Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է “Ռուսաց լեզու” առարկայից: Այդ նպատակով Երևանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն: Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի որակին և դիմորդների քանակին: Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի: Խոսելով “Ռուսաց լեզու” առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձնել նաև ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաև, որ “Ռուսաց լեզու” առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր: Անդրադառնալով դիմորդների թվին` նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով` նախ, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում: “Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն, աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, և պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաև բակալավրիական կրթություն, և դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձևեր է ստանում, և պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը”,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայից:
Ուսանողները ծանոթացան կենսաբանության և բժշկության նվաճումներին
Ս/թ մայիսի 13-30-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթական արշավի շրջանակներում իրականացվեցին մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Արշավի նպատակն էր երիտասարդներին հանրամատչելի ձևով ներկայացնել կենսաբանության և բժշկության նվաճումները: Սեմինարների ընթացքում քննարկվեցին բժշկությանն ու կենսաբանությանն առնչվող հետաքրքրաշարժ թեմաներ, այդ թվում՝ զեկուցումներ առողջ ապրելակերպի, բնապահպանության, գյուղատնտեսության և տարաբնույթ հիվանդությունների վերաբերյալ: Սեմինարներ իրականացվեցին Երևանի պետական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որոնց մասնակցեցին ավելի քան հարյուր ուսանողներ:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ
Հայկական բժշկական ինստիտուտ
Արմեն Աշոտյան. “Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին”
“Dasaran.am” կրթական ծրագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի և “Նոր սերնդի դպրոց” հասարակական կազմակերպության հետ համատեղ, ապրիլի 2-ից մայիսի 10-ն իրականացրել է “Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը հանդիսության մասնակիցներին: Նախարարն իր հերթին, շնորհավորելով բոլոր հաղթող դպրոցներին, նշել է. “Ակնհայտ է, որ “Dasaran.am” կայքը սովորական կայք չէ, այն կրթական էլեկտրոնային գործիք է, որը կարելի է ներկայացնել անգամ ամենաառաջադեմ միջազգային մանկավարժական հանրույթին: Այն կրթական, գիտական և տեղեկատվական արդյունք է, արգասիք, որը, ինչու չէ, կարելի է վաճառել արտաքին աշխարհում և հասանելի դարձնել նաև եվրոպական երկրներին: Մենք ունենք նման հեռանկար, և նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում` ապագայում ևս իր աջակցությունը ցուցաբերելու սույն էլեկտրոնային միջավայրի զարգացմանը և արտահանմանը: Այսինքն, մենք ոչ միայն միջազգային մանկավարժական մտքի սպառող ենք, այլ նաև մատակարարող և արտահանող: Ուրախալի է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստացել ենք նման ժամանանակից գործիք: Մաղթում եմ, որ “Dasaran.am” տիրույթում մոտ ապագայում ներառվեն Հայաստանի բոլոր դպրոցները, որն էլ իր հերթին թույլ կտա ավարտին հասցնել ընդհանուր էլեկտրոնային միջավայրի կառուցման և կայացման աշխատանքները, գերժամանակակից և շատ օգտակար գործիքները հասանելի դարձնել յուրաքանչյուր աշակերտի և ծնողի համար”,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինչպես “Dasaran.am”-ի աշխատակազմին, այնպես էլ ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների տօրեններին և ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին, ովքեր, ըստ Արմեն Աշոտյանի, շունչ են հաղորդում ծրագրին: Նախարարը նաև ներկաներին հավաստիացրել է, որ պետության աջակցությունն այս խնդրում կկրի շարունակական բնույթ. նախատեսվում են նոր անակնկալներ և ծրագրեր: “Նոր սերնդին անհրաժեշտ է նոր դպրոց, և ակնհայտ է, որ այդ դպրոցը կերտելու ենք միասին”,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
“Նոր սերնդի դպրոց-2013” մրցույթի առաքելությունն է` բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում “Dasaran.am” կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:
Մրցույթին մասնակցել են “Dasaran.am” կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
Մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողության ժամանակ առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Հաղթող է ճանաչվել է Գյումրու թիվ 44 դպրոցը:
ԵՊՀ-ի դիմորդների թիվը կրճատվել է, բնագիտական մասնագիտություններով էլ դիմորդներ գրեթե չկան
Դիմորդները մինչև հունիսի 1-ի երեկոյան 18-ը դեռ կարող են դիմել իրենց նախընտրած բուհը` համապատասխան հայտը լրացնելով:
Այս տարի մայր բուհի դիմորդների թիվը այսօրվա` մայիսի 31-ի դրությամբ 3882 է. ԵՊՀ-ն այս տարի ունի 2870 վճարովի և 338 անվճար ուսանողական տեղ: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Էմին Սանթրոսյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 1400-ով:
Սանթրոսյանի կարծիքով` դիմորդների պակասի պատճառը ընդհանուր դիմորդների թվի կրճատումն է:
Այս տարի 2012-ի համեմատությամբ դիմորդների իթվը կրճատվել է 3 հազարով (այս տարի 15 հազար դիմորդ կա նախորդ տարվա 18107-ի փոխարեն):
Սանթրոսյանն ասում է, որ դիմորդներ հատկապես քիչ կան բնագիտական ուղղության ֆակուլտետներում, օրինակ` Քիմիայի ֆակուլտետում 8 անվճար տեղի համար դիմել է 10 դիմորդ, էկոլոգիական քիմիա մասնագիտությամբ 4 անվճար տեղի համար 2 դիմորդ կա, կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ 7 անվճար տեղի համար 9 դիմորդ կա, ջրօթերևութաբանություն մասնագիտությամբ 2 անվճար տեղի համար` 4 դիմորդ:
Այս տարի համեմատաբար մեծ է մրցակցությունը Սերվիս ֆակուլտետում` 52 տեղի համար 155 դիմորդ, Հանրային կառավարման ֆակուլտետում` 68 տեղի համար 215 դիմորդ, Լրագրության ֆակուլտետում`65 տեղի համար` 131 դիմորդ, սոցիալական աշխատանք մասնագիտությամբ 43 տեղի համար` 131 դիմորդ:
Պավել Սարգսյան. Պետք է աջակցել պետությանը երիտասարդ սերնդին կրթելու գործում
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ պատանիների եւ երիտասարդների շրջանում պետության եւ հայրենասիրական արժեքներ ու գաղափարներ սերմանելու համար. այս թեմային անդրադաձան «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «Մենք մեր մասին» ամսագրի հիմնադիր-տնօրեն Պավել Սարգսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Համո Սուքիասյանը եւ Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը:
«Մեր ծրագրերի մի մասն է կազմում «Մենք մեր մասին» ամսագիրը, որը հրատարակվում է ՀՀ մշակույթի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների ֆինանսավորման միջոցով: Ամսագիրն անվճար բաշխվելու է հանրապետության 10 մարզերում: Կրթության եւ գիտության նախարարության օգնությամբ մենք գտանք երեխաների, ովքեր ծնվել են 1997 թ.-ի մայիսի 28-ին:Մենք նրանց բոլորին տվեցինք միեւնույն հարցը` ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինելը:Նրանց պատասխանները նույնպես ընդգրկվել են ամսագրի այս ամսվա համարում»,-ասաց Պավել Սարգսյանը:
Հիմնադրամի տնօրենը կարծում է, որ պետք է աջակցել պետությանը` երիտասարդ սերնդին կրթելու գործում:Ամսագրում անդրադարձ է կատարվել պատմության կարեւորագույն դրվագներին, օրենքներին, մշակույթին, կրթությանը: Ամսագրի այս համարում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանը` 1918-1920 թթ.:
«1918-20 թթ. մեծ ուշադրություն է դարձվել երիտասարդների դաստիարակությանը, որպեսզի նրանք դառնան իրենց երկրի տերը եւ իրենց նախորդների իրավահաջորդները»,-իր խոսքում նշեց Անուշ Ամսեյանը:
Բալասանյան Մերի
Մրցույթ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա»-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ “Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
“Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ)ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում(ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2013թ. հունիսի 5-ից մինչև հուլիսի 4-ը, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 16-ին, ժամը 1200-ին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում:
Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են
Չնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:
Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:
Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել կրթության ոլորտում առկա խնդիրները, նպաստել կրթության որակի բարելավմանը:
Նրա խոսքով` ԳԹԿ-ն մատնանշում է խնդիրը, սակայն չի առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:
Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:
Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:
Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են. «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են և՛ իրենց նախորդ տվյալների, և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:
«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել. «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է: Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:
Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:
Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը` 5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3: 2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:
Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:
Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում
Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:
Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:
Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:
Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:
Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:
Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանն ասաց, որ թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:
«Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով:
Շիրակի մարզում դպրոցը կավարտի 2895 աշակերտ
ՀՀ կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանի համաձայն, մայիսի 24-ին հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում կանցկացվի 2012-2013 ուսումնական տարվա ավարտն ազդարարող “Վերջին դասը”: Շիրակի մարզի դպրոցներում ևս թևածելու է տոնական տրամադրությունը:
Իսկ ահա հունիսին, միասնական քննությունների ավարտից հետո, կկազմակերպվի նաև համաքաղաքային “Վերջին զանգ” տոնակատարությունը` Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Այս տարի Շիրակի մարզը կունենա 2895 շրջանավարտ, որից 1372-ը Գյումրի քաղաքում: Նախորդ տարի մարզը տվել էր 3370 շրջանավարտ, իսկ առանձին Գյումրին` 1680:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեց տարի նվազում է շրջանավարտների թիվը, դրա հետ մեկտեղ` նաև դիմորդների:
Այս ուստարում Շիրակի մարզից միասնական քննություններին մասնակցության դիմում-հայտ է ներկայացրել 1203 դիմորդ. ինչը վկայում է` մարզի շրջանավարտների նույնիսկ կեսը բուհ ընդունվելու ցանկություն չի հայտնել:
Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը
Երևանում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները։ Օլիմպիադային մասնակցել է 8–12–րդ դասարանների 8500 աշակերտ, որոնցից 381–ը արժանացել են առաջինից երրորդ կարգի դիպլոմների։
Առաջին կարգի դիպլոմի արժանացած 67 մասնակիցներին պարգևներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը առարկայական օլիմպիադայի անցկացման կազմակերպչական հարցերում տարեցտարի առաջընթաց է նկատում։ «Հանձնաժողովի կազմն ամեն տարի փոփոխվում է։ Այս տարի հանձնաժողովում ընդգրկված են եղել ուսուցիչներ ու բուհերի դասախոսներ։ Մասնակիցներին հնարավորություն էր տրված բողոքարկելու արդյունքները, սակայն փաստը, որ թե՛ օլիմպիադայի ընթացքում, թե՛ ավարտից հետո որևէ բողոք չի արձանագրվել, նշանակում է, որ դպրոցականների օլիմպիադան տարեցտարի ավելի լավ է կազմակերպվում։ Ի դեպ, այս տարի այն անցկացվել է դեռևս 2011 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաստատված կարգով»։
Կազմակերպիչները նկատել են նաև, որ այս տարի բարձր է աշակերտների առաջադիմությունը հատկապես բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվեղ առարկաներից։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
200 և ավելի բացակայություն ունեցող աշակերտները իրավունք չեն ունենա մասնակցելու քննություններին. Նարինե Հովհաննիսյան
Վաղը Հայաստանի Հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը:
Շուրջ 30 հազար շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները:
-Հույս ունեմ, որ աշակերտներն իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի: Վաղը միջոցառումներ կլինեն դպրոցների դահլիճներում, դասարաններում, բակերում, ինչպես նաև բոլոր դպրոցները և դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ,իրենք կորոշեն՝ ինչպիսի հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը,- ասած ասուլիսի բանախոս, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը,
Նրա խոսքով` հանձնարարություն է տրվել, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն դպրոցին վայել ձևով և զերծ մնան ճոխություններից:
Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում Ազատության հրապարակում՝ ժամը 20-00-ին, բոլոր միջոցառումների ընթացքում վերահսկողություն է իրականացվելու ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով 12-րդ դասարանցիների բացակայություններին, ասաց, որ այն աշակերտները, ովքեր ունեն 200 և ավելի բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցելու քննություններին:
-Թե քանի այդպիսի աշակերտ կա, այս պահին ասել չեմ կարող, ինչ վերաբերում է դպրոցներում հնարավոր դրամահավաքին, վերջին դասի հետ կապված դրամահավաքություն չի իրականացվել, իսկ եթե եղել են, ապա բացառիկ դեպքեր են և դրանք նախաձեռնել են աշակերտների ծնողները,- նշեց տիկին Հովհաննիսյանը:
Մարիամ Հովհաննիսյան
«Վերջին դասը»` մայիսի 24-ին
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված “Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների”` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն “Վերջին դասի” միջոցառումներ:
Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո
10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում: Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում: Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում: Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:
Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:
Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով` գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:
Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:
Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:
Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:
ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից: Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»: Փոխարենը` օրենքով կհստակեցվեն կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:
Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են գործել:
2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:
Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է` կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:
Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:
Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:
«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ, տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:
Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել, բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից: Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:
Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:
Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:
«Կենգուրու 2013»-ն ունի չորս հաղթող
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2013»-ում հաղթող է ճանաչվել չորս աշակերտ. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջն. Դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը, Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց- 4-րդ դասարանի աշակերտ Հայկ Խաչիկյանը, Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարանի 4-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 8-րդ դասարանի աշակեչտ Վահագն Շախկյանը:
Ըստ մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է և արժանի: Եվ շատ ուրախալի է, որ վերոնշյալ բոլոր չորս հաղթողներն էլ խելացի, պայծառ և ըստ արժանվույն հաղթողի կոչմանն արժանացած երեխաներ են:
Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երրորդ տարին՝ նաև Արցախում: «Կենգուրու 2013»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 39 214 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից: Ի լրումն չորս հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու մրցանակի արժանացել 559 աշակերտ՝ մոտ 110 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում ևս 778 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ընդհանուր թվով 1341 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների:
Մայիսի 21-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Կանցկացվի կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց
ԵՊՀ Կենդանաբանության, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնները, «Բիոդիվա» ՀԿ-ն, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում են կենդանիների, բույսերի և սնկերի դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության տարբեր ոլորտներով հետաքրքրված մինչև 35 տարեկան ուսանողների և երիտասարդ գիտնականների համար: Դպրոցը տեղի կունենա ս/թ հունիսի 12-13-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Դպրոցը կանցկացնեն 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ: Մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 5-ը: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի hայաստանյան գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար Ձեր հարցերն կարող եք ուղղել դպրոցի համակարգող Աստղիկ Ղազարյանին [email protected] էլեկտրոնային հասցեով :
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ
Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը
Մայիսի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների շրջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը։ Մասնակցում էր Երևանում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների 9 թիմ՝ յուրաքանչյուրում 6 անդամ։ Խաղի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Խաղն անցկացվեց 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 12 հարց։ Ինտելեկտուալ խաղում հաղթեց Երևանի պետական հումանիտար քոլեջը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը։ Մրցույթում հաղթող թիմը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր։
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանը նշեց, որ խաղ-մրցույթը ևս մեկ հնարավորություն է ինտելեկտուալ առումով միմյանց հետ մրցելու, իրար ճանաչելու և հետագայում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ «Էական է, որ այս խաղ-մրցույթի անցկացման գաղափարն առաջարկել են հենց իրենք՝ ուսումնական հաստատությունների սաները, ովքեր էլ մասնակցել են ծրագրի կազմակերպման աշխատանքներին»,- նշեց Սասուն Համբարձումյանը։
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը, որ վարում էր խաղը, նշեց, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի նպատակը գիտելիքի զարգացումն է, այդ իսկ պատճառով աստիճանաբար կատարվում են խաղի հայաֆիկացման աշխատանքներ՝ ինտելեկտուալ խաղին ներգրավելով նաև հայալեզու գիտակների։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Բատիկայի դասընթաց՝ Վայոց ձորում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն անցկացնում է բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար։
Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ: Բացի այդ, կան շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր սոցիալապես անապահով են և հնարավորություն չունեն մասնակցելու այս կամ այն դասընթացի` ֆինանսական խնդիրների պատճառով: Ծրագիրը նպատակ ունի օգնել հատկապես անապահով ընտանիքների երիտասարդներին՝ ստանալու նոր մասնագիտություն, որը պահանջարկ կունենա ոչ միայն տվյալ մարզում, այլև ցանկացած քաղաքում:
Բատիկայի դասընթացներն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Մասնակիցները ծանոթանում են բատիկայի տեսակներին, գործիքներին և տեխնիկային: Ծրագիրն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս:
Դասընթացի ավարտից հետո կկազմակերպվի երիտասարդների աշխատանքների ցուցահանդես:
Մրցույթներ` Սլովակիայի և ԻԻՀ բուհերում սովորելու համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթներ` Սլովակիայի և Իրանի Իսլամական հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Դասընթացներ` նախազորակոչային տարիքի երիտասարդների համար
«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր: Ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ, դասընթացներ են իրականացվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Վարժանք-պարապմունքները անցկացվում են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետների կողմից: Դասընթացներին մասնակցում են նաև դպրոցների զինղեկներն ու հոգեբանները, ինչպես նաև զինկոմիսարիատների աշխատակիցները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև դասընթացներին մասնակցած երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:



