Հայաստանի ֆուտբոլիստները` դրսում

ffa5Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին: Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ «Սպարտակ»-«Ամկար» (1:0) մրցավեճում, Մխիթարյանի գոլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» 4:0 հաշվով հաղթել «Հերտային», իսկ Մարկոսը դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Իրտիշ» (3:0) մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Դինամո»`2:4, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Ատլանտաս»-«Ժալգիրիս»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Յաբլոնեց»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Սպարտակ Սեմեյ»-«Կայրաթ»՝ 2:5, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին:

 

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Անժի»՝1:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

 

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Մետալուրգ» Զապորոժյե՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 79-րդ րոպեին:

 

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հերտա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:4, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին:
Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 52-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:

 

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Վոլգա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Կուբան»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Զարմանալին հայկական լողում

լողՀայաստանի որևէ մարզադպրոցում լողի խմբեր չկան, այդուհանդերձ, ոչ միայն այդ մարզաձևի մեր երկրի առաջնություններ են անցկացվում, այլև ուշագրավ արդյունքներ են արձանագրվում: Մասնավորապես, օրերս Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում կայացած մեր երկրի առաջնությունում Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացվեց, 27 անգամ գերազանցվեց սպորտի վարպետի, 7 տասնյակ անգամ` առաջին կարգայինի նորման, թարմացվեց Հայաստանի 4 ռեկորդ: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբւոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Սաֆարյանը:

– 14 թիմի 120 մարզիկ-մարզուհի էին կարողությունները փորձում: Վերջին տարիներին մեր երկրի առաջնություններում այդ առումով նման ցուցանիշ չէինք ունեցել: Ռեկորդներն էլ` զարմացնում են:

– Խորհրդային տարիներին լողի տարբեր մրցաձևերի համար նույնպես սահմանված էր ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմա: Ներկայումս Հայաստանի սպորտի վարպետի նորման գերազանցում է այն ժամանակվա արդյունքը:
– Հայաստանի սպորտի վարպետի նորման չի տարբերվում ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմայից, անգամ ավելի բարձր է, բայց Ռուսաստանի սպորտի վարպետի նորմայից մի փոքր ցածր է, ասենք 1,5-2 վայրկյանով: Հայաստանի լողի ֆեդերացիան է կազմում նորմատիվները և հաստատման ներկայացնում է մեր երկրի սպորտի նախարարություն:

– Միջազգային կարգի սպորտի վարպետի նորման լրացրած լողորդի արդյունքը օրինաչափ է, այն սպասելի՞ էր:
– 18-ամյա Վահան Մխիթարյանը 2013-ին կայացած աշխարհի պատանիների և մեծահասակների առաջնություններում բարձր ադյունքներ էր ցույց տվել` երկու անգամ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակցելու վարկանիշն էր լրացրել: Այդ ստուգատեսները կայացել են Դուբայում և Բարսելոնում: Լողորդը, որն այս տարի ավարտելու է դպրոցը, 50 մ ազատ ոճով լողում լրացրեց Հայաստանի միջազգային կարգի վարպետի նորման, նաև մեր երկրի ռեկորդ սահմանեց: Ի դեպ, պատանեկան առաջին օլիմպիական խաղերում Հայաստանը երկու մասնակից ուներ, և երկուսն էլ հրավերով էին, հանդես էին գալիս «սպիտակ քարտով»: Այս անգամ էլ հնարավոր է` մեկ լողորդուհու մասնակցելու հրավեր ուղարկվի: Մինչև հունիսի 15-ն ամեն ինչ պարզ կդառնա: Թե ով պետք գործուղվի` կորոշի Հայաստանի լողի ֆեդերացիան: Այդ պատվին հավակնում է Տաթև Բադանյանը: Չինաստանում պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ծրագրով լողի մրցումները կմեկնարկեն օգոստոսի 15-ին:

– Ինչո՞ւ Հայաստանի առաջնությունում թիմային հաշվարկ չի կատարվում:
– Թիմեր մասնակցում են, սակայն հաշվարկ չկա: Թիմերի կազմերում 12 և ավելի մարզիկ էր հանդես գալիս, սակայն մեր ունեցած պայմաններում հնարավոր չէ, որ որևէ թիմ ամբողջական կազմ ունենա: Դրա համար անհրաժեշտ է մինչև հիսուն մարզիկ-մարզուհի մեկնարկի դուրս բերել:

– Մասնակից թիմերի աշխարհագրությունը բավարարո՞ւմ է:
– 12 թիմ Երևանից էր: Հանդես էին գալիս նաև Գյումրիի, Վանաձորի ներկայացուցիչները:
– Հանելուկ է մնում, որ մարզադպրոցներում լողի խմբեր չկան, սակայն հուսադրող արդյունքներ ու առաջընթաց նշմարվում են: Լողի կենտրոններում վճարո՞ւմ են, որ պարապողները նաև վարպետության դասեր առնեն:
– Տարբեր լողավազաններում դրվածքը տարբեր է: Ամեն կենտրոն, մարզական ակումբ ունի իր հավաքականը: Եվ հավաքականի անդամներին թույլատրվում է, որ անվճար մարզվեն: Հայաստանի հավաքականի տարբեր տարիքի շուրջ երկու տասնյակ մարզիկ-մարզուհիներ նույնպես անվճար են պարապում: Նրանք առավոտյան մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, իսկ երկրորդ պարապմունքն անցկացնում են իրենց ակումբներում:

– Ընթացիկ մրցաշրջանում պատասխանատու ի՞նչ փորձություններ են սպասում մեր լողորդներին:
– Հայաստանի երկու լողորդ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների, մեկ մարզիկ`պատանեկան առաջնությանը: Հուլիսի 7-12-ը Հոլանդիայի Դորտրեխտ քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում կարողություններն է փորձելու Վահան Մխիթարյանը: Օգոստոսի10-16-ը Գերմանիայի Բեռլին քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի պատիվը պաշտպանելու են Արամ Կոստանյանը և Մոնիկա Վասիլյանը: Մխիթարյանը մասնակցելու է 50 մ և 100 մ ազատ ոճով, 100 մ դելֆին ոճով լողի մրցումներին: Վասիլյանը հանդես կգա 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, Կոստանյանը` 50 մ և 100 մ թիկնալողի մրցումներում: Նախատեսվում է, որ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում Մխիթարյանն ուժերը կչափի 50 մ և 100 մ ազատ ոճով լողի, 50 մ դելֆին ոճով լողի մրցումներում: Հույս ունենք, որ նա Չինաստանում հաջող հանդես կգա: Պատանեկան օլիմպիական նախորդ խաղերում Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ նախնական փուլի մեկնարկներից հետո դուրս էին մնացել պայքարից:

– Հայաստանում նախատեսվո՞ւմ է նախապատրաստական ուսումնամարզական հավաք:
– Հայաստանի հավաքականն այդ մեկնարկներից առաջ` հունիսին, շուրջ 20 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Այնտեղ 50 մ-ոց լողավազան կա: Առաջիկա բոլոր միջազգային մրցումները 50 մ-ոց լողավազանում են անցկացվելու: Իսկ ահա դեկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունն անցկացվելու է 25 մ-ոց լողավազանում: Առայժմ այդ ստուգատեսի հրավեր չենք ստացել և պարզ չէ, թե քանի մասնակից կունենանք: Հայաստանի հավաքականից վարկանիշ ունի միայն Մխիթարյանը: Հույս ունենք, որ մեր երկրի ևս 3-4 ներկայացուցիչ հանդես կգա: Նախորդ ստուգատեսում Հայաստանից հրավիրվել էր 3 մարզիկ: Վերջին առաջնությունը, որը կայացել էր 2012-ին, Հայաստանը ներկայացրել էին 2 լողորդուհի և 1 լողորդ: Լողի միջազգային ֆեդերացիան ունի դասակարգման աղյուսակ, որում աշխարհի բոլոր լողորդների ցուցանիշներն են: Ըստ դրա էլ որոշվում է, թե որ երկրից քանի մարզիկ է հրավիրվելու: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին էլ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը: Այդ ստուգատեսի մասնակցությունը վարկանիշով չէ: Հավանական է` կազմակերպիչները Հայաստանից հրավիրեն 3-5 լողորդի: Անցյալ տարի մեր երկրից այդ ստուգատեսում հանդես է եկել 6 մարզիկ: Դեր կխաղա այն հանգամանքը, թե Հայաստանի լողի ֆեդերացիան ֆինանսական ինչ հնարավորություններ կունենա: Եթե համապատասխան ֆինանսներ լինեն, ավելի շատ պատվիրակներ կգործուղենք:

– Վերջին շրջանում ֆինանսների և պայմանների առումով Հայաստանի լողորդների կյանքում դրական տեղաշարժեր կա՞ն:
– Պայմանները շարունակում են մնալ դժվարին, չունենք 50 մ-ոց լողավազան, որում կարող են պարապել հավաքականի անդամները: Նրանք մարզվում են ավելի կարճ լողավազաններում: Դա ազդում է ցույց տված արդյունքների վրա: Հնարավոր չէ պարապել փոքր չափեր ունեցող լողավազանում և մրցումների ժամանակ հաջողության հասնել բոլորովին այլ տիպի լողավազանում: Ժամանակակից լողավազանում տարեկան միայն մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում: Հովանավորներ չունենք: Տարեկան աջակցության կարգով պետությունը ֆեդերացիային 10 մլն դրամ է հատկացնում: Այդպես եղել և մնում է: Լողը զարգացնելու համար դա շատ չնչին գումար է: Իսկ ժամանակակից լողազգեստներ, Լողի միջազգային ֆեդերացիայի երաշխավորությամբ, Հայաստանի հավաքականի անդամներին խոշորամասշտաբ ստուգատեսներից առաջ տրամադրում են հայտնի ֆիրմաները: Վերջին 5 տարին այդ աջակցությունը ստացել ենք: Ի դեպ, աշխարհի առաջնությունների մասնակցության բոլոր ծախսերն իր վրա է վերցնում Լողի միջազգային ֆեդերացիան: Դա մեծ գումար է, քանի որ տրանսպորտի, կեցության համար մեծ փողեր են պահանջվում:

Դեպի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն` առանց ուսումնամարզական հավաք անցկացնելու հնարավորության

2-rd nyut 38545Աշխարհի գավաթի խաղարկության հերթական մրցափուլում, որն անցկացվել էր Քաթարի մայրաքաղաք Դոհայում, մեր մարմնամարզիկների ունեցած փայլուն մրցելույթից հետո քիչ ժամանակ է անցել: Մերոնք տիրացել էին հարուստ ավարի, և օտարները կատակով ասել էին` աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար է անցկացվո՞ւմ, թե Հայաստանի առաջնություն: Բայց ժամանակը չի սպասում, և Հայաստանի մարմնամարզիկներին մայիսի 17- 26-ը ևս մեկ լուրջ քննություն է սպասում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Նրանք հանդես են գալու Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում:

Ընդ որում, երիտասարդների առաջնություն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Ուշագրավ է, որ այս անգամ այդ ստուգատեսում խաղարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում կարողությունները կփորձեն այն մարզիկները, որոնք հանդես էին եկել Քաթարում. Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը: Երիտասարդներից մեկնարկի դուրս կգա Վիգեն Խաչատրյանը: Վարկանիշ լրացնելու համար նա պետք է բազմամարտում առնվազն 19-րդ տեղը գրավի, որը մեր մարմնամարզիկի համար միանգամայն լուծելի առաջադրանք է: Ընդ որում, գաղտնիք չէ, որ այդ արդյունքին Թովմասյանը կարող է հասնել, եթե անգամ մրցելույթ ունենա իր միջին կարողություններով:
Վիգենի նախասիրած մրցաձևը հենացատկերն են: Հաջող հանդես գալու դեպքում նա կարող է պայքարել նաև մեդալների համար: 2013-ին Ուտրեխտում կայացած Եվրոպայի օլիմպիական օրեր փառատոնի ծրագրով մրցումներում նա բազմամարտում 16-րդն էր, իսկ հենացատկերում ճանաչվել է 6-րդը: Այժմ երիտասարդ հայ մարմնամարզիկը զգալիորեն բարդացրել է վարժությունների կատարման իր ծրագրերը, և ավելի բարձր արդյունք է ակնկալվում:
2013-ին Մոսկվայում անցկացված մեծահասակների Եվրոպայի նախորդ առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկերում դարձել է բրոնզե մեդալակիր, բազմամարտում 8-րդն է, իսկ Հարություն Մերդինանը նժույգաթափերում գրավել է 5-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում ակնկալիքներ ունի իր բոլոր սաներից:
«Աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր մարզիկները ցանկացած ստուգատեսում ի վիճակի են եզրափակիչ մտնելու և պայքարելու մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում խնդիր է դրված, որ առաջին հերթին 8 լավագույնների թվում ընդգրկվեն, իսկ եզրափակչում ամեն ինչ հնարավոր է անել: 40 երկրի 176 մասնակից է լինելու»,- ասաց Սերոբյանը:
Իսկ 2014-ի աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի Նանջին քաղաքում: Մարզիչը պարզաբանեց, որ այդ ստուգատեսի մասնակցության մասին կմտածեն միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Հիմնականում ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Եթե շատ գումար մնա, Հայաստանից այդ ստուգատեսում մեծ թվով մարմնամարզիկներ հանդես կգան:
Թեև Կատարում գրանցված արդյունքի համար մերոնք պարտական էին այն բանին, որ Դոհայում մրցումներից առաջ կարճատև ուսումնամարզական հավաք են անցկացրել, բարվոք պայմաններում պարապել, այդուհանդերձ, փողի պակասի պատճառով Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու են տանը, ոչ թե ժամանակակից, այլ հին մարզագործիքների վրա: Իսկ բացը լրացնելու, դրսում ուսումնամարզական հավաք անցկացնելու հնրավորություն չկա: Ի դեպ, անգամ վերջին հաջող մրցելույթից հետո մարմնամարզիկներին ոչ ոք չի խոստացել օգնության ձեռք մեկնել:

Հայաստանի թենիսիսիտներն առաջին իսկ խաղում ցավալի պարտություն կրեցին

թենիս138976707230Հունգարիայի   Սեգեդ  քաղաքում  մենարկած թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին տուրում A ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի թիմին` 0:3:

Աշոտ Գևորգյանը  0:6,3:6  հաշվիվներով զիջեց  Գերգելի Մադարաշիին,  Միքայել Ավետիսյանը 0:6,1:6 հաշվիվներով՝  Մարտոն Ֆուկսովցիին: Զուգախաղում էլ հունգարական  Մարտոն Ֆուկսովից –Լեվենտե Գոդրի երկյակը 6:2, 6:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի Աշոտ Գևորգյան-Սեդրակ Խաչատրյան զույգի նկատմամբ:

Մյուս մրցամարտերում այսպիսի արդյունքներ արձանգրվեցին`

B ենթախումբ՝  Մակեդոնիա- Մալթա՝          3:0,

C ենթախումբ՝ Վրաստան –Չեռնոգորիա՝   3:0,

D ենթախումբ՝ Թուրքիա- Էստոնիա՝           2:1:

Խառնաշփոթ վիճակ` ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում

arm128740257982Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առաջատար  երեք թիմերի մասնակցությամբ հանդիպումներում անսպասելի արդյունքներ գրանցվեցին և չեմպիոնության համար պայքարն էլ ավելի սրվեց:

 

Վերջին տեղերում գտնվող թիմերն էլ պայքարում են ուժեղագույնների խմբում մնալու համար:

Եվ ահա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի 5-ին որոշել է, թե նախավերջին` 37-րդ տուրի հանդիպումները որ ժամերին պետք է կայանան:

7 խաղ, որոնցում կմրցեն չեմպիոնության հավակնորդները և հետնապահները, մայիսի 11-ին կմեկնարկեն նույն ժամին՝  Երևանի ժամանակով 21։00-ին։

Խոսքը` «Էսպանյոլ» – «Օսասունա», «Սելտա» – «Ռեալ», «Բետիս» – «Վալյադոլիդ», «Գրանադա» – «Ալմերիա», «Էլչե» – «Բարսելոնա», «Աթլետիկո» – «Մալագա», «Խետաֆե» – «Սևիլիա» հանդիպումների մասին է։

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմ Միավոր Խաղ
1 Ատլետիկո 88 36
2 Բարսելոնա 85 36
3 Ռեալ 83 35
4 Ատլետիկ 68 36
5 Սևիլիա 60 36
6 Ռեալ Սոսյեդադ 57 35
7 Վիլյառեալ 53 36
8 Վալենսիա 46 36
9 Սելտա 46 36
10 Լևանտե 45 36
11 Ռայո Վալեկանո 43 36
12 Էսպանյոլ 41 36
13 Մալագա 41 36
14 Էլչե 39 36
15 Գրանադա 37 35
16 Խետաֆե 36 36
17 Ալմերիա 36 36
18 Օսասունա 35 36
19 Վալյադոլիդ 35 35
20 Բետիս 22 36

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում անջատողականներն ավելանում են

գառնիկ սարոյանԵթե նախկինում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից ցանկանում էին առանձնանալ գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները, ապա այժմ գումարվել են նաև ցանցացատկի (բատուտ) մարզիկները: Փաստորեն, անջատողականներն աստիճանաբար ավելանում են: Ընդ որում, գեղարվեստական մարմնամարզության մակարդակը Հայաստանում միշտ շատ ցածր է եղել: Ցանցացատկն էլ մեր երկրում զարգացած չէ, նույնիսկ մի քանի համապատասխան մարզագործիք կա: Տասնամյակներ շարունակ աշխարհում ցանցացատկի բազմաթիվ ներկայացուցչական ստուգատեսներ են կազմակերպվել, բայց Հայաստանից մասնակից չի եղել:

Ինչ խոսք, լավ է, որ մարզաձևն աշխուժացնելու միտում է նկատվում, բայց ցավալի է, որ դա կատարվում է գաղտագողի, անդրկուլիսյան պայմաններում. օրինականության մասին անգամ խոսք լինել չի կարող: Եվ այս ամենի հետևում նախկին մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդների գրքի օրինակով Հայաստանում ստեղծված «Դյուցազնագրքում» իր անունը գրանցած, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանն է:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում օրերս շատ զարմացան, երբ ուշագրավ մի նամակ ստացան Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայից: Նամակում տեղյակ է պահվում, որ Հայաստանից դիմել են, որպեսզի օրինականացվի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնումը: Միաժանակ պարզաբանվում է, որ մերժել են, քանի որ ճանաչում են միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի կազմում է նաև ցանցացատկը:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան առանձնահատուկ է: Այս կազմակերպության կազմում են մարմնամարզությունը (տղամարդիկ և կանայք), գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, ակրոբատիկական ցատկերը, աերոբիկան (ռիթմիկ մարմնամարզություն) և ցանցացատկը: Կա ևս մեկ մրցաձև` «Մեծ մարմնամարզությունը», որը մարմնամարզության մի քանի մարզաձևերի թիմային մրցում է: Պայքարի մեջ են ներգրավվում մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ներկայացուցիչներ, և անցկացվում են տարբեր մրցաշարեր, նաև աշխահի առաջնություններ:

Ինչ վերաբերում է ցանցացատկին, ապա խորհրդային ժամանակներում ունեցել ենք այս մարզաձևի ներկայացուցիչներ: Անկախացումից հետո մասնագետների մի մասը Հայաստանից հեռացել է, մյուսները թողել են աշխատանքը, մարզագործիքներ էլ գրեթե չեն մնացել: Եվ այդ մարզաձևը մարել է:

Ալբերտ Ազարյանի և Հրանտ Շահինյանի անվան երևանյան մարզադպրոցներում նախկինից ժառանգություն մնացած երկու մարզագործիք կա: Դրանք քանիցս վերանորոգվել, կարկատվել են:

բատուտԻ դեպ, ժամանակին Հրանտ Շահինյանի նախաձեռնությամբ նրա իսկ ղեկավարած մարմնամարզության դպրոցի հարևանությամբ խոշոր կենտրոն էր կառուցվում, որտեղ պետք է վաղ հասակից անդամագրվեին հիշյալ բոլոր մարզաձևերի, այդ թվում նաև ցանցացատկի ներկայացուցիչները, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասեր անցկացնեին այլ մարզաձևերով կանոնավոր զբաղվողները` ջրացատկորդները, ֆուտբոլիստները, ըմբիշները և այլն: Շահինյանի մահից հետո Երևանի կենտրոնում գտնվող կիսակառույցը վաճառվեց: Այն «Օրինաց երկիր» կուսակցության նստավայրն էր, հետո էլ Ֆրանսիական համալսարանին էր պատկանում: Փաստն այն է, որ հիանալի մտահղացումն անկատար մնաց:

Գառնիկ Սարոյանը, որ ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության կենտխորհրդի չեմպիոն, Հայաստանի առաջնության մրցանակակիր, մարզել է մարմնամարզության Հայաստանի, Իրանի ազգային հավաքականները և ներկայումս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է (նախկինում էլ` 1993-2000 թթ., մինչև արտասահմանում աշխատանքի անցնելը վարել է այդ պաշտոնը), պարզաբանեց, որ ցանցացատկը Հայաստանում զարգացնելու ցանկություն ունեցողներից ոչ ոք այդ հարցով չի դիմել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավարությանը:

«Ֆահրադյանը նախկինում մարմնամարզիկ է եղել, ուրախ ենք, որ ճանաչում ունի, բայց եթե անկեղծ լինենք, նրա կատարած այդ ռեկորդային վարժությունները ներկայիս մարմնամարզիկներից յուրաքանչյուրը, առանց որևէ դժվարության, կարող է կատարել, պարզապես մի քիչ պետք պարապել, մարզավիճակ ձեռք բերել: Լավ է, որ ցանցացատկը զարգացնելու նպատակ կա, բայց պետք է ճանապարհ անցնել, ամեն ինչ օրինական անել, համաձայնեցնել ֆեդերացիայի հետ: Հնարավոր չէ ձեռքի հինգ մատներից մեկը կտրել և ասել, որ այն կարող է առանձին ձեռք լինել: Ինչքան տեղյակ եմ, փորձ է արվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ ցանցացատկի առանձին կազմակերպություն հիմնել: Եվ ահա եկել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի ղեկավարության պատասխանը, որում հայտնվում է, որ միայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան է իրավասու զբաղվելու այդ մարզաձևի հետ կապված խնդիրներով: Հավանաբար, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներին այդ առաջարկը ոգևորել է, և նրանք էլ մի քիչ շտապողականություն են դրսևորել: Ամեն դեպքում պետք է քայլերը նախապես հաշվարկել»,- ասաց Սարոյանը:

Նա տեղեկացրեց, որ աերոբիկայի խմբեր բացելու համար ֆեդերացիային է դիմել նույնպես նախկին մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը, և քննարկելուց հետո նրան հանձնարարվել է, որ զբաղվի կազմակերպչական հարցերով, բացը լրացվի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչով են պսակվել գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների «անկախանալու» փորձերը: Նրանք էլ շուրջ մեկ տարի առաջ ցանկանում էին առանձին ֆեդերացիա ստեղծել:
Սարոյանը հայտնեց, որ այդ մարզաձևում խնդիրը մի փոքր այլ է: Տարաձայնությունները շատ են մարզաձևի մասնագետների միջև: Փաստորեն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանին վստահվում է նաև այդ մարզաձևի հետ կապված հարցերի համակարգումը: Եվ դա նրա գործընկերներից ոմանց դուր չի գալիս, փորձում են խանգարել, ձախողել Հայաստանի առաջնությունների կազմակերպումը: Այս ամենից առաջին հերթին մարզաձևն է տուժում:

«2004-ին ինքս Թուրքիայի Անթալիա քաղաքում ներկա էի Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համաժողովին: Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին դուրս գալ այդ երկրի մարմնամարզության ֆեդերացիայից: Եվ միջազգային ֆեդերացիան դա արգելեց, սակայն թույլ տվեց կազմակերպության ներսում փոխհամաձայնությամբ լուծել կազմակերպչական խնդիրները: Ինչ վերաբերում է առանձնանալուն, ապա դա հնարավոր չէ: Կարելի է ֆեդերացիայի կազմում գտնվող տարբեր մարզաձևերի ֆինանսական հաշիվներն առանձնացնել, ոչ ավելին: Մարմնամարզության ֆեդերացիան դրա կազմում եղած մարզաձևերի հետ միասին պետք է մեկ հասցե ունենա»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան 35 մլն դրամ է ստանում: Ֆինանսներն առայժմ բաշխվում են միայն մարմնամարզության (տղամարդիկ և կանայք), ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության միջև: 20 մլն դրամը հատկացվում է մարմնամարզությանը, 7,5-ական մլն դրամ են ստանում գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի ներկայացուցիչները: Վերջինիս ներկայացուցիչներն անջատողական հակումներ չունեն: Թերևս դեր է խաղում այն հանգամանքը, որ աշխատանքը համակարգում է բանիմաց մասնագետ` Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության պատասխանատու աշխատող Շուշանիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է Ֆահրադյանին, ապա նա ոչ մի անգամ չի եկել, չի դիմել ֆեդերացիային, չի փորձել բանակցել: Նա կարող է ակումբ ունենալ, տարբեր մրցումների պատվիրակներ ուղարկել, սակայն պաշտոնական ստուգատեսների մասնակցելու որոշումը կարող է միայն ֆեդերացիայի թույլտվությամբ կատարվել: Ամեն քայլ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում, ծրագիր ներկայացնել ֆեդերացիայի ղեկավարությանը, պարզաբանել, թե ինչ մարզաբազաներ կան, ինչպես են կազմակերպվելու պարապմունքները և այլն: Ի վերջո, եթե ամեն բան հավանության արժանանա, այդ մարզաձևի ներկայացուցիչները պետք է անդամավաճար մուծեն: Ի դեպ, ամեն մարզաձևի համար 100-ական շվեյցարական ֆրանկ է վճարվում մարզաձևի միջազգային ֆեդերացիային, գումարած 500 շվեյցարական ֆրանկ` Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համար: Չեն վճարվում ռիթմիկ մարմնամարզության, ցանցացատկի, այն մարզաձևերի համար, որոնց միջազգային մրցումներին չենք մասնակցում: Ինչ խոսք, ցանկալի է, որ ավելանա ֆեդերացիայի գործող մարզաձևերի թիվը»,- ասաց Սարոյանը:

Հայաստանի մարմնարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին կատարվածը խիստ զայրացրել է: «Մեր ղեկավար այրերը պետք է միջամտեն և բացատրեն, որ նման բաներ չի կարելի անել: Մի՞թե առանց ֆեդերացիայի նախագահի կարելի է դիմել միջազգային կազմակերպությանը: Սա «նորություն է», խայտառակություն Հայաստանի համար: Նախ` պետք է հաշվի առնել, թե ով է, ինչ է իրենից ներկայացնում նոր կազմակերպություն հիմնողը: Եթե կա այդպիսի մտադրություն, ինչո՞ւ այն չի ներկայացվում ֆեդերացիայի ուշադրությանը: Խնդիրներն ավելի հեշտ է համատեղ լուծել: Ցանցացատկ Հայաստանում չկա, և իմաստ էլ չկա, որ այժմ մեր աշխատանքն այդ ուղղությամբ տանենք: Կարծում եմ, մեր երկրի սպորտի, ՀԱՕԿ-ի ղեկավարությունը կատարվածին խիստ վերաբերմունք ցույց կտա: Եթե որևէ բան է արվելու, ապա առաջին հերթին ֆեդերացիայի նախագահը դրան պետք է տեղյակ լինի, քանի որ նա է ղեկավարը, պատասխանատվություն կրողը,- ասաց Ազարյանը:

 

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ մարզիչն իրեն արդարացնելու հնարավորություն ունի

հայաստանի հավաքականԲեռնար Շալանդը դեռևս ոչ մի անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս չի բերել խաղադաշտ, և վստահության որևէ երաշխիք չկա, որ նա այդ պաշտոնում կարող է հաջողության հասնել: Մտահոգվելու տեղիք է տալիս այն, որ նա նախկինում երբեք չի մարզել որևէ երկրի ազգային ընտրանի: Կասկածներն ավելի սաստկացան, երբ Շալանդի գլխավորությամբ Սկոպիե ուղևորվեց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Քանի որ նա նախկինում ղեկավարել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, ակնկալվում էր, որ փորձը կօգնի, մինչդեռ մերոնք խայտառակ մրցելույթներ ունեցան:

ՈւԵՖԱ-ի կազմակերպած զարգացման մրցաշարում Հայաստանի ֆուտբոլիստները 0:1. 0:3, 1:4 հաշիվներով պարտվեցին Վրաստանի, Մակեդոնիայի, Կիպրոսի իրենց հասակակիցներին: Մերոնցից միակ գնդակը մրցակցի դարպասը խփեց Էմիլ Ղուկասյանը: Ուրախանալու առիթ չկա, քանի որ Հայաստանի հավաքականը սեփական դարպասն ընդունել է 8 գնդակ, երեք խաղից երկուսում պարտվել խոշոր հաշիվներով:
Այդպիսի մրցելույթից հետո որևէ պարզաբանումն անիմաստ է:
Այս ընթացքում վերաձևվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, այն համապատասխանեցվել է շվեյցարացի մասնագետի պահանջներին:
Մարզիչը ցանկացել է, որ Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից ուսումնամարզական հավաք անցկացնի և նախապատրաստվի մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում նախատեսված Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ ընկերական խաղերին: Նրա քմահաճույքով մայիսի վերջին նախատեսված Հայաստանի առաջնության եզրափակիչ երկու տուրերի խաղերն ավելի առաջ են բերվել:
Իսկ Հայաստանի առաջնությունում կասկածներն անհիմն չէին, որ մերձավոր հետապնդողից միավորների մեծ անջրպետով մրցաշարային աղյուսակը գլխավորող Երևանի «Արարատը» գուցեև չհռչակվի չեմպիոն: Արարատցիներն անտեղի միավորներ են կորցնում: Եվ կրկին շատ է խոսվում մրցավարների վրիպումների մասին:
Թե ի վերջո որ տեղում կհայտնվեն «Արարատը», որի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նաև մեդալների համար պայքարող Երևանի «Բանանցը», Գյումրիի «Շիրակը», Երևանի «Միկան»` պարզ չէ:
Իսկ ահա, «Փյունիկն» այդ մրցավեճին խառնվել չի կարող, սակայն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հանդես գալու հնարավորություն է ստացել և ոչ մի գնով բաց չի թողնի Կապանի «Գանձասարին» հաղթելու, գավաթակիր դառնալու ու Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդես գալու իրավունքը նվաճելու հնարավորությունը: Ի դեպ, կապանցիներն առաջին անգամ են խաղալու Հայաստանի առաջնության եզրափակչում:
Ի վերջո, վճռական այդ խաղը որոշվեց անցկացնել մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում, մայիսի 7-ին: Այն կսկսվի ժամը 19-ին:

 

Հայաստանի ներկայացուցիչների երրորդ բրոնզե մեդալը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

 

ՀՄH4Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և աղջիկների  առաջնությունում  77  կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Չեմպիոն հռչակվեց բուլղարացի Բոժիդար Անդրեևը՝  309 կգ: Երկրորդը թուրք Սադրեդին Գեդիկն է՝ 294կգ:

Իսկ 17-ամյա Մկրտչյանըփոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:  Լեհաստանում Հայաստանի պատվիրակությունը 3-րդ բրոնզե պարգևին տիրացավ:

Այսօր մրցահարթակ է դուրս գալու նաև 85 կգ Սամվել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Մանուկյանը (56 կգ),  Դավիթ Հովհաննիսյանը (69կգ) նույնպես ճանաչվել էին երրորդը: 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանն էլ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

 

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն լավատես է

դսsimeone1Այսօր Լոնդոնում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն»: վերջինիս գլխավոր մարզիչ  Դիեգո Սիմեոնեն  լավատես է և վստահ է, որ իր խաղացողները պատվով դուրս կգան փորձությունից: Նա մասնավորապես ասել է. «Հավատում ենք մեր ուժերին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգիրն արդեն իսկ մեծ իրադարձություն է բոլորիս համար: Այդ պատճառով սաներս պատրաստ են պայքարել: Մենք հասկանում ենք, որ «Չելսիի» հետ մեզ բարդ խաղ է սպասվում: Պետք է ջանք չխնայենք` խաղադաշտում ներդնելուվ մեր առավելագույն հնարավորությունները: Փորձում եմ մտածել յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին: Պարզապես, ցանկանում եմ, որ առաջ շարժվենք, ոչ թե հիանանք մեր նվաճումներով: Աշխատասիրության և մեծ ոգևորության շնորհիվ  կարող ենք լավ խաղ ցուցադրել և դրական արդյունքի հասնել»:

Հիշեցնենք, որ մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0

Լևոն Մանուկյանը` ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

ծանրամարտweightlifting-320x213Լեհաստանի Ցեխանովո քաղաքի մարզապալատում շարունակվող  ծանրամարտի Եվրոպայի  պատանեկան առաջնության  56 կգ քաշայինների մրցաշարում Լևոն Մանուկյանը երկամարտի 214 (93+121) կգ արդյունքով արժանացավ բրոնզե մեդալի:

Չեմպիոն դարձավ ռումինացի Ստեֆան Մանեան (230կգ): Արծաթե պարգևը բաժին հասավ  լեհ Պյոտր Կուդալշչիկին (221 կգ):

Հայաստանի մյուս պատվիրակը`  Հրայր Հովհաննիսյանը, 204  (94+110)  կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Մարզասերները տեղյակ են, որ երեկ 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը դարձել էր  Եվրոպայի չեմպիոն:

Կառլո Անչելոտի. «Փորձելու ենք հարձակվել»

կա10008461_Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից առաջ, որը կայանալու է Մյունխենի  «Բավարիայի» հետ վերջինս հարկի տակ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի թաքցրել, որ իր թիմին դժվարին փորձություն է սպասում:

Նա մասնավորապես ասել է. «Գիտակցումենք, որ  խաղը շատ բարդ է լինելու: Մրցելու ենք արժանի հակառակորդի հետ, որի նկատմամբ նվազագույն առավելություն ունենք: Հիմար չենք, որ մեզ արդեն եզրափակչի մասնակից համարենք: Չեմ կարծում, որ մարտավարության առումով երկրորդ խաղը տարբերվելու է առաջինից: Անփույթ սկսեցինք առաջին խաղը: Եթե նման ձևով վարվենք նաև այսօր, ապա կարող ենք լուրջ դժվարությունների առջև կանգնել: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իր ամբողջ ուժերը ներդնի, որպեսզի դուրս գանք եզրափակիչ: Խաղադաշտում կլինեն երկու տարբեր խաղային փիլիսոփայություններ ունեցող թիմեր: Երկուսի կազմերում էլ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Եվ հիասքանչ ֆուտբոլի ականատես դառնալու ակնկալիք կա: Հնարավոր է դուրս գանք եզրափակիչ, նույնիսկ եթե այլևս գոլ չխփենք: Բայց փորձելու ենք հարձակվել: Շատ գոլեր ենք խփել Չեմպիոնների լիգայի մրցաշարում, նաև Իսպանիայի առաջնությունում, և Ցանկանում եմ, որ այդ միտումը շարունակվի»:

Ինչպես կարող է «Բավարիան» շրջանցել «Ռեալին»

լմ22742Մյունխենի «Բավարիային» դժվարին փորձություն է սպասում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում: Նրանք այսօր տանը հյուրընկալելու են Մադրիդի «Ռեալին»: Գերմանական ակումբի և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մատթեուսը փորձել է ներկայացնել, թե որը կարող է լինել «Բավարիայի» հաջողության հասնելու բանալին:

« Թիմի մարզիչ Գվարդիոլայի փոխարեն ես կփորձեի մրցակցին զրկել հակագրոհների հնարավորոթւյունից: Արագություն զարգացրած Գարեթ Բեյլին և Կրիշտիանու Ռոնալդուին գերազանցել գրեթե հնարավոր չէ: Այդ  պատճառով «Բավարիան» պետք է փորձի իսպանացիներին զրկել ազատ տարածություններից: Դա շրջադարձային նշանակություն կունենա»,- ասել է Մատթեուսը:

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդները

կռCristiano-Ronaldo-Real-Madrid Պայքարը սուր է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար: Դրան տիրելու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեն երկու աստղեր:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցում է անգլիական «Լիվերպուլի» խաղացող Լուիս Սուարեսի հետ: Նրանք 30-ական գոլի հեղիանակ են դարձել և ունեն 60-ական միավոր:

Պատվավոր ավարին տիրանալու Ռոնալդուի հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ «Ռեալը» առաջիկայում 4 հանդիպում է անցկացնելու բարձրագույն խմբում, մինչդեռ Սուարեսն ընդամենը 2 խաղում կարող է ավելացնել միավորների իր պաշարը:

Ահա թե ովքեր են 5 հավակնորդները` 1. Լուիս Սուարես («Լիվերպուլ»)` 30 գոլ (60 միավոր), 2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)` 30 (60), 3. Դիեգո Կոստա («Աթլետիկո»)` 27 (54), 4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)` 27 (54), 5. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)` 25 (50):

Արկադի Չիլինգարյանը` «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

աչarkadi_chilingaryan008Երևանի «Արարատի» ֆուտբոլյին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը: Նա մինչ այդ կատարում էր ավագ մարզիչի պարտականությունները: Չիլինգարյանին կօգնեն Ֆելիքս Հակոբյանը և Ալյոշա Աբրահամյան:

Հավելենք որ պաշտոնանկ արված «Արարատի» այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ միասին «Արարատի» մարզչական շտաբը լքել են նաև Աշոտ Գրիգորյանը և Արմեն Տոնոյանը:

Անկախ

 

Իսրայելից մեր ծանրորդների վերադարձից հետո` տհաճ անակնկալ և նոր խնդիրներ

Ինչպես հայտնի է, Թել Ավիվում կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի 10 մասնակիցներից (7 մարզիկ և 3 մարզուհի) գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձել են արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բրոնզե պարգևի է տիրացել: Մերոնք տուն են վերադարձել 7 մեդալով` ևս 4-ին արժանանալով առանձին վարժություններում:

Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացել է ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի է արժանացել հրում վարժությունում, Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձել են արծաթե մեդալակիր: Վերջին շրջանում Հայաստանի ծանրորդների անհաջողություններից հետո այս ամենն այնքան տպավորիչ է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, ընդունելով մեր երկրի պատվիրակներին, գոհունակություն հայտնեց: Չէին եկել միայն Մարտիրոսյանը և նույն քաշային կարգում ոչնչով չուրախացրած, 10-րդ տեղը գրաված, Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանը: Բացակայում էր նաև նրա հայրը` օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը, որը որդու մարզիչն է:

Ի դեպ, Միրզոյանը հայտնել է, որ Առաքելի այդ արդյունքից բավարարված է, նաև նշել է, որ որդին երբեք չի մարզվի հավաքականի անդամների հետ միասին: Ստացվում է, որ ծանրորդը հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությունից հեռու պետք է լինի: Իսկ եթե Պողոս Պողոսյանը չվստահի նրան և հավաքականում չընդգրկի՞…

Թեև Իսրայելից վերադարձի ճանապարհին, Մոսկվայից Երևան չվերթ կատարող ինքնաթիռի տեղ հասնելուց հետո մեր պատվիրակները տհաճ անակնկալ ունեցան, այնքան էլ սրտնեղած չէին և սիրով հայտնեցին իրենց տպավորությունները: Իսկ տհաճ անակնկալն այն էր, որ ոչ բոլորի ուղեբեռն էր տեղ հասել, ոմանց ճամպրուկներն էլ լավ քրքրել էին, ամեն ինչ իրար խառնել: Թե ինչու էր այդ վիճակը, պարզ չէ:

Պողոս ՊողոսյանՊողոս Պողոսյան (Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ)

– Ուսումնամարզական հավաքների ժամանակ ծանրորդները լավ մարզավիճակ էին ձեռք բերել, այդուհանդերձ, խոստումներ չեմ տվել: Ասել եմ, որ եթե հնարավորություն լինի, մերոնք կպայքարեն մեդալների համար: Այդպես էլ եղավ: Թիմի ընդհանուր մասնակցությունից գոհ եմ: Խնդիր էր դրված, որ մարզիկները հնարավորինս շատ մոտեցումներ կատարեն ծանրաձողին և այն բարձրացնեն: Բոլորն էլ ցույց տվեցին այն արդյունքները, ինչին պատրաստ էին, և մարզիչներս բավարարված ենք: Մեր գերխնդիրն այն է, որ ավելի լուրջ թիմով և հաջող մասնակցենք նոյեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այն վարկանշային է օլիմպիական խաղերի համար: Անհրաժեշտ է շատ միավորներ վաստակել, որպեսզի 2016-ի օլիմպիական խաղերում 4-5 ծանրորդ ունենանք: 77 կգ քաշային երկու տիտղոսակիր մարզիկ ունեինք: Նրանցից մեկը Հայաստանի առաջնությանը կիսատ էր մասնակցել, մյուսը` բաց էր թողել այն, այնուամենայնիվ. երկուսին էլ հավաքականում ընդգրկել էինք: Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի մրցելույթը նորմալ եմ համարում: Նա երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել: Դա զգացնել տվեց, թեև երկամարտում Տիգրանը 4-րդն էր, բայց պոկում վարժությունում ուժեղագույն ճանաչվեց: Իհարկե, նրանից ավելին էինք սպասում, բայց եղածն էլ այժմ բավարար է: Ինչ վերաբերում է Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանին, ապա նա նույնպես երկար ժամանակ մրցման չէր մասնակցել: Ինքս դժգոհ եմ նրա մրցելույթից, սակայն ավելի լավ է այդ մասին նրա անձնական մարզիչը և հայրը` Օգսեն Միրզոյանը պարզաբանում տա:

Քաշային կարգեր կային, որոնցում Եվրոպայի առաջնությունում երկուական մարզիկ ունինք: Եթե հույսեր ներշնչող մարզիկներ ենք ունենում, ապա չենք խուսափում, որ նրանք նաև միմյանց հետ մրցեն ներկայացուցչական ստուգատեսներում: Երկամարտում 4-րդ տեղ գրաված 85 կգ քաշային Աղասի Աղասյանը պոկում վարժությունում թերացավ, չկարողացավ հաղթահարել այն ծանրությունը, որին ի վիճակի է: Բայց հրում վարժությունում գոհացրեց: Նույնը կարելի է ասել 105 կգ քաշային Հայկ Հակոբյանի մասին: Նա ուսումնամարզական հավաքի վերջում ոտքի վնասվածք ուներ, մրցման օրն էլ կոտրվածք ստացավ, այդ է պատճառը, լիովին չդրսևորեց իրեն: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը ևս 2010-ից հետո ոչ մի խոշոր միջազգային մրցաշարի չէր մասնակցել, բայց նա կարողացավ կենտրոնանալ, պատկառելի ծանրություններ բարձրացնել: Ռուբենն արեց ավելին, քան մարզումների ժամանակ էր հաղթահարում: Նա աճելու տեղ ունի, պարզապես դրա համար պետք է նպատակաուղղված մարզվի: Հայաստանում հույսեր ներշնչող մարզիկներ կան: Հավաքականի դռները բաց են, այնպես որ լավ արդյունք ցույց տվողները թիմում իրենց տեղը կգտնեն: Մասնավորապես, Արա Խաչատրյանը մարզվում է, և երբ իր լավագույն մարզավիճակը վերագտնի, անպայման հավաքականի կազմը կհամալրի:

Արտաշես Ներսիսյան (Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ)

– Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո երկար ժամանակ չէր մարզվել և միջազգային մրցումների չէր մասնակցել: Նրա մրցելույթից գոհ ենք, նպատակ ունեինք, որ նա հնարավորինս շատ մոտեցում կատարի: Ծանրորդուհին երկու-երեք ամիս էր մարզվել և չէր կարող իր նախկին արդյունքները ցույց տալ: Աշնանը Խուրշուդյանն ավելի լավ մարզավիճակում կլինի, իսկ 2015-ի այս մրցահատվածում նախատեսվում է, որ գերազանց պատրաստվածություն ունենա: Նա պետք է իր քաշն ավելացնի, դա կօգնի, որ ուժեղ մրցակիցների հետ հեշտ պայքարի: Նրա քաշի պակասը գլխավոր խանգարող հանգամանքն է: Մյուս մարզուհիները ևս` Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, երկար ժամանակ միջազգային մրցահարթակ դուրս չէին եկել, նրանք էլ պետք է փորձեին շատ մոտեցումներ կատարել: Մելինե Դալուզյանն էլ առողջական խնդիր ուներ, մրցավայր չեկավ: Կարող էինք նրան տանել, բայց փորձեցինք զերծ մնալ բարդություններից, ավելորդ համարձակ քայլերից:
Մարզուհիները խնդիր ունեն, պետք է քաշային կարգերը փոխեն: Աշնանն ամեն ինչ պարզ կլինի, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարին բոլորն էլ պետք է նորմալ մասնակցեն, ավելացնեն իրենց արդյունքները: Նախատեսում ենք, որ օլիմպիական խաղերի 2-3 ուղեգիր կունենանք: Դրա համար պետք է պայքարենք:

Ռուբեն ԱլեքսանյանՌուբեն Ալեքսանյան (2014-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր)

– Վերջին անգամ մրցահարթակ դուրս էի եկել 2011-ի աշխարհի առաջնությունում և ձախողվել էի` չբարձրացնելով պատվիրած ծանրությունը, ստացել էի 0: Մարզումների ժամանակ բարձր կիլոգրամներ էի հաղթահարել և վաստահ էի ուժերիս: Թել Ավիվում պոկում վարժության կատարման ժամանակ վնասվածք ստացա, դա էլ խանգարեց հրում վարժությունն ավելի լավ կատարել: Եվրոպայի առաջնությունում կշռում էի 147 կգ: Սովորաբար 150 կգ քաշ եմ ունենում, բայց մրցումներից առաջ մի փոքր քաշ եմ գցում: Անձնական ծանրությունն ինձ չի նեղում, նորմալ եմ զգում: Առանձին սննդի ռեժիմ չեմ պահպանում: Դժվարանում եմ ասել, թե օրական ինչքան միս եմ օգտագործում: Աշխարհի առաջնությանը կփորձեմ հնարավորինս լավ մասնակցել, խաղարկված պարգևներից անմասն չմնալ: Գլխավոր նպատակը 2016-ի օլիմպիական խաղերին հաջող մասնակցելն է: 24 տարեկան եմ, չեմ շտապում ընտանիք կազմել, ընկերուհի չունեմ: Այդ ամենի մասին կմտածեմ օլիմպիական խաղերից հետո: Առայժմ, բացի մարզումներից և մրցումների մասնակցելուց, չեմ ցանկանում այլ խնդիրներով զբաղվել:

Հռիփսիմե Խուրշուդյան (օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)

հռիփսիմե խուրշուդյանԿարոտով վերադարձա մրցահարթակ: Անձնական քաշս չի բարձրանում, նպատակ եմ դրել, որ կիլոգրամներս ավելացնեմ: Միայն դրանից հետո կկարողանամ մեդալների համար պայքարել Չինաստանը և Ռուսաստանը ներկայացնող հիմնական մրցակիցներիս հետ: Նրանք անձնական քաշերով ինձ զգալիորեն գերազանցում են: Եվրոպայի առաջնությունում կաշկանդվածություն չէի զգում: Շատ կարոտում էի որդուս` Աշոտին, որին տանն էի թողել: Բացը լրացնելու համար անընդհատ հեռախոսակապ էի պահպանում: Նա ինձ արդեն ճանաչում է, ուրիշ ոչ ոքի մոտ չի ցանկանում մնալ: Օլիմպիական խաղերում առնվազն կփորձեմ կրկնել իմ նախորդ հաջողությունը, բրոնզե պարգևի արժանանալ: Իսկ աշխարհի առաջնությունում խնդիր ունեմ պայքարել մեդալի համար:

Փաշիկ Ալավերդյան (Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար)

Փաշիկ ԱլավերդյանԵվրոպայի առաջնության սկզբում անսպասելի բաներ կատարվեցին: Մասնավորապես, սխալ կշռաքարեր էին տեղադրվել, և մրցելույթ ունեցած մարզիկը երջանիկ պատահականությամբ վնասվածք չստացավ: Համակարգչային համակարգն էր խափանվում, թյուրիմացություններ էին առաջանում: Իսրայելի ներկայացուցիչները մեղք չունեին: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան էր այդ ամենի պատասխանատուն: Մնացած ամեն ինչ նորմալ էր:

Բեռնար Շալանդը Վարդան Մինասյանի նման հնազանդ չէ

շալանդՀայկական ֆուտբոլում ստեղծված վիճակը չի բավարարում ոչ ոքի: Մեր երկրի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին առաջին հերթին զարմացրել է այն, որ Հայաստանի առաջնությունում թիմերը դանդաղ են գործում, իսկ «կանգնած» խաղը բացառվում է, որ գրավչություն ունենա, մեծ հետաքրքրություն ներկայացնի: Ընդ որում, դրանց մեծ մասը կարող է անցկացվել անգամ նստատեղեր չունեցող մարզադաշտերում: Հանդիպումներին շարունակում են սակավաթիվ հանդիսականներ ներկա գտնվել:

Ֆուտբոլի նկատմամբ ունեցած կարոտը մեր մարզասերները փորձում են փարատել հեռակա` հետևելով այլ երկրների առաջնություններին: Ընդ որում, երբեմն հայկական տարբեր հեռուստաընկերություններ միաժամանակ հեռարձակում են միևնույն խաղը: Դա ոչ մի տրամաբանության չի դիմանում, քանի որ ընդամենը մարզական մեկնաբաններն են տարբեր: Իսկ հիմականում ուշադրության կենտրոնում են Գերմանիայի և Ռուսաստանի առաջնությունների հանդիպումները: Պատճառը պարզ է. հետաքրքրում են այն թիմերի մասնակցությամբ մրցամարտերը, որոնցում մեր երկրի հավաքականի խաղացողներ են:
Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կորցրել է հույսը Գերմանիայի չեմպիոնության համար պայքարում, դուրս է մնացել Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարից: Մնում է, որ մնացած խաղերը լավ անցկացնի, նաև մայիսի 15-ին Բեռլինում կայանալիք այդ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի կոչումն ապահոված Մյունխենի «Բավարիային»:
Գերմանական ակումբը, Մխիթարյանին գնելով Դոնեցկի «Շախտյորից», վճարել է 27,5 մլն եվրո: Ներկայումս հայ ֆուտբոլիստն աշխարհի թանկ խաղացողների ցուցակում 53-րդն է և արժե 29, 2 մլն եվրո: Եվ հետաքրքրվողներ կան: Հնարավոր է, որ նրան գնի անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը: Չի բացառվում, որ հայ ֆուբոլիստին իր հետ տանի նրա ներկայիս թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որն առաջարկներ ունի մրցաշրջանի ավարտից հետո ստանձնելու կատալոնական «Բարսելոնայի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկը:
Ռուսական թիմերից հատկապես ուշադրության կենտրոնում է Մոսկվայի «Սպարտակը», որի առաջատար ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, երբեմն-երբեմն առանձնանալով տպավորիչ խաղով, նույնպես իրենց մասին խոսելու առիթներ են տալիս: Ի դեպ, վերջերս Օզբիլիսի գործողություններին հետևելու համար հաճախ են Ռուսաստան այցելում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները:
Հայաստանի հավաքականի դռները բացվել են Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացողներ Դենիս Թումասյանի և Էդգար Մանուչարյանի առջև: Ժամանակին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը բացառել էր այս ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սրբորեն հավատարիմ մնաց այդ «պատգամին»:
Բայց Շալանդը Մինասյանը չէ, նա ասվածը դոգմա չի համարում, և հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներում այդ խաղացողները կարող են համալրել Հայաստանի հավաքականը: Ընդ որում, շվեյցարացի մասնագետն Էդգարի գործողություններին անմիջականորեն հետևելուց հետո անձամբ զրուցել է և խորհուրդներ տվել, նաև հրապարակավ հայտնել է, որ իր գլխավորած ընտրանիին այդ ֆուտբոլիստը կարող օգտակար լինել:
Մնում է, որ լուծվի ՀՖՖ-ի ղեկավարության` Պերուի «Ալյանսայի» 27-ամյա հարձակվող Մաուրո Գևգեոզյանի և մի քանի այլ խաղացողների Հայաստանի հավաքական հրավիրվելու արգելանքը հանելու խնդիրը:
Իսկ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի ժամկետից շուտ: Արդեն փոփոխություններ են կատարվել խաղացանկում, որպեսզի թիմերն ավելի շուտ անցկացնեն առաջնության վերջնագծի խաղերը և հավաքականը Շալանդի գլխավորությամբ մայիսի 21-ից ուսումնամարզկան հավաք անցկացնի: Մայիսի 25-ին և մայիսի 31-ին նախատեսված 27-րդ և 28-րդ տուրերի խաղերը կայանալու են ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին: Տարօրինակ է, քանի որ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը չի նախապատրաստվելու, սոսկ ընկերական խաղեր է անցկացնելու մայիսի 25-ին Երևանում և մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում` համապատասխանաբար մրցելով Իրաքի և Ալժիրի հավաքականների հետ:
Առաջնության ամբողջ սրությունն այն է, թե ի վերջո «Արարատին» ո՞ր թիմը կշրջանցի: Հիշեցնենք, որ առաջնության վեջին շրջանի սկզբին արարատցիները միավորների զգալի պաշարով առաջին տեղում էին: Սակայն, աստիճանաբար այդ պաշարը նվազում է, և քիչ հավանական է, որ «Արարատը» դառնա չեմպիոն: Սպասենք գործողությունների հետագա զարգացմանը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ծաղկաձորում

շախմատիստՇախմատի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հայ գրոսմայստերները հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են Տրոմսյոյում կայանալիք Շախմատի ամաշխարհային օլիմպիադային: Այն  կմեկնարկի օգոստոսի 1-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող է:

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

նմ475625109334251_8854898664470200008_nԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտատասարդական առաջնության կիսաեզրափակչում 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Բլագոյ Նայդենովին` 0:3 (26:30, 27:30, 27:30)  հաշվով:

18-ամյա Մանասյանը կստանա բրոնզե պարգև: Նա նաև տիրացել է պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի:

Հայտնի դարձան ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները

ծանրամարտԵրևանում անցկացված ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցեց 118 ծանրորդ, հայտնի դարձան հաղթողները:

Այդ պատվին արժանացան` 56 կգ քաշային Դավիթ Դավայանը, Գևորգ Բաղդասարյանը (62 կգ), Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ),  Կարեն Պեպանյանը (85 կգ), Մհեր Պողոսյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), Արեն Հարությունյանը (+105 կգ)։

Առաջնության արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը Ծաղկաձորում և Աբովյանում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի և կնախապատրաստվի հունիսի 20-29-ը Կազանում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նոյեմբերի 20-29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Ցրվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը

2Vh2WXBD5qMz6yamhRCiRX05zQԶբաղեցրած պաշտոնն ազատել է «Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը: Վերջին` 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով զիջել էր  «Էվերտոնին»:

Մոյեսը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2013-ի ամռանից:  Նա այդ պաշտոնում փոխարինել էր Ալեքս Ֆերգյուսոնին, որն անփոփոխ աշխատել էր 1986 -ից:

Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում  զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և կորցրել է հույսը, որ հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու հնարավորություն կստանա: Սա վերջին 19  տարվա ընթացքում նման առաջին դեպքն է:

Հեռացվել են նաև Մոյեսի օգնականներ Սթիվ Ռաունդը և Ջիմի Լամսդենը: Ամենայն հավանականությամբ, թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի 40-ամյա ֆուտբոլիստ Ռայան Գիգսը:


Մարզիչներ Սթիվ Ռաունդը և Ջիմի Լամսդենը հեռացել են «Մանչեսթր Յունայթեդի» մարզչական շտաբից: Երկու մարզիչներն էլ Դեվիդ Մոյեսի մարզչական շտաբից էին: – See more at: http://www.manutd.am/hy/1398157846#sthash.lHGGgg7v.dpuf