Վաղը կկայանա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը

զվարթնոցՀունիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխությունը: Ծրագրի կազմակերպիչը «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամն է: (Հայտնի կդառնան «Հայ դասական երգ» անվանակարգի երկու տարիքային խմբերի և «ժողովրդական երգ» անվանակարգի մրցանակակիրները,  Հատուկ մրցանակի կարժանանան` «Կոմիտասի լավագույն կատարում», «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողները, ինչպես նաև կհայտարարվի «Գրան պրիի» արժանացած մասնակիցը):

«Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն ծրագրի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել իրենց կատարումները հանրությանը: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակը հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:

Մրցույթ-փառատոնը մեկնարկել է 2012 թ. հունիսից: Ծրագրին հայտագրվել են Հայաստանի և Արցախի  14-36 տարեկան շուրջ 3000 պատանիներ ու երիտասարդներ: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ «Լսումներ» փուլում, ընտրվել են ձայնային տվյալներ ունեցողները: Ընտրված 800 մասնակցի համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոսների կողմից և հանձնարարվել է հաջորդ փուլում ներկայացնել Կոմիտասի, հայ դասական, հայ ժողովրդական երգարվեստի գոհարներից: «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի կայքում տեղադրված ձայնադարանը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ներկայացված  երգերի պատմությանը և նոտաներին: «Մրցույթ» փուլում ընտրվեցին 300 մասնակից, իսկ 2013 թ. ապրիլ, մայիս ամիսներին կայացավ «Մարզային» փուլը, որտեղ իրենց երաժշտական ունակությունները լավագույնս ներկայացրեցին 153 պատանի ու երիտասարդ: Մայիսի 15-ից պրոդեսորադասախոսական անձնակազմի կողմից անցկացվեցին անհատական դասընթացներ:

Մայիսի 31-ից հունիսի 3-ը Երևանում ընթանում է «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի «Հանրապետական» փուլը, որտեղ իրենց ուժերն են չափում 153 պատանի ու երիտասարդ Հայաստանից և Արցախից:  Մասնակիցների համար կազմակերպվում են մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մշակութային գործիչների հետ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական մեներգեցողության և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսորներ Սուսաննա Մարտիրոսյանը, Լարիսա Մկրտչյանը, Գայանե Գեղամյանն ու Սամվել Գալստյանը: Հանձնաժողովի նախագահն է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի երաժշտական ընկերության վաստակավոր նախագահ Դավիթ Ղազարյանը:

                 «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը   հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու վերածնունդն է Հայաստանում և Սփյուռքում:  Հիմնադրամի կողմից հաջողված ծրագրերից է «Պատարագը բեմից», որի ընթացքում հանդիսատեսը ծանոթացավ պատարագի մատուցման գաղտիքներին, ինչպես նաև երգեցողությանը: 

«Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

296138_10151420158787441_97811318_nՌեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ունեցել է 7 միջազգային պրեմիերա և Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, հունիսի 7,8,9-ին կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն Նաիրի կինոթատրոնում:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական միջազգային մրցույթում: 2012-ին ֆիլմը պատիվ ունեցավ հրավիրվելու` ունենալու իր եվրոպական պրեմիերան Շվեդիայում` հեղինակային կինոյի ամենահայտնի կինոփառատոներից մեկում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում: Իսկ Ամերիկյան պրեմիերայի համար` այն բացարձակ հեղինակային մի ֆիլմ, ընտրվեց Ամերիկայի ամենամեծ հանդիսատես ունեցող փառատոնի` Սիեթլի կինոփառատոնի կողմից: Ֆիլմն ունեցել է նաև այլ միջազգային պերմիրաներ, իսկ Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

 

Նշենք նաև, որ ֆիլմն արտադրված է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից, որին աջակցել են Մշակույթի Նախարարությունը, Ազգային կինոկենտրոնն ու «Ոսկե ծիրան» հիմնադրամը: «Ժաննան և ձայները» ռեժիսորի և ֆիլմի հիմնակազմի 90 տոկոսի` սցենարիստների, պրոդյուսերի և բեմադրող օպերատորի, առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ժաննայի դերում հանդես է գալիս Արմինե Անդան:

 

 

Այսօր հանրությանը կներկայացվի «Փոքրիկ զորավարը» ֆիլմը

zoravarՀունիսի 1-ից «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում տեղի կունենա «Փոքրիկ զորավարը» կինոկատակերգության պրեմիերան, որը նկարահանվել է Օ′ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդը» պատմվածքի մոտիվներով: Ֆիլմի ռեժիսոր Հենրի Քոչարյանն է, ով նշեց, որ ֆիլմը նախատեսված է լայն լսարանի` թե′ մեծերի, և թե′ փոքրերի համար:

Նրա խոսքով` սցենարի գաղափարն առաջացել  դեռևս նախորդ տարվա օգոստոսին:

«Այն նկարահանվել է հայտնի պատմվածքի մոտիվներով, սակայն ժամանակակակից մոտեցում է ցուցաբերվել և պատմում է մեր օրերի մասին,- ասաց ռեժիսորը:- Փորձել ենք ֆիլմն ավելի գունեղ ներկայացնել: Սյուժետային հիմքը պատմվածքն է, բայց ավելացել են նոր կերպարներ, նոր դեմքեր»:
Անդրադառնալով դերասանական կազմին Քոչարյանն ասաց, որ չի ընտրել այնպիսի դերասաններ, ում միջոցով հետագայում կարողանա տոմսեր վաճառել:  « Ընտրվել են պրոֆեսիոնալ,  երիտասարդ դեմքեր: Փորձել եմ ընտրել նրանց, ովքեր կկարողանային բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորել»,- հավելեց ռեժիսորը նշելով, որ հատուկ ֆիլմում նկարահանվելու համար Մոսկվայից Երևան է հրավիրվել 7-ամյա  Արամ Այվազյանը:

Քոչարյանն խոսքով` սկզբում 7-ամյա Արամի հետ աշխատելը բարդ էր, բայց  հետո  կարողացել են  խոստումներով համոզել նրան նկարահանվել:

«Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ կարող հաղթահարել դժվարությունները, բայց հետո ինձ զգացի ինչպես ձուկը ջրում, չնայած նրան, որ նկարահնումների ընթացքում առաջացան որոշ դժվարություններ»- ասաց դերասան Կարապետ Հովհաննիսյանը:

Ֆիլմը նկարահանվել է Գառնիում: Այն պատմում է երկու ավազակների մասին, ովքեր որոշում են փախցնել հայ օլիգարխի որդուն և փրկագին պահանջել: Բայց դեպքերն այլ ընթացք են ստանում, երբ փոքրիկը նրանց գլխին իսկական պատուհաս է դառնում:
Ի դեպ` օլիգարխ հորը ֆիլմում մարմնավորում է նույն ինքը` Հ. Քոչարյանը:
Մարիամ հովհաննիսյան

Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Երևանում է

Ara-GulerՀայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 4-ին կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահադեսը, որը կրում է «Բարև ձեզ» խորագիրը: Երևանում քանիցս տեղի են ունեցել Գյուլերի լուսանկարների ցուցադրություններ, սակայն այս անգամ ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվելու անձամբ հանրահայտ լուսանկարիչը: Վերջինիս տաղանդի երկրպագուները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան այցելելու պատկերասրահ և դիտելու Գյուլերի զարմանահրաշ աշխատանքները:

Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտո պատմաբան»: Նրա լուսանկարներում անմահացած է պահը, որն այնքան բան է պատմում: Իր իսկ խոսքերով նա աշխարհը տեսնում է ֆոտոխցիկի միջից`պատկերելով կյանքը ինչպես որ է:

Հայկական մուլտֆիլմի հերոսներն ընդդեմ արտասահմանյանի

imagesԱրտասահմանյան մուլտֆիլմերի կերպարներին փոխարինելու են գալիս հայկական կերպարները`”Փերի-Մերիի և Չարչարիկի արկածները” մուլտֆիմից:Այն առաջինն էր Հայաստանում, որի ստեղծմանը մասնակցել են մանկական հոգեբանների և դաստիարակների մի խումբ, մշակվել են կերպարներ, որոնք ավելի հոգեհարազատ կլինեն հայ մանուկներին:

“Հիմա երեխաներն իրենց ժամանակի մեծ մասն անկացնում են համակարգչի առջև:Մեր նպատակն,որ երեխաներին տեղափոխենք իրենց ճիշտ մանկություն:Հեռուստաընկերությունները հետաքրքրված չեն մանկական նախագծերով, այդ պատճառով էլ այն փորձեցինք երեխաներին հասցնել սկավառակով:Մենք առաջին հերթին փորձել ենք, որ կերպարները լինեն հետաքրքիր, երկրորդ` շեշտը դրել ենք գույների վրա և երրորդն այն է, որ մեր մուլտֆիլմում չկա ոչ մի բացասական երևույթ”,-ասաց նախագծի հեղինակ Գևորգ Աղաբալյանը:
Պարտրաստման փուլից մինչև վերջնական արդյունքը նախագիծը տևել է մեկ տարի:Նախագծի շրջանակում լինելու են այցելություններ մանկատներ` հոգեբանների հետ միասին:Յուրաքանչյուր մանկատնում խումբը պետք է մնա մեկ շաբաթ:Վաճառքի է հանվելու 5000 օրինակ սկավառակ, որոնց հասույթը պետք է տրվի մանկատներին:
“Մենք ամեն առիթով փորձելու ենք անվճար սկավառակներ բաժանել երեխաներին:Սկավառակը լույս է տեսել 1000 օրինակով:Լինելու են նաև 2-րդ և 3-րդ փուլեր, որպեսզի այն հասանելի լինի նաև մարզերում:Երեխաները հիշում և սիրում են կերպարներն, դա ամենամեծ գնահատականն է մեզ համար:Երբ հասկանանք, որ բոլոր երեխաները ճանաչում և սիրում են կերպարներին` աշխատանքները կշարունակենք:Սկավառակում ներգրավված է 10 հաղորդում`2 ժամ տևողությամբ,բայց լինելու է սկավառակի շարունակությունը, քանի որ դեռ 40 հաղորդում էլ ունենք նկարահանած”,-նշեց նախագծի հեղինակը:

Բալասանյան Մերի

Հայերենը ամենահին լեզո՞ւն է

անհայտԼեզուների հայրենիքի տեղորոշման, այդ թվում նաև հայոց լեզվի հարցը, որ սկիզբ է առել  XIX դարում, մինչ օրս շարունակվում է մնալ ոչ միայն լեզվաբանների, այլև մարդաբանների ու հոգեբանների ուշադրության կենտրոնում: Այդ կնճռոտ թեմայի շուրջ էլ զրուցեցինք դասախոս, դոցենտ Նազելի Մարգարյանի հետ, ըստ որի՝ ամերիկացի լեզվաբան Մերրիեթ Ռուհլինի «Լեզուների ծագումը» (1994) գրքում, որը նվիրված է հնդեվրոպական լեզուների նախահայրենիքին, մանրամասն քննարկվում է այդ լեզուների նախահայրենիքի բազմիցս չարչրկված հարցը` համաշխարհային գենետիկական լաբորատորիաների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: «Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում վերջին 100 տարվա ընթացքում հնագիտական պեղումների արդյունքները բացահայտ ցույց են տալիս, որ առաջին անգամ ամբողջ աշխարհում երկրագործության զարգացումն առաջացել է մոտավորապես 10 հազար տարի առաջ, հայկական լեռնաշխարհում և տարածվել մինչև Միջագետք»,- ասում է Ն. Մարգարյանը: Դրանք հնագիտական փաստեր են, որոնք ընդունվում են հայտնի գիտական կենտրոնների կողմից:

Ուսումնասիրության հեղինակ Ռուհլենը, մանրամասն ու հիմնավոր յոթ վերլուծություններով փաստում է, որ գենետիկ հետազոտությունները հիմնավորում են այն տեսակետը, որ Փոքր Ասիայի և Արևելյան Անատոլիայի հնագույն հողագործների գենն է արտագաղթել Եվրոպա: «Տարօրինակն այն է, որ գենետիկական ճշգրիտ գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք ներկայացրել է գիտնական, հնագետ Ռենֆրիուն, անհիմն մերժվեցին, քանի որ դեռևս 1926 թ. մի շարք գիտնականների՝ Գորդոն Չայդի, Սարիջա Գիմբուտասի և այլոց կողմից ենթադրաբար ընդունվել էր հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը Սև ծովի հյուսիսային ափին՝ Ուկրանիայում գտնվելու մասին վարկածը», – նշում է գիտնականը և հավելում, որ հետագա 80 տարիների ընթացքում այդ թեմային առնչվող բազմաթիվ աշխատություններ են գրվել, սակայն այդ սխալ տեսության հեղինակներից և ոչ մեկը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Նույնիսկ հնդեվրոպական լեզուների մայր լեզվից տրոհման ընդունված ժամանակշրջանը՝ Ք.ա 4000-3000 թթ., որևէ գիտական հիմք չունի: Այդուհանդերձ, վերջին 20 տարիների լաբորատոր գենետիկական հետազոտություններն ապացուցել են, որ հողագործ հնդեվրոպացու գենը Եվրոպա է գաղթել հայկական լեռնաշխարհից առնվազն Ք.ա. 7000-8000 թթ.:

Ն. Մարգարյանի խոսքով` Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի հոգեբանության ամբիոնի երկու գիտնականներ՝ Ռասսել Դ. Գրեյն ու Քվենտին Դ. Ատկինսոնը, հիմնվելով համեմատական լեզվաբանության ուսումնասիրության արդեն գործադրված բոլոր եղանակների վրա,  2003 թ. համեմատելով 87 հնդեվրոպական լեզուները, հերքում են մինչ այժմ շրջանառության մեջ եղած թյուր տեսակետները: Նրանց գործածած նորագույն մեթոդը հաստատեց հնդեվրոպական լեզուների տարանջատման ժամանակաշրջանը, որը սկսվում է 7.800-9800 տարի առաջ:

«Այսօր հնդեվրոպական լեզուներով խոսում է երկրագնդի բնակչության կեսը: Հայոց լեզուն ևս պատկանում է այդ մեծ լեզվաընտանիքին,  սակայն հայերենն իր զբաղեցրած առանձնահատուկ տեղով համարվում է այդ լեզվաընտանիքի հնագույն և ինքնուրույն լեզուներից մեկը,- ընդգծում է գիտնականը:- Հնդեվրոպական հնագույն մշակույթի տարրեր են համարվում մարտական անվավոր կառքը, բրուտագործությունը և մետաղագործությունը»: Հնդեվրոպական տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն էր, որսորդությունը, ձկնորսությունը, հետագայում նաև հողագործությունը, իսկ գինեգործության (Արենու քարանձավի հայտնագործությունները, Ք.ա. IV հազարամյակ) հայրենիքը Հայաստանն է:

լեզուՄասնագետը բացատրում է, որ դեռևս 1970 թ. սկզբին գիտնականներ Թ. Գամկրելիձեն և Վ. Իվանովը նշել են, որ հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը պետք է տեղադրել Առաջավոր Ասիայում, հատկապես Հայկական բարձրավանդակում և Հյուսիսային Իրանում: Այդ տեսակետը հիմնավորելու համար նրանք հիմք են ընդունում հնդեվրոպական և հին արևելյան մշակութային կապը, այնպիսի բույսերի և կենդանիների առկայությունը, որոնք տարածված չեն Հյուսիսում (առյուծ-ինձ, վարդ, խաղող-գինի, նուռ, ցորեն և այլն), հնդեվրոպացիների անվավոր կառքեր ունենալը, որը հատկապես կապված էր առաջավոր Ասիայի՝ Հայկական բարձրավանդակի մետաղի մշակության հետ և խոսում է հնդեվրոպական նախահայրենիքի՝ Կուր-Արաքսյան մշակույթի շրջանի հետ համընկնելու մասին, նշված տարածքին հին հնդեվրոպացի ժողովուրդների՝ հեթերի, հույների և արիացիների մոտ լինելը, անատոլիական հիդրոնիմայի՝ ջրանունների և տեղանունների հնդեվրոպական բնույթը և այլն:

«Ռ. Գրեյի և Ք. Ատկինսոնի կարծիքով` լեզուներն ու գեները, որպես կենսական նյութ, տալիս են անհրաժեշտ տեղեկություններ մարդկային պատմության մասին: Այդուհանդերձ, հնդեվրոպական լեզվաընտանիքի ծագման գենետիկական ուսումնասիրությունները վերջնական արդյունքների չեն հանգեցրել»,- նշում է Ն. Մարգարյանը, բայց և շարունակում, որ մ.թ.ա. II հազարամյակին հայկական լեռնաշխարհը զգալի չափով բնակեցնում էին նույն խուռիները, իսկ հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան ծայրամասերն անմիջականորեն մտնում էին խեթական թագավորության (պատմական Հայաստանի Բարձր և ամբողջ Փոքր Հայքը) և միտանական թագավորությունների կազմի մեջ: Բացի այդ, անվիճելի է այն, որ մ.թ.ա. II հազարամյակի հենց սկզբից անատոլիական լեզուներն արդեն տարածված էին, համենայն դեպս` թերակղզու արևելյան մասում:

«Հայերենի և հեթերենի առնչությունների հարցը գիտնականների ուշադրությունը գրավել է դեռևս այն ժամանակ, երբ հեթերենի գիտական ուսումնասիրության հիմքերը չէին դրվել և հեթերենը հիերոգլիֆ լեզվից դեռևս տարբերակված չէր: Նորվեգացի գիտնական Պ. Ենսենն առաջինը հայտարարեց, որ հեթերը հայերի նախնիններն են: Օրինակ՝  1905-ին լույս տեսած Ամոնին նվիրված հիմների մեջ Hai-t նշանակում է արև, լույս, լուսատու, իսկ 1906-ի բառարաններից մեկում նշանակում է բարձրագույն քրմական կամ հոգևոր կոչում»,-  ասում է մասնագետը: Հայտնի լեզվաբան Ի. Դյակոնովը նույնպես որոշակի անհամարձակությամբ պաշտպանեց Պ. Ենսենի տեսակետը: «Ամենայն հավանականությամբ, նա չի կարողացել դեմ գնալ խորհրդային ընդունված տեսակետին՝  հաշվի առնելով նաև այն, որ ՍՍՀՄ  ԳԱ-ն հենց նրան էր պատվիրել գրել և հիմնավորել ադրբեջանցի կոչվող արհեստածին պետության և ժողովրդի լեզվի մասին: Ուստի նա հստակ դիրքորոշում չի հայտարարել», – բացատրում է Ն. Մարգարյանը: Ըստ նրա՝ հայ-հեթ էթնիկ մարդաբանության տեսակետի օգտին են խոսում նաև XIX – XX դդ. մարդաբանությունը և գերմանացի մարդաբանների ուսումնասիրությունները, որոնք մինչ օրս որևէ մեկի կողմից չեն հերքվել: Ավստրիացի բժիշկ-մարդաբան Ֆելիքս Ֆոն Լուշանը, անդրադառնալով հայերին, գրում է, որ չնայած հաճախ փոփոխվող օտարերկրյա տիրապետողներին` հայերի մարմնակազմական առանձնահատկությունները զարմանալիորեն պահպանվել են միատարր, իրենց նախնական գենին հարազատ: Եվ նրանց կարելի է համարել հին խեթերի անմիջական ժառանգորդը, որոնց արտաքինին՝ գլխի և դեմքի կառուցվածքին քաջ ծանոթ ենք հին ասորական և եգիպտական բարձրավանդակներից:

1          2          3          4          5          6          7          8          9          10

Ա         1          Ժ         10        Ճ          100      Ռ         1000    1111    ԱՌՃԺԱ

Բ          2          Ի          20        Մ         200      Ս         2000    2222    ԲՌՄԻԲ

Գ         3          Լ          30        Յ          300      Վ         3000    3333    ԳՌՅԼԳ

Դ         4          Խ         40        Ն         400      Տ          4000    4444    ԴՌՆԽԴ

Ե          5          Ծ         50        Շ          500      Ր          5000    5555    ԵՌՇԾԵ

Զ          6          Կ         60        Ո         600      Ց          6000    6666    ՋՌՈԿԶ

Է          7          Հ          70        Չ          700      Ու        7000    7777    ԷՌՉՀԷ

Ը          8          Ձ          80        Պ         800      Փ         8000    8888    ԸՌՊՋԸ

Թ         9          Ղ         90        Ջ          900      Ք          9000    9999    ԹՌՋՂԹ

45                    450                  4500                45000  49995  ՂՔՋՂԵ

ԽԵ                   ՆԾ                   ՏՇ                    ԴՐ       ԴՔՋՂԵ

 «Ինչ վերաբերում է ձայնարկման առաջին բաղաձայն  հ-ին, այն կարող է արտացոլել կա՛մ հին հնդեվրոպական p, կա՛մ Hx՝ ձայնարկումները, որոնք անհետացել են համարյա բոլոր ավելի ուշ ձևավորված հնդեվրոպական լեզուների հեթթական խմբում, որին պատկանում են հին հայերի հարևան հին փոքրասիական ցեղերից շատերը: Այդ երկձայնությունն ամենայն հավանականությամբ փոխանցում է ati, ate հին համադրությունը: Այսինքն՝ հին հայկական «հայ» անվանումը պետք է վերագրել ավելի հին Hati-ին կամ pati-ին: Այդ իսկ պատճառով  ենթադրություն ենք անում, որ հին հայերի ինքնաանվանումն եղել է հաթթի, Hxat(t)i՝ հայ», – կարծիք է հայտնում մասնագետը, որի համոզմամբ` հայ մատենագրության մեջ Անանիա Շիրակացին առաջինն էր, որն օգտագործել է նախաքրիստոնեական շրջանից դեռևս գործածության մեջ գտնվող տոմարական անուններ և հաշվարկներ, որոնց հիմքում ընկած էր հին հայկական մեհենական տոմարագիտությունը: Այդ մասին են վկայում նաև հայկական ամսօրերի անվանումները: Շիրակացին մատնանշում է այն թվաբանական աղյուսակը, որտեղ պարզորոշ երևում է հայոց բուն թվականը: Ստորև ներկայացնում ենք այդ ձեռագրից մի պատառիկ, որն ապացուցում է գիտական այդ բացահայտումը՝ համոզիչ կերպով հիմնավորված Գրեյի և Ատկինսոնի կողմ

«Այդ ձեռագրում որպես հայոց բուն թվական ներկայացված է մաթեմատիկական ճշգրտությամբ ՑՇ-ն, այսինքն՝ 6500 թիվը, որը մինչև Քրիստոսի ծնունդը Հայ ժողովրդի կողմից գրանցված, հաշվարկված տարիների թիվն է: Ըստ պատմական լեզվաբանության ուսումնասիրության՝ հայոց լեզվի տարիքը 7300 է, հեթիթերենինը՝ 8700, թոխարերենինը՝ 7900: Եթե 6500-ին գումարենք ևս 2000 տարի՝ Քրիստոսի ծննդից մինչ այժմ, ապա  հայերենի ճշգրիտ թիվը 8500 է», – եզրափակում է Ն. Մարգարյանը:

Պատրաստեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ

«Հետքերով որբերի հայոց», Ռոքֆելերի արխիվային կենտրոնի լուսանկարները

480657_524703530898221_1297133948_n Աննկարագրելի ապրումներով դիտեցի «Հետքերով որբերի հայոց» վերնագրով ցուցահանդեսը: Այն արյան հիշողություն արթնացրեց, որ անհնար է սպանել, վերացնել, այն փոխանցվում է ժառանգաբար: Իմ Սաթիկ տատիկը, նրա եղբայրը` Կորյունը, Արիստակես պապիկս եղեռնից մազապուրծ ապաստանել են ամերիկյան որբանոցներում` սկզբում Կարսի, Էրզրումի, այնուհետև Ալեքսանդրապոլի: Ես միշտ կլանված լսում էի նրանց հիշողությունները, որբանոցներում ապրած տարիների մասին: Պատմում էին, որ իրենց վերցնելուց հետո բժշկական օգնություն էին ցուցաբերել, լողացրել, նոր շորեր էին  հագցրել: Տատիկս պատմում էր, թե ինչ մաքուր ու տաք վերմակներ էին տվել, որ ուրախությունից ամբողջ գիշեր չէին կարողացել քնել: Հապա կերակուրը, սպիտակ հացը, խտացրած կաթը, որ բոլոր որբերն էլ հիշում էին որպես իրենց մանկության ամենաքաղցր հուշ: Նա պատմում էր, որ իրենց արհեստներ էին սովորեցնում` կարել, ասեղնագործել, ճիշտ արդուկել վերնաշապիկը, սովորեցնում էին հայերեն կարդալ, գրել, անգլերեն էլ էին սովորեցնում, քաղաքավարի վարվելակերպի կանոններին էլ էին սովորեցնում: Կորյունը, որ Կազաչի պոստում էր, դուրս գալիս արդեն ուներ երկու վկայական` դպրոցի և նկարչական արվեստանոցի:

Երբ Պետական արխիվում նրանց մասին տեղեկություններ էի որոնում, ինձ տվեցին Ամերկոմի Լենինականի տեղամասի որբանոցների  որբերի ցուցակը: Ապշել էի, որ նրանք այդքան մեծաքանակ էին:

Հանկարծակի լսելով, որ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Նարեկացի արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի, Ամերկոմի` Ցեղասպանությունից փրկված` «Հետքերով որբերի հայոց» վերնագրով լուսանկարների բացառիկ հավաքածուն, մոտ 200 հատ, շտապեցի դիտելու: Այն բացվեց մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 26-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում և մայիսի 27-ին՝ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը և գործելու է մինչև 2013թ.-ի հունիսի 8-ը:

Լուսանկարներում որբերն էին, նրանց առօրյան: Եվ զարմանալի հոգեկան հանգստությունը, որ կարողացել էին նրանց համար ստեղծել որբանոցում: Ահա որբերը նվագում են, աղջիկները պարում են: Պատկերված է կարպետի գործման արվեստանոցը, ֆիզկուլտուրայի դասերը, ընթերցանությունը բնության գրկում և էլի շատ ու շատ տեսարաններ: Ես շատ հուզվեցի, երբ տեսա Յոհաննես Լեփսիուսի`«Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությունը: Այնտեղ տեսա նկարչական արվեստանոցը, որտեղ հաճախել էր նաև տատիկիս եղբայրը` Կորյուն Սիմոնյանն ու իր ընկերները:

cucahandes

 

Աջ կողմում իմ ունեցած նկարն է. Լենինականի մանկատան մանուկ նկարիչները ուսուցիչների հետ 1920-1921թթ. Ձախից աջ ներքևի շարք-Մեսրոպ Բաղդասարյան, Կորյուն Սիմոնյան, “, Անդրանիկ Մարկոսյան, Հմայակ Ավետիսյան,”,”, Մեջտեղի շարք ձախից աջ-“,Շավարշ Վաղարշակյան, Մամիկոն Փանոսյան, Ստեփան Ալթունյան, Արմենակ Գյոզալյան, Պետրոս Ռաշոյան,” Վերևի շարք ձախից աջ-“,”, Սարգիս Ալեքսանյան, Վանիկ Կարապետյան, “,Լևոն Տոնականյան

Այս սաների մեծ մասը դարձան հայտնի նկարիչներ: Ցավոք, որբի դաժան ճակատագիրը նրանց ուղեկցեց հետո էլ, Հայրենական մեծ պատերազմ, որտեղ շատերը զոհվեցին, այդ թվում նաև Կորյուն Սիմոնյանը: Նա հասցրեց հասնել մինչև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա և մեր ազգին թողեց իր 20-ից ավելի գործերը, որոնք պահպանվում են Ազգային պատկերասրահում:

Պատկերված բոլոր երեխաներն էլ Արևմտյան Հայաստանից են և ծնողներին կորցրել են Ցեղասպանության հետևանքով: Ալեքսանդրապոլն այդ տարիներին անվանում էին «որբերի քաղաք»: Միայն Գյումրիի որբանոցներում փրկվել է մոտ 30 հազար հայ երեխա:

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն՝ Ամերկոմը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Բոստոնում, հիմնադրվել է 1915թ. սեպտեմբերին՝ Թուրքիայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի խնդրանքով: Դեսպանն ԱՄՆ պետքարտուղարին հեռագիր էր ուղարկել՝ խնդրելով միջնորդել, որ նախագահը ստեղծի մի կոմիտե, որը կօգնի փրկել հայերին: Պետքարտուղարը գրությունը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Այնուհետև ամերիկյան մի քանի մտավորականի ջանքերով հիմնվել է կազմակերպությունը:

Ամերկոմի գործունեության շնորհիվ փրկվել է 132000-ից ավելի հայ որբեր, ովքեր ապրել են այդ կազմակերպության որբանոցներում: Այդ տարիների ընթացքում Ամերկոմը հանգանակությունների միջոցով հավաքել է 116 մլն դոլար, որը համարժեք է այսօրվա մոտ 3 մլրդ դոլարին: Կազմակերպությունը հիմնել է շուրջ 200 որբանոց, բազմաթիվ դպրոցներ, մասնագիտական ուսուցման կենտրոններ, հիվանդանոցներ, կանանց ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր բնակավայրերում:

Ռոքֆելերի արխիվային կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհում ամենախոշոր պահոցներից է: Դրա 60 մլն փաստաթղթի, 500 հազար լուսանկարի ու 2000 ֆիլմի հավաքածուի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի՝ Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը:

«Այս ցուցահանդեսները, ներկայացնում են ողբերգական իրադարձություններ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի հրաշալի պատմություն: Սա ցույց է տալիս, թե ինչպես ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը, համադրվելով հայ ժողովրդի տոկունության հետ, օգնել է փրկել հայ ժողովրդին»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Այս միջոցառումների նպատակը առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, առաջին անգամ լինելով, երախտապարտության խոսք հայտնելն է, լուսաբանելն է և խոնարհվել այն մարդկանց առջև, որոնք կարողացել են հասնել, փրկել մեր որբերին».- հավելել է Նարեկ Հարթունյանը, որ նույնպես այդ որբերի ժառանգն է:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը ևս ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել հատուկ ցուցահանդեսին մասնակցելու համար, նա ասաց, որ իր տատը ևս փրկվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում: Շանթ Մարտիրոսեանի խոսքով՝ մինչ օրս բարեգործական բոլոր խոշոր միջազգային կազմակերպություններն իրենց գործունեությունը կառուցում են Ամերկոմի մոդելով:

 

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ. «Չեմ ուզում լսել, որ ընկերներս մտադիր են լքել Հայաստանը»

ջեքԱրգենտինահայ դերասան, լրագրող ու կինոգործիչ Ջեք Պողոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանձնախմբի պատվավոր անդամ է: Ջեքի առաջին այցելությունը Հայաստան 2001-ին էր: Տասներկու տարի առաջ նա հայոց լեզվով ընդամենը մի քանի բառ էր արտահայտում, այդքանը գիտեր, իսկ հիմա հայերեն է խոսում: Հետաքրքրական է, որ նրա այցելությունները Հայաստան ավելի են հաճախակիացել:

Բուենոս Այրեսում, որտեղ Ջեքն ապրում և աշխատում է, փորձ է անում ներկայացնել նաև հայկական մշակույթը: Ապացույցն այն է, որ նա Արգենտինայում հիմնել է «Սինեմատիկա Արմենիա» ընկերությունը և արտասահմանյան ֆիլմերի կողքին

հետաքրքրված հանդիսատեսին նաև հայկական ֆիլմարտադրությանն է ծանոթացնում՝ ցուցադրելով ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր երկրներում:

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

– Երբ առաջին անգամ՝ 2001 թ., որոշեցի գալ Հայաստան, անսովոր բաներ էի լսում, որոնք պարզվեց` այնքան էլ իրական չէին: Ինձ համար անհասկանալի էր սփյուռք-Հայաստան կապ արտահայտությունը: Մեզ՝ սփյուռքահայերիս հասնող տեղեկատվությունը պաշտոնական է և չի կարող հույզեր, զգացումներ առաջացնել: Հետո հասկանում ես, որ դա ուրիշ բան է, իսկ քո առնչությունը քո արմատներին` ուրիշ: Ես եկա և փորձեցի սովորել հայերեն: Հիմա հասկանում եմ լեզուն, խոսում եմ որոշ չափով,- ասում է Ջեք Պողոսյանը:- Ամեն մեկն իր անձական փորձով չի կարող ստույգ սահմանել, թե ինչ կապեր են առաջանում սփյուռքահայի և Հայաստանի միջև: Մենք երեք եղբայր ենք. իրավաբան եղբայրս այցելեց Հայաստան և առանձնապես չոգևորվեց, մյուսը, որը չի եղել Հայաստանում, սիրում է երկիրը հեռավորությունից:  Իսկ ես գիտակցում եմ, որ հայ եմ և ունեմ երկու հայրենիք:

 ԴԵՊԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

– Մեծացել ես հայկական համեստ ընտանիքում: Արգենտինայում կա նաև հայկական համայնք. առնչություններն արմատներիդ հետ պետք է որ այնտեղ սկսվեին:

– Ծնվել եմ Մոնտեվիդեոյում և ավարտել օտարալեզու դպրոց: Այստեղ առնչություններ գրեթե չկային: Ճիշտ է՝ ես չունեի հայկական կրթություն, բայց ունեի հայկական ընտանիք ու արյանս մեջ էի զգում հայկական միջավայրի, լեզվի տաքությունը: Ավելի ուշ Արգենտինայում սկսեցի հաճախել հայկական ակումբ, որտեղ ուսումնասիրում էին հայկական մշակույթն ու հայոց պատմությունը:

Սկսեցի աշխատել հայ համայնքի համար, բայց, ցավոք, ամեն տարի կրկնվում էին կամ գրեթե կրկնվում էին միջոցառումները: Ես ուզում էի նույն կետում չմնալ: Որոշ առումով դադարեցրի աշխատանքս: Հետո հետաքրքիր բան կատարվեց. լսեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, դիտեցի, որից հետո էլ որոշեցի գալ Հայաստան: Հիշում եմ՝ այն ժամանակ դեռ «Ոսկե ծիրանը» չէր մեկնարկել: 

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ…

Ջեք Պողոսյանը հայկական կինոն մեծ էկրան բարձրացնելու մեկ տասնյակից ավելի տարիների փորձ ունի: Դժվարությունների մասին ժպիտով է պատմում:

– Գիտեք, դժվարություններն արդեն հաղթահարված են: Երբ այս «Սինեմատիկա Արմենիան» նոր էի սկսել, օտարազգիներից ոչ ոք գաղափար չուներ հայկական ֆիլմարտադրության մասին, կամ եթե գիտեին, մտածում էին, որ դրանք հիմնականում ողբերգական, ծանր, ճնշող, գաղափարախոսական ձանձրալի սյուժե ունեցող ֆիլմեր են: Շատ արագ հասկացա, որ անհրաժեշտ է կոտրել այդ կարծրատիպերը,- ասում է պրն Պողոսյանը:

Նա վստահությամբ է խոսում հայ ռեժիսորների՝ արտերկրում ճանաչված լինելու մասին: Ասում է, որ դժվարությամբ, բայց հանդիսատեսին տարիների ընթացքում սովորեցրել է նաև հետաքրքրվել հայկական կինոմշակույթով:

– Ինձ համար կրկնակի հաճելի է խոսել այն մասին, որ այսօր դրսում շատերն են ճանաչում հայ ռեժիսորներին, սիրում և դիտում են նրանց նկարահանած ֆիլմերը: «Սինեմատիկա Արմենիան» հենց Բուենոս Այրեսում է, սակայն հայկական ֆիլմերն ամբողջ Լատինական Ամերիկայում են ցուցադրվում՝ սկսած դասական համր ֆիլմերից մինչև ժամանակակիցները, գեղարվեստականն ու վավերագրականը:

– Հիմնականում հայազգի՞, թե՞ օտար հանդիսատեսն է հետաքրքրված:

– Թե՛ սփյուռքահայերը, թե՛ օտարները: Ես կինոսրահում արժևորում եմ հատկապես օտար հանդիսատեսի ներկայությունը, հետաքրքրությունն ու գուցե զարմանքը,  քանի որ մեզ համար շատ կարևոր է օտարին հասկացնել, որ մեր մշակույթը շատ լուրջ ու դարավոր հիմքեր ունի, հազարամյակների պատմություն ունի: Մեր ֆիլմերը դիտելով՝ արգենտինացի շատ դերասաններ, կինոռեժիսորներ, մտավորականներ խոստովանում են, որ, այո՛, հայկական կինո գոյություն ունի: Սա ինձ համար շատ հաճելի է: Գլուխգովանություն չեմ սիրում, բայց աշխատանքիս պտուղները ակնհայտ են դառնում:

Ջեք Պողոսյանը հայկական կինոն միայն ցուցասրահներում չէ, որ ներկայացնում է: Նաև անընդհատ հարցազրույցներ է տալիս արգենտինյան և այլ երկրների լրատվամիջոցներին, ժամանակ առ ժամանակ հոդվածներ է տպագրում միջազգային հեղինակավոր մշակութային ուղղվածության պարբերականներում:

– Հայկական կինոն միայն մեկ ուղղությամբ չեն ճանաչի: Անում եմ ամենահնարավորն ու անհնարինը: Ասենք, մեր կինոմշակույթի մասին օտարին տեղեկացնում եմ նաև տպագրածս հոդվածներով, որոնք լույս են տեսնում օտարերկրյա տպագիր և էլեկտրոնային մամուլում:

ՍՓՅՈՒՌՔԸ ՍԻՐՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆԸ…

Ջեք Պողոսյանը ցավով է նկատում, որ սփյուռքահայ հանդիսատեսն այնքան էլ ոգևորված չէ հայկական ֆիլմերի ցուցադրությամբ:

– Սփյուռքում վատ միտում կա: Հայկական սփյուռքն ավելի շատ տարված է հոլիվուդյան պարզունակ ֆիլմերով, և նրանց համար դրանք են չափորոշիչը, նրանք սովոր են այդպիսի ֆիլմերին: Նկատել եմ՝ հաճախ հայկական խորիմաստ ֆիլմերը, ինչպիսիք են, ասենք, Փելեշյանի, Էգոյանի, Փարաջանովի գործերը, չեն ընկալում: Զարմանալի է, որ օտար հանդիսատեսն ավելի լավ է ընդունում հայկական կինոն, որովհետև հասկանում է կինոն, այս կամ այն ֆիլմը դիտելուց հետո ուզում է ավելին իմանալ ռեժիսորի, դերասանների մասին: Օրինակ՝ երբ մի անգամ ցուցադրեցի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, բազմաթիվ լրագրողներ սկսեցին հարցուփորձ անել Հարությունի մասին և գրեցին մամուլում, արձագանքը, տպավորությունը գոհացուցիչ էր:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ  Է ՎԱՅԵԼՈՒՄ

– Բոլորն ինձ ասում են. «Ջեք, խնդրում ենք կատակերգություններ բեր»: Մարդիկ ուզում են ծիծաղել: Մենք հիասքանչ դասական հայկական կատակերգություններ ունենք, ինչպիսիք են, ասենք, «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը»: Դա իմ ամենասիրած ժանրը չէ, բայց մենք փորձում ենք նաև կատակերգություններ էլ ցուցադրել: Ոչ փառատոնային օրերին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է տեսնել սարսափելի ամերիկյան ֆիլմեր, բայց, ի զարմանս ինձ, դրանց շարքում կան երկու հայկական կատակերգություններ, որոնք բավական երկար մնում են վարձույթում: Հայկական կինոյին պետք չեն կատակերգություններ, պետք են ֆիլմեր, որոնք ռեժիսորները ցանկանում են նկարահանել:

– Ո՞ր ֆիլմերը պահանջարկ ունեն արտերկրում: 

– Ես կարծում եմ, որ ռեժիսորները, նախ և առաջ, պետք է աշխատեն իրենց համար, անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե, ինչ ուզում է հանդիսատեսը: Երբ դու ի սկզբանե ինչ-որ բան ես անում ուրիշի համար, սխալ ես անում: Ռեժիսորը պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում, ոչ թե իր ֆիլմը նվիրի այլոց:

Կատակերգությունների առնչությամբ էլ արգենտինահայ կինոգործիչն ասում է, որ գուցե խնդիրը հայոց ցեղասպանությունն է: Մարդիկ այլևս ողբերգություններ չեն ցանկանում դիտել, քանի որ ցավը խորն է:

ԿԻՆՈՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

– Մենք շատ հայկական հաստատություններ ունենք, ունենք հայկական դպրոցներ, որոնցից մեկում էլ, օրինակ, դասավանդում եմ: Կան հայկական թերթեր, հայկական ռադիո: Հիմնականում դրանք երաժշտական միջոցառումներ են, հայկական երգչախմբի, պարային համույթի համերգներ: Հնարավոր է` մենք տարբեր երևույթների տարբեր տեսակետից ենք նայում: Բայց, ի վերջո, մենք հայ ենք, չէ՞: Երբ հաջորդ անգամ գամ, չեմ ուզում լսել, որ իմ ընկերները մտադիր են լքել Հայաստանը: Ես ուզում եմ, որ նրանք արժանապատիվ աշխատանք ու գնահատված աշխատավարձ ունենան: Ես ուզում եմ, որ ամեն բան փոխվի դեպի լավը, որպեսզի լինեն նոր, հետաքրքիր ֆիլմեր: Ուզում եմ շատ կինոթատրոններ տեսնել Հայաստանում: Ես յուրաքանչյուր հայի համար լավ կյանք եմ ուզում ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Երիտասարդական նվագախումբը կատարեց կոնսերվատորիայի կոմպոզիտոր շրջանավարտների գործերը

DSC07859Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները շատ բարձր մակարդակ ունեն. «Մենք միշտ հայտնի ենք եղել մեր կոմպոզիտորական դպրոցով, բայց հիմա համոզվում եմ, որ մենք ունենք տաղանդավոր ապագա, ունենք նոր մտքեր, նոր մոտեցումներ, նոր շունչ ու գաղափարներ՚։

Արթուր Հարությունյանի «Կոնցերտ մեդիտացիան» նվագախմբի կատարմամբ հնչեց առաջին անգամ, սա նրա առաջին դաշնամուրային կոնցերտն է։ Արթուրն ասում է, որ կոմպոզիտորի համար սա ամենալավ բանն է, որ կարող է լինել: ՙԴու լսում ես գործն այնպես, ինչպես գրել ես: Դա խթան է հետագայում ստեղծագործելու համար»,- նշում է Արթուր Հարությունյանը։

Գայանե Գրիգորյանի ստեղծագործությունը նույնպես հնչեց երիտասարդական նվագախմբի կատարմամբ. «Առաջին անգամ եմ լսում, թե ինչ եմ գրել: Գրել եմ կանտատ, որն այսօր կհնչի միայն նվագախմբի կատարմամբ` առանց երգչախմբի: Սակայն դա էլ կոմպոզիտորի համար հրաշքի նման մի բան է»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Մայիսի 28 –ից մինչև հունիսի 2-ը կանցկացվի «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

nofi5_-_CopyՄայիսի 28-ին Երևանում տեղի կունենա  «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի բացումը: Այս կապակցությամբ Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը և Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի դեկան, հանձնաժողովի անդամ Անետա Երզնկյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանք հայտնեցին, որ փառատոնը կտևի մինչև հունիսի 2-ը, կանցկացվի Երեւանում և Աղվերանում, ինչպես նաև ներկայացրեցին փառատոնի ժամանակացույցն ու ժյուրիի կազմը: Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ կինոփառատոնը հանդես կգա որպես միջազգային փառատոն. «Անցած տարի կինոփառատոնն ունեցել է համահայկական նշանակություն, իսկ այս անգամ միջազգային բնույթ կունենա: Ժյուրիի անդամները ճանաչված մասնագետներ են Հայաստանից: Փառատոնի մրցութային փուլ անցած հայկական ֆիլմերը 17-ն են, մրցութային փուլ են անցել նաև թվով 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:
Փառատոնի ժյուրիի նախագահ, ԵԹԿՊԻ պրոռեկտոր, կինոգետ Անետա Երզնկյանը, խոսելով կինոփառատոնի նշանակության ու դերի մասին, ասաց, որ ինքը անցած տարի էլ է մասնակցել փառատոնի աշխատանքներին որպես ժյուրիի նախագահ և հասկացել, որ այն յուրահատուկ է: Նա նաև հավելեց, որ այս տարվա փառատոնին ներկայացված ֆիլմերն ավելի բազմազան են, քան անցած տարի:

Բրեդ Փիթն ախտորոշել է ինքն իրեն

pic_1369399248Բրեդ Փիթը վստահաբար հայտարարել է, որ ինքը տառապում է պրոզոպագնոզիայով, խանգարում, որին բնորոշ է դեմքերը ճանաչելու ու  հիշելու ունակության կորուստը: Esquire ամսագրին նա պատմել է, որ դժվարությամբ է հիշում դեմքերը ու խոստովանել, որ այդ վիճակով պայմանավորված` մարդկանց հետ շփման դժվարություն է ունենում:

Փիթը պատմել է, որ շատերին թվում է, թե ինքը պատշաճ հարգալից չէ իրենց նկատմամբ.օրինակ` չի ողջունում ծանոթներին կամ էլ չի կարողանում անուն հիշել: Իրականում նա չի կամենում ոչ ոքի վիրավորել .պարզապես չի կարողանում մտաբերել ` ճանաչում է այս կամ այն մարդուն, թե ոչ:

Նա խոստովանել է, որ փորձել է պայքարել այդ վիճակը շտկելու համար  ու սկսել է հարցնել, թե որտեղից է ճանաչում խոսակցին.”Սակայն ամեն ինչ ավելի վատթարացավ.մարդիկ սկսեցին վիրավորվել ինձնից ավելի շատ”: Դրա համար էլ դերասանը տանն ավելի շատ ժամանակ է սկսել անցկացնել:

Նա մտադիր է բժիշկների հետ խորհրդակցել ենթադրյալ հիվանդության շուրջ: Այդ վիճակի պատճառնրից մեկն էլ ծոծրակային աջ հատվածում ստացած վնասվածքն է:

Աջ պրոզոպագնոզիայով մարդիկ չեն կարողանում ճանաչել դեմքեր,սակայն ճանաչում են իրերը:

Նախագահը ներկա է գտնվել «Կանտատ սիրո» համերգին՝ նվիրված Հանրապետության օրվան

3045

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել «Կանտատ սիրո» համերգին՝ նվիրված Հանրապետության օրվան:

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի ելույթը՝ Եվրոպայի օրվա առթիվ

DSC07852Մայիսի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշվեցին Եվրոպայի օրը։

Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։ Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգով իրենք հանդիսատեսին են փոխանցում Եվրամիության անդամ երկրների ստեղծագործությունները, որոնք դեռևս Հայաստանում չեն հնչել։ Նա նաև նկատեց, որ մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը։ Սերգեյ Սմբատյանը հատկանշական համարեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգին մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը։ «Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը և ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են։ Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, և նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա է. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումները։ Հնչեցին նաև հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Հանրային խորհրդում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու հարցը

Hanrayin khorhurdՄայիսի 22-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու մասին հարցը: Նախաձեռնությունը լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանինն է: «Պետք է մեր մշակույթն ըստ արժանվույն ներկայացվի միջազգային ոլորտում, պետք է անել այն, ինչ անում են մեծ պետությունները` մշակույթը տնտեսականացնել, քաղաքականացնել, իսկ քաղաքականությունն ու տնտեսությունը մշակութայնացնել»,-ասաց Հերկելյանը:

Միաժամանակ Հերկելյանը գիտակցում է, որ դա իրականացնելը բարդ է ու երկարատև. «Ֆուտբոլի գնդակի պես մեկ անգամ գոլ չենք կարող խփել, քայլ առ քայլ պետք է գնանք առաջ»:

Մշակույթի փոխնախարարը Արթուր Պողոսյանն իր անհամաձայնությունը հայտնեց քննարկվող հարցի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գոյություն ունի մշակութային քաղաքականություն: Ներկաներից մեկը հարց բարձրացրեց. իսկ միգուցե դա պարզապես մի գրքույկ է, որը կար նաև տարիներ առաջ, սակայն դրա մասին որևէ մարզային պաշտոնյա տեղյակ չէ՞ր: Փոխնախարարը չհամաձայնեց և պնդեց, որ այդ քաղաքականությունն ունի կոնկրետ ուղղվածություն մշակույթի բոլոր ոլորտներում:

Ներկաներից մեկն էլ նկատեց, որ նախ պետք է հասկանալ. իշխանություններին պետք է մշակութային արժեքներ կրող քաղաքացի՞, թե ցածրաճաշակ, կախյալ և հեշտ կառավարելի զանգված: Քննարկումն աստիճանաբար վերածվեց մշակութային խնդիրների վերաբերյալ մտահոգիչ ելույթների: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի կարծիքով, մշակույթին ուղղված բոլոր ծրագրերը պետք է ամրագրվեն օրենքով, որպեսզի կառավարության փոփոխությունը չազդի դրանց իրականացման վրա:

«Մշակույթի նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի օրենքներ, որը հնարավորություն կտա արվեստագետներին ինքնարտահայտվել, իրացվել»,-ասաց Հանրային խորհրդի անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը` նկատելով, որ Հայաստանում, օրինակ, ոչ ոք ինքնուրույն չի կարող երգիչ դառնալ:

Լևոն Իգիթյանն էլ հայտարարեց, որ ազգային գաղափարախոսության բացակայության պայմաններում ընդմենը կարելի է շնորհավորել մշակույթի նախարարությանը, որ կարողանում է այսքանն էլ անել:

Նկարիչ Արմեն Աթայանը հիշեցրեց, որ ժամանակին մշակութային քաղաքականության հարցերով զբաղվող մի խորհուրդ ստեղծվել է, սակայն այն չի գործել:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ բարձրացված հարցի վերաբերյալ այնքան ասելիք կա, որ ինքը դրանք գրավոր կներկայացնի:

Գագիկ Մանասյանը մյուսներին հորդորեց հետևել Աղամյանի օրինակին և բարձրացված հարցի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

 

 

 

Մշակույթի նախարարի և սփյուռքահայ արվեստաբանի խիստ տարբեր ընկալումները մշակութային քաղաքականության վերաբերյալ

Հասմիկ ՊողոսյանՀայաստանում կա,՞ արդյոք, պետական մշակութային քաղաքականություն: Այս հարցը վերջին շրջանում շատերն են բարձրացնում՝ տեսնելով երկրում մշակութային արժեքների անկումը, ցածրաճաշակ, օտար ու վտանգավոր արժեքների ներմուծումը և որ ամենացավալին է՝ միջազգային ոլորտում հայկական մշակույթն ի շահ երկրի չօգտագործելու իրողությունը:

Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որն արդեն երկար տարիներ ի վեր զբաղվում է հայկական կերպարվեստը միջազգային ամենահեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացնելու գործով, վստահաբար ասում է՝ Հայաստանում գոյություն չունի պետական մշակութային քաղաքականություն:

ՀերկելյանՆա այդ խնդրի վերաբերյալ զրուցել է և՛ վարչապետի, և՛ մշակույթի նախարարի, և՛ Հանրային խորհրդի նախագահի, և՛ շատերի հետ: Բոլորը համաձայնել են և ողջունել նրա առաջարկը, որը հետևյալն է՝ մշակել և իրականացնել այդ քաղաքականությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանցից բաղկացած խորհուրդ ստեղծելով. «Նախ պետք է կազմակերպվի խորհրդաժողով, որի ընթացքում յուրաքանչյուրն իր մասնագիտական կարծիքը հայտնի՝ ելնելով իր փորձառությունից»: Խմբում պետք է ներգրավված լինեն միջազգային ոլորտում հաջողված սփյուռքահայեր, Հայաստանի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ՝ մշակույթ, էկոնոմիկա, սպորտ, արվեստագետներ, գործարարներ, իրավաբաններ  և այլն:

Հերկելյանը համոզված է, որ ճիշտ կազմակերպելու դեպքում դա անպայման արդյունք կտա՝  կապահովի տնտեսական աճ, մեր վարկը կբարձրացնի միջազգային ասպարեզում, և երկիրը կօգտվի նաև քաղաքականապես: «Բայց եթե այդ ամենը թողնենք միայն անհատների վրա, դա կբերի այն արդյունքը, ինչ որ այսօր է՝ մենք կմնանք երկրորդ պլանում: Իսկ մշակույթով մենք աշխարհում կարող ենք լինել առաջինների շարքում,-համոզված է նա,-մեր ստեղծագործ միտքը դարերի ընթացքում ծառայել է օտարներին, հիմա էլ է ծառայում օտարներին, որովհետև այստեղ համապատասխան մթնոլորտ չենք ստեղծում: Ուրիշները, ենթադրենք, Շագալի հոբելյանն են տոնում, դրա մասին ոչ միայն աշխարհն է իմանում, այլև օգտվում են տնտեսապես: Մենք տոնում ենք Արամ Խաչատրյանի հարյուրամյակը, ոչ միայն չենք օգտվում, նույնիսկ մեր երկրում չենք կարողանում դա մասսայականացնել»:

Մշակույթի նախարարը Հերկելյանին փոխանցել է նախարարության ծրագիրը, որպեսզի ինքը ծանոթանա և դրա վերաբերյալ իր կարծիքը հայտնի: «Այդ ծրագրում նշված է, թե ի՛նչ պետք է անել, բայց քաղաքականության մեջ պետք է ամրագրվի, թե ինչպե՛ս պետք է անել: Տեսությունը հեշտ է, բոլորս էլ գիտենք, որ մշակույթի տարբեր բնագավառները պետք է զարգացնենք, տարածենք և այլն, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես դա անել»:

«Անկախ»-ը մշակույթի նախարարի հետ զրույցում պարզեց, որ նախարարն ամենևին էլ չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում մշակութային պետական քաղաքականություն գոյություն չունի: «Ո՞նց չունի,-զարմանում է նա,-ասողները թող հիմնավորեն: Դա նրանից է, որ այդ ասողները չեն էլ հետաքրքրվում, թե իրականում ինչ է կատարվում»:

Իսկ իրականում, ըստ նախարարի, շատ բան է կատարվում. օրիանակ՝ գրադարանների վերանորոգման ծրագիրը. «Ի՞նչ է, դա քաղաքականություն չէ՞,-հարցնում է նա,-քաղաքականություն է նաև հանրային գրադարանների ցանցի ստեղծումը, գրադարանների ֆոնդի թվայնացումը, մարզային գրադարանների ցանցի ստեղծումը, պետական աջակցությունը համայնքային մակարդակով, ընթերցանության ծրագրերը, գրախանութների, տպագրության ընդլայնումը, թարգմանությունների իրականացումը, ֆիլմերի թվայնացումը,  երաժշտական դպրոցների հետ կապված քաղաքականությունը, որի արդյուքը երևում է միջազգային փառատոններում և այլն: Այսինքն, զարգացման գիծը կա»:

Նախարարը կարծում է, որ այդ ամենը չեն տեսնում նաև նրանք, ովքեր չեն հետաքրքրվում և ողջ օրը նստած հեռուստատեսային ծրագրեր դիտելով են փորձում հասկանալ մշակութային քաղաքականությունը. «Մեզ այսօր մեղադրում են, որ մշակույթը չի երևում հեռուստատեսությամբ, նշանակում է՝ չկա մշակութային քաղաքականություն: Ես խորհուրդ կտամ դուրս գալ տներից, երեկոյան գնալ ցուցասրահներ, մտնել համերգային դահլիճներ, հետևել աֆիշներին և փորձել հասկանալ՝ մշակութային քաղաքականություն կա՞, թե չկա:»

Ինչ վերաբերում է Հերկելյանի ծրագրին, Հասմիկ Պողոսյանը դա հետաքրքիր առաջարկ է համարում, սակայն խորհուրդ է տալիս հաշվի առնել, որ մի խորհրդով նման ռազմավարություն հնարավոր չէ քննարկել: Մշակութային ռազմավարություն մշակելու համար գոյություն ունեն տարբեր ձևաչափեր, որոնց Հայաստանի մշակույթի նախարարությունը մասնակցում է. օրինակ Եվրոպայի խորհրդի մշակույթի նախարարների խորհուրդը, երբ տարին մեկ նախարարները հավաքվում են և քննարկում գլոբալ ռազմավարությունները: «Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չի, դու պետք է այնպիսի ռազմավարություն մշակես, որ ինտեգրվես ընդհանուր հոսքի մեջ»,-ասում է նախարարը:

Մշակույթի նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է նաև միջազգային կոնֆերանս՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝  «Մշակութային քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքականություն մշակույթի համար» թեմայով: «Ունենք նաև մասնագիտական խորհուրդ նախարարության ներսում, որտեղ առանձին ուղղությունների վերաբերյալ ռազմավարություններ ենք քննարկում»,-ավելացնում է նա:

Մի խոսքով, մշակույթի նախարարությունն այդ ամենով ակտիվ զբաղվում է, բայց չգիտես ինչու՝ մարդիկ գոհ չեն. «Ես չեմ ընդունում, երբ մարդիկ ուղղակի գնում-գալիս են Հայաստան և ձեռքի հետ ասում են, որ Հայաստանում մշակութային քաղաքականություն չկա: Մշակութային քաղաքականությունը զգալու համար պետք է այստեղ ապրել, նստել, շնչել էդ քաղաքականությունը, որ հասկանաս կա՞, թե չկա»:

Մովսես Հերկելյանը հակադարձում է նախարարի կարծիքին. «Սփյուռքում ապրելով՝ չի նշանակում, որ մենք ոչինչ չենք տեսնում: Իմ պարագայում, հատկապես, դա այդպես չէ, քանի որ ես տարին մի քանի անգամ Հայաստան եմ գալիս, ամիսներով մնում են այստեղ և մշակութային հարցերով գործնականում եմ զբաղվում»:

Նշենք, որ Հերկելյանը համագործակցում է հայաստանյան մի շարք նկարիչների հետ և նրանց կտավները ներկայացնում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Արդյունքներն ավելի քան տպավորիչ են, ուստի Հերկելյանը ցանկանում է, որ դա դառնա մասսայական. «Եթե մենք մեր մշակկույթը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և ճիշտ ձևով կարողանանք ներկայացնել, ապա աշխարհում կլինենք մրցունակ, որը մեզ և՛ փող կբերի, և՛ կամրապնդի մեր պետության վարկը, և՛ կնպաստի մեր խնդիրների լուծմանը»:

Հաջորդ տարի Հերկելյանը մի հեղինակավոր ընկերության հետ պատրաստվում է Հայաստանում կազմակերպել միջազգային  ցուցահանդես, որը լուրջ իրադարձություն կլինի մեր երկրի համար: «Թող ների ինձ մշակութի նախարարը, բայց մենք պետական մշակութային քաղաքականություն դեռևս չունենք»,-իր կարծիքին է մնում արվեստաբանը:

 

 

 

 

 

 

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում

Արամ ԽաչատրյանՄայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը:

Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալը, մշակութային գործիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գյումրեցիները շնորհավորեցին Շառլ Ազնավուրին

26 001Մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այսօր  Գյումրիում նրա անունը կրող հրապարակում, որտեղ գտնվում է Ազնավուրի արձանը, հավաքվել էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու հասարակ գյումրեցիները՝ իրենց շնորհավորական խոսքերն հղելով մեծ երաժիշտին:

Ազնավուրի արձանի հանդիպակաց  փողոցը զարդարում են Ազնավուրի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերը, որոնք տասնյակ անօթեւան գյումրեցիների դարձրել են բնակարանատեր: Երակրաշարժից հետո նա պարբերաբար օգնության ձեռք է մեկնել տարատեսակ ծրագրերով: Հետեւապես, Գյումրին չէր կարող անհաղորդ մնալ այսօրվա հոբելյանից:

Շառլ Ազնավուրին գյումրեցիների անունից շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արդեն 89-ամյա Ազնավուրը պաշտոնական հրավերք է ստացել՝ մասնակցելու “Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի միջոցառումների բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին:

Առավոտից մինչեւ ուշ գիշեր Գյումրիի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի անզուգական կատարումները:

Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը

photoՄիացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անց են կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34):  Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին  մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին ժամը 13.00-ից-14.00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15.00-ից -16.00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17.00-ից -18.00-ն Երիտասարդական մետրոյում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19.00-ից – 20.00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի  հայերեն թագմանությամբ:

Իսկ մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն, ԵՄ կենտրոնը և Գրանիշ գրական ակումբը:

 

 

Լայպցիգում գոթական փառատոն է

-Այս օրերին Լայպցիգում գոթական ամենամյա ավանդական փառատոն է անցկացվում:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում է ժամանակակից երաժշտության ծանր ոճի ու հագուստի  “գոթական” ոճի 20 հազար երկրպագու:

 

 

Ամենամեծ արվեստագետը երեխան է

սաթենիկԳեղանկարչությունն  արվեստի  մյուս  ճյուղերի  նման հոգու  պահանջ է, որը սակայն մեր  օրերում փորձում են բավարարել  տարաբնույթ,  ցածրաճաշակ  հակամշակույթով, ինչը,  հատկապես  մանկան հոգում կարող է ավերածություններ  կատարել: Իսկ  այն  կանխելու, գեղանկարչության  աշխարհ  ներթափանցելու համար հարկավոր է  միջնորդ, ով  նրան  կմատուցի ոչ թե աղավաղված, օտար մշակույթների  թափոնների  մի  խառնուրդ, այլ կզարգացնի գեղեցիկն ու  վեհն  ընկալելու կարողություն, ում  կհաջողվի  ուղղորդել երեխայի  միտքն ու  զգայուն  հոգին:

Նարեկացի  մշակութային  կենտրոնի ոչ այնքան  ընդարձակ  սրահում օրվա  երկրորդ  կեսին կարելի է  հանդիպել փոքրիկների, ովքեր երաժշտության  հնչյունների  ներքո, մոլբերտների առջև նստած նկարում են: Գեղանկարչության աշխարհում  իրենց  առաջին քայլերն են անում 6-18 տարեկան  շուրջ  30 երեխա, ովքեր  պարապմունքներին  հաճախում են  ոչ  պարտադրված, այլ սիրով ու  պատասխանատվությամբ:Ի դեպ,  նկարչության  խմբակ ստեղծելու  գաղափարի  հեղինակը  երիտասարդ ու տաղանդավոր  նկարչուհի Մարիամ  Մուղդուսյանն է: Խմբակի  պարապմունքները սկսվել են այս  տարվա  փետրվարից: Նկարչական  խմբակի  պարապմունքներին  մասնակցել ցանկացողների  թիվը  մեծ է: Պարապմունքները  տևում են  երկու  ժամ, որի  ընթացքում երեխաներն աշխատում են  լիբերալ  սկզբունքով, այսինքն նկարում եմ  մինչ այն  պահը, երբ արդեն  հոգնել են, թեև հաճելի երգերի / հատկապես  Կոմիտաս, Ռուբեն Հախվերդյան/ ու երաժշտության  նվագակցությամբ նրանց դժվարությամբ եմ  կտրում աշխատանքից: Թեմայի  ընտրության  հարցում  երեխաներն ազատ են, նկարում են պարզ  թեմաներ` բնություն,  տարբեր առարկաներ,  նատյուրմորտ, իսկ  բարձր  տարիքի երեխաներին առաջարկվում են ակադեմիական թեմաներ:

-Պարտադիր չէ, որ  նրանք  հետագայում  դառնան նկարիչներ, նրանք  նկարում են այնպես, ինչպես  ընկալում են: Մեր  նպատակն է այսօրվա  մշակութային  խոտանին  հակադրել իրական  արվեստը, նրանց  հոգում ձևավորել գեղագիտական  ճաշակ: Այդ  առումով պարապմունքերին զուգահեռ կազմակերպվում են էքսկուրսիաներ`  պատկերասրահ,  կենդանաբանական  այգի և այլն: Երեխաներին  պետք է ուղորդել թե կերպարվեստում, թե երաժշտության  մեջ, և առհասարակ`արվեստում, -ասում է Մարիամը:

Եվ քանի որ արվեստի բոլոր  ճյուղերը փոխկապակցված են, ուստի Նարեկացի մշակութային  կենտրոնում  գործում է  նաև  ժողնվագարանների  խումբ, որի  պարապմունքները երբեմն համընկնում են նկարչական  խմբի  պարապմունքներին: Այդ  պահին  տեսնել է  պետք է փոքրիկ  նկարիչների` ժողնվագարանների  հանդեպ ցուցաբերվող  հետաքրքրությունը: Նվագարանների  պատմությանն ու  նշանակությանը  ծանոթանալուց հետո  նրանք  փորձում են ջրաներկով,  յուղաներկով,  գուաշով  կամ թե սանգինայով թղթին  փոխանցել թառի, քանոնի ու  քամանչայի  պատկերը:

Նկարչության պարապմունքները Նարեկացի  մշակութային  կենտրոնում անվճար են: Կենտրոնի  տնօրեն Նարեկ Հարությունյանի անմիջական  աջակցությամբ անապահով երեխաներին տրամադրվում են նկարչական  պարագաներ, որոնք, ցավոք արդեն  սպառվում են: Մինչդեռ  երեխաների  մեջ նկարելու ցանկությունը սահմանափակել, կնշանակի անորոշության  մատնել ցանած սերմերի հետագա  ճակատագիրը:  Ուստի նրանք, ում  համար երեխաների ապագան չի հյուսվում լոկ  բաժակաճառերով, թող օգտագործեն Նարեկացի կենտրոն այցելեու անկրկնելի պահը, տեսնելու գույների աշխարհում երանությամբ  թևածող մանուկների ջինջ ու  մաքուր  հայացքները, որում  ամփոփված են սերը,  հավատն ու  հույսը:

Այս փոքրիկ նկարիչների նման նույնքան  պարզ ու  ջինջ ղեկավարի`Մարիամի համոզմամբ երեխաներն  իրոք  մեծ  արվեստագետներ են, իսկ իսկական արվեստագետ է  դառնում  նա, ով  մեծանալով, հետագայում իր  մեջ եղած երեխային  չի սպանում:

DSC00308DSC00310DSC00315DSC00316DSC00318DSC00319

 

Անուշ Ներսիսյան

Նօրաթերթ.am