Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանի՞ն

1Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:

“Ադրբեջանը “մարդասեր” երկիր է և գիտակցում է իր դերը որպես տարածաշրջանի առաջնորդի: Եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք կարող ենք օգնել”,-ադրբեջանական “ANS ТВ” հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Աբդուլաևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ”կայքը:

Կայքը ընդգծում է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում 1 000 խորանարդ մետրը 230 դոլարով, իսկ Ռուսաստանը Հայաստանին 1 000 խորանարդ մետր գազը վաճառում է 315 դոլարով:

Մեկնաբանելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը`Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է. “Հիմա Հայաստանն իր “ագրեսիվ քաղաքականության” պատճառով գտնվում է ծանր դրության մեջ: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց ծանր վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, մենք կկարողանանք առաջադրել մեր պայմանները և պահանջները”:

 

«Գեզի» այգու համար պայքարի ամենափոքր մասնակիցները (լուսանկարներ)

1 (1)Թուրքական լրատվամիջոցները շարունակում են 24 ժամ շարունակ լուսաբանել Ստամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում, «Գեզի» այգում, ինչպես նաև Թուրքիայի ամբողջ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները և հետաքրքիր նյութեր են պատրաստում ցույցերի մասին:

2-geziԱհա «Դողան» լրատվական գործակալության լրագրողը շրջել է Թաքսիմում և նկատել բողոքի ցույցերի ամենափոքրիկ մասնակիցներին: Չնայած ուշ ժամին՝ քաղաքացիները հրապարակ են գալիս իրենց երեխաների հետ: Տարբեր տարիքի փոքրիկներն իրենց ծնողների հետ շրջում են հրապարակում՝ ականատես դառնալով Թուրքիայում քաղաքացիական հասարարկության ձևավորման այս կարևոր փուլին: 3 ամսական Քալբենը և 4 ամսական Գյորքեմը դարձել են ցուցարարների սիրելիները:

5-geziԵրեխաներից մեկի գոգնոցի վրա

գրված է եղել այս օրերի ամենահայտնի արտահայտությունը՝ «Diren Gezi Parkı» (Դիմադրիր Գեզի այգի):3-gezi

4-gezi

12-րդ առավոտը «Գեզի» այգում (լուսանկարներ)

7Այսօր Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի 12-րդ օրն է: Խաղաղ գիշեր անցկացրած ցուցարարներն իրենց առավոտը սկսել են շրջակայքը մաքրելով և նախաճաշով: Անցած գիշեր, ի տարբերություն նախորդների, անցել է բավական հանգիստ և առանց միջադեպերի: Երեկ երեկոյան ժամերին Թաքսիմ հրապարակ և «Գեզի» այգի են եկել հազարավոր մարդիկ:

«Դողան» լրատվական գործակալության թղթակիցը ևս գիշերն անցկացրել է այգում մյուս ցուցարարների հետ: Նա գրում է, որ ամբողջ գիշեր հավաքվածները երգել, պարել և ուրախացել են: Առավոտյան բոլորը սկսել են հավաքել շրջակայքում գոյացած աղբը, ոմանք էլ, դատարկ տարածքներ գտնելով, ֆուտբոլային փոքրիկ հանդիպումներ են կազմակերպել:

3Հունիսի 8-ը Թաքսիմի «Գեզի» այգու համար պայքարի 12-րդ օրն է, ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ հրապարակից: 6

45

Արտասահմանցիներն ակտիվորեն անշարժ գույք են գնում Թուրքիայում

guyqԹուրքիայի շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ 83 երկրի քաղաքացիներ ակտիվորեն մասնակցում են Թուրքիայում անշարժ գույքի գնման գորընթացին:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ միայն այս տարվա սկզբին 6802 արտասահմանցի 6294 օբյեկտ է գնել Թուրքիայում` այդ թվում 862 հողային տարածք և 5432 բնակելի տուն: Անշարժ գույք գնողների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են ռուսաստանցիները, այնուհետև գերմանացիներն ու բրիտանացիները:

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի նախագահ ընտրվել է կինոդրամատուրգ Իբրահիմբեկովը

1Ադրբեջանում հայտնի կինոդրամատուրգ, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Նրա թեկնածությունը առաջադրել է ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Հունիսի 7-ին` ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհրդի հիմնադիր ժողովի ժամանակ, մասնակիցները բացարձակ մեծամասնությամբ պաշտպանել են կինոդրամատուրգի թեկնածությունը: Իբրահիմբեկովը անձամբ միջոցառմանը ներկա  չի եղել. նա Ադրբեջան կվերադառնա հունիսի վերջին:

Հիմնադիր ժողովի ժամանակ գալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման հարցը չի լուծվել: Թեև ժողովի բոլոր բանախոսները աջակցել են որպես միասնական թեկնածու Իբրահիմբեկովին առաջադրելու գաղափարը, սակայն մասնակիցները որոշել են, որ Խորհրդի կազմում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին-առանձին կորոշի իր թեկնածուին, որից հետո համընդհանուր քվեարկությամբ կընտրվի միասնական թեկնածուն:

Ժողովի ժամանակ նաև հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, ընդունվել է հռչակագիր, որում նշվում է, որ եթե իրենց թեկնածուն հաղթի գալիք նախագահական ընտրություններում, ապա Խորհուրդը երկամյա անցումային ժամանակահատվածում ձեռնարկելու է մի շարք քայլեր՝ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ՝ կուսակցական հենքի վրա մեծամասնական-համամասնական ընտրակարգով, ընդունվելու է նոր Սահմանադրություն, ըստ որի սահմանափակվելու են նախագահի լիազորությունները, և հավասարակշռվելու է հարաբերակցությունը գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև,  ձևավորվելու է կառավարություն՝ խորհրդարանական մեծամասնական հենքի վրա. հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ըստ հռչակագրի` Խորհրդի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա”:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Թող ժամանակից շուտ չուրախանան, չեն հասնելու իրենց նպատակին. Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի և ԵՄ-ի ընդհանուր ապագան գլոբալ խնդիրների առաջ», խոսել է երկրում տիրող իրավիճակի և «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների մասին: Դիմելով շրջակա միջավայրի պաշտպաններին, որոնք առաջինը ձայն բարձրացրեցին ընդդեմ այգու ծառահատման՝ վարչապետն առաջարկել է նրանց իր հետ միասին ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Էրդողանի կարծիքով՝ ցույցերի մասնակիցների մի մասը չի ցանկանում կարգավորել խնդիրը: «Վերջին օրերի իրադարձությունները պետք է օբյեկտիվ ընդունել և ընկալել` չնայած որ ԶԼՄ-ները հրապարակում են որոշ ապատեղեկատվություն»,-նշել է վարչապետը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Էրդողանն իր խոսքում ընդծել է, որ կառավարությունը չի նահանջելու անջատողական ուժերի պատճառով: Նա նշել է, որ իր գլխավորած ԱԶ կուսակցությանը աջակցել է քաղաքացիների 50 տոկոսը, բայց իրենք ծառայում են ոչ միայն նրանց, ովքեր ձայն են տվել իրենց, այլ ողջ թուրք ժողովրդին:

Էրդողանը դիմել է Թուրքիայի արտասահմանյան ընկերներին՝ կոչ անելով թույլ չտալ ԶԼՄ-ներին ոչ օբյեկտիվ ներկայացնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները և չգործել նրանց կարգադրությամբ, ովքեր «չեն ուզում Թուրքիայի հզորությունը»: «Թող ժամանակից շուտ չուրախանան, նրանք չեն հասնելու իրենց նպատակին»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի ցուցարարները «Հրատապ կրծքկալների» կարիք ունեն

krcqkalԱյս օրերին Ստամբուլի «Գեզի» այգու համար ընթացող ցույցերի պատճառով կրկին օրակարգ է եկել 2009 թվականին Հանրային առողջության Նոբելյան մրցանակին արժանացած «Հրատապ կրծքկալը», որը անհրաժեշտության դեպքում վերածվում է երկու հոգու համար նախատեսված հակագազային դիմակի:
«Ռադիկալ»-ը գրում է, որ 30 դոլար արժողությամբ և արդեն Թուրքիայում մեծ պահանջարկ ունեցող այս հայտնագործության հեղինակը դոկտոր Էլենա Բոդնարն է: Վերջինս այն ստեղծել է 1986 թվականին Չերնոբիլի աղետի կործանարար հետևանքներից հետո առաջացած պահանջից ելնելով: Չերնոբիլի ատոմային աղետի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ եթե «աղետի առաջին մի քանի ժամերի ընթացքում հնարավոր լիներ դեպքի վայր հասցնել հակագազային դիմակներ, ապա հազարավոր մարդիկ կարող էին չխեղդվել ռադիացիայի պատճառ դարձած «Յոդ 131» նյութից»: Բոդները, գալով այս եզրակացությանը, նախագծեց «Հրատապ կրծքկալի» մոդելը:
Արցունքաբեր գազից պաշտպանվելու համար երկու հոգանոց հակագազային դիմակի վերածվող կրծկալները 2009 թվականին ստացան Նոբելյան մրցանակ, որի հանձման արարողության ժամանակ ցուցադրվեց դրա կիրառման ձևը:

 

Ստամբուլի «Գեզի» այգում ամեն ինչ կա, միայն նայիր քարտեզին

gezi
Արդեն 10 օր շարունակ Ստամբուլի «Գեզի» այգուց չհեռացող ցուցարարները որոշել են մի քարտեզ ստեղծել, որտեղ համապատասխանաբար թվերով և վայրերով նշված են բոլոր ցուցարարների առաջին անհրաժեշտության կարիքների հոգածության կետերը:
Ահա թուրքական «Ռադիկալ»-ում, ինչպես նաև մի շարք այլ կայքերում ներկայիս ցուցարարների, և այսպես կոչված նորեկների համար, որոնք նոր են որոշել միանալ այգու համար պայքարող իրեն ընկերներին, հրապարավկել է վերոնշյալ քարտեզը: Վերջինիս նայելով հնարավոր է հեշտությամբ հասկանալ, թե այգու տարածքում ինչը որտեղ է տեղակայված: Սննդի կետեր, փոքրիկ դեղատներ, բուժկետեր, գրադարաններ, հանդերձարաններ: Ահա այն ստորաբաժանումները, որոնք ձևավորվել են մի առանձին աշխարհ դարձած Թաքսիմի «Գեզի» այգում, որտեղ 24 ժամ շարունակ հասարակական կազմակերպությունների անդամներից և կամավորներից կազմված խմբերը պատրաստ են օգնել կարիքավորներին:

Թուրքիայում սկսել են խոսել վաղաժամկետ ընտրությունների մասին

ankara    Անկարայում սկսել են քննարկել «Գեզի» այգու հարցի լուծման հնարավոր տարբերակները: Այս առիթով Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը Ստամբուլի «Գեզի» այգու համար սկսված ցույցերը որակել է որպես «մեծ խաղ», սկսել է խոսել վաղաժամկետ ընտրություններ մասին:

«Ռադիկալ»-ը գրում է, որ Թուրքիայում տեղական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի մարտ ամսին, իսկ ընդհանուր ընտրությունները՝ հաջորդ տարվա հունիսին: Եթե կառավարությունը վաղաժամկետ ընտրություններին ասի «այո», ապա 2014-ի մարտ ամսին կանցկացվեն երկուսը միասին: Վարչապետ Էրդողանի այն հայտարարությունները, որոնք նա արեց Աֆրիկայից վերադառնալուց հետո, նշելով, որ հետ չի կանգնելու Թաքսիմի այգու վերափոխման նախագծից, մատնանշում են վերոնշյալ վաղաժակետ ընտրությունների անցկացման հավանականությունը:

 

Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը կապ չունեն «արաբական գարնան» հետ. Եգիպտոսի նախարար

egiptosԵգիպտոսի տեղեկատվության նախարար Սալահ Աբդուլմաքսուդը, որը պաշտոնական այցող գտնվում է Անկարայում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հրավերով, խոսել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Վերջինս նշել է, որ արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների և այսօր Թուրիքայում տարածված ցույցերի միջև ոչ մի կապ չկա: Եգիպտոսում ժողովրդական ելույթները ուղղված էին բռնության, դեսպոտիզմի, քաղաքական արգելքների և քաղաքացիական իրավունքների սահմանափակման դեմ և ժողովուրդը տեր կանգնեց իր իրավունքներին՝ տապալելով բռնապետական ռեժիմը:

Ւնչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Եգիպտոսի նախարարը նշել է, որ Թուրքիայում չկան արգելքներ և ճնշումներ, կառավարությունը ազատություն է տվել իր ժողովրդին: Նա իր հավանությունն է տվել Ստամբուլի «Գեզի» այգու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի արած հայտարարություններին:

“Ենի Ազերբայջանը” առաջադրել է իր թեկնածուին`Իլհամ Ալիևին

2Ադրբեջանի իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցությունը 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կրկին առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այս որոշումը միաձայն ընդունվել է այսօր`հունիսի 7-ին` կուսակցության համագումարի ժամանակ:

 

Բացի այդ Իլհամ Ալիևը վերընտրվել է նաև “Ենի Ազերբայջան”-ի նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահներ են ընտրվել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Գիտությունների ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն, Ալի Ահմեդովը, ինչպես նաև փոխվարչապետ Ալի Հասանովը:

 

Հավելենք, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: 2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Մեհրիբան Ալիևան ընտրվել է Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցության փոխնախագահ

1Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դարձել է իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության ղեկավարության անդամ:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, կուսակցության համագումարի որոշմամբ՝ Մեհրիբան Ալիևան դարձել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած “Ենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահ։

 

Նրանից բացի, փոխնախագահներ են ընտրվել նաև Գիտությունների ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն, Ալի Ահմեդովը, ինչպես նաև փոխվարչապետ Ալի Հասանովը։

 

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու

1Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ հայցով հայկական կողմից պահանջելու է փոխհատուցում վճարել “ադրբեջանական հողերի օկուպացման” հետևանքով Ադրբեջանին հասցված նյութական վնասի համար:

 

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների փորձագետների հետ իրենք այժմ հասցված վնասի ստույգ չափը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: “Նախնական գնահատականով՝ ադրբեջանական տարածքների բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված տնտեսական վնասի չափը գերազանցում է 300 մլրդ դոլարը: Ադրբեջանի նախագահը հրահանգել է, որ գնահատումը կատարվի միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթի պատրաստմանը մասնակցում է Գնահատողների միջազգային ասոցիացիան: Փաստաթուղթը պատրասատելու են միջազգային գնահատողները, ինչպես նաև ադրբեջանցի գիտնականները, տնտեսագետները, հասարակական կազմակերպությունները: Ադրբեջանի կառավարությունը չի միջամտելու այդ փաստաթղթի պատրաստմանը: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես ադրբեջանական կողմը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու: Արդեն երկար ժամանակ է, ինչ հայերը ոչ միայն շահագործում են բռնազավթված տարածքների օգտակար հանածոները, այլև օգտվում են այդ տարածքների մյուս բարիքներից”,-ասել է Հասանովը:

 

Ըստ Հասանովի՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանի դեմ նման հայց չի ներկայացրել, քանի որ սպասել է, որ “հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկի, սակայն իրենք դա չեն տեսել, ուստի նման որոշմանն են հանգել”:

 

 

Իրանի նոր նախագահը երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ փոփոխություն չի մտցնի

իրանի ընտրություններՀունիսի 14-ին հարևան Իրանում տեղի կունենան 11-րդ նախագահական ընտրությունները: Իրանի նախագահի մոտ 700 թեկնածուներից այս պահին ընտրապայքարը շարունակում են 8-ը: Երկրի ընտրական համակարգն այնպիսին է, որ թեկնածուները նախօրոք գրանցվում են, հետո սահմանադրության պահապանների խորհուրդ կոչվող բարձրագույն մարմինն արդեն քննում է  թեկնածուների գործերի համապատասխանությունը երկրի սահմանադրությանը: Փաստորեն, մոտ 700 գրանցված թեկնածուներից այդ խորհուրդն ընտրել է ութ քաղաքական գործիչների թեկնածությունը և լիազորել այդ թեկնածուներին` շարունակել իրենց հետագա ընտրապայքարը:

 Իրանի զարգացումներին ուշիուշով հետևող փորձագետներն ընտրությունների հիմնական ինտրիգը կապում էին նախօրոք գրանցված թեկնածուներից նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտերիմ թիմակցի` Ռահիմ Մաշայիի անունների հետ: Բայց խորհուրդը մերժեց նրանց թեկնածությունը, և նրանք հնարավորություն չստացան շարունակելու իրենց հետագա ընտրապայքարը: Այդպիսով իրանագետները համոզված են, որ ընտրությունների ինտրիգային հնարավորությունները սպառված են:

 Իրանի նախագահի թեկնածուները մոտենում են ընտրական վերջին հանգրվանին

Ներկայումս  արդեն որպես նախագահի թեկնածու հանդես  եկող ութ թեկնածուներն Իրանի հասարակությանը լավ հայտնի են. նրանք ժամանակին զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ, և նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք հենց այս պահին էլ  բարձր պաշտոն ունեն: Բոլորը գիտությունների դոկտորներ են, լավ տիրապետում են Իրանի խնդիրներին: Նրանց մի մասը պահպանողական ուժը ներկայացնող գործիչներ են, մյուս մասը` բարեփոխական:

«Պահպանողականների մեջ ներկայումս ներքին համաձայնություն կա, և թեկնածուներից մեկը պետք է իր թեկնածությունը հանի մյուսի օգտին: Այսինքն` ներկայումս առավել մեծ շանսեր ունեցող քաղաքական գործիչները հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին է, երկրորդը` Ազգային անվտանգության բարձրադիր խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, որ նաև միջուկային հարցով գլխավոր բանագնացն է, և երրորդը Թեհրանի քաղաքապետ Դալիբաֆն է: Այս երեքից յուրաքանչյուրը հաղթելու մեծ շանսեր ունի: Սակայն, իմ կարծիքով, մեծ դեր կարող է ունենալ հոգևոր առաջնորդի կարծիքը, քանի որ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հոգևոր առաջնորդն ընտրապայքարի վերջին փուլում կողմնորոշվեց Ահմադինեժադի կողմը, և հասարակության մեծ մասը քվեարկեց վերջինիս օգտին: Այս պահի դրությամբ, սոցիալական հարցումներից դատելով, առաջին տեղում է Վելայաթին: Մեծ ընտրազանգված ունեն նաև բարեփոխական ուժերը, սակայն նրանք քարոզչությունն իրականացնելիս լրատվամիջոցների հետ հարաբերություններում կարծես մի քիչ սահմանափակ հնարավորություններ ունեն: Հիմա բարեփոխականներից մեծ շանսեր ունեցող ևս երկու գործիչ կա` Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի խորհրդական Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ռոհանին: Ինչ-որ պահի հնարավոր է` նրանք իրենցից մեկին ընտրեն որպես բարեփոխականների միասնական թեկնածու: Այս հարցում էլ կարևոր կլինի Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիի դիրքորոշումը»,- իրավիճակը նյերկայացրեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նա նշեց, որ  ընդհանուր առմամբ, եթե վերլուծելու լինենք իրավիճակը, ապա հիմնական պայքարը կընթանա այս երկու թևերի` պահպանողականների և բարեփոխիչների միջև, բայց նրանց միջև կա նաև գործող նախագահ Ահմադինեժադի թևը, որը կարծես դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե նշված թեկնածուներից ում է աջակցելու. կարծես վերջին շրջանում խոսվում է Ջալիլիին աջակցելու մասին:

Արմեն Իսրայելյանը նաև կարծիք հայտնեց, որ Իրանում ներկայիս դրությամբ հանգիստ ու նորմալ ընտրապայքար է ընթանում, Ռաֆսանջանիի և Մաշայիի խաղից դուրս գալուց հետո որևէ ինտրիգային իրադարձություն չի ծավալվում:

«Կարծում եմ` ընտրապայքարը հանգիստ ուղիով կընթանա, և հետընտրական փուլում չեմ կարծում, որ ինչ-որ խռովություններ ու զարգացումներ լինեն: Նախ` այն թեկնածուները չկան, որ կառաջացնեն այդպիսի իրավիճակ, երկրորդ` Իրանի իշխանությունները տիրապետում են երկրի ներքին անվտանգությանը, վերահսկում են իրավիճակը ու որևէ փորձ` դրսից թե ներսից, լրագրողների մասնակցությամբ կամ այլ ուժերի, անմիջապես չեզոքացնում են: Ավելին` ներքին գործերի նախարարությունը վերջերս հայտարարեց նույնիսկ, որ հնարավոր է` ընտրությունների օրերին երկրի սահմանները որոշ ժամանակով փակվեն արտաքին միջամտությունը բացառելու նպատակով»,- ասաց Արմեն Իսրայելյանը:

 Ի՞նչ նորություն կբերի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ Իրանի նոր նախագահը

 Ինչ վերաբերում է Իրանի նախագահի թեկնածուների քաղաքական վարքագծին ու քարոզարշավի էությանը, ապա մասնագետների կարծիքով` բոլորի մոտ կարմիր թելի նման անցնում է տնտեսությունն առողջացնելու գլխավոր խնդիրը: Նման տեսակետ հայտնեց նաև իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց նաև, որ սա է թիվ մեկ խնդիրը բոլոր թեկնածուների համար, որովհետև այսօր Իրանում նկատվում է  տնտեսական բավականին լուրջ ճգնաժամ, որն առավելապես կապված է Իրանի նկատմամբ իրականացված պատժամիջոցների հետ:

«Օրինակ` Իրանի նախկին արտգործնախարար Ալի Վելայաթին կարծում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել Արևմուտքի հետ հարաբերություններին և այդ հարաբերությունների միջոցով կարողանալ նվազեցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը: Իսկ դրա միջոցով կկարողանան տնտեսությունը ոտքի կանգնեցնել: Հաջորդ թեկնածուն` Դալիբաֆը, կարծում է, որ կկարողանա Իրանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել առաջիկա երկու տարիների ընթացքում: Այսինքն` յուրաքանչյուրն ունի իր թեզը, բայց բոլորի թեզերը  վերաբերում են տնտեսական խնդիրները լուծելուն»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:

Մեզ համար թերևս կարևոր է, թե ինչպես կանդրադառնան Իրանի նախագահական ընտրությունները տարածաշրջանային զարգացումների, հայ-իրանական հարաբերությունների և Իրանի հայ համայնքի վրա, որովհետև տնտեսական շրջափակման պատճառով մեր երկու «պատուհաններից» մեկի մասին է խոսքը: Այսինքն` Իրանի ընտրությունները և այդ երկրում ընթացող ցանկացած զարգացում մեզ համար արդեն ռազմավարական նշանակություն է ստանում:

Gohar-IskandaryanՄասնագետներն այս առումով նշում են, որ ութ թեկնածուներից ով էլ լինի Իրանի նախագահ, միևնույն է, Հայաստանի հետ հարաբերությունները բացասական առումով որևէ լուրջ փոփոխություն չեն կրելու:

«Որովհետև, ի վերջո, Իրանի արտաքին և ներքին քաղաքական կուրսերը մշակվում են հոգևոր առաջնորդի գիտությամբ և հեռահար ծրագրերով: Ու նախագահի փոփոխությամբ որևէ փոփոխություն չի կարող իրականանալ քաղաքականության մեջ: Կարող են հռետորաբանությունները փոխվել, առկա գույները փոխվել` լավի կամ վատի, բայց բովանդակությունն ինքնին չի կարող փոխվել: Եվ ութից ով էլ լինի նախագահ, ես կարծում եմ` հայ-իրանական հարաբերությունները կմնան այնպես, ինչպես կան, եթե զարգացում չունենան»,- համոզմունք հայտնեց Գոհար Իսկանդարյանը:

մհեր բաղդասարյանԻրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ այս առումով կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային քաղաքականության վրա Իրանի նախագահական ընտրությունները կարող են ազդել այն դեպքում, երբ ինչպես  2009 թ. ընտրություններից հետո եղավ, այդ երկրում հետընտրական ներքին լարվածություն առաջանա, ինչը բացառված չէ: Ուղղակի հարցն այն է, որ  ներկայիս թեկնածուների մեջ, ինչպես նշվում է, չկան ինչ-որ  մարդիկ, որոնք հանգեցնեն այնպիսի վիճակի, ինչպիսին ստեղծվեցին անցած ընտրություններից հետո: «Այնպես որ Իրանի ընտրությունները տարածաշրջանային քաղաքականության վրա կանդրադառնան, եթե երկրում ինչ-որ ներքին լարվածություն առաջանա, ու այդ լարվածությունն էլ բերի ինչ-ինչ հետևանքներ: Բայց տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա դժվար շատ լուրջ անդրադարձ ունենան նախագահական ընտրությունները: Որովհետև, ինչպես գիտենք, եթե նույնիսկ այդ երկրի արտաքին քաղաքական ուղղությունները մշակվում էլ են ինչ-որ կաբինետներում, միևնույն է, վերջնական հաստատում ստանում են հոգևոր առաջնորդի կողմից»,- եզրափակեց Մհեր Բաղդասարյանը:

Իսկ թե ինչ կստացվի վերջնարդյունքում, կերևա մոտ օրերս, ընտրությունները յոթ սարի հետևում չեն:

Մոնսերաթ Կաբալյեն Ադրբեջանում հայտարարվել է պերսոնա նոն գրատա

o_694543Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով, աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեն Ադրբեջանում հայտարարվել է պերսոնա նոն գրատա:

“Մենք իսպանական կողմին բողոքի նոտա ենք ուղարկել, պարզաբանելով իրավիճակը ու բացատրություն պահանջել Մոնսերաթ Կաբալյեի` Ադրբեջանի օկուպացված տարածք կատարած այցելության համար: Նոտայում նշված է, որ Կաբալյեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի որ դառնում է պերսոնա նոն գրատա”,  “Интерфакс”-ին հայտնել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունից:

Դիվանագետներն ընդգծել են, որ դեսպանատան աշխատակիցները դեռևս մայիսին են կապ հաստատել երգչուհու մենեջերների հետ ու նրանց տեղեկացրել Լեռնային Ղարաբաղ այցելության  հավանական հետևանքների մասին : “Երգչուհու մենեջերները տեղեկացված էին , որ Ադրբեջանի օկուպացված տարածք առանց  Բաքվի թույլտվության` անօրինական է”: Մենեջերներն էլ իրենց հերթին ադրբեջանական կողմին հավատացրել են, որ Ղարաբաղում համերգ չի լինելու:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանել է ֆրանսիացի պատգամավորների նախորդ շաբաթ “Ադրբեջանի օկուպացված տարածք” այցելության փաստը. “Դրանք մարդիկ են, որոնք ֆրանսիական կառավարության ընդդիմության մեջ են: Նրանց գործողությունները չեն արտահայտում պաշտոնական Փարիզի դիրքորոշումը”:

Իրանը արգելել է շներին զբոսանքի հանել՝ սպառնալով, որ կձերբակալեն կենդանիներին

i1Իրանում արգելվել է շներին հրապարակայնորեն զբոսանքի տանել կամ մեքենայով շրջել նրանց հետ:

Այժմ շների տերերը վախենում են, որ իրենց շներին «կձերբակալեն» հանրային կերպով զբոսանքի հանելու համար, իսկ իրենց կտուգանեն դրա համար:

Սա երկրում շների նկատմամբ վերջին ճնշումն էր, որտեղ  կենդանիները անմաքուր են համարվում:

2011թ-ին իշխանությունները սպառնացել էին շուն պահելը քրեականացնել՝ այն անվանելով արևմտյան բարքերի կույր իմիտացիա, ինչը սպառնում է ազգային մշակույթին:

Ըստ AFP-ի՝ Իրանի կենդանիների նկատմամբ դաժանությունների կանխարգելման կազմակերպությունը հարցականի տակ է դրել այս քայլի օրինականությունը՝ ավելացնելով, որ այժմ օրենքով արգելվում է շուն պահել: Նրանք նաև նշել են, որ տասնյակ շներ «ձերբակալվել» են և տարվել անհայտ ուղղությամբ:

Այժմ շների տերերը իրենց կենդանիներին գիշերն են հանում զբոսանքի, որպեսզի խուսափեն բացահայտվելուց:

Չնայած բոլոր սպառնալիքներին  ՝ երկրում այժմ շների վաճառքը ծաղկում է:

Տնային կենդանիների խանութների տերերը հայտնում են, որ շների վաճառքը կտրուկ աճել է վերջին տարիների ընթացքում:

Ամեն դեպքում հսկիչ շներ պահելը թույլատրվում է, քանի որ դրանք սովորաբար պահվում են դրսում: Թույլատրվում է նաև վարժեցված շներ պահել, օրինակ՝ թմրանյութների հայտնաբերման համար վարժեցված շները:

 

Անգլիական «The Economist» հանդեսի շապիկին «սուլթան Էրդողանն» է լինելու

erdoganԱնգլիայի քաղաքական և տնտեսական կարևոր հանդեսներից «The Economist»-ը հրապարակել է իր հերթական համարի շապիկը, որը հունիսի 8-ին լույս է տեսնելու աշխարհի բոլոր երկրներում՝ բացի Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից: Ամսագրի նոր համարի դեմքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ սուլթանական հագուստով: Շապիկին գրված է «Ժողովրդավա՞ր, թե՞ սուլթան» վերնագիրը, իսկ Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի մասին պատմող հոդվածը ստացել է «Էրդողանն ու թուրքական ապստամբությունը» ենթավերնագիրը:
Նշենք, որ «The Economist»-ը իր նախորդ համարում քննադատել է ցուցարարների նկատմամբ թուրքական պետության վերաբերմունքը: «Էրդողանի նկատմամաբ դժգոհությունը աճում է» այսպիսի մեկնաբանություն էր արել հանդեսը: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներին, ապա այնտեղ «The Economist»-ը լույս կտեսնի այլ շապիկով:

Ստամբուլի «Գեզի» այգում ցուցարարները բացել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց (տեսանյութ)

Hrant Dink   Արդեն 10-րդ օրն է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակը և դրա շրջակայքը վերածվել է երկրով մեկ տարածված զանգվածային ցույցերի կենտրոնը: Հակաիշխանական ելույթներից բացի թուրք հասարակության տարբեր խմբերի համար սա մի հարթակ է դարձել արտահայտելու իրենց ունեցած բազմապիսի բողոքները: Ահա «Գեզի» այգում հավաքված մի խումբ ցուցարարներ բարձրաձայնել են, որ «Գեզի» այգու տեղում 1551-1939 թվականներին եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը, որը թուրքական իշխանությունների կողմից քանդվել և վերածվել է զբոսայգու: Հիշատակվել է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը, նշվել, որ այսօր արցունքաբեր գազը սեփական ժողովրդի դեմ կիրառող կառավարությունը 1915 թվականին անխղճորեն սպանել է իր երկրի քաղաքացի հանդիսացող հարյուր հազարավոր հայերին:

Հավաքվածները հիշել են Հրանտ Դինքին, թուրքական պետությանը «մարդասպան» անվանել, բացականչել արդեն ավանդական դարձած «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» արտահայտությունը: Ցուցարարները այգում բացվել են Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոց՝ իբրև պայքարի և պահանջի նշան:

Այսուհետ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջը բաց կլինի քաղաքացիների հարցերի համար

Իլհամ Ալիև Այսօրվանից սկսած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջում տարբեր ոլորտների պատասխանատու մարդիկ կպատասխանեն քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ինչպես հաղորդում է «Բաքու» կայքը՝ այս մասին հայտարարություն է տեղադրվել Ալիևի էջում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը 2013 թվականը հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարի և առաջին թեման վերաբերում է հենց այս ոլորտին: «Ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրության տակ մեկնաբանություններ անելով: Հայտնում ենք ձեզ, որ հարցերը ընդունվելու են հունիսի 6-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Դրանց պատասխանները աստիճանաբար են տրվելու: Որպեսզի խուսափեք հարցերի կրկնությունից, կարդացեք նախորդ հարցերը: Միևնույն ժամանակ դուք ինքներդ կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող թեմաներն ու ոլորտները, և մենք դրանք հաշվի կառնենք»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպե՞ս է անցնում Անթալիայի ցուցարարների առօրյան

antalya «Դողան» լրատվական գործակալության թղթակիցը Անթալիայից պատմում է, թե ինչպես է անցնում այնտեղ ցուցարարների առօրյան: Անթալիայում ստամբուլյան «Գեզի» այգու համար քաղաքի կենտրոնական հրապարակում ամեն օր երեկոյան ժամերին մոտ 3 հազար հոգի է հավաքվում՝ բացականչելով հակակառավարական արտահայտություններ: Հանրապետության հրապարակը վերածվել է ազատ մի հարթակի: Մի կողմում հավաքված են ուսանողներ, մեկ այլ անկյունում ատոմային զենքին դեմ խմբեր: Հրապարակի որոշ մասերում երիտասարդները նվագում և երգում են: Գիշերվա ուշ ժամերին ցուցարարները սկսում են ցրվել, սակայն մոտ 100 հոգի շարունակում են մնալ հրապարակում: Այստեղ կանգնեցված վրանների մեջ մինչև առավոտ շարունակում են իրենց ցույցը: Ոմանք երգեր են երգում և պարում, ոմանք թիմեր կազմելով ֆուտբոլ են խաղում: Հրապարակից շարունակում է հնչել «Վարչապետ, հեռացի՛ր» պահանջը: Թաղապետարանը գիշերվա ժամերին հրապարակում մնացած ցուցարարներին տաք ապուր է մատակարարում: Գալիս է առավոտը, և ամեն ինչ նորից է սկսվում: