Ռուսական միգրացիոն քաղաքականությունը` երկսայրի սուր

միգրացիաՌուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Պարբերաբար ռուսական, նաև հայկական ԶԼՄ-ներով լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան դժվարացվում է: Թվում է` ռուսական նոր միգրացիոն օրենքներն աշխատանքային միգրանտների համար անհաղթահարելի պատնեշներ են կանգնեցնում: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երես. միգրանտների համար մուտքը դժվարացնում են, սակայն այլ օրենսդրական փոփոխություններով ու ծրագրերով (օրինակ` «Հայրենակիցներ» ծրագիրը) երկիր մտնելու արգելքին դեմ առածների միջից զտում ու արդեն որպես քաղաքացի հավաքագրում են իրենց պետքականներին:
Այսպես, այս տարվա սկզբին ուժի մեջ մտան «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են ամեն 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր գտնվել: Մեկ այլ օրենքով էլ վարչական և այլ իրավախախտում թույլ տված քաղաքացիներին 3-5 տարով արգելում են Ռուսաստան մուտք գործել:
Այս ֆոնին տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների «բանը բուրդ է», և առնվազն 60-80 հազար հայ ընտանիքներ զրկվեցին իրենց օրվա ապրուստից: Խնդիրն անհանգստություն առաջացրեց նաև պետական մակարդակով, և պաշտոնյաները գործի անցան:

Բայց այս խստացումներին զուգահեռ` ՌԴ-ում այլ օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այսպես, նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության տարածքների բնակիչները, որոնք տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Դա, սակայն, հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հրաժարվեն «օտար» պետության քաղաքացիությունից: Մեկ այլ օրենքով էլ խոշոր տուգանքներ սահմանվեցին այն անձանց համար, որոնք կթաքցնեն երկքաղաքացիությունը:

Հասկանալի է, որ այս պարագայում օրվա հացի խնդիր ունեցող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք նախկինում արտագնա աշխատանքով էին ապրուստ վաստակում, կնախընտրեն ռուսական քաղաքացիությունը: Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանից առանց այդ էլ մեծ ծավալի արտագաղթն ավելի կուժգնանա: Սակայն Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Yerkir.am-ին ասել է, որ «միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օգտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»: Այսինքն` պետական մակարդակով, գոնե արտաքուստ, դեռ չեն անհանգստանում արտագաղթի հնարավոր աճից:

Հայ միգրանտների համար իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին նաև մեր պաշտոնյաները: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ռուսական կողմը հայ միգրանտների համար որոշակի արտոնություններ սահմանեց, որոնք կմեղմեն արգելքները և հայերին Ռուսաստանում նախկինի պես աշխատելու որոշակի հնարավորություններ կտան:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ ամիս հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` վարչական իրավախախտումներ թույլ տված հայ միգրանտների հանդեպ ՌԴ-ում այլևս պատժամիջոցներ չեն կիրառվի. «Պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում այլևս հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամնիստիոն վերաբերմունք»:

Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաև Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար: Նախատեսվում է նաև, որ ՀՀ քաղաքացիները, առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի կկարողանան աշխատել ՌԴ տարածքում: Նախատեսվում է, որ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի մեկից: Սակայն երկու երկրների միջև համաձայնագիրը դա ավելի շուտ կիրառելու հնարավորություն է տալիս:

Իհարկե, նման պայմանավորվածությունները հարցի ժամանակավոր լուծում են: Որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, որ վաղը ՌԴ-ում օրենքի նոր փոփոխություն չի լինի, որն էլի կստիպի հայերին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից կամ էլ գայթակղվել առաջարկված գրավիչ պայմաններից ու համալրել Սիբիրի բնակիչների շարքերը` լքելով Հայաստանը: Այս վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված կլինի մեր գլխին, քանի դեռ չունենք բավարար քանակությամբ աշխատատեղեր, ունենք գործազրկության բարձր մակարդակ և տրանսֆերտների հաշվին գոյատևող հազարավոր ընտանիքներ:

 

Արտագաղթի լավ պայմաններ հանուն արտագաղթի

Գևորգ Ավչյան«Մարդը հայրենիքում իրեն պիտի տեր զգա: Եթե նա իրեն ճորտ է զգում մի տարածքում, որը նրան որպես հայրենիք է մատուցվում, նրա մեջ կամա-ակամա առաջանում է նաև մերժողական վերաբերմունք: Եվ այստեղ ցավալի մի բան էլ կա. այն, որ հաճախ հայրենիք և իշխանություն հասկացությունները նույնացնում են, ինչը ամենամեծ խնդիրն է»,- արտագաղթի վերաբերյալ օրերս ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Գոնե կիմանամ, որ ինձ չի հարգում օտարը, ոչ թե սեփական պետությունս

Օրերս հերթական մտերիմս լքեց Հայաստանը` 29-ամյա գործունյա, աշխույժ ու կյանքով լեցուն Արմանը: Նա բարձրագույն կրթություն ունի` բնակավայրերի կանաչապատման ու անտառատնկման մասնագիտացմամբ, շատ էր սիրում իր մասնագիտությունն ու հպարտանում դրանով, թեպետ երբեք իր մասնագիտությամբ չէր աշխատել ու չէր զբաղվել: Ու չնայած իր բարձրագույն կրթության դիպլոմում նշված մասնագիտությանը, Արմանը վերջին 3-4 տարիներին ձեռներեցությամբ էր զբաղվում, բավականին հաջող: Իսկ իր գործը սկսել էր պաղպաղակ պատրաստող փոքրիկ սարք վարձակալելով ու իրենց բակում պաղպաղակ վաճառելով, այնուհետև պաղպաղակի տաղավարի կողքին ավելացրել էր դարակաշար ու նաև միրգ-բանջարեղեն էր վաճառում: Մի քանի ամիս հետո արդեն խանութ վարձեց, որտեղ վաճառում էր ոչ միայն պաղպաղակ, միրգ ու բանջարեղեն, նաև ձուկ, գինի, գարեջուր, խեցգետին: Աշխատանքից ու եկամտից էլ գոհ էր, արդեն փոքրիկ բիզնեսն ընդլայնելու ծրագրեր էր մտմտում: Մեկ էլ անցյալ տարի մի օր լսեցի, որ Արմանն իր խանութը փակում է: Հարցրի պատճառը, պատասխանեց կարճ ու տրամաբանական. դրանից մեկ տարի առաջ իր խանութում հաճախորդի պակաս չէր զգացվում, հաճախորդներն էլ ավելի շատ գնումներ էին կատարում, իսկ այդ տարի «բակի ժողովրդի մեծ մասն արտագաղթեց, հիմա հաճախորդ չկա, խանութ մտնողներն էլ խնայելով են գնումներ անում, մարդիկ փող չունեն: «Անցյալ տարվա համեմատ էս տարի օրական 3-4 անգամ քիչ առևտուր եմ անում, արդեն ձեռքի փող էլ չեմ կարողանում աշխատել»:
Խանութը փակելուց հետո Արմանը վերջին մեկ տարում մի քանի մանր-մունր գործեր էլ արեց ձեռքի հետ: Շատ փոքր քանակով` մեկ ուղևորի ուղեբեռի չափով, ավտոմեքենայի քսայուղ էր բերում հարևան Վրաստանից ու հարմար գներով վաճառելով` գլուխը պահում, բայց մի օր, չնայած սահմանին բոլոր հարկերն ու տուրքերը մուծում էր, պարզվեց, որ ինչ-որ մեկը խոշոր քանակներով ներկրում է այդ քսայուղերը, ու Արմանի պես «մանր-մունր» ներկրողներին արդեն չեն թույլատրում նման ապրանք բերել երկիր: Հետո էլի ինչ-որ բաներ մտմտաց, ու մի էլ օրերս հանկարծակի զանգեց` «Գնում եմ, աղբե՛ր, երևի էլ չեմ էլ գա»:

Եվ Արմանը գնաց Ռուսաստան` Մոսկվա` իր չսիրած ու երբևէ չարած գործով զբաղվելու` կահույքի արտադրամասում աշխատելու: Մեկնելու օրը, սակայն, ինքնաթիռի թռիչքից մի քանի ժամ առաջ սիրտը մի լավ բացեց:
«Տեսնում եմ, որ ով գնում ա ու դրսում սկսում անել էն, ինչ որ Հայաստանում էր անում, հաջողության ա հասնում, աղբեր, գիտես` երբեք չեմ մտածել Հայաստանը թողնելու մասին, բայց դե ինչ անեմ: Հիմա հնարավորություն ա բացվել, կանչում են, հարազատ մարդ ա, հազար անգամ կանչել ա, չեմ գնացել. էս անգամ որոշեցի` գնամ: Գիտեմ, որ էնտեղ ինձ չեն հարգելու, վերաբերվելու են որպես գաստարաբայտերի, բայց էդ ոչինչ: Համ էլ ի՞նչ տարբերություն, մեկ ա, էստեղ էլ իմ պետությունն ինձ չի հարգում: Ավելի լավ ա գնամ ու հոգուս մխիթարանք լինի, որ օտարի պետությունը ինձ որպես օտարի չի հարգում, ու հենց տենց էլ պիտի լիներ, քան գիտակցեմ, որ սեփական պետությունը, չինովնիկները ինձ չեն հարգում: Ստեղ չեմ մնում, Հայաստանը թող ձեզ մնա, ավելի ճիշտ` մեր չինովնիկներին, թող մենակ իրանք մնան էս երկրում»,- արագ-արագ վրա էր բերում Արմանը, բայց երկու տարեկանից նրան ճանաչելով` աչքերի մեջ տեսնում էի, որ ոչ թե ինձ է փորձում համոզել, այլ իրեն…

Սուս, պետությունը մտածում է «միգրանտների» մասին

Հրանուշ Խառատյանը նշում է նաև, որ ո՛չ հասարակության և ո՛չ էլ իշխանությունների կողմից արտագաղթը երբևէ լրջորեն չի գնահատվել և չի ընկալվել իր իրական ծավալներով ու պատճառահետևանքային կապերով:

Մի՞թե, կարծես թե լավ էլ ընկալել է, նույնիսկ որոշ քայլեր էլ է ձեռնարկել գիտաժողովներից, ձևական ուսումնասիրություններից, հայտարարություններից բացի: Բայց, իհարկե, հակառակ մտայնությամբ` արտագաղթը խթանելու: Հակառակ դեպքում կառավարությունը հուլիսի 3-ին չէր հաստատի ՀՀ և ՌԴ միջև միգրացիայի ոլորտին վերաբերող երկու համաձայնագիր:

Առաջին համաձայնագրով սահմանվում է, որ կողմերի տարածք մուտք գործելուց հետո երկու երկրների քաղաքացիները կարող են հաշվառման կանգնել 30 օրվա ընթացքում: Մինչ այս համաձայնագիրը գործող կանոնների համաձայն` ՌԴ մեկնելիս մեր քաղաքացին պարտադիր 7 օրվա ընթացքում պետք է հաշվառման կանգներ, ու եթե այդ ժամկետը խախտվում էր, առաջանում էին անցանկալի հետևանքներ, ընդհուպ մինչև մուտքի արգելք 3 տարի ժամկետով:

Երկրորդ համաձայնագիրն ավելի տարողունակ ու կարևոր հարցեր է լուծում: Կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ աշխատանքային գործունեության թույլտվության:
«Այսօր մեր քաղաքացին, որպեսզի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, դիմում է համապատասխան մարմիններին` ներկայացնելով սահմանված փաստաթղթեր, վճարելով պետական տուրք, սպասելով որոշակի ժամանակահատված, և արդյունքում որոշում է կայացվում կա՛մ դրական, կա՛մ բացասական` թույլատրել կամ մերժել: Այս համաձայնագրով այդ թույլտվությունը մեջտեղից հանվում է, այսինքն` աշխատաշուկան դառնում է միասնական. ինչպես Ռուսաստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կունենա, այնպես էլ Հայաստանի քաղաքացին»,- համաձայնագրերի էությունը լրագրողներին բացատրեց ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Երկրորդ համաձայնագրով սահմանվում է նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում համարվում է, որ անձն օրինական է գտնվում ՌԴ տարածքում, և ոչ միայն անձը, այլև նրա ընտանիքի անդամները: Այս առումով էլ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետն ընդգծում է. «Հաշվի առնելով, որ Հայաստան-Ռուսաստան միգրացիոն շրջանառությունը գերակա նշանակություն ունի մեր երկրի համար, այս նպաստավոր պայմանները մեր շատ քաղաքացիների համար դյուրություններ կբերեն»:

Այսինքն` դյուրություն կբերի ոչ միայն ՀՀ քաղաքացու` արտագնա աշխատանքի մեկնելու, այլև ընտանիքը հետը տանելու` արտագաղթելու հարցում:
Հայաստանից հատկապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, որոնց ընտանիքը մնում է այստեղ, տարեկան գոնե մեկ անգամ գալիս է Հայաստան` հարազատներին տեսակցելու: Վերջին շրջանում բազմաթիվ են հրապարակումները, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ կամաց-կամաց փորձում են, թեկուզ դժվարությամբ, իրենց ընտանիքներն էլ տանել, այդպիսով թե՛ տարեկան մեկ անգամ Հայաստան գալու հետ կապված դժվարություններն ու ծախսերը քչացնելու, թե՛ աշխատած գումարը երկու տեղ` իրենց ու ընտանիքի վրա առանձին-առանձին չծախսելու նկատառումներից ելնելով: Ու եթե աշխատանքային միգրանտի համար ընտանիքը հայրենիքի հետ ամենաուժեղ կապն է, ապա այժմ այս համաձայնագրերով այդ աշխատողը հնարավորություն կստանա իր ընտանիքը նույնպես օրինական հիմունքներով Ռուսաստան տեղափոխելու, ինչն էականորեն կազդի արտագաղթի ծավալների վրա:

 

Սերունդ կրթելու փոխարեն` դեպի խոպան

Գևորգ Ավչյան«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:

Երբ արդեն 4-րդ օրն էր, ինչ պետական այս հիմնարկից վազում էի մյուսը` հիվանդանոցից` ՔԱԿԳՎ բաժին` «դասական հայերենով» ասած` ԶԱԳՍ, այնտեղից` նորից հիվանդանոց, այնտեղից` թաղապետարան, թաղապետարանից` սոցապ բաժին, սոցապից` ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, հետո` նորից սոցապ, ընթացքում մի ամբողջ թղթապանակ փաստաթղթերի պատճեններ անելով, այս բյուրոկրատական քաշքշուկի նախավերջին օղակում` անձնագրային և վիզաների բաժնում Անուշին հանդիպեցի: Ուսից կախված «կենգուրուի» մեջ փաթաթված նորածնին գրկած` նա լուռ լսում էր բաժնի աշխատակցուհու ցուցումներն ու փորձում հասկանալ, թե ուր պետք է ներկայացնի երեխայի սոցիալական համարանիշը, որպեսզի ստանա երեխայի ծնվելու կապակցությամբ պետության կողմից միանվագ տրամադրվող նպաստը:
Անուշին ցուցումներ տվող աշխատակցուհին նրան ուղղորդում էր նույն անիմաստ տեղը` թաղապետարան, որտեղ, իբրև, պետք է լիներ սոցապ բաժինը: Քանի որ ընդամենը 2 օր առաջ էի նույն ճանապարհով անտեղի անցել, հետո ինքնուրույն գտել, թե ուր, երբ ու ինչպես պետք է գնամ թղթաբանական ամբողջ շղթան ավարտելու համար, միանգամից մեջ ընկա ու Անուշին ասացի, թե իրականում ուր պետք է գնա: Նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ: Նրանից հետո ինձ էլ տվեցին նորածիններին տրամադրվող սոցիալական համարանիշը հավաստող տեղեկանքը, ու ես էլ դուրս եկա: Անուշն անվստահ քայլերով գնում էր իմ մատնանշած ուղղությամբ, ասացի, որ ես էլ եմ սոցապ բաժին գնում, ցանկության դեպքում կարող է ինձ հետ գալ` տեղը հաստատ իմանալու համար: Ուրախացավ ու քայլեց:
Հասանք սոցապ բաժին, գործավարուհին խնդրեց սպասել, մինչև համապատասխան աշխատակցուհին կվերջացներ մեկ այլ քաղաքացու սպասարկելը: Ժամանակը սպանելու համար սկսեցինք դեսից-դենից զրուցել: Այդ ընթացքում հավանաբար իմ հանդեպ Անուշի վստահությունը մեծացավ, հետո էլ երբ իմացավ, որ թերթում եմ աշխատում, մի փոքրիկ պատմություն պատմեց իր մասին:
Անուշի ծնողները բանվոր են, ներկայումս` գործազուրկ: Հինգ տարի առաջ ավարտել է մանկավարժական համալսարանը և այդպես էլ ըստ մասնագիտության աշխատանք չի գտել: Համալսարանն ավարտելուց երկու տարի անց ամուսնացել է: Ամուսնու հետ տեղափոխվել է ապրելու վարձու բնակարանում: Սկզբում ամուսինը պտուղ-բանջարեղենի մի փոքրիկ կրպակ է բացել իրենց բակում ու դրանով սկսել ընտանիքի հոգսը հոգալու համար վաստակել:
«Սկզբում գործերը վատ չէին, ես օգնում էի Հովիկին (ամուսնու անունն է), առևտուր էինք անում ու ապրում: Համենայն դեպս` և՛ տան վարձն էինք վճարում, և՛ մենք էինք կարողանում լավից-վատից ապրել: Գոհ էինք: Բայց ամսից ամիս մեր առևտուրը նստեց` մարդիկ կամաց-կամաց սկսեցին ավելի քիչ այցելել մեր կրպակ, այցելելիս էլ` ավելի քիչ առևտուր անել: Դե բոլորի վիճակն էլ նույնն ա, մարդիկ փող չունեն: Ամուսինս էլ, կրպակի ապրանքը չդատարկվելու համար միշտ թարմ ապրանք էր բերում, ու քանի որ մեր ապրանքը շուտ փչացող էր ու արդեն քիչ էր ծախվում, գործերը սկսեցին վատանալ, կամաց-կամաց պարտքեր սկսեցին կուտակվել: Հարկայինը, սանէպիդկայանը, կրպակի մնացած բոլոր ծախսերն էլ մի կողմից` ամսեամիս ընկանք պարտքերի տակ»,- պատմեց Անուշը:
Երեք տարի առաջ, երբ ծնվեց նրանց առաջնեկը, Անուշի ամուսինը երեխայի քառասունքը դուրս գալուց հետո որոշեց մեկնել արտագնա աշխատանքի` խոպան: Ամուսիններով որոշում են, որ ամուսինը կգնա, բարեկամի մոտ մի քիչ կաշխատի, կվերադառնա: Իսկ Անուշն այն ժամանակ ոչ մի կերպ չէր մտածում Հայաստանը լքելու մասին:
«Ամուսինս գնաց, սկսեց աշխատել, սկսեց նաև գումար ուղարկել: Բայց հետո Ռուսաստանում վիճակը վատացավ, ու նա ամեն անգամ սկսեց ավելի քիչ գումար ուղարկել: Ստիպված էի փոխել վարձով բնակարանը, գումարը չէր հերիքում, իսկ նախկին բնակարանը համեմատաբար ավելի թանկ էր, ամեն կերպ սկսեցի խնայել: Էլի նորմալ էր, չէի դժգոհում»:
Ամուսինը վերադառնում է` իր հետ բերելով մի փոքրիկ գումար, որը փորձում են նոր փոքրիկ գործի մեջ դնել, բայց դարձյալ չի հաջողվում: Անուշի ամուսինը դարձյալ բռնում է Ռուսաստանի ճանապարհը, այդ ժամանակ նրանք սպասում էին երկրորդ երեխային: Ամուսինը հիմա Ռուսաստանում է, Անուշին էլ կանչում է իր մոտ:
«Ասում ա` արի էստեղ ապրենք, որովհետև Հայաստանում չեմ կարողանում գործ անել, երկու անգամ փորձեցի, չստացվեց: Ասում ա, ինքը Ռուսաստանում կարող ա մեզ պահել, քանի որ էդքան աշխատում ա, ու եթե երկու տեղ չլինենք, այլ միասին ապրենք` նորմալ կլինի, ստիպված չի լինի տարվա մեջ կիսատ թողնել գործերն ու գալ մեզ տեսության` ավելի փող ծախսելով: Ես անկեղծ չեմ ուզում մեկնել Հայաստանից, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ Հայաստանից դուրս, ես իմ երկիրը շատ եմ սիրում: Բայց արդեն ամենավերջին, ամենակարևոր բանն եմ կորցրել` ապագայի հավատը: Ու երևի ես էլ գնամ ամուսնուս մոտ: Ճիշտ է, Հայաստանի բնակչությունը միանգամից 4 հոգով էլ կպակասի, բայց դե ինչ անեմ, էսպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց Անուշը` հավելելով, որ համալսարանն ավարտելիս հույս ուներ` իրեն, որպես լավ սովորած, կրթություն ստացած երիտասարդ ուսուցչուհու, հեշտ կլինի հաստատվել ու կայանալ Հայաստանում, երեխաներին դասավանդել, սերունդ կրթել ու դրանով երջանիկ լինել, քանի որ միշտ էլ հավանել է ուսուցչի կերպարը: Իսկ հիմա ստիպված է լքել իր սիրած Հայաստանը, Երևանը:

Հայի ճակատագրի հեգնանքը. հայրենի հողից փախչում են, բայց ամուր կառչում օտարի հողից

haykuhiՀայը Հայաստանում և Հայաստանից դուրս երկու ծայրահեղություն է, թե ինչու` հայտնի չէ:
Երբ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան, մտածեցի, որ շատերի համար գուցե լավագույն տարբերակը կլինի պատմական հայրենիք վերադառնալը. կհաստատվեն Արցախում, կշարունակեն իրենց խաղաղ կյանքը: Բայց, ի զարմանս ինձ, հեռուստաեթերից հնչեց Լաթաքիայում ապաստան գտած հայերի տեսակետը` Քեսաբը մեր հայրենիքն է, ու մենք որևէ տեղ չենք հեռանա: Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբի ազատագրումից հետո անգամ այնտեղ ամեն ինչ ավերված կլինի, հետևաբար մարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել: Նաև հայտնի չէ, թե երբ Քեսաբը կազատագրվի գրոհայիններից, հետևաբար, մարդիկ անորոշ ժամանակով, առանց իրերի, սննդի ու օթևանի, պետք է մնան Լաթաքիայում: Դեռ ավելին, եթե Ասադի ուժերը չկարողանան ազատագրել Քեսաբը, գրոհայինների հաջորդ թիրախը կդառնա Լաթաքիան: Ու նման պայմաններում մարդիկ հրաժարվում են հեռանալուց` հայտարարելով, որ իրենց հայրենիքը դա է: Նախանձելի հայրենասիրության դրսևորում է, բայց, ցավոք, Սիրիայի, ոչ թե Հայաստանի նկատմամբ:
Աստված չանի, եթե նման իրավիճակ Հայաստանում լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Վստահաբար, որքան էլ ծանր լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը, այն համեմատելի չէ արդեն երրորդ տարին քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հետ, ավերակների վերածված երկրի, որը հումանիտար աղետի մեջ է հայտնվել, և դեռ մութ թունելի վերջում լույս չի երևում:
Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է հայը, որ ապրում է Հայաստանում` իր հայրենիքում, երազում օր առաջ փախչել: Ոմանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց մասնագիտությամբ աշխատանքից ու դիրքից հասարակության մեջ, այն փոխել բանվորական ծանր աշխատանքով, միայն թե հեռանան:
Մյուս կողմից` Սիրիայում մարդիկ ոչ միայն զրկվել են տարիներ շարունակ վաստակած ունեցվածքից, այլև ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց կյանքը: Բայց հայերը հեռանալու մտադրություն չունեն, ամուր կառչած են օտար հողին: Ճակատագրի հեգնանք, ուրիշ ոչինչ…
Հայաստանի ու Սփյուռքի հայերի մտածողության տարբերությունները, սակայն, նոր չեն ի հայտ եկել: Ահա ծանոթներիցս մեկի վկայությունը: Անցյալ դարի 70-ականներին, երբ լիբանանյան պատերազմի ժամանակ մի քանի հայ ընտանիքներ կարողացան Հայաստան տեղափոխվել, եկածների թվում էր և 14-ամյա մի պատանի` Մանուկը: Նա ծանր վիրավոր էր: Հիվանդանոցում հայ կանայք սկսում են կշտամբել տղայի մորը, թե էլ ինչ մայր է, որ թույլ է տվել` իր մանկահասակ տղան կռվի մասնակցի ու վիրավորվի: Մայրը, սակայն, հպարտորեն պատասխանել է, որ իր տղան հանուն իր հայրենակիցների է կռվել: «Եթե ամեն մեկն ասի` թող իմ տղան չկռվի, էլ ո՞վ պետք է մեզ պաշտպանի»,- ասել է լիբանանահայ կինը:
Մտածողություն, որ այնքան պետք է Հայաստանում բնակվող հայերիս, սակայն որը չունենք ու չենք ունեցել (չհաշված բացառությունները, որոնց շնորհիվ մինչ օրս մեր երկիրը գոյատևում է):
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու վերաբերմունքը երկրի նկատմամբ մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում: Նախ և առաջ կարևոր է դաստիարակությունը, ապա նաև պետության վերաբերմունքը քաղաքացուն: «Եթե քաղաքացին զգում է, որ իր կարծիքը և ընտրությունը հարգված են, իրեն զգում է ոչ ֆիկտիվ, իրական քաղաքացի, հետևաբար, ստանձնում է պատասխանատվություն իր երկրի նկատմամբ»,- ասում է Ալեքսանյանը:
մնալ-գնալ (1)Խոսելով Հայաստանում տիրող տրամադրվածության մասին` հոգեբանն ասում է, որ այստեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում, չնայած արտաքուստ խաղաղ պայմաններում ենք ապրում: Նրա կարծիքով` այստեղ քաղաքացին իրեն իրականում երկրի քաղաքացի չի զգում, քանի որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, որոշումների կայացման գործընթացում ընդգրկված չէ:
«Հայրենիքի զգացողությունը ձևավորվում է երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է որոշումների կայացման գործընթացներին և տեսնում իր իսկ որոշման արդյունքները, լինի դա լավ, թե վատ»,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ նման պարագայում մարդը պատրաստ կլինի դիմանալ անգամ ծայրահեղ պայմաններին` չլքելով երկիրը, որի նկատմամբ պատասխանատվություն է զգում:
Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու կարծիքն անտեսելու դեպքում մարդը սկսում է իրեն տվյալ երկրի լիարժեք քաղաքացի չզգալ, օտարվում է: Եվ այժմ Հայաստանում ունենք օտարված քաղաքացիների մի հոծ զանգված:
Հոգեբանի կարծիքով` իրավիճակը շտկելի է, միայն թե պետական մոտեցում է հարկավոր. «Եթե անգամ 2-3 որոշում ընդունվի ժողովրդի մասնակցությամբ, դա շատ բան կփոխի»:
Հիմա անդրադառնանք պետական մոտեցմանը. կա՞ արդյոք պետական ընդհանուր քաղաքականություն, թե ինչ քաղաքացի է ուզում ապագայում ունենալ, ըստ որի էլ կկազմակերպվեր վաղվա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Կարծում եմ` ոչ: Վաղվա քաղաքացու տեսլականը չկա, հետևաբար չկա նաև ցանկալի արդյունքին հասնելու ուղին: Սկսած մանկապարտեզից ու դպրոցից` երեխան ստանում է ոչ թե ազգային, այլ բառիս բուն իմաստով` ապազգային կրթություն. ոչ դասագրքերն են բանի պետք, ոչ էլ ուսուցիչների դիրքորոշումը որպես քաղաքացիների (եթե չհաշվենք հատուկենտ բացառությունները, որոնք ընդամենը կաթիլ են մեկ բաժակ ջրում):
Ահա երեխան իբրև թե կրթություն է ստանում, բայց այդպես էլ չի ծանոթանում մեր պատմության փառահեղ էջերին, որոնք կարող էին նրա մեջ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ ծառայել: Դասագիրքն ավելի շատ ժամանակագրության է նման: Պատկերացրեք` նման չոր շարադրանքը մատուցում է ուսուցիչը, որը երազում է օր առաջ լքել այս երկիրը, ուստի ամեն կերպ վատաբանում է այն, դժգոհում, միամիտ անվանում երեխային, որը գուցե հայտարարում է, որ բանակում լավ զինվոր կլինի, հետո էլ լավ քաղաքացի (ինքս մեկ անգամ չէ, որ դպրոցում նման իրավիճակների եմ հանդիպել): Ստացվում է, որ այսօրվա օտարացած սերունդը դաստիարակում է վաղվա առավել օտարացած քաղաքացիների` հույսի նշույլ չթողնելով հայրենասիրության ու հայրենանվիրության համար:
Իրավիճակը կարելի է շտկել միայն պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով` ըստ նախապես մշակված գործողությունների պլանի:
Հստակ է, որ քաղաքացու կարծիքը պետք է լսել ու նրան մասնակից դարձնել որոշումների կայացմանը, ինչպես ժողովրդավարությունն է ենթադրում: Բացի այդ, դպրոցական դասագրքերը չպետք է տաղտուկ ժամանակագրության նմանվեն. երեխան դեռ վերլուծական մտածողություն չունի, հարկավոր է մատչելի շարադրանքով մեկնաբանել, թե՛ մեր անցած ուղին, թե՛ թույլ տված սխալները` մատնանշելով դրանցից խուսափելու եղանակները: Երրորդ` հարկ է դեռ մանկապարտեզի հասակից երեխայի մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի պետական խորհրդանիշները` դրոշը, գերբը, օրհներգը: Ունենք, չէ՞, բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ ուսումնական հաստատություններում օրը սկսվում է դպրոցի բակում հոտնկայս հիմնը երգելով ու դրոշի առջև խոնարհումով: Նույնը հարկավոր է և մեզ մոտ կիրառել:
մնալ-գնալ (2)Բացի այդ, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Մինչդեռ ներկայիս մատաղ սերունդն իր բակից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ուստի հարկ է ԿԳՆ նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ տարվա մեջ գոնե 2 անգամ էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Հայաստանի պատմական վայրեր, որի ընթացքում բանիմաց զբոսավարը կներկայացնի տվյալ վայրի, հուշարձանի ողջ պատմությունը: Կարևոր է նաև, որ մարզերի երեխաները հնարավորություն ունենան պարբերաբար պատմության, գրականության դասերը թանգարաններում անցնելու, որտեղ տեսածն ու լսածը շատ ավելի լավ կամրապնդվի երեխայի գիտակցությունում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցողներ կան: Մնում է, որ պետական մակարդակով կամք դրսևորվի ու քայլեր ձեռնարկվեն վերոնշյալը և դեռ ավելին կյանքի կոչելու համար:

Տնտեսական աճի սահմանափակման գործոններ. Հրապարակվել է Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը

վիճակագրություն«ԻՎի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հրապարակել են Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցը: Այս ամենամյա զեկույցը պատրաստվում է պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորման նպատակով` վեր հանելով մեր երկրի մրցունակության մակարդակն ու տնտեսական իրավիճակը բոլոր ոլորտներում: Հեղինակներն այս աշխատանքի միջոցով ներկայացնում են տնտեսության աճի նախադրյալներն ու աճը խոչընդոտող առանցքային սահմանափակումները, որոնք էական ազդեցություն են թողնում երկրի մրցունակության վրա: Հեղինակների համոզմամբ, նման երկխոսությունը կարող է հետագա տասնամյակի ընթացքում տնտեսության կայուն աճի նախադրյալներ ստեղծել: Զեկույցում մեջբերված տնտեսական աճի յուրաքանչյուր գործոն կրիտիկական է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների տեսանկյունից, ուստի առանձնացվել են այն առաջնահերթությունները և դրանց սահմանափակումները, որոնց վերացումն իսկապես կարող է երկարաժամկետ կայուն աճի հիմք դառնալ:
Այս տարվա զեկույցի թեման երկարաժամկետ տնտեսական աճն էր, հրամայականն ու խոչընդոտները:
Մինչ խոչընդոտներին անդրադառնալը մեջբերենք մի քանի ցուցանիշներ: Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը մնում են Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերները, իսկ արտադրողականությունը` երկրի մրցունակության անկյունաքարը: Տրանսպորտային սահմանափակումները բացասական ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա, իսկ մրցակցության ոչ հավասար դաշտը խոչընդոտում է բիզնեսի աճը և ձեռներեցությունը: Ստվերային տնտեսությունն էլ իր հերթին է ստեղծում անբարենպաստ պայմաններ: Անհանգստացնող են արտագաղթի ցուցանիշները, որոնց դրդապատճառները ևս ժամանակի ընթացքում փոխվել են:
Չնայած այն հանգամանքին, որ գործազրկությունը շարունակում է մնալ արտագաղթի հիմնական դրդապատճառը, երկիրը լքելու այլ պատճառներից են նաև աշխարհաքաղաքական սպառնալիքները, սոցիալական անարդարությունը, երկրի կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը, երկրի զարգացման անորոշությունը և այլն:
Համաշխարհային միգրացիայի հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր եկամուտներ ունեցող երկրներում առավել քիչ կարելի է հանդիպել միգրացիայի բացասական հաշվեկշռի: Ըստ զեկույցի` գործազրկության իրական մակարդակը գնահատվում է 17 տոկոս: Աշխատուժի մեջ չընդգրկված, սակայն բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժին կա, որը ըստ վերլուծության` ձևական կրթություն ստանալու հետևանք է: Այս երևույթը մասնավորապես գերակշռում է սոցիալական գիտությունների շրջանավարտների մոտ: Սա նշանակում է, որ տնտեսությունը ներդրում է կատարում ոչ արտադրողական կապիտալի` բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի մեջ:
Իրական գործազրկությունն առկա է մանկավարժության, մշակույթի և սպորտի բնագավառներում: Եվս մեկ ուշագրավ ցուցանիշ. աշխատուժի 25%-ն ու գործազուկների 27%-ը բարձրագույն կրթություն ունեն: Իսկ հասարակության 50%-ից ավելին բարձրագույն կրթություն ունի: Հայաստանն այս ցուցանիշով նույնիսկ գերազանցում է ավելի բարձր կենսամակարդակ ունեցող մի շարք երկրների: 142 երկրների մեջ բարձրագույն կրթության մեջ ներգրավվածության մակարդակով մեր երկիրը 51-րդն է: Այդուհանդերձ, աշխատուժի որակն ու շրջանավարտների անբավարար մակարդակը տեղական գործարարների և ղեկավարների կողմից ծավալուն քննարկումների առարկա է: Գործատուների 90 տոկոսը կարծում է, որ աշխատուժի ներկայիս որակը կարող է իրենց ոլորտի աճի խոչընդոտ դառնալ: Ինչ վերաբերում է ժողովրդագրությանը, ապա նկատվում է բնակչության արագընթաց ծերացում, ինչը հիմնականում պայմանավորված է միջին տարիքի բնակչության արտագաղթով:
Անդրադառնանք տնտեսության ճյուղերին: Վերջին երկու տարում ներդրումների ծավալները նվազել են, ինչը պայմանավորված է շինարարության կրճատմամբ: Փոխարենը վերելք է ապրում արտահանումը: 2009-2013 թթ. այն աճում է տարեկան շուրջ 20%-ով: Մասնավոր ոլորտի կողմից իրականացված ներդրումների միջին տարեկան ծավալը կազմել է 350-400 մլն դոլար: Ամենախոշոր ներդրումները, ի դեպ, եղել են հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում:
Ենթակառուցվածքների զարգացման առումով թերևս Հայաստանը հայտնվել է լավ դիրքերում: Այս ոլորտում կատարվող ներդրումները բավական մեծ ծավալների են հասել հիմնականում օտարերկրյա ներդրումների շնորհիվ: Վերջերս իրականացված զգալի ներդրումներից մատնանշվել են օդանավակայանի համալիր վերակառուցումը և ներքին ճանապարհների բարելավումը: Իսկ ինտերնետի և բջջային կապի օգտագործման ցուցանիշները զգալի առաջընթաց են գրանցել: Ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշը բարելավել է իր դիրքերը 20 կետով: Մեր երկիրը իր մրցակցային առավելություններով ամենամեծ դրական տեղաշարժը գրանցել է հենց այդ ոլորտում` ինտերնետ օգատգործողների և ինտերնետի միջազգային թողունակության ցուցանիշներով:
Զեկույցում անդրադարձ է արվել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին: Բարձր է գնահատվել նաև բանկային միջնորդության ոլորտը, որն արագ աճ է գրանցում դեռևս 2007-ից: Վարկավորման ոլորտը տպավորիչ աճ է գրանցել վերջին տասնամյակում, որը չի ընդհատվել նույնիսկ ֆինանսական ճգնաժամի արդյունքում: Բանկային վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը շատ ցածր ելակետային մակարդակից քառակի աճ է գրանցել և նախորդ տարի գերազանցել ՀՆԱ-ի 40 տոկոսը: Սակայն բանկային խնայողությունների առումով պատկերն այնքան էլ լավ չէ: Մինչև 5 տարի ավանդների թիվը բավական ցածր մասնաբաժին ունի: Խնայողություններն ավելի շատ կարճաժամկետ են:
Զեկույցում վեր են հանվել այն բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ միջամտություն: Մասնավորապես դիտարկվել են առանցքային չորս սահմանափակումներ: Դրանք են` մարդկային կապիտալի ցածր որակը, անկատար մրցակցային միջավայրը, հնարավորությունների բացահայտման պակասը և միաչափ ֆինանսական համակարգը: «Եթե այդ սահմանափակումները չվերացվեն, այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն անարդյունավետ չեն լինի»,- այս կարծիքը հայտնեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը:
Զեկույցում առաջարկված են այդ սահմանափակումների վերացման ճանապարհները: Ըստ այդմ, առանցքային խոչընդոտների վերացմանն ուղղված փոփոխությունների օրակարգը ենթադրում է գործունեության արդար դաշտի ստեղծում, արդյունաբերության քաղաքականության իրականացում, խոշոր ներդրումներ կրթության ոլորտում և ֆինանսական համակարգի զարգացում:
Լ.Ն

 

 

Մեկ տարում Թուրքիայից 2,5 միլիոն մարդ է արտագաղթել

artagaxt«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները, հայտնում է, որ վերջին մեկ տարում երկրից արտագաղթողների թիվը աճել է: Հետաքրքրական է, որ արտագաղթածների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե ծայրամասային, պակաս զարգացած քաղաքների,  այլ ամենախոշոր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Անթալիայի բնակիչներ են:

2012-2013 թվականներին երկրի 81 շրջաններից 47-ից արտագաղթ է գրանցվել, 34-ում՝ ներգաղթ: Այսպես, նշված ժամանակահատվածում 437 հազար 922 մարդ հաստատվել է Ստամբուլում, իսկ 371 հազար 601մարդ՝ արտագաղթել: Ընդհանուր առմամբ 76,6 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայից վերջին մեկ տարում արտագաղթել է 2 մլն 534 հազար 279 քաղաքացի: Ամենաշատ արտագաղթ գրանցվել է Սև ծովի արևմտյան հատվածից, իսկ ներգաղթ՝ Արևմտյան Անատոլիայում:

 

 

ԱՄՆ-ում ավելի քան 100 ներգաղթյալներ են փրկվել

immigrants-usՉորեքշաբթի օրը Հյուսթոնի ոստիկանությունը ազատել է ավելի քան 100 ներգաղթյալների, որոնց տան մեջ պահում էին իրենց կամքին հակառակ:

Ոստիկանության տվյալներով՝ 94 տղամարդկանց  և 15 կանանց ու երեխաներին հայտնաբերել են մեկ հարկանի, 140 քառակուսի մետր տան մեջ:

Նրանց շարքերում գտնվող հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսները առողջ են եղել:

Դեպքի կապակցությամբ հինգ մարդ է ձերբակալվել:

Ներգաղթի և մաքսային հարցերի վերահսկման մարմնից հայտնել են, որ Հոնդուրասից, Գվատեմալայից, Էլ Սալվադորից և Մեքսիկայից ժամանած ներգաղթյալները գտնվում են իրենց խնամակալության տակ, և նրանց տարիքը տատանվում է 5-ից 47-ի միջև:

Փրկվածների մեծ մասը հայտնել է, որ տանը պահվել են երկուսից չորս օր, սակայն ներգաղթյալ կանանցից մեկն  այդտեղ գտնվել է 15 օր շարունակ:

 

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում

եգանյան գագիկՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:
Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը:
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն: Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը: Այսօրվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը և այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին:

Միգրացիան Հայաստանի բնակչության ծերացման գլխավոր գործոնն է». Հայաստանի ազգային մրցունակության զեկույց

evԵկամուտների որոշակի մակարդակն ապահովագրում է երկիրը միգրացիայի բացասական հաշվեկշռից: Զուտ միգրացիայի ծավալը հաշվարկվում է երկիր ժամանողների և երկրից մեկնողների հոսքերի հիման վրա: Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության տվյալների` երկրում զուտ ժամանումների թվաքանակը բացասական մնացորդ ունի և 2013-ի դրությամբ կազմել է -31.22: Տնտեսական զարգացման ժամանակագրությունը ցույց է տալիս, որ մինչ ճգնաժամային հատվածում (մինչև 2008-ը), աճող տնտեսությունը նպաստեց արտագաղթի տեմպերի կրճատմանը: Այդ միտումը փոխվեց, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ալիքը հասավ նաև Հայաստանի տնտեսություն: Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն` Հայաստանը գտնվում է արտագաղթի ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների շարքում. զուտ միգրացիայի միջին տարեկան հոսքը 2008-2012-ին Հայաստանի բնակչության -3.2 % է կազմում: Մի շարք ուսումնասիրություններ ու հարցումներ ցույց են տալիս, որ միգրացիայի դրդապատճառները ևս ժամանակի ընթացքում փոխվել են: Չնայած նրան, որ գործազրկությունը շարունակում է մնալ արտագաղթի հիմնական դրդապատճառը, երկիրը լքելու որոշման հարցում էական նշանակություն ունեն նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհաքաղաքական սպառնալիքները, սոցիալական անարդարությունը, երկրի կառավարման նկատմամբ բացասական վերաբերմունքը և զարգացման անորոշությունը: Այս մասին նշված է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից պատրաստված «2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում»:

Նույն զեկույցի համաձայն` համաշխարհային միգրացիայի հոսքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր եկամուտներ ունեցող երկրներում առավել քիչ կարելի է հանդիպել միգրացիայի բացասական հաշվեկշռի: Մասնավորապես մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 20 000 ԱՄՆ դոլար և ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներից ընդամենը 13 % ունեն բացասական միգրացիոն հոսքեր: Հայաստանին համադրելի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակ ունեցող մի շարք երկրներ ունեն միգրացիայի բավականին մեծ դրական հաշվեկշիռ:

Երբ գործազրկության մակարդակը որոշակի սահմանից ներքև է, գործազրկության և միգրացիայի մակարդակների միջև անմիջական կապ գոյություն չունի: Միևնույն ժամանակ 13-14 %-ից բարձր գործազրկության մակարդակ ունեցող երկրներից շատերում միգրացիայի բացասական մնացորդի հստակ միտում է նկատվում:

Երկգործոն վերլուծությունը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ երկիրն անցնում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 10 000 ԱՄՆ դոլար և գործազրկության 6 % շեմերը, ապա հավանականությունը, որ այն կունենա զուտ միգրացիայի բացասական հաշվեկշիռ, ընդամենը 10 % է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով` Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրների շարքին է պատկանում, երկրի ժողովրդագրությունը փոխվում է տարիքային կառուցվածքով: Կանխատեսումների համաձայն` երկարաժամկետ հատվածում աշխատանքային տարիքի (15-46), բնակչությունը կնվազի` այժմյան 68-69 %-ից 2100 թվականին հասնելով 57 %-ի: Սա լուրջ ժողովրդագրական փոփոխություն է, որն էական ազդեցություն կունենա երկրի ախատուժի վրա: Մոդելում աշխատանքային տարիքի բնակչության մասնաբաժինը 2020 թվականին ընդունված է 65.3 %:

Հայաստանի բնակչության արագընթաց ծերացումը հիմնականում պայմանավորված է միջին տարիքի բնակչության արտագաղթով: Ինչպես այլ ծերացող ազգերի դեպքում, Հայաստանում ևս գրանցել է զուտ վերարտադրության մակարդակի նվազման և կյանքի տևողության ավելացման կայուն միտում: Այսպիսով, Հայաստանում ծերացումն արագանում է միգրացիայի մասնավորապես միգրանտների շրջանում միջին տարիքի բնակչության գերակշռության պատճառով:

Կանխատեսումերի համաձայն` գալիք տասը տարիների ընթացքում տնտեսական ակտիվության մակարդակը կմնա ներկայիս 66 % գնահատված մակարդակին: Տնտեսական ակտիվության կայուն մակարդակի պարագայում, սակայն, աշխատուժի թվաքանակը բացարձակ արտահայտությամբ կնվազի` աշխատանքային տարիքի բնակչության նվազմանը զուգընթաց:

Անկախ

ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԴՐԱՄԱ «Հոգեվարքը» ֆիլմ է բոլոր արտագաղթածների մասին

hogevarq 1– Այս ֆիլմը նկարահանելու գաղափարն ավելի քան յոթ տարվա պատմություն ունի,-
ասում է ռեժիսոր, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը, որ հանրությանն առավել հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով: Մենք հենց վերջերս իմացանք, որ նա այս օրերին խաղարկային կարճամետրաժ «Հոգեվարք» ֆիլմի հետարտադրական աշխատանքներն է կատարում:

«Հոգեվարքը» կամերային դրամա է: Ռեժիսորն ասում է, որ գործողությունը տեղի է ունենում մի սենյակում: Երկխոսությունները ֆիլմում շատ քիչ են: Նրա խոսքով՝ շեշտը դրված է հերոսների դրամատիկական ապրումների վրա, որի զարգացումն էլ հանգեցնում է կուլմինացիային:

Օրդյանն ասում է, որ շատ երկար է մտածել` ովքեր են լինելու ֆիլմի հերոսները: Հատուկ դերընտրություն չի իրականացրել, համոզվել է, որ գլխավոր հերոսի դերը կարող է վստահել միայն ՀՀ ժողովրդական արտիստ, երկարամյա ու փորձառու ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին: Իսկ ֆիլմում Աշուղյանի կերտած կերպարի կնոջ դերը, նրա իսկ խորհրդով, Հ. Օրդյանը վստահել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանն ասում է, որ քիչ են պատահում երիտասարդ ռեժիսորներ, որոնց գրեթե բոլոր փաստավավերագրական ֆիլմերը մրցանակ են ստանում արտասահմանյան երկրների փառատոներում:

– Ես շատ ուրախ եմ Հայկի հաջողությունների համար և որախ եմ, որ նրա առաջին գեղարվեստական ֆիլմում ես և իմ շատ մոտ ընկերուհի, մեր մայր թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը միասին հանդես եկանք այս ֆիլմում: Ուրախ եմ նաև, որ մեզ վստահվեց գլխավոր դերերը,- ասում է Հրաչյա Աշուղյանը:- Ֆիլմը, ըստ իս, շատ կարևոր հարցադրումներ ունի այսօրվա մեր կյանքի, սոցիալական վիճակի վերաբերյալ: Շատ երեխաներ, ցավոք, թողնում են մեր երկիրը, մեր հայրենիքը և աշխատանք փնտրելու հեռանկարներով գնում են արտասահման: Մեծ հույսերով են գնում՝ երբեմն լավ, երբեմն վատ: Իհարկե, ոչ ոք երաշխիքներ չունի, որ բոլոր գնացողների գործերը հաջող կլինեն, ոմանք հանդիպում են հաջողության, ոմանք` անհաջողության: Վստահ եմ, որ բոլոր ծնողներն էլ այսօր սպասում են իրենց զավակների վերադարձին:

Հրաչյա Աշուղյանի համար այս ֆիլմը դեբյուտային չենք կարող համարել. նա դեռ խորհրդային տարիներին մի քանի ֆիլմերում հանդես է եկել էպիզոդիկ դերերով:

– Գիտեք, իմ տարիքի մարդու համար դեբյուտային հասկացությունը տարօրինակ է երևի, որովհետև ես նկարվել եմ տարբեր էպիզոդիկ դերերում, ինքս արել եմ շատ բեմադրություններ թե՛ Սունդուկյան թատրոնում, թե՛ հանրապետության շատ թատրոններում, շատ մասսայական միջոցառումներ եմ կազմակերպել, ունեմ բազմաթիվ պարգևներ, կոչումներ:
«Հոգեվարք» ֆիլմի գլխավոր հերոսուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի համոզմամբ՝ ֆիլմի թեմատիկան, գաղափարախոսությունը, ասելիքը մեր օրերում շատ արդիական են, որովհետև մեկ բառով ասած՝ դա մեր կյանքն է:

hogevarq 3– Կարծում եմ՝ ոչ մի ընտանիքից պակաս չէ այս խնդիրը, սա, իրոք, մեծ խնդիր է: Փոխանակ արտագաղթողների թիվը կրճատվի, գնալով ավելանում է,- սրտնեղած ասում է դերասանուհին:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն էլ փաստում է, որ ֆիլմի հերոսները հենց իր համար էին բացահայտում.

– Վստահ եմ՝ հանդիսատեսի համար կրկնակի բացահայտում է լինելու: Ես պատահական չեմ ասում, նրանք պատահական ընտրված հերոսներ չեն: Հրաչյա Աշուղյանն անձնական ցավն ունի. նրա երկու դուստրերը հազարավոր կիլոմետր հեռու են ապրում, և հենց այդ անձնական ցավը կարողացավ Աշուղյանը բերել էկրան, առաջին իսկ տեսարանի ժամանակ դա միանգամից նկատեցի:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս տարիների ընթացքում կամաց-կամաց վերամշակել, հղկել է սցենարը, պարբերաբար անդրադարձել, պարբերաբար մոռացել.

– Այս սցենարը սրվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ մեր երկրում արտագաղթողներն ավելի են շատանում: Արտագաղթ ասված չարիքին ականատես եղա` սկսած մեր գյուղից, սկսած իմ հարազատներից, իմ բարեկամներից, իմ լավ ընկերներից, որոնք հերթով լքեցին Հայաստանը սոցիալական, տնտեսական և այլ պատճառներով: Դա էլ իմ բողոքն էր, այս ձևով ցանկացա արտահայտվել:

Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ «Հոգեվարք» վերնագիրը երկիմաստ է. մի դեպքում՝ այն անհատի հոգեվարքն է, մյուսում՝ մի ամբողջ ժողովրդինը:

– Արտագաղթն այն երևույթն է, որը երկրին իսկապես հոգեվարքի է հասցնում, մենք սկսում ենք կարծես ցայտնոտի մեջ ընկնել, հոգեբանորեն սկսում ենք չհասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ: Խնդիրն այս դեպքում անհատի վրա կենտրոնանալը չէր: Միջոցը դիպուկ էր. իմ աչքով եմ տեսել՝ որքան ծնողներ, չկարողանալով վերջին րոպեին բռնել իրենց զավակների ձեռքը, հրաժեշտ են տվել կյանքին,- պատմում է Հ. Օրդյանը:

Օրդյանի խոսքով՝ այս ֆիլմը նաև ուղերձ է հայրենիքը լքած մարդկանց, որոնք հեռացել են երկրից, բայց այստեղ են նրանց ամենաթանկ մարդիկ՝ ծնողները:

– Գիտեք, եթե մարդը նայի ֆիլմը, էական չէ նրա ազգությունը կամ հեռավորությունը: Այդ տարածության մեջ նա կկարողանա գտնել իր ծնողին: Միայն մարդ ծնողի մասին չէ խոսքը, նաև հայրենիքի,- ասում է Հայկ Օրդյանը,- ֆիլմը լավ հնարավորություն է ընձեռում հիշելու կամ վերհիշելու հայրենիքը՝ քո տունը, բակը, խաղահրապարակը, ծառերը, ի վերջո, հարևաններին, ընկերներին, մարդկանց, որոնց ճանաչել ես մանկությունից: Մարդը նաև հենց այդ հատկանիշները պետք է կրի, եթե նա այդ զգացողությունները չունեցավ` կկորցնի իր տեսակը: Ես շատերին եմ ճանաչում, որոնք հեռացել են, հեռացել ամեն ինչից, ու երբ հանդիպում եմ նրանց, զգում եմ, որ կորցրել են իրենց մարդկային դիմագիծը:

«Հոգեվարք» ֆիլմի օպերատորն Արման Օրդյանն է: Նրա օպերատորական արհեստավարժությունը գնահատում են թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան երկրների ֆիլմարտադրության հսկաները:

– Հետաքրքիր է, որ գրեթե ամեն ինչի մասին խոսում են կադրերն ու ձայնը: Շատ թաքնված շերտեր կան դրանցում,- ասում է Արման Օրդյանը,- գրեթե բոլոր կադրերում սիմվոլիկաներ կան, ու կադրերի հաջորդականությունն իրենք իրենց հերթին ունեն նույն սիմվոլիկաներն ու ասելիքը: Օրինակ՝ հենց տուն մուտք գործելը: Ինչպե՞ս մտանք տուն ու ինչպե՞ս դուրս եկանք այնտեղից: Տեսախցիկը կարծես մուտք գործեց մարդկանց կյանքի մեջ. այդ ամբողջը սիմվոլիկայով է ստացվել, ու շատ նուրբ է ներկայացվել:

Ֆինանսական տնօրեն Մհեր Սողոմոնյանն էլ սեփական փորձով է գնահատում: Ասում է, որ նմանօրինակ ֆիլմերի ստեղծման ժամանակ ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է.

– Գիտեք, նմանօրինակ ֆիլմերը կոմերցիոն չեն, և այս առումով պետք է ասեմ, որ քիչ են հետաքրքրում ֆինանսավորողներին: Սակայն այդ փաստն է՛լ ավելի պարտավորեցնող եղավ, որպեսզի կարողանանք նկարահանել որակյալ ֆիլմ: Թեման բոլորիս շատ հոգեհարազատ էր, և վստահեցնում եմ ՝ չի խնայվել ոչ մի միջոց: Արվել է ամեն ինչ, որ նյութը մատուցվի պատշաճ որակով:

Հայկ Օրդյանը հայտնեց նաև, որ «Հոգեվարք» ֆիլմի առաջին դիտումը հավանաբար կհամընկնի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հոբելյանական` 5-րդ տարեդարձի հետ:

 

«Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա». Ռուբեն Եգանյան

Ռուբեն ԵգանյանԺողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց` նշելով, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանում գտնվող հայ միգրանտները, որոնց վրա կտարածվի ՌԴ միգրացիոն քաղաքականությունը, արդեն փաստի առաջ են կանգնել:

«Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտք Ռուսաստանի Դաշնություն արգելված է: Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության որոշմամբ` առաջիկա 2-3 ամսում ևս 170 հազար հայ միգրանտներ կհամարվեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտածներ, և մոտ 220 հազար հայ միգրանտի խնդիր կունենանք»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Ժողովրդագրագետի խոսքով` եթե այդ 220 հազար հայերը չկարողանան պահել իրենց ընտանիքները, գումար վաստակելու համար կմեկնեն Եվրոպա, ինչի արդյունքն էլ կհանգեցնի միգրացիայի: Մասնագետի բերած տվյալներով` վերջին 10 տարում երկրից հեռացել է բնակչության 10 %-ը:

Ռուբեն Եգանյանի կարծիքով` այս խնդրի լուծումներից մեկն այն է, որ պայմանագիրը թարմացվի, ինչը, սակայն, տևական գործընթաց է և կարող է մեկ տարուց ավել տևել: Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանո՞վ այդ պայմանագրի վերանայմամբ կտրվեն հայ միգրանտներին ձեռնտու լուծումներ:

Հարցին` արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հնարավոր է Ռուսաստանն ավելի բարյացակամ լինի Հայաստանի նկատմամբ, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Դուք մինչև հիմա Ռուսաստանի կողմից որևէ սիրաշահում տեսե՞լ եք: Ռուսաստանը ռազմավարական գործընկերությունը մի ձևով է հասկանում, մենք՝ մեկ այլ»:

Անկախ

Քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը

Օլեգ ԵսայանՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել Մաքսային Միությանը և ընդհանուր տնտեսական տարածքին Հայաստանի միանալու, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համատեքստում միգրացիոն ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Անկախ

«Ռուսաստանի մեր գործընկերները հասկացել են, որ միգրացիոն ռեժիմի մեղմացումը մեզ համար շատ կարևոր է». Արթուր Բաղդասարյան

արթուր բաղդասարյան 2014-ի հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են գտնվել ոչ ավել, քան 90 օր։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։

Հարցին` արդյո՞ք ստացել է ռուս գործընկերոջն ուղղված իր նամակի պատասխանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել ռուսական կողմի հետ:

«Խնդիրը չի վերաբերում միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար հայերի դեպորտի վտանգին, խոսքը վերաբերում է այնպիսի դեպքերին, որոնք այսօր կան մեր իրականության մեջ: Օրինակ, ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, իսկ ընտանիքը մնացել է Ռուսաստանում, ինչն իսկապես լրջագույն խնդիր է: Ռուսական կողմի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, վաղը տեղի կունենան առաջին քննարկումները: Ռուսաստանի մեր գործընկերները հասկացել են, որ խնդիրը կարևոր է մեզ համար: Այս խնդիրը լուրջ տնտեսական, քաղաքական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Արձագանքը կա, սխեմաները կան, ես հուսով եմ, որ դրական լուծումներ կգտնենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Խնդրագիր գրելու փոխարեն  ճիշտ չէր լինի՞, որ իշխանությունները մտածեին աշխատատեղեր ստեղծելու մասին հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ոչ մի խնդրագիր չեմ գրել, և հետո խոսքն այսօր այստեղից գնացողներին չի վերաբերում, այլ այնտեղ ապրողներին»:

Անկախ

 

 

«Եթե անգամ ՌԴ-ից 100 000 հայ միգրանտ վերադառնա Հայաստան, դա կազդի գործազրկության վրա, կբարձրանա աղքատության մակարդակը». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներից է ՌԴ-ում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից Հայաստան վերադարձող պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Այդ օրենքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե անգամ հայ միգրանտերի 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:

«Այդուհանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այս հարցում ես չեմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը տիրապետում է իրավիճակին», – ասաց Գագիկ Մակարյանը:

Անդրադառնալով ՀՀ Մաքսային Միությանն անդամակցությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը դեմ է բանակցությունների այդ ձևին: «Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Գոյություն ունի բանակցությունների մշակույթ, այդպես բանակցություններ չեն վարում, դա հարկադրանք է»,- ասաց Գործատուների միության նախագահը:

Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ապրանքների մաքսատուրքերին, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ թե ռուսական կողմը պետք է մեզ ցուցակ տա, այլ Հայաստանը իր հերթին պետք է ցուցակ ներկայացնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:

«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Իսկ մեզ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նախորդ տնտեսական տարին անորոշության տարի էր, այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014-ի առաջին կեսը:

«Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր». Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Ես հաճախ ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ պատմության ընթացքում մենք անընդհատ պետականություն ենք ստեղծել և կորցրել: Միշտ կարծել եմ, որ խնդիրը մարտահրավերների մեջ է, սակայն բոլոր երկրներն էլ իրենց պատմության ընթացքում մարտահրավերներ ունեցել են, ունեցել են և վատ հարևաններ: Այս տարիների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը, որովհետև մեր մենթալիտետն է թերի: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ պետական, հանրային մտածելակերպի պակաս կա մեր մեջ, անձնական շահը հանրայինից բարձր դասելը մեր ամենամեծ խնդիրն է, որի հետևանքը հսկայական արտագաղթն է: Մենք ուղղակի դրել և բնաջնջում ենք այն մի կտոր հողը, որ մեզ Աստված տվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով`Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված, նրանց ձեռնտու չէ, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն և արտադրություն զարգանա:

«Կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը: Մեր երկրում ողջ համակարգը ձևավորվել է այնպես, որ ժողովուրդն արտագաղթի: Սա միայն այս կառավարության գործունեության հետևանքը չէ, այս իրավիճակը ստեղծվել է վերջին 22 տարիների ընթացքում»,- ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր մտածելակերպում, հակառակ դեպքում մենք կարող ենք երկիր կորցնել:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սուր արտահայտված սոցիալական խնդիրներ ունեն հատկապես Լոռին, Գեղարքունիքը, Տավուշը և Շիրակը

միգՀՀ կառավարության կողմից իրականացված կարևոր բարեփոխումներից մեկը սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն էր, որն, իհարկե, առանց կողմնակի աջակցության դժվար կլիներ իրականացնել: 2012-ին մեկնարկած «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ, մեծապես կարևորվում է, քանի որ խոսքը  խնդրահարույց մարզերում և համայնքներում աշխատանքային միգրացիայի և դրա հետևանքների վերացման մասին է: Այսօր ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին  ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Հայկ Գալստյանը: Նա գործնականում շատ կարևոր հանգամանք համարեց այն, որ ծրագրում ներառված են նաև համայնքները, քանի որ նրանց մասնակցությամբ և դերակատարությամբ կբաձրանա նաև համայնքային գործունեության բարձրացման արդյունավետությունը:

«Հիմք ընդունելով այն, որ մեր նախարարության համակարգման ոլորտում է գտնվում Միգրացիոն պետական ծառայությունը, մենք փորձելու ենք սերտորեն համագործացել, կապեր սեղծել համայնքների և Միգրացիոն պետական ծառայության միջև՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար: Մենք կարևորում ենք այն, որ ծրագիրն իրականացվելու է այս չորս մարզերում, քանի որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մենք հատկապես այս չորս մարզերում ունենք սուր արտահայտված խնդիրներ»,- ասաց Հայկ Գալստյանը:

Անկախ

Թիրախային մարզերի շուրջ 300 ընտանիքների համար սոցիալական աջակցության անհատական ծրագրեր են կազմակերպվել

միգրացիա (3)2011-ից սկսած ՀՀ կառավարության կողմից գերակա  ճանաչված խնդիրների շարքում ներգրավված է եղել սոցիալական ծառայությունների համակագի ներդրումը: Այսօր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփոման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Աստղիկ Մինասյանը:

Խոսելով ծրագրի արդյունքներից՝ նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է չորս թիրախային մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում: Մարզերում գործող 20 սոցիալական ծառայությունների 50 աշխատողներ այս մեկ տարվա ընթացքում վերապատրաստվել են սոցիալական դեպքի վարում մասնագիտության գծով: Նրանց տրամադրվել են համապատասխան աշխատանքային պայմաններ և սարքավորումներ, աշխատանքներ են տարվել մասնավորապես միգրանտ ունեցող ընտանիքների հետ:

«Մենք ունենք ոչ լրիվ կազմով ընտանիքներ, որտեղ կան թե՛ միջանձնային հարաբերությունների, թե՛ սոցիալական, թե՛ բարոյական և թե՛ առողջական խնդիր և այլն: Ծրագրի շրջանակներում ձևավորվել է ընտանիքներին աջակցող միասնական ցանց, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջգերատեսչություններ և այլ կառույցներ: Որքան առանձնահատուկ է կոնկրետ ընտանիքի խնդիրը, այնքան առանձնահատուկ է կոնկրետ համայնքի խնդիրը: Յուրաքանչյուր ընտանիքի պետք է օգնություն ցուցաբերվի իր աջակցող անհատական ցանցի միջոցով, յուրաքանչյուր համայնքի՝ իր աջակցող անհատական ցանցի միջոցով: Արդեն 1500 ընտանիք ուսումնասիրվել է, 1000-ը առանձնացվել է, շուրջ 700-ի կարիքները մանրամասն գնահատվել են և շուրջ 300-ի համար անհատական ծրագրեր են կազմակերպվել»,- ասաց Աստղիկ Մինասյանը՝ հավելելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ  մշակել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում:

Ամփոփվեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները

յունիսեֆ-ԵՄԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:

Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով ծրագրի առաջին տարվա արդյունքները՝ նշեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:

«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություներ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակեպելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը»,- ասաց Վարյա Մերուժանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: «Հարց է առաջանում, ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում: Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանքիների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:

Հիշեցնենք, որ մոտ 1 մլն արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012-ի դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015-ի դեկտեմբերի 25-ին:

Շինարարությունն ավարտվեց. Օլիմպիադայի ժամանակ հայերը պետք չե՞ն

միգրացիա Օրերս ծանոթներից երկուսը` երկու եղբայր Սոչիից վերադարձան Հայաստան: Նրանք արդեն երեք տարի էր, ինչ շինարարական աշխատանքներ էին կատարում Սոչիի օլիմպիական ավանում: Չնայած սկզբում չէին նշում իրենց վերադարձի բուն պատճառը, բայց համառ ջանքերից հետո պատմեցին. Սոչիից մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան, և այդ հանգամանքը կապվում է օլիմպիական խաղերի հետ:

Բայց վտարվողները չեն սիրում պատմել, թե ինչպես են իրենց համապատասխան աշխատանքները ավարտելուց հետո «սիրով» արտաքսում Ռուսաստանից: Ամոթ են համարում: Ծանոթներս էլ համաձայնեցին խոսել իրենց անունները չնշելու պայմանով:

 Ռուսների օրենքը հայերի դեմ է՞

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն այս առումով NEWS.am-ին ասել է. «Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչև հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»:

Հարցի առնչությամբ նույն NEWS.am-ին Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն ասել էր, որ ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանում, իսկ Սոչիի դեպքում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը, հավանաբար դեր է խաղում: Ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է, և հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:

Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն իր հերթին հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով:

Բայց օտարերկրացի, այդ թվում նաև հայ «խոպանչիներին» Ռուսաստանում նոր փորձություններ են սպասում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը ներգաղթյալների, այդ թվում նաև աշխատանքային միգրանտների  նկատմամբ հետևողականորեն խստացվում է: Նախորդ տարեվերջին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին  Ռոմոդանովսկին հայտարարել է. «Ռուսաստանին պետք են միայն այն այցելուները, որոնք բավարարում են որոշակի չափանիշների»:

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով`  Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը:

Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում  կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: Ընդ որում, դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների, այլև նրանց ընտանիքների անդամների վրա:

Փաստաբան Լիլիթ Ներսիսյանի պարզաբանմամբ` բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, որոնք մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, և նրանց աշխատավարձը ամսական կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի, որը հստակ սահմանվում է օրենքով:

Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում ամսական նվազագույնը 700 հազար ռուբլի աշխատավարձ ստացող անձինք:

Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ստանում են 2 և ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ:

Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի  Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած ՌԴ տարածք մուտք գործելու օրվանից:

միգրացիա (1)Սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միևնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը և հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմաններն 90-օրյա ժամկետը լրանալուն պես:

Երրորդ բացառությունն էլ տարածվում է օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնք ՌԴ են մեկնել կրթություն ստանալու:

Այս դեպքում ՌԴ-ում նրանց 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով:

Հայաստանի հայաթափման հարցով  ռուսներն են «անհանգստանում»

2013 թ. առաջին 9 ամիսների  ընթացքում Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը կազմում էր մոտ 108 հազար մարդ: Հիմնական նպատակակետ երկրների շարքում, ուր մեկնում են հայ միգրանտները, առաջինը Ռուսաստանի Դաշնությունն է` 73,1 տոկոս: Նրանցից մոտ 80 տոկոսից ավելին կազմում են բուն աշխատանքային միգրանտները: Իսկ ընդհանուր աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում են հենց Ռուսաստան:

Հայ միգրանտները նախընտրում են Ռուսաստանը, որովհետև վիզային ռեժիմ չկա, հեշտ է հաղորդակցվել, ծանոթ-բարեկամներ կան, և աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում միջնակարգ կրթությամբ մարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի, որոնք կազմում են մեր աշխատանքային միգրանտների 43,3 տոկոսը: Միջին մասնագիտական կրթությամբ միգրանտները կազմում են 33 տոկոսը և բարձրագույն կրթությամբ` մոտ 20 տոկոսը:

Այս 20 տոկոսի մեջ ոչ բոլորն են,  որ իրենց կրթությանը համապատասխան աշխատանքի են մեկնում: Նրանց մի ստվար հատվածը մեկնում է այլ` հաճախ ծանր աշխատանքներ կատարելու:  Փաստորեն, Հայաստանից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների  ճնշող մեծամասնության վրա չեն տարածվում ՌԴ մուտքի ու ելքի և կացության օրենքների արտոնությունները:

Աշխատանքային միգրացիայի խնդիրներից  է միգրանտների հարստահարումը աշխատանքային պայմանագրեր չունենալու հետևանքով: Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում իրենց գումարները ստանալ ու չեն կարողանում որևէ կերպ ապացուցել, որ իրենք աշխատել են տվյալ գործատուի մոտ, հաճախ անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունենում, ինչի հետևանքով ենթարկվում են ռուս իրավապահների քմահաճ վերաբերմունքին և այլն: Սակայն այս ամենի մասին նրանք լռում են, որովհետև աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ նրանք ամաչում են իրենց խնդիրներից խոսել:

«Մի քանի դեպք կա, որ մեր գրասենյակներ դիմել են նման հարցերով,- ասում է «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ  Բեժանյանը:- Մեր աշխատանքային միգրանտների 77 տոկոսը տղամարդիկ են, և հիմնական մասը մեկնում են ՌԴ աշխատելու: Այս մարդիկ վերադառնալուց հետո, եթե անգամ շահագործվել են, շատ քչերն են համարձակվում դիմել ու ասել դրա մասին: Որովհետև կա մենթալիտետի խնդիր. շատ ամոթ է, որ հայ տղամարդը դրսում շահագործվել է»:

Թեև հենց ռուս փորձագետներն են ընդունում, որ տեղացի աշխատողները դժվարությամբ են կատարում ծանր ֆիզիկական աշխատանքը, առավել ևս, որ այն քիչ է վարձատրվում, այնուամենայնիվ, եթե այդ ծանր աշխատանքն ավարտվում է, անցանկալի զանգվածից ազատվելու խնդիր է առաջանում: Ու ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին հաճախակիացել էին Ռուսաստանից, հատկապես Սոչիից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումները: Սրանով Ռուսաստանը նաև մեկ այլ հարց է լուծում` չի թողնում, որ մարդաթափվի իր ռազմավարական ֆորպոստը…

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ի գիտություն ՌԴ մեկնողների. «Փաստինֆո»

միգրացիա2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ  թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը զգուշացնում է, որ դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Ի դեպ՝ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով: