Իրանը շարունակում է արգելափակել մուտքը դեպքի «Facebook» և «Twitter» սոցիալական կայքերը: Այս մասին հաղորդում է «ISNA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հայտարարությունը: Սեպտեմբեր ամսին տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Իրանի իշխանությունները հնարավոր է պայմանականորեն դադարեցնեն «Facebook» սոցկայքի արգելափակումը: «Մենք պետք է զարգացնենք զտման խելացի համակարգեր, որպեսզի առանձնացնենք «Facebook»-ի անօրինական և օգտակար բովանդակությունը»,-ասել է Իրանի համացանցի զտման կոմիտեի անդամ Ռեզի Ագամիրը՝ նշելով, որ մուտքը դեպի «Facebook» հնարավոր է բացվի միայն զտման համակարգերի կատարելագործումից հետո:
Սեպտեմբեր ամսին Իրանի նախագահը, պատասխանելով երկրում գործող համացանցի գրաքննության վերացման մասին հարցին, նշել էր, որ այս նպատակով կստեղծվի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ կոմիտե: Նախագահը նաև նշել էր, որ ինֆորմացիոն աղբյուրներից օգտվելը բոլոր մարդկանց իրավունքն է, այդ թվում նաև իրանցիների:
Daily Archives: October 7, 2013
Ծոցի երկրները բժշկական ստուգման հատուկ տեսակ են մշակել նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր արգելելու համար
Կառավարության բարձրաստիճան պաշտոնիայի խոսքով՝ Քուվեյթում ստեղծվել է բժշկական հետազոտման մի ձև, որը կօգտագործվի նույնասեռականներին հայտնաբերելու և նրանց մուտքը երկիր ու Ծոցի համագործակցության երկրներ արգելելու համար:
Ծոցի համագործակցության երկրները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը, Օմանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները նույնասեռականությունը անօրինական են համարել:
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի ղեկավարի խոսքով՝ ներկա հակսական վիճակը ավելի է բարդացել ԼԳԲՏ համայնքի համար, որոնց սահմանային անցակետերում կստուգեն և երկիր մուտք գործելու թույլտվություն չեն տա:
Քուվեյթում 21 տարեկանից ցածր տարիքում նույնասեռական հարաբերություններ ունենալու համար նախատեսվում է մինչև տաս տարի ազատազրկում:
Հայկական հարցը նաև Թուրքական հարց է. Շառլ Ազնավուր
«Bestanuce 1» լրատվական կայքում հրապարակված լուրի համաձայն՝ հայազգի արվեստագետ, գրող, դիվանագետ Շառլ Ազնավուրը խոսել է Հայոց ցեղասպանության հարցի մասին: Ազնավուրը, նշելով, որ թուրքական կառավարության թերությունը Հայկական հարցի անտեսումն է, ասել է. «Հայկական հարցից են խոսում, սակայն այն իրականում Թուրքական հարց է»:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ազնավուրի՝ Թուրքիայում համերգով հանդես չգալու պատճառը հայ-թուրքական տարաձայնություններն են, երգիչը պատասխանել է. «Թուրքիայում լրագրողների, գրողների հետ կապեր ունեմ: Սակայն գիտեմ, որ այնտեղ երգել չեմ կարող, քանի որ և՛ թուրքերին, և՛ հայերին հնարավոր է անհանգստացնեմ: Բայց ես բաց մտածելակերպով և բաց սրտով մարդ եմ և կուզենայի, որ նրանց հանդիպելիս նրանք էլ նման հայացքներ ունենային: Թուրքիային երբեք ոչ չեմ ասի, քանի որ այն իմ մոր հայրենիքն է»:
Հնդկաստանում հանգստյան օրերին կայծակնահարումից 32 մարդ է մահացել՝ ներառյալ ինը երեխա
Հնդկաստանում հանգստյան օրերին տեղի ունեցած փոթորիկների ընթացքում կայծակնահարումից մահացել է 32 մարդ՝ ներառյալ ինը երեխա:
Անձրևային սեզոնների ժամանակ կայծակնահարումները սովորական երևույթ են, սակայն մահացության նման բարձր թիվ շատ հազվադեպ է լինում:
Մահացու ելքով կայծակնահարումները տեղի են ունեցել արևելյան Հնդկաստանում՝ Բիհար և Ջարկհանդ նահանգներում:
Կիրակի օրը ուժեղ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրևները արմատախիլ են արել ծառեր, վնասել տներ և կտրել էլեկտրալարեր:
Կայծակից տուժելու վտանգի տակ հիմնականում գտնվում են բամբուկով և խոտով պատրաստված խրճիթներում բնակվող գյուղացիները:
Մեքսիկայում հսկա ջիպի վթարի արդյուքնում 8 մարդ է զոհվել, 79-ը՝ վիրավորվել
Պաշտոնյաների տեղեկություններով՝ հույսիսային Մեքսիկայում միջոցառման ժամանակ ջիպը դուրս է եկել կառավարումից և մխրճվել հանդիսատեսի շարքերը, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ութ մարդ՝ ներառյալ չորս երեխա:
Իշխանությունների տվյալներով՝ վարորդը գլխին հարված ստանալուց հետո մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ շաբաթ օրը տեղի ունեցած վթարի պատճառ դարձած ջիպի վարորոդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Այժմ արյան անալիզներ են արվում վթարի մեջ իրական մեղավորին պարզելու համար:
Վթարի հետևանքով 79 մարդ է վիրավորվել, որոնցից 28-ը հոսպիտալացվել են, իսկ 12 ծայրահեղ ծանր վիճակում են:
Միջոցառման կայքում նշված էր, որ շոուի ընթացքում հանդիսատեսին ներկայացվելու են օդաչուական բարձր վարպետություն, օդապարիկներով ցատկ, մոտոցիկլետներ, հրավառություն, հսկա ջիպեր և այլն:
ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցի և Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ հարակից առվակում, անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել Ս. Վ.-ի դին (ծնվ. 1981 թ.):
Թալիբան շարժումը կրկին սպառնում է 16-ամյա պակիստանցի աղջկան
Թալիբան խմբավորումը անցած տարի Պակիստանում փորձել էր սպանել 16-ամյա ակտիվիստ Մալալային, որը պայքար էր սկսել աղջիկների կրթության իրավունքի համար: Թալիբանը կրկին աղջկան խիստ սպառնալիքներ է հղել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ խմբավորման խոսնակ Շեհիդուլահ Շեհիդը «ABC» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հաջորդ անգամ աղջիկը այլևս չի փախչի իրենցից: «Մենք Մալալային թիրախ ենք դարձրել ոչ թե աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելու, այլ իսլամիզմի դեմ դուրս գալու համար: Եթե աղջկան կրկին բռնենք, ապա այս անգամ անկասկած կսպանենք և դրանով կհպարտանանք»,-հայտարարել է Շեհիդը:
Երիտասարդ աղջիկը, որը վաղուց արդեն սովորել է սպառնալիքներով լի կյանքին, իր հասցեին ուղղված հերթական քննադատությանը այսպես է արձագանքել. «Աշխարհի բազմաթիվ երկրներում աշակերտները ամեն օր դպրոց են գնում: Դա նրանց առօրյա կյանքի մի մասն է կազմում: Իսկ Պակիստանի նման երկրներում երեխաները կրթության քաղց ունեն: Կրթությունը նրանց համար ադամանդի պես արժեքավոր մի բան է»:
Այն բանից հետո, ինչ Թալիբան շարժումը Պակիստանում փակեց աղջիկների դպրոցները, 11-ամյա Մալալա Յուսուֆզայը սկսեց ակտիվ գործունեություն ծավալել՝ պաշտպանելով իր նման աշակերտուհիների կրթության իրավունքը: Մալալան սկսեց անանուն բլոգ հեղինակել «BBC»-ում՝ դուրս գալով Թալիբանի դեմ: 2012 թվականին աղջիկը դարձավ ծայրահեղականների զոհը՝ ստանալով հրազենային երեք վնասվածք: Բարեբախտաբար նրան հաջողվեց ողջ մնալ և վերականգնվել 3 ամիս տևած բուժումից հետո: Մալալան այժմ գլխավորում է աղջիկների կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող իր անունը կրող հիմնադրամը: Նա արժանացել է մի շարք մրցանակների, դարձել Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու:
Բաքվում կայացել է “Օկուպացված Աղդամ (Ակնա)” համակարգչային խաղի շնորհանդեսը
Բաքվում հոկտեմբերի 7-ին կայացել է “Օկուպացված Աղդամ (Ակնա)” համակարգչային խաղի շնորհանդեսը, որին մասնակցել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ինթիգամ Բաբաևը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը
“Այս խաղը կնպաստի մեր երկրի պատմության ուսումնասիրությանը, դրական ազդեցություն կունենա ռազմահայրենասիրական ոգով երիտասարդների և պատանիների դաստիարակությանը: Վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության և ադրբեջանական բանակի մարտունակության շնորհիվ մենք այլ շրջանների հետ միասին կազատագրենք նաև Աղդամը (Ակնա)”, -հայտարարել է Բաբաևը:
Ըստ նրա` մեկ տարի առաջ ստեղծվել է առաջին համակարգչային խաղը` “Օկուպացված Շուշի”: Ներկայումս մշակվում են “պատմական թեմատիկայով” մի շարք այլ համակարգչային խաղեր: Մինչև տարեվերջ տեղի կունենա ևս մեկ խաղի շնորհանդեսը:
“Խաղը ռազմական ժանրով է, նպատակը Աղդամը (Ակնա) զավթիչներից ազատելն է: Խաղում օգտագործվել են օկուպացիայից առաջ և դրանից հետո Ղարաբաղի և Աղդամի (Ակնա) իրական նկարներ”,-հայտարարել է խաղի ծրագրավորող Ֆարիլ Ահվերդիևը:
Մշակույթի նախարարը Գյումրիի “Սև բերդի” անօրինական շինարարության մասին
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Գյումրիում էր և լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գյումրու “Սև բերդ” ամրոցի շինարարությանը: Թեև շաբաթներ առաջ նախարարությունը նշել էր շինաշխատանքների դադարեցման մասին, այնուամենայնիվ, տարածքում ինչ-որ աշխատանքներ կատարվում են:
“Իմ աշխատողներն ինձ ասացին, որ նախագիծը նոր է բերվել մշակույթի նախարարություն: Մենք նախագիծը կհաստատենք և ըստ այս նախագծի կկատարվեն շինարարական աշխատանքները: Հիմա աշխատանքները կանգնեցված են”, – հայտարարեց Հասմիկ Պողոսյանը:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե շինարարությունն ընթանում է, նախարարը հավելեց. “Ես հիմա այնտեղով կգնամ ու կնայեմ: Նախորդ անգամ էլ ինձ նույն հարցը տվեցին և ես ասացի` դադարեցրել ենք աշխատանքներն ու սպասում ենք նախագծին: Նախագիծն օրերս նոր ներկայացվել է մշակույթի նախարարություն: Համենայնդեպս, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր իրականության մեջ չի եղել դեպք, երբ մշակույթի նախարարությունը սխալ նախագծի տակ դնի իր ստորագրությունը կամ տա իր համաձայնությունը: Մյուս կողմից ես նաև ողջունում եմ բոլոր այն խմբերին ու անհատներին, ովքեր հետևում են այդ գործընթացներին ու մեզ տեղեկացնում”:
Հայաստանի նախագահը իրեն անսխալ է համարում. ադրբեջանցի քաղաքագետ
Ադրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիայի կենտրոնի նախագահ, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, նշել է, որ եվրոպական պատգամավորներին տված նախագահի պատասխանները ցույց են տալիս, որ նրա «հակասական և անտրամաբանական դատողության մեջ ոչինչ չի փոխվել»: Ահմեդօղլուի խոսքերով՝ Սարգսյանը ավելացրեց է իր մոլորությունների և հակասությունների թիվը:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ահմեդօլուն սուր քննադատության է ենթարկել նախագահ Սարգսյաին դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: «Սարգսյանը այնքան հայտնի դեմք չէ, ինչքան Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը և Ադրբեջանի հետ պատերազմի մյուս հրահրիչները: Սակայն նա ավելի շատ է ատում Ադրբեջանը, ադրբեջանցի ժողովրդին և թյուրքերին: Միայն Սարգսյանի մահը սկիզբ կդնի հայերի բարոյական մաքրագործմանը: Հայաստանի նախագահը կարծում է, որ նույնիսկ Աստված կարող է սխալվել, միայն թե ոչ ինքը»,-ասել է Ահմեդօղլուն:
Թուրք-սիրիական սահմանին օպերատիվ գործողություններ են
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ թուրքական բանակը հատուկ օպերացիաներ է իրականացնում Սիրիայի հետ սահմանային Ռեյհանլը շրջանում: Հայտնի է, որ պլանավորված գործողություններ են իրականացվել անօրինական խմբավորումների և մաքսանենգների դեմ: Օպերացիային մասնակցել են նաև տեղացի բնակիչները, որոնք փակել են քաղաք տանող բոլոր մուտքերը: Սահմանային գոտիներում օպերատիվ միջոցառումները դեռևս շարունակվում են:
Երկրաշարժ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հոկտեմբերի 7-ին երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնում երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 7-ին ժամը 06:34-ի սահմաններում: Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը եղել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 57կմ խորության վրա:
Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում:
Ահա ինչպիսին է Երևանի Ծածկած շուկան այսօր,լուսանկարներ
Նորից քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցը
2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:
Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Գյումրիում բացվեց մարզային գրադարանի նոր շենքը
Այսօր` գրադարանավարի օրը Գյումրիում նշանավորվեց մարզային գրադարանի նոր շենքի բացմամբ: Երկար տարիներ խոնավ ու անհարմար պայմաններում գոյատևած գրադարանն այսօր արդեն ունի նոր, գեղեցիկ, լուսավոր ու տաք, ընդարձակ պայմաններ: Ցարական ժամանակաշրջանի գանձապետարանի շենքը, որ տիպային կառույց է և համարվում է պատմամշակութային արժեք, մի հատվածի նորոգումից հետո վերծվեց գրագարանի շենքի: Մարզային գրադարանն իր հսկայածավալ գրքային ֆոնդով տեղափոխվեց այստեղ, մոտ մեկ տարի աշխատելուց հետո տեղի ունեցավ պաշտոնական բացումը:
Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Հենց իտալական կառավարության ֆինանսական աջակցությամբ են կատարվել շինարարական աշխատանքները:
“17 տարի Շիրակի մարզային գրադարանն իր գործունեությունը, այլ ելք չունենալով, ծավալեց այլ գրապահոցային տարածքում: Եվ երկու տարի առաջ, հանգամանքների բերումով, այնպես պատահեց, որ այլևս հնարավոր չէր այդ տարածքում մեր գործունեությունը շարունակել և տիկին Հասմիկ Պողոսյանի շնորհիվ ձեռք բերվեց այս հրաշալի կառույցն ու նվիրվեց մեզ”, – նշեց գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
“Արդեն մի քանի տարի է պետականորեն նշում ենք գրադարանավարի օրը: Մարզային գրադարանի կոլեկտիվը տասնամյակներ աշխատելով անհարմար, նեղլիկ շինությունում, ստացել է գրականության պահպանման և ընթերցողի հետ աշխատելու լավագույն պայմաններ: Գումարած դրան` ավերումից փրկվել է մարզկենտրոնի պատմաճարտարապետական “Կումայրի” արգելոց-թանգարանի երևելի շինություններից մեկի մի հատվածը”, – ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ մշակույթի նախարարն էլ, որ վերջերս հաճախ է լինում Գյումրիում նկատեց. “Երբ մշակույթի նախարարությունն այս շենքը ստացավ որպես պետական սեփականություն, և Իտալիայի կառավարության օժանդակությամբ իրականացվեց այս ծրագիրը, առաջինը մենք մտածեցինք, որ այստեղ պետք է տեղակայվի մարզային գրադարանը”:
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի սպասվող աշխատավարձերի բարձրացման ծրագրով կբարձրացվի նաև գրադարանների աշխատողների աշխատավարձերը:
Արարատի մարզպետը հրաժարական է ներկայացրել
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը այսօր՜ հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Արարատի մարզպետարանից: Առավոտյան Էդիկ Բարսեղյանը խորհրդակցություն է հրավիրել փոխմարզպետների մարզպետարանի բաժնի եւ վարչության պետերի հետ ու ասել, որ հրաժարական է ներկայացրել, իր այդ քայլը պատճառաբանելով տարիքի հետ: Դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Հինգշաբթի կառավարության նիստին նրա հրաժարականը կընդունվի, իսկ մարզպետարանում տարածված տեղեկությունների համաձայն ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի եղբայրը` Արամայիս Գրիգորյանը:



