Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

MHM88569Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Չինաստանի վարչապետն սպառնացել է հետաձգել Լոնդոն կատարելիք այցելությունը, եթե ինքը չհանդիպի թագուհու հետ

Chinese Prime Minister Li KeqiangՉիանստանի պաշտոնատար անձինք սպառնացել են բոյկոտել Բրիտանիա կատարելիք իրենց դիվանագիտական կարևոր այցելությունը, եթե կոմունիստական երկրի վարչապետը չհանդիպի թագուհու հետ:

Չինացի պաշտոնյաներն  իրենց բրիտանացի գործընկերներին հայտնել են, որ Լի Կեցյան չեղյալ կհամարի հաջորդ շաբաթ կայանալիք այցելությունը, եթե միապետի հետ հանդիպում չնշանակվի:

Ամեն դեպքում Չինաստանի այս կոշտ քայլը հաջողություն է ունեցել, քանի որ Լին երեքօրյա այցելության ընթացքում կհանդիպի թագուհուն և Դեյվիդ Քեմերոնին:

Բուքինգեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը դեպքի կապակցությամբ հրաժարվել է մեկնաբանություններ անել:

Կառավարության աղբյուրի տեղեկություններով՝ պետության ղեկավար չհանդիսացող մարդկանց համար աննախադեպ չէ թագուհու հետ հանդիպելը, ինչպես օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեպքում, որը փետրվարին հանդիպում է ունեցել թագուհու հետ:

Աղբյուրը  Times-ին տեղեկացրել է, որ չինացիները բարդ բանակցողներ են:

Չինացի պաշտոնյաները նաև ճնշում են գործադրել բրիտանացի դիվանագետների վրա, որպեսզի նրանք պարզեն տեղի ունենալիք հանդիպումների մանրամասները, ինչպես օրինակ ինչ ոճի զգեստ է կրելու Սամանտա Քեմերոնը Լիի և նրա կնոջ հետ հանդիպման ժամանակ:

 

Քաղաքացին կրակել է ոստիկանների ուղղությամբ. կան վիրավորներ (տեսանյութ)

231856491395744102Հունիսի 12-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել  տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 

Անկախ

Ադրբեջանի օդանավակայանում 8 ուղևոր վայրեջքի ժամանակ վնասվածքներ է ստացել

2Բաքու-Նախիջևան չվերթի “Բոինգ 757” օդանավի 8 ուղևոր վայրէջքի ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օդանավը, որում եղել է մոտ 180 ուղևոր, ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել: Ուղևորներից 8-ը ամրագոտիները ամրացրած չեն եղել, որի հետևանքով ընկել են ու տարբեր վնասվածքներ ստացել:

Նշենք, որ այդ ինքնաթիռը վայրէջք էր կատարում Նախիջևանի օդանավակայանում:

 

Անկախ

«Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից». Ալ. Արզումանյան

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին նիստը մեկնարկեց պատգամավորների լեզվակռվով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործընկերների ուշադրությունը հրավիրեց նախօրեին Ազգային ժողովում տեղակայված հայ-ռուսական ակումբի նիստում ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովի հանդիպմանը և այդ հանդիպմանը նրա հնչեցրած մտքերին: <<Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսիլյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ Հայաստանը օտարերկրյա հյուրերին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը, հայոց լեզուն հայ ժողովրդի համար հոգևոր արժեք են, ուստի, եթե նման իրողություններ կան, կքննարկվեն: Անյուհետև վարման կարգով ելույթ խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը երեկվա հանդիպմանը ներկա է գտնվել: Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. <<Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը/կողքի պատգամավորին հարցնում է՝ ինչ էր ազգանունը/, հա, պարոն Փաշինյան, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես: Որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այնտեղ ներկա եմ եղել, չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ հարգալից մթնոլորտում, և պատգամավորները, լսելով կարծիքը, ներկայացրել են իրենց կարծիքը>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք տրամադրել, քանի որ ծավալվում է քննարկում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում խնդիրը նիստից դուրս լրացուցիչ կքննարկվի:

Այնուհետև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ցանկանում է փարատել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ բոլորի, այդ թվում՝ «լրատվական կորպուսի» ներկայացուցիչների անհանգստությունը: <<Ակումբային հարթակը բանավիճային է, որտեղ պոլեմիկայի, տարբեր կարծիքներ լսելու, այլ արգումենտներ հնչեցնելու հնարավորություն պիտի լինի, և կա այդ հնարավորությունը: Ներկա պատգամավորները, լրատվական ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների հասցեին, վստահ եղեք: Եթե նման լիներ, ապա ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ներկաները թույլ չէր տա: Այնտեղ են եղել պարոն Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, և բոլորը, պարոն Փաշինյան, իրենց բարձունքի վրա են գտնվել>>:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. <<ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, խնդրում և պահանջում եմ հետայսու ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկման ժամանակ պահպանել պետական լեզվի կարգավիճակը՝ ապահովելով թարգմանություն: Եվ հաջորդը. եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք, սա խնդրում եմ՝ նկատի ունեցեք>>:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նախօրեի քննարկմանը, ասաց, որ բազմակարծություն ապահովելու ահմարա նհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիքներով պատգամավորների: <<Որպեսզի եթե վիրավորեն մեր ժողովրդին, կարողանանք պաշտպանել: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է: Հանդիպումն ամբողջությամբ համացանցում է, որտեղ հստակ երևում է, որ մեր ժողովրդի հասցեին, մեր պետությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ և կինիկ բառերի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաշչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այսուհետև խորհրդարանական յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով: Արձագանքելով արդեն խոսափողն անջատած, բայց լեզվակռիվը շարունակող պատգամավորներին՝  Գալուստ Սահակյանը ասաց. <<Էստեղ արդեն պատերազմ չենք հայտարարում: Ուշադիր, ուշադիր, կարծում եմ՝ էստեղից է գալիս, որ մեր ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում: Սա խորհրդարանի դահլիճն է, արդեն ասացի, եթե անհրաժեշտ է, ևս մեկ անգամ կքննարկենք իրողությունը>>:

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_nՇենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

Հին Երևան պատմամշակութային թաղամասի մանրակերտը

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Աջից՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, ձախից՝ Աֆրիկյանների ակումբի շենքը

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

Աֆրիկյանների ակումբի շենքը բակի կողմից

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 11-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Օպել»-ներից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 02.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 4 շենքի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես»-ի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 08.50-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 հասցեում գտնվող հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 37 և 38 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի կենտրոնական ճանապարհին «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ցանկապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 12-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Մարգարա-Էջմիածին ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ռաֆ-4» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 18.20-ին, Իջևանի Արցախյան փողոցի սկզբնամասում «ԶԱԶ-Սենս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` ճանապարհի եզրին կայանված «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 11-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 96-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

 

Մահվան ելքով վրաերթ Մարմարաշեն գյուղում

վրաերթՀունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին:
Պատահարից հետո վարորդը տուժողին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 11-ից 12-ը)

ոստիկանԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 12 դեպքից` 10-ը, խուլիգանության` 2, որսագողության և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել. Panorama.am (լուսանկարներ)

MHM88563Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության MHM88565 copyդատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրայից կրակոցներ արձակած երիտասարդ Հայկ Կյուրեղյանին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնականի բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական MHM88566 copyծառայությունից: Նա այս պահին հարցաքննվում է:

MHM88567Panorama.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ մի երիտասարդ բարձրացել է կայանված մեքենաներից մեկի վրա ու կրակոցներ արձակել` հայտարարելով, թե ամեն կերպ խանգարելու է նիստի ընթացքին:

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՀունիսի 12-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4.5-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 318 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 47 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 271 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 556 554 976 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1490 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

ֆիննախՀունիսի 12-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 315 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 088 116 340 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.9500 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:  

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ Նախագահին Հայաստանի Նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Նախագահի խոսքով, քաղաքական արգասաբեր երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա՝ Հայաստանը և Ռուսաստանը հետևողականորեն կխորացնեն առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար համագործակցությունը՝ կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն՝ ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին:

Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում

11372_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն: Օրինագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»:
ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է կրթության ոլորտի այս բարեփոխման ընթացքի մասին մամուլի միջոցով պարզաբանում տալ հանրությանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ներկայացրել է Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը: Նախարարության պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում Վրաստանի իրենց պաշտոնակիցներից: Անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս արագացնել աշխատանքը, սակայն հնարավոր է, որ երթևեկությունը վերականգնվի ս.թ. հունիսի 14-15-ին:

«Հյուսիս-հարավը» կհամապատասխանի միջազգային չափանիշներին

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ ենթակապալառու կազմակերպություն է, վերջինիս բարձրորակ ցեմենտ է մատակարարում: Երկարաձգելով այդ նպատակով ներկրված մեքենա-սարքավորումների մաքսային ժամկետը, կառավարությունն ապահովում է ծավալված աշխատանքի անընդհատությունն ու արդյունավետությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով (Տրանշ-2) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Այդ նպատակով ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 968 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ: Շինարարության կապալառուն որոշել է էլեկտրահաղորդման գծի ուղեգիծը: Սույն որոշումը հնարավորություն է տալիս մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին:
Գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 62 մլն դրամ, որով կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով Երևանի շրջակայքում կանտառապատվի 31 հա, ՀՀ մարզերում՝ շուրջ 100 հա տարածք:

Հստակեցվում է ավիացիոն անվտանգության լիազոր մարմինների գործառույթը

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվում են սկզբունքներ՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներում Եվրամիության սահմանած նոր չափորոշիչների կիրառման հետ:
Փոփոխելով ու լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը նպատակ ունի տեխնիկապես կատարելագործել փրկարարական աշխատանքի կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը և արդիականացնել կապի միջոցները:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության մեկ այլ որոշման մեջ. նպատակը այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման պատշաճ իրականացումն է: Սահմանվել են այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրեր (կազմակերպություններ) և նոր աշխատատեսակներ:

Բարեփոխվում է ազգային որակի ենթակառուցվածքը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014թ. ծրագիրը, որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ համապատասխանի միջազգային պահանջներին և չափանիշներին,
-ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը, որի համաձայն նշված քաղաքացիներին կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում և նրանց հնարավորություն կընձեռվի սովորել անվճար և ավարտելուց հետո աշխատել իրենց բնակավայրերում,
-«Երևանի N 1 տուն ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը. ծրագրի իրականացման նպատակով 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվություն է տրամադրել Քուվեյթի Պետությունը,
-ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը, որով կապահովվի պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացումը,
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը:

Կանոնակարգվում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանային շերտում արգելել արտոնագրման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը, նկատի առնել, որ տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:
Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը:
Նիստի հավանությունն է ստացել «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունումը թելադրված է «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխմամբ և աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի ներդաշնակեցմամբ:
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի նպատակն է որպես հանցակազմ ձևակերպել առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և խստացնել այս հանցակազմի համար նախատեսված սանկցիան:
Գործադիրը քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մեծացնել շրջակա միջավայրին հասցված վնասի պատասխանատվությունը: Կառավարությունը որոշ վերապահումներ է արտահայտել օրինագծի առթիվ՝ տեղեկացնելով նաև, որ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքի նախագիծ, որն արդեն ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, ուստի դեմ է սույն նախագծի ընդունմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ որոշումներ

Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային երկու մասնաշենքում և Աճառյան 44 հասցեի հանրակացարանում բնակվող հինգ ՀՀ քաղաքացիներին է նվիրաբերվել իրենց զբաղեցրած երեք սենյակը:
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ԱՄՆ Քլիվլենդի համալսարանի օրդինատուրայի սան Հակոբ Քոչարյանին, ով պարտավորվել է ուսումնառության ավարտից հետո ըստ մասնագիտության երկու տարի աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:

124 դիմորդ Հայոց լեզու և գրականությունից 20 բալ է ստացել

քննությունՀրապարակվել են Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության գնահատականները: Այսօր մինչև ժամը 18:00-ը դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

Այս տարի Հայոց լեզու և գրականություն առարկայից հայտագրվել էր 7577 դիմորդ, քննությանը մասնակցել է 7328-ը: ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ միջին գնահատականը 13,24 է:

Անբավարար է ստացել դիմորդների 9,5 տոկոսը (696 հոգի): Նվազագույն դրական միավորներ`7,5-13,25 է հավաքել դիմորդների 40,79 տոկոսը (2989 դիմորդ), 13,5-17,25 է ստացել 28,75 տոկոսը (2107 դիմորդ), 17,5-20 1 ստացել 20,96 տոկոսը (1536 դիմորդ):

Առավելագույն գնահատական`20 բալ է ստացել 124 դիմորդ:

Նախորդ տարի Հայոց լեզվի և գրականության միջին միավորը 13,25 էր`այս տարվա ցուցանիշից 0,1 միավորով բարձր, իսկ կտրվողները դիմորդների 9 տոկոսն էին կազմում (այս տարի անբավարարների թիվը 0,5 տոկոսով ավելացել է): Ընդհանուր առմամբ, Հայոց լեզու և գրականությունից գնահատականների բաշխվածությունը տոկոսային առումով գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Բայց  այս տարի 44-ով ավելացել է  20 բալ ստացողների թիվը (նախորդ տարի ընդամենը 80 դիմորդ էր 20 ստացել):

Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել . Փաստինֆո

դատարանԴատարանը ճանաչել ու հռչակել է  ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել:  Խոսքը  բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է:  Ալեքսանդր  Ցվերիանովի  նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է  և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա  Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ.  նոյեմբերի 30–ից: Դատարանը  հանգել է  հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր  Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ

Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով՝  դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ  Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել  30.11.2012թ. ,  սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ.  արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով   ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:

Դատարանի նախաձեռնությամբ որպես վկա հրավիրված թարգմանիչ Անահիտ Գրիգորյանի հարցաքննությամբ պարզվել է, ինչպես նշվում է դատավճռի վերլուծություններում,  որ վերջինս որպես թարգման ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ վերջինս եղել է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում և այդ կապակցությամբ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել: Վկա Ա.Գրիգորյանը միաժամանակ դատարանին հայտնել է, որ 01.12.2012թ. Ալեքսանդր Ցվերիանովի որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության վերջում թարգմանչի գրառումները իր կողմից չէ կատարված և բացի նախորդ օրվա դեպքից, այլ անգամներ ինքը Էրեբունու քննչական բաժնում կամ որևէ այլ քննիչի մոտ չի եղել, այսինքն՝  կասկածյալ Ա.Ցվերիանովի հարցաքննությունն իրականացվել է թարգմանչի բացակայության պայմաններում, որը դատավարության լեզվին չտիրապետող կասկածյալ Ա.Ցվերիանովի իրավունքների էական խախտման փաստ է: Դատարանի նախաձեռնությամբ իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության 29.11.2013թ. եզրակացությամբ չնայած փորձագետը հանգել է հետևության, որ հետազոտելի ձեռագիր գրառման և ստորագրության կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելիությունը (այն Ա.Գրիգորյանի կողմից է կատարված, թե ոչ), սակայն ելնելով վկա Ա.Գրիգորյանի դատաքննական ցուցմունքից, դատարանի մոտ հիմնավոր համոզմունք է ձևավորվել, որ նախաքննական մարմնի կողմից թույլ է տրվել պաշտոնական կեղծիք:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված կասկածյալ Ա.Ցվերիանովի 01.12.2012թ. հարցաքննության արձանագրությունը դատարանը ճանաչել  է որպես անթույլատրելի ապացույց և հանել  ապացույցների շարքից:

Նույն հիմքով, դատարանն անթույլատրելի է ճանաչել  նաև նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ներկայացված քննչական փորձարարություն կատարելու մասին 01.12.2012թ. արձանագրությունը, քանի որ թարգմանիչ Ա.Գրիգորյանն իրականում մասնակից չի եղել քննչական գործողությանը, սակայն որպես   «մասնակից»  ներառվել է արձանագրության մեջ: Քննչական փորձարարությանը թարգմանչի բացակայության մասին է հայտնել նաև պաշտպան Ա.Հոբոսյանը, ով դատարանում հայտարարել է, որ 2012թ.  դեկտեմբերի 1–ին նախաքննական մարմնի կողմից իր մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ողջ ընթացքում որևէ թարգման քննչական գործողությանը չի մասնակցել: «Այսինքն, դատարանն արձանագրում է, որ այս ապացույցը նույնպես նախաքննական մարմինը ձեռք է բերել քրեադատավարական օրենսդրության նորմերի կոպիտ խախտմամբ, ավելին պաշտոնեական կեղծիքի միջոցով, որը չի կարող դրվել ապացույցների շարքում»:

Նախաքննությունն իրականացվել է մեղադրական թեքումով

Թեև քրեական հետապնդում իրականացնող մարմինը  պարտավոր է ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու արատավոր պրակտիկայով: 2013թվականի հունվարի 17–ին նախաքննական մարմինը կատարել է քննչական գործողություն, այն է՝ առարկաների ճանաչում  և տուժող Իզաբելլա Հարությունովային ճանաչման է ներկայացրել 1– 4 թվերով համարակալված էլեկտրական դռելի տուփեր, սակայն տուժող Ի.Հարությունովայի կողմից ճանաչվել է 2–րդ համարի տակ առկա 12 հատ պտուտակները (ինչ պտուտակների մասին է խոսքը, այդպես էլ անհասկանալի է, քանի որ տուժողին տուփեր են ճանաչման ներկայացվել, այլ ոչ թե պտուտակներ): Դատարանն արձանագրում է, որ որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան: Ընդ որում,  ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան:  Առարկաների ճանաչում կատարելու քննչական գործողության ընթացքում, նախաքննական մարմնի կողմից չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն և կասկածյալ Ա.Ցվերիանովի մատնահետքերը համեմատվել են նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Համաձայն մատնադրոշմային փորձաքննության 09.01.2013թ.  եզրակացության, Ա.Ցվերիանովի մատնադրոշմները չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության մեջ, նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպես կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:

Այսպիսով, դատարանի գնահատմամբ, դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում, մեղադրանքի կողմը բացառապես և ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին մեղադրանքի ծավալում ներառված 16 դրվագ գողությունները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Սկոլարին աշխարհի առաջնության պատճառով քրոջորդու թաղմանը չի մասնակցի

treՖուտբոլի  Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին որոշել է քրոջորդու թաղմանը չմասնակցել` թիմը աշխարհի առաջնությունից առաջ չթողնելու համար:

«Երբեմն կյանքում լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնում: Նման պահերին հարկավոր է հավաքվել ու առաջ շարժվել», ասել է Սկոլարին:

Երեքշաբթի մարզչի  քրոջ 48-ամյա որդին` Տարչիզիո Ժոաո Շնայդերը զոհվել է ավտովթարից:

Անկախ

Միջազգային հանրությունն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային

mosulՎաշինգտոնը դատապարտել է «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումը Մոսուլում տեղակայված Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է ԱՄՆ-ի կոչը ահաբեկիչներին՝ ազատելու բոլոր պատանդներին: «Մենք կապի մեջ են գտնվում Թուրքիայի և Իրաքի կառավարությունների հետ և պատրաստ  ենք համապատասխան աջակցություն տրամադրել»,-նշել է Էռնեստը:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ցնցված է Մոսուլում տեղի ունեցածից: Նա կոչ է արել Իրաքի կառավարությանը, տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը միավորվելու, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն և պատանդները ազատ արձակվեն:

ՆԱՏՕ-ն ևս երեկ հրավիրված արտահերթ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և պատրաստ է աջակցել թուրք ժողովրդին:

Նշենք, որ Մոսուլում ահաբեկիչներին ձեռքում գտնվող թուրք պատանդների թիվը հասել է 108-ի:

 

 

Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

002Ձևավորված ավանդույթի համաձայն, արդեն յոթերորդ տարին անընդմեջ «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպում «Նարեկացի» արվեստի միությունում: Ծննդյան 63-րդ տարեդարձին նվիրված երեկոն այս անգամ մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող տեսաֆիլմի դիտումով: Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական-քաղաքական գործիչներ ու բազմաթիվ երևանցիներ: Վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է խոսելու մեծ հայրենասերի,  ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը:  Ներկաները նաև նկատել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ միջոցառման շրջանակում ընթերցվել է նաև Անդրանիկ Մարգարյանի այս տարվա համար ընտրված պատգամը՝ «Մի ժողովուրդ, որ կարող է հիշել ու բարձրացնել  իր նախնիներին, ապրելու է հավերժ»:

Միջոցառման շրջանակում «Նարեկացի» արվեստի միության ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն