Թուրքիայում KCK-ի գործով մեղադրյալները դատական նիստի ժամանակ հիշել են ապրիլի 24-ը

kckԹուրքական «Cumhuriyet»-ը հաղորդում է, որ այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարարանում տեղի է ունեցել PKK-ի թևը հանդիսացող KCK կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալված 46 լրագրողների և մամլո աշխատակիցների գործով դատական նիստը:

Հայտնի  է դարձել, որ նիստի ընթացքում մեղադրյալ բոլոր լրագրողների անունից հանդես է եկել ձերբակալված լրագրող Էրթուշ Բոզքուրթը` նշելով.  «Այսօր արիլի 24-ն է՝ հայկական կոտորածների տարելիցը: Մենք կիսում ենք այս ցավը»:

Հրդեհ` Հանրապետական ծննդատանը

հրդեհ հանրապետական ծննդատանըԱպրիլի 24-ին, ժամը 06.13-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:

Նշված ինստիտուտում “SOS” հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:

Լուսանկարիչին թույլ չեն տվել նկարահանել

Ոստիկանություն3Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը:
«Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատին

Յարոմիր ՇտետինաՉեխիայի Հանրապետության սենատոր Յարոմիր Շտետինան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կներկայացնի Չեխիայի Սենատ: «Կարծում եմ անհրաժեշտ է ընդունել իրատեսական փաստաթուղթ, որը կդատապարտի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Չեխիայի սենատորը «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում:

Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար սենատորը երկու հնարավոր տարբերակ է առանձնացնում. առաջինը սլավոնական տարբերակն է` ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր, և երկրորդը ֆրանսիական տարաբերակն է` օրինագիծ ընդունել: «Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, ես պատրաստվում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր ներկայացնել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերություների և պաշտպանության հանձնաժողովին. հաստատվելու դեպքում արդեն կփորձենք հռչակագիրն անցկացնել Չեխիայի Հանրապետության Սենատում»,-նշել է չեխ սենատորը:

Շտետինայի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան. առաջինը Թուրքիայի դիրքորոշումն է, որ մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ընդունել այն որպես պատմական փաստ: Մյուս խոչընդոտը, որ առանձնացրեց սենատորը, միջազգային այն քաղաքական գործիչների դիրքորոշումն է, որ խուսափում են գնահատական տալ այդ սոսկալի իրադարձություններին` արդարանալով, թե դա պատմաբանների խնդիրն է: «Նման միտում կա նաև մեզ մոտ` Չեխիայում` հատկապես աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում»,- անկեղծացավ սենատորը: Այն հարցին` արդյոք սենատորին չի մտահոգում, որ, ինչպես այլ պետությունների վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու բազմաթիվ դեպքերում, այս անգամ էլ այդ երկիրը կարող է միջամտել Չեխիայի ներքին գործերին և փորձել խոչընդոտել 2015 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունմանը` Շտետինան ընդգծեց, որ կան մտավախություններ, բայց «եթե տուրք տանք նման մտավախություններին, չենք կարող առաջ գնալ»:

Շտետինան նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի անդամակցումը Եվրոպական միությանը, հնարավոր է, դրական ազդեցություն ունենա Հայոց ցեղասպանության հարցի լուծման վրա: Եվրոպական միության` Թուրքիայի ԵՄ անդամակցության պայմաններից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, հայկական կողմը, չեխ սենատորի կարծիքով, պետք է զերծ մնա տարածքային կամ դրամական փոխհատուցման պահանջներ ներկայացնելուց, ինչից հատկապես զգուշանում է Թուրքիան և ինչն ավելի է դժվարեցում ճանաչման գործընթացը:

Շտետինան չափազանց կարևոր համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն` նկատելով, որ անպատժելիության արդյունքում դրանից հետո էլի ցեղասպանություններ են կատարվել: «Վերջերս ես այցելել էի Ռուանդա, ուր ցեղասպանության թանգարանում հատուկ Հայոց ցեղասպանությանը նվիրված սրահ է հատկացված: Անգամ աֆրիկական այդ պետությունում հիշում և ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»,- պատմեց նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում Չեխիայի հայությունը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողության հիմնական բանախոսներից է Շտետինան: Արարողությանը կմասնակցի Չեխիական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սերյանյանը:

1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ամեն ինչ նախապատրաստվել եւ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 1915 եւ հաջորդ տարիների իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա:

Բաքուն բոլար ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը. ադրբեջանցի քաղաքագետ

Վաֆա ԳուլուզադեԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Իսրայել այցի նպատակը Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

Նրա կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն բոլոր ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը: Գուլուզադեն նշել է, որ մյուս կողմից Բաքվի նման մարտավարությունը կարող է հարևան երկրների՝ մասնավորապես Թեհրանի հետ նրա հարաբերությունների վատթարացման պատաճառ հանդիսանալ:

“Ես ընդհանրապես Իսրայելի հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից եմ եղել դեռ 1990-ականներին: Այդ ժամանակ Իրանը այն աստիճան ագրեսիվ չէր, ինչպես այժմ: Ներկայում մերձենալով Իսրայելի հետ մենք ավելացնում ենք ռիսկերը”,-ասել է Գուլուզադեն:

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) նախագահ Յոել Էդելշտեյնի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:

Փրկարարները ցուլին հանել են դիտահորից

փրկարարԱպրիլի 24-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` նախկին տեքստիլ գործարանի մոտակայքում, ցուլն ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցլին անվնաս դուրս են բերել դիտահորից:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

այրվող-ավտոմեքենաԱպրիլի 24-ին, ժամը 10.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 82 շենքի մոտ այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այրվել է Հ. Խաչատրյանին պատկանող «Երազ» մակնիշի 21օօ483 պետհամարանիշի վտոմեքենայի շարժիչի հատվածը:

Արազ Օզբիլիսը` «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ

աօjpeg2Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը ճանաչվել է Կրասնոդարի «Կուբանի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկություն է անցկացրել ակումբի կայքը: Հարցմանը մասնակցած ֆուտբոլասերների 53,8  տոկոսն իրենց ձայնը տվել են Արազի օգտին:

Երկրորդ տեղում Ալեքսանդր Բելենովն է` 14,7 տոկոս: Երրորդ տեղում է` Շառլ Կաբորեն`11,4 տոկոս:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ծաղիկներ են նետել Տիգրիս գետը

տիգրիսԹուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված “Դիրաբեքիրի հայերը Ցեղասպանության տարելիցին” խորագրով կոնֆերանս է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական “Demokrathaber.net” կայքը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի ներկայացուցիչներ,  Լոնդոնում գործող “Կոմիտաս” ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, “Խաղաղություն և  Ժողովրդավարություն” քրդական կուսակցության մի շարք ղեկավար անձինք, Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներ, մարդու իրավունքի պաշտպաններ և այլք:

Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին բացման խոսքում նշել է, որ քուրդ հասարակությունը կիսում է հայերի մեծ ցավը, և այնուհետև հավելել, որ հայ ժողովրդի վերքերը բուժելու համար անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այնուհետ պատմաբան Արա Սարաֆյանը ներկաններին Դիարբեքիրի (Տիգրանակերտի) հայերի և ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները քայլել են դեպի Տիգրիսի ափերը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կամրջից ծաղիկներ նետել գետը:

Հայաստանի ներկայացուցիչները պահպանեցին ԱՊՀ չեմպիոնի կոչումը

OLYMPUS DIGITAL CAMERAԵրևանում ավարտվեց ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի թիմերը:

Հաղթող դարձավ տանտերերի հավաքականը: Ի դեպ, մերոնք նախորդ տարի Ղազախստանում նվաճել էին չեմպիոնի կոչումը և այն պահպանեցին: Երկրորդը` Ուկրաինայի, երրորդը՝ Բելառուսի ներկայացուցիչներն են:

Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

2892Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:

«Բավարիայի» լուրջ հայտը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ: Երկու գոլի հեղինակ դարձավ Մյուլլերը:

Փաստորեն, գերմանացի ֆուտբոլիստները կատարեցին առաջադրանքը և մեծ հնարավորություն ստացան պայքարը շարունակելու համար:

Պատասխան խաղը կկայան մայիսի 1-ին Բարսելոնայում:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» – «Բարսելոնա»՝ 4:0

Թոմաս Մյուլլեր, 25, 82, Մարիո Գոմես, 49, Արյեն Ռոբեն, 73

“Թուրքիայի խաղաղության խորհրդարանը հասկանում և կիսում է հայերի վիշտը”

թուրքԹուրքիայի խաղաղության խորհրդարան կոչվող կազմակերպությունը ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «կիսել» հայերի ցավերը, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Թուրքիայի խաղաղության խորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականին Անատոլիայում 3 հազար տարի ապրած հայ ժողովուրդն իր հայրենիքից արտաքսվեց և մեծամասամբ վերացվեց։

“Ավերվեցին գյուղերը, բռնազավթվեցին դաշտերը, ունեցվածքը, եկեղեցիները վերածեցին մզկիթների, պահեստների, ախոռների։ 1915թ.-ից հետո Անատոլիայում (Արևմտյան Հայաստան) ծնվածները մինչ վերջերս հայերի մասին ոչինչ չգիտեին:

Հայերի հետքերն այս հողերից ջնջելու համար Ստամբուլում ձերբակալված հայ մտավորականներին ոչնչացնելուց հետո բոլոր հայերին քշեցին Դեր Զորի անապատներ։ Հարյուր հազարները չավարտեցին այդ մահվան ճանապարհորդությունը։ Կենդանի մնացած հազարավոր որբեր որպես մուսուլման դաստիարակվեցին:

2013 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, հրաշքով փրկված և աշխարհի չորս կողմում սփռված հայերի թոռները սպասում են, որ իրենց ցավերը  հասկանան և ներողություն խնդրեն։ Թուրքիայի խաղաղության խորհրդարանը հասկանում և կիսում է հայերի վիշտը։ Ապրիլի 24-ին կլինենք բոլոր այն վայրերում, որտեղ սգո միջոցառումներ կլինեն։ Խաղաղության կողմնակից բոլորին կոչ ենք անում մասնակցել”,-նշվում է հայտարարության մեջ։

Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահակոթողին

ՄանւկըանԱյսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:ՀԽ-2

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ»-ի հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին. «Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ` որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից»,-ասաց նա:

ՀԽ-3

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն ` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

002Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին:  «Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ,  հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերապրածները նշել են, որ  իրենք միշտ զգում են քաղաքապետարանի հոգածությունն  ու աջակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Թուրքերն արդեն պատրաստ սպասում են մեր գործողություններին». Ռուբեն Սաֆրաստյան

Ռուբեն ՍաֆրաստյանՀարցազրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

–Ցեղասպանության  98-րդ տարելիցն է: Ամփոփելով վերջին տարին`  ի՞նչ դիրքերում է  Թուրքիան  իր ժխտողական քաղաքականությամբ:

– Թուրքական ժխտողականությունը պետական մակարդակի  քաղաքականություն է,  և դա, իմ կարծիքով, հասկանալի է: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը արդյունք է Հայոց ցեղասպանության:

Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունն իր գոյության ընթացքում  միշտ կշարունակի ժխտել Ցեղասպանությունը: Երկրորդ հանգամանք էլ կա` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները  եղել են  ոչ միայն  Երիտթուրքական կուսակցության անդամներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել և՛ Ցեղասպանությանը, և՛ Ցեղասպանության նախապատրաստմանը: Այնպես որ  չեմ սպասում,  թե Թուրքիայի պետության կողմից  պաշտոնապես կարող է Ցեղասպանության ճանաչում և դատապարտում լինել: Այլ է պատկերը հասարակության մեջ: Մտավորականության, ուսանողների փոքր խումբ կա Թուրքիայում, որը հիմնականում  մեկ-երկու քաղաքում է կենտրոնացած: Նրանք համարում են, որ  հայերից պետք է ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Չեմ կարծում, թե նրանց թիվն ավելացել է վերջին տարվա ընթացքում:   Չէի ասի, որ վերջին մեկ տարում էական փոփոխություններ են եղել թե՛ պետական քաղաքականության մեջ,  թե՛ հասարակական մոտեցումներում:

– Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու մտքին:

–  Հայաստանի Հանրապետությունն ընդունել է   ցեղասպանության ճանաչման խնդիրը որպես մեր արտաքին  քաղաքականության օրակարգային խնդիր,  այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում,  ստեղծվել է պետական հանձնաժողով, բայց կարծում եմ, որ աշխատանքներն այս բնագավառում պետք է ակտիվացնենք, որպեսզի հող պատրաստենք խնդիրը գիտական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելու համար: Գիտական առումով Հայոց ցեղասպանությունն աշխարհում  ոչ ոք հարցականի  տակ չի դիտարկում: Միայն թուրքերը չեն ընդունում, դա էլ իրենց խնդիրն է:

Գիտական առումով  մենք անցել ենք այն փուլը, որ պետք է աշխարհին համոզենք,  որ եղել է ցեղասպանություն: Պետք է կարողանանք ժողովրդի ուժերը կենտրոնացնել այլ խնդրի լուծման վրա, այն է` հանցագործության համար հատուցում ստանալու, իսկ սա շատ բարդ խնդիր է: Ինչու, որովհետև գործ ունենք պետության հետ, որը ժխտում է Ցեղասպանությունը և ուժեղ, կարևոր պետություն է տարածաշրջանում ու աշխարհում և իր բոլոր ուժերը կգործադրի մեղադրանքի դեմ պայքարելու համար, չի ուզենա հատուցում տալ:

– Իսկ մենք` հայերս, ի՞նչ ենք պահանջում, միայն ճանաչո՞ւմ, թե՞ նաև հատուցում:

– Շատ կարևոր խնդիր է: Իմ անձնական կարծիքով` քանի որ չունենք ընդունված հայեցակարգ, ժամանակն արդեն հասունացել է, որ երկրորդ փուլին անցնենք, քանի որ ճանաչումից հետո հատուցում ստանալն է, իսկ դա կարելի է անել դատական ճանապարհով, միջազգային ատյաններ դիմելով: Բայց պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան դրան դեմ կլինի, ուստի  պետք է շատ լավ նախապատրաստվենք: Պետք է ներգրավել ողջ աշխարհի հայության ներուժը` և՛ պատմաբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ իրավագետներին, և՛ հոգեբաններին: Իմ կարծիքով` պետք է ստեղծվի մի խումբ  և լուրջ փաստաթուղթ դնի սեղանին, թե ուր ենք դիմելու, որ ատյանին, երբ ենք դիմելու, ինչպես ենք դիմելու, ինչ մեղադրանքներ ենք ներկայացնելու, ինչ ենք պահանջելու և այլն:

Ի տարբերություն մեզ` թուրքերն արդեն նման հանձնաժողով ունեն: 2001-2002-ին ստեղծեցին փոխվարչապետի  ղեկավարությամբ մշտապես գործող հանձնաժողով, որում  կան  բարձրագույն պաշտոնյաներ, գիտության, հետախուզության, ոստիկանության ներկայացուցիչներ, նույնիսկ արտասահմանցի մասնագետների են հրավիրում:  Անվանումը  մոտավորեպես այս է` «Այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարող հանձնաժողով»: Որքան  կարելի է դատել մամուլի հրապարակումներից,  իսկ նրանք գաղտնի են աշխատում, և քիչ բան է հրապարակվում,  ուսումնասիրում են, թե ինչ քայլեր  կարող ենք ձեռնարկել մենք Թուրքիային մեղադրելու և հատուցում պահանջելու համար: Այսինքն`  նախապես տարբերակներն ուսումնասիրում են:  Եվ համոզված են, որ մեր գործողությունների տարբեր տարբերակների դեմ իրենք արդեն համապատասխան քայլեր ունեն:

– Այսինքն` մենք դեռ չենք սկսել,  իսկ նրանք արդեն պատրա՞ստ են:

– Մեզ մոտ  հանձնաժողովներ եղել են, աշխատել են, պետք է նրանց աշխատանքը ի մի բերվի: Բայց պետք է  նաև մի պետական հանձնաժողով լինի, որում  ամբողջ հայությունը կլինի, որը ի մի կբերի բոլոր աշխատանքները: Իսկ թուրքերն արդեն նման բան ունեն և պատրաստ սպասում են մեր գործողություններին:

– Վերադառնանք ճանաչման գործընթացին: Վերջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին եղել է 2010-ի մարտին, դրանից հետո հաջողություններ կարծես չունենք, բոլոր նախաձեռնությունները  տապալվել են: Հայկական կո՞ղմն է թերանում, թե՞ թուրքական կողմն է ավելի ակտիվացել:

– Գիտեք, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը: Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումներն  այնպես ընթացան (արաբական գարունը նկատի ունեմ), որ Թուրքիայի դերը և նշանակությունը շատ մեծացավ, առաջին հերթին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Նրանք ուղղակի շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնել: Եվ Թուրքիան վարպետորեն  օգտվում է դրանից: Հետևաբար այս տարի էլ չեմ սպասում, որ ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառն արտաբերի:

– Իսկ հայկական կողմի  քաղաքականության մեջ ինչ–որ բան կա՞, որ պետք է փոխել:

– Կարծում եմ, որ պետք է Ցեղասպանության ճանաչումը շարունակենք, բայց նաև չմոռանանք Հայկական հարցի դասական կերպարանքի մասին: Զարգացումները  Մերձավոր Արևելքում  հանգեցնում են նրան, որ  չի բացառվում` առաջիկա  տարիներին սկսվի Մերձավոր Արևելքի քաղաքական սահմանների վերաձևում, իսկ այդ սահմանները, որ հիմա կան, ըստ էության առաջացել են Սևրի պայմանագրով: Մասնավորապես, կամաց-կամաց քրդական պետության ստեղծման խնդիրն է հասունանում, իսկ Սևրի պայմանագիրը միակ միջազգային փաստաթուղթն է, որում նշված է Քուրդիստանի մասին, իհարկե, ոչ թե որպես անկախ, այլ ավտոնոմ պետության  Օսմանյան կայսրության կազմում: Ուզած չուզած, վերադառնալու և բացելու են Սևրի պայմանագիրը: Եվ այդտեղ մենք պետք է հիշեցնենք աշխարհին, թե Սևրի պայմանագրով մեզ ինչ է տրվել:  Չպետք է մոռանանք Սևրի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանը: Եթե շարունակենք այս ուղղությամբ ջանքեր ներդնել, կարող ենք որոշակի հաջողությունների հասնել: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մի օր մեզ,  այսպես ասած, կհրամցնեն Արևմտյան Հայաստանը, բայց ամեն դեպքում  չպետք է թույլ տանք, որ նաև մոռանան:

– 2015-ին ընդառաջ` Հայաստանը և Սփյուռքը որքանո՞վ են միասնական մոտեցումներում, ամեն ոք գիտի՞ իր անելիքը:

– 2015-ը  սիմվոլիկ նշանակություն ունի, բայց դրանով պայքարը չի ավարտվում: Կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն սփյուռքի ուժերով: Օրինակ`  հիմա եվրոպական  մի շարք երկրներում սփյուռքի հայկական կազմակերպությունները մի շատ կարևոր նախաձեռնություն են սկսել,  որ այդ երկրների դպրոցական դասագրքերում մտցվի հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը դառնա համաեվրոպական հիշողության բաղկացուցիչ մաս: Սա շատ կարևոր խնդիր է, և հենց այն խնդիրներից է, որով սփյուռքը պետք է զբաղվի:

Բայց նաև խնդիրներ կան, որոնց դեպքում Հայաստանը պիտի նախաձեռնություն ցուցաբերի, օրինակ` հանձնաժողովի կամ ավելի ճիշտ` գիտնականների խմբի ստեղծումը:

– Իսկ հայ–թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում: 

– Մենք պետք է միջպետական հարաբերությունները տարանջատենք երկու ժողովուրդների միջև հարաբերություններից: Միջպետական հարաբերություններում երկու հարևան երկրների միջև պետք է գոյություն ունենան նորմալ դիվանագիտական հարաբերություններ և նորմալ գործող սահման: Ժողովուրդներն  իրար հետ ունեն խնդիրներ: Դա բարդ խնդիր է. երկար ժամանակ է պահանջվում, որ թուրքական հասարակությունը դարձի գա և  կարողանա ընկալել, թե ինչ ոճրագործություն է ժամանակին եղել, և դատապարտի, ժամանակակից թուրքին տարանջատի օսմանյան պետության  թուրքից, որն այդ հանցագործությունն է կատարել: Եթե ինքը չի դատապարտում, ուրեմն նույնացնում է իրեն հանցագործի հետ: Ժամանակ է պահանջվում, որ թուրք ժողովուրդը դրան հասնի:

Թուրքիան դեռ 1991-ից, երբ ճանաչեց ՀՀ անկախությունը,  ընտրեց Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, որը  շարունակում է  20 տարուց ավելի: Կարծում եմ, որ ոչ մի պրատակոլ, բանակցություն, գաղտնի բանակցություն չպետք է լինի, այդ ամենն անցել է, Թուրքիան ինչքան կարող էր, այդ իմիտացիան արեց, բոլորին խաբեց: Պետք է հիմա հայտարարի, որ Հայաստանի հետ հաստատում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ և սահմանը բացի, սա միակ բանն է, որ Թուրքիան պետք է անի:  Իսկ արձանագրությունները, կարծում եմ, մեռած են և  ոչ մեկին չեն հետաքրքրում, դրանք այլևս  վերակենդանացվելու շանս չունեն:

– Վերջերս Թուրքիայում հայերի նկատմամբ կատարվող  բռնությունները, Երևան–Վան չվերթի հետաձգումը կապվա՞ծ են Ցեղասպանության տարելիցի հետ: Եվ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու էլ ի՞նչ լծակներ ունի:

– Երկորդ հարցից սկսենք.  ինչ կարողանում,  արդեն անում է: Մեկ էլ մի հնարավորություն կա, որ վտարի Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին: Մի քանի անգամ Էրդողանը սպառնացել է դրանով, բայց աշխարհն այնքան բացասական վերաբերմունք ցուցաբերեց դրան, որ նա  երևի «լեզուն կծեց»: Թուրքիան ինչ  կարողանում է, Հայաստանի դեմ անում է, և դա անում է արդեն երկու տասնամյակից ավելի:

Չվերթի կասեցումը ես համարում եմ քայլ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ: Զուտ կոմերցիան չվերթը փորձեցին վերածել քաղաքական լծակի Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար: Որ ցույց տան` տեսեք` ուզենանք` կլինի, չենք ուզում` չի լինի: Ադրբեջանի բողոքն էլ  դեր խաղաց: Բայց հիմնականում թուրքերը ցույց են տալիս, որ մեզ հետ հարաբերություններում իրենք են խաղի կանոնները որոշում:

Ինչ վերաբերում է հայերի վրա հարձակումներին, կարծում եմ` դրանք ուղղված են ոչ միայն հայերի, այլև ընդհանրապես քրիստոնյաների դեմ:  Ներկայիս կառավարությունը իսլամամետ  է: Այդ ֆոնի վրա Թուրքիայում ուժեղանում են իսլամամետ ծայրահեղական տրամադրությունները` ուղղված ընդհանրապես քրիստոնյաների դեմ: Պատահական չէ, որ վերջին տարիներին  Թուրքիայում պարբերաբար քրիստոնյաների սպանություններ են տեղի ունենում: Հետևյալ հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք. Թուրքիայում հայերի նկատմամբ,  մանավանդ վերջին տարիներին, ձևավորվում է մթնոլորտ, թե  հայերը հատուցում են ուզում, հայերը անշնորհակալ են, օսմանյան կայսրությունում այդքան լավ պահեցինք, բայց հայերը ապստամբեցին:

Մի հանգամանք էլ կա` Հալեպի հայ համայնքը: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում տարբեր նպատակներ ունի, դրանցից մեկն էլ այն է, որ ազատվի Հալեպի հայ համայնքից, քանի որ այդ համայնքը շատ ակտիվ է եղել և կարևոր դեր է ունեցել Ցեղասպանության ճանաչման պայքարում: Կան տվյալներ, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրեր են մշակում, որ հարմար առիթի  դեպքում  հայերին քշեն Հալեպից և այդ գլխացավանքից  ազատվեն:

Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ  միայն Ցեղասպանության  առնչությամբ կեղծելուն, խաբելուն իր ժողովրդին, այլև հայերին ճնշելուն. թույլ չտալ, որ հայերն իրենց ապահով զգան և հնարավորության դեպքում տեղափոխել այդ քաղաքականությունը երկրի սահմաններից դուրս: Ինչը հիմա անում են:

Ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը

Photo 0001-2Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական է, պահանջատեր ու իրավատեր։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մեծ ողբերգության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, այդ իրավունքը պետք է վերականգնվի, և այդ ճանապարհին մեզ առաջին հերթին ազգային համախմբում է անհրաժեշտ՚,- նշեց Կարեն Ավագյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Հայ  դատը միասնական պահանջատիրություն է։ ՙՋահերով երթը, բարեբախտաբար, դադարել է լինել մեկ կուսակցության կազմակերպած կամ մեկ կուսակցության համակիրների միջոցառում։ Այս միջոցառումն այլևս համահայկական է։ Սա այն տեղն է, որտեղ բոլորը համախմբված են և բոլորն իրենց հայ են զգում՝ անկախ հայացքներից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանն էլ նշեց, որ հայ երիտասարդությունը չի մոռացել և չի կարող մոռանալ մեր պատմության մեծագույն ողբերգությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում պետք է բարձրացնել նաև հատուցման և հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը:

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։

 

Բանգլադեշի մայրաքաղաքում բազմահարկ շենք է փլվել

Այսօր առավոտյան Դաքքա քաղաքի ծայրամասում, տեղի ժամանակով 09:00-ին փլվել է 8-հարկանի շենք: Իրավապահ մարմինների խոսքով, անսպասելի փլուզումը խուճապ է առաջացրել տեղի բնակչության մեջ:

400Վերջին տվյալներով 20 մարդ զոհվել է, 100-ը` վիրավորվել, ավերակների տակ հարյուրավոր մարդիկ կան:

Ականատեսներն ասում են, որ պատի  մեջ ճաքեր են առաջացել երեքշաբթի, ապրիլի 23-ին: Դրանից անմիջապես հետո ֆաբրիկան ու բանկը փակվել են, սակայն շատ աշխատակիցներ էլ անտեսել են վտանգն ու վերադարձել աշխատանքի:

Երկրի վարչապետ շեյխ Հասինի խոսքով, տեղում փրկարարական աշխատանքներ են տարվում:

Rana Plaza շենքում տեղակայված էին բազմաթիվ խանութներ, հագուստի ֆաբրիկա, ինչպես նաև` բանկ: