Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միայն Իրանի իշխանություններն են իրավասու որոշել, թե մինչև որ մակարդակի և ինչ մասշտաբով պետք է հարստացնել ուրանը:
«Իր կարիքներին համապատասխան` Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե ուրանի հարստացման ինչպիսի մակարդակ ու մասշտաբներ պետք է կիրառի»,- ասել Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավարը:
Ալի Աքբար Սալեհին իր այս հայտարարությամբ պատասխանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուենդի Շերմանի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, որ ցանկալի է Իրանում ուրանի հարստացումը գտնվի զրոյական մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ստորագրված համաձայնագրի կիրառման սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո էլ Իրանը դադարեցրել է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է իրական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Անկախ
Monthly Archives: June 2014
Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը
Հունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:
Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:
Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:
Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:
Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:
«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:
Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով
Հայտնի նկարիչ,մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով, հաղորդում է Газета.Ru-ն: Այն զբաղեցնում է 3,2 հազար քմ տարածք, ունի 8 ննջասենյակ, 17 լոգարանռա Տարածքում լողավազան կա, թենիսի կորտ, մառան: Տունը վաճառքի էր հանվել 90 մլն դոլարով:
Դիսնեյն այն գնել էր 1949-ին: 90-ականներին ներդրող Գաբրիել Բրեներն առանձնատունը 8,5 մլն դոլարով գնել էր մուլտիպլիկատորի կնոջից: Դրանից հետո այն վերակառուցվել էր, տարածքն էլ` ընդլայնվել:
Մեծ սկանդալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Աշխարհի առաջնության խաղերին հետևելու համար ՖԻՖԱ-ն հաշմանդամների, թոշակառուների և ուսանողների համար առանձին տոմսեր էր սահմանել, որոնք համեմատաբար ավելի մատչելի գին ունեին: Այս տոմսերը հիմնականում չեն հասել իրենց հասցեատերերին, այլ շրջանառության մեջ են մտել սև շուկայում: Նման տոմսերի գինը հասնում է մոտ 1500 եվրոյի:
Այս խաբեությունը բացահայտվել է մի լուսանկարի միջոցով, որտեղ երևում է, թե ինչպես է հաշմանդամ ֆուտբոլասերը կանգնում անվասայլակից այն պահին, երբ դաշտում գոլ են խփում: Սոցիալական մեդիայում հրապարակված այս լուսանկարը մեծ քննարկման առարկա է դարձել: Բրազիլական ոստիկանությունը հարցի շուրջ հետաքննություն է սկսել:
Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել
Հունիսի 23-ը Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ Վառնայի ջրհեղեղի զոհերի: Այստեղ 9 մարդ է զոհվել ու ևս 3-ն անհետ կորած են համարվում: Կառավարությունը զոհերի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն է հայտնել:
Պաշտոնապես հաստատված զոհերի մեջ 2-ը երեխաներ են, նշել է ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:
Ընդամենը 4 ժամում Վառնայում 35 լ տեղում է եղել մեկ քմ-ի վրա 35 լ տեղում է եղել: Ասպարուխովի շրջանում բազում տներ են ավերվել: Ջրասույզ են եղել ավտոմեքենաներ, մի քանի մեքենա էլ ծովն է լցվել:
Բարդ իրավիճակ է նաև մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Մի մարդ էլ զոհվել է Դոբրիչ քաղաքում:
«Ծերուկը դարձել է անտանելի».Կարեն Ավագյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը “Ծերուկը դարձել է անտանելի, կամ մեծ բեմը դերասան է կորցրել” վերնագրի ներքո իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Հոգեհացի արարողությանը քաղաքական ելույթներ դեռ չէինք տեսել։ Լ.Տ.-Պ-ի լսարանն այնքան է կրճատվել, որ սկսել է օգտագործել հոգեհացի սեղանը։ Միայն հրեշը, գազանը, սրբություն չունեցող մարդը կարող է գնալ նման քայլի։ Ցավում եմ, որ երբեմնի քաղաքական «գիգանտը» վերածվել է բանսարկու, տեղի ու ժամանակի գիտակցումը կորցրած զառամյալի։
Եթե մահացած ընկերոջ հիշատակը հարգելու էր եկել, ապա այնքան բան կար նրա մասին ասելու, որ հերթը իշխանություններին չպետք է հասներ։
Հ.Գ.- Լ.Տ.-Պ.-ին նախկինում իմ դրած դիագնոզն էլ մնում է ուժի մեջ”։
Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորում և Հանքավանում
Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:
Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզահագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում տեղերում ճանապարհել և ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի ևս 425 –ական երեխա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վահագնը Դեբեդ գետն անցնելով մի քանի անգամ առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պետական սահման
Հունիսի 19-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից Նոյեմբերյանի բաժնում գրություն է ստացվել, որ Վահագն Վ.-ն 2013 թ. մայիսի 11-ին, ժամը 11.00-ից 12.00-ն, և նույն թվականի օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 7 շենքում գործող խորտկարանի հետնամասով հոսող Դեբեդ գետն անցնելով` առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ ՀՀ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ս/թ մայիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մանվելը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բջջային հեռախոս է գողացել
Հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղևորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Զենք-զինամթերք` աղբարկղի մեջ
Հունիսի 19-ին, ժամը 09.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 64 և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Գարիկը անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից բջջային հեռախոս է գողացել
Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը նույն օրը 40.000 դրամով Մալաթիա գյուղմթերքների շուկայում վաճառել է մի տղամարդու:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը կազմում է 150.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 19-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 13.20-ին, Երևանի Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 09.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի և Բաբաջանյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 18-ին հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, կողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Լիդա Խ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Դիլիջան քաղաքում ավտովթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով ուղևորուհի Լիդա Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Ավարտին է մոտենում Չափար գյուղի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) երկհարկանի դպրոցի կառուցումը
Ֆինանսավորումը` Հայաստանաբնակ բարերար Վարուժան Գրիգորյան, ԼՂՀ կառավարություն
Չափար գյուղի կիսավեր միջնակարգ դպրոցը` կառուցված 1932թ.ին այլեւս հիշողություն է: Փոխարենը գյուղի 52 դպրոցականները սեպտեմբերից կհաճախեն այս նոր հյուրընկալ դպրոցը, որի կառուցումը հովանավորել է գյուղի նախկին բնակիչն ու դպրոցի շրջանավարտը: Իսկ մեկդարյա մետաղաձույլ զանգը կտեղափոխվի նորակառույց եւ կշարունակի ղողանջել դպրոցականների վերջին զանգի օրը` ազդարարելով նաեւ 1-ին դասարանցիների մուտքը նոր դպրոց:
«Օպել Աստրայի» ուղևորը մահացել է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 19-ից 20-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 3, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն նոր օրինագծի վերաբերյալ
ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:
Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:
Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Այս շաբաթ իրականացվել է 11,25 մլն դոլարի առք և վաճառք
Հունիսի 16-20-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,351,435 դոլար 410.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 106,475,573 ԱՄՆ դոլար 411.19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,846,069 EUR 555.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,523,061 EUR 558.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 887,051,175 ՌԴ ռուբլի 11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 145,698,065 ՌԴ ռուբլի 11.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.5 մլն ԱՄՆ դոլար:
Վանաձոր – Ալավերդի ճանապարհն արդեն երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (Վահագնի համայնք ) հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել հողային պաստառի ներքին շեպի ողողում:
«Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների ձեռնարկած անվտանգության միջոցառումների շնորհիվ ճանապարհը երթևեկելի է:
«էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել…». Շարմազանովը` Ռուբեն Հակոբյանին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, քաղաքական մեծամասնությանը մեղադրեց ինքնասիրահարվածության, տարրական թվաբանության հետ խնդիրներ ունենալու, սեփական սխալների համար օտարներին մեղադրելու, թուլության և այլ բաների մեջ` հորդորելով հանրապետականներին փոխել աշխատաոճը և դուրս գալ ինքնասիրահարվածությունից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ ընդդիմադիր գործընկերոջը «տեղը դնելու» գայթակղությանը: Անդրադառնալով նախ կուտակայինի հետ կապված փոփոխություններին` նա համոզմունք հայտնեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բարեփոխված է, և փաստացի մասնավոր սեկտորում պարտադիրը երեք տարով հետաձգվում է: «Այստեղ անհեթեթ բաներ են հնչում: Ուզում եք տարանջատել կառավարությանը քաղաքական մեծամասնությունից, մինչդեռ դա նույն քաղաքական ուժն է, որն էլ հուլիսի մեկից ավելացնելու է շուրջ 200 հազար քաղաքացիների աշխատավարձերը: Ինչ վերաբերում է պարտադիրին, ապա դա դառնում է նպատակային սոցիալական վճար»: Ինչ վերաբերում է ելույթի բուն նպատակին` նա հայտարարեց, որ իր տպավորությամբ, իրենք գտնվում են ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ կան բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն աշակերտներն են: «Մեզ դաս մի´ տվեք: Մի´ խոսեք էդ տոնայնությամբ, չի կարելի,-հորդորեց Շարմազանովը,-մենք որևէ մեկի չենք վիրավորում և դասեր չենք տալիս, երբ ձեր կարծիքը մեր կարծիքի հետ չի համընկնում: Քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, և մենք դրան նորմալ ենք վերաբերում: Բայց գալ այս ամբիոնից մեզ դասեր տալ, մեզ խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք… էդ մեր «այ քյուն» ե՞ք ստուգել, որ որոշել եք` կարդացած ենք, թե կարդացած չենք: Կամ ի՞նչ է նշանակում` քաղաքական մեծամասնության մեջ Արծվիկ Մինասյանի նման 5 հոգու չեք գտնի: Արդյոք ձեզ հարի՞ր է նման ձևով խոսելը»: Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով հանրապետական խմբակցությանն, ասել էր, որ եթե իրենց 70 հոգանոց խմբակցությունից պեղեն և գտնեն գոնե հինգ պատգամավորի, որ իր աշխատասիրությամբ, բանիմացությամբ ու պետության հանդեպ մտահոգ վերաբերմունքով կարող է համեմատվել Արծվիկ Միանսյանի հետ, այն ժամանակ իրավունք կունենան խոսելու: Նա առաջարկել էր անգամ հասարակության շրջանում պարզ սոցիոլոգիական հարցում անցկացնել` պարզելու համար մարդկանց վերաբերմունքը Արծվիկ Մինասյանի և հանրապետականի տասնյակ պատգամավորների նկատմամբ: Ինչ վերաբերում է հանրապետականի «մոտալուտ կործանման մասին» ընդդիմադիրների կանխատեսումներին, ապա Շարմազանովը շտապեց հիասթափեցնել նրանց` ասելով, որ այդ լուրերը իրականությանը չեն համապաստասխանում: «Եվ ամենակարևորը` մի´ նյարդայնացեք: Միգուցե ձեր երեկվա քաղաքական ծրագրերը ձախողվեցին, երբ քաղաքական մեծամասնությունը կարողացավ բնականոն հունով աշխատել, և դա խախտեց ձեր ծրագրերը, դրա համար էլ հիմա եկել եք այստեղ մեզ մեղադրում ու վիրավորում եք: Բայց ապակե տան մեջ ապրողն ուրիշի վրա քար չի նետում, որովհետև, եթե նետեք, այդ տունը կփլվի»: ԱԺ փոխխոսնակն ընդդիմադիր գործընկերներին հիշեցրեց, որ որևէ երկրում քաղաքական փոքրամասնությունը որոշումներ չի ընդունում: «Եթե ուզում եք ձեր կետերն 12, 24 կամ 150 կետերն իրականանան, պետք է նախ հաջողության հասնեք ընտրություններում: Ընտրությունները կգան, բարին էլ հետը: Այսօր պետք է համակերպվեք այս արդյունքների հետ,-ամփոփեց նա` մեկ անգամ ևս ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին հորդորելով լինել կոռեկտ, սահմանները չանցնել և դասեր չտալ,- դուք վարժապետ չեք, մենք էլ` աշակերտ»:
Աստանայում մենք պետք է պատասխան տայինք. Գառնիկ Իսագուլյան
«Վերջին շրջանում Հայաստանի և´ ներքին, և´ արտաքին կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են հետաքրքիր թվալ, սակայն ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին դրանք սպասելի էին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` առանձնացնելով Քեսաբի դեպքերը, Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը և Աստանայում` Նազարբաևի կողմից կատարած հայտարարությունները:
Գառնիկ Իսագուլյանը սխալ է համարում մարտին պատգամավորներ Քեսաբ ուղարկելը. «Մենք ունենք Սփյուռքի նախարարութոյւն, Արտաքին գործերի նախարարություն, որոնք պետք է զբաղվեին այդ խնդրով մինչև այդ իրադարձությունները: Եթե մինչ այդ Սփյուռքի նախարարությունը համապատասխան աշխատանքներ տաներ, նման հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել: Քեսաբը խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, սակայն ես կասկածում եմ, թե Սփյուռքի նախարարությունը երբևէ այդտեղ աշխատակիցներ ուղարկել է», – ասաց նա:
Ըստ Իսագուլյանի` Հայաստանը միջազգային ասպարեզում իր հնարվորությունները լիարժեքորեն չի օգտագործում. «Աստանայում Նազարբաևը նման հայտարարություններ արեց, քանի նման դեպք եղել էր նաև Մինսկում, սակայն հայ դիվանագետերը չէին պատասխանել: Հայաստանը աշխարհագրական դիրքի առումով մեծ առավելություններ ունի և գտնվում է Ռուսաստանի նման գերտերության քաղաքական շահերի գոտում: Մյուս կողմից, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ չի պատրաստվում կորցնել մի թիզ հող, իսկ մենք` չենք կարող: Այնպես որ մենք Աստանայում պետք է պատասխան տայինք: Ցանկացած պատասխան ճիշտ կլիներ, իսկ լռությունը սխալ էր:
Իսագուլյանի խոսքով` հայ դիվանագետների սխալների պատճառը հիմնականում այն է, որ համապատասխան գերատեսչությունները չգիտեն, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքական հարցերի վերաբերյալ:



