Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի: Չելիքը նշել է, որ տարվա առաջին կեսին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, ինչի վրա ազդել են իր անցկացրած բանակցությունները Ռուսաստանում:
«Ռուսաստանը իր 143 մլն բնակչությամբ և զբոսաշրջիկների օրեցօր աճով թվով մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Երկար տարիների է, ինչ Անթալիան շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգաստավայրը»,-նշել է Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը:
Daily Archives: July 29, 2014
Իսրայելը չի պատրաստվում նահանջել. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաքացիներին կոչ է արել պատրաստ լինել երկարատև պատերազմի: Վերջինս խոստացել է, որ չնայած միջազգային հանրության աճող ճնշումների, Իսրայելը կանգ չի առնի, քանի դեռ բանակը չի կատարել իր առջև դրված առաջադրանքը: Նեթանյահուն նշել է, որ ծրագիրը մնացել է նույնը` ոչնչացնել միջսահմանային տասնյակ թունելներ, որոնք օգտագործվում են պաղեստինցիների կողմից իսրայելական տարածքներ անցնելու համար:
«Այս պահին մենք շարունակում ենք ոչնչացնել ահաբեկչական թունելները: Մենք չենք ավարտի այս գործողությունը առանց բոլոր այն թունելների ոչնչացման, որոնք նախատեսված են մեր երեխաների և խաղաղ քաղաքացիների սպանության համար: Մենք պետք է գործենք վճռական և խելամիտ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,-հայտարարել է վարչապետը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:
Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ իրենց ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:
2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:
«Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն: Անշուշտ, լավ անցյալ ունենալը, հերոսական երկար պատմություն ունենալը շատ լավ է, բայց որպեսզի երկարատև պատմություն ունենաս միշտ՝ պետք է հայացքդ ուղղես ապագային: Եվ մեր ժողովուրդը մշտապես այդպես է վարվել: Կարող եմ բերել տասնյակ օրինակներ՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունելուց մինչև Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում հաշվողական մեքենաներ ստեղծելը: Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ: Նույնն էլ վերաբերում է անհատին: Այնպես որ, ես հաճույքով շնորհավորում եմ ձեզ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու կապակցությամբ: Սա մեծ հաջողություն է: Ակնհայտորեն, հաջողություն է, որովհետև աշխարհում, երևի, հարյուր միլիոնավոր հասակակիցներ ունեք, և այդ հարյուր միլիոններից ընդամենը մի քանի հազարին է հաջողվում դառնալ աշխարհի լավագույն տասը բուհերի ուսանողներ: Համոզված եղեք, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, որովհետև յուրաքանչյուր հասարակության հաջողություն, յուրաքանչյուր հասարակության հաղթանակ հանրագումարն է անհատների հաղթանակների, անհատների հաջողությունների:
Ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանօրինակ այլ շատ հաճելի պահեր եմ ունեցել, որովհետև ձեզնից մի քիչ կրտսերները ևս հաջողություններ և հաղթանակներ են ունեցել: Խոսքս վերաբերում է համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներին, որտեղ մեր երեխաները 15 մեդալ են շահել»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը սա շատ լավ արդյունք է համարել՝ նկատի առնելով նաև, որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ: Հայաստանի երեխաների ցուցանիշները, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, շատ քիչ են զիջում տարածաշրջանի մյուս հարևաններին. բազմամիլիոնանոց Իրանից և Թուրքիայից երեխաները շահել են 18-ական մեդալ, իսկ ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Հայաստանից երեխաները շահել են 15 մրցանակ, ինչը մեծ հաջողություն է: Այդ հաջողությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է ոգևորեն մեր երեխաներին, հնարավորություն տան նրանց վստահ նայելու դեպի առաջ, ձեռք բերելու գիտելիքներ նաև այն համոզմամբ, որ այդ գիտելիքներից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը, օգտվելու է հայ ժողովուրդը:
««Լույս» հիմնադրամի նպատակը մեկն է՝ ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ կամ, ինչպես ասում են, կրիտիկական մի զանգված, որը կարողանա Հայաստանն առաջ մղել, որը կարողանա դիմակայել, ինչպես այստեղ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն ասաց, մարտահրավերներին, իսկ մարտահրավերները մեր տարածաշրջանում, ցավոք, շատ են: Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում, ցավոք, միշտ էլ ունեցել է բազմաթիվ մարտահրավերներ: Բայց, ինչպես նաև նշվեց, այդ մարտահրավերները հնարավորություն են. հնարավորություն են ամեն մի փորձությունից ավելի ամուր դուրս գալու, և ինչպես հայտնի մտավորականն էր ասում՝ եթե փորձությունը չի սպանում, ուրեմն ավելի ամրացնում է: Մենք պետք է շատ ավելի ամուր լինենք: Այս տարիների ընթացքում ո՛չ իմ, ո՛չ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների մոտ հիմնադրամի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասել, ընդհակառակը՝ ավելացել է, որովհետև մենք, անկեղծորեն եմ ասում, չէինք սպասում, որ կունենանք այդքան շահառուներ, կունենայինք այդքան երիտասարդներ, ովքեր մրցունակ են և ոչնչով չեն զիջում ամենազարգացած երկրների իրենց հասակակիցներին: Ես շատ լավ հասկանում եմ, և մենք դա արել ենք գիտակցաբար, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, և դա նաև մեր առավելությունն է: Ես վստահ եմ՝ ո՛ր երկրի քաղաքացի էլ լինեք, կամ էլ լինելով Հայաստանի քաղաքացի, սովորեք դրսում, դուք պարտավոր եք ապրել Հայաստանով, ձեր ժամանակի մի հատվածն անպայման նվիրել Հայաստանին: Առանց Հայաստան կենսունակ սփյուռք լինել չի կարող, այնպես, ինչպես ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց ուժեղ սփյուռքի»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը «Լույս» հիմնադրամի բոլոր շահառուների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում ոչ պետական այս հիմնադրամում և մտահոգված են մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայով և պատրաստ են իրենց ունեցածից մաս հանել, որպեսզի Հայաստանը կարողանա զարգանալ ու հարատևել:
Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել հանդիպման մասնակիցներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել նրանց ցանկացած հարցի, լսել «Լույսի» ուսանողների և շրջանավարտների գաղափարները, կարծիքները, տեղեկանալ նրանց կողմից կատարվող աշխատանքների մասին:
Վրաերթ Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում
Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման ուղղությամբ աշխատանքները
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները.
«Կանաչապատման գործընթացը պահանջում է մշտական հետևողականություն և խնամք, հետևաբար հսկողությունն այս ուղղությամբ ևս պետք է լինի անընդհատ: Այս տարի մենք ավելի քան 20 կմ ընդլայնեցինք ոռոգման ցանցը: Սա կարևոր ձեռքբերում է կանաչապատման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և, ըստ այդմ, ենթադրվում է, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի կանաչ տարածքների, մասնավորապես, սիզամարգերի ստեղծմանն ու պահպանմանը: Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, և ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներից բացի, վարչական շրջանների պատասխանատուները նույնպես անելիքներ ունեն այս հարցում: Անձամբ պետք է լինել տեղերում և հետևել, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանկացվի բուժօգնության անվճար ակցիա
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227:
«Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 տղա, 261 աղջիկ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օգոստոսի 1-ից 15-ը բուժօգնության անվճար ակցիայի կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասը լուծում է ստացել
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ:
Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնապահպանության նախարարությունը կայացրել է 1.55մլն. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 213.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ: Հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10գծմ ձկնորսական ցանց:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն.դր. գումար:
Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի դիվանագիտական ակադեմիայիայի ղեկավարության հետ
Հուլիսի 28-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ` Նգույեն Տհայ Յեն Հունգի գլխավորությամբ:
Յեն Հունգը ծանոթացրեց դեսպանին ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հաստատության գիտական և հետազոտական գործունեությանը, դիվանագիտական կադրերի պատրաստման գործընթացին, ինչպես նաև նրանից տեղեկացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային հարաբերությունների մի շարք արդիական խնդիրների, քաղաքագիտության և դիվանագիտության ուսումնասիրման առանձնահատկություններին, կադրերի պատրաստմանն առնչվող հարցերի, քննարկեցին Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության հնարավորությունը:
Դեսպան Վարդանյանը Յեն Հունգին տեղեկացրեց նաև խորհրդային շրջանում երկու երկրների միջև կրթության ոլորտում եղած հաջող համագործակցության մասին և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերականգնել և ավելի խորացնել երկխոսությունը այդ ոլորտում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել երկու հաստատությունների, ինչպես նաև ՀՀ այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ` փորձի փոխանակման, ուսանողների փոխայցելությունների, ինչպես նաև գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ:
Յեն Հունգը դեսպան Վարդանյանին հրավիրեց դասախոսությամբ հանդես գալու ակադեմիայում հայ-վիետնամական, հայ-ֆիլիպինյան հարաբերությունների, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև, որպես փորձագետ, կոնֆլիկտների կարգավորման թեմաներով:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն հայտնեցին արդյունավետ քննարկման և սկսված երկխոսության առնչությամբ և պայմանավորվեցին շարունակել փոխգործակցությունը՝ նշված ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ադրբեջանը Ռուսաստանից կգնի Յակ 130 ուսումնամարտական ինքնաթիռներ
Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը: Այդ մասին գործակալությանը հաղորդել են ինքնաթիռ արտադրող “Իրկուտ” ընկերությունից:
Ռուսական կողմն ինքնաթիռը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար:
Ըստ գործակալության` անցյալ տարի Ռուսաստան մեկնած ռազմական օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռներով և մոտիկից ծանոթացել դրա տեխնիկական ու տակտիկական ցուցանիշներին:
“Որոշ գործընթացներ են իրականացվում: Կարծում ենք` առաջիկայում Ադրբեջանը կներառվի Յակ-130 օգտագործող երկրների թվում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը, սակայն չի նշել Ադրբեջանին տրամադրվելիք ինքնաթիռների ստույգ քանակը:
Երկտեղանոց ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռը նախատեսված է “4+++” և “5” սերնդի մարտական ինքնաթիռների օդաչուներ պատրաստելու համար:
Որ նորից բարձրաձայն խոսեն ջրացատկի հայկական դպրոցի մասին
Սարգսյանները բնիկ լոռեցիներ են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վանաձորցի Հրաչյան ամուսնացավ գեղեցկատես Կարինեի հետ ու մեկնեց Ստավրոպոլ: Երկրորդ զավակին կնքեցին Լևոն անունով: Որպեսզի որդին օտար հողում չխեղճանար, նրան անվանեցին Լև , որ առյուծասիրտ տղա դառնար: Այդպես էլ եղավ :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հաճելի զրույց տեղի ունեցավ տիկին Կարինեի և որդու հետ : Համադասարանցի ռուս տղաների հետ է հայորդին ոտք դրել լողավազան : Մարզիչն առաջինն է 12 տարին բոլորած հայ ջրացատկորդին ասել , որ եթե նա Ռուսաստանի հավաքականում տեղ չունենա , ապա կարող է համալրել հենց Հայաստանի թիմը : Այս մասին երախտագիտությամբ է հիշում Լևը : Բայց նա ներքին , ինչպես նաև արտագնա մրցաշարերում մշտապես տեղ էր ունենում մրցանակակիրների շարքում ու ամրապնդվում , հաստատվում էր Ռուսաստանի ջրացատկի պատանեկան թիմում : Այս մասին իմանալով , ծնողները որդուն անմիջապես բերեցին Հայաստան և նախնական պայմանավորվածության համաձայն հանձնեցին շնորհալի մարզիչ Հրաչյա Չանդիրյանին : Այս պարագայում հայրենիքում հաստատվելու համար օգնության ձեռք մեկնեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մարզաձևի հանրապետական ֆեդերացիան :
Լևը խոսում է մայրենի լեզվով : Ասաց , որ հայկական ջրացատկի մասին առաջին անգամ լսել է ռուս մարզչից , ով հայ պատանուն պատմել է անզուգական Դավիթ Համբարձումյանի մասին : Նույն օրը տղան համացանցում կլանված կարդացել , ուսումնասիրել է նաև Սիրվարդ Էմիրզյանի մարզական կյանքը : Իսկ հայկական ջրացատկի ,, առաջին ծիծեռնակ .,, , ԽՍՀՄ բազմակի չեմպիոն , Լեհաստանի հավաքականի մարզիչ Սերժ Քոչարյանի հետ Հրաչյա Չանդիրյանն է ծանոթացրել 2013 թ. Բարսելոնում տեղի ունեցած աշխարհի առաջնության օրերին :
18-ամյա Լևոնը ջերմությամբ է խոսում իր երևանցի մարզչի մասին : Հենց նա է մանրակրկիտ ուսումնասիրել , բացահայտել սանի ուժեղ և թույլ կողմերը , գնահատել նրա ունակությունները , ակնարկել 10 մ . աշտարակի վրայից , հետկանգ դիրքից , 4 , 5 պտույտով ջրամուտ կատարելու մասին : Եվ համարձակ սանը , Եվրոպայում / գուցե նաև աշխարհում / երկրորդ աշտարակացատկորդը դարձավ , որ խիզախեց կատարել գերբարդագույն այդ ցատկը : Բայց ջրամուտը դեռևս հստակ չէ : Ճողփյունով , բարձր ու ցայտուն ջրաշիթերի պատճառով փորձնական ցատկը կարելի է գնահատել ընդամենը
4,5- 5 միավոր :
Լևը չմոռացավ ասել , որ Հայաստանի համար նանջինգյան ուղեգիրն ինքը չի նվաճել : Այդ պատիվը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում , փետրվարին տեղի ունեցած վարկանիշային միջազգային մրցաշարում , ձեռք է բերել 16 –ամյա շնորհաշատ Վլադիմիր Հարությունյանը : Այնուհետև նա վնասվածք ստացավ և խաղեր մեկնելու համար վճռորոշը 2014 –ի հուլիսին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր : Վլադիմիրը գրավեց 11 –րդ , Լևը ` 7 –րդ տեղը : Նշենք , որ մինչև վերջին ` 9 –րդ ցատկը նա ընթանում էր երրորդ տեղում և համարվում էր առնվազն բրոնզե մեդալի իրական հավակնորդը :
Ավելորդ չենք համարում հիշել Լևի հիացական կարծիքը իր մարզչի և նշած թիմակցի մասին : Բանն այն է , որ Չանդիրյանի մասնագիտական նուրբ հոտառության շնորհիվ , դեռևս պատանեկությունը չհաղթահարած Վլադիմիրը առաջկանգ դիրքից կատարում է կրկին 4 , 5 պտույտով աշտարակացատկ : Վլադիմիրի բարդագույն ցատկը կարելի է գնահատել առնվազն հինգ միավոր :
Պատանի օլիմպիականը չափազանց ոգևորված է երևանայան մարզումներով , լեգենդար Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի ,, փափուկ ,, ջրով , իր հանդեպ ծնողական վերաբերմունք դրսևորող Հրաչյա Չանդիրյանով :
Ընթացիկ մրցաշրջանում Լևն արդեն ուրախացել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելու կապակցությամբ : Նա շատ է
ուզում , որ Նանջինգում արդարացնի հույսերը , բարձրացնի թիմակցի շնորհիվ ստացած ուղեգրի արժեքը ,որ աշխարհում նորից բարձրաձայն խոսվի հայկական ջրացատկի դպրոցի մասին :
Եվ նա իրենը կանի : Գիտե , որ իր համար այս մրցաշրջանը կավարտվի սեպտեմբերին ու դրանից հետո ընկեր Հրաչը քրտնաթոր մարզումներում կսկսի հղկել սաների բարդագույն ցատկերը և մանավանդ դրանց ավարտը ` նուրբ, դասական ջրամուտը :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին
Լևանդովսկին նոր թիմի կազմում իրեն լավ է զգում
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկին, նոր թիմի կազմում իրեն լավ է զգում և ընկերական խաղերում արքի է ընկնում արդյունավետությամբ:
Նա հայտնել է, որ, որ փոսկում է հասկանալ իր նոր խաղընկերներին, նաև խոստովանել է, որ իրավագույն մարզավիճակը դեռևս չի վերագտել:
«Առաջին իսկ օրվանից լիովին փոխըմբռնման եմ հասել թիմակիցներիս հետ: Աստիճանաբարի այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, սակայն ինձ դեռ ժամանակ է պետք, որպեսզի «Բավարիայում» ինձ լիավոին անկաշկանդ զգամ»,-ասել է Լևանդովսկին:
Գետք գյուղում կատարված սպանության հետքերով
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն արգելել է խաղացողներին ներկել մազերը
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: Նա նշել է, որ ազգային թիմում հանդես գալու ընթացքում հավաքականի ֆուտբոլիստներին կարգելվի ներկել մազերը: «Կարգելեմ, որ ֆուտբոլիստները ներկեն մազերը: Նրանք կարող են այդ անել մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ավարտից հետո, սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած մրցումների ընթացքում նրանք պետք է մտածեն միայն հաղթանակների մասին:Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ինձ համար կարևոր է, որ նրա բոլոր մտքերը կապված լինեն ֆուտբոլի հետ: Չեմ պատրաստվում ընդգրել նրան ազգային թիմի հիմնական կազմում միայն այն պատճառով, որ նա աշխարհում հայտնի է»,- ասել է Դունգան:
Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներ
Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:
Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորեց ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Դեսպան Մնացականյանը նաև նշեց Միավորված Ազգերի Կազմակերպության բացառիկ հնարավորությունները` խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և խթանման հարցում:
Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին` դեսպանն ընդգծեց այն զգալի ներուժը, որը երկիրը ձևավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում` մասնավորապես հիշատակելով ՀՀ Զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:
Իր ելույթում դեսպան Մնացականյանը մասնավորապես նշեց. «Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է: Որպես ԵԱՀԿ անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համագործակցում` խաղաղապահության նախապատրաստման գործում»:
Տարբեր մուտքեր հարուստների ու աղքատների համար
Լոնդոնյան կառուցապատողները վերջերս բավականին տարօրինակ միտման են հետևում: Բազմաբնակարան շենքեր կառուցելիս առանձին շքամուտքեր են կառուցում ունևոր բնակարանատերերի ու «հետնամուտքեր»` աղքատների համար: Շինարարության թույլտվություն ստանալու համար կապալառուները նույնիսկ «էլիտար» շենքերում բնակարաններ են թողնում ոչ այնքան ունևոր քաղաքացիների համար: Սակայն, արդյունքում, նրանց ստիպում են օգտվել առանձին մուտքից:
Ինչպես Guardian-ն է գրում, այդ միտումը ստացել է արդեն «դռներ աղքատների համար» անունը: Ավելին.նման շենքերում աղքատների ու հարուստների աղբատարները, փոստարկղերն ու հեծանվատեղերն էլ են առանձին:
Այդ երկակի ստանդարտներին է ուշադրություն դարձրել բրիտանական Կանաչների կուսակցությունը: Քաղաքական այդ միավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ դա կառուցապատողների «ոչ հարգալից վերաբերմունք է հասարակ մարդկանց հանդեպ»:
Ինչպես նշում են լրագրողները, նման միտում էլ նկատվում է Նյու Յորքում: Սակայն, քաղաքապետ Բիլլ դը Բլազիոն արդեն խոստացել է միջոցներ ձեռնարկել կառուցապատողների նկատմամբ, ովքեր նման բան են թույլ տալիս:
Նյու Յորքի շենքերից մեկում տեղ գտած նման երևույթը հասարակական մեծ արձագանք է ստացել ու նույնիսկ լրատվամիջոցներն են դրան անդրադարձել, իսկ այ Լոնդոնում, երևում է , ոչ ոք նման բաների վրա չի զարմանում:
Կանաչների կուսակցության ներկայացուցիչն ասում է, որ դա անհարգալից ու արհամարհական վերաբերմունք է հասարակ մարդկանց նկատմամբ: Կառուցապատողները, փաստորեն, ցանկանում են բնակարան վաճառել հարուստ ներդրողներին, ովքեր էլ իրենց հերթին չեն կամենում ոչ մի ընդհանուր բան ունենալ տեղի հասարակ մարդկանց հետ:
Նրա խոսքով, քաղաքապետն ու քաղաքային իշխանություններն արդեն վաղուց աչք են փակում այդ խնդրի վրա: Նա կարծում է, որ պարզապես նման շենքեր չպետք է կառուցվեն:
Իրենք` շինարարները նշում են, որ առանձին մուտքերը հենց իրենց ` բնակիչների բարօրության համար է, որ նվազ ապահովվածները կարող են «հետնամուտքից օգտվել» ու «լրացուցիչ» ծառայությունների համար գումար չվճարել:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 25-ից 29-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 61 դեպքից բացահայտվել է 51-ը, խուլիգանության 5 դեպքից՝ 4-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության` 21, ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 13 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4, սպանության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է 60 թիմ։ Եզրափակիչ հասած երեք թիմերով վերջին խաղերի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Դավթաշեն» թիմը։
Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ավելի ու ավելի հանրայնացող «Բանավեճի ակումբը» կայացող հարթակ է երիտասարդների համար՝ իրենց հուզող հարցերի շուրջ գրագետ քննարկումներով ինքնարտահայտման համար։
«Ակումբի գործունեության արդյունքներից մեկն էլ այն է, որ երիտասարդները կարողանում են սթափ միտքը գերադասել էմոցիային, իրադրությունը վերլուծել՝ չհեռանալով իրականությունից, պատկերացնել խնդրի ռեալ պատճառը, խոչընդոտը, վերհանել լուծման ուղիներ։ Արդեն երկրորդ տարեշրջանն է, ինչ «Բանավեճի ակումբը» երիտասարդների քննարկմանն է առաջարկում ամենասուր քաղաքական հարցերից մինչև կենցաղային նշանակության թեմաներ, այն ամենը ինչ հուզում է երիտասարդներին ու կարող է քննարկման առարկա դառնալ։ Ստեղծվում է սոցցանցերի և այլ քննարկումներին առավել առողջ ու արդյունավետ այլընտրանք, կենդանի շփում, բուռն բանավեճ, որը մերժում է շատախոսությունը և հաճախ դառնում է առաջարկություն, ինչպես, օրինակ, հեծանվուղու ծրագրի դեպքում էր։ Այդպիսով, ակումբը նաև գործնական նշանակություն ունի. հաճախ քննարկվում են քաղաքապետարանի՝ երիտասարդներին վերաբերող և այլ ծրագրեր, վերհանվում, զտվում է դրանց նպատակահարմարությունը՝ երիտասարդների տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
«Բանավեճի ակումբ»-ի խաղերի ժյուրին կազմված է տարբեր մասնագետներից, որպեսզի յուրաքանչյուր խաղ-քննարկմանը ներկա լինի թեմային գիտակ անդամ։
Երկրորդ տարեշրջանի, առաջին խաղափուլը մեկնարկել էր փետրվարից։ Մասնակից 60 թիմերից 35-ը ի սկզբանե որպես թիմ էին հայտագրվել, իսկ 25-ը ձևավորվել էին անհատ հայտատուներից։
Այս տարեշրջանի երկրորդ խաղափուլի թիմերի հայտագրումը կմեկնարկի օգոստոսի կեսերին, կազմակեպիչների խոսքով՝ խստացված պահանջներով, քանի որ ակումբը կայացման հաստատուն ուղիով է ընթանում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իսպանիայի թագավորի նոր որոշումը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ընտանիքի անդամներին արգելել է աշխատել մասնավոր ընկերություններում, գրում է El Pais-ը:
Արգելքը վերաբերում է ինչպես իրեն, այնպես էլ թագուհի Լետիցիային ու նրանց դուստրերին` Լեոնորին ու Սոֆիին, գահից հրաժարված Խուան Կառլոսին ու նրա տիկնոջը` Սոֆիին:
Բացի այդ, Ֆիլիպ VI-ն արտաքին աուդիտորներին թույլ է տվել 2015-ից ստուգել թագավորական ընտանիքի հաշիվները: Այդ որոշումներն ընդունվել են թագավորի խոստացած իսպանական միապետության մոդեռնիզացման շրջանակներում: Ավելի վաղ Ֆիլիպ VI-ը հայտարարել էր, որ ցանկանում է ավելի «թափանցիկություն» ստեղծել:
Մահապարտը պայթեցրել է Աֆղանստանի նախագահի եղբորը
Աֆղանստանում սպանվել է նախագահ Համիդ Կարզայի հորեղբոր որդին` Հաշմատ Կարզայը: Ահաբեկիչը եկել է Հաշմատ Կարզայի տուն` որպես հյուր, որ իբր շնորհավորի Իդ Ալ-Ֆիտրի (Ուրազ-բայրամ) առթիվ: Դրանից հետ զինյալը գործի է դրել պայթուցիչ սարքը.բացի Հաշմատ Կարզայից ոչ ոք չի զոհվել:
Հուլիսի 17-ին զինյալները Աֆղանստանի նախագահի նկատմամբ մահափորձ կատարեցին: Դրա հետևանքով պետության ղեկավարի պաշտպանության ծառայությունից 4 մարդ վիրավորվեց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















