Պատշաճ տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմը

 Անրի Սաբիի մասունքներՄի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի  և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երևանում ամփոփող շիրիմը բարեկարգելու  խնդրանքով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես միջոցներ  են ձեռնարկվել  նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմին ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սրապյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հատկապես մեծ են Անրի Սաբիի`Հայոց Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանը միտված ջանքերը, որոնց շնորհիվ էր նաև, որ 1987 թվականին Եվրախորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: 2011 թվականին Անրի Սաբին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

Անրի Սաբին իր կտակում ցանկություն էր հայտնել մահվանից հետո իր աճյունի մասունքներն ամփոփել Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում: Նրա մասունքները Երևանում ամփոփված են քաղաքային պանթեոնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կարկուտից տուժած գյուղերը պետական աջակցություն կստանան

ԿարկտահարությունՀունիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:

Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:

Գյուղացիների սոցիալական դրության բարելավման ուղղությամբ ևս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ և խոստումներ: Մասնավորապես՝ տեղի բնակիչներն ընդգրկվելու են իրենց համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքներում: Ա. Հարությունյանը խոստացել է շարունակական աջակցություն ցուցաբերել նշյալ գյուղերում տնտեսական զարգացման նախաձեռնություններին, ինչը կստեղծի եկամտի հավելյալ աղբյուրներ տուժած ընտանիքների համար:

Պատասխանելով բնակիչների հարցերին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է  բնակարանաշինության հիմնախնդրին: Նա նշել է, որ շուտով մեկնարկելու է գյուղերում բնակարանաշինության աջակցման պետական ծրագիրը, որն արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ռեսուրսներ է տրամադրելու գյուղաբնակներին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի վարչապետին

Արա ՀարությունյանԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարևորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելեցին Արցախ

g_imageՄայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ։

Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրեց երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Անկախ

Ի տարբերություն Հայաստանի, որը չի ճանաչում ԼՂ-ն, ՌԴ-ն ճանաչել է Ղրիմը որպես իր տարածքի մաս. Մոդեստ Կոլերով. tert.am

g_imageՌուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը,  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակը կարդալուն, նշեց, որ դա նրա ադեկվատ պատասխան քայլն էր Երևանի վերջնագրի, որը ներկայացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով: Ի պատասխան հարցադրման, թե ռուսական կողմը՝ եվրոպացիների օրինակով,  հաշվի չի առնում այն աշխարհագրական ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը ու կոշտ պայմաններ ու նախապայմաններ է դնում, ասաց. «Որտե՞ղ են այդ կոշտ պայմանները: Լրիվ, հակառակը, եթե Հայաստանը չբարձրացներ այդ հարցը՝ վերջնագրի տեսքով, հարցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ, դե ֆակտո լուծված էր լինելու: Դա բոլորը գիտեն: Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները այդ մասին գիտեն՝ «առաջին ձեռքից»:

-Առաջին հարցը վերաբերում է Ադրբեջանի նախագահի նամակին, որը հրապարակավ ընթերցվեց նախագահների հանդիպմանը և որը, ըստ հայկական որոշ վերլուծաբանների՝ կարող էր քննարկվել փակ ձևաչափում: Նշենք, որ մի կողմից սա անհարմար դրության մեջ դրեց Հայաստանի նախագահին: Ձեր կարծիքով՝ տվյալ քայլն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

-Իմ կարծիքով՝ այս թեմայով Նազարբաևի հրապարակավ ելույթը փորձ էր՝ պատասխանելու Հայաստանի հրապարակավ այն վերջնագրին, որ Հայաստանը կամ կմտնի Մաքսային միություն՝ Ղարաբաղի տարածքով, կամ, առհասարակ, չի մտնի: Ես կարծում եմ…նկատի ունեմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մոտ մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը: Ես կարծում եմ, որ Նազարբաևը ադեկվատ գնահատում է, որ այդ վերջնագիրը ուղղված էր ԵՏՄ բոլոր պետությունների առաջնորդներին ևս:

-Ռուսաստանը նույնպես մտել է Եվրասիական տնտեսական միություն, և արդյո՞ք դա արվել է այն ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչին հղում է անում Ւլհամ Ալիևը: Նկատի ունեմ Ղրիմի հարցը:

-Ռուսաստանը չի մտել Եվրասիական միություն, Ռուսաստանը մտել է Մաքսային միություն, որը իր զարգացումը ստացել է Եվրասիական միության տեսքով, իսկ դրա համահիմնադրման պահին Ղրիմը Ռուսաստանի տարածքի մաս չէր:

-Այդ դեպքում, Ղարաբաղը նույնպես այս պահին չի մտնում, բայց դա հաշվի չի առնվում։

-Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը միաժամանակյա՝ նույն օրը ներկայացրեցին վերջնագիր այն մասին, որ Հայաստանը Մաքսային միություն կմտնի կամ Ղարաբաղով, կամ, առհասարակ, չի մտնի: Այն դեպքում, որ նույն Հայաստանը ո՛չ մի իրավական ակտով, ոչ մի որոշմամբ ՝ քաղաքական կամ ժողովրդական, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իսկ Ռուսաստանը, հիմա, ճանաչում է Ղրիմը իր տարածքի մաս:

-Ձեր կարծիքով՝ այսինքն՝ կան ահռելի տարբերություննե՞ր:

– Կրկնում եմ՝ տարբերությունն այն է, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես իր մաս, բայց ցանկանում է մտնել Մաքսային միություն՝ Ղարաբաղի հետ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը այնպիսի պայմաններում, երբ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև կարող է մաքսային անցակետ դրվել, եթե, իհարկե, նկատի առնվեն Ադրբեջանի «մտահոգությունները» ու նաև՝ պարոն Նազարբաևի:

-Եթե Դուք եղել եք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա, ապա տեսած կլիեք, որ այնտեղ առկա է սահմանային կետ: Տեսե՞լ եք:

-Ես բազմիցս եղել եմ, բայց չեմ տեսել, ոչ… Եթե լիներ, կարծում եմ՝ անձնագիր կստուգեին:

-Բայց կա, չէ՞, սահմանային կետ:

-Չեմ տեսել:

-Կա նման սահմանային կետ, որտեղ նստած են սահմանապահներ, և նրանց կողքին էլ կնստեն մաքսավորները և ոչ մի բան չի փոխվի:

–
Հաշվի առնելով վերը նշվածը, արդյոք հարցականի տակ չի դրվո՞ւմ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, եթե նկատի ունենանք, որ համաձայն ոչ պաշտոնական մեկնաբանությունների, ԵՄ-ի հետ չնախաստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը հենց Ղարաբաղի անվտանգության պատճառով:

-Ոչ, ԵՄ-ի հետ նախաստորագրման հետ կապված իրավիճակը մի փոքր այլ էր: Մասնավորապես, ողջ անցած տարվա ամռանը իշխանության համար աշխատող վերլուծաբանները ու քաղաքական մեկնաբանները ակնարկում էին, նախազգուշացնում, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին  կտա հնարավորություն՝ միանալու այդ ասոցացմանը Ղարաբաղի հետ միասին: Այդ ժամանակ համացանցում տպագրվեց Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տիպային տեքստը, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին կարդալ և աչք ունեին, տեսան, որ տիպային այդ տեքստի ներածական մասում ՝ նախաբանում հստակ ասված էր՝ «տարածքային ամբողջականություն», իսկ եզրափակիչ մասերում նույնպես ուղիղ ասված էր՝«տարածքային ամբողջականություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պարզվեց, որ ոչ ոք ոչ մի ղարաբաղյան երաշխիքներ չէր պատրաստվում տալ: Եվ, կրկնում եմ, չէր կարող տալ ու ամեն անգամ կկրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչում Ղարաբաղը ո՛չ որպես իր տարածքի մաս, ո՛չ որպես անկախ պետություն, որի հետ գտնվում է հատուկ հարաբերությունների մեջ: Այդ թվում նաև այն ժամանակ, երբ մոտ մեկ տարի առաջ Հայաստանում ընդունվեց օրենք, ըստ որի՝ Հայաստանն իրավունք ունի ստորագրել միջազգային համաձայնագրեր չճանաչված պետությունների հետ, սա ոչ մի շարունակություն չունեցավ: Ինչու՞, միմյանց նման հարց տանք, Հայաստանը ցանկանում է մտնել ՄՄ՝ Ղարաբաղի հետ, բայց այն չի համարում իր տարածքի մաս, առհասարակ, ոչ մի բան չի համարում:

Հիմա, եթե խոսենք այսօրվա իրավիճակի մասին. Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու համաձայանգրի տեքստը վաղուց է համաձայնեցված եղել, «Ճանապարհային քարտեզը» Հայաստանը, ինչպես երեկ չէ առաջին օրը ասում էր Վիկտոր Խրիստենկոն, Հայաստանը օրինակելի կատարել է: Եվ հանկարծ, մայիսից 29-ից երկու շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ֆրանսիացի գործարարների հետ և ասում, որ «շատ լավ է, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն» և այլն: Անցնում է մեկ շաբաթ և մայիսի 29-ից մեկ շաբաթ առաջ անսպասելի ելույթ են ունեում Էդուարդ Շարմազանովն ու Հովիկ Աբրահամյանը, որոնք ասում են՝ «այստեղ ոմանք քննարկում են, բայց մենք ցանկանում ենք հստակ ասել, որ Հայաստանը կամ կմտնի Մաքսային միություն Ղարաբաղի հետ, կամ, առհասարակ, չի մտնի»: Մի անկեղծ հարց. այդ դեպքում ինչո՞ւ, հարգարժան պարոնա՛յք, ինչո՞ւ չէիք այդ մասին հայտնում այս բոլոր 9 ամիսներին: Ի՞նչ պատահեց: Ձեր մոտ այդ ի՞նչ անսպասելի բան կատարվեց. Սերժ Սարգսյանի՝ ֆրանսիացիների հետ հանդիպումից մեկ շաբաթ է անցնում ու Ձեր մոտ ինչ-որ բան է կատարվում:

-Իսկ ի՞նչ է կասկածում ռուսական կողմը՝ ի՞նչ կատարվեց:

– Եթե ասեի՝ ինչ եմ կասկածում, քաղաքականապես գրագետ չէր լինի: Ես տարակուսում եմ: Ես համարում եմ, որ այդ վերջնագիրը, որը Հայաստանը, վարչապետի բերանով ներկայացրել է Լուկաշենկոյին և Նազարբաևին, ուներ իր նպատակը: Հրաժարվել ստորագրումից:

 

Ամբողջական տեքստը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Լեռնային Ղարաբաղ. Սարսանգի համատեղ օգտագործման հարցը կարող է Բաքվի հետ բանակցությունների առարկա դառնալ.news.am

սարսանգԼեռնային Ղարաբաղը պատրաստ է ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:

«Լավ է, որ ամերիկացի համանախագահը նույնպես այն կարծիքին է, թե Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործումը կարող է երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմքերից մեկը դառնալ», – հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ջրամբարի համատեղ օգտագործման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված տեսակետը:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ստեփանակերտում երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ Ջեյմս Ուորլիքի հայտարարության

ցույց ԼՂՀ-ումՄայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով.

ստեփանակերտԱռաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:  Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախի Հանրապետությունը/ ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են:  Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների:  Ադրբեջանա-ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել  Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

ցույց Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ.  Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝  ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

Վեցերորդ.  Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո   անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած  խոստում  խաբեություն  է:  Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:

Մեզնից պահանջում են ազատագրված շրջաններ, իսկ Ադրբեջա՞նն ինչ է պատրաստ փոխզիջել

ջեյմս ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մայիսի 7-ին ելույթ ունենալով «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Ամերիկացի համանախագահը նշեց, որ կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն, սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն կա, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը:

Ուորլիքը ներկայացրեց «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում:

«Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը: Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է, համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,- ասաց Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշում է այդ հիմքի վեց տարր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Ընդ որում` դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:

«Առաջին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում, սա, ընդ որում, ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ` Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ` պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ` տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ` կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Նրա ասածների մեջ, իհարկե, նոր բան չկա: 2009 թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունք` հակամարտության խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդրի: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև հիմնական սկզբունքների հետ հայկական կողմը հարցեր չունի, սակայն հարցն այդ սկզբունքների հիման վրա արվող առաջարկներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հայտարարության կապակցությամբ նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հայտարարության ` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը: «Ինձ թվում է` Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում, Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է ,- ասաց Լևոն Շիրինյանը:- Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան»:

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները: Հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այդ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, դա է լինելու մեր սկզբունքը»:

Ուորլիքի հայտարարությանն անմիջապես արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն: «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ` ազատ և իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության: Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչո՞ւ ակտիվացան դիվանագետները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանեց, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6-կետանոց հիմնարար սկզբունքները: «Դրա համար կա երեք պատճառ. առաջին` լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ` վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին: Եվ երրորդ` համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»:

Ակնհայտ է, որ Ուորլիքն ինքնագլուխ հայտարարություն չի արել, այլ կանխամտածված, ԱՄՆ իշխանությունների ու արտաքին քաղաքական կուրսի հետ փոխհամաձայնեցված:

Ուորլիքի հայտարարությունից 3 օր հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունն է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ելույթի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է, որ ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության, սակայն Բաքվի հետքայլերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրելու տարբեր գագաթաժողովներում, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների:
«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծման»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Պատերազմ, փոխզիջում կամ ստատուս քվո. ամերիկացի համանախագահի առաջ քաշած հակամարտության հանգուցալուծման երեք կետերից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը առաջին երկուսը բացառում է, մնում է ստատուս քվոն, քանի որ հնարավոր չէ դրանից խուսափել, երբ կողմերից մեկը պատրաստ չէ որևէ փոխզիջումային համաձայնության:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունից օրեր անց`մայիսի 12-ին, հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով, գրեթե կրկնվում է Ուորլիքի հայտարարության բովանդակությունը:

Համանախագահների այս հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Իսկ որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյի անդրադարձին: Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որոնց շուրջ, ակնհայտ է, կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները:

Նշենք մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը պարբերաբար ձախողել ու չի կատարել բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ցույց է տալիս, որ դեպքերի ու իրադարձությունների` մեզ համար անցանկալի ընթացքի դեպքում մի անգամ էլ հավանաբար Հայաստանի կողմից լինի պայմանավորվածություններից հրաժարում: Հուսով ենք, որ բանը դրան չի հասնի, բայց այս տարբերակն էլ կա:

 

Ներկայումս մենք գտնվում ենք հակաարցախյան դաշինքի ձևավորման շատ վտանգավոր փուլում

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյանմ էջում գրել է.

“Համադրելով և վերլուծելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները՝ կարելի է գալ էն եզրակացության, որ Արցախի շուրջ զարգացող գործընթացները շատ ավելի խորքային ու բազմազան են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այսբերգի երևացող մասն է միայն: Այս հարցում ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և եվրոպական ևս մի քանի երկիր (Ադրբեջանի մասին, բնականաբար, լռում եմ):

Ակնհայտ է, որ ներկայումս մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական հիմքի վրա հենված հակաարցախյան (կարդա՝ հակառուսական) դաշինքի ձևավորման շատ վտանգավոր փուլում: Եթե հարցին էս տեսակետից մոտենանք, ապա մեր ԱԳՆ լռությունը կարող է և շատ հիմնավորված լինել: Կարծում եմ` այն կոմպենսացվում է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքով: Էսօր կփորձեմ էս ամեն ինչի մասին նյութ պատրաստել: Իսկ հիմա դեռ հորդորում եմ ավելի հանդուրժող և խորիմաստ գտնվել. մի երկու սուր բառ լսելու մեր ցանկությամբ հանկարծ չվնասենք շատ ավելի մեծ կարևորություն ունեցող գործին”:

 

Անկախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Բակո ՍահակյանՍիրելի հայրենակիցներ,

Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում եւ ոգեկոչում է անմեղ զոհերին:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, եւ հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետեւ լավ ենք սերտել պատմության դասը, եւ օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է:

 

ք.Ստեփանակերտ, 24 ապրիլի 2014թ.

Բնակարանների հանձնում սիրիահայ ընտանիքներին՝ Կովսականում

Կովսական2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում:

ԿովսականՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել  բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, ՙՙՔաշաթաղ՚՚ հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են և սիրիահայությունը դեռևս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

Անկախ

Մարաղայի գողգոթայի 22-ամյա մորմոքը

մարաղայի ողբերգությունը2014 թ. ապրիլի 10-ին կլրանա Մարաղայի ողբերգության 20տարին: Այն ինչ կատարվեց այդ

չարաբաստիկ օրը Մարտակերտ

շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք  գտնվող այդ գյուղում, իր դաժանությամբ շարունակությունն

էր Մեծ Եղեռնի և Սումգայիթի:

 1915-ի և 1992-ի ապրիլ…

 Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ երկու ցեղասպանությամբ դաջվեց:

Ասում են` Մարտակերտի սև օրն ասես սկսվեց Մարաղայից: Եվ ոչ մի մարտակերտցի չէր կարող մտածել, որ 1915 թ. Եղեռնը պիտի 1992-ին կրկնվի իր հողում, և այնպիսի ահավոր սպանդ պիտի տեղի ունենա, որ հետո մարդկային միտքն անգամ անկարող պիտի լինի այն անգամ նկարագրել, վերարտադրել:

Մարաղայի ողբերգության մասին պատմություններ շատ եմ լսել, բայց արցախյան գոյամարտի տարեգրությամբ հետամուտ լրագրողիս այդ ցավն ու կսկիծը հանգիստ չէր տալիս այնքան ժամանակ, քանի դեռ այդ եղեռնագործությունն ապրած, աշխարհով մեկ սփռված մարաղացու հետ հանդիպելու իմ համառ ցանկությունը չէր իրականացել:

Իրականում ի՞նչ կատարվեց 20 տարի առաջ այդ գյուղում. պատմության այդ տխուր էջերը թերթենք հենց ողբերգությունը վերապրածների օգնությամբ:

Արյունոտ առավոտ

 

Մարաղայում ծնված, գյուղում ամուսնացած, չորս երեխաների մայր Ռայա Հայրապետյանն էլ շատերի նման նոր բացվող օրը ահ ու դողով դիմավորեց, դա արդեն սովորական էր դարձել: Հետո իր բան ու գործին անցավ, բայց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացավ, որովհետև թշնամու այդ օրվա գործն էլ մարաղացուն սպանդի ենթարկելն  ու տնավեր անելն էր: Եվ դա նրան հաջողվեց, քանի որ ձեռքը բռնող չկար: «Ժողովուդն արդեն դուրս էր գալիս, երբ գյուղ մտան տանկերը: Բախտներս այնքանով բերեց, որ գյուղ մտնող տանկիստները ռուսներ էին և կարող էին մեզ տանկի տակ ճզմել կամ կրակել, բայց գլուխները խցիկներից հանած բղավում էին` փախե՛ք, փախե՛ք, մարդի՛կ: Տանկերի հետևից էլ թուրքն էր բեռնատարով գալիս»,- ասում է Ռայան ու նկուղում թաքնված իր հարևաններ Լենայի ու Վարդուշի գլխով անցած դաժան իրականությունը ներկայացնում: Թե ինչպես թուրք հրեշը, մտնելով նկուղ, ինքնազենի խզակոթով դուրս է հանում նրանց: Վարդուշը, արնաքամ լինելով, ընկնում է: Այդ պահին հայտնվում է մի տանկ ու անցնում Վարդուշի վրայով, իսկ Լենային այլ համագյուղացիների հետ Միրբաշիր  են տանում: Սերյոժային մանր-մանր կտրտում են, իսկ կնոջը` Ասյային, սպանում: Ամուսիններ Էդիկին ու Օֆելյային այնպիսի կտտանքների են ենթարկում, որ հարազատ դուստրը դժվարությամբ է ճանաչում դիակները: Անգամ չխնայեցին 85-ամյա տրակտորիստ Համոյին, որին լավ էին ճանաչում թուրքերը: Երկար ժամանակ միրբաշիրցիների մեխանիզմներն էր նորոգում: Կացնով կտրել էին նրա գլուխը… Հրասայլի տակ ճզմեցին նաև Իզաբելլա Բայրամյանին:

Այդ ամենից հետո բա ինչպես չասես, խեղճ, միամիտ Ռայա, ռուսը որ չլիներ, թուրքը քո հողն ասպատակողը չէր: Լկտիաբար խոսելու և ավազակի պես վարվելու այդ իրավունքը նրանց ռուսական իշխանությունն էր տվել  դեռևս շարժման առաջին իսկ օրերից, որը սումգայիթյան ոճրագործության դեպքերը պարզելու, կատարվածին անհրաժեշտ գնահատական տալու փոխարեն հետագայում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Առաջին սխալն այն էր, որ ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ նշանակեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, տխրահռչակ Պոլյանիչկոյին, իսկ երբ 1990 թ. հունվարի 15-ին այդ հողում արտակարգ իրադրություն հայտարարվեց, պարետն էլ գեներալ Սաֆոնովը դարձավ: Արցախյան տարեգրությունը «հարուստ» է նրանց «արարչագործություններով», բայց դա այլ խոսակցության թեմա է: Միայն փաստեմ, որ Արցախում արցախցու իրական որս սկսվեց: Իսկ նպատակը մեկն էր` նպաստել մարզի հայաթափմանը: Չի լինի արցախցին, չի լինի ազգամիջյան խնդիր:

Տներում, մարագներում, բակերում գազանաբար սպանվեց 51 մարաղացի, 50-ից ավելի մարդու էլ, նաև երեխաներ, պատանդ վերցրին: Իսկ պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ նաև լավ վաշխառու էր: Նա հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում:

Փրկվածներին է հասել նաև Մարաղայի դպրոցի ուսուցչուհի` Ալվինա Բաղդասարյանի հերոսական, սակայն ողբերգական վախճանի պատմությունը: Թուրքերը նրան անպատկերացնելի խոշտանգումների են ենթարկել, աքցանով քաշել ատամները, ստիպել ասել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Սակայն ուսուցչուհին անդրդվելի է մնում: Արնախեղդ լինելով` շարունակ կրկնում է. «Ոչ,Ղարաբաղը եղել է ու կլինի հայկական»: Եվ այդ խոսքերը շուրթերին էլ մեռնում է:  Սա է ժանիքը միշտ արյունոտ «քաղաքակիրթ» թուրքը, այն էլ` XX դարավերջին, «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր Մեծ եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը, «թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը, շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը»:

Սա ընդամենը մի կարճ դրվագ է այդ մեծ ողբերգությունից:

Հաջորդ օրն իսկ գյուղն ազատագրվեց: Մարդիկ գյուղ  վերադարձան, բայց մի քանի ժամվա ընթացքում թշնամին  իր սև գործն արդեն արել էր: Վերադարձողները հողին  հանձնեցին իրենց մեռելներին:

«Մարաղացուց շատ իր հողն ու հայրենիքը սիրող քիչ մարդ կա, և մարաղացին մինչև վերջին պահն էլ կռվեց հերոսաբար: Երեք անգամ կարողացանք թշնամուն հետ շպրտել, իսկ երբ Կիրովաբադում տեղակայված ռուսական տանկերի օգնությամբ մոտավորապես 15 միավոր տեխնիկայով հարձակվեցին գյուղի վրա, նրանց հաջողվեց ճեղքել այսպես կոչված պաշտպանական առաջին և երկրորդ դիրքերը: Այդ ուժին 210 մարաղացի էր դիմակայում,   օգնության էր հասել նաև Հասանղայայի 38 հոգանոց ջոկատը: Ինքնապաշտպանների  թիվը 250-ի էր հասել, բայց միայն զրահատեխնիկայի ճնշմամբ թողեցինք գյուղը: Այնուամենայնիվ, մարաղացին հերոս ժողովուրդ է: Այստեղ հերոսամարտ է եղել ոչ մեկ անգամ»,- հավատացած է գյուղի ջոկատի հրամանատար Ռոմա Ապրեսյանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ.. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն հավաստիացնում է, որ Արևմուտք-Ռուսաստան հակասության ոլորտում բավական նոր իրադարձություններ են տեղի ունեցել, հակամարտության կետ է դարձել նաև Սև ծովը.՛՛Կարճ ասած՝ եղել են աշխարհաքաղաքական փոփոխություններ, որ հակասության մեջ են ներգրավել նաև Հարավային Կովկասը: Այս պահին Կովկասը դառնում է մի տարածաշրջան, որը կոնֆլիկտի կենտրոնում է , ուստի մեզնից պահանջվում է ճկունություն ու ներգրավվածություն: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ մի կողմ քաշվել այլևս անհնար է: Այս դեպքում Հայաստանը, փաստորեն, պաշտպանեց Ռուսաստանին՛՛, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը և հավելեց, որ վերջին օրերին տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. ՛՛Նախ նկատի ունեմ ԱԳՆ նախարարների հանդիպումը, որ ևս մեկ անգամ ցույց տվեց՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ արևմուտքը ձգտում են են Ղարաբաղը դուրս պահել կոնֆլիկտի ոլորտից, նրանց իդեաներն այստեղ համընկնում են, բայց իրերի տրամաբանությունը կարող է նաև փոխվել և Արցախը, որպես Կովկասի անվտանգության երաշխիք, կարող է շատ գայթակղիչ դառնալ կողմերից որևէ մեկի համար: Սակայն սա ապագայի տեսլական է, իսկ այժմ Մոսկվան ու Վաշինգտոնը զերծ են մնում նման քայլերից: Երկրորդ կարևոր իրադարձությունը Էրդողանի այցն էր Ադրբեջան: Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում հայտարեց, թե երբեք չի փոխի դիրքորոշումը Արցախի մասին: Այսպիսով՝ Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ, որ անթաքույց օժանդակում է Ադրբեջանին՛՛, – եզրափակեց քաղաքագետը:

Անկախ

Մոմավառություն և ջահերթ Ստեփանակերտում` ի հիշատակ զոհված զինվորի

231746711390375933,,Հայկի սերունդ,, հասարակական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մարտի 28-ին Ստեփանակերտում կազմակերպվեց մոմավառություն և ջահերթ՝ ի հիշատակ նախորդ օրը՝ մարտի 27-ին, ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից զոհված զինծառայող Արայիկ Բաբայանի:

Արցախի երիտասարդները նախ հավաքվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, այնուհետև մասնակցել տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը։

Ինչպես ասաց ,,Հայկի սերունդ,, ՀԿ փոխնախագահ Երվանդ Հաջյանը, երիտասարդները նման ակցիայով իրենց զորակցություն են հայտնում Բաբայանների ընտանիքին:

,,Ես շնորհակալություն եմ հայտնում այն երիտասարդներին, ովքեր մասնակցեցին երթին, որը կազմակերպեցինք հապճեպ՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Արցախի երիտասարդներս խոր կսկիծով սգում ենք ժամկետային զինծառայող Արայիկ Բաբայանի մահը և կիսում նրա հարազատների վիշտը, որը բոլորինս է՝ արցախցիներինն է,, ,- ասաց Ե. Հաջյանը

Այնուհետև երիտասարդները ԼՂՀ Ճանպարհային ոստիկանության ուղեկցությամբ ոտքով հասան հանգուցյալի շենքի բակն ու վառած մոմերը տեղադրեցին այնտեղ:

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

Արցախցի մարզիկները նոր ակնկալիքներ ունեն

Արման Սարգսյան, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյան,Արթուր ԱռուշանյանՄարտի 22-23-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատե-դո-ի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև արցախցի մարզիկներ Արման Սարգսյանը, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյանը` մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ:  Հանդես բերելով տեխնիկական ու տակտիկական բարձր հմտություններ` մեր մարզիկներից Արման Սարգսյանը`  14-15 տարեկանների տարիքային խմբի  55 կգ քաշային կարգում, իսկ Գոռ Ադամյանը`  16-17 տարեկանների տարիքային խմբի 60 կգ քաշային կարգ ում, գրավեցին 2-րդ տեղը` բարձր պահելով երկու հայկական հանրապետությունների` Հայաստանի և Արցախի պատիվը:

Հաղթանակած մարզիկներին Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ դիմավորեցին Ստեփանակերտի մարզադպրոցի սաները, մարզիչներն ու հարազատները:

Մարզիչ Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների արդյունքներից: ՙՅուրաքանչյուր առաջնություն նոր մեկնարկ է լավագույնին հասնելու համար,- ասում է մարզիչը: – Մեր մարզիկները տրամադրված էին մարտականորեն: Նրանցից երկուսն առաջին անգամ են մասնակցում միջազգային առաջնության՚,- ասաց Արթուր Առուշանյանը` նշելով, որ Գոռ Ադամյանը անցյալ տարի ևս մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց մենամարտել է իր քաշային կարգից երկու կարգ բարձր մարզիկի հետ: Դա արվել է ավելի շատ փորձի ձեռքբերման և ոչ թե մեդալի համար:

Մարզիչի հավաստմամբ`  ծանր ու դժվարին պայքար է եղել Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում. երկու տարիքային խմբում հայտագրված էին 150 մարզիկ` 40 երկրից:  Ա. Սարգսյանը անց է կացրել 4 մենամարտ: Չնայած առաջին մրցակիցն Արմանից ավելի բարձրահասակ էր ու նաև 17 կգ-ով ավելի ծանր, այնուհանդերձ մեր մարզիկը կարողացավ նրան նոկդաունի ենթարկել: Իսկ կիեսաեզրափակիչում նույն բախտին արժանացրեց նաև ադրբեջանցի մարզիկին: Գոռ Ադամյանը 5 մենամարտից 4-ն ավարտեց հաղթանակով: Երրորդ մրցակիցը ադրբեջանցի էր, որին էլ նոկաուտի ենթարկեց:

Արցախի թիմի մարզիչը հպարտությամբ է նշում, որ Ադրբեջանի հավաքականը` ներկայացնելով 15 մարզիկ, կարողացել է ընդամենը գրավել մեկ երրորդ տեղ, իսկ Արցախի երեք հոգանոց թիմն արժանացավ երկու մրցանակի`  երկուսն էլ 2-րդ տեղ` նվաճելով արծաթե մեդալներ:

Մեր երրորդ մարզիկը` Գառնիկ Ադամյանը, իսպանացի և գերմանացի մարզիկների հետ անցկացրած մենամարտերից (հաղթել է երկուսին էլ) հետո դուրս է եկել մրցապայքարից` կողերի վնասվածք ստանալու պատճառով: Նա արժանացել է առաջնության ՙԿամքի ուժ՚ մրցանակին:  Ի դեպ` Գոռ և Գառնիկ Ադամյանները երկվորյակ եղբայրներ են:

Եվ չնայած արցախցի մարզիկները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, այնուամենայնիվ, բարձրացվել է նաև ԼՂՀ պետական դրոշը (ի հեճուկս մեր հարևանների):

Արցախցի մարզիկները պարգևատրվել են մեդալներով, համապատասխան գավաթներով և հավաստագրերով: Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները նրանց համազգեստներ են նվիրել: Օտար երկրում ևս մեր մարզիկները երկրպագուների պակաս չեն ունեցել:  ՙՄեզ անչափ ջերմ է ընդունել տեղի հայ համայնքը, -ասաց Արթուր Առուշանյանը:- Ակտաու քաղաքում շատ հայեր կան, հատկապես` ղարաբաղցիներ: Մենք մեզ զգում էինք այնպես, ինչպես մեր սեփական տանը՚: Ավելացնենք, որ Արցախի Կիոկուշին կարատե դո-ի հավաքականը ապրիլի 6-ին կմասնակցի Հայաստանի առաջնությանը, իսկ մայիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն վերոնշյալ երեք մարզիկներն ու մարզիչը. Արթուր Առուշանյանը հանդես կգա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Ընդհանուր առմամբ` մարզիկների տրամադրությունը բարձր է. նրանք լցված են հաղթելու ոգով և նոր տիտղոսներ նվաճելու ակնկալիքներ ունեն:

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Անկախ

 

Արցախում անցկացվեց ՙԿենգուրու՚-2014-ը

ՙԿենգուրու՚-2014Մարտի 27-ը ՙԿենգուրու՚-2014-ի օրն էր: Դպրոցական  մաթեմատիկական  այս մրցույթն  ամբողջ աշխարհում անցկացվում է  մարտի  վերջին հինգշաբթի օրը: Արդեն 6-րդ տարին Հայաստանում և 5-րդ տարին Արցախում ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը  կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական մրցույթը: Շուրջ 44200 աշակերտ է մասնակցել ՙԿենգուրու՚-2014-ին, որոնցից 1980-ը` Արցախից:

ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի շուրջ 200-ով ավելացել է արցախցի մասնակիցների թիվը, նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մասնակիցների կեսը մայրաքաղաքի դպրոցականներ են, մյուս մասը` շրջաններից:

Մասնակցել են 3-12-րդ դասարանների երեխաները` հինգ տարիքային խմբերում: Մասնակիցների մեծ խտությունը 3-րդ-6-րդ դասարաններում էր: Ինչպես նախատեսված է մրցույթի կանոնակարգով, բոլորին բաժանվել են փոքրիկ հուշանվերներ:

Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են ՙԱյբ՚ հիմնադրամում` համակարգչային հատուկ ծրագրի  օգնությամբ: Մեկ ամսից մրցույթի խնդիրներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն համապատասխան կայքերում:  Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ նույն ամսվա վերջն Ստեփանակերտում տեղի կունենա արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն:

Լավագույն արդյունքներ ցույց տվածները կարժանան պատվոգրի և մրցանակների: Իսկ հաղթողները ստանում են գլխավոր մրցանակը` արժեքավոր նվեր կամ ՙԿենգուրու առանց սահմանների՚ միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական  երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Նշենք, որ անցած տարիներին հաղթողները եղել են ՀՀ-ից:

Ավելացնենք, որ երեխաները կարող են ինքնուրույն պարապել և զարգացնել իրենց մաթեմատիկական ունակությունները` ձեռքի տակ ունենալով ՙԿենգուրուի՚ խնդրագրքերը, որոնք ներառում են 2008-2012թթ. խնդիրներն իրենց լուծումներով:

 

Լաուրա Գրիգորյան

Անկախ

Ստեփանակերտում դատապարտել են 1920 թ. Շուշիում կազմակերպված մարտյան դեպքերը

arcaxՄարտի 21-ին Արցախի պետական համալսարանի ԱրՊՀ  գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության և Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել է 8 կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից 1920 թ. մարտի 23-ին Շուշի քաղաքում կազմակերպված ու իրականացված կոտորածների 94-րդ տարելիցին և դրա իրավաքաղաքական պատասխանատվության հարցերին:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Կլոր սեղանի նպատակը 1920 թ. Շուշի քաղաքում կազմակերպված կոտորածների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է, միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա սևեռելը և անհրաժեշտության դեպքում միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերով համապատասխան ատյաններ դիմելը, ցեղասպան երկրին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Շուշի քաղաքում կազմակերպված ողբերգության պատճառները վեր հանելը և ապագայում նման երևույթներ բացառելը:
Կլոր սեղանի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկական զտումների հետևանքով զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:
Միջոցառման վարող, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ավետիք Հարությունյանը նշեց, որ 1920 թ. մարտի 23-ի Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածին միջազգային իրավունքի լեզվով առանց վարանելու կարելի է տալ «ցեղասպանություն» ձևակերպումը և բնորոշել որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
«Կասկած չկա, որ Շուշիում արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը դարձել է Թուրքիայի վարած արևմտահայության բնաջնջման և իր պատմական բնօրրանից նրա բռնի տեղահանության քաղաքականության տրամաբանական շարունակությունը»,- ասաց Ավետիք Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս Ադրբեջանը` որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում այդ հանցագործության կազմակերպման ու իրագործման համար:
«Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ 1920 թ. Շուշի քաղաքի ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վկայում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության մասին` ավելացնելով, որ «այսօր, երբ այդ պետությունը խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, առավել օրախնդիր է դառնում այդ իրադարձությունները վերաիմաստավորելը և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելը: Մ. Հարությունյանը նշեց նաև, որ իրական տեղեկատվության ներկայացումը մեծ կարևորություն ունի Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու համատեքստում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը, ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Վահրամ Պողոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ-ի նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք:
Կլոր սեղանի մասնակիցները դիտել են «Կաճառ» գիտական կենտրոնի պատրաստած «Ահաբեկչություն» վավերագրական ֆիլմը, իսկ վերջում ընդունել հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ «կլոր սեղանի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի ոճրագործությունը և վստահ են, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց կլինեն»:
Ավետիք Հարությունյան

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ

Արա ՀարությունյանՄարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

 

Ճարտարի համայնքներում ներկայացվեցին բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի մշակումը: Գյուղում գործում են մեկ ավագ, երկու իննամյա և մեկ արվեստի դպրոցներ: Վերջերս սկսվել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը: Կառավարության և գյուղի բարեգործների ֆինանսավորմամբ ընթանում են ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, ամբողջությամբ կավարտվեն մոտ երեք տարվա ընթացքում: Գյուղի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է շտապ օգնության կայան, ինչպես նաև իրագործվել են մի շարք սոցիալական ու շինարարական աշխատանքներ:

 

Շեշտադրելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են Ճարտարում՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. առաջին հերթին, ըստ Ա. Հարությունյանի, պետք է մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում գյուղի բարերարների հետ, որպեսզի նրանց ռեսուրսներն ուղղվեն ոչ միայն բարեգործական, այլ նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը: Որպես երկրորդ մարտահրավեր, որը վերաբերում է ողջ հանրապետությանը, վարչապետը մատնանշեց աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նշանակալի բարելավում է կատարվելու հուլիսի մեկից: Ա. Հարությունյանի խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացումը միանշանակորեն ազդեցություն կունենա մասնավոր սեկտորի աշխատավարձերի վրա՝ ուղղակիորեն բարելավելով բնակչության կենսամակարդակը: Գյուղերի զարգացման ճանապարհին նա կարևորեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի մարդկանց աշխատավարձերի բարձրացումը:

Վարչապետն այցելեց Ճարտարում վերջերս բացված՝ Ստեփանակերտի գորգագործարանի մասնաճյուղ՝ ծանոթանալու դրա աշխատանքներին: Նա կարևորեց այդ ձեռնարկության բացումը գյուղի տնտեսական ակտիվության ապահովման գործում:

Անկախ

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել.news.am

ՊԲ,պնԱյսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անկախ