ԱԺ-ի համար 80 հազար դոլարանոց ամենագնացն ավելի կարևոր է, քան կոմբայնը սահմանամերձ գյուղի համար

toyota-land-cruiser-v8-03Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին: Այս գումարից 33 մլն 150 հազար դրամը`«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով. նախատեսված է այդ 33 մլն 150 հազար դրամն ուղղել Ազգային ժողովի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև 2013 թ. դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6 լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն: 21 մլն 883 հազար դրամն էլ ԱԺ-ին հատկացվեց «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և այդ 21 մլն 883 հազար դրամից 17 մլն դրամը պետք է ուղղվի ԱԺ վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար պահանջվող ծախսերին, որը, ըստ կառավարության, խիստ անհրաժեշտ է` պայմանավորված անվտանգության խնդիրներով:

Առաջին հայացքից պարզ ու հասկանալի է: ԱԺ-ին, իհարկե, պետք են ծառայողական մեքենաներ, ու այդ մեքենաները պետք է ձեռք բերվեն: Բայց ուշադրություն դարձնենք «մանրուքներին»:

Toyota Land Cruiser ավտոմեքենան, որի համար պետությունը հարկատուների հաշվին ստիպված եղավ վճարել 33 մլն 150 հազար դրամ կամ մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, շքեղ մեքենա է: Եվ երբ լրագրողները հարցնում են, թե այսօրվա սոցիալական ծանր պայմաններում արժե՞ նման շքեղ մեքենա գնել, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, թե միշտ կարելի է սոցիալական վիճակի հետ կապված հարցադրումներ անել, բայց մեքենաներն ու սոցիալական վիճակն իրար հետ համադրելի չեն…

Այս ուշագրավ դիտարկումն անելիս պարոն նախարարը, անկասկած բաց է թողել տեղի պարագան. նայած` որտեղ: Հայաստանո՛ւմ համադրելի չեն: Իհարկե, երկրի աղքատիկ բյուջեն և բնակչության մեկ երրորդի աղքատությունը այդ նույն բնակչության ընտրած ու հարկերի հաշվին վարձատրվող մարդկանց քմահաճություններին բնավ համադրելի չեն:

Իսկ ընդհանրապես մեքենաներն ու սոցիալական վիճակը միշտ էլ համադրելի են

Օրինակ` նույն օրը, երբ կառավարությունը ԱԺ-ին տրամադրեց վերոհիշյալ գումարը, նույն նիստի ժամանակ էլ Սյունիքի մարզպետարանին 4 մլն 552,2 հազար դրամ գումար հատկացրեց Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Այդ գումարով Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013 թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործած 4 մլն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցվեց: Ընդ որում, կառավարությունը նշում էր, որ հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաև բնակչության ցածր կենսամակարդակը` անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու այդ ծախսերը: Իսկ Մեղրիի պես քանի՞ շրջան կա, որտեղ նման ծրագրերն ուղղակի սոցիալական մեծ խնդիրներ կարող էին լուծել: Հաշվենք ինքնուրույն, եթե ԱԺ-ի 33 միլիոնանոց ամենագնացի փոխարեն այդ գումարի կեսը ծախսվեր, քանի՞ նման ծրագիր կարելի էր իրականացնել:

Սա դեռ մի կողմ. մեկ այլ տեսանկունից նայենք հարցին: Սահմանամերձ կամ ավելի ճիշտ` սահմանապահ գյուղեր կան, որոնք պարբերաբար ենթարկվում են հակառակորդի գնդակոծության, օրինակ` Չինարին, Բարեկամավանը, Ներքին Կարմիրաղբյուրը և այլն, որոնք գյուղտեխնիկայի խնդիր ունեն: Չինարիում, օրինակ, կոմբայն չկա, ուրիշ գյուղերի կոմբայնավարներն էլ չեն գնում Չինարի հունձի, որովհետև կրակոցներից վախենում են: Ու Չինարին ամեն տարի բերքահավաքի շրջանում լուրջ խնդիրներ է ունենում:

Մեկ ոչ թանկ, թեկուզ` ռուսական արտադրության կոմբայնը արժի մոտ 78 հազար դոլար: Սակայն, ինչպես ժամանակին նշում էր գյուղատնտեսության փոխնախարարներից մեկը, ռուս գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է այդ կոմբայնը ներկրել մոտ 50 հազար դոլարով: Ու հիմա համեմատենք` ԱԺ-ի համար 80 հազար ԱՄՆ դոլարով գնված Toyota Land Cruiser-ն է ավելի կարևո՞ր, թե՞ սահմանապահ գյուղի կոմբայնը: Կամ ԱԺ-ի 17 մլն դրամի տեսահսկման համարգ տեղադրելն ու եկող-գնացողին հետևե՞լն ավելի շատ կարող է երկրի ավտանգության հարցերը լուծել, թե՞ սահմանապահ ժողովրդին սահմանին պահելը` այդ գումարներով նրանց համար սոցիալական նշանակության հարցեր լուծելով կամ գոնե գյուղտեխնիկայով նրանց ապահովելով…

Ընտրությունը թանկի ու թանկարժեքի միջև կանգ է առնում թանկարժեքի վրա

Իհարկե, լրագրողների «Իսկ մոտ 80 հազար դոլարանոց մեքենաների փոխարեն ավելի համեստ մեքենաներ չի՞ կարելի գնել» հարցին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ ավելի ուշագրավ պատասխան է տվել. «Գիտե՞ք ինչ կա, պետք է հարցնել նրանց, ովքեր գնում են մեքենաները»:

Շատ լավ, բայց ֆինանսների նախարարը, որի ղեկավարած սուպերնախարարության գործառույթների մեջ նաև մտնում են պետական ծախսերի վերահսկողական որոշ գործառույթներ, այդ հարցը գնողներին տվե՞լ է, թե ինչու 80 հազար դոլարանոց մեքենա, և ոչ, օրինակ` 25-30 հազար դոլարանոց: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանը փորձում էր արդարացնել գնումը` նշելով, որ եթե վերցնենք, վերլուծություն անեք ծախսային մասերը, ապա նախկինում սովետական մեքենաներ են եղել, դրանց բենզինի և սպասարկման ծախսերն ավելի թանկ են նստում երկար հատվածի համար, քան այն մեքենաներինը, որոնք գնվում են:

Այ քեզ նորություն: Չգիտենք, թե ինչ հաշվարկներ են կատարել ու ինչ վերլուծություն արել Գագիկ Խաչատրյանն ու 80 հազար դոլարանոց մեքենա գնելու որոշում կայացրած մարդը, բայց մի բան ակնհայտ է` թե՛ սովետական, թե՛ ժամանակակից ռուսական և թե՛ ներկայիս միջազգային շատ ճանաչված ավտոարտադրողների մեքենաների պահեստամասերի և սպասարկման ծախսերն ուղղակի անհամեմատելի են 4.6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող նոր Toyota Land Cruiser-ի հետ, որի միայն մեկ լուսարձակի գինը մոտ 1000-2000 ԱՄՆ դոլար է: Բայց երբ լրագրողները դիտարկում են, որ Տոյոտան էլ թանկարժեք ու թանկ պահվող մեքենա է, կարող էին ավելի համեստ մեքենա գնել, ֆինանսների նախարարը փորձում է արդարացնել, թե կարող էին, բայց որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա. «Երևի լեռնային շրջաններ այցելությունների համար»:

Իհարկե, վատ չէ ու պետք է լեռնային շրջաններ այցելելու համար ավտոպարկում համապատասխան արտաճանապարհային կարողություններով օժտված մեքենա ունենալ: Իհարկե, Toyota Land Cruiser-ը հիանալի արտաճանապարհային է: Բայց լեռնային շրջանների այցելությունների համար կարելի էր գնել, օրինակ, Kia-ի արտաճանապարհայիններից, թեկուզ` ամենաթանկը, որն իր հատկանիշներով ամենևին չի զիջում Toyota Land Cruiser-ին, գնային առումով, սակայն, մոտ 2-3 անգամ ավելի էժան է: Ի դեպ, ՊՆ-ն, որն արտաճանապարհայինների կարիքը, թերևս, ամենից շատ է զգում, հենց Kia-ներ է օգտագործում: Կամ նույն Toyota-ից, բայց ոչ թե Land Cruiser, այլ, օրինակ` անհամեմատ ավելի էժան Highlander, որը դարձյալ, հիանալի ամենագնաց է:

ԱԺ մեծապատիվ պարոններին թանկարժեք մեքենաներով լեռնային շրջաններ տեղափոխելը մի՞թե ավելի կարևոր է Հայաստանի համար, քան նույն գումարները նույն լեռնային բնակավայրերի կարիքներին ուղղելը:

 

Օգոստոսի 1-ից գրպաններն ու դրամապանակները լայն բացեք

թանկացումՕգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10 տոկոսով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:

Գնաճը կստիպի գոտիները ձգել մինչև վերջին պնդօղակը

Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին: Այն ժամանակ թանկացավ 27 տոկոսով: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է մոտ 37 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ, ինչը, առաջին հերթին, նշանակում է, որ սպառողական ապրանքների գնաճ կլինի: Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե թանկացման մասին պատկերացումները մինչ օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար ինչ-որ չափով վերացական էին, ապա սեպտեմբերին` օգոստոս ամսվա համար օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելիս, արդեն այդ թանկացումը շոշափելի կլինի: Բայց շոշափելի կլինի նաև յուրաքանչյուր ապրանքի թանկացումը ամեն անգամ խանութ մտնելիս:

Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրության կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:

Եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` էլեկտրական վառարանում թխվող հացը թանկանա այդ թվին համարժեք: Նախ` թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի` գոնե ջուրը պոմպերով մղելու առումով: Եվ այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները` դոմինոյի էֆեկտով, հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի, ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:

Սակայն, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե էներգակիրների, էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուշագրավ պատասխան տվեց, թե «համենայն դեպս տեխնոլոգիական վերազինումը, ընդհանրապես, ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, և այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է»:

«Ե՛վ ձգտումը, և՛ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, և ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»,- նշեց նախարարը` ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում:

Իսկ մինչ այդ «երջանիկ» պահը ՀՀ քաղաքացիները, որոնց 30 տոկոսն այսօր պաշտոնապես աղքատ է, ինչպե՞ս պետք է ապրեն:

Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը

Փորձեցինք պարզել, թե պաշտոնապես` մասնագիտական հաշվումներով ի՞նչ գնաճ կարող է դիտարկվել Հայաստանի սպառողական շուկայում, ի՞նչ գնաճային կանխատեսումներ են անում համապատասխան մարմինները:

Ազգային վիճակագրական ծառայությունը, բնականաբար, գնաճի կանխատեսում չի անում: ԱՎԾ-ն նույնիսկ գնաճի պատճառները չի ուսումնասիրում, այլ միայն արձանագրում է թվերն ու ներկայացնում վիճակագրական տվյալներ:

Դիմեցինք Կենտրոնական բանկին, քանի որ հենց այս կառույցն է Հայաստանում գնաճի ցուցանիշների կանխատեսումներ հաշվարկում: ԿԲ-ից էլ պատասխանեցին, թե նման հաշվարկներ ԿԲ-ն իրականացնում է եռամսյա պարբերականությամբ` ամփոփելով եռամսյակներն ու ներկայացնելով հաջորդ եռամսյակի կանխատեսումները: Ու քանի որ նախորդ` երկրորդ եռամսյակում էլեկտրաէներգիան թանկացած չի եղել, թե գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ որ մասը պայմանավորված կլինի բուն էլեկտրաէներգիայի թանկացմամբ, դեռ չի արվել: Այսինքն` այդպիսի կանխատեսում էլ, ելնելով եռամսյակներով հաշվարկներ ու վերլուծություններ անելու ընթացակարգից, հանրության դատին կներկայացվի սեպտեմբերից հետո միայն:

Հարց է ծագում` նախապես չիմանալով, թե տվյալ գործողությունն ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, ինչ հետևանքների կհանգեցնի, ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն այդպես հեշտ ու հանգիստ վերցրել ու որոշել թանկացնել էլեկտրաէներգիան:

Որ գնաճը էական է լինելու, դժվար չէ պատկերացնել: Իհարկե, չենք կարող հենց այսպես` նստել ու տգիտության մակարդակի վերլուծություններ անել, թե թանկացումների ինչ աստիճան կգրանցվի, բայց գոնե էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման «դառը փորձը» հաշվի առնելով` կարող ենք ներկայացնել արդեն իսկ կայացած փաստերը:

Այսպիսով, հունիսի սկզբներին, ներկայացնելով գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ բացատրեց, որ 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն` 2014 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ էլ հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն` 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ եթե անցյալ տարի էլեկտրաէներգիայի 27 տոկոսով թանկացումը, գազի թանկացման հետ միասին, ունեցան ընդամենը 2.5 տոկսոսային կետի ազդեցություն թանկացումների վրա, ապա միայն էլեկտրաէներգիայի, այն էլ` 10 տոկոսով թանկացումը պետք է որ ավելի փոքր ազդեցություն ունենա` նախորդի հետ համեմատած: Բայց դա հուշում է միայն տրամաբանությունը, իսկ հայկական իրականության մեջ մեկ անգամ չէ, որ թանկացումները կամ գների տատանումները հենց անտրամաբանական դրսևորումներ են ստացել:

Ամեն դեպքում, այս պահին մի բան է շատ հստակ`օգոստոսի 1-ից հետո ազգաբնակչությունը գրպանն ու դրամապանակը պետք է ավելի լայն բացի և գոտին էլ ավելի ձգի:

Հայաստանից ավելի շատ մեկնում են արտերկիր, քան երկրի ներսում են տուրիզմով զբաղվում

iStock_000002738246SmallՆորից ամառ է` մասամբ հանգստի ու արձակուրդների սեզոն, ու դարձյալ արդիական է դառնում այն հարցը, թե ուր գնալ հանգստանալու: Հայաստանում, ինչպես բազմիցս նշել է տուրօպերատորների միության նախկին նախագահ, տուրիզմի ոլորտի մասնագետ Ռոբերտ Մինասյանը, հիանալի նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար: Շնորհիվ մեր երկրի բարդ ու բազմազան ռելիեֆի, մեզ մոտ հանդիպում են կլիմայական մի շարք շերտեր` բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ: Բացի այդ, տուրիզմի զարգացման համար կարևոր նախապայմաններից մեկը` Հայաստանի պատմա-մշակութային ժառանգությունը, կարող է լրացուցիչ խթան լինել ոլորտի զարգացման համար:

Նայենք պաշտոնական վիճակագրությանը: Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ կամ 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ կամ 2013 թ. հունվար-մարտի համեմատ` ցուցանիշն աճել է 18.2%-ով:

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ակնհայտ է` հանգստանալու նպատակով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել արտերկիր, քան այլ երկրներից եկել են Հայաստան: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի ևս. Հայաստան ժամանած 154 հազար 471 զբոսաշրջիկներից միայն 23 հազար 763 են տեղավորվել հյուրանոցներում, մնացած 130 հազար 708-ը տեղավորվել են հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Հայաստանից մեկնող վերոհիշյալ 162 հազար 73 զբոսաշրջիկներից ընդամենը 1239 հոգին են մեկնել զբոսաշրջային գործակալությունների միջոցով, մնացած 160 հազար 834-ն ինքնուրույն են մեկնել:
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմի ցուցանիշներին, ապա նշենք, որ նույն ԶՀԿ մեթոդաբանության համաձայն` ներքին զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում: ԱՎԾ տվյալների համաձայն, 2014 թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 61 հազար 595 զբոսաշրջիկ, ինչը 2013 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով: Ընդ որում, գործնական նպատակներով մեկնել է 15 հազար 72 հոգի, հանգստի և ժամանցի` 36 հազար 690, բուժմնան` 3 հազար 478 հոգի և այլ նպատակներով` 6 հազար 356 հոգի: Եթե սա էլ դնենք մի կողմ, ապա նույն ԱՎԾ ցուցանիշների համադրություից ստացվում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով` զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 2.5 անգամ ավելի շատ մարդ, քան շրջագայել է երկրի ներսում:

Սրա հիմնական պատճառը թերևս գների հետ է կապված: Երևանյան հյուրանոցներում, օրինակ, ըստ «Հյուր սերվիսի» կայքում տեղադրված գների, մեկտեղանոց համարների մեկ օրվա վարձը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանում հիմնականում մարդիկ արձակուրդի են գնում, տարբեր հյուրանոցներում կազմում է 60-270 ԱՄն դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 85-270 ԱՄՆ դոլար: Նույն սեզոնին մարզերում հյուրանոցային սենյակների գները կազմում են 23-150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 45-161 դոլարին համարժեք դրամ: Իհարկե, առավել բարձր գները գործում են հիմնական տուրիստական կենտրոններ համարվող տարածքներում: Սա այն դեպքում, երբ այս սեզոնին կարելի է «վառվող ուղեգրերով»` հատուկ առաջարկներով, օրինակ Իսպանիա` Բարսելոնա մեկնել 7 օրվա համար ընդամենը 600 Եվրո վճարելով կամ Իտալիա` Հռոմ, 8 օրվա համար ընդամենը 490 ԱՄն դոլար վճարելով (իհարկե, առանց ճանապարհածախսի): Այսինքն` արտերկրում, օրինակ` Հռոմում 8 օր հանգստանալը կարող է նույն գումարը, երբեմն էլ ավելի էժան նստել հայ զբոսաշրջիկի վրա, քան Հայաստանում: Դեռ չհաշված, որ ամռան ամիսներին շատերը գերադասում են մեկնել ծով` հարևան Վրաստանի լողափեր, որն էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում զբաղվել ներքին տուրիզմով: Սրա համար, չնայած, որոշակի վերապահումներ կան. օրինակ` չի կարելի համեմատել ծովափնյա հանգիստը, որը Հայաստանում չկա, լեռնային կամ առողջարանային հանգստի հետ…
Շատ մասնագետներ են բազմիցս նշել ու դեռ կնշեն, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը մատուցվող ծառայությունների որակի ու առաջարկվող գների անհամապատասխանությունն է: Եթե համադրենք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալները, Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 1/3-ը համարվում է աղքատ, միջին ամսական աշխատավարձը կազմում է 155 հազար 940 դրամ (այս թվի վերաբերյալ, չնայած, վերապահումներ կան), ապա մեկ օրվա համար 50 կամ 100 դոլար միայն հյուրանոցի համար վճարելը, ինչ խոսք, բավականին թանկ հաճույք է ստացվում: Սա նշանակում է, որ ներքին տուրիզմը զարգացման մեծ հավակնություններ ունենալ չի կարող: Իսկ Ռոբերտ Մինասյանը բազմիցս շեշտել է` զարգացած ներքին տուրիզմ չունեցող երկրում տուրիզմը չի կարող զարգացած լինել:

Հավելենք, որ տուրիզմը շատ կարևոր ոլորտ է տնտեսության համար: Այն օգնում է զարգացնելու երկրի ենթակառուցվածքները, օգնում է երկրի ներսում դրամի ավելի արագ շրջանառության ծավալների մեծացմանը, եկամուտներն ավելի համաչափ են բաշխվում տարբեր մարզերի ու մայրաքաղաքի միջև, և բացի բուն տուրիզմի ոլորտին վերաբերող ապրանք-ծառայություններից, ներքին տուրիզմն էապես օժանդակում է հարակից այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` հուշանվերների արտադրությանը, սննդի ոլորտին, սպասարկման ոլորտին մատակարարող այլ ոլորտներին և այսպես շարունակ:

Այնպես չէ, որ պատկան մարմիններն այս ամենը չեն տեսնում, չեն գիտակցում, չեն հասկանում ու չեն փորձում ինչ-ինչ լուծումներ գտնել: Բայց փաստը մնում է փաստ` տուրիզմի ոլորտը, որի զարգացման համար Հայաստանում լուրջ նախադրյալներ կան, դեռ զարգացած չէ:

«Անունը կա, ամանում չկա». Նոր վարկավորում ՓՄՁ ոլորտին

փմձՀայաստանը փոքր և միկրո ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով վերջերս մի քանի օրենսդրական փոփոխություններ է կատարել հատկապես հարկային դաշտում, որոնց «Անկախն» անդրադարձել է: Գործարարությունը խթանելու գործիքները ստեղծված են` հարկային արտոնություններ, էլեկտրոնային հաշվետվություն, ձեռնարկատիրության գրանցում մի քանի րոպեների ընթացքում, հարկային վարչարարության պարզեցում և այլն:

Անդրադառնանք նաև Հայաստանի տնտեսություն ուղղվող ֆինանսական ռեսուրսներին, որոնք այս կամ այն կերպ միտված են նպաստելու ՓՄՁ-ների զարգացմանը: Վերջերս տեղեկացանք, որ միջազգային կառույցների կողմից հայաստանյան բանկային համակարգին են տրամադրվել միլիոնավոր դոլարներ, որոնց մասին պայմանագրերը վավերացվել են երկու կողմերի ներկայությամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարի հրավերով Հայաստանում էին գտնվում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի` EFSE-ի ներկայացուցիչները` իրենց տարեկան ժողովը այստեղ անցկացնելու նպատակով: Գործնական ամփոփիչ հանդիպումն ավարտվել է նաև Հայաստանին վարկ տրամադրելու պայմանագրով:

Դեռևս 2010-ից մեր երկիրն ակտիվ համագործակցում է EFSE-ի հետ` համարվելով ամենաակտիվ վարկառու երկրներից մեկը: Ըստ մեր օտարերկրյա գործընկերների` Հայաստանը վարկավորման բավական բարձր մակարդակ ունի և երկրորդն է 16 երկրների թվում, որոնք գյուղական բնակչության սպասարկման բավական լավ ցուցանիշներ ունեն: Վարկառու երկրների շարքում երրորդ տեղում ենք Ադրբեջանից հետո, իսկ առաջին հորիզոնականում Վրաստանն է:

Իրավիճակը գոհացնող է նաև վարկերի վերադարձելիության առումով, և այդ ցուցանիշը 2 տոկոսից քիչ է, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, վստահություն է ներշնչում վարկառու ֆինանսական կառույցների նկատմամբ:

EFSE հիմնադրամը հիմնվել է KFW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությամբ, նպաստում է Արևելյան Եվրոպայի և եվրոպական հարևանության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո և փոքր ձեռնարկություններին, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` ֆինանսական հաստատությունների միջոցով: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։

Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միկրո ձեռնարկությունների զարգացման առումով` հիմնադրամն աջակցում է տեղական ֆինանսական հաստատություններին՝ բարձրացնելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:

Այս տարի հիմնադրամն իր վարկային փաթեթում որոշակի մասնաբաժին հատկացրել է նաև մեր երկրին: Հունիսի 18-ին միջազգային կառույցն ազգային արժույթով նոր վարկ է տրամադրել հայաստանյան երկու առևտրային բանկերի` «Արարատբանկին» և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին: 12 մլն դոլար վարկ հատկացվել է «Արարատբանկին», որը նախատեսված է Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրության վարկավորման համար: Հատկացված փոխառությունն օգտագործվելու է 5-ամյա մարման ժամկետում, 10-11% տոկոսադրույքով: «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ վարկավորման տոկոսադրույքը կախված կլինի բիզնեսի ռիսկայնությունից, բայց ամեն դեպքում չի գերազանցի 11 տոկոսը: Համապատասխան պայմանագիր ստորագրվել է նաև «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ, որին տրամադրված գումարը կազմում է 15 մլն դոլար: Ֆինանսական այս հոսքերը. ըստ բանկի հիմնադիրների, հնարավորություն կտա վարկավորելու շուրջ 15 հազար փոքր ու միկրո ձեռնարկություններ, ներառյալ ֆերմերային տնտեսություններն ու գյուղատնտեսները:

Ներգրավված ֆինանսական միջոցները երկու բանկերին էլ հնարավորություն կտան ավելացնելու փոքր բիզնեսին հատկացվող ռեսուրսները` նպաստելով նրանց գործունեությանը:

Նկատենք, որ խոսքը ոչ թե մլն դրամների այլ դոլարների մասին է, որոնք ընդհանուր առմամբ նախատեսված են երկրի տնտեսության մեջ շրջանառվելու համար:
EFSE-ը մինչ օրս Հայաստանում համագործակցել է 6 առևտրային բանկերի հետ, որոնք 12 հազար վարկ են տրամադրել ՓՄՁ-ներին 113,3 մլն եվրոյի շրջանակներում: Այսինքն` Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկիրը վերջին 3-4 տարիների ընթացքում կարողացել է միլիոնավոր եվրոների փոխառություն վերցնել և շրջանառել տնտեսությունում:
Սովորական քաղաքացու համար, սակայն, դժվար է այս ցուցանիշները հավանական համարել, քանի որ հարց կծագի, թեկ ուր են կամ ինչ նպատակի են ծառայեցվել միլիոնավոր եվրոները, եթե գործարարության ոլորտում ակնառու բարելավումներ չեն դիտվել: Հակասությունները թերևս շատ են:
Ինչքան էլ խոսվում է գործարարության միջավայրի բարելավման, վարկավորման գործիքների մատչելիության և այլ գործոնների մասին, դժվար է անտեսել օրեցօր լուծարվող կամ սնանկացող ձեռնարկությունները: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնով շրջելիս հաճախակի ենք տեսնում փակվող խանութներ, որոնք կա՛մ վաճառքի են հանվում, կա՛մ տրվում են վարձով: Նույնիսկ տարիներով գործող և համբավ ունեցող բրենդային խանութներն են լիկվիդացիոն գների առաջարկով ազդարարում իրենց գործունեության լուծարումը: Իսկ փոքր ձեռնարկատիրությունների կամ սկսնակ գործարարության մասին խոսք լինել չի կարող այն պարագայում, երբ նույնիսկ խոշորներն են փակուղու առաջ հայտնվում:
Բավական ռիսկային է գործարարությամբ զբաղվելը, երբ ներդրվող գումարը ոչ թե սեփական միջոցներից է, այլ վերցվում է փոխարինաբար: Փաստորեն, ևս 27 մլն դոլար նախատեսվում է նպատակաուղղել ՓՄՁ ոլորտի վարկավորմանը, մինչդեռ չունենք վիճակագրություն, թե 113, 3 մլն եվրոն իրականում ինչ նպատակների համար է ծառայեցվել:
Շատ գործարարներ դժգոհում են այն հանգամանքից, որ վարկավորվելն այնքան էլ դյուրին գործընթաց չէ, իսկ տոկոսադրույքներն էլ` ոչ այնքան գրավիչ: Թերևս ոգևորում է այն փաստը, որ տարեցտարի Հայաստանի ֆինանսական համակարգը դառնում է ավելի հուսալի և կայուն օտարերկրյա կազմակերպությունների շրջանում, սակայն մյուս կողմից էլ հիասթափեցնում է, երբ սովորական քաղաքացու` սեփական կենցաղը բարելավելու ճիգերն այդպես էլ չեն արդարացվում:
Լ.Ն

 

Տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն ազդում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա

անշարժ գույք2007-2008 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Տնտեսական ճգնաժամն ընդհանրապես փոխեց անշարժ գույքի ոլորտը:

Եթե 2000-2008 թթ. Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեկան 10-20% վերելք է ապրել, ինչն էլ նպաստել է բավական մեծ թվով բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների կառուցմանը և անշարժ գույքի շուկայում գումարների ներդրմանը, ապա 2008-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով անշարժ գույքի ոլորտը սառեց մոտ մեկ տարի: Մեծ թափով նվազեց ներդրումների քանակն անշարժ գույքի շուկայում: Նվազեց նաև գործարքների քանակը:
Եթե մինչև 2008 թ. մարդիկ անշարժ գույքի ոլորտը դիտում էին որպես ներդրումային, որից կարող էին բարձր եկամուտներ ստանալ, ապա 2008-ին հաջորդած տարիներից մինչ օրս մարդիկ առքուվաճառքի գործարքներ անում են, բայց շահութաբերության տեսանկյունից շատ սպասելիքներ չունեն շուկայից:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևանում 2014 թ. հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.1%-ով, իսկ 2013-ի հունվարի համեմատ` աճել 31.6%-ով:

«Կասկադ Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն, անշարժ գույքի շուկայի մասնագետ Վարդան Ավագյանի խոսքով` 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը պակասել է: Եվ շուկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն գնորդները, որոնք մեծ բիզնես ունեն, նախընտրում են բնակարաններ ձեռք բերել քաղաքի կենտրոնում: Դրանով է պայմանավորված, որ քաղաքի կենտրոնում և՚ բարձր որակի շենքեր են կառուցվում, և՚ տուրիզմն է զարգացած:
«Բնակարան գնելով քաղաքի կենտրոնում` մեր հաճախորդը հասկանում է, որ այն կարող է իրեն եկամուտ բերել, ասենք` վարձակալության տեսքով: Քաղաքի կենտրոնում գործարքների արժեքը շատ բարձր է: Բավական մեծ է գործարքների թիվը նաև Արաբկիր վարչական շրջանում, որովհետև թաղամասը մաքուր է, փողոցները` հարմարավետ, բնակարանների գներն էլ 20-25%-ով ցածր են կենտրոնի համեմատ: Այս տարիների փորձը ցույց տվեց, որ մարդիկ նախընտրում են բնակարաններ ձեռք բերել նաև ծայրամասերում` պայմանավորված իրենց ֆինանսական հնարավորություններով: Հետևաբար, գործարքների թիվը ծայրամասերում ևս մեծ է»,- ասում է մասնագետը` նկատելով, որ տնտեսական ճգնաժամ հիմա էլ կա, այն թեև խանգարում է բիզնեսի զարգացմանը, սակայն անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները շարունակվում են:
Հայաստանի անշարժ գույքի ոլորտում մեծ փոփոխություն չբերեցին, բայց որոշ աշխուժություն մտցրեցին տարածաշրջանում լարվածության հետևանքով Հայաստան եկած սիրիահայերը, որոնք և՛ բնակարաններ գնեցին, և՛ վարձակալեցին: Բայց այդ աշխուժությունը գլոբալ առումով անշարժ գույքի գների աճի կամ նվազման վրա չանդրադարձավ:

«Անշարժ գույքի շուկան կայունություն է սիրում: Մեկ օրում անշարժ գույքի գինը չի կարող 50 հազարից դառնալ 80 հազար, դա կարող է տեղի ունենալ, օրինակ, մեկ տարում»,- ասում է Վարդան Ավագյանը:

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով` Երևանում 2014-ի հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակի 31.6 % աճը` 2013-ի հունվարի համեմատ, 1 քմ մակերեսի միջին շուկայական գների 0.04% աճը` 2013-ի դեկտեմբերի համեմատ, չպետք է կապել Հայաստան ներգաղթի հետ: «Ես դժվարանում եմ նման գնահատական տալ, որովհետև 00.4%-ն աննշան է, այս աճը լուրջ գնահատականների հիմք չի կարող դառնալ: Նման տատանումներ կարող են շատ լինել, եթե ավելի զգալի դառնան, նոր կարելի է խոսել աճի միտումների մասին: Եղել է նաև գների աճի տեմպերի անկում, ինչը երկար ժամանակ մնացել է անփոփոխ»,- ասում է նա:
Տնտեսագետին համամիտ է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետ Արմինե Դավիթյանը: Նրա կարծիքով` չի կարելի անշարժ գույքի գների աճի միտումը կապել ներգաղթի հետ, քանի որ աճը` տոկոսային առումով, ըստ վերջին տվյալների, առանձնապես մեծ չէ: «Չեմ կարծում, որ ներգաղթն ազդեցություն ունենա գների աճի վրա կամ ազդեցությունը մեծ լինի»,- ասում է Արմինե Դավիթյանը:

2014-ի հունվարին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները դիտարկելիս պարզ է դառնում, որ 2013-ի դեկտեմբերի համեմատ` դրանք աճել են 0.04%-ով: Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 40.4%-ով, ընդ որում Երևանում՝ 59.5%-ով: 2014-ի հունվարին Երևանում անհատական բնակելի տների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, ներառյալ տնամերձի միավորի գինը, 2013-ի դեկտեմբերի համեմատ, մնացել են անփոփոխ: Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 42.6%-ով:
Այս տարվա հունվարին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 30 բնակարանների և 49 անհատական բնակելի տների վարձակալության գործարք:
Վարդան Ավագյանի խոսքով` 2014-ի հունվարի տվյալները բավարար չեն անշարժ գույքի շուկայի 2014-ի կանխատեսումներ անելու համար: Եվ ընդհանրապես, դժվար է կանխատեսումներ անել, քանի որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա մեծ ազդեցություն ունեն հատկապես արտաքին գործոնները: «Մենք ունենք մի քանի թիրախային կետեր, որոնք ազդում են մեր շուկայի վրա: Դրանք տարածաշրջանի երկրներն են և Ռուսաստանի Դաշնությունը: Եթե հարցնեք` ինչն է մեր շուկայի վրա ազդում, կպատասխանեմ` Ռուսաստանի վիճակը: Մեր բավական մեծ թվով հաճախորդներ Ռուսաստանի հայեր են»,- ասում է մասնագետը` հավելելով, որ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն էականորեն ազդում է անշարժ գույքի շուկայի վրա:

Մասնագետը դժվարանում է ասել նաև, թե որքանով Մաքսային միության անդամակցությունը դրական կազդի անշարժ գույքի շուկայի զարգացման վրա: «Մենք դեռ չգիտենք, թե ինչ ընթացք կստանա Մաքսային միությանն անդամակցելը, որպեսզի կարողանանք կանխատեսումներ անել նաև անշարժ գույքի ոլորտում»,- ասում է Վարդան Ավագյանը:

 Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ

Անկախ

Ոսկյա իրերի վաճառքը` միայն հարգադրոշմման պարագայում: Արդեն գանձվել է 25 մլն դրամի տուգանք

ոսկեղենՎերջերս ոսկյա պարագաների վաճառքի և իրացման կետերում բավական հաճախակիացել են ստուգումները: Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանձնարարել էր համալիր ստուգումներ իրականացնել «Վաղարշ և որդիներ» ընկերությանը պատկանող ոսկու շուկայում: Վարչապետը ստուգման անհրաժեշտությունը պայմանավորել էր կառավարության շենքի առջև Երևանի ոսկու շուկայի աշխատողների դժգոհությամբ: Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել: Իսկ դժգոհությունները կապված էին Էկոնոմիկայի նախարարության շուկայի և վերահսկողության տեսչության՝ ոսկու շուկայի ձեռնարկատերերին նշանակած չհիմնավորված բարձր տուգանքների հետ:

Նախորդ տարվա նոյեմբերի 25-26-ի ստուգումների արդյունքում ոսկու շուկայի աշխատողները տուգանվել են 1-2 մլն դրամի չափով (մեկ միավոր ոսկու համար` 50 հազար դրամ): Տեսուչները, որպես տուգանքի հիմք, մատնանշել են այն փաստը, որ ոսկեղենի որոշ նմուշների վրա, օրինակ` հարգի 8 թիվը լավ չի դրոշմված և այլ թվի է նման կամ էլ, օրինակ` հարգադրոշմի տարբերանշան ընտրված «Սասունցի Դավիթ» արձանի պատկերը նույնպես ոսկու որոշ նմուշների վրա լավ չի դրոշմված: Այս բողոքները ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել են կառավարության մոտ ցույցի եկած ոսկերիչները:
Խնդիրն այն է, որ պետությունը կարգադրում է բոլոր ոսկերիչներին աշխատել միայն օրենքի շրջանակներում և ոսկյա պարագաները իրացնել միայն համապատասխան հարգադրոշման պարագայում, ինչը մի շարք ոսկերիչների շրջանում բացակայում է: Այսինքն` պիտակի վրա պարտադիր պետք է փակցված լինեն հարգադրոշողի մասին տվյալներ, որպեսզի խախտումներ արձանագրվելու դեպքում տուգանք կրողը լինի համապատասխան մարմինը:
Այսօր ոսկյա պարագաների վաճառքի կազմակերպման կետերում շատ են նման խախտումներ արձանագրվում, նման խնդիր իրոք կա, ուստի տեսչությունը նախապես զգուշացնում է տնտեսվարողներին իրենց այցելությունների վերաբերյալ` ժամանակ տալով նրանց վերացնեուլ առկա խախտումները: Տնտեսվարողների շրջանում էլ դժվար է օրենքի այս պարտադիր պահանջը կիրառելը, քանի որ դա հավելյալ գումար է պահանջում նրանցից յուրաքանչյուր ձուլակտորը հարգադրոշմելու դիմաց:
Նշենք, որ ոսկյա իրերի վաճառքի բնագավառում ներգրավված են նաև շատ սիրիահայեր: Նրանց նույնպես զայրացրել է այն հանգամանքը, որ տուգանքներն ու վերահսկողությունը կաշկանդում է իրենց աշխատանքը և սահմանափակում գործառույթները: Այն սիրիահայերը, որոնք հիմնականում ներգրավված են ոսկյա իրերի վաճառքի ոլորտում, տարեվերջին տեսչության ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցան` բարձրացնելով իրենց անհանգստացնող խնդիրները: Նրանք տեսչության ղեկավար Լևոն Խալիկյանին ասացին, որ իրենց համար ժամանակային առումով խնդիր են պարտադիր հարգադրոշմման ապահովումը և համապատասխան թերությունների վերացումը։ Նրանց խորհուրդ տրվեց մանրակրկիտ ուսումնասիրել թանկարժեք մետաղների մասին օրենքը։
Կառավարության կողմից հաստատվել են նաև հատուկ ստուգաթերթեր, որոնցում հստակ նշված են բոլոր պահանջները։Սիրիահայերին հիշեցրին, որ ՀՀ–ում արգելվում է վաճառել այնպիսի ոսկյա պարագաներ և ձուլակտորներ, որոնցում բացակայում են տարբերանիշերը կամ հարգադրոշմները։ Սակայն հաշվի առնելով սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրը` տեսչությունը որոշեց առաջիկա քննարկումների արդյունքում ժամանակային առումով ընդառաջ գնալ նրանց և ժամանակ տալ վերացնելու առկա բոլոր թերությունները։
Ոլորտում առք ու վաճառքով զբաղված տնտեսվարող սուբյեկտներին տեղյակ է պահվել, թե ինչ է օրենքն իրենցից պահանջում, և բաժանվել են օրենքների թղթային և էլեկտրոնային տարբերակները։ Խորհրդատվությունը մասնագետների հետ նրանց հնարավորություն է տալիս շտկելու առկա սխալները։ Արդեն կայացած երեք ստուգումների արդյունքում, ըստ Խալիկյանի, շուրջ 25 մլն դրամի տուգանք է սահմանվել համապատասխան կնիքի բացակայության պատճառով։ Այս պարտադիր օրենքի պահանջը, տեսչության պետի դիտարկմամբ, հնարավորություն է տալիս բացահայտելու խախտման աղբյուրը։ Նա հայտնել է նաև, որ տնտեսվարողների շրջանում զգոնությունը բարձրացնելու նպատակով հատկապես ոսկու շուկայում ստուգումները կդառնան պարբերական:
Լ.Ն

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412 դրամ

դոլարՄարտի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

Առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում

սերգո կարապետյան2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում:
Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրև սկիզբ ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր և այլն:
Ակնկալվում է, որ միջոցառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները:

ՀՆԱ-ի գետը նախատեսածից քիչ է վարարել

մանասերյան թաթուլԹեև դեռ նախորդ տարեվերջին պարզ էր, որ ՀՆԱ-ի աճը չի լինելու այն մեծության, որը կառավարությունը կանխատեսել էր 2013 թվականի համար` 6,2 տոկոս, բայց ԱՎԾ-ի` փետրվարի 28-ին հրապարակած ցուցանիշներից արդեն վերջնականապես ու պաշտոնապես պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի աճը 2013 թ. կազմել է ընդամենը 3,5 տոկոս:

Ի՞նչ է ՀՆԱ-ն, ու հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ ՀՆԱ-ի աճը

Երբ երկրի տնտեսությանը պայմանականորեն նայենք ինչպես ինքնաթիռի իլյումինատորից` լուսամուտից, ապա կերևա ձեռնարկություններով, տնային տնտեսություններով, կառավարական գործակալություններով, տարբեր հիմնարկներով, խանութներով ու էլի շատ բաներով մի լայնածավալ դաշտ: Այդ բոլոր ձեռնարկությունները, ընկերությունները, գործակալությունները, մարդիկ` բոլորը միասին, աշխատում ու ստեղծում են արդյունք: Այդ ամբողջ ստեղծվածն էլ հենց ՀՆԱ-ն` համախառն ներքին արդյունքն է: Այսինքն` ՀՆԱ-ն արտադրանքի այն լայնահուն գետն է, որտեղ լցվում են բոլոր մանր, միջին, մեծ, պետական ու մասնավոր հիմնարկների ու ձեռնարկությունների, երկրի բոլոր քաղաքացիների կողմից ստեղծված նյութական, հոգևոր, մշակութային արդյունքները: Ու երբ տնտեսագետներն ասում են, թե ՀՆԱ-ն աճել կամ նվազել է, նկատի ունեն, որ արտադրանքի այդ գետը հորդացել կամ ծանծաղել է: Որ բոլորը միասին արտադրում են ավելի շատ կամ քիչ, նշանակություն չունի, թե ով ինչ է արտադրում:

ՀՆԱ-ն հիմնական երկու մեծ խմբի կարելի է բաժանել`սպառողական արտադրանքի` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք մենք ամեն օր գնում, օգագործում ու սպառում ենք, ու ներդրման միջոցների` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք չեն սպառվում, օրինակ` ԱԺ ընդունած օրենքները, պետության կողմից կառուցվող ճանապարհը, երկաթգիծը և այլն: Եվ ՀՆԱ-ն հենց այս երկու խումբ` սպառողական ու ներդրման ապրանքների «վաճառքի» գումարն է: ՀՆԱ-ի մեջ հաշվարկվում են 4 հիմնական բաղադրիչներ` անձնական սպառման ծախսերը, մասնավոր տնային տնտեսությունների ներդրումային ծախսերը, պետական գնումները և արտահանման հաշվեկշիռը` արտահանման ու ներմուծման ցուցանիշների տարբերությունը:

Ու հարց է առաջանում` լա՞վ է, երբ ՀՆԱ-ն աճում է, և վա՞տ, երբ նվազում է,ՀՆԱ-ի աճելով մենք ավելի լա՞վ ենք ապրում: Ահա պատասխանը միանշանակ չէ, և՛ այո, և՛ ոչ: Իհարկե լավ է, որ ընդհանուր արտադրանքի ծավալն աճում է, հետևաբար, աճում են նաև եկամուտները, աշխատատեղեր են բացվում և այն: Բայց ՀՆԱ-ն նաև ապակողմնորոշիչ է ու մի շարք թերություններ ունի: Նախ և առաջ` ՀՆԱ-ն գումարային արտահայտություն ունի, այլ ոչ ապրանքային, հետևաբար, գնաճի հետ ճշգրտման կարիք ունի: Այսինքն` եթե այս տարի ապրանքների գներն ավելի բարձր են, քան անցյալ տարվա գները, ապա այս տարվա ՀՆԱ-ն ավելի մեծ կստացվի: Այսինքն` տնտեսության իրական աճն այս դեպքում հասկանալու համար պետք է ՀՆԱ ցուցանիշից հանվի գնաճը: Մյուս թերությունն այն է, որ որոշ ժամանակի ընթացքում արտադրվող ապրանքների կամ ծառայությունների որակն է փոխվում` տեխնոլոգիական առաջընթացից ելնելով, ու այդ փոփոխություններով պայմանավորված էլ դժվարանում է որոշել, թե ՀՆԱ-ն իրականում ինչքանով է աճել, որովհետև օրինակ` մի քանի տարի առաջ 40 հազար դրամով կարելի էր ձեռք բերել սովորական հեռախոս, իսկ այսօր` սմարթֆոն: Որակի տարբերություններն այստեղ ակնհայտ են, բայց ՀՆԱ-ով այս տարբերությունը չի արտահայտվում` միայն գումարն է արձանագրվում:

Երրորդ թերությունը ՀՆԱ-ի «կուրությունն» է արտադրանքի վերջնական օգտագործման նկատմամբ: Այսինքն` եթե մի տարի կառավարությունը մեծ գումարներ է ներդնում, օրինակ` կրթության ոլորտում, իսկ հաջորդ տարի` նույնքան ներդրումներ է կատարում, օրինակ` մի ինչ-որ ձախողված նախագծի վրա, ենթադրենք` ոչ ոքի պետք չեկող ավտոմեքենա է արտադրում, միևնույն է, երկու դեպքում էլ թվերը ՀՆԱ աճի միևնույն քանակն են ցույց տալու: Եվ վերջապես, մեծ թերություն է, որ ՀՆԱ-ն ոչինչ չի ասում ՀՆԱ-ի սոցիալական հետևանքների կամ բաշխվածության մասին, որովհետև հասարակության մեջ ապրանքների ու ծառայությունների սպառումը համաչափ չի բաշխվում:

Տնտեսագետները երկնիշ աճի հնարավորության մասին են խոսում

բոստանջյան վարդանԱյս ամենով հանդերձ, ՀՆԱ-ն տնտեսական գործունեության ընդհանուր մակարդակի պարզագույն, բայց անչափ կարևոր ուղին է, ցույց է տալիս ընդհանուր տնտեսության աճը:
Մի խոսքով, 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ու դա տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լավ ցուցանիշ չի համարում, քանի որ եթե նաև ելնենք նախորդ տարիների, այսպես կոչված, տնտեսական աճի ցուցանիշներից ու այդ ցուցանիշին համադրենք ՀՆԱ-ի այս տարվա պաշտոնական թիվը, ապա այն չի առաջացրել այն պոտենցիալը, այն հիմքերը, որոնք պետք է ապահովեին որոշակի թռիչք` զարկ հետագա զարգացման համար:

«Նման պատկերը տխուր է ներկայանում բազմաթիվ առումներով: Անընդհատ այդ սպասողական վիճակը, թե հիմա կհայտնվեն միտումներ, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում մենք ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրենք, այդ հույսերը չեն արդարանում: Եվ այդ առումով էլ պայմանավորված` այդ ցուցանիշները համարվում են ոչ բարձր: Բոլոր դեպքերում, եթե մենք ուշադրություն դարձնենք նախորդ տարիների դինամիկային, անցած ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ տնտեսական աճի առումով երբեք չենք գրանցել այնպիսի թվեր, ինչի վերաբերյալ կանխատեսումներ են եղել: Իհարկե, նման ձախողումների պարագայում նրանք միշտ հղումներ են կատարել, միջազգային տնտեսական ճգնաժամին, որն, իբր, դեռևս շարունակվում է»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Նրա բնորոշմամբ` Հայաստանում այսօր ընդհանուր տնտեսությունը, գործարար միջավայրը տեղում դոփում է, չի զարգանում, իսկ հասարակ մարդկանց ոչինչ չի ասում ՀՆԱ-ի 3.5-տոկոսանոց աճը, քանի որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգում է օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների բեռը:

Իսկ կանխատեսված 6.2 տոկոս ՀՆԱ աճի փոխարեն ընդամենը 3.5 տոկոս աճի ցուցանիշ ստանալու առումով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ մեր հարևաններին կամ համաշխարհային տնտեսությանը նայելով` ակնհայտ է, որ մի քանի անգամ փոփոխվել են ՀՆԱ աճի կանխատեսումները: Այսինքն` այնպես չէ, որ մի որևէ երկիր դրել է կոնկրետ ՀՆԱ աճի կանխատեսում ու հասել է դրան: Դա Թաթուլ Մանասերյանը բացատրում է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո առկա անորոշությամբ ու այն հանգամանքով, որ ոչ մի երկիր հստակ ձևավորված տնտեսության մոդել չունի. նեոլիբերալիզմը վաղուց իր տեղը զիջել է, բայց թե ինչ մոդելներ են ավելի ընդունելի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար` դեռևս անորոշ է: Իսկ Հայաստանում գրանցված ՀՆԱ աճի տեմպի մասին, ինչպես նշեց տնտեսագետը, կարելի է ասել նաև, որ գոյություն ունեցող հնարավորությունները լավ չեն օգտագործվել:

«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, դրանից ավելի խիստ էլ կարելի է ասել, որ երկրի ղեկավարի կողմից էլ 6-7 տոկոս տնտեսական աճի պահանջ էր դրվել: Եվ ես ասեմ, որ դա ամենահամեստ պահանջն է, որովհետև դրանից ավելի պակաս տնտեսկան աճ արձանագրելով` չի կարելի հավակնել մրցակցային առավելությունների բացահայտման ու իրացման, երկրորդ` թեկուզ հենց տարածաշրջանում, եթե ոչ համաշխարհային տնտեսությունում, սեփական տեղը զբաղեցնելուն: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսությունն այս պահին, եթե մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները ճիշտ հաշվի առնենք ու օգտագործենք` երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունի»,- նշեց Թաթուլ Մանասերյանը` մասնավորեցնելով, թե այդ ռեսուրսների օգտագործումը, առանց չափազանցնելու, ընդհուպ մինչև 10-15 տոկոս, իսկ առավելագույնը մինչև 30 տոկոս տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի:

Հարկ է նշել նաև, որ զարգացող երկրները գրանցում են ոչ թե կայուն տնտեսական, այլ վերականգնողական աճ. դա կայուն տնտեսական աճից էապես տարբերվում է:
Օրինակ` 1-2 տոկոս տնտեսական աճը ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում բավականին շոշափելի կլինի, իսկ Հայաստանում անգամ երկնիշ տնտեսական աճը չի անդրադառնում կամ շատ քիչ է անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա : Այսինքն` Հայաստանի պես զարգացող երկրներում, նշում է Թաթուլ Մանասերյանը, տնտեսական աճը չի կարող սահմանափակվել միանիշ թվերով:

Ի դեպ, 2014 թվականի բյուջեով էլ կառավարությունը կանխատեսում է ոչ թե Մանասերյանի նշած երկնիշ աճը, այլ ընդամենը 5,2 տոկոս: Եվ 2013 թվականի դառը փորձը ցույց է տալիս` բացառված չէ, որ այս կանխատեսումն էլ արժանանա այս տարվա ցուցանիշի ճակատագրին:

 

Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր

Սամվել Գալստյան2013 թվականի գյուղատնտեսական տարին ամփոփվեց` զգալի աճ արձանագրելով գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով: Ավելացել են համախառն բերքի ծավալները, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6.6 %: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները տարեվերջյան հաշվարկներով կազմել են 318 060 հա, ինչը նախորդ տարվա մակարդակը` 304 207 հա-ը գերազանցում է շուրջ 14 հազար հա-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` վերջին երեք տարիներին ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35 000 հա-ով: Նախորդ տարեվերջին ցանքատարածությունները կազմել են 318 060 հա: 2014-ի գյուղատնտեսական տարվա համար կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն` հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացուների մատակարարման աշխատանքներ են իրականացվել, որով նախատեսված է 2510 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ներկրել:

«Սերմացուների ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են, Արագածոտնի մարզային պահեստարան է դատարկվել 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզային պահեստարան` 58.7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզային պահեստարան` 60 տոննա գարու սերմացու: Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ ազոտական պարարտանյութի հետ միասին հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Նախատեսված է 31 281 տոննա ազոտական պարարտանյութի, 2647 տոննա ֆոսֆորական և 1668 տոննա կալիումական պարարտանյութի ներկրում: Մեկ 50 կիլոգրամանոց ազոտական պարարտանյութի պարկը համայնքներում հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, նույն քաշի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը` 7000 դրամով: Արարատի և Արմավիրի մարզերն արդեն ստացել են 627 տոննա ազոտական պարարտանյութ:  Այսօրվանից սկսվել է 17 մլն 641 հազար լիտր դիզելային վառելանյութի մատակարարման աշխատանքները»,- ասաց Սամվել Գալստյանը` զգուշացնելով հողօգտագործողներին, որ պարարտանյութ, սերմացու և դիզելային վառելանյութ վերջիններիս կմատակարարվի միայն նախապես վճարումներ կատարելու պայմանով:

Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը Հայաստանի շահերից չի բխում

արժեզրկումՎերջին օրերն անցնում են ռուբլու էական արժեզրկմամբ: Ռուս մասնագետների հաշվարկներով` միայն այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ ռուբլու գնողունակ պահանջարկը նվազել է 8 տոկոսով: Անցյալ շաբաթվա կեսերին մոսկովյան բորսաներում դոլարը հատեց 35 ռուբլու սահմանը` թարմացնելով առավելագույն արժևորման վերջին ամենաբարձր` 2009 թ. մարտին արձանագրված ցուցանիշը: Ռուսական «Բիզնես օնլայն» տեղեկատվական հարթակի մասնագետները սպասում են ռուբլու վայրիվերումների, բայց հույս ունեն, որ ռուբլին դեռ կարող է կորուստները վերականգնել:

Ռուբլին արագ արժեզրկվում է. պետք է սպասել հետևանքներին

ԱՄՆ դոլարի և եվրոյի արժևորումը ռուսական ռուբլու նկատմամբ սկսվեց դեռևս 2013 թ. գարնանը: Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը, ինչպես ժամանակին Հայաստանում էր, կարգավորվում է երկրի ԿԲ-ի կողմից: Ռուսական ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար լողացող փոխարժեքի քաղաքականության անցնել: Նման պայմաններում նախորդ տարվա գարնանը ռուբլին արժեզրկվեց մոտ 10 տոկոսով, որը դրական անդրադարձ չունեցավ ռուսական տնտեսական վիճակի վրա: 2014 թվականի հունվարից, երբ ՌԴ կենտրոնական բանկը «իջեցրեց» փոխարժեքը, արժեզրկումը դանդաղ ընթացքից տեղափոխվեց արագ ընթացքի փուլ` սկսեց ավելի արագ արժեզրկվել:

Այն հիմնական իրադարձությունները, որ տեղի են ունենում Ռուսաստանում, մեր տնտեսության համար չափազանց կարևոր են, որովհետև Ռուսաստանը մեր թիվ մեկ տնտեսական գործընկերն է: Այս փաստն օրերս արձանագրեց նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե տարեսկզբից դիտարկվող ռուբլու շարունակական արժեզրկումն ինչպես կանդրադառնա հայկական դրամի վրա:
Ըստ նախարարի` Հայաստանի համար կարևոր է հասկանալ Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընթացները: ՌԴ-ում, ինչպես և մի շարք այլ զարգացող երկրներում, նշեց նախարարը, 2013 թվականը նշանավորվեց նրանով, որ տնտեսական աճի էական դանդաղում արձանագրվեց: Իսկ մեր հիմնական առևտրային ու ներդրումային գործընկեր Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումը մեզ վրա չի կարող չազդել:

«Այս առումով մեր վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե բացի տնտեսական աճի ու ներդրումների ցուցանիշներից, ինչ այլ գործոնների վրա մենք կարող ենք զգալ գործընթացների ազդեցությունը, արդյոք կլինի ազդեցություն փոխարժեքի՞, թե՞ այլ ցուցանիշների վրա»,- հայտնեց Դավիթ Սարգսյանը:
Իսկ թե ինչու է Ռուսաստանում ռուբլին արժեզրկվում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանեց, որ ՌԴ կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի ռեժիմի անցման արժութային քաղաքականություն է իրականացնում, նրանց մոտ կա «փոխարժեքային միջակայք» և յուրաքանչյուր ամիս արժույթը չպետք է տատանվի այդ միջակայքի սահմաններից վերև կամ ներքև: Ռուսական կողմն աստիճանաբար ընդլայնում է այդ միջակայքը` անցում կատարելով դեպի լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

Սակայն հունվարի 31-ին ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը հայտարարեց, որ 2013 թ. Ռուսաստանում ինֆլյացիան կարող է ավելի բարձր լինել, քան 4.8 տոկոս կանխատեսումը և կազմել 5.2 տոկոս, սակայն կմնա նախասահմանված 4.5-5.5 տոկոսի սահմաններում, բայց ամենայն հավանականությամբ, ավելի բարձր չի լինի 5.5 տոկոսից:

Ռուսաստանում երկար ժամանակ տնտեսական աճը պայմանավորված է եղել նավթի գների շարունակական աճով, Հայաստանում` անշարժ գույքի գների շարունակական աճով և այլն: Բայց այսօր, նշեց նախարարը, աշխարհում իրադրությունը փոխվել է, և ամբողջ աշխարհը, այդ թվում և Ռուսաստանն ու Հայաստանը, կանգնած են այն հարցի առջև, թե որն է հաջորդ տարիների տնտեսական աճի բանալին:

Ամեն դեպքում` բացասական սպասումներ ունենք

Այս կապակցությամբ միանգամայն այլ տեսակետ ունի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա բնորոշմամբ` կառավարության անդամները տեղյակ չեն, թե աշխարհում ինչ է կատարվում, կամ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր տնտեսության վիճակն աշխարհում վատացել է, դրա հետևանքով մեզ մոտ էլ է վատանում: Ճիշտ հակառակը` աշխարհում տնտեսության վիճակը լավ է, գրանցվել է 3 տոկոսանոց աճ, ԱՄՆ-ում` 2,9 տոկոս տնտեսական աճ, որն անսպասելի է, Չինաստանում` 7,4 տոկոսի փոխարեն` 7,7 տոկոս:

«Եվ քանի որ աշխարհում, հատկապես` Արևմուտքում, վիճակը լավացել է, վերջին եռամսյակը եվրոպական տնտեսությունը փակեց աճով, ու այս տարի արդեն 1 տոկոս աճ է սպասվում Եվրոպայում, փողերը, այսպես կոչված, էմերջինգ շուկաներից, փոխանցումային շուկաներից, այն երկրներից, որոնք արագ են զարգանում, գնում են դեպի Արևևմուտք»,- պարզաբանեց Բագրատյանը:

Սա Հրանտ Բագրատյանի բերած պատճառներից մեկն էր: Երկրորդը` ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի QI ծրագիրը, համաձայն որի ֆեդերալ ռեզերվ համակարգը 85 մլրդ փող էր տպում ու տալիս բանկերին, հասավ նրան, որ արդեն պետք է դադարեցնի այդ գործընթացը` տնտեսությունը «չեռացնելու» համար: Այսինքն` դրությունն Արևմուտքում լավացել է, արևմտյան արժեթղթերի եկամտաբերությունը բարձրացել է, ու այդ պատճառով փողը Չինաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից տանում են այնտեղ:

Օրինակ, ռուսական բանկերի ընդհանուր պարտավորությունները կազմում են մոտ 1,5 տրիլիոն դոլար, որից 550 միլիարդը արտասահմանյան փողեր են, ու արտասահմանցին արդեն իր փողը տանում ու ԱՄՆ-ում ներդրում է կատարում, քանի որ ավելի վստահ է ԱՄՆ-ի այդ 3 տոկոս աճին:

Այս առումով Հայաստանի վրա առաջին հերթին ոչ թե ռուսական ռուբլու արժեզրկումը կանդրադառնա, այլ այն, որ մեր բանկերում մոտ 1,5 միլիարդ դոլար արևմտյան փող կա: Եվ եթե այդ փողի արտահոսք սկսվի, վարկերը կթանկանան ու տնտեսության առանց այդ էլ շատ ցածր աճի տեմպերը կդառնան 0 կամ մինուս:
«Սրանից հետո միայն ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է անդրադառնալ հայկական տնտեսության վրա»,- նշեց պատգամավորն ու շարունակեց, որ այդ արժեզրկումը, իհարկե, Հայաստանում կհանգեցնի որոշակի գնաճի:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ռուսական «Ռոսբալտը», գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների հետազոտական ինստիտուտում եկել են այն եզրահանգման, որ ռուբլու արժեզրկումը ռուսական տնտեսության համար դժվարություններ կստեղծի, բայց չի քանդի այն: Ինչպես նշում են կայքի փորձագետները, արժեզրկումը կթուլացնի սպառողներին ու արդյունաբերությունը, կծնի պարտքերի վճարման նոր տարկետումներ և կարագացնի գործազրկության աճը:
Սրանք են բոլոր գործընթացներն ու զարգացումները, որոնք ազդում են համաշխարհային տնտեսության, այդ թվում և Հայաստանի տնտեսության վրա:
Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարի պնդմանը, թե հենց ռուս փորձագետներն են նշում` այնպես չէ, որ ռուբլու արժեզրկումը միանշանակ վատ ազդեցություն է ունենալու ռուսական տնտեսության վրա, այլ կարող է նաև էժան փողի հնարավորություն ստեղծել ու խթանել արտահանման միտումները, ապա այս առումով ուշագրավ է ռուս փորձագետների կանխատեսումը. «Ռուբլու արժեզրկումից չպետք է ներմուծման նկատմամբ հաղթանակ ակնկալել: ԱՄՀ շրջանակներում արտասահմանյան ապրանքներն ավելի պատրաստ են ՌԴ քաղաքացիների գնողունակության անկմանը»,- համոզված են ռուս փորձագետները:

«Հայաստանի հարավային երկաթուղի». հավասարում` բազմաթիվ անհայտներով

երկաթուղի«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» 3.5 մլրդ դոլար գնահատվող նախագծերի գործարկման մասին հայտարարվել է դեռևս 2013 թ. հունվարին: Այն ժամանակ էլ «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության գծով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: Եվ «Ռոսիա ՖԶԵ»-ն հայտարարեց, թե սկսում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության աշխատանքները:

Այսպես է ներկայացվում ծրագիրը

Անցյալ ուրբաթ օրը, հանդես գալով մամուլի ասուլիսով, «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին հայտարարեց, որ արդեն պատրաստ են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և նախնական ծրագիրը: Ըստ այդ ծրագրի` Հայաստանի հարավային` 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվի Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ գյուղը` Իրանի հետ սահման` անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը` 102.4 կիլոմետրը, կլինեն 60 թունելները: Երկաթգիծը պետք է ունենա 27 կայարան, 84 կամուրջ` 19.6 կմ ընդհանուր երկարությամբ և այլն: Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.2 մլրդ ԱՄՆ դոլար է, իսկ շինարարական աշխատանքները կտևեն 6 տարի: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար կպահանջվի 10.5 մլն դոլար: Այս թանկությունը, ինչպես նշեց Ջոզեֆ Բարկովսկին, պայմանավորված է բարդ աշխարհագրական տեղանքով և բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:
«Կոնցեսիայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի պահանջվելու որևէ պետական երաշխավորություն, և մեր նպատակն է կենսունակ դարձնել այս նախագիծը` առանց ՀՀ կառավարության համար այս նախագծի իրականացման որևէ ֆինանսական պատասխանատվության»,- նշեց Ջոզեֆ Բարկովսկին` հավելելով, որ այս ծրագրով Հայաստանում 3.2 մլրդ արտաքին ներդրումներ կներգրավվեն, ինչպես նաև կստեղծվեն տասնյակհազարավոր աշխատատեղեր: Ըստ կանխատեսումների` կիրականացվի տարեկան 18.3 մլն տոննա բեռնափոխադրում և 1.2 մլն ուղևորափոխադրում: Երկաթուղին, սակայն, կնախագծվի տարեկան 25 մլն տոննա բեռնափոխադրման համար: Հետագայում բեռնափոխադրման ծավալները կարող են մեծացվել: Բարկովսկու տեղեկացմամբ` երկաթուղու շահագործման նախագծային արագությունը կլինի 80 կմ/ժ, այսինքն` բեռնափոխադրումների համար այն կկազմի 40 կմ/ժ, իսկ ուղևորափոխադրումների համար` 70 կմ/ժ.:
«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը` որպես «Հյուսիս- հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին: Երկաթուղու շինարարությունը, հավաստիացրեց Ջոզեֆ Բարկովսկին, կմեկնարկի 2016 թ., շահագործման կհանձնվի 2022 թ.: Ըստ նրա` ծրագրի իրականացումն իրատեսական է, և այն անպայման կյանքի կկոչվի:

Ու սկսվում է հարցականների շարքը
Ամեն ինչ, առաջին հայացքից, պարզ է, իդեալական ու մնում է միայն սկսել ու ավարտել նախագծի իրականացումը: Սակայն միայն առաջին հայացքից: Իրականում ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է:
Առաջին ուշագրավ դրվագն այս ամբողջ պատմության մեջ, այն է, որ «Ռոսիա ՖԶԵ»-ն գրանցված է Դուբայում, որը նույնիսկ մեր կառավարության սահմանած չափանիշներով, օֆշորային գոտի է համարվում: Ավելին` ինչպես ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարկովսկին, ընկերությունը գրասենյակներ ունի նաև Սինգապուրում ու Վիրջինյան կղզիներում: Երկուսն է օֆշորային գոտիներ են:
Երկրորդ` ընկերությունն ընդամենը 6 տարվա պատմություն ունի, ու երբ ընկերության նախագահը նշում է, թե վերջին 4 տարիներին զբաղվել են ծրագրի իրագործելիության ուսումնասիրութամբ, ստացվում է, որ իր գոյության մեծ մասը նվիրել է «Հայաստանի հարավային երկաթուղու» ծրագրի կազմման աշխատանքներին: Ընդ որում, նշվում է, որ արդեն իսկ իրագործված ծրագրերի համար ծախսվել է մոտ 15 մլն դոլարին համարժեք գումար: Շատ հետաքրքիր է, որ մեր երկրում այդքան գումար ծախսած ընկերությունը դեռ իրավաբանական հասցե` գրասենյակ չունի, և նրա նախագահը ասուլիս է տալիս տրանսպորտի և կապի նախարարության շենքում:

Համացանցում «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը հիշատակվում է միայն Հայաստանում երկաթուղային նախագծի հետ կապված տվյալներում: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այն տրամադրում է ուղղակի և անուղակի ներդրումներ իրականացնելու հնարավորություններ և ապահովում ներդրողների, ֆոնդերի և ընտանիքների մասին տեղեկատվության գաղտնիությունը: Բայց բացի պաշտոնական կայքի ու էլփոստի հասցեից, այս ընկերության մասին տվյալներում չկա անգամ Դուբայի որևէ գրասենյակի հեռախոսահամար:

Երկաթուղու նախագծային փաստաթղթերի մշակումը, ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, կատարվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային պետական ընկերության (CCCC International) կողմից, որի պաշտոնական կայքում, սակայն, հայկական նախագծում ներգրավված լինելու մասին որևէ տեղեկություն չկա:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը Հայաստանի պետական բյուջեի հետ համեմատելի մեծություն է: Ու դրա 60 տոկոսը, ինչպես հայտնեց Ջոզեֆ Բարկովսկին, նախատեսվում է ստանալ չինական բանկերից (30 տարով, տարեկան 3.5 տոկոս տոկոսադրույքով): Իսկ մնացած 40 տոկոսն ակնկալվում է, որ պետք է ներդնեն այդ երկաթուղով բեռնափոխադրումների իրականացմամբ շահագրգռված երկրները, օրինակ` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Հնդկաստանը և այլն:

Ըստ «Ռոսիա ՖԶԷ»-ի նախագահի` երկաթուղու կառուցման ֆինանսական ռիսկերը կրում է իր ղեկավարած ընկերությունը, պետական մասնակցություն կամ պետական երաշխիքներ նախագիծը չի ենթադրում:
Լրագրողների հարցին, թե ինչ բանկերի մասին է խոսքը, Բարկովսկին նշեց Չինաստանի արտահանման և ներմուծման բանկը, հավելելով, թե չինական այլ բանկեր ևս տրամադրում են նման երկարաժամկետ վարկեր խոշոր ազգային նախագծերի ֆինանսավորման համար: Սակայն նրա նշած բանկերը, որոնք ամբողջովին պետական են կամ էլ պետական մասնակցությամբ, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորում են միայն պետական երաշխիքներով և միջպետական համաձայնագրերով:
Բարկովսկին չպատասխանեց նաև լրագրողներին խիստ հետաքրքրող հարցին` որքա՞ն է ընկերության կանոնադրական կապիտալը: Նա ասաց, որ դա նշանակություն չունի:
Ըստ Բարկովսկու, նախագծի իրականացման ժամկետը կախված կլինի ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև` իր տարածքում երկաթգիծը շարունակելու Իրանի պատրաստակամությունից:
«Մենք պատրաստ ենք ստանձնել անգամ իրանական հատվածի տեխնիկա-տնտեսական հիմնավորման փաստաթղթերի պատրաստումը: Եթե իրանական հատվածում երկաթուղի չկառուցվի, ապա Հայաստանում դրա կառուցումը կասկածի տակ կլինի: Իրանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ կյանքի չի կոչի Ռեշտ -Աստարա երկաթգիծը, որի դեպքում կնվազի հայկական հատվածով բեռնափոխադրումների ծավալը` կասկածի տակ դնելով ներդրումների վերադարձելիությունը»,- ասաց Բարկովսկին:

Թեև այս հարցը մասամբ կարելի է նաև լուծված համարել, քանի որ իրանական կողմը` ի դեմս Հայաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի, բազմիցս հաստատել է և վերջին անգամ էլ փետրվարի 14-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իրանական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ` իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:
Դեսպանը, այդ հանդիպման ժամանակ, ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, շեշտեց, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

Այս ամենով հանդերձ, այս ծրագրի իրատեսականության հետ կաված հարցերը չի կարելի լուծված համարել: Օրինակ, երբ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե նախագծով սահմանված այն տեղամասերում, որտեղով պետք է անցնի երկաթգիծը, ընդերքի հետախուզական-երկրաբանական աշխատանքներ իրականացվել են, թե ոչ, Ջոզեֆ Բարկովսկին պատասխանեց` դեռ ոչ, երբ որ ֆինանսավորման աղբյուրների մեջ որոշակիություն մտնի, այդ ժամանակ կգան ու երկրաբանական հետազոտություններ կանեն:

Փաստորեն, դեռ վերջնականապես պարզ էլ չէ` ինչ ապարներ ունեցող, ինչպիսի աշխարհագրական տվյալներ ունեցող տեղանքներում պետք է իրականացվեն, օրինակ, թունելների փորման աշխատանքները: Այս առումով Բարկովսկին նշեց, որ ընդերքի առանձնահատկություններից ելնելով` ծրագրի արժեքը կարող է իջնել մինչև 2,4 մլրդ դոլար կամ աճել ու հասնել 4 մլրդ դոլարի: Ու թեև ավելի շատ հիմքեր կան մտածելու, որ այս ծրագրի իրագործումն անհավանական է թվում, միմիայն ուրախ կլինենք, եթե այն կյանքի կոչվի: Սա էլ ցույց կտա ժամանակը. 2022 թվականը սարերի ետևում չէ:

Գործարարության մեջ կանանց ներուժը մեծ է, հնարավորությունները` քիչ

կին գործարարՈրքան էլ խոսվում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում կանանց առաջխաղացման մասին, նրանք քիչ տոկոս են կազմում: Այսօր կանանց և տղամարդկանց ձեռնարկատիրություն սկսելու գործընթացներում խտրականություն չկա, չկան նաև կանանց համար սահմանված հատուկ արտոնություններ: Սոցհարցումները և հետազոտությունները վկայում են, որ կանայք գործարարությամբ զբաղվելու առումով ավելի պատրաստված են, քան տղամարդիկ: Նրանք ներուժ ունեն, կրթվածության առավել բարձր մակարդակ, զուսպ են, բարեկիրթ և ամենակարևորը` համբերատար:

Շատ է խոսվում այն մասին, որ պետությունը վերջին տարիներին միջոցներ է ձեռնարկում կանանց ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ, սակայն առկա ցուցանիշները այդքան էլ գոհացնող չեն: Փոքր և միջին ձեռնարկատերերի միայն 10 տոկոսն են կանայք: Նրանց մեջ խոշոր ձեռնարկատերեր գրեթե չկան: Իսկ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող կանանց մասնաբաժինը երկու անգամ ավելին է և կազմում է 20-25 տոկոս:

Հայաստանի գործարարների հանրապետական միությունը կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտում աշխատանքներ է իրականացնում դեռևս 2008-ից: Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` կանայք իսկապես գործարարությամբ զբաղվելու մեծ ներուժ ունեն և կառավարման հարցում առավել թափանցիկ են, զգուշավոր, սակայն նրանց հնարավորություններն են սահմանափակ: «Եթե տղամարդիկ միգրացիայի պատճառով ստիպված են լքել իրենց ընտանիքները և ժամանակավոր հեռանալ, ապա կանայք այդ ընտանիքի կեցության, իրենց հասարակական դիրքի ամրապնդման համար կարիք ունեն գործարարությամբ զբաղվելու», – ասում է նա:

Գործարար կանանց շրջանում անցկացված հարցումներն ու այդ ուղղությամբ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ կանանց շրջանում գործարարությամբ զբաղվելու խնդիրներն ավելի շատ են, քան տղամարդկանց շրջանում: Նրանք մատնանշել են սեփական գույքի, համապատասխան գրավի առարկայի բացակայությունը, ինչը խոչընդոտում է վարկավորման գործընթացին:

Բիզնեսի առաջմղման համար, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, բանկերը պետք է պարտավորվեն ցածր տոկոսադրույքներով վարկավորել կին գործարարներին: «Կինը գործարարության մեջ համարում եմ ոչ թե զուտ աշխատանք, այլ ճակատամարտ և հերոսություն»,- ասում է տիկին Նաղդալյանը: Նա հորդորում է կանանց վստահ լինել սեփական ուժերի մեջ, կարողանալ անել ավելին: «Մենք մեր գերխնդիրներից ենք համարում կանանց ձեռնարկատիրության զարգացմանն աջակցող առանձին ծրագրի իրականացումը, քանի որ ինչ արվում է կանանց համար, դրանից շահում է հասարակությունը և երկիրը». ասում է նա: Հասարակությանն անհրաժեշտ են փոքր բիզնեսներ և բնակչության միջին խավ, և ըստ նրա` պետությունը պարտավոր է աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը. «Տարիներ շարունակ, երբ չունեինք աջակցության ծրագրեր և կանանց համար շատ ավելի բարդ էր գործելը, նրանցից շատերը կարողացան վստահաբար առաջ գնալ և ոմանց նույնիսկ հաջողվեց դառնալ ձեռներեց Հայաստանի տնտեսության այս պայմաններում: Բիզնեսը ծովի նման է, և յուրաքանչյուրը պետք է կարողանա լողալ` հաղթահարելով ալիքները»: Նրա համոզմամբ, բիզնեսով զբաղվելու համար պետք են նախ գիտելիքներ ու հմտություններ և ֆինանսական հնարավորություններ, հետևաբար մատչելի վարկավորում` առանց գրավադրման, հաշվի առնելով, որ կանայք ավելի պարտաճանաչ են, պարկեշտ և ոչ արկածախնդիր: Սակայն դժվար է լծակներ կիրառել մասնավոր ֆինանսական ընկերությունների նկատմամբ, պարտավորեցնել նրանց ընդառաջ գնալ կանանց, երբ չկա հստակ մեխանիզմ կամ մշակված ծրագիր:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Քնարիկ Մալխասյանն էլ այն կարծիքին է, որ կանանց համար պետք է հատուկ պայմաններ ստեղծել, քանի որ բիզնեսում կանանց և տղամարդկանց պահանջներն այլ են:

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ասում է, որ այնուամենայնիվ, վերջին տարիներին ոլորտում բավականաչափ բարեփոխումներ եղել են: Խոսքը մասնավորապես էլեկտրոնային հաշվետվությունների մասին է, 2010 թ. ընդունված գենդերային քաղաքականության հայեցակարգի ու դրանից բխող ծրագրերի իրականացման մասին: Միության նախագահի համոզմամբ, կանանց ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը վերջին տարիներին ավելանում է: Կանայք ավելի շատ ներգրավված են սննդի (հատկապես հրուշակեղենի), տեքստիլ արդյունաբերության, գեղեցկության սրահների, ֆուրշետների և հարսանյաց միջոցառումների կազմակերպման և ամենատարբեր ծառայությունների մատուցման ոլորտներում:

Այնուամենայնիվ, ի՞նչն է խոչընդոտում կանանց լինելու առավել ակտիվ սեփական բիզնեսը նախաձեռնելու գործում: «Կանանց պատրաստակամությունն է ցածր բիզնես սկսելու գործում, ուստի մենք պլանավորել ենք նրանց շրջանում տեղեկատվական արշավներ կազմակերպել և ցույց տալ հաջողված կին ձեռներեցների փորձը: Դա հնարավորություն կտա բացելու նրանց տեսադաշտը սեփական բիզնեսը սկսելու գործում, ինչը և՛ եկամտի աղբյուր է, և՛ աշխատուժի ստեղծման խթան, և՛ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն: Պարզապես, միակ խոչընդոտն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանայք նաև տան և կենցաղային հոգսերը կրողն են և ի վիճակի չեն բիզնեսին առավել երկար ժամանակ հատկացնելու, ինչը բացասաբար է ազդում գործարար կապերի ստեղծման և բիզնեսի կառավարման տեսանկյունից»,- ասում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրի համակարգող Գոհար Ղաբուզյանը:

Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր, որը սկսվել է նախորդ տարվա մարտ ամսից:

«Սակայն մեր հետազոտությունների արդյունքում խոսելով նրանց խնդիրների մասին` մենք հասկանում ենք, որ ցածր ներգրավվածության միակ պատճառը նրանց փորձառության և որոշ հմտությունների պակասն է: Ուստի մեր ծրագիրը կենտրոնացված է նաև այս խնդրի վրա, որպեսզի բարելավենք բիզնեսի զարգացման ծառայությունները»- այսպիսի կարծիք է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչ Դևիդ Դոլլը:
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն կանայք, որոնք մրցունակ բիզնես ծրագիր ունեն, իսկ սեփական մտահղացումներն իրականացնելու համար պետք է շուկան լավ պատկերացնել, կարողանալ գրագետ հաշվել ինքնարժեքը, անել ճշգրիտ ֆինանսական կանխատեսումներ, հստակ պատկերացնել շահույթը և այլն: Ըստ Գոհար Ղաբուզյանի, քանի որ մեր երկրում կին ձեռնակատերերի ներուժը բավարար չափով չի օգտագործվում և նրանց տեսակարար կշիռը բավական ցածր է ընդհանուր գործարարության մեջ, նրանց գործարարությունը խթանելու կարիք կա: Նա տեղեկացրեց, որ տղամարդիկ նույնպես կարող են ծրագրին մասնակցել, սակայն բոլոր ծրագրերում իրենց թիրախը կանանց գոնե 50 տոկոսի վարկավորման և աջակցության ապահովումն է: Մինչ օրս իրականացվել է 7 ծրագիր, մեկը մայրաքաղաքում, մնացածը` մարզերում: Հիմնականում խրախուսվել են արտադրության ոլորտներն ու նորարար գաղափարները: Կանանցից շատերն արդեն սկսել են իրենց բիզնեսը և նույնիսկ հասցրել են կայանալ: Ծրագիրը եռամյա է և հաջողության դեպքում գուցեև դառնա շարունակական:
Լ.Ն

Անկախ

Ֆինանսական օմբուդսմանի ինստիտուտն արդեն 5 տարեկան է

nkar PiruzԻնչքանո՞վ է կառույցը գործում հօգուտ սպառողների

Տարիներ առաջ ՀՀ քաղաքացիները ֆինանսական ոլորտում ծագած ամենատարբեր խնդիրներով դիմում էին Կենտրոնական բանկին: Նրանց գույքային պահանջների վերաբերյալ գրությունները սովորաբար մերժվում էին, և շարունակ տրվում էր այն պատասխանը, թե տվյալ խնդիրը դուրս է ԿԲ -ի իրավասությունից: Հարց էր ծագում, թե ո՞ւմ իրավասությունն է քննել հաճախորդների բողոքները և լուծել ծագած գույքային վեճերը քաղաքացիների և բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների միջև, մանավանդ, երբ մեծ էր վնասի չափը:

Աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների ֆինանսական ոլորտում ծագած վեճերը լուծվում են հատուկ կառույցների` օմբուդսմանների, մեդիատորների և արբիտրների միջոցով: 2008-ից մեր երկրում ընդունվեց «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքը, և հաշտարարն իր մասնագիտական գործունեությունը սկսեց իրականացնել 2009-ի հունվար ամսից:

Արդեն 5 տարի է, ինչ մեր երկրի ֆինանսական շուկայում սպառողների իրավունքներն ու շահերը, կարելի է ասել, պաշտպանված են կամ ավելի ճիշտ` մասամբ պաշտպանված են: Ի դեպ, գրասենյակի հիմնադրման առաջին տարիներին մտավախություն կար, որ համակարգը չի գործի և չի արդարացնի քաղաքացիների ակնկալիքները: Վստահություն չկար: Բացի այդ, քիչ էին ֆինանսական միջնորդությունները, և քաղաքացիները շատ քիչ տեղեկություններ ունեին ֆինանսական կառույցների և նրանց գործառույթների վերաբերյալ: Գրասենյակի աշխատակիցները հիշում են, թե ինչպես են իրենց գործունեությունը սկսել ճանաչողության բացակայության և կառույցի նկատմամբ հասարակության թերահավատության պայմաններում: Սակայն, այսօր կարելի է ֆինանսական օմբուդսմանի ինստիտուտը որոշ չափով կայացած համարել, քանի որ մշտապես բողոքներ լինում են քաղաքացիների կողմից, նույնիսկ` ճիշտ հասցեագրված:

Եթե 2009-ին հասարակության միայն 12 տոկոսն էր իրազեկված հաշտարարի մասին, և ստացված բողոքների 70 տոկոսը հասցեագրված չէին գրասենյակի գործունեությանը, ապա տարիների ընթացքում հնարավոր եղավ բարձրացնել քաղաքացիների գրագիտությունն ու կողմնորոշվելու կարողությունը: Տարեցտարի աճել են հաճախորդների բողոքները և քննության ընդունված պահանջները: Այսպես, 2010 թ. հաճախորդների բողոքների թիվը, 2009 թ. համեմատ, ավելացել է 70 տոկոսով, իսկ քննված պահանջները` 93 տոկոսով: 2011 թ. բողոքներն աճել են 25 տոկոսով, իսկ 2012 թ.` 46 տոկոսով: 2013 թ. նույնպես, նախորդ տարվա համեմատ, բողոքների մեծ աճ է արձանագրվել` 53 տոկոսով:
Ընդհանուր առմամբ ո՞ր կառույցներին են ուղղված եղել դիմում-բողոքները, և դրանցից քանիսի՞ն է ընթացք տրվել:
2009-2014 թթ. ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքներն ու գրավոր պահանջները կազմել են 5310, որոնցից քննության ենթակա են եղել 1566-ը: Իսկ 2003 բողոքները հնչել են նախորդ տարում, որոնցից ընթացք է տրվել 818-ին:

Պահանջների քննության ընթացքում հատուցված ընդհանուր գումարը կազմել է մոտ 423 մլն դրամ: Իսկ հօգուտ հաճախորդների գործերի ելքերը կազմել են 68 տոկոս: Նախորդ տարում, ըստ վիճակագրության, ընդունված և քննության առնված բողոքների հասցեատերերի «առյուծի բաժինը» կազմել են ապահովագրական ընկերությունները: Միայն անցած տարի այս ուղղությամբ գրասենյակ է դիմել 591 քաղաքացի: 208 դիմում- բողոք ուղղված է եղել բանկերի, 6-ը` գրավատների, 5-ը` վարկային կազմակերպությունների դեմ:
Գրասենյակ դիմած բոլոր քաղաքացիներին տրամադրվում է խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում ենթակա բողոքները կա՛մ ուղղարկվում են քննության, կա՛մ հասցեագրվում այլ կառույցների:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանի տեղեկացմամբ` բոլոր բողոքները ենթարկվում են նախնական ուսումնասիրության: Պահանջներն ընդունող մասնագետները տվյալների միասնական բազայում գրանցում են բոլոր բողոքները և հաճախորդներին տալիս են մանրամասն պարզաբանում: Մասնագետների խորհուրդն ուսումնասիրում է բոլոր փաստացի հանգամանքները, այնուհետև` նեգրավում փորձագետներին: Առավելագույնը 28 աշխատանքային օրվա ընթացքում հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մերժելու մասին: Գործերի բացասական ելքերի դեպքում, խնայելով հաճախորդների ժամանակը, պահանջը չի ընդունվում քննության:

Հաշտարարը նշեց, որ բողոքները ստացվում են տարբեր եղանակներով` թե՛ հեռախոսազանգերով, թե՛ այցելություններով և թե՛ համացանցով:

Փիրուզ Սարգսյանի խոսքով` մի կողմից լավ է, որ մեծացել է գրասենյակի նկատմամբ քաղաքացիների վստահությունը, հետևաբար նաև ֆինանսական միջնորդությունը, մյուս կողմից` խնդիրներ չէին առաջանա բավարար գիտելիքներ ունենալու պարագայում: Նա կարծում է, որ եթե մարդիկ լիարժեք ծանոթ լինեն ֆինանսական գործառույթներին և իմանան իրենց իրավունքներն և պարտավորությունները, ապա հնարավորինս զերծ կմնան առաջացող խնդիրներից: Ուստի, նրանց իմացությունը բարձրացնելու համար 2011-ից մշակվել և իրականացվում է Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկության բարձրացման ծրագիրը:
Լ.Ն

Անկախ

 

«Ճիշտ կլիներ` սպառողների շահերի պաշտպաններն էլ ոսկու շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ». Արմեն Պողոսյան

արմեն պողոսյանԴրոշմավորման երկու եղանակ կա` մեխինակական և լազերային: Մեխանիկականը հին մեթոդ է, դրոշմավորելիս ոսկին վնասվում է, հետք է մնում, մշակելուց պատկերը ջնջվում է: Լազերային դրոշմավորումն ավելի լավ տարբերակ է, բայց մեզ մոտ դարձյալ լավ չի արվում, պատկերն աղավաղվում է, չի երևում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու հայտնաբերված թերացումները ոսկու 3 շուկաներում:

Ցուց տալով լազերային դրոշմավորման մի քանի լուսանկարներ` Արմեն Պողոսյանը նշեց, որ մեծ երևակայություն է պետք այդ պատկերներում Սասունցի Դավթի պատկերը տեսնելու համար:

«Ֆինանսների նախարարությունն այդ սարքերը բերում է ռուսական մի կազմակերպությունից: Իհարկե, հասարակ սպառողին հետաքրքրում է միայն այն, որ լավ որակի ոսկի գնի, բայց, եթե հարգադրոշմի պատկերն աղավաղված է և չի երևում, թե ո՞ր կազմակերպությունն է հարգը որոշել, դժվար է դառնում անհրաժեշտության դեպքում գտնել պատասխանատուին»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Արմեն Պողոսյանն առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկում հրավիրել, ստուգումներ անցկացնել հարգորոշում ապահովող կազմակերպությունների մոտ, այնուհետև խնդիրների լուծման մեխանիզմներ մշակել և խիստ վերհսկողություն սահմանել:

Ըստ բանախոսի` ճիշտ կլիներ, եթե սպառողների շահերի պաշտպաններն էլ այդ շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ:

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքները

ավանեսյանՀայաստանը խիստ շտապում է Մաքսային միությանն անդամակցել, այնպես, որ նույնիսկ Հայաստանում ՌԴ դեսպանն է զարմանք հայտնում: Բայց պարզվում է կամ ինչպես մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը, ռուսները ոչ թե զարմացած են, այլ հիացած Հայաստանի շտապողականությունից: Մի խոսքով, մեկնարկը տրված է ու ոչինչ չի կարող ազդել ու գոնե փոքր-ինչ դանդաղեցնել Հայաստանի սլացքը դեպի ՄՄ: Մինչդեռ ոչ փոքր ու բավական կարևոր հարցեր կան, որոնց մասին արժեր գոնե մի քիչ խորությամբ մտածել ու նոր միայն շտապել, եթե մտածելուց հետո շտապելու ցանկությունը նախկինի պես ուժգին լիներ:

Դեռևս հունվարի վերջին էր, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրապարակավ ՄՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում կիրառվող մաքսային տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ հայտարարեց, որ ՄՄ անդամ 3 երկրներ եկել են փոխհամաձայնության: Օրինակ` մաքսատուրքի դրույքաչափերի կապակցությամբ, ու բնական է, որ եթե Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը, դժվար է ակնկալել, որ մենք կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը, որոնց մի զգալի մասը ակնհայտ բարձր է Հայաստանում կիրառվող մաքսային դրույքաչափերից:

Հետո պարզ դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով. Մաքսային միությունում, ինչպես այս առումով նշեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մի զգալի խմբի համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերն են: Կան նաև ապրանքներ, որոնց համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը նույնն են, ինչ Հայաստանում, կան նաև այնպիսի ապրանքների խմբեր, որոնց համար ՄՄ-ում ավելի ցածր դրույքաչափեր են գործում, քան Հայաստանում:

Ներկայացնելով պատկերը` փոխնախարարը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընդունել ենք մի մոտեցում, որով ՀՀ արտաքին առևտրային գործունեությունը հնարավորինս հստակեցված կամ պարզեցված է: Այսինքն` մենք ներմուծման պարագայում ունենք կա՛մ 0, կա՛մ 10 տոկոս մաքսատուրքեր: Մենք չունենք մաքսատուրքի տեսքով հաստատագրված վճարներ, համակցված վճարներ` տոկոս գումարած հաստատագրված վճար, չունենք քվոտավորում, չունենք սակագնային քվոտավորում և այլն:
Ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, ՄՄ-ում գործող մաքսային օրենսգիրքն ունի ավելի տարբերակված մոտեցումներ: Որոշ ապրանքների համար գործում են որոշակի տոկոսային դրույքաչափեր` ապրանքի մաքսային արժեք գումարած մաքսազերծման համար ինչ-որ տոկոս: Կան ապրանքներ, որոնց մաքսազերծման համար հաշվարկվում է հաստատագրված թիվ, կա տոկոս գումարած հաստատագրված գումար մոտեցումը, կամ մեկ այլ հաշվարկի մեթոդ կա` այսքան տոկոս, բայց ոչ պակաս, քան որոշակի թիվ, մաքսային քվոտաներ և այլն:

Հարց է առաջանում` այդ ապրանքների համար Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը շահավե՞տ է, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ բարձրացումը: Փոխնախարարը նշեց, որ կան ապրանքներ, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացնելը կստեղծի խնդիրներ և՛ արտադրության, արդյունաբերության, և՛ սպառողական գների տեսանկյունից:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ այնուամենայնիվ, չնայած սկզբունքին, որոշ ապրանքների համար պետք է արվեն որոշակի բացառություններ, և ՄՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ այդ ապրանքները պետք է շարունակեն ունենալ Հայաստանի այսօր գործող օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:

Դրանք այն զգայուն ապրանքներն են, որոնց համար ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ դա մեր երկրի տնտեսության և ընդհանուր առմամբ նաև ապրանքների սպառողական գների, հետևաբար նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

Ըստ Մաքսային օրենսգրքի` ապրանքների անվանացանկը ներառում է 10 նիշից բաղկացած 11 հազար 353 տող ապրանքներ: Ինչպես տեղեկացրեց Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մեծ մասի` շուրջ 60 տոկոսի համար ՄՄ գործող դրույքաչափերը ավելի բարձր են, քան ՀՀ գործող դրույքաչափերը: Մոտ 14,5 տոկոսի համար ՄՄ-ում գործող դրույքաչափերն ավելի ցածր են, 17 տոկոսից քիչ ավելին նույնն է, և շուրջ 2 տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում` ոչ միայն տոկոսային, այլև համակցված դրույքաչափեր և այլն:
Ըստ այդմ, թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, կենցաղում ամենօրյա օգտագործվող բազմաթիվ ապրանքներ, ցորենը, բրինձը, ձեթը, բենզինը` 5 տոկոսով և այսպես շարունակ:
Սրանից հետո մամուլում, իսկ հետո նաև հանրային ու հասարակական քննարկումներում և պարզապես առօրյայում բոլորը սկսեցին խոսել սպասվող թանկացումների մասին: Բանը հասավ նրան, որ կառավարության անցյալ շաբաթվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ այս խնդրին և «պատվիրեց» էկոնոմիկայի նախարարին հանրությանը համոզել, որ թանկացումներն այնքան էլ «վախենալու բան չեն» և չափազանցված են:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե Մաքսային միության անդամակցության կապակցությամբ սպասվող գնաճի այն մեկնաբանությունները, որ տրվում են մամուլով, չեն համապատասխանում իրականությանը. նման բան չկա` իրենք այս կապակցությամբ իրենց գնահատականները տվել են շատ վաղուց` ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանում սպասվող առավելագույն ինֆլյացիան կանխատեսելով առավելագույնը 1,5 տոկոս: Իսկ որպեսզի չհասկացվի, որ եթե մենք անդամակցում ենք ՄՄ-ին, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1,5 տոկոս, Վահրամ Ավանեսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ եթե ՀՀ-ում ինֆլյացիան պետք է լինի 4 տոկոս, ապա կլինի +1,5 տոկոս` ՄՄ անդամակցության հետ կապված:

«Այն գնահատականները, որ մենք տալիս ենք, թե ապրանքների քանի տոկոսն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո, պետք է միշտ իմանանք, որ երբ տոկոսային հարաբերությամբ ասում ենք, որ 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան ՀՀ-ում, 3 իմաստներով չի նշանակում, թե այդ 60 տոկոս ապրանքները թանկանալու են»,- նշեց նախարարը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե որոնք են այդ 3 իմաստները: Առաջին` ապրանքներից ոչ բոլորի մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքների մաքսատուրքերը, որոնց ներկրումը ՀՀ կատարվում է այն երկրներից, որոնց հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրեր (իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո կմիանան նաև այլ երկրներ) և մաքսատուրքերը 0 էին, կմնան 0: Եվ այդ 60 տոկոս ապրանքների մեջ, ասաց նախարարը, մտնում են նաև այդ ապրանքները: Իհարկե` այստեղ նախարարի և փոխնախարար Գարեգին Մելքոնյանի ասածների մեջ հակասություն կա, քանի որ փոխնախարարը, որ նաև ՄՄ անդամակցության աշխատանքային խմբի համակարգող է, նշում էր, որ 60 տոկոս ապրանքատեսակների համար մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրանալու են, իսկ չբարձրացողներն այլ խմբի մեջ էին մտնում…

Երկրորդ, ըստ Վահրամ Ավանեսյանի, երբ խոսվում է 11 հազար ապրանքատեսակի մասին, ապա Հայաստանում բոլոր 11 հազար դասակարգիչներով ապրանքներ չեն ներմուծվում. ապրանքախմբերի 10-12 տոկոսը կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների 90-95 տոկոսը:
Իսկ նախարարի ներկայացրած երրորդ պատճառը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ ներկայացնել այն ապրանքների խումբը, որոնք մեր երկրի համար ունեն սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, և այդ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացման հարցում ձեռք բերել բացառություններ: Խոսքն այն զգայուն ապրանքների մասին էր, որոնք նշել էր Գարեգին Մելքոնյանը:
Իսկ թե ինչ կլինի, երբ ակնկալվող բացառությունները Հայաստանը չստանա ՄՄ-ից, ու ինչ պետք է անի կառավարությունը նման սցենարների զարգացման դեպքում, պարզվեց, որ կառավարությունը տվյալ դեպքերում փոխհատուցումներ չի կիրառելու: «Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, ապա դրա պատասխանը միանշանակ ոչ է: Բայց մի բան պետք է նկատի ունենանք` ընդհանուր եթե նայում ենք ՄՄ մտնել-չմտնելուն` այս ապրանքների թանկացումների հետ կապված ես միշտ ասել ու նորից ասում եմ` ՄՄ-ի մտնելու տնտեսական հաշվարկների տեսանկյունից, պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ էր լինելու: Մենք երբևիցե չենք ասել, թե ՄՄ մտնելով պայմանավորված, ապրանքների վրա մաքսատուրքեր ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Դա, ընդամենը, այո, այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք` մտնելով ՄՄ: Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որը մենք կունենայինք ՄՄ չմտնելով»,- ասաց Վահրամ Ավանեսյանն ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, բերեց գազի գնի օրինակը…

Բայց Հայաստանին սպասվող օգուտներն ու վնասները հաշվարկել են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլև տնտեսական լրագրողները: Իսկ այդ` ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար:

Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, իշխանությունը որոշեց անդամագրվել Մաքսային միությանը: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար, որովհետև բիզնեսում պարզագույն սկզբունք է` ապրանքի ինքնարժեքի ցանկացած փոփոխություն ուղղակիորեն փոխհատուցվում է հասարակ սպառողների` ժողովրդի գրպանից:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.5 տոկոս

տոկոսադրույք2014 թվականի փետրվարի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել
վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն
7.5%:
2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա
գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների
թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է
սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր
տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային
գների նվազմամբ: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը
կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային
ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝
պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման
ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել
են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են
համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման
միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ
գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել
է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին
հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ
չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր
մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի
նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների
իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող
ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր
ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը
և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը
կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի
անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով,
որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության
հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը
միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն
տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 21-ին հրապարակվելիք
Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին
եռամսյակի ծրագրում):

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Էներգետիկ լուրջ հզորությունը վաճառվեց ջրի գնով

մովսիսյանՀունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ–ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի–Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ–ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:

Բացի գույքի արժեքից` 180 մլն դոլարից, «Որոտանի կասկադը» գնող ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, ըստ գործարքի պայմանագրի, ստանձնեց պարտավորություն, այն է`  առաջիկա 6 տարվա ընթացքում կասկադում  ներդնել շուրջ 70 մլն դոլար  համալիրի արդիականացման և վերանորոգման համար:

 Հայտնի չէ, թե ինչ հիմքով է օտարվել «Որոտանի կասկադը»

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»: Իսկ գործարքի կայացումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս գործարքը Հայաստանի Հանրապետության համար «հաջող գործարք» անվանեց: Մի՞թե:

արծվիկ մինասյանՈրոտանի կասկադի վաճառքի հետ կապված երկու կարևոր հարց, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բաց է մնում.  ՀՀ օրենսդրությունը պահպանվե՞լ է, և երկրորդ` տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել են, որ նման օբյեկտները  միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո մասնավորեցվեն: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, որ կասկադի վաճառքի որևէ ցանկություն չկա, և, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն: «Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի: Հետո մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, և էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, որ նման որևէ գործարք չկա, և իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, և դա այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, ոչ թե տնօրինման: Հետևաբար, այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:

Երկրորդ կարևոր հարցը. տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»  գրեթե կես ատոմակայան է, և էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երևի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է արվելու գումարը, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, և որ ամենակարևորն է` Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

վարդան բոստանջյան «Որոտանի կասկադը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որևէ դժվարություն չէր ներկայացնում և շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար: Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ «Որոտանի կասկադը» ամենաէժան էներգիան էր արտադրում` «1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ դա անելու բավականաչափ մեծ պոտենցիալ կար: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված` ես այս երևույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 մլն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը նշեց.-«180 մլն ամերիկյան դոլարն այդպիսի համակարգի համար բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ`  չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 մլն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ`  այստեղ ևս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ այդ 70 մլն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»:

«Տալ 180 մլն դոլարով և ասել, թե 6 տարում ևս 70 միլիոն կներդնի` լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքի ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 միլիոն դոլար, ուրեմն միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 մլն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ այդ գործարքը տնտեսական առումով ոչնչով աչքի չի ընկնում:

հրանտ բագրատյան«Որոտանի կասկադը», ըստ Բագրատյանի, երևի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, քանի որ ինքնուրույն աշխատող, հումք չպահանջող, առանձնապես մեծ մարդկային ռեսուրսներ չպահանջող համալիր է: Տնտեսագետն էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի տեսնում, իսկ հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Բիզնես միջավայրում հնարավոր է, ինչ-որ ապրանք վաճառվի իր ինքնարժեքից ավելի էժան միայն այն բանի համար, որ գնորդը համարվի ստրատեգիական ներդրող, հետագայում կարող է լուրջ ներդրումներ իրականացնել ոլորտում կամ երկրում: Բայց Որոտանի համալիրը վաճառվել է մի ընկերության, որը տնօրինում է ընդամենը 3500 մեգավատտ հզորության:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Որոտանի կասկադի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել: Կասկադն ընդամենը 180 մլն դոլարով վաճառելու առումով Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ամեն ինչ հարաբերական է. հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

«Էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարևոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի և երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլև հեռանկարի առումով… Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից, առանց խոր մասնագիտական վերլուծության գնահատական տալ գործարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող և մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետևաբար կասկածելի է, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն:

Անկախ

 

 

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ