Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում

unescoՀայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:

14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր «My Fairy Tale» տեսահոլովակով:

Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների անհատական եւ ստեղծագործական մոտեցումները խաղաղության մշակույթի արժեքները բացահայտելու գործում:

Տեղեկանք: Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթը անցկացվեց ՛՛Հանուն խաղաղության մշակույթի եւ ընդդեմ բռնության՛՛ խորագրով գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ համաժողովի կողմից:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը

DSCN4160Այս տարի շուրջ 200 ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Կազմակերպիչները դեռ ամբողջությամբ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է տեղավորվեն ժամանակի ու ցուցադրման սրահների մեջ: Կարևորը սակայն այն է, որ ստացվել է իրոք ուժեղ մրցութային ծրագիր: Այս մասին այսօր  «Գոլդեն Թուլիփ»  հյուրանոցում  լրագրողներին ասացին «Ոսկե ծիրան»  10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները: Նրանք ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերն ու ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Խաղարկային ժյուրին գլխավորելու է անվանի ռեժիսոր Իշվան Սաբոն, անդամներն  էլ ոչ պակաս անվանի կինոդեմքեր  են: Խաղարկային մրցույթում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվեն Նիկոս  Կորնիլիուսի «11 հանդիպում հորս հետ», Սանհուն Փարկի «Սոսկ կյանք», Սրդան Գոլուբիչի «Շրջաններ», Միրա ֆորնայի «Իմ մարդասպան շունը», Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը», Պիտեր Բրոսենսի եւ Ջեսիքա Վուդոուրֆի «Հինգերորդ եղանակը»:

Վավերագրական մրցույթում  կցուցադրվեն Մահդի Ֆլեյֆելի «Աշխարհ, որ մերը չէ»,  Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջեւ», Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայր» ֆիլմերը եւ այլն: Փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը հայտնեց, որ Վավերագրական մրցույթի համար 700 ֆիլմ են ստացել 63 երկրից, մրցույթում ընդգրկված է 11-ը: Նրա ձեւակերպմամբ, ֆիլմերը բազմազան են ժանրային եւ մյուս առումներով:

«Հայկական  համայնապատկեր» ծրագրի  համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ հայտնեց, որ կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր: Շուրջ հարյուր ֆիլմի հայտ է ստացվել, ընտրվել է 23-ը: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում են կինոքննադատ Դեյվիդ դ՛Արսին, սոցիոլոգ Ժան Ռադվանին, կինոքննադատ Նիք Ջեյմսը եւ ուրիշներ:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի համակարգող Արամ Շահբազյանը հայտնեց, որ այս տարի մեծ հոսք է եղել` ավելի քան 900  հայտ: Միքայել Ստամբոլցյանն էլ  հավելեց, որ ֆիլմերի այնքան առատ հոսք է եղել, որ ինքը, պատկերավոր ասած, սարսափած է:

Աբովյանագիտական գիտաժողով

images (1)Հայ-էստոնական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 15-ին, ժամը 1000-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում կանցկացվի աբովյանագիտական գիտաժողով` Տարտուի համալսարանի, Երևանի պետական համալսարանի և տուն-թանգարանի մասնակցությամբ:

 

Տեղի ունեցավ Խաչատրյանի անվ. մրցույթի 3-րդ փուլը

DSC_2325Հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ անցած 4 թավջութակահարները հանդես եկան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Երրորդ փուլում հաղթանակի համար մրցում էին Իոնիցա Անդրեյը (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրան (Ռուսաստան), Մորոզովա Աննան (Ռուսաստան) և Խաչատրյան Գայանեն (Հայաստան)։

Մասնակիցները, ըստ իրենց նախապատվության, եզրափակիչ փուլի համար հնարավորություն էին ստացել ընտրելու Ա. Խաչատրյանի երկու ստեղծագործություններից մեկը՝ ռապսոդիան կամ թավջութակի կոնցերտը։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշեց, որ եզրափակիչ փուլում, անշուշտ, գնահատվելու է երաժիշտների կատարողական արվեստը: Սակայն Արամ Թալալյանը նկատեց, որ մրցույթը նաև նյարդերի պայքար է։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», news.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5։

 «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

http://akhic.am

Մեկնարկել է «Բոլորը գնում են Երևան» ծրագիրը

003Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Բոլորը գնում են Երևան» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:

Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:

Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումը:

«Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Երևան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաև` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից:

Մինչև հունիսի 16-ը երևանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ և տարբեր այլ միջոցառումներ:

Ծրագիրը շարունակական է, և հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընակալվելու է Էստոնիայում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել պիտի սովորենք. Արարատ Սարգսյան

բիենալեԱյսօր ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրող Արման Գրիգորյանը և Հայաստանը բիենալեին ներկայացնող նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրեցին Հայաստանի մասնակցությանը  վերաբերող ասպեկտներ:

Միացնել ազգայինը, հոգևորը և մոդեռնը: Սա է եղել Արարատ Սարգսյանի գաղափարը, որ նա կյանքի է կոչել «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծում, որն էլ պատվով է ներկայացրել մեր երկիրը Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեին:

Արման Գրիգորյանը իր խոսքում շեշտեց, որ հայաստանյան տաղավարի ընտրության վայրը` Սուրբ Ղազար կղզու տպագրական թանգարանը, պատահական չէր. «Սուրբ Ղազար կղզուց է սկսվել հայկական մոդեռնիզմը: Դա ենք ցանկացել շեշտել տաղավարի տեղակայման վայրի ընտրությամբ», – ասաց Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը և փաստեց, որ այս տարի մեր երկրի մասնակցությունը ֆինանսավորվել է միայն Մշակույթի նախարարության կողմից, և իրենք կարողացել են տեղավորվել շատ փոքրիկ բյուջեի մեջ:

Արարատ Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, որ բյուջեն կարող է շատ լինել, բայց սխալ ծախսվել,  ինչպես եղավ անցյալ անգամ, երբ  բյուջեն 10 անգամ մեծ էր, իսկ արդյունքը` շատ ցածր. «Մենք կարողացանք փոքր գումարով երկու շաբաթ շատ լավ ներկայանալ, ինչպես նաև շատ լավ կատալոգ ունենալ: Հայաստանի տաղավարը հայտնվեց առաջապահ խմբում»: Ըստ նկարչի` նմանատիպ միջոցառումներին մասնակցելու գլխավոր կարևորությունը տեսնելն է քո արվեստը ընդհանուրի մեջ` սովորելու նորը: «Օրինակ, եթե նայեիք ԱՄՆ-ի տաղավարին,  ներսում բովանդակություն չկար, բայց շատ լավ էր ներկայացված:  Մատուցումը աչք էր շոյում և  կարող էր շփոթեցնել: Կթվա, թե դա վատ է, բայց` ոչ: Մենք հենց  դա պետք է սովորենք, որովհետև մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել  չգիտենք, մինչդեռ դա ևս կարևոր է», – ասաց Արարատ Սարգսյանը:

Վաղը տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը

3 (1)Վաղը Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում  տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները կներկայացնեն հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսակ։ Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն է հանրության լայն շերտերին։ Ներկայացվելու են եկեղեցական 13 տոներ։ Կցուցադրվի, թե այդ տոների ժամանակ ինչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ինչ ձևավորմաբ և այդ կերակրատեսակներն ինչ նշանակություն են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը և «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը։

«Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավի պատվին: Փառատոնի մուտքն անվճար է լինելու, բայց ուտեստները՝ վճարովի։ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։

Փառատոնին իրենց ազգային կերակրատեսակներով, երգ ու պարով կներկայանան նաև Հայաստանում ապրող հույներն ու ուկրաինացիները։ Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդեսին կլինի նաև ազգային երգ–երաժշտություն և պար, ազգային խոհանոցի ծեսերի հետ կապված թատերական ներկայացումներ և այլն։

«Ես սիրում եմ հայերին». պարսից թագուհին՝ Նյու Յորքի հայկական տաղավարում

մշակույթ-2Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որ արդեն 28 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ներկայացրել է հայկական կերպարվեստը, վստահաբար հայտարարում է. «Այսօր աշխարհում հայ կերպարվեստը կարող է լինել մրցունակ, եթե այն ներկայացնենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով»:

Հերկելյանը մարտ և ապրիլ ամիսներին կայացած վերջին երկու խոշոր ցուցահանդեսներում՝ Մոնակոյում և Նյու Յորքում,  դարձյալ ներկայացրել է մի շարք ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Ասում է, որ հաջողություն են ունեցել: «Հատկապես Նյու Յորքում հայ գեղանկարիչների ստեղծագործությունները շատ բարձր գնահատվեցին, և եթե Հայաստանից այլ ցուցասրահներ էլ մասնակցեին, ապա հաջողություն կունենային»:

Նյու Յորքի ցուցահանդեսում, որին Հերկելյանն իր «Նոյյան տապան» ցուցասրահով մասնակցում էր յոթերորդ անգամ, ներկայացված են եղել համաշխարհային դասական և ժամանակակից հայտնի նկարիչների գործեր՝ Շագալ, Պիկասո, Մոդիլիանի և ուրիշներ: Ընդհանրապես գալերիստներն այդ ցուցահանդեսների ժամանակ ամենաթանկ կտավներն են վաճառում:

Մոնակոյի ցուցահանդեսին արվեստաբանը մասնակցել է հինգերորդ անգամ՝ ներկայացնելով հայ նկարիչներ Գևորգ Եղիազարյանի, Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի, Ռուբեն Աբովյանի, Յուրոզի և այլ նկարիչների գործեր: Մոնակոյում Հայաստանից մասնակցել է նաև «Բարձր արվեստ» ցուցասրահը, որն  անցած տարի Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Երվանդ Քոչարի նորահայտ տարածական ստեղծագործություններից մեկը: Այն արժանացել էր գլխավոր մրցանակին «Ամենայուրօրինակ ստեղծագործություն» անվանակարգում և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը:

Հերկելյանը հետաքրքիր դրվագներ է պատմում Մոնակոյի ցուցահանդեսից. ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Պրիդելլը, որը ցուցահանդեսի ընթացքում ելույթներ էր ունենում (երբեմն՝ բոլորովին մերկ), այցելել է «Նոյյան տապան» ցուցասրահի տաղավար և կտավներից ներշնչված՝ պարել հենց տաղավարում:

«Նոյյան տապան» տաղավար են այցելել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Փալ Սարկոզին, որը նկարիչ է՝ մոդեռն ոճի քանդակների և կտավների հեղինակ: Հերկելյանն ասում է, որ ցուցահանդեսում հարյուրավոր տաղավարներ կան, և հնարավոր չէ բոլորն այցելել. հյուրին տաղավարը պետք է ինչ- որ բանով գրավի:

մշակույթ-1Նկատելով «Նոյյան տապան» տաղավարի ցուցանակին գրված «Արմենիա» բառը՝  այցելել է նաև Պարսկաստանի նախկին թագուհի Ֆարահ Դիբա Փահլավին: Հերկելյանը պատմում է, որ թագուհին զրուցել է իր տիկնոջ՝ Էլոյի հետ, ասել, որ մեծ հարգանք ունի հայոց պատմության ու մշակույթի հանդեպ: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև, որոնք հետևում էին թագուհուն ողջ ընթացքում, մաքուր հայերենով ասել է. «Ես սիրում եմ հայերին»: «Երբ տիկինս ասաց, որ շատ լավ հայերեն է խոսում, թագուհին պատասխանեց, որ իր ամուսինը՝ շահ Ռեզա Փահլավին, շատ ավելի լավ է իմացել և իր հայ մտերիմների հետ հայերեն է խոսել»,- պատմում է Հերկելյանը:

Արվեստաբանը միջազգային խոշոր ցուցահանդեսներին մասնակցելը կարևորում է նաև նմանատիպ հանդիպումների, շփումների առումով և ևս մեկ անգամ հայտարարում, որ հայկական կերպարվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնելու համար հայ գալերիստներն ու Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Մովսես Հերկելյանն առաջարկում է Սփյուռքի և Հայաստանի ազդեցիկ հայերի ուժերի համախմբման միջոցով վերամշակել հայկական մշակութային քաղաքականությունը, որի նպատակով հանդիպումներ է ունեցել վարչապետի, Հանրային խորհրդի նախագահի, մշակույթի և սփյուռքի նախարարների և այլ անձանց հետ: Վերջերս Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել էր նրա նախաձեռնությունը:

Հերկելյանն ասում է, որ քննարկումն իր նպատակին ծառայեց, սակայն  գերազանց կլիներ, եթե չլինեին շեղումներ: «Ոմանք կա՛մ քննադատում էին մշակույթի նախարարին, կա՛մ գովաբանում, ինչը երկու պարագայում էլ նյութից շեղում էր,-ասում է արվեստաբանը,- իսկ մեր նպատակը քննադատելը կամ գովաբանելը չէ, այլ գործնական քայլեր կատարելը: Չնայած ես եկել եմ դրսից և Հայաստանի ներքին մշակութային կյանքին քաջածանոթ չեմ, սակայն ունեմ միջազգային փորձառություն և դրանից ելնելով՝ կարծում եմ, որ մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ունենք բարձր արվեստ, սակայն դրան համապատասխան շուկա և գնահատանք չունենք»:

Մինչդեռ նա նկատում է, որ շատ այլ երկրներ, մեզանից բավականին թույլ մշակութային մակարդակ ունենալով, կարողանում են իրենց մշակույթը ճիշտ  ներկայացնել և դրանից օգտվել տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես:

Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ունի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:

Հերկելյանը չի ժխտում, որ նման քաղաքականություն գոյություն ունի, և ինքն անձամբ վարչապետի առաջարկով մի քանի անգամ ընթերցել է այդ փաստաթուղթը, սակայն կարծում է, որ այն թերի է և չի համապատասխանում մեր արվեստի որակին ու քանակին, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակին: Նա իր հատուկ կարծիքը գրավոր ներկայացրել է մշակույթի նախարարություն՝ գործնական առաջարկներով:

Ըստ Հերկելյանի` չպետք է ջնջել նախարարության փաստաթուղթը, ընդհակառակը` այն պետք է ընդունել իբրև հիմք և դրա վրա լրացումներ կատարել: «Այդ փաստաթղթում գրված է, թե ինչ է պետք անել, մենք պետք է ավելացնենք, թե ինչպես է պետք անել»,- ընդգծում է նա,- և բոլոր այն հայերը, որոնք հետաքրքրված են այս հարցով և ունեն միջազգային փորձառություն, պետք է համախմբվեն մշակույթի նախարարության շուրջ և մշակեն գործնական քայլեր, որպեսզի մենք դուրս գանք մեր կաղապարներից և կարողանանք մեր մշակույթը տնտեսականացնել և քաղաքականացնել»:

Հանրային խորհրդի քննարկման օրն արձանագրել են, որ առաջին քայլը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի մտավոր կարող ուժերին մեկ համաժողովի շրջանակներում համախմբելը, որից հետո պարզ կլինեն նաև երկրորդ ու երրորդ քայլերը: «Իմ կարծիքով, Հանրային խորհրդի քննարկումը՝ իբրև նախաքայլ, արդյունավետ էր: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատրաստակամ էր այդ ծրագիրն իրականացնել` շատ լավ հասկանալով, թե խոսքն ինչի մասին է»:

Արվեստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աշխարհի ուժեղ երկրներն իրենց մշակութային քաղաքականության օրակարգում շատ կարևոր բաներ գրավոր չեն ամրագրում, բայց անում են, իսկ մենք, ընդհակառակը՝ շատ բան գրում ենք ու խոսում, բայց չենք իրականացնում:

 

 

Ամփոփվել են Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

001Երևանի քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ: Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և  այլն։ Մրցակարգով  սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:

«Մրցույթը տարեցտարի ավելի մեծ արդյունք է տալիս։ Այս տարի մրցապայքարն ավելի թեժ էր, քան նախորդ տարի. սա նշանակում է, որ մրցույթի հեղինակությունն ու Երևանի երաժշտական դպրոցների որակական աճը համաքայլ են»,– նշել է Երևանի քաղաապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի:

 

Երևանում նշեցին Անգլիայի թագուհու ծնունդը

433px-Elizabeth_II_greets_NASA_GSFC_employees,_May_8,_2007_editԱյսօր «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա սրահում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի  թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվա հանդիսությունը, որը Անգլիայում վերածվել է ազգային տոնի:

Չնայած որ թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին, քանի որ այս ամիսը եղանակային պայմանների առումով ավելիլ բարենպաստ է բացօթյա հանդիսությունների համար:

Տոնակատարությանը մասնակցում էին Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, քաղաքական գործիչներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տոնակատարության մեկնարկին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի հիմները:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն ասաց, որ այս տոնակատարությունը վկայում է հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման մասին` նշելով, որ դրա բարձրակետը արքայազն Չարլզի այցն էր Հայաստան: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և այն բոլոր կառույցներին, որոնք աջակցում են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիսությունը շարունակվեց Երևանի Սիրահարների այգում, որտեղ նախատեսված է թագուհու և թագավորական ընտանիքի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Անգլիայի թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, թագադրվել 25 տարեկանում:

Այս տարի մեծ հանդիսությամբ

«Ծածկած շուկայի» տարածքում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ

1595Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում:

Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:

Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:

 

«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերը

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնը կպահպանի ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվի նաև «Վրացական կինո», «Քույր փառատոններ», «Հայեր. Հայացք ներսից և դրսից»  հատուկ ծրագրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը,  գեղարվեստական տնօրեն  Սուսաննա Հարությունյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Սթելինգի «Աղջիկը եւ մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե  ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը:  Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին՝ որպես պատվավոր հյուրեր, եւ կներկայացնեն իրենց ֆիլմերը:

«Հետահայաց ցուցադրություններ»-ի ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Նախատեսվում են նաեւ հետահայաց ցուցադրություններ:

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով «Ոսկե ծիրան»-ը, կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ համատեղ, կկազմակերպի հոբելյանական երեկո, որի ընթացքում նախատեսվում է էքսկուրսիա թանգարանում, համերգային ծրագիր՝ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկեւիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակը մեծ կոմպոզիտորն է:

Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով էլ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը, ինչպես նաեւ կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակի առիթով նույնպես նախատեսվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 10-ամյա պատմության ընթացքում կարեւորել է հարաբերությունները միջազգային տարբեր փառատոների հետ: Դրա արդյունքն է այն, որ համաշխարհային կինոհարթակում իրենց ուրույն խոսքն ունեցող Պուսանի եւ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնները «Ոսկե ծիրան»-ն ընդունում են որպես քույր փառատոն` հաշվի առնելով «Ոսկե ծիրան»-ի առաջատար դիրքը տարածաշրջանում: Այս տարի հատուկ ծրագրով ներկայացվելու են Պուսանի եւ Ռոտերդամի փառատոնների պաշտոնական ծրագրերում ընդգրկված եւ մրցանակի արժանացած ֆիլմերը: Ներկա կլինեն նաեւ այդ փառատոների ներկայացուցիչները:

«Վրացական կինո» ծրագրում ընդգրկված են հին եւ նոր ֆիլմեր: Ծրագրի շրջանակում եւ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ստեղծման 40-ամյակը:

«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիայում կներկայացվեն հայկական արտադրության մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ այլ երկրներում հայերի եւ Հայաստանի մասին նկարահանված ֆիլմեր:

Միքայել Ստամբոլցյանը ասուլիսի ընթացքում նաև հերքեց այն լուրերը, թե որոշ ֆիլմեր կցուցադրվեն Դալմայի այգիներում. «Մեզ զանգահարեցին և ասացին, որ չեն հասցնի լուծել տեխնիկական խնդիրները», – ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրենը: Փոխարենը հնարավոր է կինոմաններին սպասի մեկ այլ անակնկալ` գործի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը. «Մոսկվա կինոթատրոնի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ փառատոնի որոշ ֆիլմեր հնարավոր լինի ցուցադրել կինոթատրոնի ամառային դահլիճում», – տեղեկացրեց Միքայել Ստամբոլցյանը` հույս հայտնելով, որ կազմակերպիչները կտեղավորվեն ժամանակի մեջ:

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ ստուգատեսը

001 (1)Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնը անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝  Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր մասնակիցները արժանացել են խրախուսական մրցանակների ու դիպլոմների։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է։

Մինչ համերգային ծրագրի սկսվելը՝ Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերների ընտանիքների անդամները տուն-թանգարանին են նվիրել առարկաներ, որոնք պատկանել են մեծանուն երաժշտին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչութուն

«Ես ուղղակի շատ վատ բան եմ գուշակում…». Մկրտիչ Մինասյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին

հրապարակՄայիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց, որի հանձնաժողովը գլխավորելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք «ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին՝ մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ»:

Իրողություններից մեկը, ըստ հաղորդագրության, այն է, որ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի՝ իր բոլոր բացասական ազդեցություններով,  բացի այդ, «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները» և այլն:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հայտարարված մրցույթի տեքստի վերաբերյալ՝ ասելով, որ այդ մրցույթի մասին քննարկումներ երկու-երեք անգամ եղել են, բայց որոշվել էր ևս մեկ վերջնական քննարկում անցկացնել և հետո հայտարարություն տարածել. «Ես ստիպված եմ սրա մասին բարձրաձայնել, քանի որ նախ` չի պահպանվել կոլեգիալ մեր որոշումը, որ մենք մինչ մրցույթը հայտարարելը նորից պետք է քննարկեինք, բացի այդ, տեքստը պետք է գնար ոչ թե ճարտարապետական հանձնաժողովի կողմից, այլ քաղաքապետարանի քաղաքաշինական մեծ խորհրդի, որի նախագահը քաղաքապետն է: Քաղաքապետարանի մեծ խորհուրդը, որում ներգրավված են բազմաթիվ հանձնաժողովներ՝ ինժեներական, գեղագիտական, ճարտարապետական, էկոլոգիական, հասարակական և այլն, չի հավաքվել և չի քննարկել հարցը»,- ասում է նա:

Ճարտարապետին մասնավորապես անհանգստացնում է տեքստի այն հատվածը, որտեղ ասվում է, թե մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում»:

Մկրտիչ Մինասյանը չի հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է հասկանում՝ «հրապարակի և նրան հարող տարածքների վերակառուցում» ասելով. «Հարող տարածքներն արդեն իսկ, ինչպես և իրենց տեքստում է նշված, էականորեն աղճատել են համալիրի մասշտաբայնությունն ու դոմինանտության կարևոր պայմանները: Դա էլ հո իրենք են ասում: Ես չեմ հասկանում նաև, թե ինչ է նշանակում «ծավալատարածական հորինվածքների զարգացում»: Ես ուղղակի շատ վատ բան եմ գուշակում, սրանք շատ վտանգավոր նախադասություններ են: Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է և անձեռնմխելի, իսկ մրցույթի տեքստում որևէ տեղ նշված չէ այդ մասին»:

Նա գտնում է, որ մրցույթի տեքստը նորից պետք է քննարկվի, քանի որ անգամ սովորական մարդը կարդալիս անորոշություն ու վտանգ է տեսնում: «Եվ քանի որ վատ նախադեպերը շատ են, չնայած նախորդող բոլոր հավաստիացումներին, ապա անհանգստանալու կարիք իրոք կա»:

Մեկնաբանելով Նարեկ Սարգսյանի հարցազրույցներից մեկը, որում նա նշել էր, որ ընդհանուր առմամբ քաղաքը դրական զարգացում է ապրում, Ճարտարապետների միության նախագահն ասում է. «Իհարկե լավ է, որ երկիրն առաջ է գնում, նոր շենքեր են կառուցվում, բայց մեր վիճաբանությունը քաղաքի կենտրոնի շուրջն է: Այն շատ նուրբ է և արժեքավոր, դա թամանյանական արժեքն է, որը պետք է պահպանել մինչև վերջ: Քաղաքի կենտրոնից մի փոքր դուրս թող անեին իրենց բոլոր նորարարությունները»:

Մինասյանը չի ընդունում, որ Նարեկ Սարգսյանն իր գործունեության վերաբերյալ քննադատությունները անձնական դաշտ է տեղափոխում. «Ես որևէ մեկի հետ կիսելու բան չունեմ, դա անգամ ծիծաղելի է: Իսկ եթե նա իրեն քննադատողներին մեղադրում է, որ գործ չեն անում, միայն խոսում են, թող դեռ ինքը կարողանա աշխատել այնքան, որքան մենք ենք աշխատել: Այո, հիմա հնարավոր է, որ նա մեր չափ ժամանակ չունենա, քանի որ այնքան լծակներ ունի, որ իրեն ժամանակը չի հերիքում»:

Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի` Ճարտարապետների միությունից իր դուրս գալու մասին մեկնաբանությանը, թե չի հասկանում այդ կառույցի իմաստը, Մկրտիչ Մինասյանը նախ հիշեցրեց, թե ինչու է Նարեկ Սարգսյանը դուրս եկել միությունից. «Հյուսիսային պողոտայի քննադատություններին չդիմացավ, դուրս եկավ: Բայց եթե քննադատության համար բոլորը դուրս գային, հիմա ճարտարապետների միությունում ճարտարապետ չէր մնա: Միշտ էլ ստեղծագործական առումով քննարկումներ, վեճեր եղել են: Մեր մեծերն էլ են այս դահլիճում շատ վիճել, անգամ գոռգոռացել են իրար վրա: Հետո՞ ինչ»:

Ինչ վերաբերում է միության իմաստին, ապա նա նշում է, որ իրենք կանոնադրության մեջ ամրագրված իրենց բոլոր պարտականություններն իրականացնում են. «Միգուցե նա դրանք չի տեսնում, որովհետև կարծում է, որ մենք սարե՞ր պետք է շուռ տանք,-հարցնում է Մինասյանը,- մեր ամենակարևոր գործը հասարակության հետ աշխատանք տանելն է, հասարակությանը իրազեկելը: Օրինակ` մենք հասարակությանն ասում ենք, որ պետության կողմից աչքաթող արված և արդեն բզկտված Ծածկած շուկան շատ արժեքավոր կառույց է, տե՛ր կանգնեք դրան…»:

 

Երևանում նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը

Արամ ԽաչատրյանՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով  Կոմիտասի անվան պանթեոն՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ։

«Արամ Խաչատրյանը կապված էր Հայաստանի հետ. հաճախ էր գալիս համերգներով, այդ թվում և՝ հոբելյանական։ Ոչ միշտ էի ուղեկցում նրան, բայց միշտ զգում էի տեսանելի ու անտեսանելի այդ կապը, նրա կապվածությունը հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Նա պատասխանատվություն էր զգում, որ հայ ժողովուրդը հարազատ է իրեն»,– հիշել է Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն կոմպոզիտորի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դարի հայազգի լուսանկարիչը` Հայաաստանում

գյուլերԱշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որին Թուրքիայում անվանում են նաև “Ստամբուլի աչք”, հունիսի 4-ին Երևանում էր` մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված իր լուսանկարներ “Բարև ձեզ” ցուցահանդեսի բացմանը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի այլ վայրերում արված շուրջ 100 լուսանկարներ: Գյուլերի տեսախցիկն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Սալվադոր Դալին, Ինդիրա Գանդին, Դասթին Հոֆմանը, Սերգեյ Փարաջանովը, Արամ Խաչատրյանը, Սոֆի Լորենը, Բրիջիտ Բարդոն և ուրիշներ: Նրա լուսանկարները տասնամյակներ շարունակ զարմացրել են աշխարհին` արժանացնելով լուսանկարչին բազմաթիվ մրցանակների և տիտղոսների ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհում:

2012 թվականին Ստամբուլում մշակույթի և արվեստի գործիչների պարգևատրման արարողության ժամանակ վարչապետ Էրդողանը Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Այդ միջոցառման ժամանակ Գյուլերը ճանաչվել է դարի լուսանկարիչ:

Դարի լուսանկարիչը Հայաստանում մեծ ոգևորությամբ և մեծարանքով ընդունվեց: Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանի կողմից նրան շնորհվեց ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում:

ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, որը նույնպես ծնվել է Ստամբուլում և Գյուլերի հետ նույն դպրոցում սովորել, հիշեց, որ դեռևս այն ժամանակ Արան տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում, և զգում էր այն, ինչ ոչ ոք չէր զգում: “Նա տաղանդ էր, որով բոլորս հիանում էինք: Ժամանակն ապացուցեց, որ նա իսկապես բացառիկ մարդ է”:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ աշխարհահռչակ լուսանկարչի արվեստը բոլոր ժամանակներում ապշեցրել է ամբողջ աշխարհին: Հետաքրքիր է, որ ինքը` Գյուլերը, լուսանկարչությունն ամենևին էլ արվեստ չի համարում:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները Արա Գյուլերը նվիրում է Հայաստանին: Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ լուսանկարները կախված են մնալու Ազգային պատկերասրահում, մինչև դրանց համար առավել հարմար վայր գտնվի:

Վարպետի մասին խոսք ասաց նաև լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը. “Աշխարհում կան բազմաթիվ լուսանկարիչներ, բայց ամբողջ աշխարհը ճանաչում է երեք հայ լուսանկարչի, որոնցից մեկն էլ Արա Գյուլերն է”,- ասաց նա:

Ի դեպ, նրա ելույթի ժամանակ միջադեպ եղավ նրա ու մշակույթի նախարարի միջև, որը հավանաբար մի քանիսը միայն նկատեցին, այդ թվում և մենք՝ մոտ կանգնած լինելով նրանց: Զավեն Սարգսյանը հայտարարեց` ամոթ է, որ մենք այսօր չունենք լուսանկարների պրոֆեսիոնալ թանգարան, որտեղ մեր մեծ վարպետների գործերը, վավերագրական կադրերը կհավաքվեին, և մենք այսօր ստիպված չէինք լինի նման անհաջող դահլիճում այս լուսանկարները ցուցադրել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այլայլված շշնջաց. “Что ты говоришь… “:

Լուսանկարիչը շարունակեց. “Երևանը չունի հատուկ դահլիճներ, ի՞նչ են մեր դահլիճները, միշտ զբաղված…:

“Միշտ մի դառը բան Զավենը չի կարողանում չասի:  Պրոբլեմ ա: Հնարավոր ամենալավ դահլիճը այս պահին մենք տրամադրեցինք, որ այս լուսանկարներն այսօր ցուցադրվեն”,- իր կողքի պաշտոնյային ասաց նախարարը:

Իսկ երբ Զավեն Սարգսյանն ավարտեց խոսքը և շրջվեց դեպի Հասմիկ Պողոսյանը` պարզելու, թե ինչու է նախարարն անհանգիստ, վերջինս ասաց. “Завен, отстань, это невозможно…: Ի պատասխան,  Զավեն Սարгսյանն ասաց. “Нельзя правду говорить?”

Նկատենք, որ դահլիճի անհարմարությունը նաև Արա Գյուլերն էր նկատել. “Ես հիմա մտածում եմ, թե այս աղմուկի մեջ ինչպես եք ցուցահանդեսը նայելու: Օրինակ` ես այսքան մարդու մեջ ցուցահանդես չէի կարող նայել, կփախչեի…”:

Ցուցասրահն իսկապես լեփ-լեցուն էր, և մարդիկ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ինչ վերաբերում է լուսանկարները դիտելուն, ապա դրանք դեռ 3 ամիս կախված են  մնալու այնտեղ, և հնարավորություն կա դրանք առավել խաղաղ պայմաններում դիտելու:

 

 

 

Արվեստի այս գեղեցիկ ճյուղը Հայաստանում պետք է զարգանա

vardan amiryan 4Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի միության անդամ Վարդան Ամիրյանը տարիներ առաջ Իսրայելից ժամանեց Հայաստան` աճպարարության արվեստը հայրենիքում զարգացնելու, սիրողականից պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Շատերս նրան հիշում ենք թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ներկայացումներից:

Նրա առաջին  ուսուցիչն ու ներշնչանքն այս արվեստում եղել է  աշխարհահռչակ Հարություն Հակոբյանը: Վարդան Ամիրյանը եղել է Երևանի էստրադային քոլեջի առաջին շրջանավարտը, ուսանել նաև Սանկտ Պետերբուրգի բարձրագույն  ստեղծագործական վարպետության էստրադային արվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, արժանացել է «մոգության արքա» կոչման: Հայաստանում է 2005-ից: Մեկ տարի առաջ հիմնադրել  և ղեկավարում է Հայ աճպարարների միությունը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Վարդան Ամիրյանի հետ:

– Այսօր  հայտնի հայ աճպարարներից շատերն աշխատում են արտերկրում,  նրանց հաջողությունների մասին երբեմն տեղեկանում ենք: Պարոն Ամիրյան, ի՞նչը ստիպեց այդքան տարիներ Իսրայելում բնակվելուց հետո Հայաստան վերադառնալ:

– Իսրայելում անբարենպաստ իրավիճակ ստեղծվեց, երբ սկսվեցին ռմբակոծությունները: Շոուն արդեն աշխատում էր զբոսաշրջիկների համար: Ստեղծված իրավիճակի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազեց, և դադարեց նաև մեր համատեղ աշխատանքը: Այնուհետև սկսեցի միայնակ աշխատել և Իսրայելում առաջին անգամ հիմնադրեցի աճպարարների դպրոց, որը գործեց մի քանի տարի և ունեցավ շուրջ երեք հազար սան: Կարոտը դաժան բան է: Եվ մի օր Հայաստան վերադառնալու միտքն իրականություն դարձավ: Թեպետ Իսրայելում ամեն ինչ լավ էր` վերադարձա: Ցանկություն առաջացավ նույն գործը կազմակերպել նաև հայրենիքում: Աճպարարության ճյուղը կարող էր Հայաստանում ավելի վաղ տարածվել ու զարգանալ, եթե վերացած լիներ կոռուպցիան ու մենաշնորհը: Մեր երկրում վաղուց տաղանդն ու շնորհը, մշակույթն ու արվեստը արժեզրկվել են: Կան շնորհաշատ երիտասարդներ, որոնք ստվերում են մնում: Այս տարիների ընթացքում կարողացա զարգացնել և արվեստի այս ճյուղի նկատմամբ սեր առաջացնել երիտասարդների շրջանում: Սկսեցինք բեմադրություններ իրականացնել: Այսօր շատ աղջիկներ և տղաներ տիրապետում են միկրոմագիայի ճյուղին, որն աճպարարության ժանրերից է և ցուցադրվում է  նեղ միջավայրում: Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որ նաև լիարժեք բեմադրություններ իրականացվեն:

– Ի՞նչնոր բացահայտումներ եղան միության գործունեության արդյունքում:

– Քանի որ ամբողջ աշխարհում կան և գործում են աճպարարության միություններ և կազմակերպություններ, նպատակ դրեցի հայրենիքում ևս հիմնադրել և զարգացնել արվեստի այս ճյուղը: Վերջապես ստեղծվեց այդ միությունը, որը համախմբում է աշխարհի բոլոր աճպարարության արվեստը սիրող հայերին: Միության բացումն արվեց անցած տարվա ապրիլի 1-ին: Պարզվում է, որ այս ժանրի շատ սիրահարներ կան մեր երկրում, որոնցից շատերին ես կտրել եմ իրենց ազատ կենսակերպից: Բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև դաստիարակչական մշակույթ է, քանի որ աճպարարը չի կարող խուլիգան կամ այլ վատ հատկանիշներով օժտված լինել: Աճպարարությունն ուսումնասիրելիս մարդը հարստացնում է իր գիտելիքները, ծանոթանում է գիտության տարբեր ճյուղերին՝ ֆիզիկայի, քիմիայի և այլն:

Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք հայտնի աճպարարներ Հայաստանում` Գևորգ Ղազարյան, Ռաֆայել Պետրոսյան: Իսկ այսօր Սոս Պետրոսյանի տղան՝ Կամո Պետրոսյանը, որ առաջին քայլերն ինձ մոտ է սկսել, աշխարհում, մասնավորապես Գերմանիայում բավական ճանաչված և սիրված աճպարար է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աճպարարության մի ժանրի գերազանց տիրապետելու շնորհիվ: Նույնսիկ մանիպուլյացիայի ժանրին, որն ամենաբարդն է, երեխաները բավական լավ են տիրապետում, և վերջերս փոքրիկ Սոսերը դարձան աշխարհի չեմպիոն: Այս արվեստն աշխարհում շատ զարգացած և ընդունված է, օգտագործվում  է շոուներում, ինչը մեզանում բացակայում է: Հայաստանում շոուները սկսվում և վերջանում են միայն երաժշտական և պարային կատարումներով: Դա հոգնեցնող է: Շոուների մակարդակը բավական ցածր է, և ժողովուրդն այսօր ստանում է այն, ինչ իրեն հրամցնում են: Սեփական ուժերով հավաքել ենք այն երիտասարդներին, պատանիներին, որոնք մեծ սիրով հմտություններ են ձեռք բերում այս արվեստում:

–  Կնշե՞ք այն նախադրյալները, որոնց առկայությունը պարտադիր է աճպարարության արվեստի ճյուղին տիրապետելու համար:

– Դիմորդը պարտադիր երեք հնարք է ցուցադրում, եթե կարողանում է ճկուն լինել, մատներն աշխատեցնել և տրամաբանությունը քարացած չէ, ուրեմն նրա մեջ կա այդ շնորհը: Առաջին կարևոր նախապայմանը երևակայությունն  է,  երկրորդը` համբերատարությունը և սերը: Հնարք կա, որի ուղղությամբ նույնիսկ տարիներով է պետք աշխատել: Այս երեք գործոնների բացակայության դեպքում երեխան երբեք աճպարար չի դառնա: Այս արվեստն ուսումնասիրելու լավագույն տարիքն 9 տարեկանն է: Միությունում ուսումը երեք տարի է, որից հետո, հաջողություններ ունենալու դեպքում, սանը կարող է  անցնել փորձառուների շարքերը և դառնալ միության անդամ: Մինչ այդ երեխան հասցնում է մի քանի հնարքների տիրապետել և զարգացնել իր որոշ ունակություններ: Միության անդամ լինելը չի պարտադրում, որ նա հետագայում դառնա պրոֆեսիոնալ աճպարար: Միությունն ունի իր ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Գերմանիայում, Հունաստանում: Նախատեսվում է դրանց թիվը մեծացնել:

 – Ի՞նչ  հեռանկար ունի մեր երկրում արվեստի այս ճյուղը:

– Աճպարարությունն աշխարհում արվեստի ամենագեղեցիկ ժանրերից է,  բայց մեր երկրում այն զարգացած չէ: Ինձ համար ցավալի է, որ հովանավորներ են գտնվում անորակ ու ոչ կարևոր նախագծերի իրականացման համար, բայց այս լուրջ ու գեղեցիկ ճյուղը մնում է  ստվերում, անտեսված: Այս ճյուղը Հայաստանում զուտ սիրողական հիմքերի վրա է, այն ավելի զարգացնելու համար պետք է զարգացած երկիր ունենալ: Այժմ դժվար է խոսել այն մասին, թե ինչ ճակատագիր կունենա աճպարարության ճյուղի զարգացումը, քանի որ առաջին լուրջ քայլերը նոր-նոր են ձեռնարկվում:

 – Քանի՞ հնարքի եք տիրապետում, և ճի՞շտ է, որ աճպարարները պետք է իրենց հնարքների հեղինակը լինեն:

– Աճպարարության ճյուղերը  շատ են, սակայն ամենատարածվածն ու կիրառելին իլյուզիան է, միկրոմագիան և ընդհանուր մոգությունը: Միայն խաղաթղթերով աշխարհում մոտ  7 հազար հնարք է  գրանցված: Ինչպես երաժշտության մեջ, աճպարարության մեջ էլ կան հնարք ստեղծողներ և պարզապես կատարողներ: Պարտադիր չէ, որ աճպարարը նաև հեղինակ կատարող լինի: Իմ հնարքներից բավական հետաքրքիր է հայկական տարազներով և հայկական գործիքներով բեմադրությունը: Իսկ թե որքան ժամանակ է պահաջվում մեկ հնարքի բեմադրության համար, դա կախված է հնարքի բարդությունից: Եթե այն կապված է մատների արագաշարժության հետ, ապա ավելի ժամանակատար է: Մի հնարքի բեմադրումը նույնիսկ կարող է 1-2 տարի տևել:

 – Կարծեմ ունեիք նաև հաղորդաշար, որը հեռուստադիտողին հնարավորություն էր տալիս ծանոթանալու աճպարարության արվեստի պատմությանը և միաժամանակ հնարքներ բացահայտել: Ինչո՞ւ դադարեցվեց նախագիծը:

– Այո, նման հաղորդում կար, սակայն դադարեցվեց հովանավորի բացակայության պատճառով: Հեռուստաընկերություններն առանց եկամտաբերության, սեփական միջոցների հաշվին չեն հեռարձակում նույնիսկ նման պահանջված հաղորդումներ:

 – Սպասվո՞ւմ են նոր նախագծեր:

– Պատրաստվում ենք առաջիկայում իրականացնել առաջին համահայկական աճպարարների փառատոն մրցույթը, որը հավանաբար տեղի կունենա այս տարվա աշնանը: Հայաստանի մշակույթի և պատմության մեջ այն կլինի աննախադեպ և առանձնահատուկ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայ աճպարարներ, որոնցից լավագույնները  համաձայնվել են ընդգրկվել նաև ժյուրիի կազմում: Այն բոլորովին նորույթ  է լինելու հայ հանդիսատեսի համար, ներկայացվելու են իմ բոլոր նոր համարները, մեկտեղվելու են մոդեռնն ու ազգագրականը: Իսկ այժմ «32 ատամի»  անձնակազմի հետ որոշել ենք մի հետաքրքիր ներկայացում պատրաստել, որում մեկտեղվելու են կատակերգությունն ու աճպարարությունը: Հետաքրքիր մտահղացումներ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն: Իսկ միջոցառման գաղափարն արդեն հավանության է արժանացել ակումբի տղաների կողմից: Կնոջս՝ Արևիկի հետ միասին պատրաստում ենք մի մոգական ներկայացում, որը կանվանենք մեր փոքրիկի՝ Եվայի անունով: «Եվա մաջիք» շոուն կընդգրկի աճպարարության արվեստի բոլոր ճյուղերը:

 Լ.Ն

 

Տեղի ունեցավ «Young stars» խորագիրը կրող միջբուհական փառատոնը

DSC_1351Հունիսի 4-ին «Young stars» խորագիրը կրող միջբուհական փառատոնը համախմբել էր ոչ պետական բուհերի շնորհաշատ ուսանողներին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող ուսանողական այս ծրագրում ընդգրկված էին երաժշտական ու պարային համարներ, որոնք ուղեկցվում էին նաև նորաձևության ցուցադրությամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ հիմնադրամը համագործակցության մեծ փորձ ունի Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի հետ։ ՙԵրբ մի քանի տարի առաջ սկսվեց ոչ պետական բուհերի հետ աշխատանքը, ընդամենը մի քանի բուհ էր ակտիվ և մասնակցում ուսանողական ծրագրերին, այսօր արդեն նրանց թիվը բավականին մեծ է, ինչը գալիս է ապացուցելու, որ նրանք կարող են մրցունակ լինել պետական բուհերի ուսանողական կառույցների հետ։ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը կարողանում է բարձրացնել ուսանողների խնդիրները, գտնել դրանց լուծումները համապատասխան ծրագրերով՚,- նշեց Կարեն Ավագյանը։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանի տեղեկացմամբ փառատոնն այդ ձևաչափով առաջին անգամ է կայանում. մասնակցում էր մոտ 200 ուսանող 14 ոչ պետական բուհերից և օտարերկրյա բուհերի մասնաճյուղերից: Նա նաև նշեց, որ միջբուհական փառատոնի նպատակն ուսանողների արտալսարանային կյանքը ակտիվացնելն ու ժամանցը ճիշտ կազմակերպելն է:

Մշակութային ոլորտում տաղանդավոր երիտասարդներին բացահայտելու նպատակով Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը համագործակցել է մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների հետ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Երբ ռոքը նոր էր ծնվում, սիրո և արդարության երաժշտություն էր, ու եթե ըմբոստություն կար, բարի ըմբոստություն էր»

000Նրանք նույն համալսարանում էին սովորում, իրար շատ–շատ էին սիրում: Մի օր Արամը որոշում է գրել մյուզիքլ, որում Գայան հանդես է գալիս նրա կնոջ դերում… Ու այդպես, ավելի քան 90 րոպե «Ես քեզ սիրում եմ» ասելով, բեմական սերը կյանք է դառնում: Սիրավեպից շատ չանցած՝ հայկական ռոքի վերածննդի ճիշտ ժամին, ծնունդ է առնում  Vo.X ռոք խումբը:

ՌՈՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Vo.X ռոք խումբը հիմնադրվել է 1999-ի վերջերին: Դրանից առաջ ամուսիններ Արամն ու Գայան առանձին էին ստեղծագործում:

 – Մենք 10 տարեկանից կիթառ նվագել էինք սովորում և «Բիթլզ» լսելով ու տպավորված` երգեր էինք սկսել գրել, ինչը նշանակում է, որ արտահայտելու բան ունեինք,- ասում է Արամն ու շարունակում:-  Ինձ մոտ, օրինակ, դա սկսվել էր նկարչությունից, հետո էլ գրում էի, բայց հասկացա, որ դա իմը չէ, երաժշտությունն Է իմը: Ուղղակի մի պահ մտածում ես, որ քո լսած երգերից ոչ ոք չի արտահայտում այն, ինչը որ դու կուզենայիր արտահայտել, ու սկսում ես ստեղծագործել:

Արամի հիշողության թելը ձգվում է տասնամյակներ առաջ.

– Հիշում եմ՝ որպես խումբ այն ժամանակ տրիո էր: Հանդես էինք գալիս նախկին «Հորոսկոպ» ակումբում: Կարող եմ ասել, որ մենք այն խմբերից ու երաժիշտներից ենք, որոնք մատուցելու բան ունեն, ասելիք ունեն: Ճիշտ է, մենք ևս խոսում ենք  սիրո, ընկերության, առօրյա կյանքի, մարդկային հարաբերությունների մասին, բայց տարբերվում ենք:

Ռոք խումբն իր գործունեությունը սկսել է Հայաստանում, բայց ինչպես նշում են ամուսինները` խմբի հիմնադիրները, խմբի կայացման ու արհեստավարժության կնիքը, ճակատագրի բերումով, դրվել է Միացյալ Թագավորությունում:

«Անկախի» այն հարցին, թե ինչպես  իրենց ընդունեցին Հայաստանում, ամուսինները միաբերան ասում են.

– Եթե ուրիշ տեղ գնահատվում ես, ուրեմն այստեղ  էլ լավ են նայում, և դա ինչ-որ չափով հարթեց մեր ճանապարհը: Տվյալ պահին կարող ենք ասել, որ նոր ուղղություն ենք ներկայացնում. ոչ թե որպես երաժշտական ժանր, այլ որպես երևույթ:

Vo.X-ի ՔԱՐՈԶԸ

002Ռոք խմբի հիմնադիրներն ասում են, որ ներկայացվող երգերն իրենք են գրում: Հայերեն երգերն ամբողջությամբ ստանձնել է Արամը, իսկ անգլերեն ու իսպաներեն ստեղծագործությունները գրում են միասին:

Ի՞նչ է քարոզում այս ռոք խումբը: Արամը նշում է.

– Բոլորն էլ կարող են ասել, որ սիրո մասին են երգում, ոչ ոք վատ բանի մասին չի երգի: Մենք ուզում ենք դա առօրյա ձևով մատուցել, ու կարող է կոնկրետ չասվել` սեր, սեր, սեր, սիրում եմ քեզ, սիրում եմ, բայց երգի մեջ կարող է պատկերվել սրճարանում նստած սիրահարի զրույցը, որը ցույց է տալիս մարդկային հարաբերություններ, առօրյա արժեքներ:

Հետաքրքիր է, որ ամուսիններն իրենք էլ նկարահանում են իրենց երգերի տեսահոլովակները: Գաղափարն ու սյուժետային գիծը հիմնականում միասին են մշակում, իսկ տեսախցիկով աշխատում է Արամը:

– Որոշել եմ ինձ ռեժիսոր չանվանել, բայց այդ գործն անելու համար հաճախել եմ հենց BBC-ի դասընթացները, սովորել եմ, ասենք, թե ինչպես են նկարահանվում երիտասարդական ոճի տեսահոլովակները: Գիտեք, ինքս ինձ նկարելու պատճառը նաև այն է, որ  կարծում եմ՝ ինձնից լավ իմ երգերը ոչ ոք չի արտահայտի:

ՌՈՔԸ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՉԷ

Արամն ու Գայան իրենց մասին երկար խոսել չեն սիրում: Իսկ խմբի մասին պատրաստ են խոսել, քննարկել: Արամը խմբի մասին մասնավորապես ասում է.

– Սա խումբ է, որը նոր ոճ է ուզում ներմուծել: Այն մարդիկ, որոնք մեզ սիրում են, թող իմանան, որ մենք սովորական մարդիկ ենք,- մի փոքր դադար տալուց հետո շարունակում է  միտքը:- Ասենք, մարդիկ կան, որ իրենց անհասանելի աստղեր են կարծում: Մենք շատ համեստ ենք այս առումով ու պատրաստ ենք հուսախաբ անել բոլորին, որովհետև այդպիսին չենք կարող լինել:

 Ի՞նչ վիճակում է հայկական ռոքը: Արամի կարծիքով` այն զարթոնք է ապրում.

– Երևում է, որ նոր երիտասարդ տաղանդներ են հայտնվում: Ռոքը բարգավաճում է, ինչի համար մենք անկեղծ ուրախ ենք, սակայն այսօրվա ռոքի սիրահարները մի տեսակ ագրեսիվ են:  Դա շատ վատ է: Երբ ռոքը նոր էր ծնվում, դա սիրո և արդարության երաժշտություն էր, ու եթե ըմբոստություն կար, բարի ըմբոստություն էր, որ ամեն ինչ ճիշտ լինի մեր շուրջը: Լավ, թող մի քիչ լինի այդ ագրեսիվությունը:

Մեր այն դիտարկմանն էլ, թե ռոքը հակաքրիստոնեական երաժշտություն է քարոզում, Գայան նշում է.

– Համամիտ չեմ: Ցանկացած երաժշտություն էլ կարող է հակաքրիստոնեական լինել: Խնդիրը ոճը չէ, խնդիրն օգտագործումն է: Ռոքը բացի պտտվելուց, պարելուց, լսելուց, համարենք` մեծ ժայռ, իսկ  քրիստոնեական մտածելակերպով Աստված էլ է մեծ ժայռ, ու մենք այդ ժայռի վրա, կարծում եմ, կառուցում ենք ճիշտ երաժշտություն:

  ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ ՉԿԱՆ

– Ես գտնում եմ, որ մենք սկզբունքներ ունենք, սկզբունքային ենք, բայց կարգախոսներ չունենք, եթե ունենայինք, կստացվեր մի փոքր մեքենայատիպ,- անկեղծանում է Արամը:

Ամուսիններն իրենց հանդիսատեսի մասին խոսելիս մի քիչ երազկոտ են դառնում.

– Մինչ այսօր տեսնում ենք բուռն ռեակցիա: Կոնկրետ չգիտենք՝ տվյալ  պահին մտքներին ինչ է, բայց հանդիսատեսն ուրախ է, և դա մեզ ուրախացնում է:

Արամն ու Գայան լավ ընկերներ ունեն և՛ Հայաստանում, և՛ Անգլիայում: Ասում են՝ ընկերներին վարակել են «հայկական հիվանդությամբ»:

– Շատ ընկերներ ունենք Անգլիայում: Նրանք ցանկանում են գալ Հայաստան ու տեսնել: Պատկերացրեք` այնքան վարակիչ ենք պատմում Հայաստանի մասին, որ շատերն ուզում են անձամբ տեսնել,- ասում է Արամը:- Մի անգամ Դիլիջանում էինք, ու նկար էինք տեղադրել սոցիալական ցանցերից մեկում: Մեր ընկերը տեսել էր ու երազում էր լինել Դիլիջանում: Մենք նրա երազանքն իրականացրինք:   

 

Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է` ռոք խումբը մի օր լքի Հայաստանն ու հաստատվի Անգլիայում, Գայան պատասխանում է.

-Դեռ հնարավոր չէ, իսկ եթե լքենք էլ, ապա միայն ժամանակավոր: Ամեն մարդ ուզում է երջանիկ լինել, իսկ մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ գտնվում է այնտեղ, որտեղ իր կարիքը կա, որտեղ ինքը պետք է:  Առայժմ մեզ թվում է, որ մեր կարիքն այստեղ կա: Հետաքրքիրն այն է, որ մեզ սկսել են սիրել ոչ միայն ռոքի սիրահարները:

 

Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

 

 

“Նմանատիպ մրցույթները մեկ հոգու ցանկությամբ չեն հայտարարվում”. ճարտարապետ

Սաշուր Քալաշյանը ևԿարեն ՔոչարյանըՀանրապետության հրապարակի վերակառուցմանն ու հայտարարված բաց մրցույթին այսօր անդրադարձան ճարտարապետ Սաշուր Քալաշյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը հենց սկզբից էլ ցույց տվեց իր բացասական վերաբերմունքը նշված վերակառուցման մասին` նշելով, որ քաղաքապետարանն այս դեպքում պասիվ դիրք է զբաղեցրել:
Ճարտարապտ Սաշուր Քալաշյանն էլ կարծում է, որ նմանատիպ մրցույթները մեկ հոգու ցանկությամբ չեն հայտարարվում և, ցանկացած շենք ունի ժամկետ,և, եթե ինչ-որ շինություն վնասվել է,պետք է լուծում գտնել.”Հարցը շոշափվել է ճարտարապետական խորհրդում:Ամեն խորհրդի ժամանակ երկու նախադասությունով հարցը բարձրացվել է, այնուհետև անցել ենք օրակարգային խնդրին:Վերջին անգամ հարցը քննարկվել է մարտի վերջին, և ոչ թե քննարկվեց , այլ պատրաստի տեքստը տրվեց մասնակիցներին, որից հետո քար լռություն և հայտարարվեց մրցույթ: Տեքստը փոփոխության չի ենթարկվել, այնինչ ասում են, որ հարցը 10 անգամ քննարկվել է”:
Բալասանյան Մերի