Պարէտ Մարոնեանի «Ցեղասպանութեան Որբերը». ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ,լուսանկարներ

որբերըՍովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:

Ցաւը դեռ տանելի է, երբ այն մէկ երեխայի է վերաբերւում: Բայց երբ այն մտածուած ու ծրագրուած եղեռնագործութեան հետեւանք է, բռնի ու գազանաբար պարտադրուած որբութիւն եւ թիւը հասնում է հարիւր հազարների,  ցաւն արդէն հազարապատկուելով` պատռում է մեր հոգին, դուրս է գալիս իր սահմաններից եւ անօգնական թափառելով նրանցից իւրաքանչիւրի հետ` դառնում է ահաբեկումից խոշորացած բիբերով, հարազատ փնտռող, անփարատելի վշտոտ աչքերի հետապնդում, մեր ականջներում բոյն դրած սիրտ կեղեքող ճիչ, մեզ հետեւող շուք,  երկարած դատարկ ձեռքերի հաւաքական աղերս, որը կառչում է մեզնից, բոյն է դնում մեր մէջ, անվերջ յիշեցնում մեզ իրենց մասին ու պարտադրում մեզ հատուցում պահանջելու իրենցից իւրաքանչիւրի կրած ցաւի ու անբուժելի կսկիծի, իրենց պարտադրած եղեռական ճակատագրի համար:

Յանկարծակի, մէկ հրամանով ջարդուփշուր, ցիրուցան եղած հարիւրհազարաւոր հայ որբերի կեանքի պատմութիւնը ինչպէ՞ս պատմել, ինչպէ՞ս տեղաւորել որեւէ բանաձեւումի մէջ, որ սիրտ չկեղեքի ու սառը բանականութեամբ քայլես նրանցից իւրաքանչիւրի հետքերով, մտնես նրանց աւերուած երազների խորքը, վերստեղծես, տեսանելի դարձնես արդէն հարիւր տարուայ մօտեցող նրանց կրած դժոխային ապումների իրական պատկերը:

Բնականաբար այդ հարիւր հազարաւորներից սակաւ կենդանի մնացածների միայն մի չնչին մասը ի վիճակի գտնուեց իրենց ապրած ահարկու կեանքը բառերի վերածել ու աշխարհին լսելի դարձնել,թէեւ աշխարհը կոյր ու համր ձեւացած անտարբերութեամբ ընդունեց նրանց դժուարով արտաբերուած բառերը: Աստիճանաբար այդ կցկտուր բառերի վրայ աւելացան, դիզուեցին աշխարհի տարբեր երկրների արխիւներում յայտնուող կուտակուած փաստաթղթեր, լուսանկարներ, վաւերական ժապաւէններ, ականատեսների վկայութիւններ, իրենց լռութեան պատեանը պատռած տարբեր ազգերի ականաւոր մարդկանց յուշագրութիւններ եւ ամենակարեւորը այդ անօթեւան, անմարդկային սպանդին զոհ դարձող հարիւր հազարաւոր որբերին  պաշտպան կանգնած  կազմակերպութիւնների ու անհատների իրական գրառումներ:

Թէեւ այսօր, այսքան տեղեկութիւններով հանդերձ, դեռ անկարելի է ճշդել, ի մի բերել թիւը այն որբերի, որոնց խմբերով կենդանի թաղեցին, գետերն ու ձորերը նետեցին, մորթեցին, որոնց մարմինները տների շաղախ ու գազանների կեր դարձրին, թուրք, արաբ, քիւրտ, պետեւի ընտանիքներում որպէս ծառաներ ու հարճեր պահեցին, ստիպողաբար թուրքացրին:

Դեռ անյայտ է նոյնիսկ մասնաւոր անհատների կողմից, ինչպէս իմ մեծ հայրս, հօրս հայրը` Եղիա Ապուսէֆեանն է,ամիսներով, իր միջոցներով պետեւիների մօտից գնել, անապատներից ու ձորերի միջից հաւաքել թաքնուածներին, հիւանդներին ու բերել հասցրել Հալէպ եւ ինքը մահացել: Դեռ անյայտ է դրանց թիւն ու ճակատագիրը, ինչպէս մինչեւ  օրս չի հաւաքագրուել եւ ներկայացուել տարբեր որբանոցներում տեղ գտած մեր որբերի թուագրութիւն-պատմութիւնը մէկ ամբողջական թղթածրարով:

Թէեւ աշխարհում այսօր էլ դեռ շարունակւում է մարդկային տեղահանութիւնն ու կոտորածները, որբանում են հազարաւոր երեխաներ նոյն մարդկութեան անտարբեր հայեացքի առջեւ, այս ամէնով հանդերձ,մենք օգտագործելու ենք ամէն հնարաւորութիւն` մեր արդար պահանջատիրութեամբ նաեւ մարդկութեան սթափեցնելու, գործադրուող կոտորածները կանխելու:

Մեր նպատակը այլես ոչ թէ Ցեղասպանութեան հաստատման գործն է, այլ` մեր պահանջատիրութեան իրագործումը եւ դրա համար տարուող աշխատանքը:  Բնականաբար  իւրաքանչիւր ներդրում այդ ուղղութեամբ օգնելու է  մեր նպատակի իրագործմանը:

Վերջերս Հայոց ցեղասպանութեան արխիւը հարստացաւ, ծանրակշիռ, առարկութիւն ժխտող, համամարդկային ընկալումով մատուցուած մի բարձրորակ գործով:

Փաստավաւերագրական ժապաւէնի տաղանդաւոր բեմադրիչ Պարէտ Մարոնեանը Ցեղասպանութեան 100-ամեակի շեմին  հաւաքագրել,մէկ ծրարով ամբողջացրել է 1915թ մեր որբերի մասին  փաստավաւերագրական լուրջ ժապաւէն, արխիւային փաստաթղթի լուռ վիճակից այն  դարձնելով տեսանելի ու լսելի համայն մարդկութեանը:

«Ցեղասպանութեան որբերը» վերնագիրը կրող այս փաստավաւերագրական ժապաւէնը, որը տեւում է ընդամէնը 90 վայրկեան, երկարատեւ ու մանրակրկիտ ուսումնասիրութեամբ իրագործուած, արուեստի բարձր ճաշակով, առանց էժանագին յոյզեր գրգռող աւելորդութեան, ճշգրիտ հաւաքագրուած, քաղաքական եւ պատմական ազդեցութիւն ունեցող ժապաւէն է:

Բեմադրիչ Մարոնեանը երեք տարի է դրել այս աշխատանքը սահուն, խորը բովանդակութեամբ ոչ միայն հայերիս, կամ աշխարհի շահամոլ քաղաքագէտներին ներկայացնելու, այլեւ մեր պահանջատիրութեան հայցը էլ աւելի զօրացնելու: Բացի այն, որ սա Հայոց ցեղասպանութիւնը որբերի միջոցով ներկայացնող ցնցիչ հաւաքածու է, կատարուած իրողութիւնը դեռ ժխտել փորձողների բառերը իրենց կոկորդում խեղդող հարուած, ազգասպաններին դեռ թիկունք կանգնողներին ամօթալի ապտակ, միաժամանակ սա բացայայտ պահանջ է հարիւր հազարաւոր որբերի իրաւունքներին տէր կանգնելու, նրանցից խլուածը ետ պահանջելու համար:

Մենք երկար ենք սպասել այսպիսի տարողութեամբ ժապաւէնի` զուր շեփորահարելով բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանութեան նիւթով նոյնիսկ գեղարուեստական ժապաւէններ ստեղծեցին: Մինչեւ այսօր արդիւնքում ունեցել ենք միջակ որակի, նոյնիսկ հայերիս ոչինչ ասող գործեր:

Բայց ահա Լիբանան ծնած, Հայկազեանի շրջանաւարտ, 70-ի պատերազմի խառը տարիներին Ամերիկա անցած եւ Ֆլորիտա քաղաքում շարժապատկերի մէջ կրթութիւն ստացած, 4 Emmy, 6 Telly, 4 Arora, Platinum REMI եւ այլ մրցանակների տիրացած, ինչպէս նաեւ «Ցեղասպանութեան պատը», «1915-ի կանայք՛, «Կոմիտա՛ս հայրիկ» վաւերական ժապաւէնների հեղինակ Մարոնեանը իր այս վերջին` «Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնով մեզ է ներկայացնում լուրջ ուսումնասիրութիւն:

Բեմադրիչ Պարէտ Մարոնեանը պատմաբան հետազօտողի մանրակրկիտ ճշգրտութեամբ, նուրբ արուեստագէտի ներքին հայեացքով, դէպքերի, փաստագրութիւնների, հարցազրոյցների, լուսանկարների, մէջբերուած վաւերագրական ժապաւէնների հատուածները այնպիսի վարպետութեամբ է իրար  միահիւսում, մտքով եւ դէպքերի յաջորդականութեամբ իրար շաղախում, ձայներով, գոյներով, երաժշտութեամբ  եւ խօսքով միահնչուն դարձնում, որ նիւթի ծանրութիւնը ոչ միայն չի յոգնեցնում դիտողին,  90 վայրկեանը աննկատ է անցնում, այլ հակառակը` դիտողին ամբողջովին ներգրաւում է իր խորութեան մէջ, ժամ ու կէսը դարձնում` ակնթարթ:

Սովորաբար շատերը փաստագրական ժապաւէնները որպէս արուեստի գործ չեն ընդունում եւ ընդհանրապէս դրանք աւելի պատմողական, հետազօտական, ծանօթագրական բնոյթի սահմաններում են մնում: Բեմադրիչ Մարոնեանի այս ժապաւէնը դուրս է այդ ընդունուած սահմանումից: Մարոնեանը կարողացել է պատմուող նիւթը պահելով իր փաստային արժէքի մէջ` դրա շուրջ իրական բեմադրութիւն ստեղծել, որի դերակատարները լուսանկարներից ու փաստաթղթերից կենդանանալով` մեր առջեւ ստեղծում են 1915թ. Ցեղասպանութեանը  հայ երեխաներին պարտադրուած ճակատագրի կենդանի պատկերը:

Ժապաւէնի դերակատարները դերասաններ չեն, այլ` լուսանկարներից սիրտ կեղեքող հայեացքով մեզ նայող ցնցոտիներով կամ միանման հագնուած վտիտ,  2-13 տարեկան երեխաների հսկայական զանգուած, որոնց Մարոնեանը, արուեստի լեզուով կենդանացնում է մեր առջեւ, քայլեցնում, աշխատացնում, յանկարծ կանգնեցնում ու հայեացքները մեր վրայ սեւեռում: Ժապաւէնի գլխաւոր «դերակատարը» թուրքն է իր գործած Ցեղասպանութեան կենդանի վկայութիւններով, ժամանակը` 1915թ, դրան հետեւող տարիները, մինչեւ մեր օրերը:  Կատարուող իրադարձութիւնները` Արեւմտահայաստանի մեր տարածքներից սկսած, Թուրքիոյ, Միջին Արեւելքի տարբեր քաղաքները, Ալեքսանտրապոլ (Գիւմրի), մինչեւ Քանատա եւ Ամերիկա են հասնում:

Պատմուող նիւթից դանդաղօրէն ամբողջ պաստառով յառնում է դժոխային սարսափ ապրած աչքերով, մանկական դէմքին իր որբութեան պատմութիւնը դրոշմուած, հերարձակ մի աղջիկ: Հայկական նշաձեւ աչքերում մանկական խայտանքը ջնջուած է, տանջանքից խոշորացած բիբերով նայում է մեզ: Նրա գեղեցիկ, վեհ, հոգի ծակող հայեացքում մարդկութեանն ուղղուած ծանր մեղադրանք ու դադապարտում կայ եւ միեւնոյն ժամանակ հաստատ ու անընկճելի կամք` ապրելու ու յարատեւելու: Վարպետութեամբ օգտագործուած լոյսի, գոյների համագործակցութիւնը, աստիճանաբար խոշորացող այդ ակնթարթ յայտնուող հայեացքը դառնում է ժապաւէնի եւ ապրող հայութեան խորհրդանիշ:

Անկարելի է չնշել բեմադրիչի օգնականներ Փոլ Անտոնեանին եւ Պետօ Տէր Պետրոսեանին, որոնց համատեղ ջանքերով 2006թ ստեղծուած  «Արմէնոյտ թիմ»-ը այս անգամ էլ այս հիասքանչ աշխատանքի ստեղծողներն են դարձել:

Աշխարհահռչակ մրցանակակիր լրագրող, գրող Ռոպերթ Ֆիսքի` Այնթուրայի հազար հայ որբերի թուրքացման մասին 2010թ «Պրիթիշ Տէյլի Նիուզ»-ում հրատարակուած յօդուածը, հիմնուած` հարաւային Քալիֆորնիայից Միսաք Քելեշեանի մանրակրկիտ ուսումնասիրութեան վրայ, անմիջապէս գրաւում է Պարէտ Մարոնեանի ուշադրութիւնը: Մասնագիտութեամբ ելեկտրականութեան ճարտարագէտ Միսաք Քելեշեանը, ում շնորհակալ ենք, զարմանալի յայտնագործութեան է յանգել, միայնակ, անձնական լուրջ պրպտումներով, փաստերով հաստատել, որ այսօրուայ Այնթուրայի Ֆրանսական քոլեճը 1915-ին եղել է հազարաւոր հայ որբերի թուրքացման կենտրոն Ճեմալ փաշայի իրաւասութեան եւ հսկողութեան տակ: Եւ ինչպէս սովորաբար լինում է ստեղծագործողների պարագային, ներքին մի կրակ անմիջապէս Մարոնեանի մէջ ծնել է այս նիւթը եւ բնականաբար դրա հիմնական պատճառը հանդիսացած Ցեղասպանութեան ժամանակ հայ որբերի ճակատագիրը, դարձնել տեսանելի ու լսելի:

Մէկ եւ կէս ժամնոց այս շարժապատկերը ստեղծելու համար, բեմադրիչ Մարոնեանը հսկայական ժամեր է դրել տարբեր երկրներում, տարբեր կազմակերպութիւնների իրաւասութեան տակ գտնուող տասնեակներով փաստաթղթեր ուսումնասիրելու եւ իր մտայղացման համար դրանցից ամենակարեւորները ընտրելու:  Դա միայն կը հասկանայ, ով լծուած է այսպիսի ծանր աշխատանքի մէջ:

Ուսումնասիրուած եւ դրանց վրայ ստեղծուած վաւերագրութիւնը վերցուած են այնպիսի լուրջ, հեղինակաւոր արխիւներից, ինչպիսիք են` Ռոքըֆելըր արխիւի կենտրոնը, Գերմանիոյ Ազգային արխիւը, Դանիական ազգային արխիւը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանը, Ամերիկայի Միացեալ Նահանգների Ազգային արխիւը, «Զօրեան» հիմնարկը, Հայաստանի Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը, ՀՕՄ-ի եւ մի շարք այլ անձնական արխիւներում պահուած հաւաքածուները:

Պատմւում, փաստերով ներկայացւում է նաեւ Լինքոլն Լոյալ Ուըրթի տեղեկութիւններով երկու հարիւր հազար  հայ որբերի 212 տարբեր որբանոցների մէջ կեցութեան ու ճակատագրի հետքերը` Պոլսոյ, Հալէպի, Լիբանանի, Այնթուրայի, Ղազիրի, Ուրֆայի, Իրաքի, Կիպրոսի, Քորֆուի, Ալեքսանդրապոլի, Երուսաղէմի որբանոցներում, որոնք ղեկավարուել են American Near East Relief Faundation-ի կողմից: Միայն Ալեքսանդրապոլում տեղաւորուած են եղել 20 հազար հայ որբեր:  Այդ որբանոցների մի մասը արդէն խորհրդային տարիներին դարձել էին զինուորական զօրանոցներ` պալիգոն անունով եւ տեղացիները անտարբերօրէն մատնանշում էին, որ դրանք հին որբանոցներն են եղել:

Այսօր ստիպողաբար կրօնափոխ եղած հայերը արդէն պատռում են իրենց լռութեան քօղը եւ պարզում իրականութիւնը:  Թէեւ մենք դեռ անպատասխան ենք թողնում նրանց, բայց նրանց գոյութիւնը անժխտելի է այլեւս: Այս ժապաւէնով Մարոնեանը հայութեան, աշխարհի եւ թուրք հերքողների առջեւ մի նոր ապացոյցով հաստատում է, որ թուրքացում-կրօնափոխութիւնը, ձուլումը եղել են  Թուրքիոյ իրագործած Ցեղասպանութեան հիմնական ծրագրերից մէկը, որը խստօրէն իրականացուել է Այնթուրայի որբանոցում եւ այլուր: Այնթուրա բերուած 1,456 որբերը հիմնականում երեքից տասնչորս տարեկան երեխաներ են եղել, որոնց թլփատելով, անունները թրքացնելով, թուրքերէն խօսել պարտադրելով, ամէնօրեայ իրենց քարոզներով թրքութեանը կապելով` փորձել են ամբողջովին թրքացնել: Աստիճանաբար 11-ից բարձր տարիք ունեցող եւ խոշորակազմ տղաներին սպաննել են: Գառնիկ Բանեանը, հետագայում  Համազգայինի Նշան Փալաճէան Ճեմարանի փոխ տնօրէն, ունի սրտառուչ գրառում այդ մասին: Նրան Այնթուրա են բերել վեց տարեկանին: Իւրաքանչիւր երեխայ թուով է ճանաչուել, ինքը եղել է թիւ 551-ը եւ անունն էլ դարձրել են Մահմուտ: Յաճախ սնուել է որբանոցի շուրջը յայտնուող ոսկորները փշրել ուտելով, անգիտակից, որ դրանք իր մահացած ընկեր որբերի անթաղ մասնիկներն են:  Այդ երեխաներից միայն 456-ն են կենդանի մնացել:  300-ի դիակները 1993-ին են յայտնաբերուել, երբ շինարարութեան համար փորել են տարածքը:  Տարբեր օրերին մեռածներին անթաղ նետել են շներին ու գազաններին կեր դարձրել, որոնց ոսկորներից էլ սնուել են որբանոցում անօթութիւնից տառապող երեխաները:

Այսօր այդ սոսկալի ոճրագործութեան շեմին, Խաչատուրեան ընտանիքի  կողմից յուշարձան է կանգնեցուած եւ տապանաքարեր զետեղուած հայ որբացած անպաշտպան մանուկներին յաւէրժացնելու համար:

Ծանր է կանգնել Այնթուրայի այդ փոքրիկ գերեզմանոցում եւ չտեսնել այդ տանջուած մանուկների դէմքերը, չլսել նրանց գիշերային լացը, չզգալ նրանց անմեղ ու չարաչար տանջուած ներկայութիւնը, չլսել ֆալախայի հարուածների ցաւից պոկուած նրանց անպաշտպան ճիչը:

Թուրքացման ծրագիրը լայն տարողութեամբ, յատկապէս Եղեռնի ժամանակ իրականացնելը հաստատւում է անմիջականօրէն

1915-ի օգոստոս 30-ի Թալէաթի հրամանագրով, ուր ասւում է. «Հա՛յ երեխաների գոյութիւնը պաշտօնական հաստատութիւններում անընդունելի է, պէտք է նրանց բաժանել իսլամական գիւղերում»:  Հաւաքագրուած երեխաներին` 1, 426 երեխայ, իսլամացման համար ուղարկել են թուրքական տարբեր հաստատութիւններ:

Հետաքրքիր մի իրականութիւն եւս բացայայտուած է այս ժապաւէնում: Քանատայի ՀՕՄ-ի դրամահաւաքով որոշւում է որբեր բերել Օնթարիօ, նրանց գիւղատնտեսութիւն սովորեցնելու, ուսումն ու կեցութիւնը հինգ տարով ապահովելու: 1924 թուականին 109 որբեր տարբեր տեղերից բերւում են Ճորճթաուն, ուր նրանց տրամադրում են ճահճոտ մի շրջան, որը  չորացնելով` մշակելու, պիտանի էին դարձնելու: Ի երախտագիտութիւն նուիրատուների հաստատութիւնը փորձում է փոխել նրանց անունները, իւրաքանչիւրին նոր անգլո-սաքսոն անուն տալով, մոռացնել իրենց իսկութիւնը, աւելի արագ եւ վերջնական այդ երկրին ձուլելու: Որբերը, այդ անօգնական ու անպաշտպան մնացած երեխաները, կտրականապէս մերժում, ըմբոստանում, չեն ընդունում առաջարկը: Միակ բանը, որ նրանք փրկել էին այդ արհաւիրքից, իրենց փլուզուած մանկութիւնից, կորցրած արմատներից, իրենց ծնողների կողմից իրենց տրուած անուններն էին, միակ կապը իրենց ծնողների եւ իրենց իսկութեան հետ, որը իրապէս շօշափելիօրէն ունէին, իրենցն էր եւ ոչ մի գնով չեն զիջում այն:  109 որբեր, աշխարհում ամբողջովին միայանակ մնացած 109 մանուկ հայեր տէր են կանգնում իրենց ինքնութեան:

Գուցէ դիտողները հարեւանցի նայում ու անցնում են այս փաստից, բայց ի պատիւ Մարոնեանի պիտի նշեմ, որ սա կարեւոր դիտարկումով է մէջբերուած:  Ձուլման ճնշումը միշտ, մինչեւ օրս էլ ամէնուր է, հարցն այն է, թէ ո՞վ ինչպէ՛ս է հակադարձում դրան:  Այդ երեխաների արարքը ուսանելի է այսօրուայ ինքնակամ ձուլուողներին, օտար անունը իրենց հայկականից գերադասողներին, իրենց ինքնութիւնից ամաչողներին:

Ինչպէս վերը նշեցի, հարցազրոյցները, հրամանագիր-փաստաթղթերը, մէջբերումները ամենայն մանրակրկիտութեամբ, սեղմ ու պատկերաւոր են ընտրուած: Օգտագործուած երգերը` տեղին ու ճաշակով տեղադրուած, նոյնիսկ երգերի արեւմտահայ կատարման ընտրութիւնն է մտածումով արուած, որը մէկ անգամ եւս գալիս է հաստատելու, որ այս ժապաւէնը արեւմտահայութեան պատմութան, ողբերգութեան ու պահանջատիրութեան փաստաթուղթն է:

Այս ժապաւէնը նաեւ հայութեան շնորհակալութեան փոխանցումն է բոլոր այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնք ձեռք մեկնեցին, տէր կանգնեցին, ապաստան տուին, կենդանի պահեցին  մեր որբերին:

«Ցեղասպանութեան որբերը» ժապաւէնը իրականացուել է այդ փրկուած որբերի զաւակների` Պէզիքեան, Ուզունեան ընտանիքների, Էսքիճեան, Չիթչեան հաստատութունների նիւթական նուիրատուութեան շնորհիւ, որոնք արժանի են իրական գնահատանքի, խորին շնորհակալութեան եւ բոլոր նրանց ովքեր անկողմնակալ իրենց մասնակցութիւնն են բերել այս փաստաթուղթ- ժապաւէնի պատրաստմանը:

Պարէտ Մարոնեանի ժապաւէնը մեր հարիւր հազարաւոր որբերին երախտագիտութեան տուրք է, խնկարկում` նրանցից իւրաքանչիւրի ներքին ուժի ու կամքի, նրանց անհատականութեան ու հաւատի առջեւ, անժխտելի ապացոյց ոչ միայն նրանց կրած տառապանքի, այլ նաեւ` այսօրուայ մեր գոյութեան, մեր յարատեւման:

Որքան էլ ապրողներիս պարտքն է մեր հոգու խորքում պահելու սակաւ լուսանկարներից մեզ նայող, նոյնիսկ իրենց վշտի ու թշուառութեան մէջ գեղեցիկ ու ազնուական, այդ երեխաներից իւրաքանչիւրի անյատակ տխրութեամբ լեցուած աչքերն ու վշտով լեցուն, օգնութիւն աղերսող հայեացքները, սակայն մեր հիմնական աշխատանքը լինելու է այս երեխաների իրաւունքները պահանջելը ջարդարարից:  Այսօրուայ թուրք սերունդը յղփանում, բարգաւաճում է մեր այս որբերից խլուած իրաւունքներով:

Այս ժապաւէնը կ՛արժէքազրկենք, եթէ այն դարձնենք միայն մեր որբերի ճակատագիրը լուսաբանող, կամ դրանով թուրքի ոճրագործութիւնը փաստող եւս մէկ վաւերագրութիւն:

Մենք պարտաւոր ենք այդ որբերի իւրաքանչիւրի անունից պահանջ ներկայացնելու այսօրուայ Թուրքիոյ կառավարութեան, իրենց անցեալը ժխտող այսօրուայ թուրք սերունդին, որ այս տարողութեամբ գործուած ոճիրները ոչ միայն չեն մոռացւում, ոչ միայն անկարելի է հերքել կամ անհետացնել հետքերը, այլ անժամկէտ են եւ հատուցումը` պարտադիր: Որ այսօրուայ Թուրքիոյ կառավարութիւնը եւ թուրք սերունդը պարտաւոր է հատուցել այս որբերի մանկութիւնը ջարդուփշուր անելու, իրենց ընտանեկան ջերմութիւնից վայրագօրէն զրկելու, իրենց երկրից դուրս նետելով հազարաւոր մղոններ սարսափի ու ահի տակ քայլեցնելու, որպէս ստրուկ ձրի աշխատեցնելու, հարիւր տարիներ սեփականացնելով նրանց հողերը, տներն ու ունեցուածքները առանց փոխհատուցման օգտագործելու համար:

Իրապէս վիրաւորական է այս ժապաւէնը` «Ցեղասպանութեան որբերը», դիտել միայն փոքրիկ սրահներում, խղճուկ, մի խումբ հայութեան ներկայութեամբ:

Իւրաքանչիւր հայի պարտքն է դիտել այս ժապաւէնը, իր յարգանքի տուրքը տալ մեր չարաչար տանջուած որբերին, որոնց մի փոքրաթիւ մասի շարունակութիւնն են մեզնից շատերը եւ օգտագործել ամէն միջոց` նրանց խեղդուած ձայները կենդանացնելու, պահանջ դարձնելու:

Կազմակերպուենք մեր մտածողութեամբ, մեր ողջ ուժը կենտրոնացնենք մեր պահանջատիրութեան աշխատանքի վրայ եւ օգտագործենք բոլոր միջոցները մեր պահանջատիրութիւնը իրագործելու:

http://www.aztagdaily.com/archives/175092

Անկախ

Գործարարության մեջ կանանց ներուժը մեծ է, հնարավորությունները` քիչ

կին գործարարՈրքան էլ խոսվում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում կանանց առաջխաղացման մասին, նրանք քիչ տոկոս են կազմում: Այսօր կանանց և տղամարդկանց ձեռնարկատիրություն սկսելու գործընթացներում խտրականություն չկա, չկան նաև կանանց համար սահմանված հատուկ արտոնություններ: Սոցհարցումները և հետազոտությունները վկայում են, որ կանայք գործարարությամբ զբաղվելու առումով ավելի պատրաստված են, քան տղամարդիկ: Նրանք ներուժ ունեն, կրթվածության առավել բարձր մակարդակ, զուսպ են, բարեկիրթ և ամենակարևորը` համբերատար:

Շատ է խոսվում այն մասին, որ պետությունը վերջին տարիներին միջոցներ է ձեռնարկում կանանց ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ, սակայն առկա ցուցանիշները այդքան էլ գոհացնող չեն: Փոքր և միջին ձեռնարկատերերի միայն 10 տոկոսն են կանայք: Նրանց մեջ խոշոր ձեռնարկատերեր գրեթե չկան: Իսկ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց մասնաբաժինը երկու անգամ ավելին է և կազմում է 20-25 տոկոս:

Հայաստանի գործարարների հանրապետական միությունը կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտում աշխատանքներ է իրականացնում դեռևս 2008-ից: Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` կանայք իսկապես գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ ունեն և կառավարման հարցում առավել թափանցիկ են, զգուշավոր, սակայն նրանց հնարավորություններն են սահմանափակ: «Եթե տղամարդիկ միգրացիայի պատճառով ստիպված են լքել իրենց ընտանիքները և ժամանակավոր հեռանալ, ապա կանայք այդ ընտանիքի կեցության, իրենց հասարակական դիրքի ամրապնդման համար կարիք ունեն գործարարությամբ զբաղվելու», – ասում է նա:

Գործարար կանանց շրջանում անցկացված հարցումներն ու այդ ուղղությամբ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ կանանց շրջանում գործարարությամբ զբաղվելու խնդիրներն ավելի շատ են, քան տղամարդկանց շրջանում: Նրանք մատնանշել են սեփական գույքի, համապատասխան գրավի առարկայի բացակայությունը, ինչը խոչընդոտում է վարկավորման գործընթացին:

Բիզնեսի առաջմղման համար, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, բանկերը պետք է պարտավորվեն ցածր տոկոսադրույքներով վարկավորել կին գործարարներին: «Կինը գործարարության մեջ համարում եմ ոչ թե զուտ աշխատանք, այլ ճակատամարտ և հերոսություն»,- ասում է տիկին Նաղդալյանը: Նա հորդորում է կանանց վստահ լինել սեփական ուժերի մեջ, կարողանալ անել ավելին: «Մենք մեր գերխնդիրներից ենք համարում կանանց ձեռնարկատիրության զարգացմանն աջակցող առանձին ծրագրի իրականացումը, քանի որ ինչ արվում է կանանց համար, դրանից շահում է հասարակությունը և երկիրը». ասում է նա: Հասարակությանն անհրաժեշտ են փոքր բիզնեսներ և բնակչության միջին խավ, և ըստ նրա` պետությունը պարտավոր է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը. «Տարիներ շարունակ, երբ չունեինք աջակցության ծրագրեր և կանանց համար շատ ավելի բարդ էր գործելը, նրանցից շատերը կարողացան վստահաբար առաջ գնալ և ոմանց նույնիսկ հաջողվեց դառնալ ձեռներեց Հայաստանի տնտեսության այս պայմաններում: Բիզնեսը ծովի նման է, և յուրաքանչյուրը պետք է կարողանա լողալ` հաղթահարելով ալիքները»: Նրա համոզմամբ, բիզնեսով զբաղվելու համար պետք են նախ գիտելիքներ ու հմտություններ և ֆինանսական հնարավորություններ, հետևաբար մատչելի վարկավորում` առանց գրավադրման, հաշվի առնելով, որ կանայք ավելի պարտաճանաչ են, պարկեշտ և ոչ արկածախնդիր: Սակայն դժվար է լծակներ կիրառել մասնավոր ֆինանսական ընկերությունների նկատմամբ, պարտավորեցնել նրանց ընդառաջ գնալ կանանց, երբ չկա հստակ մեխանիզմ կամ մշակված ծրագիր:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Քնարիկ Մալխասյանն էլ այն կարծիքին է, որ կանանց համար պետք է հատուկ պայմաններ ստեղծել, քանի որ բիզնեսում կանանց և տղամարդկանց պահանջներն այլ են:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այնուամենայնիվ, վերջին տարիներին ոլորտում բավականաչափ բարեփոխումներ եղել են: Խոսքը մասնավորապես էլեկտրոնային հաշվետվությունների մասին է, 2010 թ. ընդունված գենդերային քաղաքականության հայեցակարգի ու դրանից բխող ծրագրերի իրականացման մասին: Միության նախագահի համոզմամբ, կանանց ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը վերջին տարիներին ավելանում է: Կանայք ավելի շատ ներգրավված են սննդի (հատկապես հրուշակեղենի), տեքստիլ արդյունաբերության, գեղեցկության սրահների, ֆուրշետների և հարսանյաց միջոցառումների կազմակերպման և ամենատարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում:

Այնուամենայնիվ, ի՞նչն է խոչընդոտում կանանց լինելու առավել ակտիվ սեփական բիզնեսը նախաձեռնելու գործում: «Կանանց պատրաստակամությունն է ցածր բիզնես սկսելու գործում, ուստի մենք պլանավորել ենք նրանց շրջանում տեղեկատվական արշավներ կազմակերպել և ցույց տալ հաջողված կին ձեռներեցների փորձը: Դա հնարավորություն կտա բացելու նրանց տեսադաշտը սեփական բիզնեսը սկսելու գործում, ինչը և՛ եկամտի աղբյուր է, և՛ աշխատուժի ստեղծման խթան, և՛ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն: Պարզապես, միակ խոչընդոտն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանայք նաև տան և կենցաղային հոգսերը կրողն են և ի վիճակի չեն բիզնեսին առավել երկար ժամանակ հատկացնելու, ինչը բացասաբար է ազդում գործարար կապերի ստեղծման և բիզնեսի կառավարման տեսանկյունից»,- ասում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրի համակարգող Գոհար Ղաբուզյանը:

Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, որը սկսվել է նախորդ տարվա մարտ ամսից:

«Սակայն մեր հետազոտությունների արդյունքում խոսելով նրանց խնդիրների մասին` մենք հասկանում ենք, որ ցածր ներգրավվածության միակ պատճառը նրանց փորձառության և որոշ հմտությունների պակասն է: Ուստի մեր ծրագիրը կենտրոնացված է նաև այս խնդրի վրա, որպեսզի բարելավենք բիզնեսի զարգացման ծառայությունները»- այսպիսի կարծիք է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչ Դևիդ Դոլլը:
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն կանայք, որոնք մրցունակ բիզնես ծրագիր ունեն, իսկ սեփական մտահղացումներն իրականացնելու համար պետք է շուկան լավ պատկերացնել, կարողանալ գրագետ հաշվել ինքնարժեքը, անել ճշգրիտ ֆինանսական կանխատեսումներ, հստակ պատկերացնել շահույթը և այլն: Ըստ Գոհար Ղաբուզյանի, քանի որ մեր երկրում կին ձեռնակատերերի ներուժը բավարար չափով չի օգտագործվում և նրանց տեսակարար կշիռը բավական ցածր է ընդհանուր գործարարության մեջ, նրանց գործարարությունը խթանելու կարիք կա: Նա տեղեկացրեց, որ տղամարդիկ նույնպես կարող են ծրագրին մասնակցել, սակայն բոլոր ծրագրերում իրենց թիրախը կանանց գոնե 50 տոկոսի վարկավորման և աջակցության ապահովումն է: Մինչ օրս իրականացվել է 7 ծրագիր, մեկը մայրաքաղաքում, մնացածը` մարզերում: Հիմնականում խրախուսվել են արտադրության ոլորտներն ու նորարար գաղափարները: Կանանցից շատերն արդեն սկսել են իրենց բիզնեսը և նույնիսկ հասցրել են կայանալ: Ծրագիրը եռամյա է և հաջողության դեպքում գուցեև դառնա շարունակական:
Լ.Ն

Անկախ

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ

եղունգներԵղունգները միշտ էլ պահանջում են խնամք, քանի որ զանազան նյութափոխանակության խանգարումներից կարող են եղունգները բարակել եւ հեշտությամբ ջարդվել:

Եղունգների տակի սեւ  բծերը կարող են խոսել  քաղցկեղի բարձր հավանականության մասին:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում մատնահարդար Աննա Երանյանի խոսքով մատների ծայրերի չափերի մեծացման կամ եղունգների ծալվելու դեպքում թոքային կամ սրտային որեւէ հիվանդություն է  առկա: Երբ եղունգի մեծ մասը սպիտակ է կարելի է կասկածել լյարդի ցիրոզ կամ շաքարախտ: Մատնահարդարի պնդմամբ եթե եղունգը դեղին է կամ շերտավորվում է հնարավոր է այն վարակված է սնկային հիվանդությամբ: Օրինակ` եղունգների կոտրատվելը կարող է վահանաձև գեղձի խնդրի կամ էլ հանքային աղերի պակասի հետևանք լինել: Եղունգների վրա ակոսիկների ի հայտ գալը ենթաստամոքսային գեղձի բորբոքման, բարակ աղիքի կամ էլ հոդաբորբի  արտահայտություն լինել: Գծերը կարող են լինել  նաև սթրեսի հետևանքլ: Տափակ եղունգները թույլ սրտի մասին են վկայում:

Մատնահարդարի համոզմամբ  եթե  եղունգները կոտրվող են, օգտակար է երկու օրը մեկ դրանք որոշ ժամանակը պահել տաք աղաջրում: Լավ արդյունքի կարելի է հասնել մշտպես եղունգների պատրաստի քսուքներ օգտագործելու դեպքում: Դրանք ամրացնում, վերականգնում են եղունգների գույնը եւ փայլը;

Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ  խառնուրդով. 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:

Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մտցնեք սառը ջրի մեջ: Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա:

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ եւ ծեր հասակում:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում` եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքներով. 30գ յոդի թուրմ, 30գ 70 գրադուս գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք: Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ «Ակօս»-ի հաղորդմամբ՝ երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ և թուրք ազգայնականներ են հավաքվել և բողոքի ակցիա իրականացրել կապված Խոջալուի դեպքերի հետ: Ցուցարարների խումբը ցանկացել է երթով շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ, սակայն թուրքական ոստիկանությունը խոչընդոտել է նրանց առաջընթացը: Ցուցարարները ազգայնամոլական բովանդակությամբ պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը, Ողջույն Արբեջանին, շարունակություն պայքարին»: Ցուցարաները պահանջել են, որպեսզի Թուրքիան Խոջալուի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»:

 

Անկախ

Ի՞նչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը

հանրային խորհուրդՍ.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ:

Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:

Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:

Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Նշենք, որ և՛ կենսաթոշակային համակարգի, և՛ օդանավակայանի հին ուղևորային համալիրի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ՀՀ նախագահին ու վարչապետին:

Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են: Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Հանրային խորհուրդը հանդես կգա առաջարկությամբ՝ կառավարության և խորհրդի միջև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ՝ գիտության և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն առավել խորությամբ ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երևույթները, որոնք նաև հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաև կներկայացվեն առաջարկներ երևույթի տարածումը կանխելու համար:

Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում և կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, և կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:

Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նաև տնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ: Մասնավորապես կբարձրացվի «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների հարցը, որոնք ըստ խորհրդի, կարող են խոչընդոտել արտասահմանյան ներդրումները: Կներկայացվի նաև ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման հարցը, քանի որ տնտեսվարողների նկատմամբ ֆինանսական միջոցների կալանքի կիրառումը հանգեցնում է դրանց սնանկացմանը: Երևանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաև Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:

Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ և հարկվում պետության կողմից), ինչպես նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը:

Կբարձրացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու հարցը, մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, ազգային անվտանգության հայեցակարգի դրույթների խախտման և մի շարք այլ հարցեր:

 

Անկախ

«Ռեյգանոմիկայի» հայր Փոլ Քրեյգ Ռոբերտս. «Եթե ռուսները չարթնանան, պատմություն կդառնան»

Փոլ Քրեյգ ՌոբերթսԱՄՆ ֆինանսների նախագահի նախկին օգնական, հայտնի տնտեսագետ ու հրապարակախոս, «Ռեյգանոմիկայի» (Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք ամերիկյան կառավարության տնտեսական քաղաքականության ուղղություն) հայր Փոլ Քրեյգ Ռոբերտսը բացահայտում է ուկրաինական մարտերի խորագաղտնիքները:
Փոլ Քրեյգ Ռոբերտսի «Ռուսաստանը հարվածի տակ» հոդվածն օրերս հայտնվել է նրա պաշտոնական կայքում (paulcraigroberts.org), որը ներկայացվում է հատվածաբար:
Ես իմ մի շարք հոդվածներում արդեն բացատրել եմ, որ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի համար խոչընդոտ է ծառայել. ԽՍՀՄ-ի քայքայումը սանձազերծեց ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի նեոպահպանողական առաջխաղացումը: Ռուսաստանը` Պուտինով, Չինաստանն ու Իրանը միակ սահմանափակումներն են նեոպահպանողական օրակարգում: Միջուկային հրթիռներ ու ռազմական տեխնոլոգիաներ. այս ամենը Ռուսաստանը դարձնում է լուրջ խորչընդոտ ԱՄՆ հեգեմոնիայի համար:
Ռուսաստանը չեզոքացնելու համար Վաշինգտոնը խախտեց Ռեյգանի ու Գորբաչովի համաձայնությունը, ընդլայնեց ՆԱՏՕ-ն խորհրդային կայսրության նախկին տարածքների հաշվին ու հիմա մտադիր է Ռուսաստանի նախկին հատվածները` Վրաստանն ու Ուկրաինան ներգրավել ՆԱՏՕ-ի մեջ: Վաշինգտոնը հեռացել է այն պայմանագրից, որն արգելում էր հակահրթիռային պաշտպանությունը, և հակահրթիռային հենակայաններ է հաստատել ռուսական սահմանում: Վաշինգտոնը փոխել է իր միջուկային ռազմական դոկտրինը, որպեսզի իրեն առաջին հարվածը հասցնելու հնարավորություն վերապահի:
Այդ ամենը նպատակաուղղված է զսպմանը` նվաստացնելով Ռուսաստանի արժանապատվությունը, նվազեցնելով նրա` Վաշինգտոնին դիմադրելու ունակությունը:
Ռուսաստանի կառավարությունը (ինչպես նաև` Ուկրաինան) հիմարաբար թույլատրում են, որ իրենց երկրներում գործեն ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մեծ թվով հասարակական կազմակերպություններ: Դրանք Վաշինգտոնի գործակալներն են «իրավապահ կազմակերպության» կամ «ժողովրդավարության կառուցման» քողի տակ:
«Pussy Riot» ակցիան գործողություն էր` ուղղված այն նպատակին, որ Ռուսաստանն ու Պուտինը երևան վատ լույսի տակ: Կանանց օգտագործեցին ու խաբեցին:
Արևմտյան ԶԼՄ-ների հարձակումները Սոչիի Օլիմպիադայի վրա Պուտինին ու Ռուսաստանը ծաղրելու ու գազազացնելու մասն են կազմում: Վաշինգտոնը որոշել է, որ Պուտինին ու Ռուսաստանին արգելված է որևէ հաջողության դրսևորում որևէ ոլորտում, լինի դա դիվանագիտություն, սպորտ թե մարդու իրավունք:
Ամերիկյան ԶԼՄ-ները քարոզչության նախարարություն են, որ աշխատում է կառավարության ու կորպորացիաների համար: ԶԼՄ-ներն օգնում են Վաշինգտոնին Ռուսաստանը թաղել կեղտի մեջ: Սթիվեն Ֆ. Կոենը ճիշտ է նկարագրում է, թե ամերիկյան ԶԼՄ-ները լուսաբանում են Ռուսաստանում կատարվող ամեն ինչ որպես «ամոթալի, ոչ պրոֆեսիոնալ ու քաղաքական սադրիչ իրադարձությունների փոթորկալի հեղեղ»:
Որպես «սառը պատերազմի» մնացուկ` ամերիկյան ԶԼՄ-ները պաշտպանում են ազատ մամուլի կերպարը, որին իբր կարելի է վստահել: Իրականում Ամերիկայում ազատ մամուլ չկա, բացառությամբ ինտերնետային կայքերի: Վերջին տարիներին Քլինթոնի վարչակարգը, ԱՄՆ կառավարությունը 5 խոշորագույն կորպորացիաների թույլ տվեցին իրենց ներքո կենտրոնացնել տարբեր ու անկախ ԶԼՄ-ներ: Այդ հսկայական մեգա-ընկերությունների արժեքը կախված է հեռարձակման դաշնային արտոնագրից:
Այսպիսով, ԶԼՄ-ները չեն համարձակվի հակառակվել կառավարությանը ոչ մի կարևոր հարցում: Բացի այդ, մեդիա-կորպորացիաներն այլևս լրագրողների կառավարման ներքո չեն, այլ ղեկավարվում են կորպորատիվ գովազդային մենեջերների ու կառավարության նախկին պաշտոնյաների կողմից, որոնք ոչ թե փաստերին են ուշադրություն դարձնում, այլ գովազդից ստացվող եկամտին ու կառավարական «աղբյուրներ» մուտք ունենալու հնարավորությանը:
Վաշինգտոնը ԶԼՄ-ներն օգտագործում է ամերիկյան ժողովրդին Ռուսաստանի հետ առերեսման նախապատրաստելու և ռուսներին ու աշխարհի մյուս ժողովուրդներին Պուտինի դեմ տրամադրելու նպատակով: Վաշինգտոնը կցանկանար, որ Ռուսաստանն ավելի թույլ ու ենթարկվող առաջնորդ ունենար, քան Պուտինն է:
Ռուսաստանցիներից շատերը դյուրահավատ են: Ապրելով կոմունիստների ու ճգնաժամի քաոսի փորձությունները` նրանք միամտաբար կարծում են, թե Ամերիկան լավագույն տեղն է, օրինակ` ողջ աշխարհի համար, երկիր, որին կարելի է հավատալ ու վստահել: Դա հիմար համոզմունք է, որը, ինչպես տեսնում ենք, արտահայտվեց Արևմտյան Ուկրաինայում, թե ինչպես է ԱՄՆ-ն ապակայունացնում այդ պետությունը` պատրաստվելով նրա գրավմանը. դա այն գլխավոր զենքն է, որն ԱՄՆ-ն օգտագործում է իրավիճակը Ռուսաստանում ապակայունացնելու նպատակով:
Որոշ ռուսաստանցիներ ներում են Վաշինգտոնի հակառուսաստանյան հռետորաբանությունը` բացատրելով, դա գալիս է «սառը պատերազմի» հին կարծրատիպերից: «Հին կարծատիպերը» շեղող հնարք են, որոնք մոլորության մեջ են գցում: Վաշինգտոնը նշանի տակ է վերցրել Ռուսաստանը: Ռուսաստանը հարվածի տակ է, ու եթե ռուսները դա չհասկանան, կդառնան պատմություն»:
Շատ ռուսաստանցիներ են քնում «միացման-անջատման կոճակի վրա»: Նրանց փորձում է արթնացնել Իզբորի ակումբը: 2014-ի փետրվարի 12-ին ռուսական «Զավտրա» շաբաթաթերթում ռազմավարական ու ռազմական փորձագետները նախազգուշացնում են, որ Արևմուտքն օգտագործում է բողոքի ցույցերը, որպեսզի չեղարկվի Ուկրաինայի ԵՄ չմտնելու որոշումը: Դա հանգեցրեց մի իրավիճակի, երբ հնարավոր դարձավ ֆաշիստական հեղաշրջումը: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել Ուկրաինայում եղբայրասպան պատերազմի և Ռուսաստանի համար կարող է լուրջ ռազմավարական սպառնալիք դառնալ:
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ եթե նման հեղաշրջում տեղի ունենա, ապա դրա հետևանքները Ռուսաստանի համար հետևյալը կլինեն.
– Սևաստոպոլի` որպես Ռուսական սևծովյան նավատորմիղի հենակայանի կորուստը,
– Արևելյան ու Հարավային Ուկրաինայից ռուսական ծագում ունեցող փախստականների հարկադրված հոսքը,
– արդյունաբերական հզորությունների կորուստ Կիևում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, որտեղ ռուսական ռազմական արդյունաբերության համար պատվերներ են կատարվում,
– ռուսալեզու բնակչության ճնշումը բռնի ուկրաինացման ճանապարհով,
– Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ամերիկյան ռազմական հենակայանների ստեղծումը, այդ թվում` Ղրիմում, ահաբեկիչների ուսուցման կենտրոնների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն Կովկասի, Պովոլժիեի ու հավանաբար Սիբիրի դեմ,
– Ռուսաստանում, Կիևի ղեկավարությամբ, ոչ ռուսական ազգություն ունեցողների բողոքի ակցիաները:
Ռուսական ստրատեգները եզրակացնում են. «Այն իրավիճակը, որ ուրվագծվում է Ուկրաինայում, կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար»:
Ի՞նչ անել: Այստեղ ռազմավարության փորձագետները, որոնք ճիշտ են վերլուծել իրադրությունը, կանգ են առնում: Նրանք կոչ են անում լայն տեղեկատվական քարոզչություն ծավալել զանգվածային լրատվամիջոցներում, որպեսզի ցուցադրեն հեղաշրջման բնույթը, որը ներկա պահին տեղի է ունենում Ուկրաինայում: Նրանք ՌԴ կառավարությանը կոչ են անում, որ հղում անելով 1994-ի Բուդապեշտի հուշագրին` Ուկրաինայում հակասությունը կարգավորելու համար համաժողով հրավիրի Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եթե կողմերից մեկը կամ մի քանիսը չպաշտպանեն Բուդապեշտի հուշագրի գաղափարը Ուկրաինայի սուվերենության կարգավորման վերաբերյալ, ապա փորձագետներն առաջարկում են Ռուսաստանի կառավարությանն Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ` կիրառելով Քենեդու ու Խրուշչովի բանակցությունների նախադեպը1962-ին կուբայական հրթիռային ճգնաժամի ժամանակ:
Սակայն դա անիրականանալի երազանք է: Փորձագետները խրվել են ինքնախաբեության մեջ: Հենց Վաշինգտոնն է ուկրաինական ճգնաժամի մեղավորը ու մտադիր է Ուկրաինայում հեղաշրջում իրականացնել այն նույն պատճառներով, որոնք թվարկել են փորձագետները: Դա Ռուսաստանն ապակայունացնելու և ԱՄՆ-ի հարձակումն Իրանի ու Սիրիայի վրա կանխելու ուղղությամբ Պուտինի դիվանագիտության հաջողությունը բացառելու իդեալական ծրագիր է:
Ըստ էության, եթե Վաշինգտոնին հաջողվի Ուկրաինայում հեղաշրջում իրականացնել, ապա Ռուսասատանի` որպես ԱՄՆ-ի հեգեմոնիայի խոչընդոտի դերը կվերանա: Կմնա միայն Չինաստանը:
Ես ենթադրում էի, որ Ուկրաինան ամենաթեժ կետին կհասնի այն պահին, երբ Պուտինն ու Ռուսաստանը զբաղված կլինեն Սոչիի Օլիմպիադայով, այդպիսով Ռուսաստանին հանկարծակիի բերելով: Քչերն են կասկածում, որ Ռուսաստանը լուրջ ռազմավարական սպառնալիքի առաջ է կանգնել:
Ի՞նչ իրական տարբերակներ կան Ռուսաստանի համար: Ամեն դեպքում պետք է բացառել Վաշինգտոնի կողմից բարի կամքի դրսևորման գաղափարները:
Հնարավոր է, որ Ռուսատանը կարողանա գործել ամերիկյան սցենարով: Եթե Ռուսաստանն անօդաչու սարքեր ունի, ապա կարող է դրանք օգտագործել, ինչպես Վաշինգտոնը, Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող բողոքի ակցիայի առաջնորդներին ոչնչացնելու համար: Կամ էլ Ռուսաստանը կարող է հատուկ նշանակության ջոկատայիններ ուղարկել, որպեսզի ոչնչացնի Ռուսաստանի դեմ գործող գործակալներին: Եթե ԵՄ-ն շարունակի պաշտպանել Ուկրաինայի ապակայունացումը, ապա Ռուսաստանը կարող է դադարեցնել նավթի ու գազի մատակարարումը եվրոպական այն երկրներ, որոնք ԱՄՆ-ի խամաճիկներն են:
Բացի այդ, ռուսական զորքերը կարող են զբաղեցնել Արևմտյան Ուկրաինան այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի Ուկրաինայի բաժանման մասին համաձայնություն, որը վերջին 200 տարում Ռուսաստանի մասն է կազմել: Ակնհայտ է, որ Արևելյան Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանը գերադասում է ԵՄ-ից: Հնարավոր է նույնիսկ, որ Արևելյան Ուկրաինայի դեմքերը` լավ լվացված ուղեղներով, դադարեցնեն բերանից փրփուր թափելը` հասկանալով, որ Ուկրաինայի համար ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ձեռքում լինել նշանակվում է թալանվել, ինչպես Հունաստանի կամ Լատվիայի դեպքում եղավ:
Ես նկարագրեցի ճգնաժամի նվազագույն հետևանքները, որ ստեղծում են Վաշինգտոնն ու նրա եվրոպական հիմար խամաճիկ պետությունները, ոչ թե խորհուրդ եմ տալիս Ռուսաստանին: Վատթարագույն հնարավոր հետևանքը վտանգավոր պատերազմն է: Եթե ռուսները ձեռքները ծալած նստեն, ապա իրավիճակը նրանց համար անտանելի կդառնա: Քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցության և ռուս բնակչության ճնշման ուղիով է ընթանում, ապա ՌԴ-ն կա՛մ պետք է Ուկրաինայի վրա հարձակվի ու տապալի օտարերկրյա վարչակարգը, կա՛մ հանձնվի ամերիկացիներին: Ռազմավարական լպիրշ սպառնալիքի հավանական ելքը, որով Վաշինգտոնը կստիպի Ռուսատանին բախվել, միջուկային պատերազմն է:
Նեոպահպանողական Վիկտորյա Նուլանդը, Պետդեպարտամենտի իր գրասենյակում նստած, երանությամբ Ուկրաինայի հաջորդ կառավարության անդամներին է ընտրում: Հասկանո՞ւմ է նա Ուկրաինայի ու Ռուսաստանի գործերին Վաշինգտոնի միջամտությունից բխող միջուկային պատերազմի վտանգը: Գիտե՞ն արդյոք Օբաման ու ԱՄՆ Կոնգրեսը, որ պետքարտուղարի նման օգնական կա, որը գուցե հենց հիմա Արմագեդոն է սադրում:
Անհոգ ամերիկացիներն ուշադրություն չեն դարձնում ու գաղափար անգամ չունեն, որ մի բուռ նեոպահպանողական գաղափարախոսները ողջ աշխարհը կործանման են հրում:
Ծանոթություն: Ես Մոլդովայից մի նամակ ստացա: Այդ երկիրը սահմանակից է Ռումինիային ու Ուկրաինային: Մոլդովա-ուկրաինական սահմանային քաղաքներից մեկից գրում են, որ մոլդովացիներին 1 օրվա համար 30 եվրո են վճարել ուկրաինացի ցուցարար ձևանալու համար: Ես կցանկանայի ընթերցողներից լսել դրա հաստատումը և անգամ որպես ապացույց, հնարավորության դեպքում, աղբյուր ներկայացնել:
«Комсомольская правда»

Անկախ

Խորհրդարանում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը

ազգային-ժողովԽորհրդարանում քննարկվում է «Գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրման մասին» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ներկայացրել էին ԱԺ կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գազամատակարարման ոլորտն իրենց համար էլ է ծայրահեղ կարևոր, հատկապես, որ խնդիրն առավել արդիական դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից հետո: Նա հիշեցրեց, որ Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները նախ ներկայացրեցին առաջարկ նման հանձնաժողով ստեղծելու, սակայն առաջարկը մերժվեց, բայց ոչ ամենևին այն պատճառով, որ խնդիրներն չկան, այլ որովհետև շատ հարցեր չափազանց նուրբ քաղաքական ենթատեքստ ունեն. «Որպեսզի քաղաքական շահարկումների առիթ չլինի, մենք առաջարկեցինք ավելի հավասարակշռված մոտեցում, ավելի պատասխանատու մոտեցում: Այն հարցերը, որ ներկայացվել էին ընդդիմության կողմից, շատ նեղ էին, և պետք է ավելի լայն ձևով այդ հարցերը քննարկել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա ներկայացրեց, թե կոալիցիան այս հանձնաժողովի միջոցով ինչ հարցեր է առաջարկում քննարկել: Առաջինը սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված հարցերն են՝ բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը և այլն:

Երկրորդ հարցը գազի դիմաց կուտակված պարտք է. «Ընդ որում մեր առաջարկած ձևակերպումը շատ ավելի ճիշտ ձևակերպում է՝ պարտքի ձևավորման օրինականությունը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»,-նշեց նա:

Երրորդը «ՀայՌուսգազարդ»-ի օտարված բաժնեմասի գնահատվածության հարցն է: Չորրորդ հարցը վերաբերում է բնական գազի այլընտրանքային ներկրմանը, թե ինչպիսի՞ հնարավորւթյուններ կան, ի՞նչ սահմանափակումներ և այլն:

Հինգերորդ հարցը վերաբերում է ոչ թե Հայաստանի Հանրապետության հնարավորությունները որպես տարանցիկ երկիր օգտագործելուն, թե ինչ հնարավորւթյուններ և ինչ արգելքներ կան:

Հաջորդ հարցերը վերաբերում են գազի գնին՝ սահմանին գնվող գնի հետ կապված և քաղաքացուն հասնող սակագնի ձևավորման հետ կապված:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերն առաջարկվում է անցկացնել դռնփակ: «Մեր նպատակը քաղաքական դեբատները չեն, սա շատ զգայուն հարց է և ինքնանպատակ չէ: Մեր նպատակը պետք է լինի, թե ինչպիսի քայլեր ԱԺ-ն պետք է կատարի, ինչ հացեր բարձրացնի կառավարության մոտ, որպեսզի բարելավվի իրավիճակը: Երբ մենք ունենք լայն լսարան, միշտ չէ, որ մենք ուշադրությունը դարձնում ենք բովանդակային ծանր հատվածին, այլ առավել շատ ներկայացնում ենք մեր քաղաքական դիրքորոշումները»:

Նա նաև ասաց, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն այս հանձնաժողովում:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն, իր հերթին առաջարկեց փակ նիստեր անել միայն անհրաժեշտության դեպքում՝ որոշում կայացնելով, իսկ մնացած դեպքում՝ անել բաց, ինչը սակայն Հարությունյանը չընդունեց՝ ասելով. «Նիստերը հրապարակային անցկացնելու առաջարկը չեմ կարող ընդունել:  Լրագրողներ են, բոլորս ուզում ենք մեզ ցույց տալ, ինչը շատ բնական է…երբ անհրաժեշտություն լինի, մենք կգանք համաձայնության նիստը բաց անելու»,-ասաց նա:

 

Անկախ

Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում բարձրացրեց Հրայր Թոմվասյանի «ամբարտավան պահվածքի» հարցը

4Մեկնարկեց Աժ նիստերի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի քառօրյա աշխատանքը: Գրանցվել է 122:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Նրա տեղեկացմամբ` այս քառօրյայում արտահերթ կարգով կքննարկվեն ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ գազամատակարարման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, ինչպես նաև Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ամբարտավան պահվածքի» վրա: Խոսքը վերաբերում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ նախարարի պատասխանին, թե «ղալաթ են անուն»:

Արմեն Ռուստամյանի խոսքով` սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ նախարարը ոչ միայն պետք է հարգի սահմանադրությունը, այլև պետք է պահպանի սահմանադրական նորմերը:

Ռուստամյանը գտնում է, որ նախարարը վիրավորել է ոչ միայն 53 պատգամավորի, այլև ողջ Ազգային ժողովը և նաև այն մարդկանց, որոնք կանգնած են այդ պատգամավորների հետևում: «Նախարարը երևի այդ բաները լավ չի հասկանում կամ վերջերս սկսել է հասկանալ և փորձել է պարզաբանումներ տալ, որ «ղալաթ» բառն արաբերեն նշանակում է` սխալ են անում: Փոխանակ ասի` սայթաքել եմ, խորացնում է իրավիճակը»,-ասաց պատգամավորը:

Ռուստամյանն ասաց, որ նման բառարանային ձևակերպումներով առաջնորդելով` իրենք էլ իրենց հերթին կարող են նախարարին ասել, ասենք` «ղալաթ ես անում, չաթլախ»:

Հովիկ Աբրահամյանը նախ ընդունեց, որ տեղի ունեցածը վատ երևույթ է` նշելով, որ դատապարտում է ցանկացած նման ձևակերպում, որը հնչեցվել է նախարարի կամ պատգամավորի կողմից, այնուհետև ավելացրեց, որ զարմացած է նաև Ռուստամյանի պատասխանից: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս պահին Ազգային ժողովի աշխատանքներին հետևում է ապագա սերունդը: Այդ պահին դահլիճում բուռն քննարկում սկսվեց նախարարի և Ռուստամյանի արձագանքի վերաբերյալ, որը հավանաբար որոշ պատգամավորների անգամ զվարճացրեց: Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո´ն Բաբլոյան, ի՞նչ կա ըտեղ ուրախանալու, փոխանակ տխրեք, ուրախանում եք»:

Հովիկ Աբրահամյանին հարց, ավելի ճիշտ` առաջարկ ուներ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա առաջարկեց, որ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգի Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման հետևանքով զոհված տասնյակ քաղաքացիների հիշատակը` նշելով, որ մահաբեր զենքի կիրառումն իշխանությունների կողմից անընդունելի և դատապարտելի չարիք է:

Աբրահամյանն էլ ավելացրեց. «Բայց ինչու՞ միայն քաղաքացիների հիշատակը, ոստիկանների՞ն ինչու չհարգենք, որոնք նույնպես մահացու զենքից զոհվել են»:

Խորհրդարանը, Աժ նախագահի հավանությունը ստանալով, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարտ Եսայանին, սակայն, ամենևին դուր չեկավ իր ընդդիմադիր գործընկերոջ առաջարկը` համարելով դա քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձ: Նա ՀԱԿ պատգամավորին հարցրեց, թե ինչու նա նման առաջարկով հանդես չէր գալիս, երբ Սիրիայում զոհվում էին մեր հայրենակիցները:

Մարգարիտ Եսայանի միտքը շարունակեց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ ՀԱԿ պատգամավորի առաջարկը ճղճիմ շահադիտական նկրտումների հասնելու փորձ էր:

«Արդեն իսկ փորձէ արվում դավադրություն կազմակերել Հայաստանում, և առաջին ծիլերը նախապատրաստվեցին այստեց»,-հայտարարեց Գեղամյանը:

 

Անկախ

Յուլիա Տիմոշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արևմտյան քաղաքական դեմքերի հետ

տիմոշենկոՅուլիա Տիմոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ընդլայման և քաղաքական անվտանգության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի, ԱՄՆ սենատորներ Ջոն Մակկեյնի,Ռիչարդ Դուրբինի և Կրիս Մերֆիի   հետ:  Ֆյուլեն շնորհավորել է Տիմոշենկոյին ազատություն ստանալու կապակցությամբ ն նշել, որ վերջինիս վերադարձը մեծ քաղաքականություն կօգնի Ուկրաինային կանգնել ժողովրդավարության ճանապարհին:

Իսկ ամերիկյան սենատորները նշել են, որ Տիմոշենկոյի վերադարձը կբարելավի երկրի տնտեսության վիճակը, նրանք նաև քննարկել են Ուկրաինային օգնելու ուղիները:

Մինչ այդ Տիմոշենկոն հեռախոսազրույց էր ունեցել Անգելա Մերկելի հետ, որոշվել է առաջիկայում հանդիպել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

նալբանդյանՓետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ

գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Անկախ

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում

հաղթանակ կամուրջՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի  24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթևեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:

Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթևեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ և աջ:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

 

 

Ինչով կտարբերվեն Հայաստանի ուսանողական մարզական հերթական խաղերը նախորդներից

ռազմիկՀայաստանի ուսանողական մարզական խաղերը բուհերի սովորողների համար երրորդ քննաշրջան են: Մեր երկրում այդպիսի հաստատությունների թիվն անցնում է ութ տասնյակից, սակայն նախկին փորձը ցույց է տվել, որ ոչ բոլորի սովորողներն են մասնակցում խաղերին: Տարիներ ի վեր սա մտահոգող հարց է, այն դեպքում, երբ մեր երկրի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե Հայաստանի ԿԳ նախարարն է: Թե ինչու վիճակը չի շտկվում, երբ են սկսվելու առաջիկա խաղերը, փորձեցինք պարզել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանից:

– Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն խաղերի կազմակերպչական հարցերով է զբաղվում: Բուհերի ռեկտորները փորձում են աջակցել, սակայն պատկերը կրկնվում է: Չմասնակցելու պատճառները տարբեր են: Մարտի վերջին կմեկնարկի շախմատի մրցաշարը: Ապա պայքարի ոլորտ կներգրավվեն հանդբոլիստների հավաքականները: Խաղերի բացումն էլ կկայանա ապրիլի 1-ին` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացվելիք հանդբոլի մրցաշարի ժամանակ: Շախմատի մրցաշարը թիմային է, սակայն կկայանա նաև արագ շախմատի անհատական մրցաշար:
Խաղերի ծրագրում 9 մարզաձև է, դրանց թիվն ավելացել է: Հարաբերությունները որոշելու հնարավորություն կունենան նաև ձյուդոյիստները, հրաձիգները: Հրաձգության մրցումներին օդամղիչ զենքով ամեն բուհից մասնակցելու է 3 մարզիկ: Նշանառուներն առաջին անգամ են մրցելու խաղերում, այդ է պատճառը, որ հնարավորն արվել է, որպեսզի դժվարություններ չառաջանան և մասնակիցների թիվը մեծ լինի: Ձյուդոյի մրցաշարում միայն մարզիկները հանդես կգան: Կկազմակերպվի ձյուդոյի անհատական մրցաշար:
Կանցկացվեն նաև վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտզալի, սեղանի թենիսի, հանդբոլի մրցաշարեր: Բացառությամբ վերջինի, մյուս մարզաձևերի մրցումներում կարողությունները կփորձեն ուսանողները և ուսանողուհիները: Եթե մի քանի թիմ հանդբոլիստուհիների մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացնի, ապա այդ մրցաձևի ստուգատես էլ կկազմակերպվի: Ինչ վերաբերում է ֆուտզալին, ապա նախորդ խաղերին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 6 հավաքական է մասնակցել: Փաստը խոսուն է և վկայում է, որ այդ մարզաձևը բուհերում տարածում ունի: Աթլետիկայի ծրագրում մի քանի մատչելի մրցաձևեր են:
Այս խաղերը տարբերվում են նախորդներից ոչ միայն նրանով, որ ծրագրում նոր մարզաձևեր կան: Հարցն այն է, որ թույլատրվել է մասնակցել բուհերի բոլոր սովորողներին, անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն մարզիկն ինչպիսի պատրաստականություն ունի: Նախկինում սահմանափակումներ էին կիրառվում: Ստացվում էր, որ եթե ուսանողը բարձրակարգ մարզիկ է, չի կարող օգնել իր բուհի հավաքականին: Այնպես որ, այս անգամ մարտական կազմով մասնակցելու են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը:

խաղ– Սուպերեզրափակիչներ կայանալո՞ւ են:
– Եթե ցանկություն կլինի, ապա այդպիսի լրացուցիչ մրցամարտեր կացկացվեն. կմրցեն տարբեր մարզաձևերի թիմային մրցումներում առաջին և երկրորդ տեղերը գրավողները: Ի դեպ, խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ բուհերի ներկայացուցիչներ, և այդ կարգի ամեն խնդիր քննարկվել է: Մինչև փետրվարի վերջը շարունակվելու է խաղերի մասնակցության հայտերի ընդունումը: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե քանի բուհ է մասնակցելու խաղերին:

– Կա՞ն դժվարություններ:
– Համապատասխան մարզակառույցներ ընտրելու խնդիր ունենք: Նպատակն այն է, որ ամեն բան բարձր մակարդակով կազմակերպվի: Անհրաժեշտ չափերի ֆուտզալի մարզասրահներ գտնելու հարց կա: Մասնակցել ցանկացող թիմերի թիվը շատ է: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվի երկու մարզասրահի առկայություն: Հնարավոր է` եզրափակիչն անցկացվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի` Ավանում գտնվող դահլիճում:

– Բացի Երևանի բուհերից, խաղերին կմասնակցե՞ն Հայաստանի մյուս բնակավայրերի ներկայացուցիչները:
– Տարիների փորձը ցույց է տվել, որ Գյումրիի, Վանաձորի, Արցախի բուհերը պարտադիր մի քանի մրցաձևերում մասնակցում են: Գավառի ներկայացուցիչները միայն այս կամ այն մրցաձևերում են հանդես գալիս: Ֆինանսական խնդիրների պառճառով է, որ հաստատությունների ներկայացուցիչները չեն կարողանում մեծ թվով պատվիրակներ գործուղել մրցաշարերին մասնակցելու:

– Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Գերատեսչությունն ինչո՞ւ չի ուսումնասիրում և պահանջ ներկայացնում, որ բուհերում սովորողների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանաններ ստեղծվեն, հաստատությունների ղեկավարները մարզաբազաները բարեկարգեն, սարքավորեն նորերը կամ էլ պարզապես դրանք վարձակալեն:
– Մի քանի տարի առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ ԿԳ նախարարությունները համատեղ ուսումնասիրություններ կատարել են: Պատկերը, մեղմ ասած, գոհացնող չէր, սակայն հետագայում անդրադարձ չեղավ:

– Բայց ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է զրկել բուհերին աշխատելու արտոնագրից:
– Դա կարող է կիրառվել այն դեպքում, երբ հաստատությունը մարզական պայմաններ չունի և դրանք չի էլ վարձակալում: Իրականում բուհերը մեծ հնարավորություններ չունեն: Ներկայումս «Հայաստան» մարզական միության սեղանի թենիսի մարզասրահից վարձակալությամբ օգտվում է երեք բուհ և ամիսը վճարում 20 հազար դրամ: Դա բավարար չէ անգամ էլեկտրաէներգիայի, դահլիճը մաքրելու վճարների համար:

– 2015-ի հոկտեմբերին Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի ուսանողների առաջնությունը: Այդ ստուգատեսի մասնակիցներին հավուր պատշաճի հյուրընկալելու հնարավորություններ կա՞ն:
– Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են: Դեռևս հստակցված չէ, սակայն հավանական է` այն անցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Աջակցելու է կառավարությունը: Ամենայն հավանականությամբ, կպահանջվի 20-25 մլն դրամ: Ի դեպ, այս տարի Հայաստանի ժողտնտեսության համալսարանի հավաքականը մասնակցելու է Եվրոպայի ուսանողական մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցաշարին: Ֆիզիկական կուլտուրայի հավաքականն էլ խաղալու է սեղանի թենիսի մրցաշարում: Արդեն այդ թիմերի հայտերն ուղարվել են, և մերոնց մասնակցությունը հաստատել ենք, կանխավճարներն էլ` մուծել: Երկու տարին մեկ կազմակերպվող այդ խաղերն այս տարի կայանալու են օգոստոսին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում:

– Սակայն, խաղերի ծրագրում շատ մարզաձևեր կան, բացի այդ, ամեն տարի կազմակերպվում են Եվրոպայի, աշխարհի ուսանողական տարբեր մարզաձևերի առաջնություններ, որոնց Հայաստանից պատվիրակներ չեն լինում: Ո՞րն է մեր երկրի ներկայացուցիչների խաղերից դուրս մնալու պատճառը:
– Այդ առաջնություններին մասնակցում են տարբեր երկրների բուհեր, և ամեն երկրից կարող են նաև մի քանի բուհեր մասնակցել նույն մրցաձևի առաջնություններին: Իսկ միջազգային ֆեդերացիաները առաջնություններ են անցկացնում ուսանողների ազգային հավաքականների միջև: Մեր երկրից, որպես կանոն, մասնակցում են ծանրորդները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հնարավորություններ ունի, այդ է պատճառը, որ այդ նպատակով ֆինանսներ են առանձնացվում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան միայն հաստատում է և երաշխավորում, որ երկաթախաղի մեր վարպետները հանդես գան այդ մեկնարկներում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ` 2013-ի դեկտեմբերին ստիպված էինք բաց թողնել Համաշխարհային ձմեռային ուսանողական մարզական խաղերը:

– Մի՞թե միայն փողի պակասն էր պատճառը:
– Մասնակից մարզիկներ էլ չկային:

– Այդուհանդերձ, քաղաքական առումով ճիշտ չէ՞ր լինի, որ մեր երկիրը թեկուզ մեկ պատվիրակ ուղարկեր, որպեսզի մասնակից երկրների դրոշների կողքին նաև Հայաստանի եռագույնը փողփողար:
– Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավարության հետ այդ մասին նախապես խոսել էինք: Պայմանավորվել էինք նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Համապատասխան գեղասահորդ չգտնվեց: Կար մեկը, սակայն ուսանող չէր, տարիքն էլ փոքր էր: Վստահեցնում էին, որ «հայկական» տարբերակով այդ հարցը կարելի է կարգավորել, բայց բան դուրս չեկավ: Դահուկավազորդի մասնակցության համար էլ ֆինանսներ չգտնվեցին:

– Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է, լուծում օլիմպիական խաղերի մեր պատվիրակների մասնակցության հարցերը: Հնարավոր չէ, որ ուսանող մարզիկներին էլ նույնպիսի աջակցություն դրսևորվի:
– Հայաստանի կառավարությունն առայժ ֆինանսավորում է միայն Համաշխարհային ուսանողական ամառային մարզական խաղերի մասնակիցների ծախսերը: Հավելենք, որ 2013-ին Հայաստանի ձյուդոյիստները և թհեքվանդոյիստները նորամուտ են ունեցել, մասնակցել են Եվրոպայի ուսանողական առաջնություններին: Դրանք անցկացվել են Պորտուգալիայում և Ռուսաստանում` Մոսկվայում: Վերջինիս արդյունքում մերոնք տիրացել են 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի:

Օլեքսանդրա Մատվիյչուկը կոչ արեց քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ

unnamed«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկը:

Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ  Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».

«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում ծխելը անթույլատրելի է

դիետաՍիրտ-անոթային հիվանդությունները տարածվածության մակարդակը շատ բարձր է մեր երկրում:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում դիետոլոգ Մարիամ Օհանյանը նշեց, որ պետք է  առանձնահատուկ ուշադրություն դարձնել  սննդային օրաբաժիններում ճարպերի (հատկապես հագեցած) պարունակության հարցին: Նրա պնդմամբ  մինչև 65 տարեկանների մոտ սննդում ճարպերի քանակության 10-ի  կրճատման դեպքում ինֆարկտները կնվազեն  9%-ով: Այսօր արդեն հստակ է, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստում են չբալանսավորված սնունդը, հիպոդինամիան և ծխելը: Այս հիվանդություններով հիվանդանալու ռիսկը մեծ է` հատկապես հավելյալ քաշ, հիպերտենզիա, դիսլիպոպրոտեինեմիա և դիաբետ ունեցող մարդկանց մոտ:

Դիետոլոգի համոզմամբ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է կանոնավոր օգտագործել մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և ծովային ձկներ: Ապացուցված է, որ օրեկան 50 գ ծովային ձկների օգտագործումը 50%-ով իջեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը: Ամեն օր պետք է օգտագործել լոբազգիներ և ոչ յուղոտ կաթնամթերք:

Սննդակարգում աղը պետք է օգտագործել օրեկան մինչև 6 գ և ավելի քիչ:

Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում ծխելը անթույլատրելի է: Բոլոր ծխողներն ունեն ինսուլտի զարգացման բարձր ռիսկ:

Այս հիվանդություններից խուսափելու համար պետք է ճիշտ սնունդ օգտագործել եւ չչարաշահել ծխելու սովորությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու մասին

յանուկովիչԻրավիճակը կարգավորելու նպատակով Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու  մասին և նախաձեռնել է 2004թ. սահամանադրության անցնելու գործընթացը:

 

“Ես  հայտարարում են այն քայլերը, որոնք հարկավոր է կատարել , որպեսզի վերականգնվի հանգստությունը և խուսափենք առճակատման հետագա զոհեր տալուց: Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ և վերադարձ 2004թ. Սահմանադրությանը, այսինքն դեպի պառլամենտական հանրապետություն: “, — Ուկրաինայի նախագահի խոսքերը ցիտում է “Интерфакс“-ը:

Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու: Գործընթացը 10 օր կտևի :

Ինչ վերաբերում է սահմանադրություն փոխելուն, ապա այդ գործընթացը կավարտվի 2014թ. սեպտեմբերին: Եվ միայն Ուկրաինայի սահմանադրությունը փոխելուց հետո, դեկտեմբերին տեղի կունենան երկրի նոր ղեկավարի ընտրությունները:

Մայդանը այդ նորությունը ընդունեց ոգևորված ճիչերով:Սակայն Կիևի կենտրոնում շարունակվում են մեծանալ բարիկադները և ավտոմեքենաների դողերի բլուրները:

Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնությունը  ենթադրում է ” Անվտանգության ուժերի դուրս բերում” և  “բռնությունների դադարեցում”, բացատրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյդերսը:

Երեք օրերի անկարգությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, հայտնի է 80 զոհերի մասին: . “Կիևի փողոցներում ընդհարումները և մարդկանց  մահը  հետեւանքն է հմուտ քարոզչության: — երբ մի կողմից ասում են 13 զոհի մասին , մյուս կողմից`67, դա վայրենություն է, ի վերջո այդ մեզ մոտ է զոհվել 80մարդ”:-հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն:

Անկախ

Վայոց ձորի մարզպետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Էդգար ՂազարյանՎայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա գրում է. «Երկար ժամանակ է, որ մեծ ուշադրությամբ հետևում եմ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին և պարտադիր կուտական կենսաթոշակային բաղադրիչի ներդրման համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին: Հետաքրքրվածությունս ունի մի քանի պատճառ, որոնց մեջ իմ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքն ամենակարևորը  չէ: Ես հանդիսանում եմ 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, հետևաբար` այդ համակարգի շահառու: Քանի որ ես հանրային ծառայող եմ, ուստի պաշտոնավարման շրջանում իմ գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն անձնական գաղտնիք չի կարող համարվել, հետևաբար այն կարող է մատչելի լինել հանրությանը:

Բոլորվին վերջերս ես ստացա իմ 2014 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, որը նախորդ ամիսներից պակաս էր մոտ 12,000 դրամով: Ինձ համար պարզ է, որ դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձված գումարն է: Փորձելով հասկանալ այդ համակարգի դեմ դժգոհություն հայտնողների պատճառներն ու շարժառիթները, գնահատելու համար առկա ռիսկերը` ես ինձ համար կատարել եմ հետևյալ վարժությունը: Ես հիմա 38 տարեկան եմ, իսկ կենսաթոշակային տարիքի պետք է անցնեմ 63 տարեկան հասակում (2039 թվականին), այսինքն` 25 տարի անց: Եթե իմ եկամուտները այդ 25 տարիների ընթացքում մնան նույն մակարդակին, ապա ստացվում է, որ ես այդ համակարգում պետք է պարտադիր կարգով կատարեմ հետևյալ չափի վճարումներ. 25 տարի x 12 ամիս x 12,000 դրամ=3.600.000 դրամ: Պետությունը հանձնառություն է ստանձնել կրկնապատկել իմ վճարումները, այսինքն` վերջնական վճարումները իմ հաշվին կկազմեն 7,200,000 դրամ (առանց կառավարող հիմնադրամների հատկացումների):

Եթե Աստված ինձ պարգևի մինչև 75 տարեկան ապրելու երջանկություն, ապա կստացվի, որ ես կենսաթոշակային տարիքում կապրեմ 12 տարի կամ 144 ամիս: Եթե 7,200,000 դրամը բաժանենք այդ 144 ամիսների վրա, ապա իմ հասանելիք կենսաթոշակը, միայն կուտակային բաղադրիչից ամսական կկազմի 50.000 դրամ: Միաժամանակ ես կստանամ նաև պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքային կենսաթոշակ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակին կավելացվի 2014 թվականն աշխատած շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը (հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը): Հիմք ընդունելով 2014 թվականին գործող ցուցանիշները (հիմնական կենսաթոշակի չափը` 14.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տաս տարվա համար 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու պահին իմ ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից (շուրջ 45 տարի) հաշվարկված` կենսաթոշակառուի անձնական գործակիցը (1.4), իմ աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի շուրջ 28.000 դրամ (14.000 դրամ+(10 տարի x 700 դրամ+10 տարի x 450 դրամ) x 1,4): Արդյունքում կենսաթոշակի անցնելուց հետո իմ ամսական եկամուտները կկազմեն շուրջ 78.000 դրամ: Իսկ առանց կուտակային բաղադրիչի ներդրման` իմ կենսաթոշակի չափը կկազմեր շուրջ 45.000 դրամ:

Մեկ անգամ ևս նշեմ, որ ներկայացված ցուցանիշները հաշվարկային են, որտեղ հաշվի չի առնվել ոչ գնաճը, ոչ իմ կենսաթոշակային ակտիվների կառավարումից ստացած եկամուտները, ոչ աշխատավարձի աճը (2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական կառավարման ոլորտում սպասվող աշխատավարձերի բարձրացումները շատ հուսադրող են այդ առումով): Իմ այն հասակակիցները, որոնք առավել երիտասարդ են ինձնից կամ ստանում են առավել բարձր վարձատրություն, կարճաժամկետ իմաստով առավել «խոցելի են», քանի որ այս պահին բացարձակ թվերով նրանք ավելի մեծ չափի գումարներ են վճարում, սակայն հարաբերական իմաստով, նրանք ավելի քիչ են վճարում, քանզի ի վերջ զուտ եկամուտը նրանց համար բացարձակ թվով գերազանցելու է իմ եկամտին, իսկ հեռանկարային տեսանկյունից նրանք շահում են, քանզի հետագայում ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ, քան ես: Մյուս կողմից նրանց եկամուտների միջև ընդգծված խզում աշխատանքային և կենսաթոշակային տարիքում գրեթե չի նկատվի, ինչը դրական անդրադարձ կունենա  նրանց ցկյանս բարեկեցության վրա: Սակայն, պարզվում է, որ նրանց առավելապես անհանգստացնում է այս կարճաժամկետ «կորուստը», որի պատճառով փորձում են հրաժարվել իրենց ծերության մասին հոգածությունից: Եթե կան ռիսկեր ապագայի անորոշությամբ պայմանավորված, ապա դրանք մենք պետք է չեզոքացնենք մեր իսկ աշխատանքով: Ես ոչ միայն հավատում եմ մեր երկրի և մեր բոլորի լուսավոր ապագային, այլև պարտավոր եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ նպաստել դրան: Եթե փաստարկվում է մեր ծնողների խնայբանկերում ներդրված ավանդների կորուստի անհաջող և տվյալ դեպքի համար անհամադրելի օրինակը, ապա պետք է նկատել, որ այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն ունի նույն ռիսկերը` անազնվության և անարդարության բազմաթիվ դրսևորումներով: Օրինակ. իմ հայրը, ցավոք սրտի, վախճանվել է երիտասարդ հասակում` 59 տարեկանում, այսինքն` բազմաթիվ տարիներ իր աշխատանքի շրջանում նա վճարումներ է կատարել կենսաթոշակային համակարգին, սակայն երբեք դրանից չի օգտվել: Իր կատարած վճարումները որևէ կերպ չեն փոխանցվել իմ մայրիկին կամ հայրիկիս ժառանգներին (քույրերիս կամ ինձ): Մայրս բազմամյա աշխատանքի արդյունքում գտնվում է կենսաթոշակային տարիքում և ստանում է ընդամենը 42,000 դրամ թոշակ: Արդյո՞ք դա համարժեք է այն վճարումներին, որ նա կատարել է տարիների ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Սակայն նա ստիպված է բավարարվել այդ թոշակով, քանզի նրա կենսաթոշակը կախվածության մեջ է դրված ոչ թե իր կատարած վճարումներից, այլև ներկա պահին ժողովրդագրական ցուցանիշներից, մարդկանց զբաղվածության և վարձատրության աստիճանից: Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեզ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները և տնօրինել դրանց ճակատագիրը:

Կարելի է մտածել, որ այս ամենը պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել յուրաքանչյուրի բանականությանը: Կյանքը ցույց է տալիս, որ կամավոր կերպով այդ համակարգին միացողների թիվը շատ փոքր է: Պատճառը ոչ թե առողջ բանականության պակասն է, այլ երիտասարդ տարիքում ֆինանսական ծախսեր կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ես էլ երիտասարդ մարդ եմ և ինձ համար նույնպես շատ դժվար է միջոցներ խնայել իմ երեխաներից, իմ ընկերներից կամ մարդկային նախասիրություններից, և կուտակել այն ծերության շրջանում ծախսելու համար: Ինձ համար գոնե դա պետք է լինի պարտադիր: Ես համոզված եմ, որ դա բխում է իմ իսկ շահից: Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են արտահայտվում այդ համակարգին և զանազան ակցիաներ կազմակերպում, կարծում եմ պետք է լավ պահեն իրենց բոլոր պաստառները, լավ ճանաչեն մեկը մյուսին, որ 25 տարի անց նորից հավաքվեն հրապարակներում իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ես անձամբ այդպես չեմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել հանգիստ կյանքով. հիմա և ծերության շրջանում` քաջ գիտակցելով, որ դրա համար (ինչպես ամեն ինչի) պետք է վճարել:
Ինձ զարմացնում է նաև այն իրողությունը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են արտահայտվում 1974 թվականից վաղ ծնված քաղաքացիները, որոնց դա բացարձակապես չի վերաբերում: Ընդդիմախոսների շարքում կարել է հանդիպել անգամ արդեն կենսաթոշակ ստացողների: Սա նշանակում է, որ որոշ անազնիվ ուժեր փորձում են քաղաքականացնել մի երևույթ, որը գոնե այսօրվա քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունի: Այս մասին որոշում ընդունող մարդկանցից և ոչ մեկը, իմ կարծիքով, 25 տարի հետո իշխանության մեջ դժվար թե լինի:  Բայց պետք է գտնվեր մեկը, մի իշխանություն, որը կայացներ տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարական որոշում` հաշվի չառնելով նախորդ և առաջիկա համապետական և տեղական ընտրությունների ժամկետները: Այս որոշումը կայացնելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է այսօրվա իշխանությունը: Ես վստահ եմ, որ բողոքի դուրս եկած այսօրվա շատ երիտասարդներ կենսաթոշակի տարիքում շնորհակալությամբ են հիշելու այս համակարգը ներդնողներին:
Ամփոփելով ես ուզում եմ դիմել 1974 թվականին և դրանից հետո ծնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հարգելի հասակակիցներ և երիտասարդ բարեկամներ,  այն պահին, երբ մեր ժողովրդի լավագույն զավակները սահմանին կանգնած իրենց կյանքն են զոհաբերում հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապահովով ծերության մասին գոնե մենք պետք է մտահոգ լինենք: Դրա առավել արդյունավետ, արդար և տրամաբանական լուծումը, քան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, աշխարհի առաջավոր երկրներում դեռ չեն գտել»:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը եւ տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 15-ին

արամ mp3Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ  «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:

Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի  «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով  JoinUs.dk  կայքում: Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել  «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված :

«Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից

Բյուրակն-2Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ:

Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են: Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ:
Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա:
Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա:

Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել:
Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում:
«Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա:

Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա:

Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Երբ նա իր նորզելանդացի ընկերուհուն, որը նույնպես դասախոսում է, պատմել է իր աշխատանքային «արքայական» վարձատրության մասին, ընկերուհին զարմացած է մնացել` ասելով, որ իրենց մոտ, երբ դասախոսը նոր առարկա է դասավանդում, առաջին կիսամյակում նրան երկու-երեք անգամ ավելի են վճարում` հաշվի առնելով այն, որ նա որոշակի ժամանակ է ծախսում նյութը պատրաստելու վրա: Իսկ ընդհանրապես, այնտեղի և այստեղի վարձատրության միջև ընդհանուր եզրեր անգամ հնարավոր չէ գտնել:

Դասախոսությանը զուգահեռ Բյուրակնը նաև աշխատանքի է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Սակայն դա էլ նրա երազած աշխատանքը չէր. նախ` աշխատավարձն է շատ ցածր` 67 000 դրամ, որի մեկ երրորդը գնում է ճանապարհածախսի վրա, երկրորդ` իր գիտելիքները լիարժեք կիրառելու «ճակատ» չունի: «Աշխարհում շատ բան է փոխվում, զարգանում, բայց դա չի հասնում Հայաստան: Խնդիրն այն է, որ մեզ մոտ հոգեբուժարանները պետական են, պետպատվերով են աշխատում, մրցակցություն չկա: Մյուս կողմից էլ, եթե պետպատվերով չլինի, այդ հիվանդների մեծ մասը սոցիալապես ծանր վիճակում է, չի կարողանա ծախսերը հոգալ: Մի խոսքով, հոգեբուժարաններն ահավոր թշվառ վիճակում են, պետք է ինչ-որ լուծում գտնել»:

Հասկանալով, որ իր մտածածն ու երազածն ամենևին չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը, այստեղ պարզապես լճանում է, իսկ վաստակած գումարով անգամ ամենատարրական ծախսերը չի կարողանում հոգալ, Բյուրակնը կրկին բռնում է Եվրոպայի ճամփան:

1961543_1539027359654971_2061728929_nԱհա, ամիսներ առաջ Բյուրակնը մրցույթով ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ նրան առաջարկել են ուսումնական ծրագիր` աշխատանքային պայմանագրով: Ավելի լավ առաջարկ հնարավոր էլ չէր սպասել: Նա դեռ այստեղ է, բայց ապագա ղեկավարի հետ արդեն սեպտեմբերի անելիքներն է պլանավորում: «Շատ հետաքրքիր գիտական միջավայր է ինձ սպասում, որը Հայաստանում այնքան պակասում է: Էստեղ ում ասում ես` գիտություն, քմծիծաղ է տալիս»,- ասում է Բյուրակնը,- միջակության մթնոլորտում մնալն անիմաստ է: Հայաստանն ասես միջակների երկիր լինի, այստեղ բարձր գիտելիքներ առանձնապես պետք չեն»:
Ծրագիրը երեք տարով է, բայց երիտասարդ հոգեբույժը Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ փոքր է համարում: Ասում է. «Այդ անգամ, երբ ավելի բարձր որակավորմամբ վերադառնամ, հիասթափությունս ավելի մեծ կլինի, ավելի լավ է` չվերադառնամ»:

Կվերադառնա, եթե, ինչպես ինքն է ասում, Հայաստանում այդ երեք տարվա մեջ կտրուկ փոփոխություններ լինեն, ինչին, ցավոք, չի հավատում: «Հայաստանը լուրջ վերանորոգման կարիք ունի. բոլոր ոլորտներում: Ինչպես համակարգիչն են «ֆորմատ» անում, մեր երկիրն էլ պետք է լրիվ անջատել ու «ֆորմատ» անել»:
Ի դեպ, նշում է, որ համակուրսեցիներից շատերն են արտերկիր մեկնել, ոմանք էլ, որոնք դեռ չեն մեկնել, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

Բյուրակնի համար Հայաստանը լքելը, այն էլ` այլևս չվերադառնալու մտադրությամբ, չափազանց դժվար է, քանի որ սիրում է իր երկիրը, իր լեզուն: Ասում է, որ իր համար օտար երկրում ամենասարսափելին հայերեն չխոսելն է, չնայած լեզվական խնդիր ընդհանրապես չունի և վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, ձեռքի հետ էլ` գերմաներենին, իսպաներենին, հոլանդերենին ու ֆիններենին: «Բայց, մյուս կողմից էլ, հոգեպես գոնե հանգիստ եմ և չեմ տանջվի այն մտքից, որ կարող էի այստեղ մնալ, ինչ-որ բան անել և չարեցի: Ես եկա և համոզվեցի, որ ոչինչ անել չեմ կարող, այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Ծանրորդներ Լևոն Մանուկյանը և Սմբատ Մանուկյանը Հայաստանի չեմպիոններ

ծանրամարտweightlifting-320x213Երևանում անցկացվող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 56 կգ քաշային կարգում հաղթեց երևանցի Լևոն Մանուկյանը 210 (95 կգ+115) կգ:

62 կգ քաշային ծանրորդների պայքարում հավասարը չունեցավ  2010-ի Եվրոպայի փոխչեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, երևանցի Սմբատ Մարգարյանը 252 (107+145) կգ:

Վաղը պայքարի ոլորտ կներգրավվեն 69 կգ և 77 կգ քաշային ծանրորդները:

Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ»-ի արձագանքը Կառավարության քայլերին

դեմ եմՀարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր:

Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ընդունումը ֆոնդ ընտրած մարդկանց համար, հավանականությունն այնուամենայնիվ պահպանվում է, որ այժմ ձեր կողմից ֆոնդի ընտրության դեպքում, դուք կմնաք կուտակային «պարտադիր» փոսում`որպես ձեր «կամքով» ընտրություն կատարած քաղաքացիներ, և պարտավորված կլինեք կատարել այդ վճարները մինչև թոշակային տարիքը, անկախ նրանից դուք կաշխատեք ձեր ներկայիս աշխատավայրում, թե՛ այլ տեղ:

Սակայն, ֆոնդ չընտրելով, ձեր գումարները չեն կորչի, դրանք կմնան «կամուրջ» հաշվին՝ մինչև ձեր կողմից կամ ավտոմատ կերպով ֆոնդի ընտրությունը: Իսկ քանի որ ներկայումս ավտոմատ ֆոնդ ընտրվելու հոդվածը կասեցված է, ձեր գումարները կմնան «կամուրջ» հաշվին և ձեզ կվերադարձվեն, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի հակասահմանադրական; Այդ դեպքում դուք լիովին իրավասու կլինեք պահանջելու ձեզ չվճարված աշխատավարձը, որը կարող է հնարավոր չլինել ֆոնդ ընրած լինելու պարագայում: Այդ իսկ պատճառով այժմ ձեզ ապօրինաբար պարտադրում են ֆոնդ ընտրել:

Հարգելի գործատուներ,

Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ: Սրանով դուք նաև կծառայեք համաշխարհային քաղաքակրթության բարձրագույն արժեք հռչակված և ՀՀ Սահմանադրական դատարանի 11.02.2014 թվ. թիվ ՍԴԱՈ-6 որոշմամբ ամրագրված մարդու իրավունքների գերակայության սկզբունքին:

Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է խուսափել ՊԵԿ-ի պատրաստած թակարդից, չենթարկվելով որևէ պատասխանատվության, կարող եք դիմել «Դ!ԵՄ ԵՄ» թիմին՝ [email protected] էլ. հասցեով:

Մենք արդեն ունենք հարյուրից ավել ընկերություններ, որոնք կանգնել են իրենց աշխատակիցների կողքին:

Դա հնարավոր է, և դուք կարող եք լինել հաջորդը…

 Հարգանքով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ