Հասան Ռոհանիի իշխանավարության ընթացքում Իրանում կատարված տեղաշարժերն ակնառու են

 

Հասան ՌոհանիԱրդեն մեկ տարի է, որ Իրանի նախագահը Հասան Ռոհանին է: Այս ընթացքում Իրանում կատարվել են աննախադեպ տեղաշարժեր: Հակառակ տարածված այն կարծիքին, որ Իրանի նախագահը սահմանափակ հնարավորություններ ունի երկրի արտաքին քաղաքականությունում որոշումներ կայացնելու գործում, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հասան Ռոհանիին տվել է լիակատար իրավասություն, որպեսզի նա, միջուկային ծրագրի իրականացման հարցի հետ կապված,  բանակցություններ վարի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Ռոհանիի նախորդների օրոք նման բան չի եղել: Առաջին անգամ է, որ Իրանի նախագահին տրվել է լիարժեք ինքնուրույնություն` ռազմավարական կարևորություն ունեցող հարց կարգավորելու համար:
Դեռ անցյալ շաբաթ ամբողջ Իրանը սպասում էր միջուկային բանակցությունների հաջող ավարտին:
Իրանիցիները հոգնել են ամերիկացիների կողմից որոշումների կայացման ժամկետների պարբերաբար երկարաձգումներից:
2009-ին ԱՄՆ-ը սպառնում էր պատերազմ սկսել Իրանի դեմ, եթե վերջինս դադարեցնի միջուկային բանակցությունները: Նույն ձևով 2013-ին Վաշինգտոնը փորձում էր ձախողել նախագահական ընտրությունները: Այն ժամանակ Իրանը կրկին կանգնել էր պատերազմի վտանգի առջև:
Ըստ ԱՄՆ-ի դիրքորոշման, միջազգային հանրությունը սպառել էր իսլամական վարչակարգի վրա ազդելու բոլոր միջոցները: Հետևաբար, ամենաճիշտ տարբերակը համարվում էր Իրանի դեմ պատերազմ սկսելը:
Թեև այդ ժամանակ բանակցությունները վերսկվեցին, այդուհանդերձ Ամերիկան ետ չկանգնեց չկանգնեց իր մարտական տրամադրություններից: ԱՄՆ նախագահ Օբաման իր հերթին հայտարարել է, որ, ցավոք, ոչինչ չի վստահեցնում, որ Իրանը պատրաստ է կոնկրետ քայլեր կատարել և միայն ժամանակ է փորձում ձգել:
Այժմ էլ Թեհրանի կառուցողական քայլերը չեն գոհացնում Վաշինգտոնինին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին համեմատում է Թեհրանի ներկայիս պարտավորությունները էլեկտրական անջատիչների հետ, որոնք այժմ թեև անջատված են, բայց եթե «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը  կրկին դրանք կմիացնի: Խոսքն, առաջին հերթին վերաբերում է ուրանի մինչև 20 տոկոս հարստացման դադարեցմանը: Այս դիրքորոշումը բաժանում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, որը աշխարհին ուղերձ հղելով ասել է, որ եթե հակառակ կողմը չկատարի իր պարտավորվածությունները, ապա Իրանը կարող է չեղյալ հայտարարել ժնևյան միջանկյալ համաձայնագիրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտարարելով, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, խաչ է քաշել Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների վրա:
Հնարավոր չէ չնկատել, որ իրանցի դիվանագետները մշտապես փորձում են փոխզիջման գնալ: Փոխարենն Իրանը ձգտում է պահպանել միջուկային ծրագրի մեծ մասը: Նշենք, որ խոսքը միայն փոխզիջման մասին է, այլ ոչ երբեք` ԱՄՆ-ին հանձնվելու:
Չպետք է մոռանալ, որ Իրանում կան կոշտ դիրքորոշման կոմնակիցներ, ովքեր դեմ են նախագահ Հասան Ռոհանիի կատարած ցանկացած զիջմանը: Մի շարք իրանցիներ դժգոհ են, որ պատժամիջոցների վերացումը դեռևս մասնակի է կատարվում:
Բացի այդ,  ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ թշնամաբար են վերաբերվում Իրանին: Հանրապետականները և դեմոկրատները սպառնում են արգելափակել ցանկացած հնարավոր համաձայնություն, որն Իրանին թույլ կտա ուրանը հարստացնող սարքավորումներն աշխատեցնել:
Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների ուշադիր հետևում են տարածաշրջանում Իրանի հակառակորդներ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, որոնք թերահավատորեն են մոտենում ցանկացած այնպիսի գործարքի կատարմանը, որն Իրանին թույլ կտա խուսափել միջազգային ճնշումներից:
Մնում է սպասել մինչև նոյեմբերի 24-ը և պարզել` արդյոք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող  Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կավարտվե՞ն, թե՞ հերթական անգամ կերկարաձգվեն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

Իրանի նախագահը մտադիր է այցելել Հայաստան

 Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝ քննարկելու համատեղ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Այցի ժամկետ ստույգ չի նշվում։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ. «Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական ծառայություններ տրամադրեն»

Javad Zarif New YorkԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցներ է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիի, Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հեռախոսազրույցների գլխավոր թեման Գազայում տիրող իրավիճակն է:
Իրանի արտգործնախարարը, ընդգծելով այն փաստը, որ սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործություններից տուժել են բազմաթիվ կանայք և երեխաներ, անպաշտպան ժողովրդի դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար, առաջարկել է, որպեսզի Գազայում Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար, սիոնիստական վարչակարգի վրա ճնշում գործադրվի:
«Միջազգային կառույցները պետք է օժանդակեն, որ Պաղեստինի հարևան երկրները կարողանան Գազային փրկարարական, բժշկական օգնություն տրամադրեն: Անհապաղ պետք է դադարեցվեն խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ոտնձգությունները: Սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են: Անհրաժեշտ է, որ Գազայում հրադադարի ժամկետը երկարաձգվի»,- հեռախոսազրույցների ընթացքում ասել է Իրանի արտգործնախարարը:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Մուհամմադ Ջավադ Զարիֆն այս թեմայով խորհրդակցել է նաև Եգիպտոսի, Թուրքիայի, Քուվեյթի, Ալժիրի, Հորդանանի, Պակիստանի և Սուդանի արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնման ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար». Հոսեին Դեհղան

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտնել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սպառնալիք չի համարում Իրանի համար:

«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը մեջ բաղկացած է մի շարք վարձկաններից, ովքեր Սիրիայում տեղի ուեցած իրադարձություններից հետո հաստատվեցին նաև Իրաքում և այժմ ցանկանում են սարսափի մթնոլորտ ստեղծել տարածաշրջանում»,- նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Դեհղանը, ընդգծելով Իրանի արևմտյան սահմաններում անվտանգության պահպանման կարևորությունը, ասել է, որ Իրանի զինված ուժեր կատարում են անհրաժեշտ հսկողությունները և լիովին վերահսկում են սահմանները:

Հոսսեին«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք չի համարվում Իրանի համար և վստահ եմ, որ Իրաքի ժողովուրդը կոչնչացնի այդ խմբավորումը և թույլ չի տա, որ նրա անդամները խաթարեն այդ երկրի անվտանգությունը»,- հավելել է Հոսեին Դեհղանը:

Տեղեկացնենք, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները վերահսկողություն են հաստատել Թալաֆար քաղաքում, որը գտնվում է Մոսուլ քաղաքի արևմուտքում: Թալաֆարի բնակչության մեծամասնությունը թուրքմեններ են և խոսում են թուրքերեն: Քաղաքը զինյալների ձեռքում է հայտնվել թեժ մարտերից հետո: Քաղաքի տասնյակ շիա ընտանիքներ փախուստի են դիմել դեպի արևմուտք, իսկ սուննիները` արևելք:

Ուշագրավ է, որ ԴԱԻՇ խմբավորումը նպատակադրվել է իր իշխանությունն ամրապնդել երկրի հյուսիսում և սպառնում է բաժանել Իրաքը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Իտալիան շահագրգռված է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ

Իտալիա-Իրան

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը Թեհրանում հանդիպել է Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնիի հետ:

Մոհամմեդ Նահավանդյանը նշել է, որ միջուկային բանակցությունների երկարաձգման արդյունքում ստեղծված չորսամսյա  ժամկետը  ոսկե առիթ է Իտալիայի համար Իրանի հետ հարաբերություններում զբաղեցնելու իր նախկին դիրքը:

«Եթե Իտալիայի հետ Իրանի առևտրաշրջանառության ծավալը հասնի մոտ 10 մլրդ դոլարի, ապա դա կնպաստի իրանական ընկերությունների ակտիվ համագործակցությանն իտալական ընկերությունենրի հետ, ինչը համատեղ տնտեսական առիթներ ստեղծելուց բացի կմոտեցնի կողմերի քաղաքական դիրքորոշումները»,- ասել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը:

Նահավանդյանը, ցավ հայտնելով որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կապակցությամբ, հայտնել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջը միասին կարելի է այնպիսի ելքեր գտնել, որոնք կնպաստեն Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը:

Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավար Անդրե Մելոնին, ընդգծելով տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իտալիայի շահագրգռվածությունը, ասել է, որ Իտալիա վերադառնալուց հետո երկրի արդյունաբերական և տնտեսական ոլորտների գործարարների հետ կգումարի`  Իրանի հետ համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը

իրան-վեցնյակՀուլիսի 20-ին ավարտվեց 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա ) միջև ստորագրված միջանկյալ համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ըստ այդ միջանկյալ համաձայնագրի` նախատեսվել էր սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, և աստիճանաբար մեղմացվել էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Եվ Իրանը պարտավորվել էր վեց ամսվա ընթացքում (միջանկյալ համաձայնագիրն ուժի մեջ էր մտել հունվարի 20-ին) հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքից:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները վերահսկողություն սահմանեցին Իրանի Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնների վրա, նաև դադարեցվեց Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:

Վերջին 6 ամսվա ընթացքում «Վեցնյակը» զգալի փոխզիջումների է գնացել,
նախ` հրաժարվել է նախկին սկզբունքային պահանջներից մեկից, այն է՝ ապամոնտաժել ուրանի հարստացման գործող ցենտրիֆուգները: Դրա դիմաց իրանական կողմը պարտավորվեց նոր ցենտրիֆուգներ չտեղադրել, իսկ արդեն իսկ տեղադրվածները չշահագործել:

Միջուկային ծրագրի հարցում Թեհրանի կողմից արված զիջումներին ի պատասխան` ԱՄՆ-ն ու Եվրամիությունը աստիճանաբար մեղմացրին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱԷՄԳ-ի տեսուչներն այս վեց ամսվա ընթացքում լայնածավալ ստուգումներ կատարեցին իրանական միջուկային օբյեկտներում: Ստուգումները ցույց տվեցին, որ Իրանը վերջին մի քանի ամիսների ընթացքում կտրուկ սահմանափակել է ուրանի հարստացման աշխատանքները:

Կարևոր իրողություն է Իրանի համար այն, որ հունվարի 20-ից հանվեց իրանական նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանման, Իրանին ավտոմեքենաների պահեստամասեր վաճառելու, ոսկով ու այլ թանկարժեք մետաղներով գործարքներ կատարելու վրա դրված արգելքը:
Կանխատեսվում է, որ այս տարի արգելքների վերացման շնորհիվ Իրանը 7 մլրդ դոլարի հավելյալ եկամուտ կունենա:

Այնուամենայնիվ, իրանական նավթի վրա դրված միջազգային էմբարգոն դեռ չի վերացվել: Դրա պատճառով ավելի քան 60 տոկոսով նվազել է նավթի արտահանումը, և Իրանը դեռևս ֆինանսատնտեսական խնդիրներ ունի:
Իրանի միջուկային հարցի լուծումը մեծապես կախված է եղել աշխարհաքաղաքական այս կամ այն լարված իրադրության հետ, հետևաբար, ինչպես վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին է հայտարարել, միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա ուրիշ կեղծ պատրվակներ ի հայտ կգային:

Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող ներկայիս զարգացումներին՝ նշենք, որ միջուկային խնդրի լուծմանը խանգարում են սիրիական և իրաքյան ճգնաժամերը: Իրանական միջուկային հարցի լուծումը բնավ չի բխում Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և Քաթարի շահերից, քանի որ այդ երկրները, միջուկային ծրագիրը ներկայացնելով որպես տարածաշրջանին սպառնացող վտանգ, փորձում են իրենց դերակատարությունը բարձրացնել ԱՄՆ-ի և Իսրայելի առջև, իսկ վերջինս էլ Իրաքի քրդերի միջոցով փորձում է նոր խաղ սկսել տարածաշրջանում:

Վերջերս նկատվում է, որ Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել նոր որակի: Դա արվում է, որպեսզի Արևմուտքին ցույց տրվի, որ Իրանը կարող է դաշնակցել նմանօրինակ հզոր երկրի հետ:

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային դերին, ապա այս երկիրը մնում է կայունության գլխավոր կենտրոնը: Իրանի դերի բարձրացմամբ և Սաուդյան Արաբիայի գործոնի թուլացմամբ Մերձավոր Արևելքում նոր զարգացումների պետք է սպասել: Իրանի ազդեցությունը հսկայական է Լիբանանում և Սիրիայում, հավակնում է ավելի հզորանալ Աֆղանստանում, թերևս Պարսից ծոցում:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի պատերազմներից, հեղափոխություններից ու գարուններից հաղթող դուրս եկավ Իրանը:
Լիովին տեղին է ասված, որ ԱՄՆ-ն պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը: Անկախ ամեն հանգամանքից, որ Իրանը կայսերական մտածողության ժողովուրդ և իշխանություն ունի, ցանկացած պարագայում չի կարող խաղալիք լինել որևէ երկրի ձեռքին:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը

g6+irԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանական հեռուստասերիալի որոշ հատվածներ հնավոր է նկարահանվեն Հայաստանում

կիբերհարձակումԻրանցի պրոդյուսեր Ռասուլ Լոթֆին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ծրագրում է հեռուստասերիալ նկարահանել, որի հիմքում  Իրանի միջուկային օբյեկտների վրա կիբեր հարձակման պատմություն է:
Հեռուստասերիալը կրելու է «Կարմիր պատուհաններ» անվանումը: Մասնավորապես, ներկայացվելու է «Stuxnet» վիրուսի տարածման պատմությունը, որը, մշակվել է ԱՄՆ-ում և Իսրայելում` Իրանի միջուկային ծրագրերի որոշ տարրեր սաբոտաժի ենթարկելու համար:
««Կարմիր պատուհաններ» հեռոստասերիալի միջոցով ցույց ենք տալու, թե ինչպես են իրանական արդյունաբերական համակարգերը կիբեր հարձակումների թիրախ դառնում և ինչպես են իրանական անվտանգության ուժերն արմատախիլ անում այդ հարձակումները»,- նշել է Ռասուլ Լոթֆին:
13 մասից բաղկացած հեռուստասերիալը լինելու է իրական իրադարձությունների վերաարտադրությունը: Հեռուստասերիալի սցենարը նոր է գրվելու:
Ուշագրավ է, որ հեռուստասերիալի որոշ հատվածներ ծրագրվում է նկարահանել երկրից դուրս, հավանաբար, Հայաստանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «Թեհրան թայմս» պարբերականի պաշտոնական կայքը:

Անկախ

Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է

ՅազդԻրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավար Մոսթաֆա Ֆաթեմին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Յազդ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չորս անգամ ավելացել է:
«Համեմատելով անցած տարվա առաջին եռամսյակում Յազդ այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա ցուցանիշների հետ` կտրուկ աճ ենք արձանագրել: Մասնավորապես, այս տարի Յազդ է այցելել 22 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ` նախորդ տարվա 5 հազարի փոխարեն»,- ասել է Մոսթաֆա Ֆաթեմին:
Իրանի Յազդ նահանգի «Մշակութային ժառանգություն» կազմակերպության զբոսաշրջության բաժնի ղեկավարը նշել է, որ Յազդում կա ավելի քան 2 հազար պատմական հուշարձան, բոլորը գրանցված են Իրանի ազգային ժառանգության ցուցակում:
Հավելենք, որ Յազդն Իրանի 31 նահանգներից մեկն է և գտնվում է երկրի կենտրոնական մասում: Յազդ նահանգը համարվում է Իրանի պատմական շրջաններից: Այն հիմնադրվել է դեռևս աքեմենյանների օրոք:
Նահանգում են գտնվում Միհր, Անահիտա, Իստասի  աստվածների մեհյանները, աքեմենյանների շրջանին պատկանող հուշակոթողներ, Ալեքսանդրի բանտը` իր հսկայական բերդով, պարիսպներով, սասանյանների թագավորությանը պատկանող կառույցներ ու բերդեր, նաև իսլամական ժամանակաշրջանին պատկանող բազմաթիվ սրբավայրեր, պատմական մզկիթներ։
Ուշագրավ է, որ 1272-ին Յազդ է այցելել իտալացի նշանավոր ճանապարհորդ և առևտրական Մարկո Պոլոն:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Բեհրուզ Քամավալդի. «Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է»

ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամավալդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը փաստում է, որ Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Իրանը կատարում է ուրանի հարստացված պաշարների կրճատման իր պարտավորությունները:

Անկախ

Իրանն ու Օմանն ընդդեմ Գազայում ծայր առած վայրագությունների

Իրան,ՕմանԵրեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:

Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին պահանջել է կանխել սիոնիստական ուժերի հարձակումները Գազայում:
«Իսլամական երկրները պետք է բանակցություններ վարեն և միաբան լինեն Գազայի դեմ Իսրայելի հարձակումների կանխման հարցում: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության: Նկատի առնելով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ այդ վարչակարգի անմարդկային ու վայրագ հարձակումների շարունակական բնույթը` իսլամական աշխարհը պետք է ավելի ակտիվ լինի` սիոնիստների հարձակումներին ենթարկվող պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալի ասել է, որ այս պայմաններում մահմեդական աշխարհը պարտավոր է Իսրայելի հարձակումներից պաշտպանել Պաղեստինի ժողովրդին:
Նա կարևորել է Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:
«Գազայում հրադադարի հաստատման համար ամբողջ աշխարհը պետք է գործի դնի իր ջանքերը»,- նշել Օմանի խորհրդարանի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի` «Համաշխարհային համացանցի սարդոստայնը» վերահսկելու դրդապատճառները

123456666 копияՀամացանցի հասանելիության սահմանափակման քաղաքականությունն Իրանում. մի՞թե ամեն ինչ այդքան խիստ է և սարսափելի:

22 տարի առաջ Իրանը դարձավ տարածաշրջանում երկրորդ (Իսրայելից հետո) երկիրը, որը միացավ համաշխարհային համացանցին:

1995-ին համացանցը հասանելի դարձավ բոլոր քաղաքացիներին (առաջին հերթին` իրանական բուհերի ուսանողներին), 2000-ին արդեն երկրում ինտերնետ-սրճարանները նույնքան սովորական բան էին, որքան պարենային խանութները։
Եթե 2001-ին հարյուր իրանցի բնակչից 2-3-ն էր համացանցի օգտատեր, ապա 2005-ին արդեն նրանք 8-ն էին, իսկ 2012-ին այդ թիվը հասավ 16-ի։ Ամբողջ Ասիայի, ներառյալ Հնդկաստանը և Չինաստանը, միջին ցուցանիշը 23 մարդ է։
Պետք է նկատել, որ պարսկերեն կայքերի թվաքանակն աճում է նույնքան արագ, որքան իրանցի օգտատերերի թիվը:

Մի կողմից` այս ցուցանիշներն ամբողջությամբ հերքում են արդի աշխարհում իսլամական հանրապետության հետամնացության և մեկուսացման մասին դատողությունները, մյուս կողմից էլ ամբողջովին ինտերնետացված Իրանը, ճիշտ նույն կերպ, ինչպես մյուս պետությունները, ստիպված է սեփական երկրում վերահսկել «համաշխարհային համացանցի սարդոստայնը»։ Ընդ որում, անհրաժեշտ է անմիջապես ընդգծել երկու հանգամանք: Նախ` ինտերնետը վերահսկելու ձգտումը համաշխարհային միտում է: Երկրորդ՝ այս ուղղությամբ կիրառվող միջոցները հետապնդում են սեփական տեղեկատվական և ազգային անվտանգությունն ապահովելու նպատակ:

2001-ի մայիսին Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրաման էր արձակել՝ «Համակարգչային ցանցերի քաղաքականություն» վերնագրով, որում հրահանգ էր տրվել տեղեկատվական ցանցերը հասանելի դարձնել միայն լիազորված անձանց միջոցով։ Այնուհետև, Իրանի «Մշակութային հեղափոխություն» խորհուրդը նույնպես մի շարք որոշումներ է ընդունել, որոնք պետության կողմից վերահսկողություն էին սահմանում։
Ըստ ընդունված օրենսդրության` բոլոր ինտերնետ-մատակարարները պետք է կառավարությունից արտոնագիր ստանան։
2002-ի դեկտեմբերի 31-ին ստեղծվել էր իսլամական և ազգային մշակույթի պաշտպանության նպատակներով կոմիտե, որի կազմում ընդգրկված տեղեկատվության նախարարության, մշակույթի և պետական հեռուստատեսության, ռադիոյի, «Մշակութային հեղափոխություն» խորհրդի ներկայացուցիչները պետք է որոշեին անթույլատրելի համարվող վեբկայքերի չափորոշիչները։
2004-ին Իրանում օրենք ընդունվեց ինտերնետ ոլորտում հանցագործության համար պատժվելու մասին։

Իրանի ներկա օրենսդրության դրույթներով` ինտերնետ-մատակարարի արտոնագիր ստանալու համար հայտատուն պետք է Իրանի քաղաքացիություն ունենա և որևէ ապօրինի կազմակերպության անդամ չլինի։ Ինտերնետ-մատակարարները չեն կարող առանց արտոնագրի օգտագործել ցանկացած կոդ` տեղեկատվություն փոխանակելու համար։

Նոր օրենսդրությունը կանոնակարգում է նաև վեբկայքերի բովանդակությունը։ Հանցագործություն է համարվում իսլամական արժեքներին, Իրանի սահմանադրությանը հակասող կամ վիրավորող, երկրի ազգային միասնությունը սպառնալիքի տակ դնող, ապօրինի կազմակերպությունների դրական իմիջ ստեղծող, գաղտնի տեղեկատվությունը հրապարակող, ծխելու գովազդ պարունակող, պաշտոնատար անձանց վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող նյութերի հրապարակումն ինտերնետում։
Բնականաբար, այս օրենքն արժանանում է Արևմուտքի խիստ քննադատությանը՝ որպես քաղաքացու տեղեկատվության և շփման ազատության իրավունքի խախտում։

2013-ին Իրանում արգելափակվել են Google-ը, ներառյալ՝ Gmail-ը։ Դա արվեց, որպեսզի YouTube-ում չկարողանան դիտել ամերիկացիների տարածած հակաիսլամիստական ֆիլմը, որն առաջացել էր իսլամական երկրների, այդ թվում և Իրանի բնակիչների դժգոհությանը։

Իրանի իշխանությունները վերջին մի քանի տարիներին արգելափակել են համացանցային այն ռեսուրսները, որոնք համարում են վիրավորական կամ անօրինական: Մասնավորապես, երկրում արգելված են Facebook-ն ու Twitter-ը, քանի որ ինտերնետ-տեխնոլոգիաներն այժմ թույլ են տալիս ամբողջ աշխարհի ընդդիմադիրներին տեղեկատվություն փոխանակել, շփվել և համակարգել գործողություններն այնպիսի ռեսուրսների միջոցով, ինչպիսիք են Twitter-ն է, Facebook-ն և YouTube-ը։

Ուրեմն, կարելի՞ է կշտամբել իշխանություններին երկրի բնակչությանը սադրիչ նյութերից զերծ պահելու համար։

Իրանում երկրի ղեկավարությունն այս ամենն անում է ազգային շահերը, անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից:

Իրանի դեմ վարվել և վարվում է դաժան տեղեկատվական պատերազմ։ Նման պայմանների մեջ դրված ցանկացած պետություն ստիպված կլինի միջոցներ կիրառել սեփական տեղեկատվական անվտանգությունն ամրապնդելու համար։

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Առաջիկայում Արևմուտքը կապաարգելափակի Իրանի սառեցված ակտիվների հերթական մասնաբաժինը

bank act. iranԻրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ ղեկավար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ արևմտյան երկրներն առաջիկա 4 ամսվա ընթացքում կապաարգելափակեն Իրանի սառեցված ակտիվների հերթական մասնաբաժինը:

Նա հստակեցրել է, որ 2 մլրդ 800 մլն դոլարը 6 մասնավճարով Իրանին կվերադարձվի:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆն, իր հերթին անդրադառնալով այս իրողությանը, ասել է, որ իրենք ծանոթացել են  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հաշվետվությանը`ներկայացված  կազմակերպության կառավարիչների խորհրդին, որում հաստատվել է, որ Իրանը լիովին վերջացրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի նվազեցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ  սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն, արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլար գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: 2014-ի փետրվարի 1-ին Իրանն այդ միջոցներից 550 միլիոն դոլարի նկատմամբ էր հասանելիություն ստացել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

 Անկախ

Իրանի նախագահն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Գազայի վերջին զարգացումները

Rouhani_putinԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները և ընդգծել անհրաժեշտ քայլեր ձեռնակելու կարևորությունը:

 «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել: Այժմ այն, ինչ տեղի է ունենում Գազայում,  հակամարդկային ոճրագործություն է, 21-րդ դարի մեծ ողբերգություն: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության»,- ասել է Իրանի նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մտահոգիչ և անհանդուրժելի համարելով Գազայում տիրող իրավիճակը, նշել է, որ ազդեցիկ երկրներն իրենց ողջ ջանքերը պետք է գործի դնեն հրադադարի հաստատման համար:

Պուտինը, դրական համարելով Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններում նկատվող տեղաշարժը, ընդգծել է տարածաշրջանում անվտանգության հաստատման  հարցում երկու երկրների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) այժմ ընթացող միջուկային բանակցություններին և նշել, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի փոխշահավետ վերջնական համաձայնագրի ստորագրման համար:

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ կրկին քննարկվել էր Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել էին նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:

 

Անկախ

«Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կերկարաձգվեն մինչև նոյեմբեր

Marzie-AfhamԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտնել է, որ Իրան-«Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունները կարող են երկարաձգվել, և առավելագույն ժամկետը կլինի մինչև նոյեմբերի 25-ը:
«Այժմ լավագույն ժամանակն է եզրափակիչ համաձայնության ձեռքբերման համար, բայց կողմերը դեռ չեն հարթել որոշ տարաձայնություններ: Առավելագույն վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, երբ ուղիղ մեկ տարի կանցնի ժնևյան պայմանավորվածությունների ձեռքբերումից»,-ասել է Մարզիե Աֆհամը:
Օրերս Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ եռօրյա բանակցությունները, չէր բացառել, որ եթե կողմերը չկարողանան մինչև հուլիսի ավարտը համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը, ապա այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նոյեմբեր:

 

Անկախ

Իսլամական երկրների միջխորհրդարանական եռյակի հերթական նիստը կկայանա հուլիսի 22-ին

larijaniԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հուլիսի 22-­ին Թեհրանում կայանալու է իսլամական միջխորհրդարանական եռյակի   հերթական նիստը, որի նպատակն է քննարկել Գազայում սիոնիստական վարչակարգի կատարած ոճրագործությունները:

Գագաթաժողովին մասնակցելու են Սուդանի, Իրանի և Մալիի խորհրդարանների նախագահները: Նրանք հերթականությամբ նախագահում են իսլամական երկրների միջխորհրդարանական նիստերի անցկացման ընթացքում:

Ալի Լարիջանին մանրամասնել է, որ   հեռախոսազրույց է ունեցել Մալիի խորհրդարանի նախագահ Իսկասա Սիդիբեի և Սուդանի խորհրդարանի նախագահ Էզեդդին Մանսուրի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր` կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։
Զրույցի ընթացքում,  անդրադառնալով սիոնիստական վարչակարգի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում տիրող ողբերգական իրավիճակին, Լարիջանին պահանջել է անհապաղ գումարել իսլամական երկրների միջխորհրդարանական եռյակի նիստը։

Տեղեկացնենք, որ սիոնիստական վարչակարգի ներկայացուցիչները 2014-­ի հուլիսի 8-­ից հարձակումներ են գործում  Գազայի պաղեստինյան բնակչության վրա, որի հետևանքով  սպանվել է 194 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1400-ի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից արտահանվել է 57 մլն դոլարի գորգ

unnamedԻրանի գորգի ազգային կենտրոնի ներկայացուցիչ Համիդ Քարեգարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ, ըստ Իրանի մաքսային վարչության վիճակագրական տվյալների, վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից արտահանվել է 1000-ից ավելի գորգ, ընդհանուրը`  57 մլն դոլարի:
«Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ` նկատվում է 23 տոկոս աճ»,-ասել է Համիդ Քարեգարը:

Իրանի գորգի ազգային կենտրոնի պատասխանատուն հույս է հայտնել, որ քաղաքական դաշտում համեմատական կայունությունն ու բարելավումը կնպաստեն Իրանի ձեռագործ գորգերի արտահանման ծավալների մեծացմանը:

ԱՄՆ իրանական գորգի ներկրման շրջփակումը, արտահանման ծախսերի մեծացումը, ինչպես նաև արաբական որոշ երկրներում քաղաքական անկայունությունները վերջին տարիներին Իրանի գորգի արտահանման ծավալների կրճատման գլխավոր պատճառներից են եղել:
Ուշագրավ է, որ անցյալ տարի ձեռագործ գորգերը Իրանի արտահանվող ապրանքերի ցուցակում 21-րդ տեղն են զբաղեցրել: Արտահանվող գորգերի 1 կգ-ի միջին արժեքը եղել է 61,7 դոլար:

2013-ին իրանական գորգերը  հիմնականում արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Կատար, Շվեդիա և Շվեյցարիա:

Ընդհանուր առմամբ, իրանական գորգերն արտահանվում են 8 տասնյակից ավելի երկրներ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

Իրանում ներդրումների համար նպաստավոր միջավայր է ստեղծվել

unnamed (1)Իրանի առևտրի պալատի ղեկավար Ղոլամհոսեյն Շաֆեին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արտասահմանցի ներդրողները բարձր են գնահատում իրանական շուկայի ներուժը:

«Իրանում  արդյունավետ համագործակցում են պետական և մասնավոր սեկտորները: Երկրում ներդրումների համար նպաստավոր աշխատանքային միջավայր է ստեղծվել: Արտասահմանյան մի շարք ներդրողներ ցանկանում են ընդլայնել համագործակցությունը»,- նշել է Ղոլամհոսեյն Շաֆեին:

Իրանի առևտրի պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ ամերիկյան ընկերությունը Իրանի կառավարության հետ բիովառելիքի հաշվին էլեկտրաէներգիայի մշակման համատեղ առևտրային նախագծում 1,175 դոլարի չափով ներդրումների նախնական համաձայնություն է ստորագրել:

«Ըստ նախնական համաձայնության, կալիֆորնիական ընկերությունը մտադիր է ամեն օր 250 մեգավատ հզորություն ստանալ աղբի այրման, ինչպես նաև ջրիմուռների, աղերի, կեղտաջրերի վերամշակման ճանապարհով»,- ասել է Շաֆեին:

Ակնկալվում է, որ նախագիծը կգործարկվի  սեպտեմբերին:

Համաձայնագրի ստորագրումը արևմտյան բիզնեսի համար ազդանշան կարող է ծառայել, որոնք կարող են վերականգնել ներդրումներն Իրանում, եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը և ՄԱԿ-ը իսլամական պետության դեմ կիրառվող տնտեսական պաժամիջոցները չեղյալ հայտարարեն:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Աբաս Արաղչի. «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել»

unnamedԻրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել:

«Միջազգային հանրության համար Գազայում իրականացվող ոճրագործություններն ամոթալի են: Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,- ասել է Իրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը:

Արաղչին հավելել է, որ տեսախցիկների առջև սիոնիստները շարունակում են  ոճրագործությունները, մինչդեռ միջազգային անվտանգության ու խաղաղության համար պատասխանատու կառույցները փակել են իրենց աչքերը:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, անդրադառնալով միջազգային կազմակերպություններին, հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կկատարի Միջին Արևելքում մարդկանց անվտանգության ու խաղաղության պահպանման ուղղությամբ իր առաքելությունը:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Էրդողանն ու Ռոուհանին համակարծիք են, որ պետք է վերջ տրվի Իսրայելի կողմից ռազմական գործողություններին և պահպանվի 2012-ին կողմերի միջև ձեռքբերված հրադադարը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել են նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը միջազգային հանրության համար:

Էրդողանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսլամական երկրներին  հրատապ միջամտություն:

Հաղորդվում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հուլիսի 18-ին ժամանելու է Ստամբուլ, հանդիպելու է Էրդողանի հետ ու ևս մեկ անգամ քննարկելու է Գազայի հատվածում կատարվող իրադարձությունների դրդապատճառները:

 

Անկախ