ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Բրազիլացի ուսուցիչների բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների ու ոստիկանության հետ բախման են վերաճել: Ցուցարարներին հանգստացնելու համար ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել:
Ուսուցիչները պահանջել են աշխատավարձերի բարձրացում: Ռիո-դե-Ժանեյրոյում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Սկզբում ցույցը խաղաղ էր, սակայն մթնշաղի հետ որոշ մասնակիցներ սկսեցին իրենց ագրեսիվ պահել: Երբ ոստիկանական բաժանմունքի վրա այրվող խառնուրդով լցված շշեր գցեցին, կարգուկանոնի պահապանները դրան ի պատասխան արցունքաբեր գազ կիրառեցին: Նման ակցիա է եղել նաև Սան-Պաուլույում, որը նույնպես ավարտվել է ոստիկանության հետ ընդհարմամբ: Ցուցարարները, դեմքերը կնգուղներով փակելով, բանկի մի քանի բաժանմունքներ են թալանել:
ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միչիգանում ակնաբույժն իր հիվանդների տեսողությունն ստուգելու բավականին ինքնատիպ եղանակ է հորինել: Երբ տեսողական խնդիրներ ունեցող կանայք գալիս էին բժշկի մոտ, նա իջեցնում էր տաբատն ու ցուցադրում իր սեռական օրգանները: Կանայք սարսափած դուրս էին թռչում նրա առանձնասենյակից: Շուտով բժշկին կալանավորեցին:
Գեղեցիկ հնչողությամբ ` Ռոբերտ Էմմեթ Դեք Երրորդ անունով 42-ամյա բժիշկը, պարզվեց, այլասերված է: Նա քանիցս հիվանդներին իր առանձնասենյակ է տարել, ապա նրանց առջև իջեցրել տաբատը: Բժշկի անառողջ հակումը վերջերս է բացահայտվել, երբ կանանցից մեկը ոստիկանություն դիմեց:
33-ամյա կնոջ խոսքով, բժիշկն իրեն կոնտակտային լինզաներ է նշանակել ու հաջորդ օրը կանչել կլինիկա: Երբ կինը մտել է, հասկացել է , որ ինչ- որ բան այն չէ: Բժիշկն իրեն տարօրինակ է պահել: Հանկարծ նա վեր է կացել, իջեցրել տաբատը ու հանելով տղամարդկային արժանիքը` ձեռնաշարժությամբ զբաղվել:
Կնոջը նա , բարեբախտաբար, չի դիպչել: Կինը հայտնել է ոստիկանություն, իշխանությունները հայտարարություն են տարածել, որով խնդրել են “խաբված” հաճախորդներին չամաչել ու հայտնել տեղեկություններ:
Հոկտեմբերին ակնաբույժին ձերբակալեցին, սակայն ինչ պատիժ է նրան դրա համար հասնում, չի տեղեկացվում:
Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ըԵրևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:
ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:
Փաստաթղթում մասնավորապես նշված է.
-մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,
-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:
ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը մասնավորապես նշեց. «Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու և արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի` հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև։Մեզ համար չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը` դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:
Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի` այն է`.մարդու իրավունքների և հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»:
Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:
Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:
ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երևանի Հռչակագիրը»:
ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.` ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ և հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին` կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ` հանձնարարականի կատարմանը նպաստելու և Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:
Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք`
1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»
2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»
3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»
4. «Բորդոյի հռչակագիր»
5. «Երեւանի հռչակագիր»
6.«Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ»
7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ
են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:
Այսօր Ադրբեջանում նախագահի ընտրության նախօրեին լռության օր է: Քվեարկությունը տեղի է ունենալու չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին, հաղթանակի համար հարկավոր է հավաքել ձայների առնվազն 50%-ը` ցանկացած մասնակցության դեպքում: 10 թեկնածու կա, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիևը:
52-ամյա Ալիևն այս պաշտոնում է առաջադրվում 3-րդ անգամ անընդմեջ: Նրանց համար, ովքեր լավ գիտեն հանրապետությունում ստեղծված իրավիճակը, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե կկարողանա արդյոք գործող նախագահն առաջին փուլում առաջ անցնել բոլոր թեկնածուներից, այլ կկարողանա արդյոք նա գերազանցել նախորդ տարիների սեփական ռեկորդը: Ալիևի համար 2003-ին քվեարկել է ընտրազանգվածի 79%, իսկ 2008-ին` 88%-ը:
ԿԺԴՀ-ում բանակը մարտական պատրաստվածության վիճակի է բերվել` պայմանավորված համատեղ զորավարժությամբ, որ անցկացնում են ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան Ճապոնական ծովում:
ԿԺԴՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը պարզաբանել է, ասելով, որ դա արվում է “ցանկացած պահի մարտական գործողություններ սկսելու համար”: Ըստ հրամանի, Կորեական ժողովրդական բանակը “զգոն հետևելու է ամերիկյան ու ճապոնական ագրեսորների, ինչպես նաև հարավկորեական վարչակարգի գործողություններին”:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Եթովպիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել քաղաքական գործիչ ու դիվանագետ Մուլատ Տեշոմեին:
Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը ներկայացուցչական գործունեություն է իրականացնում, իսկ կատարողական իշխանությունն իրականացնում է վարչապետն ու կառավարությունը, որոնք պատասխանատու են ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի առաջ:
57-ամյա Տեշոմեն մանդատ է ստացել 6 տարով: Դրանից առաջ նա Չինաստանում, Ճապոնիայում ու Թուրքիայում դեսպան է եղել:
Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներին հետազոտությամբ հայտնաբերված հեմատոման հեռացնելու նպատակով վիրահատելու են:
Ինչպես նախագահի մամլո ծառայությունից են հայտնել, նրան հոսպիտալացրել են Ֆոնդա Ֆավալորոյում` վիրահատությունից առաջ սրտաբանական հետազոտության ու անհրաժեշտ նախապատրաստության համար:
Օլիվոսում գտնվող նախագահական նստավայրում բժիշկների խումբը խորհրդակցելուց հետո ներգանգային հեմատոման վիարահատությամբ իսկույն հեռացնելու որոշում է կայացրել:
Կամբոջայում չդադարող անձրևները հանգեցրել են խոշոր ջրհեղեղի: Երեք շաբաթ անձրևները չեն դադարում, դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները 15 գավառից ավելի քան 800 հազար մարդու ստիպել է հեռանալ տնից: 83 մարդ էլ պաշտոնապես ջրախեղդ է համարվում:
Ջրի մակարդակի բարձրացման պատճառով 120 հազար տուն ու 120 հազար հա բրնձի դաշտ ջրի տակ է մնացել: Տեղի կարմիր խաչը փորձում է բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերել:
Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կուղեկցվի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Երիտասարդ կոմպոզիտորները կարող են մինչև հոկտեմբերի 18-ն Աբովյան 50/5 հասցեով ներկայացնել իրենց էստրադային ժանրի ստեղծագործությունները՝ նոտագրված։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կընդգրկվեն համերգային ծրագրում։ Երեկոյի ընթացքում երաժշտական ստեղծագործությունները կներկայացնեն հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողները։
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին՝ նրանց ներկայացնելով լայն հանրությանը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010545802 (ներքին՝ 16)։
Նշենք, որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:
Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը և տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի» հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբ՝ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաև ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարևոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարևանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաև այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:
Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:
Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:
Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ փոխնախագահի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հանդիպումը Տավրիկյան պալատում:
Հոկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը: