Հայաստանից` մեկ ծանրորդ և ցածր ցուցանիշ

ծանրամարտweightlifting-320x213Մերձմոսկովյան Միտիշչիում անցկացված «Պուտինի գավաթ» անվանումը կող ծանրամարտի միջազգային մրցաշարում գերծանրքաշային 8 մարզիկների մրցավեճում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը  պոկում վարժությունում գլխավերևում է պահել 175 կգ և 185 կգ կշռող ծանրաձողը, սակայն ձախողվել է, երբ մոտեցել է բարձրացնելու190 կգ-ոց ծանրաձողը: Նա գրավել է 5-րդ տեղը:

Հրում վարժությունում Հակոբյանը, հաղթարելով 205 կգ և 215 կգ  ծանրությունները, չի կարողացել բարձրացնել 220 կգ-ոց ծանրաձողը և բավարարվել է 6-րդ տեղով: Նա 6-րդն է նաև երկամարտում:
Ուժեղագույն է ճանաչվել եգիպտացի Մասուդ Էհշան Աթիա Մոհամեդը` 422 (191+231) կգ:

Հանդբոլի միջազգային մրցաշար` Երևանում

մրցաշարՉորրորդ անգամ մեր երկրում կազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այս ստուգատեսը դարձել է ավանդական, և մարզասերները կրկին հնարավորություն կստանան հետևելու տարբեր երկրների թիմերի մրցամարտերին: Ընդ որում, Հայաստանում  անցկացվող միջազգային մրցաշարերին աստիճանաբար մասնակցելու ցանկություն են հայտնում ավելի մեծ թվով, հիմնականում` հանդբոլի համարում ունեցող երկրների ներկայացուցիչները:

Այս անգամ Երևանի «Դինամո» մարզասրահում իրենց կարողությունները կցուցադրեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդական թիմերը: Եթե նախկինում այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս անգամ, արտասահմանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդները: Բանն այն է, որ հունվարին կայանալու են Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերը, նախապատրաստվելու համար ժամանակը քիչ է, և սա լավ առիթ է: Ուժերը փորձարկելու հնարավորություն կստանա նաև մեր երկրի ընտրանին, որը տարեսկզբին հարաբերություններն է որոշելու Ռումինիայի և Թուրքիայի թիմերի հետ:

2009-ին մրցաշարը կազմակերպվել էր Երևանի «Դինամո» մարզասրահում, և մասնակցում էին Իրանի, Վրաստանի, Հայաստանի տղամարդկանց հավաքականները: Եվ ահա, չորս տարի անց միջազգայինը կրկին նույն մրցավայրում է անցկացվելու: Նախկինում այստեղ հաղթել է Իրանի հավաքականը: Իսկ 2010-ին և 2011-ին այս ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալել էին «Հայաստան» մարզական միության Վանաձորի  և Երևանի «Միկա» մարզասրահները:

Վերջին երկու տարիներին մերոնք գրավել են 2-րդ տեղը, իրենցից առաջ թողնելով միայն Բելառուսի և Ռուսաստանի պրոֆեսիոնալ բարձրակարգ խաղացողներով համալրված թիմերին: Ընդ որում, եթե 2-րդ մրցաշարում մեր երկրի հավաքականն ուժեղացրել էին Ֆրանսիայում բնակվող և խաղացող մեր հայրենակիցները, ապա վերջին մրցաշարում համալրում կար նաև Գերմանիայից ու Ռուսաստանից: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ էլ ավելի են սերտացել կապերը, և մեկ բռունցք դարձած մեր երկրի ընտրանին աստիճաբար ի զորու է դառնում լուրջ խնդիրներ լուծելու: Եվ Հայաստանի հավաքականի 2010-ի հաղթանակներն Իրանի, Վրաստանի, 2011-ի հաղթանակները Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ դրա ապացույցն են: Ընդ որում այդ ամենը կատարվել է մրցաշարերի օրերին Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Առաջին մրցաշարի օրերին մեր երկրում էր Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Ֆեդերերը, երկրորդի` Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, երրորդի` Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:

Ի դեպ, բոլորն էլ նշել են, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումը նպաստում է հանդբոլը տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում զարգացնելու, մասսայականացնելու գործին: Այս անգամ էլ պատվավոր հյուրեր են սպասվում:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի Հայաստանի հավաքականը, կասկած չի կարող լինել, որ միջազգային մրցաշարի անցկացումը կծառայի նպատակին, կնպաստի, որ մեր երկրի ավելի շատ պատանիներ և աղջիկներ, անմիջականորեն ականատես դառնալով ուշագրավ մրցամարտերի, նույնպես զբաղվեն հրապուրիչ այս մարզաձևով: Մրցաշարը կխթանի նաև մասնակից երկրների հանդբոլի ֆեդերացիաների կապերի էլ ավելի սերտացմանը, ժողովուրդների բարեկամացմանը:

 

Պատրիկ Հիկեն վերընտրվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ

images ՀԱՕԿԵվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ միաձայն վերընտրվեց  իռլանդացի Պատրիկ Հիկեն: Այս մասին հայտնի դարձավ Հռոմում անցկացված ԵՎՕԿ –ի  42 –րդ համաժողովում:

Նոյեմբերի 21-23-ը տեղի ունեցած   Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովին  մասնակցեց նաև  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում  էին  գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը , նախագահի խորհրդական  Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

ՀԱՕԿ- ի  նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը փոխշահավետ համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Առաջիկայում մեր մարզիչների    համար  Հայաստանում և արտասահմանյան  համապատասխան երկրներում  կկազամակերպվեն   մասնագիտական  խորհրդակցություններ:  Տարբեր մարզաձևերի մեր  հավաքականները և առանձին  մարզիկները ուսումնամարզական համատեղ հավաքներ կանցկացնեն:

Ջերմ էր Գագիկ  Ծառուկյանի և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի առանձնազրույցը: Պարզվեց, որ Բախը  լավատեղյակ է  ՀԱՕԿ-ի աշխատանքներին և միջազգային ասպարեզներում Հայաստանի մարզիկների  ունեցած մրցելույթներին:

ՄՕԿ-ի նախագահը  ցանկություն հայտնեց այցելել Հայաստան, ծանոթանալ մարզաշխարհի ներկայացուցիչների  հետ, տեսնել  մեր  մարզակառույցները և այլն :

Հռոմին հրաժեշտ տալու  օրը գագաթաժողովի  մասնակիցներին Վատիկանում հյուրընկալեց  Նորին Սրբություն Հռոմի  Պապ Ֆրանցիսկը:

 

 

 

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն է «Արարարտը»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին երկու խաղում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Միկա»-«Ուլիս» 2:1 (0:1)

 

Երևան, «Միկա» մարզադաշտ

 

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

 

Գոլերը՝ Վարդգես Սաթումյան, 71, 73 («Միկա»), Գեղամ Հարությունյան, 17 («Ուլիս»)

 

 

«Փյունիկ»-«Շիրակ» 1:2 (1:1)

 

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

 

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Վարդան Բակալյան, 45+1 («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 45, Դավիթ Հակոբյան, 68 («Շիրակ»)

«Շիրակը» վաստակած 21 միավորով  երկրորդն է: Առաջատարը` «Արարատը», ունի 27 միավոր, իսկ «Փյունիկը» 17 միավորով 5-րդն է: Լավագույն եռյակը եզրափակոում է Կապանի «Գանձասարը»` 19 միավոր: «Միկան» ունի 18, «Բանանցը»՝ 16, «Ուլիսը»՝ 12, իսկ «Ալաշկերտը»՝ 9 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 1:2

Վարդան Բակալյան, 45 – Սերժ Դեբլե, 43, Դավիթ Հակոբյան, 68

«Միկա» – «Ուլիս»՝ 2:1

Վարգդես Սաթումյան, 71, 73 – Գեղամ Հովհաննիսյան, 18

 

Ինչ է փոխվել ՀԱՕԿ-ում վերջին 20 տարում

Ruben AkopyanՌուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում  ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:

– Դժվարին գործ էր: Թեև նախկինում ղեկավար աշխատանք էի կատարել այլ ոլորտներում, բայց սպորտն ինձ հոգեհարազատ է եղել պատանեկան վաղ հասակից, քաջածանոթ էի բոլոր այն կանոններին, որոնք պահանջվում էին, որպեսզի հաջողութունն ապահովվի: Լողով եմ զբաղվել, ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեմ: Ի դեպ, խորհրդային տարիներին այդ մարզաձևում  այդպիսի ցուցանիշի հասնելը հեշտ չէր: Անգամ առաջին կարգային լինելն արդեն մեծ պատիվ էր համարվում: Բրաս լողաոճում էի հանդես գալիս, «Դինամո» մարզընկերության Հայաստանի չեմպիոն եմ եղել, լավ արդյունքներ ցույց տվել նաև համամիութենական ստուգատեսներում: 

– 1991-ին Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները հանդես էին գալիս խորհրդային անկախացած երկրների միացյալ հավաքականի կազմում և արժանացան երեք ոսկե, մեկ արծաթե պարգևի: Բայց հետո դուք ազատեցիք ՀԱՕԿ–ի նախագահի պաշտոնը: Հակասական բան կա, ինչո՞ւ հեռացաք:

– Չեմպիոններ դարձան գնդակային հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն էլ բավարարվեց արծաթե մեդալով: Հավելենք, որ Էլեն Բունիաթյանն էլ բասկետբոլիստուհիների հավաքականի կազմում էր ոսկե մեդալակիր դարձել: Այդ հաջողությունները վերագրել միայն իմ աշխատանքին չի կարելի: Խորհրդային տարիների սպորտը Հայաստանում լավ հիմքերի վրա էր, մանկապատանեկան մարզադպրոցների լայն ցանց էր արդյունավետ աշխատում: Բայց ղարաբաղյան հակամարտության տարիներին Հայաստան խորհրդային զորքեր մտցվեցին: Մարզադպրոցների մեծ մասը կացարան էր դարձել զինվորների համար: Շատ բան քանդվեց, հետո էլ չվերականգվեց: 1988-ի երկրաշարժն էլ ավերիչ հետևանքներ ունեցավ: Հաջորդեցին պատերազմական տարիները: Խորհրդային տարիներին Հայաստանում սպորտն ավելի մեծ մասսայականություն ուներ, քան անկախացումից հետո: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ոչ միայն կանոնավոր մարզումներն էին անվճար, այլև մեծ փողեր էին ծախսվում, որպեսզի պատանիները և աղջիկները խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցեն, մրցափորձ ձեռք բերեն, նրանց շարքերից բարձրակարգ մարզիկներ աճեն: Իսկ սպորտի նոր վերելքը սկվեց  2004-ից: Նախորդել էին մերոնց անհաջող մրցելույթները 2000-ին Սիդնեյում և 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: Հետո ՀԱՕԿ-ը գլխավորեց Գագիկ Ծառուկյանը, ավելացան ֆինանսական ներդրումները, վերնորոգվեց մարզասրահների մեծ մասը, կառուցվեցին նորերը: Եվ արդյունքներն էլ ակնառու են:

 – Ձեր աշխատած ժամանակահատվածի համեմատ` տեղաշարժերը մե՞ծ են:

NIKITA SIMONYAN_– Շատ բան է փոխվել: Մասնավորապես, այն տարիներին ՀԱՕԿ-ն ուներ երեք աշխատող: Սպորտպետկոմի շենքում մեկ սենյակ էր հատկացվել: Սպորտպետկոմի նախագահը Ռաֆայել Թորոյանն էր, սերտորեն համագործակցում էինք, համատեղ փորձում հաղթահարել դժվարությունները: Այն տարիներին ՀԱՕԿ-ը ֆինանսական հնարավորություններ ընդհանրապես չուներ: Այժմ, երբ  կրկին ՀԱՕԿ-ում եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչպիսի առաջընթաց կա: Աշխատողների թիվն  ավելացել է, միջին աշխատավարձը 180 հազար դրամ է: Օլիմպիական խաղերից առաջ բարձրակարգ մարզիկները վարձատրվում են: Մարդկանց նյութական վարձատրության բարելավումն աշխատանքում հաջողության հասնելու լավագույն գրավականն է: 

– 2013-ի հունիսի 1-ից կրկին ՀԱՕԿ–ում եք աշխատում: Այս ընթացքում ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են կատարվել:

– Ամենօրյա աշխատանք է տարվում, կարևորվում է ամեն քայլը: Վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների խորհրդակցություն: Ռուսաստանի ԱՕԿ-ը համակարգում է համատեղ կատարվող աշխատանքը: Ընդ որում, պատվիրակներ էին ուղարկել ոչ միայն ԱՊՀ, այլև Բալթյան երկրները, Վրաստանը: Փաստորեն, հավաքվել էին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ներկայացուցիչները: Եկել էին ԱՕԿ-ների նախագահները, գլխավոր քարտուղարները: Մասնակիցները պատմեցին իրենց փորձի մասին: Բոլորը ներկայումս նախապատրաստվում են 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Դժբախտաբար, Հայաստանն այդ ստուգատեսում մեծ թվով մասնակիցներ չի ունենա: Խոսվեց այն մասին, թե ինչպես կարելի է համատեղ օգտագործել տարբեր երկրներում եղած մարզաբազաները: Հրավերներ ստացանք Լատվիայից, Ուկրաինայից: Այցելեցինք Ղազախստանի ձմեռային մարզաձևերի հայտնի մարզաբազա` «Մեդեո»: Ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գտնվող տեղանքում երեք նոր մարզահարթակ է կառուցվել: Մեր գործընկերներին հետաքրքրում է Ծաղկաձորի օլիմպիական բազան:

– Ճի՞շտ է, որ մեզ համարում ենք ոչ ձմեռային մարզաձևերի երկիր, երբ ունենք Ծաղկաձորի նման մարզավայր: Հնարավո՞ր է խորհրդային ժամանակներից մնացած այս կարծրատիպը հաղթահարել և ձմեռային մարզաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել:

– Միայն Ծաղկաձորը չէ, Աշոցքում, Լոռիում մարզվելու հիանալի պայմաններ կան:  Վերջերս ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչների ՀԱՕԿ-ի խորհուրդ է ստեղծվել և  ղեկավար է ընտրվել Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Նա խնդիր է դրել մեր երկրում  վերականգնել ձմեռային մարզաձևերի ավանդույթները: Աշոցքում նախատեսվում է մարզաբազա ստեղծել: Օրերս Մոսկվայում ևս շարունակեցինք բանակցությունները Ռուսաստանի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ, հստակեցրինք առաջիկա անելիքները: Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու շարժառիթը հաճելի էր: Ինչպես հայտնի է, լրացել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու 40-ամյակը: Երևանում հանդիսություն էր կազմակերպվել և թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով: Հանգամանքների բերումով հոբելանի նշման առիթով Հայաստան չկարողացավ գալ Նիկիտա Սիմոնյանը: Եվ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանի հետ Մոսկվա  մեկնեցինք ու ՀԱՕԿ-ի «Պատվո շքանշան» հանձնեցինք լեգենդար թիմի գլխավոր մարզչին: Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956-ին դարձել է Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն, նրա գլխավորած «Արարատ» թիմի երեք խաղացողներ` Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և Խորեն Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել են օլիմպիական խաղերի մրցանակակիր, սակայն անվանի մասնագետը ՀԱՕԿ-ի ոչ մի պարգև չուներ:

 – Փաստորեն անակնկա՞լ է մատուցվել:

– Երբ Սիմոնյանին տեղեկացրինք, որ  ցանկանում ենք պարգև հանձնել, նա շատ հուզվեց, հետո հետաքրքրվեցինք` դա որտեղ է նպատակահարմար անել, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայո՞ւմ, թե՞ այդ երկրի ԱՕԿ-ում: Մեր հայրենակիցը հայտնեց, որ գերադասում է միջոցառումը կազմակերպել օլիմպիական կոմիտեում: Իսկ պարգևատրման արարողությանը ներկա էին Յուրի Յուրիևը, որը ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համագործակցության  աշխատանքների համակարգողն է, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Մկրտիչևը, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահի խորհրդական Վյաչեսլավ Կոլոսկովը և ուրիշներ: Հանդիպեցի նաև  Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՄՕԿ-ի անդամ Վիտալի Սմիռնովին: Նա  այդ կառույցում է 1971-ից: Մի շարք ընդհանուր հարցեր կան, որոնք քննարկեցինք և հստակեցրինք, թե ինչպես կարելի է դրանք իրականացնել:

Նոյեմբերի 22-23-ը  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանը, անցկացվելու է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ միասին ես ևս մասնակցելու եմ նստաշրջանին: Կհանդիպենք  ՄՕԿ-ի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի, տարբեր երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում նաև իմ հին բարեկամ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Ժուկովի հետ, համագործակցության նոր ծրագրեր կկազմվեն: Վերջինիս այս անգամ Մոսկվայում չհանդիպեցի, նա Սոչիում էր:

 

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում են ուժային կառույցների հավաքականները

վ գ Asryan-xachikԱվարտին է մոտենում «ՀՀ վարչապետի գավաթ 2013»  5-րդ մրցաշար: Նոյեմբերի 22-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում  կայանալիք եզրափակչում  պատվավոր ավարի համար կմրցեն ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության թիմերը: Իսկ մինչ այդ մոտ մեկուկես ամիս Հայաստանի 15 գերատեսչական թիմեր խմբային մրցաշարում որոշեցին «A» եւ «B» խմբերում երկուական ուժեղագույններին, որոնք կիսաեզրափակչում խաչաձև խաղերով պարզեցին, թե ո՞ր թիմերն են հանդես գալու վճռորոշ մրցամարտում:
Կիսաեզրափակչում ՀՀ ոստիկանության թիմը 2:0 հաշվով հաղթեց ԿԳՆ հավաքականին, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հավաքականի նկատմամբ:
Հետո էլ` ՀՀ ԿԳՆ հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմին և դարձավ 3-րդ մրցանակակիր:

Գարեգին Ավդալյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթողները հայտնի են

65f40503108b34d7661c5e456d8f2498Թալինում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ճանաչված մարզիկ և մարզիչ Գարեգին Ավդալյանի նվիրված հուշամրցաշարը` իր իսկ անունը կրող մարզադպրոցում: Մրցագորգի վրա 11 քաշային կարգերում պայքարեցին «Սևան» մարզական ընկերության ՀՀ տարբեր մարզերի հունահռոմեական ոճի 144 ըմբիշներ (ծնված` 1999-2001թթ.): Հաղթողներ դարձան` Մանվել Խաչատչյանը (մինչև 26 կգ, Գյումրի), Մարտուն Գևորգյանը (29 կգ,Արտիմեդ), Հարություն Ֆարմանյանը (32 կգ, Գյումրի), Լյովա Խաչատրյանը (35 կգ,Ապագա), Ժորա Մարտիրոսյանը (38 կգ, Արտիմեդ), Վահագն Գրիգորյանը (42 կգ, Արտիմեդ), Արտյոմ Թորոսյանը (46 կգ, Աշտարակ), Հրաչ Պողոսյանը (54 կգ Արտիմեդ), Ավետիք Աբրահամյանը (58 կգ, Արտիմեդ), Սարգիս Թադևոսյանը (63 կգ, Արտիմեդ), Զուլալ Սարգսյանը (69 կգ, Արշավ):

Մարզական վաշտում արժանավորների համար տեղերը սահմանափակ են

Lyova VARDANYANՓորձը ցույց է տվել, որ բանակ զորակոչված մարզիկների մեծ մասը զինծառայության ավարտից հետո թողնում է սպորտը: Թերևս պատճառներից մեկն  այն է, որ ոչ բոլոր երիտասարդներն են հնարավորություն ստանում զինվորական մարզական վաշտում ծառայելու և զուգահեռ նաև շարունակելու կանոնավոր մարզումները: Այն դեպքում, երբ կարգ է սահմանված, սևով սպիտակի վրա գրված, որ տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղերը գրավողները պետք է զինածառությունն անցնեն մարզական վաշտում: Թե ինչու են այս հարցում խնդիրներ ծագում, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանին:

– Այո, Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի մարզական վաշտում ծառայութունն անցնում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղեր գրավողները: Արտոնյալ վիճակում են ֆուտբոլիստները, նրանց զինծառայության հարցը բացառության կարգով լուծում է Հայաստանի կառավարությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է համապատասխան միջնորդագրեր ներկայացնում, իսկ մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հարցերով զբաղվում է սպորտի գերատեսչությունը: Լինում են դեպքեր, երբ աչքի ընկած ոչ բոլոր մարզիկներն են զինվորական ծառայությունը մարզական վաշտում անցկացնելու իրավունք ստանում: Եվ դա դժգոհությունների տեղիք է տալիս: Հայաստանի սպորտի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանձնաժողով է ստեղծված,  որը քննարկում է զինվորական վաշտում ծառայության թեկնածու մարզիկների ցուցակները: Ընդ որում, հանձնաժողովում երկու նախարարությունների փոխնախարարներ են, վարչությունների պետեր և այլն: Ըստ արդյունքների, որոշվում են արժանավորները: Նրանց անունները գրվում են հերթականությամբ: Եթե տվյալ զորակոչի համար առանձնացված է 15 տեղ, ապա  զինծառայությունը մարզական վաշտում  անցկացնելու հնարավորություն են ստանում 1-15-րդ տեղերում գտնվողները: 16-17-րդ հորիզոնականները զբաղեցնողները և մյուսները չեն ընդգրկվում մարզական վաշտում: Այդուհանդերձ, վերջիններս զինվորական ծառայության ընթացքում  ժամանակ առ ժամանակ գործուղվում են մասնակցելու ուսումնամարզական հավաքների և մրցումների: Մարզական վաշտում ընդամենը 56 տեղ կա:

 – Ի՞նչ իմաստ ունի այս կամ այն մարզաձևի ներկայացուցչին գործուղելը, երբ նա կանոնավոր չի մարզվում և միջազգային ստուգատեսների մասնակցելու դեպքում էլ այլևս ի վիճակի չէ բարձր արդյունքներ ցույց տալ:

– Այդուհանդերձ, այս ճանապարհով մարզիկները հնարավորություն են ստանում որոշ չափով պահպանելու մարզավիճակը: Այլ ելք չկա: Հնարավոր չէ, որ բանակում ծառայող բոլոր մարզիկները մարզական վաշտում ընդգրկվեն, լիովին ազատ լինեն և բոլոր մարզական մեկնարկներին մասնակցեն: Մասնավորապես, այս տարվա գարնանային զորակոչին 13 մարզիկ է ընդգրկվել մարզական վաշտում, իսկ աշնանային զորակոչի ժամանակ հատկացվել է համալրման 14 տեղ:

 – Ինչո՞ւ մարզական վաշտի զորակոչի որոշակի թիվ չկա:

– Բանն այն է, որ ինչքան մարդ զորացրվում է, այնքան էլ զորակոչվում է:

 – Աշխարհի բոլոր երկրներում բանակային սպորտը բարձր մակարդակում է: Գաղտնիք չէ, որ ունենք լավ, մարտունակ բանակ: Այդ դեպքում ինչո՞ւ մեր երկրում բանակային սպորտն այն չէ: Ֆինանսակա՞ն խնդիրներն են խանգարում, թե՞ ուրիշ բան կա:

– Նախագիծ կա, որ Հայաստանի ՊՆ-ն զինվորական մարզական վաշտի ծառայողների թիվը 20-25-ով ավելացնի: Եթե դա արվի, որոշ բաներ կփոխվեն, և ավելի շատ մարզիկներ լավ մարզավիճակում կմնան և կհամալրեն Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականները:

 – Հատկապես շատ են տուժում խաղային մարզաձևերի ներկայացուցիչները: Ամբողջական կազմերով հավաքականներ են զորակոչվում բանակային ծառայության: Եվ ընդհանուր հիմունքներով ծառայած մարզիկներն այլևս չեն վերադառնում սպորտ:

11-13-1-2– Կա նաև սոցիալական գործոնը: Բանն այն է, որ զորացրվեուց հետո երիտասարդները ցանկանում են ապրուստի խնդիր լուծել, իսկ խաղային մարզաձևերով զբաղվողների համար դա շատ ավելի բարդ է անելը: Երիտասարդները ցանկանում են այնպիսի մասնագիտություններ ձեռք բերել, որ կարողանան ֆինանսական միջոցներ հայթայթեն: Իսկ բանկում  ամեն ինչ արվում է այն հնարավորությունների սահմաններում, որոնք ունի ՊՆ-ն:

 – Ի դեպ, երբեմն կասկածներ են ծագում. արժանավոր այս կամ այն մարզիկը  մարզական վաշտում չի ընդգրկվում, փոխարենն այդ վաշտում ծառայում է մեկ ուրիշը, որը որպես մարզիկ ավելի փոքր ներդրում է ունեցել հայկական սպորտում: Մասնավորապես, շախմատիստներն այս առումով ավելի արտոնյալ են համարվում: Կարելի՞ է դա վերագրել նրան, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը նաև Հայաստանի նախագահն է: Հնարավո՞ր չէ ամեն ինչ ավելի թափանցիկ անել:

– Հաշվի են առնվում մարզիկների արդյունքները: Ընդ որում, հետագայում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները գրաֆիկ են ներկայացնում, թե մարզիկները երբ և որտեղ են ուսումնամարզական հավաքների, մրցումների մասնակցելու, և բոլորին էլ ընդառաջում են, թողնում են, որ միանան հավաքականների իրենց թիմակիցներին:

 – Նշանակություն ունի՞, թե այդ մարզիկներն ինչ մարզաձևերի ներկայացուցիչներ են` օլիմպիական կամ ոչ օլիմպիական:

– Նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին: Բայց եթե մարզիկը ոչ օլիմպիական մարզաձևից աշխարհի չեմպիոն է, ապա նա էլ չի անտեսվում: Ընդհանրապես բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները չեն կարող ընդգրկվել մարզական վաշտում: Առաջնային կարգով ընդգրկվում են օլիմպիական մարզաձևերի, նաև սամբոյի, ուշուի ներկայացուցիչները: Դրանք այն մարզաձևերն են, որոնք տարածում ունեն Հայաստանում, և մեր մարզիկները միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներից մեդալներ են բերում:

– Մարզական վաշտում ծառայողներն ունե՞ն համապատասխան պայմաններ` ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մակարդակը բարելավելու համար:

– Կա հիանալի մարզաբազա, այն զբաղեցնում է Երևանի նախկին պատանի հնգամարտիկների դպրոցի տարածքը:

 – Իսկ հակասական իրավիճակներն ինչի՞ հետևանք են: Երբեմն այս կամ այն մարզաձևի ներկայացուցիչները դժգոհում են, երբ միջազգային մրցումներում ցանկալի արդյունք չի լինում, պատճառաբանելով,  որ զինծառայությունում գտնվող այս կամ այն մարզիկին արգելել են միանալ իր թիմին, ժամանակին մարզվել և մրցումների ողևորվել:

– Եթե դժգոհություններ կան, ապա դրանք անհիմն են: Գուցե դեպքեր եղած լինեն, երբ այս կամ այն մարզիկը զորավարժանքների է մասնակցել, և նրան չեն ազատել: Բայց բանակ է, և այդ ամենին պետք է ըմբռնումով մոտենալ: Եթե այս կամ այն մարզաձևի ֆեդերացիան հիմնավորումով նամակ է ներկայացնում, ապա մարզական վաշտի ղեկավարությունը ծառայությունում գտնվող մարզիկների համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծում, և նրանք գործուղվում են թիմեր: Խնդիրներ կարող են ունենալ այն մարզիկները, որոնց անունները դուրս են մնացել  մարզական վաշտում ընդգրկվածների ցուցակներից: Պատճառները կարող են լինեն զորավարժանքները, ուսումնական պարապմունքները և այլն:

 – Իսկ ինչո՞վ է զբաղվում ԲԿՄԱ–ն:

– Զինծառայությունում գտնվող մարզիկները պարբերաբար հանդես են գալիս  բանակայինների միջազգային ստուգատեսներում: Մասնավորապես, մեր երկրի ըմբիշները 2013-ին Երևանում մասնակցել են ԱՊՀ երկրների բանակային մարզիկների սպարտակիադայի ծրագրով ազատ ոճի ըմբշամարտի թիմային մրցումներին և դարձել են չեմպիոն: Մերոնք կրկնեցին իրենց հաջողությունը, քանի որ մեկ տարի առաջ չեմպիոն էին դարձել Ալմաթիում կազմակերպված ստուգատեսում: Այս տարի Իրանում կայացած բանակայինների աշխարհի առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի մեր ըմբիշները տիրացել են երկուկան արծաթե և երկուական բրոնզե պարգևների:

 – Զինվորական մարզական վաշտում աշխատող մարզիչներ կա՞ն:

– Առայժմ հավաքական թիմերի մեր մարզիչներն են օգնում: Բայց հարց է բարձրացվել, որ մարզական վաշտում աշխատող մարզիչների հաստիքներ էլ ավելացվեն: ԲԿՄԱ-ն ունի իր մարզահամալիրը, մարզադաշտը, լողավազանը, ըմբշամարտի մարզասրահները: Այնպես որ` լիարժեք պարապմունքների համար բոլոր պայմանները կան: Ընդ որում կազմակերպվում է տարբեր մարզաձևերի սպարտակիադա:

 – Ուսումնասիրվե՞լ է, թե արտասահմանյան երկրներում մարզական վաշտի առումով ինչ փորձ է կիրառվում:

– Վրաստանում 120 տեղ է մարզական վաշտի ծառայողների համար: 2007-ին ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին եղել եմ Բաքվում, բայց տեղյակ չեմ, թե այս առումով Ադրբեջանում ինչ է կատարվում: Իսկ Ռուսաստանի հետ համեմատվել չենք կարող: Այդ երկրի ամեն երկրամասում մարզական վաշտ կա: Տարբեր տարածաշրջաններն ունեն կենտրոնացված բանակային ակումբներ: Հզոր կառույց է, հազարավոր մարզիկներ, նաև տարբեր մարզաձևերի ուժեղ ակումբներ կան: Վերջիններս հանդես են գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում:

 – «Դինամո» մարզընկերությունը Հայաստանի ոստիկանության մարզական կազմակեպությունն է: Ուժային երկու կառույցների մարզական կառույցների միջև կապ կա՞:

– Ոչ մի կապ չկա: Նախկինում «Դինամոն» ունեցել է մարզական վաշտ, 3-4 տարի է, ինչ այն չկա, եթե վերականգնվի, ապա լավ կլինի: «Դինամոյի» մարզական վաշտում ընդգրկվում էին մենապայքարային մարզաձևերի Հայաստանի առաջնություններում 2-3-րդ տեղեր գրավողները, խաղային մարզաձևերի թիմեր կային, և դա օգնում էր, նպաստում սպորտի զարգացմանը:

Պատանի բռնցքամարտիկ Դավիթ Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն

բռ անապա138436241274Ռուսաստանի Անապա քաղաքի մարզապալատի ռինգում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում 48 կգ քաշային  Դավիթ Ասատրյանն առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդհաջի Ասևովի նկատմամբ: Ի պատիվ ոսկե  մեդալակրի հաջողության հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:

70 կգ քաշային Վարդան Քոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Վերահսկելի՞ է հակադոպինգային իրավիճակը հայկական ծանրամարտում

ծանրաձողՄարզասերները տեղյակ են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2013-ի հակադոպինգային ստուգումների արդյունքով Հայաստանի 6 ներկայացուցիչ որակազրկվել Է: Տխրահռչակ այս ռեկորդի հետևանքը կարող է լինել այն, որ ստիպված լինենք որպես տուգանք վճարել հարյուրհազարավոր դոլարներ: Ի դեպ, միայն այս տարի նախկինում  ունեցած  որակազրկումների համար Հայաստանի ներկայացուցիչները  նույն կարգի մեծ տուգանքներ են վճարել, որպեսզի կրկին մերոնց թույլատրվի մրցահարթակ դուրս գալ: Իսկ այժմ ավելի խիստ ֆինանսական մտրակումներ են սպասվում: Իսկ դա նշանակում է, որ փողերը կրկին ջուրն են գցվելու:

Ինքնին հարցեր են առաջանում` ի՞նչ անել, ինչքանո՞վ է նպատակահարմար ծանրամարտը զարգացնելու համար փողեր ծախսել, երբ վերջին շրջանում խոշորամասշտաբ ստուգատեսներում հուսադրող արդյունքներ գրեթե չկան: Հավելենք, որ 2013-ին աջակցության կարգով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային պետությունը հատկացրել է 165 մլն դրամ:

Իսկ կատարվածի մասին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները քար լռություն են պահպանում, գերադասում են պաշտոնապես ոչ մի բան չհայտնել, ասես արտասովոր ոչ մի բան էլ չկա:

Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար երկու տարով որակազրկվել են Աշոտ Բեգզադյանը, Դավիթ Գասպարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Մարգարիտա Ղազարյանը: Նաիրա Հարությունյանն էլ որակազրկվել է ցմահ:

Ընդ որում, մեր ծանրորդներից երկուսը պետք է վերադարձնեն Պերուի մայրաքաղաք Լիմայում նվաճած աշխարհի երիտասարդական առաջնության մեդալները:

Հիշեցնենք, որ Ադրանիկ Կարապետյանը (77 կգ) երկամարտի

340 (160+180) կգ արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, պոկում և հրում վարժություններում էլ պարգևատրվել արծաթե և բրոնզե մեդալներով: Գերծանրքաշային Գոռ Մինասյանն էլ երկամարտում 403 (183+220) կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, նաև արծաթե մեդալների տիրացել առանձին վարժություններում:

Մարզիչները կատարվածի մասին գերադասում են չխոսել և մեղքը բարդում են մարզիկների վրա: Ստացվում է, որ վերջիններս սեփական հայեցողությամբ են դիմել այդ դատապարտելի քայլին: Պատճառը պարզ է:  Քանի որ մեծ պարգևներ են սահմանված մեդալների տիրացողների համար, ծանրորդները ոչ մի բանի առջև չեն կանգնում, որպեսզի նպատակին հասնեն:

Գաղտնիք չէ, որ մեր մարզիկները մինչև մրցումների ուղևորվելը քանիցս ներքին կարգով ստուգվում են: Եվ չորակազրկվելու համար կա մի պարզ հնարք. հայտնվում է, որ այս կամ այն մարզիկը վերջին  պահին վնասվածք է ստացել: Ընդ որում, այս տարի մեր երկրի ծանրորդները տարբեր ստուգատեսներին սահմանափակ թվով մարզիկներով են մասնակցել: Թե ինչու է որակազրկվածների թիվն այդքան մեծ, պարզ չէ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Շահազիզյանը Մոսկվայում է բնակվում և լրագրողների հետ չի հանդիպում: Ֆեդերացիայի գլխավոր քատուղար Փաշիկ Ալավերդյանն էլ տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Մոսկվա  է մեկնելու, ուր կհանդիպի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին և կպարզի, թե ինչ է կատարվել իրականում:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան գլխավորում է մեր հայրենակից Թոմաշ Այանը:

Ամեն դեպքում, խայտառակությունն ակնառու է, և ամենից ցավալին այն է, որ մեր երիտասարդ մարզիկները դիմում են կյանքի համար վտանգավոր դեղամիջոցների օգնությանը, և այն տպավորությունն է, որ իրավիճակն անվերահսկելի է:

 

Երևանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

յու վ60d34e5cf161483b8014821d3d5f4994ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ  Քեշիշյանին: Այդ մասին  տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության կայքը:

Վերջինիս պաշտոնակցի մոտ   ուղեկցել էր Հայաստանի Հանրապետությունում  Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:

«Ուրուգվայի զբոսածրջության և սպորտի նախարարության  հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան  երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ:  Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:

Քեշիշյանը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով  մի քանի րոպե հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ  շրջեց մարզական կառույցի  տեխնիկապես հագեցած սրահներով:

Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ` ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:

Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում  տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:

 

 

Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

 

Ինչո՞ւ է մարզօջախի ճակատից անհետացել Վահան Չերազի անունով ցուցատախտակը

Vahan_cherazՎահան Չերազը մեծ ներդրում ունի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, սկաուտական շարժումը Հայաստանում զարգացնելու գործում: Ցավոք, դեռևս արժանին չի հատուցվել անվանի գործչի հիշատակը վառ պահելու համար: Եվ այս առումով պարտք ունենք:

Խորհրդային տարիներին նրա անունը փորձում էին չհիշատակել, թեև Չերազը անկուսակցական է եղել: Իսկ պատճառն այն էր, որ նա  XX դարի սկզբին հայ ազատագրական պայքարի մարտիկներից էր, զինվորագրվել էր Անդրանիկի կամավորական գնդին և զորավարի անձնական թարգմանիչն էր:

1886-ի օգոստոսի 16-ին Պոլսում ծնված Չերազը փայլուն կրթություն էր ստացել. 1896-1904 թթ. սովորել էր Փարիզում, Լոնդոնում և ոչ միայն օտար լեզուների էր տիրապետում (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), այլև ուսումնասիրել էր ֆրանսիական մարմնամարզության ու անգլիական մարզական խաղերի համակարգերը: Նրան 1920-ին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, մասնավորապես, կրթության նախարար Նիկոլ Աղբալյանն էր հրավիրել, և Ստամբուլից գալով` Չերազը լայնածավալ աշխատանք էր իրականացնում, անում հնարավորը, որպեսզի  Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցներում պատանիները և աղջիկները համակողմանի դաստիարակություն ստանան, լինեն ֆիզիկապես ամուր և ուժեղ: Նա առաջինն էր, որն օգնեց հայ պատանիներին, որպեսզի ծանոթանան ֆուտբոլ, բռնցքամարտ, ջրացատկ, թենիս, աթլետիկա, լող մարզաձևերին: Ընդ որում, երեխաները լողով զբաղվում էին շուրջտարին, մարմինը կոփում էին նաև ձմռանը` ակոսելով Արփա գետի ջրերը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վտանգավոր ժամանակներ էին, սակայն մասնագետը չցանկացավ հեռանալ և շարունակեց հայրենանվեր գործունեությունը, մինչդեռ արտասահման տեղափոխվելով` կունենար բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Այդուհանդերձ 1927-ին Չերազը գնդակահարվեց  Թբիլիսիի Մետեխի բանտում. դահիճն անձամբ Լավրենտի Բերիան էր:

Երկար ժամանակ արգելվում էր Վահան Չերազի անունը հիշատակելը: Միայն անկախացումից հետո քայլեր ձեռնարկվեցին տխուր ժամանակների հանիրավի զոհ դարձած հայորդու հիշատակը հավերժացնելու համար: 1991-ին Գյումրիում նախաձեռնող խումբ ստեղծվեց, նախագիծ կազմվեց, ըստ որի` նախատեսվում էր Գյումրիի փողոցներից մեկը, նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով:

Սակայն տարիներ պահանջվեցին, որպեսզի մտահղացումն իրականություն դառնար: Միայն XXI դարի սկզբին Գյումրին Չերազի անունով փողոց ունեցավ:

դպրոցըԵվ քանի որ մի շարք անվանի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել էին Գյումրիի քաղաքապետին, 2002 թ. անվանակոչության ցուցատախտակ փակցվեց նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի պատին: Տոնախմբություն էր կազմակերպվել, հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ղեկավար այրեր, Վահան Չերազի հարազատները:

Թվում էր, թե սայլը տեղից շարժվել է, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, դարձյալ խնդիրներ կան:

Վահան Չերազի հիշատակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով այս տարի Երևանից Գյումրի այցելած խմբի անդամներին, նաև նրա դստերը` երջանկահիշատակ անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Անդրեասյանին, նրա որդուն` լրագրող Վահան Իշխանյանին, անակնկալ էր սպասում: Պարզվում է, որ անհետացել է շենքի պատին փակցված անվանակոչության ցուցատախտակը:

Մարզօջախի տնօրենը պատճառաբանել է, որ հաստատությունը քաղաքային ենթակայության չէ, մինչդեռ անվանակոչելու որոշումը Գյումրիի քաղաքապետարանն է կայացրել, որը իրավասու չէ այդ հարցում: Ստացվում է` ամեն ինչ օրինականացնելու համար պետք է մարզօջախի` այժմ արդեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերադաս կազմակերպությունը` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անվանակոչություն իրականացնելու հարցին հավանություն տա, առաջարկ ներկայացնի և Հայաստանի կառավարությունն էլ այն վավերացնի:

Ի դեպ, նման անախորժ նախադեպեր կան: Նախկինում մի շարք մարզադպրոցներ, որոնք հիմնադրել էին հայկական սպորտի անվանի մարզիկները,  ժողովուրդը տարիներ ի վեր նրանց անունով էր կոչում դրանք, սակայն օրինական անվանակոչություն չէր կատարվում: Խոսքը վերաբերում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, ըմբիշ Նորայր Մուշեղյանի մարզադպրոցներին:  Բայց սա առանձին խոսակցության նյութ է:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը, որը «Սկաուտական շարժման տարածումը Հայաստանում» (1991 թ.) և մի շարք այլ գրքերի հեղինակ է, 1990-ականներից  գլխավորում է նախաձեռնող խումբը, որը զբաղվում է Վահան Չերազի հիշատակը հավերժացնելու հարցերով: Նա չթաքցրեց, որ վեճ է եղել մարզօջախի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ: Պապոյանի վկայությամբ` մարզօջախի ղեկավարությունը պատճառաբանել է, որ համապատասխան որոշում չկա վերին ատյաններից,  բացի այդ, հաստատության անվանումը փոխվել է, այդ իսկ պատճառով` ցուցատախտակը հանվել է:

Դա կատարվել է տարիներ առաջ, երբ ուսումնարանը դարձել է քոլեջ:

չերազ

«Տորք» ֆուտբոլային թիմը Կոստանդնուպոլսում, հիմնադիր` Վահան Չերազ (երկրորդ շարք, մեջտեղում)

– Ստացվում է, որ փաստաթղթերով ոչինչ չկա, միայն խորհրդանշական ձևով կարելի է ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով: Ինքս Վահան Չերազի մեծադիր նկարն եմ տվել, որը փակցվել է: Կարծում եմ, որ որևէ խնդիր չէր լինի, եթե ցուցատախտակը չհանվեր: Համենայն դեպս, մարզօջախի ղեկավարությունը ներկայումս այնքան էլ շահագրգռված չէ, որ ցուցատախտակը լինի: Մտադիր ենք առաջիկայում դիմել Հայաստանի և սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որպեսզի խնդրին ընթացք տրվի` ամեն ինչ վավերացվի մեր երկրի սպորտի նախարարության ղեկավարի, նաև Հայաստանի կառավարության որոշումներով: Այն ժամանակ, երբ գործին հետամուտ էր Գյումրիի քաղաքապետարանը և ցուցատախտակը տեղադրվել էր, տեղյակ չէինք, որ կարող է հետագայում Հայաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու անհրաժեշտություն ծագել: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի: Ցավոք, այս հարցը կարգավորելու գործում անտարբերություն են դրսևորում ոչ միայն սպորտի, այլև սկաուտական շարժման ներկայացուցիչները: Կատարյալ անտարբերության մթնոլորտ է: Ինչ վերաբերում է Վահան Չերազի անունով փողոցին, ապա այն կա: Հուշատախտակ է փակցված նաև  այդ փողոցում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի պատին, որտեղ ժամանակին ապրել է Չերազը: Ի դեպ, 1937-ին գնդակահարվել է նաև նրա կինը` Վարդանուշը»,- ասաց Պապոյանը:

Հավելենք, որ այս մարզօջախը մեր երկրում լավագույններից է: Այն հիմնվել է 1986-ին և սկզբում եղել է մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, ապա` ուսումնարան, հետո էլ` քոլեջ: Հաստատության սաները ուսում են ստանում և հմտանում տարբեր մարզաձևերում: Մարզօջախի սովորողներից շատ են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները. 320 անգամ ի պատիվ մարզօջախի սաների մարզական հաջողությունների`  միջազգային տարբեր ստուգատեսներում հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել եռագույնը: Մարզօջախը  հիանալի պայմաններ ունի,  ի լրումն` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այժմ նոր մարզահամալիր է կառուցվում:

Քանի որ լուրեր են շրջում, թե նպատակ կա մարզօջախը կոչել  Գագիկ Ծառուկյանի անունով, հետաքրքրվեցինք, թե որքանով են դրանք արժանահավատ: Հակոբ Փանոսյանը, որը  կրթօջախի հիմնադրման օրից աշխատել է փոխտնօրեն, իսկ 1999-ից տնօրեն,  հայտնեց, որ հաստատությունը Գագիկ Ծառուկյանի անունով կոչելու մասին խոսակցությունները մտացածին են: Մեր այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել քոլեջի նոր համալիրի շինարարությունը, նա հայտնեց, որ դա միայն կարող է ասել կառուցողը:

Ինչ վերաբերում է կրթօջախը Վահան Չերազի անունով կոչելուն, ապա այդ մասին այսպիսի պարզաբանում տրվեց. «Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին խորհրդանշական ձևով է այն կոչել Վահան Չերազի անունով: Բայց քանի դեռ Հայաստանի կառավարության որոշում չկա, իրավունք չունենք պաշտոնապես այդ անունը նշելու մեր կնիքի վրա, պաշտոնական փաստաթղթերի վրա: 2005-ից առաջ եղած ցուցատախտակի վրա Վահան Չերազի անունը գրված էր, բայց հետո, երբ այն քոլեջ դարձավ, ասացին, որ չի կարելի, սխալ է, քանի դեռ այդ մասին Հայաստանի կառավարության որոշում չկա, և պետք է գրվի այն, ինչ կա կրթօջախի կնիքի վրա: Բայց  Վահան Չերազի նկարը փակցված է կրթօջախում: Նա շատ բան է արել սկաուտական շարժումը, սպորտը Գյումրիում զարգացնելու համար, և քոլեջը Վահան Չերազի անունով ենք կոչում,  և այն մեկ այլ մարդու անունով կոչելու մասին խոսակցություն էլ չի եղել»:

Թվում է, թե խնդիրը պարզ է, իսկ թե ինչքան ժամանակ կպահանջվի այն կարգավորելու համար` ցույց կտա մոտ ապագան: 

 

Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ–ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

– Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 – Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

– Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 – Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

– Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 – Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

– Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 – Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ–ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ–ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ–ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 – Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

– Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 – Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)– Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 – Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

– Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 – Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ–բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

– Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 – Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

– Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 – Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ–բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

– Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 – Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

– Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 – Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

– Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

– Չափե՞րը չեն համապատասխանում:

– Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 – Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ–ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

– Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն:

 

Նորամուծություններ բռնցքամարտում և նոր խնդիրներ

Դերենիկ ԳաբրիելյանՕրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 7  մարզիկներից  ոչ  ոք չարդարացրեց սպասելիքները: Ձախողվեցին: Այդ ստուգատեսում տևական ընդմիջումից հետո բռնցքամարտիկները կրկին հանդես էին գալիս առանց պաշտպանիչ սաղավարտների: Այդ մասին խնդրեցինք  իր տեսակետը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ–ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին:

– Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այդ փոփոխությունը կատարել է, բայց դեռևս պարզ չէ` օլիմպիական խաղերում այն կկիրառվի՞, թե՞ ոչ: Դա պետք է որոշի ՄՕկ-ի գործկոմը: Մասնագետներս ողջունում ենք, որ մարզիկները կրկին առանց սաղավարտների են հանդես գալիս: Կարևոր է, որ բռնցքամարտիկների դեմքը երևում է: Այդուհանդերձ, այն փաստը, որ երկար ժամանակ բռնցքամարտիկներն առանց  սաղավարտների են հանդիպումներ անցկացրել, ունեցավ նաև իր խանգարիչ հանգամանքները: Մասնավորապես, մարզիկները սովորել էին մերձամարտում գլուխները մրցակիցների գլխին հպել: Սաղավարտներն օգնում էին, որ վնասվածքներ չլինեն: Իսկ այժմ  դրանց թիվը շատացել է: Ընդ որում,  եթե անգամ մարզիկն առավելություն էր ունենում և նրա հոնքը բացվում էր, ապա հանդիպումը դադարեցվում էր, և հաղթանակը շնորհվում էր նրա մրցակցին: Հոնքը բացված հաղթելու դեպքում էլ բռնցքամարտիկը տուժում էր, հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորություն չէր ստանում, բժիշկն արգելում էր: Մարզիչները պետք է աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի իրենց սաները հեռու տարածությունից մարտեր վարեն, մերձամարտում գլխով վտանգավոր շարժումներ չկատարեն և այլն:

Ի դեպ, առանց սաղավարտների միայն մեծահասակ բռնցքամարտիկներին է թույլատրվել ռինգ դուրս գալ: Պատանիները, երիտասարդները և գեղեցիկ սեռի բոլոր տարիքի ներկայացուցիչները հանդիպումները պարտավոր են սաղավարտներով անցկացնել:

 – Փոխվել է նաև միավորների հաշվարկի ձևը: Ի՞նչ հետևանքներ եղան:

– Մրցավարները համակարգչով են աշխատում: Մինչև գործի անցնելը կատարվում է վիճակահանություն, մրցավարները համարներ են ստանում` 1,2,3,4,5: Դարձյալ վիճակահանությամբ նախապես որոշվում է 3 մրցավար, որոնց գնահատականները լինելու են հաշվարկային: Բայց սպասարկող մրցավարներն այդ մասին չեն իմանում: Ամեն ռաունդում գնահատականներ են տրվում 10 միավորանոց համակարգով: Ընդ որում, մրցավարը հավասար արդյունք տալ չի կարող: Նախապատվությունը պետք է տրվի կողմերից մեկին: Վերջում  հանրագումարի է բերվում արդյունքը:

 – Հնարավո՞ր է, որ այս պայմաններում անգամ զեղծարարություններ արվեն:

-Դժվար է ասել: Այս ամենը մարդն է ստեղծում, և ոչինչ չպետք է բացառել: Ակնհայտ է, որ մրցավարական աշխատանքում թերություններ շատ կան, որոնք պետք է շտկվեն: Հնարավոր է` 5 մրցավարից 3-ը նախապատվությունը տան մեկին, 2-ը` մյուսին, և վերջինս 2:1 հաշվով հաղթի: Սրա մասին պետք է մտածել:

 – Մերոնց առնչությամբ այդպիսի դեպքեր եղա՞ն:

– Այո, տուժեց 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա կորեացի մարզիկին հաղթեց 3 ռաունդներում: Մեզ արդեն շնորհավորում էին, բայց հաղթանակը 2:1 հաշվով տրվեց նրա մրցակցին:

 – Նաև բողոքարկման կարգում փոփոխություններ կան:

– Եթե կողային մրացավարները սխալներ են կատարում, չի կարելի բողոքարկել: Թուլատրվում է դժգոհել միայն ռինգի մրցավարի գործողություններից, եթե նա մարզիկին նկատողություն չի արել կամ էլ ժամանակը ճիշտ չի պահպանել: Մյուս պարագաներում բողոքարկումը չի ընդունվում:

 

Լեգենդար «Արարատի» հաղթանակների հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»

արարատ73Բոլորն անհամբերությամբ էին սպասում Երևանի փառաբանված «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյա հոբելյանին:

Բայց ի պատիվ լեգենդար թիմի համաժողովրդական տոնախմբություն չկազմակերպվեց: Հոբելյանը նշվեց նեղ «կրուգում»:  

Ի դեպ, մտավախություն կար, որ փառապանծ թիմի հոբելյանը կարող է ոչ պատշաճ կազմակերպվել: Այժմ կարելի է ասել, որ այդ տագնապներն անհիմն չէին: Նախ արձագանքեց Հայաստանի հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովը: Ընդլայնված նիստում  քննարկվել և հավանության էր արժանացրել հոբելյանը շուքով նշելու և մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ հուշահամալիր կառուցելու մտահղացումը: Սակայն հոբելյանն անցավ գրեթե աննկատ, հուշահամալիրն էլ չկառուցվեց:

Որևէ վայրում համընդհանուր տոնախմբություն չկազմակերպվեց, մարզասերները հայտնվեցին իրադարձություններից դուրս, «Արարատի» այն տարիների գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը Երևան չեկավ և այլն:

Փորձեցինք պարզել, թե գո՞հ է հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումներից «Արարատի» այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանը:

– Իհարկե, շնորհակալ ենք այն ղեկավար դիրք զբաղեցնող պաշտոնյաներից, որոնք հիշեցին, ֆուտբոլիստներին մեծարեցին, պարգևներ հանձնեցին: Բայց ամեն ինչ չէ, որ հաջող էր, թեև թիմի ներկայացուցիչները հրավիրվեցին «Հարսնաքար» ռեստորան, մեդալներ ստացան: Մինչև այդ Ագարակ գյուղում  «Արարատի» հաջողությունների պատվին հուշարձան էր տեղադրվել: Ներկա էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

 – Թերևս նկատի ունեք, որ մեր ժողովուրդն անմասն մնաց այդ իրադարձություններից: Մարզասերները ցանկանում էին հանդիպել հերոսացած թիմի ներկայացուցիչներին, նրանց խոսքը լսել, տեսնել: Գուցե մարզադաշտում որևէ միջոցառում կարելի էր կազմակերպել կամ որևէ մեծ դահլիճում` հանդիսավոր արարողություն: Առավել ևս, որ խաղացողներից ոմանք հեռավոր երկրներից էին եկել: Թերևս նրանց բաղձալի նպատակը չէր ՀՖՖ նախագահի ռեստորանում ճաշկերույթի մասնակցելը, չնայած ներկա էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչո՞ւ այդպես եղավ, ծրագիր չկա՞ր:

– «Արարատի» վետերանների խորհուրդը գլխավորող Սերգեյ Պողոսյանը հնարավորն արել էր, որ ամեն ինչ տեղը-տեղին կազմակերպվի, բայց իրագործելի էր այդքանը: Հավանաբար նա աջակցության էր սպասում, սակայն Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այլ ծրագրեր ունեին: ԱՄՆ-ից, Ռուսաստանից եկած արարատցիները վերադարձան: Նրանք և մյուսները միջոցառումներից գոհ էին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Ընդհանրապես լեգենդար թիմի խաղացողները շատ են ուրախանում, երբ կրկին միասին հավաքվելու առիթ է լինում: 

– Եվ հետևանքը եղավ այն, որ տուժեց ֆուտբոլասերը:

– Ինքս կոշտ արտահայտություններ չեմ ցանկանում անել, քանի որ իմ ասածները որոշ մարդիկ ծանր են տանում: Պարզապես թողնում եմ առանց մեկնաբանության…

 – Ֆուտբոլիստների միջև միշտ էլ դժգոհություններ են լինում, երբ նրանցից որևէ մեկը  ավելի մեծ պարգևավճար է ստանում: Այս անգամ էլ  կարծես շատ ու քչի տարբերություն եղավ. ոմանք համեմատաբար ավելի բարձր պարգևների արժանացան, քան մյուսները:

– Իհարկե, բոլորն էլ ամենայն մեծարանքի էին արժանի: Ոմանք նեղացան, եղան դժգոհողներ, ոմանք էլ գոհ մնացին: Մամուլում էլ նշվել է, որ ֆուտբոլիստներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի շնորհած Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը գոյություն չունի, չկա, հորինված է:

 – Կա այդպիսի կոչում, կան նաև այլ կոչումներ: Հավանաբար չիմացությունից կամ կրակի վրա յուղ լցնելու ցանկությունից է այդպիսի մեկնաբանություն արվել:

– Ուրեմն, ուրախալի է, որ թեև ուշացումով, բայց մեր ֆուտբոլիստներն այդպիսի պատվի են արժանացել:

 – Իսկ Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվելիք հուշահամալիրի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞ւ այդ մտահղացումն էլ չի իրականացվում:

– Այդպիսի ցանկություն կար, բայց խոչընդոտներ առաջացան: «Հրազդան» մարզադաշտը պատականում է Աշոտ Աղաբաբյանին: Նա էլ իր համաձայնությունն է տվել: Այդուհանդերձ, այժմ հայտնվել ենք փակուղում: Անհրաժեշտ է լուծել կառուցման թույլտվության հարցը, նաև ֆինանսների կարիք կա:

Ինչպես կառուցել փառաբանված թիմի հուշահամալիրը

Զրուցեցինք նաև Հակոբ Փոթիկյանի հետ, որը պատրաստել է հուշահամալիրի մանրակերտը: Նախ նրան խնդրեցինք պատմել իր մասին:

– Նախկինում ֆուտբոլիստ եմ եղել, 1960-ականներին խաղացել եմ Ֆրունզեի «Ալգա», Դրեզդենի ԳՍՎԳ  բանակային թիմերում: Հետո ղեկավարել եմ Երևանի ֆուտբոլի դպրոցը: Այնուհետև բնակություն  եմ հաստատել ԱՄՆ-ում, բայց  նորից վերադարձել եմ: Հայրս` Սերգեյը, բազմաշնորհ մարդ էր` շինարար, քանդակագործ, Երևանում մի շարք խոշոր կառույցներ է կյանքի կոչել: Այնպես որ մանկուց եմ տեսել, սովորել, ժառանգաբար այդ ամենն իմ մեջ արմատավորված է: Հովհաննես Աբրահամյանի ծննդյան 80-ամյա  հոբելանի առիթով, մեկ տարի առաջ նրա կիսանդրին էի պատրաստել: Աբրահամյանն էլ առաջարկեց բոլոր արարատցիների համար նույն բանն անել և հուշարձանախումբ ստեղծել: Այդպես էլ ծնվեց հուշհամալիր ստեղծելու մտահղացումը: Կոմպոզիցիան այսպիսին է. «Արարատի» նվաճած ԽՍՀՄ բյուրեղապակյա երկու գավաթներն են, ԽՍՀՄ առաջնության ոսկե և արծաթե մեդալները: 18 դիմաքանդակ է: Երկու մարզիչներներն են` Նիկիտա Սիմոնյանը, Հարություն Քեհյանը, թիմի պետը` Հովհաննես Աբրահամյանը և մեդալներ ստացած «Արարատի» 15 խաղացողները: Վերևում Արարատ լեռն է, որի անունով կոչվում է թիմը: Առջևում խորհրդանշական մարզադաշտ է, կան նստատեղեր: Զբոսաշրջիկները կարող են արարատցիների դիմաքանդակների առջև նստել և լուսանկարվել:  Այդ ամենը պատմություն է, մարդկանց կհետաքրքրի: «Հրազդանի» ղեկավարությունն առաջարկել է, որ հուշահամալիրը տեղադրվի տոմսարկղերի ձախ մասում: Անհրաժեշտ է 25-30 հազար դոլար: Մնում է, որ հովանավոր գտնվի: 

– Դիմե՞լ եք «Արարատ» ակումբի արտասահմանցի ղեկավարներին` մեծահարուստ Վարդան Սրմաքեշին, Հրաչ Կապրիելյանին:

– Առայժմ ոչ: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի քննարկումից հետո խնդրին ծանոթացել է վարչապետը, տեղյակ է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը: Սպասում ենք…

 – Անկախ ամենի ինչից, եթե հանգանակություն կազմակերպվի, ժողովուրդն էլ կարող է աջակցել:

– Եթե թույլատրվի և համապատասխան հանձնաժողով ստեղծվի, հնարավոր է նաև այդ քայլին դիմել: Կասկած չկա, որ մեծ թվով աջակիցներ կլինեն:

– Վստա՞հ եք, որ արարատցիների դիմաքանդակները բնականին նման կլինեն, խոսակցությունների տեղիք չե՞ն տա:

– Իհարկե, պետք քանդակներն իրենց հերոսների նման լինեն: Դա կարևոր նախապայման է: Ի դեպ, աշխատանքում ես մենակ չեմ լինելու: Օգնելու են երկու ճանաչված քանդակագործներ: Ցանկալի է, որ դիմաքանդակները բրոնզաձույլ լինեն: Հնարավոր է, որ դրանք պատրաստվեն մարմարից: Ամեն ինչ կախված կլինի ֆինանսական հնարավորություններից: Հուշարձանը 8,5 մ երկարություն և 4,5 մ բարձրություն է ունենալու:

 

Պահանջվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ

վարդան ՄինասյանՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական  B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով  հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց  օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը խմբային մրցաշարի արտագնա խաղերում ավելի շատ միավորներ է վաստակել, քան առաջին տեղը գրաված Իտալիայի ընտրանին: Մինչդեռ մեր երկրի հավաքականի ընտրական մրցաշարի վերջնական ցուցանիշը բավարար չի կարելի համարել:

Ինչ, խոսք, վրդովված ենք, որ այս անգամ էլ Հայաստանի ընտրանին չկարողացավ խմբից դուրս գալ: Ընդ որում, դա մոտ էր թվում: Բայց մեր երկրի հավաքականը զարմանալիորեն պարտվում էր տանը և իր մրցակիցներին լուրջ խնդիրներ առաջադրում, նաև հաղթում հյուրընկալվելիս: Պատճառները տարբեր են, սակայն պարտությունների գլխավոր պատասխանատուն մարզիչն է:

Եվ հետաքրքրում էր` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը  շարունակե՞լու է աշխատանքը, թե՞ իր տեղը պետք է զիջի ավելի  բանիմաց մասնագետի:  Ի դեպ, լրագողների հետ հանդիպումների ժամանակ նա քանիցս հարցին հարցով է պատասխանել, թե ինքը երբև է ասե՞լ է, որ հավաքականը պայքարելու է խմբից դուրս գալու համար: Մինասյանը ոչինչ չխոստացող մարզիչ է և ինչ-որ բանի հասնելու հույս  չի թողնում: Ինքնապահովման, թե ուրիշ նպատակով է դա արվել` պարզ չէ, սակայն այդ մտածողությամբ հաջողության հասնելն անհնարին է: Ձախողումներից հետո մարզչի տված հրաժարականը չընդունվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ նա պետք է մնա:

Այսպես թե այնպես, Մինասյանի ՀՖՖ-ի ղեկավարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու է հոկտեմբերի 31-ին: Քանի որ պարզ չէ, թե 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարից առաջ ինչ ներուժի հավաքական կունենանք, անպայման պետք է ձգտել, որ մեր թիմը պայքարի և իրավունք ստանա խաղալու 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակչում:

Ներկայիս հավաքականն իր կորիզը պահպանելու է, իսկ մարզչի հարցի մասին պետք էր մտածել` կարիք կա՞ կրկին վստահել Վարդան Մինասյանին, եթե նա արդեն քանիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ այնպես օգնելու մեր հավաքականին, որ նա խմբից դուրս գալու խնդիրներ լուծի:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը: Մինասյանը հրապարակավ հայտնեց, որ այլևս չի գլխավորելու հավաքականը:

Այժմ պահանջվում է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:

Ինչ խոսք, Մինասյանի մնալը ՀՖՖ-ի ղեկավարությանը ձեռնտու էր, և ՀՖՖ նախագահն էլ առաջարկել էր նրան մնալ: Բանն այն է,  որ բարձրակարգ մարզիչներին մեծ փողեր պետք է վճարել: Մի նրբություն էլ կա: Գաղտնիք չէ, որ ՀՖՖ նախագահը միջամտում է ֆուտբոլային բոլոր հարցերին, այդ թվում նաև հավաքականի հետ կապված հարցերին, և իրեն հարգող մասնագետը դա կարող է չհանդուրժել:

Թե ինչ է լինելու Հայաստանի հավաքականի հետագա ճակատագիրը, առայժմ պարզ չէ, սակայն նախկինում թույլ տրված սխալը չպետք է կրկնել: Թիմին առաջին հերթին արժանի, ինքնուրույն գործող մարզիչ է անհրաժեշտ: Դա դժվարին,  բայց լուծելի խնդիր է:

 

 

 

«Շիրակը» և «Ալաշկերտը» դուրս մնացին Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից

Հգ221344711382526389Երևանի «Բանանց» մարզադաշտում կայացավ Հայաստանի ֆւտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչ «Բանանց»-«Շիրակ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Բանանցը» առավելության էր հասել 2:1 հաշվով:

Թեև գյումրեցիները հաղթեցին 1:0 հաշվով, սակայն դուրս մնացին պայքարից:

35-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դամե Դիոպը:

Երևանի «Միկա» մարզադաշտում «Միկան» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Տանտերերը առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով, սակայն կարողացան մրցակցի դարպասը երեք անգամ գրավել և հաղթեցին 3:0 հաշվով:

58-րդ, 63-րդ,  89-րդ րպեներին աչքի ընկան Վարդգես Սաթումյանը, Սարգիս Կարապետյանը, Անդրանիկ Ոսկանյանը:

Այդպիսով, «Ալաշկերտը» ևս չի շարունակի գավաթային խաղերը:

 

Կլինե՞ն փոփոխություններ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում

վոլեյբոլ (1)Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, ՖԻՄԱ–ի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանի հետ:

 – Հոկտեմբերի երկրորդ կեսին Երևանում կանցկացվեն Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունների երկրորդ շրջանի հանդիպումները, կորոշվեն հաղթողները: Կանանց առաջնությանը մասնակցում է 4 թիմ: Տղամարդկանց մրցաշարում խաղում է 5 թիմ: Առաջին փուլից հետո կանանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. Սիսիանի հավաքական, «Նժդեհ», Ստեփանակերտի և Շենգավիթի հավաքականներ: Տղամարդկանց առաջնությունում առջևում է Ստեփանակերտի հավաքականը, որին հաջորդում են ՖԻՄԱ-ն, Արմավիրի թիմը, Գորիսի «ԼեռԷքս»-ը, «Դինամոն»: Կանանց և տղամարդկանց առաջնություններում դեռևս ոչ մի բան պարզ չէ: Ամռանն էլ Երևանում անց էին կացվել լողափնյա վոլեյբոլի պատանիների և մեծահասակների առաջնություններ:

 – Ի՞նչ է տալիս Հայաստանին այդ էկզոտիկ մրցաձևի առաջնության կազմակերպումը:

– Ոչինչ: Պարզապես խաղեր են անցկացվում, զբաղմունք է: Աչքի ընկնողները չեն մասնակցում եվրոպական որևէ ստուգատեսի:  Ի դեպ, մարզուհիների մրցաշարի հաղթող Սիսիանի զույգը և ևս մեկ այլ զույգ հետագայում խաղացել են Բաթումում կազմակերպված միջազգային մրցաշարում: Թե երկրորդն ի՞նչ թիմ է եղել, դժվարանում եմ ասել: Մի բան է պարզ, որ երկրորդ մրցանակակիր «Նժդեհ» թիմին դրսում կարողությունները փորձելու հնարավորություն չի տրվել: Իսկ տղաների դեպքում  մրցաշարի հաղթողներին ոչ մի խրախուսանք չի եղել: Ասվում էր, որ պետք է նրանք ֆեդերացիա հրավիրվեն, բայց ոչ մի կապ չի եղել: Իսկ ահա ՖԻՄԱ-ն Թբիլիսիում խաղացել է 12 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարում և գրավել 4-րդ տեղը:

Մասնակցել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի աջակցությամբ: Օգնեց նաև Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա  Մուրադյանը: Մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ ուներ, և մենք առաջ ենք եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, տանտերերի ներկայացուցիչներից: Ընդ որում, բոլորն էլ բարձրակարգ մարզիկներով համալրված թիմեր ունեին: Բախտներս բերեց այն առումով, որ վիճակահանությամբ ուժեղ թիմերը մրցեցին իրար հետ, և մեզ համեմատաբար թույլ մրցակիցներ բաժին հասան: Ինչևէ, Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ստացան հաջորդ տարի ընդգրկվելու այդ մրցաշարի հիմնական խմբում: Ընդ որում, այն ավելի ներկայացուցչական է դառնալու, մեծանալու է մասնակիցների թիվը, և ավելացվելու է պարգևատրման հիմնադրամը: Այս անգամ դրամական պարգևներ ստացան միայն 1-3-րդ տեղերը զբաղեցնողները: 

– Գաղտնիք չէ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում խժդժությունները շարունակվում են: Սուրեն Խաչատրյանի անվան շուրջ աղմուկը շատ է նաև վոլեյբոլում ստեղծված իրավիճակի առումով:

– Նա իր բողոքավորի կերպարը լրատվամիջոցների օգնությամբ փորձում է պահպանել, արդարանալ: Բայց արդարանալու հիմք չկա: Դարձյալ կրկնում եմ, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարական տա:

 – Խաչատրյանը, վերջին հայտնի իրադարձությունների հետ կապված, թողել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում նա հրաժարվի նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարելուց:

– Փոփոխությունները ֆեդերացիայում հրամայական պահանջ են դարձել: Դեպի անդունդ ենք գնում: Ամբողջ համակարգը պետք է վերանայվի:

 – Հավակնություններ ունե՞ք ֆեդերացիայի նախագահ դառնալու:

– Ոչ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է, որ Ասմարյաններն աթոռի կռիվ են անում: Սակայն նման բան չկա: Հայրս` Խաչիկ Ասմարյանը, ժամանակին, երբ Հայաստանի  վոլեյբոլի ֆեդերացիան էր գլխավորում, հրապարակավ հայտնել էր, որ եթե մեկը գտնվի, որ պատրաստ լինի ֆինանսներ ներդնել Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար, ինքն իր տեղը կամովին կզիջի նրան:  Փաստորեն, խոստումներ տրվեցին, նոր մարդիկ գլխավորեցին ֆեդերացիան, բայց ներդրումներ չեն արվում: Հետևանքը տեսանելի է: Նախկինում նույնպես ֆինանսերը քիչ էին, բայց համախմբվածություն կար: Հիմա դա էլ է կորել:

 – Ձեր կարծիքով` ո՞վ պետք է լինի ֆեդերացիայի նախագահ:

– Պետք է լինի այն մարդը, որը ցավում է վոլեյբոլի համար, կարող է վոլեյբոլի զարգացման համար փողեր բերել,  համախմբել այս մրցաձևի ներկայացուցիչներին, բռունցք կազմել և լրջորեն աշխատելու համար պայմաններ ստեղծել: Ընդ որում, պետք է ոչ թե մեկ մարդ աշխատի, այլ` հանձնաժողովներ, փոխնախագահներ, գլխավոր քարտուղարը, գործադիր տնօրենը և այլն: Պետք է մի թիմ հավաքվի, որը կարողանա ստեղծված հիմնախնդիրների լուծումները գտնել:

 – Երկու երնեկ մի տեղում չի լինում: Հնարավո՞ր է, որ ֆեդերացիան հաջողությամբ գլխավորի մեկը, որը նախկինում վոլեյբոլի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել:

վոլեյբոլ– Իհարկե, այդպիսի փաստեր կան: Արտասահմանյան մի շարք երկրների ֆեդերացիաների նախագահները վոլեյբոլիստ չեն եղել, բայց աշխատանքը բարձր մակարդակով են կատարում: Մասնավորապես, կա  մեքսիկացի  Ռուբեն Ակոստայի օրինակը, որը 1982-ից մինչև 2008-ը գլխավորել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ նա ղեկավարել է Մեքսիկայի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդ մարդը մասնագիտությամբ իրավաբան է և հասավ նրան, որ ամբողջ աշխարհում վոլեյբոլը զարգացավ: Մեծածավալ աշխատանք կատարվեց, պայմանագրեր կնքվեցին տարբեր կազմակերպությունների, այդ թվում` հեռուստաընկերությունների հետ: Նրա աշխատանքի շնորհիվ էր, որ միջազգային կազմակերպությունը մեծ ֆինանսների տեր դարձավ: Կարևոր էր, որ ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպվում:

 – Եթե այդպիսի մարդ ի հայտ գա, ապա վոլեյբոլի ներկայացուցիչները նրա առջև ի՞նչ պահանջներ կդնեն:

– Մեր մարզաձևում պահանջներն այնքան էլ շատ չեն: Եթե նվազագույնը լինի, բոլորս էլ պատրաստ ենք ծանրաբեռնված աշխատելու: Միանգամից ուժեղ թիմեր և հավաքականներ ստեղծել հնարավոր չէ: Անհրաժեշտ է ֆինանսներ հայթայթել և մանկապատանեկան վոլեյբոլը զարգացնել, տարբեր տարիքային խմբերի հավաքականներ ստեղծել. ոչ թե թղթի վրա, այլ իրական:  Ուսանելի է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի օրինակը: Թիմերը պարբերաբար մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի, եթե պարտվում են, ապա ժամանակի ընթացքում արդյունքներն էլ ավելի բարձր կլինեն: Կարևորը, որ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Նույնն էլ վոլեյբոլում կարելի է անել: Թող մեր թիմերը պարտվեն, սակայն մեր մարզիչները, խաղացողներն իմանան, որ թիմեր կան, Հայաստանի պատիվը պաշտպանելու համար են պայքարելու, թեկուզ պարտություններն անխուսափելի են:

 – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը կարելի՞ է նաև վոլեյբոլում կիրառել. թույլ առաջնություն ունենք, սակայն դրսից հրավիրված մեր հայրենակիցների ուժերով մրցունակ հավաքական է ստեղծվել:

– Ցանկալի է: Մեծահասակների միջազգային խաղերում առնվազն մի քանի տարի արժանիորեն մրցակցել չենք կարող: Բայց պատանեկան ստուգատեսներում հնարավոր է խաղալ: Օրերս Թբիլիսիում  «Նժդեհի» աղջիկների թիմը 4 խաղ անցկացրեց Վրաստանի` 2015-ի «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով մրցումներին նախապատրաստվողների հետ: Վերջինս անցկացվելու է Վրաստանում: Մեր մարզուհիները 2 հաղթանակ տարան և 2 խաղում պարտվեցին: Վրաստանի ներկայացուցիչները մի շարք ուժեղ խաղացողներ ունեն: Ընդ որում, վոլեյբոլի մասնագիտացված դպրոց է հիմնվել, որը Հայաստանում չկա: Համապատասխան կահավորանքով հիանալի մարզաբազա է ստղծվել, որում առավոտյան ժամը 9-ից մինչև 21-ը մարզումներ են անցկացվում:

 – Հայաստանը մասնակցելո՞ւ է այդ ստուգատեսին:

– Տեղյակ չեմ: Հնարավոր չէ, որ հրավեր չունենաք, միայն պետք է նախապատրաստվել: Վրաստանը` որպես կազմակերպիչ երկիր, մասնակցելու է եզրափակիչ փուլին, իսկ մենք պետք է փորձենք այդ իրավունքին արժանանալ:

 – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, անտարբեր չմնալով, չպե՞տք է հետևեն, որ մեր երկրի վոլեյբոլի ֆեդերացիան իր բարձրության վրա գտնվի, նորմալ աշխատի:

– Այդ կառույցները կարող են մեծ դեր ունենալ դրությունը շտկելու գործում: Գուցե առիթ է պետք, որ քայլեր ձեռնարկվեն Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար:

– Դիմե՞լ եք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հայտնի է, որ նա վոլեյբոլի մեծ սիրահար է և խաղում է:

– Վարչապետին պետք է ֆեդերացիայի նախագահը դիմի, այդ կապերը և լծակները չունենք: Ուրախ ենք, որ նա վոլեյբոլով է զբաղվում և ցանակալի է, որ աջակցի:

  Հ.Գ. Խոսակցություններ կան, որ առաջիկայում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկը ստանձնելու է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ է, որ Ռուսաստանում նույն պաշտոնում գտնվող Նիկոլայ Պատրուշևը ղեկավար դիրք է զբաղեցնում այդ երկրի վոլեյբոլի ֆեդերացիայում: Ի դեպ, Ասմարյանը, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդպիսի փոփոխության հնարավորությունը: Մնում է սպասել հետագա զարգացումներին:

Գրոսմայստեր Ավետիկ Գրիգորյանն անհաջող խաղաց Ջակարտայում

ագbansko-avetik-grigoryan-2-22148Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 108 մասնակիցների պայքարում գրավեց 19-րդ տեղը:

8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան):

Կարելի է միայն ափսոսալ

հավաքական

 

Նեապոլում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  Իտալիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, Հայաստանի ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավ է հայտնել, որ մեր թիմն այդ խաղում չի կարողացել հաղթել: Բան այն է, որ մերոնք երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն այդպես էլ չկարողացան առավելության հասնել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Ի դեպ, ափսոս էր, որ մի շարք լավ խաղացողներով համալրված մեր թիմն ընտրական մրցաշարում վատ արդյունք ցույց տվեց, չարդարացրեց մարզասերների սպասելիքները, ընդ որում, միակն էր, որը պարտվեց ակնհայտ հետնապահ Մալթայի ընտրանուն, այն էլ` սեփական խաղադաշտում:

Իտալիայում անցկացված B խմբի վերջին տուրի խաղում հանդիպման 5-րդ և 70-րդ րոպեներին գեղեցիկ գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ տանտերերից 25 և 76-րդ րոպեներին աչքի ընկան Ֆլորենցին և Բալոտելլին: Ընդ որում, մերոնք գնդակներ բաց թողեցին մեր պաշտպանների կոպիտ սխալների հետևանքով:

Հանդիպումը դիտարժան էր, երկու թիմերը բաց ֆուտբոլ էին խաղում, կարևորը, որ մերոնք չէին զիջում Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիների թիմին, որը մրցաշարում վստահորեն իր համար ապահովել էր առաջին տեղը: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ մերոնք կարող էին խմբից դուրս գալ և պայքարը շարունակելու իրավունք ստանալ:

Հայաստանի հավաքականում մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որոնք, գրավելով դարպասը,կարող են ցանկացած մրցակցի տրամադրությունը փչացնել: Այլ հարց է, թե հաջողության հասնելու համար ինչպես է օգտագործվում այդ ներուժը:

Ի դեպ, Վարդան Մինասյանի գլխավորած թիմն այս մրցաշարում 4 անընդմեջ պարտություն  էր կրել` կրկնելով նախկինի չարաբաստիկ ռեկորդը: Եվ եթե մեր երկրի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Բեռնար Կազոնին, Հենկ Վինսմանը, Յան Պոուլսենն այդպիսի ձախողումներից հետո ազատել էին զբաղեցրած պաշտոնը, ապա Մինասյանի ներկայացրած հրաժարականը մերժել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ-ի գործկոմը:

Մինչդեռ երկու կարծիք լինել չի կարող, որ Հայաստանի հավաքականին ավելի բարձրակարգ մարզիչ է պետք, նաև այնպիսի մեկը, որն ինքնուրույն կարող է որոշել, թե ով կարող է հրավիրվել հավաքական: Գաղտնիք չէ, որ ունենք տարբեր երկրներում խաղացող հայ ֆուտբոլիստներ, որոնք ավելի բարձր կարգ ունեն, քան Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրողներից ոմանք: Բայց ավելի արժանավորները տարբեր պատճառներով սև ցուցակ են ընկել, իսկ Մինասյանը չի հանդգնում նրանց հրավիրել թիմ: Ստացվում է, որ հավաքականը ոչ թ համազգային է, այլ` սեփականաշնորհված:

Ինչևէ, միայն աշխարհի առաջնության ավարտից հետո կխոսվի հավաքականի մասին, այսինքն` երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակցության հարցը: Իսկ առայժմ հայկական ֆուտբոլում տևական պարապուրդ է սպասվում, քանի որ մեր երկրի ակումբային ֆուտբոլն այնքան ցածր մակարդակ ունի, որ գրեթե հետաքրքրություն չի ներկայացնում:

Այսպիսով, ընտրական մրցաշարերի արդյունքով որոշվել են Բրազիլիայում 2014-ին կայանալիք աշխարհի առաջնության եզափակիչ փուլի 32 մասնակիցներից 21-ը: Ուղեգրեր ունեն հետևյալ երկրների հավաքականները` Բրազիլիա (կազմակերպիչ), Ճապոնիա, Ավստրալիա, Իրան, Կորեա, Հոլանդիա, Իտալիա, Կոստա Ռիկա, ԱՄՆ,  Արգենտինա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Կոլումբիա, Ռուսաստան, Բոսնիա- Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Չիլի, Էկվադոր, Հոնդուրաս: Եվրոպայից ևս 4 մասնակից կորոշվի անցումային խաղերից հետո:

Վիճակահանությունը կկատարվի հոկտեմբերի 21-ին: Խաղերն անցկացվելու են նոյեմբերի 15-ին և 19-ին: Դրանց կմասնակցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, նաև Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:

Բացի այդ, ևս 5 մասնակից կլինի Աֆրիկայից: Ուրուգվայի հավաքականը, որը Հարավային Ամերիկայի մրցաշարում 5-րդն է ճանաչվել, անցումային խաղ կանցկացնի Հորդանանի ներկայացուցիչների հետ: Մեքսիկայի հավաքականն էլ կմրցի Նոր Զելանդիայի թիմի հետ:

ԱՂՅՈւՍԱԿ

Թիմեր Խ Հ Ո Պ    Գ   Մ
Իտալիա 10 6 4 0 19-9 22
Դանիա 10 4 4 2 17-12 16
Չեխիա 10 4 3 3 13-9 15
Բուլղարիա 10 3 4 3 14-9 13
Հայաստան 10 4 1 5 12-13 13
Մալթա 10 1 0 9 5-28 3