Նոյեմբերի 21-ին՝ երեք օր շարունակված որոնումներից հետո, հայտնաբերվել է սիրիական բանակում ծառայող հայ զինվոր, 1988թ․ սեպտեմբերի 14-ին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանի դին, հաղորդում է civilnet.am-ը, վկայակոչելով «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Նոյեմբերի 18-ին զինված ընդիմադիրների կողմից ականի թիրախ էր դարձել Դամասկոսի Հարասթա շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը։
Պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փլվել էին, կային տասնյակ զոհեր և վիրավորներ։
Զոհերի մի մասի ինքնությունը պարզվել էր, սակայն կային դիակների մասնիկներ, որոնց պատկանելությունը հնարավոր էր պարզել «ԴՆԹ» հետազոտության միջոցով։ Ուստի երեք օրվա որոնումներից և հետազոտություններից հետո պարզվեց, որ զոհերի թվում է սիրիական բանակի հայազգի զինծառայողը։ Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:
Հայաստանյան ջերմ արևը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն
Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա:
Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը 1994 թ. տեղափոխվեց Լոնդոն: Հայրը, որ ծնվել էր Հնդկաստանում, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի ու հնդիկ: 70-ականներին էր եկել Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ հետ: «Հորս առաջին լեզուն եղել է անգլերենը, հետո հնդկերենը, հետո ռուսերենը, հետո նոր՝ հայերենը: Սակայն ինքն իրեն զտարյուն հայ է զգացել և ինձ ու եղբորս էլ որպես հայ դաստիարակել»:
Չնայած սովորում էին անգլիական դպրոցում, ողջ օրն անցկացնում անգլիական միջավայրում՝ առանց որևէ հայ ընկերոջ, տանն ամեն ինչ հայկական էր՝ սկսած լեզվից, վերջացրած կենցաղով ու ավանդույթներով: «Մենք փորձում էինք համադրել երկու մշակույթները, ինչքան էլ որ դա դժվար էր մեզ համար, բայց կարողանում էինք՝ շնորհիվ մեր ծնողների, որոնցից շատ շնորհակալ եմ»:
Սակայն երբ 1999 թ. ամռանը ծնողները որոշում են Հայաստան գալ, Անահիտն ընդդիմանում է, քանի որ չէր ուզում բաց թողնել դպրոցի ավարտական խնջույքը. դա իրեն ավելի էր ձգում, քան Հայաստանը: Նրան մի կերպ են բերում: Ողջ ամառն անցկացնելով հայրենիքում՝ 11-ամյա Անահիտն իր մեջ հեղափոխական որոշում է կայացնում. մի օր անպայման պետք է վերադառնա Հայաստան. «Իմ մեջ տպավորվեց մարդկանց ջերմությունը, անկեղծությունը: Լոնդում երբեք մարդկանցից ջերմություն չես զգում: Բացի այդ, Հայաստանի եղանակը շատ սիրեցի, այստեղի ուտելիքը: Մի խոսքով, այդ այցն ինձ համար շատ կարևոր էր և որոշիչ»:
Լոնդոնում ավարտելով հիմնական դպրոցը՝ Անահիտն ընդունվում է ավագ դպրոց, հետո քոլեջ, ապա Քենթի համալսարան՝ քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո ուզում է աշխատանք գտնել, բայց պարզվում է՝ Լոնդոնում այդքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնելը. կա՛մ մագիստրատուրայի դիպլոմ էին պահանջում, կա՛մ աշխատանքային փորձ:
Մեկ տարի անց նա ընդունվում է Լոնդոնի UCL համալսարանի մագիստրատուրա:
Իմանալով, որ «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է UCL ընդունվող հայ երիտասարդներին, դիմում է և դառնում հիմնադրամի կրթաթոշակառու: Սակայն նրա համար պարզ չէր, թե ինչու են ֆինանսավորում հայ երիտասարդներին դրսի համալսարաններում սովորելու համար: Հետո իմանում է, որ ստանալով կրթաթոշակ` պարտավոր է, օրինակ, մասնակցել նաև որոշ ծրագրերի՝ կամավորական աշխատանք կատարելով Հայաստանում: Դա նրա սրտով էր:
Մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ամռանը 10 օրով Սևանի Ծափաթաղ գյուղում ծրագիր է իրականացնում գյուղի խնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրում է գյուղի երեխաների կյանքը, առօրյան, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Հայաստանյան գյուղում թեկուզ 10 օր ապրելը նրան շատ բան է սովորեցնում, բացում իրական Հայաստանի պատկերը՝ իր բազմաշերտ խնդիրներով:
Համալսարանն ավարտելուց հետո Անահիտը վերջնականապես որոշում է վերադառնալ ու աշխատել Հայաստանում: «Ենթադրում էի, որ այստեղ ավելի շատ կգնահատվեմ և ավելի մեծ հնարավորություններ կունենամ, քան Անգլիայում կամ Էկվադորում, չնայած Էկվադորի ու Հայաստանի միջև շատ ընդհանուր բան կար՝ թե՛ խնդիրների առումով, թե՛ մշակույթի: Բացի այդ, շատ կարևոր էր Հայաստանի համար ինչ-որ բան անելը»:
Փորձում է «Լույս» հիմնադրամի միջոցով մինչև գալն աշխատանք գտնել կանանց, մարդու իրավունքների ոլորտում կամ ծայրահեղ դեպքում՝ լեզվի կենտրոնում, որպես անգլերենի մասնագետ: «Վերջին տարբերակը գտան, սակայն երբ գործատուներն իմացան, որ դեռ Անգլիայում եմ, ասացին՝ պետք է գամ, որ հստակ լինի: Եկա, բայց այդ աշխատանքին չդիմեցի, մեկ շաբաթ անց աշխատանք գտա մեկ այլ լեզվի կենտրոնում»:
Շուտով «Լույս» հիմնադրամի միջոցով տեղեկանում է «Repat Armenia» («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի մասին, որին անհրաժեշտ էր արտաքին կապերի մասնագետ, որը պետք է համակարգեր Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի հետ կապերը: Հիմնադրամի գործունեությունն ու գաղափարը Անահիտի սրտով էին, և նա հենց առաջին իսկ րոպեից մտածում է, որ այդ աշխատանքը հենց իր համար է: «Բախտս բերեց, ճիշտ ժամանակին եկա, թե ոչ, չգիտեմ, բայց ինձ համար Հայաստանում աշխատանք գտնելը միանգամից ստացվեց: Մեկ տարվա ընթացքում վեց տարբեր աշխատանքային հնարավորություններ եմ ունեցել»:
Անահիտն իր ապագան այսօր Հայաստանում է տեսնում, որտեղ նաև որոշակի ծրագրեր կան: Օրինակ` հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ ունենա, այլ իսկապես օգուտ բերի Հայաստանին: Բայց գիտակցում է, որ դրա համար պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա:
Անահիտի ծնողները չեն վերադարձել Հայաստան և միտք էլ չունեն, քանի որ Լոնդոնում լավ աշխատանք ունեն, հաստատվել են: Հավանաբար, կգան այն ժամանակ, երբ թոշակի անցնեն: «Մամաս ինձ ասում է՝ ախր ո՞նց Լոնդոնը թողեցիր, գնացիր, Լոնդոնում էսքան լավ բաներ կան, դու էստեղ ես մեծացել և այլն: Ես նրան ասում եմ՝ չէ, մամ, ես ինձ էստեղ ավելի ապահով եմ զգում, ավելի հանգիստ և ավելի ուրախ»:
Եղբայրն էլ է վերադարձել Հայաստան, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ամուսնացել է և աշխատում է «Թումո» կենտրոնում:
Անահիտն իր երկրորդ կեսին գտնելու կամ ամուսնության մասին մտածելիս ազգային պատկանելության առումով սահմանափակում չի դնում, սակայն գլխավոր պայմանն այն է, որ իր ընտրյալը պետք է հարգի իր հայությունը և իր ազգային արժեքներն ու ավանդույթները:
Ընկերների առումով էլ սահմանափակումներ չունի, կարող է շփվել ցանկացած ազգի ներկայացուցչի հետ, և այդ առումով շրջապատն իրոք բազմազան է: Սակայն խոստովանում է, որ հայկական կապերն ավելի ամուր ու հաստատուն են. «Հայաստանում, երբ որևէ մեկի հետ կապ ես ստեղծում, մնում է, իսկ Լոնդոնում, օրինակ` «networking event»-ներ են անում, իրար բիզնես քարտեր են փոխանցում, բայց հետո, երբ ուզում ես այդ մարդու հետ կապվել, չկա: Այստեղ զգում ես, թե ինչքան են մարդիկ փորձում իրար աջակցել: Թեկուզ ապրես Ֆրանսիայում, Անգլիայում կամ Ամերիկայում, եթե Հայաստանում հանդիպում ես, այդ կապը կարծես սոսնձվում է»:
Անի Գասպարյան
Ինչ փողերի հետ են «խաղում» կուսակցությունները
Հայաստանում գրանցված են ու գործում են մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ: Սրանք նորմալ գործունեության համար պետք է ունենան որոշակի միջոցներ` դրամ, գույք, մարդկային ռեսուրս: Եվ միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե կուսակցությունները, հատկապես` խորհրդարանականներն ու նրանք, որոնք առավել հայտնի են հասարակության շրջանում, ինչ ֆինանսական, գույքային ռեսուրսների են տիրապետում, ինչ գումարներ են ծախսում և ծախսո՞ւմ են արդյոք:
Մոտ 7 տասնյակ կուսակցություններից շատ քչերն են բյուջետային ֆինանսավորում ստանում
Այսիպիսով` ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 362 մլն 890 հազար դրամ անդամավճարներից գոյացած միջոցներ, 1 մլն 500 հազար դրամ անհատների նվիրատվություններ, 150 հազար դրամ իրավաբանական անձանց նվիրատվություններ, 29 մլն 530 հազար դրամ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում և 21 մլն 40 հազար դրամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից դրամական մուտքեր: Հանրագումարում ՀՀԿ-ն ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ`կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Բացի այդ, ՀՀԿ-ն ունեցել է նաև 273 մլն 364 հազար դրամ արժողությամբ անշարժ և 197 մլն 988 հազար դրամ արժողությամբ շարժական գույք, ինչպես նաև 1 մլն 5 հազար դրամ արժողությամբ օդորակիչ, ջրի սառեցման սարք, հեռախոսներ ու աթոռներ:
ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր, որից 17 մլն 511 հազար դրամ` օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը 2012 թ. կատարել է 49 մլն 173 հազար դրամի ծախսեր: Հատկանշական է, որ կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, ասել է թե` չունի: ԲՀԿ-ի շարժական գույքի արժեքն էլ, ըստ հայտարարագրի, կազմել է 7 մլն 316 հազար դրամ:
ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ, որից 4 մլն 33 հազար 400 դրամը ստացել է բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, և մնացորդը կազմել է 991 հազար 300 դրամ: ՕԵԿ-ն ունի նաև 31 մլն 302 հազար դրամի անշարժ և 2 մլն 920 հազար դրամի շարժական գույք:
ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 110 հազար դրամ մնացորդ նախորդ տարվանից, ևս 48 մլն 900 հազար դրամ գոյացել է անդամավճարներից, 6 մլն 740 հազար 900 դրամ բյուջետային ֆինանսավորմամբ է ստացել և 3 մլն 200 հազար դրամ` օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Կուսակցության դրամական միջոցները, ընդհանուր առմամբ 2012 թ.կազմել են 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունն ունի նաև 663 մլն 820 հազար դրամ արժողությամբ անշարժ և 35 մլն 404 հազար դրամ արժողությամբ շարժական գույք:
ՀԱԿ կուսակցությունը տարեսկզբին նախորդ տարվանից ունեցել է 13 հազար 200 դրամ մնացորդ, ստացել է 2 մլն 928 հազար 900 դրամ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորում ՀԱԿ դաշինքի համար: Կուսակցության ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ` ըստ հայտարարագրի: Տարվա ընթացքում կուսակցությունը ծախսել է 3 մլն 65 հազար 900 դրամ գումար, մնացորդը կազմել է 2 մլն 207 հազար դրամ: Կուսակցությունը տիրապետում է նաև 55 մլն 848 հազար 975 դրամ արժողությամբ անշարժ գույքի, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
«Ժառանգություն» կուսակցության մնացորդը 2012 թ. տարեսկզբին եղել է 927 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում կուսակցությունն ունեցել է 8 մլն 490 հազար դրամ ֆիզիկական անձանց նվիրատվություն, որից 1 մլն 176 հազար դրամը նվիրաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բյուջեից էլ ստացել է 4 մլն 387 հազար դրամ: «Ժառանգության» ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը` մնացորդում թողնելով 4 մլն 610 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար գումար: Կուսակցությունն անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ շարժական գույքի արժեքը կազմել է 8 մլն 542 հազար դրամ:
Հետաքրքիր է, օրինակ, Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցության ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի` կուսակցությունն ունի 8163 անդամ, որոնցից գանձել է 816 հազար 300 դրամ անդամավճար: Եվս 5 մլն 100 հազար դրամ կուսակցությունը ստացել է «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ից, որը հրատարակում է «Իրավունք» թերթը: Կուսակցությունն ընդամենն ունեցել է 6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամը: Կուսակցությունը հայտարարագրել է 52 մլն 400 հազար դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
Առավել հետաքրքիր է մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության հայտարարագիրը: Պարզվում է` կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից 7 մլն 32 հազար 400 դրամն անցյալ տարվանից մնացած գումար է, իսկ 1 մլն 464 հազար 900 դրամը կուսակցությունը ստացել է բյուջետային ֆինանսավորմամբ: Եվ ընդամենը 53 հազար 500 դրամն է կուսակցությունը այլ` օրենքով չարգելված աղբյուրներից «հայթայթել»: Այդ ամբողջ «հարստությունից» էլ կուսակցությունը ծախսել է 2 մլն 895 հազար 100 դրամ, այնպես որ, դեռ 5 մլն 655 հազար 700 դրամ էլ մնացել է 2013 թ. համար: Հետաքրքիր է նաև, որ որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:
Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն նախորդ տարի ունեցել է 2 մլն 8 հազար 800 դրամ դրամական միջոցներ, որից 1 մլն 625 հազար դրամը գոյացել է անհատների նվիրատվություններից, իսկ մնացած 366 հազար 100 դրամը ստացել է պետբյուջեից: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 989 հազար 600 դրամ: ՀԺԿ-ն հայտարարագրել է 9 մլն 312 հազար 600 դրամ արժողությամբ անշարժ գույք, իսկ շարժական գույք չի հայտարարագրել:
Տարվա ընթացքում 540 հազար դրամ մուտքեր է ունեցել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, որից 290 հազար դրամը գոյացել է անդամավճարներից, իսկ 250 հազար դրամը` ֆիզիկական անձանց նվիրատվություններից: Իր ստացած ամբողջ գումարը կուսակցությունը ծախսել է, անշարժ կամ շարժական գույք էլ չի հայտարարագրել:
1 մլն 347 հազար դրամ ունեցել է Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», որը նույնպես բյուջետային ֆինանսավորում չի ստացել: Կուսակցության ծախսերը կազմել են 1 մլն 226 հազար դրամ: Ըստ հայտարարագրի, այս կուսակցությունը ևս որևէ շարժական կամ անշարժ գույք չունի:
Բյուջետային «առատ» ֆինանսավորում է ստացել Արտաշես Մամիկոնովիչի «Ազգային միաբանությունը», որի 1 մլն 569 հազար դրամ միջոցներից 1 մլն 232 հազար դրամը ստացվել է բյուջետային ֆինանսավորմամբ, 10 հազարը` այլ աղբյուրներից և 326 հազար էլ իրավաբանական անձի կողմից նվեր է ստացել: 1 մլն 236 հազար դրամը «Ազգային միաբանությունը» ծախսել է: Կուսակցությունն ունի նաև 49 մլն 822 հազար դրամի անշարժ գույք, իսկ շարժական գույք չունի:
Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, 3 մլն 389 հազար դրամ միջոցների մուտք է ունեցել ֆիզիկական անձանցից, և նախորդ տարվա մնացորդի հետ միասին կուսակցության հաշվին եղել են 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ: Եղած միջոցներից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը, իսկ 107 հազար 100 դրամ էլ մնացորդ է ունեցել: Կուսակցությունը անշարժ գույք չի հայտարարագրել, բայց ունեցել է 391 հազար 900 դրամի շարժական գույք:
Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ն էլ նախորդ տարի ունեցել է 794 հազար 800 դրամ դրամական միջոց, բյուջետային ֆինանսավորում չի ստացել, ծախսել է 637 հազար 800 դրամ, հայտարարագրել է 909 հազար դրամ արժողությամբ շարժական գույք` 500 հազար դրամանոց 1 ավտոմեքենա և 409 հազար դրամ արժողությամբ 3 համակարգիչ և 1 ֆաքս: ԱԻՄ-ը նույնպես անշարժ գույք չի հայտարարագրել:
ՀԿԿ-ն 2012 թ. ունեցել է 1 մլն 284 հազար դրամ, որից 127 հազար դրամը գոյացել է անդամավճարներից և 1 մլն 25 հազարը` մուտքի վճարներից, ծախսել է 1 մլն 248 հազար դրամ: Երբեմնի միակ ու ամենահարուստ կուսակցությունը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:
2012 թ. համեմատաբար «հարուստ» կուսակցություններից է եղել Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ: Այս կուսակցությունը բյուջետային ֆինանսավորում չի ունեցել, ծախսերն էլ կազմել են 9 մլն 225 հազար 700 դրամ: Որևէ անշարժ կամ շարժական գույք կուսակցությունը չի հայտարարագրել:
Ընդամենը 240 հազար դրամ է հայտարարագրել ՍԴՀԿ-ն, որից ծախսել է 207 հազար դրամը: Ավանդական ու երբեմնի հարուստ այս կուսակցությունը ևս որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել:
Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն այս տարի հայտարարագրել է 4 մլն 428 հազար դրամ միջոցներ, որից միայն 108 հազար դրամն անդամավճարներից են գոյացել, իսկ 4 մլն 320 հազար դրամն իր կուսակցությանն է նվիրաբերել Խոսրով Հարությունյանը: Գումարներն ամբողջությամբ կուսակցությունը ծախսել է: Նախկին վարչապետ ու ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցությունը անշարժ կամ շարժական գույք չունի:
Ամենաուշագրավներից է, թերևս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարագիրը` զրոյական: Այսինքն` կուսակցությունը մուտքային միջոցներ չի ունեցել, որևէ գումար չի ծախսել, որևէ անշարժ կամ շարժական գույքի չի տիրապետում:
Նման «կարգավիճակում» են նաև Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական» և Դավիթ Հակոբյանի «Մարքսիստական» կուսակցությունները, որոնք որևէ եկամուտ, ծախս, անշարժ կամ շարժական գույք չեն հայտարարագրել:
Մի խոսքով` ընդհանուր եզրակացություն կարելի է անել, որ Հայաստանի կուսակցությունները հիմնականում աղքատ են, ակտիվ ծախսային ծրագրեր չեն իրականացնում: Բայց զարմանալի է այն հանգամանքը, որ նման ցածր ակտիվություն են ցուցաբերում նաև բյուջետային «չաղ» ֆինանսավորում ստացող կուսակցությունները ևս: Ու եթե «աղքատ» կուսակցությունները դեռ հասկանալի է` միջոցներ չունեն ակտիվ ծախսային ծրագրերի համար, ապա հարց է առաջանում` որտե՞ղ ու ի՞նչ ծրագրերի վրա են ծախսում իրենց միջոցները «հարուստ» կուսակցությունները: Մի անհասկանալի բան էլ կա` ինչո՞ւ են Հայաստանում գործում այսքան կուսակցություններ, եթե նույնիսկ մեկ դրամի շարժ չեն կարողանում ապահովել:
Վազգեն Մանուկյան. «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»
Nyut.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 1980-ականներից քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալած մարդու հետ խոսեցինք արտաքին ու ներքին խնդիրներից, երկրում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից:
–Պարոն Մանուկյան, մոտենում է վիլնյուսյան գագաթնաժողովը, ի վերջո, մենք որևէ կարևոր փաստաթուղթ կունենա՞նք Վիլնյուսում:
-Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այն սկզբունքը, որ որդեգրեց Հայաստանը, այսինքն` կառուցվածքային բարեփոխումների տեսակետից գնում ենք նույն եվրոպական ճանապարհով, որով գնացել ենք մինչև այժմ, բայց դաշինք ենք կազմում Մաքսային միության հետ, իմաստալի մոտեցում է, բայց եվրոպացիները դա կընդունեն, թե չէ` դժվար է ասել: Այնուամենայնիվ, Հայաստանը կարևոր երկիր է, և ոչ մեկը չի ուզի մեզ կորցնել: Միգուցե, այս պահին ինչ-որ մի բան չստորագրվի, բայց խզում տեղի չի ունենա: Այս տարածաշրջանում Հայաստանն, իր փոքրության հետ միասին, կայունության երաշխավորն է:
-Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցման հայտարարությունից հետո բոլորը խոսում են անվտանգության մասին: Ինչ է` Մաքսային միությունը տնտեսական առումով այդքան անհեռանկարայի՞ն է, որ շեշտն անընդհատ դրվում է անվտանգության վրա:
– Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության խնդիրը կապելը նոր երևույթ չէ: Դեռ 90-ականներից Հայաստանն իր անվտանգության հարցերն այս կամ այն ձևով կապել է Ռուսաստանի հետ: Սա նորություն չէ, բայց ինչու՞ են այս հարցն այդքան ընդգծում: Ընդգծում են, որովհետև անբնական է, երբ դու ռազմական դաշինք ունես մի պետության հետ և տնտեսական դաշինք ես ուզում ստեղծել մեկ այլ բլոկի հետ, այն դեպքում, երբ այդ երկու բլոկերն իրար հանդեպ թշնամական են տրամադրած: Մենք բավականին երկար ժամանակ կարողանում էինք երկուսի հետ էլ հաշտ ապրել, որովհետև այս երկուսի հարաբերություններն այսքան սրված չէին: Այստեղ միայն Ռուսաստանի հարցը չէ . Եվրամիությունից, կարծեմ, Լեհաստանի նախագահն էր, որ ասաց` կամ Ռուսաստանի հետ եք, կամ` մեր: Ի սկզբանե, այս սպառնալիքը Եվրոպայից հնչեց, դե Ռուսաստան էլ շատ հեշտ է թասիբի ընկնում: Մյուս կողմից` այն ժամանակ Մաքսայինի հարցը Հայստանում լուրջ չէր քննարկվում, ոչ էլ Ռուսաստանում էր քննարկվում Հայաստանի Մաքսային միությունում լինելը, քանի որ ընդհանուր սահման էլ չունենք: Պարադոքսալ է, բայց ոչ ոք մինչև վերջ չի հաշվել տնտեսական օգուտներն ու վնասները: Եթե հաշվենք` ոչ առանձնապես մեծ օգուտ ու շահ ունենք Ասոցացման համաձայնագրից, որովհետև իրենց շուկա մտնելը մեզ համար բարդ է, ոչ էլ առանձնապես հաշված է, թե ինչ օգուտներ ու վնասներ ունենք Մաքսային միությունից: Որոշ տնտեսագետների կարծիքով, երբ ՄՄ-ն լրիվ կայացած լինի, և մաքսեր իրար մեջ չլինեն, Հայաստանի բյուջեն էապես կտուժի, որովհետև մենք ավելի շատ ստանում ենք, քան ուղարկում, և այդ ստացած ապրանքներից մաքս է գալիս մեր բյուջե: Տնտեսական հարցն, իսկապես, կարծես դարձել է երկրորդական` և՛ Եվրամիության համար, և՛ Ռուսաստանի: Ավելի շատ երկու ճակատում էլ քննարկվում են քաղաքական, ռազմական հարցեր` Ղարաբաղի հարցը ասենք, քան տնտեասկան հարցեր:
-Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը` հաշվի առնելով ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումը:
-Բավականին երկար ժամանակ Եվրամիությունում քննարկվում էր Արցախի հարցը, նրանք հստակ կողմնորոշում ունեն այս հարցում: Մի կողմից տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` ազգերի ինքնորոշումը` ուղղակի զգացվում է, որ արևմուտքը դժվար թե համաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի առանց Ադրբեջանի համաձայնության, բայց չգիտի`ոնց դա անի: Այդ տեսակետից Ռուսաստանը մի քիչ ավելի խոստումնալից հայտարարություններ է արել: Բայց այլ է Ղազախստանի դիրքորոշումը: Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավականին խորը ապագա են կառուցում, ինչքանով ենթակա կլինի Ռուսաստանի քաղաքականությանը` դժվար է ասել: Բայց, այստեղ գոնե ինչ-որ շանսեր կան, այն մյուս կողմում այդ շանսերը չեն երևում: Հարցը այսպես է դրվում` ու՞մ հետ է քիչ վտանգավոր թշնամանալը: Եվրամիության հետ թշնամությունը դժվար թե բերի մեծ կոնֆլիկտների մեր տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` կայունություն պահելու համար, այնքան մեծ է, որ նրա հետ հարաբերությունների լարումը մեծ վտանգներ է պարունակում: Կոպիտ ասած` ավելի լավ է մեզանից մի քիչ Եվրոպան խռոված լինի, քան Ռուսաստանը:
–Ղարաբաղի հարցից խոսեցինք, ուզում եմ հարցնել` ի՞նչ եք կարծում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ ճեղք կմտցնի Արցախի հարցում:
-Ես չեմ տեսնում նախադրյալներ այդ ճեղքի բացման համար, որովհետև հիմնական հարցը չի լուծվում` ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղը երբեք չեն ստորագրի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե ստորագրեն, շատ անբնական կլինի, առաջին դեպքը կլինի համաշխարհային պատմության մեջ, երբ փաստացի անկախություն ձեռք բերած պետությունը, ով հաղթել է պարտադրված պատերազմը, տասնամյակներ անց, իր կամքից դուրս ստորագրում է փաստաթուղթ ու մտնում մի ուրիշ պետության կազմի մեջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ղեկավարությունը բացարձակապես պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի, Ղարաբաղն իր կազմի մեջ չպիտի լինի: Այս կետն անլուծելի է, մնացածը բանակցելու խնդիր է: Եվրոպան ու աշխարհն էլ են հասկանում, որ հաղթած երկրին չեն կարող պարտադրել ստորագրել այդպիսի փաստաթուղթ, դա միայն ռազմական ճանապարհով կարող են անել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, որովհետև ինքը միայն այդ ճանապարհով է տեսնում լուծումը:
-Նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը տարբեր քննարկումների, տարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դուք, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ նախագահն այդպես շրջադարձային որոշում ընդունեց: Արդյոք ճի՞շտ են ճնշումների մասին խոսակցությունները:
-Հարցը բավականին երկար ժամանակ զուգահեռ քննարկումների է ենթարկվել` մեկը Եվրամիության, մյուսը` Ռուսաստանի հետ, բայց մեկը եղել է բացահայտ, բոլորն իմացել են, մյուսը` ոչ: Ռուսաստանի հետ բանակցությունները գաղտնի չէին, բայց ինչ-որ չափով քողարկված էին: Դրա համար արդյունքը շատերի համար ապշեցուցիչ էր: Այնպես չեղավ, որ մի օր Ռուսաստանը ճնշեց ու Հայաստանը հանձնվեց, սա բանակցությունների արդյունք էր: Ուղղակի, ես կարծում եմ, որ հասարակությանը պետք էր մի քիչ տեղյակ պահել այս ամենի մասին: Ճիշտ է` նախագահի լիազորությունների մեջ է մտնում արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքականությունը վերաբերում է մեր ամբողջ պետությանն ու ժողովրդին: Ես մտածում եմ, որ իշխանությունները մի քիչ ավելի բաց պետք է գործեին: Դիտողություների մի մասի հետ ես համաձայն եմ:
-Պարոն Մանուկյան, սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ներքաղաքական կյանքում էլ կտրուկ փոփոխություններ եղան: Մի տեսակ, կարծես, լարումն ավելացել է` հեղաշրջման կոչեր, հեղափոխության փորձ. ի՞նչ եք կարծում, սա ինչքանո՞վ կապ ունի Մաքսային միությանը մեր միանալու ցանկության հետ:
-Նայեք, տարբեր թվեր են ասում, թե ժողովրդի որ մասն է ուզում, որ մենք ՄՄ-ին անդամակցենք, որ մասը` ԵՄ-ին, կարող և վստահելի չեն այդ թվերը: Բայց ճանաչելով մեր ժողովրդի հոգեբանությունը, շփվելով ժողովրդի հետ` միանշանակ կարելի է ասել, որ մեծամասնության համար ավելի ընդունելի է բարեկամությունը Ռուսաստանի հետ: Բայց այն մասը, որ կողմ է Եվրամիությանը, ժողովրդի ակտիվ մասն է, որտեղ երիտասարդներ շատ կան: Նրանց կողմից ընկալվում է, որ Ռուսաստանը ոչ լրիվ դեմոկրատական պետություն է, մի քիչ էլ նման է Խորհրդային Միությանը, մենք հազիվ գնում էինք ազատության ճանապարհով, ես հասկանում եմ այդ մարդկանց: Չնայած, կարծում եմ, որ մենք ազատության ճանապարհով շատ դանդաղ ենք գնացել: Հիմա ասում ենք` խոսքի ազատություն ունենք, և իսկապես ունենք, բայց սա կարող էինք մենք ունենալ 20 տարի առաջ: Ասում ենք` մեկ քայլ առաջընթաց ունենք ընտրություններում, բայց դա կարող էինք ունենալ 95-96 թվականներին, կարող էինք ունենալ մի պետություն, որն այսօրվանից մի 10 անգամ լավ ընտրություն է կազմակերպում: Այսինքն` նույնիսկ Եվրոպայի ճանապարհով գնալով` մենք մարդու ազատության հարցում առանձնապես բարձունքների չենք հասել: Եվ, բնական է, այդ ակտիվ մասսան, որ դեմ է, կարողանում է նաև ակտիվ հանդես գալ: Ճիշտ է` Հայաստանում դժգոհությունների մեջ կա մեծ օբյեկտիվ երանգ, բայց իշխանությունների դեմ ուղղված բողոքը մի քանի անգամ գերազանցում է իրական պատկերը: Թե դա ոնց է արվում, ինչ մամուլի միջոցով, կամ ինչ փսիխոզ է Հայաստանում, այնքան էլ հասկանալի չէ: Ես տեսնում եմ Հայաստանի թերությունները, տեսնում եմ իշխանությունները որտեղ են շատ վատ բաներ անում, և տեսնում եմ այն դժգոհությունը, որը մի քանի անգամ ավել է, քան պահանջում էր իրականությունը: Այսինքն` բնական դժգոհության հետ միասին ինչ-որ մի արհեստական բողոքի ալիք էլ կա Հայաստանում, եթե կա արհեստականը, ուրեմն կան մարդիկ, ովքեր կարողանում են դա ավելացնել կամ պակասացնել: Ես կարծում եմ այդ ամեն ինչի մեջ բնականի հետ մի քիչ էլ արհեստական կա: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր ավելի օտար են, քան դրսի օտարները:
-Այսինքն` Դուք պայթունավտանգ չե՞ք գնահատում այսօրվա մեր քաղաքական իրավիճակը: Որովհետև շատերն ասում են, որ այսօր ավելի վատ վիճակում ենք, քան պատերազմի տարիներին, երբ անգամ լույս չունեինք:
-Սոցիալական վիճակն անհամեմատ բարելավվել է` համեմատած այն ցուրտ ու մութ տարիների: Անարդարության տեսակետից էլ ասեմ` այն ժամանակ ավելի արդար չի եղել, հենց թեկուզ` ով էր կարողանում լույս ունենալ, ով՝ ոչ: Բայց դժգոհությունն այսօր շատերի մոտ ավելի շատ է, քան այն ժամանակ; Որովհետև այն ժամանակ ակտիվ մասսան գիտակցում էր, որ զրկանքների է գնում հանուն ինչ-որ մի կարևոր բանի: Հիմա Հայաստանը կորցրել է մի շատ կարևոր ուղենիշ` չի կարող երկիրն այս ծանր վիճակում, մեծ խնդիրներով գնալ առաջ, եթե հասարակությունը, իշխանությունը` ամբողջ ժողովուրդը միասին ինչ-որ տեսլական չունեն, չեն տեսնում` ինչ նպատակի են ձգտում: Եթե այն ցուրտ ու մութ տարիներին ես կարող էի այդ հարցերին պատասխանել, այժմ` ոչ, և ինչքան դժվար է դառնում այդ հարցին պատասխանելը, այնքան դժգոհությունը մեծանում է: Իրականում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ՛ոչ էլ հասարակությունը չեն դնում իրենց առջև մի տեսլական, մի խնդիր, որը կուզեն լուծել: Եթե այդ խնդիրը լիներ, իշխանությունների գործունեությանը գնահատական տալն էլ, քննադատելն էլ ավելի արդյունավետ ու հասկանալի կլիներ, այսինքն` կլիներ նպատակ ու դու հստակ կարող էիր ասել` կառավարության, նախագահի գործունեությունը մեզ մոտեցնում են այդ նպատակին, թե՞ հեռացնում: Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, բայց կարելի է վերականգնել, Հայաստանում կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք օրենքից վեր են կանգնած` այդ հարցն էլ կարելի է լուծել, շատ հարցեր կարելի է լուծել, բայց մեր հիմնական պրոբլեմը այն է, որ հասարակությունն ինքը բզկտված է: Ոչ մեկը ոչ մեկին չի հավատում, ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, բոլորն ուզում են հեղափոխություններ անել, իրար փոխել, որովհետև չկա ընդհանուր նպատակ: Ընդհանուր նպատակը մարդկանց բերում է զսպվածության:
-Իսկ ելքեր կա՞ն: Ինչպե՞ս ձևավորել այդ տեսլականը, հանուն որի արժեր պայքարել:
-Իհարկե ելքեր կան, և դա կախված է և՛ պետության ղեկավարներից, և՛ ընդդիմության ղեկավարներից: Մի ժամանակ գոնե ընդդիմությունը իդեալներ ուներ: Հիմա ո՞րն է ընդդիմության իդեալը: Ես կարծում եմ, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կան անհատներ, որոնք կարող են դա անել, ինչու՞ իրենք այդ բեռն իրենց ուսերին չեն վերցնում, ինձ համար հասկանալի չի, բայց առանց դրա, փոքր կարկատաններով, հարց չեն լուծելու:
-Ուզում եք ասել` առանց իշխանափոխության հարց չի՞ լուծվի:
-Չէ, իշխանությունը փոխեն, որ ո՞վ գա: Քադաֆիին փոխեցի, ի՞նչ փոխվեց այդ երկրում, ուղղակի, այդ երկիրը կործանվեց մինչև վերջ: Բայց ոչ որովհետև Քադաֆին ամենալավն էր, այլ որովհետև փոփոխությունն էր ինքնանպատակ: Ինքնանպատակ իշխանափոխությունն անիմաստ է, մանավանդ, որ չկա մարդկանց այն խումբը, որը կրում է գաղափարներ, կրում է փորձ: Մեծամասամբ հիմա իշխանությունն ուզում են փոխել այն մարդիկ, ովքեր այս նույն իշխանության մեջ եղել են և այդ նույն բանն արել են` զավեշտն այստեղ է: Մարդիկ, ովքեր կեղծել են ընտրություններ, ովքեր օլիգարխական համակարգն են ստեղծել, հիմա ներկա իշխանության դեմ բողոքում են ու ասում` ոնց կարելի է: Ժողովրդի մոտ սա վստահություն չի առաջացնում: ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց չկա վստահություն ընդդիմության նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, երբ Հայաստանում առաջ է գալիս մի խումբ, որն արժանի է, որպեսզի վերցնի ղեկն իր ձեռքը, մարդիկ գնում են նրա հետևից: Բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, որ ցանկացածի հետևից կգնան, ով ուղղակի ուզում է իշխանությունը տապալել: Այսինքն` իրենց համար կարևորը ապագան չի, կարևորը վերժ լուծելն է: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որոնց համար երկրի ապագան է կարևոր: Շատ կարևոր է, որ այս պրոցեսները ճիշտ հասկացվեն` հասկացվի դժգոհության աստիճանը, հասկացվի` ինչու՞ ենք դժգոհ, ո՞նց է պետք այդ հարցը լուծել: Միայն գոռալ-գոչելով խնդիր չի լուծվի: Ես հույս ունեմ, որ մոտակա 2-3 տարում և՛ հասարակության , և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կհասունանա ընդհանուր տեսիլքի, միավորվելու, ընդհանուր երկիր կառուցելու գաղափարը: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մենք դրա պտուղները կտեսնենք:
Պետությունը կամաց-կամաց հրաժարվում է իր սոցիալական պարտավորություններից
2014 թ. հունվարի 1-ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել: Դրանում կներառվեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: Նախատեսվում է, որ 2014 թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնի Հայաստանի մոտ 260 հազար քաղաքացի:
Նոր համակարգը, ինչպես հավաստիացնում են դրա «ճարտարապետները», ավելացնում է պարտադիր կուտակային բաղադրիչը, որով ապագա կենսաթոշակառուն կձևավորի իր կենսաթոշակի չափը: Այսինքն` յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին պետք է ներդնի իր չհարկված աշխատավարձի 5%-ը, ևս 5%, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ այդ հաշվին պետք է փոխանցի նաև պետությունը:
Քաղաքացիներն իրենց կենսաթոշակային միջոցները չեն կարող տնօրինել մինչև 63 տարեկանը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ժամկետից շուտ դառնան անաշխատունակ կամ լքեն Հայաստանը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից և այլն:
Ինչպես արդեն գիտենք, այս «բարեփոխումները» հասարակության լայն զանգվածների մեջ առաջացրին դժգոհությունների մեծ ալիք: ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ հանդես եկան այս նոր օրենսդրական փաթեթի դեմ, իսկ քաղաքացիական հասարակությունն ինքնակազմակերպվեց ու ստեղծեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունը: Բայց ինչպես երկուշաբթի օրը կառավարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ամեն դեպքում 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգը կսկսի գործել:
Ինչ է սպասում մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներին
Այն քաղաքացիները, որոնց վրա տարածվում է 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչև փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ լիցենզիա ստանալու` ֆրանսիական «Amundi»-ն ու գերմանական «Talanx»-ը:
«Բանակցություններ են վարվել ևս 5-7 ընկերությունների հետ, բայց վերջնական լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Աշխատանքային առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- լրագրողներին հայտնել էր Դավիթ Սարգսյանը:
Իսկ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը պարզաբանել է, թե ինչու է ընտրվել փետրվարի 20 ժամկետը. որովհետև մեր վճարման ցիկլն այնպիսին է, որ հունվար ամսվա հարկային վճարումները կատարվում են մինչև փետրվարի 20-ը: Այսինքն` ՀՀ քաղաքացիները երեք ամիս ժամանակ ունեն ընտրելու կուտակային կենսաթոշակային համակարգով իրենց կուտակած միջոցների` ակտիվների կառավարչին. մինչև փետրվարի 20-ը ներառյալ: Իսկ եթե քաղաքացին մինչ այդ չկարողանա ինքնուրույն ընտրություն կատարել, ապա նրա փոխարեն դա կանի համակարգչային ծրագիրը` նրան ընդգրկելով որևէ կառավարչի ամենացածր ռիսկեր ունեցող փաթեթի մեջ:
Այս երկու ընկերություններն ունեն 3-ական փաթեթներ` ցածր ռիսկայնությամբ, ցածր բայց կայուն եկամուտ ապահովող, միջին ռիսկայնությամբ, բայց մի քիչ ավելի բարձր եկամուտ ապահովող և բարձր ռիսկայնությամբ ու բարձր եկամուտներ ապահովող: Քաղաքացիներն էլ, ինչպես նշեց Վաչե Գաբրիելյանը, տարին մեկ անգամ անվճար կարող են փոխել իրենց կենսաթոշակային հաշվի կառավարչին ու փաթեթը:
Հայաստանում ապագա թոշակները կկազմեն աշխատավարձերի 40%-ը, ինչպես նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այս գործակիցը հիմնված է 30 տարվա ստաժի և 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձևավորվել էին և՛ կենսաթոշակային տարիքը, և՛ ապագա թոշակի չափը»,- ասել է նախարարը:
Իսկ ամենամյա կենսաթոշակային կուտակումները, ինչպես նշում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կկազմեն 100-150 մլն դոլար: Ըստ կառավարության` նոր կենսաթոշակային համակարգի գոյության առաջին 5 տարիներին կուտակումները կկազմեն 800 մլն դոլար:
Ըստ հաստատված կարգի` կենսաթոշակային ֆոնդերը կարող են իրենց կողմից կառավարվող միջոցների 40%-ը տեղադրել արտասահմանյան ակտիվներում, իսկ 60%-ը` Հայաստանի ներսում:
Սա, ինչպես ժամանակին նշում էր տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի հետ բանավեճում, նշանակում է Հայաստանից ոչ միայն մարդկային, հումքային և այլ կարևորագույն ռեսուրսների արտահանում, այլև փողի արտահանում, և Հայաստանը դառնում է կանխիկ փող արտահանող երկիր: Այն ժամանակ Վ. Արամյանը հերքում էր այդ տեսակետը: Իսկ այժմ կառավարությունն ինքն է նշում, որ այդ փողերը կարտահանվեն, և փորձում է պարզաբանել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բերանով. «Դա բնական ապահովագրություն է` արժութային տատանումների նկատմամբ: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ բաժնետոմսերի շուկան պետք է դեռ զարգանա Հայաստանում, իսկ դրսում կան բարձրակարգ բաժնետոմսեր, որոնք բարձր եկամուտներ կարող են ապահովել` այդ ակտիվների կառավարման տեսակետից»:
Կառավարությունը հավատացնում է, թե կուտակված կենսաթոշակները չեն կորչի
Բայց հարց է առաջանում` ի՞նչ կլինի, երբ ակտիվի կառավարիչը սնանկանա. «Ոչինչ. ակտիվի մեկ այլ կառավարիչ կգա, արժեթղթերը կփոխանցվեն նրան, ու նորից գործառույթները կկատարվեն»,- այս հավաստիացումն էլ տալիս է Վաչե Գաբրիելյանը:
Որպեսզի քաղաքացիների փողերը ավելի ապահով լինեն ֆինանսական շուկաներում ու չկորչեն, կան նաև սահմանափակումներ, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել. մի գործիքում այդ սահմանափակումը 10-20%-ից ավելի կուտակումն արգելելն է, իսկ մյուս գործիքում` 5%-ը:
Ի՞նչ պետք է լինի այն դեպքերում, երբ մարդը կուտակել է բավականին միջոցներ, բայց մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը վախճանվել է, կամ երկարակյաց է ու ավելի շատ փող պետք է ստանա, քան հասցրել է կուտակել իր կյանքի ընթացքում: Չօգտագործված գումարները, նշում են կառավարության ներկայացուցիչները, կվերադարձվեն ժառանգներին, իսկ եթե քաղաքացիները երկարակյաց լինեն, ապա կշարունակեն ապահովված ապրել, քանի որ դա համարվում է հիմնադրամի ռիսկերից մեկը:
Բայց ամեն ինչ այդքան հեշտ, պարզ ու միանշանակ չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ օրերս լրագրողներին այս հարցի կապակցությամբ ներկայացրեց իր դիտարկումները:
«Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում էր, այս անգամ էլ պարտադիր ձևն ընտրվեց: Եթե պարտադիր գումար պետք է գանձեք, ապա ինչո՞ւ պետական ֆոնդեր չեք ստեղծում ու դրանցում կուտակում գումարները: Այսինքն` կառավարությունը պարտադրում է քաղաքացիներին գումարներ փոխանցել իրենց ընկերոջ գրպանը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունն էլ է կարծում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը դրական կողմ չունի: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հիշեցնելով, որ համակարգի ներդրումից հետո 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները կստանան 6.6-13%-ով պակաս աշխատավարձ, նշում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը սարսափելի հետևանքներ կունենա: «Մարդիկ կստանան ցածր աշխատավարձեր, իսկ ծերության օրոք, իբր, կստանան երիտասարդ տարիներին կուտակած իրենց գումարները, բայց թե ումից և ինչպես` հայտնի չէ: Հայաստանից ավելի զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Ռուսաստանում և Արգենտինայում, կենսաթոշակային նմանատիպ օպերատորներից մեկը սառեցրել է գործընթացը, մյուսը` սնանկ հայտարարվել»,- ասել է նա լրագրողներին:
Հասկանալու համար այս հարցերի պատասխանները, հիշենք, որ կառավարության անդամների ներկայացմամբ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի` Հայաստանին ամենամոտ տարբերակները ներդրել են Սլովակիան, Էստոնիան, Չիլին, լատինաամերիկյան էլի մի քանի երկրներ և այլն: Ընդ որում, ասում է Վաչե Գաբրիելյանը, այս բոլոր երկրներից միայն 1-2 դեպքեր են եղել, որ թոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչներից դժգոհ են եղել, այն էլ այդ դժգոհությունները վերաբերել են ակտիվների ցածր եկամտաբերություն ունենալուն, և որպես ռիսկերի կառավարում` նման դեպքերում ազգայնացվել են այդ կենսաթոշակային ֆոնդերը:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է հետագայում հրաժարվել ներկայումս ընդունվող համակարգից, և ի՞նչ պետք է արվի համաշխարհային ճգնաժամերի դեպքում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ եթե աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, ապա փորձված գործիքներ կկիրառվեն ռիսկերը չեզոքացնելու համար, մասնավորապես` տնտեսական աճի վրա ուշադրություն կդարձվի, որպեսզի այդ աճով ապահովվեն կենսաթոշակային միջոցները: Բացի այդ, ակտիվները կներդրվեն ոչ թե մեկ, այլ տարբեր ոլորտներում ու տնտեսության ճյուղերում, որպեսզի մեկի տապալումից բոլոր ակտիվները չտուժեն:
«Իսկ եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի, ապա այդ դեպքում ոչինչ անել չի լինի»,- նշում էր Դավիթ Սարգսյանը:
Հրանտ Բագրատյանն իր ասպիրանտների հետ միասին ուսումնասիրել է այսպիսի կենսաթոշակային համակարգ ունեցող բոլոր երկրների փորձը, ու համոզված հայտարարում է, որ այն երկրներում, որոնց մոդելը, իբրև, ընտրել է Հայաստանը, այդպիսի համակարգ չի գործում:
«Նշում էին Էստոնիայի մասին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Էստոնիայում նման բան չկա: Նախ` նրանց մոտ պարտադիր չէ համակարգը, այլ կամավոր, և երկրորդ` էստոնացիները Հայաստանի պես 5% գումարներ չեն գանձում, այլ ասում են` քանի որ մեր պետությունն աղքատ է, իսկ նրանք մեզնից հարուստ են, քաղաքացիների համար լուրջ բեռ կլինի 5%, ու սահմանել են 2%»,- ասում էր Բագրատյանը:
Նրան հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է այդ գումարները դուրս հանվեն Հայաստանից, ու ինչու պետք է հայկական ձեռնարկությունները չկարողանան սեփական կեսնաթոշակային ֆոնդերը տնօրինել:
Ի դեպ, ինտերնետում մի քանի րոպե փնտրելուց հետո նկատեցինք, որ աշխարհում կա այդպիսի փորձ, օրինակ` «Կրայսլեր» ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է նույն ընկերության աշխատակիցների ստեղծած կենսաթոշակային ֆոնդին: Նույնպիսի իրավիճակ է նաև «Ջեներալ էլեկտրիկս»-ում, սակայն թվերի այլ հարաբերակցությամբ: Սա, ինչպես նշում են ամերիկացի փորձագետները, նախ ավելի է ամրապնդում աշխատակիցների ու ընկերության կապը, բացի այդ, բարձրացնում է աշխատողների մոտիվացիան ու շահագրգռվածությունը, քանի որ նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքից են կախված այն եկամուտները, որոնք պետք է ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը: Այդ ընկերությունների աշխատողները նաև լրացուցիչ օժանդակություն են ցուցաբերում ընկերության արտադրանքի սպառման հարցում, քանի որ անձնական շահագրգռվածություն ունենալով` համոզում են իրենց ծանոթ-բարեկամներին գնել հենց իրենց արտադրանքը:
Բագրատյանի համար հասկանալի չէ նաև, թե ինչու հենց երկու ընկերություն պետք է կառավարի այդ կենսաթոշակային ֆոնդերը, ոչ թե, օրինակ` 27 կամ 30, ինչպես Էստոնիայում է:
Այս համակարգը մի վտանգ էլ ունի. մարդիկ կսկսեն թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն:
Նշենք նաև, որ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի: Այս կամավոր համակարգին չեն անդամակցել անգամ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք այս համակարգի ամենաջերմեռանդ ջատագովներն են:
Կազմվում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել:
Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են:
Սանկտ Պետերբուրգում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ և, բնականաբար, մենք քննարկել ենք Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Եվ երեք երկրների վարչապետներն էլ մեզ խոստացել են օժանդակել, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել»։
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և սկսվել հարցերի քննարկումը:
Սահմանափակվում է ծխախոտի գովազդը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, – հավելել է վարչապետը, – քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:
Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:
Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:
Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:
Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:
Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Սույն որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող (անապահով ընտանիքներ) սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակ անապահով ընտանիքներից բնական գազի 75 խոր. մետր քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խոր. մետրի համար 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս): Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Միջազգային համագործակցություն
Իր նիստում կառավարությունն հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի (ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգից բխող ծրագրերի մշակմանը և իրականացմանը աջակցելու համար) նախագծին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի ներդրումային բանկի միջև կնքվելիք Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրին, որի համաձայն ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ: Նշված գումարն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Ներգրավվելու են նաև այլ միջոցներ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013թ. մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության համաձայնությունն է ստացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու N 1 արձանագրության կնքման առաջարկությունը:
Չափման միջոցները կճանաչվեն ազգային չափանմուշ
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Գործադիրը հաստատել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել նշված ոլորտի կայուն զարգացումը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռևս չեն ստեղծվել ոլորտի զարգացմանը նպաստող հյուրանոցային ռեսուրսներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է այդ բիզնեսի խթանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կառավարությունը կայացրել է Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու որոշում, որը կնպաստի ընկերության, ինչպես նաև «Հեսփերուս» ՓԲԸ գործարկմանը, Լոռու մարզում 150 նոր աշխատատեղի ստեղծմանը:
Նիստում հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը, կերը, լրացակերը ՀՀ տարածքում կփոխադրվեն սահմանված նոր ձևաթղթերի հիման վրա: Ուղեկցող փաստաթղթում կնշվեն հայտնաբերված հիվանդությունը և կատարված բուժումը: Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
Իմունականխարգելման ազգային ծրագրի համաձայն մեր երկրի պատվաստանյութերի և պատվաստման օժանդակ պարագաների պահպանման մշտական 25 տոկոս պահուստային պաշարը պահպանվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի իմունացման ազգային պահեստում` համապատասխան սառնարանային ռեժիմի առկայությամբ, ըստ միջազգային չափորոշիչների: Կառավարության որոշմամբ նվազեցվել է պետական հատկացումներով ձեռք բերված պահուստային պաշարից առաջացած շահութաբաժնի վճարումը, ինչը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ներկրմանը և վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին:
Ավելի արդյունավետ կօգտագործվեն մայր ջրանցքներն ու պոմպակայանները
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊՀԿ-ին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ: ՊՀ-ին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու որոշում: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել մայր ջրանցքների և պոմպակայանների շահագործումն ու ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարումը: Հաջորդ երկու որոշումից առաջինով 2013թ. կապահովվի Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ ջրային ոլորտի ուսումնասիրություն» ծրագրով նախատեսված աշխատանքը, երկրորդը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների շահագործումը:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար հաճախ օգտագործվող օրինակելի նախագծերի մշակման և դրանց կատալոգի հրատարակման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ:
Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները
Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին:
Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 23/6 շենքի 5-րդ շինության հարակից տարածքը, Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի 7-րդ շենքի N 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման հողամասի բաժնային մասը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 129/9 հասցեում գտնվող անշարժ գույքը և համապատասխան հողամասն օտարել մրցույթով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը` ուղղակի վաճառքի ձևով:
Կրթօջախներն ավելի հարմարավետ կդառնան
ՀՀ կառավարությունն հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը:
Իր որոշումներով գործադիրը 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսումնական մասնաշենքի առաջին հարկի ուժեղացման ու նորոգման աշխատանքներն իրականացնելու, մոտ 63.5 մլն դրամ` Սպիտակի ավագ դպրոցի և Մեծամորի N 2 ավագ դպրոցի շենքերի տանիքների հիմնանորոգման, համապատասխան ֆինանսական միջոցներ` Արագածոտնի մարզի Լեռնապարի, Մաստարայի, Երևանի N 108 և Ռ. Իշխանյանի անվան N 153, Արարատի մարզի Վարդաշենի դպրոցների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով:
Կառավարությունն իր նիստում որոշել է Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի որոշ մասը հետ վերցնել քաղաքի N 37 դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ին:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Ասֆալտապատում հանուն Պուտինի
Երևանի կենտրոնի ասֆալտապատման մասին շատ է խոսվել, քննարկվել, քննադատության ենթարկվել: Հազվագյուտ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք չդժգոհեն Երևանի` միայն Կենտրոնի փողոցների ասֆալտապատումից, իսկ այնուհետև վերաասֆալտապատումից` կրկին ու կրկին:
Ասֆալտապատ Երևանը թանկ է նստում պետության վրա
Հիմա էլ Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ընդ որում` այդպիսի աշխատանքներ ընթանում են այն փողոցներում, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ էին հերթական անգամ ասֆալտապատվել: Ու արդարացված են մայրաքաղաքի բնակիչների, հատկապես ծայրամասերի բնակիչների դժգոհություններն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի համար Կենտրոնն է համարվում գերակա նպատակ, իսկ իրենց փողոցները տարիներով, որոշ դեպքերում անգամ տասնամյակներով մնում են ավերակ ու քանդուքարափ վիճակում:
Զայրույթն էլ ավելի է ուժգնանում, երբ հասկանում ենք` այն ժամանակներում, երբ կառավարությունն ամեն քայլափոխի բողոքում էր, թե երկիրը միջոցներ չունի այս կամ այն կարևոր հարցի հրատապ լուծումն ապահովելու համար, որքան գումարներ են հատկացվում այն փողոցների վերաասֆալտապատմանը, որոնց երթևեկելիությանն, այսպես ասած, ոչինչ չի խանգարում. ո՛չ քանդված ու ավերակ են, ո՛չ ասֆալտն է փչացած:
Առավել ևս, որ Հայաստանի կառավարությունը միայն մեկ որոշմաբ վճռում է 7 մլրդ 485 մլն դրամ հատկացնել քաղաքապետարանին` Կենտրոնի փողոցների ասֆալտապատման համար:
Իսկ ընդհանուր առմամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքների համար 2009 թ. հատկացվել է 4 մլրդ 61 մլն դրամ, 2010-ին` 4 մլրդ 208 մլն դրամ, 2011-ին` 4 մլրդ 805 մլն դրամ, 2012-ին` 5 մլրդ 550 մլն դրամ, իսկ 2013-ին արդեն երկու անգամ է գումար հատկացվում` մի անգամ 5 մլրդ 955 մլն դրամ, իսկ հետո էլ` համարյա տարեվերջին` 7 մլրդ 485 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երևանի փողոցների ասֆալտապատման համար կառավարությունը չի զլանում ծախսել 32 մլրդ 64 մլն դրամ գումար:
Սա դեռ մի կողմ: Նայենք Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար Երևանի քաղաքապետարանին տրամադրված վերջին` 7 մլրդ 485 մլն դրամ հատկացումին: Այս որոշումը կառավարությունը կայացրեց աշնանը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա 2013 թ. չորրորդ եռամսյակում ասֆալտապատում իրականացնել: Քաղաքապետարանն էլ գործի անցավ` քանդելով ու վերստին ասֆալտապատման աշխատանքներ սկսելով այդ փողոցներում: Նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ փողոցները վերջին տարիներին ասֆալտապատվել էին, ու այժմ լիովին պիտանի էին շահագործման համար: Այստեղ մի հանգամանք էլ կա:
«Դա պրիմիտիվ հարց է, ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն սկսում աշնանը: Որովհետև նախ` աշունը կարող է անձրևառատ լինել, իսկ այդ դեպքում անձրևաջրերը վնասելու են նոր փռված ասֆալտի շերտը: Հետո` դիմացը ձմեռ է, ու ձյունն էլ նույն ազդեցությունը կունենա, դեռ չասենք, որ նոր արված ասֆալտը ձմռան եղանակային պայմաններում ցածր ջերմաստիճանի, ջրերի սառցակալման ու հալման ազդեցությամբ ևս քայքայվում է: Բացի այդ, ձմռանը Երևանում սովորաբար սառած փողոցներում տեխնիկական աղ ու ավազ են են շաղ տալիս, իսկ տեխնիկական աղը քայքայիչ ազդեցություն ունի, և ոչ միայն ասֆալտի վրա»,- պարզաբանեց ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանը:
Փաստորեն, նման ասֆալտապատումների համար պետք է ընտրվեին տարվա ավելի տաք ու չոր եղանակները:
Ձմեռնամուտի ասֆալտապատումը Պուտինով է պայմանավորված
Ու ահա հարց է ծագում` մի՞թե քաղաքապետարանում չկար մի մտածող գլուխ, որ այս հանգամանքները հաշվի առներ ու աշնանը` ձմռանն ընդառաջ, չսկսեր երկրի առանց այն էլ սուղ միջոցներից մոտ 7,5 մլրդ դրամը քամուն տալ:
Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչու է հենց այս եղանակն ընտրվել ասֆալտապատման համար, հաշվի առնվե՞լ է արդյոք վերոհիշյալ խնդիրների հավանականությունը, թե ոչ, ու ինչ կարծիք ունի քաղաքապետարանն այս կապակցությամբ: Մինչ օրս պատասխան չենք ստացել:
Բայց մեր աղբյուրներն «ակնարկեցին», թե ինչու են Երևանն ասֆալտապատողները «ձմռան բերան» ձեռուոտ ընկել: Երևի բոլորն են հիշում, թե ինչ նախապատրաստական միջոցներ էին ձեռնարկվել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած նախորդ այցից առաջ: Այդ ժամանակ եռակցվել էին ոչ միայն այն փողոցների դիտահորերի կափարիչները, որոնցով պետք է անցներ Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունը, այլև հարակից: Դա, ինչպես հիշում ենք, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում: Ու հիմա էլ պարզ է, որ Պուտինը շուտով կգա Հայաստան: Դե նախորդ փորձն ու «վրիպումներն» էլ հաշվի առնելով` մերոնք որոշել են այս անգամ ավելի հետաքրքիր ձև հորինել Պուտինի անվտանգ երթևեկությունը Երևանում ապահովելու համար: Ռուսաստանի պես երկրի ղեկավարի այցելությանը, բնականաբար, երկար են նախապատրաստվում: Ու հիմա, քանի որ դեռ ժամանակ կա, քաղաքապետարանը ձեռնարկել է ասֆալտապատման այս աշխատանքները, որոնց ընթացքում նաև Պուտինի նախորդ այցի ժամանակ կիրառված «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն» են կատարվում:
Թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տեսակետը, վիճելը դժվար է, քանի որ ո՛չ քաղաքապետարանն է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնում, և ո՛չ էլ կառավարությունը:
Եթե իրոք շրջանառվող տեսակետը ճիշտ է, միգուցե Պուտինից խնդրենք այցելել Երևանի ծայրամասային համայնքները նույնպես, որպեսզի այդ շրջանների փողոցներն էլ ասֆալտապատվեն, կամ միգուցե Պուտինը, ի սեր եղբայրական հայ ժողովրդի ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այցելի մարզերի հեռավոր գյուղե՞ր` Հայաստանի որդեգրած տարածքների համաչափ զարգացման ծրագրի նկատառումներից ելնելով, կամ էլ միգուցե Պուտինից խնդրենք` հաջորդ այցի համար ընտրի ավելի տաք ու չո՞ր սեզոնները, որպեսզի մերոնց վրա նրա այցելությունները ծանր չնստեն` ասֆալտի համար նախատեսված 7,5 միլիարդի չափով:
Դիմակավորված և զինված ավազակները անչափահասներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի. տեսանյութ
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում քաղաքացիական նախաձեռնության մի քանի հարյուր անդամների կողմից, որոնք պահանջում են կառավարությաւնից ետ վերցնել օրենքը, հանել պարտադիր դրույթը և հաշվի նստել հանրության կարծիքի հետ: Ցույցի մասնակիցները վստահ են, որ հասարակության մի մասը տեղյակ չէ օրենքի խնդրահարույց դրույթներից, իսկ եթե տեղյակ է, ապա դեմ է:
Քիչ անց ակտիվիստներին մոտեցավ կառավարության նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ եթե ներկայացվող պահանջները գրավոր ձևով տան, ապա ինքը կհանձնի կառավարություն: Ակտիվիստները պահանջեցին, որ կառավարության որևէ պատասխանատու պաշտոնյա հանդիպի իրենց հետ, և համատեղ քննարկեն ներկայացվող խնդիրները:
Ի դեպ, Ալեքսանդր Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները բողոքում են, քանի որ անտեղյակ են օրենքին:
Պաշտոնյայի հեռանալուց հետո ակտիվիստները սկսեցին բղավել՝ վախկոտներ և փուչիկներ բաց թողեցին օդ՝ հայտարարելով, որ ընդունված օրենքը, որն իբր ապահովում է քաղաքացու արժանապատիվ ծերությունը, նույնպես փուչիկ է:
Կառավարության շենքից դուրս եկավ նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը մասնակցում էր կառավարության նիստին: Նա հայտնեց, որ Հանրային խորհուրդը նույնպես մտահոգված է օրենքում առկա խնդրահարույց դրույթներով, և խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում կանցկացնի հանրային քննարկումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայկական գորգի մարող հիշողությունը
Գորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:
Արաբական խալիֆաթի ողջ տարածքում հայկական գորգը մեծ հեղինակություն վայելող մշակութային արժեք է եղել և համարվել հարստության, անհատի ունեցած բարձր դիրքի չափանիշ: Ժամանակակիցների վկայությամբ` այդ ամենը բացատրվում էր հայոց գորգերի գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ ու գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով և գործման բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են նաև, որ հայկական գորգերին մեծ հռչակ էին հաղորդում մանավանդ հանրահայտ որդան կարմիր ներկանյութից ստացված կարմրավուն երանգները: Հայոց գորգերին բնորոշող մի առանձնահատկությունն էլ հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունն է: Դրանք խորհրդանշաններ են և իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսապաշտամունքային պատկերացումների մի շարք՝ կապված կյանքի ու բնության հավերժության և առհասարակ աշխարհընկալման համակարգի հետ։
Ցավոք, հայոց գորգագործական մշակույթի դերն ու նշանակությունը մինչ օրս լիարժեք ուսումնասիրված և արժևորված չեն: Հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ։ Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավական երկար ուղի, հիմնականում վերոհիշյալ պատճառներով է, որ արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն։
Նաև դա է պատճառը, որ հարևան ադրբեջանցիները, դեռևս խորհրդային ժամանակներից սկսած, հետևողականորեն իրականացնում են հայկական գորգարվեստը յուրացնելու գործընթաց, և դժբախտաբար նրանց ջանքերն անարդյունք չեն մնում: Անգամ «Եվրանյուզ» միջազգային հայտնի հեռուստաալիքով Ադրբեջանը ներկայացնող սոցիալական գովազդը կառուցված է գորգարվեստի վրա, և պատմությունից անտեղյակ սովորական եվրոպացին միանգամից կկարծի, որ գորգը ադրբեջանական երևույթ է:
Գորգագետ Աշխունջ Պողոսյանը հարևան Ադրբեջանի կողմից հայկական գորգարվեստի նկատմամբ իրականացվող գործընթացը շատ պարզ է բնութագրում` ազգային ժառանգության սեփականացում: «Արել են, անում են և անելու են»,- ասում է նա` նշելով, որ այդ խոսքերի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Ադրբեջանում 50-ականներից այդ գործունեությունը սկսած ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկինը` Լաթիֆ Չերիմովինը:
Աշխունջ Պողոսյանը պատմում է, որ երբ 1981 թ. որպես Հայաստանի ազգագրության թանգարանի գորգի բաժնի վարիչ մեկնել է Բաքու` ծանոթանալու Բաքվի գորգի թանգարանին, և Լաթիֆ Չերիմովը սկսել է ներկայացնել «ադրբեջանական» գորգերը, հայ գորգագետն ապշել է, որ ադրբեջանցիները հայկական գորգերը ներկայացնում են որպես իրենցը: Քիչ անց զարմանքը կրկնապատկվել է թանգարանի տնօրեն Լաթիֆ Չերիմովի շքեղ առանձնասենյակում` մտքում համեմատելով այն իրենց թանգարանի աշխատակիցների փոքրիկ խցեր հիշեցնող սենյակների հետ. «Զրույցի ընթացքում փորձեցի բացատրել, որ դրանք հայկական գորգեր են, հետո, երբ անցա կոշտ փաստարկների, Չերիմովը, չկարողանալով հակափաստարկներ բերել, ասաց` կարողանում եք` դուք էլ արեք»:
Գորգագետը հանգուցյալ Չերիմովի այս վերջին մտքին լիովին համամիտ է. «Այո, թող մենք էլ անենք, ոչ թե քնաթաթախ միայն խոսենք»:
Արդեն 40 տարի գորգագիտության բնագավառն ուսումնասիրող մասնագետը հոգնել է ասելով, որ Հայաստանին գորգի թանգարան-հետազոտական կենտրոն է անհրաժեշտ: Այո, Հայաստանը, լինելով գորգարվեստի բնօրրան, այսօր չունի գորգի թանգարան, մինչդեռ Ադրբեջանում գորգի 12 թանգարան կա:
Ինչևէ, ուրախալի է, որ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Այդ շրջանակներում ողջ տարվա ընթացքում մշակույթի նախարարության կողմից իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: Իսկ գորգի հանրահռչակման տարին նշանավորվեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովով, որն ընթանում է Հայաստանում նոյեմբերի 20-22-ը:
Գիտաժողովին հրավիրված են բազմաթիվ հյուրեր նաև արտերկրից: Նրանց մեջ է գերմանացի նշանավոր արվեստաբան Ֆ.Գանցհոռնը, որն իր «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատության մեջ շատ խորությամբ ներկայացրել է հայկական գորգի տիպաբանությունը և վերլուծել բազմաթիվ գաղտնագրեր:
«Անկախը» հնարավորություն ունեցավ զրուցելու մեծանուն արվեստաբանի հետ: Նա խոստովանեց, որ սկսել է գորգերի ուսումնասիրությունը` կարծելով, թե դրանք մահմեդական ծագում ունեն, իսկ երբ խորամուխ է եղել այդ ուսումնասիրությունների մեջ, համոզվել է, որ արևելյան գորգերն ունեն հայկական ծագում:
Գանցհոռնի «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատությունը նախ լույս է տեսել 1990 թ. 835 հազար տպաքանակով և թարգմանվել չորս լեզուներով, հետագայում վերահրատարակվել «Արևելյան գորգեր»անվանումով, սակայն բովանդակությունը մնացել է նույնը: Հեղինակը քրիստոնեական բառը դիտավորյալ է վերնագրից հանել, որպեսզի այն բոլորին գրավի որպես արևելյան գորգի պատմություն, սակայն անակնկալի բերի` ցույց տալով, որ արևելյան կոչվածը հենց հայկականն է:
Օրեր անց տեղի կունենա գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, ինչի համար Գանցհոռնը շատ երջանիկ է, քանի որ համարում է, որ գրքի հայերեն հրատարակությունը իր ողջ գործունեության պսակն է:
Զրուցեցինք նաև Միացյալ նահանգներից գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի հետ: Ընկերության գորգերն արտադրվում են Հայաստանում` արտահանվելով ԱՄՆ, Եվրոպա: Նրա խոսքով` Եվրոպայում իրենք լրջորեն գովազդում են հայկական գորգերը` դրա վրա ծախսելով տարեկան 350-500 հազար ԱՄՆ դոլար: «Մեգերյան կարպետ» գորգերի հիմնական հաճախորդները օտարերկրացիներն են: Միայն Միացյալ Նահանգներում կա Մեգերյան գորգերի 50-ից ավելի խանութ-սրահ, և բոլոր գորգերն անխտիր ստորագրված են հայերեն` Մեգերյան:
Ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել նաև գորգերի արտադրության վրա: Եթե 7-8 տարի առաջ ընկերությունն արտադրում էր մոտ 1500 մետր գորգ, կարողանում էր պահել 1700-1800 աշխատող, ապա այսօր արտադրանքի ծավալներն ու աշխատակիցների թիվը կրճատվել են: Սակայն Մեգերյանը համոզված է, որ դա ժամանակավոր երևույթ է:
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից հայկական գորգերը սեփականացնելու համառ ջանքերին, ապա գործարարը կարծում է, որ պետք է ոչ թե վիճել ու գոռալ, այլ փաստերով խոսել. «Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանը 20-30 մլն դոլար ծախսեց` ղարաբաղյան հին հայկական գորգեր գնելով, որ ասի, թե իբր դրանք ադրբեջանական են: Մի օր, երբ Նյու Յորքում հարցազրույց էի տալիս այդ հարցի վերաբերյալ, ասացի` բերեք մի գորգ, փռեք գետնին և նայեք: Փռեցին: Ի՞նչ եք տեսնում` խաչեր, հայկական գրեր: Դե մի հատ էլ ադրբեջանական գորգ բերեք: Չկա, որտեղի՞ց բերեն»:
Րաֆֆի Մեգերյանը կարծում է, որ աշխարհում հայկական գորգարվեստն ամրապնդելու և տարածելու համար շատ կարևոր է նաև, որ գորգի արտադրության բնագավառում աշխատող հայերը գործեն համախմբված: Նա, օրինակ, շուտով ձեռնամուխ է լինելու հայկական գորգերի միություն ստեղծելուն, որը պետք է զբաղվի նաև հայկական գորգագործության բնագավառում գիտահետազոտական աշխատանքով:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նույնպես կարծում է, որ վաղուց ժամանակն է տեր կանգնել մեր մշակութային ժառանգությանը: Հիշում է, որ 1983 թ. երիտասարդ գիտաշխատողների խմբով գնացել էին Բաքու` մասնակցելու արևելյան գորգի սիմպոզիումին և ականատես եղան, թե ինչպես են Ադրբեջանի կառավարությունը, մտավորականությունը, ժողովուրդը միահամուռ հայկական գորգարվեստը ներկայացնում իբրև ադրբեջանական մշակույթի մի մաս: Նաև հիշում է, որ մի անգլիացի գիտնական իրենց խմբին զարմացած հարցրեց, որ մի՞թե չեն տեսնում, թե ինչպես է ղարաբաղյան գորգը ներկայացվում որպես ադրբեջանական: Անգլիացի մասնագետը հայ գիտաշխատողներին հորդորեց չսպասել և գործուն քայլեր ձեռնարկել հայկական գորգարվեստը պաշտպանելու և ներկայացնելու ուղղությամբ:
Ցավոք, հայկական կողմը սպասեց և սպասում է արդեն 30 տարի:
«Այսօր Ադրբեջանը տեղեկատվական դաշտի տերն է և հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում է հայկական գորգարվեստը յուրացնելու համար»,- փաստում է Սվետլանա Պողոսյանը:
Հայկական գորգերի հիշողությունը վերականգնելը մնում է Հայաստանի ուսերին:
Դավութօղլուին դեկտեմբերին սպասում են Երևանում
Ինչպես հաղորդում է թուրքական «Զամանը»՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովին: Թուրքական լրատվամիջոցը այս հրավերը որակում է որպես արձագանք պաշտոնական Անկարայի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Թուրքիան աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է ՍՏՀ անդամ բոլոր երկրներին, սակայն հայկական կողմը հայտնել է, որ ուրախ կլինի Երևանում տեսնել Դավութօղլուին:
Հայտնի է, որ հրավերը ստանալուց հետո թուրքական կողմը նշել է, որ Դավութօղլուն Երևան մեկնելու նպատակ ունի, սակայն վերջնական որոշում կընդունի՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հանդիպումների արդյունքից: «Զամանի» դիտարկմամբ՝ երեկ Վիենայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում բանակցությունները շարունակելու որոշման հրապարակումից հետո սպասվում է, որ Դավութօղլուն այնուհանդերձ կմեկնի Երևան:
Հայապահպանությունը Ռումինիայում. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա»
Հայ և ռումինացի գիտնականները քննարկել են ռումինահայերի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բուխարեստում տեղի ունեցավ «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր երկու երկրների մշակույթի նախարարությունների հովանավորությամբ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին ռումիներենը , հայերենը և անգլերենը:
Հայաստանից գիտաժողովին մասնակցել է 9 անձից բաղկացած պատվիրակություն` ԵՊՀ Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանի գլխավորությամբ: Գիտաժողովի ընթացքում հայ և օտարերկրացի մասնագետները 30 զեկույց են ներկայացրել` նվիրված ռումինահայերի պատմությանը, հոգևոր և մշակութային ժառանգությանը:
Գիտաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակներից էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հասմիկ Ստեփանյանը: Նրա «Հակոբ Սիրունին և նրա «Պոլիս և իր դերը» մենագրությունը» զեկույցը ներկայացնում է ռումինահայ ականավոր գործիչ, պատմաբան, հայագետ, արևելագետ և գրականագետ Հակոբ Սիրունու բացառիկ քառահատոր աշխատությունը, որին անգամ նրա ռումինագիր կենսագիրներից մեկը, որ մասնակցում էր գիտաժողովին, ծանոթ չի եղել:
Հակոբ Ջոլոյան Սիրունին ծնվել է Կոստանդնուպոլսում 1890 թ.: 1911-ին նա Պոլսում հրատարակում է «Մարմնամարզ» հանդեսը, որը նպատակ ուներ հայ երիտասարդներին հայրենասիրական ոգով դաստիարակել և առողջ ապրելակերպ քարոզել: Եղեռնից փրկված Սիրունին 1922-ին Բուխարեստ է մեկնում` ինչ-որ գործով ռումինացի ականավոր պատմաբան Նիկոլայե Յորգային հանդիպելու համար: Այստեղ է, որ Յորգան, հիացած հայ երիտասարդի գիտելիքներով, նրան առաջարկում է մնալ Ռումինիայում: Հետագայում, սակայն, Սիրունին Սիբիր է աքսորվում ազգային գաղափարների համար, ապա պատիժը կրելուց հետո նորից Ռումինիա վերադառնում: Սիրունին մահացել է 1973-ին: 2012-ին Ռումինիայի գիտությունների ակադեմիան Սիրունուն հետմահու շնորհեց ակադեմիայի անդամի կոչում:
«Պոլիս և իր դերը» մենագրությունը Սիրունին գրել է կաթողիկոսի խնդրանքով: Այստեղ ներկայացնում է Կոստանդնուպոլսի պատմությունը` Բյուզանդիայից սկսած:
«Հայերենով, թուրքերենով կամ որևէ այլ լեզվով, էլ չեմ ասում օսմաներենով, չկա մի աշխատություն, որ հակակշռի այս գործին, այսինքն` այսօր սա անմրցելի կոթողային գործ է Պոլսի պատմության մասին,- ասում է Ստեփանյանը` հավելելով,- եթե այս աշխատությունը և նման գրքերը թարգմանվեին կա՛մ ֆրանսերենով, կա՛մ թուրքերենով, կկարողանայինք բազմաթիվ խեղաթյուրումներ կանխել, թույլ չէինք տա, որ մեր պատմությունը աղավաղվեր»:
Ստեփանյանը նշում է, որ մեծ է Սիրունու ներդրումը նաև ռումինական մշակույթում. ռումիներենով բազմաթիվ գրքեր ունի ռումինական գրականության, պատմագրության մասին. «Կասկած չի կարող լինել, որ նրան համարում են նաև ռումիանցի մեծ մտավորական»:
Միայն նրա արխիվի մատենագիտությունը հազար էջից ավելի է, մեծ մասը գտնվում է ռումինական պետության արխիվում, քիչ մասը` Ռումինահայոց թեմի առաջնորդարանի գրադարանում:
«Եթե կարողանանք մասնագետներ պատրաստել, որ նրա արխիվը ուսումնասիրեն, իսկ դրա մեծ մասը հայերեն է, որոշ մասը` նույնիսկ հայատառ թուրքերեն, ուրեմն մեծ գործ արած կլինենք հայագիտության համար,- ասում է Ստեփանյանը,- դրա համար, գուցե պետք է, ասենք, Ռումինիայի գաղութը կամ մշակույթն ուսումնասիրող Յորգայի անվան կենտրոն ունենանք Հայաստանում և Սիրունու անվան հայագիտության ուսումնասիրության կենտրոն Ռումինիայում: Նման կենտրոնները շատ հեշտացնում են գիտնականների աշխատանքը, նպաստում գիտության զարգացմանը»:
Խոսելով հայ-ռումինական բարեկամության մասին` Ստեփանյանն ասում է, որ այժմ Ռումինիայում մեծ է Թուրքիայի ազդեցությունը, հատկապես տնտեսական առումով, ուստի շատ բաների, որոնց կարող էինք ժամանակին հասնել, օրինակ` ցեղասպանության ճանաչման հարցում, հիմա անգամ մտածել չենք կարող:
«Գոնե գիտության մարդկանց, մտավորականների և պետական այրերի բարեկամության, համագործակցության միջոցով կհաջողվի ինչ-որ բանի հասնել, հետո նոր մտածել մնացածի մասին»:
Անդրադառնալով գիտաժողովի մյուս զեկույցներին` Ստեփանյանն ասում է, որ հատկապես կարևորում է Տրանսիլվանիայի հայերին նվիրված բաժինը:
Ներկայիս Ռումինիայի տարածքում հայերի ներկայության պատմությունը սկսվում է դեռևս V-XII դարերից, թեև երկրում հաստատման պաշտոնական տարեթիվը համարվում է 1350-ը:
XVII դարում ռումինաբնակ հայերի մեծ մասը հաստատվել է արևմտյան Տրանսիլվանիա գավառում, որը հետագայում անցել է Ավստրո-Հունգարիայի տիրապետության տակ, և հայերն արագ կաթոլիկացել են: Տրանսիլվահայության մեծ մասը հետագայում, երբ Տրանսիլվանիան անցել է Ռումինիային, տեղափոխվել է Հունգարիա:
Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակած «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքի` ներկայում Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը շուրջ 7500-10000 է, որոնցից շուրջ 5 հազարը հայկական ծագման մասին հիշողությունը պահած տրանսիլվահայության ձուլված շառավիղներն են:
Տրանսիլվանիայում է գտնվում և Գեռլա քաղաքը, որը XVIII դարում կայսեր հրամանով կառուցել են հայերը: Այն մինչև 1920 թ. կոչվել է Արմենոպոլիս (Հայաքաղաք):
Մինչ օրս Տրանսիլվանիայի բնակավայրերում պահպանվել են հայկական կոթողները: Հայերին, ինչպես Արա Պապյանն է նշում «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» գրքում, այստեղ հիշում են որպես հարուստ առևտրականների, որոնց դիպչելով կարելի է հաջողակ դառնալ: Տրանսիլվանիայի հայերը հիմնականում հունգարախոս են:
«Կաթիլներ են մնացել գաղութից, բայց անասելի գանձեր է այն իր մեջ պարունակում` վանքեր, եկեղեցիներ, ձեռագրեր, արխիվներ: Եթե ուշադրություն չդարձնես, կապ չպահպանես, չգիտես, թե վաղն ինչ կլինի և ուր կգնա մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը»,- ասում է Ստեփանյանը:
Հայկական հարուստ հետքով քաղաքներից է նաև Սուչավան, որտեղ կա 2 հայկական վանք և 3 եկեղեցի, սակայն այստեղ ապրում է ընդամենը մի քանի տասնյակ հայ:
Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում, հատկապես` Տրանսիլվանիայում, այսօր շատ կարևոր է հայապահպանության հարցը. «Միայն մեդալներ տալը չէ, գործ պիտի արվի, իսկ գործին սկիզբ կա և վերջ չկա, և սա դեռ մի գաղթավայրում է»:
Այդ առումով, ըստ նրա, մեծ գործ է անում թե՛ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, որ մշտապես կապ է պահպանում հայ համայնքի հետ, թե՛ թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հայ քահանաները, որոնք տարբեր բնակավայրերով շրջում են ու հայկական եկեղեցիներում պատարագ մատուցում:
Ստեփանյանը նշում է, որ Ռումինիայում հայ հոգևորականները նաև գիտնականներ են` ուսումնասիրություններ են կատարում, թեզեր պաշտպանում` նպաստելով հայագիտության զարգացմանը:
Առաջնորդարանին առընթեր մատենադարան-թանգարանը կամ Հայ մշակույթի տունը, ըստ Ստեփանյանի, միշտ բաց է գիտնականների առջև, որոնք կուզենան ուսումնասիրություններ կատարել: Տաթև սրբազանը նաև ԵՊՀ-ից է ուսանողների հրավիրում, որպեսզի նրանք ուսումնասիրեն ռումինահայերի մշակութային ժառանգությունը:
Չնայած ջանքերին` ռումինական պատկերասրահներում, թանգարաններում առկա են հայկական մշակույթի խեղաթյուրումներ: «Ցավալին այն է, որ տարբեր հավաքածուներում տեղ գտած արծաթեղենը, տեքստիլը, որոնք հայկական մշակույթի ակնհայտ արժեքներ են, ներկայացված են որպես օտարինը. արծաթեղենը` թուրքական, տեքստիլը, գորգերը` որպես կովկասյան, որոշ կիրառական իրեր` որպես բալկանյան,- ասում է նա:- Ահա նման գիտաժողովները կարևոր են, որպեսզի շահենք նրանց վստահությունը որպես գիտական մակարդակի կրողներ, ինչը հնարավորություն կտա, որ այս չարաշահումներն ու սխալները կարողանանք ուղղել:
Երեւանյան ակումբում սիրիահայերի դանակահարությունն աղջկա պատճառով է եղել. պատմում են տուժածները
Նոյեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 4:00-ի սահմանում, Երեւանի «Լոնդոն» բարում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած սիրիահայ երիտասարդներից մեկն առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Սիրիահայ երկու տղաները՝ 30-ամյա Շանթ Քոչյանը և 21-ամյա Րաֆֆի Բարդակջյանը, «Լոնդոն» բարի դիջեյներից են։
«Երբ ամեն ինչ վերջանալիք էր, հաճախորդներից մեկը խառը վիճակում էր, ուզում էր մի աղջիկի մոտենալ: Աղջիկը մի քանի անգամ իրեն մերժեց, մեր սեքյուրիթին մի հատ մոտեցավ, որ ավելի հանդարտ ձևով լուծեն հարցը, էնտեղ թեման սկսավ, դանակ հանեց հետևի գրպանի միջից ու ուզեց մոտենալ սեքյուրիթիին, հարձակվել»,- NEWS.am-ին պատմել է Շանթ Քոչյանը։
Շանթն ասաց, որ դուրս է վազել՝ ոստիկանների կանչելու, բայց ոչ ոքի չի գտել: Երբ վերադարձել է, դանակը հանած հաճախորդն ու նրա մի քանի ընկերները, անվտանգության աշխատողներն ու տնօրենը արդեն բարի վերևի հարկում էին:
Նկատել է, որ դանակ ունեցողը փորձում է հարձակվել տնօրենի վրա. «Ուզեցավ «Լոնդոնի» տնօրենի հետևեն հարձակվել, այդ պահին ես մոտեցա, դարձավ և ձեռքես երեք տեղ զարկավ: Այդ պահին ընկերս՝ Րաֆֆին, հարձակվեցավ, որ իրեն բռներ, որ ավելի չվնասեր ինձ, այդ պահին Րաֆֆիին կռնակեն հարվածեց, ետևի կողմեն»:
Տղաներին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ դանակով հարվածողը փախել էր՝ փողոցից գողանալով մի տաքսի։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Բեյրութում Իրանի դեսպանատան առջև մահապարտների իրականացրած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 23 և վիրավորվել 146 մարդ,լուսանկարներ
Ըստ տեղեկությունների՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի դեսպանատան առջև երկու մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետևանքով 23 զոհված մարդկանց շարքում Իրանի բարձրաստիճան դիվանագետ կա, պայթյուններից վիրավորվել է 146 մարդ:
Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունից հայտնել են, որ պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան Բեյրութի Ջանա բնակելի հատվածում, որը շիա, ռազմական Հզբոլահ խմբավորման վերահսկողության տակ է գտնվում:
Լիբանանի պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ անվտանգության տեսախցիկները տեսագրել են Իրանի դեսպանատան արտաքին պատի ուղղությամբ վազող տղամարդու, որը այնուհետև պայթեցրել էր իրեն:
Տեսագրությունը դիտած պաշտոնյաները տեղեկացնում են, որ երկրորդ պայթյունը տեղի էր ունեցել դեսպանատնից երկու շենք հեռավորության վրա գտնվող մեքենայում:
Լիբանանի անվտանգության մարմինների պաշտոնյաները հաստատել են, որ երկու պայթյուններն էլ մահապարտների հարձակումներ են եղել:
Հզբոլահի պաշտոնյաներից մեկը Al-Mayadeen հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք գիտեն, թե ով է կազմակերպել պայթյունները, հասկացել են նրանց ուղարկած մեսիջը և գիտեն, ինչպես դրան պատասխանել, ինչպես նաև զգուշացրել է պայթյուններն իրականացնողներին, որ իրենք չեն կարող իրենց կոտրել:
Վերջին շրջանում Լիբանանում շիաների վերհասկողության տակ գտնվող հատվածներում պայթյուններ են իրականացվում, ինչը շատերը համարում են Սիրիայի պատերազմում Հզբոլահի դերակատարության պատճառով ծայրահեղականների կազմակերպած գործողություններ:
Հզբոլահը օժանդակում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին՝ կռվելով հիմնականում սունի ապստամբների դեմ, որոնք ցանկանում են տապալել Ասադի կառավարությունը:
Վիեննայում կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը,լուսանկարներ
|
Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո: Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:
|
Աղջիկը մազերով շարժել է 2,5 տոննա կշռող սգակառքը, տեսանյութ
Լեհական “Սարսափների կրկեսի” դերասանուհի Անաստասիա IV -ը սահմանել է համաշխարհային ռեկորդ`իր մազերով քարշ տալով 2,5 տոննա կշռով սգակառքը: Հերոս աղջկան հաջողվել է մի րոպեից քիչ ավել ժամանակում տեղափոխել ավտոմեքենան 20 մետր: Այդ նվաճումը արձանագրել են Գինեսի գրքի փորձագետները, հաղորդում է ITN-ը:
Անաստասիան իր կարողությունները ցուցադրել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Շաֆտսբերի փողոցում` հանդիսատեսների ամբոխի առջև: Լեհուհին Լոնդոն է եկել բիոքիմիա ուսումնասիրելու և տեղի թատրոններից մեկում գումար է վաստակում: “Դա ցավոտ է այնքան, ինչքան թվում է, ոչ մի դեպքում մի փորձեք այն կրկնել տանը”,-խորհուդ է տվել հանդիսատեսներին ռեկորդակիրը:
Բարեբախտաբար Անաստասիան ունի պահեստային պլան, եթե իր մազերի հետ ինչ-որ բան տեղի ունենա: “Դրանք ապահովագրված են մեկ միլիոն ֆունտով, այնպես որ ես չեմ անհանգստնում”,-հայտարարել է աղջիկը:
Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:
«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը
«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։
Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի (վստահորդի) ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը, ինչպես նաեւ իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:
ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Թմրամիջոցներ` կնոջ կրծկալից և ներքնազգեստից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական հուշադրամն առաջին տեղն է գրավել Վիչենցայի միջազգային դրամագիտական մրցույթում
Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`
1. «Աշխարհի լավագույն մետաղադրամը»,
2. «Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:
Մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:
Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:










