Շարունակվում են բազմաբնակարան շենքերի տանիքների տարեկան ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքները

 

004 (3)Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին, հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ և 43023քմ թեք տանիք: Անցած ժամանակահատվածում արդեն իսկ նորոգվել է 25621քմ հարթ և 18469քմ թեք տանիք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ 

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կգլխավորի Մեհմեդ Ալի Շահինը

 

sahinԹուրքիայի իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածուի` Թայիփ Էրդողանի անունը: Դրանից հետո բոլորին հետաքրքրում էր, թե ով է գլխավորելու ԱԶ կուսակցությունը: Ահա հայտնի է դարձել, որ իշխող կուսակցությունը կգլխավորի նրա ներկայիս փոխնախագահ, քաղաքական և իրավական հարցերով նախագահ Մեհմեդ Ալի Շահինը: Վերջինս, ըստ էության, երկրորդ մարդն է կուսակցության ներսում: Շահինը, լինելով Էրդողանի 40 տարվա ընկերը, նրան ուղեկցում է քաղաքական ողջ կարիերայի ընթացքում: Իսկ այժմ նրան վստահվել է իշխող ԱԶ կուսակցության ղեկը:

 

Անկախ

 

ԼՂՀ վարչապետը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին

Arayik-Harutyunyan0Հուլիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է  տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին`  Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ոլորտն ազատականացնելու համար: Բացի վարչարարության պարզեցումից, վարչապետի խոսքով, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար: Ոլորտի բարեփոխմանը միտված այս ձեռնարկումներն ուղղված են տաքսի ծառայությունների որակյալ աշխատանքի ապահովմանը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը:

Հանդիպմանը ներկա ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում ավելացել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, և ներկայումս հանրապետության տարածքում լիցենզավորված  են  ավելի քան 300 տաքսի մեքենաներ:

Վարչապետը ներկաներին առաջարկել է բաց և համարձակ քննարկում անցկացնել՝ բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ողջունելով կառավարության ղեկավարի` իրենց ընդունելու նախաձեռնությունը, տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են զգալի թվով չլիցենզավորված տաքսիների առկայությունը, ինչը խանգարում է օրինական դաշտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին: Մատնանշվել են արտասահման մեկնելու ժամանակ դեղին համարանիշներով երթևեկելու հետ կապված դժվարությունները, գազի սակագնի, հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու իրավունքի տրամադրման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, ինչպես նաև հարկերի` բարձր լինելու հետ կապված հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին՝ վարչապետը, նախ, պատասխանատու կառույցներին հրահանգել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի չլիցենզավորված մեքենաներով տաքսի ծառայություններ չմատուցվեն: Ա. Հարությունյանի հանձնարարությամբ` կվերանայվեն դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու ժամկետները: Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հարկերի բարձր լինելու վերաբերյալ դիտարկմանը, նշելով, որ ՀՀ-ի համեմատ ոլորտի հարկերը անհամեմատ ցածր են: Նա հավելել է, որ ներկաների կողմից մատնանշված` անբարեկարգ ճանապարհների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ մեծ գումարները գոյանում են հենց հարկերից:

Խոսելով հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու համար վարորդական իրավունք տալու մասին՝ վարչապետը շեշտադրել է, որ այդ հարցը հատուկ մոտեցում է պահանջում:

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ ոլորտն ուսումնասիրվել է և գազալցակայանների սեփականատերերին  սակագները կարճ ժամկետում վերանայելու առաջարկություն է ներակայացվել: Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ընդունի առաջարկվող փոփոխությունները, կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների:

 

Անկախ

Արմեն Սմբատյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

g_imageՀՀ Նախագահի որոշումով Արմեն Սմբատյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով»:
 

Անկախ

Կորյակ, ծակոտիներ, յուղոտ մաշկ. հավերժական պրոբլեմների լուծումները

7516_originalԸնթերցողների հարցերին պատասխանում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը

Յուղոտ մաշկ
«Թեթևակի արևահարվեք, սննդի մեջ սահմանափակեք թթուն, կծուն, յուղոտ և ալյուրով պատրաստված կերակուրը: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով ու օճառով, ապա մաքրեք 20% սպիրտ պարունակող լոսյոնով, վերջում էլ կիսայուղոտ քսուքով մերսեք»:
Կոսմետոլոգն առաջարկում է նաև դիմակներ յուղոտ մաշկի
համար.

«Մեկ ձվի սպիտակուցը հարեք, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո լվացվեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Կամ մեկ ձվի դեղնուցն ու մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար, ավելացրեք մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթ և կես բաճակ հերկուլես, ապա քսեք մաշկին: 15-20 րոպե թողնելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Սառը ջրով շփումը պարտադիր է, որովհետև, որպես կանոն, յուղոտ մաշկը նաև լայն ծակոտիներ է ունենում, իսկ սառը շփումները նպաստում են, որպեսզի ծակոտիները նեղանան»:

 

3MlSg8rWBJM

Սև կորյակներ ու ծակոտիներ

Յուղոտ մաշկն ու սև կորյակները գրեթե միշտ անբաժան են: Սև կորյակները յուղոտ մաշկի հետևանք են, սակայն դրանք կարող են առաջանալ նաև կոսմետիկ միջոցների` կարմրաներկի (ռումյանա), դեկորատիվ քսուքների օգտագործման հետևանքով:
«Մեր կանայք սովորություն ունեն դեմքի սև կորյակները հեռացնել եղունգներով` հաճախ ուշադրություն չդարձնելով դրանց մաքրությանը,-ասում է կոսմետոլոգը,- հետևանքը լինում է այն, որ նրանք ոչ միայն չեն հեռացնում կորյակները, այլև գրգռում ու բորբոքում են մաշկը»:

Սև կորյակների դեմ պայքարի վերաբերյալ կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.
«Ամսական գոնե մեկ անգամ կատարեք դեմքի մաքրում: Դեմքի ճիշտ մաքրումը կատարվում է հետևյալ կերպ. սկզբում մաշկը գոլորշիով կամ տաք թրջոցներով լավ փափկեցնում են, որպեսզի ծակոտիները լայնանան, ապա մեջտեղում կտրվածք ունեցող հատուկ գդալիկով հեռացնում են սև կորյակները»:
Կոսմետոլոգն ասում է, որ ծակոտիների առաջացումը կանխելու համար օգտակար են սպիրտային լուծույթով, շպարահան լոսյոնները:

Իսկ ինչի՞ց է առաջանում ծակոտիների լայնացումը:

«Ցանկացած տաք պրոցեդուրայի ոչ ճիշտ կիրառումը հանգեցնում է ճարպագեղձերի ծորանների լայնացմանը: Չափից ավելի տաք թրջոցները, շոգեբաղնիքները, արևի տակ երկարատև մնալը, ինչպես նաև սև կորյակների հաճախակի հեռացումը կարող են դառնալ ծակոտիների լայնացման պատճառ: Լայն ծակոտիները կարող են լինել նաև ժառանգական երևույթ»:

Լայն ծակոտիների դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս չչարաշահել դիմափոշին ու յուղոտ քսուքները:

«Եթե ալերգիկ չեք, ապա օգտակար է կիտրոնի հյութով լոսյոնների, դիմակների և քսուքների օգտագործումը: Աշխատեք նաև զերծ մնալ սնդիկ և բիսմուտ պարունակող քսուքներից»:

Լոսյոն և տոնիկ. դրանց տարբերությունն ու առանձնահատկությունները

1400618581_uxod_za_kozhej_yhod_za_kogei-1«Լոսյոնն ու տոնիկը մաշկի խնամքի համար նախատեսված հիգիենիկ-կոսմետիկ միջոցներ են: Տարբերությունն այն է, որ լոսյոնը նախատեսված է շպարը, մաշկի մակերեսին կուտակված կեղտը մաքրելու համար, իսկ տոնիկն ունի մաշկը կարգավորող, մաշկի տոնուսը բարձրացնող հատկություն: Ընդհանրապես, ճիշտ է մաշկը լոսյոնով մաքրելուց հետո մաքրել նաև տոնիկով»:

«Հաճախ կանայք իրենց մաշկը սովորեցնում են որևէ կոսմետիկ միջոցի և երկար ժամանակ օգտագործում են այն: Սակայն հարկավոր է ժամանակ առ ժամանակ վերանայել տվյալ կոսմետիկ միջոցի ազդեցությունը մաշկի վրա, քանի որ մաշկը կարող է փոփոխվել, ինչի դեպքում կոսմետիկան նույն ազդեցությունը չի ունենա մաշկի վրա, ինչ ուներ առաջ: Ուստի, կանանց խորհուրդ եմ տալիս նախքան մաշկի խնամքի համար որևէ կոսմետիկ միջոց ընտրելը խորհրդակցել կոսմետոլոգի հետ»:

Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս խնամքի կոսմետիկ միջոցներ ընտրելիս անպայման հաշվի առնել մաշկի առանձնահատկությունները:

 

Անկախ

«ԳԱՅԹԱԿՂԻՉ» ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄ. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻՑ

medfrd2137Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կազմակերպում և, ի վերջո, գնահատական տալիս սեփական կյանքին: Ոմանց համար կյանքը հրաշալի հեքիաթ է, ոմանց համար էլ՝ անվերջանալի հիասթափության ու հուսահատության օրեր…

Կյանքի քարտեզը մենք ինքներս ենք գծում: Պատահական չէ, որ դպրոցական տարիներին դեռահասն արդեն իսկ հաստատում է իր ձգտումը. կրթություն, թե՞, այսպես ասած, շրջապատ, թաղային հեղինակություններ…
«Անկախն» այս անգամ որոշել է անդրադառնալ ինքնակործանման թեմային. մեր թիրախում մարդիկ են, որոնք իրենք իրենց ձեռքով խլում են սեփական կյանքը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ էլ դրանց ապօրինի իրացնելու դեպքերի առիթներով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերը շատ են:

Վարույթներից մեկի «հերոսները» մտերիմ ընկերներ են` Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն: Արման Դ.-ին առաջադրված մեղադրանքը ապօրինի թմրամիջոց իրացնելու համար է (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշներ): Նախաքննությունն իրականացնող մարմինը պարզել է, որ նա իր վեղեմի ընկերոջ Կարեն Ս.-ի, այսպես ասած, թմրամատակարարն է:
Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն, իրենց պատմելով, արդեն մոտ 30 տարվա ընկերներ են, դպրոցական ընկերներ, մանկուց են իրար ճանաչում: Տարիների ընթացքում ընկերների հետաքրքրության շրջանակը նեղանում է, ու նախկին երիտասարդները մի ընդհանուր հետաքրքրություն են «գտնում»՝ թմրամիջոց, հաճախ համախմբվելով, ուս ուսի տված` վայելում են կյանքի «դրական» պահերը:

«ԽՈՊԱՆՈՒՄ»
Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն ամուսնացած են, երեխաներ ունեն: Արման Դ.-ն իր ընկերոջն առաջարկում է միասին մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Հայաստանում երկուսն էլ տաքսի ծառայություններից մեկում որպես վարորդ էին աշխատում, բայց ստացված գումարը չէր բավարարում:
Երկու ընկերները բռնում են ժամանակավոր արտագաղթի ճամփան և ուղևորվում Ռուսաստան: Այնտեղ նրանց իսկապես աշխատանք էր սպասում, որովհետև երկուսն էլ աշխատող, սետեղծող տղաներ էին:
Նախաքննական մարմնին տված ցուցմունքների ժամանակ թե՛ Արման Դ.-ն, թե՛ Կարեն Ս.-ն միաբերան հայտնում են, որ իրենք թմրամոլներ չեն, թմրամիջոցներ են օգտագործել միայն արտերկրում՝ արտագնա աշխատանքի ժամանակ: Երկուսն էլ տալիս են իրենց «նոր» ընկերոջ անունը, որ շուտով պարզվում է՝ դատապարտվել է հենց թմրամիջոցներ օգտագործելու ու իրացնելու համար:
Սա դեռ մտերիմ ընկերների ռուսաստանյան կյանքն էր…

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Ընկերներն իրարից նեղացած են գալիս Երևան, բայց վերադառնալուց հետո էլ կապը վերջնականապես չեն խզում: Ու քանի որ Արման Դ.-ի հնարավորությունները մեծ էին թմրամիջոցներ ձեռք բերելու, հայթայթելու գործում, իրար կապող օղակը՝ թմրամիջոցը, էլ ավելի հաճախադեպ դարձրեց նրանց հանդիպումները:
Հենց որ Կարեն Ս.-ն թմրամիջոցի կարիք էր զգում, անմիջապես դիմում էր մանկության ընկերոջը: Նախ՝ Արմանը մանկության ընկերոջն ինչպե՞ս կարող էր «չաջակցել», չէ՞ որ տասը տարի նույն դասարանում են սովորել, տասնամյակներ շարունակ իրար օգնելով ապրել են: Նախաքննական մարմնի տեղեկություններով՝ ընկերները որոշել, համաձայնեցրել էին գինն ու քանակը: Որից հետո Արմանը սկսում է գործի դնել իր բոլոր կապերը: Այս ժամանակահատվածում նա հասցնում է ընկերանալ շատերի հետ, որոնք նույն հետաքրքրություններն ունեցող քաղաքացիներ են:

ԱՐՄԱՆ Դ.-ի ԲԻԶՆԵՍԸ
Մի որոշ ժամանակ անց, Արմանը որոշում է վերադառնալ հին կյանքին՝ ընտանիք, աշխատել ու սեփական քրտինքով վաստակածը տուն տանել: Մտածում է հին «գործին» անցնելու մասին, բայց երդվում է այլևս թմրամիջոց չօգտագործել, միայն վաճառել: Գնորդները շատ էին, բայց ընկերոջ համար սահմանված գին ուներ, որից չէր անցնում:
Պայմանավորվել էր տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ ու շատ դեպքերում հենց նրա միջոցով էր իրականացնում «ընդունում- հանձնումը»:
Մի անգամ որոշում է ինքնուրույն իրականացնել վաճառքը և անծանոթ տաքսի նստելով՝ ճամփա է ընկնում: Վարորդի հետ երկար-բարակ խոսում է, հետո հասկանում, որ նույն նախասիրություններն ունեն: Ավտոմեքենան կայանում են երևանամերձ ամայի տարածքում ու տաքսու ուղևորը՝ Արմանը, թմրանյութ է հյուրասիրում վարորդին: Միասին «հաճույք» են ստանում, ու միասին էլ շարունակում ճանապարհը:
Մարզերից մեկի հրապարակի մոտ Արմանն իրացնում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Այս անգամ չափն անցել էր ու որոշել էր մեծ քանակություն իրացնել: Տաքսու վարորդին խնդրում է շարունակել ճանապարհը, քանի որ ապրանքին շատերն էին սպասում:
Այդ օրը Արմանը տասից ավելի «գնորդների» հետ հանդիպեց ու մի կլորիկ գումար վաստակեց: Հետ էին վերադառնում Երևան, բայց չհասցրին… Չգիտեր, որ օպերատիվ-հետախուզություն իրականացնող անձինք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին անցկացրել: Չգիտեր նաև, որ իր հաջորդ հանդիպումը լինելու է ոստիկանության օպերլիազորների հետ:
Նախաքննական մարմնին Արմանը պատմում է ամեն ինչ՝ բոլոր մանրամասներով, բայց իր հաճախորդներին չի «ծախում», ասում է՝ ես եմ պատրաստում, ինքս ինձ համար:
Ոստիկանության բաժին բերման ենթարկելիս օպերատիվ հետախուզությունն իրականացրած աշխատողները Արմանի մոտ հայտնաբերում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 7.5 հազար ԱՄՆ դոլոր:
Ոստիկանների հարցերին Արմանը մանրամասն էր պատասխանում, անգամ կարողացավ հեշտությամբ պատասխանել այն հարցին, թե որտեղից իրեն խոշոր չափերի գումարը. «Որոշել եմ ավտոմեքենա գնել»:
Արմանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` խոշոր չափերով):
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը փոխանցել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՄԱՀԱՑՈՒ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ
Վերջերս ավարտվեց մեկ այլ քրեական գործի նախաքննություն: Գործով անցնողը այս անգամ մարզերից մեկի բնակիչ Համազասպ Ք.-ն էր: Նա նախկինում մի քանի անգամ պատիժ կրել է քրեակատարողական տարբեր հիմնարկներում՝ առանձնապես խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու և դրանք ապօրինի իրացնելու համար:
Նախաքննական մարմինը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզում է, որ Համազասպ Ք.-ի նախասիրությունը «կոդեին» կոչվող մահացու թմրատեսակն է: Այն ստանում են բենզինի և այլ նյութերի խառնուրդից:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ «կոդեին» տեսակի թմրամիջոցը նույնիսկ մեկ անգամ օգտագործած մարդուն սպառնում է առողջության ծանր քայքայում:
Համազասպ Ք.-ն իրեն ալքիմիկոս է համարում ու որոշում է վնասաբեր նյութերը պատրաստել ինքնուրույն՝ փչացնելով թե՛ իր, թե՛ իր «հաճախորդների» առողջությունը:
Համազասպի լաբորատորիան Հայաստանի գյուղերից մեկում էր, որտեղ վերջին տարիներին և՛ ապրում էր, և՛ «աշխատում»: Ամուրի էր, ապրում էր մենակ ու բարեկամ, հարազատ չուներ: Սիրտը երբ ուզում էր, ինքնուրույն պատրաստում էր ու սիրով հյուրասիրում, ինքն էլ օգտագործում էր: Քրեական հետախույզներին էլ սիրով ընդունեց իր դռնբաց տանը: Նախաքննական մարմնին հայտնել էր, թե թմրատեսակի այս ձևը ժառանգել է ավագ ընկերոջից, որը, ցավոք, երկար չկարողացավ ապրել:

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
Ցավալի են հատկապես այն դեպքերը, երբ թմրամիջոցների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները 16 տարին չլրացած անձինք են: Ոստիկանության 3-րդ վարչության աշխատակիցերի ուշադրության կենտրոնում հենց անչափահասներն են:
Դեպքը, որ ներկայացնում ենք, տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում:
7-րդ դասարանում սովորող Բաբկեն Դ.-ն դեռ մանկության տարիներից հետաքրքիր զբաղմունք էր գտնել. դաշտերից «բամբուկ» էր քաղում, հավաքում, երբեմն էլ ծխում էր: Ծնողները գիտեին, բայց դրա մեջ վտանգավոր բան չէին տեսնում:
Բաբկեն Դ.-ի դասընկերը՝ Նարեկ Պ.-ն, մի անգամ խոտի տրցակը ձեռքին՝ մոտենում է Բաբկենին ու առաջարկում միասին «փորձել»: Բաբկենի համար մեկը դառնում է մի քանի:
Ոստիկանության մարզային ստորաբաժանման աշխատակիցներն անչափահասներին թմրանյութն օգտագործելիս անձամբ են տեսնում և նրանց բերման են ենթարկում բաժին: Երեխաները խոստովանական ցուցմունքներ են տալիս: Իսկ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

 

Ներքին և արտաքին սայթաքումների պատճառով Թուրքիայի աջակցությունը նվազում է Կոնգրեսում

Էրդողան, Ֆեթուլլահ Գյուլեն,Թուրքիա   Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների  և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:

 

Այս  անկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց օրինագծի ընդունումը կանխելու համար:

 

Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի  միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ, էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:

 

Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:

 

Ավանդական դաշնակիցների ամեն տեսակ աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը` իրականացնելու թուրքական ստանդարտ մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ.

 

1.    Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը.

2.    Եթե առաջին քայլը չի հաջողվում` փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար.

3.    Նույնիսկ նախաձեռնությունը թուլացնելուց հետո, ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:

 

Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքել օրինագիծը ձախողելու համար: Միակ բանը, որ մնում էր անելու Անկարային` Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որպեսզի  նրանք փոփոխություններ առաջարկեին օրինագիծը թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր չափով արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը, փորձեց համախոհության հասնել այս օրինագծի վերաբերյալ՝ փորձելով ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպես կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները, տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին…

 

Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրում է վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման մասին: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից»), որպեսզի տեսնել Էրդողանի հասցրած վնասի չափը իր երկրի վարկին:

 

Բացի ազդեցության կորստից, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վատնում, վճարելով հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության,  անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չունեն: Ե ՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները` իզուր փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:

 

Վերլուծաբանները կանխատեսում են, որ չնայած վարչապետ Էրդողանի աղետալի քաղաքականությանը երկրի ներսում և դրսում, սպասվում է, որ նա կընտրվի նախագահ այս տարվա օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ ուրախ կլինեն տեսնել Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները

վոլեյբոլՀուլիսի 3-ին Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները:

Իրավուն ենք ստացել մասնակցել անցյալ տարվա 1-4 տեղեր գրաված թիմերը: պայքարի ոլորտ կներգրավվեն նաև նոր կազմավորված4-ական թիմեր:

Տարոն Առաքելյանը ձյուդոյի Եվրոպայի վետերանների առաջնության արծաթե մեդլակիր

images-ձյուդո1Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված  ձյուդոյի վետերանների Եվրոպայի առաջնությունում  Հայաստանը ներկայացնող Տարոն Առաքելյանը ,M2 խմբում երեք անընդմեջ հաղթանակ տանելով դուրս եկավ եզրափակիչ: Ցավոք վճռական գոտեմարտում մեր մարզիկը  ռուսաստանցի Վիտալի Շաբանովին և բավարարվեց արԾաթե մեդալով:

Հաջողության հասան նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցները: Ամպիկ Էկսուզյանը M1 խմբի 60 կգ քաշային կարգում ճանաչվեց 2-րդը, իսկ Գրիգորի Գարյանցը M3 խմբում +100 կգ քաշայինների պայքարում գրավեց 3-րդ տեղը:

«Բանանցը» թեև պարտվեց ՉԼ մրցաշարում, բայց կարող է շտկել իրավիճակը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում Երևանի «Բանանցը» որակավորման մրցումների առաջին շրջանի առաջին խաղն անցկացրեց արտագնա և  0:1 հաշվով պարտվեց Անդորրայի «Սանտա Կոլոմա» ակումբին:

5-րդ րոպեին տանտերերից գոլի հեղինակ դարձավ անդորրացիների թիմի ավագ Մարկ Պույոլը:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 8-ին Երևանում: Այնպես որ, «Բանանցը» կարող է շտկել իրավիճակը:

Այս զույգի հաղթողը  որակավորման մրցումների  երկրորդ փուլում կխաղաի Թել Ավիվի «Մակքաբիի» հետ։

 

Տեխնիկական արդյունքներ

ՉԼ որակավորման առաջին փուլ, առաջին խաղ 

 

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) – «Բանանց» (Հայաստան)՝ 1:0 

Մարկ Պույոլ, 5

 

«Բանանցը»հանդես եկավ հետևյալ կազմով.

Արթուր Թորոյան, Արտաշես Առաքելյան, Ֆոֆանա Սեկու, Արամ Շախնազարյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արամ Լոռեցյան, Մաքսիմ Ուսանով (Վահագն Այվազյան, 74), Արեգ Ազատյան (Վալտեր պողոսյան, 59), Գևորգ Կարապետյան, Գևորգ Նռանյան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մրցակից զույգերը

բրազիլիաԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակչի մրցակից զույգերը:

Խաղերը կկայանան հուլիսի 4-5-ին:

Հուլիսի 4-ին

Բրազիլիա – Կոլումբիա (Ֆորտալեզա)

Ֆրանսիա – Գերմանիա (Ռիո դե Ժանեյրո)

 

Հուլիսի 5-ին

Հոլանդիա – Կոստա Ռիկա ( Ռիո դե Ժանեյրո)

Բելգիա – Արգենտինա ( Բրազիլիա)

 

Բելգիայի ֆուտբոլի հավաքականը դժվարին հաղթանակ տարավ ԱՄՆ-ի թիմի նկատմամբ

0101Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև Բելգիայի հավաքականը: Այսպիսով, հայտնի դարձան բոլոր` 8 թիմերի անունները, որոնք շարունակում են պայքարը պատվավոր ավարի համար: Իսկ բելգիացիները 1/8 եզրափակչում լրացուցիչ խաղաժամանակում 2:1 հաշվով հաղթեցին ամերիկացիներին: Սալվադորում կայացած խաղի հիմնական ժամանական ավարտվեց 0:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանիի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

1/8 եզրափակիչ

 

Բելգիա – ԱՄՆ՝ 2:1

Կեւին դե Բրույնե, 93, Ռոմելու Լուկակու, 105 – Յուլիան Գրին, 107

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոբի Ալդերվեյրելդ, Դանիել վան Բույտեն, Վենսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Ակսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Կեւին դե Բրույնե, Էդեն Ազար (Նասեր Չադլի, 111), Դրենս Մերտենս (Կեւին Միրալյաս, 60), Դիվոկ Օրիջի (Ռոմելու Լուկակու, 91):

ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն (Դեանդրե Յեդլին, 32), Ջեֆ Քեմերոն, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Օմար Գոնսալես, Գրեմ Ժուսի (Կրիս Վանդալովսկի, 72), Մայքլ Բրեդլի, Ալեխանդրո Բեդոյա (Յուլիան Գրին, 107), Քլինթ Դեմփսի:

Օրացույցի այս օրը

3016–         Այսօր Սպորտային լրագրողի միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի շատ երկրներում, հուլիսի 2-ին, սկսած 1995-ից` Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Այդ ամսաթվի ընտրության համար հիմք է ծառայել մի պատմական իրադարձություն: 1924-ին այդ օրը Փարիզում կազմավորվել է Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան, որն այսօր միավորում է ժուռնալիստների գրեթե 150 ազգային միություն:

–           Այսօր նաև ՉԹՕ-ների համաշխարհային օրն է (Ուֆոլոգի օր)

Ողջ աշխարհում հուլիսի 2-ը նշվում է որպես ՉԹՕ-ի կամ Ուֆոլոգի օր: Այն նվիրված է  տրամաբանական բացատրություն չունեցող երևույթներին ու դրանք ուսումնասիրողներին: «Ուֆոլոգիա» եզրույթը գոյացել է UFO (Unidentified Flying Object) համառոտագրությունից, որի համարժեքը ՉԹՕ-ն է կամ չճանաչված թռչող օբյեկտը: Օրվա ընտրությունը կապված է 1947-ին  հունիսի վերջին կամ էլ հուլիսի սկզբին կատարված այն իրադարձության հետ, երբ ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի  Ռոզուել քաղաքի մոտ գտնվող անապատում  ընկավ մի տարօրինակ օբյեկտ: Շատերն էին համոզված որ այն այլմոլորակայիններով  «թռչող ափսե» էր: Քանի որ այն ժամանակ այդ գործին առնչվող նյութերը գաղնագրվեցին, դրա համար էլ այժմ դժվար է ասել, թե ինչ էր իրականում հայտնաբերվել:

 

Պայթյուն General Motors գործարանում

fireԱմերիկյան ավտոարտադրող General Motors գործարանում, որը գտնվում է ԱՄՆ-ի Մերիոն քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել. տուժել է 4 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պայթյունի պատճառն առայժմ չի հաջողվել պարզել: Չի բացառվում, որ քլորի կամ էլ այլ քիմիական նյութերի արտահոսք եղած լինի: Պատահարի վայրում աշխատում է մի քանի հրշեջ հաշվարկ, բոլոր աշխատակիցները տարհանվել են:

Մերիոնի գործարանում արտադրվում են General Motors ավտոմեքենաների թափքի տարրեր: Գործարանում աշխատում է մեկուկես հազար մարդ:

Վերջերս այս ընկերությանն ասես անհաջողություններն են հետապնդում: Օրերս կոնցեռնը հերթական անգամ հետ կանչեց մեքենաների  մի խմբաքանակ` նորոգման:

Անկախ