Նախագահական ընտրություներից հետո Սիրիայում իրավիճակը չի խաղաղվի

Syria_electionsՍիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը, ըստ հրապարակումների, կազմել է 95 տոկոս, իսկ նախնական հարցումների ու արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է գործող նախագահ Բաշար Ասադին: Նշենք, որ սիրիական օրենքների համաձայն` ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է ստանալ ձայների 50 տոկոսը` գումարած 1 քվե:

Արժե նայել, թե ինչ պայմաններում էին անցնում այդ ընտրությունները:
Ըստ Սիրիայի սահմանադրության` ընտրությունները պետք է տեղի ունենային մինչև հուլիս ամիսը, քանի որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին:
Առաջին անգամ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու մեկից ավելի թեկածուներ, քանի որ 50 տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 այլ ներկայացուցիչներ: Սակայն մեծ մասը կասկած չուներ, որ կհաղթի Բաշար ալ Ասադը, որ Սիրիայում իշխանության ղեկին է 2000 թվականից և նախագահի պաշտոնում փոխարինել է հորը` ՀաՖես Ասադին:

Սիրիայի քաղաքացիներն առաջին անգամ, 2012 թ. նոր սահմանադրության համաձայն, 7 տարի ժամկետով պետք է ընտրեին երկրի նախագահին: Ըստ 2012 թ. փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր սահմանադրության 88-րդ հոդվածի` նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ: Սիրիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում հետևում էին իշխանության գործադիր ղեկավարները, իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Սկզբնական փուլում անհասկանալի էր, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Չէր նշվում նաև, թե ինչպես են վարվելու այն միլիոնավոր մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ, ի դեպ, 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են: Սիրիայում ԿԸՀ-ին փոխարինող արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ Աշ-Շահարը հայտարարել էր. «Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ կարող է»: Բայց պարզ էր, որ քվեարկությունն անցկացվելու է այն շրջաններում, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Նայենք, թե ինչ քաղաքական խորապատկերում անցան ընտրությունները: Հենց այն պահից, երբ Մոհամմեդ Լահամը հայտարարեց Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Ասադի հակառակորդ գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարությամբ` դա անվանելով «ֆարս», իսկ Ասադի հակառակորդների կողմնակից միջազգային ուժերը ընտրություններ անցկացնելու ծրագիրը համարեցին «ժողովրդավարության ծաղրանք»: Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել էին, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտեց: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանեց «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»:
Արևմուտքի ղեկավարները դատապարտեցին չավարտված պատերազմի ընթացքում ընտրություն անցկացնելու որոշումը:

arm140177689321Հիշեցնենք` Սիրիան 2011 թ. մարտից գտնվում է ներքաղաքական ճգնաժամի` փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Ասադը փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել, Արևմուտքը` խանգարել դրան

Սիրիայի իշխանությունների կարծիքով` այս ընտրությունը կարող է պատերազմի ավարտի հանգեցնել: Եթե ժողովուրդն Ասադին ընտրի, զինված հակամարտությունը պետք է դադարեցվի, իսկ եթե չընտրի` Ասադը պետք է հեռանա:
Երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման մասին, վերլուծաբանները նշում էին, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել որպես ճգնաժամը լուծելու միջոց: Ու չէին սխալվում: Սիրիայի գործող նախագահ Ասադն ապրիլի կեսերին ասել էր, որ հակամարտությունը թևակոխել է «շրջադարձային փուլ» ապստամբների նկատմամբ Սիրիայի ուժերի առավելություն ձեռք բերելու շնորհիվ: Հետո Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ասաց, որ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակն աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում:

Բուն ընտրությունները, ճիշտ է, ուղեկցվեցին հրաձգություններով, մարտերով և այլն, բայց առանձնապես ոչ մի արտառոց բան չեղավ: Քվեարկության ընթացքին հետևում էին խորհրդարանականներ 30 բարեկամ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:
Սիրիացիների մասնակցությունը ընտրություններին, եթե, իհարկե, հնարավոր է դատել միջազգային լրատվամիջոցներով հրապարակված տեսա-լուսանկարահանված կադրերից, աննախադեպ ակտիվ էր:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին` դրանք որակելով «խայտառակություն»: Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնառաջադրված Բաշար ալ Ասադը, որ նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը:
Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ, ինչը նշանակում է, որ Արևմուտքն ու նրա մերձավորարևելյան դաշնակիցները Ասադի հետ` որպես լեգիտիմ նախագահի, չեն պատրաստվում նստել բանակցությունների սեղանին ու շարունակելու են աջակցել ապստամբներին:
Բայց Սիրիան Արևմուտքի ու նրա մերձավորարևելյան ուղեկիցների դեմ մենակ չմնաց. ի հակադրություն Արևմուտքի, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան սիրիական ընտրություններն աջակցող հայտարարություններով: «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»,- ասվում է մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ընտրությունների ընթացքին հետևող Ռուսաստանի պատվիրակությունն էլ հայտարարեց, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով, Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ` ունենալով Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ բարեկամ երկրների աջակցությունը: Եվ, համապատասխանաբար, իր հակաքայլերն է անելու Արևմուտքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե խաղաղվելու է, այլ ավելի է թեժանալու:

 

«Ամառը միասին»`Հայաստանում

amarՊատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում: Դրա մասին էին վկայում, ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, իրենց հյուրընկալ դռները բացող պիոներական և ուսանողական ճամբարները: Երիտասարդների ամառային արձակուրդներն անմոռանալի, միաժամանակ արդյունավետ դարձնելու կարևորությունն այսօր ևս արդիական է:

Երիտասարդներին` հետաքրքիր ամառային արձակուրդներ կազմակերպելու իր տարբերակն է առաջարկում «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, որը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 10-ն իրականացնում է «Ամառը միասին» (Summer together) երիտասարդական միջազգային ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:

Այս յուրօրինակ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար` ձեռքբերելու գիտելիքներ և հմտություններ ոչ միայն երիտասարդական միջազգային ճամբարներ կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության մեթոդներին ծանոթանալու, որոնց կիրառումը կնպաստի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելուն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեն, այլ նաև միջմշակութային շփման և Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան:

Հասան Քաշքավի. «Իրանաաֆղանական հարաբերությունները բարելավվում են»

QashqaviԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հասան Քաշքավին այժմ գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասան Քաշքավին ասել է, որ Իրանն ու Աֆղանստանը հաջող համագործակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի:

«Թեհրանը ցանկանում է  տեսնել բարգավաճող, ազատ և անվտանգ Աֆղանստան»,- հայտնել է Քաշքավին:

Տեղեկացնենք, որ Աֆղանստանն անվտագության տեսակետից Իրանի համար խնդիրներ ստեղծող հարևան է, քանի որ հենց Իրանով է անցնում աֆղանական թմրանյութերը Եվրոպա տեղափոխող ճանապարհը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Մինչև 2015-ն Իրանի և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի ծավալը կհասնի 30 մլրդ դոլարի

Iran turkey 2Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, որն այժմ պաշտոնական այցի շրջանակում գտնվում է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի հետ: Կողմերը քննարկել են Թեհրանի և Անկարայի միջև իրականացվող առևտրի հետ կապված մի շարք հարցեր: Նախարարները պայմանավորվել են, որ  մինչև 2015-ն  առևտրի ծավալը հասցվի 30 մլրդ դոլարի:

«Անհրաժեշտ է, որ Թուրքիան և Իրանը երկուստեք ներդրումներ կատարեն, ինչը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, որն էլ իր հեթին կխթանի առևտուրը: Կարևոր է, որ սահմանամերձ տարածքներում արդյունաբերական գոտիներ ստեղծվեն»,- ասել է Ջևդեթ Յըլմազին:

Հանդիպման ժամանակ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հույս է հայտնել,  որ առաջիկայում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, Անկարայում կստորագրվեն տնտեսական, քաղաքական, մշակութային երկկողմ համաձայնագրեր , և  նախադրյալներ կստեղծվեն  Իրանի և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի ծավալը տարեկան 30 մլրդ դոլարի հասցնելու համար:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ. «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է»

saxteman e vezarat e omur e xarejee iranԻրանի արտաքին գործերի նախարարության կայքը Սիրիայի նախագահի ընտրությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է:

«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Սիրիայում ժողովրդի շահերը չոտնահարվեն և երկիրը դուրս գա ճգնաժամից և, ի վերջո, հաստատվի կայունություն ու խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Սիրիայի նախագահի աշխատակազմը ևս նախօրեին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը վկայում է, որ Սիրիայի ժողովուրդը հաստատակամ է իր հայրենիքը վերակառուցելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ, և վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարել էին երկու այլ թեկնածու՝ Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի Նուրին։

Եվ, չնայած 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, քչերն էին կասկածում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտնվեն այսօր:

Նյու Յորքի ոստիկանությունը 100-ից ավելի գանգստերի է ձերբակալել

o_875725Նյու Յորքի իշխանությունները կազմակերպված հանցագործության դեմ պայքարի օպերացիա են իրականացրել: Տեղի իրավապաշտպան մարմիններից ստացած տեղեկությունների համաձայն,այդ ակցիան ամենախոշորներից էր պատմության մեջ:

Օպեացիայի արդյունքում  միանգամից ձերբակալվել է իրար հետ մրցակցող կազմակերպությունների  103 անդամ: Նրանց ձերբակալությանը մասնակցել է 400 ոստիկան:

Երիտասարդական ավազակախմբերը Հառլեմում դաժան պատերազմներ են վարում ազդեցիկ ոլորտների համար. նրանց պատանդ են դառնում հասարակ մարդիկ: Ձերբակալվածները տասնյակ սպանություններ են իրականացրել, երբեմն` հրազենի գործադրությամբ: Նրանց մեծ մասին թմրանյութերի վաճառքի ու ռեկետի մեղադրանք է ներկայացվել:

Նյու Յորքում զանգվածային ձերբակալությունները երկարատև հետաքննության արդյունք են, որոնք սկիզբ են առել 2011-ին , բասկետբոլիստուհի, սպորտի աստղ Տիշանա Մերֆիի պատահական սպանությունից հետո: Նա հայտնվել էր փոխհրաձգության մեջ, քաղաքի կենտրոնում ու զոհվեց հրազենային բազմաթիվ  վնասվածքներից:

Անկախ

Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում

o_823627Ձայների 100%-ի հաշվարկով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում. Նրա օգտին է քվեարկել ընտրողների 88,7%-ը:

Կենտրոնական ընտրական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 73,42%, -հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դամասկոսում 3,5 մլն ընտրողներից քվեարկել է 2,2 մլն-ը, իսկ Հոմսում` ձայնի իրավունք ունեցող 1,2 մլն-ից`  գրանցված 900 հազարը:

Անկախ