ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում

Արմեն ԳեւորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում թե երկկողմ, եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվեց, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նոբելյան Խաղաղության մրցանակը պետք է իմը լիներ. Բաշար Ասադը

asadՊաշտոնական Դամասկոսի կողմնակիցներից լիբանանյան «Էլ Աքբար» թերթում տպագրված լուրի համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կատակ է արել՝ նշելով, թե Նոբելյան Խաղաղության մրցանակը, որը հանձնվել է ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար, պետք է իրենը լիներ: «Այդ մրցանակը պետք է իմը լիներ»,-հայտարարել է Ասադը:

Կայքը հիշեցնում է, որ Սիրիայի նախագահը 2003 թվականին տարածաշրջանի երկրներին կոչ էր արել հանձնելու իրենց ունեցած զանգվածային ոչնչացման զենքերը:

Իտալիայի ափի մոտ հարյուրավոր սպորտանավեր են հավաքվել ամենամյա ռեգետային մասնակցելու համար

Barcolana Regatta1Այս միջոցառումը նշվում է 1969թ-ից ի վեր, երբ 51 տեղացիներ ծովագնացության սեզոնի փակման կապակցությամբ ոչ պաշտոնական մրցում էին հայտարարել:

Barcolana Regatta8Սակայն այդ օրից 45 տարի անց, այժմ Բարկոլանա ռեգատային մասնակցելու համար ամբողջ աշխարհից ավելի քան 2,000 նավակներ են այցելում՝ ծովափնյա գոտին լցնելով նավերի երամով:

Այսօր մեկ շաբաթ տևող տոնակատարությունը մեկնարկել է Բարկոլանայի միջազգային նավարկության մրցությամբ, որին մասնակցում էին հարյուրավոր սպորտանավեր:

Barcolana RegattaՀարյուր հազարավոր մարդիկ շաբաթը անց են կացնում Իտալիայի Տրիստե քաղաքի ամենամյա ամենամեծ միջոցառման շրջանակներում՝ վայելելով նավերի դասական մրցույթները, ցամաքային միջոցառումները և գիշերային նավարկությունները:

Այս տոնակատարությունը Միջերկրական ծովի ավազանում իրկանացվող ամենամեծ հավաքույթն է:

Ցանկացած ոք, սկսած արի սիրողական նավաստիներից մինչև համաշխարհային կարգի նավագնացներ, կարող են մասնակցել այդ մրցությանը:

Քանի որ մրցությունը բոլորի համար է նախատեսված, դրա շրջանակներում անց է կացվում նաև Քամու արքա անվանմբ մրցությունը, որին հատուկ նավակներով մասնակցում են հաշմանդամ մարդիկ:

 

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին

Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝  նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում  կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր գնահատեց 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Սանչեսը նշեց, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին։

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

567.The visit of the students of the Diplomatic school to Artsakh 14.10.2013Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ամենամյա ուսումնական այցով Արցախում էին:

Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրեց ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ հետ համագործակցության եւ աջակցության համար Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին պարգևատրեց ԼՂՀ ԱԳՆ հոբելյանական հուշամեդալով:

Նույն օրը երեկոյան դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանը անդրադարձավ հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների եւ պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին եւ ծառայողների առօրյային:

Հոկտեմբերի 8-ին, ընդունելով դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին: Պատասխանելով ունկնդիրների հարցերին` վարչապետն անդրադարձավ Արցախում ներդրումների խթանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար արվող քայլերին, ենթակառուցվածքների վիճակին եւ մի շարք այլ խնդիրների` կարևորելով գործող ժողովրդավարության դերն Արցախի ունեցած ձեռբերումներում:

Հոկտեմբերի 10-ին ԴԴ ունկնդիրներին հյուրընկալեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կառուցվածքին ու քաղաքական կազմին, գործունեության առանձնահատկություններին, միջխորհրդարանական համագործակցությանն ու շփումներին, ինչպես նաեւ ներկայացրեց երկրի ձեռբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային եւ այլ խնդիրների համատեքստում։

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան եւ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի պետական թանգարան և Շուշիի արվեստների կենտրոն:

 

Նախագահն ընդունել է հայտնի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին

 

 Ռայմոնդ Պաուլս, Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

 

Սիրիայում Կարմիր խաչի յոթ աշխատակիցներ են առևանգվել

syria-red cross workersԱյսօր Սիրիայում զինված տղամարդիկ առևանգել են Կարմիր խաչի յոթ անդամների:

Սիրիայի պետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողները փակել էին չորս մեքենաներից բաղկացած շարասյունով ընթացող կազմակերպության վեց աշխատակիցների և մեկ կամավորի ճանապարհը ու կրակ բացել:

Նրանք դեղամիջոցներ էին տեղափոխում Իդլիբ նահանգ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները առևանգման մեջ մեղադրել են ապստամբներին: Անցած տարվա ընթացքում Իդլիբի շրջանը հիմնականում ապստամբների իշխանության տակ է եղել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը այսօր հաստատել է առևանգման փաստը՝ ավելացնելով, որ իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել դեպքի պատասխանատվությունը իր վրա վերցնելու համար: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատել առևանգվածներին:

Ըստ պաշտոնյաների վերջին հայտարարության՝ Արաբական կարմիր մահիկի կամավորը և Կարմիր խաչի երեք աշխատակիցները ողջ առողջ ազատ են արձակվել:

Կարմիր խաչը ոչ մի տեղեկություն չի տրամադրել վեց առևանգված աշխատակիցների սեռի կամ ազգության վերաբերյալ:

Ինչևէ՝ կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ թիմը հոկտեմբերի 10-ից գտնվում էր Սիրիայում՝ այդտեղ բժշկական վիճակը գնահատելու և վերոնշյալ նահանգում դեղամիջոցներ տրամադրելու եղանակներ գտնելու համար, քանի որ ըստ ներկայացուցչի՝ այդ շրջան մուտք գործելը բավականին դժվար է:

 

Մենք պետք է աշխատենք նոր Սիրիայի ստեղծման համար. Ջոն Քերի

Սիրիա

Սիրիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր Լոնդոնում հանդիպելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիր Լահդար Բրահիմի հետ, հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի շուրջ «Ժնև 2» խաղաղության համաժողովը անհրաժեշտ է գումարել հնարավորինս շուտ: «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հրատապ նշանակել համաժողովի անցկացման ամսաթիվը և սկսել աշխատել նոր Սիրիայի ստեղծման համար»,-նշել է Քերին:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ համաժողովի անցկացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը ջանք գործադրեն: Քերին ընդգծել է Սիրիայում անցումային կառավարության ստեղծման կարևորությունը: Նշենք, որ «Ժնև 2» համաժողովը նախաձեռնել են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որն ուղղված է սիրիական կոնֆլիկտի կարգավորմանը: Կողմերը նախատեսում են այս հանդիպումը իրականացնել նոյեմբերի կեսերին:

Բաքվի դատարանը խուլիգանության մեջ է մեղադրել նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի լիազոր ներկայացուցչին

Գյուլաղա ԱսլանլընԱդրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլիի լիազոր ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլըն տարվել է Բաքվի շրջանային դատարաններից մեկը: Այս դատարանը “մանր խուլիգանության” հոդվածով նախազգուշացնող վճիռ է կայացրել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ըստ Ասլանլըի` այս մեղադրանքը անհեթեթ է: Ոստիկանության տվյալների համաձայն`Ասլանլըի դեմ բողոք է ներկայացրել ոմն Իբրահիմ Ալեքփերովը: Վերջինս բողոքել է, որ Ասլանլըն աղբը գցելու ժամանակ դիպել է իրեն, ինչից հետո վեճ է սկսվել: Դատարանը 10 օրով ձերբակալել է Ալեքփերովին:
Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ ոստիկանույթունը իր վրա ճնշում է գործադրել նրա համար, որ ինքը ակտիվ աշխատանք է ծավալում Ջամիլ Հասանլիի շտաբում:
Այդ հոդվածով մեղադրանքի համար նախատեսվում է 50-100 մանաթ տուգանք կամ 15-օրյա կալանք:

 

 

Ուրֆայի հայկական եկեղեցին ախոռի է վերածվել

urfa«Ակօսը», վկայակոչելով Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի տեղական «urfadabugun.com» լրատվական կայքի հրապարակած լուրը, հաղորդում է, որ Գերմուշ գյուղում գտնվող հայկական պատմական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Տասը տարի առաջ հայկական համայքի կողմից վերանորոգված այս եկեղեցին երեք տարի առաջ պետք է բացված լիներ այցելուների համար: Սակայն այսօր այն վերածվել է անասունների հավաքատեղիի:
Պատմական եկեղեցու մուտքի մոտ կարելի է տեսնել Շանլըուրֆայի շրջանային վարչության կողմից տեղադրված եռալեզու ծանուցագրական ցուցանակ: Այնուհանդերձ եկեղեցին հեռու է զբոսաշրջության վայր կոչվելուց: Իրականում Գերմուշ անունը կրող այս գյուղը (ակնհայտ է, որ սա հայկական տեղանուն է) այսօր կոչվում է Դաղ էթեղի (թարգմանաբար՝ սարալանջ): urfa 2Կայքը գրում է, որ շրջանի գանձ որոնողները, տեղյակ լինելով եկեղեցու տակ գտնվող անցումներից, ակտիվորեն սկսել են իրենց փորման աշխատանքները:
Նշենք, որ հայկական եկեղեցիները ախոռների, պահեստների ու ամբարների վերածվելու երևույթը բավական տարածված է Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: Իսկ ահա urfa 1«Հայկական ոսկիները» գտնելու մոլուցքով տառապող գանձ որոնողները հարմար առիթը բաց չեն թողնում, որպեսզի հերթական անգամ քանդեն ու ավերեն մի ժամանակ այստեղի բնիկ բնակչությունը հանդիսացող հայերին պատկանող տներն ու եկեղեցիները:

Թուրքիայում ոչ մահմեդական քաղաքացիները այսուհետ ոստիկան դառնալու հնարավորություն ունեն

polisԹուրքիայի ասորական համայքը, հետևելով հայկական համայքնի օրինակին, քննադատության է ենթարկել երկրում գործող այն խտրականությունը, ըստ որի ոչ մահմեդական  փոքրամասնությունները չեն կարող պաշտոն զբաղեցնել զինվորական և անվտանգության համակարգում: Ասորական համայքի առաջնորդ մետրոպոլիտեն Յուսուֆ Չեթինը «Միլիյեթ» թերթի հետ զրույցում բարձրացրել է այն հարցը, թե ինչու այլ հավատք ունեցող քաղաքացիները չեն կարող պաշտոն զբաղեցնել զինվորական և անվտանգության համակարգերում:
Ահա Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը իր «Twitter»-յան պաշտոնական էջում այս հարցին հետևյալ պատասխանն է տվել՝ «Թուրքիայի Հանրապետության քաղաքացին առանց որևէ կրոնական, ռասսայական և դավանանքային խտրականության կարող է ոստիկան դառնալ: Մենք հրավիրում ենք մեր ասորի քաղաքացիներին մասնակցելու ոստիկանների համար նախատեսվող քննություններին և ոստիկան դառնալու»:
Նշենք, որ թուրքական իրականության մեջ ոչմահմեդական փոքրամասնությունները մշտապես համարվել են «անբարեհույս տարր» և հեռու են պահվել երկրի զիվորական և անվտանգության համակարգերից:

Հայաստան – Ղազախստան` 1:2

ffa5 Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը 4-րդ խաղն անցկացրեց: Այն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ղազախստանի թիմին։ Տանտերերը պարտվեցին 1։2 հաշվով և վաստակած 3 միավորով 10-րդ խմբում հանգրվանել են չորրորդ հորիզոնականում։

Ի դեպ, թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ`Աստանայում, հաղթել էր 1։0 հաշվով։

 

Տեխնիկական արդյունքներ

Հայաստան – Ղազախստան՝ 1։2

Դավիթ Հակոբյան, 48 – Ռոման Մուրտազաև, 31, Աբզալ Բեյսեբեկով, 72

SMS գրելու համար Մադոննային արգելել են կինոդահլիճ այցելել

մադոնաԿինոթատրոնների ցանցը, որը գտնվում է Տեխաս նահանգում, արգելել է փոփ աստղ Մադոննային երևալ իր կինոդահլիճներում: Նյույորքյան ֆիլմերի կինոփառատոնին երգչուհին եկել էր “12 տարի ստրկության մեջ” ֆիլմի պրեմիերային  (12 Years A Slave): Նա ցուցադրության  ընթացքում հանել է հեռախոսը և sms հավաքել: Երբ նրան նկատողություն էին արել, երգչուհին կոպտել էր տիկնոջը. “Սա գործով է …!”

Ինչպես հաղորդում է  Entertainment Weekly,  The Alamo Drafthouse Cinema կինոթատրոնների ցանցում վարքի բավականին խիստ կանոններ են գործում: Այնտեղ չի կարելի խոսել, հաղորդագրություններ գրել: Ցանկացածին, որը կխախտի այդ կանոնները,  դուրս են հանում կինոդահլիճից:Այդ պատճառով, երբ ցանցի ղեկավարությանը հայտնի է դառնում Մադոննայի պահվածքը, նրանք անմիջապես դիմում են կտրուկ միջոցների:

Ցանցի հիմնադիր Տիմ Լիգը  Թվիթերում գրել է, որ Մադոննային իր կինոդահլիճներում այլևս չեն սպասում: Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ նա ներողություն չի խնդրել կինոդիտողներից, որոնց խանգարել է:

 

Հնդկաստանում խուճապային փախուստի հետևանքով 89 մարդ է մահացել

india-stampedeԻշխանությունները  հայտնում են, որ կիրակի կենտրոնական Հնդկաստանի տաճարներից մեկի դիմաց խուճապային փախուստի հետևանքով 89 մարդ է մահացել:

Դեպքը տեղի է ունեցել Սինդ գետի կամուրջի վրա, երբ ուխտավորները հինդուիզմի փառատոններից մեկին մասնակցելու նպատակով տաճար էին առաջնորդվում:

Տեղի ոստիկանության տեսուչը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կամուրջի վրա այդ պահին 25,000 մարդ է եղել:

Ոստիկանությունից CNN-IBN ցանցին հայտնել են, որ մարդկանց մեջ շշուկներ են տարածվել, որ կամուրջը փլուզվում է, ինչն էլ դարձել է խուճապային փախուստի պատճառ:

Խառնաշփոթի պահին բազմաթիվ մարդիկ են կամուրջից ցատկել գետը:

Խուճապային փախուստը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգում:

 

9 ամսում Երևանում 6300 հանցագործություն է գրանցվել, ինչը 15,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից

ոստիկանություն3Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով:
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:
Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին, դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը:

36 ՃՏՊ, 2 զոհ և 50 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը,  իսկ  խարդախության  9 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6,  գողության և խարդախության 1-ական  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Բալոտելլին Նեապոլում անզուսպ վարքագիծ է դրսևորել

մբ38360Իտալիայի ֆուտբոլի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին ապաքինել է վնասվածքը, և բժիշկը նրան թույլատրել է մասնակցել հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք խաղին: Հարձակվողը մարզվել է Իտալիայի հավաքականի իր խաղընկերների հետ միասին:

Ի դեպ,  մրցավայր` Նեապոլ ժամանելուց հետո, նրան դիմավորել են  հարյուրավոր երկրպագուներ ու լրագրողներ: Բալոտելլին կրկին  անզուսպ վարքագիծ է դրսևորել: Նա փորձել է կոտրել լրագրողներից մեկի տեսախցիկը: Ուշագրավ  է, որ տուժողը «Medeiaset»-ի աշխատակիցն է եղել, իսկ այդ ընկերությունը «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի սեփականությունն է:

 

Շրջակա միջավայրին հասցվել է 1.65 միլիոն դրամի վնաս

101437152935Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 միլիոն դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.21 միլիոն դրամ գումար:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն»-ում տեսչության իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 290.25 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 975.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ապօրինի արածեցման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երկու գործերի քննության արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 361.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից  ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժինը  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժինը հայտնաբերված խախտումների համար կայացրել է  200.0հազ.դր.  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 17.2 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շտապ. Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

բեզոարյան այծերՀոկտեմբերի 14-ին` ժամը 13:15-ի դրությամբ, երեք որսորդ  Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: «Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով»,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության  Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել:

Լյուբա Բալյանի խոսքով` երեկ երեկոյան, երբ նրանք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, նրանց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ և հարցրել են` չեն տեսել արդյոք նրանք մոտակայքում բեզոարյան այծերի: Հետո գնացել են: Չի բացառվում, որ տեղի անտառապահերը հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար:

 

Արարատի նախկին մարզպետը` Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական

arm138175340269-180x180Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական:Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն`Էդիկ Բարսեղյանն օրերս ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: Նրան փոխարինում է Արամայիս Գրիգորյանը: