«Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին,- տեղեկացնում է «Անկախին» ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնը:- Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»:
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ
Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարեւորեց բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձեւաչափերով համատեղ քննարկումները:
Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծեց, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, եւ անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ի՞նչ կանի ԲՀԿ-ն, եթե քառյակը որոշի համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կառավարության ծրագրում 3 հիմնական ցուցանիշ կար` 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում` 65 000 դրամ, աղքատության կրճատում մինչև 10 տոկոս:
Չնայած սրան` ԲՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է հանգրվանային: Պատգամավորը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունների 90 տոկոսը ներառվել է կառավարության ծրագրում, այնուամենայնիվ, մի շատ կարևոր առաջարկ բաց է թողնվել` ծրագրի կառավարման երաշխիքների և պատասխանատվության մասին դրույթը:
Ինչ վերաբերում է ծրագրի քվեարկությանը չմասնակցելուն, ապա ԲՀԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ դա քաղաքական բոյկոտ չէր:
Անկախ-ի հարցին, թե այդ դեպքում, եթե քառյակի որոշ անդամներ կրկին առաջարկեն միասնական օրակարգ ձևավորել կառավարության հրաժարականի պահանջի շուրջ, ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, Միքայել Մելքումյանն ասաց, որ քառյակը դատապարտված չէ բոլոր հարցերում միասնական դիրքորոշում ունենալ, և եթե որևէ հարց տվյալ փուլում առանձին քաղաքական ուժերի այս կամ այն շահերից է բխում, ապա այդ ուժը պետք է տանի իր գիծը. «Քառյակի անդամները պետք է նախ և առաջ լինեն իրենց սկզբունքների մեջ, իսկ եթե կան արմատական հակասություններ, պետք է առաջնորդվեն իրենց սկզբունքներով: ԲՀԿ-ն ունի իր օրակարգը և շարժվում է իր քաղաքական օրակարգով»,-հայտարարեց Միքայել Մելքումյանը:
Վահրամ Բաղդասարյանը հարբած պատգամավորների չի նկատել, իսկ Շմայսի արարքը դատապարտում է
Այսօր քառօրյայի ավարտի ավանդական ճեպազրույցը ՀՀԿ-ից լրագրողների հետ առաջին անգամ անց էր կացնում խմբակցության նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ելույթ չունեցավ, փոխարենը առաջարկեց միանգամից անցնել հարցերին: Սակայն հարցերը, որոնք հնչեցին, մի փոքր շփոթության մեջ գցեցին նրան: Բանն այն է, որ դրանից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր ՀՀԿ-ական հարբած պատգամավորների մասին, որոնց «բերման էին ենթարկել խորհրդարան կառավարության ծրագրին կողմ քվեարկելու»:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը նման բան չի նկատել, քանի որ զբաղված է եղել ծրագրի քննարկմամբ: «Մեզ մոտ նման երևույթներ չկան,-ասաց նա,-կառավարության ծրագրից հետո լիներ, էլի հասկանալի կլիներ: Իսկ ընդհանրապես մենք 1-2 ձայնի խնդիր չունեինք, որ նման ձևով քվեարկություն անցկացվեր»:
Այնուհետև լրագրողները Բաղդասարյանին նեղը գցեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությամբ, թե ՕԵԿ անդամ Կարեն Բոթոյանն իրենց խմբակցությունից դուրս է եկել և հայտարարել կառավարության ծրագրին կողմ քվեարկելու մասին, քանի որ նրա վրա ճնշումներ են եղել:
Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորը միգուցե վաղուց մտադրություն ուներ ՕԵԿ-ից դուրս գալու մասին, սակայն այդ պահին դրա մասին բարձրաձայնեց: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանք հերքեց` ասելով, որ իրենք նման խնդիր չունեն:
Լրագրողներն այսքանով Վահրամ Բաղդասարյանին հանգիստ չթողեցին և մեկնաբանություն պահանջեցին նաև քառօրյայի ժամանակ որոշ պատգամավորների կողմից ուրիշ փոխարեն քվեարկելու վերաբերյալ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ երբ ասացին, որ ապացույցներ կան, պահը տեսանկարահանվել է, և կարող են անգամ ցույց տալ, ասաց, որ իրեն ցույց տալու կարիք չկա. «Եթե նման բան եղել է, մենք կքննարկենք և կդատապարտենք»,-ասաց նա:
«Անկախ»-ի դիտարկմանը, թե ինչ կասի ակնհայտ իրողության մասին, որին ականատես են եղել բոլորը, թե ինչպես ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, քառօրյայի ընթացքում երկու անգամ խանգարեց պատգամավորների ելույթները` տեղից բղավելով և պատգամավորին ոչ հարիր վարքագիծ դրսևորելով, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ընդհանրապես, երբ անպարկեշտ արտահայտություններ են հնչում Ազգային ժողովում, ես դա դատապարտում եմ` անկախ նրանից հանրապետական պատգամավոր է, թե ընդդիմադիր: Մենք այդ բոլոր հարցերին անդրադառնում ենք: Դա դատապարտելի է: Ազգային ժողովում նման երևույթներն իմ կողմից ընդունելի չեն, և եթե առաջին քայլը, որ կարողանամ ես ինչ որ բանի հասնել` նաև բանակցելով իմ ընդդիմադիր գործընկերների հետ, այն է, որպեսզի կարողանանք Ազգային ժողովի հեղինակությունը բարձր պահել և Ազգային ժողովն այլ խնդիրների ու քննարկումների համար չօգտագործել»:
Պատերազմ սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը. Աշոտ Մանուչարյան,տեսանյութ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը խոսեց աշխարհում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներից, սակայն նշեց, որ այսօր ապագայի մասին խոսելը շատ դժվար է կանխատեսումներ կատարելը նույնպես։ «Կանխատեսումներ անելը հեշտ էր մինչև «ապստամբությունը ընդդեմ տիրող աշխարհակարգի» գործոնը սկսեց գործել։ Ապստամբությունը սկսեց Սիրիայի իրադարձություններով և շարունակվում է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը իր հերթին ապստամբել է գոյություն ունեցող աշխարհակարգի դեմ», – նշեց նա։
Ըստ Մանուչարյանի՝ աշխարհի մի քանի կետերում կարող են տեղի ունենալ առճակատումներ, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի վրա. «Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ասիմետրիկ հարվածներ են սպասվում ՝ Ղարաբաղում, Ղարաբաղից անկախ պետք է դիտարկել ազատագրված տարածքները, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում։ Եթե այդ վայրերում մեկը հարված հասցնի, իսկ մյուս կողմը պատասխանի, դա անմիջականորեն մեզ վրա կանդրադառնա»։
Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ շատ հավանական է կոնֆլիկտի ստեղծում Ադրբեջանում. «ԱՄՆ-ը Ռուսաստանի գազային ուղիները Ուկրաինայի միջոցով փորձում է փակել Եվրոպա գնացող գազը, դրանից պրոբլեմային իրավիճակ է ստեղծվում Եվրոպայի համար, որի արդյունքում այն կսկսի գործել Ռուսաստանի դեմ, իսկ վերջինս պետք է գտնի էֆեկտիվ հակահարվածի տեղ, որը կովկասյան կոմունիկացիոն միջանցքն է, որտեղ ծախսերը քիչ են կլինեն , բայց արդյուքները՝ մեծ։ Գազի , նավթի գները անմիջապես տիեզերք կթռչեն և աշխարհի համար պարզ կլինի, որ Միացյալ Նահանգները չեն կարողանում վերահսկել իրավիճակը»։,-ասաց նա հավելելով, որ Ադրբեջանում հարված հասցնելու առիթը ղարաբաղյան կոնֆլիկտն է և այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ բան անել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ամրապնդելու, լարվածությունը մեղմացնելու համար։
Այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր է Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, Մանուչարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մոտակա ժամանակում հնարավոր է ՝պատերազմի վերսկսումը; Սկսվելու դեպքում ոչ թե Ադրբեջանը առաջինը կհարվածի, այլ Հայաստանը»։
«Գելի գլխին ավետարան ես կարդում, բայց լսում ես միայն խոճկորների ճղճղոց». Լ. Զուրաբյան
«Քառյակի համախմբված գործունեությունը նոր իրավիճակ է ստեղծել խորհրդարանում»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ավելին, նա ներկայացրեց այն բաղադրիչները, որոնք առաջացրել են այդ նոր իրավիճակը` Տիգրան Սարգսյանի կառավարության «զոհաբերումը», կոալիցիայի վերջնական փլուզումը, իշխող օլիգարխների առաջին գիծ դուրս գալը և ի վերջո, կառավարության ծրագրի ընդունումը, որն, ըստ Զուրաբյանի տապալվեց, քանի որ 70 կողմ ձայներից առնվազն 3-ը կեղծվել է.
«2 ձայնը հարբած պատգամավորներինն է, որոնց բերման էին ենթարկել, որ կարողանան քվե ապահովել, իսկ երրորդ ձայնը Բոթոյանինը, որին ահաբեկել էին: Սա ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունը գտնվում է Ադգային ժողովում իր մեծամասնությունը կորցնելու եզրին»,-ասաց նա:
Ըստ Զուրաբյանի՝ քառյակի համախմբված գործունեության արդյունք է նաև այն, որ Ազգային ժողովը դակիչ մարմնից վերածվել է քաղաքական լուրջ ֆորումի, ինչի հետևանքով օրենսդրական գործունեությունն էապես դանդաղել է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զուրաբյանը քառօրյայի ընթացքում մեջբերումներ էր անում Աստվածաշնչից, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Երբ գելի գլխին ավետարան ես կարդում, բայց լսում ես միայն խոճկորների ճղճղոց, անիմաստ է այլևս դա անելը»:
Իսկ հաջորդ հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը, Զուրաբյանն ասաց, որ վերոնշյալ պատասխանը նաև Շարմազանովին էր վերաբերում:
Քառյակ ենք այնքանով, որքանով պայմանավորվում ենք անել համատեղ ինչ-որ բան.Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ քառյակն ինչ-որ կարծր բան չէ:
՛՛Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք չորսով ինչ-որ քայլ կատարել, եթե դա չկա, ամեն մեկն ազատ է, ով ինչպես կցանկանա, կգործի: Քառյակի ներսում կարող են լինել բավական մեծ տարաձայնություններ, բայց դա չի նշանակում, թե պետք է խոսել քառյակի ՛՛փլուզման՛՛ մասին: Քառյակը ինչ-որ կարծր բան չէ, որ փլուզվի: Մենք քառյակ ենք այնքանով, որքանով պայմանավորվում ենք անել համատեղ ինչ-որ բան: Այս պարզ սկզբունքը տվել է լավ արդյուքններ, մենք դրանցով գոհանում ենք՛՛, – ասաց Արմեն Ռուստամյանը և օրինակ բերեց, թե ՀՅԴ-ն որոշել էր դեմ քվերակել Կառավարության ծրագրին, բայց կարևորեց միասնականությունն ու չմասնակցեց քվեարկությանը:
Կարեն Բոթոյանին կհեռացնեն նաև կուսակցությունից
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՕԵԿ խմբակցության պատգամավորԿարեն Բոթոյանի՝ խմբակցությունը լքելու որոշմանը: Հիշեցնենք, որ Բոթոյանը երեկ Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջհայտարարեց, որ կողմ է քվեարկելու ծրագրին ու լքում է խմբակցությունը: Բիշարյանն այսօր վստահեցրեց՝ Բոթոյանի նկատմամբ ճնշումներ ենեղել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից: Նույնը հաստատեց խմբակցության մեկ այլպատգամավոր՝ Իշխան Խաչատրյանը: Նա հավելեց, որ Կարեն Բոթոյանը ներկայացրել է իր դիքորոշումը, ասել, որ Կառավարությաններկայացուցիչների կողմից կան ճնշումներ, և որ որպես գործարար ինքը պետք է կողմ քվեարկի: Իշխան Խաչատրյանը նաև շեշտեց, որ գաղափարական հակասությունը հիմք ընդունելով, ինքն առաջարկություն է ներկայացնելու ՕԵԿ քաղ.խորհուրդ, որ Կարեն Բոթոյանին հեռացնեննաև կուսակցությունից:
Ինչո՞ւ հավատանք կառավարությանը, եթե իրենք մեզ չեն հավատում և չեն վտսահում անգամ վերահսկման ֆունկցիա. Ռուբեն Հակոբյան
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ երեկ կայացած կառավարության ծրագրի քվեարկությանը: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառյակի միավորումն ու չքվեարկելը, քաղաքական մեծամասնության լեզվով ասած, ՛՛իրատեսական էր, խստապահանջ և ականջալուր՛՛:
՛՛Իրատեսական էր, որովհետև, եթե կառավարության ծրագրից խոստումները դուրս հանենք, կտեսնենք, որ մնացած կետերն իրականացնելու մեխանիզմներ ու հնարավորություններ կառավարությունը չի մշակել: Կառավարությունը կկարողանար հասնել ընդդիմության աջակցությանը, եթե գոնե մի քանի օգտակար և վստահելի օրինագծեր մտցներ ծրագիր, օրինակ, եթե տային վերահսկող ֆունկցիա ընդդիմությանը, կամ առաջարկեին փոփոխություններ ընտրական օրենսգրքում, քանի որ մեծամասնականը ուղղակի այլանդակում է ընտրական պրոցեսը: Ինչո՞ւ հավատանք կառավարությանը, եթե իրենք մեզ չեն հավատում և չեն վստահում անգամ վերահսկման ֆունկցիա, – հավելեց Ռուբեն Հակոբյանը և անցավ երկրորդ կետին,- խստապանաջ, որովհետև, չնայած կառավարությունը մեզ ոչ մի լծակ չի տալիս, բայց մենք մեր ունեցած լիազորութունների սահմանաներում խստապահանջ ենք լինելու և հետևողական: Եվ երրորդ, ականջալուր՝ պոետական եզրույթ, որովհետև մեր քվեարկությամբ մենք ականջալուր էինք հասարակության ձայնին: Հասարակությունը դժգոհ է և՛ կառավարությունից, և՛ այս ծրագրից՛՛:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Հայլուր» լրատվական ծրագրին
Նվեր Մնացականյան – Հայլուր հարցազրույցն է եթերում: Բարև Ձեզ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություն տարածել: Հայտարարությունը վերաբերում է մայիսի 16-ից 19-ը տարածաշրջան կատարած այցին: Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ այցի հիմնական նպատակն է վերստուգել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այդ թվում` Քարվաճառում և Բերձորում: Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, բարև Ձեզ:
Շավարշ Քոչարյան – Բարև Ձեզ:
Նվեր Մնացականյան – Այս այցը նախորդներից որևէ բանով տարբերվո՞ւմ է:
Շավարշ Քոչարյան – Տարբերվում է նրանով, որ շատ ակտիվ տեղի են ունենում քննարկումներ` կապված ընդհանուր առմամբ հակամարտության հանգուցալուծման հետ, ինչպես նաև շատ ակտիվ արշավ է սկսվել Ադրբեջանում` ուղղված համանախագահների ֆորմատից ձերբազատվելու ուղղությամբ:
Նվեր Մնացականյան – Ըստ այդմ, ի՞նչ են հուշում այն հայտարարությունները, որոնք բխում եմ Ձեր նշած ակտիվությունից, որոնք, գիտեք ինչի մասին է խոսքը, հնչում են համանախագահների շուրթերից:
Շավարշ Քոչարյան – Հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինաադարի քսանամյակն է, իսկ դա, պետք է արձանագրել, որ միակ շոշափելի քայլն էր ամբողջ այս հակամարտության կարգավորման ընթացքում, որից հետո, ըստ էության, չնայած բազմաթիվ ջանքերին միջնորդների, գործընթացը դոփում է տեղում:
Այդ տեսակետից, բնական է, որ պետք է այդ քսանամյակի հետ կապված լիներ հայտարարություն: Բնական է` այդ հայտարարությունը պետք է նորից արձանագրեր այն, ինչ որ մինչ այդ ասում էին համանախագահները կապված նույն Մադրիդյան սկզբունքների, դրանց գաղտնազերծված հատվածի հետ, նորից պետք է կոչ անեին կողմերին, որպեսզի կողմերը գնան դեպի առաջընթաց:
Նվեր Մնացականյան – Այսինքն հիմքը քսանամյա՞կն է այստեղ Ձեր նշածի:
Շավարշ Քոչարյան – Ֆորմալ, այո:
Նվեր Մնացականյան – Թե՞ պատրվակ է քսանամյակը:
Շավարշ Քոչարյան – Նախ, չէին կարող շրջանցել: Իհարկե, ցանկալի կլիներ, որ նաև խոսվեր քսանամյակի դասերի կամ հետևությունների մասին: Ինչու՞ հենց քսան տարի առաջ տեղի ունեցավ այդ առաջընթացը հակամարտության հարցում: Ինչու՞ դրանից հետո չի եղել:
Փորձենք վերհիշել` ինչ էր տեղի ունենում 1993թ.: ՄԱԿ-ի բանաձևեր, որոնք Ադրբեջանն անընդհատ փորձում է ներկայացնել այնպես, իբր դրանց նպատակը միայն այն էր, որ հայկական ուժերը հետ քաշվեն:
Իրականում դա այդպես չէր: Հիմանական նպատակը կայանում էր նրանում, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին, և կնքվի խաղաղության պայմանագիր: Բայց ամեն մի բանաձևից հետո տեղի էր ունենում Ադրբեջանի զորքերի նոր հարձակման փորձ և նորանոր պարտություններ, մինչև Հեյդար Ալիևը համոզվեց, որ այսպես ինքը լրիվ տանուլ է տալիս: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Հեյդար Ալիևն ինքը նախաձեռնեց հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ: Լիազորագրեր գրեց` լիազորելով այն ժամանակվա իրենց պառլամենտի փոխխոսնակ Ջալիլովին բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից լիազորված անձի հետ, որպեսզի հանդիպեն այդ երկու երկրների ղեկավարները:
Ավելին, իր անձնական ստորագրությամբ նա գրել է «ԼՂՀ ներկայացուցիչ»` ռուսերենով` «представитель НКР»: Ու սկսվեցին այդ բանակցությունները: Եղել են այդ հանդիպումները` նաև ամենաառաջին դեմքերի մակարդակով, ինչը պարարտ հող ստեղծեց Բիշքեկյան արձանագրության համար, որից հետո կնքվեց զինադադարի համաձայնագիրը:
Ենթադրվում էր, որ այն պետք է ստորագրեին երկու բանակցող կողմերը` Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը: Վերջում Ադրբեջանն առաջարկություն արեց, որ Հայաստանն էլ միանա, և Հայաստանը միացավ` որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ: Վերոնշյալ գործընթացը հանգեցնում է երկու եզրակացության.
առաջին` Ադրբեջանը վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն առնվազն որպես հակամարտող կողմ,
երկրորդ` երբ Ադրբեջանն, իրոք, ցանկանում է, որ բանակցային գործընթացում լինի առաջընթաց, նա բանակցում է Ղարաբաղի հետ, այլ ոչ թե ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա:
Այս երկու եզրակացությունը շատ հստակ և կարևոր են:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, բա ինչու՞ ենք հեռացել Ձեր նշած հիմնակետերից:
Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Խնդիրը հետևյալն է` իրականում հայկական կողմերն իրենց դիրքորոշումներն ունեն, որոնք փոփոխություն չեն կրել: Պետք է արձանագրել, որ ներկայիս Ադրբեջանի նախագահը ոչ թե ժառանգեց իր հոր արտաքին քաղաքականությունը, այլ, ավելի շուտ, Աբուլֆաս Էլչիբեյի քաղաքականությունը, որը բացահայտ ասում էր, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը ադրբեջանական տարածք է, խոստանում էր ոտքերը լվանալ Սևանում և այլն:
Նվեր Մնացականյան – Շատ բարի: Այնուամենայնիվ, հայտարարություններից չհեռանանք, պարո՛ն Քոչարյան, որովհետև այդ հայտարարությունների նկատմամբ այս անգամ կարծես վերաբերմունքն այլ է: Հատկապես Հայաստանի ներսում կասկածանքով են նայում այդ հայտարարությունների ենթատողին:
Շավարշ Քոչարյան – Ասեմ` ինչով է դա պայմանավորված: Եկեք, որպեսզի պատասխանն ամբողջական լինի, փորձենք անդրադառնալ նրան, թե որն է Մադրիդյան սկզբունքների էությունը, որը հիմք պետք է ծառայի կարգավորման համար: Փաստաթուղթն ինքը գաղտնի է, բայց առանձին կետերը` 6 կետը, գաղտնազերծված են: Համանախագահները Լ՛Ակվիլայի հայտարարությամբ ասում էին` հարցը չի լուծվում, քանի որ կա երկու իրարամերժ դիրքորոշում:
Մեկը` տարածքային ամբողջականությունը, որի վրա շեշտադրում անում է Ադրբեջանը, մյուսը` ինքնորոշումը, որի վրա շեշտադրում են անում երկու հայկական կողմերը: Միաժամանակ հայտարարում են, որ գտել են բանալին` այո՛, ինքնորոշում, բայց Լեռնային Ղարաբաղի տարածքով` գումարած հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև:
Այո՛, տարածքային ամբողջականություն, բայց առանց Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Սա է էությունը, որի շուրջ պետք է լիներ համաձայնություն: Հասկանալի է, որ այդ մոտեցումն ամենևին հայկական կողմերի երազած մոտեցումը չէ: Դա այն մոտեցումն է, որը փոխզիջումային է, որն իր մեջ պարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների ճշգրտում:
Նվեր Մնացականյան – Այսինքն` Ադրբեջանը դրանից ավելի՞ն է ուզում:
Շավարշ Քոչարյան – Այո՛, ըստ էության, Ադրբեջանը դրանից ավելին է ուզում և բաց հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն: Իրենք ասում են, որ երկրորդ հայկական պետություն չի կարող լինել` մոռանալով, որ իրենք իրենց և թուրքերին անվանում են մեկ ազգ և ունեն երկու պետություն:
Ինչու՞ են Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հիշեցումները հայ հասարակության մոտ և Ղարաբաղում առաջացնում կասկածանք, որովհետև միակողմանի զիջում չի կարող լինել, պետք է լինեն փոխզիջումներ:
Բայց չէ՞ որ ադրբեջանական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում հստակ ցույց է տվել, որ ինքը մերժում է հենց Մադրիդյան սկզբունքների բուն էությունը` մի կողմից Ղարաբաղի ինքնորոշում, մյուս կողմից` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, առանց Ղարաբաղի:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, նկատե՞լ եք, որ «օկուպացված տարածք» արտահայտությունը մի քիչ շատ է օգտագործվում այս հայտարարություններում: Նախկինում դա չէր երևում այդպես:
Շավարշ Քոչարյան – Ճիշտ է: Մադրիդյան փաստաթղթում, ինչպես նաև Լ՛Ակվիլայի հայտարարությունում, «օկուպացված տարածք» արտահայտություն չկա: Այնտեղ խոսվում է զգուշավոր` «վերահսկողության տակ գտնվող տարածքներ»: Որովհետև եթե «օկուպացված» բառն է օգտագործվում, օկուպացնում է նա, ով ագրեսոր է, սկսենք դրանից, որովհետև պետք է հասկանալ` այս հակամարտության մեջ ո՞վ է ագրեսորը:
Ամեն դեպքում, կան ԼՂՀ տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք չէին մտնում ԼՂՀ կազմի մեջ հանրաքվեի արդյունքներով, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Միակողմանի անվանելը «օկուպացված» այն տարածքները, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ Ղարաբաղի տարածքները մոռացության մատնելը հավասարակշռված մոտեցում չէ:
Նվեր Մնացականյան – Այս հայտարարություններում երևում է այդ միակողմանիությունը:
Շավարշ Քոչարյան – Դա երևում է: Խնդիրը ինչու՞մ է կայանում: Ըստ էության, Բաքուն ուղղակի շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը: Հասկացել է, որ հայկական կողմերին չի կարող շանտաժի ենթարկել: Փորձում է նույնիսկ համանախագահներին շանտաժի ենթարկել: Հիշենք հայտարարությունները` ընդամենը վերջերս:
Նվեր Մնացականյան – Պարո՛ն Քոչարյան, հայտարարությունների մեջ կան նաև Ադրբեջանի շահերը շոշափող, կամ Ադրբեջանի շահերին դեմ գնացող հայտարարություններ, օրինակ՝ երբ Մորնինգսթարը Բաքվին զգուշացնում է, որ Եվրամայդանը կարող է կրկնվել նաև Բաքվում, եթե շարունակեք մարդու իրավունքներն այսպես խախտել, միևնույն ժամանակ նա ասում է, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումներ անի: Հիմա՝ ինչո՞ւ համար են արվում այս մանևրները:
Շավարշ Քոչարյան – Գիտեք՝ մի կողմից հասկանալի է, որ դա լծակ է՝ Ադրբջանին որոշակի զսպաշապիկ հագցնելու, որովհետև Ադրբեջանը, նորից եմ կրկնում, արդեն հունից դուրս եկած, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, ինչպիսին, օրինակ, հայտարարությունն է, որ ԱՄՆ-ը պետք է հետ կանչի իր համանախագահին, կամ համանախագահներն այցելում են Բաքու, և պարզվում է, որ որևէ մեկը չկա, որի հետ կարողանան հանդիպել, բացի պաշտպանության նախարարից:
Նվեր Մնացականյան – Բայց դա շատերի համար էր անակնկալ: Մենք հետևություն արե՞լ ենք Բաքվի այդ պահվածքից:
Շավարշ Քոչարյան – Դա անակնկալ չէ, եթե հետևել Ադրբեջանի քաղաքականությանը:
Նվեր Մնացականյան – Համանախագահները գիտեի՞ն, որ իրենց Բաքվում դիմավորող չի լինելու:
Շավարշ Քոչարյան – Դա այլ հարց է: Կոնկրետ այդ պահը՝ Բաքվում դիմավորել-չդիմավորելը, այդ ընդհանուր շղթայի մի մասնիկն է: Ընդամենը մայիսի 15-ին Վիենայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1000-րդ նիստն էր, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարություն է արել, որն ուղղված էր ընդհանուր առմամբ ամբողջ «Մադրիդի» դեմ, ավելին՝ խոսում է նրա մասին, որ համանախագահներն արդյունավետ չեն գործում, և որ պետք է վերանայել այդ ֆորմատը:
Շատ պարզ իրավիճակ է: Եվ այս պայմաններում, եթե այդ շանտաժին ենթարկվեն համանախագահները, բնական է՝ դա շատ լուրջ մտավախություններ պետք է առաջացնի: Եթե ինքը՝ Ադրբեջանը, անհուսալի է` որպես բանակցային կողմ, և եթե համանախագահները փորձեն ինչ-որ ձևով սիրաշահել Ադրբեջանին, բայց ի հաշիվ հայկական կողմերի, դա կլինի անթույլատրելի:
Նվեր Մնացականյան – Ի՞նչն է Ադրբեջանի պահվածքում նոր:
Շավարշ Քոչարյան – Այն, ինչ որ այս ժամանակահատվածում եղել է, սկսած այսօրվա նախագահի նախագահության օրվանից, գնալով ավելի է շեշտադրումն ուժեղանում: Դա վերաբերում է և՛ հակահայկականությանը, և՛ ռազմատենչությանը, և՛ Մինսկի խմբի գործունեության վարկաբեկման փորձերին: Ուղղակի այդ ամենը դարձել է ավելի շեշտադրված, անթաքույց և ամբողջական: Մնացածով նույնն է:
Նվեր Մնացականյան – Եվրամիությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը եռանախագահներին: Սա մի հակափաստարկ, որ եվրոպական կառույցներն այնքան էլ տրամադրված չեն ադրբեջանական տրամադրություններով շարժվելու: Այդ դեպքում, ի՞նչ է փնտրում Ադրբեջանը:
Շավարշ Քոչարյան – Եկեք, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչով է խանգարում Ադրբեջանին այդ եռանախագահությունը: Դրա մասին է պետք խոսել: Սա բացառիկ դեպք է, երբ հակամարտությունը…
Նվեր Մնացականյան – Ինչո՞վ էր խանգարում, թե ինչով է նոր սկսել խանգարե՞լ:
Շավարշ Քոչարյան – Միշտ խանգարել է: Եռանախագահությունը բաղկացած է երեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, որոնք, լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, պատասխանատու են ամբողջ երկրագնդի վրա խաղաղության պահպանման համար:
Եվ անընդհատ հայտարարում են՝ միայն խաղաղ կարգավորում: Այնպես որ այդ համանախագահությունն ունի երկու առաքելություն՝ մեկը՝ նպաստել, որ կողմերը գան համաձայնության, որը չի կատարվում Ադրբեջանի այս դեստրուկտիվ քաղաքականության պատճառով, մյուսը՝ զսպաշապիկ, որպեսզի չվերսկսեն ռազմական գործողությունները: Սա է իրականությունը:
Տվյալ պարագայում եռանախագահները ձեռք չեն տալիս, որովհետև այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորում գնա, Ադրբեջանին ձեռք չեն տալիս, ու նաև ձեռք չեն տալիս որպես զսպաշապիկ:
Նվեր Մնացականյան – Դա որ ասացիք, մի փոքրիկ մեջբերում անեմ այսօրվա հայտարարությունից. «Զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի բացակայությունը թույլ է տալիս կողմերին մեղքը մեկը մյուսի վրա գցել»: Իսկ ի՞նչն է խանգարում մեխանիզմի հաստատմանը: Ո՞վ է խանգարում:
Շավարշ Քոչարյան – Շատ պարզ է, բոլորը դա շատ լավ գիտեն:
Նվեր Մնացականյան – Բայց չեն ասում: Չեն արտահայտվում:
Շավարշ Քոչարյան – Ես Ձեզ հետ համամիտ եմ: Որովհետև քանի դեռ հասցեագրված չի ասվում, ով է խախտում, Ադրբեջանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ իր այդ բոլոր քայլերը, միևնույն է, կուլ են գնալու:
Նվեր Մնացականյան – Չէ, դեռ խախտելը մի կողմ՝ ով է դեմ մեխանիզմի հաստատմանը: Գոնե դա պիտի ասեն:
Շավարշ Քոչարյան – Այդ դեմն արտահայտվել է շատ հստակ: Բացի հայտարարություններից՝ ժամանակին Ադրբեջանը համաձայնել էր, որ այո՝ պետք է այդպիսի մեխանիզմ ստեղծել: Մեխանիզմը ստեղծելու համար ԵԱՀԿ բյուջեում համապատասխան գումար էր նախատեսվում:
Ադրբեջանը վետոյի սպառնալիքի տակ դրեց ամբողջ մյուս տարվա ԵԱՀԿ բյուջեն (խնդիրը որն է՝ ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում. բավավար է մեկը դեմ լինի՝ չի հաստատվի): Ասեցին՝ եթե այդ մեխանիզմի համար դուք գումար եք հատկացնելու, մենք վետո ենք դնելու: Ստիպված նահանջեցին: Այսինքն` այնքան ակնհայտ է, որ դեմը Ադրբեջանն է:
Նվեր Մնացականյան – Բայց, այնուամենայնիվ, գանք համանախագահների անիմաստ զգուշավորությանը: Անհասկանալի զգուշավորությանը: Ճի՞շտ եմ ձևակերպում:
Շավարշ Քոչարյան – Տարբեր ձևով կարելի է ձևակերպել, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ ավելի հստակ պիտի ձևակերպի իր մոտեցումը: Օրինակ՝ Դուք ասացիք` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը խոսում է մարդու իրավունքների մասին՝ համեմատելով դա Մայդանի հետ:
Եթե մենք խոսում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, ապա պետք է մեկ ուրիշ բան ասվեր՝ եթե դու քո քաղաքացիներին ճնշում ես, սպանում ես, ձերբակալում ես, ինչպե՞ս է քո մտքով անցնում, որ Ղարաբաղի հայությունը կարող է քո ենթակայության տակ լինել:
Այ դա կլիներ հասկանալի, որովհետև մի կողմից Մայդանի մասին խոսելը, մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության, տրամաբանության հետ տարբեր դաշտերում է գտնվում: Այս տեսակետից, այո՛, այս իրավիճակը պետք է պարտադրի և՛ համանախագահներին, և՛ միջազգային հանրությանը, և՛ հայկական կողմերին՝ այս բոլորը վերլուծելու: Մի բան միայն ավելացնեմ:
Ըստ էության, այն, ինչ անում է Ադրբեջանը, ուղղված է միանշանակ ստատուս-քվոյի պահպանմանը: Դա փաստ է: Եվ միաժամանակ բոլոր անկյուններից ողբում է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այ սա էլ է հետաքրքիր իրավիճակ՝ իրականում Ադրբեջանն է ամեն գնով պահպանում ստատուս-քվոն:
Նվեր Մնացականյան – Այսպիսով, գործ ունենք հակամարտության շուրջ նո՞ր իրավիճակի հետ:
Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ: Նոր իրավիճակը ո՞րն է: Եթե բանակցային գործընթացում, ապա շատ ավելի հստակ է դառնում, որ Ադրբեջանը որևէ ձևով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը: Նա շարունակում է ելնել մի սկզբունքից` «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»:
Բնական է` դրա արդյունքը լինելու է ոչինչ: Նոր է իրավիճակն այնքանով, որքանով Ադրբեջանի այդ արդեն վաղուց ձևավորված քաղաքականությունն ավելի շեշտադրված է, ավելի անթաքույց և բացահայտ է: Այդ առումով` այո՛:
Նվեր Մնացականյան – Այսինքն` այս ֆոնին քիչ է հավանական, որ բանակցային գործընթացը կմտնի ակտիվ փուլ:
Շավարշ Քոչարյան – Գիտեք` չեմ կարծում, որ այս իրավիճակը նպաստում է, որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց: Չեմ կարծում: Ավելին, տեսեք` խոսում էինք, չէ՞ օկուպացված տարածքներ: Եթե կան օկուպացված տարածքներ, դա հենց ԼՂՀ տարածքներն են: Երբ դա ասում ես, ադրբեջանցիներն ասում են. «Ո՞նց կարող ենք մենք ինքներս մեզ օկուպացնել, Ղարաբաղը ճանաչված չէ»:
Բայց կա ՄԱԿ-ի 1974թ. բանաձևը, որը սահմանում է` ի՞նչ է նշանակում ագրեսիա, հետևաբար և` օկուպացիա: Ագրեսիան, այնտեղ շատ հստակ սահմանում է տրված, որևէ մի պետության կողմից մյուս պետության տարածքի նկատմամբ, սուվերենության նկատմամբ ռազմական ոտնձգությունն է, որտեղ տրվում է նաև պարզաբանում` «պետություն» ասվածը չի կանխորոշում ոչ ճանաչումը, ոչ ՄԱԿ-ին անդամակցությունը:
Այսինքն` այն պետությունը, որը ճանաչված չէ, որը ՄԱԿ-ի անդամ չէ, եթե նրա դեմ դու կիրառում ես ռազմական գործողություն, ուրեմն դա ագրեսիա է: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք ագրեսորի` Ադրբեջանի հետ:
Այս իրավիճակում խնդրի կարգավորումը կարող է լինել միայն հետևյալ երկու հիմքերի վրա.
առաջին` ԼՂՀ ժողովրդի` իրականացված ինքնորոշման իրավունք,
երկրորդ` Ադրբեջանի պատասխանատվությունը ինքնորոշված ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի և նրա հետևանքների համար:
Կառավարության ծրագիրն ընդունվեց
ԱԺ-ում քվեարկության դրվեց Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն խնդրեց Հրանտ Բագրատյանն ու հայտնեց, որ ինքն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը քառյակից անկախ որոշել են ոչ թե չմասնակցել քվեարկությանը, այլ ձեռնպահ քվեարկել: Այնուհետև վարման կարգով Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀԱԿ-ը, ինչպես ընդդիմադիր մյուս երեք խմբակցությունները, չեն մասնակցելու քվեարկությանը:
ՕԵԿ-ից Կարեն Բոթոյանը կրկին վարման կարգով ասաց, որ լքում է խմբակցության շարքերը և կողմ է քվեարկելու ծրագրին: Նրա խոսքերը վերահաստատեց ՕԵԿ խմբակցության
ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով վարման կարգով շեշտեց. ՛՛Կարեն Բոթոյանը որպես գործարար պատգամավոր չի կարող քվեարկել մեր խմբակցության նման, ուստի մենք ընդունեցինք նրա դիմումը՝ խմբակցությունը լքելու մասին: Սա հաստատում է, որ երիտասարդ գործարարը Հայաստանում չի կարող ունենալ սեփական կարծիք ու քվեարկել ինչպես ուզում է՛՛:
Ի վերջո քվեարկությունը կայացավ: Կառավարության ծրագիրն արժանացավ խորհրդարանի հավանությանը ձայների 69 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. Շարմազանովն՝ ի պատասխան Զուրաբյանի աստվածաշնչյան հղումների
ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքում ասված էր. ՛՛Այն պահից սկսած, երբ Հայ ազգային կոնգրեսը մուտք գործեց Հայոց խորհրդարան, սա արդեն երրորդ անգամն է, ինչ իշխող Հանրապետական կուսակցության կառավարութունը Ազգային ժողով ծրագիր է բերում հաստատման: Նախորդ երկու դեպքերում՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մեր գործը բավականին հեշտ էր. մենք պետք է վերաբերմունք հայտնեինք մի կառավարությանը, որի բերած փաստաթուղթն որևէ իմաստ չկար քննարկելու, քանի որ այն գործում էր 2008 թվականից ի վեր և արդեն ամենամիամիտներին էլ ապացուցել էր իր կոռումպացվածությունն ու ոչ-կոմպետենտությունը: Այսօր թվում էր, թե խնդիրն ավելի բարդ պիտի լիներ. նախ, որովհետեւ դեռ մարտի մեկի հանրահավաքում տված խոստման համաձայն Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ՝ շնորհիվ մեր՝ խորհրդարանական ՛՛հրաշալի՛՛ քառյակի ջանքերի, ուստի մենք պետք է շահագրգռված լինեինք ցույց տալու ժողովրդին, որ տեղի է ունեցել դրական փոփոխություն:
Եւ, երկրորդը, այնուամենայնիվ, ֆորմալ առումով մենք գործ ունենք մի վարչապետի հետ, որը երբեք այդ պաշտոնում չի եղել, լի է երիտասարդի ավյունով, անժխտելի կենսախնդությամբ ու ընդդիմադիրներին իր ազգանպաստ գործերին մասնակից դարձնելու անխոնջ ձգտումով: Այստեղ է, որ ինչպես միշտ, ծանր պահերին, մեզ օգնության է գալիս Աստվածաշունչը: Ըստ Մաթեւոսի Ավետարանի Է գլխի. «Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել»: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե այս կառավարությունը որ ծառից է: Այդ ծառը կոչվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական ավազակապետական ռեժիմ, մի ռեժիմ, որը կեղծված ընտրությունների միջոցով երկրում յուրացրել է իշխանությունը, եւ որի միակ գործը տարիներ շարունակ եղել է ժողովրդի ունեզրկումն ու թալանը: Աստվածաշնչի նույն տեղում, «հափշտակող գայլերին» վերաբերող տողերում գտնում ենք նաեւ հետեւյալ բառերը. «Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»: Ի՞նչ է մեզ հուշում Աստվածաշունչը. որ ոչ թե հավատանք «ոչխարի հանդերձանքով» մեզ մատուցվող թղթի կտորներին, այլ ճանաչենք ձեզ, ձեր առաջին իսկ գործերով: Իսկ այս կարճ ժամկետում նոր ձեւավորված կառավարությունը մի քանի կարեւորագույն քայլ է կատարել, որոնք բացում են նրա ամբողջ էությունը: Եթե դուք չեք հասկանում՝ ինչ ազդանշան եք տվել Հայաստանի ու ողջ միջազգային հանրությանը, ապա ես կարող եմ բացատրել՝ սրանով դուք ազդարարում եք, որ մենաշնորհային տնտեսությունը, պետական իշխանության չարաշահումն այլեւս պաշտոնապես վերածվում են պետական քաղաքականության: Իսկ այն պարզաբանումները, որ իբր այդ մարդիկ խոստացել են ձեզ այսուհետ չշարունակել զբաղվել բիզնեսով, չչարաշահել պետական իշխանության լծակները, ուղղակի ծիծաղ են հարուցում: Խորհուրդ կտայի կազմակերպել կառավարության անդամների կոլեկտիվ ինքնախոստովանություն եւ գործուն զղջում հենց այստեղ՝ ԱԺ դահլիճում, որ ինքնամաքրման այս թատրոնն ավելի համոզիչ լինի:
Չորրորդ քայլը, որ դուք կատարել եք այս ընթացքում, նույնքան պերճախոս է. դա պարտադիր աուդիտի ոչնչացումն է եւ այսպես կոչված այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքը շրջանառության մեջ դնելը: Սրանով դուք փորձում եք ոչնչացնել խոշոր ձեռնարկությունների նկատմամբ ներդրողների եւ հանրության վերահսկողության առաջին իսկ ծիլերը: Ըստ էության, դրդում եք գործարարներին, որ նրանք ոչ թե բաց հաշվապահություն պահեն եւ ստուգված տեղեկություններ մատուցեն ներդրողներին, հանրությանն ու հարկային մարմիններին, այլ գնան ստվերային բանակցությունների ու գործարքների հարկային տեսչության հետ՝ պարարտ հող ստեղծելով կոռուպցիայի, բիզնեսի եւ իշխանության սերտաճման եւ ստվերային տնտեսության ընդլայնման համար՝ ի հաշիվ մրցակցային տնտեսության զարգացման: Ի դեպ, սա առանց չափազանցության կարելի է համարել Գագիկ Խաչատրյանի նշանակման հետ կապված վերոհիշյալ մանիֆեստի երկրորդ կետը:
Ամենակարեւոր բանը, որը ցցուն կերպով դրսեւորվեց այս քննարկումների ընթացքում, դա Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի գլխավոր արատն է՝ բիզնեսի եւ իշխանության կատարյալ սերտաճումը: Այսօրվա Հայաստանի բոլոր կառավարիչները՝ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք օլիգարխներ են, այսինքն մի քանի մեծահարուստներ, ովքեր ընտրակեղծիքներով կենտրոնացրել են իրենց ձեռքում ամբողջ պետական իշխանությունը եւ այն օգտագործում են բացառապես ժողովրդի ունեզրկման եւ սեփական հարստացման նպատակով:
Հիմա կադրային նորությունների մասին: Այս հարցում նույպես կարծես իշխանությունը որոշել է պարզություն մտցնի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ եւ ամենակոռումպացված պետական պաշտոնյաներին, ում հետեւից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների եւ հանցանքների մի ամբողջ շլեյֆ: Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի մասին շատ խոսվեց: Բայց ինչով է նրանցից պակաս օրինակ Երվանդ Զախարյանը: Նա մի մարդ է, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցված եւ որին փնտրում էր Հայաստանի արդարադատությունը՝ հայտնի «մազութի գործի» շրջանակներում` կորած 4 միլիոն 200 հազար դոլարի հետքերը գտնելու նպատակով, սակայն Զախարյանը փախուստի էր դիմել եւ այդպես էլ պատասխան չտվեց քննության կողմից բարձրացված հարցերին: Հաջորդը՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան, եւս մի հետաքրքիր կերպար, որին Հայաստանի ողջ հանրությունը բառիս բուն իմաստով հայհոյում է Երեւանի ճարտարապետական տեսքի աղավաղման, պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերի ապամոնտաժման, Հրազդանի կիրճի, Օպերայի, Օղակաձեւ զբոսայգու կանաչ տարածքների ոչնչացման եւ քաղաքաշինական բոլոր նորմերի խախտումով Երեւանի կենտրոնի կառուցապատման, հասարակ հազարավոր քաղաքացիների ունեզրկման համար: Մյուսը՝ արդարադատության նախարար է նշանակվում Հովհաննես Մանուկյանը, որը պաշտոնական հայտարարագրերի համաձայն միլիոնատեր է եւ որին բոլորը ճանաչում են որպես դատական համակարգում անխափան գործող կոռուպցիոն բուրգի գլխավոր ճարտարապետ եւ մարտի մեկի գործերով քաղբանտարկյալներին ապօրինի բռնաճնշումների ենթարկելու համար դատական համակարգի օգտագործման գլխավոր համակարգող: Էլ ում ասեմ: Ում անունը տամ: Ով է նորանշանակներից որեւէ բիզնեսի հետ չկապված հրեշտակ՝ Դավիդ Հարությունյանը, թե Կարեն Ճշմարիտյանը: Ուղղակի ժամանակի սղության պատճառով այս խոսակցությունը չեմ շարունակում եւ միայն փաստում եմ, որ այս կառավարության կազմում հայտնի չեն որպես գործարար ընդամենը 4 մարդ: Իշխանության նման որակն, իհարկե, մեզ համար, նորություն չէ: Բայց մինչեւ վերջերս կար մի հետաքրքիր երեւույթ. իշխանությունը, գիտակցելով միջազգային հանրության մոտ, դեմոկրատական կառույցներում, միջազգային ֆինանսական կառույցներում ընդունելի, դինամիկ, երիտասարդ եւ ինտելեկտուալ իմիջ ունեցող դեմքերով ներկայանալու կարեւորությունը, պահում էր իր առանցքային կոռուպցիոներներին ստվերում, իսկ առանցքային պաշտոններում «դեմ տալիս» քիչ, թե շատ մարդկային դեմք ունեցող կրթված երիտասարդներին: Այսինքն, փորձում էր, թույլ տվեք այսպես ասել, ներկայանալ որպես «ավազակապետություն մարդկային դեմքով»: Այսօր, կոռուպցիայի բրոնտոզավրների բացահայտ նշանակումը առանցքային պաշտոններում կարեւոր շրջադարձային կետ է: Ավազակապետությունն, ըստ էության, ստիպված է դեն նետել դիմակները, հրաժարվել երիտասարդ տեխնոկրատներից կազմված կենդանի վահանով պաշտպանվելու քաղաքականությունից, եւ անձամբ ստանձնել օլիգարխիայի դիրքերի պաշտպանությունը: Այս դիմակազերծումն, իրականում, վկայում է այն մասին, որ ռեժիմի վերջին ռեսուրսներն այլեւս սպառված են: Սա օլիգարխիայի վերջին ճիչն է : Ո՞րն է մեր եզրահանգումը. Աստվածաշունչն այդտեղ էլ մեզ մենակ չի թողնում. «Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրում եւ կրակի մեջ է գցվում»: Ժամանակն է վարվել ըստ Աստվածաշնչի, եւ ազատել մեր ազգը այս կործանարար ռեժիմի ճանկերից: Ամեն՛՛:
Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ զսպել վրդովմունքը և հորդորեց ՀԱԿ պատգամավորին Սուրբ գրքից հղումներ չանել. ՛՛Չի կարելի այստեղ գալ, դատավորի դեր ստանձնել, գրված է ելույթ ունենալ, ելույթ ունեցեք կոռեկտության սահմաններում: Բայց ինչպես ասում են՝ խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. դուք ո՞ւր, կոռեկտությունն ո՞ւր՛՛:
Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ նոր Կառավարությունը հնի նման չի փորձի արդարացնել տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով
ԱԺ-ում Կառավարության ծրագրի մասին խմբակցության անունից ելույթում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ այս տեքստով. ՛՛Ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, այս հարցի պատասխանը ոչ ոք չի ուզում տալ` առաջին հերթին, իհարկե, իշխանության ներկայացուցիչները: Ինչու եք փոխել վարչապետին , եթե նա լավն էր: Եթե լավն էր` թող մնար:Իսկ եթե փոխում ենք, որ առաջընթաց ապահովենք, որը տրամաբանական կլիներ, լավ, բա չի՞ բացատրվում` ի՞նչն ենք ուզում փոխել: Եթե ուզում ես առաջընթաց, պիտի շարժվես բացասման բացասումի օրենքով, որը նշանակում է՝ պետք է հստակ ասենք` որոնք են բացասական երևույթները, որոնք`դրական կողմերը: Նոր Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչու փոխվեց նախորդը: Ուղղակի քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ պետք չէ բարձրաձայնել, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք գոնե հոգու խորքում գիտեն` ինչու փոխվեց ու ինչ է պետք փոխել: Այս ծրագիրն այն չէ, ինչ պետք է լիներ, բայց հույս ունեմ, որ նոր Կառավարությունը կունենա այնքան ողջամտություն, որ նախորդի նման աբսուրդ պատճառաբանություններ չներկայացնի` արդարացնելով տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով՛՛:
Քառյակը միասնաբար չի մասնակցի Կառավարության ծրագրի քվեարկությունը
ԱԺ-ում կայացավ քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ տեղի ունեցած փոքր աշխատանքային քննարկման ժամանակ որոշվել է չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը:
՛՛Երկու այլընտրանք ունեինք՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը: Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել: Ելույթների ժամանակ յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր հիմնավորումը՛՛, -ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պարտադիր կուտակային բաղադրիչը որևէ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կամ օրենքով չի կարող ամրագրվել
Անցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ԱԺ ներկայացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այդ նոր նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ, մտքեր ու մեկնաբանություններ են հնչում, որոնք հաճախ հակասական ու շփոթեցնող են: Ուստի, մեկնաբանություն ու պարզաբանում ստանալու ակնկալիքով, «Անկախը» դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը «Պարտադիր կուտակայինի» դեմ հանդես եկող ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր, ՍԴ-ում այդ օրենքի դեմ հանդես եկող կողմ էր:
– Պարո՛ն Մինասյան, խնդրում ենք պարզ ներկայացնել` ի՞նչ նախագիծ էր դա, ի՞նչ ամրագրվեց, ի՞նչ նորություն ունի և ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին ընկալի այդ նոր նախագիծը:
– Հայտնի է, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո խնդրի լուծումը երկու փուլի բաժանվեց: Առաջին փուլը, այսպես կոչված, միջանկյալն է, այսինքն` մինչև օրենսդրության ամբողջական վերանայումը: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով քաղաքացու կամարտահայտությունը պետք է հաշվի առնվեր և, ըստ էության, պարտադիր բաղադրիչը վերածվեր կամավորի կամ քաղաքացու կամարտահայտությունը նկարագրող մոտեցման:
Նախագիծը, որ ԱԺ-ում երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց և հիմա գտնվում է նախագահի մոտ` ստորագրման փուլում, անդրադառնում է հենց այս հարցին: Հստակ գրված է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին, իրենց գրավոր կամարտահայտությունը դիմումի տեսքով, առձեռն կամ փոստային առաքմամբ ներկայացնում են գործատուին, որի դեպքում քաղաքացու այդ, ինչպես նաև դրան հաջորդող ամիսների համար որևէ կուտակային վճարի պահում չի կատարվում:
Եթե գործատուն դիմումի ներկայացման նախորդ ամիսների ընթացքում չի փոխանցել գումարները, այդ դեպքում դրանք նույն դիմումի հիման վրա հետ են վերադարձվում քաղաքացիներին, և որևէ պարտավորություն թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի համար չի առաջանում:
Երկրորդ կարևոր արձանագրումն այն էր, որ հունվարի 1-ից հետո առաջացած որևէ հարաբերության համար, որում գործատուն պետք է պահեր ու փոխանցում կատարեր, որևէ պատասխանատվություն չի առաջանում, ու եթե որևէ ձևով գործատուի նկատմամբ նման տույժ-տուգանք է հաշվարկված, բոլորը զրոյացվում են:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ գործատուն ցանկացած ժամանակ իր կողմից ներկայացված հաշվետվություններում ճշգրտումներ է կատարում` ելնելով հենց այդ հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը համաձայնե՞լ է, տվե՞լ է որևէ դիմում, թե՞ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
– Այսպիսով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ ոչ:
– Սա անցումային փուլի շրջան էր` կարգավորման հատված էր, որը, սակայն, չի նշանակում, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Խնդիրն ամբողջությամբ կլուծվի, երբ ամբողջ օրենսդրությունը վերանայվի: Ըստ էության, ՍԴ որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրեսնդրության հիմնական դրույթները: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը նոր օրենսդրական որևէ նախաձեռնության մեջ, որևէ օրենքով չի կարող ամրագրվել, քանի որ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել: Մյուս կողմից` որևէ նման իրավական ակտի ընդունումն ինքնին իրավաբանական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, այն չի կարող նաև գործադրվել: Իսկ դա գործադրող որևէ պաշտոնատար անձ պետք է պատասխանատվություն կրի քրեական հանցագործության շրջանակներում և քրեական օրեսնգրքի համապատասխան հոդվածի համաձայն` նա կդիտվի որպես պաշտոնական լիազորությունները չարաշահած անձ:
– Ճի՞շտ հասկացա, ներդրվել է ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, այլ ընդամենը կուտակայի՞ն:
– Այս անցումային փուլում ներդրված է քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնող կուտակային համակարգ, որտեղ պարտադիր բաղադրիչը, ըստ էության, վերածվել է կամավորի:
– Դա լա՞վ էր, այսինքն` ա՞յն էր, ինչի համար պայքարում էիք:
– Առաջին` միջանկյալ, անցումային փուլում սա այն նվազագույնն էր, որի ակնկալիքները կային: Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահպանված են: Մասնավորապես` այն աշխատողների մասով, որոնց գումարներն արդեն իսկ գտնվում են կենսաթոշակային ֆոնդերում, այդ գումարների վերադարձի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն նոր վերանայվող փաթեթով, որն ամբողջությամբ շուրջ 130 իրավական ակտերի ամբողջություն պետք է լինի:
– Մտավախություն չկա՞, որ նույն գործատուները, զուտ վարչական կամ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, կարող են աշխատողներին ստիպել պարտադիրից հրաժարվելու դիմումներ չգրել:
– Այդ մտավախությունը միշտ պահպանվում է, սակայն պետք է միշտ հաշվի առնել 2-3 կարևորագույն հանգամանք: Առաջին` գործատուի տնտեսական շահագրգռվածությունը ո՞րը պետք է լինի, որ իր աշխատողին վնա՞ս պատճառի: Երկրորդ` գործատուն այս դեպքում պետք է պատրաստ լինի առնվազն պատասխանատվություն կրելու` թե՛ քաղաքացիա-իրավական, թե՛ վարչա-իրավական, թե՛, առանձին դեպքերում, քրեական բնույթի:
Եվ, վերջապես, երրորդ կարևորագույն հանգամանքը` եթե նման դեպքեր լինեն, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր մասնակցությամբ արագ կհարթվեն: Եթե հանկարծ նման երևույթները լինեն զանգվածային բնույթի, ապա արտահերթ նիստի միջոցով օրենքի առավել խստացնող նորմերի ընդունումը կդառնա հրատապ: Այդ դեպքում հատկապես քաղաքական չորս ուժերը պատրաստ են կոնկրետ քայլեր իրականացնել:
– Գործողությունների հաջորդ փուլը ո՞րն է լինելու:
– Ներկայումս ընթացքի մեջ օրենսդրական ամբողջական վերանայման փուլն է: Սա, փաստորեն, նշանակում է, որ պարտադիր կուտակայինի դեմ ձևավորված շարժումն ավելի պետք է ակտիվանա, և կարծում եմ, որ շարժումը պետք է ունենա հստակ սկզբունքներ, թե ինչ համակարգ պետք է կառուցվի և այդ սկզբունքներին ինչպես պետք է համապատասխանի:
Այդ սկզբունքներով արդեն կառավարությունում ձևավորված համապատասխան աշխատանքային թիմը պետք է փորձի համակարգը փոփոխել դրան համապատասխան, որում, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պարզապես չի կարող պարտադիր բաղադրիչը լինել:
Սա նշանակում է, որ շարժումը մտնում է նոր փուլ, այն է` պահանջատիրական փուլը, թե համակարգն ինչ պայմանների պետք է բավարարի կամ ինչ պետք է իր մեջ ներառի կամ չներառի:
Ասեմ նաև, որ մեր խմբակցությունն ակտիվ մասնակցելու է վերանայման գործընթացին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մասնագետ թեկնածուներին այդ խմբում ընդգրկվելու համար, որոնք նաև պետք է ապահովեն «Դեմ եմ!» շարժման պահանջների իրացումը:
Մենք չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ. Արամ Մանուկյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի
վերաբերյալ իր ելույթում պատասխանեց Կառավարության այն մեղադրանքին,
թե ՀԱԿ–ը չի ցանկանում համագործակցել Կառավարության հետ և որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում: Այս մասին Արամ Մանուկյանի և, առհասարակ, ՀԱԿ խմբակցության կարծիքը հստակ է. ՛՛Մեր պատասխանը հետևյալն է, մենք քաղաքական թիմ ենք և մեր քաղաքական
թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առաջ կանգնած
խնդիրները: Մենք չենք վստահում այն Կառավարությանը, որ նշանակվել է ոչ
օրինակարգ իշխանության, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում համգործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ
անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ, քանի որ
ՙՄարտի 1-ը դեռևս կա, Մարտի 1-ի չպատժվածները դեռևս կան, գոյություն ունեն, և Հայաստանը լքում են մարտի մեկի տուժածները, քաղբանտարկյալները, Հայաստանը դատարկվում է: Դուք անընդհատ արդարության, հանդուրժողականության մասին եք խոսում, իսկ իրականում դեպքերը կան և շատ կոնկրետ են, դուք ուղղակի պաշտպանում եք որոշակի մարդկանց շահեր՛՛,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արամ Մանուկյանը:
Ընդդիմության մի մասն ասում է՝ մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ այն քաղաքական ուժերին, որոնք հրաժարվում են համագործակցել կառավարության հետ: Նա գրեթե մեղադրեց ընդդիմությանը այդ քաղաքականության համար. ՛՛Մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր՝ Կառավարության ծրագիր, որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու: Բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ-ի գլխավոր քաղաքական ամբիոնն է, և պատգամավորների ու գործադիր նպատակն իրար վիրավորելը չպիտի լինի: Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է պլինտուզից ցածր մակարդակի մասին նրանց, ովքեր դրա մասին էին խոսում: Լավ ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել: Եթե ձեզ թվում է՝ նույն անհեթեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունն ու հարգանքը ավելանալու են, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ: Բարձր բառերով ժողովրդի մատից փուշ չեն հանում, և այսօր պետք է քննարկել քաղաքական շեշտադրումերով ծրագրի առաջնահերթությունները: Մենք ականջալուր ենք, ի տարբերություն ձեզ, ականջալուր ենք առողջ և ողջամիտ ծրագրերին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին: Ողջունում եմ այն ընդդիմադիրներին, ովքեր այստեղ կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր Կառավարության արձանագրած հաջողությունները: Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք՛՛, – ասաց Էդուարդ Շարմազանովը ու ևս մեկ անգամ շեշտեց, որ Կառավարության ծրագիրն իրատեսական է, այնտեղ անդրադարձ կա բոլոր ոլորոտներին:
՛՛Ես սպասում էի, որ այստեղ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, բայց մի մասն ասում է՝ ինչ ուզում եք արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, է մի համագործակցեք, մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին, ձեզ եք վատություն անում: Քաղաքական նման պահվածքը խոսում է փաստերի բացակայության մասին: Խոսում է, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ՛՛, – եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:
Հովիկ Աբրահամյանը Սինգապուրի վարչապետի օրինակով է սկսելու իր մերձավորներից
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք նպատակ են դրել հարկային դաշտը դուրս բերել ստվերից: Դիտարկմանը, որ նա հայտարարել է, թե սկսելու է իր մերձավորներից, Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. «Երբ Սինգապուրի վարչապետին հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից»։
Վարչապետը կրկնեց նաև իր այն միտքը, որ երբ պետական պաշտոնյան բիզնեսով զբաղվի, ապա պետք է հրաժարվի իր պաշտոնից, քանի որ դրանք անհամատեղելի են:
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լուրերին և այն հարցին, թե պատրա՞ստ է ստուգել նրա ունեցվածքը, ասաց՝ այո:
«Վարչապետերի ակումբ»-ի մասին հարցին ի պատասխասն՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս պետք է մտածեն ձևաչափի մասին, իսկ գաղափարը նրա կարծիքով ճիշտ է, քանի որ կան նախկին վարչապետեր, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, և պետք է այդ ռեսուրսն արդյունավետ օգտագործել:
«Նաիրիտի» վերագործարկման հարցի վերաբերյալ նա ասաց, որ խնդիրը բավականին բարդ է, և պետք է այդ հարցով ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի և որոշում կկայացնի՝ հնարավո՞ր է արդյոք «Նաիրիտը» վերագործարկել, թե ոչ։
Ինչ վերաբերում է նրա կողմից հայտարարված պարտադիր, բայց ոչ պարտադրված արտահայտությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բացատրությունն օրենքի փաթեթում կլինի:
«Ստեղ բազառ չի, արա՛». Փաշինյանը՝ Շմայսին
Նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անխնա քննադատության ենթարկեց կառավարությանը՝ մասնավորապես դրա ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:
«2011 թվականի նոյեմբերի ինին Սերժ Սարգսյանն ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը՝ նշելով, որ մենք կանգնած ենք նոր սկզբի առջև, և որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակրգից»,-այսպես սկսեց իր ելույթը պատգամավորը:
Այս հայտարարությունից երկու տարուց մի քիչ ավելին է անցել, սակայն, ըստ Փաշինյանի, այսօր ձևավորվել է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ անձանց քսանյակին, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը լավագույն եռյակի հավակնորդներ են:
«Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ»,-սկսեց թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը Փաշինյանը:
Անցնելով Դավիթ Հարությունյանին՝ նա նշեց, որ վերջինս այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, թե վերջին քսան տարիների ընթացքում եղել է ոչ թե պետական պաշտոնյա, այլ անշարժ գույքի գործակալ:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում. «Ինչի մասին խոսում ես, ասում են՝ Գագիկ Խաչատրյանինն է: Որ ասում եք, կոռուպցիա, կոռուպցիա, ձեզ թվում է՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի է՞: Հե՛սա կոռուպցիան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած իր հարցուպատասխանին, որտեղ Աբրահամյանն իրեն ասել էր, թե մի ընտանիք էլ չի կարող պահել, Փաշինյանն ասաց. «Ճիշտ է, երբ ես ընդհատակում ու բանտում էի, իմ ընտանիքն էր ինձ պահում: Մարդ ձե՛ր նման պետք է ընտանիք պահի, որ հարազատաներն ու բարեկամները դառնան պատգամավոր միլպետ, գործարար ու միլիոնատերեր: Ձեր լավ պահած ընտանիքների հաշվին է, որ Հայաստանում 200 հազար ընտանիք էլ աղքատ է ու հացին կակա է ասում»:
Այստեղ արդեն հանրապետական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նյարդերը տեղի տվեցին կամ էլ նա ցանկացավ արջի ծառայություն մատուցել նորանշանակ վարչապետին և սկսեց տեղից գոռգոռալ ու հակադարձել Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանն էլ, հունից դուրս գալով, բղավեց. «Ստեղ բազառ չի, արա՛»:
Այնուհետև, անցնելով Հովիկ Աբրահամյանին, Փաշինյանը նրան խորհուրդ տվեց զբաղվել պոմիդոր աճեցնելով, քանի որ, ինչպես երևում է, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում:
Փաշինյանը չխնայեց նաև Գալուստ Սահակյանին՝ հիշեցնելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հետ իր հարցուպատասխանի ժամանակ միջամտել էր և իր հասցեին թույլ էր տվել «չարաճճիություն» արտահայտությունը: «Եթե դուք թոթովախոս եք և բառերը դժվարությամբ եք իրար կապում, ապա դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք Ազգային ժողովի հետ»:
«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»-արձագանքեց Գալուստ Սահակյանը:
«Կառավարության այս ծրագրից ծրագրի հոտ է գալիս». Հրանտ Բագրատյան
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նոր կառավարության ծրագրի մասին իր ամփոփիչ ելույթում նախ քննադատեց նախորդ կառավարության գործունեությունը՝ նշելով, որ վեց տարի կորցրել ենք, ապա ավելացրեց, որ առաջին անգամ կառավարության ծրագրում կան կետեր, որոնց համար պայքար է եղել քսան տարի, և որ այս ծրագրից իսկապես ծրագրի հոտ է գալիս:
Հրանտ Բագրատյանին դուր է եկել կառավարության ծրագրում առկա այն դրույթը, որ սահմանին ԱԱՀ-ն դուրս չի գրվելու, Համահայկական ներդրումային հիմնադրամի և միջոցների գեներացման հետ կապված դրույթը, կոոպերացիայի ստեղծումը՝ չնայած որ նա դեմ է հողերի խոշորացմանը, փոխարենը՝ կողմ փոխկոոպերացիայի գաղափարին. «Օրինակ, պիտի կարտոֆիլ արտադրող գյուղում ստեղծենք նաև օսլա արտադրող ընկերություն: Դա կոչվում է փոխօգնության կոոպերացիա»,-բացատրեց նա: Բագրատյանը դրական է գնահատում նաև գյուղացիության ապահովագրության և գյուղմթերքների սուբսիդավորման հետ կապված դրույթները: Որպես թերություն պատգամավորը համարում է այն, որ ծրագրում լուծված չէ միկրո, փոքր և խոշոր բիզնեսների հարկերի խնդիրը, մինչդեռ, ըստ նրա, շատ հեշտությամբ կարելի է այս երեք ոլորտը ներդաշնակեցնել: Թերի է նաև նվազագույն աշխատավարձի հետ կապված խնդիրը: Պատգամավորը գտնում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 45 տոկոսը և պետք է հարկվի: Տարեկան հայտարարագրին վերաբերող դրույթում Բագրատյանն առաջարկում է մտցնել պարզեցված հարկ կամ կիրառել համատարած հայտարարագիր ամբողջ ժողովրդի համար: Թերություններից մեկն էլ, ըստ Բագրատյանի, պարտադիր կենսաթոշակային համակարգի չլուծված խնդիրն է. «Պետք է անկեղծ խոսենք, ի՞նչ եք անելու սա: Կան լուծումներ, բայց ստացվում է, որ մեկը քարը գցել է փոսը, հիմա չենք կարողանում հանել»: