Ներքին կարմիրաղբյուրում գիշերվա կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը

Ներքին ԿարմիրաղբյուրԵրեկ գիշեր մի քանի ժամ հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը , Չորաթանի Ներքին շեն հանդամասը, որտեղ այդ պահին աշխատելիս են եղել գյուղացիները:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Անկախի թղթակցին ասել է, որ հակառակորդի անընդմեջ կրակահերթի պատճառով գյուղացիները չեն կարողացել այգիներից երկար ժամանակ դուրս գալ:ՙՙՀակառակորդը խփել է չորաթանցի Լեռնիկ Քալանթարյանի նաև Լևոն Քալանթարյանի ավտոմեքենաներին, գնդակներից մեկը պայթել է շարժիչի մեջ, մյուսը ջարդուխուրդ արել մեքենայի դիմապակին: Բարեբախտաբար, մեքենայի վարորդները չեն տուժել:ՙՙԱյնքան ինտենսիվ են դարձել կրակոցները, որ երևի մեր գյուղացիները չկարողանան այլևս մշակել այգիները: Ներքին շենը ադրբեջանական գյուղից հեռու է մի քանի հարյուր մետր, որտեղ Չորաթան գյուղի 30-40հա խաղողի այգիներն են՚՚,-ասել է Վարուժան Բաղմանյանը:

Նա ասաց, որ ինքն այդ պահին գտնվել է սահմանամերձ Չինարի գյուղում, որը ևս գիշերը գնդակոծվել է, կրակել են գյուղի կենտրոնական փողոցների, տների տանիքների, դարպասների ուղղությամբ: Ներքին կարմիրաղբյուրում կրակոցի հետևանքով պայթել է գազատար խողովակը:

Երեկ ուշ երեկոյան Անկախը գրել էր, որ ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում են Շամշադինի շրջանի սահմանամերձ գյուղերը:

 

Անկախ

Թուրք բժիշկները փորձում են փրկել Անթալիայում լողավազանը ընկած 5-ամյա ռուս երեխայի կյանքը

rus Թուրք բժիշկները անում են հնարավոր ամեն բան 5-ամյա ռուս աղջկա կյանքը փրկելու համար: Փոքրիկ Ալյոնան ընկել է լողավազանը Անթալիա քաղաքի հանգստյան գոտիներից մեկում: Առանց հսկողության մնացած երեխան մոտ 20 րոպե մնացել էր ջրի տակ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը շատ ծանր է: Թուրք բժիշկները երեխայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Յուլյա Պանկրատովային, առաջարկել են անջատել աղջկա թոքերը օդափոխող սարքավորումը և նրան օգտագործել որպես օրգանների դոնոր, քանի որ Ալյոնային փրկելու շատ քիչ հավանականություն կա:

Անկախ

 

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին

նարեկացի«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:

Նարեկաբուժություն

«Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ: Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,- պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը:

Նա սկսում է «Նարեկ» կարդալ: Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է:

IMG_44501993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից:

Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը. «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»:

Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն: Նկարագրված են և տրված բուժման աղոթքները:

Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ:

Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք: «Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:

2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ:

Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը:

Եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը

hqdefault«Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը:
Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի:

Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը:
«Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ, չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը:

«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու:

«Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»:

Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված:

 

Վերածնված Անին ու «Նարեկը»

IMG_4436Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում:

Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել: «Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»:

Տեր Հովսեփը երկար մի թղթի վրա «Նարեկից» աղոթք է գրում: Երբ տղան քնած է լինում, դա ամրացնում են նրա հագուստին, «Նարեկն» էլ դնում գլխի տակ: Մեկ էլ տղան առանց ծնկները ծալելու, աչքերը փակ վիճակում՝ կանգնում է և սկսում խոսել Հիսուսի հետ: Երբ խոսքը վերջացնում է, նորից նույն ձևով պառկում է: Քիչ անց արթնանում է, ձեռքը տանում բարձի տակ, գիրքը հանում, համբուրում և ասում, որ տեր Հովսեփին կանչեն: «Երբ պապս գալիս, է ընկնում է ոտքերը, շնորհակալություն հայտնում, ասում, որ այլևս հիվանդ չէ»,- պատմում է Անին:

Անին փոքր է եղել, լավ չի հիշում պապի հրաշագործությունները, բայց հիշում է, որ նրա գիրքն իրենց տան սուրբ մասունքն էր, որը միշտ իրենց գլխի տակ էր, երբ հիվանդանում էին: Այդ գիրքն իրենց ընտանիքի պահապանն էր, մահից փրկել էր եղբորը, իրեն: Գրքի սուրբ ուժն առաջինը տարածվել է հենց Անիի վրա դեռ նորածին հասակում, երբ նրան բժիշկները հաշված օրերի կյանք էին կանխատեսել՝ համարելով նվազ երեխա: Պապն էլ, որպես եկեղեցու սպասավոր, որոշել էր մինչև «հոգին Աստծուն հանձնելը»` կնքել երեխային, որպեսզի անկնունք չմահանա: Կնքել էր: Հետո  «Նարեկը» դրել էին երեխայի բարձի տակ, ու նա խոր քուն էր մտել և… արթնացել բոլորովին առույգ ու առողջ:

Երկրորդ անգամ Անին «Նարեկի» շնորհիվ վերածնվում է 1992 թ.՝ սարսափելի ավտովթարից հետո, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: «Մորս խնդրեցի, որ «Նարեկը» բերի: Դրեցի գլխիս տակ,- պատմում է նա,- իհարկե, ես իմ բժշկին պաշտում եմ, նրան համարում իմ երկրորդ ծնողը, բայց այդ ժամանակ իմ վիճակն այնպիսին էր, որ ոչ ոք հրաշքի չէր սպասում»:

Մի օր էլ, երբ Շողակաթ եկեղեցում հոգևոր երգեր երգող Անին Գևորգյան ճեմարանի սաներից մեկին ասում է, որ տանը «Նարեկ» ունի, մեկ շաբաթ անց վերջինս իր տուն է գալիս՝ ձեռքին

Նա սկսում է «Նարեկով» բուժել: Նախ իր հարազատների, ընկերների վրա է զգում գրքի հրաշագործ ազդեցությունը, հետո շատ-շատերին է իր գրքի սուրբ զորությունը մատուցում:«Նարեկի» այն աղոթքների ցանկը, թե որով որ հիվանդությունն են բուժում: «Հասկացա, որ դա նախանշան է»,-ասում է Անին:

Տարիներ առաջ «սկայպով» մի գերմանացի կնոջ հետ է ծանոթանում, որի որդին հոգեկան խնդիրներ ուներ: Հեռվից հեռու նրա ապաքինման համար աղոթքներ է կարդում: Արդյունքը դրական էր: Փաստորեն, հրաշագործ գիրքը սահմաններ չէր ճանաչում: Հետագայում այդ կինն իր որդու հետ գալիս է Հայաստան, մկրտվում հայկական եկեղեցում: «Ես երբեք չեմ հայտարարում, որ քաղցկեղ եմ բուժում կամ բնածին արատներ: Բայց իմ փորձից կարող եմ ասել, որ շնորհիվ «Նարեկի» աղոթքների՝ կարող եմ բուժել հոդացավեր, մաշկային հիվանդություններ, սեռական, հոգեկան խնդիրներ և այլն»,- թվարկում է նա:

Մինչ բուն հիվանդության դեմ ուղղված աղոթքը կարդալը, Անին նախ կարդում է չարխափան աղոթքը, որը մարդու բացասական էներգետիկան է մաքրում, խաղաղեցնում հոգին, որպեսզի բուժական աղոթքն իր ազդեցությունն ունենա: Բուժական գործընթացն ավարտվում է «Հայր մեր» աղոթքով:

IMG_4439

Պապի սուրբ գիրքն այժմ Անիի անբաժան ընկերն է: Նա այդ գրքով է ապրում և օրեցօր ավելի ու ավելի ոգևորվում նրա զորությամբ: Դա նրա համար ավելին է, քան գիրքը, մի պաշտելի երևույթ, որին մեծ ակնածանքով է վերաբերվում և դիպչում միմիայն թաշկինակով:

 

«Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:
Սկսածն այս իմ իր ավարտին հասցրու դու,
Եվ թող քո հոգին խառնվի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փա՜ռք բոլորից. Ամեն…»:

 

Անի Գասպարյան

Անկախ

Կարատե` սիրված, բայց և անտեսված սպորտաձև

jkajka1Մեր երկրում կարատեի շուրջ 150 գրանցված ֆեդերացիաներ կան, սակայն դրանցից փաստացի գործում Է 15-ը: Այս սպորտաձևով զբաղվողների թիվը Հայաստանում հատում է 15 հազարի սահմանը: Հարյուրավոր սաներ այսօր կարատեին տիրապետում են նաև ճապոնական Կենդո կարատեի ֆեդերացիայում: Կարատեի այս ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 98 երկրներում: Այս սպորտաձևը հենց ճապոնական ծագում ունի, որն աշխարհում իր տարածումն է գտել դեռևս 1760-ական թվականներից: 2006-ից Կենդո կարատեի ֆեդերացիան իր մասնաճյուղն է հիմնել նաև մեր երկրում, որտեղ ամենակրտսեր սանը 5, իսկ ամենաավագը 43 տարեկան է: Ֆեդերացիայի հիմնադիր Շահեն Պետրոսյանի հետ մեր զրույցը ծավալվեց արևելյան այս մարտարվեստի զարգացման շուրջ` ավարտվելով կարատեի ներկայի ու ապագայի դիտարկումներով:

– Կա՞ ոճային տարանջատում կարատե սպորտաձևի մեջ:
– Այսօր համաշխարհային ճանաչում ունեցող կարատեի երկու ֆեդերացիա կա և երկու ոճ` ավանդական և սպորտային, որոնց հիման վրա անցկացվում են աշխարհի առաջնությունները: Ցանկացած պետություն, որում հիմնվել են այդ ֆեդերացիաների ճյուղերը, իրավունք ունեն առաջնությանը մասնակցելու: Մեր ֆեդերացիան համագործակցում է ճապոնական կարատեի ասոցիացիայի հետ և մասնակցում է նրանց միջոցառումներին:
– Ըստ շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշինի` կարատեն մաքրում է մարդուն եսասիրությունից և չար մտքերից, բացի այդ, կարատե պարապողը չպետք է երբեք հեշտությամբ կռվի մեջ ներքաշվի: Համաձայն ե՞ք նրա տեսակետին:
– Այո, կա նման հասկացողություն: Եթե մարզիկը գիտակցում է, որ կարող է որևէ մեկին վնաս հասցնել, չպետք է առաջինը մարտի մեջ ներքաշվի: Նա կարող է դրան գնալ միայն ամենածայրահեղ դեպքում:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս մարտարվեստում հաջողություններ ունենալու գրավականներից մեկը դրանով վաղ տարիքում զբաղվելն է:
– Իհարկե, վաղ տարիքում սպորտով պարապելն արդեն իսկ կարևոր նախադրյալ է ի ցույց դնելու սեփական ունակությունները: Սպորտը տքնաջան աշխատանք է պահանջում, պետք է սիրել ու նվիրվել արդյունք ստանալու համար:
– Ո՞ր տարիքից է խրախուսվում այս մարտարվեստով զբաղվելը:
– Ամենաբարենպաստ տարիքը 5 տարեկանն է, քանի որ երեխայի առջև չեն դրվում բարդ խնդիրներ: Նախախատրաստական փուլերից 2-3 տարի հետո միայն սկսվում է պրոֆեսիոնալ մարզման փուլը:
– Ներկայումս ֆեդերացիայի կազմում ընդգրկված հարյուրավոր սաներից քանի՞սը, ըստ Ձեզ, կարող են մարզիկներ դառնալ:
– Բոլորն էլ ջանում են հաջողակ լինել, սակայն մենք նրանց չենք քարոզում այն գաղափարը, որ պետք է անպայման մարզիկ կամ մրցանակակիր դառնան, այլ փորձում ենք նրանց մեջ սերմանել ֆիզիկական զարգացածության կարևորությունը, որը օգտակար է և՛ առողջ կենսակերպի և՛ զուտ ինքնապաշտպանված զգալու տեսանկյունից:
– Մի փոքր խոսենք նաև խնդիրներից: Արևելյան այս մարտարվեստն այսօր սիրահարների մեծ բանակ ունի Հայաստանում, սակայն մարզիկների հաջողություններն այնքան էլ ակնառու չեն: Ինչու՞
– Արևելյան մարտարվեստի կովկասյան ոճը տարբերվում է այլ երկրներում ուսուցանվող կարատեի տեսակներից: Խնդիրն այն է, որ մեր երկրում կարատեի զարգացումը խոչընդոտող լուրջ գործոններ կան: Օրինակ` եվրոպական երկրներում ինչու՞ են հաջողություններ արձանագրվում, որովհետև սպորտի այդ տեսակը հովանավորվում է պետության կողմից, իսկ հայ սպորտսմենները, ցավոք սրտի, պետական աջակցությունից զուրկ են: Օտարերկրյա լավագույն սպորտսմենները նույնիսկ պետության կողմից ամենամսյա խրախուսական վարձավճար են ստանում և այն խնդիրները չունեն, ինչ հայ մարզիկները: Իսկ ընդհանուր առմամբ, լավ արդյունքներ ունենք, պարզապես գործող տարբեր ֆեդերացիաներից շատերը պրոֆեսիոնալ չեն սպորտաձևը ներկայացնում: Շատ նեղ ու փոքր շրջանակներում մրցաշարեր են կազմակերպվում, որոնք որակավորվում են իբրև բաց առաջնություններ:
– Իսկ ինչո՞ւ պետությունը չի ֆինանսավորում:
– Մեկնաբանվում է , որ կարատեն դուրս է օլիմպիական ձևերից: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այսօր այս մարտարվեստով հետաքրքրվողների և այն տիրապետողների թիվը գերազանցում է մյուս բոլոր սպորտաձևերով զբաղվողների թիվը: Խոսքը հենց բուն օլիմպիական ձևերում ընդգրկված մարզիկների թվաքանակի մասին է:
– Իսկ աջակցողներ գոնե լինու՞մ են մրցաշարեր կամ այլ միջոցառումներ կազմակերպելիս:
– Իհարկե, երբեմն լինում են: Բայց հիմնականում վարձավճարների շնորհիվ ենք կարողանում ֆեդերացիայի գործունեությունը պահպանել: Իսկ ֆինանսավորման պարագայում կկարողանայինք վերանորոգել մարզադահլիճները: Այսօր քաղաքապետարանը խնդիր է դրել դպրոցներում պարապունքներն իրականացնել վճարովի հիմունքներով միայն, ինչից էլ և բյուջեն է գոյանում:
– Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում:
– Անընդհատ բացվում ու իրենց ֆեդերացիաներ են հռչակում տարբեր կազմակերպություններ: Դա իհարկե ցավալի խնդիր է: Հիմնադրումից առ այսօր կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ ու փառատոներ` նպատակ ունենալով զարգացնել մարտարվեստի այս ճյուղը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մյուս ֆեդերացիաներից շատերը, չունենալով առավելություններ, չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին ու աշխարհի առաջնություններին: Փորձում ենք գոնե լրացնել այդ բացը և ժամանակ առ ժամանակ առաջնությունների մասնակցել:
Հիմնական խնդիրն այն է, որ դաշտը բաց է, և ցանկացած կազմակերպություն իրեն իրավունք է վերապահում սան կրթելու: Սպորտի նախարարությունում արևելյան մարտարվեստի բաժին կա, սակայն վերահսկման որևէ գործառույթ իրականացնելուց բավականաչափ հեռու է: Այս երևույթը լի է վտանգավոր հետևանքներով, ընդհուպ` երեխաների առողջությունը վտանգելը: Օրինակ` 5 տարեկան երեխայի հետ մարտարվեստով զբաղվելը ռիսկեր ունի, որոնք կարող են ի հայտ գալ ոչ ճիշտ մարզման հետևանքով: Մեզ մոտ բոլոր երեխաներն անցնում են բժշկական հետազոտություն: Այն երեխաները, որոնց մոտ նկատվում են որոշ առողջական շեղումներ, նրանց նկատմամբ դրվում են այլ խնդիրներ:
– Բացի ֆիզիկական զարգացածությունից, է՞լ ինչ է ուսանում կարատեն:
– Կարատեն զուտ սպորտաձև լինելուց ավելի շատ դաստիարակչական նշանակություն ունի, և շատ կարևոր է երեխայի մեջ ճիշտ կենսակերպը արմատավորելը հենց մտավոր զարգացման վաղ ժամանակաշրջանից: Կարատեն սկսվում է հենց կարգապահության հորդորով` հարգանք սերմանելով թե՛ ուսուցչի, թե՛ ծնողների հանդեպ:
– Մարզիչներն ունե՞ն միջազգային որակավորում: Ինչպե՞ս են ընտրվում:
– Իհարկե, բոլոր 15 մարզիչներն էլ ունեն միջազգային որակավորում: Ավելին ասեմ, սաներին կրթելու պատասխանատու առաքելությունը կրողները մեր ճապոնացի գործընկերների կողմից հավանության արժանացած մարզիկներն են, որոնք պարտադիր լիցենզավորվում են մարզչական գործունեություն ծավալելու համար:
– Մարզիկ դառնալու լավագույն 3 նախապայմանները:
– Ամենակարևոր գործոնը ցանկությունն է, ծնողի դերը և լավագույն մարզչի ընտրությունը:
– Ե՞րբ է լինելու հաջորդ բաց առաջնությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մրցաշարից:
– Այս տարվա օգոստոսին լինելու է աշխարհի բաց առաջնությունը, որին մասնակցելու է 60 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մրցակցությունը բավական մեծ է: Կարծում եմ` այս տարի ևս կունենանք լավ արդյունքներ, ինչպես նախկինում: Մեր ֆեդերացիայի առջև 2007-ից պարտականություն է դրված` անցկացվող փառատոների միջոցով խրախուսել կարատեի բոլոր ֆեդերացիաների միավորումը: Մենք առաջարկել են ստեղծել ֆեդերացիայի նախագահների խորհուրդ, քանի որ Հայաստանը ներկայացվում է մեկ ընդհանուր դրոշի ներքո, չպետք է ֆեդերացիաների տարբերակում մտցնել: Մեզ հետ արդեն պայմանագիր է կնքել 7 ֆեդերացիա: Ուստի, հորդորում ենք բոլոր ֆեդերացիաներին համագործակցել մեզ հետ` միասին անցկացնելու Հայաստանի առաջնությունը: Մենք չենք առաջարկում նրանց դառնալ մեր ֆեդերացիայի անդամ, ոչ, պարզապես համագործակցել: Եթե մեր կազմում ունենք 500 աշակերտ, իսկ այդ սպորատձևում ընդգրկվածների թիվը հասնում է 15 հազարի, կարծում ենք` լավագույններին ընտրել միայն մեր սաների շրջանակներում սխալ մոտեցում կլինի:
Հարցազրույցը` Լ.Ն.