Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել Թեհրանին

Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել ԹեհրանինԱդրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Իրանին` Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդի ձերբակալության կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact.az”-ը:

Բողոքի նոտան իրանական կողմին հանձնել է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը:

Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և  նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել:

Նշենք, որ Խալիդա Խալիդը ձերբակալվել է ապրիլի 30-ին: Նրա հետ միասին ձերբակալվել են ևս մի քանի մարդիկ:

 

 

Մենք ուզում ենք, որ թուրքերը ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն. Արսինե Խանջյան

arsineԹուրքական «Bianet»-ից Այչա Սոյլեմեզը զրուցել է հանրահայտ հայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը երկար տարի Թուրքիայում չէր եղել, սակայն այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նա մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ նա նշել էր. «Ստամբուլում ցեղասպանության հիշատակմանը մասնակցելը ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Ապրիլի 24-ին ամեն ինչի սկզբի օրը, ամեն ինչի սկզբի տեղում լինել:»

Ահա թուրքական լրատվամիջոցին Խանջյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, խոսել ցեղասպանության և այս խնդրի լուծման ուղիների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ եք սպասում և ինչ պահանջներ ունեք, դերասանուհին պատասխանել է. «Ուզում ենք, որ ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն: Ուզում ենք, որ պատմությունը ճիշտ ընկալվի, պատմության հետ առերեսվեն: Ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում: Որպես հայ մենք իրավունքներ ունենք մեր կրոնի, մշակույթի, լեզվի, երգերի, ինքնության նկատմամբ, անգամ եթե դժվար է ընդունել, սա է ճշմարտությունը: Ես հավատում եմ, որ պապերի մեղքերի պատճառով երեխաների, թեռների խիղճը հանգիստ չէ: Պատմությունը մեր բնական մի մասին է: Եթե մերժում ենք մեր պատմությունը, ապա մերժում ենք նաև մարդկայնությունը: Չլինի մեր պատմությունն ու հիշողությունը, ապագա էլ չենք ունենա: Իհարկե, երիտասարդները մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, սակայն այդ հանցանքները մերժելը մեկ այլ հանցանք է: Խնդիրը հենց այստեղ է սկսվում»,-ասել է Արսինե Խանջյանը:

Ադրբեջանում հետաձգվել է նախագահական ընտրությունների օրը

1 (1)Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների օրը հետաձգվել է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նախատեսվում էր, որ նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու 2013թ. հոկտեմբերի 16-ին, սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային`տոնական օրեր են (նշվելու է Զոհաբերության օրը`Քուրբան բայրամը): Այդ իսկ պատճառով Միլլի մեջլիսը (խորհրդարան) փոփոխություն է մտցրել Ընտրական օրենսգրքում: Ըստ այդ փոփոխության`եթե նախագահական ընտրությունների օրը համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրվան, ապա կենտրանական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը տեղափոխում է միևնույն ամսվա մեկ այլ օր:

Փոփոխությունը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից հաստատվելուց և մամուլում տպագրվելուց հետո:

Սակայն այս օրինագծի մեջ չի նշվում` քանի օրով կարող են հետաձգվել ընտրությունները:

«Լույս». նոր հայկական թերթ Ստամբուլում, որը կներկայացնի համայնքի լուսավոր կյանքը

tertՍտամբուլի կրպակներում հայտնվել է «Լույս» երկշաբաթաթերթի առաջին համարը, որի գլխավոր խմբագիրն է պոլսահայ Շահնուր Քազանջըն: Գունավոր թերթը, որը բաղկացած է 28 թուրքերեն և  միայն 1 հայերեն էջից, ընդգրկելու է հայկանան համայնքի, ինչպես նաև հույն, հրեա և ասորի փոքրամասնությունների համայնքային կյանքի, մշակույթի, արվեստի, սպորտի և առողջապահության մասին պատմող լուրեր: Ներկայացնում ենք թուրքական «Taraf» թերթից Սումեյրա Թանսելի հարցազրույցը Շահնուր Քազանջըի հետ:

Հայալեզու թերթի գաղափարը ձե՞րն էր:

-Այո, ես նկատեցի, որ հայկական համայնքում նման հանդեսի պակաս կա: Մարդիկ միշտ սև պատկերների, տխուր դեմքերի առաջ են կանգնում, սակայն կյանքը գեղեցիկ երես էլ ունի: Մենք՝ հայերս, ասորիները, հրեաները միշտ միասին ենք ապրում, մեր շրջապատում ուրախ կյանք ենք անցկացնում՝ հարսանիքներ, նշանադրություններ, կնունքներ ունենք: Այս ամենը ուրախություն և երջանկություն է: Օրինակ՝ սպորտային մրցաշարեր են լինում, բոլոր հայերը Եվրոպայում հանդիպում են: Մենք այստեղից Ժնև, Բուլղարիա կամ Իտալիա ենք մեկնում: Ուրեմն եթե այսպիսի գունավոր, աշխույժ կյանք կա, մտածեցինք ինչու այս ամենը պատկերավոր կերպով ցույց չտանք մարդկանց: Այս դատարկությունից գործի անցնելով` արդեն երեք տարի է նախագծում ենք և վերջապես ամսի 30-ին թերթը լույս տեսավ:

Ինչու՞ երեք տարի սպասեցիք:

-Սպասում էինք, որպեսզի հիմք ձևավորվի: Աշխատում ենք և՛ պրոֆեսիոնալ և՛ կիսով չափ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: Թերթը լույս ենք ընծայում Արամ Քուրանի մոտ, նա դեռևս «Posta» թերթում է տպագրվում: Նախապատրաստական աշխատանքներ ենք արել, մեր մտքում նախագծել ենք, թե ինչ են ուզում մարդիկ մեզանից, հետևել ենք համայնքին:

Համայնքը ի՞նչ է ձեզնից սպասում:

-Ժպտացող երես է սպասում, գույներով լի լուսանկարներ է սպասում: Ցանկանում են ավելի քիչ գրվածքներով և ավելի շատ պատկերներով մի տպագիր օրգան, մենք էլ հենց դա արեցինք: Մեր թերթերը սովորաբար սև-սպիտակ են տպագրվում, մենք առաջին անգամ գունավոր ձևաչափով հրատարակություն արեցինք:

Ի՞նչ է նշանակում լույս:

Մենք լուսավոր մի աշխարհի մասին ենք պատմում, այդ պատճառով էլ ցանկացանք, որ թերթի անվանումը դրական աշխարհայացք արտահայտի:

Ի՞նչ բովանդակություն է ունենալու հանդեսը:

-Այն ընդգրկելու է համայնքային կյանքը, մշակույթը, արվեստը, սպորտն ու առողջապահությունը: Մենք մեր օպերաներն ու թատրոններն ունենք, զրույցներ ենք ունենում, մոտ 20 միություն ունենք, ամեն տարի միջոցառումներ են լինում, կրոնական ծեսեր ունենք, այդ պատճառով էլ ակտիվությունը մեծ է: Այս ամենը շատ քիչ տեղ է գրավում մամուլում: Մենք էլ մտածեցին` ինչ անենք: Որոշեցինք հակառակն անել՝ շատ լուսանկարներ ներկայացնենք և գնահատենք այդ մարդկանց աշխատանքը:

Քանի՞ լեզվով է հրատարակվելու թերթը, ի՞նչ հաճախականությամբ:

-15 օրը մեկ անգամ է հրատարակվելու, 28 էջանոց հանդեսը թերթի ձևաչափով է լինելու: Մեկ էջն էլ հայերեն է լինելու, որը պատմելու է բովանդակության մասին: Բաժանորդագրման համակարգ ունենք, սակայն թերթը կրպակներում էլ է վաճառվելու: Այս պահին արդեն 800 բաժանորդ ունենք:

Համայնքը ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում:

-Չափազանց մեծ հետաքրքրություն կա: Մենք թերթի հրատարակման մասին 30 հազար մարդու ենք հայտնել: Շիշլիում և այն թաղամասերում, որտեղ մենք ստվար բնակչություն ենք կազմում ցուցապաստառների վրա մեր հրապարակումներն են: Մարդիկ հետաքրքրվում են, թե սա ինչ է, քանի որ նախկինում նման թերթ չի եղել:

Ադրբեջանի նախագահի թեկնածուն կարող է դատապարտվել 4-12 տարվա ազատազրկման

թեկնածուԱդրբեջանում նոր մեղադրանք է  ներկայացվել հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ, ներկայում անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը,  ընդդիմադիր գործչի վրայից հանվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում) մեղադրանքը և ներկայացվել է ՔՕ  220-րդ հոդվածով նոր մեղադրանք (անկարգությունների կազմակերպում), որը նախատեսում է 4-12 տարվա ազատազրկում:

“Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները նման քայլերով ցույց են տալիս, որ կարող են շինծու մեղադրանքներով տարիներով դատապարտել ցանկացած ընդդիմադիր գործչի”,-“Թուրան” գործակալության հետ զրույցում հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը մեղադրվում էր հունվարի 23-24-ին Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու մեջ: Փետրվարի 4-ին Նասիմի շրջանի դատարանը 2 ամսով ձերբակալել է նրան, այնուհետև ձերբակալության ժամկետը երկարաձգվել է, իսկ Մամեդովը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է “խղճի բանտարկյալ”: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 9-ին սկսել է նրա գործի ուսումնասիրությունը և մինչև հունիսի 18-ը սպասելու է Ադրբեջանի կառավարությանը ուղղված հարցերի պատասխանին:

Հավելենք, որ ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:
 

Վրաստանը Ադրբեջանին առաջարկել է ռազմական ինքնաթիռներ արտադրել

օդանավՎրաստանը հրավիրել է Ադրբեջանին մասնակցելու ռազմական օդանավերի արտադրության համատեղ ծրագրին:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանն են հաղորդել ռազմական աղբյուրները, Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման և արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում:

Պաշտոնական տվյալների համաձայն` 2002-2003թթ. Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական “Elbit Systems” ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը ստացել են “Սքորփիոն” անվանումը:

Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին վաճառել է Su-25 օդանավեր, վերանորոգել է Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչև 900 օդանավ:

Բաքվում մեկնարկել է Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված «Tour d’Azerbaidjan-2013» հեծանվավազքը

azer Մայիսի 1-ին Բաքվում մեկնարկել է «Tour d’Azerbaidjan-2013» կոչվող առաջին միջազգային հեծանվավազքը՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին: Մրցաշարի առաջին փուլը սկսվեց երեկ առավոտյան Հեյդար Ալիևի անվան կենտրոնի շենքի մոտից: 157 կիլոմետրանոց տարածությունը առաջինը հաղթահարեց ադրբեջանական թիմի գերմանացի հեծանվորդ Քրիստոֆեր Շվայցերը, երկրորդը՝ ուկրաինացի Մաքսիմ Ավերինն էր, իսկ երրորդ տեղին արժանացավ հոլանդացի Մարտին վան Տրեյպը:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ միցաշարին մասնակցում են թիմեր աշխարհի 25 երկրներից: Հեծանվավազքի երկրորդ փուլը, որը ենթադրում է 183 կմ տարածության հաղթահարում, կսկսվի Գոբուստանի շրջանում՝ Կասպից ծովի ափից և կավարտվի Իսմալիլի շրջանում: Մրցաշարի եզրափակիչ 5-րդ փուլը կմեկնարկի մայիսի 5-ին, Բաքվում:

Թուրքական ավիաուղիների ուղեկցորդուհիներն այսուհետ չեն կարող վառ գույնի շրթներկ օգտագործել

pamada  Երեկ հայտնի դարձավ, որ թուրքական ավիաուղիների բորտ-ուղեկցորդուհիներին արգելվում է օգտագերծել կարմիր, վարդագույն կամ որևէ վառ գույնի շրթներկ: Հայտնի է դարձել նաև, որ այսուհետ այն ուղեկցորդուհիները, որոնց մարմնի երևացող մասերում դաջվածք կա, չեն կարող աշխատել ընկերությունում, ավելին, աշխատանքի ընդունվելու համար նրանց դիմումներն անգամ չեն ընդունվելու: Անձնակազմի արտաքին տեսքը պայմանավորող կանոնակարգը հետևյալն է. «Դիմահարդարումը պետք է զուսպ լինի՝ պաստելային գույներով: Արգելվում է կեղծամ կրել, մազերը պետք է բնական գույներով ներկված լինեն:»

Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վերոնշյալ արգելքների հարցին է անդրադարձել Շվեյցարիայի ֆրանսիական մասի TSR 1 և TSR  հեռուստաալիքները: «Այն հանգամանքը, որ ղեկավարությունը խառնվում է անձնակազմի դիմահարդարման և վարսահարդարման հարցերին, քննադատության է արժանացել լիբերալ և դեմոկրատական շրջանակների կողմից»,-հնչել է հետուստաեթերից՝ թուրքական ավիաընկերության որոշումը որակելով որպես անհավատալի:

Պետք է նշել, որ այս շվեյցարական հեռուստատեսությունը անցած շաբաթ անդրադարձել էր նաև վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե այրանը (թան) թուրքական ազգային խմիչքն է: «Երկար տարիներ է մենք գիտենք, որ թուրքական ազգային խմիչքը  ռաքըն (անիսոնի օղի) է»,-նշել է հեռուստաալիքը:

 

Ստամբուլում շարունակվում է մայիսմեկյան լարվածությունը, կան բազմաթիվ վիրավորներ

viravor Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների պատճառով արդեն բազմաթիվ վիրավորներ կան: Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի
նախագահ Ումիդ Էֆեն նշել է. «Շիշլիում մեծ թվով վիրավորներ գտնվում են Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում: Սակայն շենքը շրջափակված է և չեն կարողանում դուրս բերել վիրավորներին: Բեշիքթաշում ևս բազմաթիվ վիրավորներ փողոցում են մնացել, նրանց ևս օգնություն չի ցուցաբերվում»:

«Radikal»-ը հաղորդում է, որ ստեղծված լարվածությունից իր դժգոհությունն է հայտնել նաև Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Սուրեյա Օնդերը: «Այս լարվածությունից ո՞վ է օգուտ քաղում: Խեղճ աշխատավորը միայն մեկ օր ունի, ինչ իմաստ կա այն այսպես փչացնել: Չէ որ ամեն օր աղքատության պատճառով նրանք տուժում են»,-նշել է պատգամավորը:

Ստամբուլում 1970 թվականից ի վեր առաջին անգամ փակվել են կամուրջները

kamurj  Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում արգելվել են մայիսմեկյան տոնակատարությունները: Դրա համար թուրքական ոստիկանությունը շատ հետաքրքիր մեթոդի է դիմել: Քաղաքի կամուրջներից երկուսը՝ Գալաթան և Ուսքանփարը, երկու կես են եղել, որպեսզի փակվի երթևեկությունը: Ստամբուլի նահանգապետարանի պլանավորած նախազգուշական միջոցառումների մեջ կամուրջների փակումը նախատեսված չի եղել: Ամեն օր հազարավոր մարդիկ այս կամուրջներով Ստամբուլի մի ափից  անցնում են դեպի մյուսը, սակայն այսօր մարդկանց առօրյան խախտվել է, քանի որ շատերը, այդ թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, «գերի են մնացել» հակառակ ափին: Իսկ լուսանկարիչները հնարավորություն են ստացել անմահացնել ստամբուլյան դատարկ կամուրջների պատկերը:

«Radikal»-ը գրում է, որ վերջին անգամ միայն 1970 թվականին էր նման բան պատահել, երբ հունիսի 6-ին Գալթա կամուրջը փակել էին՝ արգելելով աշխատավորների երթը: Այդ տարի տեղի ունեցած ցույցերին, որոնց 10 հազար մարդ էր մասնակցում, 3 մարդ էր զոհվել, 200 հոգի վիրավորվել էր:

Մայիսի 1-ի ցույցերին թուրք աշխատավորները հիշել են նաև Հրանտ Դինքին

dinkՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում մայիսի 1-ի կապակցությամբ հավաքվել են նաև «Trabzonspor» ֆուտբոլային ակումբի երկրպագուները: Այս տարի նրանց պատրաստած պաստառները գրավել են բոլորի ուշադրությունը: Երկրպագուների բանակը, չնայած ոստիկանության ճնշումներին և արգելքներին, հավաքվել էր Բեշիքթաշի Բարբարոս Բուլվարում՝ բացելով Հրանտ Դինքի նկարով պաստառը, որի վրա գրված է եղել «Չենք մոռացել»: Մեկ այլ պաստառ էլ այսպիսի կոչ էր անում՝ «Տե՛ր կանգնիր քո աշխատավորին, քո ջրին, քո հույսին, քո վաղվան»:

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ ցուցարարները որոշ ժամանակ քայլել և կարգախոսներ են բղավել, այնուհետև սկսվել է ոստիկանների հետ բախումը՝ արցունքաբեր գազի կիրառմամբ:

Ստամբուլում մայիսմեկյան բախումներ են տեղի ունեցել

Ստամբուլում մայիսմեկյան բախումներ են տեղի ունեցելՍտամբուլում մայիսմեկյան ցույցը վերածվել է ոստիկանների և ցուցարարների միջև բախման:

Աշխատավորների օրը`մայիսի 1-ը, տոնելու համար հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի Բեշիքթաշ, Շիշլի և Մեջիդիյեքյոյ թաղամաս: Մայիսի 1-ին նվիրված երթը կազմակերպել է ընդդիմադիր “Ժողովրդահանրապետական” կուսակցությունը:

Ապրիլի 30-ին Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մուղլուն հայտնել է, որ քաղաքապետարանը չի արտոնել ցույցի անցկացումը, ուստի ցանկացած ակցիա կհամարվի անօրինական:

Խմբերին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել, ինչին ցուցարարները պատասխանել են քարերով և փայտերով:  Կան նաև մեծ թվով ձերբակալվածներ:

Կրոնական ազատության ամերիկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին

043000034586Միջազգային կրոնական ազատության ամերիկյան հանձնաժողովը (USCIRF) ապրիլի 30-ին հրապարակել է ամբողջ աշխարհում դավանանքի ազատության խախտման մասին ամենամյա զեկույցը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, 364-էջանոց զեկույցում տեղ է գտել նաև Ադրբեջանը: Նշվում է, որ 2009թ. Բաքվում ընդունվել է ռեպրեսիվ կրոնական օրենք, ինչը սահմանափակում է կրոնական գործունեության շրջանակները:

“Չնայած հանդուրժողականության և ազատության մասին պաշտոնական հայտարարությունների`վերջին տարիների ընթացքում վիճակը Ադրբեջանում վատացել է. մի շարք կրոնական կազմակերպություններ փակվել են, իսկ մարդիկ ձերբակալվել և տուգանվել են ոչ բռնի կրանական գործունեության համար”,-նշվում է զեկույցի մեջ:

Ադրբեջանում մահմեդականների համար կան լրացուցիչ սահմանափակումներ. բոլոր մահմեդական կրոնական առաջնորդները, ովքեր նշանակվում են պետության կողմից, պետք է լինեն Ադրբեջանում կրթություն ստացած քաղաքացիներ: Բոլոր գործող մզկիթները պետք է պատկանեն Կովկասի մուսուլմաններին, և միայն Ադրբեջանի քաղաքացիները կարող են ստեղծել իսլամական կրոնական համայնքներ: Համաձայն 2008թ.-ի պետական կարգադրության`մզկիթներից դուրս արգելվում է աղոթել, և ոստիկանները պետք է հետևեն այդ կարգադրության իրականացմանը:

Կրթության նախարարությունը 2010թ.-ին որոշում ընդունեց դպրոցական համազգեստի մասին.արգելվում է դպրոցում կրել հիջաբ (իսլամական գլխաշոր): Նման որոշման դեմ բողոքի մեծ ալիք բարձրացավ, ինչի պատճառով 2012թ. հոկտեմբերին ձերբակալվեց 72 մարդ: Հետագայում հիջաբ կրելու արգելքը տարածվեց նաև ուսանողների վրա:

Զեկույցում` կրոնական ազատության խախտման երկրորդ կատեգորիայի երկրների շարքում, բացի Ադրբեջանից տեղ են գտել նաև Աֆղանստանը, Կուբան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Լաոսը և Ռուսաստանը:

 

Թուրքական մեջլիսում կրկին ձեռնամարտի ու հայհոյանքների օր էր

krivԹուրքական մեջլիսում այսօր կրկին տեղի են ունեցել արդեն սովորական դարձած քաշքշուկներ ու վեճեր: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Թունջելիի պատգամավոր Քամեր Գենչը պահանջել է, որպեսզի պարզություն մտցնեն Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Շահինին ուղղված խոսքերի մեջ: Դա պատճառ է հանդիսացել, որպեսզի բուռն քննարկում սկսվի, որի ընթացքում Արդարություն և զարգացում կուսակցությունից Զեյիդ Ասլանը Քամեր Գենչի հասցեին շատ խիստ հայհոյանքներ է հնչեցրել:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ նիստում տիրող լարվածությունը հանգստացնելուց հետո, նաև ԱԶԿ-ի պատգամավորների ձայներով, Զեյիդ Ասլանը պատժվել է աշխատանքի վայրում անհարիր վարք դռսևորելու համար:

 

Ըստ «Foreign Policy» ամսագիր՝ Գյուլն ու Էրդողանը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են

erdogan-gulԱմերիկյան «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է իր վարկածով աշխարհի ամենաազդեցիկ 500 մարդկանց ցուցակը: Այնտեղ ներկայացված են Թուրքիայի 9 ներկայացուցիչ, այդ թվում նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ամերիկյան ամսագիրը Թուրքիայի ամենաազդեցիկ մարդկանց շարքին է դասել նաև ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, պաշտպանության և ֆինանսների նախարարներին, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և պատրիարք Վալֆորմեյին: Ամերիկան ներկայացնող անձանց շարքում ևս թուրք կա: Նա «Coca-Cola» ընկերության տնօրեն Մուհթար Քենթն է:
Կրկին խոշոր պայթյուն Դամասկոսում, զոհվել է 16 մարդ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Մարջա հրապարակում գտնվող Ներքին գործերի նախարարության շենքի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել: Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը իրականացվել է նախարարության մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկի միջոցով:
Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսում կրկին պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել: Հաղորդվում է, որ կազմակերպիչների թիրախը եղել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալքին, սակայն վերջինս չի տուժել: Միևնույն ժամանակ Լազկիե քաղաքի մերձակայքում կառավարական զորքերի և Սիրիայի ազատության բանակի միջև խիստ բախումներ են տեղի ունեցել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Ադրբեջանում քրեական պատասխանատվություն են սահմանելու ինտերնետում զրպարտության և վիրավորանքի համար

համացանց-տուգանքԱդրբեջանում Միլլի մեջլիսը (խորհրդարան) առաջիկայում քննարկելու է օրենքի փոփոխություններ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ինտերնետում զրպարտության և վիրավորանքի համար, հաղորդում է “Contact.az”-ը:

Գլխավոր դատախազությունը օրենսդրական նախաձեռնության կարգով փոփոխություններ է ներկայացրել Քրեական օրենսգրքի 147 (զրպարտություն) և 148 (վիրավորանք) հոդվածների համար: Հոդվածների պատժամիջոցները մնում են նույնը` 100-500 մանաթ տուգանքներ, մինչև 240 ժամ հասարակական աշխատանքներ կամ 6 ամսով ազատազրկում:

Մեդիա-փորձագետ Ալեսքեր Մամեդլին “Թուրան” գործակալության հայտնել է, որ նորարարությունների իմաստն անհասկանալի է: Լրատվամիջոցների մասին օրենքով ինտերնետն արդեն լրատվամիջոց է, իսկ այժմ սանկցիաների տակ են հայտնվում ինտերնետում բոլոր ռեսուրսները`սոցցանցերը ներառյալ:

Փորձագետը չի բացառել, որ օրինագիծի նպատակը ինտերնետից օգտվողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է:

Թուրքիայիում երկու եկեղեցիների վրա հարձակում են գործել

Թուրքիայիում երկու եկեղեցիների վրա հարձակում են գործելԱպրիլի 27-ին և 28-ին Թուրքիայում հարձակումներ են տեղի ունեցել եկեղեցիների վրա: Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” շաբաթաթերթը տեղեկացնում է, որ այս վանդալիզմին թուրքական ազգային մամուլը որևէ կերպ չի անդրադարձել:

Ապրիլի 27-ին 30-40 հոգուց բաղկացած անհայտ անձանց խումբը ձվերով և քարերով հարձակվել է Աթաշեհիրի “Նոր հույս” եկեղեցու վրա: Կոտրվել են եկեղեցու ապակիները, տեղահանվել` եկեղեցու վահանակը, պատռվել` մուտքի դռան վրա փակցված դեկորները: Խմբի անդամներից ոմանք հարվածել են դռանը` փորձելով ներս մուտք գործել, սակայն չի հաջողվել: Շուտով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Այս դեպքից մեկ օր հետո` ապրիլի 28-ին, 15-18 տարեկան անձանցից բաղկացած մեկ այլ խումբ հարձակվել է Բուրգազիում գտնվող “Այօիս Իոնիս” հունական ուղղափառ եկեղեցու վրա: Մտնելով եկեղեցի`նրանք գողացել են մոմասեղանի վրա դրված գումարը, կոտրել պահարանը, վերցրել մոմերը և նետել փողոց:

Հաջողվել է բռնել եկեղեցու վրա հարձակվողներին: Սակայն ոստիկանությունը, պատճառաբանելով նրանց տարիքը, և այն, որ ոստիկանությունը չունի անչափահասների համար նախատեսված բաժանմունք, ազատ է արձակել նրանց: Ոստիկանության նման պահվածքը դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում:

Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ մեջլիսում կքննարկվի համաներման նախագիծ

Մեհրիբան ԱլիևաԱդրբեջանում Միլլի Մեջլիսը (խորհրդարան) մայիսի 7-ին կքննարկի համաներման մասին նախագիծը: Նման նախաձեռնությունը, որի հեղինակը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, կապված է Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի հետ:

Ըստ “Contact.az”-ի` նախատեսվում է, որ 2.000 դատապարտյալ ազատ կարձակվի:

Ադրբեջանում համաներում է կիրառվել  2007 և 2009-ին: Դրանց նախաձեռնողը կրկին Մեհրիբան Ալիևան է եղել:

Ադրբեջանում ՊՆ-ն դատի է տվել ընդդիմադիր “Ազադլըխ” թերթին

Ադրբեջանի պնԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ազադլըխ» օրաթերթի դեմ՝ մարտի 20-24-ին “Բանակ կամ հոգիների շուկա” խորագրով հոդված հրապարակելու համար, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Հայցը ներկայացվել է Ադրբեջանի փոխնախարար Չինգիզ Մամեդովի անունից: Նախարարության հայցում ասվում է, որ “չհիմնավորված, չապացուցված, ստահոդ և զրպարտիչ փաստերի հրապարակումը, որոնք խեղաթյուրում են բանակի արժանապատվությունն ու պատիվը, ուղղված են նրա դեմ, զինված ուժերին ոչ միայն բարոյական, այլև նյութական վնաս են հասցրել”:

ՊՆ-ն թերթից պահանջում է հերքում տպագրել  և 100 հազար տուգանք վճարել Զինված ուժերի օգնության հիմնադրամին:

Իր հերթին, թերթի խմբագրությունը այդ պահանջը անհիմն է համարում`նշելով, որ հոդվածում արծարծվել են զինվորների մահվան և բանակում կաշառակերության խնդիրները:

Այրանի մասին Էրդողանի հայտարարությունը դուր չի եկել թուրք ազգայնականների առաջնորդին

MHP GENEL BASKANI DEVLET BAHCELIԹուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Գյոլբաշըում տեղակայված առևտրի կենտրոններից մեկի բացման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Բահչելին անդրադարձել է օրերս Էրդողանի արած այն հայտարարությանը, թե այրանը (թան) թուրքական ազգային խմիչք է: «Այրանը Անատոլիայի մեր ժողովրդի համար կոկորդը փափկեցնող բնական մի ըմպելիք է, որը խմում են հացի հետ միասին: Սխալ է դրան տալ խմիչքի իմաստ»,-Բահչելիի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»-ը: