Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը

002Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ,  նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին:

«Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թևածող մշակութային գարունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակելու է հագեցած լինել տարբեր միջոցառումներով:

Ցուցահանդեսի հավաքածուն ներառել է ավելի քան 40 աշխատանք, որոնք ստեղծվել են վերջին ամիսների ընթացքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է և տեղում է թույլ ձյուն

02.02.12-7697Ձմեռ ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև:

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է և տեղում է թույլ ձյուն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

11 երեխա՝ գյումրեցի նպաստառու ընտանիքում

գյումրի (2)Գյումրեցի Դիլանյանների ընտանիքում մոտ 15 օր առաջ ծնվեց 11-րդ երեխան: Այսօր, մարտի 8-ի նախօրեին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց այս ընտանիքին: Բոլոր երեխաները, ծնողները,  տատիկը և պապիկն ապրում են 4 սենյականոց բնակարանում: Երեխաներից վեցը տղա են, հինգը՝ աղջիկ, ամենամեծը՝ որդին, 16 տարեկան է, իսկ փոքրիկ Տիգրանը դեռ 15 օրական է:
«Եկել եմ շնորհավորելու բազմազավակ ընտանիքին, այս աղջիկների մարտի 8-ը, ցանկանալ առողջություն, հաջողություն: Օրվա կապակցությամբ նաև դրամական աջակցություն ցույց տվեցինք 41 ընտանիքների, որոնք նույնպես բազմազավակ են, և մարտի 8-ի կապակցությամբ նաև աջակցություն ենք ցույց տալիս զոհված ազատամարտիկների ընտանիքների կանանց, նորից ֆինանսական տեսքով: Ես կուզենայի, որ այսպիսի բազմազավակ ընտանիքները շատ լինեին: Մենք պակասում ենք տարբեր պատճառներով, հիմա  պետք են այսպիսի ընտանիքներ, որոնք մեր թիվը կավելացնեն, դա շատ անհրաժեշտ է մեզ», – ընտանիքին հանձնելով նվերը, նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Դիլանյան Մարիցան,  ասում է. «Չեմ ասում, որ հեշտ է պահելը, ամեն երեխա իր դժվարությունն ունի, բայց  մենք որոշել ենք, ինչքան եղավ երեխա, ես պետք է ունենամ: Մենք շատ ուրախ ենք այս փոքրիկիս ծնունդով, երեխաներն էլ դեմ չէին, որ իրենց ապերիկը ծնվեր: Ասում են՝ ամեն երեխա իր ղսմատն ունի, Աստված երեխային որ տալիս է,  ղսմատն էլ հետն է տալիս: Տիգրանս ինչ ծնվել է,  մեզ միշտ այսպես նվերներ են գալիս: Մենք դժգոհ չենք»:
41-ամյա Դիլանյան Հովհաննեսն էլ, մեկնաբանելով շատ երեխաներ ունենալն, ասում է, որ աղանդավոր չեն. «Երեխաներ ունենալու համար մենք կոնկրետ որոշումներ չենք կայացրել: Երեխաներ ունեցել ենք մեր ազգը շատացնելու համար և ըստ Աստծո պատվերի: Մենք ուրախ ենք մեր երեխաներով: Ես ինքս չեմ ունեցել եղբայրներ, բայց եղբոր կարիք կյանքում շատ եմ զգացել, ուստի ուզեցել եմ, որ իմ երեխաները կյանքում այդ դժվարությունները չտեսնեն: Սա է եղել մեր շատ երեխաներ ունենալու նպատակը»:
«Մենք մի բարեկամ ունենք, իրենն էլ էր 11 երեխա, միշտ ասում էր՝ ես հաշվելով եմ իմանում բոլորը տանն են, թե  չէ: Ձերն այդպես չէ, չէ՞: Անունները խառնել, բան չկա», – դիմելով ընտանիքի հորը հարցրեց մարզպետը:

«Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը շատ երեխաներ ունենար: Իմ մայրն էլ յոթ երեխա է ունեցել: Մի ժամանակ, հերոսուհի մայր էին տալիս, հիմա, իհարկե, նման բաներ չկան, բայց կա վերաբերմունք: Շատ էրեխեն լավ բան է: Սուտ է այն պատճառաբանությունը, թե չենք կարող պահել, դրա համար քիչ ենք ունենում. ամեն երեխա իր բաժինն ունի», – շարունակում է Ֆելիքս Ցոլակյանը:

Տունը փոքր է, 9 հոգով քնում են մեկ սենյակում, բայց երեխաների մեծանալուն զուգընթաց ավելանում է օր առաջ նոր կամ ավելի մեծ տան պահանջը: Ընտանիքի պապիկը մարզպետից խնդրեց լուծել բնակարանի հարցը, քանի որ թոռների մեծ մասը տղաներ են և «վաղը մյուս օրը պսակվելու են»: «Այդ մասին մենք առանձին կխոսենք, ամսվա վերջին եկեք, տեսնենք», – նրան հակադարձեց մարզպետը:
Հովհաննես Դիլանյանն աշխատում է շինարարությունում՝ սեզոնից սեզոն, իսկ այս ամիսներին տաքսի է վարում: Դիլանյանների ապրուստի հիմնական միջոցն ընտանեկան նպաստն է ու տատիկ-պապիկի թոշակը: «Պետության կողմից այլ աջակցություն չենք ստանում: Ես շատ շնորհակալ եմ մարզպետի այսօրվա այցից, իրոք անակնկալ էր, չէինք սպասում», – ասում է Մարիցան:
Երեխաները դպրոց են հաճախում, ավելի փոքրերն ու նորածինն էլ այդ ընթացքում ապահովում են ընտանիքի աշխուժությունը:
«Ջահել եք, ձեզ առողջություն, հլը էլի կեղնի», – ընտանիքին հրաժեշտ տալով ասաց Շիրակի մարզպետը:
Հավելենք, որ մարզի 7 և ավելի անչափահաս ունեցող 42 ընտանիքների Շիրակի մարզպետի որոշմամբ, մարտի 8-ի կապակցությամբ, տրվելու է դրամական աջակցություն՝ 30 հազարական դրամ: Իսկ Դիլանյանների ընտանիքին մարզպետը լվացքի մեքենա նվիրեց:

Դոլարի գինը բորսայում` 414,5 դրամ

դոլարՄարտի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ

արմեն աշոտյան Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական,  այս տոնը  լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը:  Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև  հոգատարությունը  խիստ անհրաժեշտ են  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:
Սիրելի կանայք,  շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում  առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

 Էդվարդ Նալբանդյան Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին:

Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:

Կարևոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը:

Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Ողջունելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, և հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարևոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:

Ֆրանկոֆոն երկամսյակը ևս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարևորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության և համագործակցության արդյունավետ շրջանակ է և մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ և առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաև ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի ևս այն մեծ արձագանք և ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

 Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է. Վարդան Բոստանջյան

վարդան բոստանջյանՏնտեսագետ Վարդան Բոստանջյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքին քաղաքական մեծ իրադարձություններից` առանձնացրեց հատկապես երկուսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ըստ Վարդան Բոստանջյանի` թե’ մեկում, թե’ մյուսում բարձր մակարդակի վերլուծական մոտեցմամբ ցույց էին տրված երկրի ողջ կնճռոտ խնդիրները, որոնք անհետաձգելի լուծման կարիք ունեն:

Անդրադառնալով արտաքին քաղաքական իրադարձություններին` Վարդան Բոստանջյանը առանձնացրեց Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Բանախոսը նշեց, որ հակված չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ուկրաինայի միջև: Սակայն, ամեն դեպքում այս անորոշությունների գործոնը կարող է բերել այնպիսի ելքերի, որոնց հետևանքով Հայաստանը կարող է կանգնել Մայդանի առաջ:

«Ես  չեմ կարող գնահատական տալ` Հայաստանում Մայդան կլինի՞, թե՞ ոչ: Մեր ժողովուրդը հակված չէ մայդանների: Մայդանն  ինքնանպատակ գործընթաց չէ: Հաճախ քաղաքական ուժերն են նպաստում, որ մայդանանման երևույթներ տեղի ունենան: Բայց, օրինակ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն  արդեն երկու անգամ` մեկ իր հրաժարականի, մեկ էլ մարտի 1-ի ժամանակ ցույց տվեց, որ իր անձով թույլ չի տա Հայաստանում Մայդան լինի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի համախմբմանը և Գագիկ Ծառուկյանի` հնարավոր առաջանորդ լինելու վարկածին` Վարդան Բոստանջյանը նկատեց, որ քաղաքական զարգացումները կանխատեսումներ չեն ենթադրում: Հնարավոր չէ կանխատեսել, թե՞ ով կլինի լիդեր կամ չի լինի, դա լինում է ինքնաբերաբար:

«Հիմա փորձել մեկ անձի կտրվածքով գուշակել, թե ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն, անհնար է: Շատ հնարավոր է նաև, որ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը իշխանություններին զգաստացնելու քաղաքականություն է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

 

«ՀՀ տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ, … ». Զոյա Թադևոսյան

Zoya TadevosyanԱրդեն մեկ շաբաթ և ավելի հանրությունը քննարկում է մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ելույթի ժամանակ հնչեցրած հարցերն էլ դարձել են օրակարգային խնդիրներ: ՀՀ առաջին նախագահի արտահայտած մտքերը շատ ավելի խոր փիլիսոփայություն ունեն իրենց մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

«Հայաստանի տնտեսության 70 %-ը գտնվում է ռուսական տիրապետության տակ: Այս ֆոնին դիտարկել Հայաստանի տնտեսական զարգացումն  առանց Ռուսաստանի, մանկամիտ կարծիք է: Մաքսային Միության կայացման որևէ նախադրյալ Հայաստանում չկա: Միության կայացման նախադրյալներ չկան նաև այն երկրներում, որոնք միավորված են այդ միության շուրջ: Մաքսային Միության գաղափարը առաջնահերթ քաղաքական որոշում էր, որպեսզի Ռուսաստանն  իր իշխանությունն ամրապնդի Հարավային Կովկասի տարածքում: Ուկրաինան չի ցանկանում մտնել Մաքսային Միություն, Ուկրաինան կկորցնի իր տարածքների մի մասը: Հայաստանը չի ցանկանա միանալ Մաքսային Միությանը, կկորցնի Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Զոյա Թադևոսյանը` հավելելով, որ Մաքսային Միությանն անդամակցությանը դրական գնահատական տալու համար Լևոն Տեր-Պետրոսյանին չպետք է քննադատել, քանի որ նրանից լավ համաշխարհային քաղաքական զարգացումները հասկացող չկա:

Անդրադառնալով Հայաստանում Մայդանի կրկնության հնարավոր նախադրյալներին` ՀԱԿ վարչության անդամը նշեց, որ Հայաստանում Մայդանի կրկնություն չի տեսնում, այլ տեսնում է նախադրյալներ ժողովրդի վրդովմունքը սահմանադրական կարգով արտահայտելու:

«Մայդանի դեպքերին պաշտոնական Երևանի չարձագանքելուց պարզ է դառնում, որ մենք ունենք վասալի կարգավիճկ: Ո՞վ իրեն թույլ կտա դիրքորոշում արտահայտել ուկրաինական դեպքերի վերաբերյալ, երբ արդեն հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը: Այստեղ լավագույն արձագանքը լռելն է»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջև անցկացված համեմատությանը` Զոյա Թադևոսյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը լայնամասշտաբ բարեգործական աշխատանքներ է արել և անում, ինչի մասին, կարծես թե, բոլորն ուզում են լռել:

«Չկա մի պատգամավոր, որն իր ձեռքը գրպանն է տարել և մի դրամ տվել, ասենք, ուսանողներին: Եվ հետո, չկա մի մարդ, ով իր կյանքում որևէ մեղք գործած չլինի: Եթե մարդը սխալվել է, նրան դատապարտե՞նք և թույլ չտա՞նք, որ նա լավ բան անի հանրության համար»,- ասաց ՀԱԿ վարչության անդամը` հավելելով, որ Լևոն Տեր- Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու նմանությունները տեսնում է միայն նրանց ֆինանսական հնարավորությունների մեջ:

 

«Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է». հնագետ

Համլետ ՊետրոսյանՄշակութային ժառանգության պահպանության հարցում պատասխանատու է պետությունը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ պատմամշակութային ժառանգությունը շատ հաճախ իրենց սեփականությունն են համարում և տնօրինում են այնպես, ինչպես ուզում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե համայնքի կողմից տնօրինվի մշակութային ժառանգությունը, իշխանավորն այն իր սեփականությունը չի համարի: Մշակութային ժառանգության պահպանության հիմնական լծակները քաղաքականության, վարչարարության, օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է տրվի հասարակությանը:
Մշակութային ժառանգության պահպանությունը սերտորեն կապված է դրա դերակատարության հետ:

«Մեզ մոտ մշակութային արժեք ասելով` շատ հաճախ բացօթյա և անշարժ ժառանգությունները նկատի ունեն, սակայն ոչ, նյութականն էլ է ժառանգություն, որի պահպանության հետ կապված ևս լուրջ խնդիրներ ունենք: Այսօր շատ ավելի գերակշռում է մշակույթը որպես գործիք դիտարկելու քաղաքականությունը, այն դառնում է մեր ինքնությունը տարբերակող այցեքարտ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելուն`հնագետը նշեց, որ սա առաջին դեպքերից է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: «Ես 8 տարի Գառնու հնագիտական հետազոտությանն եմ մասնակցել, արշավախմբի անդամ եմ եղել: Գառնին պատմամշակութային, բնական և լանդշաֆտային հուշարձան է: Այդ տաճարի անունն իրականում պետք է լինի ոչ թե հեթանոսական, այլ անտիկ հնավայր, որը ողջ ամրոցն է` ներառյալ տաճարը, պալատական կառույցները, բաղնիքը, եկեղուցու մնացորդները և մյուսները: Այդ լանդշաֆտը կարող է ընկալվել, երբ ամբողջական է: Ցանկացած, թե´ մշտական, թե´ ժամանակավոր կառույց, ինչը կարող է հուշարձանի ընկալմանը նույնիսկ որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է»,- ասաց հնագետը:
Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը պետք է չլինի: Զբոսաշրջությունն ու պահպանությունը շատ հաճախ հակադիր նպատակներ ունեն: Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է:

«Դեմ եմ»-ը «ամոթի ակցիա» է իրականացնում (լուսանկարներ, ուղիղ հեռարձակում)

A«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, որի նպատակն է պայքարել Ֆինանսների նախարարության գործողությունների դեմ:

«Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները»,- ասվում է նախաձեռնության ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք բողոքի ակցիային Սիվիլնեթի ուղիղ հեռարձակմամբ:

Բացի խոհանոցից, կանայք այլ ոլորտներ էլ լավ կղեկավարեն

ԳՐԱՖԻԿԱՕրերս հին բարեկամուհիներիցս մի օրիորդի` բուհերից մեկի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Շուշանիկ Ա.-ին առաջիկա տոների կապակցությամբ բարեմաղթանքներ ուղղեցի. «Առաջիկա տոներդ շնորհավոր, Շուշանիկ ջան, ուսմանդ մեջ հաջողություններ, իսկ հետագա ծրագրերիդ` կատարում. մի օր վարչապետ դառնաս ու երկրի տնտեսությունը նորմալ կառավարես»:

Շուշանիկն էլ, քաղաքավարությունից ելնելով, շնորհակալություն հայտնեց, բայց նաև չմոռացավ ավելացնել. «Մեր երկրի նորագույն պատմության մեջ քանի՞ կին վարչապետ ես տեսել, որ ես էլ հնարավորություն ունենամ վարչապետ դառնալու: Երկրի կառավարումը, բարձրագույն իշխանության համակարգը տղամարդկանց մոնոպոլիան է: Իսկ կանանց թողել եք տնային գործերը կառավարելու սրբազան պարտականությունը»:

Չօգնեց անգամ իմ այն փաստարկը, թե կին նախարարներ, պատգամավորներ էլ ունենք: Շուշանիկի մեկնաբանությամբ` մի երկու պաշտոն ձևի համար տղամարդկանց իշխանության կողմից ուղղակի թողնվել է կանանց:
«Չե՞ս հավատում, շուրջդ նայիր, ուսումնասիրիր, թե երկրի բարձրագույն իշխանությունների կազմում քանի կին կա, ու ինչպիսի համամասնությամբ են ներկայացված իշխանության տարբեր ճյուղերում»,- խորհուրդ տվեց բարեկամուհիս:

Հայաստանում հստակ արտահայտված «հայրիշխանություն» է

Հետաքրքիր «առաջադրանք» էր, որոշեցինք հաշվել: Իրավիճակը, մեղմ ասած, Շուշանիկի «կողմից էր» ու ստացվեց հետևյալ պատկերը:
Երկրի գործադիր մարմնում` կառավարությունում, 18 նախարարներից ու 1 կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից միայն 2-ն են կին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այսինքն` տոկոսային հարաբերակցության առումով կառավարության կազմում կանայք կազմում են նախարարների 10.5 տոկոսը:
Փոխնախարարների շրջանում համատարած հայրիշխանություն է: 62 փոխնախարարներից միայն 7-ն են կին` աշխատանքի ու սոցիալական հարցերի 2 փոխնախարարները, էկոնոմիկայի, ԿԳՆ-ի, մշակույթի, քաղաքաշինության և ֆինանսների 1-ական փոխնախարարները: Այսինքն` փոխնախարարների մեջ կանայք կազմում են 12.3 տոկոս: Կառավարությանն առընթեր 8 մարմիններից վարչություններից ու ծառայություններից և ոչ մեկը կին չի ղեկավարում: Նույնիսկ դրանց ղեկավարների տեղակալների մեջ էլ, ըստ կայքերում հրապարակված տեղեկատվության, կանայք բացակայում են:10 մարզերն ու մայրաքաղաքն էլ են 100 տոկոսով տղամարդիկ ղեկավարում: Ինչ վերաբերում է տեղակալներին, ապա Երևանի քաղաքապետի 4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ, ՀՀ 25 փոխմարզպետներից էլ ընդամենը 2-ը կամ 8 տոկոսն են կանայք` Արմավիրի ու Արագածոտնի 1-ական փոխմարզպետները:

Ինչ վերաբերում է երկրի օրենսդիր իշխանությանը` Ազգային ժողովին, ապա այստեղ մի քանի տարի առաջ, ինչպես հիշում ենք, հայ օրենսդիրները գնացին կանանց թվաքանակի քվոտավորման ճանապարհով: Այսինքն` պատգամավորների որոշակի տոկոսը պետք է լինեն կանայք: Նայենք ներկա ԱԺ-ին:131 պատգամավորներից միայն 12-ը կամ 9.16 տոկոսն են կանայք: Մասնավորապես` ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորներից կանայք 8 հոգի են և կազմում են խմբակցության մոտ 11.43 տոկոսը, ԲՀԿ 36 պատգամավորներից 2-ն են կանայք և կազմում են խմբակցության մոտ 5.5 տոկոսը, ՕԵԿ 6 պատգամավորներից միայն 1-ն է կին, ինչի արդյունքում խմբակցութան մոտ 17 տոկոսն է կազմում իգական սեռի ներկայությունը, ՀՅԴ-ի 5 պատգամավորներից և ոչ մեկը կին չէ, «Ժառանգությունում» էլ Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո կանայք բացակա են: Խումբ-խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորներն էլ տղամարդիկ են: ԱԺ կին պատգամավորներից 1-ը` ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, փոխխոսնակ է, 1 կին խմբակցության ղեկավար է` Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), մեկ կին էլ խմբակցության քարտուղար է` Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):
Եթե անուններով նշենք, ԱԺ կին պատգամավորներն են` ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մարինե Մարաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը: ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը և ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Միայն անուններին նայելով` արդեն իսկ պարզ է, որ ԱԺ կին պատգամավորները հիմնականում ակտիվ են, մշտապես մամուլի ու հասարակության ուշադրության գոտում են, շատ դեպքերում ԱԺ իրենց գործընկերներից շատ ավելի ակտիվ են ու արդյունավետ են աշխատում:

Դատական իշխանություններում էլ գրեթե նույն պատկերն է. սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 1-ն է կին, արդարադատության խորհրդի 11 անդամներից միայն 2-ն են կանայք, իսկ դատարանների նախագահների խորհրդի 23 անդամներից և ոչ մեկը կին չէ: Այսինքն` իշխանության այս ճյուղում ևս հայրիշխանություն է. ոլորտի բարձրագույն կառավարման օղակներում 43 հոգուց ընդամենը 3-ն են կանայք:

Այսպիսով ստացվում է, որ հանրապետության իշխանության 3 ճյուղերի ղեկավար օղակներում 303 բարձրաստիճան պաշտոնյաներից ընդամենը 26-ն են կանայք:

(այստեղ պետք է լինի գրաֆիկը)

Նայելով համաշխարհային պատմությանը` տեսնում ենք, որ հռչակավոր կին առաջնորդների օրինակներ, թեկուզ քիչ, բայց կան: Օրինակ` Ժաննա Դ’Արկը, Մարգարետ Թետչերը, Ինդիրա Գանդին և այլք: Ներկայումս էլ կան երկրներ, որոնց ղեկավարները կանայք են: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ աշխարհաքաղաքական գործընթացներում բավական ազդեցիկ գործիչ է, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն, որ նույնպես բավականին հանրաճանաչ ղեկավար ու ակտիվ գործիչ է, և այլն:

Իսկ Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց քիչ հայտնվելը հոգեբաններն ու սոցիոլոգները, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրողներ ու վերլուծաբաններ ազգային մենթալիտետի հետ են կապում: Հայերիս մոտ ավանդաբար ձևավորված մոտեցում է` կինը պետք է տան հոգսը հոգա, իսկ տղամարդը աշխատի, կռվի, ղեկավարի տունը, երկիրը և այլն:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կանայք հատկապես իրենց հեռատեսության, արագ կողմնորոշվելու շնորհիվ (որը կենսահոգեբանների պնդմամբ` մայրական բնազդ է) ինքնադրսևորվում են որպես բավական հաջողված ղեկավարներ: Բազմաթիվ հաջողակ կին գործարարներ կան մեր կողքին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Բայց քաղաքականության մեջ կանայք իրենց ուղին դեռ չեն հարթել: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ տղամարդիկ քաղաքական կուսակցությունները, իշխանական պոստերը վերածում են տղամարդկային ակումբների ու ամեն ինչ անում են, որ կանայք այդ ակումբներ հնարավորինս քիչ մուտք գործեն: Սա առաջին հերթին պայմանավորված է տղամարդկանց` կանանց հետ մրցակցությունից վախենալով, քանի որ կանայք, լինելով ավելի գրավիչ, ավելի կոռեկտ, միշտ էլ ավելի լավ այլընտրանք են եղել տղամարդ թեկնածուների համար: Ուստի տղամարդիկ ամեն ինչ անում են, որ կանայք քիչ հայտնվեն քաղաքական գործընթացներում: Տղամարդ քաղաքական գործիչները մեխանիկորեն փոքրացնում են իրենց մրցակիցների զուտ ֆիզիկական թվաքանակը:

Ամեն դեպքում, բացի որոշ հաջողված ու խոստումնալից օրինակներից, հայաստանյան քաղաքական գործընթացներում, վարչական բարձր պաշտոններում կանայք դեռ շատ փոքր թիվ են կազմում:

Սա իր օբյեկտիվ պատճառն էլ ունի. նույն մենթալիտետից ելնելով, ինչպես նաև տնային բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված լինելով, կանայք ավելի քիչ ժամանակ ու ցանկություն են ունենում քաղաքականությամբ զբաղվելու, հետևաբար, նաև ավելի դժվար են վեր բարձրանում քաղաքական կարիերայի սանդուղքով: Տարբեր կուսակցությունների ու քաղաքական միությունների ներկայացուցիչների հետ մեր ունեցած զրույցներից դատելով էլ կարելի է ասել, որ քաղաքականապես պատրաստված ու շատ ակտիվ կանայք շատ չեն` միայն անհատներ են: Արդյունքում ունենք վերոհիշյալ պատկերը:

Ինչևիցե, շնորհավոր բոլոր կանանց, աղջիկների, մայրերի ու քույրերի միամսյակը, ու թող ղեկավար պաշտոններում նշանակվել-չնշանակվելու հարցերն այլևս պայմանավորված չլինեն քնքուշ սեռի հետ մրցակցելուց վախենալու հանգամանքով:

Ինքնահրկիզման փորձ` Ֆինանսների նախարարության մոտ (լուսանկարներ)

AԱյսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը «Ամոթի ակցիա» է իրականացնում Ֆինանսների նախարարության դիմաց, ինչով նպատակ ունեն պայքարել ֆինանսների նախարարության գործողությունների Aդեմ, որով պարտադրում են գործատուներին ու հաշվապահներին փոխանցումներ կատարել կենսաթոշակային կուտակային հաշիվներին:

AԱկցիայի ընթացքում  մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել` ասելով, որ իրեն զրկել են իր ունեցվածքից: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջամտությամբ հնարավոր է եղել կանխել ինքնահրկիզման փորձը:

Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի. Աշոտ Մանուչարյան

աշոտ մանուչարյան«Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի Ուկրաինայում կատարվող իրադարձութուններին, քանի որ այս պահին, ըստ էության, ուկրաինական նույն  որակներն ու գնահատականները կարող ենք տալ Հայաստանում վիճակի մասին», – նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ իբրև հիմնական նմանություն շեշտելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում այսօր միայն ժողովրդի համար կարելի է ցավ ապրել, քանի որ ժողովուրդը միակ անկեղծն է ամբողջ գործում:

«Ուկրաինայում էլ, ինչպես մեզ մոտ, կա մաֆիոզ իշխանություն, ժողովուրդն  ուղղակի ուզում է լավ իշխանություն, ոտքի է կանգնել, որ նորմալ երկիր ստանա, բայց շատ դրսի ուժեր կանեն ամեն ինչ, որ այդ ազնիվ մարդկանց  ցանկությունները չարդարանան, երկիրը կանգնի աղետի առաջ, քանի որ դրսի ուժերն իրենց նպատակներով են առաջնորդվում: Ռուսամետ ուժերն իրենց կողմն են ձգում Ուկրաինան, արևմտամետ ուժերն՝ իրենց: Արդյունքում կարելի է միայն ցավ ապրել ուկրաինացիների համար», – ասաց Աշոտ Մանուչարյանը:

Հարցին, թե այս պահին ինչ կերպ պետք է հարաբերվեն Ուկրաինայի հետ մեր իշխանությունները, Աշոտ Մանուչարյանն այսպես պատասխանեց.«Հայաստանը որևէ վերաբերմունք ցուցաբերելու համար պետք է ունենա իշխանություն, Հայաստանը իշխանություն չունի: Իշխանության գլխում է «Ղարաբաղյան կլանը», որի անվանումը  կապ չունի Ղարաբաղյան շարժման հետ, այդպես է կոչվում,  որովհետև կլանի երկու գլուխները ծագումով ղարաբաղցիներ են: Եվ ահա, այս կլանը պետության գործերով չի զբաղվում: Պետք է նորմալ իշխանություն, որ կկարողանա պատասխան տալ արտաքին քաղաքական նման հարցերին»:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է սիրիահայերին

Օգնության բաշխում` Աջակցություն սիրիահայերին ծրագրով -12.20132014 թ. հունվարի 30-ից մարտի 7-ը  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացրեց մարդասիրական օգնության  բաշխում 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Սիրիահայերին տրամադրվեցին ձմեռային հագուստ և կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ և ծածկոցներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց Կառավարությանը` մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և նրանց աջակցել է ժամանման առաջին իսկ օրվանից:

Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

Ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ: Նշված ծրագրերի շրջանակներում ՀԿԽԸ-ն սիրիահայերին աջակցություն է տրամադրում հետևյալ հիմնական ուղղություններով. ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում և չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության և ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում և ինտեգրում, սեռական և գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:

2012 թ. աշնանից  մինչ օրս 500 ընտանիքի տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ, 1615 մարդ ստացել է ձմեռային հագուստ և կոշիկ ձեռք բերելու կտրոններ, հաշմանդամություն ունեցող 60 մարդու տրվել են հենաշարժողական միջոցներ, լսողական սարքեր և ակնոցներ, առավել կարիքավոր 32 շահառուների տրամադրվել է 15 000-ական դրամ:

Իրականացվում է նաև անհատական և խմբային խորհրդատվություն` ՀՀ-ում շահառուների իրավունքների և պարտականությունների, զբաղվածության, առողջապահության և կրթության վերաբերյալ: 2012թ. մինչ օրս 1736 սիրիահայերի տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:

2013 թ. ծրագրերում ընդգրկվեց նաև եկամտաբեր գործունեության խթանման բաղադրիչը, որը նպատակ ունի օգնել սիրիահայերին իրենց փոքր բիզնեսն սկսելու հարցում` տրամադրելով համապատասխան գործիքներ` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: 2013թ. գործիքներ ստացան 88 սիրիահայեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նաև սիրիահայ երեխաներին:  2013 թ. ընթացքում 147  երեխա ստացել է հագուստ և կոշիկ, որից 97 դպրոցականի նաև գումար է տրվել` հագուստ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, փոքրիկներին տրամադրվել են նաև մանկական սայլակներ, մանկական սնունդ և տակդիրներ: 2013 թ. օգոստոսի 1-ից 7-ը ամառային ճամբար է  կազմակերպվել` ընգրկելով սիրիահայ երեխաներին:

2014 թ. տարբեր ծրագրերի շրջանակներում` սեփական բիզնես սկսելու համար գործիքներ կստանա ևս 160 շահառու: Մոտակա ամիսներին 300 ընտանիքի կտրամադրվեն կենցաղային և հիգիենիկ պարագաներ, 250 ընտանիքի (1000 մարդ) կտրվեն ձմեռային հագուստի և կոշիկի ձեռքբերման կտրոններ, խրոնիկական հիվանդություններ ունեցող շահառուներին` դեղորայքի ձեռքբերման կտրոններ:

2014 թ. ՀԿԽԸ-ն նախատեսում է փախստականներով ու սիրիահայերով բնակեցված համայնքների համախմբման աշխատանքներ տանել` ընդգրկելով քաղաքացիական հասարակությանն ու համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` խնդիրների բացահայտման, որոշումների կայացման և ռեսուրսների համախմբման գործընթացում համայնքների ներուժն ուժեղացնելու համար: Համայնքային որոշ խնդիրներին լուծում տալու համար կտրամադրվեն դրամաշնորհներ:

Հարևանուհին գողացել է հարևանուհուց

գողությունՕրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն հարևանուհու` 1988 թ. ծնված Արմինե Ղ.-ի տնից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Ոստիկանները Մարգարիտ Մ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 

«Օպել»-ից պայուսակ գողացած «Պրիորա»-ի վարորդը հայտնաբերվեց

ձերբակալելՀունվարի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ կայանված մի ավտոմեքենայից գողացել են պայուսակ և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել:
Պարզվել է, որ հունվարի 24-ին, ժամը 13.50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի բակում կայանված «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 1956 թ. ծնված Հրանուշ Ա.-ին պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 3.850 դոլար, 10.000 դրամ և անձնագիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1983 թ. ծնված Էդվարդ Ա.-ն է:
Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Վետերանների խորհրդի անդամների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին` ներկայացնելով հափշտակված 3.850 դոլարը և 10.000 դրամը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Մարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը

կինՄարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնինն է:

ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առանջորդության կենտրոնի արտաքին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի կանանց միամսյակի շրջանակներում ավելի շատ պետք է բարձրաձայնել կանանաց իրավունքների մասին:

«Չեն կարող միանշանակ ասել, որ Հայաստանում մենք այսօր ունենք համապետական կանանց շարժում, սակայն կան բազմաթիվ շարժումներ, միավորումներ, որոնք զբաղվում են կանանաց իրավունքներով, նրանց նկատմամբ բռնությունների դեպքրի բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով: Կանանց 94 %-ն աշխարհում գենդերային անհավասարության զոհ է, ահա թե ինչու  ամբողջ աշխարհում հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների համար»,- ասաց Սիրան Հովհաննիսյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանի խոսքով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան գենդերային կարծրատիպեր, որոնք անդրադառնում են կանանց և տղամարդկանց հարաբերությունների վրա: Շատ կարծրատիպեր կան նաև սեռադերային փոխհարաբերություններում:

«Հայաստանում ամենատարածվածը ընտանեկան բռնություններն են, որոնք հիմնականում մնում են փակ դռների հետևում, լինի հոգեբանական ճնշման, թե ծանր ֆիզիկական բռնության դեպքեր: Հաճախ կինը նույնիսկ իր կյանքով է վճարում լռության դիմաց: Այս տարի մարտ ամսին միայն 4 կին է մահացել ընտանեկան բռնությունից:

Բռնության դեմ պայքարելու հիմնական միջոցը այդ դեպքերի մասին բարձրաձայնելն է: Շատ քիչ է խոսվում նաև սեռական բռնության դեպքերի մասին: Աշխատաշուկայում կանայք ևս գենդերային անհավասարության զոհ են դառնում, կամ ցածր աշխատավարձեր են ստանում, կամ էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Քաղաքականության մեջ, իհարկե, ունենք կին գործիչներ, բայց դրանց թիվը շատ քիչ է: Նրանք էլ չեն բարձրաձայնում կանանաց իրավունքների մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ որքան շատ կանայք գիտակցեն իրենց իրավունքները, այնքան ավելի առողջ ընտանիքներ կունենանք:

Դուբլինում Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Սարգսյանը իռլանդիայումԻռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

անակնկալ քաղաքապետարանումԵրևանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետարանի  քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով:

Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության և օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար: