Ի գիտություն արական սեռի դիմորդների

կգնՀաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով:

Ռումինիայի դեսպան. “Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը”

3349ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ  և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը: Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:
Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: “Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը”,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:  “Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ  են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար”,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”:

Վարչապետը ծանոթացել է AREAL գծային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքներին

10536_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Սարգսյանը շրջայց է կատարել ինստիտուտի տարածքում, ծանոթացել «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` AREAL առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների արդյունքներին:
Հաջորդիվ «Քենդլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը զեկուցել է AREAL գծային արագացուցչի և համապատասխան ենթակառուցվածքների գործարկման ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. դեկտեմբերին ձեռք է բերվել դիագնոստիկ սարքավորում: Ձևավորվել է եվրոպական և ամերիկյան առաջատար փորձագետներից բաղկացած միջազգային կոմիտե, որը 2013 թ. հուլիսի 15-17-ը կայանալիք նիստում կքննարկի առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները և քննարկման արդյունքում կազմված հաշվետվությունը կներկայացնի համաշխարհային գիտական կենտրոններին:
Հաջորդ հարցով խորհուրդն ի գիտություն է ընդունել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկուցումը «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա խոսել է «Քենդլ» և «Հետազոտական տեխնոլոգիական համալսարան» նախագծերը Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրում ընդգրկելու հեռանկարների մասին:

***

ԻԻՀ դեսպան. “Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները”

կՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: “Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են միայն դեպի առաջ ընթանալ: Իհարկե, դժվար է ամեն անգամ առաջ գնալ, երբ արդեն բարձր մակարդակի հարաբերություններ են, բայց երկուստեք ցանկության դեպքում` կարելի է գտնել զարգացման նոր հնարավորություններ”,-նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ Իրանի դեսպանը միշտ ակտիվ աշխատում է Հայաստանի կրթական հաստատությունների հետ և լավ տեղեկացված է իրանցի ուսանողների խնդիրներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ մի շարք հայաստանյան բուհեր ներկայումս անցնում են եվրոպական հավատարմագրման գործընթաց` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացնելով հետևողական ջանքեր, որը, ըստ նախարարի, նպատակ ունի կրթությունը գրավիչ դարձնել նաև օտարերկրյա, այդ թվում` իրանցի ուսանողների համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել` իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Մոհամմադ Ռեյիսիին ընդգծել է, որ իր հետ զրույցում իրանցի ուսանողները շեշտում են վերջին տարիներին Հայաստանի բուհերում կրթության որակի էական տարբերության և արձանագրված առաջընթացի առկայությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց  և  պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարևոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական և մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Նախարարն այդ առիթով ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցության օրինակը ցույց է տալիս, որ համատեղ ուսումնական հաստատությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների և ուսանողների փոխայցելության, ինչպես նաև պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության և պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, ովքեր հաղթահարել են հաստատված  նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85% /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90% /ՄՈԳ/:

Մանկապարտեզների հագեցվածությունը՝ անվերջանալի խնդիր

mankapartezi nkarՄանկապարտեզների խնդրին  մենք անցած տարի  անդրադարձել ենք և  ներկայացրել, թե ինչ սուղ և գերծանրաբեռնված պայմաններում են նրանք գործում: Քաղաքապետարանը խոստացել էր, որ մեկ տարի հետո գուցե հագեցվածությունը խմբակներում թեթևանա վարձակալված տարածքները վերադարձվելու պարագայում: Ինչպիսի՞ն է  իրավիճակն այսօր:

Ոչ վաղ անցյալում պետական մանկապարտեզները վճարովի էին, ամսական վարձավճարը հասնում էր մինչև 7 հազար դրամի: Այն ժամանակ էլ այդ հաստատությունների դռները միշտ չէին բաց ընդունելության համար, սակայն գոնե ինչ-որ չափով ավելի հեշտ էր տնօրինության սիրահոժարությանն արժանանալ` հայկական ավանդական տարբերակի համաձայն:

Պետությունը միայն երկար տարիներ անց որոշեց ամբողջ համակարգը բարեփոխել, և հանրակրթական դպրոցների օպտիմալացման գործընթացներից հետո հերթը մանկապարտեզներին հասավ: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրի համաձայն` հանրապետության բոլոր  պետական մանկապարտեզները դարձան անվճար:

      Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ

Համակարգում տեղի ունեցած բարեփոխումներն առաջացրին առաջարկի ու պահանջարկի անհամամասնություն, մանկապարտեզների գերծանրաբեռնվածության  հետևանքով բազմաթիվ երեխաների ընդունելության հարցը մատնվեց անորոշության:

Մայրաքաղաքում այսօր գործում է մոտ 162  մանկապարտեզ, որոնք ընդհանուր առմամբ բավարարում են պահանջարկի չնչին մասը: Այս պահին հերթագրված  է շուրջ 11000 երեխա, որոնց ընդունելության հարցն անորոշ ժամանակով հետաձգված է: Խնդիրն այն է, որ ներկա պահին ընդունելության հետ կապված հանգամանքները հստակ կանոնակարգված չեն, և յուրաքանչյուր տնօրեն  ընդունելության հայտ ներկայացնող ծնողներին իր պարզաբանումն է տալիս:

Ըստ գործող օրենքի` երեխայի ծնողը պետք է վաղօրոք դիմում ներկայացնի հաստատության տնօրինությանը և հերթագրի երեխային, սակայն խմբակների գերբեռնվածության պատճառով շատ տնօրեններ  հավանական են համարում երեխայի ընդունելությունը սեպտեմբերից` նոր ուսումնական տարվանից ոչ շուտ:  Բայց օրենքը ենթադրում է երեխայի ընդունելությունը կազմակերպել ամեն ամսվա աշխատանքային առաջին երեք օրերի ընթացքում: Տնօրեններից շատերի պարզաբանմամբ` թափուր խմբակներ չկան, և հագեցվածությունը հնարավորություն չի տալիս նոր ընդունելություն կազմակերպել:

Այսինքն` պետությունն իր «ուսերին առավ» մի բարդ գործընթաց` առանց երկար մտածելու: Նախապես կարելի էր ըստ առկա վիճակագրության և երեխաների մոտավոր թվաքանակի պարզել, թե արդյոք  գոյություն ունեցող մանկապարտեզներն իրենց քանակով կկարողանա՞ն բավարարել առկա պահանջարկը: Երեխաները շատ են, մանկապարտեզները՝ քիչ:

   Բարդ է ընդունելությունը, երբ այլ լծակներ չկան

Նախ, ըստ սահմանված նորմերի` յուրաքանչյուր խմբում երեխաների թվաքանակը չպետք է գերազանցի 25-ը, մինչդեռ շատ մանկապարտեզներում այդ թիվը հասնում է նույնիսկ 40-ի, երբ դժվար լուծելի է դառնում երեխաներին միաժամանակ նույն ծածկի տակ պահելու հարցը: Եթե նախկինում գոնե փոքրիկ «պարգևավճարի» միջոցով հնարավոր էր դառնում լուծել երեխային մանկապարտեզ ընդունելու հարցը, ապա այսօր նույնիսկ այդ պարագայում ոչինչ չի ստացվում:

Մի քաղաքացի` Նար Դոս փողոցի բնակիչ Մարիա Գ.-ն երկամյա որդուն մոտ մեկ տարի առաջ հերթագրել էր իր տարածքային՝ կենտրոնի մանկապարտեզներից մեկում`  հույս ունենալով, որ առաջիկա սեպտեմբեր ամսին իրեն անպայման կհիշեն ու կզանգահարեն: Սակայն տվյալ մակապարտեզից իրեն տեղեկացրին, որ իր երեխան դուրս է մնացել: Եվ դա պատճառաբանել են նրանով, որ երբ մանկապարտեզից զանգահարել են, իրենց տանը մարդ չի եղել, ուստի ստիպված են եղել այլ երեխայի ընդունել: Այս անհեթեթ պատճառը և փաստորեն  ծնողի իրավունքների ոտնահարման փաստի շուրջ որևէ գործընթաց չծավալվեց: Բնակչուհի Մարիա Գ.-ն այս կապակցությամբ նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հուսալով, որ առաջիկայում գոնե նրանց միջամտությամբ հնարավոր կլինի վերականգնել իր և իր մանկան իրավունքները: Սակայն նամակին առ այսօր պատասխան չի տրվել: Ինչպես երևում է, այս հարցում գործում է՝ «Ով տերով` նա զորով» վաղեմի ասացվածքը:

Երեխաների գերծանրաբեռնվածության պատճառով նույնիսկ որոշ մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցված է, ինչը, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում:

Կենտրոնի մանկապարտեզների տնօրեններից մի քանիսը զրույցի ընթացքում հայտնեցին, որ եթե իրենք բոլոր հերթագրված դիմումները բավարարեն, ապա իրենց մոտ նույնիսկ ասեղ գցելու տեղ չի գտնվի: «Ի՞նչ անեմ, հո իմ տանը չեմ տանի պահեմ, պիտի տեղ լինի, չէ՞»,- քմծիծաղով ասաց փոխտնօրեններից մեկը:

 Հուսանք, որ վերադարձված տարածքները կծառայեն իրենց նպատակին

Մինչև 2011թ. ապրիլի 1-ը մայրաքաղաքում մանկապարտեզ էր հաճախում   25 000 երեխա, իսկ անվճար դառնալուց  հետո այդ թիվը կտրուկ աճեց` հասնելով  28 370-ի:

Գերհագեցվածության հիմնական խնդիրն այն է, որ մանկապարտեզի հսկայական մասնաշենքեր և խմբասենյակներ տրված են անհատույց վարձակալման մինչև 2023 թ.: Ուստի պետությունն այս խնդրի կարգավորումը տեսնում է միայն այն պարագայում, երբ վարձակալված տարածքների ժամկետները լրանալուն պես պայմանագրերը  չերկարացվեն և վերադարձվեն: «Այդ տարածքները պետք է շահագործվեն մանկապարտեզների համար»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց  Գայանե Սողոմոնյանը՝ հավելելով, որ հաճախող երեխաների թիվը կմեծանար, եթե մինչ այս ժամանակահատվածը մանկապարտեզների տարածքները տրված չլինեին վարձակալության:

Անցած տարի Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունից մեզ վստահեցրին, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, և վարձակալության հանձնված շատ մասնաշենքեր պայմանագրի ավարտից հետո այս տարի ետ կվերադարձվեն:

Նա տեղեկացրեց, որ իսկապես արդեն 87 մանկապարտեզներում  շուրջ 50 տարածք է ազատվել, որոնցում  իրականացվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, տրվել է համպատասխան գույք, և նոր երեխաներ են ընդունվել:  Գայանե Սողոմոնյանը հիշեցրեց, որ  2010-2011 թթ. 21 մանկապարտեզներում կային վարձակալված տարածքներ, որոնք մի քանի վարձակալներ ունեին: Դրանք 1990-ական թթ.՝ վարձակալության են հանձնվել թաղապետարանների կողմից և այժմ բարեբախտաբար հետ են վերադարձվել: Այս պահին հերթագրված է 11 հազար երեխա, որոնց մի մասը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա: Իսկ գերծանրաբեռնվածությունն ամռան ամիսներին որոշակիորեն կթեթևանա դպրոց հաճախող երեխաների հաշվին:

Այսօր,  ընդհանուր առմամբ, մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում մոտ  32 հազար երեխա` նախորդ տարվա 27 հազարի փոխարեն, ինչը հնարավոր է եղել լուծել նոր  տարածքների ձեռքբերման շնորհիվ:

Լ. Ն

 

 

 

Լույս աշխարհ է եկել ընտրովի գենոմով առաջին երեխան

51da5a67-b12f-aefb-b12f-aef43df8b276.photo.0Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել մի երեխա, որի սաղմը  գենոմի նորագույն անալիզով ընտրվել էր մի քանիսից: Երևում է, իրականություն է դառնում “Հատակա” հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմի սյուժեն, որի համաձայն, ապագայի կատարյալ քաղաքում յուրաքանչյուր մարդ գենետիկորեն ծրագրավորված է ու, տխուր ճակատագիր է սպասում նրանց, ովքեր ծնվել են ոչ թե լաբորատորիայում, այլ սիրո արդյունքում:

Օքսֆորդի կենսաբժշկության գիտահետազոտական ինստիտուտում առաջին ծննդաբերությունն է եղել սաղմի գենոմի անալիզով: Անալիզը, որը հայտնի է “սեքվենացման հաջորդ սերունդ” անվանումով, հզոր մեթոդ է,որը հնարավորություն է տալիս ապակոդավորել ամբողջական գենոմները: Սաղմի գնահատման նոր մեթոդը հնարավորություն է տալիս միաժամանակ պարզել լուրջ ժառանգական հիվանդություններն ու քրոմոսոմային մահացու շեղումները:

Հայտնի է, որ միջինը սաղմերի 30%-ն է   պիտանի լինում արտամարմնային բեղմնավորմանն.անհաջողությունների նման տոկոսի համար ենթադրվում է, որ պատասխանատու են գենետիկ ու քրոմոսոմային դեռևս  անհայտ շեղումները:

Աշոտյանը հեռացրեց ԲՈՀ-ի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից

Ղուկասյան, ԱշոտյանՔիչ առաջ «Անկախ»-ին հայտնի դարձավ, որ Քաղծառայության խորհուրդը որոշել է համաձայնություն տալ ԿԳՆ աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ ծառայողական պարտականությունն անհարգելի պատճառով չկատարելու համար կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու վերաբերյալ:

Արտուշ Ղուկասյանն  «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դրանից րոպեներ անց նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրվել է երկրորդ խիստ նկատողությունը, ինչը հիմք կհանդիսանա իրեն աշխատանքից ազատելու: Իսկ ավելի ուշ արդեն հայտնեց, որ Աշոտյանն ազատման հրաման է տվել:

Ղուկասյանը Քաղծառայության խորհրդի կողմից քննությունն օբյեկտիվ չի համարում: «Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու պատճառով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի մայիսի 7-ի հանձնարարականը չկատարելու համար իմ նկատմամբ կիրառվեց «խիստ նկատողություն» կարգապահական տույժ,-հիշեցնում է նա նախարարի մայիսի 24-ի հրամանը` նշելով, սակայն, որ այդ հանձնարարականի պահանջները կատարվել են դեռևս ապրիլի 29-ին,-այսինքն` մայիսի 7-ի հետ կապված որևէ խնդիր չկա և սրա համար 2 անգամ նկատողություն տալ` այն էլ ետին թվով, սա արդեն ուրիշ բան է նշանակում»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը Ղուկասյանին երկրորդ նկատողություն հայտնելու վերաբերյալ Քաղծառայության խորհրդի համաձայնությունը ստանալու համար խորհուրդ էր դիմել մեկ այլ հանձնարարական չկատարելու համար, ինչի առթիվ էլ քաղծառայության խորհուրդը ծառայողական վարույթ էր իրականացրել, սակայն նախարարի այսօրվա հրամանի հիմքը վերաբերում է առաջին նկատողությանը: «Հրամանի մեջ երկրորդի մասին որևէ խոսք չկա: Ստացվում է, որ մեկ հանձնարարականի վերաբերյալ երկու խիստ նկատողություն է տրվել, ինչը քաղծառայության մասին օրենքի խախտում է: Սա Էլեմենտար ժուլիկություն է»,-ասաց Ղուկասյանը:

Նա հայտնեց, որ կփորձի իր իրավունքները պաշտպանել դատական կարգով:

Քաղծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խորհուրդը խիստ նկատողության վերաբերյալ իր համաձայնությունը տվել է, քանի որ ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել , որ նման տույժ կիրառելու համար առկա են բավարար հիմքեր: Նա նաև ընգծեց, որ ծառայողական քննությունը իրականացել է միայն երկրորդ նկատողության մասով: «Համակողմանի, լուրջ ծառայողական քննություն է անցկացվել և Ղուկասյանին սահմանված կարգով ներկայացվել են քննության ընթացքում առկա բոլոր նյութերը»,-ասաց նա:

Երբ զանգահարեցինք Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջինս պաշտոնապես հաստատի նախարարի այօսրվա հրամանը, նա զարմացավ. «Քաղծառայության խորհրդում ծառայողական քննությունն ավարտվե՞լ է»:

Նա ոչ տեղյակ էր Քաղծառայության խորհրդի որոշումից, ոչ էլ նախարարի այսօրվա հրամանից…

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար,  ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնա նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով:

Ա. Աշոտյան. Այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում

կգնՀանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում”:  Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում: “Հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական և բովանդակային փոփոխություների արդյունքում:  Իհարկե, առկա խնդիրները շուտափույթ լուծման կարիք են պահանջում, և նախարարությունն առաջարկում է արդեն այսօրվանից հաջորդ տարվա ընդունելության  քննությունների համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել”,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել՝ երկրորդ փուլին մասնակցելու համար: Նախարարը նաև ռեկտորներին  առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: “Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաև Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի  և ճանաչելի կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ”,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բուհական ընդունելության քննությունների ցանկի վերանայման հարցով ևս բուհերի ղեկավարները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն: Արմեն Աշոտյանը նաև ներկաներին տեղեկացրել է, որ պատրաստվում է “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքի  փոփոխությունների համապատասխան փաթեթ, որը կուղարկվի բուհերին՝ կարծիքի:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը:

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

արմեն աշոտյանՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար ամսին Լոնդոնում կայացած “Կրթության համաշխարհային ֆորումին” Հայաստանի պատվիրակության ներկայացրած զեկույցի` հանրակրթական դպրոցներում “Շախմատը” որպես պարտադիր առարկա ներդրման փորձի վերաբերյալ միջազգային արձագանքները: Ըստ նախարարի` Հայաստանի փորձը մեծ հետաքրքրություն է գտել միջազգային կրթական հանրույթի շրջանակում: Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել` մասնակցել հաջորդ տարի կայանալիք ամենամյա ֆորումին և որպես առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնած երկիր` ներկայացնել վերոնշյալ գործընթացի վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլոտում համագործակցության, Հայաստանում բիզնես կրթության ներդրման, ինչպես նաև անգլերեն լեզվի դասավանդման և թեստավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին նախարարը պատրաստակամություն է հայտնել նախարարության ակտիվ մասնակցությունը բերել հոկտեմբերին նախատեսվող Բրիտանական խորհդի կողմից կազմակերպվող “ՏՏ տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում” համաժողովին:

 

Բողոքարկման արդյունքում 94 դիմորդի գնահատական է բարձրացվել

գթկԳԹԿ-ն ամփոփել և հրապարակել է միասնական քննությունների առաջին փուլի բողոքարկումների արդյունքները:

Ընդհանուր առմամբ, 10 քննական առարկաներից ստացվել է 486 դիմում-բողոք:

379 դիմորդներ խնդրել են վերահաշվարկ կատարել:

Վերահաշվարկի արդյունքում 94 դիմորդների գնահատականները բարձրացվել են. համակարգիչը նրանց պարագայում թիվը սխալ է կարդացել` տվյալ առաջադրանքի համար միավոր չտալով: Մյուսների գնահատականները չեն բարձրացվել:

Բողոքարկողներից 108-ը խնդրել են միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ իրենց` պատճառաբանելով, որ քննությունների ժամանակ վատառողջ են եղել, ինչի պատճառով էլ անբավարար են ստացել:

ԳԹԿ-ն, սակայն, մերժել է պահանջը, քանի որ ըստ ընթացակարգի վատառողջ լինելու դեպքում դիմորդները կարող էին քննասենյակում բարձրաջայնել այդ մասին, որպեսզի ներկա բժիշկը արձանագրեր խնդիրը և համապատասխան թուղթ տար:

Մերժվել են նաև թեստային տետրը ստուգելու պահանջները. ստուգվում է միայն ձևաթուղթը, իսկ թեստային տետրում գրված, բայց ձևաթուղթ չանցկացված պատասխանները չեն հաշվվում:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ բովանդակային որոշումներ չեն կայացվել:

Նշենք, որ այսօր միասնական քննությունների երկրորդ փուլին հայտագրվելու վերջին օրն է: Առաջին փուլին չմասնակցած դիմորդները մինչ ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ԳԹԿ-ում:

Լրացուցիչ փուլի մասնակիցները քննությունները կհանձնեն Երևանում ձևավորված քննակենտրոններում. հուլիսի 2-ին` «ռուսերեն», «հուլիսի 3-ին` «մաթեմատիկա», հուլիսի 4-ին` «կենսաբանություն», «աշխարհագրություն», ընդհանուր պատմություն», հուլիսի 5-ին` «հայոց լեզու և հայ գրականություն», հուլիսի 6-ին` «ֆիզիկա», հուլիսի 7-ին` «օտար լեզու» և հուլիսի 8-ին` «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից:

Մեդալների ակնկալիքով

կգնՌուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաև Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար,Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: Ողջունելով  ուսանող-մարզիկներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝  թե իր քանակով, և թե որակով: <Ես ուրախ եմ, որ այս տարի մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ  ծագող աստղեր: Ես համոզված եմ, որ մեր հավաքականը ջանք չի խնայի՝ պատվով հանդես գալու  և 160-ից  ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր  երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Համատեղ ուժերով հանրավոր է դարձել պետության լավագույն ուսանող մարզիկներին ներգրավել, և արձանագրված հաջողությունները բոլորինն են լինելու >,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ունիվերսիադայի կազմակերպման գործում նախարարությունը սերտ համագործակցել է ՀՀ պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիականկոմիտեի և ճյուղային ֆեդերացիաների հետ:

Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10  մարզաձևերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ:  Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի և Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական  ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդիսանում է ԵՊՀ ասպիրանտ և Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ  Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ստեփանյանի խոսքով՝ բոլոր մարզաձևերում ներկայացված են մարզիչներ, իսկ երեք մարզաձևում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ: Ըստ Հայաստանի  մարզական պատվիրակության ղեկավարի՝ բոլոր մարզիկները տվյալ մարզաձևի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարներ են՝ Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև մի քանի ազգային հավաքականի  նախագահներ:

Հայաստանում Ուսման վարձերի բարձրացումը ընդհանրապես չի համապատասխանում տնտեսական իրականությանը


ANSAՀայաստանում ուսման վարձերի մինչև 30% բարձրացումը ծանր հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա, քանի որ մարդկանց համար կստեղծվեն սահմանափակումներ բարձրագույն կրթություն ձեռք բերելու ճանապարհին:

Մի շարք պետական ու մասնավոր բուհերում ուսման վարձերն արդեն բարձրացրել են 15%-ով, ինչը խիստ անհամապատասխան է երկրի հասարակության սոցիալ-տնտեսական վիճակին, քանի որ ուսանողները ստիպված են վճարել տարեկան միջինում 1048 ամերիկյան դոլլար ուսման վարձ այն դեպքում, երբ անվանական աշխատավարձերի չափը կազմում է 260 ամերիկյան դոլլար: Հայաստանյան բուհերի շրջանավարտներն արդեն իսկ մեծ հարված են ստացել տնտեսական ճգնաժամի ու համատարած գործազրկության պատճառով, ինչը խոսում է նրանց անմխիթար ու մռայլ ապագայի մասին:

Նամակ` ուղղված հիմնական շահառուներին:

 

Եվրոպացի ուսանողները խիստ մտահոգված են Հայաստանում վերջին իրադարձություններով և իրենց օժանդակությունն են ցույց տվել Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի (ՀՈւԱԱ) այս քաղաքականության դեմ պայքարում: 2013 թվականի հունիսի 21-ին, ուրբաթ օրը Եվրոպական Ուսանողական Միությունը (European Students’ Union- ESU) ՀՈւԱԱ-ի (ANSA) համար սոլիդարության նամակ է ուղարկել Հայաստանի բարձրագույն կրթության հիմնական շահառուներին:

Եվրոպական Ուսանողական Միությունը (ESU) հավատում է, որ կրթությունը կարևոր նախադրյալ է կիրթված ու գիտելիքներով զինված հասարակություն ունենալու համար, որտեղ բարձրագույն կրթության դերը շատ կարևոր է քաղաքակիրթ հասարակություն, ավելի ուժեղ տնտեսություն զարգացնելու և բոլորին հավասար հնարավորություններով ապահովելու համար: Կրթության բարձր մակարդակը նպաստում է գործազրկության նվազմանը, առողջապահության ավելի բարձր որակին, հանցագործությունների թվի անկմանը, հասարակության ավելի ակտիվ ներգրավվածությանն ու վճարների ավելի ճկուն ու բարձր շարժունությանը:

«Ուսման վճարների բարձրացումը խանգարում է անհատներին ձգտել բարձրագույն կրթության, այսպիսով դարձնելով կրթությունը հասանելի միայն էլիտար մասսաների և նրանց համար, ովքեր ի վիճակի են վճարել: Հայաստանյան սոցիալ-տնտեսական վիճակում, որտեղ ուսման վարձավճարները ավելի բարձր են, քան միջին աշխատավարձերը, վճարների բարձրացումը սարսափելի հետևանքներ կարող է թողնել թե՛ անհատների, և թե՛ հասարակության վրա»,- ասվում է ESU փոխնախագահ Ռոք Փրիմոժիչի ստորագրությամբ նամակում:

Եվրոպայի ուսանողները կանգնում են հանուն սոլիդարության

Եվրոպայում ավելի քան 10 ազգային ուսանողական միություններ ՀՈւԱԱ-ին աջակցելու համար իրենց նամակներն են հղել հայաստանյան բուհեր, բարձրագույն կրթության այլ շահառուների, որպեսզի ցույց տան իրենց համախմբվածությունը Հայաստանում ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Վերջին 4 շաբաթների ընթացքում ՀՈւԱԱ-Ն ակտիվորեն կազմակերպել է տարբեր հասարակական լսումներ ու հանդիպումներ:

Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (ANSA) այս հարցի շուրջ պաշտոնական նամակ է պատրաստել և այն ուղղել Հայաստանում բարձրագույն կրթության հիմնական շահառուներին` Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակին, ԵԽ Գրասենյակին և ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանին: Այդ գրառումը նաև ուղարկվել է հայաստանյան շատ բուհերի ռեկտորներին, ովքեր կայացրել են ուսման վարձավճարների բարձրացման որոշումը, ինչպես նաև այլ բուհերի ռեկտորներին:

Եվրոպական Ուսանողական Միությունն (ESU) իր ամբողջական օժանդակությունն է ցույց տալիս Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի (ANSA) ջանքերին և արդեն դիմել է համապատասխան ատյաններ, որոնք պատասխանատու են վճարների փոփոխությունների համար՝ խնդրելով, որ անվավեր համարեն այդ որոշումը՝ կասեցնելու համար այն հարվածը, որը սպասվում է:

“Երիտասարդները հասարակության ապագան են, և բոլորն էլ արժանի են ունենալ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք՝ անկախ իրենց հասարակական-տնտեսական վիճակից և վճարողականությունից”-ասվում է Եվրոպական Ուսանողական Միության նամակում:

 

«Նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են». Վազգեն Մանուկյանը` ԲՈՀ-ի նախագահին հայտարարաված խիստ նկատողության մասին

Վազգեն-ՄանուկյանՀունիսի 20-ին Հանրային խորհրդում  տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից խիստ նկատողություն հայտնելու հարցը:  ՀԽ անդամները համարել էին, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդը պատրաստվում է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել հանրապետության նախագահին և առաջարկել քննարկման դնել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, “Առավոտ”-ին հայտնել էր, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ Մանուկյանը կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

 

Արմեն Աշոտյանի հերթական զոհը…

Արտուշ ՂուկասյանՀունիսի 17-ին ՀՀ ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանը նամակով դիմել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` խնդրելով Հանրային խորհրդում քննարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն տրված խիստ նկատողությունը: Ղուկասյանը նախարարի հրամանը մի շարք պատճառներով անհիմն է համարում` նշելով, որ դա ավելի շատ անձնական բնույթ է կրում: «Նախարարի հրամանի հիմքում սուբյեկտիվ պատճառներ են, որոնք հասունացել են ժամանակի ընթացքում և ի վերջո արտահայտվեցին այդ ձևով,-«Անկախի» հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը,-պատճառ կարող են լինել, օրինակ, ատենախոսությունների նկատմամբ մեր կողմից դրված խիստ պահանջները, որոշ մասնագետների նկատմամբ մեր մոտեցումները, ինչն իրենց համար անհասկանալի է և այլն»:

Արմեն ԱշոտյանՆախարարի նման վերաբերմունքը, սակայն, նրան չի զարմացրել, քանի որ առաջին անգամ չէ. ԲՈՀ-ի նախագահ նշանակվելուց հետո որոշակի խմորումներ եղել են, օրինակ, ԲՈՀ-ի լիազորությունների, կանոնակարգային խնդիրների հետ կապված, սակայն հանգուցալուծումը եղել է վարչապետի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցել են նաև նախարարը և ԲՈՀ-ի նախագահը: Վերջինս, համենայն դեպս, այդ քննարկման արդյունքներից գոհ է մնացել, քանի որ վարչապետը լիովին հասկացել է իր կողմից բարձրացրած հարցերը և ընթացք տվել դրանց:

Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը նախարարության իրավաբաններից մեկի ջանքերով տարբերակ է գտել Ղուկասյանից ազատվելու համար: Իրավաբանը բացահայտել է, որ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածում և  իրավական ակտերում ամրագրված կետերը չեն համապատասխանում իրար:

Դրա մասին տեղյակ է պահվել Արտուշ Ղուկասյանին և ասվել, որ այսուհետ պետք է կիրառել իրավական ակտերում ամրագրվածը, այսինքն` 1997 թվականի պահանջները: ԲՈՀ-ի ղեկավարը նախ զարմացել է, ապա կատարել նախարարի պահանջը:

Զարմանքի պատճառն այն է, որ նա ընդհանրապես տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին. «Ես եկել եմ 2010 թ., ընդունել եմ փաստաթղթերն այնպես, ինչես կան և ինչպես տարիներ ի վեր ընդունված է եղել»,- ասում է Արտուշ Ղուկասյանը:

Բանն այն է, որ 2001 թ., երբ ԲՈՀ-ն ունեցել է այլ կարգավիճակ` լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հանրապետական մարմին և որոշակի ինքնուրույնություն է ունեցել, կառույցի ղեկավարն էլ եղել է ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածներում կատարվել են որոշ փոփոխություններ, ավելի ճիշտ` լրացումներ, ճշգրտումներ, որոնք կրել են բացատրական բնույթ, ապահովել են աշխատությունների հրապարակայնությունը, լրացումներից մեկն էլ կատարվել է միջազգային պայմանավորվածությունների արդյունքում: Սակայն պարզվել է, որ դրանք իրավական ակտերում ինչ-ինչ պատճառներով չեն ամրագրվել:

2001-ից ի վեր այդ լրացումներով է առաջնորդվել ոչ միայն այդ ժամանակվա նախագահը, այլև նրա հաջորդը` Արմեն Թռչունյանը, որը պաշտոնավարել է 2002-ից մինչև 2010 թվականը: Հատկանշական է, որ 2002-ից ԲՈՀ-ը մտել է ԿԳ նախարարության աշխատակազմի կառույցի մեջ՝ որպես գործակալություն, և Ղուկասյանը կարծում է, որ այդ ժամանակ նախարարությունը պարտավոր էր իրավական ակտերում ամրագրել գործող փաստաթղթերը: Իսկ Արմեն Աշոտյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, երբ իր իսկ նշած «խախտումով» ԲՈՀ-ն աշխատում էր արդեն ութ տարի: «Եթե դրանք պետք չէին, ժամանակին թող նախարարության կողմից համարվեին անվավեր, ոչ թե տասը տարի հետո նոր ասեին` սխալ է: Նշանակում է` կամ իմացել են և նորմալ են ընդունել, կամ նախարարության աշխատակազմը թերացել է իր պարտականությունների մեջ»,-ասում է Ղուկասյանը` մնալով, սակայն, այն կարծիքին, որ կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն են գործել և ընդունելի են եղել գիտական հանրության կողմից:

Այս ամենը վկայում է, որ ԲՈՀ-ի նախագահի «թերացումն» ընդամենը առիթ է եղել խիստ նկատողության համար: «Մինչդեռ, եթե լիներ առողջ աշխատանքային մթնոլորտ, նախարարության կողմից համակարգը բարելավելու բարի ցանկություն, ապա առանց աղմուկ-աղաղակի այդ փոփոխություններն այսօր կամրագրվեին նաև իրավական ակտերում, և ամեն ինչ նորմալ հունով կընթանար: Բայց, փաստորեն, դրանք ոչ միայն չամրագրվեցին, այլև ընդհակառակը` հանվեցին, և Աշոտյանն այժմ կարգադրել է առաջնորդվել 1997 թ. փաստաթղթերով, ինչը, կարծում եմ, հետընթաց է»,- ասում է նա:

Ղուկասյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն նամակ է պատրաստել նախարարին, որպեսզի այդ փոփոխությունները և նաև այլ փոփոխություններ ամրագրվեն իրավական ակտերում, որոնք խիստ անհրաժեշտ են ԲՈՀ-ի գործունեությունը բարելավելու համար:

Ըստ Ղուկասյանի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԲՈՀ-ը պետք է հնարավորինս անկախ մարմին լինի և ունենա որոշակի լիազորություններ. «Այն երկրներում, որտեղ որակավորման պետական մարմիններն ունեն ցածր կարգավիճակ, այնտեղ շատ խախտումներ են գրանցվում, և գիտության մակարդակն էլ ցածր է»:

Ինչով կավարտվի այս պատմությունը` առայժմ անորոշ է:  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ ԲՈՀ-ի նախագահին  երկրորդ ան•ամ խիստ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, և եթե խորհուրդը տա համաձայնությունը, դա հիմք կհանդիսանա Ղուկասյանին ազատելու զբաղեցրած պաշտոնից: Քաղծառայության խորհուրդ է դիմել նաև Ղուկասյանը` նախարարի առաջին  նկատողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և բեկանելու համար: Երկու դիմումների հիման վրա մեկ ընդհանուր ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքները պարզ կլինեն մեկ ամսվա ընթացքում:

ԲՈՀ-ի նախագահը տրամադրված է գնալ մինչև վերջ: Նրա խոսքով՝ սա իր համար ոչ թե պաշտոնից զրկվելու հարց է, այլ արժանապատվության. «Փաստորեն, իմ երկար տարիների փորձը, աշխատանքը, պետությանը մատուցած ծառայությունները, որի համար բազմաթիվ պարգևներ եմ ստացել, այս հրամանով վարկաբեկվում են, ինչն  անընդունելի է: Կարծում եմ` Աշոտյանը պետք է մտածի իր այս քայլի մասին…»

Հանրային խորհրդի դիրքորոշումը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև վերոնշյալ հարցը: ՀԽ անդամները համարել են, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել է հանրապետության նախագահին՝ առաջարկելով քննարկել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, կասկած էր հայտնել, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, կարծում է, որ ընդհակառակը, նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Ի դեպ, Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

 

«Ֆիզիկայի» քննության արդյունքները բողոքարկել է դիմորդների 1,7 տոկոսը

քննություն«Ֆիզիկայի» միասնական քննության արդյունքները բողոքարկել է 41 դիմորդ` քննություն հանձնածների 1,7 տոկոսը: Նշենք, որ «ֆիզիկայից» քննություն էր հանձնել 2377 դիմորդ:

Այս տարի «ֆիզիկայի» միջին գնահատականը 11,64 է 2012-ի 12,1-ի փոխարեն: Այս տարի աճել է նաև կտրվողների թիվը` 19 տոկոսից հասնելով 22 տոկոսի և նվազել 20 ստացողների թիվը`  35 դիմորդ նախորդ տարվա 52-ի փոխարեն:

Ֆիզիկայի մասնագետ, կրկնուսույց Մանվել Հովսեփյանն ասում է, որ չնայած ընդհանուր գնահատականներին` թեստերը բարդ չեն եղել, իր դիմորդներն էլ ստացել են բարձր գնահատականներ: Նրա խոսքով` իր դիմորդները  վերջին տարիներին նման բարձր ցուցանիշ դեռ չէին արձանագրել:

Հովսեփյանի կարծիքով` միջին գիտելիք ունեցող դիմորդը կկարողանար դրական միավորի շեմը հաղթահարել: Իսկ անբավարարների թվի աճը և միջին գնահատականի նվազումը նա պայմանավորում է դիմորդների պատրաստվածության մակարդակով` պարզապես լավ պարապած չեն եղել:

Նշենք, որ ֆիզիկայից քննություն հանձնում են հիմնականում ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների դիմորդները և  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմորդները: Այս առարկայի քննական գնահատականների տատանումները պարբերական բնույթ են կրում`2011-ին, օրինակ, «ֆիզիկայի» միջինը 6,2 էր, իսկ 2010-ին`10,5:

«Քիմիայից» 20 է ստացել 62 , «հայոց պատմությունից»` 49 դիմորդ

հայոց պատմությունԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 21-ին կայացած «հայոց պատմության» և «քիմիայի» միասնական քննությունների արդյունքները: Դիմորդները վաղը ժամը 9-18:00-ն կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

«Հայոց պատմության» քննությանը մասնակցել է նախապես հայտագրված 2457 դիմորդներից 2266-ը, 191 դիմորդ բացակայել է:

«Հայոց պատմության» միջինը 12,53 է` 2,53-ով բարձր 2012-ի ցուցանիշից (նախորդ տարի քննական միջինը 10 էր):

Կտրվել է 233 դիմորդ` 10 տոկոսը: 2012-ին անբավարար էր ստացել դիմորդների 30,9 տոկոսը:

Այս տարի նվազագույն դրական միավորներ` 7,5-13 միավոր է վաստակել  799 դիմորդ` 35 տոկոսը, 13-18 է ստացել 765 դիմորդ` 34 տոկոսը և 18-20 է ստացել 469 դիմորդ` 21 տոկոսը:

«Հայոց պատմությունից» առավելագուն գնահատական` «քսան» ստացել  է 49 դիմորդ: Նշենք, որ 2012-ին «հայոց պատմությունից» ընդամենը 6 դիմորդ էր 20 ստացել:

«Քիմիայի» միասնական քննությանը մասնակցել է 1242 դիմորդ, 60 դիմորդ բացակայել է:

«Քիմիայի» միջինը 12,56 է 2012-ի 10,8-ի փոխարեն` բարձրացել է 1,76 միավորով:

Անբավարար է ստացել  219 դիմորդ` 18  տոկոսը: 2012-ին կտրվել էր դիմորդների 25,8 տոկոսը:

Նվազագույն դրական միավորներ` 7,5-13 է ստացել 389 դիմորդ` 31 տոկոսը, 13-18 է ստացել 304 դիմորդ` 24 տոկոսը և 18-20 է վաստակել 330 դիմորդ` 27 տոկոսը:

«Քիմիայից» 20 միավոր է ստացել 62 դիմորդ: 2012-ին «քիմիայից» 20 միավոր էր ստացել միայն մեկ դիմորդ:

5 դիմորդ է հեռացվել քննասենյալից ծածկագրերից օգտվելու պատճառով

գթկԱվարտական և միասնական քննությունների նախնական արդյունքները հայտնի են: ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփեց  հանրապետության 36 քննական կենտրոններում 7  օրվա ընթացքում  10 ուսումնական առարկաներից կազմակերպված և անցկացված քննությունների արդյունքները` դրանցից ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով: Այս տարի Քննություններին մասնակցած  14.400 շրջանավարտների 19 տոկոսը անբավարար է ստացել: Անցողիկ նվազագույն շեմը բոլոր գրավոր միասնական քննությունների համար 7.5 միավորն է եղել, միջին անցողիկը` 10-15-ը: Ամենաշատ դիմորդներ գրանցվել են Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Անգլերեն առարկաներից: Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միջին միավորը նախորդ տարվա համեմատ նվազել է` 13.9-ից հասնելով 13,25-ի:

Առողջական խնդիրների պատճառով քննություններն ընդհատվել են 22 դիմորդի համար: Հինգ դիմորդ էլ հեռացվել է քննասենյակից` ծածկագրերից օգտվելու և քննությունների ընթացքը խանգարելու պատճառով:

Գագիկ Մելիքյանի տեղեկացմամբ`այս ուսումնական տարվա նորամուծության` գրեթե բոլոր առարկաներից շտեմարանների առակայության հարցը մյուս տարի կկատարելագործվի: Շտեմարանները մաքրված ու իդեալական կլինեն: Նաև առաջադրանքներ կավելանան, որպեսզի դիմորդները չկարողանան պատասխաններն անգիր սովորել:

«Երդվում եմ հայ լինել, հայ մնալ, հայ արարել»,- երդվեցին շրջանավարտները ավարտական վկայական ստանալուց առաջ

դպրոց

Երևանյան հիմնական դպրոցներում այսօր շրջանավարտներին են հանձնել ավարտական վկայականները:

«Երդվում եմ դառնալ հայրենիքիս ծառան և զինվորը բոլոր օրերին, երդվում եմ կյանքըս, սերս, երիտասարդությունս, ավյունս  նվիրաբերել իմ հինավուրց հայրենիքի զորացման գործին, երդվում եմ հայ լինել, հայ մնալ, հայ արարել».  ծնողների և ուսուցիչների առջև  այսօր հանդիսավոր կերպով նման երդում տվեցին  Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 շրջանավարտները:  Ապա նրանք  ստացան ավարտական վկայականներ` հրաժեշտ տալով իրենց դպրոցին: Նրանց մի մասն ուսումը կշարունակի ավագ դպրոցում, մի մասն էլ արհեստագործական և նախնական մասնագիտական ուսումնական հասատություններում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը միջոցառումը սկսելուց առաջ նշեց, որ որպես ուսուցիչ-աշակերտ պաշտոնական հանդիպման վերջին օրն է. «Սակայն սա չի նշանակում, որ հետագայում հանդիպումներ չեն լինելու: Ձեր դասղեկները, ուսուցիչները, 153 դպրոցի տնօրինությունը միշտ լինելու է ձեր կողքին որպես խորհրդատու, որպես աջակից: Ուր էլ որ գնաք, սա մնալու է ձեզ համար որպես ամենահարազատ կրթօջախը»:

Ավարտական վկայականների հանձնման արարողությունը սկսելուց առաջ Սարգսյանը աշակերտներին հիշեցրեց, որ պետք է ստորագրեն միայն հայատառ` իրեն մայրենի լեզվով: Իսկ եթե հայատառ ստորագրել չեն կարող, ուրեմն պարզապես իրենց անունը պետք է գրեն:

Շրջանավարտներին ավարտական վկայականը հանձնեց Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազ-Անդրեասյանը: Վերջինս յուրաքանչյուր աշակերտից հետաքրքրվեց, թե ապագայի ինչ ծրագրեր ունի, ինչ մասնագիտություն է ընտրել և հաջողություն մաղթեց բոլորին:

«Հույս ունեմ, որ կաշխատեք ուժեղ ու նպատակասլաց լիենլ, չեք վախենա դժվարություններից, որովհետև կյանքը լի է խոչընդոտներով, եթե վախենանք և կիսատ թողնենք, ոչ մի բանի չենք հասնի: Ուրախ եմ, որ այս դպրոցը  կոչվում է իմ ամուսնու անունով, որովհետև նա միշտ երազել է մի այնպիսի դպրոց, որտեղ գեղեցիկ հայերենով կխոսեն: Ուզում եմ, որ դպրոցը և ձեր ընտանիքները հպարտանան ձեազնով»,- ասաց նա:

Դպրոցին և ուսուցիչներին շնորհակալության խոսք հղեց նաև շրջանավարտներից մեկի ծնողը`  Ամալյա Մնոյանը: Վերջինս պատմեց, որ երկու տարի առաջ տղայի վարքն անչանաչելիորեն փոխվել էր, ագրեսիվ էր դարձել, չէր սովորում և  ցանկանում էր դպրոցից դուրս գալ: Բայց շնորհիվ դասղեկի ճիշտ աշխատանքի, տղան ոչ միայն դպրոցից դուրս չեկավ, այլ նաև դասղեկի` ընկեր Ղուկասյանի հետ կիսվում էր գաղտնիքներով, որոնք անգամ մորը չէր պատմում:

Դպրոցի շրջանավարտներից Մերի Չոբանյանն ապագա բժշկուհի է: Ասում է, որ դպրոցից տանում է լավ հիշողություններ. «Համ ուրախ եմ, որ ավարտեցինք, համ էլ սրտիս խորքում մի բան չի ուզում, որ գնամ այստեղից»:

Աննա-Մարիա Հարությունյանն էլ ապագա ռեժիսոր է: Ասում է, որ դպրոցից տանում է գիտելիքներ և շատ լավ ընկերներ, որոնք իր հետ են լինելու ողջ կյանքի  ընթացքում:

Դպրոցին հրաժեշտ տալուց առաջ շրջանավարտներն իրենց ուսուցիչների հետ լուսանկարվեցին դպրոցի բակում` Ռաֆայել Իշխանյանի հուշաքարի  մոտ:

ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված

Արա ԻսպիրյանԱվարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ  հիմնականում չկան: 

Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է  Գնահատման և թեստավորման կենտրոնի  արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

–Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:

– Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:

Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա  քննությունների հետ, որոշ առարկաների մասով  մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն»  և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի   յուրաքանչյուր  առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:

Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:

-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:

-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:

–Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:

– Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:

-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:

-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ  անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ  լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ,  այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված  բովանդակության չափով  և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ  ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում  ընդամենը  վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում   վերլուծելու, հասկանալու համար:

Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:

-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք  սա նշանակում է,  որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:

-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է  անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն,   միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:

Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:

-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:

-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում  և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:

-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով  նորամուծություններ կա՞ն:

-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները  նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել:  Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել,  թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:

–Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:

-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ: