Հայկական բուհերի դիմորդները նվազել են. շրջանավարտները նախընտրում են արտասահմանյան բուհերը կամ քոլեջները

Գագիկ ՄելիքյանԲուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների

Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա,  Անտառային տնտեսության  և բնակավայրերի  կանաչապատում, Անասնաբուժություն, Անասնաբուծություն, Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, Մսի և մասմթերքի տեխնոլոգիա և այլն) գծով դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով (եթե երկու բնագիտական առարկայի գնահատական է պետք ընդունելության համար, ապա մեկը կլինի ավարտական քննության գնահատականը, մյուսը`  տարեկան գնահատականը): Իսկ անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն ասում է, որ սրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են: Նրա խոսքով` մի կողմից ոլորտի մասնագետների պահանջարկ կա, բայց մյուս կողմից էլ այս տեղերը, անգամ անվճար տեղերը, թափուր են մնում: Առանց միասնական քննությունների ընդունելություն կազմակերպելը նպատակ է հետապնդում տվյալ մասնագիտություններով դիմորդների գրավել: Դպրոցի գնահատականներով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է հայտը միանգամից ՀԱԱՀ ներկայացնեն, ոչ թե ԳԹԿ, ինչպես սովորաբար է արվում:

Դիմորդների թիվը նվազել  է

Միասնական քննությունների առաջին փուլի համար դիմորդների հայտագրումն արդեն ավարտվել է: Մինչև հունիսի մեկը դիմորդները ժամանակ ունեն իրենց գործերը նախընտրած բուհ հանձնել, որից հետո արդեն կմեկնարկեն միասնական քննությունները:

Այս տարի բուհերն ունեն  12 346 դիմորդ, ինչը շուրջ 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Քննությունների առաջին փուլի համար հայտագրվում են դպրոցների շրջանավարտները և նախորդ տարի բուհ չընդունվածները, իսկ երկրորդ փուլին կարող են հայտագրվել քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, արտերկրից եկած դիմորդները և բանակից զորացրվածները:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը  բուհերի դիմորդների նվազելու մի քանի պատճառներ է մատնանշում. Նախ, մեծացել է հոսքը դեպի նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ.  ծնողներն սկսել են գիտակցել, որ ավելի լավ է իրենց երեխան արհեստ ունենա, որով կկարողանա ապրուստ վաստակել, քան թե բարձրագույն  կրթության դիպլոմ: Քոլեջներ դիմելու երկրորդ պատճառն էլ ավագ դպրոցի մինչև վերջ չկայացած լինելն է:

Դիմորդների թվի նվազման պատճառ է նաև շրջանավարտների մեծացող հոսքը դեպի ոչ ՀՀ պետական բուհեր. տարեցտարի շատանում են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանների դիմորդները:

«Սա լուրջ ահազանգ է ՀՀ բուհերին, որ սկսեն զբաղվել իրենց  կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Այս տարի միասնական քննությունները  կանցկացվեն հունիսի 3-23-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենամեծ թվով դիմորդներ հայտագրվել են Հայոց լեզու և գրականություն առարկայից` 7577 դիմորդ: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 6003, անգլերենից` 5494, ֆիզիկայից` 2151, Հայոց պատմությունից` 1990, Կենսաբանությունից` 1350, Քիմիայից` 1065, Ռուսերենից` 916, Գերմաներերնից` 277, Աշխարհագրությունից` 314, Ֆրանսերենից` 229, Ընդհանուր պատմությունից` 141, Իսպաներենից` 12, Իտալերենից 2 և Պարսկերենից 1 դիմորդ:

Այս տարի ձևավորվել են 34 քննակենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: Գագիկ Մելիքյանն ասում է, որ արդեն իսկ ընթանում են քննակենտրոնները խլացուցիչներով կահավորելու աշխատանքները: Մելիքյանն ասում է, որ գնալով ավելի ու ավելի է բարդանում  հեռախոսակապը խլացնելը և ծածկագրերը բացահայտելը:  «Ըստ կարգի քննասենյակ մտնելիս դիմորդը պետք է հեռախոսը հանձնի: Սակայն երեխա կա, որ երկու, անգամ երեք հեռախոս ունի, մեկը, երկուսը հանձնում է, երորրդն էլ հետը քննասենյակ մտցնում»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ դիմորդը, որի մոտ ծածկագիր կգտնվի, անմիջապես կհեռացվի քննասենյակից: Նա ծնողներին ու դիմորդներին կոչ է անում չդիմել նման քայլի, մանավանդ որ բուհ ընդունվելը հեշտացվել է:

Փորձնական քննությունները կօգնեն դիմորդին գնահատել  իր գիտելիքները

Այս տարի, ինչպես և նախորդ տարի ԳԹԿ-ն մինչև բուն միասնական քննությունների մեկնարկը փորձնական քննություններ կանցկացնի: Այս տարի  դիմորդները կկարողանան փորձնական քննություն հանձնել բնագիտական առարկաներից և անգլերենից: Սա դիմորդին հնարավորություն կտա ծանոթանալ  քննության կարգին, սովորել հարցաթերթիկը ճիշտ լրացնել նաև գնահատել իր գիտելիքները: Իսկ ԳԹԿ-ն փորձնական քննությունների միջոցով կկարողանա հասկանալ` որքանով են թեստերը ճիշտ կազմված:

Նախորդ տարի փորձնական քննություն էր անցկացվել Հայոց լեզու և գրականություն և Մաթեմատիկա առարկաներից: Մասնակցել էր 5 հազար դիմորդ:

Այս տարի փորձնական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է հայտագրվեն իրենց մարզային կրթության վարչությունում: Քննությանը մասնակցությունն անվճար է. Այն կազմակերպվում է պետբյուջեից թեստերի փորձարկման համար հատկացված միջոցներով:

Բարձր միավոր ստանալը կդժվարանա

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ շտեմարանները վերանայվում են` հիմնվելով նախորդ տարվա արդյունների վրա: Թեստերն այնպիսին պետք է լինեն, որպեսզի հեշտ լինի 7,5 միավորի շեմը հաղթահարելը, այսինքն դրական ստանալը, իսկ  բարձրագույն` 18-20 միավոր հավաքելը պետք է բարդ լինի: Նա ասում է, որ ձգտում են այնպես անել, որ դիմորդների հիմնական մասը վաստակի միջին միավորներ` 13-16, իսկ բարձր ստացողների և կտրվողների թիվը փոքր լինի:

«Գաղտնիք չէ, որ նախորդ տարի  մեզ մոտ շտեմարանների մուտքը բերեց բարձր միավորների առատության, դա հատկապես զգացվեց Կենսաբանություն և Օտար լեզու առարկաներից: Դա պայմանավորված էր հանգամանքով, որ այդ առարկաների շտեմարաններում առաջադրանքները համեմատաբար քիչ էին և հիշելու գործոնը մեծ ազդեցություն ունեցավ: Դրա համար այս տարի դրանք պիտի վերանայցեն,- ասում է Մելիքյանը:- Այլապես, եթե բարձր միավորներ հավաքելը հեշտ է, դիմորդների զգալի մասը հավաքում են 18-20 միավոր,  և անվճար տեղերի համար մրցույթ անցկացնելը  բավականին դժվար է դառնում»:

Մելիքյանը, սակայն, վստահեցնում է, որ թեստերի բարդությունը չի ապահովվի խճճված ու երկիմաստ հարցերով:

«Փորձը ցույց է տվել, որ շտեմարաններում այդպիսի հարցեր կան, բայց թեստերի մեջ այդպիսի հարցերը բացակայում են: Շտեմարանների առավելություններից ամենակարևորը դա է, որ նախօրոք քննարկման են դրվում, արձագանք ստանում, և թեստերում խճճված հարցերը բացառվում են: Իսկ երբ շտեմարանները չկային, մեկ-երկու մասնագետ էին թեստը կազմում, շատ էին վրիպակներ լինում, ինչի պատճառով ստիպված էինք  բոլորի միավորները կես կամ մեկ միավորով բարձրացնել»,- ասում է նա:

 

20-ամյա հրադադար. Ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին

Vazgen_Manukyan1994 թ. մայիսի 9-11-ը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ դրվեց ակտիվ ռազմական գործողություններին: Մի քանի օրից կլրանա հրադադարի կնքման 20-ամյակը: Հարց է առաջանում, թե ինչ ենք շահել ու ինչ կորցրել այս 20 տարիների ընթացքում:
Այս թեմայով «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ, 1992-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, շատ է խոսվում, որ 1994-ի մայիսի զինադադարը շահեկան էր Ադրբեջանի, բայց ոչ Հայաստանի համար: Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

– Զինադադարը չի լինում հավասար պայմաններում, միշտ մեկը հաղթող է լինում, մյուսը` պարտվող, և զինադադար է կնքվում: Այդ առումով հայկական բանակը հաղթող կողմ էր, այսինքն` կարող էր շարունակել գնալ առաջ, բայց Բաքու հասնել չէր կարող: Այսինքն` Բաքվում կապիտուլյացիայի ստորագրում չէր կարող լինել:
Իհարկե, կարելի էր առաջ գնալ, բայց ի՞նչ գնով. հազարավոր երիտասարդների կորուստների գնով: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ զինադադարը ձեռնտու էր Ադրբեջանին, որը կոտրված վիճակում էր: Բայց բավական ձեռնտու էր նաև մեզ:

– 1998-ից ԼՂՀ-ն` որպես կողմ, չի մասնակցում բանակցություններին: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ո՞ւմ էր ձեռնտու բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մնալը:

– Դա բարդ հարց է: Նախ` պետք է հասկանալ, թե «Ղարաբաղ» կոմիտեն ինչ քաղաքականություն էր վարում: Ղարաբաղյան շարժումն ամբողջ աշխարհի հայության համար ազատագրական պայքարի, ազգային արդարության վերականգնման հարց էր: Դա առաջացնում էր մեծ լիցք, ինչը հնարավորություն էր տալիս դիմանալու դժվարություններին, պատերազմելու, հաղթելու: Բայց քաղաքական տեսանկյունից ողջ աշխարհին ներկայացվում էր, որ դա ժողովուրդների ինքնորոշման հարց է, Ղարաբաղը հիմնվում է ազգերի ինքնորոշման վրա և ազատագրվում է Ադրբեջանից: Այդ պատճառով միշտ աշխատել ենք Ղարաբաղի հարցն առանձին ներկայացնել, ասել ենք, որ դա Ղարաբաղի հայության հարցն է, մենք օգնում ենք նրանց: Թվում է, թե ազգային մտածողության ու քաղաքականության մեջ հակասություն կա, բայց իրականում չկա:
Մեծ վեճեր կային այն ժամանակ` վերամիավորել Ղարաբաղը Հայաստանին, թե ոչ: Ե՛վ ես, և՛ Ղարաբաղ կոմիտեն և՛ շատ գործիչներ կարծում էինք, որ ճիշտ չէ վերամիավորելը, քանի որ այդ դեպքում կորցնում ես ինքնորոշման սկզբունքը և աշխարհի առջև կարող ես հանդես գալ ուղղակի որպես անեքսիայի ենթարկող, ինչը վտանգավոր էր: Մենք այն ուժը չունենք, որ ձեռնոց նետենք ամբողջ աշխարհին: Եվ բնական է, որ անընդհատ ձգտում էինք, որ բանակցող կողմը լինի Ղարաբաղը, իսկ մենք` միայն աջակցողը: Ադրբեջանը հասկանում էր, որ եթե Ղարաբաղն առանձին կողմ լինի, նույնն է, թե գործնականում ընդունի Ղարաբաղի անկախությունը: Անընդհատ այդ կռիվն ու վեճը եղել է, բայց մեզ միշտ հաջողվել է Ղարաբաղը որպես առանձին բանակցող կողմ ներկայացնել:
Վիճակը փոխվեց 1998-ին: Նախ` ճնշումները շատ էին, ոչ մեկը չէր ուզում ընդունել, որ Ղարաբաղն առանձին կողմ է: Մյուս կողմից էլ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, մինչ այդ էլ ԼՂՀ նախագահն էր, սկսեց ընկալվել, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, որը ճիշտ մոտեցում չէր: Հիմա, եթե այդպես չլիներ, մենք շարունակեինք Ղարաբաղին որպես առանձին կողմ ներկայացնել, մենք ավելի շահեկան վիճակում կլինեի՞նք: Կարծում եմ, որ ոչ: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ Ղարաբաղն առանձին կողմ լինի, բայց դա չէ հարցի լուծումը: Դա ավելի շատ հարցի լուծման ցուցանիշ է:
Այս առումով հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Այս վիճաբանությունը միշտ էլ եղել է. ընդունե՞լ Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ: Հարց այն չէ, որ ոմանք շատ ազգային են, ոմանք էլ` ոչ: Խոսքն ընդամենն այն մասին է, թե որն է քաղաքական տեսանկյունից ավելի նպատակահարմար: Կարծում եմ` ներկա վիճակում ընդունել Ղարաբաղի անկախությունը նշանակում է բանակցությունները չեղյալ հայտարարել և դիմացինին դրդել պատերազմի: Կարծում եմ` այս դանդաղ ընթացքը, երբ տարբեր երկրներ ու նահանգներ ընդունում են Ղարաբաղի անկախությունը, ավելի ճիշտ մոտեցում է, քան թե ՀՀ-ն ընդուներ անկախությունը:
Վերադառնալով բուն հարցին, այո, մեզ իսկապես ձեռնտու կլինի, եթե Ղարաբաղն ընկալվի որպես բանակցող կողմ, այդ դեպքում կարելի է համարել, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է:

– Հիմա փորձ է արվում Ղարաբաղին նորից բանակցություններում ընդգրկել որպես կողմ: Կարծում եք դա իրատեսակա՞ն է
– Կարծում եմ, որ ճիշտ է այդ ուղղությամբ գնալը:

– Խոսում ենք հրադադարի մասին, սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը կրակում է թե՛ հայկական դիրքերի, թե՛ խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման պարագայում որքանո՞վ է տեղին խոսել հրադադարի մասին, թե՞ դե ֆակտո պատերազմի վիճակում ենք:

– Մենք չավարտված պատերազմի վիճակում ենք, երբ հրադադարի համաձայնություն է կնքվել: Հրադադարի հակառակը մեկ-մեկ իրար վրա կրակելը չէ, այլ բանակներով պատերազմելն է: Փառք Աստծո, մենք հիմա նման վիճակում չենք: Շատ ցավալի է ցանկացած երիտասարդի և մարդու մահը սահմանին, բայց դա զինադադար է: Մենք իսկապես ուժեղ ենք, բայց պատերազմ ոչ ոք չի ցանկանում: Ուրիշ բան, երբ քեզ պատերազմ են հայտարարում, պետք է հաղթես, մենք այդպես էլ արեցինք:

– Պարոն Մանուկյան, իսկ ըստ Ձեզ, այս տարիների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է շահել ու ի՞նչ կորցրել:

– Զինադադարը հանգեցրեց նրան, որ ամեն մեկը փորձեց ամրացնել բանակը և զարգացնել պետությունը: Բանակի ամրացում և՛ նրանք արեցին, և՛ Հայաստանն արեց: Նրանք ֆինանսական տեսանկյունից նոր տեխնիկա ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ ունեին, բայց պատերազմում միայն տեխնիկան չէ որոշիչը: Կարծում եմ, որ հավասարակշռությունը չի փոխվել հօգուտ նրանց:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, Ադրբեջանը սկսեց օգտագործել իր նավթը, դաշնակից լինելը Վրաստանի և Թուրքիայի հետ, որն իրենց ուժեղացրեց, բայց կառավարման տեսանկյունից թուլացավ` դառնալով արևելյան միապետություն` դեմոկրատիայի շղարշով:
Հայաստանն ավելի լուրջ քայլեր արեց դեպի ժողովրդավարություն, բայց չեմ կարծում, որ Հայաստանն արդեն կարելի է անվանել լրիվ ժողովրդավարական երկիր: Մենք խնդիր ունենք, քանի որ ոչ մի ընտրության հետ հասարակությունը համաձայն չի եղել: Չնայած վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը մի քանի հաղթանակներ տարել է, բայց շատ ու շատ հեռու ենք այն իրավիճակից, որ ասենք քաղաքացիական հասարակություն ունեցող ժողովրդավարական երկիր ենք:
Տնտեսական առումով ներքին ռեսուրսները լավ չենք օգտագործել և շատ թույլ ենք օգտագործել Սփյուռքի գոյությունը: Սփյուռք-Հայաստան համագործակցության հիմնական պոտենցիալն օգտագործված չէ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և զինադադարը պահպանելու ջանքերը որքանո՞վ եք հաջողված համարում:

– Կարծում եմ, որ շատ կարևոր առաքելություն է, որովհետև կարևոր է բանակցելով հետաձգել պատերազմը: Պատկերացրեք, եթե Մինսկի խումբը չզբաղվեր հարցով ու բանակցություններ չնախաձեռներ, թշնամական լռություն կտիրեր, որը մի օր անպայման կխախտվեր, բնականաբար` Ադրբեջանի կողմից: Գուցե և բանակցությունները շոշափելի արդյունք չեն բերել, բայց կարևորագույն առաքելությունն այն է, որ երբ բանակցության փուլում ենք, դրանով հետաձգվում է պատերազմը, իսկ եթե այն հետաձգվում է 20-40 տարի, դրանից հետո ոչ մեկն էլ պատերազմ չի սկսի:

– Որքանո՞վ է իրատեսական ԼՂ հակամարտության լուծումը առաջիկա տարիներին: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել:

– Արդեն տասնյակ տարիներ Ղարաբաղն ապրում է որպես անկախ պետություն, այնտեղ սերնդափոխություն է տեղի ունեցել: Ներկայիս իշխանությունը վարողները նույնիսկ չեն հիշում, թե երբ է Ղարաբաղը ոչ անկախ եղել, արդեն անբնական կլինի գրչի ստորագրությամբ Ղարաբաղին զրկել անկախությունից, իրենք էլ չեն համաձայնի դրա հետ:
Բացի այդ, ԼՂՀ-ն ավելի ժողովրդավարական պետություն է, քան թե Ադրբեջանը, դա ցանկացած եվրոպացի էլ տեսնում է: Նեղ խոսակցությունների մեջ բոլորն էլ հասկանում են, որ հարցը լուծված է. պետք է այնպես անել, որ պատերազմ չլինի, այլ բան է փախստականների հարցը, սահմանների հստակեցումը, դրանք բանակցությունների հարց են:
Ժամանակը խնդիրը մաշելու հատկություն ունի, այդ առումով ժամանակն աշխատում է հօգուտ մեզ: Ուրիշ բան, թե մենք ինչպես ենք օգտագործում ժամանակը: Մեր ռազմաճակատը պետք է դառնար տնտեսությունը, մեծ քայլեր պետք է անեինք, նորմալ պետություն կառուցեինք: Այդտեղ ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում: Այո, զարգացումներ կան, բայց համեմատելի չեն հնարավորությունների հետ, որ ունեինք ու կարող էինք օգտագործել: Ու որքան էլ հարցը մաշվի, եթե լինես թույլ պետություն, իսկ դիմացինդ` հզոր ու ֆինանսական հնարավորություններ ունեցող, պարզ է` կփորձի այն հօգուտ իրեն լուծել:
Ստացվում է` ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին: Նշածս առումով: Մեր սխալը դա է: Եվ միայն նավթի հարցը չէ: Մենք զարգանալու հսկայական հնարավորություններ ունենք, որոնք բացարձակապես չեն օգտագործվել:

 

Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից. Արտակ Մովսիսյան

Արտակ Մովսիսյան

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

Վերջերս կայացավ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր  թագուհիներ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Անկախը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

– Պարոն Մովսիսյան, երբ մարդիկ լսում են «10 հայ ականավոր թագուհիներ», սովորաբար հաջորդում է հարցը` ի՞նչ է, մենք այնքան թագուհի ունեցե՞լ ենք, որ դրանց թվում էլ ականավորներ լինեն: Ձեր գիրքն այս հարցին ի՞նչ պատասխան է տալիս:

– Իսկապես, անգամ պատահել է, որ պատմության ֆակուլտետն ավարտած մարդիկ, որ թվում է, թե պետք է իրազեկ լինեն, նման հարց են տվել: Ցավոք սրտի, թագուհիների թեման մեզ մոտ անարդարացիորեն վատ է ներկայացված: Մեզ անվանապես հայտնի է 65 թագուհի: Գրքի վերջում ամբողջական ցանկը ներկայացված է:
Իհարկե, ունենք նաև տեղեկություններ այլ թագուհիների մասին, որոնց անունները չեն պահպանվել: Օրինակ` գիտենք, որ Արտավազդ Երկրորդի կինը նրա հետ գերի տարվեց Եգիպտոս, ամուսնու հետ վեհանձն պահվածք դրսևորեց, և միասին էլ մահապատժի ենթարկվեցին: Սակայն նրա անունը հայտնի չէ:
Սա մեր ազգային, պետական, հասարակական անփույթ վերաբերմունքն է անցյալի նկատմամբ: Հայ կնոջ կերպարը պատմության մեջ շատ վատ է ներկայացված:
Այսօր երկու ծայրահեղությունների առաջ ենք կանգնած. մի կողմից` արևելյան, չադրայավոր, ազատությունից զուրկ կնոջ կերպարը և մյուս կողմից` արևմտյան, բարոյական սահմաններից դուրս ազատություններով կնոջ կերպարը: Մարդիկ մտածում են այս երկուսի միջև ընտրելու մասին, այն դեպքում, երբ ունենք մերը` ազատ, պարկեշտ, առաքինի և հասարակությունում ու ընտանիքում իր տեղն ունեցող կնոջ կերպարը: Մեզ պետք է այդ կնոջ կերպարը վերականգնել, և այդ առումով թագուհիների կերպարները կարևոր նշանակություն կարող են ունենալ:

– Ի՞նչ դեր է ունեցել հայ կինը պատմության և հայ իրականության մեջ:

– Կնոջ դերը հայ իրականությունում միշտ մեծ է եղել` նախաքրիստոնեական ժամանակներից սկսած: Ապացույցը մեր դիցարանն է, որտեղ բոլոր աստվածուհիներն այնքան սիրված են եղել, որ նրանց պաշտամունքը շարունակվել է անգամ քրիստոնեության օրոք: Օրինակ` Վարդավառը, որ Աստղիկ դիցուհու տոնն է եղել:
Եթե փորձենք ընդհանուր հայացք գցել մեր պատմության վրա, կտեսնենք, որ մինչև XIV դարը ներառյալ, երբ թագավորություններ ու իշխանություններ ենք ունեցել և օտար տիրապետությունների ազդեցությունը չկա, կնոջ դերը մեծ է: Այս առումով բոլորին խորհուրդ կտամ կարդալ Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև» գիրքը:
Ստրկացված, չադրայով կնոջ կերպարն աղերս չունի հայ կնոջ կերպարի հետ: Որպես ապացույց ուսումնասիրեք մանրանկարները, բոլոր տեղերում կանայք պայծառ կերպարներ են` դեմքը բաց, որոշ տեղերում` նաև թևերը բաց:

գիրք– Պարոն Մովսիսյան, կներկայացնե՞ք, թե ինչպես առաջացավ նման աշխատություն ստեղծելու մտահղացումը:

– Դեռ ուսանողական տարիներից նման միտք եղել է: Երբ ուզում ես որպես կատարելատիպ ներկայացնել անցյալի քաղաքական գործիչներին, ո՞ւմ պետք է ընտրես: Այս մատենաշարի իմ նախորդ գրքում` «10 հայ ականավոր արքաներ», ես առանձնացրել և հրատարակել եմ 10 ականավոր թագավորների: Բնականաբար, այդ ժամանակ մտածում ես նաև թագուհիների` պետության մեջ բարձրագույն դիրք զբաղեցնող կնոջ մասին:
2009-ին «Զանգակ» հրատարակչության հետ սկսեցինք գիտահանրամատչելի հայագիտական հրատարակությունների շարք: Առաջինը «10 հայ ականավոր արքաներ» գիրքն էր, որը բավականին մեծ հաջողություն ունեցավ և այնքան լավ արձագանքներ, որ հրատարակչության նախաձեռնությամբ 2012-ին այն հրատարակվեց հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այդ շարքից 2011-ին հրատարակվել էր «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրեր» գիրքը:
Քանի որ արքաների գիրքն այդքան լավ արձագանք գտավ, որոշեցի իրականացնել դեռ ուսանողական տարիներից եղած մտադրությունս ու անդրադառնալ թագուհիներին: Ընտրվեց տասը թագուհի, բայց որպեսզի մյուս թագուհիների մասին էլ հնարավորինս շատ տեղեկություններ լինեին, այսպես կառուցեցինք գիրքը. ամեն բաժին մի թագուհու անուն է կրում, բայց ներկայացված են նյութեր այդ թագուհուց առաջ և հետո եղած տվյալ արքայատոհմի բոլոր հայտնի թագուհիների մասին:
Գրքի նպատակն է հանրությանն ավելի լայնորեն ծանոթացնել մեր թագուհիներին, նաև թագուհիների թեման մտցնել շրջանառության մեջ: Սա առիթ կլինի, որ նրանց վերաբերյալ ավելի շատ ուսումնասիրություններ և քննարկումներ լինեն, դրանով իսկ սա կարևոր քայլ կլինի հայ կնոջ պատմական կերպարի վերականգնման ճանապարհին:

– Ընթերցողը գրքից ի՞նչ դաս կքաղի:

– Նախ` կծանոթանա մեր թագուհիների սքանչելի կերպարներին, կհասկանա, թե ինչպիսին է եղել հայոց թագուհին (գրքի վերջում մեկտեղված են մատենագրության մեջ հայոց թագուհիներին տրված գնահատականները): Ինչ էլ քաղի` մեծ օգուտ է, քանի որ հպարտության արժանի թագուհիներ ենք ունեցել: Ամեն հայ աղջկա մեջ մեր թագուհիների կերպարից ինչ էլ մտնի` ազգովին շահելու ենք:

– Ինչո՞վ կպայմանավորեք, որ նման ականավոր թագուհիներ ունենք, սակայն թե՛ դպրոցական դասագրքերում, թե՛ առօրյայում նրանք անտեսված են:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

– Մեր անփութության պատճառով է: Միայն թագուհիների մասին չէ, մենք ունենք շատ-շատ մեծ արժեքներ, որոնք չենք գնահատում: Ընդհանրապես մենք տառապում ենք թերարժեքության և գերարժեքության բարդույթներով, որոնք հավասարապես վնաս են պատճառում. եղած արժեքներին տեր չենք կանգնում և ընկնում երկու ծայրահեղության մեջ: Շատ եմ առիթ ունեցել ասելու` մենք ունեցել ենք թագուհիներ, որպիսիք ամեն երկիր պատիվ կհամարեր ունենալ: Օրինակ` Զաբել թագուհին` Լևոն Երկրորդի դուստրը: Սիրված ու պաշտամունքի հասցված անձնավորություն է: Իր միջոցներով հիմնած և ժողովրդի համար անվճար գործող հիվանդանոցում ինքն էր խնամում անտեր հիվանդներին: Եթե այսօրվա որևէ զարգացած երկիր նման թագուհի ունեցած լիներ, տասնյակ գրքեր կհրապարակեին նրա մասին, ֆիլմեր կնկարեին, գիտաժողովներ կկազմակերպեին: Իսկ մեզ մոտ այդ թագուհու մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Մեկ այլ օրինակ. դասագրքերում էլ գրվում է, որ Հաղպատն ու Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` Աշոտ Երրորդ Ողորմածի կինը, Հաղպատ գնացող ամեն անձ կարող է անցնել Խոսրովանույշի քանդակի կողքով ու չիմանալ, որ դա թագուհու քանդակն է, գոնե մի վահանակ չկա դրված:
Ոչ մի բան չի խանգարում, որ դասագրքերում փոքրիկ հատվածներ ներառենք նաև թագուհիների արած գործերի մասին:
Սա բոլորիս մեղքն է: Մենք թերանում ենք, հետո դժգոհում հայի բախտից:

– Շնորհանդեսի ժամանակ կարծիք հնչեց, որ տղամադիկ են գրել պատմությունը և կանանց դուրս են թողել պատմությունից: Նման պայմաններում դժվար չէ՞ր նյութեր հավաքել գրքի համար` նվիրված միայն կանանց:

– Ժողովրդական խոսքն էլ ասում է`տղամարդը տան դրսի պատն է, կինը` ներսի: Երբ տանը դրսից ես նայում, դրսի պատն է երևում, բայց, անշուշտ, եթե ներսի պատերը չլինեն` տունը տուն չի լինի: Պատմիչները վկայություններ են թողել երկրի կարևորագույն դեպքերի մասին, որոնք միշտ կապվել են թագավորի անվան հետ: Այն դեպքում, երբ թագավորը չկա` թագուհին է դառնում երկրի առաջին դեմքը: Օրինակ, երբ Արշակ Երկրորդը գերվեց, Փառանձեմ թագուհին դարձավ առաջին դեմքը, և նրա մասին բազմաթիվ վկայություններ կան:
Անշուշտ, դժվարություններ ունեցել ենք նյութի հետ կապված, քանի որ այն շատ չէ, բայց քիչ էլ չէ: Պարզապես եղած նյութը պետք է հավաքել և ճիշտ մատուցել:

– Ինչպիսի՞ն է եղել հանրության արձագանքը գրքին:

– Օր չի լինում, որ մի քանի ջերմ արձագանք չլինի. դրսում են մոտենում, ծանոթները զանգում են, համացանցում եղան շատ բուռն արձագանքներ: Դեռ բացասական արձագանք չի եղել: Եղել են հետաքրքիր դիտարկումներ, թե օրինակ` այս թագուհու մասին այս առումով կարելի էր ավելի մանրամասն գրել:
Գիրքը նաև հարուստ պատկերազարդված է, տեղադրվել են բարձրաշխարհիկ հայ տիկնանց զարդերի պատկերները` գտնված Հայկական բարձրավանդակից: Նպատակս էր նաև նպաստել ոսկերչական մշակույթի վերականգնմանը: Սա ևս դիտարժան է դարձնում գիրքը:

– Գիրքն այլ լեզուներով հրատարկվելո՞ւ է:

– Կարծում եմ` այո: Հրատարակչության տնօրենն էլ տպավորված է արձագանքներով: Կարծում եմ, որ սա էլ «10 հայ ականավոր արքաների» նման եռալեզու հրատարակություն կունենա:

– Հաջորդիվ ընթերցողին ի՞նչ եք ներկայացնելու, շարքը շարունակվելո՞ւ է:

– Հաջորդ նպատակը հայկական 10 արքայատոհմերը ներկայացնելն է:
20 տարուց ավելի է, հռչակել ենք անկախություն, բայց մեր պետությունը շատ առումներով կայացած չէ: Կայացած պետություն ստեղծելու համար պիտի պատրաստ սերունդ ունենալ: Եթե աճող սերնդին ճիշտ գաղափարներով չսնենք` վաղը մեր պետությունն ավելի անկատար կլինի: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված հայ մարդը երբեք իր ազգային արժեքները չի ստորադասի: Շարքը` թագուհիներ, թագավորներ, արքայատոհմեր, նպաստում են պետականության գաղափարն ամրապնդելուն:
Տխուր վիճակագրություն ունենք. 1990-ականներին, երբ երկրի վիճակը վատացավ, 3 մլն-ից մեկ մլն-ը լքեց երկիրը: Մի՞թե ծնողներիդ թողնում ու հեռանում ես, եթե նրանց վիճակը վատ է: Մեղադրանք չէ սա, քավ լիցի: Սա ուղղակի տխուր փաստ է: Աստված չանի, եթե վաղն էլի վատանա, հարց է, թե եղած բնակչության որ մասը ևս կթողնի կհեռանա: Հասկանում եմ, սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ կան, բայց կա նաև անհատի խնդիրը, եթե անհատը որոշակի արժեհամակարգի կրող է, կարող է դիմակայել ծանր պայմաններին: Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված անձն այդպես կմտածի:

Ժխտման և պահանջատիրության պայքար. թուրքերն ու հայերը մրցում են, որ հետ չմնան 2015-ի պատրաստություններում

ծիծեռնակաբերդի հուշահամալիրՑեղասպանության 99-րդ տարելիցը նորից առիթ դարձավ, որ ակտիվանան քննարկումները, թե ինչ փուլում է ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, հայկական կողմը որքանով է արդյունավետ հակազդում թուրքական ժխտողականությանը, և ի վերջո, կարողանո՞ւմ ենք հայերս մեր պահանջները հստակ ներկայացնել միջազգային հանրությանը:

Հարցերի պատասխանն «Անկախը» փորձել է պարզել` զրուցելով հայտնի թուրքագետների հետ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով` ամեն ինչ իր հերթն ունի. նախ պետք է լինի ճանաչումը, ապա նոր հատուցումը: Իսկ մինչ այդ, հատկապես ներկայիս արտագաղթի տեմպերի պայմաններում, ըստ Չաքրյանի, վաղ է հողային հատուցման պահանջների մասին խոսելը:
«Քանի դեռ Միացյալ Նահանգները չի ճանաչել, գործընթացը լիարժեք չէ, բայց ԱՄՆ-ում էլ գործընթացը հասունացել է, նահանգների մեծ մասն արդեն ճանաչել է»,- ասում է Չաքրյանը` հավելելով, որ ակնկալում է` 1915-ին ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն էլ նոր թափ կհաղորդի միջազգային ճանաչմանը:
«Այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչելու Ցեղասպանությունը և հակադրվելու Թուրքիային, արեցին: Մնացածը դեռ պատրաստ չեն: Բայց ԱՄՆ-ի ճանաչումից հետո մյուս երկրներն էլ, մասնավորապես Մեծ Բրիտանիան ու Իսրայելն էլ կճանաչեն»,- ասում է Չաքրյանը:

Հակոբ Չաքրյան

Հակոբ Չաքրյան

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով` ժամանակն է ավելի լուրջ քայլերի դիմելու և հարցը իրավական հարթություն տեղափոխելու, մանավանդ որ դա Թուրքիայի թույլ կողմն է:
Համակարծիք է նաև թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ասում է, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը համատեղ ուժերով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղեգիծն են տարել: Այժմ հստակություն մտցնելու պահն է: «Միայն ճանաչմամբ ու դատապարտմամբ չէ, որ հարցը պետք է ընթանա, քաղաքականին զուգահեռ նաև իրավական հարթությունում քայլեր պետք է իրականացվեն,- ասում է Հովսեփյանը:- Քաղաքական հարթությունում հաճախ գործ ենք ունենում այլ պետությունների շահերի, ուստի նաև քաղաքական շահարկումների հետ, իսկ իրավական հարթությունում ավելի հստակ կլինի»:
Հովսեփյանի կարծիքով` մինչ հարցն իրավական հարթություն տեղափոխելը պետք է նախ մանրակրկիտ պլանավորվի, թե միջազգային որ դատարան ենք դիմելու, ինչ մեխանիզմներով, ինչ պահանջով և այլն: Այս գործընթացում, նրա կարծիքով, պետք է ներգրավվեն նաև միջազգային իրավունքի օտարերկրյա մասնագետներ:
Խոսելով ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից` Հովսեփյանն ասում է, որ ցանկացած երկիր, ճանաչելով կամ չճանաչելով, առաջնորդվում է իր շահերով: Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե այս տարի Օբաման ծանրակշիռ հայտարարություն է անելու, ասում է, որ ԱՄՆ-ի կողմից իրական քայլը կլինի ցեղասպանության իրավական գնահատական տալը և ճանաչումը:
«Ես լավատես չեմ, քանի որ պետք է առաջինը հաշվի առնենք տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան, որ այսօր ունենք: Թուրքիան այլևս 15-20 տարի առաջվա պետությունը չէ, որ կախված էր ԱՄՆ-ից, հիմա Թուրքիան որոշակի աստիճանի ինքնուրույնություն ունի,- ասում է Հովսեփյանը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձի հնարավոր ճակատագիրը մեկնաբանելով:- Որքան էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքն Արևմուտքում է, դրան զուգահեռ արտաքին քաղաքականության ոլորտում այլընտրանքային մոտեցումների զարգացման հնարավորություններ են ստեղծվել. Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ, տարածաշրջանում դերակատարություն: Այսինքն` ցանկացած խնդիր լրջորեն կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները, իսկ այս կոնֆիգուրացիայում Թուրքիան բավականին մեծ անելիքներ

Լևոն Հովսեփյան

Լևոն Հովսեփյան

ունի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական շահերի ու գործընթացների առումով. սիրիական և իրաքյան հիմնախնդիրներ, Ռուսաստանի հետ դիմակայություն` պայմանավորված ուկրաինական ճգնաժամով: Այս պարագայում ԱՄՆ-ի համար տրամաբանական չի լինի Թուրքիային կորցնելը, ուստի ենթադրելի է, որ բարձր մակարդակով բանաձևը կկասեցվի»:
Չաքրյանն ասում է, որ թուրքական ժխտողականությունն աստիճանաբար ավելի ագրեսիվ է դառնում, քանի որ, չնայած մեծ ներդրումներին ու ջանքերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է:
Ըստ Չաքրյանի, անտեղի են նաև Թուրքիայի փոխվելու մասին խոսակցությունները. շարունակում են իրենց նույն հակահայ քաղաքականությունը, ինչը հարյուր տարի առաջ էր:
Հովսեփյանը ևս կարծում է, որ ժխտողականությունը չի փոխվել, ընդամենը մարտավարությունն է որոշակի խմբագրումների ենթարկվել` կոշտից դառնալով այսպես ասած` փափուկ, որն ավելի վտանգավոր է:
Հովսեփյանը, խոսելով թուրք հասարակության և պետության փոփոխության մասին, ասում է, որ հասարակությունը պայմանական հասկացողություն է և շատ բազմաշերտ. գերակշռում են պահպանողական-ազգայնականները, որոնք ցանկացած հայկականությունը դիտարկում են որպես վտանգ ազգային անվտանգությանը, մի փոքր շերտ էլ ազատական մտածողություն ունի: Մտավորականության այս շերտը, սակայն, չի կարողանում ազդել ընդհանուր հասարակական կարծիքի վրա և մնում է մեկուսացված, մարգինալ վիճակում: Բայց, ըստ նրա, միևնույն է, առաջընթացը նկատելի է. ամեն դեպքում կա ազատական հատված, երիտասարդություն` նոր մոտեցումներով ու նոր աշխարհընկալմամբ:
«Թուրքական պետության էությունը մեծ հաշվով չի փոխվել, թուրքական պետությունը հենվում է ազգայնական-պահպանողական հատվածի վրա, որը գերակշռում է: Ցանկացած ուժ, որը ձգտում է կամ գալու է իշխանության Թուրքիայում, պետք է հենվի այդ ազգայնական-պահպանողական հատվածի վրա, իսկ դրա համար պետք է լինի կոնսոլիդացնող գործոն, որն է Հայոց ցեղասպանությունը և թշնամիներով շրջապատված լինելը»,- ասում է Հովսեփյանը` հավելելով, որ թուրքական պետության էությունը չի փոխվում, քանի որ ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմություն, իսկ դա պետք է ունենա հանրության մեծ շերտի վրա հիմնվելու արդյունքում, և այդ մեծ շերտն ազգայնական-պահպանողական հատվածն է. չես կարող հիմնվել այդ հինգ տոկոս ազատականների վրա:
Հովսեփյանը նշում է, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն ակտիվ պատրաստվում են 2015-ին: Թուրքական կողմը նոր չի սկսել պատրաստությունները, դեռ 2010-11-ից ակտիվ գործողություններ ու քննարկումներ են իրականացվում: Ընդ որում, եթե Հայաստանում մատնանշում են Թուրքիայի պատրաստությունները, ապա այնտեղ էլ հակառակն է, քննարկում են, թե ինչ մեծ թափով է հայկական կողմը պատրաստվում 2015-ին և ինչ պիտի անեն, որ հետ չմնան:

«Մտածում էի չտրորված ճանապարհով գնալ»

Սվազլյան ՎերժինեԲանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հարյուրավոր գիտական և հրապարակախոսական հրատարակությունների հեղինակ է, այդ թվում` 25 գրքերի: Նա ծնվել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Պողոսյան ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիական թեքումով դպրոցում: 1947 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան:

Վ. Սվազլյանի ծննդյան հոբելյանի և գիտական գործունեության 60-ամյակի առիթով «Անկախը» զրուցել է վաստակաշատ գիտնականի հետ:

– Տիկին Սվազլյան, ինչպե՞ս ընտրեցիք գիտնականի այս ուղին, ինչի՞ց սկսեցիք:
– 1955 թվականն էր, երբ գերազանց դիպլոմով ավարտել էի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Թեպետ միայն ես էի գերազանց ավարտել,դժգոհ էի ինձնից. մտածում էի` սովորեցի, գիտելիքներ ստացա, բայց դրանք պետք է նաև ծառայեցնեմ իմ հայրենիքին ու իմ ժողովրդին: Հայրս` եգիպտահայ հայտնի գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանը, ինձ պատգամել էր.
«Վերժինե՛, աղջի՜կս,
Կուզեմ ըլլաս դուն խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին, հայրենիքին»:
Ահա այս պատգամն ինձ հանգիստ չէր տալիս. ուզում էի մի բան անել, բայց` ի՞նչ… Մտածում էի, եթե կարողանամ մեր զավթված երկրի բանավոր մշակույթը հավաքել, գրի առնել և ամփոփել գրքերի մեջ, ա՛յ դա կլիներ գործ:

Մտածում էի չտրորված արահետով գնալ, որով դեռ ոչ ոք չի անցել: Ես անքուն մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է իրականացնել այդ նպատակը: Հաջորդ օրն իսկ Նոր Մալաթիա թաղամասում էի, որը հայրենադարձներով էր բնակեցված: Դիմացի դեղատունը մտա և հարցրի, թե այդտեղ ամենադժվար բարբառով ովքեր են խոսում: Ասացին` մուսալեռցիները:
Դժվար ժամանակներ էին: Ստալինը նոր էր մահացել: Հայրենադարձները վախենում էին զրպարտվելուց և աքսորվելուց: Ես բացատրեցի իմ նպատակը, որ պիտի գիրք գրեմ իրենց մասին, իրենց բարբառով, բանահյուսական նյութեր պիտի գրանցեմ: Ինձ ներս ընդունեցին: Բայց տեսա, որ արագ-արագ էին խոսում իրենց խրթին բարբառով: Սկզբում հուզվեցի, վհատվեցի, բայց հիշեցի հորս խոսքերը. «Կամք, աշխատանք և կորով, երեք ձիրքեր են, որոնք մարդ հողի վրա թե ջրի, անպայման կհաջողի»: Եվ սկսեցի ձեռքով, բառ առ բառ գրի առնել (հեքիաթներ, զրույցներ, երգեր, առած-ասացվածքներ, օրհնանք, անեծքներ, հանելուկներ, աղոթքներ), քանի որ այդ ժամանակ դեռ տեխնիկա չկար:

Այսպես սկսվեց իմ ժողովրդագիտական բանահավաքչական գործունեությունը: Սկզբում այն եղել է անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով, իսկ 1960-ից ՀՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հովանու ներքո` կազմելով և հրատարակելով «Արցախ-Ուտիք», «Տարոն-Տուրուբերան», «Վան-Վասպուրական» հայ ժողովրդական հեքիաթների հատորները, որոնք ընդգրկվել են գիտական բազմահատորյակի մեջ: Զուգահեռաբար լույս է տեսել նաև «Մուսա լեռան բանահյուսությունը» (1984) գիրքս:

– Խորհրդային տարիներին ցեղասպանության թեման արգելված էր: Չէի՞ք վախենում այդ թեմայով նյութեր հավաքելուց:

– Ճիշտ է, այն ժամանակ չէր խրախուսվում Հայոց ցեղասպանության մասին խոսելը: Բայց ես գիտակցել եմ ժողովրդական այդ կարգի նյութերի պատմագիտական արժեքը և լավ է, որ այդ ժամանակ գրի եմ առել, քանի որ հիմա այլևս ականատես, վերապրողներ չեն մնացել:
Հետագայում շարունակեցի նյութեր գրի առնել նաև Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Քեսապ, Բեյլան, Ադանա, Մերսին, Տարսոն, Սիս)  հայության բանահյուսության վերաբերյալ: Այդ ամենն ամփոփվել է «Կիլիկիա. արևմտահայոց բանավոր ավանդությունը» (1994)  հատորում: Բացի բանահյուսական նյութերից, այստեղ ընդգրկել եմ նաև կիլիկիահայ ականատեսների հաղորդած հուշ-վկայությունները Ադանայի կոտորածի, Հայոց ցեղասպանության, 1920 թ. Մարաշի, Այնթապի, Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերի մասին: Իսկ 1995 թ. լույս է տեսել «Մեծ եղեռն. արևմտահայոց բանավոր վկայություններ» գիրքս:

– 1994-95 թթ. երկու գիրք եք հրատարակել, ի՞նչ միջոցներով:

սվազլյանի գրքերը– Այդ երկու գրքերս լույս տեսան այն տարիներին, երբ ընդհանրապես գիրք հրատարակելը շատ դժվար էր, տպարանները չէին աշխատում: Արցախյան ազատամարտի տարիներն էին: Այդ պայմաններում այս երկու գրքերի հովանավորությունը ստանձնեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա գումար էր տրամադրել միայն մեկ գրքի համար, բայց խնայողաբար օգտագործելով այդ միջոցները` տպագրվեց երկու գիրք:

1995 թ. աշխատանքի անցա Ծիծեռնակաբերդում նոր հիմնադրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նաև վերապրողներին տեսագրելու տեխնիկական հնարավորություններ կային: Այնտեղ 100-ից ավելի վերապրողի եմ տեսագրել և նրանց պատմածները վերծանել:

– Միայն Հայաստանում բնակվող վերապրողների հուշե՞րն եք գրի առել:

– Նաև արտերկրից: Մանավանդ երբ հրավիրվել եմ միջազգային գիտաժողովների Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ: Լոս Անջելեսի «Արարատ» տարեցների տուն-ծերանոց մուտք գործելու և նյութեր գրառելու համար կամավորագրվել եմ որպես նրանց օգնող և խնամող, որպեսզի նրանց հետ շփվելու հնարավորություն ունենամ:
Իսկ Թուրքիայում գիտաժողովից հետո մտածում էի մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ազգային հիվանդանոցի ծերանոցը, որտեղ դեռ Հայոց ցեղասպանությունից վերապրող ականատեսներ էին ապրում: Բայց դռան առաջ կանգնած թուրք ոստիկանն ինձ թույլ չէր տալու ամեն օր գնալ-գալ, ուստի վիրահատման պատրվակով մուտք գործեցի հիվանդանոց, երկուսուկես ժամ իզուր տեղը նարկոզ ընդունեցի, իսկ երբ մեկ շաբաթից ոտքի կանգնեցի, կարողացա հետին դռնով մուտք գործել նաև կից ծերանոցը, որտեղ գաղտնի կերպով գրի առա շուրջ 40 հուշ-վկայություն:

Այնպես որ, Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրի տարբեր համայնքներից գրառված նյութերի թիվը հասել է 700-ի, որոնք ընդգրկում են Արևմտյան Հայաստանի 150 տեղավայրեր: Փաստագրական այդ նյութերը ներկայացնում են արևմտահայության ոչ միայն 1915 թ. և հետագա գաղթը դեպի Արևելյան Հայաստան, այլև Կիլիկիայի և Անատոլիայի հայության տեղահանություններն ու աքսորը դեպի սիրիական անապատներ, նրանց ջարդն ու կոտորածը Դեր Զորում, Սուրուճում, Մեսքենեում և այլ վայրերում:

– Հայոց ցեղասպանության մասին Ձեր գրքերը նաև Թուրքիայում են հրատարակվում: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ արձագանքներ կան:

– 2005 թ. լույս տեսավ «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ուսումնասիրությունս, որը ես իմ միջոցներով, նույնիսկ հարսանեկան զարդերս, հորիցս մնացած գորգերը և արվեստի գրքերս վաճառելով կարողացել էի թարգմանել տալ վեց լեզուներով: 2006 թ. այն արժանացավ ՀՀ նախագահի «Հայոց ցեղասպանության» գծով Վերժինե Սվազլյանը և Նիկոլա Զարկոզինառաջին մրցանակի, որը ես ամբողջությամբ տրամադրեցի հետագա գրքերս օտար լեզուներով թարգմանելուն: 2011 թ. Երևանում լույս տեսավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, իսկ թուրքերենը` Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան, առաջավոր մտավորական Ռագըփ Զարաքօլուի «Բելգե» («Փաստարկ») հրատարակչության կողմից: Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպվեց հայերեն, անգլերեն և թուրքերեն գրքերի շնորհանդեսը, որի ազդօրինակը Երևան էր բերել անձամբ Ռ. Զարաքօլուն: Թուրքիայում իր հրատարակած գրքի մասին նա ասաց. «Վերժինե Սվազլյանի սույն աշխատությունը մեծ արձագանք կունենա Թուրքիայում: Դա ես կանխազգում եմ, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ Անկարային ստիպելու է ճանաչել ցեղասպանությունը: Սույն աշխատությունն իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ է 1976 թ. հիմնադրված «Բելգե» հրատարակչության գործունեության մեջ: Գիրքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մեր՝ թուրք ժողովրդի պատմությունն է: Ամենաշատ ասելիքն այս գրքի մեջ է: Սրանք պարզ ժողովրդական վկայություններ են, որոնք բացելու են թուրք հասարակության աչքերը: 700 վկայություններն այն մարդկանց, որոնք վերապրել են այդ բոլորը, և որոնք կարդալով` ընթերցողը կտեսնի իր գյուղը, իր ծնողներին և այլն, որպես փաստարկ կառերեսվի իր անցյալի հետ: Վ. Սվազլյանի նախորդ աշխատությունները մեծ ճանաչում ունեն և արդեն պատվանդան են, իսկ օրերս հրատարակվածը յուրահատուկ հուշարձան կդառնա, որը տեսանելի կլինի նաև աշխարհին»:

– Հետագայում ի՞նչ աշխատանքներ եք ծրագրել հրապարակել:

– Հաջորդ աշխատանքը լինելու է «ԱՄՆ-ի հայ համայնքի բանավոր ավանդությունը»: Քանի որ գիտաժողովի հանգամանքով չորս անգամ եղել եմ այդ երկրի տարբեր քաղաքներում և ժողովրդական բանահյուսության ու ազգագրության վերաբերյալ տարաբնույթ նյութեր եմ գրի առել: Աշխատությունը բաղկացած կլինի երկու մասից` գիտական ուսումնասիրությունից և սկզբնաղբյուրային նյութերից, որոնք կներկայացնեն հայ համայնքի տարբեր սերունդների լեզվամտածողության և ազգային ինքնության ընկալումների տարբեր մակարդակները:

Հայի ճակատագրի հեգնանքը. հայրենի հողից փախչում են, բայց ամուր կառչում օտարի հողից

haykuhiՀայը Հայաստանում և Հայաստանից դուրս երկու ծայրահեղություն է, թե ինչու` հայտնի չէ:
Երբ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան, մտածեցի, որ շատերի համար գուցե լավագույն տարբերակը կլինի պատմական հայրենիք վերադառնալը. կհաստատվեն Արցախում, կշարունակեն իրենց խաղաղ կյանքը: Բայց, ի զարմանս ինձ, հեռուստաեթերից հնչեց Լաթաքիայում ապաստան գտած հայերի տեսակետը` Քեսաբը մեր հայրենիքն է, ու մենք որևէ տեղ չենք հեռանա: Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբի ազատագրումից հետո անգամ այնտեղ ամեն ինչ ավերված կլինի, հետևաբար մարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել: Նաև հայտնի չէ, թե երբ Քեսաբը կազատագրվի գրոհայիններից, հետևաբար, մարդիկ անորոշ ժամանակով, առանց իրերի, սննդի ու օթևանի, պետք է մնան Լաթաքիայում: Դեռ ավելին, եթե Ասադի ուժերը չկարողանան ազատագրել Քեսաբը, գրոհայինների հաջորդ թիրախը կդառնա Լաթաքիան: Ու նման պայմաններում մարդիկ հրաժարվում են հեռանալուց` հայտարարելով, որ իրենց հայրենիքը դա է: Նախանձելի հայրենասիրության դրսևորում է, բայց, ցավոք, Սիրիայի, ոչ թե Հայաստանի նկատմամբ:
Աստված չանի, եթե նման իրավիճակ Հայաստանում լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Վստահաբար, որքան էլ ծանր լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը, այն համեմատելի չէ արդեն երրորդ տարին քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հետ, ավերակների վերածված երկրի, որը հումանիտար աղետի մեջ է հայտնվել, և դեռ մութ թունելի վերջում լույս չի երևում:
Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է հայը, որ ապրում է Հայաստանում` իր հայրենիքում, երազում օր առաջ փախչել: Ոմանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց մասնագիտությամբ աշխատանքից ու դիրքից հասարակության մեջ, այն փոխել բանվորական ծանր աշխատանքով, միայն թե հեռանան:
Մյուս կողմից` Սիրիայում մարդիկ ոչ միայն զրկվել են տարիներ շարունակ վաստակած ունեցվածքից, այլև ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց կյանքը: Բայց հայերը հեռանալու մտադրություն չունեն, ամուր կառչած են օտար հողին: Ճակատագրի հեգնանք, ուրիշ ոչինչ…
Հայաստանի ու Սփյուռքի հայերի մտածողության տարբերությունները, սակայն, նոր չեն ի հայտ եկել: Ահա ծանոթներիցս մեկի վկայությունը: Անցյալ դարի 70-ականներին, երբ լիբանանյան պատերազմի ժամանակ մի քանի հայ ընտանիքներ կարողացան Հայաստան տեղափոխվել, եկածների թվում էր և 14-ամյա մի պատանի` Մանուկը: Նա ծանր վիրավոր էր: Հիվանդանոցում հայ կանայք սկսում են կշտամբել տղայի մորը, թե էլ ինչ մայր է, որ թույլ է տվել` իր մանկահասակ տղան կռվի մասնակցի ու վիրավորվի: Մայրը, սակայն, հպարտորեն պատասխանել է, որ իր տղան հանուն իր հայրենակիցների է կռվել: «Եթե ամեն մեկն ասի` թող իմ տղան չկռվի, էլ ո՞վ պետք է մեզ պաշտպանի»,- ասել է լիբանանահայ կինը:
Մտածողություն, որ այնքան պետք է Հայաստանում բնակվող հայերիս, սակայն որը չունենք ու չենք ունեցել (չհաշված բացառությունները, որոնց շնորհիվ մինչ օրս մեր երկիրը գոյատևում է):
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու վերաբերմունքը երկրի նկատմամբ մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում: Նախ և առաջ կարևոր է դաստիարակությունը, ապա նաև պետության վերաբերմունքը քաղաքացուն: «Եթե քաղաքացին զգում է, որ իր կարծիքը և ընտրությունը հարգված են, իրեն զգում է ոչ ֆիկտիվ, իրական քաղաքացի, հետևաբար, ստանձնում է պատասխանատվություն իր երկրի նկատմամբ»,- ասում է Ալեքսանյանը:
մնալ-գնալ (1)Խոսելով Հայաստանում տիրող տրամադրվածության մասին` հոգեբանն ասում է, որ այստեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում, չնայած արտաքուստ խաղաղ պայմաններում ենք ապրում: Նրա կարծիքով` այստեղ քաղաքացին իրեն իրականում երկրի քաղաքացի չի զգում, քանի որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, որոշումների կայացման գործընթացում ընդգրկված չէ:
«Հայրենիքի զգացողությունը ձևավորվում է երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է որոշումների կայացման գործընթացներին և տեսնում իր իսկ որոշման արդյունքները, լինի դա լավ, թե վատ»,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ նման պարագայում մարդը պատրաստ կլինի դիմանալ անգամ ծայրահեղ պայմաններին` չլքելով երկիրը, որի նկատմամբ պատասխանատվություն է զգում:
Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու կարծիքն անտեսելու դեպքում մարդը սկսում է իրեն տվյալ երկրի լիարժեք քաղաքացի չզգալ, օտարվում է: Եվ այժմ Հայաստանում ունենք օտարված քաղաքացիների մի հոծ զանգված:
Հոգեբանի կարծիքով` իրավիճակը շտկելի է, միայն թե պետական մոտեցում է հարկավոր. «Եթե անգամ 2-3 որոշում ընդունվի ժողովրդի մասնակցությամբ, դա շատ բան կփոխի»:
Հիմա անդրադառնանք պետական մոտեցմանը. կա՞ արդյոք պետական ընդհանուր քաղաքականություն, թե ինչ քաղաքացի է ուզում ապագայում ունենալ, ըստ որի էլ կկազմակերպվեր վաղվա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Կարծում եմ` ոչ: Վաղվա քաղաքացու տեսլականը չկա, հետևաբար չկա նաև ցանկալի արդյունքին հասնելու ուղին: Սկսած մանկապարտեզից ու դպրոցից` երեխան ստանում է ոչ թե ազգային, այլ բառիս բուն իմաստով` ապազգային կրթություն. ոչ դասագրքերն են բանի պետք, ոչ էլ ուսուցիչների դիրքորոշումը որպես քաղաքացիների (եթե չհաշվենք հատուկենտ բացառությունները, որոնք ընդամենը կաթիլ են մեկ բաժակ ջրում):
Ահա երեխան իբրև թե կրթություն է ստանում, բայց այդպես էլ չի ծանոթանում մեր պատմության փառահեղ էջերին, որոնք կարող էին նրա մեջ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ ծառայել: Դասագիրքն ավելի շատ ժամանակագրության է նման: Պատկերացրեք` նման չոր շարադրանքը մատուցում է ուսուցիչը, որը երազում է օր առաջ լքել այս երկիրը, ուստի ամեն կերպ վատաբանում է այն, դժգոհում, միամիտ անվանում երեխային, որը գուցե հայտարարում է, որ բանակում լավ զինվոր կլինի, հետո էլ լավ քաղաքացի (ինքս մեկ անգամ չէ, որ դպրոցում նման իրավիճակների եմ հանդիպել): Ստացվում է, որ այսօրվա օտարացած սերունդը դաստիարակում է վաղվա առավել օտարացած քաղաքացիների` հույսի նշույլ չթողնելով հայրենասիրության ու հայրենանվիրության համար:
Իրավիճակը կարելի է շտկել միայն պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով` ըստ նախապես մշակված գործողությունների պլանի:
Հստակ է, որ քաղաքացու կարծիքը պետք է լսել ու նրան մասնակից դարձնել որոշումների կայացմանը, ինչպես ժողովրդավարությունն է ենթադրում: Բացի այդ, դպրոցական դասագրքերը չպետք է տաղտուկ ժամանակագրության նմանվեն. երեխան դեռ վերլուծական մտածողություն չունի, հարկավոր է մատչելի շարադրանքով մեկնաբանել, թե՛ մեր անցած ուղին, թե՛ թույլ տված սխալները` մատնանշելով դրանցից խուսափելու եղանակները: Երրորդ` հարկ է դեռ մանկապարտեզի հասակից երեխայի մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի պետական խորհրդանիշները` դրոշը, գերբը, օրհներգը: Ունենք, չէ՞, բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ ուսումնական հաստատություններում օրը սկսվում է դպրոցի բակում հոտնկայս հիմնը երգելով ու դրոշի առջև խոնարհումով: Նույնը հարկավոր է և մեզ մոտ կիրառել:
մնալ-գնալ (2)Բացի այդ, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Մինչդեռ ներկայիս մատաղ սերունդն իր բակից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ուստի հարկ է ԿԳՆ նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ տարվա մեջ գոնե 2 անգամ էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Հայաստանի պատմական վայրեր, որի ընթացքում բանիմաց զբոսավարը կներկայացնի տվյալ վայրի, հուշարձանի ողջ պատմությունը: Կարևոր է նաև, որ մարզերի երեխաները հնարավորություն ունենան պարբերաբար պատմության, գրականության դասերը թանգարաններում անցնելու, որտեղ տեսածն ու լսածը շատ ավելի լավ կամրապնդվի երեխայի գիտակցությունում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցողներ կան: Մնում է, որ պետական մակարդակով կամք դրսևորվի ու քայլեր ձեռնարկվեն վերոնշյալը և դեռ ավելին կյանքի կոչելու համար:

Փախչելով հարց չի լուծվի. ազատամարտիկի պատգամը երիտասարդներին

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում: «Էդքան վիզ ենք դրել: Եռաբլուրում էլ տեղ չկա: Արյան գնով վերցրած հողը թողնեք գնաք` վերջն ի՞նչ է լինելու: Փախչելով հարց չի լուծվի»,- ասում է նա:

Գևորգյանը 1989-ին մասնակցել է Նոյեմբերյանում ընթացող պաշտպանական մարտերին: Սակայն հետո Երևան է վերադարձել` կյանքի բնականոն հունին: «Մի մեքենա էի վերցրել, տաքսի էի քշում: Գործերս լավ էին, օրը մեջ էի աշխատում, ամիսը 100-150 ռուբլի գումար էի վաստակում»,- հիշում է նա:
1992-ին, սակայն, տեղեկանալով, որ իր ընկերներից Վոլոդյա Մաթևոսյանը մարդկանց է հավաքագրում «Հայր Վահան» ջոկատի համար, որոշում է թողնել աշխատանքն ու ընտանիքը և ռազմաճակատ մեկնել: «Որոշեցի, որ այլևս գործի չեմ գնա: Ասի` աշխատում եմ` էլ ի՞նչ անեմ: Մարդիկ էնտեղ մեռնում են, մենք եկել ենք էստեղ փող ենք աշխատում»,- հիշում է նա: Երբ ջոկատի համար 51 անդամ է հավաքագրվում, մեկնում են Ղարաբաղ` Չլդրան գյուղ:
Խորհրդային բանակում ծառայություն անցած երիտասարդը «Հայր Վահան» ջոկատում ստանձնում է հետախուզական ջոկատի ղեկավարի պարտականությունները ու սկսում իր արցախյան մարտական ուղին: «Հենց ավտոբուսով հասանք, բոլոր կողմերից կրակում էին: Մեր ավտոբուսի վարորդը գլուխը բռնեց ու թաքնվեց: Կոմանդոսը մեզ դիմավորեց, ասաց, որ Դրմբոնի վրա հարձակում է եղել, ու մեր ջոկատից 10 մարդ է պետք հակահարձակման համար»,- ասում է Գևորգյանը:
Հենց առաջին մարտում Գևորգյանն ու իր զինակիցները հաղթանակ են տանում` շարքից հանելով նաև ադրբեջանցիների տանկերից երկուսը: Պատմում է, որ աշխատում էին տանկի վերնամասը վնասել, որպեսզի հետո կարողանան տեխնիկան շտապ վերանորոգել ու օգտագործել: Հիշում է, որ պահ էր լինում, երբ անգամ ինքնաձիգի պահունակ չունեին: Բայց միևնույնն է, հաղթում էին: Գևորգյանը հիշում է, որ ադրբեջանցիներին հատկապես սկզբնական շրջանում շատերն էին օգնում. նրանց կողմից հայերի դեմ էին կռվում չեչենները, ռուսները, թուրքերը, ուկրաինացիները: Իհարկե, գումարի դիմաց: «Մենակով թուրքերը գլուխ չէին հանի: Տանկերով հիմնականում ռուսներն ու թուրք գորշ գայլերն էին, իսկ օդուժում ուկրաինացիներն էին»,- ասում է նա:
Հարցին, թե ուժերի նման անհավասարակշիռ բաշխվածության պայմաններում ինչպես հայերը հաղթեցին, Գևորգյանը պատասխանում է. «Իրենք փողով էին գալիս, 200 դոլար: Դրանով կռիվ էին գնում. կմեռնեն, սաղ կմնան, էլ կարևոր չէ: Իսկ մենք պայքարել ենք մեր հայության, մեր հողերի համար, անշահախնդիր: Եթե փողի համար գնացած լինեինք, բոլորս էլ կմեռնեինք, անշահախնդիր ձևով ենք գնացել, որևէ մեկը չի պարտադրել ու չի ասել` կռվի գնացեք»: Ասում է նաև, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց սկսել են իրենց վարձկաններին կեղծ փողեր վճարել, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ադրբեջանական կողմի մարտական ոգու ամրության վրա:
Գևորգյանն ասում է` բարկանում է, երբ ոմանք ազատամարտիկներին ասում են` չգնայիր կռվի. «Ասում եմ, ո՞նց չգնայի, ես չգնայի, մյուսը, չգնար, էն մյուսը, բա ո՞վ պիտի գնար»:
Գևորգյանը 1992-93 թթ. մասնակցել է Դրմբոնի, Գետավանի, Մալիքլուի, Չափառի, Հաթերքի, Երրոդ սովխոզի, Կարմիրավանի, Լենինավանի և Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է: 1993-ի դեկտեմբերին` զինադադարից մի քանի ամիս առաջ, երբ թեժ մարտեր այլևս չէին ընթանում, Գևորգյանը տուն է վերադառնում` ստանձնելու ընտանիքի հոգսը և երեխաների դաստիարակությունը:
2008-ին, երբ սահմանին լարված իրավիճակ էր, Գևորգյանն ու իր մի խումբ մարտական ընկերներ հավաքվում ու Արցախ են մեկնում` իրենց աջակցությունը հայտնելու արցախահայությանը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում են,որ առաջին իսկ կանչի դեպքում իրենք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հանուն հայրենիքի:
Չնայած մարտական տրամադրվածությանը` 55-ամյա, 3 երեխաների հայր ազատամարտիկն առողջական խնդիրներ ունի` աղեստամոքսային համակարգի և լյարդի բուժման կարիք ունի: Պատկան մարմինները, սակայն, ձգձգում են Գևորգյանին զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորության ընձեռումը: Չնայած ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը, միևնույն է, որոշում դեռ չկա, նրան հայտնել են, որ մեկ ամիս անց միայն պետք է հանձնաժողովի նիստ տեղի ունենա, որտեղ էլ կքննարկեն Գևորգյանի հարցը:
Ազատամարտիկը սրտնեղած է իր նկատմամբ վերաբերմունքից. ասում է, որ ամիսներով հանձնաժողովի որոշմանն սպասելու փոխարեն ավելի հեշտ կլինի բուժման համար ինքնուրույն միջոցներ հայթայթել:

 

 

 

 

Ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի. մինչև ո՞ւր

Haykuhi-Barseghyan1Ծիծաղի միջազգային օրը հայկական լրատվադաշտում կատարվողը առիթ դարձավ մտածելու, թե ինչպես ենք մեզանում օգտագործում երգիծանքը: Ինչպես գիտենք, երգիծանքը կարող է լինել բուժող դեղամիջոց, բայց նաև հակառակ ազդեցությունն ունեցող` կախված նրանից, թե ինչպես ու որ պարագայում ենք այն օգտագործում: Պետք է նշել, որ մեր իրականությունը զննելիս պարզ է դառնում, որ առավել հաճախ երգիծանքը մեզ մոտ սխալ է կիրառվում. կյանքի որևէ ասպարեզ զերծ չի մնացել, ամեն ինչ վերածվել է ցածրարժեք հումորի, որն իրականում անգամ ժպիտ չի առաջացնում, փոխարենը արժեզրկում է այն, ինչին որ դիպչում է:
Պատանիների, նոր կյանք մտնող սերնդի հետ խոսելիս սովորություն ունեմ առիթն օգտագործել ու հայրենիքից, երկրի հանդեպ պարտքից ու սիրուց խոսել` հասկանալու նրանց տրամադրվածությունը և մտածելակերպը: Վերջերս, սակայն, ամեն անգամ նման խոսակցություններից տհաճ եզրակացություն եմ անում. ազգային ինչ արժեքից էլ խոսք լինի` ավարտվում է ինչ-որ հիմար արտահայտությամբ, որն իբրև թե հումոր է, համենայն դեպս, այդ արտահայտությունները մեր ռեյթինգ վայելող երգիծական հեռուստահաղորդումները որպես այդպիսին են ներկայացրել:
Արդյունքում` Րաֆֆու Սամվելի արարքը դառնում է ոչ թե հայրենասիրության ծայրագույն դրսևորում, այլ «դարի մեծագույն կրիմինալ, որն արդարացվում է «հայրենասիրություն» սուտ եզրույթով», բանակը դառնում է «անկարողների» վայր, հայրենիքը` ոչինչ չասող ու չնշանակող բառ ու այսպես շարունակ:
Կյանքում արժեքներ կան, որոնք անձեռնմխելի են: Կան, չէ՞, հնագիտական արժեք ունեցող իրեր, որոնք վակուումում են պահվում օդի հետ շփումը բացառելու և իրը քայքայումից փրկելու համար: Այդպես էլ մի շարք ազգային ու բարոյական արժեքներ և գաղափարներ կան, որոնք պետք է վակուումում պահել` բոլորի համար անձեռնմխելի վիճակում: Սակայն երբ դա չենք գիտակցում ու արժեքն իջեցնում ենք իր անձեռնմխելիության պատվանդանից կամ էլ հանում վակուումից, միանգամից վրա է հասնում քայքայումը, իմաստազրկումը:
Այս պահը մեր իրականությունում արդեն վրա է հասել: Մի ողջ սերունդ դաստիարակվում է առանց արժեքների, որոնք պիտի հիմք դառնան երկրի ու ազգի պահպանությանը: Ժամանակն է դա գիտակցել ու ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել: Սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում. հետզհետե ամեն ինչ ոտնատակ տվողների ու արժեզրկողների բանակն ավելանում է: Ապրիլի 1-ին լրատվադաշտում կատարվողը դրա վառ ապացույցն էր:
Քլիքամանիայուվ տառապող լրատվամիջոցներից շատերը հնարեցին հրատապ լուրեր` առանց ընթերցողին տեղյակ պահելու, որ դա ապրլիմեկյան կատակ է: Մարդիկ, բնականաբար, շփոթության մեջ ընկած, աջ ու ձախ փորձում էին ճշտել` իսկապե՞ս եղել է. երկրի նախագահը Քեսաբ է մեկնել, ՍԴ-ն որոշումը հրապարակել է, ինչի կարիք ունեն նորածին յոթնյակի ծնողներն ու այդպես շարունակ: Եվ քանի որ «կատակ անողները» չէին բարեհաճել գոնե վերջում իրենց ընթերցողին տեղեկացնել, որ դա իրականությանը չհամապատասխանող լուր է, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ արտատպել էին լուրերը:
Փաստորեն, հայկական լրատվադաշտի որևէ լուր այդ օրը հավաստիություն չէր ենթադրում: Ի՞նչ տեղի ունեցավ. գուցե մի քանի կայքեր այդ մեկ օրը մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ավելի դիտում ունեցան: Փոխարենը վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ ևս մեկ աստիճանով ընկավ, լրատվամիջոցներն էլ իրենց հեղինակության բարձունքից ևս մեկ աստիճանով իջան: Եվ կարևոր չէ, թե որոնք են մասնակցել բոլորովին ոչ ծիծաղելի հումորին . լսարանի վերաբերմունքը մեծ մասամբ ընդհանրացված է: Ընթերցողն այլևս նյութ կարդալիս միշտ ներքուստ կասկած կունենա` հնարավոր է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը…
Վերջում հումորասերներին հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ հումորի սահմանումներից մեկի համաձայն` այն ծիծաղելին հասկանալու, տեսնելու և դա ի ցույց դնելու կարողությունն է:
Կյանքում ծիծաղելի բաներ կան ինչքան ուզեք, վեր հանեք դրանք: Բայց արժեքները, որոնք բոլորովին էլ ծիծաղելի չեն, չպետք է արհեստականորեն ծիծաղի առարկա դարձնել:

 

 

Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար

վարդան գալստյան231 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կա՛մ գիտնական են, կա՛մ պաշտոնյա. ԲՈՀ-ի նախագահ

լիլիթ արզումանյանՀարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, վերջերս ԲՈՀ-ի գործունեությունը հայտնվել է լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում: Ինչո՞վ եք պայմանավորում աճող հետաքրքրությունը գիտական աստիճանաշնորհման համակարգի հանդեպ:

– Անկեղծ ասած` չգիտեմ: Ես էլ եմ զարմանում` ինչու հանկարծ ԲՈՀ-ը, որը չեմ կարծում` լայն հասարակական հետաքրքրությունների կենտրոնում պետք է լինի, քանի որ հասարակության մի մասի համար նախատեսված կառույց է, հանկարծ դարձավ համընդհանուր հետաքրքրության առարկա: Երևի բարձրաստիճան պետական չինովնիկների պաշտպանություններն էին պատճառը:

– Դեկտեմբերին, երբ Դուք նշանակվեցիք ԲՈՀ-ի նախագահ, հայտարարեցիք, որ պայքարելու եք անորակ աշխատանքների դեմ, ինչպես նաև մասնագիտական խորհուրդների աշխատանքի բարելավման համար: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ եք նախատեսում անել:

– Եթե կարճ ամփոփեմ` վերանայվել է ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, վերակառուցվել, վերաձևավորվել են բոլոր մասնագիտական խորհուրդները: Այսօր ունենք նոր մասնագիտական խորհուրդների ցանց ամբողջության մեջ, որոնք նոր մեխանիզմով են ձևավորվել` անվանացանկին և գիտական ներուժին համապատասխան:
Վերանայվել են ժողովածուները և պարբերականները: Այս ընթացքում 67 աշխատանք է վերադարձվել մասնագիտական խորհուրդներ, որոնք պաշտպանությունից հետո այստեղ չեն հաստատվել և հետ են ուղարկվել վերանայման:

– Իսկ նոր մասնագիտական խորհուրդների աշխատանքից գո՞հ եք:

– Դեռ վաղ է գնահատելը, որովհետև դրանք ձևավորվել են հունվար-փետրվար ամիսներին: Դեռ չեն հասցրել աշխատանքներ ներկայացնել: Հետո արդեն հետագա գործընթացը ցույց կտա, թե որքանով ենք արդյունքի հասել:

– Որքան գիտեմ, վերադարձված աշխատանքների հիմնական մասը տնտեսագիտության ոլորտից է: Ինչո՞ւ:

– Ուղղակի ինձ թվում է` ոլորտի անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառը: Գիտական աստիճանաշնորհումը, այնուամենայնիվ, գիտության հետ կապված երևույթ է, որակավորում ես երիտասարդ գիտնականի, բայց այսօր չես հասկանում, թե ինչ գործընթաց է դրա տակ: Այդքան գիտնական չի կարող ստեղծվել մի տարվա մեջ: Չգիտես, թե դա ինչ է, անհասկանալի է, թե ինչու են այդքան պաշտպանում: Ինձ համար գոնե անհասկանալի է:

– Իսկ ինչպե՞ս են պաշտպանում, եթե որակը չեն ապահովում:

– Դե, հիմա… Փաստերը ցույց են տալիս, որ պաշտպանում են:

– Հայաստանյան գիտական արդյունքի հիմնական մասն ապահովում են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչները, սակայն պաշտպանությունների թվով սրանք փոքր թիվ են կազմում: Ինչպե՞ս կբացատրեք:

– Իհարկե շատ քիչ չեն, բայց, այո, տնտեսագիտության հետ չեն համեմատվի. անհասկանալի է տնտեսագիտության այդ թիվն ընդհանուր համակարգում և ընդհանրապես հենց տնտեսագիտության բնագավառում: Ի՞նչ է արվում տնտեսագիտության ոլորտում և ո՞նց է այդքան գիտնական արտադրվում, ի՞նչ օգուտ են տալիս նրանք… Ոչ մի տվյալ հօգուտ այդ գործընթացի չի խոսում:

– Իսկ ԲՈՀ-ն ուսումնասիրություններ անո՞ւմ է այդ երևույթը հասկանալու համար:

– Դա զուտ բարոյական խնդիր է, ինչպե՞ս հասկանանք: Դա մեր ընդհանուր հասարակարգի բարոյական չափանիշների խաթարումից է գալիս:

– Մի կողմից` գիտությունն ու գիտնականն անտեսված են, մյուս կողմից` մոդայիկ է գիտական աստիճան ունենալը: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասական երևույթը:

– Ես չգիտեմ: Հարց եք տալիս, որի պատասխանը դժվարանում եմ ասել: Ինչո՞ւ են այսքան պաշտպանում, չգիտեմ: Երևի տեսականորեն կա ինչ-որ մտայնություն, որ ով հնարավորություն ունի ունենալու` պետք է ունենա: Այս թիվն ինձ համար էլ է անհասկանալի: Հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն, բայց քանակը շատ ավելին է, քան պահանջարկ կա:

– Գիտությամբ զբաղվելն աշխատատար գործընթաց է: Երբ պաշտոնյաները պաշտպանում են, հարց է առաջանում, թե ինչպես են համատեղում մասնագիտական և գիտական գործունեությունը:

– Այո, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ մեր պետական պաշտոնյաներին, որոնք հանկարծ որոշում են, օրինակ, դոկտոր դառնալ, ասեին` դարձար դոկտոր, լավ արեցիր, դե հիմա դուրս արի պաշտոնից ու գնա գիտության բնագավառ: Դարձար գիտնական` գնա աշխատիր որպես գիտնական: Պետք է դա ասվի: Պետական քաղաքականություն պետք է լինի: Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կամ գիտնական են, կամ պաշտոնյա, երկուսը միասին չի լինում:

– Իսկ ԲՈՀ-ը կարո՞ղ է օրինագիծ մշակել կամ առաջարկել, որով պաշտոնյաներին արգելվի պաշտպանել իրենց պաշտոնավարման ընթացքում:

– Դա ավելի շուտ քաղաքական որոշում է և ԲՈՀ-ի իրավասություններից դուրս է:

– Կան անձինք, ընկերություններ, որոնք գումարի դիմաց գիտական աշխատանքներ են գրում: Ձեր պաշտոնավարման ընթացքում գրանցվե՞լ է դեպք, երբ պատվերով գրված աշխատանքը բացահայտվել է: Ի՞նչ մեխանիզմներ կան այս երևույթի դեմ պայքարելու համար:

– Մեխանիզմներ չկան բացահայտելու` աշխատանքը պատվիրված է, թե ոչ: Մենք հո իրավաբանական հիմնարկ չենք: Ուղղակի հույսը մեր մասնագիտական խորհուրդների բարոյականության վրա է: Այսօր ուրիշ կռվան չկա: Այնտեղ է մաղվում, մերը երկրորդ փուլն է: Այստեղ ես փորձում եմ դա անել, և կարծես ստացվում է: Եթե աշխատանքը լավ է գրված, մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև գնահատում ենք ոչ թե անձին, այլ աշխատանքը: Այսօր հետ ուղարկված աշխատանքների զգալի մասն արտագրություններ են:
Բայց, կրկնում եմ, իրական մաղն այնտեղ է: Դաշտը կարգավորելու գործին պետք է լծվենք բոլորս: Մասնագիտական խորհուրդների նախագահները և անդամները պետք է հասկանան, որ ունենք մի դաշտ, որն այսօր մաքրելու, այնտեղ միայն գիտնականներին ներս թողնելու խնդիր ունենք: Ոչ գիտնականները, որոնք փորձում են խցկվել այդ դաշտ, չպետք է կարողանան խցկվել: Դա բոլորիս խնդիրն է: Վերջին հաշվով դա իրենց ավելի շատ պետք է նեղի, քանի որ ներս են թողնում գիտական դաշտ մի մարդու, որը դառնալով գիտությունների դոկտոր` դառնում է իրենց հավասար: Արդյոք դա ճի՞շտ է: Որ կողմից էլ նայում ես, էլի ծագում է բարոյական չափանիշների խնդիրը: Վարչարարությամբ դրա դեմն առնել հնարավոր չէ, կարելի է քայլեր ձեռնարկել, բայց լիովին անկարելի է դեմն առնել, եթե չկա բարոյական խնդիր:

– Բարոյական չափանիշներից բացի, մասնագիտական խորհուրդներն ի՞նչ նոր սկզբունքով են աշխատելու, որը պետք է նպաստի խնդրի կարգավորմանը:

– Չափանիշների պահպանման սկզբունքով, այդքանն էլ բավական է:

– Իսկ ի՞նչ բարեփոխումների կարիք կա ոլորտում:

– Նախարարի հետ մշակել ենք նոր չափանիշներ, մասնավորապես` հրապարակումների հետ կապված: Հիմա քննարկման փուլում է, երբ հաստատվի` բոլորդ կիմանաք:
Շատ կուզենայի, որ կոչումների կանոնակարգը վերանայվեր: Երևի այդ աշխատանքը կսկսենք, կվերանայենք:
Իսկ հեռահար ցանկությունն այն է, որ գիտական աստիճանի վկայագիր ստանա գիտնականը: Վերջին նպատակը դա պետք է լինի, որ գիտությունը մնա գիտնականին:

 

 

Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՈւկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ:

-Մինչև հանրաքվեի մասին խոսելը  պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան  տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում տեղի  է ունենում, ինչ-որ առումով ողբերգություն է ուկրաինական ժողովրդի համար: Այստեղ միաժամանակ մի քանի պայքար է գնում: Ոմանց համար սա պայքար է ժողովրդավարության, ազատության համար, ոմանց համար սա պայքար է միասնական ուկրաինական իդենտիֆիկացիա հաստատելու համար պետության ամբողջ տարածքում, ոմանց համար սա պայքար է կոռումպացված իշխանությունների դեմ, ոմանք էլ լուծում են որոշակի գեոպոլիտիկ խնդիրներ: Իրականում բոլոր այս հանգամանքներն առկա են, կան այս պայքարի մեջ:

Այստեղ ընթանում է  գեոպոլիտիկ պայքար  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ամեն մեկը կուզենար` այդ հատվածը իրեն պատկաներ: Եվրոպայի համար Ուկրաինան, մի կողմից, բեռ է, որովհետև մեծ գումարներ է ծախսելու Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար, բայց մյուս կողմից էլ երկու ուրիշ խնդիր է լուծում. Ուկրաինան նախ շատ հարուստ է ռեսուրսներով` մարդկային որակյալ ռեսուրսով և ընդերքի ռեսուրսով: Բացի այդ,  այնուամենայնիվ հեռացնում է Եվրոպայի սահմանը Ռուսաստանից, որին  Եվրոպան սառը պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ զգուշությամբ է վերաբերվել:

Ինչ վերաբերում է ուկրաինական ժողովրդին, նրանք ունեին կոռումպացված,  ժողովրդի մասին չմտածող իշխանություն (համենայն դեպս այդպիսին է տպավորությունը մամուլից), որի դեմ տրամադրված էին ոչ միայն արևմտյան մասում ապրող ուկրաինացիները, այլև արևելյան շրջանները: Հետևաբար, երբ սկզբում պայքար էր գնում Յանուկովիչի  դեմ, նրան պաշտպանող ուժ չեղավ: Երկրորդ` ցանկացած ժողովուրդ ուզում է ապրել եվրոպական  հարմարավետ  կյանքով, բնականաբար ամեն ժողովուրդ էլ մտածում է, թե Եվրոպայի մաս կազմելով` որքան կլավանա իր կյանքը, շատ դեպքերում հաշվի չառնելով, թե ինչ գին կվճարի դրա համար, մոռանալով, թե ինչ ջանքերով և զրկանքներով է բուն Եվրոպան հասել այդ արդյունքներին, ու եկողների համար նույնպես ճանապարհը փշոտ է լինելու: Այդ ամենը խառնվեց Ուկրաինայում,  մինչև որ ասպարեզ մտան իսկապես նացիոնալիստները:

Երբ նրանց խորհրդարանը որոշում ընդունեց փոփոխության ենթարկել լեզվի մասին օրենքը, իմ կարծիքով դրանից ավելի կատաստրոֆիկ սխալ անել հնարավոր չէր:  Եթե նոր ընտրված  իշխանությունները շարունակեն այս կուրսը, Ուկրաինային դատապարտելու են բեկորների բաժանվելու, որից կօգտվեն ուրիշները: Ուկրաինան բաղկացած է տարբեր մշակույթ ունեցող հատվածներից: Այդ հատվածները երկար ժամանակ գտնվել են տարբեր պետությունների կազմի մեջ. Ավստրո-Հունգարիայի կայսրություն, Ռուսաստանի կայսրություն, Լեհաստան և այլն: Տարբեր են նրանց մտածողությունը, քաղաքական դիրքորոշումները: Դրա հետ միասին Ուկրաինայում ապրում են միլիոնավոր ռուսներ (17,3%), տարբեր ազգեր: Ուկրաինայի իշխանությունը պարտավոր է միշտ այնքան իմաստուն լինել, որ կարողանա համախմբել ժողովրդի բոլոր հատվածները, արտահայտել ոչ թե մի հատվածի, այլ ամբողջի շահերը:  Դա պահանջում է իմաստնություն և համբերություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ընդհանրապես ոչ ոք չի կարող դեմ արտահայտվել հանրաքվեին, քանի որ դա  մարդկանց կարծիքն արտահայտելու ընդունված ձև է:

Ըստ իս,  հանրաքվեն տեղի կունենա: Բայց նաև կարծում եմ, որ ավելի մեղմ ճանապարհով կարելի էր գնալ: Կարծում եմ, որ Ղրիմի ժողովրդի համար նպատակը Ռուսաստանին միավորվելը չպիտի լիներ, այլ  առավելագույն մեծացնել իր ինքնավարությունը (ընդհուպ մինչև իրական անկախություն) և ապահովել անվտանգությունը: Բայց դա որոշում է Ղրիմի ժողովուրդը:

Մի խնդիր կարող է առաջանալ. այնտեղ մեծամասնությունը`  շուրջ 60 տոկոսը ռուսներ են: Եթե նրանք քվեարկեն Ռուսաստանին միանալու օգտին, բայց մյուս հատվածները` թաթարական ու ուկրաինական հատվածները,  բոյկոտ հայտարարեն և չքվեարկեն, ապա դա  ստվեր կարող է գցել հանրաքվեի արդյունքների վրա:

– Իսկ հանրաքվեի պահանջն իրոք արդարացվա՞ծ է, թե՞ արհեստականորեն առաջ բերվեց:

– Երբ իշխանությունը փոխվեց, որոշումները և հայտարարությունները, որ եղան լեզուների վերաբերյալ, և լարվածությունը, որ ստեղծվեց  աջակողմյանների միջոցով, վախեցրեց արևելյան շրջանում ապրող բնակչությանը, հատկապես` ռուսներին: Արդարացված էր այդ վախը, թե  ոչ, չեմ կարող ասել: Բայց դա էր հիմնական պատճառը, որ դեպքերը նման ընթացք ունեցան:

– Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը շատ են համեմատում Արցախի հետ: Արդյոք պե՞տք է համեմատել: Եվ որպես նախադեպ այն ինչպե՞ս կնպաստի Ղարաբաղի հարցին:

-Կարծում եմ, որ համեմատել պետք չէ, քանի որ համեմատությունը ևʹ պլյուս է տալիս, ևʹ մինուս: Մի բան կարող ենք ասել. ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվող աշխարհն  ավելի օգտակար է Ղարաբաղի հարցի համար, քան այդ սկզբունքից հրաժարվողը: Ընդհանուր առմամբ ազգերի ինքնորոշման հիմքի վրա կառուցված քաղաքականությունն ավելի հասկանալի է դարձնում Ղարաբաղի հարցը: Բայց անմիջական հետևանք չպետք  է սպասել. ամեն մեկն ունի իր պատմությունն ու դրդապատճառները և տարբեր ձևով է ընդգրկված գեոպոլիտիկ խնդիրների մեջ: Լավ երոևւմ է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը XX-XXI դարերում դառնում է միջազգային քաղաքականության մեջ վճռական նշանակություն ունեցող: Դա իր պատճառներն ունի, բայց դա առանձին խոսակցության նյութ է:

– ՀՀ-ն մինչ օրս դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայում ընթացող դեպքերի առնչությամբ: Դա ճի՞շտ քաղաքականություն է: Եվ մինչև ե՞րբ կարող ենք լռությունը պահպանել:

– Կարծում եմ, որ սա  ճիշտ քաղաքականություն է: Շատ նուրբ հարց է, շատ հիվանդագին, ցանկացած դիրքորոշում վիրավորում կամ էմոցիաներ է առաջացնում մյուս կողմում: Բացի այդ, Ուկրաինայում ապրում են տասնյակհազարավոր հայեր, բնական է, որ տարբեր դիրքորոշումներ ունեցողներ կլինեն,  և այս պարագայում հստակ դիրքորոշում ասելը  Հայաստանի կողմից  ճիշտ չի լինի:

– Ստեղծված իրավիճակը և հետագա հնարավոր զարգացումներն ի՞նչ վտանգ են պարունակում Հայաստանի և հայության համար:

– Կարող եմ ասել, որ ցանկացած կայունության ցանկացած խախտում վտանգավոր է ևʹ Հայաստանի, ևʹ աշխարհասփյուռ հայերի համար: Ռուսաստանի և Արևմուտքի ցանկացած հակադրություն մեզ համար վտանգավոր է և ոչ ցանկալի: Մենք միշտ տուժում ենք, երբ քրիստոնյա-մահմեդական պայքար է լինում,  քանի որ մենք գտնվում ենք առաջին ճակատում,  մենք շատ անհանգստանում ենք, երբ սկսվում է Արևմուտք-Իրան կամ Արևմուտք-Ռուսաստան հակադրություն, քաղաքացիական պատերազմ Սիրիայում, այսինքն` այդ հակադրությունները  հարվածում են մեր շահերին: Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը, իսկ այս դեպքերը ապակայունացնում են աշխարհը,  նաև սրում Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները:

– Ստեղծված իրավիճակում ակտիվացել է նաև Թուրքիան: Իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ  հարկ եղած դեպքում կսատարեն իրենց եղբայր թաթարներին: Այս պայմաններում Թուրքիայի ակտիվացումն  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայերի և Հայաստանի համար

– Թուրքիայի ակտիվացումը  միշտ էլ վտանգավոր է հայության համար: Ինչ վերաբերում է Թուրքիայի շահերին, բնական է: Եթե Ղրիմն անցնում է Ռուսաստանին, այնտեղի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, կդառնա ռուսական տարածք, իսկ եթե մնա Ուկրաինայում, ապա ներկա պայմաններում շատ հավանական է, որ այնտեղից ռուսները հեռանան, և թաթարները սկսեն կազմել մեծամասնություն, որովհետև դժվար  թե ուկրաինացիներն  արևմուտքից գան բնակություն հաստատելու Ղրիմում: Այսինքն` Թուրքիան արանքում փորձում է լուծել իր ազգային խնդիրը:

-Իսկ Ուկրաինայի հայերին  ով ու ինչպես պետք է պաշտպանի:

– Հայերի չեզոքությունն Ուկրաինայում կարող է հանգեցնել նրան, որ թշնամական վերաբերմունք չլինի երկու կողմից էլ: Իսկ  Ղրիմի հայերին, կարծում եմ,  պետք է ազատ թողնել, որ ով ինչպես ուզենա, քվեարկի:

– Ծայրահեղական իշխանությունների դեպքում այդ չեզոքությունը կներվի՞:

– Ծայրահեղականների դեպքում տուժելու են բոլորը: Ըստ տեղեկությունների` այդ ծայրահեղականները մասնակցել են Ղարաբաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: Թող ինձ ներեն, բայց պատահական չեմ համարում, որ ցույցերի ժամանակ, երբ կրակոցներ սկսվեցին Կիևում,  առաջին երկու զոհերից մեկը հայ էր, որի ձեռքին դրոշ կար, և հեշտ  իդենտիֆիկացվում էր որպես հայ:

– Ըստ Ձեզ, Հայաստանը և հայությունը կարո՞ղ  են ավանդ ունենալ կայունության վերականգնման հարցում:

– Չեմ կարծում, որ այնքան ուժ ունենք, որ կարողանանք միջնորդ հանդիսանալ տարբեր հատվածների միջև: Ուկրաինայում ապրող  հայերը կարող են հաշտարարի դեր կատարել տարբեր հատվածների մեջ, բայց այնքան են սրվել հիմա հակադրությունները, ավելի շատ` դրսի պետությունների միջև, որ դժվար կլինի այդ պրոցեսը ներսում տանել: Մեզ մնում է չեզոքությունը պահել և հուսալ, որ  Ռուսաստանը, Արևմուտքը և Ուկրաինան բանակցությունների միջոցով լեզու կգտնեն:

Կցանկանայի, որ Ուկրաինայում լիներ այնքան իմաստուն իշխանություն,  որ կարողանար հավաքել իր շուրջը բոլոր հատվածները և կարողանար արտահայտել ամբողջական շահը, շարժվեր միգուցե դանդաղ, բայց հավասարակշռված, քանի որ այս ցնցումները  վտանգավոր են ոչ միայն ամբողջ աշխարհի, այլև առաջին հերթին հենց Ուկրաինայի համար:

 

Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

Շտեմարանային խուճապը սկսված է. ինչպե՞ս են կազմվում շտեմարանները և ո՞ւմ են ձեռնտու

շտեմարան-կոլաժ (800x400)Կենսաբանության միասնական քննությունից գնահատականները կնվազեն. ԳԹԿ

16-ամյա Լիլիթ Շահումյանը բժշկական համալսարանի ապագա դիմորդ է, բուհ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պարապում է «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները: Պատմում է, որ երբ ծանոթացել է կենսաբանության շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորների առաջադրանքներին, խուճապի է մատնվել, թե ինչպես պետք է կարողանա քննությունը հանձնել: Ասում է, որ շտեմարանի նոր հատորներում շատ են շփոթեցնող հարցերը, վրիպակները, ինչպես նաև` առաջադրանքներում առկա սխալները:

«Օրինակ, խնդիրներ կան, որոնք 1-3-րդ հատորներում լուծելիս մի տվյալ պիտի հիմք ընդունենք, սակայն 4-րդի դեպքում` այլ: Հիմա քննությանն ինչպե՞ս իմանամ` խնդիրը շտեմարանի որ հատորից է, որ ճիշտ լուծեմ»,- ասում է նա` հավելելով, որ պատահում է նաև, երբ մի դեպքում նույն պատասխանը ճիշտ է համարվում, մեկ այլ դեպքում` սխալ:
Լիլիթը պատմում է, որ այժմ անգամ դասագրքերի նկարներն են մանրակրկիտ ուսումնասիրում, քանի որ դրանցից ևս հարցեր կան:

Նշենք, որ շտեմարանը քառահատոր է, ամեն հատորի արժեքն է 2600 դրամ: Նախորդ տարվա շտեմարանների երեք հատորները միավորվել են` կազմելով այս տարվա շտեմարանի 1-ին և 2-րդ հատորները: Իսկ 3-րդ և 4-րդ հատորները նոր` այս տարվա համար կազմված առաջադրանքներն են:

Երևանի թիվ 29 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ալլա Թորոսյանն ասում է, որ 12-րդ դասարանում դեռ շտեմարանի առաջին հատորն են ուսումնասիրում` այստեղ հարցերը հասկանալի են և ծրագրային, վերաբերում են անցած նյութին` սկսած 5-րդ դասարանից:
Թորոսյանը, որ ծանոթ է նաև ռուսաստանյան շտեմարաններին, ասում է` հաճախ է նկատում, որ որոշ հարցեր ուղղակիորեն թարգմանված են ռուսականից: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ռուսական շտեմարանները շատ ավելի մատչելի են:

Նա նշում է, որ այժմ բարդ խնդրի առջև է կանգնած, թե ինչ անի, որ մինչև ուսումնական տարվա վերջն աշակերտները հասցնեն քառահատոր շտեմարաններն ուսումնասիրել: «Եթե ուսուցիչն է դժվարանում, բա աշակերտն ի՞նչ ասի: Բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք»,- ասում է նա:

Անցած տարի կենսաբանության միասնական քննությունից արձանագրվել էին աննախադեպ բարձր գնահատականներ: 182 դիմորդ` 10 տոկոսը, վաստակել էր առավելագույն 20 միավոր, իսկ 17-20 միավոր ստացած դիմորդները կազմում էին ընդհանուրի 42 տոկոսը:

Հարցին, թե այս տարվա շտեմարանների բարդությունը կապվա՞ծ է նախորդ տարվա բարձր գնահատականների հետ, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը պատասխանում է, որ շտեմարանի բարդությունը չափելը ճիշտ չէ. շտեմարանը բազա է, որում տեղ պետք է գտնեն տարբեր բարդության առաջադրանքներ, որպեսզի թեստ կազմողը կարողանա ճկուն լինել և համապատասխան մակարդակի թեստ կազմել:

«Նախորդ տարի կենսաբանությունից արդյունքների բարձր լինելը կանխատեսել էինք, քանի որ մինչ այդ շտեմարաններ չկային, չնայած գնահատականները շատ ավելի բարձր էին, քան մենք էինք կանխատեսել,- ասում է Իսպիրյանը:- Դա ոչ թե շտեմարանի պրոբլեմն էր, այլ թեստը այդ կոնտինգենտի համար մի փոքր ավելի ցածր բարդության էր կազմված»:

Իսպիրյանն ասում է, որ այս տարվա թեստերում առաջադրանքների ուղիղ կեսը կլինեն կարճ պատասխան ենթադրող կամ պնդումների փունջ պարունակող հարցերը: Այդպես կկարողանան տարբերակել լավ իմացողին մի փոքր քիչ իմացողից և չիմացողից: Անդրադառնալով աշակերտների և մասնագետների դժգոհությանը, թե առաջադրանքները բարդ են, ասում է. «Այն դիմորդներն են անհանգստացած, որոնք փորձում են շտեմարաններն անգիր անել: Մենք խորհուրդ չենք տալիս որևէ մեկին պատասխանները կամ շտեմարաններն անգիր անել: Եթե ուսումնառության տարիներին նա սովորել է, օրինակ, բջջի կառուցվածքը, հարցն ինչպես էլ ձևակերպված լինի, նա ճիշտ կպատասխանի, իսկ տարակուսողների համար կդժվարանա, քանի որ այդ առաջադրանքներում ընտրության հնարավորություն չի լինի»:
Անդրադառնալով սխալներին` Իսպիրյանը կոչ է անում դրանց մասին իրազեկել ԳԹԿ-ին, որպեսզի նման առաջադրանքները քննական թեստերում չներառվեն:

Հարցին, թե ինչպիսին կլինեն կենսաբանության միասնական քննության այս տարվա արդյունքներն ըստ ԳԹԿ կանխատեսումների, Իսպիրյանն ասում է, որ նման կանխատեսումներ չեն կարող անել. «Բայց կարծում եմ, քանի որ անցած տարի արդյունքները շատ բարձր էին, մեր ակնկալածից էլ բարձր, այս տարի պետք է որ մի փոքր նվազի, բայց խոսքը բարձր միավորների մասին է, ոչ թե անբավարարների»:

«Օրենքից դուրս» շտեմարանները` աշակերտի շա՞հ, թե՞ եկամտի աղբյուր

Իսպիրյան-բախշյանԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունն աշակերտների շահերից չի բխում, այլ ընդամենը որոշ մարդկանց համար եկամտի աղբյուր է:
«Շարունակում եմ պնդել, որ սա ստվերային բիզնես է: Ունեմ վարչապետին ուղղված նամակ` հարցով, թե ինչքան հարկ է մուծվել պետբյուջե շտեմարանների վաճառքից, որի պատասխանն այդպես էլ չեմ ստացել,- ասում է Բախշյանը:- Սա եկամտի լայն խողովակ է, որից օգտվում են շատ-շատ մարդիկ, որոնք անմիջապես կառավարության հետ են կապված: Այստեղ ես չեմ տեսնում մեր աշակերտների շահը: Չեմ տեսնում պնդումը, որ արվում է և՛ նախարարության, և՛ ԳԹԿ-ի կողմից, թե կանխատեսելի հարցերն ենք հավաքում մի տեղ, որ երեխային ուղղորդի»:

Տիկին Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունը խախտում է նաև ԳԹԿ կանոնադրությունը, ըստ որի` ԳԹԿ-ն կոչված է սովորողների գիտելիքների, կարողությունների ստուգման նպատակով կազմակերպելու հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բուհ ընդունվողների թեստավորումն ու քննությունների գործընթացը:
«Սա է իր պարտականությունը, պիտի թեստերը կազմի և կազմակերպի քննությունները: Հիմա այս կենտրոնը ոչ միայն թեստերն է կազմում, այլև աշակերտի ձեռքն է տալիս այդ թեստը: Այսինքն` դառնում է մի կարևոր խաղացող այդ դաշտում, այն դեպքում, երբ պիտի լիներ անկախ մարմին: ԳԹԿ-ն 2009-ին հանվեց նախարարության կազմից և գնաց կառավարության աշխատակազմ, որպեսզի անկախ մարմին լինի, գնահատի կրթության նախարարության գործը: Հիմա ստացվում է, որ կրթության նախարարությունը կազմակերպում է կրթության գործընթացը դպրոցներում, իսկ անկախ մարմինը, որը միայն պիտի գնահատեր, մասնակցում է գիտելիքների ձևավորմանը և ինքն էլ իրեն գնահատում»,- ասում է Բախշյանը:

Նա նշում է նաև, որ շտեմարանների հիման վրա հարցաշարեր կազմելը խախտում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի. «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան»:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն այս հարցում համամիտ չէ տիկին Բախշյանի հետ: «Ինքը շտեմարանները դիտում է որպես դասագիրք, մինչդեռ շտեմարանները հարցարաններ են,- ասում է Իսպիրյանը:- Շտեմարանը հարցերի խումբ է, իսկ այդ հարցերը կազմվում են դասագրքերից: Եթե նախկինում շտեմարան չկար, թեստ կազմողը կազմում էր 4 թեստ դասագրքից: Հիմա կազմում է օրինակ` 40 թեստ դասագրքերից և քննության համար առաջարկում այդ 40-ից ցանկացած չորսը»:

Տիկին Բախշյանը, անդրադառնալով օրենքի ԳԹԿ մեկնաբանմանը, ասում է, որ ամեն ոք օրենքը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու. «Հիմա, քանի դեռ շտեմարանները ո՛չ փորձաշրջան են անցել, ո՛չ էլ երաշխավորված ուսումնաօժանդակ նյութ պարունակող գրքեր են եղել, չեն կարող ծառայել որպես հարցաշարերի նյութ: Սա ասում է օրենքը»:

«Անկախը» փորձեց ճշտել ԿԳՆ դիրքորոշումն այս հարցում: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ «տվյալ պահին ԿԳՆ և ԳԹԿ տեսակետների միջև հակասություն չկա»:

Երկու կենսագրությունների խաչմերուկներում. «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար»

գևարգյանցԵրկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Գրքի շապիկը գուցե այնքան էլ գրավիչ չէ, սակայն բովանդակությունն անկրկնելի է. մի քանի տող կարդացած անձը կարծես «ծուղակն է ընկնում» ու չի կարողանում դադար տալ, քանի դեռ գիրքը չի կարդացել-վերջացրել:
Հեղինակի մասնագիտությունը մեծապես ազդել է գրքի շարադրանքի վրա. սեղմ, բայց գրավիչ ու բովանդակալից: Երբ կարդում ես` թվում է, թե ֆիլմ ես դիտում, այնքան կենդանի, պատկերավոր է գրքի լեզուն:
Հենց գրքի յուրահատկության` շարադրանքի շնորհիվ մոռանում ես, որ Փարաջանովին տեսնում ես Գևորգյանցի աչքերով, զուգահեռաբար էլ ծանոթանում ես նաև Գևորգյանցի անցած ուղուն: Թվում է, թե դա քո կյանքի ճանապարհն է, Փարաջանովի երիտասարդ ընկերն էլ դու ես` ընթերցողդ:
«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, որի հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաև այն ժամանակների մասին է, նաև այն ժամանակվա մարդկանց մասին, նաև Փարաջանովի ժամանակի մասին»,- ընթերցողին իրազեկում է Գևորգյանցը` մինչ բուն պատմությանն անցնելը:
Գևորգյանցի հուշերից բացի, գրքում ներառված են նաև պատառիկներ Փարաջանովի անձնական նամակներից, ինչպես նաև աշխարհահռչակ գործիչների հուշերից:
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիր ու գրիր, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել»,- գրքի շնորհանդեսին, ըստ «Կինոաշխարհ» պարբերականի, ասել է Ռուբեն Գևորգյանցը` անդրադառնալով գիրքը գրելու դրդապատճառներին:
փարաջանովՄեկ այլ դրդապատճառի Գևորգյանցը նաև գրքում է անդրադարձել` կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի հայտարարությանը, թե Փարաջանովը հայ չէ և ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ, «պարզապես հայերը գողացել են Փարաջանովի ամբողջ արխիվը, նրան էլ տարել-թաղել են կագեբեական Արամ !աչատրյանի կողքին»: Գիրքը կարծես պատասխան է հակահայկական տրամադրվածություն ունեցող կինոռեժիսորին: Փարաջանովի տողերը` գրված իր մասին, լավագույն հերքումն են. «Ինձ համար Հայաստանն արվեստ է ու պատմություն, Հայաստանը իմ ընկերներն են, իմ բերկրանքը, մեր ստեղծագործական կորուստները….Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մեռնել Հայաստանում»:
Պատմությունը սկսվում է հեռավոր 1978-ի մի ձմեռային առավոտից, երբ Գևորգյանցն ու իր ընկերը րոպեներն էին հաշվում, թե երբ գնացքը կշարժվի դեպի Թբիլիսի, ուր կկարողանային տեսնել բանտից նոր ազատված Փարաջանովին:
Պատմության ընթացքը միագիծ չէ ժամանակային առումով: Ինչպե՞ս է մարդկային հիշողությունը, որ ժամանակից ժամանակ է թռչում, սկսում մի տեղից, հետո մի այլ բան հիշում, հետո երրորդը, ապա նորից վերադառնում առաջինին: Հենց այսպես էլ շարադրված է, բայց այդ ամենն այնքան բնական է, որ թվում է` այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ դու` ընթերցողդ ես այդ ամենը վերհիշում:
Գրքում տեսնում ենք Փարաջանով ընկերոջը, մարդուն, հանճարին, պարզապես քաղաքացուն` կյանքի տարբեր ոլորտներում ու դրսևորումներում:
«Հագնվում էր շատ պարզ ու հարմարավետ` վելվետե տաբատ, վար թողած մգագույն վերնաշապիկ` որպես կանոն, խոշոր վրադիր գրպաններով: Շրջում էր փողոցներով, ուր նրա համար ամեն ինչ հետաքրքիր էր (և ի՞նչն էր լինում հետևանքը): Օրինակ` ճաշի էր գալիս մեզ մոտ, իսկ 10-15 րոպե անց նրա այցելությունը վերածվում էր 60-100 հոգիանոց երթի: Կանգ էր առնում ամեն քարի, պատի, հուշարձանի մոտ, ինչ-որ բաներ էր մեկնաբանում, մատնացույց անում, կատակում: Եվ շուրջը հավաքվածները լսում էին նրան բերանները բաց: Հիմնականում նրանք պարզ մարդիկ էին` վարորդներ, բանվորներ, վարսավիրներ և այլն: Նրանք, որպես կանոն, ոչինչ չէին հասկանում, թե ինչեր է ասում (և ոչ այն պատճառով, որ խոսում էր ռուսերեն): Բայց մարդիկ գնում էին նրա հետևից, ասես մեսիա լիներ…»,- այսպես է Գևորգյանցը ներկայացնում, թե որքան սիրված ու ընդունված էր Փարաջանովը:
Այնպես է ստացվում, որ Գևորգյանցն առաջիններից է իմանում թե՛ Փարաջանովի ձերբակալության, թե՛ ազատ արձակման մասին: «70-ականներին քաղաքական մոտիվներով ձերբակալություններ էին լինում, բայց դրանք մեզ չէին վերաբերում, մեր հոգը չէին: Իսկ հիմա վերաբերում էր…»,- հիշում է նա:
Անդրադառնալով մեղադրանքին, որը մինչ օրս էլ շահարկումների թեմա է, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի համար հորինել էին կեղտոտ մեղադրանք` արվամոլություն, բռնաբարություն, նույնիսկ գտել էին մի տուժածի` երիտասարդի, որը երկու անգամ մարմնեղ էր Սերգեյ Իոսիֆովիչից: Եվ դրան բռնաբարել էր Փարաջանովը: Եվ մեկ էլ նրան մեղադրում էին պոռնոգրաֆիա տարածելու համար: Մոտը մի ինքնահոս գրիչ էին գտել, որպիսին այն ժամանակ ունեին նույնիսկ շատ դպրոցականներ: Թեքում ես գրիչը, և լողազգեստով աղջիկը մերկանում է: Ծիծաղելի է, չէ՞: Եվ տվեցին հինգ տարի»:
Հետագայում Գևորգյանցը հնարավորություն է ունեցել իր «Փարաջանով. վերջին կոլաժը» վավերաֆիլմի նկարահանման ժամանակ Փարաջանովի գործը վարած քննիչին հարցնել. «Պարոն Մաշկով, իսկ ձեզ խիղճը չի՞ տանջում»: Ապա եզրակացրել է. «Ես միամիտ հարց տվեցի խղճի մասին: Այդպիսի մարդկանց խիղճը երբեք չի տանջում»:
Վերջաբանում, ամփոփելով աշխատանքը, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի մասին կարելի է գրել ու գրել: Ճիշտ է, նրա հետ կապված պատմություններից շատերը հորինված են: Գրում, պատմում են մարդիկ, ովքեր թերևս կյանքում սոսկ մեկ անգամ են տեսել նրան, այն էլ` հեռվից: Բայց սա, երևի, վատ չէ: Նա լեգենդ է դարձել, քանզի եղել ու մնում է լեգենդ»:

Մերօրյա անեծք` Բոգոյի սպասարկած երթուղուց օգտվես

ավտոկայանԻնչո՞ւ է տրանսպորտի և կապի նախարարությունն աչք փակում խախտումների վրա

Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:

Մարտունեցի 21-ամյա Մարիամն ուսանող է, արդեն 5-րդ տարին է` ապրում է Երևանում: Ասում է, որ առաջին  կուրսում կարոտին չէր դիմանում ու ընտանիքին այցելության էր գնում ամեն երկու շաբաթը մեկ, սակայն երբ ձմեռը վրա հասավ` ստիպված հայրենի քաղաք այցելությունների պարբերականությունը կրճատեց. չդիմացավ Երևանից Մարտունի գնալու, ապա վերադառնալու ճանապարհի դժվարություններին: Հիմա 4-6 շաբաթը մեկ է Մարտունի գնում. «Երթուղայինի վատ աշխատելու պատճառով հարազատներիս շաբաթներով չեմ տեսնում: Ավտոկայանում ամռանը շոգին, ասֆալտի վրա, արևի տակ ենք դաղվելով երթուղայինին սպասում, ձմռանը` ձյան,  սառույցի վրա: Տարիների ընթացքում  ճարպկացել եմ` սովորել եմ կողքիններիս արմունկներով լավ հրել, որ կարողանամ տեղ զբաղեցնել միկրոավտոբուսում. առաջին կուրսում մինչ երկու քայլ էի անում դեպի միկրոավտոբուսը, մարդիկ, իրար հրելով,  բոլոր տեղերը զբաղեցնում էին»:

Հակոբն էլ, որ երեք տարվա ուսանող է, ասում է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է միկրոավտոբուսով Մարտունի գնացել:  «Ուրբաթ օրը կեսօրից հետո Մարտունի գնացող գազել չկա, կիրակի էլ առավոտյան 11-ից հետո Երևան եկող գազել չկա: Ո՞նց գնամ»,- ասում է նա` հավելելով, որ տաքսիով է գնում-գալիս. ճիշտ է` կրկնակի թանկ է, փոխարենը խնայում է առողջությունն ու ժամանակը:

Տողերիս հեղինակը Երևան-Մարտունի և Մարտունի-Երևան  միջքաղաքային երթուղուց օգտվելու տասը տարվա փորձ ունի: Ցավոք, պետք է փաստել, որ տարեցտարի  երթուղայինի աշխատանքի որակը վատանում է, չնայած այն երբեք էլ բավարար չի եղել:

Եթե նախկինում  հարկավոր էր Հյուսիսային ավտոկայանում լինել 18:30-19:00-ին վերջին երթուղայինով գնալու համար, ապա այժմ ժամը 17-ից հետո Մարտունի գնալն իրատեսական չէ: Նույնը և Մարտունուց Երևան հասնելուն է վերաբերում:

Եթե տարիներ առաջ վարորդները բավարարվում էին լրացուցիչ աթոռիկների վրա 2 ուղևոր նստեցնելով, ապա այժմ պարտադիր է 3-4 լրացուցիչ ուղևորի առկայությունը, այլապես մեքենան տեղից ժամերով  չի շարժվի (մի քանի օր առաջ եմ Մարտունուց Երևան հասել միկրոավտոբուսով, որը 19 ուղևոր էր փոխադրում , վարորդն էլ հետը` 20):

Գնալով ավելի ու ավելի է վատանում նաև միկրոավտոբուսների սանիտարական վիճակը. կեղտոտ  ու ջարդված նստարաններ, անգամ զզվելի է դրանց վրա նստելը, ջարդոտված հատակ, կեղտից խամրած ապակիներ ու ամեն կողմից անցքեր, որտեղից ձմռանը ցուրտը ներս է սողոսկում:

Տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` վարորդները շարունակում են ճանապարհին ռաբիս երգեր լսել ու անդադար ծխել:

Պակասել է նաև երթուղին սպասարկող միկրոավտոբուսների թիվը, կամ գուցե ուղևորահոսքերն են շատացել: Այժմ  առավոտյան առաջին միկրոավտոբուսին հասար` լավ, եթե ոչ, ապա ստիպված կլինես դրսում ժամերով սպասել, մինչև մի միկրոավտոբուս հայտնվի: Սակայն, եթե միկրոավտոբուսը կարող է 18-19 ուղևոր տանել, ապա այդ ժամերի ընթացքում դրսում առնվազն 30 մարդ է հավաքվում: Ու մշտապես քաշքշուկից ու լեզվակռվից (երբեմն ոչ միայն) հետո 8-10 մարդ դրսում է մնում, եթե օրվա վերջ է, նաև Երևան կամ Մարտունի չի հասնում:

Պետք է նշել, որ չնայած միկրոավտոբուսները չեն հասցնում բավարարել պահանջարկը և պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին, տաքսիների աշխատանքը Հյուսիսային ավտոկայանում արգելված է: Մի անգամ չէ, որ պատահել է. ժամեր շարունակ միկրորավտոբուսի սպասելուց հետո փորձել եմ տաքսի կանչել Մարտունի հասնելու համար: Ամեն անգամ մերժում եմ ստացել: Իսկ ծանոթ վարորդներից մեկն էլ բացատրեց. «Եթե տեսնեն, որ ուղևոր եմ վերցնում Մարտունի տանելու համար` կծեծեն»:

Չնայած իրավիճակին,  տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ երթուղու վատ աշխատանքի մասին դիմում-բողոքներ չեն ստացել:

Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Անկախի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ թիվ 306 Երևան-Մարտունի երթուղու սպասարկման վերջին մրցույթն անցկացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին, 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2016 թվականի նոյեմբերի 16-ը, իսկ թիվ 307 Մարտունի-Երևան երթուղունը` 2013 թ. փետրվարի 8-ին, նույնպես 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2017 թ. փետրվարի 19-ը:

Միջմարզային  երկու միկրոավտոբուսային երթուղիներն էլ  շահագործում է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն:

Պետք է նշել, որ մինչ այդ էլ երթուղին նույն ընկերությունն է շահագործել, և հարց է առաջանում. նման սարսափելի սպասարկման պարագայում ինչպե՞ս է ընկերությունը կրկին շահել մրցույթը:

Երևան-Մարտունի երթուղին սպասարկում են 5, իսկ Մարտունի-Երևան երթուղին` 4 միկրոավտոբուսներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ երթուղին աշխատում է հստակ չվացուցակով` առաջին երթուղայինը Երևանից Մարտունի է ուղևորվում 10-ին, վերջինը` 18:30-ին, իսկ Մարտունուց Երևան` առաջինը 8-ին, վերջինը` 18:00-ին: Ըստ չվացուցակի` ամեն 1-1,5 ժամվա ընթացքում մեկ երթուղային է ճանապարհ դուրս գալիս: Սակայն  իրականում որևէ չվացուցակ չի գործում, և միկրոավտոբուսը (եթե, իհարկե, լինում է) ճանապարհ է ընկնում այն ժամանակ, երբ իր ուզած թվով ուղևորներ է հավաքում: Երկրորդ` տրամաբանական հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ Վարդենիսի կամ Գավառի տարածաշրջաններից ավելի շատ բնակիչներ ունեցող Մարտունիում  երթուղայինը կրկնակի նվազ պարբերականությամբ  է աշխատում: Գավառում և Վարդենիսում Երևան մեկնող հասարակական տրանսպորտն աշխատում է 30-40 րոպեն մեկ պարբերականությամբ, երթուղի են դուրս գալիս չվացուցակում նշված ժամին, եթե անգամ մի քանի ուղևոր է նստած:

«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ում վերջին թեմատիկ ստուգումը նախարարությունն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին: Ստուգման ժամանակ, ըստ ՏԿՆ-ի, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք «սահմանված ժամկետում ընկերության կողմից  վերացվել են» (սակայն վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը չի լուծվել ու չի մեղմվել):

Համացանցը փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն  գրանցված է  Երևանում` Նորագյուղ 119  հասցեում, պատկանում է ոմն Բոգոյի, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է: Բոգո մականունով անձի հետ «Անկախն» առնչվել է 2013-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նորագյուղի 9/27 և 9/28 ընտրատեղամասերում Բոգո անունով անձն ընտրողներին ազատ ուղղորդում էր, թե որ քվեատուփին մոտենան, հանձնարարականներ էր տալիս Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և հասցրեց անգամ սպառնալ տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող դիտորդին, որը բարձրաձայնել էր իր տեսած խախտման մասին:

«ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի մասին ողջ  տեղեկատվությունը խնամքով քողարկված է. այն գրանցված չէ որևէ տեղեկատվական համակարգում, հատուկենտ հրապարակումները չհաշված, ընկերության անվանումը առկա է միայն ՏԿՆ կայքում:

Հաշվի առնելով այն, թե ում է պատկանում երթուղին սպասարկող ընկերությունը, հասկանում ես, թե ինչու է երթուղին այդքան վատ սպասարկվում, ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել մրցույթում և ինչու ՏԿՆ-ն բողոքներ չի ստանում և  տեղյակ էլ չէ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ»-ի խախտումների մասին: Մեկ այլ հարց էլ է առաջանում. էլ ինչի՞ համար են ոլորտը կարգավորող օրենքները և տրանսպորտի ու կապի նախարարությունը, եթե ոմն քրեական հեղինակություն կարող է բացահայտ  անտեսել այդ ամենը:

Տրնդեզ. հեթանոսությունն ու քրիստոնեությունը միահյուսված մեկ տոնում

Trndez. Tyarnendaraj. krak. xaruyk. ekexecu bakՏրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-14-ը:

Գլոբալացվող աշխարհը վերջին հարյուրամյակներին այսօրը նշում է Վալենտինի տոնը` որպես սիրահարների օր, բայց հայությունն այս օրվա համար ավելի հին ու բազմաբովանդակ  տոն ունի:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է:

Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է` տեղը զիջի գարնանը:

Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թուխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան:

Կրակի ածուխը քսում էին նաև կոպերին, որպեսզի տեսողությունը պայծառ լիներ: Չբեր կանայք կրակով խանձում էին իրենց ներքանզգեստի մի հատվածը` ակնկալելով պտղաբերություն: Բարեհաջող ծննդաբերության համար մոխիրը լցնում էին ջրի մեջ և այն խմեցնում ծննդկանին: Տանտիկինները  մոխիրը լցնում էին հավաբները, որպեսզի  հավերը շատ ձու ածեին, լցնում էին կճուճների մեջ` ի նշան առատության: Մոխիրը նաև գարնանը շաղ էին տալիս արտում, որպեսզի մկները ցանքսը չվնասեին:

Տոնական խարույկի վրա հնում հայերը նաև բազմազան գուշակություններ էին անում: Օրինակ` տարվա բերքառատությունը որոշելու համար հետևում էին ծխի ուղղությանը.  եթե այն թեքվում էր հարավ կամ արևելք, ուրեմն առատ  բերք էր սպասվում, եթե հյուսիս կամ արևմուտք` վատ: Խարույկը վառելու պահին  հաճախ նաև կրակել են կամ աղմուկ բարձրացրել, ինչից վախեցած, շները հեռու են փախել: Շների փախուստի ուղին մատնանշել է, թե որ կողմից սպասեն տվյալ տարվա բերքի առատությունը: Կրակի ծուխն էր նաև ցույց տալիս, թե որ կողմից է գալու ցանկալի հարսնացուն կամ փեսացուն:

 Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

Որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկներին տեղ չկա

Haykuhi-Barseghyan1Ամենից բարձր գողն է գոռում` բռնեք գողին: Ժողովրդական այս իմաստությունն արդիական է նաև մեր օրերում:
Թուրք ազգայնականի` Հայաստան կատարած այցի շուրջ բարձրացրած աղմուկը ևս մեկ անգամ տեղիք տվեց մտածելու, թե մեր հասարակությունն իրադարձություններն ինչպես է ընկալում ու ինչպես արձագանքում: Ցավոք, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել. հասարակությունը նույն հուզական մակարդակում է, իսկ որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկները տեղ չունեն:
Վաղուց եմ նկատել` հայերիս մեջ հուզական արձագանքն ավելի մեծ դրսևորում ունի: Դպրոցական տարիներին ֆորումների էի մասնակցում, որտեղ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը: Հենց ֆորումի շնորհիվ հասկացա, որ թեև հուզական արձագանքը սրտից է բխում ու անկեղծ է, արժեք չունի, միայն փաստարկված խոսքն է, որ կարող է դիմացինին համոզել, արժեք ներկայացրել: Իսկ եթե չունես փաստեր, ստիպված բացը լրացնում ես հուզախառն ածականներով: Սա հասկանալուց հետո այլևս կանոն է` բանավիճելիս կա՛մ ունեցիր փաստարկներ, կա՛մ էլ պարզապես բանավեճի մի բռնվիր, այլապես խղճուկ վիճակում կհայտնվես:
Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այս դասը ոչ բոլորն են սերտում: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ մեր հանրության մի ստվար զանգված չի կարողանում տարբերակել կարևորն անկարևորից, փաստը հույզից:
Տարբեր ոլորտների ներկայացուցիչ-մասնագետները հաճախ են դժգոհում լրագրողներից, թե նրանք թացն ու չորը, կարևորն ու անկարևորը չեն տարբերում, ասուլիսի են գալիս, բայց բուն թեման թողած ինտրիգային, սկանդալային հարցերի վրա են կենտրոնանում ու միայն դա լուսաբանում: Բայց տխուր իրականությունն այն է, որ լրատվամիջոցի որակյալ արտադրանքն էլ հանրության կողմից պահանջարկված չէ. մարդիկ նախընտրում են լուրջ տոնով քննարկել որևէ աստղի վարտիքի գույնը, ինչ-որ երգչի կամ պաշտոնյայի սիրուհիներին կամ սիրեկաններին, հաշվել այլոց փողերը և այլն: Իսկ երբ լրատվամիջոցը լուրջ վերլուծություն է մատուցում, օրինակ` տնտեսական վիճակի մասին կամ հանրության կյանքին վերաբերող որևէ այլ ոլորտից, մարդիկ դրանով չեն հետաքրքրվում: Ստացվում է, որ հանրությունը մեծ մասամբ ցանկանում է կարդալ էժանագին, գրոշի արժեք չունեցող նյութեր` միաժամանակ քննադատելով դրանք մատուցած լրատվամիջոցներին: Պարադոքս:
Վերջերս հանրության ոչ ադեկվատ արձագանքի պատճառ դարձավ թուրք ազգայնականի այցը Հայաստան, որը ոչ առաջինն էր, ոչ էլ հավանաբար վերջինը: Բայց այս այցելության նպատակը բացառիկ էր` Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակ բացել: Հանրությունը, փոխանակ մտածելու, թե թուրքերն ի՜նչ հեռուն գնացող նպատակներ ունեն, մտածելու, թե մենք ինչպես կարող ենք հակադարձել, թույլ չտալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերն իրենց ժխտողական քաղաքականությունն առաջ տանեն ու հայերի մեջ էլ այս հարցում պառակտում սերմանեն, աղմկում է, թե «ինչպե՞ս եք համարձակվել թուրքի հետ հաց կիսել», «ինչո՞ւ եք թուրքին հյուր ընդունել», «ո՞վ է թույլ տվել, որ թուրքը Հայաստան այցելի» և այլն:
Ստացվում է, որ «ինչո՞ւ» հարցի պատասխանը փնտրելու փոխարեն մեր հանրությունը հռետորական հարց է բարձրացնում` ո՞նց թե: Միայն թե հռետորական հարցը պատասխան չի ենթադրում, հետևաբար շոշափելի լուծման էլ չի հանգեցնի:
Այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ ամեն մարդ իրեն ազգի դավաճան չի զգում, երբ իր հանգիստն անցկացնում է Անթալիայում ու վերադարձին էլ գոհ-գոհ թուրքերին գովերգում, նրանց փոխվելու մասին հեքիաթներ պատմում: Ինչո՞ւ հանրությունը չի դատապարտում, որ շատ հայեր Հայաստանում վաստակած գումարը վատնում են Թուրքիայում հանգստի վրա` իմանալով հանդերձ, որ զբոսաշրջության եկամուտների մի մասն ուղղվում է բանակի կարիքներին, իսկ թուրքական բանակն էլ զենք և «ուղեղներ» է մատակարարում Ադրբեջանին: Ինչո՞ւ հանրությունը չի բոյկոտում թուրքական ապրանքները, որով ողողված է շուկան, կամ ազգադավ չի հանում այն վաճառողին, որն իր ապրանքի որակը գովելու համար հպարտությամբ հայտարարում է` թուրքական է: Ինչո՞ւ է հանրությունը հանգիստ ընդունում բազմաթիվ ծրագրեր, որոնք երկու հասարակությունների երկխոսություն են քարոզում` ապահովելով երկկողմանի այցելություններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Սակայն, չգիտես ինչու, հանրությունը դատապարտում է իրեն թուրք ազգայնական հռչակած մեկի այցելությունը Հայաստան կամ հանդիպումը նրա հետ:
Էլ ո՞ւր մնաց սթափ դատողությունը:
Այստեղ մի միտք էլ է առաջանում` իսկ ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Գուցե պետք է, որ դպրոցներում երեխաների մեջ վերլուծական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ աշխատեն: Չի խանգարի նաև բանավեճի մշակույթի ձևավորումը: Եթե երեխան դպրոցական տարիքից սովորի բանավիճելուն ու իր ճշմարտացիությունը փաստարկներով ապացուցելուն, ապա նույն կերպ կշարունակի վարվել նաև հասուն կյանքում` դրսևորելով ճիշտ քաղաքացիական վարք: Մինչդեռ այդ ունակության կամ մշակույթի բացակայության պայմաններում հասարակական արձագանքը ցանկացած հարցի շուրջ կողքից միայն քմծիծաղի է արժանանում ու լուրջ չի ընդունվում:
Կարծիք կա նաև, որ հանրային կարծիք ձևավորողները պետք է հանրությանը ճիշտ հունով ուղղորդեն` նման հարցերում շեշտադրությունը ճիշտ, էական խնդրի վրա կատարելով: Բայց ովքե՞ր են այսօր Հայաստանում հանրային կարծիք ձևավորում… Մի բան է պարզ, Հայաստանում լավ է գործում հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու մեխանիզմը, փոխարենը կաղում է հանրության ուշադրությունն իսկապես կարևոր, կենսական հարցերի վրա կենտրոնացնելու, կարծիք ձևավորելու մեխանիզմը, կամ էլ գուցե դա որևէ մեկին ձեռնտու չէ:
Չնայած վերջին շրջանում այս առումով կան որոշ բացառություններ, ինչպես, օրինակ` «100 դրամի» շարժումը կամ «Դեմ եմ» նախաձեռնությունը` ուղղված կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ: Հետևաբար, գուցե և կարելի է հույս փայփայել, որ առաջիկայում, շնորհիվ գիտակից ու կրթված քաղաքացիների, հնարավոր կլինի կենսական հարցերին հանրության ճիշտ արձագանքը օրինաչափություն դարձնել, բայց առայժմ դա երազանք է: Ընդ որում, դպրոցն ու ուսուցիչներն այս երազանքն իրականություն դարձնելու գործում որոշիչ դեր ունեն:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Վազգեն Մանուկյան. «Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են»

վազգեն մանուկյան,Հունվարի 28-ին լրանում էՀայաստանի երրորդՀանրապետության ազգային կանոնավոր բանակի ձևավորման տարեդարձը: Այս կապակցությամբ«Անկախը» զրուցել է ՎազգենՄանուկյանի հետ, որը 1992-93թթ. եղել է պաշտպանության նախարար: Հենց այս շրջանում հիմք դրվեց բանակաշինությանը,իսկ պատերազմական գործողություններում էլ սկիզբ դրվեց հաղթանակների շղթային:

– Պարոն Մանուկյան,կանոնավոր բանակը ձևավորվել է 1992-93 թթ., երբ Դուք պաշտպանությաննախարար էիք: Պատմեք, թեինչպես մարտերին զուգընթաց ստեղծվեց կանոնավոր ու հաղթական բանակ:

– Սումգայիթի դեպքերից հետո, երբ հասկացանք, որ Սովետական Միությունը որոշ դեպքերում կարող է մեզ պաշտպան չլինել, առաջացավ զինված ջոկատներ ստեղծելու գաղափարը: Որոշ ջոկատներ Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծել, բայց նաև ինքնուրույն ջոկատներ էին ստեղծվում: Վտանգ կար, որ կարող է խմբապետների շարժում սկսվել, ինչպես 1918-ին, երբ կանոնավոր բանակի փոխարեն խմբապետներ ունեինք: Ուստի 1990-ին, երբ իշխանության եկանք, կառավարությունը որոշում ընդունեց, որ հայրենիքին ծառայել ցանկացող բոլոր ջոկատները, պետք է մտնեն ՄՀՕՋ: Բոլորը չէ, որ ընդգրկվեցին, բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ դուրս մնացած ջոկատներն էլ էին պայքարում հայրենիքի համար: Երկրորդ քայլն այն էր, որ ստեղծեցինք պաշտպանության կոմիտե: Նախարարություն ստեղծել չէինք կարող, քանի որ դեռ ԽՍՀՄ կազմում էինք, բայց կոմիտեն նախարարությանը հավասար իրավասություններ ուներ: Կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահան Շիրխանյանը, և նրա շուրջը համախմբվեցին շատ ու շատ զինվորականներ, ջոկատներ: Հետագայում կոմիտեի հիմքի վրա պաշտպանության նախարարություն ստեղծվեց: Այդ ժամանակ հրավիրվեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որին հանձնարարվեց կանոնավոր բանակի կառուցման գործը: Երեք թևով էինք աշխատում: Մի կողմից` Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծում ջոկատներ, որոշեցինք կամավորների հիման վրա ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, իսկ թիկունքում ստեղծել կանոնավոր բանակ արդեն զինակոչիկներից` 18 տարեկան երեխաներից, որոնց աշխատում էինք ռազմաճակատ չուղարկել. նախ` փորձ չունեին, բացի այդ, ամեն մեկի մահը հասարակության մեջ ցնցում էր առաջացնում: Շուտով այդ երեք թևերը դարձան միասնական: Եթե միասնականություն չլիներ, հաղթանակ էլ չէր լինի:

– Միշտ նշվում է, որ ադրբեջանական բանակը թե՛ զինվորների թվաքանակով, թե՛ռազմատեխնիկայով գերազանցություն ուներ: Նման պարագայում ինչպե՞ս կարողացանքհաղթել:

– Եթե մենք անկեղծ համարում էինք, որ Ղարաբաղը մերն է, մեզնից զավթած տարածք է, ապա կարծում եմ, չնայած իրենց հայտարարություններին, հոգու խորքում ադրբեջանցիները գիտեին, որ դա իրենց տարածքը չէ: Այսինքն` ոչ թե իրենց հողը, այլ գրաված հողն էին պաշտպանում, դա զուտ հոգեբանական նշանակություն ուներ: Երկրորդ` կարծում եմ, որ Ադրբեջանի բանակը վատ էր կազմակերպված մի քանի առումով: Նախ` նրանք սկսեցին նորակոչիկներին օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ: Այդ անփորձ երիտասարդների զոհվելը մեծ ալեկոծություն էր առաջացնում Բաքվում և ողջ Ադրբեջանում: Երրորդ` մենք խորհրդային բանակում 4400 սպա ունեինք և հենց սկզբում դիմեցինք նրանց Հայաստան վերադառնալու կոչով: Շատերը եկան, և պատերազմը շուտով սիրողականից անցավ պրոֆեսիոնալ մակարդակի: Ադրբեջանցիները հրաժարվեցին դրանից: Նրանք քիչ սպաներ ունեին, բայց եղածն էլ նորմալ չէին օգտագործում: Պատերազմը ստացավ ժամանակակից ձևեր` տեխնիկա էր կիրառվում, էլեկտրոնային ինստիտուտները զբաղվում էին նոր զենքերի ստեղծմամբ, եղածի վերափոխմամբ, օգտագործում էինք սարքավորումներ, որոնք Խորհրդային Միությունը եզակի քանակով ուներ: Պատերազմը ավտոմատներով կռվից արագ վերածվեց ժամանակակից տեխնոլոգիաներով պատերազմի: Կարծում եմ, որ հայերն ավելի են պատրաստ այնպիսի գործողությունների, որոնք պահանջում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Բայց սխալ կլինի կարծել, թե ադրբեջանցիները վախկոտ էին, որոշ տեղերում կատաղի դիմադրություն են ցույց տվել, լավ ստորաբաժանումներ էլ են ունեցել, որոնք, սակայն, ընդհանուրի փոքր մասն էին կազմում:

– Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնեցիք իրար հաջորդող պարտություններիշրջանում, բայց Ձեր պաշտոնավարման ընթացքում պատերազմում բեկում տեղի ունեցավ, ևսկսվեցին իրար հաջորդող հաղթանակները: Ինչպե՞ս կատարվեց այդ ամենը:

– Մեր ռազմական գործողություններով սկզբում փայլուն հաղթանակներ ունեցանք` Շուշիի և Լաչինի ազատագրումը: Որից հետո մեծ պարտություններ կրեցինք Շահումյանի շրջանում, ընդ որում, կասկած կար, որ ադրբեջանցիներին ռազմատեխնիկայով աջակցում են Խորհրդային Միության զինվորականները: Հետո կորցրեցինք Մարտակերտը, հետո ամբողջ ռազմաճակատով սկսեցինք նահանջել: Անելանելի վիճակ էր: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց մահապարտների գումարտակի ստեղծման մասին: Ինչքան հիշում եմ, մոտ 300 հոգի հավաքագրվեց: Այդ ջոկատը մի պահ կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը, բայց կյանքը ցույց է տալիս, որ մահապարտներով պատերազմ չես հաղթի: Սակայն բանակի կառուցման հիմքն արդեն դրված էր, և այն ինքնին ներսից կազմավորվում էր: Երբ պաշտպանության նախարար դարձա, արդեն բավական քայլեր կատարվել էին այդ ուղղությամբ: Մի կարևոր հանգամանք կար, որ ինձ տարբերում էր մյուսներից, քանի որ ես քաղաքական գործիչ էի, ինքնուրույն քաղաքական որոշումներ էի ընդունում: Այդտեղ պետք էր համարձակվել, հանդգնություն էր պետք, որ Ղափանում մեր զորքերն առաջ գնան: Ադրբեջանցիներն անընդհատ հարձակումներով հալածում էին ղափանցիներին, հարկավոր էր ազատել Ղափանի դիմացը: Ինքնուրույն որոշում ընդունեցի, որ Ղափանի օպերացիան սկսում ենք: Հետո Մարտակերտը վերցնելու միակ հնարավորությունը Քելբաջարը (ներկայումս Քարվաճառ) վերցնելն էր, առանց որի Մարտակերտը ո՛չ վերցնել կարող էինք, ո՛չ էլ պահել: Կամ գուցե կարողանայինք վերցնել, բայց ոչ պահել: Ղարաբաղը պահելու ապագա բանալին Քելբաջարն էր: Դա էր իմ կարծիքը, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի: Փորձում էինք համոզել հայաստանյան իշխանություններին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին և մյուսներին, որ դա անհրաժեշտ է: Եվ մենք համարձակվեցինք: Այսինքն` բանակի հետևում պետք է կանգնած լինի մարդ, որը կկարողանա ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել, քանի որ առանց այդ քաղաքական որոշումների առաջ գնալ հնարավոր չէ: Երրորդ հանգամանքն այն էր, որ բանակում հազարավոր տղաներ կային, որոնք համոզված էին, որ մենք կարող ենք հաղթել: Մարդիկ իրար նկատմամբ վստահ էին: Կարևոր է, որ չմտածեն, թե բանակի ղեկավարությունը պատերազմը վարում է գումար աշխատելու կամ ընկերներին առաջ բրթելու համար: Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են: Ցանկացած երկրում, անկախ հասարակարգից, մի կառույց կա, որ սոցիալիստական է, դա բանակն է: Մի կողմից` հիերարխիա է, մյուս կողմից` պատերազմի ժամանակ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն զոհվում հանուն ինչ-որ մեկի, այլ հանուն հայրենիքի: Կարծում եմ` այս մթնոլորտը ստեղծվեց: Քելբաջարի օպերացիայից հետո բեկում տեղի ունեցավ, կարող էինք գնալ այնքան, ինչքան ուզում էինք: Ադրբեջանական բանակն արդեն քանդվել էր:

– Շատերն են ասում, որ կարող էինք շատ տարածքներ ազատագրել, տարածքներ չկորցնել,ինչը չարվեց: Ինչու՞:

– Դրա մեջ մի քիչ չափազանցություն կա: Ճիշտ է, դիմացինը կոտրված էր: Վերցնելը շատ հեշտ է, պահելն է դժվար: Կարող ես առաջ գնալ, հետո մի այնպիսի հարված ստանալ, որ վազելով անգամ չկարողանաս հետ գալ: Առանց թիկունք ունենալու, առանց համապատասխան միջոցառումների շատ վտանգավոր էր առաջ գնալը: Եթե ֆանտաստիկա լիներ ու մտնեինք Բաքու և Ադրբեջանը կապիտուլյացիայի թուղթ ստորագրեր, այլ բան: Բայց եթե դա հնարավոր չէր, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, չեմ կարծում, որ իրավիճակը ֆունդամենտալ փոխվեր:

– Եթե համեմատենք այսօրվա և 90-ականների բանակը, ի՞նչ նմանություններ ևտարբերություններ կտեսնենք:

– Քանի որ հիմա բանակի հետ քիչ շփումներ ունեմ, ինձ համար էլ է դժվար ասել: Եթե խոսքը ներքին կարգապահության մասին է, ապա լավագույն ներքին կարգապահություն բանակում լինում է պատերազմի ժամանակ, երբ մարդիկ միասին գործ են անում: Հիշում եմ` Քելբաջարի գործողություններից հետո հրամանատարները գալիս էին ինձ մոտ ու առաջարկում նոր օպերացիա մշակել: Ասում էին, որ հենց մնում են առանց ռազմական գործողությունների, սկսվում են ներքին պառակտումներ, տղայական խոսակցություններ: Մի քիչ զարմանալի է, բայց պատերազմական իրավիճակը նպաստում է կարգապահությունը պահելուն: Հետո խաղաղ պայմաններում կարգապահությունը բարձր չէր բանակում: Տարիների ընթացքում կարգապահությունն ավելացավ, այդ մեկը որ տեսնում եմ: Պարզապես անցած տարի կարծես թե պոռթկում եղավ, ինչն ինձ համար անհասկանալի է: Ես մտքումս որոշել էի, որ բանակը գնում է կարգապահության վերելքի: Չգիտեմ: Թվերը նվազում են, բայց արձագանքն է ուժեղանում, գուցե լավ է, որ հասարակությունն այսպես է արձագանքում: Մենք այն ժամանակ կերազեինք, որ այսպիսի բանակ ունենայինք, սպաներով և այլն, և այլն: Բանակն իրականում ստուգվում է պատերազմի դաշտում: Բայց Աստված հեռու պահի, որ մենք ստիպված լինենք ստուգելու մեր բանակը պատերազմի դաշտում: Եվ հետո, ես մի քանի անգամ ասել եմ, որ բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը: Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունես, տնտեսական ցուցանիշները, ՀՆԱ մակարդակը, որքան և ինչ ռազմատեխնիկա ունես, քանի զինվոր ունես և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով ենք նվիրված մեր ազգային գաղափարներին, ինչքանով ենք միասնական, ինչքանով ենք կարողանում կարգուկանոն ապահովել, մարդիկ որքանով են հավատում իրենց երկրի ապագային: Այն ժամանակ հաղթեցինք` երկրորդ փակագիծը մեծացնելով: Հիմա այդ փակագիծը մեծ է, թե ոչ, հատուկ ուսումնասիրության հարց է: Որովհետև մարդիկ չեն կարող, իրենց երկրի ապագային չհավատալով, ներքին վստահություն չունենալով, առանց միասնականության հաղթել. ինչ զենք էլ որ ունենան: Հետևաբար, այդ փակագծի նկատմամբ պետք է ուշադիր լինել: Առաջին փակագիծը տեսնելը շատ հեշտ է, հետախուզությունը միանգամից ասում է:

– Բանակում ի՞նչ խնդիրներ կան, որոնք, ըստ Ձեզ, լուծման կարիք ունեն, ի՞նչփոփոխություններ են հարկավոր:

– Նախ, եթե խոսենք առաջին փակագծից, կարծում եմ, որ մեր բանակին ժամանակակից զենքի տեսակներ են պետք, և կարծում եմ` արժի, որ որոշ տեսակներ էլ հենց Հայաստանն արտադրի: Մեծ զարկ պետք է տալ դրան: Երկրորդը` կարգապահությունն է, և երրորդը բանակից դուրս հարց է: Պետությունն իր քաղաքացիների կողմից պետք է սիրված լինի, մարդը պետք է հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է: Եվ հաջորդը` կամաց-կամաց պետք է անցնել պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ավելացման:

– Հայաստանի պես երկրում հնարավո՞ր է միայն պրոֆեսիոնալ բանակ ունենալ:

– Դժվար կլինի: Դեմոգրաֆիայի տեսանկյունից էլ չենք կարող բոլորին ընդգրկել բանակում: Պետք է միաժամանակ երկուսն էլ լինեն` ոչ մեծ թվով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, բայց նաև բոլոր 18 տարեկանները զորակոչի ենթակա լինեն, գնան ծառայեն, որպեսզի երբ պատերազմական իրավիճակ լինի, մոբիլիզացիան հեշտ լինի, գնան իրենց հայրենիքը պաշտպանելու:

– Իսրայելում նաև աղջիկներն են ծառայում, մեզ մոտ այդ մասին անգամ չի խոսվում:

– Աղջիկները շատ հավեսով կծառայեին, ու չեմ կարծում, թե աղջիկներն ավելի վատ զինվոր են, քան տղաները: Չգիտեմ, թե ինչու չի քննարկվում, պարզապես այդ ժամանակ էլ լուծում պահանջող այլ խնդիրներ կլինեն:

– Բանակ-հասարակություն կապ կա՞ արդյոք, և արձագանքը տեղի ունեցող դեպքերինադեկվատ ե՞ք համարում:

– Արձագանքը երբեմն չափազանցված է, քանի որ Հայաստանում կան ուժեր, որոնք առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Բայց այդպիսի իրավիճակ կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կարևորն այն է` ճիշտ է, թե սուտ լուրը: Եթե ճիշտ է, կարելի է մոռանալ, թե ինչ նպատակով է ասվել: Պետք է պայքարել նման երևույթների դեմ: Սխալ է նաև թաքցնելը միայն այն բանի համար, որ հանկարծ հակառակորդը չիմանա: Պետք է ուժեղ լինես իրականում, ոչ թե ձևացնես, թե ուժեղ ես: Բանակին մի քիչ քնքշությամբ եմ վերաբերվում և ամեն վատ խոսքը կարծես սիրտս վառի, բայց մյուս կողմից` ճիշտ ասվածը պետք է հաշվի առնել, բանակը վերակառուցել, դարձնել ավելի կարգապահ: Բանակը հասարակության մի մասն է, բոլորը մեր երեխաներն են, ծանոթներն են: Եվ բնական է, որ բանակ-հասարակություն կապը կա:

– Կրթական համակարգը, ընտանիքը նոր սերնդին որքանո՞վ են պատրաստում բանակումծառայելուն:

– Կախված է ընտանիքից, դպրոցից: Միարժեք ասել հնարավոր չէ, բայց հայերի մեջ բնական հայրենասիրություն կա, որի վրա շատ մեծ ուժ կարելի է կառուցել: Հիմա մեր ռազմաճակատը ներքին տնտեսությունն ու քաղաքականությունն են: Եթե կարողանանք տնտեսությունը զարգացնել, որ մարդիկ կարողանան ավելի լավ ապրել, աշխատանք ունենան, տեսնեն, որ երկրում արդարություն կա, կաշառակերությունը քիչ լինի, երևի այդպիսի պայմանների դեպքում ավելի ուժեղ կլինենք: Այդտեղ է հարցի լուծումը: Մի տանկ ավելի, մի տանկ պակաս, հարց չի լուծում:

– Որոշ մասնագետներ խոսում են բանակի այլ` ազգային կամ արևմտյան մոդելին անցնելուանհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք այդ մասին: Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը: Անկախ

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին

արտավազդ սահակյանՄիկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ  պատահարներից  ու հիվանդություններից անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ  քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան  ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի  պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության.  որովայնի խոռոչում  և կրծքավանդակում վիրահատություն էի  կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը`  հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է,  ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է`  ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր  առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը,  և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով  միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի  ծայրահեղ իրավիճակներում կարողանանք  լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական  հոսպիտալներում  կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո  վիրավոր վիճակում  մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին`  ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ  իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ  Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները  պլաստիկ վիրահատության դիմում են   նաև  լոշտակության  կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները,  ճաղատության հարցերով: Շատ են  կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա  ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը  վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ  ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել,  որ գումար աշխատի, ինչի հետևանքով  «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ  թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում,  ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք  օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե  որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով,  ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ