Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա

էլեկտրաէներգիաՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, հանձնաժողովը տեղեկացնում է որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Հայտնում ենք նաև, որ նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ [email protected]:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ

02Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Երևանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքին, պատասխանատուներից բացի, տեղում հետևում են նաև շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ստուգայցերի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ և կարճ ժամկետում կատարվում են անհրաժեշտ շտկումներ:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և հնարավորություն են տալիս առանց որևէ մեկի օգնության հեշտությամբ տեղաշարժվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Օբաման խոստացել է աջակցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին

Օբամա, պորոշենկոԵվրոպա կատարած այցի շրջանակներում չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր օժանդակությունն է հայտնել Ուկրաինայի նորընտիր նախագահին և կոչ արել միջազգային հանրությանը ամուր կանգնել նրա կողքին:

Օբամայի հանդիպումը նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կարող է դիտարկվել որպես Կիևի կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցության նշան:

Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինային ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունների հետ կապված երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների նախագահը չորեքշաբթի ավելի ուշ կմեկնի Բրյուսել Մեծ յոթնյակի հանդիպմանը մասնակցելու համար:

 Անկախ

Նախագահական ընտրությունները անցկացվեցին Ասադի և Ասադի միջև. արաբագետ

Սարգիս Գրիգորյան«Սիրիայում, կարելի է ասել, որ նախագահական ընտրությունները անցկացվեցին  Ասադի և Ասադի միջև, քանի որ  մյուս երկու թեկնածուները սիրիական հասարակության շրջանում չունեին այն վստահությունը և ճանաչվածությունը, որն ունի  Բաշար ալ-Ասադը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սիրիայի նախագահական ընտրություններն` ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ընդգծելով, որ Սիրիայի նախագահական ընտրություններում  հաղթանակը ակնհայտ Բաշար ալ Ասադինն է. «Ասադը երրորդ անգամ կվերընտրվի, քանի որ հավաքել է  ձայների մեծամասնությունը»:

 

Ըստ արաբագետի` ընտրությունների հիմնական նպատակը գործող իշխանություններին լեգիտիմություն ապահովելն է, սակայն գլոբալ առումով դրանք դժվար թե որևէ բան փոխեն Սիրիայի հակամարտության պայմաններում:

Միջազգային հանրությունը ևս այս ընտրությունները միանշանակ չընդունեց.  «Ընտրությունների գնահատականները տարբեր եղան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում նախագահական ընտրություններն օրինական են, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  որակել է դրանք որպես խայտառակություն և կեղծ:  Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ: Թուրքիան, բնականաբար, հանդես կգա Ասադի դեմ և անօրինական կհամարի ընտրությունների արդյունքները»:

Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրությունների ընթացքում ակտիվացան ռազմական գործողությունները. Ընդդիմադիրները ցանկանում էին կատարել իրենց խոստումը և թույլ չտալ ընտրությունների անցկացումը.   «Հայաբնակ թաղամասերում հրթիռակոծություն տեղի ունեցավ,  ցավոք եղան  զոհեր: Հալեպում տեղի ունեցած ակտիվությունը վկայում է, որ Սիրիայում չկա հակամարտող կողմերին բաժանող գիծ:  Հատկանշական է, որ Հալեպում նախագահական ընտրություններին նախորդած մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցող ռմբակոծությունները դատապարտեցին  անգամ  ընդդիմադիրները ,և նրանք  հայտարարեցին, որ   հրթիռակոծությունները ուղղված  չպետք է լինեն խաղաղ բնակչության դեմ»,-նշեց նա:

 

Անկախի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ազդեն Սիրիայում առկա իրավիճակի վրա, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Այո՛, հնարավոր է, քանի որ գերտերությունների միջամտությունը և նրանց դիրքորոշումը շատ կարևոր է Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Հնարավոր է, որ  Սիրիայի որոշ տարածքներ նույնպես ցանկանան անկախանալ, ինչպես  եղավ Ուկրաինայում: Խոսքը վերաբերում է Թուրքիային սահմանակից տարածքներին,  սակայն սա հեռահար ծրագիր է: Ճակատագրական հարցերը լուծվում են հենց Սիրիայի տարածքում: Սիրիայից դուրս որևէ ֆորմատով բանակցություններն արդյունք չտվեցին»:

Անկախ

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին

66ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>>  ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը

 երիտասարդներԿոտայքի մարզի 20-25 տարեկան շուրջ 20 երիտասարդներ «Բնության մոռացված արահետներ» ծրագրի շրջանակներում կբացահայտեն համայնքի տեսարժան վայրերը և կմշակեն ուղիներ`բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների անհետացման կանխման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագիը մեկնարկել է մայիսի 1-ից: Հունիսի 3-ին և 4-ին երիտասարդները մասնակցում են խմբային աշխատանքների, փորձագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացնում են Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը, տրամադրում տեղակություն հուշարձանների մասին: Առաջիկայում կմեկնարկի արշավների փուլը, երբ երիտասարդները կբացահայտեն համայնքի պատմամշակութային հուշարձանները:

Ծրագրի համակարգող Շուշան Սահակյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը համայնքների կեսաբազմազանության պահպանումն է, ու մանրամասնեց. «Երիտասարդները պիտի տեղեկացված լինեն իրենց համայնքի կենսաբազմազանության մասին, որպեսզի ավելի կապված լինեն համայնքին: Նպատակ ունենք ինքներս բացահայտել համայնքի` մինչև այժմ անհայտ հուշարձանները և հարստացնել մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկը»: Շուշան Սահակյանը նշեց, որ արշավներին զուգահեռ երիտասարդները կունենան ճանաչողական քննարկումներ: Այնուհետև երիտասարդների «բացահայտումները» կտպագրվեն, այդ նյութերի հիման վրա կստեղծվեն պաստառներ:

Հունիսի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ եղվարդցի երիտասարդները բարձրացրին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Թթու ջուր կոչվող աղբյուրի տարածքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելը, համայնքում ձկնաբուծությանն ուղղված աշխատանքների նախաձեռնումը:

Ծրագրի մասնակից, Եղվարդ քաղաքի բնակիչ Տիգրանուհի Մկրտչյանը խոստովանեց, թե մինչև ծրագրին մասնակցելն ինքը բավականին քիչ տեղեկություններ ուներ իրենց իսկ համայքնի մասին: Անդրադառնալով պատճառներին` Տիգրանուհին առանձնացրեց. «Կարծում եմ՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի ձգտում  են դեպի մայրաքաղաք Երևան: Առավել ևս Եղվարդը, որը մոտ է Երևանին, մշակութային և այլ առումներով կապված է մայրաքաղաքին, այստեղի երիտասարդների մեծամասնությունը ձգտում  է իր կյանքը կազմակերպել մայրաքաղաքում, այլ ոչ թե տեղում: Սակայն մասնակցելով նման ծրագրերի ու համայնքի մասին ավելի հարուստ տեղեկություններ ստանալով, մենք` երիտասարդներս, ակամա կապվում ենք մեր համայնքին»:

Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա կտպագրվի գրքույկ տվյալ վայրերի կենսաբազմազանության մասին և կտրամադրվի Կոտայքի մարզի ՀԿ-ներին ու համայնքապետարաններին: Երիտասարդներն իրավասու մարմիններին կներկայացնեն նաև ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ցանկի համալրման առաջարկությունների փաթեթ:

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գերմանացի քաղաքական գործիչը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ զանգահարել է կանցլեր Անգելա Մերկելին

Wolfgang Bosbach1Գերմանիայում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հայտնի մարդկանց մասնակցությամբ տարբերակի ժամանակ քաղաքական գործիչը, «Զանգ ընկերոջը» օգնության հնարավորությունից օգտվելով, զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Վոլֆգանգ Բուսբախը հեռուստաշոուի ժամանակ երկու անգամ զանգահարել է կանցլերին:

Սակայն դժբախտաբար Մերկելը չի պատասխանել հեռախոսին:

61-ամյա Բուսբախը չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե Արևելյան Գերմանիայի WM66 լվացքի մեքենաները ինչու էին այդքան հայտնի:

Ճիշտ պատասխանելու դեպքում նա կվաստակեր 500 000 եվրո` բարեգործության նպատակով օգտագործելու համար:

Բուսբախը բացատրել է, որ կանցլերը միշտ ուրախ է իրեն տեսնել և լսել իր ձայնը:

Ամեն դեպքում, երբ երկրորդ զանգի ժամանակ ևս միացել է ձայնային հաղորդագրությունների ազդանշանը, քաղաքական գործիչը կատակել է, որ նա չափազանց զբաղված է աշխարհը փրկելով:

Վայրկյաններ անց Բուսբախը շոուից հեռացել է՝ վերցնելով 125,000 եվրո գումար:

Բուսբախը հայտնել է, որ ինքն  ավելի ուշ հաղորդագրություն է ստացել Մերկելից, որով նա ցանկանում էր իմանալ իր զանգելու պատճառը: Այնուհետև Մերկելը ջերմ բարևներ էր ուղարկել նրան:

Բուսբախը նշել էր, որ ինքը վստահ չէ` արդյո՞ք Մերկելը կիմանար հարցի պատասխանը, թե ոչ:

 

Երևանի գլխավոր ճարտարապետ. Անաստաս Միկոյանի արձանն արդեն պատրաստ է.Պանորամա

Տիգրան ԲարսեղյանԱնաստաս Միկոյանի արձանն արդեն մեկ ամսից ամբողջությամբ պատրաստ կլինի տեղադրման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը,հաղորդում է Պանորաման: Նա նշեց, որ արձանը տեղադրվելու է Մոսկովյան ճեմուղում, բայց դեռևս հստակ ժամկետ չկա:

«Արձանը վերցված է Անաստաս Միկոյանի գերեզմանոցի հուշարձանից: Բայց իր կեցվածքով, ամբիոնում կանգնած ճառ արտահայտվելու պահին նրան պատկերումը բոլորովին հարիր չէ գերեզմանոցի քանդակին: Նորմալ կարող է ընկալվել ցանկացած հանրային միջավայրում»,- ասաց Տ. Բարսեղյանը:

Գլխավոր ճարտարապետի խոսքով, գերեզմանոցի հուշարձանի կրկնօրինակից կա նաև Սանահինում՝ Միկոյանի ծննդավայրում, սակայն հարազատների հորդորով Երևանի քաղաքապետարանը որոշել է հուշարձան ունենալ նաև մայրաքաղաքում, քանի որ ոչ բոլորն են կարողանում գնալ Սանահին ու տեսնել հուշարձանը:

«Անաստաս Միկոյանը հզոր, մեծամասշտաբ, խոհեմ ու հավասարակշռված քաղաքական ու հասարակական գործիչ է եղել»,- նշեց Տիգրան Բարսեղյանը:

Անկախ

Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը մեկնում է սողանքային գոտի

 փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Ոստիկանությունը պարզել է, որ 22-ամյա երիտասարդին դանակահարել է Օսիպյանը.Պանորամա

օսիպյանՆուբարաշենում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:

Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 22-ամյա Ս. Օ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,հաղորդում է Պանորաման:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

Հայտնի հակահայ Դողու Փերինչեքի գործը կրկին ՄԻԵԴ-ում է

dogu-perincek   Թուրքական «Demokrat haber» կայքի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է ընդունել  շվեյցարական կառավարության`«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ն  որոշում էր կայացրել, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դատապարտումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ կետին՝ այն է խախտում է խոսքի ազատության իրավունքը: Սակայն շվեյցարական կառավարությունը, պնդելով, որ ցեղասպանության ժխտումը չի դիտարկվում որպես խոսքի ազատության սահմանափակում, բողոքարկում էր ներկայացրել ՄԻԵԴ-ի Գերագույն պալատ:

Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Վազգեն Լ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի /խուլիգանություն/ մեղադրանքով:

«ԲՄՎ»-ն բախվել է հողաթմբին և շրջվել, 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

ավտովթարՀունիսի 3-ին, ժամը 04.10-ին, «ԲՄՎ-Տ181» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի ուղեմասից, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիակ` ավտոմեքենայում

դիակՀունիսի 3-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

4Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ. հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

 

Երևանում է լիտվական բասկետբոլի աստղ, լեգենդար Շարունաս Մարչյուլյոնիսը

MHM88332Երևանում է նախորդ դարի 80-անականների լիտվական բասկետբոլի աստղ, «Ժալգիրիս» թիմի և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար խաղացող Շարունաս Մարչյուլյոնիսը:

Նա մայրաքաղաքի «Գրանդ սպորտ» մարզասրահում վարպետության դաս անցկացրեց  140 պատանի հայ բասկետբոլիստների հետ:

Լիտվացի լեգենդար մարզիկը Վիլնյուսում բասկետբոլի դպրոց ունի: Նա այն կարծիքին է, որ երկու երկրների բասկետբոլի ներկայացուցիչները կարող են համագործակցել: «Չնայած մեր երկրների միջև մեծ հեռավորություն կա, սակայն հնարավոր է, որ ամռան ամիսներին հայ պատանիները ժամանեն Վիլնյուս և պարապեն մեր մարզօջախում»,-ասել է Մարչուլյոնիսը:

Իսկ երևանյան վարպետության դասի ավարտից հետո, Հայաստանի պատանի բասկետբոլիստները ստացան լիտվական բասկետբոլի աստղի մասին տեսաֆիլմի սկավառակը՝  նրա ինքնագրով:

Ժամը 19-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի վավերագրական ֆիլմ՝ նվիրված Մարչուլյոնիսին:

MHM88334

MHM88338 copy

Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերն ամփոփել են բանակցությունների արդյունքները

6652Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և իր գլխավորած պատվիրակությանը:

Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:

Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:

Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:

ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:

Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:

Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:

Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:

Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին:

Մեծ դիվանագիտության շաբաթ. ութերորդն ավելորդ է

Այսօր Բրյուսելում կանցկացվի «Մեծ յոթնյակի» հանդիպումը։ 17 տարվա ընթացքում առաջին անգամ արդյունաբերական խոշոր տերությունների հանդիպումը կանցնի առանց Ռուսաստանի մասնակցության. մյուս մասնակից-երկրները հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետո։ Քննարկման գլխավոր թեման կդառնա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անցկացման հավանականությունը։

"Մեծ Յոթնյակ"

Ի սկզբանե «Մեծ ութնյակի» ձևաչափով գագաթաժողովը պլանավորվել էր անցկացնել Սոչիում։ Մինչդեռ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի լիդերները Ղրիմի հանրաքվեից հետո հրաժարվեցին «հյուրընկալվել» Պուտինին։ Գագաթաժոովի ընթացքում նախատեսված է, որ կքննարկվեն նաև առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված խնդիրներ։

Պետք է նշել, որ երբ այս տարվա հունվարին պատրաստվում էր «հյուրերին ընդունել», Պուտինը նշում էր, որ քննարկման առարկա են լինելու առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված հարցերը։   Այսօր արդեն բոլորովին նոր տեսանկյունից են հարցերը քննարկվում և արդյունաբերական տերությունների էլիտար այս ակումբի անդամները չեն թաքցնում, որ հենց Ուկրաինայի իրադարձություններն են դառնալու բանակցությունների հիմնական թեման։

«Յոթնյակի» երկրները պատրաստ են պահանջել Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում զինված անջատողականներին ցույց տրվող օգնությունը, ինչպես նաև պաշտոնապես ճանաչել ուկրաինական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը։ Wall Street Journal պարբերականը նշում է, որ ճանաչումը կկայանա միայն նրանում, որ Մոսկվան իր պաշտոնական ներկայացուցչին ուղարկի մասնակցելու Պորոշենկոյի երդման արարողությանը, որը նշանակված է շաբաթ օրը։

Բայց ամենասուրն են խոստանում լինել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հերթական չափաբաժնի շուրջ «Յոթնյակի» վեճերը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի համար կարևոր է, որ «Յոթնյակն» այս հարցում միասնական դիրքորոշմամբ հանդես գա։ Սպիտակ Տունը պետք է փորձի ամբողջ աշխարհին՝ առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալ, որ Ռուսաստանի «մեկուսացման» համար պայքարում ինքը մենակ չէ, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում է Օբաման։

Wall Street Journal-ի վկայություններով՝ գագաթաժողովի վերջնական հռչակագրի նախագծում ասվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները «պատրաստ են պատժամիջոցները սաստկացնել» և         «կիրառել լրացուցիչ միջոցներ», եթե Ռուսաստանը չգնա հակամարտության խաղաղ կարգավորման։

Իրական տնտեսական պատժամիջոցների կիրառման պարագայում, օրինակ, Գերմանիայի՝ Ռուսաստանի խոշոր դաշնակցի կողմից, հարվածը ուժգին կլինի։ Միայն խնդիրն այն է, որ Ռուսաստանին հարվածելով՝ Գերմանիան ևս հարված կստանա. վերջինիս բիզնես ոլորտը կառավարությունից վաղուց արդեն պահանջում է պատժամիջոցների կրճատում։ «Այս է պատճառը, որ չնայած առաջարկվող ձևակերպումների կոշտությանը, ԵՄ երկրները դժվար թե գնան խիստ, ծայրահեղ պատժամիջոցների կիրառմանը»,-այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի ներքին հարցերի մասնագետ, պատմաբան Վալերի Գորոխովը։

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ

6645ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

6648Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: