Կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ

հրազենՀունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Խստացումներ ու սահմանափակումներ՝ «Բազեում»

2«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։

«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։ Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա  2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։ Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։ Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։ Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։

Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։

Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։ Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։

Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին

004 (1)Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։

«Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու համաձայնեցվում Երևանի քաղաքապետի հետ։ Պողոտան այս տարիներին արդեն դարձել է  երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայր, և այն, ինչ ունեինք մինչ նորոգումը, արդեն հարիր չէր նման սիրված հանրային վայրին։  Այս նախագիծը Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։ Ըստ այդմ, «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որն էլ ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատում է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան

11397_am_4Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
11397_am_9 (1)Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:

 Անկախ

Բոլիվիայում խոշոր վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

1270Բոլիվիայի հյուսիսում ՃՏՊ-ի հետևանքով 16 մարդ է զոհվել.իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատարը: Զոհերի մեջ դեռահասներ կան:

Վթարը տեղի է ունեցել Օրուռո ու Լա-Պաս վարչական տարածքների միջև: Ոստիկանության վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը քնել է ղեկին: Կառավարումը կորցնելով, բախվել է  բեռնատարին:Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Անկախ

Չինաստանում արևադարձային անձրևների պատճառով 26 մարդ է զոհվել

1271-390x290 (1)Առնվազն 26 մարդ է զոհվել Չինաստանի հարավում արդեն 5 օր չդադարող արևադարձային անձրևների հետևանքով, հաղորդում է  ВВС-ն;

Տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ամբողջությամբ ավերել են համարյա 9 հազար տուն, տասնյակ հազարավոր տներ էլ վնասվել են:

Չինաստանի քաղաքացիական ադմինիստրացիայի տվյալներով, տուժած շրջաններից տարհանվել է 337 հազար մարդ: Տարերքի պատճառած վնասը գնահատվում է 650 մլն դոլար:

Աղետի հետևանքով զոհվածների թիվը հնարավոր է ավելանա:  Երկու մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

11398_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:
Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:
Քննարկվել են նաև մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ խնդրի շուրջ մանրամասն զրույց է ունեցել ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում ՌԴ նախատեսվող այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պետությունը կանգնելու է ներքին արտադրողի կողքին և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ներդրումների իրականացման, այդ թվում գործարանները նորագույն տեխոնոլգիաներով համալրելու աշխատանքներում, նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում և պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները:

Օրացույցի այս օրը

3187

-Այսօր Միջազգային օլիմպիական օրն է :

Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում նշվում է Օլիմպիական միջազգային օրը, ի հիշատակ ներկայիս  տեսքով այդ շարժման վերածնման: Առաջին անգամ նման օր ունենալու գաղափարը հնչել է 1947-ին Ստոկհոլմում, Օլիմպիական միջազգային կոմիտեի 41-րդ նստաշրջանում, իսկ մեկ տարի անց, 42-րդ նստաշրջանում այն հավանության արժանացրին պաշտոնապես: Ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել հետևյալ իրադարձությունը: 1894-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆիզիկական դաստիարակության խնդիրներին նվիրված միջազգային կոնգրես, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Հունիսի 23-ին իր զեկույցը ներկայացրեց օլիմպիական շարժումը վերականգնելու ջատագով Պիեռ դը Կուբերտենը:

Բարոն Կուբերտենի`  հին հունական օլիմպիադաների ավանդույթը վերականգնելու առաջարկը, որի նպատակն է 4 տարին մեկ բոլոր ժողովուրդներին մրցակցային խաղերին հրավիրելը, կոնգրեսը հավանության արժանացրեց:

Առաջին օլիմպիական խաղերն անցկացվեցին 1896-ին, Հունաստանում. 14 երկրներից  241 ատլետներ 9 սպորտաձևում մեդալներ խաղարկեցին: Իսկ ավելի քան  100 տարի անց, 2004-ին  Հունաստանում անցկացված Օլիմպիական խաղերին 202 երկրներից 15 հազար սպորտսմեն ու պաշտոնական անձ մասնակցեցին օլիմպիական խաղերին. խաղարկվեցին մեդալներ` 28 սպորտաձևում:

4606-Այսօր Այրիների միջազգային օրն է

Առաջին անգամ օրը նշվել է 2011-ին: Օրվա նպատակն է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը հրավիրել այն կանանց ու երեխաների դժվարին վիճակին, որոնք մնացել են առանց տղամարդու  աջակցության: Օրն ընդունելու մասին որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում հաշվում է շուրջ 250 մլն այրի, որոնցից 115 հազարը` ծայր աղքատության մեջ է ապրում: Նրանցից շատերը զինված հակամարտության երկրներում են բնակվում, նրանց վիճակը հատկապես բարդ է, նրանք կորցնում են ամուսիններին երիտասարդ տարիքում, ընդ որում, հարկադրված են դաստիարակել երեխաներին` մարտական գործողությունների պայմաններում, ու առանց  կողմնակի աջակցության:

Անկախ

Հունիսի 22-ին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է

1301-ի  քրիստոնեության ներխուժումից, հայոց հավատի ու հետեւորդների սպանդից հետո հայ արիները տարիների ընթացքում վերականգնել են Հայ Աստվածներին նվիրված տոներն ու ծեսերը: Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետո, մի քանի տարի է, որ Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածներն էլ փառաբանվում են իրենց գործառույթներին համապատասխան, վերականգնվել են Արարչին, Տիեզերակարգին ու Բնակարգին, Հայ Տեսակին (Աստվածներ – Հոգի-Ոգիներ – Մարդիկ) նվիրված եւ այլ տոներ եւս:

Մինչ հայ–արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ 4 Աստվածների՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (միաժամանակ՝ Հայոց Ամանորի), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի), արդարադատության Աստված Միհրի (Հայոց Արդարադատության) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գերագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:

Հայ արիների հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, Նախիջեւանի սահմանագլխն նշեց Նանե Աստվածուհու տոնը:

Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին ու փառահեղ նախնյաց:

Ծիսակարգ է կատարվել նաեւ ազգին հայոց եւ հայրենիքի վերատիրմանը նվիրված՝ հանուն եւ վասն արարչակնիք Հայքի ու Հայի զորացման, Արցախի, Նախիջեւնի, Ջավախքի ու Հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման…

 

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

 

 

Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով

g_imageՀունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:

Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:

Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում

Երասխ, գյուղապետարան (1)Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

 Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական


Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական

Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:

«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:

Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…

Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:

Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:

«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:

Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:

Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:

Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումն ունի այլընտրանք՝ մենք ունենք պլան Բ. Պորոշենկո

Պորոշենկո

«Նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղ բանակցություններն օգտագործել միայն իրենց ուժերի վերադասավորման համար, կա նաև «պլան Բ»,-նշել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

«Իրավիճակի խաղաղ կարգավորումը միայն մեր Ա պլանն է: Բայց նրանք, ովքեր կջանան խաղաղ բանակցություններն օգտագործել ժամանակ շահելու, ուժերը վերադասավորելու համար, պետք է իմանան, որ ունենք նաև  պլան Բ: Այժմ չեմ խոսի դրա էության մասին, քանի որ հավատում եմ, որ խաղաղ ծրագիրը, այնուամենայնիվ, կաշխատի»,-նշել է Պորոշենկոն:

Ուրբաթ օրը Պորոշենկոն կրակը մեկ շաբաթով  դադարեցնելու  հրաման էր տվել բոլոր ուժային կառույցներին, որոնք մասնակցում էին Ուկրաինայի արևելքում կատարվող հատուկ գործողություններին: Պորոշենկոն նաև իրավիճակը կարգավորելու խաղաղ ծրագիր է առաջ քաշել: Չնայած սրան՝ զինյալները նախագահի խոսքերին չեն հավատում ու պատրաստվում են պայքարի շարունակմանը:

Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ենթադրում է անվտանգության երաշխիքներ բանակցությունների բոլոր մասնակիցների համար, այն անձանց քրեական պատասխանատվությունից ազատում, ովքեր զենքերը վայր են դրել և հանցանք չեն գործել, ինչպես նաև պատանդների ազատ արձակում: