Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջամտում է արցախյան հակամարտությանը

Հարութ ՍասունյանՈւշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:

Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին: Հետաքրքրական է, որ Եվրադատարանը հայկական և ադրբեջանական բողոքների վերաբերյալ  լսումներն անցկացրել է միևնույն օրը. 2010 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան դատարանը լսել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, իսկ նույն օրվա երկրորդ կեսին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

2011 թվականի դեկտեմբերի 14-ի նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը Սարգսյանի բողոքը համարեց մասամբ ընդունելի: Դատարանը մերժեց Ադրբեջանի փաստարկը, թե գործը պետք է կարճել, քանի որ դրանում ընդգրկված դեպքերը տեղի են ունեցել մինչ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վավերացումը 2002 թվականին: Ցավոք, հայցվոր Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, բայց նրա երկու երեխաները շարունակում են դատական գործընթացը: ՄԻԵԴ-ը կզբաղվի Սարգսյանի գործի քննությամբ ըստ էության 2014 թվականի փետրվարի 5-ին:

Երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը լսեց «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հակադիր գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր բողոք էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նրանք պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից, ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով:

Ադբեջանական բողոքն ընդդեմ Հայաստանի առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2005 թվականի ապրիլի 6-ին: 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը համաձայնեց գործը քննության վերցնել, համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն խոչընդոտում Եվրադատարանին զբաղվել այս վիճելի հարցով: ՄԻԵԴ-ը հերթական նիստն անցկացրեց 2014 թվականի հունվարի 22-ին` քննության առնելով հետևյալ հարցերը.

1.    Արդյոք Հայաստանն ո՞ւնի իսկական հակակշիռ Արցախի տարածքների վրա:

2.    Ադրբեջանցի վեց քաղաքացիները ունե՞ն բավարար փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց ինքնությունն ու սեփականության իրավունքը հայցով ներկայացված գույքի նկատմամբ:

3.    Պե՞տք է արդյոք ադրբեջանցի հայցվորները սպառեին բոլոր տեղական դատական ատյանները (ՄԻԵԴ-ի պահանջը) հայց ներկայացնելով Արցախի դատարաններ մինչ ՄԻԵԴ բողոք ներկայացնելը, նկատի ունենալով մանավանդ այն բարդությունը, որ Արցախը չճանաչված պետություն է:

Ահա որոշ մտորումներ ՄԻԵԴ-ի վճռորոշ դերի մասին այս երկու հակասական բնույթ ունեցող գործերում.

1. Երկու բողոքներն էլ ՄԻԵԴ են ներկայացվել գրեթե տասը տարի առաջ և պարունակում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, որոնք տեղի են ունեցել երկու տասնամյակ առաջ: Քանի որ հայ հայցվորը և ադրբեջանցի վեց հայցվորներից մեկը մահացել են անցած տարիներին, նրանցից ոչ մեկն այլևս չի տեսնի Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը: Ինչպես հայտնի ասացվածքում` «Արդարության ուշացումը`արդարության մերժում է»…

2. ՄԻԵԴ-ի ակնհայտ փորձը` միաժամանակյա քայլեր ձեռնարկելու այս երկու առանձին, բայց հակադիր գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ Եվրադատարանը փորձում է լուծել ոչ միայն այս երկու բողոքները, այլ նաև հող նախապատրաստել արցախյան հակամարտության լուծման համար, առնվազն փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունքի մասով:

Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի մինչ օրս անաչառ վերաբերմունքը հայկական և ադրբեջանական հայցվորների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Եվրադատարանն ի վերջո վճիռ կկայացնի հօգուտ երկու գործերի, դրանով իսկ դուռ բացելով երկու կողմերի փախստականների հազարավոր լրացուցիչ բողոքների առջև, որոնք նույն բախտին են արժանացել Արցախյան պատերազմի ընթացքում: Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, Եվրադատարանը կարող է սահմանել, որ այդ փախստականներին թույլատրեն վերադառնալ իրենց հայրենի տները, այսպիսով մասնակի մարդասիրական լուծում պարտադրելով անզիջում հակամարտությանը, որը երկու երկրների ղեկավարներն ու միջազգային միջնորդներն ի զորու չեն լուծել ավելի քան 25 տարի:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

«Դուք էլ, դժբախտաբար թե բարեբախտաբար, ինձ նման օպտիմիստ ու բարի եք». Բագրատյանը` Արտակ Շաբոյանին

images (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի և իր միջև նմանություն է տեսնում. «Դուք էլ, դժբախտաբար թե բարեբախտաբար, ինձ նման օպտիմիստ ու բարի եք, ինչն աշխատանքում շատ է խանգարում»,-խորհրդարանում դիմելով  ՏՄՊՊՀ նախագահին` ասաց Բագրատյանը:

Այնուհետև պատգամավորը Շաբոյանին խնդրեց ավելի կոնկրետ ներկայացնել Հայաստանի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարած ցուցանիշը, ըստ որի ԱՊՀ և Մերձբալթյան երկրների շարքում Հայաստանը տնտեսական մրցակցության և գերիշխող դիրքի առումով առաջատար է ու իր դիրքերը բարելավել է 15 կետով։ «Արդյոք կա՞ ուսումնասիրություն փոքր, միջին, մեծ ձեռնարկությունների որ հատվածն է մոնոպոլիզացված, ինչպես են բաշխվում Կենտրոնական բանկի վարկերը նույն սեկտորների մեջ: Իսկ եթե նաև ասեք, թե մոնոպոլիզացված սեկտորը ՀՆԱ-ի այսքան տոկոսն է, տալիս է հարկերի այսքան տոկոսը, ես պարզապես հիացած կլինեմ՝ չնայած դուք դա պարտավոր եք անել»,-ասաց Բագրատյանը:

Շաբոյանը պատասխանեց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների հետ կապված նման ցուցանիշների իրենք չեն տիրապետում և նման վերլուծություն չեն իրականացնում, այլ ուսումնասիրում են ապրանքների շուկաները: Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացրած ցուցանիշներին, ապա նրա խոսքով` այնտեղ ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներ: «Առաջինը շուկայում գերիշխող դիրք բռնած ձեռնարկությունների ազդեցությունն է երկրի տնտեսության վրա: Մենք վերջին տարիներին դրական տեղաշարժ ենք կատարել այդ ոլորտում: Հաջորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որով մենք առաջ ենք գնացել և զբաղեցնում ենք 97-րդ տեղը: Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով մենք նույնպես ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք և նաև առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներից»:

Բագրատյանն արձագանքեց. «Գլոբալ ինդեքսի տասներկու ցուցանիշից պոկել եք մի քանիսը և ասում եք՝ լավ ենք: Դրա համար եմ ասում, որ օպտիմիստ եք: Պետք է գլոբալ նայեք»:

Ավելի ուշ իր ելույթում կրկին անդրադառնալով այս հարցին` Հրանտ Բագրատյանն ասաց, որ վերջին ցուցանիշներով Հայաստանից առաջ են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղաղախստանը: Իսկ չնչին լավացումը, ըստ նրա, պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Մեկ-երկու զարգացած երկներ էդ գարունի-բանի պատճառով հետ են ընկել, մենք մեր դիրքերը բարելավել ենք: Մի քանի տարի հետո Հայաստանին հարյուրի մեջ էլ չեք գտնի` հենց թեկուզ գազային պայմանագրի, կուտակայինի պատճառով»:

Այնուհետև նա արտակ Շաբոյանին հիշեցրեց, թե ինչու երկու տարի առաջ նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը մի լավ նյարդայնացավ. «Համաշխարհային բանկը հայտարարեց, որ Հայաստանի տնետսության 60-65 տոկոսը մոնոպոլիզացված է և կտրուկ հետընթաց է ապրել այս ոլորտում: Սա պետք էր շատ ազնվորեն ասել Ազգային ժողովում: Ինձ դուր է գալիս, որ դուք կարողանում եք, գոնե, տրամաբանորեն մտքերը կապեք, բայց դա քիչ է: Ինչպե՞ս կարելի է այստեղ կանգնել հաջողությունից խոսել, եթե օրինակ, վերջին չորս հինգ տարում երեք-չորս հազար հատ խանութ է փակվել: Մինչև հիմա չունեք որոշում, թե տվյալ տարածքում ինչքան սուպերմարկետ կարելի է բացել, որ չխփի փոքր բիզնեսին: Լենինի ասած` մի քայլ առաջ, երկու քայլ հետն է: Ես կարծում էի, որ Դուք, ի տարբերություն մյուսների, որակավորված տնտեսագետ եք»:

Ելույթի ավարտին ՀԱկ պատգամավորն ակնարկեց, որ մի վատ բան էլ ունի ասելու, բայց…չի ասի և երկու րոպե շուտ վերջացնելով ելույթը` հեռացավ ամբիոնից`  այդպես էլ չասելով, թե ինչ վատ բանի մասին էր ուզում ասել…

 

Անկախ

«Սա պարզապես գողություն է, գրպան մտնել, սա բերելու է մայդանի». Հրանտ Բագրատյան

1334649025_BagratyanՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ասաց. “Ներդրվում է մի համակարգ, որը նմանակը չունի աշխարհում: Քառասուն տարվա դեպոզիտ չի լինում: Տնտեսական հորիզոնը տասը տարուց այն կողմ չի կարող անցնել: Քառասուն տարով պարտք չեն տալիս, որովհետև ինֆլյացիան հնարավոր չէ հաշվել”:

Բագրատյանի խոսքով` սկզբում աշխարհի որոշ երկրներ ոգևորվել են այս գաղափարով, սակայն հետագայում հասկացել են, որ երկարաժամկետ համակարգ ներդնելը սխալ է և եկել են նրան, որ պետք է համակարգը կիրառվի տասը տարով: “Չիլիում էլ չկա նման բան, Էստոնիայում էլ չկա, կարող ենք ասել երկիր առ երկիր: Տեսանելի պիտի լինի, շոշափելի, սա արկածախնդրություն է, վրիպում: Ես կոչ եմ անում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին` վերացրեք այս բանը: Սա պարզապես գողություն է, գրպան մտնել, սա բերելու է մայդանի, դիտմամբ դա ե՞ք ուզում”,-ասաց Բագրատյանը:

 

Անկախ 

«Թույլ մի տվեք, որ ձեր աշխատավարձերից կողոպուտ կատարեն». Ռուբեն Հակոբյան

imagesԺառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ ողջունում է Սահմանադրական դատարանի որոշումը` պարտադիր կենսաթոշակային համակարգի հետ կապված` միաժամանակ նշելով, որ ՍԴ-ն իր կենսագրության մեջ հիմնականում կայացրել է հակաօրինական որոշումներ:

“Նման որոշմանը նպաստեց քաղաքացիական հասարակությունը, որին աջակցեցին նաև չորս ոչ իշխանական ուժերը: Այդ որոշումը կայացված է, բայց պարզվում է, երբ դա հասնում է գործատուներին, որոշների շահերին, դաստիարակությանը դա հակասում է”,-նշեց նա:

Ռուբեն Հակոբյանը պաշտոնապես հայտարարեց, որ եթե քաղաքացիները չեն ցանկանում այդ գումարը փոխանցել, կարող են չփոխանցել, քանի որ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես տվել է նրանց այդ իրավունքը: Իսկ այն գործատուները, որոնք չեն կարողանում դա չանել, ըստ Հակոբյանի, ճնշման մեջ են:

“Տեր կանգնեք ձեր իրավունքներին, թույլ մի տվեք, որ ձեր աշխատավարձերից կողոպուտ կատարեն”,-կոչ արեց նա այն քաղաքցիբերին, որոնց վրա տարածվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

 

Անկախ 

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն ուզում են իմանալ ընդամենը 3 պարզ հարցի պատասխան

azԽորհրդարանն ավարտեց գազի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Բոլոր խմբակցությունները հայտնեցին իրենց վերջնական դիրքորոշումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ հանձնաժողով ստեղծելը թույլ կտա պարզել այնպիսի հարցեր, թե որտեղի՞ց առաջացավ 300 միլիոն դոլլարի պարտքը, ինչո՞ւ է գազը սահմանից սպառողին հասնում 110 տոկոսով թանկացած (ՀՀ է մտնում 189 դոլարով, սակայն 204 դոլար էլ ավելանում է մինչ սպառողին հասնելը), ինչո՞ւ է կնքվել 30 տարվա գազային պայմանագիր՝ ռուսական կողմին նման մեծ արտոնություններ տալու գնով:

images (1)«Հակաօրինական, հակապետական, հակասահանադրական ճանապարհով Հայաստանն արտաքին պարտք է կուտակել: Եկեք ինձ ապացուցեք, որ սխալ եմ ասում»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ չորս ոչ իշխանական քաղաքական ուժեր արդեն միասնական օրակարգ են ձևավորել, որը դեռևս պետք է ընդլայնվի. «Եթե իշխանությունը չի գիտակցում այս իրավիճակը, ապա այդ չորս խմբակցություններին կմիանան նաև արտախորհրդարանական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը, և լիակատար իշխանափոխություն տեղի կունենա»:

Ըստ Հակոբյանի՝ մեծամասնությունը պետք է օգտվի այդ հանձնաժողովի աշխատանքներից, եթե իսկապես գործել է օրենքի դաշտում և ճակատը պարզ է: Այդ դեպքում ընդդիմությունն էլ կասի՝ բռավո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այս քննարկումը դաշնակցության համար դեժավյու է հիշեցնում: Նա փորձեց թարմացնել մեծամասնության հիշողությունը և հետ գնաց դեպի 2010 թվական, երբ դաշնակցությունն առաջարկել էր ստեղծել նույնատիպ հանձնաժողով՝ գազամատակարարման համակարգի հետ կապված. «2010 թվականին բառ առ բառ կրկնվում էր այն իրավիճակը, որ հիմա գոյություն ունի: Նույն խնդիրներն են: Բայց Էն ժամանակ մեզ պատասխանում էին՝ եթե այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը տեսնենք, չենք ստեղծի՞»:

images (2)Ռուստամյանին այդ պատասխանը մի անեկդոտ է հիշեցնում. «Մեկը իջնում է ավտոբուսից, հսկիչն ասում է՝ տոմսդ, ասում է՝ ի՞նչ տոմս, ես ավտոբուսից չեմ իջել: Հսկիչն ասում է՝ ո՞նց թե չես իջել, ես տեսել եմ: Մարդն ասում է՝ լավ, եթե ավտոբուսից եմ իջել, բա իմ տոմսն ո՞ւր է…ձեր ասածը նույն բանն է»:

Արմեն Ռուստամյանը համոզված է, որ եթե  չորս տարի առաջ այդ հանձնաժողովը ստեղծված լիներ, այսօր այս վիճակում չէինք լինի. «Մենք կանխատեսում էինք չորս տարի առաջ, եթե այս ամենը չանենք՝ ինչ է լինելու: Մենք ասում էինք, որ Ազգային ժողովը պարտավոր է այդ ամենը վերահսկել, դրանից Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ ավելի ճիշտ հունի մեջ կլինեին»,-ասաց նա:

Նրա կարծիքով՝ աշխարհում որևէ տեղ նման պայմանագիր կնքված չէ, ավելին, պատգամավորը գտնում է, որ շատ ավելի արժանավայել կլիներ, եթե այդ քսան տոկոս բաժնեմասը ուղղակի նվիրվեր ռուսներին. «Իսկ հիմա համ նվիրում են, համ էլ մոնոպոլ իրավունքներ են տալիս»:

Նա հիշեցրեց, որ գազամատակարարման, էներգետիկ բնագավառը մեր երկրի ներքին անվտանգության խնդիրն է, ինչն ամրագրված է մեր անվտանգության ռազմավարության մեջ, սակայն այսօր այդ անվտանգությունը ռիսկի է ենթարկվում:

загруженное (2)ՀԱԿ-ի կողմից ամփոփիչ ելույթում Լևոն Զուրաբյանը իշխող կուսակցությանն ասաց, որ իրենք Դանտոններ, արյունախում հեղափոխականներ չեն, և իրենց նպատակն այն չէ, որ արյուն թափեն ու գլուխներ կտրեն. «Մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է: Այդ ո՞նց է ստանցվում, որ աշխարհի ամենաէժամն գազը ստաացող ժողովուրդն այդ նույն աշխարհում ամենաթանկ գինն է վճարում գազի դիմաց: Մարդիկ շոկի մեջ են, ես էլ եմ շոկի մեջ ընկել, երբ ստացել եմ իմ գազի հաշիվը»:

Սակայն, ըստ Զուրաբյանի, շոկն ավելի է խորանում, երբ մարդիկ հասկանում են, որ դա իշխանությունների ոչ կոմպետենտ, կոռուպցիոն բնույթի հետևանքով է:

Նա անհրաժեշտ է համարում նաև անկախ մարմնի ստեղծումը, որը կհետազոտի գազի որակը, քանի որ ներկա ընկերություններին պատգամավորը չի վստահում:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա Զուրաբյանի խոսքով՝ դա ստեղծել է սպառնալիքներ պետական պարտքի կառավարման առումով:

Անդրադառնալով ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի վաճառքին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ պետական սեփականության ապօրինի վաճառք է տեղի ունեցել, քանի որ խախտվել է պետական սեփականության մասնավորեցման մասին օրենքը: «Կատարվել է աղաղակող հանցագործություն, գանձագողություն, թալան: Եթե կառավարությունն ու իշխող կուսակցությունը պատրաստ են շիտակ երկխոսության հասարակության հետ և պատրաստ են պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա պետք է պատրաստ լինեն նաև ընդունել հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Ժողովուրդը սպասում է այս հարցերի պատասխաններին»,-ամփոփեց նա:

загруженное (3)ՕԵԿ տեսակետը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով՝ եթե այս հարցի շուրջ ստեղծվի հանձնաժողով, ապա պարբերաբար պետք է նման հանձնաժողովներ ստեղծվեն նաև այլ հարցերի համար, օրինակ՝ ՀՀ-ի և Եվրամիության միջև վիզաների խնդրի, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի և այլն:
«Ի՞նչ է, Ազգային ժողովում այլ մեխանիզմներ չկա՞ն,-հարցրեց Շահգելդյանը՝ ինքն էլ տալով այդ հարցի պատասխանը,-լսումների մեխանիզմը, պատգամավորական հարցապնդման իրավունքը: Բացի այդ, գոյություն ունեն միջխորհրդարանական, միջկառավարական  հանձնաժողովներ Ռուսաստանի և Հայաստանի միջև, ԱԺ նախագահին կից էլ կարելի է ստեղծել խումբ՝ հրավիրելով տարբեր մասնագետներ և հարցը համակողմանիորեն քննարկել: Պարտադիր չէ հանձնաժողով ստեղծել»:

Այնուհետև Շահգելդյանը նշեց, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն ունի բազմաթիվ կողմեր, և գազի մատակարարումը դրանցից ընդամենը մեկն է: «Հարցադրման մի շարք կետեր հարցականի տակ կդնեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Մենք կողմնակից ենք հարցի քննարկմանը, սակայն դեմ հանձնաժողովի ստեղծմանը: Դրա ազդեցության մասին էլ պետք է մտածենք՝ միջպետական հարաբերությունների տեսանկյունից»:

images (3)ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որը քննադատության հիմնական թիրախ դարձրեց կառավարությանը. «Նորմալ երկրներում նման կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս, բայց մեր երկրում ստախոսությունը, սեփական ժողովրդին խափելը, քցելը խաղի նորմ է»:

Անդրադառնալով Մհեր Շահգելդյանի կողմից արված առաջարկություններին՝ այլ մեխանիզմներով հարցը քննարկել, նա ասաց. «Մեզ մի սովորեցրեք մեր աշխատանքներն ինչպես կազմակերպենք: Եթե մեր հիմնավորումներն ու բարձրացրած հարցերը համարում եք օրինական և դուք էլ եք ուզում ստանալ այդ հարցերի պատախանները, ի՞նչն է խանգարում՝ գաք և մասնակցեք այդ հանձնաժողովի աշխատանքներին»:

загруженное (4)ՀՀԿ խմբակցության տեսակետն արտահայտեց Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը, որ կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, ուղղված է մեր շարքային քաղաքացիների հանապազօրյա խնդրի լուծմանը և մեր տնետության տևական ժամանակ կայուն զարգացմանը:

Ինչ վերաբերում է գազի գնագոյացման, սպառողին թանկ հասնելու և այլ խնդիրներին, ապա Մինասյանը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը կարող է այս ամբիոնից պատասխանել բոլոր հարցերին. «Բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեզ պետք չեն այդ պատասխանները, ձեզ այլ բան է հետաքրքիր»:

ՀԾԿՀ նախագահն այսօր Մինասյանին է ներկայացրել 35 երկրների տվյալներ, որոնց մեջ Հայաստանի սպառողը տասներորդն է իր կողմից սպառող գազի վճարման տեսանկյունից, իսկ Հայաստանի տնտեսվարողը՝ վեցերորդը:

images (4)Հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն, ամփոփելով քննարկումը, հայտարարեց. «Ինձանից լավ հայ-ռուսական հարաբերությունները պահպանելու կողմնակից չլինեք: Մենք միայն ասում ենք՝ սահմանից այս կողմ տեղի է ունենում գողություն, որտեղի՞ց է առաջանում այդ երկու հարյուր դոլարը: Դա ռուսների հետ ի՞նչ կապ ունի: Կամ ի՞նչ կապ ունեն ռուսները այդ 300 միլիոն դոլարի պարտքի հետ: Ընդհակառակը, ես ուզում եմ այս ամենը պարզվի, ռուսներն էլ հասկանան, թե ինչ անլուրջ  գործընկերների հետ գործ ունեն: Այնպես որ, խուսափել այս հանձնաժողովից, ուղղակի չի կարելի»:

Հարցը քվեարկության կդրվի վաղը:

 

Անկախ

Անկարայի ձեռագիրն ու Օջալանի ստորագրությունը

Շահան Գանտահարյան

Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:

Նախ, չի կարելի անտեսել այն երեւույթը, որ միեւնույն կուսակցության ղեկավարներից Բեսե Հոզաթը հայկական լոբբիին մեղադրել էր Թուրքիայի ուրվական պետություններից մեկը լինելու հանցանքի մեջ, որի հերքման ձեւով մեկնաբանվեց Օջալանի նամակը: Խառը ուղերձի տրամաբանության մեջ է տեղավորվում նամակի այն բաժինը, ուր քուրդ ղեկավարը հայ ժողովրդին համեստաբար առաջարկում էր, որ առանց ցեղապաշտ-ազգային թակարդների մեջ ներքաշվելու շարունակի իր պայքարը` հեռու մնալով «մեր ժողովուրդները տակավին դարեր շարունակ իրար թշնամացնել նպատակադրող միջազգային դրամատեր ուժերի եւ լոբբիների չարամտությունից»: Եւ եթե նամակի բովանդակության բնութագիրը ընդհանուր առմամբ խառը պատգամներով կարող է բնորոշվել, ապա այստեղ արդեն համարյա՜ միանշանակ է դառնում հայության պայքարը ապալոբբիստականացնելու կոչը:

Սա  ենթադրել է տալիս, որ Օջալանի նամակը ոչ թե անպայման հերքում է իր քաղաքական դիվանի անդամի ամբաստանությունը, այլ պարզապես փոխում է բուն ասելիքի ոճը:

Պարզ է, որ ըստ էության Օջալանը ցեղասպանությունը ճանաչելով հանդերձ, իր արգելարանից պիտի չխոսեր հատուցման կամ հիմնական առաջադրանքի` Արեւմտահայաստանի մասին: Առաջադրանքը, ի վերջո, հակադրամատիրական պայքարի համահունչ բառապաշարի լիարժեք օգտագործումով Անատոլիայի շրջանում տարբեր ազգերի խաղաղ գոյակցությունն է: Մնացյալը, վիշտ, ցավ, նույնիսկ Ցեղասպանություն` դատապարտանքի ոլորտներում մնալու հղացքային տեսություններ են, որոնք բնականաբար չպիտի հատեն Թուրքիայի մասնատմանն առաջնորդող ուղիների սահմանները:

Ակնկալել, որ «Արեւմտահայաստան» բառը որևէ ձևով պետք է տեղ գտներ Օջալանի նամակում, քաղաքականորեն իրատեսական չպիտի լիներ, մանավանդ որ Քուրդիստան բառն անգամ տեղ չի գտել այս գրության մեջ: Մի անգամ եւս ընդգծվում է, որ ընդհանուր առաջադրանքը Անատոլիայում հայերի, քրդերի, թուրքերի եւ այլազգիների խաղաղ համագոյակցությունն է:

Առաջադրանքային այս տեսությունը  հեռու չէ Անկարայի կիրառած քաղաքականությունից: Ցեղասպանություն բառը չպետք է ընթերցողին հեռացնի Անկարայի քաղաքականության տեսադաշտից: Հրանդ Դինքի սպանության դատապարտանքն ու նրա հիշատակի ոգեկոչումը եւս հեռու չեն Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից:

Այս նամակը Դինքի սպանության առիթով հրապարակելի էր: Նրա հրապարակման շուրջ երկշաբաթյա ուշացումը արագորեն մտածել է տալիս գրաքննության մասին: Թերեւս, խոսքը պետական կիսաարհեստավարժության մասին է: Իշխանությունները կարող էին ամեն ինչ բանաձեւել, հետո հրապարակել: Ուշացումը ինքնին, կարող է մեկնաբանվել իբրեւ արտոնություն տալու-չտալու խաղին ծառայեցվող երեւույթ, ստեղծելով այն խաբկանքը, որ որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո է միայն, որ նամակը հայտնվել է հանրության ուշադրությանը:

Արգելափակված Օջալանը պատանդի կարգավիճակում է` Անկարայի ցուցմունքներով հեռակառավարելու քրդական շարժումները: Անկարան փորձ է կատարում, նույն հանգամանքն օգտագործելով, ազդեցություն բանեցնել հայկական կողմի վրա: Անկարայի ձեռագրի տակ ստորագրել է Օջալանը: Թեկուզ Ցեղասպանության մասին խոսելով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Գազի հարցով ԱԺ հանձնաժողովի ստեղծումը կբացահայտի՞ խորհրդավոր գաղտնիքը

Putin-Armenia_46_2.12.2013Խորհրդարանն այսօրվա նիստի աշխատանքն ավարտեց գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմամբ: Հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով` օրակարգում ընդգրկվելու է երկու կարևոր հարց, որոնցից մեկը վերաբերում է 300 միլիոն դոլար պարտքի կուտակմանը, մյուսը` գազի մեծածախ գնի ու բնակչությանը վաճառվող գնի միջև գոյություն ունեցող մեծ տարբերությանը:

Պատգամավորը ԱԺ ամբիոնից նախ ներկայացրեց երկարատև ամիսների ընթացքում իր կողմից արված բացահայտումներն ու առկա մտահոգությունները մի շարք հարցերի շուրջ` մասնավորապես նշելով, որ 2011 թվականից սկսած` հինգ անգամ տեղի է ունեցել գազի գնի թանկացում, սակայն հասարակությունն իմացել է ընդամենը երկուսի մասին: «Գաղտնի է պահվել 300 մլն դոլար պարտքի մասին տեղեկատվությունը, ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսը պարտքի դիմաց տալու մտադրությունը և այլն»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե տեղեկություններ ունի՞` այսօրվա դրությամբ պարտք կուտակվո՞ւմ է, թե ոչ: Մանուկյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը չունի` միաժամանակ հիշեցնելով Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ մինչև 2018 թվականը ունենալու ենք 600 միլիոնի բեռ: Մանուկյանն ասաց, որ հայտնի չէ, թե խոսքն ինչ բեռի մասին է. «Սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր, ամենագաղտնի պայմաններում արված գործարնքն է: Պետք է բացահայտենք դա, ամոթ է ուղղակի»,-ասաց Մանուկյանը:

ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ հարցրեց, թե աշխարհի որևէ այլ երկրում նման պայմանագիր երբևէ կնքվե՞լ է, թե ոչ. «Այս պայմանագրով մեր Սահմանադրությունը դառնում է առ ոչինչ: Ես կոչ եմ անում մեր քաղաքական մեծամասնությանը` եկեք հասկանանք,  ինչ է կատարվում: Մենք կորցրել ենք մեր էներգետիկ սուվերենությունը»:

Արամ Մանուկյանը, անդրադառնալով միջազգային պրակտիկային, ասաց, որ սովորաբար նմանատի պայմանագրերը կնքվում են 5 տարով, և եթե դրական են լինում, երկարաձգում են. «Սա քաղաքական նվաստացման պայմանագիր  է, որից երեսուն տարի պետք է կախված լինենք: Եկե´ք մեզ և ձեզ համար բացահայտենք բոլոր գաղտնիքները»,-կոչ արեց նա քաղաքական մեծամասնությանը:

Նույն կոչով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոոր Վահան Բաբայանը:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ սա ավելին է, քան հանձնաժողովը. «Մենք բառի բուն իմաստով փորձելու ենք փրկել հանրապետությունը»,-հայտարարեց նա:

Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը փակում է Հայաստանի էներգետիկ զարգացումը:

Անդրադառնալով բնակիչներին վաճառվող գազի բարձր գներին` Բագրատյանը դրա հետ կապված երեք պատճառ նշեց. «Ամեն ընտրություններից առաջ գազաֆիկացնում են տարածքներ, որի անհրաժեշտությունը չկա, արդյունքում հանրապետությունը գազաֆիկացված է 95 տոկոսով, մինչդեռ գազ օգտագործում է բնակչության 65 տոկոսը»:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, գազապաստառների ծավալների ընդլայնումն է, երրորդը` ՀայռուսԳազարդի ներկայացուցչական ահռելի ու անիմաստ ծախսերը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովի կողմից ստացված լավագույն արդյունքը կլինեն այն  դասերը, թե ապագայում ինչպես պետք է բանակցել կամ ինչպես չպետք է բանակցել:

«Եկեք 2014-ը դարձնենք համագործակցության և կասկածների փարատման տարի` նպաստելով մեր երկրի զարգացմանը»,-հորդորեց Թևան Պողոսյանը` նշելով, որ պետք է ձեռք ձեռքի գնալ այս հարցի լուծմանը:

Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Երբ ձեզ պետք է, ասում եք` եկեք համագործակցենք,  բա մի քիչ առաջ, որ կռիվ էիք անում, ինչի՞ չէիք ձեռք ձեռքի տված համագործակցում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` կառավարությունը հայտնվել է ազնվության դեֆիցիտի մեջ և պետք է միահամուռ ջանքերով պայքարել դրա դեմ:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես կողմ է հանձնաժողովի ստեծմանը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի խոսքով` ամենամեծ խնդիրն այն է, որ 2014 և 2015 թվականներին աշխարհում փոխվելու է գազի գնի փիլիսոփայությունը, մինչդեռ Հայաստանը կախված է մնալու այդ պայմանագրից, որի տակ «ճկռելու են մեր թոռները»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` ստեղծվել է «շիլաշփոթ» իրավիճակ, որը կարող է կարգավորել ստեղծվելիք հանձնաժողովը:

Գազային համաձայնագրերը շտապեցին պաշտպանել հանրապետականներ Վարդան Այվազյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը: «Հեչ պետք է չի ստեղ կողմ և դեմ բաներ անենք: Մենք նույն նավի մեջ ենք: Նավը պետք է գա իր խաղաղ ափերին»,-ասաց Գեղամյանը:

Խոսրով Հարությունյանն էլ համոզված է, որ հանձնաժողովը կդառնա քաղաքական շահարկումների առարկա, և կկորչեն նաև այն բարի նպատակները, որ դրված էին հանձնաժողովի առջև. «Եկեք մտածենք մշակել առաջարկություն աուդիտ անցկացնելու վերաբերյալ, ստանանք դրա մասնագիտական արդյունքները և հետո դրանց քաղաքական գնահատականներ տանք: Իսկ մինչ այդ ես կասկածում եմ, որ հանձնաժողովը կարող է դրական արդյունք տալ: Եկեք լինենք ավելի օբյեկտիվ»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց. «ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ չեն նման քայլերի, ուղղակի դուք ձևաչափը ճիշտ չեք ընտրել: Նախ ինձ առաջարկեիք, խմբակցությունների ղեկավարներով նստեինք, քննարկեինք` արժե նման հանձնաժողով ստեղծել թե ոչ: Ես համոզված եմ, որ եթե կան ապօրինություններ, ապա պետք է բացահայտել, ճշտել և պատժել: Մենք այդ հարցին ապագայում անդրադառնալու ենք և իրականացնելու ենք մեր բոլորի ցանկությունը»:

Խմբակցություններն ամփոփիչ ելույթում իրենց վերջնական տեսակետը կհայտնեն վաղը:

 

Անկախ

«Առանց Իրանի ներգրավվածության «Ժնև-2» համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը չափազանց բարդ կլինի». Արամ Մանուկյան

Ժնև-2Հունվարի 22-ին կայացած «Ժնև-2» համաժողովին ներկայացված էր թե’ ընդդիմադիր կողմը, իհարկե, որոշ վերապահումներով, թե’ պաշտոնական կառավարությունը և թե’ շահագրգիռ հիմնական ուժերը, բացառությամբ Իրանի: Քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանի կարծիքով` ի սկզբանե, «Ժնև-2»-ում արդյունքներ գրանցելու համար բավական նախադրյալներ չկային: Մի կողմից դա պայմանավորված էր կողմերի կոշտ դիրքորոշմամբ, նրանք պատրաստ չէին փոխզիջումների, մյուս կողմից, բանակցություններին ամբողջությամբ ներկայացված չէր սիրիական ընդդիմությունը:

Այդ մասին, կոնֆերանսի բացման խոսքում ասաց նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` կարևորելով ընդդիմադիր ողջ զանգվածի մասնակցությունը բանակցություններին` որոշակի արդյունքներ գրանցելու համար: «Բանակցություններում չափազանց կարևոր տեղ կարող էր զբաղեցնել Իրանը, որը անմիջական մասնակցություն է ունենում Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Առանց Իրանի ներգրավվածության համաժողովին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը  չափազանց բարդ կլինի: Կողմերի պատրաստակամությունը բանակցային սեղանի շուրջ նստել և փորձել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրել, կարելի է գնահատել դրական: Պետք է նկատել, որ բանակցությունների ընթացքում շատ խոսվեց սիրիական խնդիրների մասին, սակայն դրանց լուծման ուղղությամբ որևէ քայլ չառաջարկվեց կամ չհստակեցվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Բանակցությոնների հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարի 10-ին, որի ժամանկ կարելի է ակնկալել որոշ համաձայնությունների ձեռքբերում, մասնավորապես հումանիտար օգնության ցուցաբերում: Վերլուծաբանի խոսքով` դա մի կողմից չի հակասի հիմնական դերակատարների շահերին, մյուս կողմից էլ բանակցային գործընթացի մասնակիցներին թույլ կտա գրանցել շոշափելի դրական տեղաշարժ, ինչը լավ նախադրյալներ կստեղծի բանակցային գործընթացի շարունակականության համար:

 

 Անկախ

ԱԺ իշխանական և ոչ իշխանական ուժերը կրկին բախվեցին

imagesՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ առաջարկով՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը փոփոխելու վերաբերյալ՝ հանրապետականների թիվը երկուսից դարձնելով հինգ: Դա բուռն հակազդեցության արժանացավ ոչ իշխանական խմբակցությունների կողմից:

Ըստ առաջարկվող փոփոխության, հաշվիչ հանձնաժողովը պետք է ունենա 11 անդամ, որից 5-ը՝ ՀՀԿ, 2-ը՝ ԲՀԿ, մեկական էլ՝ մյուս խմբակցություններ:

Հիշեցնենք, որ գազային համաձայնագրերի վավերացման ժամանակ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ներկայացուցիչները չմասնակցեցին հաշվարկման գործընթացին, և ԱԺ մեծամասնությունը ստիպված եղավ ձեռքով կազմակերպել քվեարկությունը:

ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ հաշվիչ հանձնաժողովը չի վավերացրել գազային համաձայնագրերը:

Այսօր այդ մասին խորհրդարանում հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ այդ օրը խափանվել է հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, հետևաբար հանձնաժողովի զեկույցը չի կարող իրավական հիմք ունենալ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ գազային համաձայնագրերը չեն վավերացվել:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց. «Օրը ցերեկով մարդկանց քարտերը կտանեն, իսկ Դուք դա հանրապետականների կողմից աշխատանքների խափանում եք համարում: Ոչ մի խափանում էլ չի եղել»:

ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի բոլորը հասկանան ինչն ինչոց է:

Ընդմիջումից հետո Գալուստ Սահակյանն առաջարկեց հարցի քվերակությունը հետաձգել, որպեսզի այն քննարկվի խմբակցությունների հետ: Սակայն Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք ցանկացած դեպքում չեն քվեարկելու: Նրան միացավ նաև Նաիրա Զոհրաբյանը, ապա Լևոն Զուրաբյանն ու Ռուբեն Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ իշխանական խմբակցությունների նպատակն է խաթարել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և ճնշել մեծամասնությանը, սակայն դա նրանց չի հաջողվելու:

Գալուստ Սահակայանի առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց 67 կողմ ձայնով: Երբ ԱԺ նախագահն առաջարկեց քվերակության դնել նաև փոքրամասնության առաջարկը, որն է՝ հաշվիչ հանձնաժողովում անդամների թիվը նույնը թողնել, ոչ իշխանական խմբակցությունները հերթով հրաժարվեցին՝ համարելով դա անիմաստ:

ՀԱԿ-ը տեղի ունեցածը գնահատեց՝ որպես Ազգային ժողովում ապօրինությունների մեխանիզմ ստեղծելու փորձ: «ՀԱԿ-ը չի ուղարկի իր անդամներից որևէ մեկին հաշվիչ հանձնաժողով»,-հայտարարեց նա:

Տեղից այդ ամենին փորձեց գնահատական տալ Նկոլ Փաշինյանը, որին Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց չքայքայել ներվերը: Փաշինյանն էլ, թե՝ Ձեր ներվերն ենք քայքայում, ոչ թե մերը: «Փորձում եք, բայց չի ստացվում»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:

 

Անկախ

«Ժառանգության» ղեկավարը կրկին Ռուբեն Հակոբյանն է

загруженноеԱյսօր խորհրդարանում պարզ դարձավ, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը կրկին Ռուբեն Հակոբյանն է։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խմբակցության քարտուղարն էլ` Թևան Պողոսյանը, որը մինչ այդ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին:

Խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը ժամանակավորապես գտնվում է արտասահմանում ուսման նպատակով:

 

Անկախ

“Սիրիական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվում արտաքին ուժերի ներգրավվածության պատճառով” Արմեն Պետրոսյան

Ժնև-2Երկար սպասված “Ժնև-2” համաժողովն ավարտվեց: Թե՛ մասնակից կողմերի, թե՛ կազմակերպիչների հայտարարությունները բանակցությունների շարունակության վերաբերյալ վկայում են այն մասին, որ նրանց լավագույն ակնկալիքներն արդարացել են: Այն, որ մեկնարկեց շարունակական բանակցային գործընթաց,  “Ժնև-2”-ի կարևոր ձեռբերումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  “Ժնև-2”-ի արդյուքնները՝ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ բանակցությունների ընթացքում որոշակի արդյունք չարձանագրվեց, քանի որ կողմերը մինչև վերջ մնացին սեփական դիրքորոշմանը և որևէ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին: Սակայն, ըստ նրա, կան որոշակի հարցեր, որոնց շուրջ սիրիացի ժողովրդի ճակատագրով մտահոգ ցանկացած ուժ՝ լինի կառավարական, թե ընդդիմադիր, պարտավոր է համաձայնության գալ:

“Այսօր  սիրիացիները կանգնած են լուրջ հումանիստական ճգնաժամի առջև: Սա չարձանագրելն ուղղակի պարտություն է: Չարձանագրել այն, որ այսօր Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ, որը միջազգային ահաբեկչությունն է՝ իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունները, և սրա դեմ պայքարի միջոցների շուրջ չբանակցել, բանակցային գործընթացի մասնակից կողմերի համար լուրջ պարտություն է: Սիրիական ընդդիմությունը չընդառաջեց ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցչի առաջարկին, այն է՝ համաձայնության գալ հումանիտար ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպման հարցի շուրջ: Այս խնդիրները փաստում են, որ սիրիական ընդդիմությունը որոշ չափով զիջեց իր դիրքերը”,- ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը փաստում են, որ միայն Բաշար ալ Ասադի հեռացմամբ սիրիական ճգնաժամը չի կարգավորվի, հաջողություն չի ունենա նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Ըստ արաբագետի՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ դրական առաջընթաց դժվար է տեղի ունենում, քանի որ այստեղ արտաքին ուժեր կան ներգրավված: Բնականաբար, նրանք հենց այնպես չեն ներգրավվել, նրանցից յուրաքանչյուրն ունի այս հարցում իր շահը:

“Մինչ սիրիական հակամարտության կարգավորման հարցի բանակցային փուլ մտնելը նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր ռազմական ճանապարհով իր շահն առաջ տանել: Իսկ հիմա հարցը մտել է բանակցային փուլ, այն նույն խաղացողները դարձյալ շարունակելու են մնալ իրենց դիրքորոշմանը և այլ եղանակներով են փորձելու հասնել առավելագույն արդյունքի՝ դարձյալ իրենց շահը աջառ տանելով”,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Անկախ

 

Զուրաբյանն ու Փաշինյանը թեժացրեցին Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկը

загруженное (3)ՀՀ պետական օրհներքի ներքո մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Գրանցված 113 պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը սահմանային միջադեպի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը գործընկերներին ներկայացրեց ՀՅԴ խմբակցության նոր պատգամավոր Միքայել Մանուկյանին:

Մինչ օրակարգի հաստատումը Հովիկ Աբրահամյանին հարցեր տալու համար հերթագրվեցին պատգամավորներ ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Զուրաբյանի հարցը վերաբերում էր Կասկադի ՀԷԿ-ի վաճառքին: Ըստ պատգամավորի՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված վաճառքը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով՝ շրջանցելով Ազգային ժողովը: «Մենք իմանում ենք, որ կառավարությունն ինչ որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին որևէ բան վաճառելու հետ, այլ մենք խնդիր ունենք օրենքը շրջանցելու հետ»:

Ըստ Զուրաբյանի՝ խախտվել է մասնավորեցման մասին ՀՀ օրենքը, քանի որ միայն շարժական գույքը կարող է առանց օրենքով սահմանված կարգի վաճառվել: «Ի՞նչ եք պատրաստ անել որպես ԱԺ նախագահ այս առթիվ»,-հարցրեց Զուրաբյանը՝ նշելով, որ դա ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլև Ազգային ժողովի հեղինակազրկում:

Հովիկ Աբրահամյանը նախ խորհուրդ տվեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ արժանապատվության հետ՝ նկատելով, որ դա արդեն որոշ պատգամավորների մոտ դառնում է ավանդույթ:

«Ես կանդրադառնամ այդ հարցին և կփորձեմ մասնագետների հետ ճշտել. եթե կա նման բան, որ կառավարությունն իր լիազորությունները խախտել է, մենք կանդրադառնանք դրան»,-ասաց նա:

ԱԺ նախագահին հարց ուներ նաև Նիկոլ Փաշինյանը, որը վերաբերում էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսին տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք պատգամավորը որակեց իբրև խուլիգանություն և փորձեց բուհ-ի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանից ճշտել, թե ինչու մինչ օրս խուլիգանները չեն պատժվել. «Այնպիսի տպավորություն էր, որ տնտեսագիտական համալսարանը ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, որը ղեկավարում է անձամբ ռեկտորը: Նա տվյալ դեպքում հանդես էր գալիս գլխավոր խուլիգանի դերում»,-ասաց Փաշինյանը:

Հովիկ Աբրահամյանը չհամաձայնեց պատգամավորի հնչեցրած տեսակետների ու գնահատականների հետ՝ կոռեկտության կոչ անելով և նշելով, որ Փաշինյանի մոտ դարձել է սովորույթ մարդկանց մասին վիրավորանքով խոսելով իր վարկանիշը բարձրացնելը:

Այնուամենայնիվ, ԱԺ նախագահը՝ որպես բուհ-ի խորհրդի նախագահ, պատրաստակամություն հայտնեց ընթացք տալ հարցին, և եթե կան մեղավորներ, պատժել: «Սակայն, իմ կարծիքով, դրանք ավելի շատ շինծու գործողւթյուններ էին, որով փորձ էր արվում ստվեր գցել քաղաքապետի պաշտպանությանը»,-նկատեց խորհրդարանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Եթե նպատակը դա էր, թող Տարոն Մարգարյանին հայհոյեին, ոչ թե լրագրողներին…»:

 

Անկախ

«Մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է». Նախախորհրդարան

186585Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթն Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենիքն ազատագրելու գործին» կոչով:

«Մեր երկիրը բռնազավթված է, մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է: Պետք է հեռացնել այս վարչախմբին ու հաստատել ժողովորդի իշխանությունը»,- ասում էին Նախախորհրդարանի անդամները` կոչ անելով գործել կազմակերպված և համախմբված, ստեղծել համազգային դիմադրության շարժում, միանալ և հզորանալ, պայքարել ապազգային ու ապօրինի քայլերի դեմ, ձևավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարան:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա երթերի նպատակը, իրենց ձևակերպմամբ, ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձևավորումն է: Նախախորհրդարանն առաջարկում է յուրային կառավարություն ձևավորել գործող կառավարությունից դուրս: «Հայաստանում յուրային կառավարությունը հնավարոր չէ ձևավորել համակարգի ներսում: Ներկայիս յուրային կառավարությունը պետական կառավարման համակարգը դարձրել է իր անձնական շահերին և օտարների շահերին ծառայող գործիք: Քանի որ կառավարման կենտրոնական առանցքը խորհրդարանն է, մենք առաջարկում ենք այդ համակարգից դուրս արտահայտել մեր ժողովրդի կամքը, ստեղծել ներկայացուցչական մարմին և ապագա հիմնադիր խորհրդարան: Արդյունքում կվերանա գործող վարչախումբը»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:

Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող վարչախումբը:

 

Անկախ

Հայկական կողմը կրել է 2 կորուստ, հակառակորդն ունի 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր

загруженноеՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվել է նաև անցնող 7 օրերի ընթացքում:

Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա:

Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ: Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:

Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց  կամքը պարտադրել հակառակորդին:

 

Անկախ

ԱԺ օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր

photoԱյսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:

Անկախ

Օֆշորային սկանդալի հեղինակին ձերբակալել են

загруженное (4)ՀՀ ոստիկանությանը հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նա գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վրաց ոստիկանների հետ համագործակցութւան արդյունքում Սուքիասյանը ձերբակալվել է:

Այժմ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը:

Հիշեցնենք, որ “Հետք” էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Աշոտ Սուքիասյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է  և իբրև ադամանադագործ՝ միջնորդել է, որպեսզի գործարար Փայլակ Հայրապետյանը «Ամերիա» բանկում գրավադրի իր ողջ ունեցվածքը:

Հայրապետյանի ներդրած գումարներով Սուքիասյանը Աֆրիկայից պետք է ադամանդի հումք ներկրեր Հայաստան, որտեղ 23 գործարարներ պետք է իրենց գործարաններում վերամշակեին: Սակայն Հայրապետյանի գումարները բոլորովին այլ ուղղությամբ էին գնացել` օֆշորում գրանցված մի ընկերության հաշվեհամարի, որը ինչպես գրել էր լրատվական կայքը, պատկանում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին և Աշոտ Սուքիասյանին:

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Դեռևս հետախուզում հայտարարելու ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք նաև, որ Աշոտ Սուքիասյանը նամակ էր ուղարկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պատճենն էլ՝ «Հետքին», որտեղ գրել էր, որ  օֆշորային կազմակերպության` WLISPERA HOLDINGS LIMITED-ի հիմնադիրն ինքն է և ինքն էլ բաժնեմասեր է գնել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:

«Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»,-նշել էր Սուքիասյանը:

 

Անկախ

«Ունենք փտած քաղաքական դաշտ ու արժեզրկված կուսակցություններ». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀարցազրույց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

 

–Պարոն Մանուկյան, այսօր ձեր նախկին համախոհները, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, համոզված են, որ 1991-ին կոմիտեն կատարեց ստրատեգիական կոպտագույն սխալ՝ ընդունելով արեւմտյան քաղաքակրթական մոդելը, իսկ պատճառը առկա շփոթն էր. «մենք արեւմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արեւմտյանն իր էությամբ հակաեվրոպական է»: Որպես ՀՀՇ գաղափարախոսության հայրը, դուք այս կարծիքին համամի՞տ եք:

 

-Այդ ժամանակ աշխարհում իրողությունն այսպիսին էր. գոյություն ուներ 2,5 մոդել, այսինքն՝ մեկը կոմունիստականն էր, որ քանդվեց անարդյունավետ լինելու պատճառով, մյուսը՝ լիբերալ, որը հաստատված է կապիտալիստական երկրներում: Իսկ մնացած կեսի մեջ մտնում էին կա՛մ նացիոնալիզմի, կա՛մ ինչ-որ մի այլ բանի վրա կառուցված բռնապետությունները:
Այլ արդյունավետ մոդել չկար, եւ որպես այդպիսին մնում էր արեւմտյանը: Ուրեմն այնպես չէր, որ կային բազմաթիվ մոդելներ, ու մենք ընտրեցինք ոչ ճիշտը:
Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:
Բայց այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք, որը ոմանց, գուցե նաեւ Ա. Մանուչարյանին ու մյուսներին հայտնի չի եղել, սակայն դեռ 89-ից ինձ համար պարզ էր, որ այդ հարցի շուրջ, այն է՝ ինչպե՞ս Հայաստանում օգտագործել արեւմտյան մոդելը, փնտրտուք է սկսվելու: Եվ 1989-ին իմ հարցազրույցներից մեկում ես խոսում եմ այդ մասին, թե ինչո՞վ պետք է Հայաստանի ժողովրդավարությունը տարբերվի այլ երկրների ժողովրդավարությունից:
Օրինակ, Ճապոնիան ժողովրդավարության կողքին կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը, որոշ ավանդույթներ: Եվ ես, կրկնում եմ, դեռ այն ժամանակ գիտեի, որ վեճը սրա շուրջ է լինելու՝ ինչպե՞ս գտնել մեր սեփական դեմքը: Կարծում եմ, այսօր էլ վեճ կա. ասվում է, եթե մենք դառնայինք Եվրամիության ասոցացված անդամ, ապա կընդունեինք արեւմտյան արժեքներ, իսկ եթե Ռուսաստանի հետ մտնում ենք Մաքսային միություն, ապա կարող ենք կարեւոր արժեքներ կորցնել:
Ես սրան համաձայն չեմ, որովհետեւ Ռուսաստանը եւս հայտարարել է, որ ձգտում է եվրոպական համակարգի հաստատման, սակայն ազգային դեմքը պահպանելով: Մենք էլ ենք ասում նույնը: Հիշեցնեմ, որ 1990թ. ՀՀՇ-ից դուրս գալով, երբ կազմավորեցինք մեր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը, անվանումը պատահական չընտրվեց: Այսինքն՝ մենք ընդունելով ժողովրդավարությունը՝ միաժամանակ ազգայինի պահպանման կողմնակիցներ էինք:

 

–Իսկապես մեզանում այսօր լրջորեն խաթարված են ազգային, քրիստոնեական, ավանդական արժեքները: Չե՞ք կարծում, որ կորցրածը վերագտնելու «դեղատոմս» կարող է լինել հրաժարումը լիբերալիզմից ու անցումը պահպանողականության, ինչն ինքնին ներառում է այդ արժեքային համակարգը:

 

-Լիբերալիզմն ու պահպանողականությունը ուղղակի գեղեցիկ տերմիններ են, բայց ի՞նչ է թաքնված դրանց տակ: Դրանցում ե՛ւ լավը կա, ե՛ւ վատը: Լիբերալիզմ նշանակում է՝ մարդու ազատություն։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ գաղափարից, իհարկե՝ ոչ։ Բայց այդ նույն լիբերալիզմը նաեւ ժխտում է ազգերի գոյությունը։ Ընդունե՞նք այն, դարձյալ իհարկե՝ ո՛չ:

Կամ ընդունել պահպանողականություն նշանակում է, որ կանայք գլխաշորո՞վ են ման գալու, իհարկե՝ ոչ, բայց այդ գաղափարախոսությունը նաեւ կարեւորում է ազգայինն ու ավանդականը:
Ուրեմն բանավեճը ոչ թե պետք է ծավալել լիբերալի՞զմ, թե՞ պահպանողականություն հարցադրման շուրջ, այլ՝ ի՞նչ անել, որպեսզի պահպանվի այս երկուսի համաչափությունը, երկուսից էլ պետք է վերցնել օգտակարը: Եվ հենց սա՛ էլ պետք է դառնա բանավեճի առարկան: Իսկ թե ինչպե՞ս որոշել՝ ո՞րը պահել, ո՞րը՝ ոչ, այստեղ կարեւոր դեր ունեն կատարելու կուսակցությունները:

 

–Նման բանավեճն արդյունավետ կարող է ծավալվել միայն կայացած քաղաքական դաշտում: Իսկ այսօր ինչպիսի՞ն է այն մեզանում, առհասարակ քաղաքական ուժերը համարժե՞ք են հակազդում մեր դեմ ուղղված մարտահրավերներին, նաեւ արձագանքում ներքին իրողություններին:

 

-Անկախացման հետ միասին՝ 1990-91-ին, Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր կուսակցություններ, հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, որոնք գաղափարական հենք ունեին: Այն ժամանակվա խոշոր կուսակցություններն էին ՀՀՇ-ն, Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, թվում էր, որ հենց նրանք էլ պետք է կամաց-կամաց զարգանան:
Բայց Հայաստանի մեծագույն չարիքը կանգնեց կուսակցությունների առաջ ու խաթարեց նրանց զարգացման ընթացքը. 95-96 թթ. պարզվեց, որ ընտրությունների միջոցով մեզանում ո՛չ նախագահ է ընտրվում, ո՛չ էլ Ազգային ժողով ձեւավորվում: Սա հանգեցրեց հետեւյալ համոզմանը՝ ոչինչ կախված չէ գաղափարներից ու կուսակցություններից, ու ընտրապայքարը տեղափոխվեց մեկ այլ դաշտ: Սա էլ պատճառ դարձավ, որ շատ-շատերը հեռանան քաղաքական դաշտից:
Գիտեք, մարդը սիրելով գիտությամբ զբաղվելը՝ նաեւ մտածում է դոկտորական պաշտպանելու, Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, զինվորականը եւս ծառայելով հայրենիքին՝ ուզում է հրամանատար դառնալ, հետո գեներալ, քաղաքականությամբ զբաղվողն էլ ուզում է երկրի համար աշխատելով դառնալ պատգամավոր, քաղաքապետ, վարչապետ: Բայց ներուժ ունեցող մարդիկ համոզվում են, որ այստեղ իրենց գիտելիքներն ու կարողությունները դեր չունեն, որովհետեւ ինչ-որ մեկը կարող է փողոցից գալ ու հայտնվել գագաթին: Սա էր պատճառը, որ մտավոր կարողություն ունեցողները հեռացան քաղաքականությունից, մենք զրկվեցինք արժեքավոր, գիտակ անձանցից:
Ուրեմն այն, որ այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են: Չնայած որքան էլ այսօրվա ընտրությունները նախորդից ավելի լավ են, բայց մենք ժամանակին կորցրինք այն կախարդական բանալիներից մեկը, որը բացում էր Հայաստանի ապագայի դուռը. դա արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն էր:
Իսկ կուսակցական դաշտն այսօր այսպիսին է. ՀՀԿ-ն ստեղծման առաջին փուլում փոքր կուսակցություն էր, ու Վազգեն Սարգսյանն այն արհեստականորեն մեծացրեց: Եվ միայն վերջին տարիներին ՀՀԿ-ն կամաց-կամաց վերաճեց կուսակցության:
ՀՅԴ-ն կատարեց սխալ քայլեր՝ մե՛կ իշխանություն, մե՛կ ընդդիմություն լինելով, բայց քանի որ Սփյուռքում ունի կառույցներ, ունի նաեւ մեծ ավանդույթներ, այն եւս կուսակցություն պետք է համարել: Մնացածի մեջ ես լուրջ կուսակցություն չեմ տեսնում:
Այսպիսով, մենք իրականում ունենք երկու կուսակցություն՝ մեկը իշխանական է, մյուսը ընդդիմության մեջ է, բայց իրենք երկուսով կարող են մարդկանց սպասումների մի փոքր մասը միայն բավարարել: Եվ այս առումով, քաղաքական դաշտում այսօր վակուում կա:
Բայց անգամ այս իրավիճակում, եթե ինչ-որ կախարդանքով մարդիկ ներքին համոզմունք ունենան, որ հաջորդ ընտրությունները կլինեն արդար, հենց այս պահից կսկսեն կազմավորվել այլ լուրջ կուսակցություններ եւս: Սակայն մարդկանց վստահությունն է կորել:

 

–Փոխարենը մեզանում նկատելի է քաղաքացիական հասարակության ձեւավորում ու զարգացում: Ի՞նչ կասեք այս նոր իրողության մասին:

 

-Այո, այստեղ փոփոխություն կա, որովհետեւ մարդիկ զզվել են կուսակցություններից: Եթե այսօր սովորական մարդուն առաջարկես դառնալ որեւէ կուսակցության անդամ՝ կհրաժարվի, բայց եթե ասես՝ արի միասին պայքարենք Թեղուտի, Մաշտոցի պուրակի համար, կուտակային համակարգի ներդրման դեմ՝ կհամաձայնի ու կլինի քո կողքին: Սա փաստում է, որ Հայաստանում կուսակցություն անունը բավական արժեզրկված է: Փոխարենը քաղաքացիական հասարակության դաշտն է զարգանում:
Պատճառները երեքն են. նախ՝ ունենք երիտասարդություն, որը չի ապրել խորհրդային համակարգում եւ այս տարիներին ավելի շատ շփվել է արեւմտյան արժեքների հետ, ու նրա համար մարդու ազատությունը, օրինականությունը շատ կարեւոր են: Ունենք հասարակություն, որը չի հանդուժի, որ իր իրավունքները ոտնահարվեն:
Երկրորդ՝ տարեցտարի մեր հարաբերությունները ավելի են խորանում Եվրամիության հետ, եւ դա եւս նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Երրորդ՝ շատ բան կախված է նաեւ այսօր գործող անձանցից: Կարծում եմ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելի հանդուրժող է, քան նախորդ երկուսն էին: Ու այս ամենի արդյունքում բարենպաստ հող է ստեղծվում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար:
Բայց, միեւնույն է, խոչընդոտը դարձյալ կա, դա ընտրություններն են: Եթե իշխանությունը ձեւավորվում է իրական ընտրության միջոցով, ապա այն շատ զգայուն է լինում հասարակական կարծիքի հանդեպ, որովհետեւ հակառակ դեպքում նա հաջորդ ընտրություններում կունենա ձայների զգալի կորուստ: Բայց երբ ընտրություններն այնքան էլ մաքուր չեն անցնում, հասարակության ձայնը որքան էլ «վերեւներում» լսում են, սակայն գալիս է մի եզր, որից այն կողմ այդ ձայնը կարող է եւ չլսվել, հետեւաբար նշանակություն չունենալ:

 

–Կուտակային համակարգի ներդրման հարցում դարձյալ իր գործն անում է վստահության դեֆիցիտը, որի արմատները շատ խորն են՝ խորհրդային խնայբանկերում կորած գումարներ, 90-ականների սկզբին մեկը մյուսի հետեւից «պայթող» բանկեր, իսկ վստահությունը մեկ օրում չես վերականգնի: Այդ առումով գուցե ժամանակավրե՞պ է կուտակային համակարգի ներդրման գործընթացը:

 

-Քաղաքացիական հասարակության ըմբոստ շարժումներին մասնակցում են շատ հետաքրքիր երիտասարդներ, բայց նրանց զգալի մասը խնդիրների շուրջ ունենալով իրենց հստակ դիրքորոշումը, այդ շարժումներին չէր մասնակցում: Մինչդեռ կուտակային ռեֆորմը այդ հատվածին էլ ներքաշեց պայքարի մեջ: Իշխանությունն իր դեմ տրամադրեց հենց այն հատվածին, որը բավական լոյալ էր տրամադրված իշխանության հանդեպ:
Տեսեք, մենք ընտրեցինք կենսաթոշակային այս համակարգը, որը չեմ կարծում, որ լավագույնն է, բայց եթե ընտրել ենք, ուրեմն պետք է մարդկանց նաեւ բացատրենք: Եվ մենք նախագահին ու կառավարությանն առաջարկում ենք. ոչ թե եկեք հրաժարվենք կուտակային համակարգը ներդնելուց, այլ եկեք կիրառման մեջ փոփոխություններ կատարենք:
Ի՞նչ ենք մենք առաջարկում: Նախ, պարտադիր բաղադրիչը կարելի է տարածել 500 000 աշխատավարձ ստացողների վրա: Մնացածը թող կամավոր սկզբունքով որոշեն, ու եթե այս տարիների ընթացքում վստահությունը կավելանա, ու մարդիկ կտեսնեն, որ օգտակար գործ է, ինքնակամ կմտնեն համակարգի մեջ: Ցածր աշխատավարձ ստացողների վրա անիմաստ է տարածել պարտադիր բաղադրիչը. նրա փոխարեն կա՛մ պետք է գործատուն վճարի, կա՛մ պետությունը:
Եվ հետո, ի սկզբանե սկսել 5%-ից՝ ճիշտ չէ, կարելի է սկսել 2, 3% պահումներից: Կրկնում եմ, երբ մարդիկ կհամոզվեն, որ համակարգը ճիշտ է, ինքնակամ կներգրավվեն: Մարդկանց չի կարելի զոռով տանել երջանկության, նրանց պետք է համոզել, ինչը եւս բավական բարդ է, քանի որ միայն խոսելով չես կարող համոզել:
Հիմա գործընթացը Սահմանադրական դատարանում է, կասեցման որոշումը հարմար իրավիճակ է ստեղծում հարցի շուրջ նորից քննարկումներ ծավալելու համար: Մենք ոչ ֆորմալ հանդիպում ենք ունեցել նախագահի հետ, կհանդիպենք նաեւ վարչապետի հետ ու կներկայացնենք մեր դիրքորոշումը:

 

–Աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ Հայաստանը զգայուն երկիր է: Այդ առումով, այսօր մի կողմից արտահայտվում է մտահոգություն, թե Ուկրաինայի Մայդանի ալիքը կարող է հասնել եւ Հայաստան, մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք անհամբերությամբ են դրան սպասում՝ ուկրաինական ընդդիմության հաղթանակը համարելով Հայաստանի հաղթանակը: Ի՞նչ կասեք այս հակադիր կարծիքների մասին:

 

-Գիտեք՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե անվտանգության տեսակետից որքան ճիշտ էր Հայաստանի՝ ամիսներ առաջ, սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը՝ դառնալ Մաքսային միության անդամ: Մենք ուղղակի խուսափեցինք այն վտանգներից, որոնց առաջ կանգնած է Ուկրաինան: Իսկ գործընթացները թույլ են տալիս կանխատեսել, որ այդ երկիրը կարող է անգամ մասնատվել երկու պետությունների:
Բացի դրանից, Ուկրաինայում բախվում են Եվրոպայի ու Ռուսաստանի շահերը, դա նրանց կռիվն է, ուր ուկրաինացիները ընդամենը օգտագործվում են որպես գործիք այդ ուժերի ձեռքում: Իսկ մեզ պե՞տք է, որ նման կռիվ լինի Հայաստանում: Սա շատ թանկ կնստի մեզ վրա, ուղղակի կկորցնենք այն, ինչ ունենք: Ուրեմն մենք միայն կարող ենք գոհունակությամբ ասել՝ ինչ լավ է, որ փրկվեցինք այդ վիճակից, որում այսօր գտնվում է Ուկրաինան:

Իհարկե, ուկրաինացիները հասան նրան, որ երկրում իշխանություն փոխվեց, բայց նրանք տարիներ առաջ ևս նույն ճանապարհով իշխանության էին բերել Տիմոշենկոյին, Վրաստանում էլ եղավ նման իշխանափոխություն: Վստահ եմ, որ Հայաստանում ուշ թե շուտ հնչելու է արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխման պահանջը: Բայց դրա համար ոչ թե պետք է փողոցներ դուրս գալով ու Մայդանի մասին երազել, այլ պատրաստվել: Առջևում ընտրություն կա, կարծում եմ, արժե, որ մեր քաղաքական ուժերը լրջորեն պատրաստվեն գալիք ընտրություններին, փորձեն պայքարել և ոչ թե ձեռքները ծալած սպասել ու մտածել՝ մեկ է, կլինի այն, ինչ պետք է լինի: Եթե այս կերպ մտածենք, ոչնչի չենք կարող հասնել:

 

Շարունակելի…

Արմինե Սիմոնյան

Հայոց աշխարհ

 

Անկախ

Թուրքիայի ԶՈՒ սպաները Ադրբեջանում ուսումնական կուրսեր են անցկացնելու

2Փետրվարի 3-ին Բաքու է ժամանելու Թուրքիայի զինված ուժերի հրամանատարաշտաբային սպաների ուսումնական խումբը, որը համապատասխան կուրսեր են անցկացնելու Ադրբեջանի հրամանատարաշտաբային անձնակազմի հետ: Այն տևելու է մեկ շաբաթ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ առաջիկայում սպասվում է Թուրքիայի զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների այցն Ադրբեջան:

 

Անկախ

Մի շարք նախարարներ հրաժե՞շտ կտան պաշտոններին

hraparak tert«Հրապարակ»-ը գրուն է, որ առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում ինչպես մարզպետների, այնպես էլ նախարարների շրջանում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է. ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Արմեն Մովսիսյանը նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի` Արա Աբրահամյանի եղբոր անունը:

«Չի բացառվում նաև, որ Հրանուշ Հակոբյանը նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին. քննարկում են նրան Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը, գրում է թերթը:

 

Անկախ

«Այսօր խաղաղասիրական լոզունգներով հասարակության վրա չես ներազդի». Ավազ Հասանով

Մանվել ՍարգսյանԱշխարհը պետք է իմանա ու դատապարտի ադրբեջանցիների կողմից իրականացրած թե վերջին դիվերսիոն գործողություններն ու դրա հետևանքով սպանված Արմեն Հովհաննիսյանի մահը, թե սահմանին հնչող հաճախակի կրակոցներն ու գրանցվող դեպքերը: «Ամեն ինչ կախված է որոշումից: Կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայի շուրջ նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն,քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետը կարծում է, որ այն փիլիսոփայությունը, որ բանակցությունները պետք է վարել լարվածության մեջ և ոչ թե խաղաղ պայմաններում, հենց վերջերս արտահայտվում է հայ-ադրբեջանական սահմանին:

Սերգեյ Մինասյանի խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը ռազմական գործողությունները լրջացնելու և դրանց կարևորություն տալու նպատակ ունեին:

gas1Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովի պնդմամբ վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները հասկացել են, որ այսօր խաղաղասիրական լոզունգներով հասարակության վրա չես ներազդի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ