Այսօր Երևանում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, որտեղ ասված է. “Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման որոնումը բխում է պարտավորություններից, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են Եվրոպայի խորհուրդ մտնելիս: ԵԽԽՎ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններին, որոնք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա և հիմքեր են ստեղծում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել Եվրոպայի խորհուրդը նախագահելու տրված հնարավորությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խնդրի ինտենսիվ լուծումներ գտնելու համար: Իր հերթին ԵԽԽՎ-ն պատրաստ է իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել ամեն բան բանակցային գործընթացը հեշտացնելու և երկու անդամ երկրների պատվիրակությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար”:
ԵԽԽՎ անդամներից մեկը բարձրացրեց Հայաստանում գազի գնի բարձրացման հարցը
Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ժամանակ կոմիտեի եվրոպացի անդամներից մեկը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա Հայաստանում տեղի ունեցավ գազի թանկացումը, ի՞նչ հետևանքներ կունենա այն Հայաստանի համար և թե ինչպե՞ս է Հայաստանը դիտարկում տնտեսական այս գործընթացը քաղաքական համատեքստում:
«Դա Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բանակցությունների խնդիր է, և ես կարծում եմ, որ լուծումներ կգտնվեն, ինչպես ցանկացած հարց, որը քննարկվում է երկու ռազմավարական գործընկերների միջև»,-պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը ներկայացրեց Եվրախորհրդում Հայաստանի նախագահության գերակայությունները և գործունեության ծրագիրը
Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում
Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի
խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին և
հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության
գերակայությունները և գործունեության ծրագիրը։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության
գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև
ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին,
որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝
Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության
արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և
այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով
եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի
գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև
ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական
ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու
անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության
հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու
անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները,
հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում,
ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների
խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ
գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված
Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ
պայքարին:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին
նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների
շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական
ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար
առանցքային բաղադրիչ է հանդիսանում:
Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության
կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին
վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր
աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը
ներկայումս առաջնորդում է Հայաստանը։
Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և
համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:
Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի
գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի
հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության
բարձրացմանը:
Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ
միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների
կոնգրեսի հետ», -ասաց նախարար Նալբանդյանը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի
մասնակիցներին տեղեկացրեց մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի
արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության
բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների
իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ – Եվրոպական
միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների
նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։
Ելույթում նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ
կառույցներն միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու
իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։
«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին
համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված
նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների
տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։
Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց
այդ տեսանկյունից։ ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և
պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝
նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու
քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասաց
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին մասնակցող խորհրդարանականների կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող բազմաթիվ հարցերի։
Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ նիստին անդրադարձավ սիրիական խնդրին
Այսօր Երեւանում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ներկաներից մեկը հայտարարեց, որ այսօր Եվրոպաական միության ներսում գոյություն չունի մտքերի միասնականություն: Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը վերացրել է զենքի էմբարգոն, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ ավելի շատ զենք է ուղարկելու նախագահ Ասադին, իսկ Թուրքիայի կողմից զենքն արդեն իսկ ուղարկվում է Սիրիայի ապստամբներին. «Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչպես կարելի է խաղաղ կարգավորման հասնել Սիրիայի պարագայում»,-հարցրեց նա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նալբանդյանը նախ հիշեցրեց, որ նախարարների կոմիտեն քանիցս քննարկել է Սիրիայում ծավալվող ողբերգական իրավիճակը, և 2012-ի մայիսի 9-ին նախարարների տեղակալներն ընդունել են հռչակագիր՝ դատապարտելով մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումը Սիրիայում:
Սակայն նա բարձրացված հարցին պատասխանեց` որպես ՀՀ Արտաքին գործերի նախարար և մարդ, որն ավելի քան քսան տարի աշխատել է մերձավոր Արևելքում: Նալբանդյանն ասաց, որ ողջունելի է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Լավրովի փոխհամաձայնությունը Սիրիայի հարցով Ժնևում ևս մեկ խորհրդաժողով կազմակերպելու վերաբերյալ` միաժամանակ շեշտելով, որ խորհրդաժողովը պետք է լավ կազմակերպվի, և հաշվի առնվեն ժնևյան առաջին խորհրդաժողովի ձախողման պատճառները: Նալբանդյանը, որպես ձախողման օրինակ, նշեց, որ խորհրդաժողովին չէին հրավիրվել Իրանն ու Սաուդյան Արաբիան, մինչդեռ վերջիններս մեծ ազդեցություն ունեն այս հարցում. «Շատ կարևոր է, որպեսզի խորհրդաժողովին հրավիրվեն նաև Սիրիայի հասարակության բոլոր ներկայացուցիչները` այդ թվում և ընդդիմադիր խմբակցություններն ու խմբավորումները և իշխանությունները` առանց նախապայմանների, և խորհրդաժողովի հիմնական նպատակը դառնա լուծումներ գտնելը, որովհետև իրավիճակն օրեցօր բարդանում է»,-ասաց նա:
Նալբանդյանը Սիրիայի հարցի կարգավորումը կարևորեց նաև այս պահին այնտեղ բնակվող 40-50 հազար հայերի անվտանգության տեսանկյունից` նշելով, որ Հալեպում գործող հայկական հյուպատոսարանն այսօր միակ գործող հյուպատոսարանն է, իսկ մյուսները փակվել են. «Չնայած բոլոր դժվարություններին` մենք պահպանում ենք դիվանագետների ներկայությունը Հալեպում, քանի որ միայն Հալեպում 40 000 հայ է բնակվում»,-ասաց նա:
Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ 5 տարի առաջ Սիրիայի նախագահը մեծ օժանդակություն էր վայելում իր երկրում և այսօր էլ շարունակում է բավականաչափ օժանդակություն վայելել. «Չի կարելի արհամարհել գործող նախագահին օժանդակող կողմերի, ինչպես նաև ընդդիմադիր կողմերի կարծիքը,-ընդգծեց նա` ընդունելով, որ իրավիճակն իսկապես շատ բարդ է, և դժվար կլինի ասել, որ Ժնևի երկրորդ խորհրդաժողովը կլուծի այդ խնդիրները,-այնուամենայնիվ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի` օժանդակելու ժնևյան երկրորդ խորհրդաժողովին, աջակցի, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեն, և տեղի ունենա հաշտեցում Սիրիայի հասարակության տարբեր խմբավորումների միջև»,-ամփոփեց նա:
«Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը գիտակցված ընտրության արդյունք է». Հովիկ Աբրահամյան
Այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին, հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում, իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ. «Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին»:
Հայաստանի կողմից առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը, ըստ խորհրդարանի ղեկավարի, նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Հայաստանի համար:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները:
«Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց: Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը»,-շարունակեց նա:
Դիմելով ներկաներին` նա ասաց, որ դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում այդ խնդիրները դեռեւս օրակարգային են: «Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը»,-ասաց նա:
Հիշեցնելով Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը` «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն», նա ավելացրեց, որ անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, ըստ նրա, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:
Հովիկ Աբրահամյանն առանձնակի ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը. «Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը»,-ասաց նա:
Ամփոփելով խոսքը` ԱԺ նախագահը վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը և հայտնեց, որ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք. «Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը»,-ասաց նա` ներկաներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
«Ավելին ի՞նչ անենք». Էդ. Նալբանդյանը՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մասին
Երևանում այս պահին ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը` Հայաստանի նախագահության շրջանակներում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, հայտարարեց, որ Մինսկի խմբի երեք համանախագահների ձևաչափը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) շատ արդյունավետ է ու կարևոր: Նա նշեց, որ երեք երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր, որն աննախադեպ է:
Նալբանդյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հայտարարություն Հայաստանը ողջունել է և պատրաստակամություն հայտնել գնալու խնդրի լուծման՝ այդ հայտարարությունների հիման վրա: «Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից սատարել Հայաստանի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման: Նման կերպ մենք չենք հասնի հարցի կարգավորման: Մենք ձգտում ենք, որ միջազգային հանրությունն օժանդակի Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշմանը, ինչն էապես կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հարցի կարգավորման լավ հնարավորություն կստեղծվի նաև, եթե նման մոտեցում լինի Ադրբեջանի կողմից:
Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է Հայաստանը պատրաստ զիջումներ անելու: Նալբանդյանը պատասխանեց, որ Ադրբեջանի մոտեցումների դիմաց Հայաստանը պատրաստ չէ որևէ զիջման: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա այն ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների միջոցով: «Ադրբեջանը ձևացնում է, թե սատարում է, այսպես կոչված, 2009 թվականի նորացված տարբերակը: Այսինքն, մենք համարում ենք, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որոնք ներկայացրել են երեք համանախագահողները, հնացա՞ծ են»,-հարցրեց Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ անգամ 2009-ի տարբերակը, որին հղում է կատարում Ադրբեջանը, կրկին չի ընդունվել նրո կողմից,-ընդունվել է այնպես, ինչպես Կազանում, Սոչիում, Աստրախանում, Սանկտ-Պետերբուգրում և բոլոր մյուս ժողովներում՝ 10 և ավելի փոփոխություններով հանդերձ: Բայց այդպես չի լինունմ. կա՛մ ընդունում ես, կա՛մ չես ընդունում: Եթե գալիս ես տասը փոփոխությունով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը»,-ասաց:
Նալբանդյանը կրկնեց, որ Հայաստանը ողջունում է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների կողմից ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների, այլև վստահության ամրապնդման միջոցառումներրի և հրադադարի համաձայմնագիրն ամրապնդելու վերաբերյալ. «Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է: Կամ շփման գծի երկայնքով հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելը, դիպուկադարներին շփման գծից հետ քաշելը մենք ընդունում ենք, Ադրբեջանը մերժում է: Կարող եմ շարունակել այսպես: Ավելին ի՞նչ անենք»,-հարցրեց նա:
Նալբանդյանը նաև մի մանրամասն հաղորդեց Դուբլինում կայացած նախարարական վերջին ժողովից, որի ժամանակ երեք համանախագահողները երկու նախարարների հետ միասին քննարկել են համատեղ հայտարարության տեքստը՝ երեք գումարած երկու ձևաչափով. «Ադրբեջանը մերժեց, որովհետև իրենք դեմ էին “հակամարտության խաղաղ կարգավորում” ձևակերպմանը, դեմ էին հրադադարի ամրապնդման մեխանիզմի ստեղծմանը և այլ կետերի: Երեք համանախագահողներն ընդունեցին եռակողմ հայտարարություն, և մենք ասացինք, որ պատրաստ ենք ստորագրել այդ հայտարարության տակ»,-ամփոփեց նախարարը:
Մոռացել ենք առաջին hանրապետության ղեկավարների ազնվությունը
Հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ժամանակ պետականությունը` անկախությունը, մեր ժողովրդին տրվեց իրադրության հանգամանքների պայմաններում, բայց այն մեզ չտրվեց ինքնըստինքյան, ինչպես երկար ժամանակ նշվում էր:
Ուրիշները անկախություն ստացան, մենք` վերանվաճեցինք
Հիշենք, որ 1918 թ. դեռևս գործում էր Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և ադրբեջանցիների ազգային խորհուրդներից: Այդ ժամանակ թուրքական կողմը պահանջում էր առանձին երկրների հետ պայմանագրերի կնքում, և կովկասյան իշխանություններն էլ արդեն որոշ չափով հեղինակազրկվել էին: Այս իրավիճակում մայիսի 26-ին Սեյմը նիստ գումարեց, ու հենց այդ նիստի ժամանակ էլ լուծարվեց: Դրանից հետո Վրաց ազգային խորհուրդը մայիսի 26-ին նիստ գումարեց ու Վրաստանը հայտարարեց անկախ: Դրա հաջորդ օրը` մայիսի 27-ին, արդեն Ադրբեջանի ազգային խորհուրդը նիստ գումարեց և անկախ հռչակեց թաթարական այդ պետությունը` Ադրբեջանական Հանրապետությունը: Եվ այդ պայմաններում Հայաստանն արդեն մնացել էր միայնակ: Ուստի մայիսի 28-ին էլ Հայոց ազգային խորհուրդը Հայստանը հռչակեց անկախ պետություն, Թիֆլիսում էլ իրեն հռչակեց Հանրապետության գերագույն մարմին:
Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, օրենքներ մշակվեցին, որ պետք է դրվեին շրջանառության մեջ և այլն:
Բայց, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ինքնըստինքյան չկայացավ, դրա համար հայ ժողովուրդը դեռ պետք է հերոսամարտ մղեր: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց այնպիսի ծանր պայմաններում, երբ միայն 180 հազար հոգի զոհ գնացին սովին ու համաճարակներին, այդ ժամանակ Էջմիածնում և հարակից շրջաններում կային ավելի քան 450 հազար գաղթականներ և այլն: Այս պայմաններում նորաստեղծ պետականության իշխանությունների գերխնդիրները շատ-շատ էին. պետք էր այդ մարդկանց կերակրել, օթևանով ապահովել, աշխատանք տալ և այլն: Եվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով ու այդպիսի ծանր պայմաններում, թուրքական հոծ բանակի սպառնալիքի ներքո, հայերը վերագտան իրենց անկախությունն ու պետականությունը: Այդ իսկ պատճառով արդարև Հայաստանի երրորդ Հանրապետությունը համարվում է առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը:
Եթե համեմատենք առաջին և երրորդ հանրապետությունների ձևավորման սկզբնական ժամանակները, ապա տեսնում ենք, որ որոշակի տարբերություններով, բայց իրավիճակային խիստ նմանություններ կան` սով, գաղթականություն, աղքատություն, պատերազմ առաջին հանարապետության դեպքում և երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, թուրք-ադրբեջանական շրջափակում, այս անգամ Ադրբեջանից հայ փախստականների հոսք դեպի հանրապետություն և երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրերին:
Առաջին հանրապետության ղեկավարների տված դասերը չենք սերտել
Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, թե ինչպես գոյատևեց այդ 2.5 տարիներին առաջին հանրապետությունը, և ինչու կորցրեց իր անկախությունը, անցնենք այլ հարցի:
Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջանում հիշել, որ առաջին Հանրապետության ղեկավարներն ազնիվ մարդիկ էին, ինչպես հիմա պնդում են պատմագետներն ու պատմաբանները:
Բերենք մի քանի օրինակ: Հովհաննես Քաջազնունին, որ առաջին հանրապետության վարչապետն էր 1919 թ., գտնվելով ծանր սոցիալական վիճակում ու գումար չունենալով, արտասահման մեկնեց` վաճառելով իր վերարկուն ու դրանից ստացված գումարով տոմս գնեց: «Հավաստի տվյալներ եմ ասում. քանի որ հնարավորություններ չունեին, պետությունը սուղ միջոցներ ուներ ու պայմանների տեսանկյունից բավականին ծանր վիճակում գոյատևող պետություն էր, ու հենց այդ պայմաններում վարչապետը ստիպված էր Ամերիկա մեկնելուց առաջ վաճառել իր վերարկուն ու ստացված գումարը ծախսել տոմս գնելու վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ 1919 թ. մարտից մայիսն ընկած շրջանը, երբ Հայաստանն արտասահմանից առաջին օգնությունը ստացավ, նա թողեց վարչապետությունը` զբաղվելու համար այդ օգնությունը Հայաստան հասցնելու գործերով, քանի որ գլխավորը դա էր համարում»,- առաջին հանրապետության ղեկավարների մասին պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Մի ուրիշ օրինակ է այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետության ՛ վարչապետներ Քաջազնունու և Համո Օհանջանյանի որդիները զոհվեցին 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ:
Հարկ է հիշել, որ Էջմիածնի վեհարանի դռները Հովհաննես Թումանյանի պահանջով բացվեցին գաղթականներին օթևան տալու համար: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտերին մասնակցում էին բոլորը` սկսած կաթողիկոսից, գրողներից և վերջացրած հարուստներով, գյուղացիներով, ժողովրդով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից գլխավորը` Արամ Մանուկյանը. մահացավ այդ օրերին հազարավոր հայերի կյանք խլած համաճարակից` բծավոր տիֆից: Որովհետև, ինչպես նշում են պատմաբանները, Երևանի դիկտատորը հրաժարվել էր իրեն հասանելիք դեղամիջոցից, որպեսզի իր բաժին դեղով ուրիշ` աղքատ մարդիկ ապաքինվեին:
«Այսօրվա ղեկավարության մեջ էլ, իհարկե, նվիրյալ մարդիկ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ինքնազոհողության, բայց այն նվիրումը, որ այն ժամանակվա ղեկավարության մեծ մասի մոտ կար, այսօր, ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում, երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը հիմա ես չեմ կարծում, որ ղեկավարության մեջ լինի այնքան շատ, ինչքան առաջին հանրապետությունում, ավելի շատ շահադիտական նկատառումներ եմ տեսնում այսօր: Մյուս կարևոր հանգամանքը. նրանք չէին խորշում անգամ իրենց որդիներին բանակ զորակոչելուց, ինչպես Համո Օհանջանյանի որդին զոհվեց հենց պատերազմի ժամանակ: Եվ բոլոր ղեկավարների զավակների միջև հավասարություն էին դնում, տարբերություն չկար մեծահարուստի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջև: Իսկ այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է մեկնում ծառայության, ու մեկնելիս էլ ինչպիսի՞ պայմաններում է ծառայում»,- նշում է Էդիկ Մինասյանը:
Այսպիսի օրինակներն առաջին Հանրապետության ղեկավարների մեջ շատ են: Ու հենց նրանց ջանքերի շնորհիվ էր, որ առաջին շրջանում պետականության կառուցումը կայացավ: Մենք, իսկապես, շատ դասեր ունենք քաղելու այդ ղեկավարներից, առաջին հանրապետության կարճ, բայց բուռն ու բովանդակալից գոյության պատմությունից: Հենց այն պարզ պատճառով, որ պատմությունը շատ հաճախ կրկնվում է:
Եվ երբ նայում ենք առաջին հանրապետության ղեկավարների վարքին ու կենցաղավարությանը, ապա նայում ենք նեկայիս հանրապետության «էլիտայի» վարքուբարքին, հարց է առաջանում` ներկայիս հանրապետության ղեկավարները դասեր քաղե՞լ են առաջին հանրապետության ղեկավարների թե՛ սխալներից, թե՛ ուսանելի փորձից ու կենսակերպից: Եվ ուզո՞ւմ են քաղել:
Իրանում քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալվում. իրանահայ լրագրող
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը խոսեց Իրանի ընտրությունների ու մեր տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:
Ռուբիկ Մինասյանը նախ նշեց, որ այս անգամ Իրանի ընտրություններին մասնակցելու համար մոտ 600 դիմում էր ստացվել, սակայն հատուկ խորհրդի որոշմամբ իբրև թեկնածու հաստատվեցին ութը: Նախկին նախագահ Ռասանջյանիի թեկնածությունը մրժվեց 80-ն անց լինելու պատճառով: Սա մի տեսակ վերացրեց ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը. «Հաստատված բոլոր թեկնածուներն էլ նույն քաղաքական գծից են, ինչը նշանակում է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի, Իրանում քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալվում: Փոփոխություն արտաքին քաղաքականությունում ևս առաջիկայում չի լինի: Բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը նման են, տարբերվում են միայն փոքրկ տնտեսական դետալներով: Ինչ վերաբերում է հասարակությանը, մեծ մասը ճիշտ են համարում քաղաքական ներկայիս որոշումները: Իհարկե կան նաև խավեր, որ սանկցիաների հետևանքով լուրջ սոցիալական խնդիրներ ունեն», – ասաց լրագրողը և առանձնացրեց ապագա նախագահի երկու ամենահավանական համարվող թեկնածուներին` ատոմային հարցերում ներկայիս բանագնացին և ներկայիս արտգործնախարարին:
Խոսելով ընտրությունների թափանցիկության ու «իրանական դեմոկրատիայի մասին»` բանախոսը նկատեց, որ դեմոկրատիան դրսում ու Իրանում տարբեր հասկացություններ են. «Վերջին երեք նախագահական ընտրություններին կանայք ներկայացրել են թեկնածություններ, բայց հատուկ խորհուրդը բոլորին էլ մերժել է: Իրանի սահմանադրությունը չի արգելում, որ կինը դառնա նախագահ, բայց այնտեղ ասվում է, որ նախագահ կարող է լինել «ռաջոլը» (առաջնորդ), մինչդեռ չի ենթադրվում, որ «ռաջոլը» կին է:
ԿԸՀ-ում բաշխվել են Սուրենավանի ՏԸՀ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում 2013թ. հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Համաձայն իրականացված բաշխման` արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը, իսկ քարտուղարի պաշտոնը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:
Հերթական նիստում քննարկվել են նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը կարող է մասնակցել Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին
«Պաշտոնական Բաքուն արձագանքել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտին» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորի Այվազյանը նշեց, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցելու հայտի վերաբերյալ Բաքվի արձագանքը դեռ պաշտոնական չէ:
«Արձագանք է եղել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Ազեր Սարիևից, ով ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունում նշել է` Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել ընտրություններին մասնակցելու համար, եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ գործող օրենսդրությանը համապատասխան, ինչից հետո նրան կտրվի պատասխան, – ասաց Գրիգորի Այվազյանը և անդրադարձավ իր անելիքներին.- Մենք մտել ենք գործընթացի մեջ, որ վերահաստատենք հին ճշմարտությունը և երբեք չենք հրաժարվի այդ երկրի նկատմամբ ունեցած մեր իրավունքներից: Ադրբեջանից վախենալու բան չունենք, մենք ենք այդ երկիրը կառուցել և նրանց նման չենք, որ քնած մարդ սպանենք»:
Խոսելով ընտրություններում իր շանսերի մասին` Գրիգորի Այվազյանը շեշտեց, որ գրանցվելու դեպքում մեծ ձայներ կստանա Ադրբեջանում, քանի որ ունի հանրության մեծ մասի աջակցությունը:
«Իմ դիտարկումներով՝ կստանամ հանրության ձայների մոտավորապես 60%-ը», – եզրափակեց բանախոսը:
Ռուբեն Հակոբյանը սոցիալական «բունտ» է կանխատեսում
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանի ամենատարբեր տեղերում սոցիալական լարված օջախներ են առաջացել և կշարունակեն առաջանալ. «Ես կարծում եմ, որ սոցիալական բունտը թակում է մեր պետության դուռը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ որևէ ծրագիր, որը կոչված է պետության մեջ վիճակ փոխելուն, այս համակարգին հակացուցված է, քանի որ համակարգը «հակա է» առողջացմանը: «Կարծել, թե հնարավոր է այս համակագով բան փոխել, միամտություն է: Համակարգի շարժիչ ուժը ստվերային տնտեսությունն է, կոռուպցիան ու մենաշնորհները, և եթե սրանից զրկվի իշխանությունը, չի կարող գոյատեւել»,-կարծում է պատգամավորը:
«Իշխանությունը հասարակությունից թաքցրել է գազի գինը». Լևոն Զուրաբյան
Խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր ընդդիմությունը համախմբված է ավելի, քան երբևէ. «Պառլամենտը դարձել է պառլամենտ,-ասաց նա,-իշխանությունները տարիներ շարունակ սովորել էին, որ նրանք կարող են հափշտակել մեր ազգային հարստությունը, գողանան, կեղեքեն ժողովրդին և գան խորհրդարան՝ ներկայանալով որպես սոլիդ, հարգված, պետական մտածողության մարդիկ: Այդ հաճույքից մենք իրենց այս քնարկումների ժամանակ զրկեցինք: Իրենք հասկանում են, որ խորհրդարանում հնչում է ճշմարտացի խոսք: Էն ժամանակ գողանում էին ու հաճույք էին ստանում, հիմա գողանում են, բայց հաճույք ստանում: Սա է տարբերությունը»:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը՝ նա հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 13-ին ստացած գազի գնի բարձրացման հայտին կցված պայմանագրով` գազի նոր գնի գործարքի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել դեռևս ապրիլի 1-ից, և եթե գազի նոր գինը գործում է ապրիլի 1-ից, ուրեմն պայմանագիրը ստորագրվել է մինչև ապրիլի 1-ը. «Փաստորեն, իշխանությունը հասարակությունից թաքցրել է գազի գինը, և մենք ենթադրում ենք, որ այդ ինֆորմացիան հասու է եղել իշխանություններին նախագահական ընտրություններից առաջ, լուրջ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի հետ գազի նոր գինը համաձայնեցրել են ավելի վաղ` նախորդ տարվա հոկտեմբեր ամսին»,- ընդգծեց նա՝ ասելով, որ դա խարդախություն է, որի համար իշխանությունը պետք է պատասխան տա:
Գալուստ Սահակյանը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին, ընդհակառակը…
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե չի պատրաստվում արդյոք, ներողություն խնդրել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի կողմից դատախազի հասցեին հնչեցրած քննադատություններինմ, ասել էր. «Այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնես, չկանգնի, նեղանաս»:
«Էդ հարցը տալիս եք՝ նայելով աչքերիս մե՞ջ»,-զարմացավ Սահակյանը:
Ստանալով դրական պատասխան՝ ասաց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթ չտամ ներողություն խնդրելու: Այնպես եք ասում՝ կնոջը վիրավորել եմ, կարծես թե կրակել եմ: Ճղճղալ, լպիրշ պահել, վիրավորական խոսքեր հնչեցնել հանրապետականի, նրա լիդերների հասցեին…եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի, բայց ես կնոջը չեմ վիրավորել, ընդհակառակը՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին»:
«Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով». Լևոն Զուրաբյան
«Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի պես բան է»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ իրենց հասցեին հնչած քննադատություններրին:
Նա նաև նկատեց, որ «բանականության առումով պուճուր եղբայրներից չեն նեղանում»:
«Ինչ վերաբերում է զրոյի մոմենտին,-շարունակեց Զուրաբյանը՝ նկատի ունենալով Գալուստ Սահակյանի հայտնած արտահայտությունը, թե խոսում են, թող խոեսն, մեկ է՝ զրո են, Զուրաբյանն ասաց,-փաստորեն Հայաստանում կա մի զրո, որը հունից հանում Հայաստանի վարչապետին, ՀՀԿ խմբակցության ղեկավարին, մի զրո, որի մասին ամբողջ պետական պրոպագանդան օրուգիշեր խոսում է, և որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունն ասել: Շատ հզոր զրո է»,-ասաց Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե Գալուստ Սահակյանը պատմության մեջ ինչո՞վ կմնա, Զուրաբյանը պատասխանեց· «Տափակ շուլուխներով, ինչո՞վ»:
Ի դեպ, լրագրողները Լևոբ Զուրաբյանի այս կարծիքը փոխանցեցին Գալուստ Սահակյանին, որն արձագանքեց. «Մեղք է, մեղք…»:
Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի մտքի հեղափոխության, Գալուստ Սահակյանի մտքի գոհարների և հանրապետականներին դալաններում ծեծելու մասին
Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանիˋ մտքի հեղափոխության մասին արտահայտած տեսակետին: Նրա խոսքով, եթե վարչապետն ի նկատի ունի կառավարության ծրագրի վերաբերյալ ծավալված քննարկումը, որտեղ ընդդիմությունը քննադատում էր հիմնավորված, իսկ իշխանության պատասխանը միայն վիրավորելն էր, ապա մեզ նման հեղափոխություն պետք չի: «Եթե մտքի հեղափոխության մասին են խոսում, առաջին հերթին իշխանությունը պետք է պատրաստ լինի այդ բարեփոխումների ընթացքում նաև իշխանությունը զիջելու: Իսկ մենք նման հեղափոխության ծիլերն անգամ չտեսանք»,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա, քննարկումները ցույց տվեցին, որ իշխանության պատկերացումներն, ընդհանուր առմաբ, ցինիզմի են նման, ոչ թե իրականությունն ընկալելու և մտահոգ քայլեր իրականացնելու պատրաստակամության ու կեցվածքի:
Փոխարենը պատգամավորը իշխանության ներկայիս կեցվածքը համեմատում է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» քավոր Պետրոսի քաղաքականության հետ· «Արտաքնապես սրբազնացված, բարեկիրթ ու պատրաստակամ, իսկ հոգու խորքում ամեն հանցագործության պատրաստ»,-ամփոփեց նա:
Արծվիկ Մինասյանը հեռակ ակարգով պատասխանեց նաև Գալուստ Սահակյանինˋ նկատելով, որ վերջինս միշտ է փայլում է իր մտքի գոհարներով: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության զեկավարի արտահայտած մտքին, թե ինչ կլիներ ընդդիմության վիճակը, եթե չլիներ այսօրվա իշխանությունը, ասաց· «Այո, եթե չլիներ այսօրվա իշխանությունըˋ նախագահի գլխավորությամբ, ապա դաշնակցությունը կլիներ իշխանության, երևի Գրիգորիչը դա ի նկատի ուներ»:
Գալուստ Գրիգորիչի «մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա» արտահայտությունն էլ Արծվիկ Մինասյանին հիշեցնում է երկու մուլտֆիլմˋ «Հայելի ջան, հայելի, ասաˋ ով է ամենագեղեցիկը» և «Ես ամենաամենան եմ»:
Գալուստ Սահակյանի «մտքի գոհարներից» մեկն էլ, թե իրենք ընդդիմության կարիքը չունեն, դաշնակցական պատգամավորն ընդամենը անպատասխանատու վերաբերմունք է համարում· «Իշխանությունն ու ընդդիմությունը քաղաքական մեկ օրակարգի մաս պետք է լինեն և հակակշռման լծակներով պետք է առաջնորդվեն: «Այդ հայտարարությունը Լյուդովիկոս տասնչորսերորդին է հիշեցնում, որ ասում էրˋ պետությունը դա ես եմ: Դրա վերջն էլ գիտենք: Դա տանում է կործանման»,-ասաց նա:
Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի «հանրապետականներին դալաններում ծեծի» վերաբերյալ արտահայտությանը, ապա Արծվիկ Մինասյանը, դա քաղաքական հումոր որակելով, մի բան պատմեց. «Այդ հայտարարության հաջորդ օրը Ազգային ժողովի հետևի մուտքի դալանում հանդիպեցի մեր հարգարժան գործընկերներինˋ հանրապետականներիցˋ Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին: Ասացի՝ էրեկվա հայտարարությունից հետո որոշել եք այլևս մենակ դալան չմտնե՞լ»:
Վարչապետը` մտքի հեղափոխության և տեղի ունեցող այլ ֆունդամենտալ փոփոխությունների մասին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին հիշեցրին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը` «մեծերին գլխից բռնելու» վերաբերյալ:
Վարչապետը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին այդ ուղղությամբ լրջագույն քայլեր են կատարվել` հավելելով, որ այդ գրծընթացը սկսել են նախ և առաջ իրենցից. «Սկսել ենք մեր կուսակցության անդամից, բարձր պաշտոն զբաղեցրած մարդուց և բացահայտել այդ չարաշահումները, և այսօր նա ազատազրկված է: Բացի Վազգեն Խաչիկյանից, կան նաև այլ պաշտոնատար անձինք` իրավապահ մարմիններից, և այդ գործընթացը հրապարակային է»,-ասաց նա:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր կողմից հնչեցրած թեզին` մտքի հեղափոխության վերաբերյալ: Նա ասաց, որ լրագրողները պետք է կարողանան իրենց համար հայտնաբերել այն կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունենում Աժ նիստերի դահլիճում և ուշադրություն չդարձնել երկրորդային խնդիրների վրա: Կարևոր փոփոխությունն, ըստ նրա, Ազգային ժողովում սկսված լրջագույն քաղաքական երկխոսությունն ու գաղափարախոսական բանավեճն էր, որը միտված է դեպի ապագան:
Ինչ վերաբերում է փոխադարձ մեղադրանքներին, ապա վարչապետը դա համարում է խորհրդարանին բնորոշ բնականոն գործընթաց. «Այդտեղ է տեղի ունեցել մտքի հեղափոխություն»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Lրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վարչապետը վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաների` մասնավորապես վերջերս հրապարակված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի չափերին` երկրի սոցիալական ծանր ֆոնին: «Մենք պետք է արձանագրենք այն ֆունդամենտալ փոփոխությունը, որը տեղի է ունեցել: Մենք սկսել ենք հրապարակել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները: Դա ևս հեղափոխական փոփոխություն է, քանի որ դուք այսօր հնարավորություն ունեք քննարկելու վարչապետի եկամուտները, ծախսերը, ունեցվածքը, և դա չափազանց կարևոր հանգամանք է»,-ասաց նա:
Ըստ նրա` պետական պաշտոնատար անձանց եկամուտների հրապարակայնացման մեխանիզմների ներդրման միջոցով բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: «Միանգամից հնարավոր չէ բոլոր հարցերին պատասխանել, բայց մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որ այն Սահմանադրական նորմը, որ քաղաքական գործիչներն ու պատգամավորները չեն կարող զբաղվել բիզնեսով, իրականություն դառնա»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը հերքեց վերջին տարիներին իր եկամուտների կտրուկ աճի վերաբերյալ լուրերը. «Իմ եկամուտներն աճել են այնքանով, որքանով բանկերում ավանդներից տոկոսներ են գոյացել»,-հավաստիացրեց նա:
Կառավարության ծրագիրն ընդունվեց` չնայած ընդդիմության քննադատություններին և «դեմ»-երին
Ազգային ժողովն այսօր 76 կողմ, 41 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության 2013-2017 թթ. գործունեության ծրագիրը, որին դեմ քվեարկեցին «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մինչ քվեարկությունը, ելույթ ունեցավ և պատասխանեց այս օրերին ծրագրի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած քննադատական ելույթներին:
Հիշելով դաշնակցական գործընկերոջ` Վահան Հովհաննիսյանի ելույթը, որտեղ վերջինս անդրադարձել էր իր այն հայտարարությունը, թե իբր ՀՀԿ-ն ամենալավն է և դա անվանել կլասիկ գրիգորիչական շուլուխ, Գալուստ Գրիգորիչն ասաց. «Իմ հարգելի գործընկեր Վահան Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե մենք ինչ կլինեինք, եթե ինքը չլիներ: Բա որ դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ: Կառավարության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝ աշխատեք, մեզ մի’ ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքը ունենաք»,-
Աղվան Վարդանյանը գյուղնախարարին առաջարկեց տեքստը գրած և իր ձեռքը տված աշխատողին ազատել աշխատանքից
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` լրատվամիջոցներից մեկում հրապարակված հայտարարությունը, թե կարկուտը գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա չի անդրադառնա. “Պետությանը պատճառված տասնյակ միլիոն դոլարների վնասը ինչպե՞ս կարող է չանդրադառնալ վերջնական ցուցանիշների վրա,այդ ի՞նչ թվեր են: Պատրա՞ստ է նախարարությունը մեկ տարվա ընթացքում ապացուցել այդ թվերը”:
Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ սպասում էր նման հարցի և որպես իր ասածի ապացույց և պատասխան պատգամավորի բարձրացրած հարցին, սկսեց ընթերցել երկարաշունչ մի տեքստ. «Մայիսի 12-ին բնական աղետի հետևանքով տուժել են բոլորը: Կարկուտը բարեկամ ու թշնամի չունի, եթե գալիս է, բոլորն է տանում ու բոլորից: Մեր աշխատասեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանք հաղթահարելու իր խելքն ու շնորհքը…»:
Աղվան Վարդանյանը, տարակուսած նախարարի պատասխանից, որտեղ իր բարձրացրած հարցերի վերաբերյալ հստակ բան չկար, ասաց. «Պարոն Կարապետյան, ես առաջարկում եմ, որ այդ տեքստը վերադարձնեք այն աշխատողին, ով գրել և ձեր ձեռքն է տվել և նրան ազատեք աշխատանքից: Ես ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, իմ այդ հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք…»,-հարցրեց պատգամավորը:
Ի՞նչ են անում կառավարությանն առընթեր 21 խորհուրդները
“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանն առնընթեր 21 խորհուրդների գործունեության արդյունավետությունը:
“Оրինակ, գործարարության աջակցման խորհուրդ-նիստերը պետք է գումարվեն ամիսը մեկ անգամ, սակայն վերջին նիստը եղել է 2011-ին: Կայուն զարգացման խորհրդի վերջին նիստը եղել է 2012-ին` միակ նիստը ողջ տարվա ընթացքում: Այդ խորհուրդներից մեկ-երկուսն են արդյունավետ”,-ասաց Արզումանյանը:
Նա հետաքրքրվեց նաև, թե կառավարությունն ինչ հայեցակարգ է առաջարկելու ամբողջությաբ վերանայելու այս խորհուրդների գործունեության կարգը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով բարձրացված հարցին, ասաց, որ 5 տարի առաջ, երբ ինքը նշանակվել է վարչապետի պաշտոնում, այդ խորհուրդների քանակ երկու անգամ ավելին էր: “Մենք պարբերաբար այդ խնդրին անդրադառնում ենք: Մի շարք խորհուրդներ միավորվել են, կան խորհուրդներ, որոնք հիմա էլ պետք է միավորվեն, որպեսզի դրանց աշխատանքը դառնա արդյունավետ”:
Կառավարության ղեկավարն ասաց, որ պատրաստ են լսել պատգամավորի առաջարկները` միաժամանակ նկատելով, որ կյանքն իր ուղղումներն է մտցնում այդ խորհուրդների գործունեության մեջ:
