Ձեռքբերումները բազմաթիվ են և հավատացած ենք, որ ավելին կլինեն. քաշաթաղցի

ռոբերտ«Անկախը» ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացի, շրջանի կյանքի, խնդիրների ու ձեռքբերումների մասին է զրուցել  շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

Մաթևոսյանը Երևանից Քաշաթաղ է տեղափոխվել 1995-ին և մինչ օրս էլ այնտեղ է ապրում:

-Պարոն Մաթևոսյան, որպես Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ կներկայացնե՞ք, թե ինչպես է ընթանում վերաբնակեցումը: Այս տարի քանի՞ ընտանիք է հաջողությամբ վերաբնակեցվել Քաշաթաղում:

– Փաստացի վերաբնակեցումը սկսվել է հախուռն` դեռևս 1992 թ.  մայիսի 18-ից հետո, երբ  բացվեց կյանքի ճանապարհը` ազատագրվեց Բերձորը և Արցախը ցամաքային կապով միացավ մայր հայրենիքին: Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից և Մարտակերտի օկուպացված տարածքներից առաջին ընտանիքները եկան և բնակություն հաստատեցին: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ այս տարածքներում ստեղծելու որոշ կառույցներ` դպրոցներ, ոստիկանություն, ինքնակառավարման մարմիններ և այլն: Հիմնական վերաբնակիչները փախստականներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողացել լուծել իրենց  բնակարանային խնդիրները, ապրում էին կա՛մ ժամանակավոր կացարաններում, կա՛մ ծանոթ-բարեկամների տանը: Իհարկե, մասնագետների բացը լրացնելու համար հրավիրվում են նաև ոչ փախստական ընտանիքներ:

Իսկ այս տարի շրջան է տեղափոխվել 45 նոր ընտանիք:

 –Սիրիահայերը, որոնք հաստատվել էին Քաշաթաղում, արդյոք ինտեգրվել ու հարմարվե՞լ են նոր միջավայրին: Քանի՞ սիրիահայ ընտանիք է այժմ ապրում Քաշաթաղում, ինչպե՞ս են նրանք ապրուստ վաստակում:

-Այո, չեմ ժխտում, Քաշաթաղի շրջանում հաստատվել են մոտ 40 սիրիահայ ընտանիքներ, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայի հայտնի դեպքերից հետո: Քանի որ քաշաթաղցին տեսել էր պատերազմի և գաղթի արհավիրքները, պատրաստ էր պատերազմից տուժած մեր հայրենակիցներին իր  հարկի տակ ընդունել: Այդ իսկ պատճառով շրջանում հայտնվեցին առաջին սիրիահայ ընտանիքները, հիմնականում` Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Նրանք լավ հողագործներ էին և Քաշաթաղում էլ իրենց ապրուստը հոգում են հողագործությամբ: Կան նաև այլ մասնագետներ` բժիշկ, մեխանիզատոր, վարորդ և այլն, բոլորին էլ ապահովել ենք համապատասխան աշխատանքով:

Սիրիահայերն ավանդապահ և աշխատասեր են, և մենք շատ բան ունենք սովորելու  նրանցից, իսկ ինչ վերաբերում է  ինտեգրվելուն, ապա սա իրենց հայրենիքն է, և հարմարվում են նոր միջավայրին:

– Ի՞նչ  դժվարություններ ու խնդիրներ են առաջ գալիս  վերաբնակեցման ծրագիրն իրագործելիս:

– Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի ծրագիր ընդունի «Արտագաղթի կասեցման հրատապ միջոցառումների և հայրենադարձության մասին», որով պետք է փորձ արվի ամրապնդել ինչպես  հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ Արցախը: Հայկական վերաբնակեցումը տարբերվում է ռուսական և հրեական վերաբնակեցումից, որտեղ մեծ գումարներ են ծախսվում: Մենք չունենք այդ միջոցները, հետևաբար, այն կարելի է իրականացնել գաղափարական և տնտեսական (առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարող սուբյեկտներին) հարթություններում:

– Պարոն Մաթևոսյան, ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ ունի այսօր Քաշաթաղը:

– Առաջնահերթ եմ համարում ճանապարհների և կապի խնդիրը: Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանորոգել Քարվաճառ-Բերձոր-Կովսական ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ճանապարհը և Քարվաճառ-Բերձոր-Կովսական երթուղիով պետք է իրականացվի կանոնավոր ուղերթ, թեկուզ` շահույթի տեսանկյունից վնասաբեր:

Հրատապ է նաև բնակարանաշինության խնդիրը. մոտ 2000 ընտանիք բնակվում է անմխիթար պայմաններում:

Դպրոցների շենքային և նյութական պայմանների բարելավման խնդիրներ կան. շրջանում կան դպրոցներ, որտեղ աշխատող չկա, չկան թեկուզ հին համակարգիչներ:

քարտեզԽնդիրները բազում են, բայց քաշաթաղցին տեսնում է , որ իր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են, և նա հավատով է լցված վաղվա օրվա հանդեպ:

– Բնակչության զբաղվածության հարցը շրջանում որքանո՞վ է լուծված, և ի՞նչ մասնագետների կարիք է այժմ զգացվում:
– Քանի որ շրջանը հիմնականում գյուղատնտեսական է, բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին բավական շահավետ պայմաններով հատկացվում են  վարկեր գյուղտեխնիկա ձեռք բերելու,  հացահատիկային կուլտուրաներ մշակելու, անասնապահության համար և այլն:

Շրջանում դեռևս կա  ուսուցիչների, մեխանիզատորների, գյուղատնտեսների, բուժքույրերի պահանջարկ:

– Ամենուրեք խոսվում է արտագաղթի մասին: Կա՞ արդյոք արտագաղթ Քաշաթաղից:

– Այո, կա: Ամեն դեպքում արտագաղթի ցուցանիշները 1000 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում են միջին հանրապետական ցուցանիշին, սակայն դա մեզ չի բավարարում, և փորձում ենք  հասկանալ ամեն մի հեռացողի մեկնման իսկական պատճառները:

– Մի քանի օրից Սեպտեմբերի 1-ն է` կրթական տարվա մեկնարկը: Քաշաթաղում դպրոցները որքանո՞վ են համալրված կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, պարագաներով և կադրերով: Քանի՞ առաջին դասարանցի այս սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի:

– Շրջանում գործում են ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ, որոնք հիմնականում ապահովված են դասագրքերով, աշակերտական նստարաններով, գրատախտակներով: Դպրոցական գրադարանների հարցը լուծվում է կա՛մ տեղական, կա՛մ բարերարների միջոցներով: Օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Զորակն» գիտակրթական, երիտասարդական հիմնադրամին, որի ջանքերով շրջանի մի շարք գրադարաններ համալրվեցին հանրագիտարաններով և ծրագրային գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներում խնդիր է առարկայական դասարանների և լաբորատորիաների կահավորումը:

Կադրերով հիմնականում ապահովված են, միայն շրջանի մի քանի հեռավոր բնակավայրերում ունենք ուսուցիչների խնդիր:

Այս տարի դպրոց կհաճախեն մոտ 230 առաջին դասարանցիներ: Անցած ուսումնական տարվա համեմատությամբ` այս ցուցանիշն ավելացել է 38-ով:

– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ են գրանցվել շրջանում: Մի փոքր պատմեք նաև արձանագրված հաջողություններից և իրականացված ծրագրերից:

– Այսօր Քաշաթաղի շրջանում կան 53 համայնքներ  ավելի քան 100 բնակավայրերով, որոնցից 4-ը համարվում են քաղաքային` Բերձոր, Կովսական, Միջնավան և Որոտան: Շրջանում տարեցտարի ավելանում են ամուսնությունների և ծնունդների թվերը:

Շրջանում նոր թափ է  ստացել շինարարությունը: Այսպես, ավարտվում է Արտաշավի գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը, հիմնավորապես վերանորոգվել է  Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքը, ավարտական փուլում  է Կումայրիի և Միջնավանի դպրոցների շենքերի շինարարությունը, նախատեսված է  նոր դպրոց կառուցել Հայկազյանում:  Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտական փուլում է: Շարունակվում են  շրջանային հիվանդանոցի կառուցման աշխատանքները Բերձորում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով:

Նաև բարելավվում են միջշրջանային ճանապարհները, խմելու և ոռոգման ջրագծերը:

Մեր շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են պետական բուհեր և  ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Դպրոցական օլիմպիադաներում (Արցախում անցկացվող) մեր աշակերտներից շատերը նվաճում են մրցանակային տեղեր: Շրջանում գործում են պարի և  ժողգործիքների պետական համույթներ:

Ձեռքբերումները բազմաթիվ են, և հավատացած ենք, որ ավելին կլինեն:

1915 թվականը ինձ զրկեց իմ մանկության հայ ընկերոջից

1915Վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ որոշակի առաջընթաց է նկատվում ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերում: Ժամանակին արգելված համարվող թեմաներն այժմ լայն քննարկման առարկա են դարձել: Այս փոփոխությունները վերաբերում են նաև Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին գոյություն ունեցող ընկալումներին: Ինչպես թուրք մտավորականության, այնպես էլ մի շարք լրագրողների, որոշ քաղաքական և հասարակական գործիչների և պարզապես հասարակ քաղաքացիների շրջանում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք սկսում են այլ կերպ մտածել, տեսնել այն, ինչ տասնամյակներ շարունակ ծածկված է եղել պաշտոնական պատմագրության կեղծիքի քողով:

Ճշմարտության բացահայտման այս դժվար գործընթացում մեծ դեր են խաղում նաև թուրք երիտասարդները: Նրանց մի մասը, որդեգրելով եվրոպական արժեհամակարգը, ուզում է ապրել միանգամայն այլ` ժողովրդավար երկրում` այդ ճանապարհին չխուսափելով առերեսվել սեփական պետության պատմական անցյալի հետ: Նման առաջադեմ երիտասարդներից մեկը մեզ հետ կիսվեց իր մտքերով ու գաղափարներով: Նա Բաթուհանն է, Ստամբուլի լավագույն բուհերից մեկի` Բողազիչի համալսարանի 20-ամյա ուսանողը: Ներկայացնում ենք նրա հետ անցկացրած հարցազրույցը, որը շատ բան է պատմում այսօրվա թուրք երիտասարդության մտածելակերպի, հասարակության մեջ տեղի ունեցող տեսանելի փոփոխությունների և սպասումների մասին:

– Ե՞րբ եք առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին: 

– Մինչ ցեղասպանության հարցի մասին խոսելը, կցանկանայի նշել, թե երբ եմ առաջին անգամ ծանոթացել «հայ» հասկացությանը: Թուրքիայում, սկսած տարրական դպրոցի առաջին դասարանից, աշակերտները պատմության դասաժամեր ունեն: Արդեն 4-րդ դասարանում, այսինքն` 9 տարեկանում, մենք սովորում ենք, թե հանրապետության հիմնադրման համար «ո՞ւմ էր պետք հաղթել»: Դասերի ընթացքում գալով հանրապետության հռչակման ժամանակաշրջանին` միշտ ընդգծվում էր, որ մեր երկիրը չորս կողմից օկուպացիայի տակ էր գտնվում: Ըստ մեզ պատմածների` հույներն օկուպացրել էին մեր երկրի արևմուտքը, ֆրանսիացիները` հարավը, իսկ հայերն էլ` արևելքը: Այսպիսով դպրոցական տարիներին ես մի պատանի էի, որը բազմիցս կարդացել և քննություն էր հանձնել պատմությունից, ում մեջ այնպիսի մի տրամաբանություն էր ձևավորվել, որը դժվար էր փոխել:

«Ցեղասպանություն» ձևակերպումը առաջին անգամ 12 տարեկանում եմ լսել, երբ միջնակարգ դպրոցում էի սովորում: Ճիշտ է, ամեն տարի հեռուստացույցով լսում էինք մեր փոսը փորող գազանի` «սփյուռքի» մասին, սակայն ցեղասպանության մասին առաջին անգամ գաղափար կազմեցի, երբ 12-13 տարեկան էի և դպրոցում մեր հերթական դասը «Հայկական հարցը» վերնագիրն ուներ:

 – Ինչպե՞ս արձագանքեցիք այդ փաստին, միանգամի՞ց ընդունեցիք այն:

– Կարող եմ ասել, որ 12 տարեկանում սրան ոչ մի կերպ էլ չարձագանքեցի: Ինչպես նշեցի, մինչև «ցեղասպանություն» բառը լսելը սովորել էինք, որ 1920 թվականին մեր երկիրը իր առաջին պատերազմը մղել էր արևելքում` հայերի դեմ, այսինքն` պատմության դասերին 3-4 տարի սովորել էինք, որ հայերը մեր թշնամիներն են: Մասնավորապես հայերի մասին գիտեինք հետևյալը. նրանք տարիներ շարունակ մեր երկրում արդարության մեջ են ապրել, հավատարմության համար նրանց նույնիսկ millet-i sadıka (հավատարիմ ազգ) էին անվանում: Սակայն նրանք, միավորվելով ռուսների հետ, մեզ թիկունքից հարված հասցրեցին: Իբրև պատիժ այս արարքի համար` նրանց քշեցին այնպիսի վայրեր, որտեղ չէին կարող վտանգ ներկայացնել: Ճանապարհին պատերազմական պայմանների հետևանքով նրանց մի մասը մահացավ: Արդյունքում` 12-13 տարեկան երեխայի համար սա բավական հասկանալի տեղեկություն էր թվում:

 – Ինչո՞ւ սկսեցիք ուսումնասիրել Հայկական հարցը:

-Լիցեյում սովորելու տարիներին սկսեցի Taraf թերթը կարդալ, և իմ մեջ կասկած առաջացավ այն ամենի նկատմամբ, ինչ մեզ սովորեցնում է պաշտոնական պատմագրությունը: Ինչքան շատ էի կարդում, այնքան ավելի էր իմ մեջ բորբոքվում կասկածը, և ես սկսեցի ամբողջովին վերանայել այն, ինչ ինձ դպրոցում էին սովորեցրել: Սա ոչ միայն հայերին է վերաբերում, այլ նաև քրդերին, ալևիներին: Սակայն ինձ համար շատ ցավոտ էր այս բացահայտումների ընթացքը: Քրդերի պարագայում ավելի հեշտ էր, քանի որ դասագրքերում նրանց չեն վարկաբեկել և որպես թշնամու չեն ներկայացրել: Բայց Հայկական հարցի դեպքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: Ինձ համար հատկապես դժվար էր գիտակցել, որ մեր հարկերի միջոցով մեզ կրթող դպրոցներում բացահայտ սուտ են ասում: Ես այն ժամանակ «ցեղասպանություն» բառը չէի օգտագործում: Նույնիսկ իմ հիշատակած Taraf թերթից Ահմեդ Ալթանի հոդվածը անընդունելի համարեցի, քանի որ նա «ցեղասպանություն» բառն էր կիրառել: Սակայն իմ կարդացածները բավական էին, որ 16 տարեկանում իմ խղճի վարագույրը բացվեր:

– Գիտեմ, որ ամեն տարի մասնակցում եք Հրանտ Դինքին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ինչպե՞ս եք եկել այդ որոշմանը, արդյոք չե՞ք վախենում ձեր կյանքի ու ապագայի համար:

– Այո՛, մասնակցում եմ: Այս որոշումը մարդուն վախեցնում է, սակայն, ի վերջո, խիղճը թելադրում է այն, ինչ պետք է անել: Մանավանդ Հրանտ Դինքի օրինակը շատ ցավալի է: Չնայած երկու ժողովուրդների միջև եղած խնդիրների` Դինքը բավական զուսպ արտահայտվող անձնավորություն էր: Ցավալի է, որ Դինքի նման մարդը 3-4 տարվա ընթացքում ցուցադրաբար սպանվեց: Շատ եմ կարևորում Դինքի գործունեությունը «Ակօս»-ում, ինչպես նաև այն փաստը, որ նրա մահից հետո Թուրքիայում խիղճ ունեցող մարդիկ սկսեցին համախմբվել նրա անվան ներքո:

Կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայում շատ բան է փոխվել, նախկին ճնշումներն այլևս չկան: Օրինակ` այս տարի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունն անցկացվեց ոստիկանության հսկողության ներքո: Հիշում եմ` 2005 թվականին Բողազիչի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով կոնֆերանսից հետո հետաքննություն սկսվեց: 8 տարվա ընթացքում մեր ապրած առաջընթացն, անշուշտ, կարևոր է, սակայն դա չի նշանակում, որ այսօր մենք ցանկացած վայրում կարող ենք արտասանել «ցեղասպանություն» բառը, քանի որ ազգայնական լուրջ ռեֆլեքսներ կան:

– Արդյոք Ձեր շրջապատում ենթարկվո՞ւմ եք քննադատության Ձեր հայացքների պատճառով:

– Չեմ կարող ասել, թե որևէ մեկն ինձ վրա ճնշում է գործադրում: Իհարկե, մտերիմ զրույցների ժամանակ, երբ «ցեղասպանություն» եմ ասում, հանդիպում եմ արդեն անգիր արած դասական ազգայնական արձագանքի, սակայն նման մարդիկ իսկապես կան, և նրանք մեր երկրում մեծամասնություն են կազմում: Մենք պետք է ընդունենք այս ճշմարտությունը:

– Ի՞նչ եք կարծում` թուրքական հասարակության և հատկապես երիտասարդության ժխտողական դիրքորոշման պատճառը իրազեկության պակա՞սն է, թե՞…

-Այո՛, ժխտողականության հիմնական պատճառը չիմացությունն է կամ, այլ կերպ ասած, նրանց չիրազեկելը: Մեզ պատմել են, որ հայերը դավաճան են: Եթե ուզում են վարկաբեկել մեկին, ասում են` նրա մայրը հայ է: Ցավալի է, որ հասարակության մի մասի համար սա ընդունելի է: Մի հասարակ մարդ, որը տարիներ շարունակ իմացել է, թե հայերը թշնամի են, այժմ հեշտությամբ չի կարող ընկալել այն ճշմարտությունը, որ հայերի պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում:

 – Ի՞նչ գործունեություն եք ծավալում Ձեր մտերիմների և ընկերների շրջանում հայերի նկատմամբ ընկալումները փոխելու համար:

– Զրույցների ժամանակ աշխատում եմ այնպես խոսել, որ չդիպչեմ ընկերներիս համար ցավոտ հարցերին, նուրբ լարերին: Ավելի շատ աշխատում եմ կասկած առաջացնել նրանց մեջ: Սակայն ես իմ պարտականությունը չեմ համարում բոլոր մարդկանց ճշմարտությունը պատմելը: Հասարակության վերաբերմունքի փոփոխության մասին կասեմ հետևյալը. սա մի գործընթաց է, և ինձ նման երիտասարդներն այս գործընթացի համար խթան են: Անձամբ ես լսում եմ իմ խղճի ձայնը: Ես աշխատում եմ լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ընդունում են, որ իրենց պապերը կեղեքել են հայերին:

 – Վերջին տարիներին ցեղասպանության հարցում թուրք հասարակության մեջ որոշակի դրական առաջընթաց է նկատվում: Ըստ Ձեզ` դա անկե՞ղծ է, իսկապե՞ս մարդիկ հասկանում և ընկալում են պատմական ճշմարտությունը:

– Այո՛, Թուրքիայում հասարակության ընկալման մեջ իրոք աստիճանաբար փոփոխություն է տեղի ունենում: Սրա հիմնական պատճառը վերջին տարիներին խոսքի ազատության հարցում կատարված դրական քայլերն են: Ժամանակին հեռուստատեսությամբ կամ որևէ թերթի սյունակում ցեղասպանության մասին գրելը ռիսկային մի բան էր: Բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ ունեցան Էլիֆ Շաֆաքը իր գրքի, իսկ Օրհան Փամուքն էլ իր խոսքերի համար:

Կարծում եմ, որ տեղի ունեցող փոփոխություններն իսկապես անկեղծ են: Պետությունը գիտի, որ չի կարող փախչել 2015 թվականից: Ուստի Թուրքիան աշխատում է մեղմել միջազգային հանրության զայրույթը իր նկատմամբ: Ընդհանրապես ես անհամբերությամբ եմ սպասում 2015 թվականին. այդ տարի Թուրքիան նշելու է Չանաքքալեի պատերազմում իր հաղթանակի 100-ամյակը, իսկ աշխարհի մնացած մասը սգալու է Հայոց ցեղասպանության մեկդարյա վիշտը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ ճշմարտությունը իմացած մարդիկ անկեղծ են իրենց վերաբերմունքի մեջ, քանի որ չնայած տարվող քարոզչությանը և պաշտոնական պատմագրության թեզերին, նրանք ինքնուրույն ջանք են գործադրել, որ գտնեն այդ ճշմարտությունը: Այսինքն` այս մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ի՛նչ են անում:

 – Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչ դեր ունեն հայ և թուրք երիտասարդները: 

– Հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ շատ հեշտությամբ կարող ենք տեղեկություն ստանալ: Ինչքան ուզում են, թող գրաքննություն կիրառեն, միևնույն է, հայկական սփյուռքի պատմությունը, որը գիտի, թե Տիգրիսի ափին իրենց պապերին կոտորել են, իսկ տատերին էլ ձուլել, քրդացրել են, մեր համակարգչի էկրանից այն կողմում է: Սփյուռք ասելիս արդեն մի գազանի չենք պատկերացնում: Համացանցում կարդում ենք, որ այդ մարդիկ Անատոլիայի բնիկներն են եղել, որոնք ստիպված էին փախչել իրենց հայրենիքից: Հայ ասելով` մենք վիրավորական բառ չենք հասկանում, այլ հասկանում ենք այս հողերի հնագույն բնիկ մի ժողովուրդ, որը ավելի քան 2000 տարվա քաղաքակրթության կրող է համարվում:

Մենք` որպես երիտասարդներ, պետք է աշխատենք փոխել, լուսավորել մեզնից մեծերի մեջ ձևավորված ընկալումը: Չնայած մեր երիտասարդ տարիքին` անհրաժեշտ է մեր քաղաքական գործիչներին ցույց տալ, որ մենք այլևս չենք ուզում, որ երկու ժողովուրդների միջև պատնեշներ կառուցվեն: Երկու երկրների համալսարանական շրջանակներում հիմնված ուսանողական միությունների միջնորդությամբ պետք է փոխայցելություններ կազմակերպել, երկխոսություն իրականացնել: Օրինակ` սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելով մեր տներում` «Բարով եք եկել ձեր տուն» նախագիծ կարող ենք իրականացնել: Իրականում շատ բան է հնարավոր անել, սակայն ամենակարևորը մի հասարակ երիտասարդի գիտակցության մեջ ինչ-որ բան փոխելն է: Պատմությունը կերտողները մեզ նման մարդիկ են եղել, ուրեմն մենք էլ կարող ենք:

– Եթե մի օր այցելեք Երևան, լինեք Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ի՞նչ կգրեք ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

– Ցեղասպանությունից ավելի վատ բան էլ կա, այն է` դրա ժխտումը: Ես համեմատաբար ավելի փոքր տարիքում եմ առերեսվել այս ճշմարտության հետ: Երանի՜ իմ մանկության ընկերոջ անունը Հակոբ Մկրտչյան լիներ: Այդ ժամանակ Անահիտ անունով մի հարևան մորաքույր էլ կունենայի, նրա տանը տոլմա կուտեինք: Հայ և քուրդ դասարանցիներիս հետ միասին վեճի կբռնվեինք` որոշելու համար, թե ո՛վ է ավելի լավ քաղցրավենիք պատրաստում, միշտ միասին կծիծաղեինք: Սակայն 1915 թվականը ինձ զրկեց միանգամայն այլ մի մթնոլորտից: Ավելին` ոչնչացված մարդկանց դարձրեց իմ երևակայական թշնամիները: Ես էլ, այս հանցանքը ժխտելով, դառնում եմ դրա հանցակիցը: Ցավում եմ այս մեղքի հանցակիցը դարձած թուրք մտերիմներիս համար:

 

Հարցազրույցը վարեց  Տաթևիկ  ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ֆրանսահայ. «Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է»

ԹամարԹամար Անդրեասյանն իր երեք  երեխաների հետ ամառային հանգիստն անցկացնում է Հայաստանում: Շուտով նրանց կմիանա նաև ամուսինը:

Ֆրանսիայում ապրող Անդրեասյանների ընտանիքը հնարավորության դեպքում նախընտրում է ամառային հանգիստը Հայաստանում անցկացնել: Եթե նախկինում Հայաստան այցելելու որոշումը ամուսիններով էին կայացնում, ապա այժմ երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ կգա ամառային արձակուրդը, որ Հայաստան գան:

Թամար Անդրեասյանը ծնվել է Լիբանանում: 15 տարի Բեյրութում ապրելուց հետո, Լիբանանում սկսված պատերազմի պատճառով ընտանիքով Ֆրանսիա են տեղափոխվել: Այստեղ էլ Թամարը ծանոթացել է իր ապագա ամուսնու` Վազգենի հետ:  Ամուսնանալուց հետո` 1993-ին, զույգը Հայաստան է գալիս, ուր ամուսինը 1,5 տարի ծառայություն է անցնում ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատանը:

Այժմ ապրում են Ֆրանսիայի Վիրոֆլե բնակավայրում, ունեն երեք երեխա. ավագը 18, կրտսերը 14 տարեկան է: Տիկին Թամարը տեղի հայկական դպրոցում երեխաներին հայերեն է դասավանդում:

«Անկախը» զրուցել է տիկին Թամարի հետ Հայաստանի մասին նրա տպավորությունների և Ֆրանսիայում հայապահպանության խնդրի մասին:

-Տիկին Թամար, գիտեմ, որ Ձեր տանը միայն հայերեն եք խոսում: Երեխաները չե՞ն ընդդիմանում:

– Երբ որ ֆրանսերեն խոսած են, ասել ենք` հայերեն խոսեցեք: Մեր տանը միշտ բացատրել ենք, թե ինչու կուզենք, որ հայերեն խոսին: Ամեն տարիքին իրենց մակարդակին բացատրել ենք, թե ինչու մեզի համար կարևոր է, որ իրենք հայերեն խոսին: Մեր կեցվածքն  ալ  գուցե իր կարևորությունն ունեցել է: Մենք միշտ խոսել ենք հայերեն, նույնիսկ դուրսը` ֆրանսիացիների դիմաց:  Երբ երեխային դպրոց տարել եմ կամ դպրոցեն առել եմ, ես միշտ իմ երեխայիս հետ ուսուցչուհուն ալ դիմաց հայերեն եմ խոսել, երբեք չեմ ամաչել հայերեն խոսելեն: Կրնա ըլալ, որ երեխաները տեսնելով, որ ես այնքան վստահ և հանգիստ եմ թե՛ իմ ինքնությանս, թե՛ լեզվիս մեջ, իրենք էլ խոսել են:

Հայերեն խոսելն ինձ համար քաղաքական ակտ է: Եթե մենք հայերեն չխոսինք, ո՞վ պիտի խոսի: Իսկ եթե չես խոսիր, ուրեմն կզիջես, ուրեմն դուն ալ պատասխանատվություն մը ունիս լեզվին նահանջին մեջ:

Հայերեն խոսելն առավելություն և հպարտություն է դիտվել:

Հայ ըլլալը միայն  լեզուն չէ, բայց առանց լեզվին էլ մշակույթը չեմ գիտեր, թե ինչպես կփոխանցենք: Եթե լեզուն հանենք, շատ բան չի մնա:

– Իսկ հայերեն խոսել պարտադրելուց  բացի, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երեխաներին հայ մեծացնելու համար:

– Ֆրանսիայի մեջ դժվար է, որովհետև համայնքի դրվածքը տարբեր է հոն, քան Լիբանան: Ասում են` 400-500 հազար հայ կա Ֆրանսիա, բայց կրնանք ըսել, որ թույլ համայնք է: Այնուամենայնիվ, կարևոր էր մեզի համար, որ երեխաները հայկական միջավայր ալ ունենան:

Երեխաներս 10 տարի  շաբաթօրյա դպրոց  եմ տարել,  որ հայերեն խոսին, սորվին և հայկական շրջանակի մեջ ըլլան: Ադկե ետք, երբ այդ դպրոցը ձգեցինք,  երեխաներին խնդրեցինք, որ ըստ նախասիրության անդամակցեն հայկական միության մը: Երկու մեծերն ընտրեցին սկաուտությունը, իսկ փոքրն ուզեց  հայկական պարի երթալ:

Միշտ շեշտը դրել ենք  տարբերվելու վրա, դա հատուկ քաղաքականություն է մեր ընտանիքում: Օրինակ` եթե Ֆրանսիացիները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ին, մենք` հունվարի 5-ի գիշերը, չնայած որ հատուկ հավատացյալ չենք: Կաղանդ պապան  31-ին կուգար, երբ երեխաներս փոքր էին: Ֆրանսիայում այդպես չեն անում:

Տոնում ենք  Բարեկենդանը,Վարդավառը,  ամեն տոները, որոնք, եթե Հայաստանում լինեի, կարող էի չտոնել: Բայց ֆրանսիայում ըրել եմ, որ մեր տոները իմանան:

– Ձեր երեխաները չե՞ն ընդդիմանում  իրենց հասակակիցներից տարբերվելուն:

– Ոչ, որովհետև այդ տարբերությունն առավելություն է մեզի համար: Պատահած է, որ երեխաներն ըսեն` մենք ֆրանսացի ենք: Բացատրած ենք, որ ճիշտ է, Ֆրանսա ծնած եք, Ֆրանսիայի քաղաքացի եք, բայց եթե մենք հոս ենք այսօր, պատճառ մը կա, բացատրություն մը, որուն պետք է անդրադառնալ: Մեր մեծ հայրերը, մայրերը Արևմտահայաստանեն ջարդված, տեղահանված են, մեր Ֆրանսիա գտնվիլն անխուսափելիորեն կապված է այդ դեպքին:

Պզտիկ տղաս ինձի միշտ կըսե` դուն լիբանանցի ես: Կըսեմ` չէ, հայ եմ:  Ֆրանսիայի մտքերը ինձ ամենեն մոտիկն են, Ֆրանսիա ինձ լավ կզգամ, բայց ես այնուամենայնիվ  հայ եմ, ոչ ֆրանսիացի: Իմ կարծիքով, երեխաները չեն կրնար հանգիստ ըլլալ իրենց ինքնության մեջ, եթե դուրս ձգենք իրենց հայկական բաժինը, իրենց արմատները:

Պիտի ուրախանամ և կարծեմ, որ հաջողած  եմ կյանքիս մեջ, եթե երեխաներս հայու հետ ընտանիք կազմեն: Այդ պարագային  ձուլումը քիչ մը կհետաձգվի: Որովհետև, եթե օտարության մեջ կապրիս, ուզես թե չուզես, կձուլվիս:  Օտարության  մեջ  ձուլումը ժամանակի հարց է:

-Իսկ ինչո՞վ է դժվար Ֆրանսիայում երեխային հայ պահելը և մեծացնելը:

– Ֆրանսիային մեջ շատ դժվար է հայ մնալը, որովհետև ադիկա այլևս բնական վիճակ  չէ, այլ պայքար: Եթե հատուկ ջանք չթափենք հայ մնալու համար, հետզհետե հետընթաց կունենանք: Երեխաները   24 ժամ  ֆրանսիական միջավայրի մեջ են, ֆրանսիական դպրոց կերթան, ունին իրենց ֆրանսիական շրջապատը և այլն: Հարկավոր է անընդհատ հակակշռել, որպեսզի հայերենը մնա:

Ցավոք սրտի,  միջոցառումները քիչ են, ամեն ինչով պակաս է հայերենը: Նույնիսկ ամենօրյա դպրոցը  չի կարող ապահովել հայերենի լավ մակարդակ  Ֆրանսիային մեջ: Խնդիրն անիկա է, որ հայկական դպրոցներում  հայերենն այլևս միայն  նյութ մըն է, օրը մեկ կամ մեկուկես ժամ, ինչպես անգլերենը պիտի դասավանդվեր ուրիշ տեղ: Պետք է նաև ընդունինք,  որ նույնիսկ հայկական դպրոցներում երեխաները  հայերեն չեն խոսում, հայկական որևէ մեկ ամենօրյա դպրոցում ֆրանսերենն է, որ կլսեք:  Եթե բակ իջնեք, ֆրանսերեն կլսեք:

– Ո՞րն է պատճառը, որ անգամ հայկական դպրոցում ֆրանսերեն են խոսում:

– Եթե ատիկա գտնենք, եթե գտնենք ադոր պատասխանը, արդեն հարցին լուծումը  կունենանք: Շատ մտածեր եմ աս հարցին շուրջ, և մեկ պատասխան չկա, պատճառները շատ են:

Պետք է խոստովանիմ, որ անզոր կզգամ, չեմ գիտեր` ինչպես դիմադրել: Ձեզի օրինակ մը կրնամ տալ: Մանկապարտեզի դասարանս ես միայն հայերեն կխոսիմ:  Աշակերտներուն մեջ կան հայախոս երեխաներ, կան նաև ոչ հայախոս երեխաներ: Ստիպված եմ անդրադառնալ, որ երբ երեխաները իրար մեջ կխաղան, հայախոսները կսկսին ֆրանսերեն խոսիլ  և ոչ  հակառակը: Չեմ գիտեր` ինչ պետք է ընենք, որ պզտիկները իրարու  հետ հայերեն խոսին: Եթե որևէ մեկը լուծումը ունի, շատ մեծ ուրախությամբ կհետևեմ:

-Իսկ  ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

– Իրականության մեջ այս հարցին մասին երբեք  չեմ մտածած Լիբանան, հոն հայ էի, ու վերջ: Հարցն ավելի դրվեցավ Ֆրանսա, ուր հայ մնալու հարցը առաջացավ:  Հետևաբար, եթե կխոսինք  հայ մնալու մասին, ուրեմն պետք է նախ ըլլանք հայ…

Ուրեմն ինձի համար հայ ըլլալը լեզուս` հայերենը խոսիլն է, մշակույթս պահել` ինձի փոխանցված ընտանեկան արժեքները, վարքը,  մեր պատմությունը  գիտնալ և ադ ամենը կարենալ փոխանցել:

Ջարդը  հայ ըլլալը զրկեց բնական վիճակեն, հայ ըլլալը դարձուց պայքար, ամենօրյա գիտակցություն: Մեր քովը, եթե այդ հարցը չդնենք, թե ինչ է հայ ըլլալը և ինչու կխոսինք այդ լեզուն, կդառնանք ֆրանսիացի: Եվ վերջ:

– Երբևէ մտածե՞լ եք Հայաստանում հաստատվելու մասին:

– Մտածել ենք և երթալեն ավելի կմտածենք: Մեզի համար ըսած ենք` եթե Ֆրանսիայեն տեղ մը պիտի տեղափոխվինք, ապա միայն Հայաստան: Միտքը կա: Վերջը պետք է գտնենք, թե ինչ պիտի ընենք հոս: Մանեն (ավագ դուստրը-Հ.Բ.) այս տարի պիտի սկսի բժշկություն ուսանել: Երեխաների մեջ այդ միտքը կա, որ բան մը ընենք, որ եթե երթանք Հայաստան, բանի մը ծառայե մեր ուսումը:

– Առաջին անգամ Հայաստան եք եկել 1993-ին` ծանր ժամանակաշրջանում: Երբևէ զղջացե՞լ եք դրա համար և ի՞նչ հուշեր  ունեք այն տարիներից:

– 93-ին, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը բացվեց, ամուսինս դիմեց դեսպանատանը աշխատելու համար:  Ֆրանսիայում, եթե որոշակի կրթություն ունես, կարող ես բոլորի պես ծառայել բանակում  կամ որոշ կազմակերպություններում աշխատել:

Ու 1993-ին փոխադրվեցանք Հայաստան: Այդ դժվար պայմաններուն  մեջ հոս էինք, և պետք է ասել, որ շատ կարևոր շրջան էր, մանավանդ ինձի համար: Հոն էր, որ ծանոթացա Հայաստանի, երկրի հետ, մինչև այդ Հայաստանը վերացական գաղափար մըն էր: Չմնացի օտարների շրջանակին մեջ միայն, կարողացա խառնվիլ, ծանոթանալ, կրցա հայաստանցիներու հետ շաղվիլ:

Սկիզբը ծանր էր, նոր ամուսնացած էինք, Լիբանանի պատերազմեն փախեր  էինք, այստեղի  պայմանները  Լիբանանեն շատ ավելի ծանր էին, ցուրտ էր, լույս չկար, ջուր չկար, վառելանյութ գտնելու դժվարությունները կային, բայց երբևէ չեմ զղջացել: Եթե պայմանները ծանր էին, մարդկային հարաբերությունները շատ ավելի ջերմ էին, հույսերու պահ էր:

– Իսկ այն ժամանակվա և ներկայիս Հայաստանը ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

– Այն ատեն պայմանները շատ դժվար էին, հիմա էլ պայմանները շատ դժվար են, բայց տարբեր դժվարություններ են: Եթե այն ատեն հոսանք չկար, ջուր չկար, մարդիկ այդ բաներու հետևեն էին, հիմա հոսանքը կա, ջուրը կա, բայց ուրիշ շատ մեծ դժվարություններու մեջ են մարդիկ, դժգոհ մարդիկ շատ կան, աղքատությունը շատ է:

Առանց մեծ քաղաքական վերլուծումների մեջ մտնելու` ինձ կթվի,  որ  եթե  Երևանում  կյանքի  պայմանները հիմա ավելի լավ են, քան 93-ին (գյուղերում վիճակն  ավելի ծանր է),  ապա մարդիկ հիմա կորսնցուցեր են իրենց հույսը  ապագային մեջ:

Ընդերքի ջուրը վատնում ենք ավելի արագ, քան այն հասցնում է վերականգնվել

յուրի ջավադյանԱնցյալ շաբաթ, կառավարության նիստի ժամանակ, գործադիրին ներկայացվեց Արարատյան արտեզյան ավազանում տիրող վիճակը, ներկայացվեցին լրջագույն խնդիրներ, և վարչապետն այդ խնդիրները լուծելու համար որոշ հանձնարարականներ հնչեցրեց, մասնավորապես` որոշ արտեզյան հորեր կոնսերվացնելու վերաբերյալ: Ընդերքային ջրերի աղետալի վիճակի ուսումնասիրության և վեր հանված խնդիրների լուծման առաջարկության հեղինակներից մեկն էլ Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն է:  Նա «Անկախին» ներկայացրեց, թե որոնք են այս ոլորտի խնդիրներն ու անելիքները:

– Պարո՛ն Ջավադյան, ընդերքային ջրերի ի՞նչ պաշարներ ունենք Արարատյան արտեզյան ավազանում, և  ի՞նչ խնդիրներ են այնտեղ առաջացել: 

– Այդ պաշարները վերջին անգամ որոշվել են 1984 թ.: Այդ տվյալներով` Արարատյան արտեզյան ավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար, լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից` տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Սա է այն հիմնական գիծը, որից ավելի ջուր օգտագործելու թույլտվություն տալու իրավունք  որևիցե մեկը չունի, և որից ավելի օգտագործումը խափանում է ավազանի վերականգնումը:

Այդ ավազանի գրունտային շերտն այն 80 մետրն է, որը հորատելով ջրերից օգտվում են խորքային հորերը: Դրանք էլ երկու տեսակի են` պոմպերով ու շատրվանող խորքային հորեր: Խնդիրները հիմնականում շատրվանող հորերն են առաջացնում: Եթե դրանց շատ ջուր օգտագործելու թույլտվություն տրվի, ապա խորքային ջրերի ճնշումներն անընդհատ կընկնեն: Այդ խորքային հորերից ջուր օգտագործելու համար պետք է այնքան ջրօգտագործման թույլտվություն տրվի, որ ավազանը վերականգնման հնարավորություն ունենա: Մենք վերականգնման հնարավորությունը վերացրել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55% հանվում է  անօրինական: Այսինքն` ստացվում է, որ մենք 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար տարեկան 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում: Այսինքն` շատ հետաքրքիր ու տխուր տվյալներ ի հայտ եկան, որոնք կործանման կհանգեցնեն Արարատյան դաշտը, եթե այսպես շարունակվի ու արագ միջոցներ չձեռնարկվեն:

– Խնդրում ենք ավելի մանրամասն նշել, թե ինչ սպառնալիքներ կան:

 -Մեծամոր ` նախկին Սևջուր կոչվող գետի հունում, որը սկսվում է Այղր լճից, 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաև Ակնալճի ջրատվությունն է 70-75%-ով անկում ապրել: Այժմ ռիսկեր են առաջացել արդեն Ակնալճից սնվող ոռոգելի տարածքների համար, քանի որ պոմպակայաններ կային, որոնք լճից ջուր էին հանում, ու ահագին հողատարածքներ ոռոգվում էին այդ ջրերով: Քանի որ այդտեղի բոլոր լճերն ու աղբյուրներն արտեզյան ճնշումային զոնայի հետ ընդհանուր կապի մեջ են, խիստ տուժում են նաև նրանք, ինչպես նաև այն 80 մ հաստությամբ շերտը, որը տակից է սնվում: Մեր հետազոտությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանային և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այժմ մեր արտեզյան զոնան կրճատվել է: Կրճատումն ընդգրկում է արտեզյան ավազանի սահմանի ամբողջ երկարությամբ 5 կմ լայնությամբ տարածք: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում, քանի որ կոլեկտորում արդեն ջուր չկա, չոր է, արդեն հողի ստրուկտուրան է փոխվում: Հողը սկսում է  անապատային ստրուկտուրա ձեռք բերել:

Դրանից բացի, այդ շրջանում ձկնային տնտեսությունների մոտ 85%-ի հատակները բետոնապատված չեն: Փաստորեն, ձկնային տնտեսությունների զոնայի հողերում ջրի շերտը սկսվում է 1 մետրից` ձկնաբուծարանի ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Արարատյան դաշտավայրում ժամանակին կառուցել ենք կոլեկտոր, դրենաժային համակարգ, անընդհատ մաքրում ու շահագործում էինք հողերը, որպեսզի ջրի մակարդակը պահենք 2-3 մետրի վրա: Այդ 10 հազար հեկտարը, որ մոտիկ են այդ 85% բետոնապատված հատակներով ձկնաբուծարաններին, ջրի շերտի մակարդակը հասել է 0.5 մետրի, իսկ 12 հազար հեկտարի վրա` մինչև 1 մետրի: Այսինքն` մենք մի կողմից անապատ ենք ստանում, մյուս կողմից` ճահճացում ու կրկնակի աղակալման վտանգ:

Արարատյան դաշտը մեր ոսկե ֆոնդն է, քանի որ ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի  մոտ 75%-ը ստացվում է Արարատյան դաշտի 83 հազար հեկտար հողատարածքներից: Այսպիսով, մենք կարող ենք նաև աստիճանաբար զրկվել դրանից: Իսկ դրա  հետևանքով և՛ չքավորությունն է ավելանալու, և՛ տնտեսությունն է տուժելու:

Իսկ եթե խմելու ջրի պաշարներն էլ արդեն սկսեն տատանվել ու նվազել, այդ դեպքում բացի ոռոգումից, արդեն խմելու ջրի հիմնախնդիր էլ է առաջանալու, որովհետև Արարատյան դաշտի բազմաթիվ գյուղեր այդ նույն շատրվանող հորերից են հիմնականում օգտվում խմելու ջուր ստանալու համար:

– Այս ամենի մեղավորն ո՞վ է:

 – Յուրաքանչյուր պետության լիազոր մարմին, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակություն` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարն ու ջրի ռազմավարական պաշարը: Այս երեք պաշարները, եթե ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, այսպիսի վիճակ չէր ստեղծվի, կտեսնեին, որ մեր ռազմավարական պաշարներն այսքան են, բայց մենք սկսում ենք այդ պաշարներից ավելի շատ օգտվել, և այդ պաշարը ոչնչանում է: Այդ մոնիթորինգի արդյունքներն ամեն տարի պետք է լիազոր մարմինն ուղարկեր կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է, բայց չի արվել:

– Այժմ ի՞նչ պետք է արվի իրավիճակից ելք գտնելու համար: 

– Սա Արարատյան հարթավայրի ճնշումային զոնան է: Սև գիծն այսօրվա վիճակն է: Այսինքն` այս ամբողջ` 5 կմ լայնությամբ միջին գիծը պակասել է: Այստեղ են չորացած կոլեկտորները, այստեղ են այն չորացած հորերը, որ խմելու ջուր են տալիս, այստեղ են այն չորացած հողերը, որոնց ոռոգման ջուր են տալիս: Այստեղ է անապատացում դիտարկվում: Սա է խնդիրը, որ շտապ լուծում է պահանջում:

– Ո՞րն է, ըստ Ձեզ,  այս հարցի լուծումը: 

– Ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու  գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի. հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը, որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլատրված քանակությամբ ջուր: Այս համակարգում մարդկային գործոնը նվազագույն է, բայց այն մեծ ծախսերի հետ է կապված: Ուստի այժմ առաջարկել ենք, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես կնվազի: Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ջրի հանույթը զգալիորեն պակասի. 3-4 անգամ պետք է պակասի, որպեսզի մենք հույս ունենանք, որ վերարտադրություն կլինի: Այդ դեպքում, ճնշումները կբարձրանան, սնուցումը կլավանա:

Այդ հորերի կոնսերվացումը և այլ ձեռնարկումները միջոցառումներ են, որոնք որոշ օգնություն կլինեն, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70%-ով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այն դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա  ընթացքում պաշարները կարող են վերականգնվել:

– Ձեր առաջարկած ծրագիրը, հատկապես ձկնաբուծարանների մասով,  որոշակի ֆինանսական պահանջներ ունի: Այդ ֆինանսները ո՞րտեղից պետք է հայթայթվեն:

 – Օրինակ` Հյուսիսային Եվրոպայի երկրներում, որոնք հիմնականում արտադրում են նշված փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծության համար անհրաժեշտ  սարքավորումները, այս ոլորտում քաղաքականությունն այնպիսին է, որ  առանց կառավարության երաշխավորության, միայն ձկնային տնտեսության ֆինանսական հոսքերի, ներկայացրած ծրագրերի վրա հենվելով, տալիս են մինչեւ 5-7% տոկոսադրույքով վարկեր` այդպիսի տեխնոլոգիաներ ներդնելու համար: Դրանք ամենաէժան վարկերն են: Դա ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղություններից մեկն է: Մենք կառավարությանն առաջարկել ենք, հիմա էլ ընթացքի մեջ է այդ առաջարկը, և հնարավոր է, որ կառավարությունն այդ տնտեսվարողներին շրջանառու փոխհատուցող միջոցներ տրամադրի:

– Եթե բազմաթիվ ձկնային տնտեսություններից հրաժարվելու հարց առաջանա, դա կլինի՞ այն արդարացված գինը, որը մենք պետք է վճարենք ստորգետնյա ջրերի ռեսուրսները վերականգնելու համար, արժե՞ զոհաբերել ձկնաբուծությունը, որպեսզի Արարատյան արտեզային ավազանի հարցը լուծվի:

 – Զոհաբերելու մասին առայժմ չենք մտածում, մենք մտածում ենք այնպես անել, որ ո՛չ ձկնային տնտեսությունը տուժի, ո՛չ էլ մեր ռեսուրսները տուժեն: Իհարկե, առաջնայինը ռեսուրսներն են, այլ տեղում էլ կարող ենք ձուկ աճեցնել: Եթե հարկ լինի, ապա արժե այդ գինը վճարել` փակել բոլոր ձկնաբուծարանները և Արարատյան դաշտավայրը չկորցնել: Այս հարցը մեզ համար խոշոր` ռազմավարական նշանակություն ունի:

Հայաստան-Ռումինիա ուղիղ օդային ճանապարհը կփրկի տնտեսությունը

վարուժան ոսկանյան2013 թ. ամառը (8-9 հուլիս) նշանավորվեց  մի շատ կարևոր իրադարձությամբ` հայ–ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստով: Նիստի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստին մասնակցեցին հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Հանդիպելով Վարուժան Ոսկանյանին` «Անկախը» նպատակ ուներ մեկնաբանություններ ստանալ այդ փաստաթղթի  և առհասարակ երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին:

– Պրն. Ոսկանյան, ինչպիսի՞ն են հայ–ռումինական կապերի, համագործակցության հեռանկարները:

– Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը, անշուշտ, զարգացման հեռանկար ունեն, քանի որ վերջին տարիներին, չնայած մեր երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական և ներդրումային կապերն այնքան էլ բարձր մակարդակում չեն: Այդ իսկ պատճառով, օգտագործելով երկու երկրների ավանդական կապերը, որոշեցինք քաջալերել Ռումինիային՝ Ռումինիա-Հայաստան առևտրային պալատ ստեղծելու նպատակով: Ուստի հպարտ ենք, որ այսօր համապատասխան առևտրային պալատի հետ կարողացանք հայ-ռումինական համագործակցության պայմանագիր ստորագրել:

– Ո՞րն է երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը:

– Նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության, անասնաբուժության, գյուղատնտեսության (սերմացուի և տնկանյութի փոխադարձ ներկրումներ), սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, կրոնի բնագավառներում:

– Մի խոսքով, փորձում եք ակտիվացնել գրեթե բոլոր բնագավառները:

– Այո, երկկողմ համաձայնագրեր ենք ստորագրել տարբեր ոլորտներում` սկսած մշակույթից մինչև  տնտեսություն, ներկայացրել ենք ՀՀ ներդրումային հնարավորությունները։

– Ինչո՞ւ 2013-ը վճռորոշ եղավ երկկողմ համագործակցության համար:

Հայաստանը երկար ժամանակ մեկուսացած էր, գուցե Ռումինիայի հետ ուղիղ օդային կամ ծովային կապ չունենալու պատճառով, գուցե մենք իբրև քաղաքական դասակարգ, չկարողացանք լեզու գտնել մեր գործարար մարդկանց համագործակցության հարցում: Ուստի մեր գործարար մարդկանց ներկայությամբ ցանկացանք հզորացնել քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները:

– Ավելի լավ է ուշ, քան երբեք: Ինչի՞ց պետք է սկսել:

– Պետք է նախ և առաջ բարձրացնենք Ռումինիայում հայ ապրանքների որակը, որի համար որոշեցինք մշտական ներկայացուցչություն ունենալ թե՛ Ռումինիայում, թե՛ Հայաստանում: Ռումինիան պետք է կարողանա ներդրում կատարել շինարարության մեջ, էներգետիկայի, հեռահաղորդակցության մեջ, իսկ Հայաստանն ուժեղ է այդ հարցում:

– Այդ զարգացման ծրագրերից ո՞րն եք կարևորում:

– Պետք է վերջապես ուղիղ օդային կապ ստեղծենք երկու երկրների միջև: Անբնական է, որ Ռումինիա-Հայաստան ճանապարհի համար 9-10 ժամ ծախսենք: Եթե տրասնպորտային կապը թույլ է կամ խոչընդոտված, տնտեսական կապերի զարգացումը ևս կդժվարանա: Հուսով եմ, որ այդ շատ կարևոր հարցը ևս կլուծենք:

– Այնուամենայնիվ, համագործակցության ճանապարհին ո՞ր ոլորտը կարող է թերանալ:

– Չեմ կարծում, որ դժվարություններ, խոչընդոտներ կլինեն: Մեր ժողովուրդների միջև ավանդական և անկեղծ բարեկամական կապերը շատ ամուր են:

          Հետաքրքրվողներին ներկայացնում ենք այլ մանրամասներ.

Ռումինիայի և Հայաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, իսկ  Ռումինիայի հետ ամենաշահավետ մասը ներմուծումն է: Ընդ որում, Հայաստանից Ռումինիա արտահանվել է 600 հազար դոլարի ապրանք:

Կառավարության քաղաքական  կարևոր բաղադրիչ է համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը (2013 թ. փետրվարի 28-ին դրանց արժեքը կազմում է 35,6 մլրդ եվրո): Հիմնական ներդրողները Հոլանդիայից (7,0 մլն եվրո), Ավստրիայից (4,6 մլն եվրո) և Գերմանիայից են (4,1 մլն):

Ռումինիայի կառավարության ռազմավարությունն ուղղված է մրցունակության աջակցությանը, աշխատուժի զբաղվածությանը, հանրային ֆինանսների ամրապնդմանը և ֆինանսական կայունությանը: 2012 թ. հայ-ռումինական առևտրի արժեքը կազմել է 7,87 մլն ԱՄՆ դոլար: 2011 թ. համեմատ, երկկողմ առևտրի ընդհանուր արժեքը նվազել է 16%-ով, որից  ներմուծումն աճել 17 %-ով, իսկ արտահանումը նվազել է18 %-ով: 2013 թ. ապրիլի 30-ին հայ-ռումինական առևտրային ապրանքները 2051,4 հազար ԱՄՆ դոլար էին, որից Ռումինիայի արտահանումը Հայաստան կազմել է 2041,6 հազար, իսկ Ռումինիայի ներմուծումը ՀՀ-ից՝ 9,8 հազար ԱՄՆ դոլար, երկկողմ առևտրի հաշվեկշիռը հօգուտ Ռումինիայի` 2031,9 հազար ԱՄՆ:

Ուստի, երկկողմ առևտուրն ունեցել է տատանվող զարգացում և բավականին ցածր արժեք 2002-2003 թթ.: 2004-2010 թթ. երկկողմ առևտուրն աճ է գրանցել  (բացառելով 2009 թ., որը նշանավորվեց տնտեսաֆինանսական ճգնաժամով):

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա..

ՀրանտՄեր զրույցը քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ Հայաստանի քաղաքակական համակարգի և դրա կարգավորման շուտափույթ ելքեր գտնելու թեմայի մասին է:

– Պրն. Շահնազարյան, ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական համակարգն այսօր:

– Այն բարեփոխումների փուլում է: Քաղաքական ազատությունները` որպես մեխանիզմ, վերջին երկու-երեք տարվա ընթացքում բավական ազատականացվել են` նոր հնարավորություններ ընձեռելով ավելի քիչ պոտենցիալ ունեցող քաղաքական ուժերին: Դա պայմանավորված է նաև նրանով, որ նախկինում ընդդիմության գործունեությունը, որն այնքան էլ քաղաքական չէր և հիմնականում հիմնված էր քննադատության վրա, տարիների ընթացքում իրեն սպառեց, ու հասարակությունը սկսեց քաղաքական դաշտում բևռներ փնտրել: Այդ ուժը  կարծես ձևավորվում էր նախագահի ընտրությունների ժամանակ: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ հետևողական քայլերը վերջին հաշվով հանգեցրին հասարակության հիասթափության:

– Հատկապես ո՞ր քայլերն էին անհետևողական:

– Նա մտել էր քաղաքականության մեջ առանց հստակ ծրագրի: Ր. Հովհաննիսյանի ծրագիրն ավելի լոզունգային էր և իրականացման համար մեխանիզմներ չուներ: Նրա երկրորդ բացթողումը քաղաքական թիմի բացակայությունն էր, ինչն էլ հանգեցրեց մարդկանց անվստահության:

– Ասացիք, որ բարեփոխումներ են կատարվում: Հատկապես  ո՞ր ոլորտներում:

– Իրավական, արդարադատության, իրավապահ մարմինների, սոցիալական (օրինակ՝ աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում), նաև տնտեսության ոլորտներում: Իհարկե, դեռևս անհաջող, բայց առաջընթացի ձգտումներ երևում են: Այդ բարեփոխումների վառ ապացույցը վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն են, ինչը կարծես օլիգարխիայի հիմքերը թուլացնելու միտում ունի: Չեմ ժխտում, որ պետությունը չունի բավարար ռեսուրսներ ավելի արագ առաջընթացի համար, կամ գուցե լավ չի կարողանում  դրանք տնօրինել, քանի որ ունենք ստվերային տնտեսություն, օլիգարխիկ իրավիճակ, ամենաթողություն, հարկերից խուսափելու, նույնիսկ` բյուջեի մսխումների դեպքեր, բայց և շարժ տեսնում եմ:

– Այսինքն՝ ներկայիս ՀՀ քաղաքական  համակարգն ավելի շատ ռեֆորմիստական բնույթ ունի: Իսկ լավ քաղաքական գործիչների պոտենցիալի պակաս նկատո՞ւմ եք:

– Իրականում նոր դեմքեր ձևավորվում են: Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում ուշ թե շուտ կտեսնենք կա՛մ նոր քաղաքական ուժերի ձևավորում, կա՛մ եղածների արմատական վերափոխում: Կարծում եմ` այդ գործընթացները կսկսվեն այս աշնանը, քանի որ նախադրյալներ կան, սակայն մարտավարության խնդիր կլինի:

– Ընդդիմության դե՞րն ինչպես կգնահատեք:

– Քաղաքական ընդդիմությունը` որպես այդպիսին, ջախջախված է: Նրանք իրենք իրենց սպառեցին: Այդուհանդերձ, ընդդիմադիր տրամադրությունները հասարակության մեջ բավական մեծ են և լուրջ ազդեցություն ունեն երկրի ներքին զարգացումների վրա: Այսօր քաղաքական դաշտում մնալու բավարար պոտենցիալ ունի օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաև ԲՀԿ-ն, որը դեռևս կարողանում է բարեհաջող խուսանավել իշխանության և ընդդիմության միջակայքում: Ընդդիմությունը հայտարարում էր, որ պետք է պայքարի բռնապետության դեմ, բայց դա քաղաքական պայքար չէ, քանի որ բռնապետությանը հնարավոր չէ քաղաքական մեխանիզմներով հաղթել, այլ պետք է հեղափոխության դիմել: Ուստի, եթե ընդդիմությունը շարունակի գործել նախկին մեթոդներով՝ իշխանությանը հայտարարելով չարիք և նրան չընդունելով որպես քաղաքական մրցակցի, կարժանանա նույն ճակատագրին, ինչ ժամանակին Լևոն-Տեր Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց եթե քաղաքական գործընթացներն ուղղված լինեն մեխանիզմներ մշակելուն և խնդիրներ լուծելուն, ապա տարբեր հատվածական ձևավորվող «բջիջներ» կկարողանան միավորվել՝ հանգեցնելով դրական արդյունքի, անկախ այն հանգամանքից, թե ով կգա իշխանության:

– Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ քաղաքական համակարգի ընդդիմությունը: 

– Այն պետք է գործի քաղաքականության շրջանակներում՝ խուսափելով լոզունգային ուժ լինելուց: Անհրաժեշտ պահին նաև համագործակցի իշխանությունների հետ՝ քաղաքական լուծումներ գտնելու և երկրին իսկապես օգուտ տալու ուղղությամբ: Միայն քարկոծելով հարց չի լուծվի, քանի որ այդ կերպ այլընտրանք չես թողնում՝ հանգեցնելով հասարակության հիասթափության:

–Մեր հասարակությունը պատրա՞ստ է հեղափոխության:

– Իհարկե ոչ: Հեղափոխության պատրաստ չէ նաև իշխանությունը: Իրականում հայ հասարակությունը, որքան էլ դժգոհ լինի իշխանությունից, այն բռնապետություն չի համարում: Այսօր մեր հասարակությունը պայքարելու այլ միջոցներ է գտել՝ ազատ խոսք, արտահայտման հնարավորություններ և այլն: Պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չի եղել քաղաքացիական պատերազմ և կարծում եմ՝ երբեք չի լինի:

– Ի՞նչը միանգամից կքանդի օլիգարխիկ «սարդոստայնը»:

– Հեղափոխությունը, որին խիստ դեմ եմ: Խնդիրն այն է, որ օլիգարխիան մեծ կապիտալներ է տնօրինում և շատ աշխատատեղեր ստեղծում: Իսկ դա միանգամից քանդելը կհանգեցնի կապիտալի արտահոսքի, աշխատատեղերի փակման՝ էլ ավելի բարդացնելով առկա սոցիալական խնդիրները: Ուստի թույլ տնտեսություն ունեցող և ռազմական իրավիճակում գտնվող պետություններում ցանկացած փոփոխություն պետք է լինի փուլային, և ամեն ինչ հարթվի ժամանակի ընթացքում՝ օլիգարխներին օրենքի դաշտ բերելու ռազմավարությամբ:

– Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը հինգ տարի անց:

– Դժվար է կանխատեսել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնքան արագ է փոփոխվում, որ նույնիսկ դժվար է ասել՝ պատերազմ կլինի՞ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ: Սակայն, եթե տրամաբանությամբ զարգանա, ապա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ միջին շերտ կձևավորվի: Դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առաջնային խնդիրների շուտափույթ լուծում, ինչպիսին է, օրինակ՝ արտագաղթը և այլն:

– Հայաստանի ծաղկումը որքանո՞վ ձեռք կտա գերտերություններին:

– Ամուր Հայաստանը ձեռնտու է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին: Ռուսաստանի համար տարածաշրջանում դաշնակից ունենալու, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու, իսկ Արևմուտքի համար՝ Թուրքիայի տարածաշրջանի ակտիվացման նպատակով: Հայտնի է, որ Թուրքիան ակտիվ աշխատում է հարևան երկրների հետ, և Հարավային Կովկասում քաղաքական ակտիվությունը բացառապես Հայաստանի գործոնով է զսպվում: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բացի արցախյան խնդրից, գերտերությունները համաձայնեցնում են իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, և Հայաստանի պատճառով Թուրքիան մուտք չունի: Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ ընկալվում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կանխատեսելիության պահպանման հիմնական երաշխիքներից մեկը, հետևաբար ՀՀ-ում կայունությունը ձեռնտու է բոլոր գերտերություններին, ինչպես նաև Իրանին:

– Իսկ վերջերս գազի բարձրացումն ի՞նչ նշանակություն ուներ:

– Ռուսաստանը վաղուց փոխել է իր էներգետիկ քաղաքականությունը բոլորի, այդ թվում նաև Ուկրաինայի, Բելառուսի նկատմամբ: Հայաստանի համար գազի գինը միջին շուկայականից ավելի ցածր է: Այլ հարց է, որ պատերազմական և սահմանափակման մեջ գտնվող երկրի համար դա ուժեղ հարված է, որը ռազմավարական գործընկերն իրավունք չուներ անելու, հատկապես այն ժամանակ, երբ ինքն էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում: Այդուհանդերձ, գազի գնի բարձրացումը չպետք է կշտամբանքի պատճառ դառնա, քանի որ նույն Ռուսաստանը հայկական ռազմական ուժերին բավական լուրջ տեխնիկա է նվիրաբերել: Այդ հանգամանքին դիմակայելու համար պարզապես նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնել:

 

Հարցազրույցը` Ելենա Չոբանյանի

ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված

Արա ԻսպիրյանԱվարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ  հիմնականում չկան: 

Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է  Գնահատման և թեստավորման կենտրոնի  արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

–Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:

– Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:

Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա  քննությունների հետ, որոշ առարկաների մասով  մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն»  և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի   յուրաքանչյուր  առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:

Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:

-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:

-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:

–Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:

– Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:

-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:

-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ  անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ  լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ,  այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված  բովանդակության չափով  և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ  ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում  ընդամենը  վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում   վերլուծելու, հասկանալու համար:

Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:

-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք  սա նշանակում է,  որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:

-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է  անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն,   միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:

Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:

-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:

-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում  և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:

-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով  նորամուծություններ կա՞ն:

-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները  նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել:  Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել,  թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:

–Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:

-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ:

ԷՖՐՈՍՅԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. «Վերջերս սեռական հեղափոխություն տեղի ունեցավ»

NAHAPETYAN 1Որևէ պետության գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են այդ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Բնականոն է,  եթե ծերերն ապահով են, իսկ երեխաները՝ ուրախ:

Էֆրոսյա Նահապետյանն ավելի քան 40 տարի է, ինչ զբաղվում է գինեկոլոգիայով ու մանկաբարձությամբ: 40 տարվա ընթացքում հասցրել է մասնակցել միջազգային սեմինարների ու կոնֆերանսների՝ ներկայացնելով մեր երկիրը, 40 տարվա ընթացքում շատ կանայք, որոնք վերարտադրության   խնդիր են ունեցել` երջանկություն ու մայրական բերկրանք է պարգևել:

Մեր զրույցն էլ տիկին Նահապետյանի հետ թեպետ բժշկական հիմք ունի, վերաբերում է ընտանեկան ու հասարակական խնդիրներին:

– Ինչպե՞ս սկսվեց:

– Փոքրուց հասկացա, որ սիրում եմ մարդկանց օգնել: Հարևան ունեինք, երեխան էպիլեպսիայով հիվանդ էր: Ես վախենում էի այդ ցնցումներով երեխային տեսնելիս, բայց չէի կարողանում անտարբեր անցնել: Այդ կնոջն օգնում էի, նրա համար հաց ու ջուր էի տանում: Իսկ հաց ու ջուր բերելու համար առնվազն երկու-երեք կիլոմետր պետք է գնայինք: Ոսկե մեդալով ավարտեցի դպրոցը և մտածեցի, որ ամենաճիշտը բժշկական ինստիտուտ ընդունվելն է, բժշկուհի դառնալը: Ես կարծում էի, որ մարդուն օգտակար լինելն ամենաերջանիկ զգացողությունն է, և փաստորեն չսխալվեցի: Կողքից ինձ անընդհատ ասում էին, որ չեմ կարող ընդունվել բժշկական ինստիտուտ, ու զարմանում էին անգամ, որ այդ ուղղությամբ մտածում էի: Դասախոսի մոտ պարապելու հնարավորություն չունեի, ես ինքնուրույն էի պարապում, ու ի զարմանս բոլորի, ընդունվեցի:

– Տկն Նահապետյան, 80-90-ականներին հայ կանայք ի՞նչ խնդիրներ ունեին և ի՞նչ խնդիրներ ունեն այսօր:

– Ես կարծում եմ, որ խորհրդային, նորանկախ շրջանում  խնդիրները քիչ էին: Այն ժամանակ կանայք ավելի երջանիկ էին, սեքսուալ խնդիրներն ավելի քիչ էին: Քիչ էին նաև այսքան տարածված սեռավարակները: Ճիշտ է, արհեստական ընդհատումներ՝ վիժումներ, միշտ էլ եղել են, և անգամ երբեմն եղել են չբացահայտված վիժման դեպքեր: Գիտեք, վերջին ժամանակներս սեքսուալ հեղափոխություն տեղի ունեցավ: Մարդիկ գտան, որ ազատամտությունը, ազատ վարքագծով ապրելն ավելի լավ է, բայց իրականում կյանքը նորից վերադառնալու է հնին: Օրինակ՝ այսօր շատերը, ուսումնասիրելով հայ ժողովրդի ապրելաձևը, տեսնում են, որ մեր ավանդույթները շատ ավելի թանկ են: Դա է պատճառը, որ շատ երկրների տղամարդիկ երազում են հայ կին ունենալ:

– Բայց այսօր մենք ազատ Եվրոպային ենք ձգտում, չէ՞: Սեռական ազատությունից զատ, նշենք աղջիկների ծխելը, խմելը…

–  Ալկոհոլիզմը հիվանդություն է. անընդհատ պահանջ է առաջացնում նորից օգտագործելու: Ալկոհոլի ազդեցության տակ կատարած որևէ գործողություն կարող է մարդու համար ճակատագրական լինել: Նա կարող է ունենալ անցանկալի սեռական ակտ, անցանկալի հղիություն, անցանկալի հղիության պատճառով անցանկալի աբորտ:

Պատահում են դեպքեր, երբ առաջին աբորտից հետո կինն այլևս չի հղիանում:

Ընդամենը մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկել մի գեղեցկադեմ աղջիկ, որին ասել էին, թե իր մոտ արատավոր է պտուղը, բայց պտղի արատը հաստատված էլ չէր: Վերցրել ընդհատել էին, ընդհատման ժամանակ արգանդը վնասվել էր, և ստիպված են եղել արգանդը հեռացնել, որ կարողանան փրկել կյանքը:

Ես կարծում եմ, որ պետք է լուրջ վերաբերվել կյանքին, պետք է պատասխանատու լինես: Կինն ալկոհոլ պետք է օգտագործի միայն առիթների ժամանակ ու շատ քիչ քանակով: Ծխելու մասին էլ չասեմ, թե որքան բացասական հետևանքներ կարող է առաջացնել. ուղղակի պետք է աղջիկները չծխեն:

– Բժշկական հետազոտություններն էի ուսումնասիրում ու կարդացի, որ 18-25 տարեկան աղջիկները, եթե սեռական հարաբերություններ չեն ունենում, 30 տարեկանից  նրանց մոտ սկսվում են հիվանդագին զգացողություններ, հնարավոր է՝ այդ աղջիկները նաև հոգեկան հիվանդություններ ձեռք բերեն…

– Գիտեք, այդպիսի  բան չկա: Ես չէի ասի, որ մեր երկրում այլանդակություն է տիրում: Իրոք, մեր աղջիկները զուսպ են, գոնե 70 տոկոսն այդպիսին են: Ուղղակի երբեմն աղջիկները գայթակղվում են: Ձեր ասածի մեջ որոշակի ճշմատություն կա:

Ես կողմնակից եմ, որ աղջիկներն ամուսնանան 20-30 տարեկանում: Եթե ուզում ենք առողջ սերունդ ունենալ: Այնպես չէ, որ երբ ուզենք ամուսնանանք, երբ ուզենք երեխա ունենանք: Հետաքրքիր են այսօրվա երիտասարդները, նրանք ձգտում են ունենալ ամեն ինչ՝ մեքենա, բնակարան, լավ աշխատանք, ու նոր միայն մտածում են ամուսնանալու մասին: 35 տարեկանից հետո պտղի արատների հնարավորություններն են մեծանում, դա ապացուցված է:

– Իսկ ես կարդացել էի դրա հակառակ տարբերակը: Խելացի ու առողջ երեխաներ ունենալու համար զույգը գոնե պետք է լինի 40 տարեկան… Անգամ բրիտանական «Դը Ջոռնալսը» բավական լուրջ լրագրողական հետաքննություն էր իրականացրել այս թեմայով, ու պարզել, որ աշխարհի ամենախելացի երեխաները հենց «տարիքով» ծնողներից են:

– Այո՛, նման բան էլ կա, բայց դա համընդհանուր չէ: Ախր միայն խելքով չի որոշվում, այստեղ նաև ֆիզիոլոգիա գոյություն ունի: Տարիքի հետ, այո՛, մարդու ինտելեկտն էլ է աճում, և նրանցից ծնված երեխաները պետք է որ ավելի խելացի լինեն, բայց ես հակառակը կասեի. այդ տարիքում կնոջ արգանդում անոթների սկլերոզ է սկսվում:

Դրա հնարավոր ապացույցներից են, օրինակ, աուտիզմով տառապող երեխաները:

Կանայք այսօր ծխում են ու դրանով ցանկանում են նմանվել տղամարդկանց: Մայրանալու հնարավորություն միայն կինն ունի, տղամարդը կարող է այսօր ծխել, վաղը չծխել. կինը միանշանակ վնասում է այն մարդուն, որը պետք է լույս աշխարհ գա:

– Ներկայացրեք կանանց մոտ հանդիպող տարածված բարդ դեպքերը:

– Դեպքերը շատ են: Ես բնավ նպատակ չունեմ բնակչությանը վախեցնել, որովհետև տեղից էլ մեր ժողովուրդը պրոբլեմների մեջ է: Այսօր, օրինակ, սեռավարակների հետևանքով շատացել են վիժումների, բարդ զարգացող հղիությունների դեպքերը: Այդ սեռավարակները հանգեցնում են ընկերքի շերտազատման, ծանր արյունահոսությունների, որոնց ժամանակ դժվար է լինում փրկել մորն ու  ծնվող երեխային:

Տարածված խնդիրներից է նաև աբորտը: Օրինակ՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկն ունի սեռական զուգընկեր և արդեն 22 տարեկանում հասցրել է անել 5-6 աբորտ: Դա ցավալի է մեզ համար: Ճի՞շտ է, որ ասում ենք, թե 17-25 տարեկանում մարդը պետք է ապրի ազատ սեռական կյանքով: Ես սեռական զսպվածության կողմնակից եմ: Եթե սեր կա, եթե կան լուրջ հարաբերություններ, հնարավոր է, որ մարդիկ ունենան սեռական հարաբերություններ մինչև ամուսնությունը, հիմա այսօր դա ընդունելի է համարվում:

– Բայց տղամարդը կարող է իրեն միշտ էլ խաբված զգալ: Ապացույցը՝ մեր երկիր ներմուծված արհեստական կուսաթաղանթներն են, մյուս կողմից` անընդհատ բժիշկների միջամտությամբ կուսաթաղանթը կարելը և կույս մնալու ձգտումը…   

– Այսօր կուսաթաղանթի առկայությունը չի կարող պայմանավորել աղջկա ճիշտ բարոյական կերպարը՝ վարքագիծը, ապրելակերպը: Դա հնարավոր է անգամ ամենահամեստ ու ամենաբարոյական աղջկա մոտ: Ես ավելի քան 40 տարի է՝ այս ոլորտում եմ, ինչքա՜ն դեպքեր եմ տեսել: Օրինակ՝ մի դեպք ասեմ: Տղան գնում է բանակ ու ընկերուհուն առաջարկում է սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի վստահ լինի, որ սիրած աղջիկը սպասելու է իրեն: Աղջիկը համաձայնում է, տղան գնում է բանակ ու «կորչում»: Բանակից գալուց հետո էլ այդ տղան, աղջկան փողոցում տեսնելով, անգամ չի էլ բարևում: Եվ այդ աղջիկը ծանր է տանում: Երբեմն խաբելու հետևանք էլ է, չէ՞, լինում:

– Տիկին Նահապետյան,  ըստ վիճակագրության՝ շատացել են ամուսնալուծությունները: 

– Այո՛, հիմա ես ընտանեկան դաստիարակության շատ մեծ պակաս եմ զգում: Երիտասարդ ընտանիքների 30 տոկոսն այսօր բաժանվում է: Հայ ընտանիքներում այդքան մեծ բաժանումների թիվ չի եղել: Երեխաներից ամեն երրորդը կամ չորրորդը հայր չունի:

Այս հարցը ես չեմ կապում միմիայն սեռական խնդիրների հետ, որովհետև նման խնդիրներ միշտ էլ, բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն: Պարզապես ընտանիք պահելը հատուկ մասնագիտություն է: Աղջիկներից շատերը մտածում են շքեղ ապրելու ու զուտ երեխա ունենալու մասին, ասում են՝ ամուսին էլ կարող ենք չունենալ: Բայց ամբողջ ընտանիքի համնուհոտը տղամարդն է ապահովում, երեխայի վրա գիտեք` որքան է ազդում հոր բացակայությունը:

– Տիկին Նահապետյան, հին դարերում սպանում էին սպանողին: Այսինքն՝ կինը, որն աբորտ էր անում, սպանվում էր: Կրոնական ու քրեական կողմերով սա ևս ինչ–որ առումով սպանություն է համարվում, իսկ բժշկակա՞ն:

– Բժշկական առումով էլ ես համարում եմ, որ սպանություն է: Դու խլում ես մարդու ապրելու իրավունքը: Երբեմն, իհարկե, կարող են պատահել դեպքեր, երբ բժշկական ցուցումով կինը աբորտ անի, քանի որ կյանքին վտանգ է սպառնում: Եթե տեսնում ենք, որ այդ հղիությունը վտանգում է կնոջ առողջությունը, պետք է ընդհատել, որպեսզի գոնե հնարավոր լինի պահել կնոջ կյանքը: Իսկ մյուս բոլոր դեպքերում ես աբորտը համարում եմ սպանություն:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Էմիլ Բաբայան. Հանձնաժողովը չունի այլընտրանք, քան խստորեն առաջնորդվել օրենքով

EB_07.06.13-4«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է մոտ 1.5 տարի, սակայն միայն վերջերս է տվել իր առաջին եզրակացությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման դանդաղկոտությունը:

-Այո ճիշտ եք, հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 20-ից արդեն 1.5 տարի և իր առաջին եզրակացությունները տվել է մայիսի 3-ին: Սակայն ես չեմ կարծում, որ գործ ունենք դանդաղկոտության հետ: Ավելի շուտ գործ ունենք նոր ստեղծված մի կառույցի հետ, որը անխուսափելիորեն պետք է անցնի կայացման փուլ: Համաձայնեք, որ իրատեսական չէր լինի ակնկալել, որ մեր պետության մեջ նախադեպը չունեցող կառույցը իր ստեղծման պահից անմիջապես պետք է սկսեր բուռն գործունեություն ծավալել մի ոլորտում, որն ամբողջովին նոր է: 2012 թվականի ընթացքում մենք ստիպված ենք եղել լուծել տարաբնույթ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ, որոնք կարող են այնքան ել տեսանելի չլինել, սակայն առանց դրանց լուծման մենք չէինք կարող բնականոն գործունեություն ծավալել: Ոչ պակաս կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ աշխատանքը, որ հանձնաժողովը կատարում է և պետք է կատարի Հայաստանում երբեք չի կատարվել, հետևաբար չկա կուտակված փորձ և համապատասխան մասնագետներ: Այս պայմաններում հանձնաժողովի անդամներ համար ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների կուտակումը և միջազգային փորձի ուսումնասիրությունը դառնում է չափազանց կարևոր: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս ուղղությամբ նույնպես մեծ քանակի աշխատանք է կատարվել:

-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:

-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:

-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝ 1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները, 2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես 3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ: Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար: Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:

-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:

-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:

-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:

-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:

-Այս պահին հանձնաժողովի վարույթում կա՞ն գործեր և ընդհանրապես ինչո՞վ է այս պահին զբաղված հանձնաժողովը:

-Հանձնաժողովի վարույթում այս պահին քննարկվող գործ չկա: Սակայն վարույթներ հարուցելը հանձնաժողովի միակ գործառույթը չէ: Հանձնաժողովը 2012 թվականի համար իր առջև մի քանի առաջնային խնդիր էր դրել, որոնցից են հայտարարագրերի ներկայացման համակարգի ձևավորումը և հայտարարագրերում առկա տեղեկատվության հրապարակայնության ապահովումը: Ինչպես գիտեք այս երկու կարևոր խնդիրները մենք արդեն լուծել ենք: Ստեղծվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը www.ethics.am, որտեղ հրապարակված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Եվ այս հայտարարագրերը պարբերաբար հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Այս պահին Համաշխարհային բանկի օժանդակությամբ մենք զբաղված ենք այս համակարգի արդիականացմամբ: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցումը: Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ: Մենք առցանց կապի մեջ կգտնվենք մի շարք գերատեսչությունների հետ և հնարավորություն կունենաք արագ և արդյունավետ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տվյալները: Մինչև այս տարվա վերջ այս համակարգը պատրաստ կլինի, որը որակական նոր աստիճանի կբարձրացնի մեր աշխատանքը, ինչպես նաև դրա հրապարակայնությունը:

1918-ի մայիսի 28-ին իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում

 

Vazgen_Manukyan95 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն գոյատևեց ընդամենը 2,5 տարի. 1920-ի դեկտեմբերի 2-ին Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց:  Մայիսի 28-ը տոնական, ոչ աշխատանքային օր է սկսած 1991-ից:

Առաջին հանրապետության հռչակման տարեդարձի առիթով այդ պատմական իրադարձության նշանակության ու քաղած դասերի  շուրջ «Անկախը» զրույցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ,  Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ  Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, որքան էլ խոսենք առաջին հանրապետության դերի ու նշանակության մասին, էլի ասելիք կա: Ըստ Ձեզ, 1918-ին առաջին հանրապետության հռչակումն ի՞նչ նշանակություն ունեցավ մեր պատմության հետագա ընթացքի համար:

– Առաջինը և ամենազարմանալին այն է, որ մենք դրանից մոտ  6 հարյուր տարի առաջ կորցրել էինք մեր անկախությունը, հետո միշտ երազել ենք անկախության մասին, բայց ոչ ոք անկախության հռչակումը որպես խնդիր չէր դրել իր առջև: 1890-ականներից Արևմտյան Հայաստանում սկսված շարժումների նպատակը բարեփոխումներն էին Թուրքահայաստանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում: Դաշնակցության ծրագրի մեջ կար  Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարության ստեղծումը   և  Թուրքիայի կազմում` Արևմտյան Հայաստանի, այսինքն` անկախության խնդիր նույնիսկ դրված չէր: Բայց 1918-ի մայիսի 28-ին, փաստորեն, իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում:

Անդրկովկասյան սեյմի գոյության ժամանակ թաթարների, մուսաֆատիստների նպատակը Թուրքիայի հետ վերամիավորումն էր, վրացիները ձգտում էին անկախության, Հայաստանի նպատակն էր, որ Անտանտը հաղթի և Հայաստանն ինչ-որ  կերպ ստանա Արևմտյան Հայաստանը, թեկուզ և ինքնավար: Մենք ստացանք անկախություն, այսինքն`  ավելին, քան կուզեինք, սակայն մեծ կորուստներից` Ցեղասպանությունից  հետո:

Կարծում եմ` եթե այդ պահը ճիշտ չօգտագործվեր, եթե այդ պահին մենք անկախություն չստանայինք, Սարդարապատում պարտվեինք և թուրքերը մտնեին Երևան, գուցե դրանից հետո հայկական պետության մասին մտածելն այլևս անիմաստ դառնար: Հայերը կդառնային հազարավոր էթնոսների նման մի էթնոս, որ աշխարհով մեկ սփռված է, ունի իր լեզուն, որը կամաց-կամաց կորսվում է, ունի իր հիշողությունը  և պատմությունը, որը կամաց-կամաց կորչում է, և ոչինչ ավելին: Դա հազարամյակների մեջ մի վճռական կետ էր, որից հայ ժողովրդի պատմությունը շարունակվեց:

Նունիսկ Չերչիլը, որ այդպիսի մեծ քաղաքական գործիչ էր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին  իր գրքում  հայերի և Ցեղասպանության  մասին ասում է` հայերը շատ ծանր որոշման առջև էին կանգնած, քանի որ երկու կայսրությունների մեջ էին, որոնք իրար հետ կռվում էին, և պետք էր այդ երկու կայսրություններում չեզոքություն պահել, արդյունքում  հայերն ունեցան կոտորած: «Ցավոք սրտի, այդ շնորհքով ազգը կորավ պատմության բեմից»,- ասել է նա: Բայց փաստորեն ոչ միայն պահպանվեցինք, այլև դրանից տարիներ հետո անկախ պետություն ստեղծվեց:

– Իսկ որքանո՞վ ենք քաղել առաջին հանրապետության դասերը: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք մինչ օրս շարունակում ենք:

– Շատ սխալներ կան, որոնք կրկնում ենք: Երբեմն, երբ կարդում ես առաջին հանրապետության մասին, ինտրիգներ,  ամբարտավանություն, անհավասարություն նկատում ես, շատ բան կրկնվում է: Կան բաներ, որոնք կապված են ընդհանուր հասարակության, մարդկանց հետ, անընդհատ կրկնվում են: Չգիտեմ` դրանցից հնարավո՞ր է խուսափել:

Բայց, օրինակ, այն ժամանակ ֆիդայական շարժումը վերածվեց խմբապետական շարժման, շատ դժվար էր. կանոնավոր բանակի հետ միասին կային նաև խմբապետներ: Այդ փորձը հաշվի առնելով` մենք  90-ականներին անկախության գնալիս դա շրջանցեցինք:

Այն, որ չի կարելի ունենալ մի բարեկամ և մի թշնամի, այլ պետք է կարողանալ բոլորի հետ ինչ-որ չափով բարեկամություն անել, թշնամիների հետ էլ կարողանալ խոսել, մենք 90-ականների սկզբից որդեգրեցինք, և դա նույնպես դաս էր առաջին հանրապետությունից,  առաջին հանրապետության  քաղաքական գործիչների վերլուծության արդյունքն էր:

– Եթե համեմատենք տարածաշրջանի իրավիճակը և մեր երկրի ունեցած դերը, ի՞նչ տարբերություններ կան այն ժամանակվա և ներկայի միջև:

– Այն ժամանակ անհամեմատ ավելի թույլ  վիճակում էինք: Անդրկովկասի կենտրոն քաղաքները Բաքուն ու Թիֆլիսն էին, որտեղ կենտրոնացած էին նաև հայ մտավորականները, հայ հասարակական կյանքը, հայ բիզնեսը, հայկական թատրոնը: Երևանը երկրորդական, հետամնաց նահանգ էր, որտեղ չկար ոչ մի լուրջ բան: Նույնիսկ Հայաստանի առաջին կառավարությունը, որ 1918-ի մայիսին  Քաջազնունու գլխավորությամբ  հռչակվեց Թիֆլիսում, հունիսի 20-ին նոր միայն տեղափոխվեց Երևան: Այն ժամանակ Բաքուն և  Թիֆլիսը բոլոր առումներով շատ ավելի հզոր էին: Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո  Երևանը, Թիֆլիսն ու Բաքուն  համարժեք քաղաքներ էին  դարձել:

Տարածքային տեսանկյունից Խորհրդային Միությունը օգուտ բերեց Վրաստանին ու Ադրբեջանին, բայց զարգացման տեսանկյունից ամենից շատ, ինձ թվում է, օգտվեց Հայաստանը:

– Պարոն Մանուկյան, 1918-ի մայիսի 28-ի նշանակությունը  ներկայիս հասարակությունը լիարժեք գիտակցում և գնահատո՞ւմ է:

– Կարծում եմ` ոչ: Դրա մեջ էլ բնական բան կա: Մարդը ծնվում  է, ապրում ինչ-որ միջավայրում` առանց մտածելու, թե այդ միջավայրն ինչի շնորհիվ է ստեղծվել:  Հիմա որևէ մեկի մտքով չի անցնում հիշել, որ եթե 1918-ը չլիներ, մենք անկախ չէինք լինի, պետություն չէինք ունենա: Ամեն մեկը ծնվում է, կյանքից վերցնում այն, ինչ  կյանքն իրեն տալիս է, առանց մտածելու, թե ոնց է դա ստացվել: Մեծ մասամբ այդպես է:

– Սակայն տոն է` առանց տոնական մթնոլորտի: Ինչպե՞ս կարելի է դա շտկել:

– Դա արդեն ուրիշ բանից է գալիս: Մասամբ` իշխանություններից: Երկրորդ մասը էլի ինչ-որ չափով կախված է իշխանություններից: Մարդիկ պետք է անընդհատ վստահություն զգան երկրի  ապագայի նկատմամբ, որ իրենք ու իրենց երեխաներն ապագա ունեն այս երկրում,  և դա պիտի  ոգևորություն առաջացնի: Այդ դեպքում ոգևորության արմատները հասնում  են անցյալ. մեր երկիրն ունի ապագա, քանի որ 1918-ին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, 1988-ին այնպիսի դեպքեր են տեղի ունեցել:

Մի քիչ օբյեկտիվ պատճառներ կան, մի քիչ էլ սրսկվում է, որ այս երկիրն ապագա չունի, որի մի փոքր մասը ճշմարտություն է, մնացածը քարզչություն և թույն է:  Դա հանգեցնում է նրան, որ մարդկանց մեջ ուրախ տրամադրություն հազվադեպ է առաջանում: Կարծում եմ` նույնիսկ այդ պայմաններում կարելի էր և՛ քարոզչության,  և՛ միջոցառումներ կազմակերպելու միջոցով ավելի բարձր պահել վիճակը:

– Իսկ գուցե ներկա վիճակը մեր պատմությունը չիմանալու հետևա՞նք է, չգիտենք 1918-ը, չգիտենք 1988-ը, դրա հետևանքով էլ անկումային տրամադրություն է տիրում:

– Երևի, գուցե դա էլ նշանակություն ունի: Բայց տեսեք` խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշվում էր որպես Հայաստանի երկրորդ հանրապետության օր, պատերազմից հետո մարդիկ ծարավ էին, սոված էին,  Ստալինը հարյուրհազարների Սիբիր էր աքսորում, բայց մարդիկ  դուրս էին գալիս, քանի որ կազմակերպվում  էր և պարտավոր էին ուրախ լինել: Այսինքն` միջոցառումներ կան, որ պետք է  կազմակերպվեն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս կրթական քաղաքականությունը` երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու առումով:

– Կարդացել եմ 8-րդ և 9-րդ դասարանների պատմության դասագրքերը, ինչ-որ բաների հետ համաձայն եմ, բայց ինչ-որ բաներ էլ, իմ կարծիքով, պետք էր ավելի լավ գրել, նույնիսկ որոշ դիտողություններ գրավոր հեղինակներին եմ ուղարկել: Քանի որ շատ դեպքեր, որ տեղի են ունեցել Հայաստանում, եղել են աշխարհի դեպքերի արձագանքը, բայց երբեմն էլ մեր դեպքերն են արձագանք գտել աշխարհում: Այդ կապը  հաճախ այնքան էլ լավ չի զգացվում: Իհարկե, կարելի էր ավելի լավ անել:

Այդ քարոզչությունը շատ կարևոր է: Ճապոնիան անցած դարի  60-70-ականներին սրընթաց ՀՆԱ-ի 11-տոկոսանոց աճ էր ունենում, հետո մի պահ դանդաղեց: Նակասոնեն, որ  այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր և անվտանգության խորհրդի անդամ, հարց բարձրացրեց, որ ամենայն հավանականությամբ դասագրքերը վատացել են և հայրենասիրության քարոզչություն չի տարվում, դա էլ ազդում  է տնտեսական աճի նվազման վրա: Հետո ինքը վարչապետ դարձավ, և առաջին հերթին դասագրքերը փոխեցին: Գուցե մի քիչ ծայրահեղացված  է հնչում, բայց դասագրքերից կախված է նաև տնտեսությունը:

– Ի՞նչ է պետք իսկապես հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, միայն դասագիրքը բավարա՞ր է:

– Դասագիրք է պետք, քարոզչություն է պետք, որ չկա: Գաղափարների քարոզչություն է պետք, դրա հետ միասին էլ ամեն օր պետք է ապացուցել: Ամեն օր երիտասարդը պետք է տեսնի, որ եթե իր երկրում անարդարություն է տեղի ունենում, ապա պայքարելով հնարավոր է անարդարությունը վերացնել, տեսնի, որ արժանավոր մարդիկ են վերև  բարձրանում, անարժան մարդիկ պատժվում են: Եթե այդ բաներն անընդհատ  ցույց չտաս, միայն քարոզչությունը քիչ է, քանի որ դրա մեջ կամաց-կամաց կեղծ տարր է առաջանում:

 

Տնտեսապես մրցունակ երկի՞ր, թե՞ միայն պաշտոնական թվեր

tigran2012-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրիլիոն դրամը:  Անկախությունից  ի վեր  առաջին անգամ  մեր երկրում նման ծավալի արտադրանք է թողարկվել: Վերջին տարիներին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում բավական աճել է, և պետության առջև խնդիր է դրվել առաջիկա տարիներին այն հասցնել 20-21 տոկոսի:

Նախորդ տարին բարենպաստ է եղել նաև ներդրումների տեսանկյունից: Հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 17.5 մլրդ դրամ: Այս ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել  մոտ 340 նոր աշխատատեղ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի հետ  մեր զրույցն ուղղված  է հենց ներդրումային ոլորտին և առհասարակ այս ուղղությամբ իրականացված վերջին գործընթացներին:

– «Գործարարությամբ  զբաղվելը 2013  թ.»  զեկույցի համաձայն` Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝  50-րդից բարձրանալով   32-րդ հորիզոնականը: Մասնավորապես, ինչպիսի՞ բարեփոխումների և գործընթացների արդյունքում է մեր երկիրն այս դրական տեղաշարժն արձանագրել:

– Նախ նշեմ, որ այս աննախադեպ ցուցանիշով Հայաստանը շատ ԱՊՀ երկրներից առաջ անցավ՝ հայտնվելով Հոլանդիայի և Բելգիայի կողքին: Այս հանգամանքը պայմանավորված էր իրականացված մի շարք բարեփոխումներով, գործարարության, բիզնեսի կազմակերպան հեշտացման, հատկապես ձեռնարկությունների գրանցման գործընթացների դյուրինացման գործոններով: Այդ ամենն այժմ փոխարինվել է էլեկտրոնային տարբերակի: Ինչպես բոլորս գիտենք,  հնարավորություն է  ստեղծվել մի քանի րոպեների ընթացքում ամփոփ ձեռնարկատիրություն գրանցել, ներառյալ հարկային կոդերը և ֆիրմայի անվանումը: Նախկինում այդ գործընթացները բավական երկարատև էին. քաղաքացիները  արտոնագրային վարչություն էին դիմում իրենց ֆիրմայի անունը գրանցելու համար և սպասում դրական կամ բացասական պատասխանի: Այնուհետև բանկ գնալու անհրաժեշտություն էր ծագում՝ հիմնադիր կապիտալը սեփական հաշվին մուտքագրելու համար, և կարիք էր առաջանում դիմելու նաև հարկային տեսչությանը, հարկային կոդի ձեռքբերման համար: Այդ  բոլոր գործընթացները, որոնք նախկինում տևում էին մի քանի օր, այսօր տևում են ընդամենը 15 րոպե, ընդհուպ կնիքի պատվիրումը, որը նախկինում ևս ժամանակ էր պահանջում:

Երկրորդ կարևորագույն բարեփոխումը հարկային հաշվետվությունները ևս էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորությունն է, առհասարակ փաստաթղթաշրջանառությունը  համացանցի միջոցով իրականացնելը: Այն իր մեջ ներառում է հաշիվ-ապրանքագրերն ու հարկային տեսչության եռամսյա հաշվետվությունները: Նախկինում մարդիկ պարտադրված էին երկար սպասել գոյացած հերթերի պատճառով, այնուհետև գրասենյակից գրասենյակ տեղափոխվել: Այդ պրոցեսները ևս բավականաչափ հեշտացվել են: Իսկ երրորդ կարևորագույն բարեփոխումը վերաբերում է բոլոր ստուգումները ռիսկերի վրա հիմնված լինելու սկզբունքին: Այսինքն՝ այն ձեռնարկությունները, որոնք ռիսկային են, ավելի բարձր տեսադաշտում են հարկային տեսչության կողմից, քան վստահելի ընկերությունները, որոնց մոտ անակնկալ ստուգայցեր այլևս չեն նախատեսվում:

– Այսօր որքանո՞վ է մեր երկրի ներդրումային միջավայրը գրավիչ և որքա՞ն է  արտասահմանյան կապիտալով ընկերությունների թիվը:

– Արտասահմանյան կապիտալով շատ ընկերություններ կան Հայաստանում, այդ թվում նաև խոշորները, մասնավորապես` հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումային դաշտը ևս բարելավվել է: Ինչպես գիտեք, ներդրողների համար  գործում են հատուկ մաքսային ռեժիմներ, որոնք վերաբերում են ժամանակավոր ներմուծման և ավելացված արժեքի հարկի հետաձգման գործընթացներին: Այս արտոնությունը տարածվում է այն գործարարների վրա, որոնք 300 մլն դրամի ապրանք են Հայաստան ներմուծում: Այս պարագայում բոլոր  ներմուծվող սարքավորումների դիմաց գանձվելիք ԱԱՀ-ն  հետաձգվում է 3 տարով: Այդ ժամանակահատվածը գործարարին հնարավորություն  է  տալիս աշխատել, թողարկել արտադրանք, նոր միայն այդ գումարը վճարել: Ի դեպ,  տվյալ ռեժիմը գործում է բոլոր գործարարների շրջանում՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա: Օտարերկացի գործարարների համար շուկան ամբողջովին բաց է, իսկ հնարավորությունները` մեծ թե՛ ձեռնարկություններ ստեղծելու, թե՛ հողատարածք ձեռք բերելու տեսանկյունից:

– Լավ, իսկ օտարերկրյա ներդրողը հատկապես ի՞նչ գործոններից և առավելություններից ելնելով պիտի մեր երկիրը գրավիչ համարի, իսկ տնտեսությունը՝ մրցունակ: Ինչը՞ պիտի ոգևորի և դեպի Հայաստան ուղղորդի արտասամանյան գործարարին:

– Պետք է ոգևորվի տնտեսության կայունությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը գտնվում է պետությունների խաչմերուկում: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի ռեժիմներ: Այժմ բանակցային փուլում ենք Եվրամիության և ԱՊՀ երկրների հետ: Այն ապրանքը, որն արտադրված է Հայաստանում, առանց մաքսային հավելյալ վճարների մտնում է ռուսաստանյան շուկա, ինչը հնարավոր չէ Եվրոպայից դեպի ռուսաստանյան շուկայի պարագայում: Հայկական ապրանքատեսակներն իրենց ապրանքանիշով այսօր անարգել մուտք են գործում ՌԴ շուկա:

Կառավարության որոշմամբ ստեղծվել են նաև ազատ տնտեսական գոտիներ Մերգելյան ինստիտուտի՝ Երևանի մեքենաշինության և գիտահետազոտական կենտրոնի և «Մարս» գործարանի տարածքներում,  որոնք առաջիկայում կսկսեն գործել: Մերգելյան ինստիտուտի տարածքում կտեղակայվեն IT  բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ, իսկ «Մարս» գործարանում ավելի շատ զարկ կտրվի արտադրության ոլորտին: Այստեղ գործող ընկերությունների համար բոլոր հարկերն ու տուրքերը հավասարեցված են զրոյի և՛ ներմուծման, և՛ արտահանման ժամանակ: Կկատարվեն միայն աշխատակիցների սոցիալական վճարները:  Այս քաղաքականությունը, ի դեպ, շատ քիչ երկրներում է  իրականացվում,  բայց այդ կերպ հնարավորություն է ստեղծվում բոլոր արտահանմանն ուղղված ձեռնարկություններին ներմուծել սարքավորումներ, թողարկել արտադրանք և արտահանել առանց հավելյալ ծախսերի:

– Լավ, իսկ ընկերությունների կողմից ազատ տնտեսական գոտիներում գործունեություն սկսելու հայտեր արդեն ներկայացվե՞լ են:

– Այո, արդեն մեկ-երկու հայտեր ունենք, որոնք արտասահմանյան ՏՏ ոլորտի ընկերություններ են: Նշեմ, որ արդեն գործող ընկերությունների մուտքը ԱՏԳ-ներ սահմանափակված է, որովհետև մենք չենք ցանկանում նրանց դուրս թողնել հարկային դաշտից: Շեշտը դրվելու է սկսնակ կազմակերպություններին արտոնություններ տալու սկզբունքի վրա. մենք բացում ենք բոլոր դռները նոր ներդրողների և նոր տեխնոլոգիաների համար, ոչ թե նրա համար, որ եղած խոշորները ԱՏԳ-ների ներքո իրենց եկամուտները թաքցնեն:

–  Այժմ խոսենք արդյունաբերության քաղաքականության ռազմավարության մասին: Իրականացվող ծրագրերի շրջանակներում ինչքա՞ն կաճեն արտահանման ծավալները:

– Նախատեսվում է մինչև 2020 թ. արտահանման աճը մոտ երեք անգամ ավելացնել: Շատ բարձր նիշ ենք մեր առջև դրել:   Անցած տարի արդեն արդյունաբերության ոլորտում 9 տոկոսի աճ ենք արձանագրել, այն պարագայում, երբ  ՌԴ-ն այս ոլորտում ունեցել է ընդամենը 3,2 տոկոսի աճ: Այս տարվա համար որպես թիրախ նախատեսվում է  արտադրության 9,9 տոկոսի աճ: Իսկ միայն դեղագործության ոլորտում անցած տարի  արձանագրվել է արտադրանքի 18, իսկ արտահանման ոլորտում՝  32 տոկոսի աճ:  Այսինքն, կառավարության այս բարեփոխումները, ներառյալ` արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ընդունումը, արդեն իսկ իրենց արտացոլումն ունեն տնտեսության մեջ:

–  Վերջապես, ներդրումների խթանման ի՞նչ ծրագրեր ունեք, կամ այդ ուղղությամբ ի՞նչ է առաջիկայում նախատեսվում:

– Կարող եմ մի ուրախալի լուր հայտնել. արդեն իսկ ստեղծվել է արդյունաբերության հիմնադրամ, որն առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ստացել է բյուջետային ֆինանսավորում 300 մլն դրամի չափով: Հավաքվել են ֆինանսական միջոցներ նաև այլ աղբյուրներից, և այս պահին հիմնադրամը մոտ 500 մլն դրամ ունի: Այդ ամբողջ գումարը նպատակաուղղվելու է արտահանման խթանմանն ուղղված միջոցառումներին, որոնց շրջանակներում կազմակերպվելու են ցուցահանդեսներ և համաժողովներ չորս թիրախային շուկաներում: Բացի այդ, իրականացվելու է նաև արտահանմանն ուղղված արտադրությունների վարկերի սուբսիդավորում մինչև 3 տոկոսի շրջանակներում:

Լ.Ն

«Թուրք ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է». Հասան Օքթայ

hasan oktayԹուրքական kafkassam-merkez.com լրատվական, վերլուծական բազմալեզու կայքի տնօրեն, թուրքական Ազգային շարժում կուսակցության անդամ, թուրք մտավորական,  պատմական գիտությունների դոկտոր Հասան Օքթայը վերջերս հերթական անգամ Հայաստան էր այցելել: Հնգօրյա այցի ընթացքում նա հանդիպել է այս տարիներին ձեռք բերած իր հայ ընկերներին, եղել Գյումրիում, ինչպես նաև նկատել Երևանում տեղի ունեցած առաջընթացն ու զարգացումը: «Անկախի» լրագրողը ևս հնարավորություն է ունեցել հանդիպելու պրն Օքթայի հետ և զրուցելու հայ–թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, ժողովրդավարության և ազգայնականության համադրության և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

– Պրն Օքթայ, Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, կպատմե՞ք Ձեր առաջին այցի և տպավորությունների մասին:

– Երբ 2004 թ. որոշեցի առաջին անգամ Հայաստան գալ, ընկերներս վատ ընդունեցին այդ գաղափարը և բացասական վերաբերմունք դրսևորեցին: Սակայն ինձ համար Հայաստանը շատ հետաքրքիր երկիր էր, և ես անպայման պետք է տեսնեի այն: Որպես պատմության մասնագետ` ես զբաղվել եմ 1749-1828 թթ. Կովկասում ռուս-իրանա-օսմանյան մրցակցության թեմայով, իսկ այն ժամանակ տնօրինում էի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնին կից Հայաստանյան ուսումնասիրությունների ինստիտուտը, և անընդունելի էր այն հանգամանքը, որ Հայաստանում երբեք չէի եղել: Տասն օր մնալով Հայաստանում՝ կարևոր հանդիպումներ ունեցա, եղա Էջմիածնում, Սարդարապատում, ինձ շատ ջերմ ու լավ ընդունեցին: Այդ ժամանակից սկսվեց մի բարեկամություն, որը շարունակվում է մինչ օրս: Հասկացա, որ Թուրքիայում Հայաստանի և հայերի նկատմամբ տիրող բացասական վերաբերմունքն ու նախապաշարմունքները սխալ են: Այդ այցից հետո բազմիցս եղել եմ Հայաստանում և միշտ դրական փոփոխություններ եմ տեսել: Սակայն կարծում եմ, որ վերջին տասը տարիների ընթացում Հայաստանը կարող էր շատ ավելի զարգանալ և այն մակարդակին չէ, որին կարող էր լինել:

– Արդյոք Ձեր ընկերների և շրջապատի մտածելակերպը որոշակիորեն փոխվե՞ց Ձեր այցից հետո:

– Թուրքիայում շատ եմ պատմել Հայաստանում անցկացրած օրերի, տպավորությունների մասին, ոմանք փոխել են իրենց կարծիքը, մյուսները՝ շարունակել արդեն ձևավորված տեսակետը: 2007 թ. Անկարայում կլոր սեղան կազմակերպեցինք, որին ներկա էին նաև հյուրեր Հայաստանից: Մոտ հինգ ժամ տևած քննարկումներից հետո ներկաներից շատերի մեջ մի շարք կարծրատիպեր կոտրվեցին:

– Ի՞նչ դեր ունեն հայ և թուրք հասարակությունները երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է, քանի որ  կարողանում է ազդել պետության վրա և կարծիք փոխել: Եթե երկու երկրների հասարակական կազմակերպություններն ավելի շատ համագործակցեն, իրար ճանաչեն, ապա նրանց մտքերը կտարածվեն հասարակության մեջ և կհասնեն նաև իշխանություններին: Միջազգային շատ ուժեր, իմանալով քաղաքացիական հասարակության ներուժը, փորձում են նրանց օգտագործել իրենց նպատակների համար: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է համագործակցել հասարակական մակարդակում և թույլ չտալ, որ որևէ երրորդ երկիր խառնվի այդ գործընթացին:

– Իսկ ի՞նչ կարող են անել երիտասարդներն այս հարցում:

– Երիտասարդները ավելի բաց են շփման համար, իրար հեշտ են հասկանում և ազդում կարծիքի փոփոխության վրա: Ուստի կարծում եմ, որ պետք է մշտապես հնարավորություններ ստեղծել, որպեսզի երկու երկրների երիտասարդներն ավելի շատ հանդիպեն և շփվեն:

– Ձեր կարծիքով ինչպիսի՞ ընթացք կունենան հայ–թուրքական հարաբերությունները:

– Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանգ է առել, սա սառած մի գործընթաց է: Ես այն նմանեցնում են սառած ուտելիքի, որը պետք է նախ հանել սառնարանից, հալեցնել, ապա նոր եփել: Ահա երկկողմ հարաբերությունները պետք է ապրեն այդ հալոցքի շրջանը: Դրա համար նպատակահարմար է օգտագործել հասարակական ոլորտը: Առաջիկա տասը տարում պետք է շարունակել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հանդիպումները հասարակական կամակերպությունների միջև, ինչը կհեշտացնի մտքերի փոխանակումը, քանի որ այն, ինչ գրում է մամուլը, իրականությունը չի արտացոլում, չի ներկայացնում այն, ինչ սովորական մարդիկ են մտածում: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է սկսել հենց հասարակ մարդկային հարաբերությունների հաստատմամբ:

– Վերջին շրջանում հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում ամենից շատ քննարկվող հարցը Երևան–Վան չվերթի շուրջ ծավալված խնդիրն է: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:

– Ես կարծում եմ, որ չվերթի չեղյալ հայտարարման հարցում թուրքական կողմի վրա հստակ էր Ադրբեջանի ճնշումը: Սակայն սխալ էր տեղի տալ այդ ճնշումներին և ենթարկվել ադրբեջանական կողմի ցանկությանը: Եթե Ադրբեջանը կարողանում է խառնվել նման հարցին և հասնել իր ուզածին, ապա հետագայում ևս Հայաստանի հետ կապված ցանկացած հարցում կփորձի նույնն անել:

– Դուք «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ եք, 2002 թ. նույնիսկ պատգամավորի թեկնածու եք եղել: Ինչպե՞ս է հնարավոր միևնույն ժամանակ լինել և՛ ազգայնական, և՛ ժողովրդավար, լիբերալ հայացքների տեր:

– Թուրքիայում ժողովրդավարությունը մեծ ձեռքբերում ունի, և դա մարդկանց ազատ մտածելակերպն է: Ես` որպես ազգայնական, ուզում եմ, որ ժողովրդավարությունը Թուրքիայում ավելի խորը հիմքեր ունենա, և մեր կուսակցությունն աշխատում է այդ ուղղությամբ: Թուրքիան տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող դուռ է հանդիսանում: Թուրքիան կարող է ժողովրդավարության օրինակ լինել տարածաշրջանի համար: Թուրքական ազգայնականությունը հաճախ սխալ է ընկալվում, այն նմանեցվում է ֆաշիզմին: Սակայն դա այդպես չէ, թուրքական ազգայնականությունը մշակութային ազգայնականություն է: Այն Թուրքիայի բոլոր քաղաքացիների համատեղ ապրելու մշակույթն է: Այդ պատճառով էլ ես և՛ ազգայնական եմ, և՛ ժողովրդավար, քանզի այդ երկու գաղափարները միմյանց ոչ թե հակասում են, այլ լրացնում:

– Իսկ ի՞նչ կասեք ժողովրդավարության մասին Հայաստանում:

– Ես կարծում եմ, որ Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը, քանի որ մեր երկրում այն հաստատվել է 1946 թվականից ի վեր, իսկ Հայաստանում` վերջին 20 տարիների ընթացքում, այդ պատճառով էլ Թուրքիան ավելի ժողովրդավար անցյալ ունի: Թուրքիան աշխարհիկ երկիր է, երբեմն իշխանության են գալիս դեմոկրատները, երբեմն` ավելի կրոնամետ կառավարություն կամ ձախ սոցիալիստները: Այժմ իշխանության գլխին կրոնամետ կառավարություն է, սակայն մենք չենք կարող ասել, որ Թուրքիան կրոնամետ երկիր է: Այնուհանդերձ Թուրքիան աշխարհիկ և ժողովրդավարական պետություն է:

– Դուք ներկա եք գտնվել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Օպերայի հրապարակում անցկացրած հավաքներից մեկին և տեսել եք հայաստանյան ընդդիմությունն այսօր: Ի՞նչ կարծիք կազմեցիք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին:

– Ընդդիմության գոյության փաստն ինքնին դրական երևույթ է, դա ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց է ապրում: Կարծում եմ՝ ընդդիմությունը բավական ուժեղ է և շատ կողմնակիցներ ունի, ուստի լավ հնարավորություններ կարող է ունենալ հաջորդ ընտրություններում առաջատար լինելու համար:

– Դուք գլխավորապես զբաղվում եք կովկասյան տարածաշրջանով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր Կովկասում:

– Բոլորը սպասում էին, որ արաբական գարնան նման մի ալիք էլ կներթափանցի այս տարածաշրջան, սակայն դա սխալ մոտեցում է: Եթե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ ունենան ու համագործակցեն, ապա Կովկասն ապրելու համար շատ լավ տեղ կդառնա:

 

Հարցազրույցը վարեց Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Փորձում եմ շփվել բոլորի հետ». Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանում է ԱՆԴԻՆԻ հարցերին

Taron_Margaryan– Ի՞նչ է Ձեզ համար մայրաքաղաքը, և ի՞նչ է նշանակում լինել մայրաքաղաքի քաղաքապետ:
– Որպես Երևանի բնակիչ՝ քաղաքն ինձ հոգեհարազատ է բոլոր առումներով, և, բնականաբար, ամեն վաղվա օր քաղաքը ավելի լավը տեսնելու մեծ ցանկություն ունեմ: Որպես քաղաքի կառավարիչ ասեմ, որ այդ ցանկությունից բացի կան բազում պարտականություններ, օր ու գիշեր աշխատանք և լրջագույն պատասխանատվություն: Քաղաքը պետք է սիրել, և այդ սերը ոչ միայն բարեկարգ ու հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելով է արտահայտվում, այլ նաև բնակիչների հոգսը, պարզ ասած, դարդ ու ցավը տեսնելու, դրանց համար լուծումներ գտնելու կարողությամբ:

–Երբ Դուք Ավան համայնքի թաղապետն էիք, Ձեր գործունեությունն այնքան դրական հետք է թողել, որ մինչ այսօր Ավանի բնակչությունը երախտապարտ է Ձեզ: Կարելի՞ է ասել, որ նույն հոգածությունն ունեք ողջ մայրաքաղաքի հանդեպ:
– Երևանը ես պատկերացնում եմ մեծ ընտանիք և որպես քաղաքապետ պատասխանատվություն եմ կրում բոլոր վարչական շրջանների և, այո, յուրաքանչյուր բնակչի համար: Մայրաքաղաքի համաչափ զարգացումը մեր ծրագրային առաջնահերթություններից է, և ես վստահ եմ՝ այն ծրագրերը, որ այսօր իրականացվում են և իրականացվելու են առաջիկա տարիներին, հնարավորություն կտան, որ ենթակառուցվածքների, քաղաքային կյանքի հարմարավետության առումով արդեն շատ մոտ ապագայում տարբերություն չլինի վարչական շրջանների միջև:

–Երևանի մասին ո՞ր օրենքում ի՛նչ փոփոխությունների կարիք եք զգում, որոնք հրատապ են:
– Ընդհանրապես օրենքները կենսունակ են, եթե անհրաժեշտությունից ելնելով փոփոխությունների են ենթարկվում: Օրենքի կիրարկումից հետո ի հայտ են եկել որոշակի հարցեր, ինչը, կարծում եմ, բնական է զարգացում ապրող քաղաքի համար: Ներկայում էլ մենք նախապատրաստում ենք Երևանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի ընդունման դեպքում ավելի արդյունավետ է դառնալու թե՛ ավագանու և թե՛ քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեությունը:

–Ի՞նչ պետք է անել, որ Երևանը փոքր կենտրոնից դուրս գա և տարածվի քաղաքով մեկ, որ ծայրամասում ապրողն էլ իրեն զգա լիարժեք մայրաքաղաքացի:
– Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվում են. բանաձևը պարզ է՝ քաղաքաշինական ու ներդրումային նոր ծրագրերը, որոնք հավանություն կստանան, մենք հնարավորինս կենտրոնից ուղղորդում ենք վարչական մյուս շրջաններ: Զուգահեռաբար կյանքի ենք կոչում փոքր կենտրոններ ստեղծելու գաղափարը՝ ապահովելով ընդհանրապես քաղաքի համաչափ զարգացումը: Երևանցին թե՛ կենտրոնում, թե՛ արվարձանում պետք է ապրի վայել միջավայրում: Ավելի լավ Երևանը սկսվում է ավելի լավ բակերից, ավելի լավ թաղերից, ավելի լավ վարչական շրջաններից: Սա է այսօր մեր ծրագրի հրամայականը, երևանցու պահանջն ու սպասելիքը:

– Հայտնի է, որ Դուք ավագանու կողմից ընտրված երրորդ քաղաքապետն եք, ով գործում է նախկինների ստեղծած աշխատակազմով: Արդյոք ընտրություններից հետո սպասվո՞ւմ են կադրային շոշափելի փոփոխություններ:
– Կադրային որևէ փոփոխություն ինքնանպատակ չէ: Եթե մարդը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, չի թերանում, ապա, բնականաբար, նա շարունակում է իր աշխատանքը: Կան աշխատանքային հստակ ծրագրեր և այդ ծրագրերը կյանքի կոչելուն ուղղված պահանջներ: Եթե մասնագետը իր տեղում է և աշխատանքի արդյունավետությունն էլ՝ տեսանելի, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել:

– Քաղաքապետարան աշխատանքի ընդունո՞ւմ եք բանիմաց, բայց ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամ մարդու:
– Մենք աշխատում ենք Երևանի համար: Իսկ Երևանը բոլորինս է՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

– Ըստ Ձեզ՝ վերջին քսանամյակում երևանցին, նրա տեսակը փոխվե՞լ է, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ է կորցրել և ի՞նչ նոր հատկանիշներ է ձեռք բերել:
– Քսանամյակի կտրվածքով, այո, երևանցին շտկել է մեջքը, և շատ դժվարություններ ետևում են մնացել: Բայց խնդիրներ դեռ կան, ու անգամ այդ խնդիրների առկայությամբ էլ մեր բնակիչը ինքնավստահություն է ձեռք բերել ու լավատեսություն վաղվա օրվա հանդեպ: Եվս մի կարևոր հանգամանք. երևանցին իսկապես օրեցօր իրեն մայրաքաղաքում ընթացող գործընթացների լիարժեք մասնակից է համարում ու գիտի, որ իր ձայնը լսվում է:

–Կարծիք կա, որ Դուք բավականին լավ հարաբերությունների մեջ եք երևանյան “կրիմինալ” և “թաղային” հեղինակությունների հետ, որքանո՞վ է դա մոտ ճշմարտությանը:
– Երևանցիները շատ տարբեր են: Երևանի բնակիչներին կարգերի բաժանել չի կարելի: Յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում ու ստեղծում: Երևանը բոլորի՝ այո, մտավորականների և արվեստագետների, ուսանողների և բանվորների, թաղի տղաների և օֆիսային աշխատողների քաղաքն է: Ես ոչ մեկին չեմ “զրկում” Երևանից և հնարավորության շրջանակներում փորձում եմ շփվել բոլորի հետ, բոլորի հոգսերին ու խնդիրներին ծանոթ լինել:

–Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, մեծ հեղինակություն ուներ Երևանում, ինչպե՞ս է ազդում նրա հեղինակությունը Ձեր գործունեության վրա:
– Կրկնակի մեծացնում է պատասխանատվության բեռն ու պարտավորվածությունը: Մայրաքաղաքի համար կարևոր որոշումներ կայացնելիս փորձում եմ մտովի պատկերացնել, թե ինչպես կվերաբերվեր դրանց հայրս:

–Ամեն տարի մեծ շուքով Էրբունի-Երևանն ենք տոնում, բայց երբ այցելում ես Էրեբունի ամրոց-թանգարան, Կարմիր բլուր, Շենգավիթ՝ պարզապես տխրում ես. նախատեսվո՞ւմ է, արդյոք, շքեղ տոնին համապատասխան, մոտ ժամանակներում բարեկարգել մեր մայրաքաղաքի ծննդավայրը, մյուս հնավայրերը:
-Երևան քաղաքի զարգացման ծրագրերում առանձնակի տեղ են զբաղեցնում պատմական հուշարձանների, մշակութային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նշված հնավայրերում որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են: Ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որոնց ներգրավման ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում: Այստեղ նաև լուրջ մասնագիտական մոտեցման խնդիր կա, որի շուրջ քաղաքապետարանը համագործակցում է ինչպես մշակույթի նախարարության, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցների հետ:

–Ելնելով քաղաքապետի Ձեր աշխատանքից՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախորդների աշխատանքը:
– Գնահատում եմ դրական: Երևանը, ինչպես և ցանկացած քաղաք, յուրօրինակ զարգացող օրգանիզմ է, որի համար շատ կարևոր է զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը: Յուրաքանչյուր քաղաքապետ ջանում է հնարավորինս շատ քայլեր անել այդ ուղղությամբ՝ հաջորդին թողնելով ավելի լավ հենք նոր ծրագրեր իրականացնելու համար:

– 60-ական թվականներից, երբ ընդհատակ անցան գվարդիականները, ի հայտ եկավ մի նոր հասկացություն՝ “քաղքի տղա”, ինչը բոլորովին չի նշանակում քաղաքում ծնված տղա: Ելնելով այդ արտահայտության բուն բովանդակությունից՝ Ձեզ համարո՞ւմ եք “քաղքի տղա”:
– Երևանի յուրաքանչյուր բնակիչ, իմ համոզմամբ, երևանցի է, քաղաքի բնակիչ՝ անկախ ծննդավայրից: Այս ըմբռնումն եմ ես ընդունում: Չեմ կարծում, որ այսօր Երևանում բնակվող մեկը կա, ով չի սիրում մեր քաղաքը: Մնում է միայն, որ այդ սերը նաև գործնական դրսևորում ունենա՝ տարածվելով քաղաքը մաքուր պահելու, գեղեցիկը չփչացնելու, նորն ստեղծելու և նման այլ երևույթների վրա:

– Հարցը թող անսովոր չթվա. այսօրվա Փարիզը իր կերպարով պարտական է երկու մարդու՝ Լուի Ֆիլիպին, ով երկրի թագավորն էր, և քաղաքապետ ու ճարտարապետ Հաուսմանին, հուսամ՝ ծանոթ եք նրանց գործունեությանը: Ձեր վերընտրվելու դեպքում չե՞ք ուզենա հետևել նրանց քաղաքաշինական մշակույթին՝ իհարկե ելնելով մեր հայկական ազգային իրականությունից և հնարավորություններից։
– Յուրաքանչյուր քաղաք, մեծ թե փոքր, իր դիմագիծն ունի ու դրա ձևավորման հարցում պարտական է իր նախագծողին: Իմ խորին համոզմամբ՝ Թամանյանի Երևանը ոչնչով չի զիջում Հաուսմանի Փարիզին: Ես չեմ ուզում, որ Երևանն այլ քաղաքի նմանվի, որքան էլ այն գեղեցիկ կամ գրավիչ լինի: Երևանն ինքն իր նման պետք է լինի, պետք է զարգանա սեփական քաղաքաշինական մշակույթով, որն իր մեջ կկրի ինչպես մեր բազմադարյա ճարտարապետության ավանդույթները, այնպես էլ ժամանակակից լուծումներ կունենա: Համոզված եմ, որ Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է ու այդպիսին լինելու է միշտ:

–Ո՞րն է գեղեցիկ քաղաքի Ձեր ընկալումը և ի՞նչ է արվում մշակույթի միջոցով քաղաքը գեղեցկացնելու ուղղությամբ: Ինչպիսի՞ն է կանաչապատման, քաղաքի մաքրության պահպանման վիճակը։
-Գեղեցիկ է այն քաղաքը, որտեղ բնակիչն իրեն հարմարավետ ու ապահով է զգում: Հարմարավետ բոլոր՝ լինի կոմունիկացիոն, կենցաղային թե շրջակա միջավայրի առումներով: Մայրաքաղաքի զարգացման մեր ծրագրերն էլ հենց այդ հարմարավետությունն ապահովելուն են ուղղված:

–Ավանում ունեցած հաջողությունը Ձեզ՝ որպես Երևանի քաղաքապետի, օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
– Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատանքային իմ փորձը միանշանակ օգտակար է բազմաթիվ առումներով: Սակայն, ինչպես արդեն նշեցի, համաչափ զարգացում պետք է ապահովենք մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների համար:

–Եթե հարկ լինի, հեծանվով աշխատանքի կգնա՞ք:
– Հեծանվով աշխատանքի գնա՞մ, չեմ մտածել… Գիտեք, հեծանվով աշխատանքի գնացող պաշտոնյային մեր հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի: Թեև վերջերս մարզումների համար բերված հեծանիվներից մեկը մեր հեծանվահրապարակում ինքս եմ փորձարկել: Ի դեպ, ընդառաջելով մի քանի հկ-ների առաջարկին՝ մենք Օղակաձև զբոսայգում հեծանվուղու ստեղծման առջնեկ ծրագիր իրականացրեցինք: Դիտարկումներ են իրականացվում, և անհրաժեշտության դեպքում կընդլայնենք այդ ծրագիրը:

–Ձեր աշխատանքն այնպիսին է, որ բոլորն անընդհատ ինչ-որ բան են Ձեզանից ուզում: Լինո՞ւմ են պահեր, երբ ուզում եք ասել ՝ “Դե, գնացեք գրողի ծոցը”…
– Ցանկացած խնդրանքի դեպքում փորձում եմ հասկանալ մարդուն, խնդրանքի իմաստը, նպատակը: Եթե խնդրանքը անձնական չէ՝ միանշանակ քննարկվում է և հնարավոր լուծումը տրվում: Չէ, կարծում եմ՝ համբերատար եմ ու կարողանում եմ լսել մարդկանց:

–Երևանցիները Ձեզ վերաբերվում են որպես իրենց զավակի՝ հաճախ ասելով՝ “Տարոնը մեր տղան է”: Այդ արտահայտությունը ինչքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում:
– Իհարկե պարտավորեցնում է: Ջանում եմ, որ մարդիկ հուսախաբ չլինեն, ու այն վստահությունը, որ ունեն իմ նկատմամբ, ավելի ամրապնդվի ու մեծանա:

–Հաշվի առնելով, որ մենք գրական-գեղարվեստական հանդես ենք, Ձեր վերաբերմունքը գրքի ու գրականության նկատմամբ:
– Երևանը ուղիղ մեկ տարի կրեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի էստաֆետը, ինչը ոչ միայն մեծ պատիվ ու պատասխանատվություն էր մեզ համար, այլև նկատելի աշխուժություն բերեց մեր մշակութային կյանքին, նաև, համոզված եմ, շատ բան փոխեց գրքի ու գրականության նկատմամբ մեր ունեցած ավանդույթները վերագտնելու առումով: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հայ ու արտասահմանցի հարյուրավոր հեղինակների բազմաթիվ գրքեր, և ես սրտանց ցանկանում եմ, որ գիրք կարդալը, գրականությունը արժեքավորելը նորից վերադառնա մեր կենցաղ:

 

Պահանջելով Արևմտյան Հայաստանը` պետք է պատկերացնենք, թե ինչ ենք պահանջում

Արտակ-ՇաքարյանցՎերջին 20 տարվա ընթացքում անընդհատ խոսվում է այն մասին, որ հաջորդ տարի հայ–թուրքական սահմանը կբացվի, սակայն դա միշտ հետաձգվում է: Որոշ քաղաքական պաշտոնյաների կարծիքով` սահմանի հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր է, ուստի շատերն այդ նուրբ հարցին փորձում են չխառնվել՝ գիտակցելով, որ այդպիսի բարդ խնդիրները լուծելու համար պետք է ամբողջական պատկեր ունենալ սահմանի վերաբերյալ: Այդ հարցն ավելի լավ հասկանալու համար զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ:

– Պրն Շաքարյան, հայ–թուրքական սահմանի բացումը հնարավո՞ր է: Եվ եթե այո` ե՞րբ:

– Շատ հնարավոր է, որ թուրքերը մտադրություն ունենան 2015 թ. Ցեղասպանության 100- ամյակի հիշատակելու և ճանաչելու գործընթացը տապալել: Եվ եթե հանկարծ 2015 թ. մարտին սահմանը կարճ ժամանակով բացվի, դա մեծ հարված կլինի սփյուռքի կամ Հայաստանի այն հայտարարություններին, որ Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետությունը՝ շարունակելով Ցեղասպանությունը: Բացի դրանից, խնդիրն այն է, որ սահմանի բացումը կարող է երկարատև չլինել, քանի որ այն կարելի է բացել և նորից փակել: Իսկ թուրքերի «եթե ԼՂՀ-ի հարցում Հայաստանը տարածքային զիջում անի, փոխարենը Թուրքիան սահմանը կբացի» պահանջը  միանշանակ անընդունելի է:

– Սահմանի բացումը հիմնականում ի՞նչ խնդիրների հետ է կապված, և այն ինչպե՞ս կդիտվի դրանով հետաքրքրվող պետությունների կողմից:

– Սահմանի հարցը կապված է մի քանի խնդիրների հետ: Դրանցից մեկն Արցախի հիմնախնդիրն է: Քանի դեռ սահմանը փակ է, Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և տնտեսապես անշահավետ իրավիճակում է, ի տարբերություն Ադրբեջանի, որը մեծ եկամուտներ է ստանում իր նավթի շնորհիվ: Իսկ Թուրքիայի կողմից սահմանի բացումը Ադրբեջանը կդիտի որպես դավաճանություն, որը Հայաստանի յուրաքանչյուր զարգացում համարում է հարձակում իր վրա:

– Ադրբեջանն ի՞նչ հարաբերության մեջ է Թուրքիայի և Հայաստանի հետ, և ինչպե՞ս կարող է ազդել վերջինի վրա սահմանի բացման հարցում:

– Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քանի որ շատ մեծ ներդրումներ ունի այնտեղ, ինչպես բիզնեսում, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ Թուրքիայի ամենամեծ նավթաքիմիական ընկերության բաժնետոմսերի մեծ մասն ադրբեջանական են: Թուրքիայում այսօր էականորեն իսլամիստների և ազգայնականների միջև պայքար կա, իսկ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ  է պահպանում ազգայնականների հետ և աջակցում նրանց՝ հայատյացությունը տարածելու նպատակով: Համագործակցություն, որն այսօրվա իսլամիստ Թուրքիայի իշխողներին ձեռնտու չէ: Բացի դրանից, Թուրքիան այսօր ավելի շատ բիզնես պետություն է, և նրա արտաքին քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը գործում է իր իսկ բիզնեսի զարգացման համար: Այդ իսկ պատճառով լավ հարաբերություններ է պահպանում սահմանամերձ երկրների՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, ժամանակին նաև Սիրիայի, Վրաստանի և Իրանի հետ. թուրքական բիզնեսն աստիճանաբար այդ երկրներում ամուր դիրքեր է գրավում: Իսկ Հայաստանն իր 2,5 միլիոնանոց շուկայով չի հետաքրքրում Թուրքիային: Նույնիսկ անիմաստ է համեմատել 7 միլիոնանոց նավթով հարուստ ադրբեջանական շուկան Հայաստանի շուկայի հետ: Այնպես, որ Թուրքիայի օլիգարխներին այնքան էլ չի հետաքրքրում սահմանի բացման գաղափարը: Այն ավելի շատ հետաքրքրում է համեմատաբար աղքատ հատվածին՝ Արևմտյան Հայաստանում ապրող բնակչությանը, որը կազմված է կա՛մ ադրբեջանցիներից, որոնք հակահայկական են, կա՛մ քրդերից, որոնց զարգացումը Թուրքիան չի ուզում: Խնդիրն այն է, որ քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության 20-30 տոկոսը, արմատավորված լինելով մասնավորապես Վանում և Դիարբեքիրում, բավական ակտիվ են բարձրաձայնում հայոց Ցեղասպանության մասին: Ուստի նրանք կարող են լինել մեր դաշնակիցը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Սակայն Ցեղասպանության ճանաչման և հողերի վերադարձման դեպքում անխուսափելի է թվում բախումը քրդերի հետ: Ադրբեջանական փողերով և թուրքական ցանկությամբ գնում են դեպի հակաքրիստոնեություն, հակահայություն:

– Գերտերությունները որքանո՞վ են հետաքրքրված սահմանի բացման խնդրով:

– Գերտերություններին հետաքրքրում է սահմանի բացումը: 2009 թ., երբ արձանագրությունները ստորագրվեցին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը նույնիսկ համընկան: ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ Հայաստանն ունի միայն մեկ բաց սահման Վրսատանի և Իրանի հետ: Այդ դեպքում Հայաստանը ստիպված համագործակցում է Հյուսիսի հետ` այդ կերպ խորացնելով իր կապը Ռուսաստանի հետ: Իսկ եթե սահմանը բացվի, ապա արևմտյան ներդրումների մի մասը կգա Հայաստան՝ մեզ կապելով արևմտյան շուկայի հետ, ինչի հետևանքով էլ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը, և կավելանա  ԱՄՆ-ի  ազդեցությունը Հայաստանի վրա:

– Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնող  օրինագծին, ճշմարտության ի՞նչ հատիկներ կան:

– Ֆրանսիայում հայերը մեծ ընտրազանգված են կազմում` մոտ 300 000 և ավելին: Նրանք անհրաժեշտ են Ֆրանսիային: Այն ժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզին ամեն ինչ անում էր, որ հայերի ձայները շատ լինեն, քանի որ առջևում նախագահի ընտրություններն էին: Այժմ տեսնում ենք, որ օրենքը կրկին վերադարձել է: 2014 թ. ընտրություններն են: Իհարկե, Վալերի Բուայեն կամ օրինակ՝ ամերիկյան լոբիստները հայանպաստ գործ են կատարում, սակայն ոչ միայն հայերի գեղեցիկ աչքերի համար: Նրանք ունեն իրենց ներքաղաքական հաշվարկները: Դա ևս պետք է գիտակցել:

– Որո՞նք են Հայաստանի առավելությունները, որոնցով մյուս պետությունները կարող են հետաքրքրվել:

– Հայաստանի առավելություններից մեկը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն է, որով թուրքերն իրենց դեմ զենք ստեղծեցին: Երկրորդը սփյուռքն է, որը Ցեղասպանության հարցում միավորված է, ինչը չէի ասի ԼՂՀ-ի մասին: Ինչո՞ւ: Քանի որ Ցեղասպանության գաղափարը սփյուռքահայերի արյան մեջ է: Մյուս կարևորությունը քրիստոնեությունն է: Հայաստանը, որ գտնվում է մահմեդական միջավայրում, դեռ գոյատևում է հենց քրիստոնեության շնորհիվ: Մեր առավելությունն է նաև այն, որ Հայաստանը դաշնակից է քրիստոնյա երկրների հետ: Այնուամենայնիվ, սփյուռքն այսօր ամենակարևոր ուժն է Հայաստանի համար, որովետև նրա մի մասը զարգացած պետություններում էլիտայի մաս է կազմում, և ՀՀ սփյուռքի, արտաքին գործերի ու կրթության ու գիտության նախարարությունները կարող էին ավելի լավ օգտագործել սփյուռքի ռեսուրսը: Սակայն արի ու տես, որ թուրքերն օտար համալսարաններում բացում են հայագիտության, թուրքագիտության ամբիոններ, իսկ մենք՝ ոչ:

– Ո՞րն է հիմնական պատճառը:

– Ֆինանսավորում չունենք, առաջնայնություն չեն տալիս այդ հարցին կամ գուցե համապատասխան մարմիններում լավ մասնագետներ չեն աշխատում: Ցավոք, այսօր դեռ կա պետական ատյաններում ծանոթով աշխատանքի ընդունվելու հանգամանքը: Այնտեղ աշխատավարձը ցածր է, մասնագետները չեն վերապատրաստվում, ինչն էլ հանգեցնում է միջակության: Հարցերը խորքային են: Կարծում եմ՝ մեր յուրաքանչյուր դեսպանատանը պետք է լիներ նվազագույնը մեկ աշխատող՝ կցորդ, որը զբաղվեր սփյուռքի հարցերով, և ավելին, ոչ թե ընդամենը զեկույցներ ուղարկեին, այլ գնային և սփյուռքահայերի հետ աշխատեին: Այդ առումով հրեաները բավական լավ ծրագրեր ունեն: Օրինակ՝ նրանք ամերիկյան համալսարանների ուսանողներին ծրագրեր են առաջարկում, անվճար տանում Իսրայել, այնտեղ փորձում աշխատանքի, ընտանիք կազմելու առաջարկություններ անել և այլն: Այսինքն՝ խորքային ծրագրեր, որոնք մենք չունենք կամ չենք ուզում ունենալ:

– Ի դեպ, ի՞նչ կարող են տալ մշակութային շփումները հայ–թուրքական հարաբերություններում:

– Մշակութային գործիչների, նաև ուսանողների, լրագրողների միջև շփումներն  էական գործոններ են: Դրանք օգնում են, որ թուրք կինոգործիչը կամ լրագրողներն այցելեն Եղեռնի հուշահամալիր, ծանոթանան հայերի տեսակետին և չխուսափեն միմյանցից: Թուրքիայում թյուր կարծիք է տարածվել, որ Հայաստանը լի է մուրացիկներով, հայերը կառքերով են տեղափոխվում, մեքենաներ չկան: Եվ ամենազավեշտալին այն է, որ նրանք կարծում են՝ եթե թուրքը գա Հայաստան, հայերն այնքան են ատելությամբ լցված նրանց հանդեպ, որ հնարավոր է հրապարակի մեջտեղում այրեն:

– Սփյուռքի ներուժը ճիշտ ուղղությամբ օգտագործելուց բացի, ի՞նչ պետք է անել հայկական հիմնահարցին լուծում տալու համար:

– Հայերս պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ուզում Ցեղասպանության ճանաչումը և ինչպես: Արդյոք մենք փողի՞, թե՞ տարածքի համար ենք այն պահանջում, թե՞ պարզապես ուզում ենք` ճանաչվի, և վերջ: Մեր արտգործնախարարությունը նույնպես չի մշակել հստակ ռազմավարություն այդ առումով:

Եկեք մինչ ուրիշին մեղադրելը սկսենք մեզանից: Հայաստանում ունենանք ոչ թե 3 միլիոն, այլ 8 միլիոն բնակչություն, որպեսզի ի վիճակի լինենք մարսել Արցախում տարած հաղթանակները: Եվ ողբալու, մեղադրելու փոխարեն ավելի շատ գործենք:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր հաստատվել է աշխարհի քարտեզի վրա

Հարություն-Խաչատրյան

Հարցազրույց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

– «Ոսկե ծիրանի» համար այս տարին հոբելյանական է. 10-րդ «Ոսկե ծիրանն» ինչո՞վ կտարբերվի նախորդներից:

– Շատ բան չեմ կարող ասել 10-րդ «Ոսկե ծիրանի» մասին, քանի որ բոլոր հարցերը լուծվում կամ հաստատվում են մայիսի վերջին: Ինչ խոսք, նախապատրաստական աշխատանքներ ընթանում  են, որ աշխարհի լավագույն լրատվամիջոցները գան ու լուսաբանեն այն: Շատ ենք ուզում, որ Հայաստանի մասին մեկ անգամ ևս խոսվի աշխարհով մեկ` որպես մշակութային լուրջ  կենտրոնի, որը զբաղվում է կինոարվեստը տարածելով:

Կինոարվեստն ինքնանպատակ չէ, կարևոր բաներից մեկը Հայաստանն աշխարհին ցուցադրելն է`  և՛ արվեստի գործերը, և՛ ապրելաձևը, և՛ կենցաղը: Կարծում եմ, որ այդ ամենն աշխարհի համար հետաքրքիր է և կգրավի մարդկանց:

Այս 10 տարիներին ինչքան մարդիկ եկել են, սիրահարվել են Հայաստանին, դարձել են Հայաստանի  դեսպաններն   աշխարհով մեկ: Եթե ամեն մի գնացածի ֆեյսբուքյան էջը նայեք կամ նրանց գրած հոդվածները, հարցազրույցները, կտեսնեք, թե Հայաստանի մասին ինչքան ջերմ խոսքեր, նվիրվածություն, հետ վերադառնալու ցանկություն կա:

Ամեն մեկը նոր ֆիլմ ունենալու դեպքում Կաննից ու Վենետիկից հետո միանգամից ցանկություն է հայտնում գալ Հայաստան, քանի որ գիտեն, որ իրենց հեղինակային կինոն գնահատվելու է Հայաստանում:

Որոշել ենք, ինչպես ամեն տարի ենք անում, բերել  աշխարհի ճանաչված ֆիլմերը,  Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոների լավագույն ֆիլմերը, որոնք մրցանակներ են ստացել, և ցուցադրել հայ հանդիսատեսին: Սրանք ֆիլմեր են, որոնք հանդիսատեսն այլ  դեպքում չէր տեսնի. հեռուստատեսությունը ցույց չի տալիս, էկրաններին չեն գալիս, իսկ մենք կարծում ենք,  որ այդ ֆիլմերի մասին  հանդիսատեսը և՛ ինֆորմացիա պիտի ունենա, և՛ տեսնի, և՛ հասկանա` աշխարհում ինչ է կատարվում, կինոն ինչ ուղղությամբ է զարգանում, ինչն են գնահատում:

Այս տարի կաշխատենք, որ Հայաստան գան նախորդ տարիներին մրցանակներ ստացած անձինք, ցանկանում ենք  նաև բերել նոր մարդկանց, որոնք երբևէ չեն մասնակցել մեր փառատոնին, բայց ճանաչված անուններ են` ռեժիսորներ, արտիստներ:

Արդեն մի գաղտնիքը բացվել է. 10-րդ հոբելյանական հանձնաժողովի նախագահը Շառլ  Ազնավուրն է լինելու, և Ազնավուրի հրապարակում նրա անվամբ աստղ պետք է բացվի, ինչպես ժամանակին   Բեկնազարյանի, Փարաջանովի, Մամուլյանի աստղերը:

Աշխատում ենք, որ տեխնիկական միջոցներն ավելի բարձր մակարդակով լինեն: Մենք ինքներս կինոթատրոն չունենք, վարձում ենք կինոթատրոնները և դահլիճները: Հրավիրել ենք գերմանացի լավագույն ինժեներներին, նրանք այժմ ստուգում են բոլոր տեղերը, որտեղ որ ֆիլմեր պիտի ցուցադրվեն: Կաշխատենք, որ մեր ջանքերով  ամառային կինոդահլիճում ցուցադրություն լինի, բացօթյա ցուցադրություններ լինեն, ամեն տարվա պես համերգներն Ազնավուրի հրապարակում պիտի շարունակվեն: Ճոխ բացում ու փակում պիտի արվի:

-Պարոն Խաչատրյան, ո՞րն եք համարում փառատոնի ամենամեծ ձեռքբերումը 10 տարիների ընթացքում:

– Փառատոնի ամենամեծ ձեռքբերումները  մի քանիսն են: Առաջինը   Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր աշխարհի քարտեզի վրա հաստատվելն է, այն էլ` հեղինակային կինոյի: Այդ հասցեն վերջնականապես հաստատվել է: Օրինակ`  անցած տարի Կաննի կինոփառատոնի կայքում աշխարհի լավագույն 10 կինոփառատոների շարքում «Ոսկե Ծիրանը»  7-րդ տեղում էր:

Երկրորդ`  երբ սկսվեց փառատոնը, գրեթե չկային ռեժիսորներ: Երիտասարդների մեջ, որոնք մեծացել ու  տասնյակ տարիներ ապրել էին առանց կինոֆիլմերի` նայելով երկրորդական, երրորդական որակի վատ ֆիլմեր, հետաքրքրություն  արթնացավ դեպի կինոն: Բացվեց դպրոց, վարպետության դասեր անցկացվեցին: Եվ այսօր  ունենք  երիտասարդների մի լավ սերունդ, որոնք արդեն  լավ կամ վատ նկարում են ֆիլմ, մասնակցում կինոյի համաշխարհային պրոցեսներին, սովորել են ֆոնդերից փող ստանալու ձևերը, սովորել են իրենց ֆիլմերը ներկայացնել միջազգային մրցույթների:

Եվ երրորդ` դաստիարակվեց հանդիսատես: Տարիներ առաջ Հայաստանում այդ լավ հանդիսատեսը կար,  որը միշտ սպասում էր աշխարհի լավագույն ֆիլմերին: Բայց  դա վերացել էր: Առաջին տարին ամեն դահլիճում 4-5 կամ 10 մարդ  էր նստած,  այսօր 50-60 հազար  հանդիսատես մասնակցում է տարբեր միջոցառումների և ֆիլմերի ցուցադրությունների: Այսինքն`  մի այնպիսի հետաքրքիր հանդիսատես է առաջացել, որ ամեն տարի սպասում է այս մեկ շաբաթին, որպեսզի իր հետաքրքրություններին հագուրդ տա:

Այդ երեք կարևոր ձեռքբերումներն են, որ ամեն երկրի համար  հպարտանալու արժեքներ են:

– Մի փոքր խոսեցիք այդ մասին, բայց կմանրամասնե՞ք` ինչ համբավ և տեղ  ունի «Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում:

– Չկան այդպիսի աստիճաններ, որ 10-րդ կամ 20-րդ տեղը զբաղեցնենք, սա սպորտ չէ: Կան 5-6 մեծագույն, Ա կարգի փառատոներ, որոնք  շատ մեծ,  հարուստ երկրների իրավունքներն են, որոնք  ունեն մեծ շուկա:  Ամեն փառատոնի  ժամանակ ծախսվում է   10-100 մլն եվրո: Եվ կան մնացած փառատոները: Կարևորությունը մարդկանց գնահատականներն են: Ինչո՞վ է գնահատվում փառատոնը. ովքե՞ր են  մասնակցում փառատոնին, ինչպիսի՞ ֆիլմեր են ցուցադրվում փառատոնի ժամանակ և հանդիսատեսը գո՞հ է  ծրագրից. և ի՞նչ լրատվամիջոցներ են լուսաբանում այն: Շատ կարևոր է նաև ժյուրիի կազմը, լուրջ մասնագետնե՞ր են արդյոք, թե՞ պատահական հավաքված մարդիկ: Օրինակ, եթե գալիս են  հեղինակային կինոյի հիմնադիրները, դասականները կամ ներկա ճանաչված ռեժիսորներ, 1-2 հոգին մի փառատոնի համար շատ է, բայց մեզ մոտ մինչև 10-15 մեծագույն ռեժիսորներ են գալիս ամեն տարի, կարծես հեղինակային կինոյի ակումբ է դարձել: Փառատոնն այդպես է գնահատվում:

-10 տարի առաջ, երբ 1-ին կինոփառատոնն էիք անցկացնում, ի՞նչ տեսլական ունեիք: Եվ որքանո՞վ էր իրատեսական, որ Հայաստանում ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը կարող է կյանքի կոչվել:

– Հավատ չկար իրականում: Շատերը թերահավատորեն էին մոտենում, որ կարող է հաստատվել փառատոնը: Բայց մենք ընտրեցինք այդ ճանապարհը: Գիտակցում էինք   կինոն նորից արթնացնելու և կինոն որպես քաղաքական, մշակութային, ազգային  զենք օգտագործելու կարևորությունը: Կինոն լավագույն միջոցներից է աշխարհին պատմելու քո առավելությունների ու թերությունների, մշակույթի մասին, գրավելու աշխարհի մարդկանց քո երկիր և քո երկրի եղածը հանելու դուրս: Երկու ճանապարհ կար դրա համար. առաջինը արտադրություն ստեղծելն էր, հարուստ մի ֆոնդ, որպեսզի  սկսեինք ֆիլմեր նկարահանել և հասնեինք մի մակարդակի, ինչպես ժամանակին արեցին պարսիկները, վրացիները, հիմա թուրքերն են անում: 100-ավոր միլիոն դոլարներ են ներդնում կինոյի մեջ, քանի որ այն իրենց համար լուրջ քաղաքական գործիք է: Մենք այդ ճանապարհով չէինք կարող գնալ, քանի որ աղքատ երկիր ենք: Ընտրեցինք երկրորդ ճանապարհը` մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու, դպրոց բացելու,  սովորեցնելու, վարպետության դասեր տալու: Դա մի քիչ ավելի երկար ճանապարհ է: Փառք Աստծո, ինչ մտածում էինք, առաջին փուլի համար` իրականացավ:  Հիմա  երկրորդ տասնամյակում երկրորդ փուլը  պիտի իրականացնենք, խոսքը  հայկական կինոտեսակի, կինոարվեստի ինքնահաստատման մասին է: Մեկ-երկու լավ ֆիլմը չի կարող ստեղծել եղանակ համաշխարհային կինոյի մեջ ընդգրկվելու կամ  հայկական կինոտեսակը ցուցադրելու համար, պետք է շատանան ֆիլմերը, պետք է ֆոնդ ստեղծվի, պետք է մեծահարուստները համոզվեն գումար ներդնել այդ ֆոնդերի մեջ, ֆոնդերը պետք է երիտասարդների ներգրավեն ֆիլմեր նկարահանելու համար, որպեսզի ստեղծվի հայկական կինոտեսակ: Այնպես որ երկրորդ փուլում  մեր նպատակն է, որ  հայ կինոտեսակը ստեղծվի, քանակը որակ տա ու դա նկատվի աշխարհում:

– Անցած տարի բարձր մակարդակով խոստումներ հնչեցին, որ «Ոսկե ծիրանը»  սրահով կապահովվի: Այս տարի այդ խոստումներն իրականություն կդառնա՞ն:

– Մեծ շենքի մասին է խոսքը, որտեղ ողջ տարվա ընթացքում կինոցուցադրություններ, դասեր կանցկացվեն: Փնտրում են: Ես հավատում եմ այդ մարդկանց լրջությանը: Կարևոր է, որ «Ոսկե ծիրանն»  ընդունվի  որպես մշակութային քաղաքականություն վարող կենտրոն, որին պետք է ապահովել մեկ, երկու, եթե ոչ երեք 20-150 տեղանոց կինոդահլիճներով, սրահներ, որտեղ կարելի է  կինոցուցադրություններ, լեկտորիումներ անցկացնել, դասեր տալ` սկսած  դպրոցական տարիքի երեխաներից: Ես հույս ունեմ, որ դա կլինի, բայց եթե հանկարծ մոռացկոտ լինեն, մենք նորից կհիշեցնենք այդ մասին: Սա շուոբիզնես չէ, այլ  լուրջ կրթական, դաստիարակչական, մշակութային  ծրագիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

– Արդեն հստակեցվա՞ծ է կինոփառատոնի այս տարվա ժամանակացույցը:

– Փառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փորձում ենք դահլիճների թիվը շատացնել, տեսնենք` ինչ կստացվի: Մենք բերում ենք 100-150 ֆիլմ, որոնք մեկ անգամ են ցուցադրվում, գոնե 2-3  անգամ ցուցադրվեն: Դալմայի այգիներում դահլիճներ են բացվում, ուզում ենք նրանց ներգրավել, ուզում ենք, որ ամառային դահլիճում  գոնե այդ մեկ շաբաթը բացօթյա ֆիլմեր լինեն, նաև մեկ-երկու հրապարակներում,  որպեսզի անցորդը, հետաքրքրված անձն ամեն տեղ կարողանա կինոյի հետ շփվել:

Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարները վտանգված են

ջավադյանՆոյեմբերի 3-ին Հանրային խորհուրդը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ  համակարգերի անցման մասին: Թեմայի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել ՀԽ  գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի հետ:

– Պարոն Ջավադյան, ի՞նչն առիթ դարձավ, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման հարցը քննարկվի Հանրային խորհրդում:

– Արարատյան արտեզյան ավազանը ջուր է մատակարարում և՛ ոռոգման, և՛ խմելու նպատակով, ինչպես նաև ձկնային տնտեսություններին ու արտադրական նպատակներով, այսինքն` բոլոր նպատակներով: Արտեզյան ավազանի երկարությունը 120 կմ է, լայնությունը` 10-30 կմ, սնվում է Մասիս, Հայկական պար, Արագած և Գեղամա լեռներից:

Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ուսումնասիրությամբ հաստատվել է, որ պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Սա այն պաշարն է, որից ավելի ջուր վերցնելու իրավունք չունենք: Եթե վերցնենք, սկսվելու է պաշարների սպառում: Հենց այդ երևույթն էլ սկսվել է:

Քանի որ ջրառի թույլտվությունները 1990-ից հետո ավելի շատ են, քան ջրային պաշարները, բավական ծանր վիճակ է ստեղծվել: Եվ մինչև հիմա ինչքան ցանկացել ենք, որ պաշարների նոր ուսումնասիրություն լինի, թեկուզ` հաշվարկային կարգով, չի եղել, սակայն ջրառի թույլտվությունները շարունակվում են: Միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան ջրառի թույլատրելի պաշարների չափ ջուր, այսինքն` ոռոգման, խմելու, արտադրական և այլ նպատակների համար հավելյալ ջրային պաշարներն են օգտագործվում, ինչի պատճառով պաշարները նվազում են:

Ջրառը թույլ տվող կազմակերպություններն այդ բոլորը պետք է գոնե հետագայում հաշվի առնեն, որպեսզի դադարեցնենք պաշարների սպառումը և ստորերկրյա ջրավազանին կամաց-կամաց վերականգնվելու հնարավորություն տանք:

– Ջրային պաշարների վերաբերյալ արդյոք նոր ուսումնասիրություններ կա՞ն: Ինչպիսի՞ն է պաշարների օգտագործման ներկա վիճակը:

– Ուսումնասիրություններ 1984-ից հետո չեն կատարվել: Մի 2-3 տարի առաջ առաջարկել ենք նման ուսումնասիրություն կատարել, սակայն նախարարությանն այդքան գումար չի հատկացվել: Ուսումնասիրության արժեքը գնահատվել է 250 մլն դրամ:

2008-ին բնապահպանության նախարարությունը, ըստ «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի պահանջների, կատարել է գույքագրում: 2010-ին, զգալով պաշարների նվազումը ,փոխվարչապետ պարոն Գևորգյանի կողմից կազմվել է հանձնաժողով, որին մասնակցել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, ջրպետկոմի ներկայացուցիչը և Արարատի ու Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ երկու մարզերի համայնքները փականային ռեժիմ չունեն, և ջուրն անխնա հոսում է: Տարեկան 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Ընդհանուր, բոլոր ոլորտները հաշվարկած, տարեկան ՀՀ-ից 1 մլրդ 770 մլն ջուր ենք թափում Արաքս գետը և սահմաններից դուրս ուղարկում:

– Թույլատրելիից ավելի ջրի օգտագործումը տեսանելի խնդիրների հանգեցրե՞լ է:

– Այո: Ջրպետկոմն ուսումնասիրել է Մեծամոր գետի ավազանի վիճակը: Ավազանը ժամանակին սնվում էր ստորերկրյա աղբյուրներից և 303 շատրվանող հորերից: Դրանցից 122-ն իսպառ չորացել են: 1990-ին գետի ավազանում ունեցել ենք 18 խմ/վրկ ջուր: Ստուգման ժամանակ պարզվել է, որ հասել է 604 լիտր/վրկ-ի: Այսինքն` առնվազն 10 անգամ պակասել է: Այժմ և՛ Ակնա լճում, և՛ Մեծամոր գետի վերին հոսանքներում ջուր չունենք, դրա հետևանքով 6000 հա հողեր զրկվել են ջրի աղբյուրից:

Ստիպված ենք արդեն հաջորդ տարվանից (այս տարի էլ ենք բաց թողել, բայց հաջորդ տարվանից ավելի շատ) մոտ 70 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել Սևանա լճից: Ստացվում է, որ Սևանից պիտի հավելյալ ջուր բերենք, բայց տեղի պաշարներն էլ` 1,770 մլրդ խմ, առանց նպատակին ծառայեցնելու, լցնենք Արաքսը: Սա է մեր անհանգստության պատճառը:

Կան նաև ձկնաբուծարաններ, որոնց հատակները ջրամեկուսացված չեն, ջուրը ներծծվում է ու գնում դեպի բանավաններ և վարելահողեր: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և՛ բնակելի տների կայունության առումով, և՛ հողային ֆոնդի համար: Ներկայումս 21 հազար հա հողատարածք բարձր խոնավության վիճակում է և կրկնակի աղակալման վտանգի առջև:

-Խնդրին ի՞նչ լուծում է առաջարկում ՀԽ-ն:

– Առաջարկում ենք համայնքային բոլոր շատրվանող հորերը բերել փականային ռեժիմի: Խորքային հորերն ունեն փականային ռեժիմ, քանի որ ջուրը պոմպի միջոցով է հանվում, էլեկտրականություն է ծախսվում, և այդ պատճառով շռայլումներ չեն կարող լինել: Մենք առաջարկում ենք նաև, որ ձկնային տնտեսությունները երկու փուլով անցնեն նոր համակարգի: Առաջին փուլով նախատեսվում է անցնել կիսափակ համակարգի, որով ջրի 70 տոկոսը պիտի պտտվի, 30 տոկոսը` շարունակի հոսել:

Երկրորդ փուլով արդեն պետք է անցում կատարվի փակ համակարգերի, որի դեպքում կօգտագործենք միայն 3,5-5 տոկոս ջուր` գոլորշիացման և ֆիլտրացիոն կորուստները լրացնելու համար: Փակ համակարգը շատ ավելի խնայող է, բայց ավելի շատ միջոցներ է պահանջում: Ուստի չենք ցանկանում տնտեսություններին միանգամից ծանրաբեռնել: Եթե գոնե կիսափակ համակարգի անցնենք և 70 տոկոսը խնայենք, նաև հորերի փականային ռեժիմ կիրառենք, տարեկան 990 մլն խմ ջուր կխնայենք: Դա արդեն իսկ մեծ օգնություն կլինի ավազանի պաշարների վերականգնման համար:

– Ձկնաբուծական տնտեսությունների համար անցումը նոր համակարգին տանելի՞ ֆինանսական բեռ է:

– Մեր կարծիքով սա թույլատրելի ֆինանսական բեռ է տնտեսվարողների համար: Տնտեսվարողներին բաժանել ենք 3 խմբի. ջուր քիչ օգտագործողներ` մինչև 50 լ/վրկ, միջին օգտագործողներ` մինչև 150 լ/վրկ և շատ օգտագործողներ` ավելի քան 150 լ/վրկ:

Խոշոր տնտեսությունները 30-ն են, միջինները` 145: 93 փոքր տնտեսություններին առաջին փուլում չենք նախատեսում ընդգրկել:

Առաջին փուլով նախատեսվում է, որ միջին և խոշոր տնտեսությունները մեկ տարվա ընթացքում պետք է անցում կատարեն կիսափակ համակարգին: Միջին տնտեսությունների համար դա կարժենա 17 մլն դրամ, խոշոր տնտեսությունների` 68 մլն դրամ: Կիսափակ համակարգին անցնելու պարագայում տարեկան 25 տոննա միջինների դեպքում և 100 տոննա խոշորների դեպքում արտադրության պայմաններում ձկան մեկ կիլոգրամի ինքնարժեքը կբարձրանա 115 դրամով:

Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ, եթե իրենց սարքավորումներն են գնում, վարկ են տալիս: Օրինակ` Դանիան նման պարագայում հատկացնում է 5 տոկոսով վարկ` 7 տարի ժամկետով: Մենք էլ առաջարկում ենք, որ տնտեսություններն այդ վարկերից օգտվեն:

Առաջարկել ենք նաև ավտոմատ հեռակառավարման համակարգ ստեղծել: Հեռակառավարման շնորհիվ համապատասխան պաշտոնյան ցանկացած պահի կկարողանա ստուգել իր աշխատասենյակից, թե որ հորը երբ ինչքան ջուր է տվել, և արդյոք դա թույլատրելիի՞ սահմաններում է:

Հարցը մանրակրկիտ քննարկվել է Հանրային խորհրդում, առաջարկությունները ներկայացրել ենք նախագահին, որպեսզի կառավարության հետ միասին այդ հարցերը նորից քննարկենք և լուծենք:

– Իսկ այս առումով ինչպիսի՞ն է միջազգային փորձը:

– Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, բելգիացիների օրինակով ու տվյալներով ենք հաշվարկները կատարել: Ընդհանրապես որևէ տեղ խմելու ջրի նկատմամբ նման բարբարոս վերաբերմունք չունեն: Ամեն տեղ փակ համակարգ են կիրառում:

– Ստեղծված իրավիճակն ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Վտանգն առաջին հերթին այն է, որ խախտվում է դաշտավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, երկրորդ` իջնում է գյուղացիական նշանակության հողերի բերքատվությունը, երրորդ` սոցիալական լարվածություն է առաջանում, չորրորդ` վտանգված է ատոմակայանի նորմալ շահագործումը, քանի որ Մեծամորի ջրային պաշարներից է օգտվում:

Եվ ամենակարևորը, որ մենք ունենք 6 մլրդ 300 մլն մակերեսային ջրեր, որից օգտագործում ենք միայն 2,5 մլրդ-ը, մնացածը սահմաններից դուրս է գնում: Այսինքն` այդ 3,7 մլրդ-ին, որի համար ջրամբարներ պիտի կառուցենք ու մի մասը պահենք, դեռ մի բան էլ ավելացնում ենք հոսքեր` ստորգետնյա պաշարներից 1 մլրդ 700 մլն: Դա մեր կողմից ամենամեծ սխալ քայլն է:

– Ի՞նչ ժամանակահատվածում է ցանկալի, որ ՀԽ առաջարկությունները կյանքի կոչվեն:

– Մենք առաջարկել ենք մեկ տարում անցնել խնայող ռեժիմի: Ուշացնել այլևս չենք կարող: Այլապես հետևանքներն անկանխատեսելի են: Այլևս վերականգնելու հնարավորություն չենք ունենա: Ստորգետնյա ավազանը, որը ոռոգման և խմելու ջուր է ապահովում Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու տարածաշրջանների համայնքներին, վտանգում ենք: