուզում: Դա մեր իրավունքն է»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Կառավարության «թեթև ձեռքով» վերջին 15 տարիներին Հայաստանի արտաքին անվտանգության կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ միայն  գազի գործոնով չէ, որ ռուսները կարող են օգտագործել` Հայաստանին իրենց ցանկացած որոշումների կատարումը ստիպելու համար: Մեր իշխանությանը կարող ենք մեղադրել այն բանի համար, որ չեն կարողանում ռազմավարական գործընկերությունը ըստ էության իրականացնել` դրա էությանը հավատարիմ մնալով:

«Մենք էլ գնանք ու ասենք, որ դուք մեր ռազմավարական գործընկերներն եք, ինչի՞ եք այսպես անում և ա՞յլն. բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք չենք գնա քաղաքական այն ճանապարհով, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք այդ զիջումներից օգտվող,- այս կապակցությամբ ասում է  Գալուստ Սահակյանը, հետն էլ ավելացնում, թե ռազմավարական դաշնակից չի նշանակում, որ իրենց պետական կարիքների հաշվին մեկ այլ պետության պետք է ինչ-որ զիջումներ անեն:- Ռազմավարական դաշնակիցը հավասարը հավասարի հետ գործընթացներ են: Ռուսաստանն անկախ երկիր է, և իր ռազմավարական շահերն ինչ ճանապարհ թելադրեն, այդ ճանապարհով էլ պետք է գնա: Որևէ պետություն իր քաղաքական շահերը որևէ պետության ո՛չ զիջում է, ո՛չ էլ թողնում է»:

Տրամաբանությունը պարզ է` ՀՀ ղեկավար «էլիտան» իր «էլիտար» բարձունքից չի իջնի ու «ինչ-որ ռուսաստաններից» բան խնդրի: Բայց հետաքրքիրն այն է, որ եթե իշխող կուսակցության փոխնախագահն է «հավասարը հավասարի գործընթացներից», պետական շահից խոսում, ապա ինչո՞ւ իր կուսակցությունն այդ նույն սկզբունքներով քաղաքականություն չի վարում: Օրինակ` այն ժամանակ, երբ «հավասար» գործընկերը բարձրացնում էր գազի գինը կամ պահանջում մտնել Մաքսային միություն և կամ իրեն վաճառել ստրատեգիական նշանակության հիմնարկի վերջին մասնաբաժինը, ինչո՞ւ քայլեր չէր  ձեռնարկում իրանական գազի մուտքը մեր երկիր մեծացնելու ուղղությամբ:

Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն է տալիս մինչև 2026 թվականը ներմուծվող գազի ծավալները հասցնել 2,2 մլրդ խմ-ի, ինչը բավարար է Հայաստանի ներքին պահանջարկի համար: Սակայն առ այսօր նախատեսվածից մի քանի անգամ ավելի քիչ իրանական գազ ենք ներմուծում, քանի որ Իրան-Հայաստան գազատարի կառավարումն էլ մեր «հավասարը  հավասարի» ղեկավարները սիրահոժար հանձնեցին «Հայռուսգազարդին»: Առավել ևս, որ իրանական գազը վերածված է էլեկտրաէներգիայի և փոխանակման գործակիցը  հնարավորություն է տալիս պնդել, որ իրանական գազն ավելի էժան է` 70 դրամ 1 խմ-ի դիմաց:

 

 

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին

10499_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ», – ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել և համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, – հարցի առնչությամբ ասել է Տիգրան Սարգսյանը։ – Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Որոշման մեջ եղած թվերի վերաբերյալ ի հայտ եկած տարաձայնությունները կհարթվեն այսօր ևեթ` վարչապետի հրավիրած խորհրդակցության ընթացքում։
Կառավարությունը սահմանել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Նոր ՀԴՄ-ներ կօգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։

Տրանսպորտային միջոցները դյուրությամբ կհատեն ՀՀ մաքսային սահմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված ընթացակարգերը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով թելադրված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված և չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, անհնար է նաև գնահատել ստվերի չափը, հնարավոր չէ արդյունավետ վարչարարություն իրականացնել։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիային։ Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրի պատասխանատու մարմինն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Իր նիստում գործադիրը հաստատել է պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնց կիրառումը կնպաստի պետբյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու նախկին որոշման լրացումը, որով կկանոնակարգվի ջրային պաշարների հաշվառման գործընթացը։
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել Երևանի Դեղատան փողոցի 2-րդ շենքի առաջին հարկի և նկուղի 62.2 քառ. մետր և Երևանի Րաֆֆու փողոցի 103 հասցեում գտնվող տարածքները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամասի» գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի վարձակալ, Վանաձորի «Վաբա» ՍՊԸ-ին, Երևան քաղաքի 157-րդ միջնակարգ դպրոցի և 37-րդ հիմնական դպրոցի համապատասխանաբար 147 քառ. մետր և 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին` իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։

Կբարձրանա հողամասերի օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը նպատակային օգտագործել և տնամերձ հողամասով ապահովել երիտասարդ ընտանիքներին։ Հաջորդ երկու որոշմամբ փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը` գործադիրը հստակեցրել է անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ նախապատվություն տալու, ինչպես նաև համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը։
Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Այսպիսով, արդարացի կբաշխվեն Սևանի ազգային պարկի և համայնքների մասհանումները։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակվել արտահերթ ընտրություն։
Գործադիրը Երևանի «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին 5 տարի ժամկետով տվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր։
Նիստում Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2016 թ. աշնանային զորակոչ։

Պանրով ու կաթնաշոռով կարկանդակ

կարկանդակԲաղադրությունը խմորի համար

2 ձու

100 գ կարագ

1 թ/գդալ աղ (ոչ լիքը)

200-250 գ ալյուր

Միջուկի համար հարկավոր է`

200 գ կաթնաշոռ (6-20%)

200 գ պանիր (պինդ)

2 ձու

2-3 պճեղ սխտոր

աղ

կանաչի` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կանաչին (սամիթ, համեմ) մանր կտրատել, պանիրը խոշոր քերիչով անցկացնել, ձուն ու պանիրն իրար խառնել, ապա ավելացնել կաթնաշոռն ու կրկին  խառնել: Սխտորը ճզմել, ավելացնել այդ զանգվածին, ապա լցնել կտրատած կանաչին:

Խմորի համար պետք է ձուն ու կարագը խառնել (պարտադիր չէ, որ համասեռ զանգված ստացվի): Ավելացնել աղը, սոդան, ալյուրը: Խմոր հունցել: Վերցնել հնարավորության դեպքում 29 սմ տրամագծով կաղապար ու կարագապատել, ապա խմորը տարածել այնպես, որ կողերի վրա բարձրանա: Խմորի վրա լցնել միջուկը, հավասարաչափ տարածել, ապա դնել 1800 տաքացրած ջեռոցը, թխել 40-45 րոպե:

Պանրով ապուր

պանրով ապուրԲաղադրությունը

500 գ  հավի կրծքամիս

400 գ հալած պանիր

150 գ բրինձ

400 գ կարտոֆիլ

150 գ գազար

150 գ սոխ

աղ, պղպեղ, կանաչի (ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը

Հավի փափկամսի վրա 3 լ եռման ջուր լցնել, խաշել, համեմել աղ ու պղպեղով: Երբ այն պատրաստ լինի, հանել արգանակից, ապա ջրի վրա լցնել բրինձը, եփել 10 րոպե: Սոխը մանրացնել, գազարը մանր քերիչով անցկացնել, կարտոֆիլը կտրատել խորանարդներով կամ էլ ձողիկներով: Միսը նույնպես մանր կտորների բաժանել: Արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, սոխը, գազարը և եփել 5-7 րոպե: Ապա լցնել մանրացրած միսն ու եփել այնքան, որ կատոֆիլը վերջնականապես պատրաստ լինի: Ավելացնել պանիրն ու խառնել, ապա կրակից վերցնել: Մատուցելուց առաջ կանաչի  ցանել վրան:

Ինչպե՞ս է կնքվում մանրածախ առուվաճառքի պայմանագիրը

BՄանրածախ  առուվաճառքի պայմանագիրն առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող ու կիրառվող պայմանագրերից մեկն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Այն իրենից ներկայացնում է հրապարակային պայմանագիր:

Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված վաճառողի կողմից գնորդին դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով, ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը:

Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին: Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգել ապրանքի հատկությունները կամ ցուցադրել դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:

Ընդ որում, գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:

Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից: Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես, ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Գնորդը, որին վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջելու`

1) անորակ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով,

2) համաչափորեն իջեցնել ապրանքի գինը,

3) անհապաղ և անհատույց վերացնել ապրանքի թերությունները,

4) հատուցել ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:

Գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում:

Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները հնարավորություն չեն տալիս վերացնելու դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջելու փոխարինել նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնել գինը:

Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով:

Վաճառողի կողմից մանրածախ առուվաճառքի պայմանագրով պարտավորությունը չկատարելու դեպքում վնասներ հատուցելը և տուժանք վճարելը վաճառողին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելու պարտականությունից:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Արմեն Աշոտյանի հերթական զոհը…

Արտուշ ՂուկասյանՀունիսի 17-ին ՀՀ ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանը նամակով դիմել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` խնդրելով Հանրային խորհրդում քննարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն տրված խիստ նկատողությունը: Ղուկասյանը նախարարի հրամանը մի շարք պատճառներով անհիմն է համարում` նշելով, որ դա ավելի շատ անձնական բնույթ է կրում: «Նախարարի հրամանի հիմքում սուբյեկտիվ պատճառներ են, որոնք հասունացել են ժամանակի ընթացքում և ի վերջո արտահայտվեցին այդ ձևով,-«Անկախի» հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը,-պատճառ կարող են լինել, օրինակ, ատենախոսությունների նկատմամբ մեր կողմից դրված խիստ պահանջները, որոշ մասնագետների նկատմամբ մեր մոտեցումները, ինչն իրենց համար անհասկանալի է և այլն»:

Արմեն ԱշոտյանՆախարարի նման վերաբերմունքը, սակայն, նրան չի զարմացրել, քանի որ առաջին անգամ չէ. ԲՈՀ-ի նախագահ նշանակվելուց հետո որոշակի խմորումներ եղել են, օրինակ, ԲՈՀ-ի լիազորությունների, կանոնակարգային խնդիրների հետ կապված, սակայն հանգուցալուծումը եղել է վարչապետի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցել են նաև նախարարը և ԲՈՀ-ի նախագահը: Վերջինս, համենայն դեպս, այդ քննարկման արդյունքներից գոհ է մնացել, քանի որ վարչապետը լիովին հասկացել է իր կողմից բարձրացրած հարցերը և ընթացք տվել դրանց:

Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը նախարարության իրավաբաններից մեկի ջանքերով տարբերակ է գտել Ղուկասյանից ազատվելու համար: Իրավաբանը բացահայտել է, որ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածում և  իրավական ակտերում ամրագրված կետերը չեն համապատասխանում իրար:

Դրա մասին տեղյակ է պահվել Արտուշ Ղուկասյանին և ասվել, որ այսուհետ պետք է կիրառել իրավական ակտերում ամրագրվածը, այսինքն` 1997 թվականի պահանջները: ԲՈՀ-ի ղեկավարը նախ զարմացել է, ապա կատարել նախարարի պահանջը:

Զարմանքի պատճառն այն է, որ նա ընդհանրապես տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին. «Ես եկել եմ 2010 թ., ընդունել եմ փաստաթղթերն այնպես, ինչես կան և ինչպես տարիներ ի վեր ընդունված է եղել»,- ասում է Արտուշ Ղուկասյանը:

Բանն այն է, որ 2001 թ., երբ ԲՈՀ-ն ունեցել է այլ կարգավիճակ` լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հանրապետական մարմին և որոշակի ինքնուրույնություն է ունեցել, կառույցի ղեկավարն էլ եղել է ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածներում կատարվել են որոշ փոփոխություններ, ավելի ճիշտ` լրացումներ, ճշգրտումներ, որոնք կրել են բացատրական բնույթ, ապահովել են աշխատությունների հրապարակայնությունը, լրացումներից մեկն էլ կատարվել է միջազգային պայմանավորվածությունների արդյունքում: Սակայն պարզվել է, որ դրանք իրավական ակտերում ինչ-ինչ պատճառներով չեն ամրագրվել:

2001-ից ի վեր այդ լրացումներով է առաջնորդվել ոչ միայն այդ ժամանակվա նախագահը, այլև նրա հաջորդը` Արմեն Թռչունյանը, որը պաշտոնավարել է 2002-ից մինչև 2010 թվականը: Հատկանշական է, որ 2002-ից ԲՈՀ-ը մտել է ԿԳ նախարարության աշխատակազմի կառույցի մեջ՝ որպես գործակալություն, և Ղուկասյանը կարծում է, որ այդ ժամանակ նախարարությունը պարտավոր էր իրավական ակտերում ամրագրել գործող փաստաթղթերը: Իսկ Արմեն Աշոտյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, երբ իր իսկ նշած «խախտումով» ԲՈՀ-ն աշխատում էր արդեն ութ տարի: «Եթե դրանք պետք չէին, ժամանակին թող նախարարության կողմից համարվեին անվավեր, ոչ թե տասը տարի հետո նոր ասեին` սխալ է: Նշանակում է` կամ իմացել են և նորմալ են ընդունել, կամ նախարարության աշխատակազմը թերացել է իր պարտականությունների մեջ»,-ասում է Ղուկասյանը` մնալով, սակայն, այն կարծիքին, որ կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն են գործել և ընդունելի են եղել գիտական հանրության կողմից:

Այս ամենը վկայում է, որ ԲՈՀ-ի նախագահի «թերացումն» ընդամենը առիթ է եղել խիստ նկատողության համար: «Մինչդեռ, եթե լիներ առողջ աշխատանքային մթնոլորտ, նախարարության կողմից համակարգը բարելավելու բարի ցանկություն, ապա առանց աղմուկ-աղաղակի այդ փոփոխություններն այսօր կամրագրվեին նաև իրավական ակտերում, և ամեն ինչ նորմալ հունով կընթանար: Բայց, փաստորեն, դրանք ոչ միայն չամրագրվեցին, այլև ընդհակառակը` հանվեցին, և Աշոտյանն այժմ կարգադրել է առաջնորդվել 1997 թ. փաստաթղթերով, ինչը, կարծում եմ, հետընթաց է»,- ասում է նա:

Ղուկասյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն նամակ է պատրաստել նախարարին, որպեսզի այդ փոփոխությունները և նաև այլ փոփոխություններ ամրագրվեն իրավական ակտերում, որոնք խիստ անհրաժեշտ են ԲՈՀ-ի գործունեությունը բարելավելու համար:

Ըստ Ղուկասյանի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԲՈՀ-ը պետք է հնարավորինս անկախ մարմին լինի և ունենա որոշակի լիազորություններ. «Այն երկրներում, որտեղ որակավորման պետական մարմիններն ունեն ցածր կարգավիճակ, այնտեղ շատ խախտումներ են գրանցվում, և գիտության մակարդակն էլ ցածր է»:

Ինչով կավարտվի այս պատմությունը` առայժմ անորոշ է:  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ ԲՈՀ-ի նախագահին  երկրորդ ան•ամ խիստ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, և եթե խորհուրդը տա համաձայնությունը, դա հիմք կհանդիսանա Ղուկասյանին ազատելու զբաղեցրած պաշտոնից: Քաղծառայության խորհուրդ է դիմել նաև Ղուկասյանը` նախարարի առաջին  նկատողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և բեկանելու համար: Երկու դիմումների հիման վրա մեկ ընդհանուր ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքները պարզ կլինեն մեկ ամսվա ընթացքում:

ԲՈՀ-ի նախագահը տրամադրված է գնալ մինչև վերջ: Նրա խոսքով՝ սա իր համար ոչ թե պաշտոնից զրկվելու հարց է, այլ արժանապատվության. «Փաստորեն, իմ երկար տարիների փորձը, աշխատանքը, պետությանը մատուցած ծառայությունները, որի համար բազմաթիվ պարգևներ եմ ստացել, այս հրամանով վարկաբեկվում են, ինչն  անընդունելի է: Կարծում եմ` Աշոտյանը պետք է մտածի իր այս քայլի մասին…»

Հանրային խորհրդի դիրքորոշումը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև վերոնշյալ հարցը: ՀԽ անդամները համարել են, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել է հանրապետության նախագահին՝ առաջարկելով քննարկել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, կասկած էր հայտնել, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, կարծում է, որ ընդհակառակը, նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Ի դեպ, Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել: