Ռուսաստանը Հայաստանին. Կա՛մ բաժանվում ենք, կա’մ մտնում ես «չուլան»

Երվանդ ԲոզոյանՀայաստանը կարող էր խուսափել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն` կամուրջ հանդիսանալով երկու կառույցների` Մաքսային միության և Եվրամիության միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլը 1990-ական թվականներն են, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ: Երկրորդ փուլը 2000-ական թվականներն էին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան:
«Ես համոզված եմ, որ 10-ը տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արևմտյան երկրների հետ: Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել, որ միանում է Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն և, քանի որ Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
«Այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ հավատարիմ է Ռուսաստանին: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Հայաստանը չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անկախ

Հակառակորդի գնդակից վիրավորված այգեպարցի Լիանան դեռևս դպրոց չի գնում

4569301382337439Հունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով ոտքից վիրավորված 16-ամյա այգեպարցի Լիանան դուրս է գրվել Բերդի հոսպիտալից: Նրա հայրը` Դավիթ Անիկյանը, “Անկախ”-ի թղթակցին հայտնել է, որ դուստրը, թեև ցավեր չունի, բայց դեռևս ինքնուրույն ազատ չի կարողանում քայլել, այդ պատճառով դպրոց էլ դեռ չի գնում: Այնուամենայնիվ, Դավիթ Անիկյանն ասել է, որ դուստրն աստիճանաբար ապաքինվում է, շուտով կկարողանա ինքնուրույն քայլել: Լիանայի հայրը նաև Այգեպարի գումարտակի հրամանատարն է: Նա  նշել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին հրադադարի խախտումներ չեն գրանցվել:

 

Անկախ

«Թուրքիան ֆրանսիայի հետ հարաբերություններում միակ խոչընդոտը համարում է «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» օրինագիծը». թուրքագետ

Կարեն ՍիրունյանըԹուրքական մամուլը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցելությունը ներկայացնում է որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների վերականգնման փորձ: Թուրքական մամուլն ամեն կերպ փորձում է Օլանդի այցելությունը իրեն ցանկալի հունով տանել: Թուրքական իշխանությունները գտնում են, որ Ֆրանսիան ցանկանում է վերականգնել այն ջերմ հարաբերությունները, որ պատմության ընթացքում եղել են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև: Այստեղ Թուրքիան որպես միակ խոչընդոտ դիտարկում է Ֆրանսու Օլանդի կողմից “Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող” օրինագիծը առաջ քաշելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով թուրքական մամուլում տարածված լուրերը՝ ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը:

Ըստ թուրքագետի՝ թուրքական մամուլում մշտապես շեշտադրումներ են կատարվում այն փաստի վրա, որ Ֆրանսիայի Սահմանադրությունը ժխտել է “Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող” օրինագիծը չեղյալ հայտարարելը, և շեշտում է, որ միևնույնն է Ֆրանսուա Օլանդի՝ օրինագծի վերաբերյալ կատարած երկրորդ քայլը ևս դիտվելու է հակասահմանադրական:

“Թուրքիան ամեն կերպ փորձում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրքական իշխանություններն իրենց ողջ ուշադրությունը կկենտրոնացնեն 100-ամյակի միջոցառումների վրա: Այս ֆոնին կարող են ակտիվանալ նաև Թուրքիայի քրդերը, և իրենց ուժերը օգտագործել Թուրքիայում գործունեություն ծավալելու համար, ինչը կարող է տարածաշրջանում իրադրությունը փոխել”,- ասաց Կարեն Սիրունյանը:

Անկախ

 

Անկախ

 

 

 

“Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, սիրիական իշխանությունները հնարավոր է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը”. պատմաբան

Գևորգ ՄելքոնյանԱնցած շաբաթը բավական բուռն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Վերջերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Սիրիայում կատարվածը համեմատեց 1915 թվականին հայերի և ասորիների հետ կատարված ցեղասպնաթյան հետ:
Սակայն պետք է նկատել, որ մինչև 2011 թվականը Սիրիայի իշխանությունները շատ զսպված քաղաքականություն էին վարում Հայոց ցեղասպանության հարցում, կային որոշ սահմանափակումներ, Սիրիայի նախագահը կոչ էր անում հայերին հաշտվել Թուրքիայի հետ, Սիրիայում խուսափում էին թույլ տալ մեծ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցներին: Այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սիրիայի քաղաքականության կտրուկ փոփոխությունը հատուկ նպատակ է հետապնդում: Երբ Թուրքիան սկսեց անմիջականորեն միջամտել Սիրիայում կատարված դեպքերին, սիրիական իշխանությունները կտրուկ փոխեցին իրենց քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
“Ես կարծում եմ, որ Սիրիայի այս քաղաքականությունը Թուրքիային ճնշելու նպատակ է հետապնդում, և Սիրիան այսպես շարունակելու է այնքան ժամանակ, մինչև որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը սիրիական դեպքերի վերաբերյալ: Եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է, որ Սիրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”,- ասաց Գևորգ Մելքոնյանը՝ հավելելով, որ անգամ Գերմանիան, որ հարյուրամյակներ եղել է Թուրքիայի գլխավոր դաշնակիցը, կոչ է անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Ստացվում է, որ այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի այդքան մեծ համայնք և մի շարք արտոնություններ, դարձյալ Հայոց ցեղասպնության ճանաչման խնդիր ունի:

Անկախ

«Այնպիսի կոնֆլիկտներ, ինչպիսին Ղարաբաղյանն է, 2-3 տարում չեն լուծվում, դրանք ձգվում են սերունդներով» Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր ԻսկանդարյանՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի փոփոխություն չի սպասվում: Միսկի խմբի հիմնական խնդիրը այս փուլում բանակցային գործընթացի պահպանումն է, ինչն էլ ստատուս-քվոյի պահպանման ձևաչափերից մեկն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորումից` ասաց Կովկաս ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում շփման գծում ստեղծված լարվածությանը` քաղաքագետը նշեց, որ սադրանքները իրականացվում են Բաքվի ուղիղ հրամանով: Ադրբեջանական կողմը նման քայլերի գնալու հստակ դրդապատճառ ունի, և դա անկասկած լարվածության պահպանումն է:

«Ես գրեթե ի սպառ բացառում եմ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ է վերսկսող կողմը ցանկալի է 80, իսկ ամենաքիչը 50-60 %-ով վստահ լինի իր իրական հաղթանակին: Ղարաբաղում նման հավանականությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բացառվում է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` ղարաբաղյան հարցը կշարունակի մնալ անլուծելի, այդպիսի կոնֆլիկտները չեն լուծվում 2-3 տարում, դրանք ձգվում են սերունդներով:

Անդրադառնալով այն մշտապես հավասար գնահատականներին, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում, քաղաքագետը նշեց, որ դա բնական գործընթաց է:

«Մինսկի խմբի համանախագահների նպատակը Մովսես Առաքյալ լինելն ու ճիշտը ասելը չէ: Նրանց նպատակը գործընթացի շարունակականության ապահովումն է»- ամփոփեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 Անկախ

Կաշառքի պահին ձերբակալված ոստիկանները հետապնդել են Շահեն Հարությունյանին. Հայելի

շահեն հարությունյանՀայելի.am-ի տեղեկացմամբ՝ խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնված ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը հենց այն ոստիկաններն են, ովքեր հունվարի 10-ին հետապնդել են Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին:   Այս մասին «Հայելի» ամումբի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզան Բադալյանը:   «Կաշառքի պահին ձերբակալված ոստիկանները հետապնդել են որդուս»,- հայտարարեց նա:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:

Անկախ

Գալուստ Սահակյանը մի լավ գովեց Արամ Մանուկյանին

Galust-Sahakyan1ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գազի հետ կապված քննարկումների ժամանակ առավել ընդունելի է համարել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտեցումները. «Արամը որպես քաղաքական գործիչ մի քանի հարկ ձեր ասած անձից (խոսքը վերաբերում է Լևոն Զուրաբյանին) շատ ավելի բարձր է իր ծառայություններով և այն ժամանակ էլ, այսօր էլ խոսում է այն մասին, ինչին հավատում է: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել և ինչ որ դիվիդենտներ շահել: Արամի խոսքն ինձ համար, իհարկե, ընդունելի չէ, բայց գոնե ազնիվ է, իր ներաշխարհին համապատասխան»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա:

Անդրադառնալով ընդհանրապես ՀԱԿ-ին` Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այնտեղ բավականին լուրջ քաղաքական գործիչներ կան. «Բայց մնացածները շղարշի հետևում թաքնված մարդիկ են, որ չգիտեմ, ինչ են ցանկանում, ինչ են որդեգրել և ինչ ճանապարհ են անցել»:

Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, ապա Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս. «Էներգակիրները շատ թանկ են Հայաստանում, չի կարելի կրակի վրա անընդհատ բենզին լցնել: Մի անգամ արդեն պատասխանել եմ: Եթե երկրում աշխարհի մակարդակով քաղաքական և տնտեսական պայմանները կային, բայց կառավարությունը չկարողացավ կատարել, բնականաբար, էստեղ խնդիր կառաջանա: Բայց դա մեր լուծելու խնդիրն է»,-ասած նա:

 

Անկախ 

«Թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով». Նաիրա Զոհրաբյան

arm138381846827

«Եթե նախաձեռնությունն ընդամենը հերթական իմիտացիան է լինելու գոլորշի բաց թողնելու համար, ապա մենք կքննարկենք` ընդհանրապես արժե՞ միանալ այդ նախաձեռնությանը թե ոչ»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ իշխանությունները նույնպես մտադիր են գազի հարցով հանձնաժողով ստեղծել:

Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ իրենք որևէ ամբիացիա չունեն, և եթե նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայման գործող իշխանությունները լինեն, ապա. «Քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:

Կարևորը, ըստ նրա, հանրության և քաղաքական ուժերին հուզող խնդիրները բարձրացնելն ու քննարկելն է:

Անդրադառնալով մյուս երեք ոչ իշխանական խմբակցությունների հետ իշխանափոխության հարցի շուրջ քաղաքական օրակարգ ձևավորելուն` ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Սակայն մենք առաջնորդվում ենք փոքր քայլերի սկզբունքով: Եկեք առաջ չընկնենք ու չբացահայտենք, թե ինչ ենք  պատրաստվում անել»:

Ի դեպ, նա նշեց, որ փետրվարի 15-ին տեղի ունենալիք ԲՀԿ համագումարից հետո հանրությանը հուզող շատ ու շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանները:

 

Անկախ

«Իշխանափոխության գաղափարը պետք է հասունանա». Արմեն Ռուստամյան

загруженное (1)ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իշխանությունները նույնպես պատրաստվում են գազի հարցով հանձնաժողով ստեղծել, ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ առումով խնդիր չունենք, որովհետև ավելի լավ է` ինչ որ քայլ կատարվի, քան էսպես ամեն ինչ փակուղի մտնի»:

Դիտարկմանը, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն անընդհանտ խորհրդարանում հանդես են գալիս միասնական  հարցերով, սակայն որևէ արդյունքի չեն հասնում և հարցին, թե հնարավո՞ր է, որ չորս խմբակցւթյունների միասնական օրակարգ մտնի իշխանափոխության հարցը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք ենթադրում ենք, որ մեր նախաձեռնությունները նման արձագանք կարող են ստանալ, բայց դրանք ուղղված են ոչ միայն մեծամասնությանը, այլև մեր ժողովրդին, հասարակությանը, որպեսզի տեսնեն` ինչն ինչոց է»:

Դա, ըստ նրա, կարող է իր արդյունքը տալ. հասարակությունը, տեսնելով, որ ցանկացած հարց` անգամ ամենաանմեղ հարցը, մերժվում է իշխանությունների կողմից, առաջ կբերի հարցերի լուծման միակ` իշխանություններին փոխելու տարբերակը:

«Սա պետք է հասունանա, պետք է պարզ երևա, որ այդ խնդիրը դառնում է գերակա: Չեմ կարծում, որ այս ամենը, կուտակվելով, իր արդյունքը չի տալու»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այսօր հասարակության մեջ դեռևս կան իշխանություններին հավատացողներ, որոնք ունեն սին պատրանքներ, և նման քննարկումները կբերեն նրան, որ նրանց հավատացողների շրջանակն այնքան կփոքրանա, որ կսահմանափակվի միայն իշխանավորներուվ ու իրենց մոտիկ-հարազատ-բարեկամներով: «Մեզ մոտ կա իշխանափոխության գաղափար, բուն  նպատակը բոլորը ունեն, սակայն դեռևս համաձայնությունների դաշտ կա` ինչ ձևով, ինչ բովանդակությամբ և ամենակարևորը` ինչպես անել, որ իշխանությունները փոխելուց հետո նույն իրավիճակը չկրկնվի, և նոր եկողները արագորեն չմոռանան, թե ինչի համար էին եկել իշխանության»:

 

Անկախ

Ռուբեն Հակոբյանը կոչ արեց դիմել դատարաններ, եթե աշխատավարձերից պահումներ են արվել

arm139005037526ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Անկախ»-ի հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային պարտադիր վճարները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ և դրան զուգահեռ իրականացվող համատարած պահումները քաղաքացիների աշխատավարձերից ի՞նչ հետանքներ կարող են ունենալ, և արդյոք քաղաքացիները կարո՞ղ են պաշտպանել իրենց իրավունքները դատարանում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մինչև Սահմանադրական դատարանի որոշումը` մարտի 28-ը, պարտադիրը հանված է, բայց ցավոք սրտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկումների ժամանակ մի եզրույթ օգտագործեց, որ պարտաճանաչ գործատուները փոխանցումներ են կատարում: Դրանք անպարտաճանաչներն են»,-ընդգծեց Հակոբյանը` կոչ անելով քաղաքացիներին դիմել դատարաններ, եթե առանց իրենց համաձայնության աշխատավարձերից փոխանցումներ են կատարվում կենսաթոշակային հիմնադրամներին:

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ այս երևույթը լռելյայն չի անցնի, և շուտով դատարանները կհեղեղվեն համապատասխան բողոքներով. «Մենք էլ շատ սկզբունքորեն կպաշտպանենք բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք կդիմեն դատարան»,-ավելացրեց նա:

Ողջունելով երեկ տեղի ունեցած «Դեմ եմ» շարժման բողոքի երթը` պատգամավորը մեկ անգամ ևս ընգծեց այն հանգամանքը, որ աննախադեպ է, երբ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը կարողանում են հանդես գալ միասնական օրակարգով:

 

Անկախ

«Ժուլիկ նախարար, բութ մեծամասնություն». Լևոն Զուրաբյանի պատասխանը

Լևոն-Զուրաբյան11Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ արդարադատության նախարարին ուղղված իր հարցի պատասխանին, որտեղ վերջինս պատգամավորին մեղադրել էր տարրական գիտելիքներ և տրամաբանություն չունենալու մեջ:

Հիշեցնենք, որ Զուրաբյանի հարցը վերաբերում էր Որոտանի կասկադի վաճառքին:

«Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման և օգտագործման իրավունքները Հռոմեական իրավունքի ժամանակներից պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չէ, այլ պետությունն է»,-առաջին հակափաստարկը բերեց Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նախարարի այն խոսքին, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել` հղում կատարելով կորպորատիվ իրավունքին, Զուրաբյանը նախ հիշեցրեց, որ ինքն էլ  գիտի, թե ինչ բան է կորպորատիվ իրավունքը և ի տարբերություն «այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որն այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված», ինքը դա սերտել է Միացյալ նահանգներում:  Զուրաբյանը հղում կատարեց Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական օրենքին` ներկայացնելոով իր հիմնավորումները, որ առանց կառավարության որոշման նման գործարք հնարավոր չէր անել, և որ Թովմասյանն ուղղակի ստում է:

Սակայն, եթե անգամ ընդունվել է գաղտնի որոշում, միևնույնն է, Զուրաբյանը կարծում է, որ  խախտվել է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքը, ըստ որի ցանկացած պետական գույք ենթակա է մասնավորեցման միայն ԱԺ-ի կողմից հավանություն ստանալուց հետո: Կամ էլ Հրայր Թովմասյանը հնարել է ցանկացած պետական ձեռնարկության մասնավորեցման համար հանճարեղ մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել Ազգային ոժղովն ու համապատասխան օրենքը:

«Այս հանգամանքը ցույց է տալիս, որ որ նա վարվել է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որն օրենքի սողանցքն օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերի կողմից համատեղ նախաձեռնություններով հանդես գալու, սակայն որևէ արդյունքի չհասնելու փորձերին, ՀԱԿ պատգամավորը դա բացատրեց հետևյալ հանգամանքով` խորհրդարանական բութ մեծամասնության և կառավարության, որն անում է այն, ինչ ուզում է:

 

Անկախ

«Նույնիսկ հայերը չգիտեն, թե ազատության ի՞նչ շրջանակներում Եվրամիության հետ համագործակցեն». Բորիս Նավասարդյան

Հայաստան-ԵվրամիությունԱսոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: Հայաստանը Եվրամիության հետ ուզում է հարաբերվել Ասոցացման համաձայնագրից քիչ, բայց գործընկերության պայմանագրից ավելի ձևաչափով: Բայց խնդիրն այն է, որ այս ձևաչափը որևէ պայմանագրային իրավական բազա չունի: Այն մեծ աշխատանք է պահանջում նախևառաջ Հայաստանից, որովհետև Եվրամիությունն այս շրջանում զբաղված է Ուկրաինայով: Արդեն Ասոցացման համաձայնագիրը, Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները երկրորդական են, կարևորն այնտեղ իրավիճակի կայունացումն է:  Եթե այսպես շարունակվի, Ուկրաինան տնտեսական լուրջ խնդրի առաջ կկանգնի: Խնդիրը նաև այն է, որ որևէ մեկի կողմից Յանուկովիչն արդեն վստահության չի արժանանա: Այս ֆոնին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են անորոշ մնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով` Եվրամիությունը Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնում, քանի որ չգիտի, թե հայերն ինչի՞ են պատրաստ:

«Նույնիսկ հայերը չգիտեն, թե ազատության ի՞նչ շրջանակներում Եվրամիության հետ համագործակցեն, որ չզայրացնեն Ռուսաստանին: Միակ ելքն այն է, որ իշխանությունը երկխոսի անկախ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության հետ, քանի որ ո’չ մենք, ո’չ էլ եվրոպացիները չենք հավատում, որ այդ երկխոսության բացակայության պայմաներում բարեփոխումներ կլինեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

 Անկախ

Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունն այսուհետ կքննարկվի խորհրդարանում

ազգային-ժողով7Խորհրդարանում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի նպատակը դատախազության գործունեության հրապարակայնության և Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումն է:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը. «Նախագծի նպատակը հետևյալն է. եթե նախկինում հաշվետվություններն ընդամենը ուղարկում էին Ազգային ժողով, և Ազգային ժողովն ընդամենը հրապարակում էր, հիմա մենք առաջարկում են հրապարակային քննարկում` հարցուպատասխանի ձևով, որպեսզի պատգամավորներն էլ կարողանան իրենց տեսակետներն արտահայտել»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով: Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում:

Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նստաշրջանում գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովում հաշվետվությամբ հանդես գալու հարցը բարձրացվում էր ընդդիմության կողմից: Մասնավորապես, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր, որ նրա մասնակցությամբ խախտվում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, քանի որ գլխավոր դատախազը խորհրդարանում հանդես չի գալիս տարեկան հաշվետվությամբ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ չի սահմանում գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հանդես գալու պահանջը, ապա ավելացրել, որ իր կողմից այդ հարցը բարձրացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առջև, և ամեն ինչ արվելու է, որ գլխավոր դատախազը հանդես գա հաշվետվությամբ:

 

Անկախ

«Եթե ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի ունենա, այն կանդրադառնա տարածաշրջանի ռազմական բալանսի վրա».Սերգեյ Մինասյան

Սերգեյ ՄինասյանՄենք ունեն մի իրավիճակ, երբ թե’ Մաքսային միության հետ գործընթացները, թե’ Եվրամիության հետ նոր ձևաչափի գործընթացները զուգահեռ տեմպերով են առաջ գնում: Հայաստանը դեռ պարզ չի պատկերացնում, թե ի՞նչ ձևաչափով կհամագործակցի Եվրամիության հետ, հստակություն չկա նաև Մաքսային միության հետ համագործակցության ժամկետների և պայմանների մասով: Բայց փաստ է, որ այս տարվա ընթացքում բավական լուրջ զարգացումներ են սպասվում անվտանգության ոլորտում, որը կապված է առաջին հերթին ռազմատեխնիկական համագործակցության հետ: Եթե այդ համագործակցությունը տեղի ունենա, այն աննախադեպ ձևով կանդրադառնա տարածաշրջանի ռազմական բալանսի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս արած հայտարարությանը` Սերգեյ Մինասյանը նշեց, որ `ԵԱՀԿ Մինսկի խմբից չպետք է սպասել Ադրբեջանին ուղղված կոշտ և կտրուկ հայտարարությունների, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ առաքելություն է դրված բանակցությունների շարունակական ընթացքն ապահովել:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է այնպիսի իրավիճակ չստեղծել, որը պատրվակ դարձնելով Ադրբեջանը փորձի տապալել բանակցային գործընթացը: Իհարկե, այն դիվանագիտական ձևակերպումները, որոնք մատուցվում են հանրությանը խիստ տարբերվում են Մինսկի Խմբի և կողմերի միջև եղած իրական խոսակցություններից: Բանակցությունները շարունակելու ու պահպանելու սկզբունքը թույլ չի տալիս Ադրբեջանի հանդեպ ավելի ոչ դիվանագիտական լեզու կիրառել»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ այդուհանդերձ, նախադրյալներ չկան, որոնք կարող են վկայել ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

 Անկախ

Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը

30480

Ֆեյսբուքյան էջում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձել է երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովպասյանի պատասխանին՝ ուղղված ՀԱԿ խմբակցության ղկավար Լևոն Զուրաբյանի հարցին. «Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մեր ամենագետ նախարարներից Հրայր Թովմասյանը զարմացրեց իր գիտելիքներով, ՓԲԸ-ների գույքի և բաժնետոմսերի մասին իր կարդացած «մաստեր-կլասսով» կամ վարպետաց դասերով: Փաստորեն ստացվեց, որ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ն իր գույքը վաճառելուց հետո կարող է վաճառել իր բաժնետոմսերը, բայց այստեղ մի հարց է առաջանում. քանի՞ կոպեկ արժեն Որոտանի բաժնետոմսերը, եթե նույն Որոտանի գույքը արդեն վաճառված է:

Իսկ Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն էլ իրոք աննախադեպ համեմատություն էր, որը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով Որոտանի կասկադի վաճառքի գործընթացին, ասել էր, որ կառավարությունը գործարքը կատարել է՝ շրջանցելով ՀՀ օրենքներն ու խորհրդարանը, ինչը, նրա կարծիքով, հանցագործություն է, որի համար կառավարությունը մի օր պատասխանատվություն է կրելու:

Պատգամավորի հարցին պատասխանել էր Հրայր Թովմասյանը՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ. «Անհեթեթություն ասել բարձր ամբիոնից, որևէ մեկին պատիվ չի բերում: Տարրական իրավաբանական գիտելիքների պակասն էլ որևէ պատգամավորի պատիվ չի բերում: Եթե Դուք կարդում եք, բայց չեք հասկանում, դա չի նշանակում, որ տրամաբանություն չկա: Եթե դուք այդ տրամաբանությունը չունեք՝ դա հասկանալու և ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք՝ ձեր տված հարցի պաատսխանը, ապա կընկնեք անհեթեթ վիճակում, երբ պետությունը ուզենա մեկ շկաֆ վաճառի, դիմի ձեր թույլտվությանը: Եթե ձեր համար կորպորատիվ իրավունքի տարրական, էլեմենտար գիտելիքներն ընկալելի չեն, թե ինչ է նշանակում բաժնետոմս, ինչ է նշանակում բաժնետոմսով ապահովված ապրանք, որ չի կարող նույն գույքը երկու ձևով սեփականություն լինել, դա ձեր մեղքն է: Եվ մեր երկրի դժբախտությունն է, որ դուք այս ամբիոնից կարող եք նման հարցեր բարձրացնել»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել պատգամավորներին ու կառավարության անդամներին լինել կոռեկտ, քանի ր հանրությունը նրանց է լսում:

 

Անկախ

Արամ Մանուկյանը խորհրդարանում հայոց լեզվի «բլից» դաս անցկացրեց

anc-Aram-ManukyanՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ գազի համար պայքարից հետո անցնելու է ջրի հարցին, հետո՝ լեզվի և այդպես պայքարելու է այն բոլոր երևույթների դեմ, որոնք ոտնահարելու են մեր պետականությունը:

«Այսուհետև, խնդրում եմ, հայրանունները ռուսերենով չասել, ասենք՝  Ռոբերտ Նիկոլայիչ: Ասեք՝ պարոն Նազարյան, գեղեցիկ է հնչում, չէ՞: Եկեք մեր լեզուն պահպանենք: Ո՛չ թե նախագան, այլ նախագահը, ո՛չ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ո՛չ թե գույքերը, այլ գույքը, դա արդեն հոգնակի է, ո՛չ թե հրավերքները, այլ հրավերները…Սա էլ է անկախության արժեք՝ մանավանդ, որ Մաքսային միություն դեռ չենք մտել»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև, երբ իր ելույթի ընթացքում Արամ Մանուկյանն օգտագործեց «կուկլա» բառը, Շարմազանովը նրան նկատողություն արեց՝ նշելով, թե դա էլ հայերեն չէ: Մանուկյանն էլ արձագանքեց. «Եթե դա չակերտների մեջ է ասվում, ապա կարելի է: Ինձ հետ հայերենից չեք կարող վիճել»:

 

Անկախ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

35. Minister Nalbandian received OSCE MG co-chairmenՀունվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները: Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:

Ռոբերտ Նազարյանը խորհրդարան է եկել պատասխաններով զինված

arm136988904079Խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Տարվա անելիքները ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Նազարյանին հարցերով դիմելու համար: Առաջինը հասցրել էր հերթագրվել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա Ռոբերտ Նազարյանից հետաաքրքրվեց, թե աշխարհում կա՞ որևէ այլ երկիր, որտեղ ներկրված գազի գինը սպառողներին է հասնում կրկնակի գնով, ինչպես Հայաստանում է:

Ռոբերտ Նազարյանը, որը կարծես սպասում էր այդ հարցին և իր մոտ գրավոր ուներ հարցի պատասխանները, նախ հայտարարեց, որ Հայաստանում գազի գնագոյացման մեթոդները համպատասխանում են աշխարհի լավագույն փորձին. «Երբ խոսում ենք մեր սպառողների մասին, միշտ վերցնում ենք բնակչությանը, իսկ մյուսներին` մոռանում,-ասաց Նազարյանը,- մասնավորապես գազի համակարգում ունենք երկու սպառողական խումբ` մինչև 10 000 խմ գազ սպառողներ և 10 000-ից ավելի սպառող բաժանորդներ»:

Ըստ Նազարյանի` պետք է դիտարկել սպառողական երկրորդ խմբին, որին գազը հասնում է 278 դոլարով, և մարժան կազմում ընդամենը 30 դոլար: «Մեր մեթոդիկայում ամրագրված է, որ յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է սպառի իր ստեղծած ծախսերի համար: Բնակիչների համար ծախսերն ու ներդրումերը շատ ավելին են: Չնայած որ բնակիչները մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսն են սպառում, սակայն նրանց բաժին  է ընկնում ծախսերի 60 տոկոսը»:

Այնուհետև Ռոբերտ Նազարյանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հիշեցրեց, որ երբ 1992 թվականին Էկոնոմիկայի նախարարն էր, ինքը նրանից շատ բան է սովորել` մասնավորապես այն, որ սուբսիդավորումը լավ բան է, բայց խաչաձև սուբսիդավորումը` ոչ. «Հավատարիմ մնալով այդ դասին` մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»,-ասաց Նազարյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի այլ երկրներում սպառողներին կրկնակի ավելի թանկ հասնող գազի գնի օրինակներին, ապա Ռոբերտ Նազարյանը դրանք ևս ուներ ձեռքի տակ, օրիանկ` Դանիան, Շվեդիան, Իտալիան…

Ցավոք, հայտարարվեց ընդմիջում, և Նազարյանի թվարկումը կիսատ մնաց:

 

Անկախ

 

 

Վերջ անարդար քաղաքականությանը. բողոքի ակցիա ԱԳՆ դիմաց (լուսանկարներ)

MHM84974Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն ժամանակ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ դիմաց` կոչ անելով ՄԽ համանախագահներին իրավաչափ գնահատական տալ Ադրբեջանի քայլերին:

ԱԺ մեծամասնությունը չցանկացավ բացահայտել գազի գաղտնիքը, իրենք գիտեն` ինչ են անում

5966AA1B-983B-49C4-A1C9-10CDD65FD16C_mw1024_n_sԱԺ նիստը սկսվելուն պես քվեարկության դրվեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) նախաձեռնությամբ գազի պարտքի առաջացման և գազի գնագոյացման խնդիրները բացահայտելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Մինչ այդ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` կոչ անելով մեծամասնությանը կողմ քվեարկել իրենց առաջարկին և միասին պարզել այս գործարքի հիմքերն ու պատճառները. “Երկու օր շարունակ քննարկվում է այս հարցը, որովհետև հասարակական լուրջ հնչեղցություն ունի: Ցավոք, հիմանկան հարցադրումները, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է գոյացել սպառողին հասնող 380 դոլարին համարժեք գինը, մնացին առանց պարզաբանումների: Դեմ քվերակելով այս նախագծին` դուք ուղղակիորեն և անուղղակիորեն պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա` թաքցնելու այս մութ գործարքը”,-ասաց նա:

Այնուհետև նույն կոչով մեծամասնությանը դիմեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. “Սա հնարավորւթյուն է ՀՀ կառաավարությանը, գործող իշխանությունների ցույց տալու, որ պետականության նկատմամբ պետք է վերաբերվել պատշաճ”:

Ընդդիմադիրներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. “Հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ, առավել ևս հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Կոչ եմ անում դեմ քվերակել”,-իր ոճի մեջ մնալով` հայտարարեց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությանմբ չընդունվեց:

Հիշեցնենք, որ քառօրյայի նախորդ երկու օրերին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները փորձում էին համոզել մեծամասնությանը` ընդունել հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը և միասին հասկանալ երեք պարզ հարցի պատասխան, որը իսկական հանելուկի է վերածել գազի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անկախ