Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները

3“Մենք կիսում ենք հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) դիտորդների նախնական զեկույցում արտացոլված անհանգստությունը”,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Դևիդ Լիդինգտոնը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համատեղ զեկույցում, բացի տեխնիկական պատրաստվածության մասին դրական արձագանքներից և ընտրություններին հետևելուն քաղաքացիների ներգրավումից, լուրջ անհանգստություն է հայտնվում։

Նա նշել է, որ քվեարկության օրը եղել են բազմաթիվ խախտումներ։ “Դրական պահերից զատ, ես կիսում եմ նաև ԺՄԻԳ-ի անհանգստությունն առ այն, որ ընտրությունների անցկացման մակարդակը չի համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին”,-ասել է Լիդինգտոնը ։

 

<<էրեբունի-Երևան 2795>> տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

phpThumb10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ  (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո – ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30
 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի – տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)

13.00 <<iԵրևան>> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)

13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք – խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե – Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից – (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ – Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ)

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Սայաթ-Նովայի պողոտա – Մաշտոցի պողոտա – Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո – Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)

Դավութօղլուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,եթե…

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկօրյա աշխատանքային այցով գտնվելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, հանդիպել է իր գործընկերոջ` Դիդե Բուրխալտերի հետ: Հանդիպումից հետո Դավութօղլուն հարցազրույց է տվել լրագրողներին՝ նշելով, որ Շվեյցարիայի հետ երկկող ռազմավարական համագործակցության երկամյա պլան է կազմվել: Հայտնի է դարձել, որ գլխավորապես ֆինանսական և մշակույթային, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության մանրամասները կներկայացվեն շվեյցարացի արտգործնախարարի առաջիկա ամիսներին Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Հաբեր 3» կայքը՝ Դավութօղլուն հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սիրիական հարցի մի շարք մանրամասներ: Մասնավորապես Շվեյցարիան իր պատրաստակամությունն է հայտնել Թուրքիային օգնելու սիրիացիներին հումանիտար աջակցության տրամադրման հարցում:

Դավութօղլուն, ուշադրություն հրավիրելով չորս տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի շարունակության վրա, ցանկություն է հայտնել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Դավութօղլուն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը «դադարեցնի Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:

Արտգործնախարարն անդրադարձել է նաև 2015 թվականին Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցմանը՝ նշելով, որ հարցը բավական նուրբ երանգ ունի Թուրքիայի համար:

Ադրբեջանցին կրակել է իր վարձակալին` բակում ներքնազգեստով շրջելու համար

1Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տանտերը կրակել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության լեյտենանտի վրա, որը վարձով ապրում էր իր տանը:

Ինչպես տեղեկացնում է “Հագին” կայքը, տանտիրոջ`Ֆահրադդին Սարդարովի և նրա բնակչի`23-ամյա լեյտենանտ Ասիմ Ազիզովի միջև վեճ է ծագել, որի արդյունքում Սարդարովի որդին` 31-ամյա Աբբասը, հրացանից կրակ է բացել և վիրավորել Ազիզովին: Միջադեպի հետևանքով Ազիզովին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Կայքը հաղորդում է, որ համաձայն տեղի բնակիչների` վեճի պատճառը այն էր, որ Ազիզովը բակում հաճախ զբոսնում էր ներքնազգեստով, ինչն առաջացրել է տանտերերի և հարևանների դժգոհությունը:

Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց

4204Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալել էր Բուլղարաիայի ներկայացուցիչնրին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած նախորդ խաղում հյուրերը սեփական հարկի տակ կեղտոտ խաղ էին անցկացրել և առավելության հասել 1:0 հաշվով:

Այսօր Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Ի դեպ, բուլղացիներն այս մրցաշարի ոչ մի խաղում  երկու գնդակ բաց չէին թողել:

Հայաստանի հավաքականը  պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը հյուրընկալելու է դանիացիներին:

Տեխնիկական արդյունքներ

B խումբ,  9-րդ տուր

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 44, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացվեցին՝ Նիկոլայ Բոդուրովը, 45, Սվետոսլավ Դյակովը, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։

 

Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը

42044207Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը:

Հարուստ սերբ ամուրին իր հարստությունը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել երիտասարդ հարսնացու գտնելու նպատակով (լուսանկարներ)

Don Milisav Juan Gonzales Brzi9Հարուստ սերբ ամուրին հրապարակել է իր տան մեջ արված լուսանկարները՝ հուսալով, որ իր հարստությունը կգրավի կանանց:

Նկարներին կցված գրության մեջ իրեն Դոն Միլիսավ Խուան Գոնսալես Բրզի անվանող տղամարդը նշում է, որ ինքը դիմում է բոլոր չամուսնացած կանանց, ովքեր կցանկանային իրենց կյանքը անցկացնել նրա կողքին՝ իր շքեղ տանը:

Նա նաև խորհուրդ է տալիս նայել իր հրաշալի տանը արված բոլոր նկարները:

Տարօրինակ լուսանկարները ցուցադրվել էին խորվաթական, բոսնիական և սերբական կայքերում:

Լուսանկարներում սպիտակ մազերով ամուրին կանգնած է լոգասենյակում կամ հանգստանում է իր մահճակալի վրա:

Բրզին պնդում է, որ 39 տարեկան է, ապրում է Սանկ Պետերբուրգում և փնտրում է 16-20 տարեկան կին շփվելու և ամուսնանալու նպատակով:

Նրա տան գրեթե բոլոր պատերը ծածկված են արվեստի գործերով և որմնանկարներով՝ ներառյալ նրա երկու լոգասենյակները:

Ամեն դեպքում նրա առաջարկին համաձայնվող կինը ստիպված է լինելու ապրել ձմռանը մինչև -5 C սառնամանիքի պայմաններում:

Սակայն տվյալ կինը այդ հարցը կարող է լուծել վերցնելով Բրզիի մուշտակներից մեկը, որը ինչպես երևում է մի քանի հատ ունի դրանցից:

Նկարները արևելյան Եվրոպայի կայքերում հայտնվել են ամիսներ առաջ, սակայն պարզ չէ նա կարողացել է հարսնացու գտնել, թե ոչ:

Հայտնի է դարձել Նոբելյան Խաղաղության մրցանակակիրը

nobelՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղակայված Նոբելյան կոմիտեն որոշում է կայացրել, թե ով է արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին: ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար

կարժանանա այս բարձրագույն մրցանակին: Այս մասին ժամեր առաջ հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

Անցած ամիս ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2014 թվականի կեսերը պետք է ոչնչացվեն Սիրիայում առկա  քիմիական զենքի պաշարները: Պաշտոնական Դամասկոսը տվել է իր համաձայնությունը:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝  Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունը թուրք դիվանագետ Ահմեդ Ուզյումջուի ղեկավարությամբ դեկտեմբերի 10-ին կազմակերպվելիք արարողության ժամանակ կստանա 1,25 միլիոն դոլարանոց Նոբելյան Խաղաղության մրցանակը:

Հանրային խորհուրդը քննարկել է Զվարթնոցի հին ուղևորային համալիրի հարցը և փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունները

454_sՀոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Օրակարգում եղել է երկու հարց՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Առաջին հարցի քննարկմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի այն ենթահանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները, որտեղ հարցը դրվել է քննարկման (ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների ենթահանձնաժողովներ):

Հարցը քննարկվել է նաև ՀԽ տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կոլեգիայի նիստում, որի արդյունքները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը:

Ենթահանձնաժողովների նախագահները հայտնել են, որ հարցի վերաբերյալ բուռն քննարկումներն են տեղի ունեցել` մասնագետների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդգծվել է շենքի ճարտարապետական և մշակութային բարձր արժեքը, բացասական կարծիք է հնչել այն պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու փաստի վերաբերյալ և առաջարկ ներկայացվել դիմել մշակույթի նախարարություն շենքն այդ ցանկում կրկին ներառելու նպատակով: Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված:

Հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու համար Հանրային խորհրդին անհրաժեշտ են նաև ուսումնասիրել հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը և լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, որից հետո հարցը վերջնականորեն կդրվի քննարկման Հանրային խորհրդի լիագումար նիստին և կկայացվի որոշում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը,  որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Փասաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, ներկայացրեց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

Քննարկման ընթացքում ներկաները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաև գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծին դեմ է Փաստաբանների պալատը, որի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիսանում է նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության ենթահանձնաժողովի նախագահը:

Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը և հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

 

 

 

 

«Ապրում ենք թափթփված գոյությամբ…». Ռոբերտ Ամիրխանյան

r.aՀարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ

– Պարո՛ն Ամիրխանյան, խորհրդային տարիներին ամեն ինչ պարզ էր. կոմպոզիտորները պետական պատվերներ էին ստանում, գրում երաժշտություն, որից բավականություն էին ստանում թե՛ իրենք, թե՛ հանրությունը: Ի՞նչ է փոխվել այսօր, արդյոք կոպմոզիտորների ստեղծագործությունները պահանջարկ ունե՞ն:

– Երգիչն այն մարդը չէ, որ կարող է երգել, այլ այն մարդը, որ չի կարող չերգել: Նույնն էլ կոմպոզիտորը. նա չի կարող չգրել: Սովետմիությունն ունեցել է իր փայլատակումները և բավականին նեգատիվ կողմեր, ինչպես մեր ներկայիս կյանքը: Այն ժամանակ էլ յուրաքանչյուր հեղինակ ազատ ստեղծագործել է: Ուրիշ բան, որ Սովետմիությունը խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ամենապրոգրեսիվ հասարակությունն է, և դրա համար մեծ միջոցներ էր դնում մշակույթի, մասնավորապես` երաժշտարվեստի մեջ: Իհարկե, դրանից օգտվում էին նաև միջակությունները, որոնք կարող էին սովետական թեմաներով ստեղծագործություններ գրել, փորձել դուր գալ ու խցկվել: Բայց իրական ստեղծագործողները միշտ եղել են ժամանակի պուլսի վրա, գրել են ստեղծագործություններ, որոնք չէին կարող չգրել, և ոչ մի պահանջարկի խնդիր չկար: Այո, պահանջված էր պրոֆեսիոնալ երաժշտությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային երաժշտությունը: Այսօր Խորհրդային Միության փլուզման փոշու մեջ շատ բաներ չեն երևում: Նախկին կյանքից շատ քիչ բան է մնացել, մասնավորապես` պրոֆեսիոնալ երաժշտության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

– Այսօր ունե՞նք կոմպոզիտորների երիտասարդ սերունդ, որը կշարունակի անցյալի հարուստ ավանդույթները:

– Խորհրդային տարիների բարձր երաժշտագիտակցությունն այսօր փորձում ենք հաղորդել ուսանողներին, որպեսզի նոր կադրերը կրեն այդ գիտակցությունը և խնդիրը:  Կան փայլուն երիտասարդներ, որոնց, ցավոք, կենցաղը քաշում է ուրիշ տեղ:  Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդներն իրենց ունակությունները կարողանան կիրառել մասսայական սպասարկման երաժշտության մեջ: Նրանք կարող են հարսանիքի համար էլ երաժշտություն գրել: Խնդիրը դա չէ, այլ այն` արդյոք նրանք իջնում են շուկայի մակարդակի՞ն, թե՞ կարողանում են պահպանել իրենց:  Շատ հաճախ նրանք գնում են դուր գալու ճանապարհով: Ես կոչ կանեի պահպանել հոգու մաքրությունը և մասնագիտական բարձունքները, իսկ շուկան, ուզի թե չուզի, կգա նրանց հետևից: Ինչպես մշակույթն ունի շուկայի պահանջ, այնպես էլ շուկան կարիք ունի մշակույթի:

– Ի՞նչ է պետք որակյալ երաժշտություն, առհասարակ բարձր մշակույթ ստեղծելու, հասարակական ճաշակը և մեր կյանքը փոխելու համար: 

– Ստեղծագործողի գիտակցություն և իհարկե համոզում, որ աշխատանքը չի մնա դարակի մեջ: Բոլոր օղակները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

30-ականներին մենք մի վիճակի մեջ էինք, երբ փողոցներում մահանում էին երեխաները, բայց մենք այդ տարիներին մյուս կողմից կառուցում էինք Մատենադարանը, կառուցում էինք մեր երկիրը հայրենասիրաբար: Այսօր մենք չունենք ազգային գաղափարախոսության կռվանը: Ի՞նչն ենք այսօր արժևորում, ի՞նչ է մեր դրոշի վրա գրված, ո՞րն է քո երդումը: Մեզ բոլորիս անհանգստացնում է  այն, որ մեր գաղափարը միայն փող վաստակելն է դարձել: Մենք դուրս ենք եկել գաղափարականացված երկրից և մտել հակագաղափարականացված երկիր: Սակայն վստահ եմ, որ ունենք հսկայական պոտենցիալ, որը օրինակ` արտահայտվեց տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարում: Այդ համախմբումը հարկավոր էր պահել, որը կարող էր դառնալ շատ պոզիտիվ ուժ մեր կյանքում: Ցավոք, մենք ապրում ենք թափթփված գոյությամբ: Կարծես շատ արխային ենք, մտածում ենք` դե մի բան կլինի, իսկ այդպիսի մոտեցումը երբեք չի ներվում:

– Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության գործունեությունը:  Համապատասխան պետական մշակութային քաղաքականություն այսօր իրականացվո՞ւմ է:

– Մշակութային քաղաքականության ջահը բռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը: Նա ունի բազմաթիվ անելիքներ, բայց մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է մասսայական մշակույթի ագրեսիան, և նախարարությունը ստիպված է կանգնել այդ փաստի առջև:

– Չե՞ք կարծում, որ նախարարության գործառույթներից է նաև այդ մասսայական մշակույթի տարածումը կանխելը:

– Ես նրանց վրա եմ թողնում իրենց գործառույթները որոշելը, պատրաստ եմ միայն օգնել նրանց: Հարգանքով եմ վերաբերվում նրանց գործունեությանը, բայց զգում եմ պակասը ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ, կենտրոնաձիգ կառույցի, որի գաղափարի շուրջ յուրաքանչյուրը կհամախմբվի:

– Պարո՛ն Ամիրխանյան, գարնանը ներկայացրեցիք Ձեր վերջին` «Կանտատ սիրո»  ստեղծագործությունների շարքը, որը պատվիրված էր գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի կողմից: Այն հայ հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացվե՞ց, գո՞հ եք հասարակության արձագանքից:

– Անշուշտ, հանդիսատեսն ունեցավ իր գնահատականը, բայց ինձ համար կարևոր է այն, որ ես զգացի, թե ինչպես է թրթիռը մեզ միավորում, և մարդիկ ինչ քաջալերանքով ընդունեցին ստեծագործությունը: Մարդկանց միջև երաժշտության միջոցով ներքին դիալոգ է ընթանում: Այն մի մոգական գործիք է, որը ներքին հաղորդակցություն է ստեղծում:

Առայժմ ստեղծագործության առաջին մասն եմ գրել, շուտով պետք է անցնեմ երկրորդ մասին: Այդ ստեղծագործության մեջ խտացված է սիրո խոստովանանքը տարբեր կարգախոսներով, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:

– Նունե Եսայանի` անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեի վրա 54 մլն 691 հազար  դրամ նստեց, ինչը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը դրա  վերաբերյալ:

– Անշուշտ, ցանկացած երգիչ երգում է այնպես, ինչպես ինքն է ուզում և ունի նաև իր աուդիտորիան: Բայց արդյոք ամե՞ն երգիչ է, որ պետական տոնին պետք է ներկայացնի մեր մշակույթը: Շատ լավ է, որ մեր երկիրը պատրաստ է մի համերգային տոնի վրա նման գումար ծախսել, բայց խնդիրն այնքան փողի մեջ չէ, որքան ճաշակի և սիմվոլների: Արդյոք մեր մշակութային սիմվոլը Նունե Եսայա՞նն է: Ես ոչ թե պախարակում եմ, այլ ընդամենը խորհուրդ եմ տալիս մշակութային սիմվոլներ ստեղծելիս ավելի խոհեմ լինել:

– Պարո՛ն Ամիրխանյան, վերջերս Ձեր դեմ ուղղված շարժում է սկսվել. անցյալ տարի բարձրացվեց  Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, և այսօր որոշ կոմպոզիտորներ հայտարարում են, որ դա տեղի չի ունենում, քանի որ Դուք չեք ցանկանում:  Այնուհետև իրավիճակն էլ ավելի լարվեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, և կոմպոզիտորներից ոմանք հայտարարեցին, որ միությունը քանդման եզրին է, և դրանում մեղադրեցին Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

– Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ պարզապես անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին:

– Դուք դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ:

– Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…

 

Զրույցը վարել է Անի Գասպարյանը

Համաներման կիրառմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ:

«Արթիկ» ՔԿՀ -ից ազատ է արձակվել 1, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 44, «Կոշ» ՔԿՀ –ից` 5, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 6, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – ից` 4, «Սևան» ՔԿՀ –ից` 2, «Աբովյան» ՔԿՀ –ից`5 (կին դատապարտյալ),  «Հրազդան» ՔԿՀ –ից` 3   դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից, ընդհանուր առմամբ,ազատ է արձակվել 462 դատապարտյալ:

Դիմակավոր և ատրճանակով զինված. ավազակային հարձակում Արզնիում

Դիմակավոր և ատրճանակով զինվածՀոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Վաշինգտոն

1ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:

“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:

Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ,  կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Վարշավայում ամեն ինչ կոչված է քաղաքացու արժանապատվության պահպանմանը, Երևանում` նվաստացմանը

Yerevan-WarsawՎերջերս առիթ եղավ կարճ ժամանակով ապրելու Վարշավայում` Լեհաստանի մայրաքաղում: Այդ ժամանակամիջոցում ամեն վայրկյան համեմատում էի Վարշավան ու Երևանը: Հասկացա, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մտածելակերպից ու արժեքներից, իսկ Երևանը` Վարշավայի համեմատությամբ, գավառական  անհարմար գյուղ է կամ լավագույն դեպքում` գյուղաքաղաք:

Վարշավան` հարմարավետ ու քաղաքակիրթ կյանքի սիրահարների քաղաք

Սևեռված պատուհանից էի նայում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Վարշավայում: Ակնկալում էի տեսնել շենք-շինությունների շարաններ, բայց փոխարենը միայն կանաչ էր երևում: Երբ ավելի մոտեցանք, անտառների ու պուրակների միջից սկսեցին հատուկենտ շենքեր երևալ: Միևնույն է, մինչև վերջին վայրկյանը պատուհանից երևացող տեսարանում գերակշռողը կանաչն էր:

Վարշավա-հին քաղաքՎարշավայում գտնվելու սկզբնական օրերին ամեն քայլափոխին զարմանում էի` ինչպե՞ս է, որ իրենց մոտ որևէ գործարարի կամ պաշտոնյայի  մտքով չի  անցել, որ  կիլոմետրերով կանաչ տարածքներ քաղաքին պետք չեն, ավելի «պիտանի»  կլինեն դրանց տեղում կառուցված խանութներն ու սրճարանները: Առավել զարմանալի էր, թե ինչ խնամված ու մաքուր էին պուրակներն ու այգիները: Ցանկության դեպքում անգամ մի ծուռ թուփ գտնել հնարավոր չէ:

Վարշավայում հասարակական տրանսպորտից օգտվելիս նոր միայն հասկանում ես, թե ինչ ասել է քաղաքակիրթ տրանսպորտ: Այստեղ ներքաղաքային հասարակական տրանսպորտը տեղական իշխանություններին է պատկանում, բյուջեից էլ սուբսիդիաներ են հատկացվում տրանսպորտային համակարգի  շարունակական արդիականացման և պահպանման համար:

Եվ քանի որ տրանսպորտային բոլոր տեսակները քաղաքապետարանին են պատկանում, ոչ թե մասնավորին, ամեն ինչ փոխկապակցված է: Նույն տոմսով կարող ես օգտվել թե՛ ավտոբուսից, թե՛ տրամվայից և թե՛ մետրոյից: Ընդ որում, գործում է տոմսերի ճկուն համակարգ. ըստ քո ընտրության կարող ես գնել մեկանգամյա, 15-րոպեանոց, մեկ օրվա, երեք օրվա համար տոմս  կամ էլ ունենալ մշտական քարտ:

Ընդ որում, որքան երկար ժամանակահատվածի համար ես գնում, ֆինանսական առումով այնքան ավելի շահավետ է: Այսպես, օրինակ` 1 օրվա տոմսն արժե 12 զլոտի, 3 օրվա տոմսը` 30 զլոտի(10 դոլար): Ընդ որում, այդ տոմսով երեք օրվա ընթացքում կարող ես անսահմանափակ քանակությամբ օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից: Օրինակ` իմ` Վարշավայում գտնվելու ընթացքում գործի բերումով այնքան էի օգտվում տրանսպորտից, որ Երևանում նման պարագայում օրական նվազագույնը ստիպված կլինեի վճարել 1500 դրամ, Վարշավայում` ոչ, ես տոմս ունեմ:

տրամվայՏոմսը կարելի է ձեռք բերել ցանկացած թերթի կրպակից կամ էլ կանգառների մոտ տեղադրված տերմինալներից: Ավտոբուս մուտք գործելիս  հարկավոր է ընդամենը դակել տոմսը և վերջ, երեք օր կարելի է մոռանալ տոմսի մասին:

Նշեմ, որ թոշակառուների և վետերանների համար տրանսպորտը ձրի է, իսկ ուսանողները և սոցիալապես  խոցելի խավերի ներկայացուցիչներն օգտվում են զեղչային համակարգից:

Հասարակական տրանսպորտի մյուս առավելությունը վայրկենական  ճշգրտությամբ աշխատելն է: Բոլոր կանգառներում  ցուցակ է փակցված, որտեղ նշված են այդ տեղով  անցնող տրանսպորտային միջոցների համարները, կանգառները  և չվացուցակը: Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ րոպե ուշացման ականատես չեղա. նշված ժամին ավտոբուսը հասնում է կանգառ ու դռները բացում:

Նշեմ, որ այստեղ տրանսպորտը գործում է նաև գիշերվա ժամերին, պարզապես երեկոյան 11-ից հետո,  էլի ըստ չվացուցակի, ժամը մեկ պարբերականությամբ, մինչ առավոտյան 6-ը:

Ուշագրավ է, որ օրվա որևէ ժամի Վարշավայում չտեսա գերբեռնված տրանսպորտ, ինչպիսին Երևանում ամեն քայլափոխի ենք հանդիպում, ամենածանրաբեռնված ժամին ամեն ավտոբուսում մի քանի կանգնած մարդ էր:

Այստեղ ուղևորը վարորդի հետ որևէ առնչություն չի ունենում. ո՛չ գումար է տալիս, ո՛չ գոռում` կանգառում կպահեք: Սպիտակ վերնաշապիկով և փողկապով վարորդը հանգիստ ավտոբուսն է վարում` իր գործից չշեղվելով: Բարձրախոսը նախապես հայտարարում է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Էկրանին գրվում է հաջորդ կանգառի անվանումը, իսկ երթուղին պատկերող էկրանի վրա նախորդ կանգառն արդեն պասիվանում է` կարմիրով ցույց տալով առաջիկա կանգառները: Ավտոբուսն էլ հանգիստ կանգնում է բոլոր նախատեսված կանգառներում:

Վարշավայի և Երևանի տրանսպորտներն ուղղակի անհամեմատելի են. առաջինը ստեղծվել է, որպեսզի քաղաքացին իրեն արժանապատիվ ու հարգված զգա, երկրորդը` որպեսզի քաղաքացուն հնարավորինս նվաստացնի:

Քաղաք` առանց խցանումների. սա իրականություն է, ոչ թե երազանք

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Վարշավայի մյուս առանձնահատկությունը խցանումների բացակայությունն է: Ճիշտ է, քաղաքից ելքի ու մուտքի ճանապարհներին երբեմն խցանումներ լինում են, բայց ոչ երբեք կենտրոնում: Եթե ես Երևանում տնից աշխատավայր եմ հասնում առնվազն  40 րոպեում,  ապա Վարշավայում նույն հեռավորությունն անցնում էի 20 րոպեում, ներառյալ` կանգառում տրանսպորտին սպասելը:

Նշեմ, որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև ներքին տուրիզմի համար. ուրբաթ օրը երեկոյան կարող ես հատուկ տոմս գնել  (75 զլոտի կամ 25 դոլար) գնացքի համար և մինչև երկուշաբթի առավոտյան գնացքով ճամփորդել ինչքան ուզում ես, այցելել որ քաղաքը  սիրտդ կուզի:

Այդքանով հանդերձ, Վարշավայի բնակիչները դժգոհ են իրենց քաղաքապետից. ասում են, որ իր նախընտրական ծրագրերն ամբողջությամբ չի կատարել, բացի այդ, տրանսպորտի սակագինը բարձրացրել է: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին այստեղ հանրաքվե տեղի կունենա, կորոշվի քաղաքապետի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Ըստ օրենքի` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր  եկող տարի: Այն հարցին, թե ինչու մեկ տարի չսպասեցին և նախընտրեցին ընտրությունների վրա հսկայական գումարներ ծախսել, լեհական հանրային հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, որ այս քայլով ուզում են դաս տալ հետագա քաղաքապետներին` եթե նախընտրական խոստումներ է տվել, ուրեմն պետք է կատարի, այլապես քաղաքացիները, որոնք իրեն իշխանություն են տվել, կզրկեն նրան այդ իշխանությունից:

Լեհաստանում առանց լեհերենի հնարավոր չէ, Հայաստանում առանց հայերենի` խնդրեմ

Վարշավա-հին քաղաք2Ամենից առավել Լեհաստանում հիացնում է լեհերի սերն իրենց երկրի և լեզվի հանդեպ:  Նման բան Հայաստանում հաստատ տեսած չեք լինի: Անգամ ծիծաղելի է Հայաստանը տուրիստական երկիր անվանելը` համեմատելով մեր երկիր այցելող տուրիստների թիվը: Սակայն մեզ մոտ ամենուրեք օտար անուններ են` գրված անգլերենով, սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը պարտադիր անգլերեն թարգմանություն ունի, սպասարկման ոլորտում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է անգլերենի գերազանց իմացությունը:

Իսկ տուրիստական Լեհաստանում (հատկապես Վարշավայի և Կրակովի հին քաղաքներում  ցանկության դեպքում անգամ դժվար է լեհ գտնելը, բոլորը զբոսաշրջիկներ են) խոսում և գրում են միայն լեհերեն: Հյուրանոցներում,  բրենդային և ոչ բրենդային խանութներում, բանկերում, էլ չասեմ փողոցում անգլերեն խոսող մարդ գտնելը մեծ դժվարություն է (ռուսերենի մասին էլ չասեմ), ստիպված ես հաղորդակցվել ժեստերի լեզվով կամ սովորել լեհերենը: Անգամ երկաթուղային կայարանում, որտեղ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա, տոմս վաճառողները և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները միայն լեհերեն են խոսում, ուղղորդող վահանակները ևս  միայն լեհերեն են:

Մինչդեռ Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երկրում գտնվող օտարերկրացին կարող է և գուցե պարտավոր է մի փոքր տիրապետել քո լեզվին: Ո~չ, մենք ամեն ինչ անում ենք, որ օտարերկրացին իրեն լավ զզա:

Լեհաստանում էլ է օտարերկրացին իրեն լավ զգում, բայց ոչ լեհի ազգայինի ստորադասման հաշվին, պարզապես սպասարկումն ու ծառայություններն են որակյալ:

Երևի թե բառերով փոխանցել հնարավոր չէ այն հիացմունքը, որով լեհերը խոսում են իրենց պատմության և մշակութային ժառանգության մասին: Մեր լրագրողական խմբի ուղեկից լեհը առիթը բաց չէր թողնում պատմելու, թե սովետական իշխանությունների դեմ ինչ պայքար են մղել Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիների ավերած հին քաղաքի յուրաքանչյուր շենքը վերականգնելու համար:

Մեզ մոտ լիներ` երևի խոսք էլ չէր լինի վերականգնելու մասին: Մենք անգամ պահպանվածն ենք քանդում, կարծես խանութ սարքելու համար այլ տարածք չկա:  Վարշավայից տարիքով կրկնակի մեծ Երևանում անգամ 100-ամյա շենք գտնելը դժվար է: Մինչդեռ լեհերը քար առ քար վերականգնել են հին Վարշավան, որ 80-90 տոկոսով կործանվել էր գերմանացիների ռմբակոծություններից:

Լեհերն այնպես են գնահատում իրենց մշակութային ժառանգությունը և մեծերին, որ թվում է, թե այդ ամենը բացառիկ է, միայն իրենք ունեն: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում, հասկանում ես, որ հայերս գուցե ավելի մեծ արժեքներ ունենք, սակայն օտարն այդ մասին չգիտի:

Անհնար է, որ որևէ զբոսաշրջիկ Վարշավայից հեռանա` առանց իմանալու, որ Շոպենը լեհ է եղել, և հեռանա առանց նրա ստեղծագործություններն ունկնդրելու:  Հայաստան այցելած քանի՞ զբոսաշրջիկ է իմանում, որ հայերս էլ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան ենք ունեցել: Երևի ոչ ոք:

Ցավալի է, երբ Երևանի և Վարշավայի, Հայաստանի և Լեհաստանի միջև նման տարբերություններ կան, մանավանդ որ սոցիալիստական կարգերից հետո երկուսս էլ նույն դիրքից ենք մեկնարկը տվել:

Հ.Գ.
Նյութը հնարավոր եղավ պատրաստել շնորհիվ «Լեհա-չեխա-սլովակյան համերաշխության հիմնադրամի», որը սեմինար էր կազմակերպել «Անկախ լրատվամիջոցների  զարգացումը Եվրասիայում» խորագրով: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից:  Սեմինարին Հայաստանը ներկայացնում էր «Անկախ»-ի թղթակիցը:

 

Բալասանյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

26 004Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Հրավիրված հաշվետու ասուլիսում քաղաքապետը նախ հանդես եկավ կատարած աշխատանքների ամփոփ տեղեկատվությամբ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Սամվել Բալասանյանը կարևորեց այս մեկ տարում քաղաքի ու քաղաքապետարանի ձեռքբերումները: Նշեց, որ 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքի ունեցած 1 մլրդ 58 մլն դրամի պարտքից այսօր վճարելու մնացել է 81 մլն-ը: Փակվել են աշխատավարձերի կուտակված պարտքերը, այժմ նոր պարտքեր չեն գոյացել, իսկ աշխատավարձերը վճարվում են սահմանված ժամկետներում:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բյուջեի սեփական եկամուտների վարչական մասի կատարողականը կազմում է 85%, ֆոնդային մասի կատարողականը՝ 29%: Համայնքի միջոցներով կատարվել են մոտ 410 մլն դրամի ասֆալտապատում: Երթուղի են դուրս բերվել 10 նոր ավտոբուսներ, քաղաքում  տեղադրվել են նոր նստարաններ, կարգավորվել է աղբահանությունը, մեծ նվաճումներ ու առաջընթաց կա սպորտի և արտաքին կապերի ոլորտում և այլն:

“Ֆոնդային բյուջեի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ: Հաշվեկշռում ունենք նյութական արժեքներ՝ շենք-շինություններ, հողեր, բայց երբ աճուրդի պրոցես է գնում, ուսումնասիրությունները պարզում են, որ այդ հողերը վաճառված են”, – ասում է Սամվել Բալասանյանը:
Որպես ձեռքբերումների առաջին կետ քաղաքապետն առանձնացրեց հատկապես ավագանու ինստիտուտի կայացումը. անցկացվել է 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ստեղծվել է ավագանու կազմում մշտական գործող 4 հանձնաժողով: Ավագանու նիստերը, սկսած առաջինից,  հեռարձակվում են համացանցով:
Քաղաքապետարանը ստացել է 4513 դիմում, 1196-ը՝ օգնություն ստանալու խնդրանքով, 960 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ սնունդի և հագուստի տեսքով:
Հարցին, թե ինչ թերություններ կան,  քաղաքապետը պատասխանեց. “Մենք ունենք շատ-շատ բաղթողումներ, թերություններ: Դրանք են՝ նույն ասֆալտապատումը, աշխատատեղերը, անօթևան վիճակը, նույն շինարարական աղբը կուտակված է: Սա անելու ենք”:

Հարցին  էլ, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ ասվում էր, որ Սամվել Բալասանյանը գալու է Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, արդյո՞ք հաջողվել է, նշեց. “Ինչ-որ տեղ փոխեցինք: Փոխվեց այն իրավիճակը, որը կար: Հայրապետյան Սերգեյը մի լավ բառ էր օգտագործել՝ մի քիչ քաղքոտել ենք, այսինքն ինչ-որ քաղաքատիպ  իրավիճակի ենք եկել: Երբ փողոց ես դուրս գալիս, տեսնում ես կանաչապատ տեղեր, ավտոբուսներ, կանգառներ, գեղեցիկ ցուցանակներ… Հիմա, որ ասեմ՝ Փարիզը միանգամից սարքվեց ու թերություններ չունի, սուտ կլինի: Եթե քաղաքային տնտեսություն ես՝ ունես թերություններ, և դրանք պետք է կարողանաս վերացնել: Մենք կփորձենք տարիների ընթացքում այդ ամենը կանոնակարգել: Բնականաբար, հաջորդ տարվա հաշվետվության ժամանակ մենք լուրջ ձեռքբերումներ կունենաք: Եթե չունենանք, դանդաղ լինի այդ ամենը՝ մեր ժողովուրդը նորից արտագաղթած կլինի, հույսն ու հավատը կորցրած կլինի, ոչ մի հոգեբանական մթնոլորտ փոխված չի լինի”:

Սիրիայում պատերազմը դեռ չի ավարտվի

Դեռևս անցած ամիս, երբ համաշխարհային հանրությունը ակտիվորեն քննարկում էր` Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական հարվածներ կհասվեն, թե ոչ, ակտիվ բանակցություններ էին ընթանում ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև: Ռուսաստանի առաջարկով Սիրիան պետք է սեղմ ժամկետներում միջազգային հանրության վերահսկողությանը հանձներ իր տրամադրության տակ եղած ամբողջ քիմիական զենքը և միանար Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

Սիրիան հաստատեց, որ մտադիր է համագործակցել այս խմբի հետ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո:

Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել: Իսկ սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս–ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը: 

Գերհզորները պայմանավորվել են Սիրիայի հարցում 

Սիրիա2Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման նպատակով էլ հոկտեմբերի 1-ից արդեն  Դամասկոս էր ժամանել զինաթափման գծով միջազգային փորձագետների խումբը` սկսելու Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները: Սիրիայի տրամադրության տակ եղած բոլոր քիմիական նյութերը պետք է ոչնչացվեն մինչև  2014 թ. կեսը: Արդեն տեղեկատվություն կա, որ մեկ շաբաթվա աշխատանքների արդյունքում միջազգային փորձագետների խումբը որոշ քանակությամբ քիմիական զենք ոչնչացրել է: Այսինքն` Բաշար Ասադի կառավարությունը պահում է միջազգային հանրությանը տված իր խոստումները: Սա նշանակում է, որ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական ոտնձգությունները գոնե այս պահին բացառված են: Հոկտեմբերի 7-ին ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծման ռազմական սցենարների անընդունելիության մասով:

«Մենք պայմանավորվեցինք, որ կոնֆլիկտի լուծման ռազմական սցենարն անհնար ու անընդունելի է»,- ասել է Ջոն Քերրին:

Քերրիի խոսքով` սիրիական կոնֆլիկտի հանգուցալուծմանն ուղղված «Ժնև-2» կոնֆերանսը կանցնի նոյեմբերի երկրորդ շաբաթում: Կոնֆերանսի վերջնական ժամկետը կորոշի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, բայց մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ միջազգային կոնֆերանսը կանցկացվի նոյեմբերի երկրորդ շաբաթում:

Լավրովի խոսքով` Դամասկոսը հիանալի համագործակցում է քիմիական զենքի ոչնչացմամբ զբաղվող միջազգային փորձագետների հետ:

Լավրովի և Քերրիի բանակցությունները տեղի են ունենում Ինդոնեզիայի Բալի կղզում` Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Վաշինգտոնն ու Մոսկվան հույս ունեն օգտվել այն միաձայնությունից, որ ձեռք է բերվել քիմիական զենքի հարցում: Նրանք մտադիր են հասնել Ժնևում նոր միջազգային խաղաղ համաժողովի գումարման:

«Ես չափազանց կարևոր եմ համարում այն, որ երեկ` կիրակի` ընդամենը մեկ շաբաթ անց բանաձևի ընդունումից, որոշ քիմիական զենք արդեն ոչնչացվել է: Եվ ես կարծում եմ, որ կան հիմքեր վստահելու Ասադի վարչակարգին, որը պատրաստակամությամբ կատարում է իր պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` Սիրիայի իշխանություններն անթերի համագործակցում են միջազգային փորձագետների հետ. «Եվ ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է տասն օր առաջ, կիրագործվի բոլոր կողմերի, այդ թվում` Սիրիայի հարևան երկրների կողմից»:

Սա անթաքույց ակնարկ էր Թուրքիային ու Իսրայելին, որոնք սիրիական կոնֆլիկտում ոչ երկրորդական դեր ունեն ու աչքի են ընկնում իրենց ակնհայտ դժգոհությամբ Սիրիայի դեմ ռազմական էքսպանսիա սկսելու հարցի շուրջ ու պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որոնք չեն բխում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման տրամաբանությունից: 

Պատերազմում` ինչպես պատերազմում.

Սիրիա (1)Ու մինչ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դիվանագիտական ձեռքսեղմումներով ցույց են տալիս, որ ի վիճակի են գտնելու սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման տարբերակը, Սիրիայում ապստամբների ու կառավարական ուժերի միջև զինված ընդհարումը շարունակվում է` ուղեկցվելով զոհերով: Միայն Սիրիայի հյուսիսում ընդդիմության արմատական իսլամիստական կազմակերպությունների զինյալների և քրդական աշխարհազորային ջոկատների միջև Խասեկե նահանգում տեղի ունեցած բախման հետևանքով հոկտեմբերի 5-ին զոհվել է 18 մարդ:  Նույն օրը Հալեպում ռմբակոծումների և բախումների հետևանքով զոհվել է ևս 115 մարդ, ինչպես հաղորդում է սիրիական Aksalser կայքը:

Ամեն ինչով ակնհայտ է, որ Բաշար Ասադի կառավարությունը շարժվում է ոչ թե միջազգային պայմանավորվածությունների տրամաբանությամբ, այլ Ռուսաստանի անմիջական ցուցումով: Նույնիսկ հենց ինքը` Բաշար Ասադը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե իր վարչակարգը քիմիական զենքի ոչնչացման հարցում համաձայնում է համագործակցությանը` հարգելով Ռուսաստանի ջանքերը:

Բայց արդեն հստակ ընդգծվում են նաև նրա հայտարարություններն ու արտահայտությունները դիվանագիտական խաղերի համատեքստում: Օրինակ` Սիրիայի նախագահը սիրիական կոնֆլիկտի գլխավոր «մեղավորներից» մեկն է համարում հենց ԱՄՆ-ին ու նրան ընդունում է որպես կոնֆլիկտի շահագրգիռ կողմ: Սակայն միևնույն ժամանակ գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում հոկտեմբերի 6-ին  հայտարարեց, որ Գերմանիան կարող էր միջնորդ հանդիսանալ իր երկրում 2011-ից շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործում: Ասադը նաև նշել է, որ ինքը բանակցությունների սեղանի շուրջ չի նստի ապստամբների հետ,  քանի դեռ նրանք վայր չեն դնի իրենց զենքերը:

Միաժամանակ Սիրիայի Ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը հայտարարել է, որ արդեն տեղական մակարդակով բանակցություններ են ընթանում մի քանի ընդդիմադիր խմբերի առաջնորդների և կառավարության ներկայացուցիչների միջև: Հայդարն ընդգծել է, որ խոսքն այն խմբերի մասին է, որոնք կապված չեն «Ալ Քաիդայի» հետ: Տրամաբանությունը հասկանալի է` Ասադը փորձում է ազդել ԱՄՆ-ի ժողովրդի տրամադրությունների վրա` նրանց ցույց տալով, որ սեփական երկրում ԱՄՆ-ի վերնախավը հայտարարում է, թե պայքարում է «Ալ Քաիդայի» դեմ, սակայն Սիրիայում համագործակցում է նրանց հետ: Իսկ Եվրոպայի դեմ, ըստ ամենայնի, Ասադը չի համագործակցել ու դրանով իսկ ապահովագրել ռազմական միջամտությունը նրանց կողմից ևս: Չէ՞ որ սիրիական խնդրի վերջին զարգացումների ժամանակ պարզ դարձավ, որ բացի ԱՄՆ-ից, կարևոր է շահել նաև Եվրոպայի աջակցությունը, որն ավելի կողմ էր Սիրիայի նկատմամբ ռազմական ներխուժում կիրառելուն, քան ԱՄՆ-ն, որի ղեկավարությունը կաշկանդված էր սեփական ժողովրդի դիրքորոշմամբ: Այս ամենը, սակայն, դեռ չի նշանակում, թե Սիրիայի հարցում ամեն ինչ լուծված է և մոտ ապագայում պատերազմը կդադարի: Սակայն լարվածության էական թուլացում, ինչ խոսք, նկատվում է:

Գևորգ Կոստանյանն այն անձը չէ, որ լուրջ փոփոխություններ բերի. փաստաբան

արտակ զեյնալյանՀայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ բազմիցս բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել, վեր հանել, բողոքել: Օրինակ` միշտ էլ կարծիքներ են հնչել դատարանների անկախության, կառուցվածքային խնդիրների մասին և այլն: Փաստաբանների հետ զրույցներում կարմիր թելի պես անցնում են հատկապես դատարաններում փաստաբան–դատախազ հարաբերությունների ու հարաբերակցության մասին մտահոգությունները: Մասնավորապես` փաստաբանները դժգոհում են, որ դատարանը, ըստ էության, հանդես է գալիս, որպես դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության դակիչ, որ դատարանում փաստաբանն ու դատախազը, որն, իր էությամբ, պետության փաստաբանն է դատարանում, պետք է հանդես գան հավասար դիրքերից, սակայն մեր երկրի դատարաններում դատախազները միշտ ավելի բարձր դիրքերից հանդես եկողներ են դիտարկվում:

Այս առումով` հետաքրքիր է, թե դատաիրավական համակարգի վրա ինչպես կազդեն  հատկապես վերջին երկու` ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություները:  Մեր զրուցակիցն է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

– Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխություններից, ու ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

-Փաստաբանների պալատի նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի փոփոխություններն ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն: Դրանք զուտ եղած պաշտոններում նոր անձանց նշանակում է: Մի դեպքում փաստաբանների պալատն ուղղակի` անմիջական քվեարկությամբ ընտրեց պալատի նախագահ, և կողմնակի ու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ էր, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ էին, ընտրություններն օրինական էին: Փաստաբանների պալատի նախագահը լրիվ վայելում է փաստաբանների պալատի աջակցությունը, ընտրված է փաստաբանների կողմից և լեգիտիմ է` անկախ նրանից` բոլորը նրա օգտին են քվեարկել, թե ոչ: Ակնհայտ է, որ օրինական ընտրության արդյունքում փաստաբանների պալատի նախագահը լինելու է Արա Զոհրաբյանը: Սա շատ ողջունելի է, և այն, ինչ կատարվեց փաստաբանների պալատում, շատ դրական է, ինչը չեմ կարող ասել գլխավոր դատախազի նշանակման մասին: Այն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են. մեկ քվեաթերթիկի կեղծված լինելն էլ և դրա բացահայտված չլինելն էլ բավական է, որ ցանկացած արդյունք չլինի հավաստի: Որոշ գնահատականներով` 25 դեմ քվեարկված քվեաթերթիկներ են եղել նշանակված գլխավոր դատախազի դեմ: Այն, որ ընտրությունը կեղծված էր,  հավաստի կամ ճշմարիտ կարելի է համարել այն մեկ քվեաթերթիկի հրապարակման փաստով, որ կեղծիք տեղի ունեցել է: Սա, իհարկե, շատ բացասական երևույթ է:

– Ի՞նչ կարող է փոխվել դատախազ–փաստաբան հարաբերությունների մասով:

– Դիրքերի առումով կարծում եմ` կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել: Դատախազությունը դրական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այն սկզբունքներն ու մեթոդները, որոնցով գործում են դատախազները, շատ հնացած են, և դրանց փոփոխմանը կարող է նպաստել միմիայն դատարանների անկախությունը: Եթե դատարաններն իրենց անկախ դրսևորեն, չկատարեն դատախազության կանխավարկածը կամ չառաջնորդվեն այն սկզբունքով, որ դատախազն ինչ ասում է` դատարանը պետք է դա հաստատի, ապա դատախազությունը ստիպված կլինի բարեփոխվել:

Այսօր փաստաբանությունը շատ արագ է զարգանում, որովհետև մշտապես գտնվում է հարվածի տակ, կոնֆլիկտի մեջ ու պետք է կատարելագործվի, որպեսզի կարողանա դիմակայել հարվածներին ու հարձակումներին: Իսկ դատախազությունը` ոչ այնքան. պահպանել է իր ոճը, նույն ձեռագիրը: Մեղադրական եզրակացությունները, ընդհանրապես գործերը կազմելիս պահպանվել է այն ոճը, ինչ կար տասնամյակներ շարունակ:

–Գլխավոր դատախազի անձի փոփոխությունից ինչ–որ բան կախվա՞ծ է:

– Անձանցից, այո՛, որոշ բան կախված է: Բայց չեմ կարծում, թե Գևորգ Կոստանյանն այն անձնավորությունն է, ով նման մեծ ու կտրուկ փոփոխություններ բերի: Նրա վարքագիծը, համենայն դեպս ամենաթարմ` վերջին վարքագիծը` կապված Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերի հետ, չի խոսում այն մասին, որ նա շատ լուրջ փոփոխություններ կկատարի: Քանի որ նա հանդուրժել է դա: Իսկ իր նշանակումն էլ տեղի ունեցավ կեղծիքով, սրանք այդ հույսը չեն տալիս:

– Դուք նշեցիք, որ փաստաբանների պալատն օրինական է ընտրվել, լեգիտիմ է, դա ինչպե՞ս է ազդելու փաստաբանների գործունեության վրա:

– Պալատի նոր նախագահը մանդատը ստացել է փաստաբաններից ու բավականին ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ և փաստաբանների հետ միասին կառավարել, ուղղորդել կազմակերպության ներուժը` որոշակի փոփոխությունների հասնելու համար: Նրա թիկունքին կանգնած է ամբողջ փաստաբանությունը:

– Այսինքն` զուտ ինքնավստահությա՞ն գործոնն է ազդելու:

– Ինքնավստահության, որ երկրի ամենամեծ ու հզոր, ամենագործուն և կայացած հասարակական կազմակերպությունը կանգնած է իր թիկունքին: Այսինքն` հասարակական կազմակերպությունը նրա դեմքով է հանդես գալիս:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք, առաջիկայում դատաիրավական համակարգում կլինե՞ն ինչ–որ փոփոխություններ, բարեփոխումներ, թե՞ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ այժմ էր:

– Որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, կլինեն, իհարկե տեմպերը գոհացուցիչ չեն: Օրինակ` նախապատրաստվում է օրենսգրքի ընդունում, մոտ ապագայում` վարչական դատավարության օրենսգրքի: Նախագծի քննարկումն արդեն եղել է Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովում,  ամսի 10-ից հետո կլինի ևս մեկ քննարկում, սակայն այստեղ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Իր էությամբ նախագիծը լրիվ նոր օրենսգիրք է, բայց որպեսզի խուսափեն երեք ընթերցմամբ անցնելու ընթացակարգից, ձևակերպում են հին օրենսգիրքը նոր խմբագրմամբ ընդունելու նպատակ: Իր էությամբ նախագիծը նոր օրենսգրքի նախագիծ է, բայց որպեսզի խուսափեն ԱԺ այդ ընթացակարգից, գնում են այդ տարբերակով: Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մնալու է նույն վերնագիրը, օրենքի նույն համարը, բայց հոդվածների հերթականությունը լրիվ փոխվում է:

– Նաև բովանդակությունը:

– Այո, հերթականությունը երբ փոխվում է, բնականաբար, բովանդակությունն էլ է փոխվում: Սա առաջացնելու է խառնաշփոթ: Մյուս կողմից էլ ինքնանպատակ չէ նոր օրենքը կամ օրենսգիրքը երեք ընթերցմամբ ընթացակարգով ընդունելը: Դա օրենքի ընդունման պարտադիր ատրիբուտներից է` դրա որակի, լեգիտիմությամբ պայմանավորված: Բայց գտել են այդ զարտուղի ճանապարհը` սողանցքը, և երկու ընթերցմամբ պետք է անցկացնեն: Օրենքի որակը թողնենք մի կողմ, որակը լավն է, իհարկե, կարող է շատ ավելի լավը լինել: Բայց բարեփոխումներն այս ձևով անելը խորամանկություն է, կարծում եմ` չարժե ռիսկի տակ դնել այդքան կարևոր նախագիծը ընդամենը մի քանի ամիս շահելու համար: Կարծում եմ` չի կարելի այդ եղանակով բարեփոխումներ անել:

– Այսինքն` առաջիկա գոնե հինգ տարիներին Դուք լուրջ փոփոխության ակնկալիքներ չունե՞ք:

– Այդքան լավատես չեմ այդ առումով, հատկապես այդ Մաքսային միության ուրվականի առկայության պարագայում. լավատես չեմ, թե լուրջ ու էական բարեփոխումներ կլինեն:

Հոկտեմբերի 9-ին ազատ է արձակվել 114 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ:  Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 7, «Արթիկ» ՔԿՀ –ից` 2, «Վանաձոր» ՔԿՀ –ից`  2, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 56, «Կոշ» ՔԿՀ –ից` 44, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 3:

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:

Այսօր տեսողության համաշխարհային օրն է, կարգախոսը` «Ստուգ՛եք տեսողությունը»

Poster_v5Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետև լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե’ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը, կհասցվի մինչև Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։ Շարունակվում է կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։

ԿԸՀ.Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններում հավաքել է 85 տոկոս

ալիևԿԸՀ նախնական տվյալների համաձայն տեղամասերի  մեծ մասից եկած տեղեկությունները հոկտեմբերի   9-ին կայացած նախագահական  ընտրություններից հետո վկայում են , որ գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների մոտ  85 տոկոսը:Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ  Հասանլիի օգտին քվեարկել  են  մոտ  4 տոկոս ընտրողներ,մնացած ձայները բաժանվել են  8 թեկնածուների միջև:

Ընտրություններին մասնակցել են ընդամենը  3.720.643 . մարդ, այսինքն  72,31%ընտրող: