Հայաստանը` կինոաշխարհի մեկշաբաթյա կենտրոն. 10-րդ Ոսկե ծիրանի անակնկալները

կինոփառատոն10-րդ Ոսկե ծիրանը Հայաստանի վրա է կենտրոնացրել ողջ աշխարհի մշակութային հանրության ուշադրությունը: Այս տարի կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթի երեք` կարճամետրաժ, խաղարկային և վավերագրական անվանակարգերի համար ներկայացվել է 23 ֆիլմ: Միջազգային խաղարկային մրցույթին` 13, Վավերագրական ֆիլմերի մրցույթին` 11, Կորիզին` 47, Տարածաշրջանային ֆիլմերի միցույթին` 11 ֆիլմ:

Այս տարի Ոսկե ծիրանի հատուկ հյուրերի թվում են աշխարհահռչակ ռեժիսորներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստերլինգը, Փոլ Քորդին:

Մարգարեթե ֆոն Թրոթա. Դերասան եմ դարձել ռեժիսոր դառնալու համար

Գերմանացի կինոռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթան  համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար պարգևատրվեց «Փարաջանովյան թալերով»: Մրցանակը ռեժիսորին հանձնեց Ոսկե ծիրան կիոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնի ընթացքում  «Փարաջանովյան թալեր» մրցանակ կստանան նաև  Շառլ Ազնավուրը, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը:

Մարգարեթե ֆոն Թրոթան  նշեց,որ վերջերս նվեր է ստացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որը կարդալուց հետո մեծ ցանկություն է ունեցել տեսնել Հայաստանը:  Եվ զուգադիպությամբ այդ ժամանակ էլ Ոսկե ծիրանից հրավերք է ստացել Հայաստան այցելելու: «Երջանիկ եմ այստեղ լինելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը պատմեց, որ ինքն աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով: 60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը: «Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննադատ  լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

կադր Հաննա Արենդտ ֆիլմից

կադր «Հաննա Արենդտ» ֆիլմից

«Հաննա Արենդտ»-ը  հրեական ծագումով  գերմանացի կին փիլիսոփայի մասին է, որն ամուսնու հետ հազիվ է փրկվել համակենտրոնացման ճամբարից ու հաստատվել ԱՄՆ-ում:  1961-ի Հաննան Իսրայել է մեկնում`  «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանելու  Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր է դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ մտածելու ունակությունից զրկված բյուրոկրատ  մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի  հոդվածի պատճառով նրանից երես են թեքում ընկերները, տունը ողողվում է սպառնալից նամակներով, համալսարանում էլ պահանջում են, որ նա հեռանա և հրաժարվի իր դասաժամերից: Բայց այնուամենայնիվ Արենդտը չի փոխում իր կարծիքը` հայտարարելով, որ նորից լուսաբանելու դեպքում էլի նույնը կգրեր:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

«Սև հինգշաբթի»  ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների  հետ այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար: Արտամրցութային ծրագրով այս տարի  հանդիսատեսին կներկայացվեն լեհական, ռուսական և վրացական ֆիլմեր:

Անտոնի Կրաուզեի  «Սև հինգշաբթի»  ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Այն  1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը: Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները: Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

Լեհական ֆիլմերի ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև Մաչեյ Ադամեկի «Լուսանկարը» ֆիլմը:

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

Ոսկե ծիրանի ընթացքում արտամրցութային ծրագրով կներկայացվի 6 ռուսական  ֆիլմ`«Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» (Բորիս Խլեբնիկով), «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

Ուշագրավ է  Վլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը, որը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել: «Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

Ոսկե ծիրանը կամփոփվի հուլիսի 14-ին, երբ կհայտարարվեն հաղթողները և կցուցադրվեն մրցանակակիր ֆիլմերը:

Հ.Գ.

«Անկախ»-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում բաց չթողնել մի քանի մրցութային ֆիլմերի ցուցադրությունները` «Հողի կանչը» (Մառլեն Էդոյան), «Վ… այսինքն Վեռնոյ» (Արտո Փեհլիվանյան), «Սարոյանլենդ» (Լուսին դինք): Ֆիլմերը հայկական համայնապատկեր մրցույթին են ներկայացված` երկուսը` վավերագրական, երրորդը` խաղարկային անվանակարգերում:

Խնամատար ընտանիքը` արդյունավետ այլընտրանք մանկատանը

OLYMPUS DIGITAL CAMERAԳեղարքունիքի մարզի բնակիչ Շողիկ Թադևոսյանն ու ամուսինը` Ջոնը, երկու տղա ունեն, որոնք արդեն ամուսնացել են և իրենց երեք թոռ պարգևել:  Ամուսիններով միշտ ցանկացել են աղջիկ ևս ունենալ, բայց չեն ունեցել: Երբ 2005-ին լսեցին, որ կարող են մանկատան որևէ երեխայի համար խնամատար ընտանիք դառնալ, անմիջապես համաձայնեցին:

«Այն ժամանակ տղաներս դեռ պսակված չէին, համաձայնեցին, թե քույր չենք ունեցել, թող մեզ քույր լինի: Բոլորով որոշեցինք ու աղջկան մեզ մոտ վերցրեցինք»,- պատմում է տիկին Շողիկը` հավելելով, որ իրենց բնակավայրից այլ ընտանիքներ ևս խնամատար ընտանիք դառնալու ցանկություն հայտնել են, բայց միայն իրենք են մինչև վերջ գնացել:

Աղջիկը 2006-ից Թադևոսյանների ընտանիքում է ապրում, աստեղից է դպրոց գնացել: Այս տարի փոխադրվեց 6-րդ դասարան: Տիկին Շողիկը պատմում է, որ դասերը միասին են անում, որ առարկաներից որ երեխան դժվարանում է` ինքն է օգնում:

Խնամատար ընտանիքը երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը պահպանում է, ամառային արձակուրդներին աղջնակը տատիկին հյուր է գնում մեկ-երկու ամսով, իսկ հետո էլի վերադառնում խնամատար ընտանիք, որն արդեն հարազատ է դարձել:

Տիկին Շողիկն ասում է, որ իրենց որոշման համար ոչ մի վայրկյան չեն զղջացել, դեռ ավելին, երեխայի չափահաս դառնալուց հետո իրենց առանց նրա չեն պատկերացնում: «Մեր երեխայի պես պահում ենք: Մի քիչ չար է, բայց դե երեխա է, մեր երեխան է: Այսպես գիտենք, որ մի լավ բան ենք արել, դա ամենամեծ բանն է մեզ համար,- ասում է տիկին Շողիկը:- Խորհուրդ կտամ բոլոր ընտանիքներին հնարավորության դեպքում  մի երեխայի խնամատարություն անել: Որ գիտես, մի երեխա էլ մանկատնից կփրկես, արդեն իսկ մեծ բան է: Շատ լավ ծրագիր է»:

Տիկին Շողիկը պատմում է, որ մինչ երեխային տուն բերելը երկարատև վերապատրաստումներ են անցել: Բացի այդ, սկզբում շուտ-շուտ ստուգումների էին գալիս: Բայց հիմա այլևս տարին մեկ անգամ են գալիս: Իրենց, օրինակ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը և երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժնի ներկայացուցիչը մի ամիս առաջ են այցելել` աղջկա տատիկի մոտ գնալուց առաջ:

Խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց…

Խնամատար ընտանիքների փորձնական ծրագիրը` «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, մեկնարկել է 2005-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ  այն իրականացրել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը:  Ծրագրի հիմնական նպատակն է, որ երեխան մեծանա ընտանիքում, ոչ թե որևէ հաստատությունում, միաժամանակ պահպանելով կապը կենսաբանական ընտանիքի հետ:

Փորձնական ծրագիրն իրականացվել է Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Բոլոր համայնքերում ծրագրի մասին իրազեկում է իրականացվել: Մանկատան երեխաներից  մեկի խնամքը ստանձնել ցանկացող ընտանիքների ուսումնասիրություն է կատարվել, և ընտրվել են ընտանիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են պահանջներին: Ամենակարևոր պահանջներից է, որ ընտանիքը կայուն ֆինանսական եկամուտ ունենա և կախված չլինի երեխայի խնամատարության համար վճարվող 70-80 հազար դրամից: Ընտանիքների վերապատրաստումներ են իրականացվել. իրավաբանական, որ իմանան, թե ցանկացած խնդրի դեպքում ուր կարող են  դիմել, հոգեբանական, որ իմանան, թե հնարավոր այս կամ այն իրավիճակում իրենց ինչպես պահեն: Երեխաներին, սակայն, ընտրել են ոչ թե ընտանիքները, այլ մասնագետներն են որոշել, թե կոնկրետ երեխայի կարիքներին որ ընտանիքն է առավել բավարարում:

Ծրագիրն ամբողջությամբ պետությանն է հանձնվել 2010-ից: Այժմ խնամատար ընտանիքներում է գտնվում 25 երեխա:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տվյալներով` իրենց կողմից խնամատար ընտանիքներ ուղարկված երեխաներից 9-ը ներկայումս գտնվում են խնամատար ընտանիքում, ևս 6-ը 18 տարին լրանալուց հետո էլի խնամատար ընտանիքում են գտնվում (պետությունը 18 տարին լրանալուց հետո ընտանիքին որևէ կերպ չի աջակցում, չի վերահսկում), 10-ը վերադարձել են կենսաբանական ընտանիք, 2-ը վերադարձել են մանկատուն, իսկ 4-ը 18 տարին լրանալուց հետո այլ հաստատություններ են տեղափոխվել:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի խնամատարության ծրագրի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանում խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է. «Ունեցանք դեպքեր, երբ երեխան մնաց խնամատար ընտանիքում, աշխատեցինք կենսաբանական ընտանիքի հետ, և երեխան վերադարձավ կենսաբանական ընտանիք, ունեցանք դեպքեր, որ մինչև 18 տարեկանը երեխային պահեց խնամատար ընտանիքը, քանի որ օրենքով մինչև 18 տարեկանն է նախատեսված պահել, և հիմա էլ շարունակում է պահել այդ երեխային առանց պետությունից որևէ աջակցություն ստանալու: Բայց ինքն իր առջև բարոյական պատասխանատվություն է  զգում: Ունենք ընտանիք, որ պատրաստվում է այդ երեխային բանակ ուղարկել, ունենք ընտանիք, որ ասում է` մինչև աղջկան չամուսնացնի ու օժիտ էլ չտա, իր տնից դուրս չի հանի:  Իհարկե, եղան նաև դեպքեր, երբ դա երեխայի համար այնքան էլ լավ տարբերակ չէր»:

Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ առաջին հայացքից գուցե տարբերություն չկա` երեխան ժամանակավորապես խնամատար ընտանիքում է, թե մանկատանը, սակայն իրականում տարբերությունը մեծ է. «Խնամատար ընտանիքը երեխային սովորեցնում է լինել ընտանիքի մարդ: Օրինակ` ծնողը երեխային չի սովորեցնում, որ կարտոֆիլը նախ պետք է լվանալ, կեղևահան անել, նոր խաշել կամ տապակել: Երեխան դա սովորում է տեսնելով: Հաստատությունում երեխան զրկված է դրանից, նա միանգամից պատրաստի արդյունքն է տեսնում: Ընտանիքում երեխան սովորում է, թե որն է հայր լինելը, մայր լինելը, ինչ է նշանակում ճիշտ ծնող լինել, հարաբերվել տատիկ-պապիկի կամ քրոջ, եղբոր հետ»:

Նա  պատմում է, թե ինչպես է երեխաներից մեկը զարմացել, երբ խնամատար ընտանիքում մայրը հարցրել է, թե ինչ կուզի ուտել, ապա առաջարկել է որոշել` ձվածե՞ղ պատրաստի, թե՞ ձուն խաշի: Մանկատանն ուտում են այն, ինչ տալիս են, ընտրության հնարավորություն չկա:«Երբ տեսնում ես, որ երեխան ընտանիքում իրեն լիարժեք է զգում, ապահով է, իր մասին հոգ են տանում ու սիրում, էլ էդ 70-80 հազարի մասին չես մտածում»,- ասում է Տեր-Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` ծրագիրը համապետական մակարդակով իրականացնելու դեպքում բավարար քանակությամբ ընտանիքներ կհավաքվեն, եթե իրազեկում կատարվի, ինչպես փորձնական ծրագրի դեպքում :

Սակայն, եթե  փորձնական ծրագրի ժամանակ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը ընտանիքներին սոցիալական աշխատողի ծառայություն է մատուցել, ապա այժմ պետությունը նման ծառայություն չի մատուցում, ընդամենը ընտանիքներին սահմանված ամենամսյա գումարն է հատկացնում: Ընտանիքներն էլ, հարկ եղած դեպքում էլի ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն են դիմում, խորհուրդ հարցնում: Տեր-Հովհաննիսյանի կարծիքով` առանց համապատասխան աջակցության և վերահսկողության` ծրագիրն ի վերջո կձախողվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ևս կարծում է, որ խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց…

Խնամատար ընտանիքների թիվը, ըստ Ղազարյանի, չեն ավելացնում, քանի որ չունեն վերահսկողության հնարավորություն այդ ընտանիքներում: «Եթե երեխան հաստատությունում է, ապա նրա խնամքի կազմակերպման համար բավական ռեսուրսներ կան, վերահսկողությունն էլ տարբեր գերատեսչություններ են իրականացնում, մոնիթորինգ  է կատարվում: Խնամատար ընտանիքում վերահսկողությունը վերապահվում է համայնքին, իսկ համայնքում  դեռևս համայնքային սոցիալական ծառայությունը չունի մարդկային և  ֆինանսական ռեսուրսներ, որ ապահովի անհրաժեշտ  մոնիթորինգը և վերահսկողությունը»:

Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, խնամատար ընտանիքի վերահսկողությունը բարդ չէ, եթե լինի համապատասխան ծառայություն. «Ասում են, որ մանկատունը բաց է, և կարող են գնալ ու տեսնել երեխայի որպիսությունը: Բայց ե՞րբ գնացիր խնամատար ընտանիք ու  չտեսար»:

Ըստ Ղազարյանի` սա չի նշանակում, որ  մերժում ենք խնամատարության ինստիտուտը, բայց մեր ազգային մտածողությանը շատ ավելի մոտ է խնամակալության ինստիտուտը:

Ընթացքի մեջ է ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցման գործընթացը: Նախատեսվում է,որ մեկ-երկու տարվա ընթացքում ծառայությունը կկայանա, այսինքն` կլուծվի համայնքի մակարդակում խնամատար ընտանիքների վերահսկողության խնդիրը: Հարցին, թե դրանից հետո արդյոք նախարարությունը կընդլա՞յնի խնամատար ընտանիքների կազմը, Ղազարյանը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ դա լուրջ մասնագիտական քննարկման խնդիր է, խնամատար ընտանիքի մոդելը զարգացման կարիք ունի մեթոդաբանության տեսակետից, օրենսդրական տեսակետից»:

Հարցին, թե ինչ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, պատասխանում է` անհրաժեշտ օրենսդրական փոփոխության:

Ինչո՞ւ պետությունը չի ցանկանում գումար խնայել

Նշենք, որ ըստ հետազոտությունների` մեկ երեխայի խնամքը մանկատանը տարեկան արժե մոտ 6 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում`  մոտ 3500 դոլար,  խնամատար ընտանիքում` 2500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ:

Ներկայումս Հայաստանում գործում է 6 մանկատուն, որտեղ 718 երեխա է ապրում, երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն, որտեղ 730 երեխաներ են գտնվում,  սոցիալական հոգածության   3 կենտրոն, որտեղ 300 երեխաներ են խնամվում, Ժամանակավոր խնամքի մեկ կենտրոն, որտեղ 13 երեխա է ապաստանել:

Խնամատար ընտանիքում երեխային մեծացնելը  պետությանը պետք է որ շահավետ լիներ, քանի որ առնվազն կրկնակի էժան է, բացի այդ, երեխան ընտանիքում է մեծանում, ինչը երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է:

ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված

Արա ԻսպիրյանԱվարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ  հիմնականում չկան: 

Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է  Գնահատման և թեստավորման կենտրոնի  արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

–Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:

– Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:

Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա  քննությունների հետ, որոշ առարկաների մասով  մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն»  և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի   յուրաքանչյուր  առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:

Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:

-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:

-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:

–Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:

– Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:

-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:

-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ  անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ  լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ,  այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված  բովանդակության չափով  և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ  ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում  ընդամենը  վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում   վերլուծելու, հասկանալու համար:

Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:

-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք  սա նշանակում է,  որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:

-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է  անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն,   միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:

Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:

-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:

-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում  և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:

-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով  նորամուծություններ կա՞ն:

-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները  նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել:  Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել,  թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:

–Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:

-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ:

Համազգային կարճատեսություն. պատճառը թողած հետևանքն ենք քննադատում

haykuhiԵրթուղայինում պատահաբար լսեցի երկու այլ անձանց խոսակցությունն ու անմիջապես զղջացի, ավելի լավ էր ոչ լսեի, ոչ էլ նյարդայնանայի:

Մի երիտասարդ աղջիկ` 4-5 տարեկան երեխան գրկին, հպարտ հայտարարում էր, որ իր տղային չի թողնելու, որ գնա ու բանակում ծառայի: Պատճառաբանում էր, թե բանակում կատարվող դեպքերը տեսնելով հաստատ որոշել է` տղային բանակ չի ուղարկելու:

Քաղաքակիրթ  եսս հաղթեց ու ինձ թույլ չտվեցի միջամտել այլոց խոսակցությանը, որը պետք է լսած չլինեի: Փոխարենը սկսեցի մտածել, թե արդյո՞ք դա լուծում է, ու ինչպե՞ս են մարդիկ մտածում, որ տեսնում են մեդալի միայն մի երեսը, այն էլ ոչ  ամբողջությամբ` միայն մի փոքրիկ հատվածը, տեսնում են հետևանքը, բայց չեն մտածում պատճառների մասին:

Լավ, ասենք թե տղայիդ բանակ չուղարկեցիր, դրանով խնդիրը լուծվ՞եց: Իհարկե ոչ:

Նույն սկզբունքին հետևելով նախ պետք է տղայիդ մանկապարտեզ չուղարկես. տեսե՞լ եք, թե մանկապարտեզում երեխաներն ինչ խաղեր են խաղում: Երեկոյան ինչ սերիալ տեսնում են, հաջորդ օրը նույնն էլ խաղում են: Ամռանը, երբ հանկարծ տանն եմ լինում ու հետևում հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների խաղին, սարսափում եմ`գողական-գողական են խաղում,  կրակում են իրար, իբրև թե հարց են լուծում` իրար քաշքշելով ու այդպես շարունակ` մի խոսքով կրկնում են այն ամենը, ինչ երեկոյան տեսել են սերիալներով:

Նույն սկզբունքով շարունակելով` երեխային նաև չդպչոց չպետք է ուղարկել: Տեսել եք, թե դպրոցում աշակերտներն ինչ դաժանությամբ են իրար ծեծում, պարբերաբար նման դաժան հոլովակներ են հայտնվում համացանցում: Նախորդ տարի 9-ամյա ազգականս մեկ շաբաթ շարունակ դպրոցից կապտուկներով էր տուն գալիս: Չնայած 3 դասարանցի էր, բայց պարզվեց դասարանում մի քանի հոգով կռիվ են տալիս այսպես կոչված գողականի դիրքի համար:

Երբ դպրոցական էինք, մեր հասակակից տղաներից ոմանք, որ իրենց «լավ տղա» էին համարում, հեշտ ապրուստի միջոց էին գտել` գյուղերից եկող երիտասարդներին դանակի սպառնալիքով ու ծեծով սպառնում էին` պարտադրելով գումար վճարել քաղաքում անվնաս քայլելու համար: Վստահաբար նույն վիճակը շարունակվում է նաև հիմա, եթե իհարկե, ավելի սարսափելի չէ: Այսինքն տան դռնից դուրս երեխայի համար ապահով միջավայր չկա:

Ստացվում է,  մանկապարտեզից սկսած մենք հանցագործների ենք մեծացնում, բայց բանակ ուղարկելիս ակնկալում ենք, որ այնտեղ պիտի վերափոխվեն ու այլ մարդ դառնան: Այդ ինչպե՞ս: Որքան գիտեմ, կախարդական փայտիկ ասվածն իրականում գոյություն չունի:

Վերջերս քրեակատարողական հիմնարկներում անչափահասների հետ աշխատողներից մեկը փաստում էր, որ 10-20 տարի առաջ, երբ անչափահասները քրեակատարողական հիմնարկ էին գալիս, գողական ենթամշակույթի կանոնները բանտում  էին յուրացնում, հարմարվում, հիմա արդեն անչափահասները քրեակատարողական հիմնարկ են մտնում արդեն ձևավորված գողական ենթամշակույթով:

Այսինքն, հանրությունը պետք է հասկանա, որ հետևանքը քննադատելով պատճառը չի վերանում, որքան էլ քննադատենք բանակային դեպքերը, մեր երեխաներին դաստիարակենք բանակում չծառայելու ոգով, միևնույն է, ոչինչ չի փոխվի, այդ երեխան, որ բանակից խուսափել է, միևնույն է, ապահով չէ, տան դռնից դուրս նրան սպառնում է ինչ-որ դանակավոր սուտ գողական: Ուստի պետք է սկսել այլ արժեհամակարգով երեխաներ դաստիարակելուց: Ու երբ նորմալ արժեհամակարգով երիտասարդների խմբում նման դեպք տեղի ունենա, արդեն հանգիստ կարող ենք քննադատել ու պահանջել շտկել խնդիրը:

Շտեմարանային քննություններ. «20»-ների թիվն ավելացել է մինչև 182 անգամ

դիմորդներ2Ավարտին է մոտենում միասնական քննությունների առաջին փուլը. հունիսի 21-ին դիմորդները  քննաշրջանի վերջին երկու առարկաներից` «քիմիայից» և «հայոց պատմությունից»  քննություն կհանձնեն:

Այս տարվա քննաշրջանը նախորդներից տարբերվեց դժգոհությունների բացակայություններով, համեմատաբար բարձր գնահատականներով (չհաշված մի քանի բացառությունները) և կանխատեսելիությամբ. այս տարի բոլոր քննական առարկաների (բացի Ընդհանուր պատմություւնից ) թեստերը կազմվել են նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Նախորդ տարի փորձնական «հայոց լեզու և գրականություն»  և «մաթեմատիկա» առարկաներն էին շտեմարանային: Նորարարությունն իրեն արդարացրեց և այս տարի  գրեթե բոլոր  քննական առարկաներից շտեմարաններ հրապարակվեցին:

Այս տարի աննախադեպ պատկեր է «կենսաբանության» դեպքում: Այս առարկայի միջին  գնահատականը 14,5 է նախորդ տարվա 11,4-ի փոխարեն: Այս տարի անբավարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, մինչդեռ 2012-ին անբարար աստացողների թիվը 7,9 տոկոսով ավել էր` 19,9 տոկոս: Իսկ «քսան» ստացողների թիվն այս տարի 182 անգամ ավելացել է. 2012-ին միայն մեկ դիմորդ էր առավելագույն միավոր հավաքել:

«Հայոց լեզվի և գրականության» միջինը 2012-ի համեմատ նվազել է 0,65 նիշով` 13,9-ից դառնալով 13,25: Նվազել է  նաև 20 բալ ստացողների թիվը` 80 դիմորդ նախորդ տարվա 200-ի փոխարեն, իսկ կտրվողների թիվն ավելացել է 3,5 տոկոսով` 5,5-ից հասնելով 9 տոկոսի: Չնայած դրան, դիմորդները և կրկնուսույցները թեստերից չեն դժգոհում` ասելով, որ ավելի բարդ առաջադրանքներ էին սպասում. շտեմարաններում առկա շատ բարդ առաջադրանքները թեստերում չեն ներառվել:

«Մաթեմատիկայից», որն ամենամասսայական քննություններից է ,  ևս դժգոհություններ չկան:  «Մաթեմատիկայի» միջին գնահատականը նախորդ տարվա համեմատ բարձրացել է` 11,97 է նախորդ տարվա 11,6-ի փոխարեն: 24-ով ավելացել է նաև 20 ստացող դիմորդների թիվը` 101 «քսան» նախորդ տարվա 77-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, 2012-ի համեմատությամբ ավելացել է նաև անբավարար ստացած դիմորդների թիվը` 15,5 տոկոսից հասնելով 17 տոկոսի:

Մաթեմատիկայի մասնագետ, կրկնուսույց Սուսաննա Մանուկյանը գնահատականների ծայրահեղության իր բացատրությունն ունի: Նրա խոսքով` կտրվողները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային: Իսկ բարձր գնահատականներ այս տարի շատ են ստացել, քանի որ շտեմարանում առկա շատ բարդ խնդիրները թեստերում չեն ներառվել»:

Մանուկյանի կարծիքով` շտեմարանի երեք հատորներն անգիր անել հնարավոր չէ, դիմորդը պետք է գիտելիք ունենա, որ կարողանա առաջադրանքները լուծել: «Իհարկե, թեստային համակարգը դուրս չի գալիս, զգալով են գրում: Ավելի օբյեկտիվ է, երբ երեխան լուծում  է առաջադրանքը, ապացուցում»,- ասում է Մանուկյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի, կրկնուսույց Սիրվարդ Ավետիսյանը ևս կարծում է, որ մաթեմատիկայի գիտելիքը թեստի միջոցով ստուգելը սխալ է. սովորելու փոխարեն աշակերտը ձգտում է առաջադրանքի պատասխանն անգիր անել:

Իսկ այս տարվա թեստերի մասին Ավետիսյանը դրական կարծիք ունի. միջին գիտելիք  ունեցողը կարողացել է դրական գնահատական ստանալ, իսկ բարձր գնահատականի համար էլ ավելի խորքային գիտելիքներ են պահանջվել:

Հիմքային գիտելիքը կարևորում է նաև կրկնուսույց Էմմա Խանաղյանը. «Շտեմարանով վարժեցնելը բանի նման չէ: Եթե դպրոցական գիտելիքների պաշարը չունենա դիմորդը, բուհում հաստատ խնդիրներ կունենա»:

«Ռուսերենի» միջին  գնահատականը  11,08  է` 1,5 նիշով բարձր նախորդ տարվա ցուցանիշից (10,3): Այս առարկայից անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ նվազել է 7 տոկոսով` 22 տոկոսից հասնելով 15-ի: Նախորդ տարի «ռուսերենից» 20 միավոր ստացողներ չէին եղել, այս տարի 2 դիմորդ առավելագույն միավորներ է հավաքել:

«Աշխարհագրության» միջին գնահատականը 14,5 է: Նախորդ տարի միջինը 12,3 էր` 2,2 նիշով ցածր: Անբավարարների քանակը կրճատվել է 3,7 տոկոսով` 9,7-ից հասնելով 6-ի: Իսկ 20 միավոր ստացած դիմորդներն այս տարի չորսն են:

«Ընդհանուր պատմության»  դեպքում իրավիճակը հակառակն է` միջին գնահատականը նվազել է 0,7 նիշով` 12,2-ից դառնալով  11,5, անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ ավելացել է 5,2 տոկոսով. դիմորդների 20 տոկոսն այս տարի կտրվել է: Իսկ 20 ստացողները նախորդ տարի երկուսն էին, այս տարի միայն մեկը:

Պատմության մասնագետ, կրկնուսույց Նաիրի Մուրադյանի կարծիքով ցածր գնահատականների  պատճառները մի քանիսն են. «ընդհանուր պատմությունից» շտեմարան չի եղել, այսինքն ցանկացած թեստային առաջադրանք նորություն է եղել դիմորդի համար: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ քննական բովանդակությունն է ավելացել, իսկ պատասխանների  տարբերակներն էլ միմյանց  նման են եղել` դիմորդից ավելի մանրամասն գիտելիքներ պահանջելով:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  վստահեցրեց, որ հաջորդ տարի ԳԹԿ-ն հեղինակային խումբ կձևավորի և «ընդհանուր պատմությունից» ևս շտեմարան կհրապարակվի: Իսկ այս տարի պարզապես շահագրգիռ խումբ չի հավաքվել, որ շտեմարան ստեղծի:

«Օտար լեզվի» միջին գնահատականը 15,47 է, 6 առարկաներից` «անգլերեն», «գերմաներեն», «ֆրանսերեն», «իսպաներեն», «իտալերեն», «պարսկերեն»,  կտրվել է դիմորդների ընդամենը 6 տոկոսը, իսկ 20 է ստացել 5,4 տոկոսը` 372 դիմորդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ էլի բարելավվել է:

«Ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները կհրապարակվեն հունիսի 23-ին, իսկ «քիմիայի» և «հայոց պատմության» գնահատականները` հունիսի 26-ին:

Հունիսի 24-ից ԳԹԿ-ում կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի մեկը: Այս փուլին կարող են մասնակցել արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

 

Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Երևանում սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. սահմանապահ զինվորի մեկ օրը

Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:

ժամապահՇուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած  գետնափոր ճանապարհով ընթանալ:

Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:

Ճիշտը բանակ գնալն է

Ներս ենք մտնում այն պահին, երբ զինվորզորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:

Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:

Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ  աշխարհագրության  և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:

Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ  ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:

Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»

հետախույզՀաջորդը  շարահրապարակն է:  Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն  Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել:  Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:

Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել,  նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:

Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես  դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:

Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:

Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի

ծխարանՀրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:

Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:

Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը,  ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:

«Ծխարանում  չորս  մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս  Ստեփանյանին:  Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ  լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:

Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը  ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել  միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում  ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:

«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել:  Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:

 «Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»

զինվորներՀաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:

Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում,  շուտով նաև  զորամիավորումներում մեծ  շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:

«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են  ցանկացած իրավիճակում  պատրաստ լինել  առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում,  ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:

Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:

Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն  գործողություն են  իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով,  խուսանավման ,  հակառակորդին  խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:

Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:

Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:


Բուհերում կրթության գինը մինչև 200 հազար դրամով բարձրացել է, իսկ որա՞կը…

Տիկին Կարինեի որդին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, ապագա ծրագրավորող: Ասում է, որ մասնագիտություն ընտրելիս փորձել են այնպիսին ընտրել, որ հեռանկարային լինի և ավարտելուց հետո անգործ չմնա: Տիկին Կարինեն մանկավարժ է, աշխատում է դպրոցում: Եթե որդին ընդունվի, կդառնա ընտանիքի երկրորդ ուսանողը, իսկ դա արդեն մեծ հոգս է ընտանիքի համար: «Ծնողի համար շատ դժվար է, բայց կաշվից էլ դուրս գալով փորձում ենք այնպես անել, որ երեխաներն ապագա ունենան»,- ասում է նա` հավելելով, որ ուսման վարձավճարներն ու ծնողների աշխատավարձերն անհամատեղելի են:

Կարինեի հույսն այն է, որ  որդին անվճար կընդունվի, և հարկ չի լինի մտածել վարձավճարը հայթայթելու մասին:  Իսկ եթե վճարովի համակարգում ընդունվի, ապա կգնա,  բանակում կծառայի, կվերադառնա, նոր կշարունակի ուսումը. մինչ այդ ավագ քույրն արդեն ավարտած կլինի:

Տիկին Նաիրան էլ մեզ հետ զրույցի պահին որդու հետ փորձում էր որոշում կայացնել, թե ԵՊՀ որ ֆակուլտետն ընտրեն. մաթեմատիկայի՞, թե՞ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի: Ասում է, որ Հայաստանում աշխատավարձերը և ուսման վարձերը սարի ու ձորի տարբերություն ունեն, ուստի չեն էլ մտածել վճարովի համակարգում ուսանելու տարբերակի մասին. հույս ունեն, որ որդին, ինչպես և ավագ եղբայրը, անվճար համակարգում կսովորի:

եպհ1Այս տարվա առաջինկուրսեցիները ստիպված կլինեն մինչև 150 հազարով ավելի վճարել իրենց ուսման համար:

Վարձավճարները կտրուկ են բարձրացել ԵՊՀ-ում. այստեղ բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ վարձավճարն ավելացել է 100 հազար, իսկ որոշ ֆակուլտետներում էլ 150 հազար դրամով: Այսպես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում վարձավճարն այս տարի կլինի 500 հազար` ի տարբերություն նախորդ տարվա 300 հազար դրամի, Սերվիս   ֆակուլտետում` 450 հազար  նախորդ ուսումնական տարվա 300 հազարի փոխարեն: Այժմ  ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 400 հազար դրամն է:

Թանկացումներով հաջորդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,  որտեղ  վարձավճարները բարձրացել են 60-140 հազար դրամով: Այստեղ, օրինակ` «գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը յուրացնելու համար ուսանողները ստիպված կլինեն վճարել 560 հազար դրամ նախորդ տարվա 420 հազար դրամի փոխարեն: Վարձավճարների նվազագույն շեմը 450 հազար դրամն է:

Երրորդ տեղում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ  բոլոր ֆակուլտետներում վարձավճարներն ավելացել են 100 հազար դրամով, և այս բուհում վարձավճարների նվազագույն շեմը 500 հազար դրամն է:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսումը թանկացել է 60-70 հազար դրամով: ՀՊՃՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 2013-2014 ուսումնական տարվա համար 402 հազար դրամն է:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում ուսումը թանկացել է  60 հազար դրամով,  վարձավճարների նվազագույն շեմը 360 հազար դրամ է:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վարձավճարներն ավելացել են  10-40 հազար դրամով` 240 հազար դրամ նվազագույն շեմով:

Ուսումը 100-200 հազարով թանկացել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 50-70 հազար դրամով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ginՎարձավճարներն այս ուսումնական տարում անփոփոխ են մնացել Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում (580-800 հազար դրամ), Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (բոլոր ֆակուլտետներում ուսման վարձը 400 հազար դրամ է), Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (նվազագույն շեմը` 260 հազար):

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ուսման վարձի թանկացումն ինքնապատակ չէ, կրթությունն ունի իր գինը, իսկ  վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից.  «Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձը բարձր լինի, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանն էլ, անդրադառնալով ուսման վարձերի և աշխատավարձերի տարբերությանը, ասում է. «Գիտենք,որ հուլիսի 1-ից լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում  շուրջ 30 տոկոսի չափով: Կասեք, թե դա բավարար չէ, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գինը»:

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի խոսքով. «Որակյալ կրթությունը  թանկ է, բայց… բայց , և այդ բայցերը պետք է հաշվի առնել»: Ղուկասյանն ասում է, որ վարձերի այդչափ բարձրացումը կարող է մատչելիության առումով խնդիրներ ստեղծել և դիմորդները պակասեն:

Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում սոցիալական  ծրագրեր, համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի կրթությունը շարունակի մատչելի մնալ հանրության լայն շերտերի համար: «Որակյալ կրթության համար պետք է թանկ վճարել,  այլ հարց է`  ի վիճակի՞ է արդյոք ՀՀ քաղաքացին վճարել դրա համար,- ասում է Ղուկասյանը:-  Ամեն դեպքում 100 հազարով  թանկացումը մեծ գումար է,  հույս ունեմ, որ կրթության որակն էլ կլավանա»:

Բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար նախագահի նախաձեռնությամբ գործում է ուսանողական վարկերի նախագիծը: Առևտրային բանկերն առաջարկում են ուսանողական վարկեր առավելագույնը 1 800 000 դրամի չափով: Ըստ այդմ` բանկը կարող է   4 տարվա ընթացքում 4 անգամ փոխանցում կատարել բուհի հաշվեհամարին առավելագույնը 450 հազար դրամի չափով` կախված վարձավճարից: Վարկի հատկացման համար հարկավոր են երկու երաշխավորներ, որոնցից մեկը պետք է ուսանողի ծնողը լինի: Վարկը հատկացվում է մինչև 10 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ուսման տարիներին վճարվում են միայն տոկոսադրույքները, իսկ ուսումնառության ավարտից հետո սկսվում է վարկի մայր գումարի  մարումը:

Ծրագիրը ենթադրում է, որ պետբյուջեից կսուբսիդավորվի վարկի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմության դեպքում` 3 տոկոսը: Նմանատիպ պայմաններով  ուսանողական վարկեր  են տրամադրում, օրինակ, «Անելիք», ՎՏԲ,  «Արարատ», «Կոնվերս» բանկերը:

Ուսանողական վարկերին, սակայն, ծնողները թերահավատորեն են վերաբերվում, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխան բուհն ավարտելուց հետո աշխատանք կկարողանա գտնել: Ստացվում է, որ կրթության մատչելիության խնդիր ունեցող ուսանողները, օրինակ, ստիպված կլինեն ընտրել մանկավարժական համալսարանը, մինչդեռ ԿԳ նախարարը պարբերաբար հայտարարում է, որ մեր երկրին նոր մանկավարժներ պետք չեն. կադրերի ավելցուկ կա:

 

 

Երբ թշնամին ներսից է լինում

haykuhiԵրբ ֆեյսբուքյան էջս բացեցի ու  պատիս վրա ընկերներիս գրառումներում հանդիպեցի գնդապետ Բուդաղյան անունը և ինչ-որ կրակահերթերի մասին հիշատակումներ, առաջինը, որ մտածեցի` այն էր, որ սահմանին է միջադեպ գրանցվել հակառակորդի մասնակցությամբ: Բայց երբ շարունակեցի, պարզվեց, որ ոչ: Գնդապետը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է, բայց ոչ ադրբեջանցու արձակած գնդակից, այլ հայի:

Կատարվածը հայ հասարակության ողբերգությունն է. այնտեղ ենք հասել, որ ոմն մեկը կրակում է օրինակելի հրամանատարին, որն օրն ի բուն սահման է հսկում, որ այդ նույն կրակողը գիշերը հանգիստ քնի:

Ստեղծված իրավիճակում դժվար թե Արտակ Բուդաղյանը մնա զինված ուժերում, սակայն նրա պաշտոնաթողությունը մեծ կորուստ կլինի հայոց բանակի համար: Ամեն դեպքում նախ և առաջ առողջություն գնդապետ Բուդաղյանին, նրա երեխաներն իր կարիքն ավելի շատ ունեն:

Գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ ծանոթացել եմ անցած տարի ապրիլին, երբ մի խումբ լրագրողներով ԼՂՀ  արևելյան ուղղության առաջնագիծ էինք մեկնել: Գնդապետը տվյալ զորամասի հրամանատար էր նշանակվել, երբ սահմանին միջադեպ էր գրանցվել` մի քանի զինվորների մահվան պատճառ դառնալով: Լրագրողներով, երբ զորամաս մեկնեցինք, մտածում էինք, որ հաստատ զորամասում մի թերի բան կգտնենք: Սակայն ի զարմանս ինձ` գնդապետ Բուդաղյանի ղեկավարած զորամասը ամենակարգապահն ու մաքուրն էր բոլոր այն զորամասերի մեջ, որ երբևէ տեսել եմ:  Սպա-հրամանատար, զինվոր-հրամանատար հարաբերություններն էլ յուրօրինակ էին: Բուդաղյանի ձայնն անգամ լսելիս զգաստանում էին թե զինվորները, թե  անգամ սպիտակահեր սպաները, ոչ իմիջիայլոց , ինչպես երբեմն պատահում է, նրանց ամեն քայլում զգացվում էր, որ հարգանք կա գնդապետի նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով փորձում են արդարացնել նրա վստահությունը:

Պարզվեց` գնդապետը  շփվող մարդ է.  ոգևորությամբ պատմում էր ծառայության, զինվորների մասին, թե ինչպես է պարբերաբար ստուգում զինվորների ծառայությունը, ասում է, թե տուն է գնում, բայց մեկ էլ գիշերը հանկարծ զորամասում կամ խրամատում է հայտնվում` ստուգելու զինվորների կարգապահությունը և զգոնությունը: Նույն ոգևորությամբ, ինչ զինվորների մասին էր խոսում, սկսեց պատմել որդու, նրա չարաճճիությունների մասին:

Երբ զորամասից վերադարձա, սկսեցի նախկին զինվորների շրջանում հարցուփորձ անել` հասկանալու` արդյոք տպավորությունս խաբուսիկ չէր: Պարզվեց, որ ոչ, որևէ մեկից գնդապետի հասցեին վատ բան չլսեցի, բացի այն, որ շատ  խիստ է: Իսկ նման արդյունավետ խիստ  հրամանատարներ զինված ուժերում շատ են պետք:

Եվ երբ հանկարծ իմացա կատարվածը, առաջինը որ մտքովս անցավ, այն էր, որ հասցրել են դրան….

Պրպտումներից և հրապարակումները համադրելուց հետո նման պատկեր ստացվեց:  ըստ iLur.am-ի` խնջույքի ժամանակ մարզպետը հայհոյել է Բուդաղյան եղբայրներին, Ավետիք Բուդաղյանն ի պատասխան ապտակել է Սուրեն Խաչատրյանին, ապա պայմանավորվել են խնջույքից հետո հարցերը պարզել:  Բուդաղյանների և թիկնապահների հանդիպման ժամանակ  մահացու կրակել են Ավետիք Բուդաղյանին, որից հետո  Արտակ Բուդաղյանը պատասխան կրակոց  է արձակել: Արտակ Բուդաղյանը և Խաչատրյանի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)  հատկանիշներով: Գործն ուղարկվել է  ՊՆ քննչական ծառայություն: Արդեն իսկ կան ձերբակալվածներ, այդ թվում և Սուրեն Խաչատրյանի որդին:

Հասարակության արձագանքը կատարվածին  չուշացավ:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է  իրադարձություն`«Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» կոչով: Իրադարձության ստեղծումից դեռ մեկ օր էլ չի անցել, բայց արդեն 800-ից ավելի մարդ է միացել պահանջին, այն է`  Սուրիկ Խաչատրյանին ազատել մարզպետի պաշտոնից և  քրեական գործ հարուցել:

Կարծում եմ` այս անգամ հանրությունը չպետք է թույլ տա, որ ամեն անգամվա պես ծածկադմփոց իրականացվի: Պետք է պատժվի իրական մեղավորը, անկախ պաշտոնից, դիրքից ու մանավանդ մականունից:  Ու պատժվի  ոչ  միայն հանցագործության գործիք թիկնապահը, այլ հենց նրան ուղղորդող, նրան հանցագործության դրդող անձը: Այլապես կստացվի, որ իրական հանցագործներն անձեռնմխելի են` թիկնապահի ձեռքով հանցագործություն կկատարեն, նրան քավության նոխազ կդարձնեն ու նույն ոգով կշարունակեն այլոց հետ:

 

Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են

կրթությունՉնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:

Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:

Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել  կրթության ոլորտում առկա խնդիրները,  նպաստել կրթության որակի բարելավմանը:

Նրա խոսքով` ԳԹԿ-ն  մատնանշում է  խնդիրը, սակայն չի  առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:

Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:

Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:

Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են.  «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են  և՛ իրենց նախորդ տվյալների,  և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:

«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել.  «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է:  Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:

Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:

Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը`  5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3:  2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:

Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:

1918-ի մայիսի 28-ին իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում

 

Vazgen_Manukyan95 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն գոյատևեց ընդամենը 2,5 տարի. 1920-ի դեկտեմբերի 2-ին Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց:  Մայիսի 28-ը տոնական, ոչ աշխատանքային օր է սկսած 1991-ից:

Առաջին հանրապետության հռչակման տարեդարձի առիթով այդ պատմական իրադարձության նշանակության ու քաղած դասերի  շուրջ «Անկախը» զրույցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ,  Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ  Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, որքան էլ խոսենք առաջին հանրապետության դերի ու նշանակության մասին, էլի ասելիք կա: Ըստ Ձեզ, 1918-ին առաջին հանրապետության հռչակումն ի՞նչ նշանակություն ունեցավ մեր պատմության հետագա ընթացքի համար:

– Առաջինը և ամենազարմանալին այն է, որ մենք դրանից մոտ  6 հարյուր տարի առաջ կորցրել էինք մեր անկախությունը, հետո միշտ երազել ենք անկախության մասին, բայց ոչ ոք անկախության հռչակումը որպես խնդիր չէր դրել իր առջև: 1890-ականներից Արևմտյան Հայաստանում սկսված շարժումների նպատակը բարեփոխումներն էին Թուրքահայաստանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում: Դաշնակցության ծրագրի մեջ կար  Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարության ստեղծումը   և  Թուրքիայի կազմում` Արևմտյան Հայաստանի, այսինքն` անկախության խնդիր նույնիսկ դրված չէր: Բայց 1918-ի մայիսի 28-ին, փաստորեն, իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում:

Անդրկովկասյան սեյմի գոյության ժամանակ թաթարների, մուսաֆատիստների նպատակը Թուրքիայի հետ վերամիավորումն էր, վրացիները ձգտում էին անկախության, Հայաստանի նպատակն էր, որ Անտանտը հաղթի և Հայաստանն ինչ-որ  կերպ ստանա Արևմտյան Հայաստանը, թեկուզ և ինքնավար: Մենք ստացանք անկախություն, այսինքն`  ավելին, քան կուզեինք, սակայն մեծ կորուստներից` Ցեղասպանությունից  հետո:

Կարծում եմ` եթե այդ պահը ճիշտ չօգտագործվեր, եթե այդ պահին մենք անկախություն չստանայինք, Սարդարապատում պարտվեինք և թուրքերը մտնեին Երևան, գուցե դրանից հետո հայկական պետության մասին մտածելն այլևս անիմաստ դառնար: Հայերը կդառնային հազարավոր էթնոսների նման մի էթնոս, որ աշխարհով մեկ սփռված է, ունի իր լեզուն, որը կամաց-կամաց կորսվում է, ունի իր հիշողությունը  և պատմությունը, որը կամաց-կամաց կորչում է, և ոչինչ ավելին: Դա հազարամյակների մեջ մի վճռական կետ էր, որից հայ ժողովրդի պատմությունը շարունակվեց:

Նունիսկ Չերչիլը, որ այդպիսի մեծ քաղաքական գործիչ էր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին  իր գրքում  հայերի և Ցեղասպանության  մասին ասում է` հայերը շատ ծանր որոշման առջև էին կանգնած, քանի որ երկու կայսրությունների մեջ էին, որոնք իրար հետ կռվում էին, և պետք էր այդ երկու կայսրություններում չեզոքություն պահել, արդյունքում  հայերն ունեցան կոտորած: «Ցավոք սրտի, այդ շնորհքով ազգը կորավ պատմության բեմից»,- ասել է նա: Բայց փաստորեն ոչ միայն պահպանվեցինք, այլև դրանից տարիներ հետո անկախ պետություն ստեղծվեց:

– Իսկ որքանո՞վ ենք քաղել առաջին հանրապետության դասերը: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք մինչ օրս շարունակում ենք:

– Շատ սխալներ կան, որոնք կրկնում ենք: Երբեմն, երբ կարդում ես առաջին հանրապետության մասին, ինտրիգներ,  ամբարտավանություն, անհավասարություն նկատում ես, շատ բան կրկնվում է: Կան բաներ, որոնք կապված են ընդհանուր հասարակության, մարդկանց հետ, անընդհատ կրկնվում են: Չգիտեմ` դրանցից հնարավո՞ր է խուսափել:

Բայց, օրինակ, այն ժամանակ ֆիդայական շարժումը վերածվեց խմբապետական շարժման, շատ դժվար էր. կանոնավոր բանակի հետ միասին կային նաև խմբապետներ: Այդ փորձը հաշվի առնելով` մենք  90-ականներին անկախության գնալիս դա շրջանցեցինք:

Այն, որ չի կարելի ունենալ մի բարեկամ և մի թշնամի, այլ պետք է կարողանալ բոլորի հետ ինչ-որ չափով բարեկամություն անել, թշնամիների հետ էլ կարողանալ խոսել, մենք 90-ականների սկզբից որդեգրեցինք, և դա նույնպես դաս էր առաջին հանրապետությունից,  առաջին հանրապետության  քաղաքական գործիչների վերլուծության արդյունքն էր:

– Եթե համեմատենք տարածաշրջանի իրավիճակը և մեր երկրի ունեցած դերը, ի՞նչ տարբերություններ կան այն ժամանակվա և ներկայի միջև:

– Այն ժամանակ անհամեմատ ավելի թույլ  վիճակում էինք: Անդրկովկասի կենտրոն քաղաքները Բաքուն ու Թիֆլիսն էին, որտեղ կենտրոնացած էին նաև հայ մտավորականները, հայ հասարակական կյանքը, հայ բիզնեսը, հայկական թատրոնը: Երևանը երկրորդական, հետամնաց նահանգ էր, որտեղ չկար ոչ մի լուրջ բան: Նույնիսկ Հայաստանի առաջին կառավարությունը, որ 1918-ի մայիսին  Քաջազնունու գլխավորությամբ  հռչակվեց Թիֆլիսում, հունիսի 20-ին նոր միայն տեղափոխվեց Երևան: Այն ժամանակ Բաքուն և  Թիֆլիսը բոլոր առումներով շատ ավելի հզոր էին: Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո  Երևանը, Թիֆլիսն ու Բաքուն  համարժեք քաղաքներ էին  դարձել:

Տարածքային տեսանկյունից Խորհրդային Միությունը օգուտ բերեց Վրաստանին ու Ադրբեջանին, բայց զարգացման տեսանկյունից ամենից շատ, ինձ թվում է, օգտվեց Հայաստանը:

– Պարոն Մանուկյան, 1918-ի մայիսի 28-ի նշանակությունը  ներկայիս հասարակությունը լիարժեք գիտակցում և գնահատո՞ւմ է:

– Կարծում եմ` ոչ: Դրա մեջ էլ բնական բան կա: Մարդը ծնվում  է, ապրում ինչ-որ միջավայրում` առանց մտածելու, թե այդ միջավայրն ինչի շնորհիվ է ստեղծվել:  Հիմա որևէ մեկի մտքով չի անցնում հիշել, որ եթե 1918-ը չլիներ, մենք անկախ չէինք լինի, պետություն չէինք ունենա: Ամեն մեկը ծնվում է, կյանքից վերցնում այն, ինչ  կյանքն իրեն տալիս է, առանց մտածելու, թե ոնց է դա ստացվել: Մեծ մասամբ այդպես է:

– Սակայն տոն է` առանց տոնական մթնոլորտի: Ինչպե՞ս կարելի է դա շտկել:

– Դա արդեն ուրիշ բանից է գալիս: Մասամբ` իշխանություններից: Երկրորդ մասը էլի ինչ-որ չափով կախված է իշխանություններից: Մարդիկ պետք է անընդհատ վստահություն զգան երկրի  ապագայի նկատմամբ, որ իրենք ու իրենց երեխաներն ապագա ունեն այս երկրում,  և դա պիտի  ոգևորություն առաջացնի: Այդ դեպքում ոգևորության արմատները հասնում  են անցյալ. մեր երկիրն ունի ապագա, քանի որ 1918-ին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, 1988-ին այնպիսի դեպքեր են տեղի ունեցել:

Մի քիչ օբյեկտիվ պատճառներ կան, մի քիչ էլ սրսկվում է, որ այս երկիրն ապագա չունի, որի մի փոքր մասը ճշմարտություն է, մնացածը քարզչություն և թույն է:  Դա հանգեցնում է նրան, որ մարդկանց մեջ ուրախ տրամադրություն հազվադեպ է առաջանում: Կարծում եմ` նույնիսկ այդ պայմաններում կարելի էր և՛ քարոզչության,  և՛ միջոցառումներ կազմակերպելու միջոցով ավելի բարձր պահել վիճակը:

– Իսկ գուցե ներկա վիճակը մեր պատմությունը չիմանալու հետևա՞նք է, չգիտենք 1918-ը, չգիտենք 1988-ը, դրա հետևանքով էլ անկումային տրամադրություն է տիրում:

– Երևի, գուցե դա էլ նշանակություն ունի: Բայց տեսեք` խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը նշվում էր որպես Հայաստանի երկրորդ հանրապետության օր, պատերազմից հետո մարդիկ ծարավ էին, սոված էին,  Ստալինը հարյուրհազարների Սիբիր էր աքսորում, բայց մարդիկ  դուրս էին գալիս, քանի որ կազմակերպվում  էր և պարտավոր էին ուրախ լինել: Այսինքն` միջոցառումներ կան, որ պետք է  կազմակերպվեն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներկայիս կրթական քաղաքականությունը` երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելու առումով:

– Կարդացել եմ 8-րդ և 9-րդ դասարանների պատմության դասագրքերը, ինչ-որ բաների հետ համաձայն եմ, բայց ինչ-որ բաներ էլ, իմ կարծիքով, պետք էր ավելի լավ գրել, նույնիսկ որոշ դիտողություններ գրավոր հեղինակներին եմ ուղարկել: Քանի որ շատ դեպքեր, որ տեղի են ունեցել Հայաստանում, եղել են աշխարհի դեպքերի արձագանքը, բայց երբեմն էլ մեր դեպքերն են արձագանք գտել աշխարհում: Այդ կապը  հաճախ այնքան էլ լավ չի զգացվում: Իհարկե, կարելի էր ավելի լավ անել:

Այդ քարոզչությունը շատ կարևոր է: Ճապոնիան անցած դարի  60-70-ականներին սրընթաց ՀՆԱ-ի 11-տոկոսանոց աճ էր ունենում, հետո մի պահ դանդաղեց: Նակասոնեն, որ  այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր և անվտանգության խորհրդի անդամ, հարց բարձրացրեց, որ ամենայն հավանականությամբ դասագրքերը վատացել են և հայրենասիրության քարոզչություն չի տարվում, դա էլ ազդում  է տնտեսական աճի նվազման վրա: Հետո ինքը վարչապետ դարձավ, և առաջին հերթին դասագրքերը փոխեցին: Գուցե մի քիչ ծայրահեղացված  է հնչում, բայց դասագրքերից կախված է նաև տնտեսությունը:

– Ի՞նչ է պետք իսկապես հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, միայն դասագիրքը բավարա՞ր է:

– Դասագիրք է պետք, քարոզչություն է պետք, որ չկա: Գաղափարների քարոզչություն է պետք, դրա հետ միասին էլ ամեն օր պետք է ապացուցել: Ամեն օր երիտասարդը պետք է տեսնի, որ եթե իր երկրում անարդարություն է տեղի ունենում, ապա պայքարելով հնարավոր է անարդարությունը վերացնել, տեսնի, որ արժանավոր մարդիկ են վերև  բարձրանում, անարժան մարդիկ պատժվում են: Եթե այդ բաներն անընդհատ  ցույց չտաս, միայն քարոզչությունը քիչ է, քանի որ դրա մեջ կամաց-կամաց կեղծ տարր է առաջանում:

 

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները` լրագրողների ուշադրության կենտրոնում

սեմինար125 լրագրողներ երկու օր շարունակ Աղվերանում ուսումնասիրում էին անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները: Համանուն սեմինարը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը  և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը:

Օրենսդրական բացերը` երեխաների իրավունքների խախտման պատճառ

ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, խոսելով օրենսդրական բացերի մասին, ասում է, որ Հայաստանում չկան անչափահասների հարցերով մասնագիտացած դատարաններ: 2012-ին ոլորտում առաջընթաց եղավ` այդուհետ անչափահասների գործերը միշտ նույն դատավորներն են քննում, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան.  պետք են նաև մասնագիտացած քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

Ղարիբյանն ասում է, որ  անչափահասների նկատմամբ կալանք կարող է կիրառվել միան միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ներկայում կալանքը լայնորեն կիրառվում է` հաշվի առնելով միայն հանցանքի ծանրությունը և անտեսելով մնացած հանգամանքները: Որպես պատիժ` լայնորեն կիրառվում  է նաև ազատազրկումը, չնայած քրեական օրենսգիրը նաև այլ պատիժներ է նախատեսում: Ըստ փաստաբանի` դրա պատճառներից մեկն էլ ուսումնա-դաստիարակչական հիմնարկների բացակայությունն է, որտեղ, ըստ օրենքի, դատավորը կարող է ուղղորդել օրենքը խախտած անչափահասին: Ուստի դատավորները հաճախ դիմում են կա՛մ ազատազրկման, կա՛մ էլ երեխային հանձնում են ծնողի հսկողությանը, ինչը միշտ չէ, որ արդյունավետ է:

Մասնագիտացված դատարան չունենալու բացասական կողմերից է և այն, որ դատավարության ընթացքում և դատավճիռը հրապարակելիս կիրառում են իրավաբանական տերմիններ` առանց դրանք բացատրելու, հաշվի չառնելով անչափահասի տարիքային առանձնահատկությունները:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության համակարգող  Հայկ  Խեմչյանն էլ պարզաբանում է, որ անչափահասների գործերով արդարադատությունը վերաբերում է ոչ միայն իրավախախտում կատարած, այլև հանցագործությունից տուժած և վկա երեխաներին:

Խեմչյանի խոսքով` ներկայում խախտվում են կալանավորված անչափահասների իրավունքները, քանի որ վերջիններս, ըստ օրենքի, օրական 22 ժամ փակի տակ են` խցանման կառույցներում: Դատապարտվելուց հետո արդեն պահվում են հանրակացարանային տիպի շինություններում, որտեղ ավելի թեթև պայմաններ են: Նրա խոսքով` կալանավայրի պայմանները հակասում են միջազգային օրենսդրությանը:

ՔՀԻ ՀԿ  նախագահ Արման Դանիելյանն էլ ասում է, որ անչափահասների արդարադատության հիմնական սկզբունքն արարքի պատճառը և երեխայի կարիքները բացահայտելն է: Սակայն մեզ մոտ դա թերի է կատարվում,  քանի որ չկան սոցիալական աշխատողներ: Ոստիկանին վերապահվում է սոցիալական աշխատողի դեր, քննիչին` հոգեբանի, մինչդեռ վերջիններս մասնագետներ չեն:

Երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պարտադրված են և ոչ արդյունավետ

ՀՕՖ ԵԱԿՀ  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում ինքնաբուխ ռեֆորմներ չեն լինում, դրանք կատարվում են արտաքին ճնշումների ներքո: Եվ քանի որ դրանք ներքևից բխող  զարգացումներ չեն, բարեփոխումները կատարվում են  ապրիորի: Որպես օրինակ նշում է մանկատները և գիշերօթիկները բեռնաթափելու ծրագիրը: Ծրագրի արդյունքում 19 գիշերօթիկ դպրոցներից 9-ը վերածվեցին հանրակրթական դպրոցների, սակայն փոխարենը ստեղծվեցին խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (սոցիալական տներ), որոնք նման մոդելով, ըստ Անտոնյանի, գործում են միայն Հայաստանում:

«Մենք ունենք 45 տոկոս մանկական աղքատություն երկրում, աղքատության սովորական ցուցանիշից գրեթե կրկնակի ավելի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ մանկական աղքատություն նշանակում է ոչ միայն ֆինանսների սղություն կամ բացակայություն, այլև ծառայությունների անմատչելիություն և տաղանդը, ունակությունները զարգացնելու հնարավորության բացակայություն:

Մանկական աղքատությունը կրճատելու նպատակով Անտոնյանն առաջարկում է Ուկրաինայի օրինակով սահմանել  համընդհանուր կանխարգելման նպաստ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի, անկախ ընտանիքի սոցիալական կարգավիճակից, ամեն ամիս որոշակի չափով նպաստ կհատկացվի:

Անտոնյանն անարդյունավետ է համարում պետության վարած ներկայիս սոցիալական քաղաքականությունը, այն է` օգնել աղքատների մեջ ամենաաղքատին: Ասում է, որ այս հարցում սովորելու բան ունենք Վրաստանից, որն  ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցնելուց հետո երկրում աղքատությունը կրճատեց 27 տոկոսով, իսկ այժմ մանկատներում ընդամենը 360 երեխա ունեն:

Ըստ այդ մոդելի` պետությունը պետք է գնահատի բոլոր ընտանիքների սոցիալական վիճակը և թիրախավորի` ծայրահեղ աղքատներին օգնելը թողնելով բարեգործական հիմնադրամներին, աղքատներին օգնելը` ՀԿ-ներին կամ այլ կառույցի, իսկ սակավ աղքատներին ինքը օգնի. «Աղքատներին ուղղված ներդրումներն արդյունավետ են, քանի որ օգնում են մարդկանց հաղթահարել աղքատության շեմը»:

Անտոնյանը նաև թվային տվյալներով է փաստում պետական անարդյունավետ քաղաքականությունը. այսպես, մանկատան մեկ երեխայի տարեկան խնամքն արժի 12 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում` 7800 դոլար, գիշերօթիկ կրթական հաստատություններում` 6500 դոլար, խնամատար ընտանիքներում` 3500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ: Ասում է, որ աբսուրդ է իրավիճակը, երբ պետությունը, օրինակ` հրաժարվում է օգնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը ստանձնելու պատրաստ տատիկ-պապիկին,  բայց պատրաստ է տարեկան 12 հազար դոլար վճարել, եթե երեխային նույն տատիկ-պապիկն էլ այլևս չպահեն ու մանկատուն ուղարկեն:

Խնամատար ընտանիքների ինստիտուտը ևս չի զարգանում, չնայած այն պետությանը եռակի էժան կարժենար:

Սեմինարի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց  անչափահասների գործերի լուսաբանման տերմինաբանությանը, էթիկական առանձնահատկություններին:

 

 

Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո

սաղյան

Իվետա Սաղյանը ցույց է տալիս Գոռի աշխատանքները

10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա  սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում:  Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում:  Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում:  Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:

Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս  սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:

Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով`  գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:

Վարդուհի Պալյան

Վարդուհի Պալյան

Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց  երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:

Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ  դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:

Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

ԿԳՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից:  Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»:  Փոխարենը`  օրենքով կհստակեցվեն  կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև  խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:

Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են  գործել:

2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին  նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:

Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է`  կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը  կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական  հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները  կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:

Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել  բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:

«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ,  տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում  է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել,  բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից:  Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական  կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:

Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ  այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:

Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:

Անցած ընտրությունների առանձնահատկությունները. բույլերով վստահված անձինք, կողմնակալ դիտորդներ և մկանուտ «անծանոթներ»

ավագանու ընտրություններՄայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց մեկ տարուց ավելի տևած ընտրական եռուզեռի փուլը. առաջիկա չորս տարիներին կկարողանանք հանգիստ շունչ քաշել ու մի փոքր հանգստանալ քաղաքական գզվռտոցի ու միմյանց վրա ցեխ  շպրտելու բացասական մթնոլորտից, որում ապրում էինք վերջին մեկուկես տարիների ընթացքում:

Ավագանու ընտրությունները նախորդ երկուսի` ԱԺ և նախագահի ընտրությունների համատեքստում մի շարք առանձնահատկություններ ունեին:

Նախ և առաջ այս ընտրություններն աչքի էր զարնում չափազանց մեծ ակտիվությամբ, որ անգամ համապետական ընտրություններին չի նկատվել:

Որոշ քաղաքական ուժեր առաջնորդվել էին «վստահված անձը շատ չի լինում» կարգախոսով

Եթե նախագահական ընտրություններին, որ պետք է ամենակարևորը լիներ  բոլոր ընտրություններից, հետևում էր տեղական 6250 դիտորդ, ապա ավագանու ընտրություններից հետևում էր362-ով ավելի` 6612 դիտորդ: Ընդ որում, դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների թվում կան այնպիսիք, որոնք նորելուկ են որպես դիտորդական առաքելություն իրականացնող և կասկած են հարուցում անաչառության առումով:

Օրինակ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը  և նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:

Միջազգային միակ դիտորդական խումբն էլ մտահոգություն էր հայտնել այս փաստի առնչությամբ, որ դիտորդների մեջ եղել են տարատեսակ քաղաքական ուժերի համակիրներ, մինչդեռ դիտորդը պետք է անաչառ լինի:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ օրվա վերջում գրանցամատյանի դիտորդ-ԶԼՄ էջը կիսով չափ էլ լրացված չէր, այս անգամ ընտրությունների մեկնարկից րոպեներ անց արդեն մի քանի էջ դիտորդներ էին գրանցված. այսպես, 9/17 ընտրատեղամասում 8:15 րոպե, ընտրությունների մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, հանձնաժողովի քարտուղարն արդեն գրանցամատյանում մեկ էջ լրացրել էր: Ու չկար որևէ ընտրատեղամաս, որտեղ մտնեիր ու դիտորդների չհանդիպեիր:

Ընտրատեղամասերում մարդաշատությունն ապահովում էին նաև լրատվամիջոցները. գրեթե բոլոր տեղերում «Կենտրոն» ՀԸ լրագրող ու օպերատոր էին ներկա, որոնք տեսանկարահանում էին իրականացնում: Վստահված անձանց պակաս  ևս չէր զգացվում:

Օրվա ընթացքում «Անկախ»-ի լրագրողը ՔՀԻ դիտորդական խմբի հետ այցելել է մոտ 15 ընտրատեղամաս: Ընտրատեղամասից միայն երեքում է վստահված անձ ունեցել «Բարև Երևան» դաշինքը, ընդ որում 9/28 ընտրատեղամասում դաշինքի վստահված անձին այդպես էլ գտնել չհաջողվեց. բոլորը նշում էին, որ տարածքում է, բայց թե որտեղ, ոչ ոք չգիտեր:

Միայն մեկ ընտրատեղամասում(9/28) է վստահված անձ ունեցել «Առաքելություն» կուսակցությունը: ՀՅԴ-ն,  ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը գրեթե բոլոր ընտրատեղամասերում ունեցել են  վստահված անձ:

Yerevan City Council elections 2013Իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մոտ վստահված անձանց ավելցուկ էր: Այս երկու ուժերը, օրենքը շրջանցելով, ամեն տեղում մի բույլ վստահված անձ ունեին: Մինչդեռ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի` «Ընտրական հանձնաժողովի նիստին և  քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ»:

Այսպես, 11/05 ընտրատեղամասում պաշտոնապես միաժամանակ ներկա էին երկուական վստահված անձինք ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից: Հանձնաժողովի անդամները և ընտրատեղամասում ներկա ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի վստահված անձինք չէին առարկում երկու վստահված անձանց ներկայությանը և նշում, որ որևէ խախտում չկա:

Իսկ 9/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առնվազն 3-ական վստահված անձինք ունեին:

Նորագյուղում վստահված անձինք ակնհայտ խախտումներն էլ չէին նկատում

Դեռ նախագահական ընտրություններին մենք ներկայացրել էինք, որ նույն շենքում գտնվող 9/27 և 9/28 ընտրատեղամասում առանց փաստաթղթերի մարդիկ են շրջում` խումբ-խումբ ուղղորդելով ընտրողներին: Մեքենաներով էլ մարդկանց էին բերում:

Այս ընտրությունները ևս բացառություն չէին: Դեռ մի բան էլ ավելին, ընտրատեղամասում մոտ 15-20 ամրակազմ երիտասարդներ էին հավաքված, բոլորն էլ առանց փաստաթղթերի: Շատ պնդումներից հետո նրանցից մի քանիսը ցույց տվեցին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վստահված անձի վկայական:

Ընտրատեղամասում ներկա ՀՅԴ և «Առաքելություն» կուսակցության վստահված անձինք հանգիստ էին ընդունում առանց փաստաթղթերի անձանց ներկայությունը ընտրատեղամասում:  ՀՅԴ քրտնափչած ներկայացուցիչն անգամ նշեց, թե «ջեբերում երևի փաստաթուղթ ունեն»:

Այստեղ բոլորի վրա գոռգոռալով հրամաններ էր աձակում, ընտրողներին ներս ու դուրս ուղեկցում մոխրագույն կոստյումով մի տղամարդ: Վերջինս սկզբում փաստաթուղթ չուներ, ՔՀԻ դիտորդի պնդումներից հետո գրպանում դիտորդի վկայական դրեց, որը, հանգիստ կարող էր իրենը չլինել. վրան պարզապես անուն ազգանուն է գրված (Վերջինս նաև իր պարտքը համարեց դիտորդին հիշեցնել, որ հետագայի մասին մտածի` բա որ ձեզ գողանան):

Այս անգամ ևս ընտրատեղամասում էր Իրինա Միրզոյանը, որը նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց ցուցակներով ներս ու դուրս էր անում: Այս անգամ տիկնոջ մոտ դիտորդի վկայական էր, որի վրա չկար նշված, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Պնդումներից հետո, թե փաստաթուղթը թերի է, փակցրեց ՀՀԿ վստահված անձի վկայականը:

Այս տեղամասում գտնվելու մեկ ժամվա ընթացքում ընտրողների ակտիվությունը մեծ չէր, հատ ու կենտ մարդիկ էին ընտրելու գալիս: Սակայն զարմանալիորեն մեկ ժամ անց` 19:20-ին պարզվեց, որ մեկ ժամվա ընթացքում ընտրել է 200-ից ավել  մարդ. ընտրած անձանց թիվը մոտ 1100-ից հասել էր 1380-ի: Վստահված անձինք դրան որևէ կերպ չարձագանքեցին, իսկ քանի որ այս ընտրատեղամասում վստահված անձանցից ոչ մեկը իր ցուցակում նշում չէր կատարում ընտրողների թվի մասին, որևէ բան ապացուցելն այլևս անհնար էր:

Ամեն ինչ բացի արձանագրությունից

Այս ընտրություններին բնորոշ գծերից էր նաև ընտրացուցակներում անճշտությունները:

13/22 ընտրատեղամասում, օրինակ, ընտրության եկած քաղաքացին հանձնաժողովների անդամներին հերթով տեղեկացրեց, որ իր հասցեում երրորդ անձ է գրանցված, որն արդեն 15 տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Ռոբերտ Ավետիքյանը պնդում էր, որ ամեն անգամ ընտրությունների ժամանակ անհայտ անձի անունը հայտնվում է ընտրացուցակում, չնայած իրազեկում է, որ իր բնակարանում նման մարդ չկա գրանցված:

Հանձնաժողովի նախագահը, ով կարող էր արձանագրել քաղաքացու հայտարարությունը, նրան հանգստացրեց և ճանապարհեց` առանց արձանագրության:

Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովների նախագահները պատրաստ են ամեն ինչի, միայն թե հանկարծ արձանագրություն չկազմվի:

Այսպես, 3/07 ընտրատեղամասը, որի կահավորանքը անհարմար էր և երկու կողմից էլ հնարավոր էր խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողին, մի լրատվամիջոցի ներկայացուցիչ աստիճանների վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսի անցուդարձը`խախտելով քվեարկության գաղտնիությունը: Մեր նկատառումից հետո հանձնաժողովի նախագահը միջամտեց և պահանջեց այլ տեղից նկարահանել: Սակայն ամեն կերպ հրաժարվեց արձանագրություն կազմելուց:

1/08 ընտրատեղամասում էլ, որտեղ առավոտյան անհետացել էր անձնագրերի համար նախատեսված դրոշմակնքիը, հանձնաժողովի նախագահն ամեն կերպ փորձում էր թաքցնել փաստը` վստահեցնելով, որ որևէ արձանագրություն չի կազմվել: Այստեղ արձանագրություն չէր կազմվել նաև փաստի վերաբերյալ, որ 30 րոպե շարունակ ընտրատեղամասում ներկա են եղել 15-ից ավելի ընտրողներ, օրվա ընթացքում էլ կուտակումները պարբերաբար կրկնվել են:

Ուշագրավ էր նաև ընտրողների թվացյալ չիմացությունը: 11/05 ընտրատեղամասում մի կին, օրինակ, իր քվեաթրթիկը ծրարով թաքցրել էր քվեախցիկի տակ և փորձում էր աննկատ հեռանալ:  Հանձնաժողովի ՀՅԴ անդամի ուշադրության շնորհիվ կնոջ աննկատ հեռանալը չստացվեց: Ծրարը քվեատուփ գցելուց հետո կինն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել անձնագիրը կնիքելուն, խնդրում էր գոնե առաջին էջում կնիքը դնել, ոչ թե վերջում: Դեմքը մեծ ակնոցների տակ թաքցրած կնոջ «չիմացությունն» առնվազն կասկածելի էր:

1/08-ում էլ, մի տղամարդ, որ դժգոհում էր, որ ստիպված ընտրության է եկել, շտապ ծրարը տուփը գցեց` թույլ չտալով, որ կնքվի:

Երևի ավելորդ է խոսել ամեն տեղ մարդկանց գազելներով ու տաքսիներով խումբ-խումբ բերելու երևույթի մասին. սա կարծես արդեն պարտադիր բնույթ է կրում:

Ամփոփելով, պետք է նշել, որ այս անգամ հիմնական նկատելի խախտումը ընտրատեղամասերում առանց փաստաթղթերի մարդկանց կուտակումն էր, թույլատրելիից ավելի վստահված անձանց ներկայությունը, ընտրողների կուտակումները:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետևաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետ:  ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 23,05 տոկոս, երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը`8,47 տոկոս: Մյուս 4 ուժերը բավարար քանակությամբ քվեներ չեն քավաքել` ավագանու աթոռ ստանալու համար:

Կրքեր «Անուշ» օպերայի շուրջ. մտավորականները կպահանջեն արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում

Սերժ ԱվետիքյանԱպրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի  Ֆրանսիայում:

Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան  ֆրանսահայ  դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյի:

Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Պատահական չէ ընտրված նաև  բեմադրության  վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:

«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի  շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:

«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա  ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա  արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:

Նրա  խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի  աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են  գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:

AnoushԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:

Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա  առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:

Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ  Գոհար Գասպարյանը  Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա  Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:

Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ  այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրություն:  Հետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրական-երաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:

Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:

«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:

Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:

«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:

Ավելի վաղ, սակայն,  Սերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և  գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և  տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն  նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:

Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում է`  գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»:

 

«Թուրքերն արդեն պատրաստ սպասում են մեր գործողություններին». Ռուբեն Սաֆրաստյան

Ռուբեն ՍաֆրաստյանՀարցազրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

–Ցեղասպանության  98-րդ տարելիցն է: Ամփոփելով վերջին տարին`  ի՞նչ դիրքերում է  Թուրքիան  իր ժխտողական քաղաքականությամբ:

– Թուրքական ժխտողականությունը պետական մակարդակի  քաղաքականություն է,  և դա, իմ կարծիքով, հասկանալի է: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը արդյունք է Հայոց ցեղասպանության:

Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունն իր գոյության ընթացքում  միշտ կշարունակի ժխտել Ցեղասպանությունը: Երկրորդ հանգամանք էլ կա` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները  եղել են  ոչ միայն  Երիտթուրքական կուսակցության անդամներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել և՛ Ցեղասպանությանը, և՛ Ցեղասպանության նախապատրաստմանը: Այնպես որ  չեմ սպասում,  թե Թուրքիայի պետության կողմից  պաշտոնապես կարող է Ցեղասպանության ճանաչում և դատապարտում լինել: Այլ է պատկերը հասարակության մեջ: Մտավորականության, ուսանողների փոքր խումբ կա Թուրքիայում, որը հիմնականում  մեկ-երկու քաղաքում է կենտրոնացած: Նրանք համարում են, որ  հայերից պետք է ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Չեմ կարծում, թե նրանց թիվն ավելացել է վերջին տարվա ընթացքում:   Չէի ասի, որ վերջին մեկ տարում էական փոփոխություններ են եղել թե՛ պետական քաղաքականության մեջ,  թե՛ հասարակական մոտեցումներում:

– Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու մտքին:

–  Հայաստանի Հանրապետությունն ընդունել է   ցեղասպանության ճանաչման խնդիրը որպես մեր արտաքին  քաղաքականության օրակարգային խնդիր,  այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում,  ստեղծվել է պետական հանձնաժողով, բայց կարծում եմ, որ աշխատանքներն այս բնագավառում պետք է ակտիվացնենք, որպեսզի հող պատրաստենք խնդիրը գիտական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելու համար: Գիտական առումով Հայոց ցեղասպանությունն աշխարհում  ոչ ոք հարցականի  տակ չի դիտարկում: Միայն թուրքերը չեն ընդունում, դա էլ իրենց խնդիրն է:

Գիտական առումով  մենք անցել ենք այն փուլը, որ պետք է աշխարհին համոզենք,  որ եղել է ցեղասպանություն: Պետք է կարողանանք ժողովրդի ուժերը կենտրոնացնել այլ խնդրի լուծման վրա, այն է` հանցագործության համար հատուցում ստանալու, իսկ սա շատ բարդ խնդիր է: Ինչու, որովհետև գործ ունենք պետության հետ, որը ժխտում է Ցեղասպանությունը և ուժեղ, կարևոր պետություն է տարածաշրջանում ու աշխարհում և իր բոլոր ուժերը կգործադրի մեղադրանքի դեմ պայքարելու համար, չի ուզենա հատուցում տալ:

– Իսկ մենք` հայերս, ի՞նչ ենք պահանջում, միայն ճանաչո՞ւմ, թե՞ նաև հատուցում:

– Շատ կարևոր խնդիր է: Իմ անձնական կարծիքով` քանի որ չունենք ընդունված հայեցակարգ, ժամանակն արդեն հասունացել է, որ երկրորդ փուլին անցնենք, քանի որ ճանաչումից հետո հատուցում ստանալն է, իսկ դա կարելի է անել դատական ճանապարհով, միջազգային ատյաններ դիմելով: Բայց պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան դրան դեմ կլինի, ուստի  պետք է շատ լավ նախապատրաստվենք: Պետք է ներգրավել ողջ աշխարհի հայության ներուժը` և՛ պատմաբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ իրավագետներին, և՛ հոգեբաններին: Իմ կարծիքով` պետք է ստեղծվի մի խումբ  և լուրջ փաստաթուղթ դնի սեղանին, թե ուր ենք դիմելու, որ ատյանին, երբ ենք դիմելու, ինչպես ենք դիմելու, ինչ մեղադրանքներ ենք ներկայացնելու, ինչ ենք պահանջելու և այլն:

Ի տարբերություն մեզ` թուրքերն արդեն նման հանձնաժողով ունեն: 2001-2002-ին ստեղծեցին փոխվարչապետի  ղեկավարությամբ մշտապես գործող հանձնաժողով, որում  կան  բարձրագույն պաշտոնյաներ, գիտության, հետախուզության, ոստիկանության ներկայացուցիչներ, նույնիսկ արտասահմանցի մասնագետների են հրավիրում:  Անվանումը  մոտավորեպես այս է` «Այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարող հանձնաժողով»: Որքան  կարելի է դատել մամուլի հրապարակումներից,  իսկ նրանք գաղտնի են աշխատում, և քիչ բան է հրապարակվում,  ուսումնասիրում են, թե ինչ քայլեր  կարող ենք ձեռնարկել մենք Թուրքիային մեղադրելու և հատուցում պահանջելու համար: Այսինքն`  նախապես տարբերակներն ուսումնասիրում են:  Եվ համոզված են, որ մեր գործողությունների տարբեր տարբերակների դեմ իրենք արդեն համապատասխան քայլեր ունեն:

– Այսինքն` մենք դեռ չենք սկսել,  իսկ նրանք արդեն պատրա՞ստ են:

– Մեզ մոտ  հանձնաժողովներ եղել են, աշխատել են, պետք է նրանց աշխատանքը ի մի բերվի: Բայց պետք է  նաև մի պետական հանձնաժողով լինի, որում  ամբողջ հայությունը կլինի, որը ի մի կբերի բոլոր աշխատանքները: Իսկ թուրքերն արդեն նման բան ունեն և պատրաստ սպասում են մեր գործողություններին:

– Վերադառնանք ճանաչման գործընթացին: Վերջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին եղել է 2010-ի մարտին, դրանից հետո հաջողություններ կարծես չունենք, բոլոր նախաձեռնությունները  տապալվել են: Հայկական կո՞ղմն է թերանում, թե՞ թուրքական կողմն է ավելի ակտիվացել:

– Գիտեք, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը: Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումներն  այնպես ընթացան (արաբական գարունը նկատի ունեմ), որ Թուրքիայի դերը և նշանակությունը շատ մեծացավ, առաջին հերթին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Նրանք ուղղակի շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնել: Եվ Թուրքիան վարպետորեն  օգտվում է դրանից: Հետևաբար այս տարի էլ չեմ սպասում, որ ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառն արտաբերի:

– Իսկ հայկական կողմի  քաղաքականության մեջ ինչ–որ բան կա՞, որ պետք է փոխել:

– Կարծում եմ, որ պետք է Ցեղասպանության ճանաչումը շարունակենք, բայց նաև չմոռանանք Հայկական հարցի դասական կերպարանքի մասին: Զարգացումները  Մերձավոր Արևելքում  հանգեցնում են նրան, որ  չի բացառվում` առաջիկա  տարիներին սկսվի Մերձավոր Արևելքի քաղաքական սահմանների վերաձևում, իսկ այդ սահմանները, որ հիմա կան, ըստ էության առաջացել են Սևրի պայմանագրով: Մասնավորապես, կամաց-կամաց քրդական պետության ստեղծման խնդիրն է հասունանում, իսկ Սևրի պայմանագիրը միակ միջազգային փաստաթուղթն է, որում նշված է Քուրդիստանի մասին, իհարկե, ոչ թե որպես անկախ, այլ ավտոնոմ պետության  Օսմանյան կայսրության կազմում: Ուզած չուզած, վերադառնալու և բացելու են Սևրի պայմանագիրը: Եվ այդտեղ մենք պետք է հիշեցնենք աշխարհին, թե Սևրի պայմանագրով մեզ ինչ է տրվել:  Չպետք է մոռանանք Սևրի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանը: Եթե շարունակենք այս ուղղությամբ ջանքեր ներդնել, կարող ենք որոշակի հաջողությունների հասնել: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մի օր մեզ,  այսպես ասած, կհրամցնեն Արևմտյան Հայաստանը, բայց ամեն դեպքում  չպետք է թույլ տանք, որ նաև մոռանան:

– 2015-ին ընդառաջ` Հայաստանը և Սփյուռքը որքանո՞վ են միասնական մոտեցումներում, ամեն ոք գիտի՞ իր անելիքը:

– 2015-ը  սիմվոլիկ նշանակություն ունի, բայց դրանով պայքարը չի ավարտվում: Կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն սփյուռքի ուժերով: Օրինակ`  հիմա եվրոպական  մի շարք երկրներում սփյուռքի հայկական կազմակերպությունները մի շատ կարևոր նախաձեռնություն են սկսել,  որ այդ երկրների դպրոցական դասագրքերում մտցվի հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը դառնա համաեվրոպական հիշողության բաղկացուցիչ մաս: Սա շատ կարևոր խնդիր է, և հենց այն խնդիրներից է, որով սփյուռքը պետք է զբաղվի:

Բայց նաև խնդիրներ կան, որոնց դեպքում Հայաստանը պիտի նախաձեռնություն ցուցաբերի, օրինակ` հանձնաժողովի կամ ավելի ճիշտ` գիտնականների խմբի ստեղծումը:

– Իսկ հայ–թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում: 

– Մենք պետք է միջպետական հարաբերությունները տարանջատենք երկու ժողովուրդների միջև հարաբերություններից: Միջպետական հարաբերություններում երկու հարևան երկրների միջև պետք է գոյություն ունենան նորմալ դիվանագիտական հարաբերություններ և նորմալ գործող սահման: Ժողովուրդներն  իրար հետ ունեն խնդիրներ: Դա բարդ խնդիր է. երկար ժամանակ է պահանջվում, որ թուրքական հասարակությունը դարձի գա և  կարողանա ընկալել, թե ինչ ոճրագործություն է ժամանակին եղել, և դատապարտի, ժամանակակից թուրքին տարանջատի օսմանյան պետության  թուրքից, որն այդ հանցագործությունն է կատարել: Եթե ինքը չի դատապարտում, ուրեմն նույնացնում է իրեն հանցագործի հետ: Ժամանակ է պահանջվում, որ թուրք ժողովուրդը դրան հասնի:

Թուրքիան դեռ 1991-ից, երբ ճանաչեց ՀՀ անկախությունը,  ընտրեց Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, որը  շարունակում է  20 տարուց ավելի: Կարծում եմ, որ ոչ մի պրատակոլ, բանակցություն, գաղտնի բանակցություն չպետք է լինի, այդ ամենն անցել է, Թուրքիան ինչքան կարող էր, այդ իմիտացիան արեց, բոլորին խաբեց: Պետք է հիմա հայտարարի, որ Հայաստանի հետ հաստատում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ և սահմանը բացի, սա միակ բանն է, որ Թուրքիան պետք է անի:  Իսկ արձանագրությունները, կարծում եմ, մեռած են և  ոչ մեկին չեն հետաքրքրում, դրանք այլևս  վերակենդանացվելու շանս չունեն:

– Վերջերս Թուրքիայում հայերի նկատմամբ կատարվող  բռնությունները, Երևան–Վան չվերթի հետաձգումը կապվա՞ծ են Ցեղասպանության տարելիցի հետ: Եվ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու էլ ի՞նչ լծակներ ունի:

– Երկորդ հարցից սկսենք.  ինչ կարողանում,  արդեն անում է: Մեկ էլ մի հնարավորություն կա, որ վտարի Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին: Մի քանի անգամ Էրդողանը սպառնացել է դրանով, բայց աշխարհն այնքան բացասական վերաբերմունք ցուցաբերեց դրան, որ նա  երևի «լեզուն կծեց»: Թուրքիան ինչ  կարողանում է, Հայաստանի դեմ անում է, և դա անում է արդեն երկու տասնամյակից ավելի:

Չվերթի կասեցումը ես համարում եմ քայլ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ: Զուտ կոմերցիան չվերթը փորձեցին վերածել քաղաքական լծակի Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար: Որ ցույց տան` տեսեք` ուզենանք` կլինի, չենք ուզում` չի լինի: Ադրբեջանի բողոքն էլ  դեր խաղաց: Բայց հիմնականում թուրքերը ցույց են տալիս, որ մեզ հետ հարաբերություններում իրենք են խաղի կանոնները որոշում:

Ինչ վերաբերում է հայերի վրա հարձակումներին, կարծում եմ` դրանք ուղղված են ոչ միայն հայերի, այլև ընդհանրապես քրիստոնյաների դեմ:  Ներկայիս կառավարությունը իսլամամետ  է: Այդ ֆոնի վրա Թուրքիայում ուժեղանում են իսլամամետ ծայրահեղական տրամադրությունները` ուղղված ընդհանրապես քրիստոնյաների դեմ: Պատահական չէ, որ վերջին տարիներին  Թուրքիայում պարբերաբար քրիստոնյաների սպանություններ են տեղի ունենում: Հետևյալ հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք. Թուրքիայում հայերի նկատմամբ,  մանավանդ վերջին տարիներին, ձևավորվում է մթնոլորտ, թե  հայերը հատուցում են ուզում, հայերը անշնորհակալ են, օսմանյան կայսրությունում այդքան լավ պահեցինք, բայց հայերը ապստամբեցին:

Մի հանգամանք էլ կա` Հալեպի հայ համայնքը: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում տարբեր նպատակներ ունի, դրանցից մեկն էլ այն է, որ ազատվի Հալեպի հայ համայնքից, քանի որ այդ համայնքը շատ ակտիվ է եղել և կարևոր դեր է ունեցել Ցեղասպանության ճանաչման պայքարում: Կան տվյալներ, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրեր են մշակում, որ հարմար առիթի  դեպքում  հայերին քշեն Հալեպից և այդ գլխացավանքից  ազատվեն:

Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ  միայն Ցեղասպանության  առնչությամբ կեղծելուն, խաբելուն իր ժողովրդին, այլև հայերին ճնշելուն. թույլ չտալ, որ հայերն իրենց ապահով զգան և հնարավորության դեպքում տեղափոխել այդ քաղաքականությունը երկրի սահմաններից դուրս: Ինչը հիմա անում են:

Երևանը առաջիկա 4 տարիներին` ըստ քաղաքական ուժերի պատկերացումների

qaxaqakanԵրևանի քաղաքապետի աթոռի համար թեժ մրցապայքար է ծավալվել. մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավը և պայքարը երևանցիների քվեների համար եռում է: Յոթ քաղաքական ուժերը հնարավոր բոլոր միջոցներով երևանցիներին են ներկայացնում  մայրաքաղաքի ապագայի իրենց տեսլականը:

«Անկախը» կփորձի ծաղկաքաղ անել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից` ներկայացնելով նրանց հիմնական մոտեցումներն ու առանցքային դրույթները:

Նշենք, որ  բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ունեն ընդհանուր դրույթներ, օրինակ` գրեթե բոլորն էլ խոստանում են ավելացնել կանաչապատ տարածքների մակերեսը, մետրոպոլիտենի կայարանների թիվը, բարելավել ջրամատակարարման որակը, տրանսպորտը հասանելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց:

Այսպես, ՀԱԿ-ն ընտրություններին մասնակցում է «Իշխանությունը` քաղաքացուն» կարգախոսով,  ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը:

«Հաղթելով Երևանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար»,- ասվում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում:

Այն  երկու մասից է բաղկացած: Առաջինը քաղաքական ծրագիր է, երկրորդը՝  Երևանի զարգացման ծրագիրը: Ծրագրի երկրորդ մասն ուշագրավ է նրանով, որ մանրակրկիտ, ոլորտ առ ոլորտ ներկայացնում է կուսակցության անելիքները` բաց չթողնելով ներկայում արդիական որևէ խնդիր:

Ըստ քաղաքական ծրագրի` Երևանում իշխանության գալու դեպքում ՀԱԿ-ը նախատեսում է «Սահմանադրական դատարան դիմելու միջոցով վերացնել  Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելն ու համայնքային սեփականությունը տնօրինելը»:

Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով  ՀԱԿ-ը նախատեսում է  համաքաղաքային հանրաքվեներ անցկացնել: Նաև նախատեսում է Երևանում ստեղծել  կաբելային հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները։

Անդրադառնալով Երևանի ապագային՝  ՀԱԿ-ը խոստանում է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առցանց հետևելու  բյուջեի ծախսերին ու մուտքերին, ստեղծել  կանաչ գոտիների և պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն  իրավական ակտով:  Տրանսպորտի ոլորտում ուշագրավ է  մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածի կառուցումն ավարտելու և  Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս – Մալաթիա – Չարբախ երթուղու կառուցման խոստումը:

Բնապահպանության ոլորտում  ՀԱԿ-ը խոստանում է  միջոցներ ձեռնարկել`  վերականգնելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատունկերի, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով: «Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքներն աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին: Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երևանի կենդանաբանական այգին: Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում` սիզամարգերը, կկատարվի դրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության: Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը»,- ամրագրված է ծրագրում:

Նախատեսվում է բազմազավակ ընտանիքների համար տրամադրել  ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում, երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար ստեղծել  հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ, երիտասարդների համար կառուցել թաղամասեր և այլն:

ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Երևան, փոխիր Հայաստանը» կարգախոսով: Կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

«Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ ու իրատեսական: Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում»,- ասում է ՀՅԴ-ն ու կետ առ կետ ներկայացնում իր պլանները:

Կառավարման համակարգում, օրինակ, ՀՅԴ-ն մտադիր է ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների:  Կուսակցությունը խոստանում է ապահովել Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը, ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց,   փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր, սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ, մինչև 2017 թ. առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ:  Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգը, ձևավորել ծերապարտեզների ցանց, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը նախադպրոցական հաստատություններում, ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ և այլն:

«Առաքելություն»  կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով» և «Երևան՝ մեր առաջին առաքելություն» կարգախոսներով: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը:

Կուսակցությունը Երևանը տեսնում է որպես քաղաք, որի բնակիչները կունենան բարեկեցիկ, անվտանգ կյանք, քաղաք, որի այցեքարտը կլինեն հարմարավետությունն և մաքրությունը:

Ըստ նախընտրական ծրագրի`  նախատեսվում է  կրկնակի նվազեցնել մետրոյով երթևեկության ուղեվարձը,  կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ, հասարակական տրանսպորտը մատչելի դարձնել հաշմանդամների համար, բոլոր վերելակները փոխարինել նորերով, վերանորոգել բազմաբնակարան շենքերի տանիքները, գետնանցումներն ու մայթերը, ապահովել բոլոր փողոցների գիշերային լուսավորությունը, հիմնել նոր անտառներ, բարեկարգել բուսաբանական այգին, կառուցել նոր առևտրային կենտրոններ, խիստ վերահսկողություն սահմանել պատմամշակութային շինությունների ճարտարապետական տեսքի պահպանման նկատմամբ և այլն:

ՕԵԿ-ի կարգախոսն է «Մենք կարող ենք ավելին», կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Երիցյանը: ՕԵԿ-ը խոստանում է ձևավորել «քաղաքացիների համար աշխատող իշխանություն»` նշելով, որ «երևանցիները պետք է համոզված լինեն, որ իրենց կարծիքը ոչ միայն «լսելի է,  այլև անպայման հաշվի է առնվելու»:

ՕԵԿ-ի ընդարձակ ծրագիրը, սակայն, այդպես էլ Երևանի հստակ տեսլական չի տալիս. կուսակցությունը խոստանում է գործող ինչ-ինչ կարգեր արդիականացնել, հստակեցնել, ստեղծել անհրաժեշտ միջավայր` ինչ-ինչ զարգացումներ ապահովելու համար, ամրապնդել օրինականությունը,  սակայն այդ ամենն այնքան անորոշ է ներկայացվում, որ ծրագիրն ընթերցելուց հետո այդպես էլ չես հասկանում` ընտրվելու դեպքում  ինչ են նախաձեռնելու, ինչից են սկսելու: Նման լղոզված ծրագրի պարագայում ցանկացած քայլ կարելի է ներկայացնել որպես ծրագրից բխող:  Ընդ որում, ՕԵԿ-ի ծրագիրն այնքան ընդհանուր է, որ մի փոքր շտկումներով կարելի է ներկայացնել նաև համապետական ցանկացած ընտրության ժամանակ որպես նախընտրական ծրագիր:

ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսն է «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»: Կուսակցության ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը:

ԲՀԿ-ն նախատեսում է բացառել «Երևանի դեմքը աղճատող որևէ փոփոխություն և ապօրինի կառուցապատում»` նշելով, որ Երևանի գլխավոր հատակագծով սահմանված պահանջները պետք է լինեն պարտադիր բոլորի համար: Առաջարկում են  ամրացնել և վերականգնել 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարանային շենքերը,  պարզեցնել կառուցապատման համար  ճարտարապետա-շինարարական փաստաթղթերի տրամադրման կարգը, ապահովել բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, շքամուտքերում անվտանգության համակարգերի տեղադրումը, վերելակների անվտանգ շահագործումը: Բնապահպանության ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է կանաչ տարածքներում միամյա  բույսերը փոխարինել բազմամյա կուլտուրաներով, զբոսայգիները վերակառուցել` դրանք առավել հարմարավետ դարձնելով բնակիչների հանգստի ու ժամանցի համար, արգելել կանաչապատ տարածքներում հիմնական շինությունների կառուցումը և այլն: Տրանսպորտի ոլորտում ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել ավտոբուսների և տրոլեյբուսների թիվը, կառուցել մետրոպոլիտենի նոր կայարաններ. «Երևանը միայն Աբովյան և Թումանյան փողոցները չեն, որ  ցուցադրականորեն բարեկարգվում և ծաղկապատվում են: Երևանը պետք է զարգանա համաչափ: Հարավ-Արևմտյան թաղամասում կամ Նոր-Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներում ապրող բնակիչը նույնպես պետք է իրեն հարմարավետ զգա իր քաղաքում: Քաղաքի տարբեր հատվածների միջև «անհավասարության» նշանը պետք է վերանա»:

ԲՀԿ-ն ներկայացնում է նաև առողջապահության, կրթության ոլորտներում իր նպատակներն ու ցանկությունները`  հավելելով, որ ծրագիրը կենսունակ է և վստահության արժանանալու դեպքում մայրաքաղաքը կդարձնեն «բոլորի երազած Երևանը»:

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով, ընտրական ցուցակը գլխավորում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նախընտրական ծրագրում ներկայացված են քաղաքապետարանի 2009-2013 թթ. միջոցառումները, ապա ներկայացված է 2013-2017 թթ. ավելի լավ Երևանի տեսլականը:  Նախընտրական ծրագրում անդրադարձ է կատարվում 9 ոլորտների` հիմնականում խոստանալով շարունակել ներկայիս քաղաքականությունը. «Մենք պատրաստակամ ենք շարունակելու ամեն դրականն ու լավը` բոլորիս համար ստեղծելով  ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ,  ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ավելի լավ Երևան»:

Քաղաքաշինության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենք, բեռնաթափել տրանսպորտային հանգույցները,  ավարտին հասցնել  Լենինգրադյան փողոցն Ադմիրալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու շինարարությունը և այլն:

Աղբահանության և բնապահպանության ոլորտում ՀՀԿ-ն խոստանում է  հիմնել աղբի վերամշակման  ձեռնարկություն, նոր այգիներ և զբոսայգիներ, ավելացնել կանաչ տարածությունները, իրականացնել Եռաբլուրի, Հաղթանակի զբոսայգու, Փարոսի բլուրի անտառավերականգնման ծրագիր և այլն:

«Բարև Երևան» դաշինքի նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, «Ժառանգության» գրասենյակից տեղեկացրին, որ առաջիկա օրերին ծրագիրը վերջնական տեսքի կբերվի ու կհրապարակվի: Դաշինքի կարգախոսն է` «Բարև Երևան», իսկ ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը:

Հարություն Խաչատրյանը իր ֆիլմերի մասին` սկզբում հայհոյում են, հետո գնահատում

խաչատրյանՀարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու շքանշանակիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ:

Խաչատրյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են «Սպիտակ քաղաքը», «Կոնդ», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» և այլն:

– Պարոն Խաչատրյան, Ձեր զբաղվածության պայմաններում շարունակում եք ստեղծագործել: Ո՞րն է ներշնչանքի աղբյուրը, որտեղի՞ց եք ֆիլմերի թեմաներ  քաղում:

– Գիտեք, ես  ինձ միայն կինոռեժիսոր չեմ համարում: Իմն ավելի շատ սոցիոլոգիա է, կինոսոցիոլոգիա: Ամեն ֆիլմը նոր նյութի, նոր տարածքի ուսումնասիրություն է:  Ծանր ուսումնասիրություններ են: Կան ֆիլմեր, որոնք 25 տարում եմ նկարել: 25 տարի անընդմեջ, ամեն 5-7 տարին մեկ անդրադարձել եմ նույն մարդկանց: Հիմա  նոր եմ ավարտել ֆիլմը, որ կոչվում է «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Այն  87-88-ից սկսած նկարում եմ: Ֆիլմը 5-6 հայերի մասին է, որոնք Հայաստանից փախչում են: Ֆիլմը փորձում է պարզել`  ինչու են փախչում, ինչու վերադառնում, ինչու չեն վերադառնում, դժբախտ են արդյոք, թե երջանիկ: Չկա  մի թեմա, որ ինձ չտանջի որպես մարդու, անհատականության և որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու:

Սրանք ապրված,  տեսած պատմություններ են, ինձ սարսափելի անհանգստացնող պատմություններ: Իմ լեզուն կինոլեզուն է: Ես հրապարակախոս չեմ, նկարիչ չեմ, իմ արտահայտվելու լեզուն կինոպատկերն է, և դա եմ օգտագործում:

– Ձեր ֆիլմերում ներկայացնում եք կյանքի այն կողմը, որոնք շատերը նախընտրում են չնկատել: Ինչպիսի՞ն է լինում արձագանքը այս պարագայում:

– Դժբախտաբար, հարվածները շատ են լինում, քանի որ կան մի խումբ ստահակներ, որոնք սուտ հայրենասիրությունն օգտագործում են իսկական արվեստի և ուսումնասիրությունների դեմ, որովհետև րոպեական փառքը կամ մի ասված ճարպիկ խոսքն այդ օրը փայլելու համար իրենց համար ավելի կարևոր է, քան տարիների ուսումնասիրությունը, որոնք բացահայտում ենք քո մշակութային, փիլիսոփայական, կենցաղային շերտերը և թերությունների շերտերը:

Եթե արվեստագետը չխոսի թերությունների և բացերի մասին, դրանք հնարավոր չի լինի  շտկել կամ գոնե վերանայել: Սկզբում միշտ լինում են հայհոյանքներ, զազրախոսություն, նույնիսկ ինձ իրականության թշնամին են համարում: Մի ժամանակ ԿԳԲ-ն ինձ սովետի թշնամին էր համարում, հետո ինձ ոմանք հայերի թշնամին էին համարում, քանի որ չի կարելի հայերի թերությունները պատմել աշխարհին: Պարզվեց, որ այդ թերություններն ամբողջ աշխարհն ունի, այն առավելությունները, որ մենք ունենք, ամբողջ աշխարհն ունի, և բոլորին հետաքրքրում է դրա մասին մտածելը, դրան անդրադառնալը:

Ոչ ոք չի ասում, թե ինչու  Կոնդում ապրող մարդն այս խնդիրն ունի: Նույն Կոնդը կա Փարիզում, նույն Կոնդը կա Բուենոս-Այրեսում, Մեխիկոյում: Ամեն մեկն իր դարդը, հոգսը  և հիացմունքը տեսնում է տվյալ ազգի արվեստի մեջ:

խաչատրյան2Բայց, բարեբախտաբար, ինչը  համարում էին գարշելի ու զազրելի, հետագայում ասում են` շատ պոետիկ ֆիլմ է:  Արվեստը մնում է, պոետականությունը մնում է, իրենք հասունանում են այնքան, որ հասկանան` ինչքան կարևոր է այդ ֆիլմը: Ֆիլմերը միշտ առաջ են ընկնում, անընդհատ նոր շերտեր են բացում, իսկ  մարդիկ պատրաստ չեն դրան:  Սկզբում  անսպասելի է շատերի համար, բացասական ռեակցիա է լինում, հետո հասունանում են: Հետո նոր ֆիլմ է գալիս, որը պատմում է լրիվ ուրիշ շերտի մասին, որի մասին իրենք չէին մտածել: Իհարկե, իսկական արվեստը` իմ սիրած արվեստը, այդպիսին պիտի լինի:

– Մի՞թե ավելի բարդ  չէ կյանքի դժվարությունների, խնդիրների  մասին ֆիլմ նկարելը:  Ինչո՞ւ եք դժվար ուղին ընտրել:

– Ես եմ այդպիսին: Իմ կինոյի տեսակն այնքան անհատական արվեստի տեսակ է, որ  ամբողջը իմ միջով է մտնում ու դուրս գալիս:

Ջիվանու մասին ֆիլմը («Պոետի վերադարձը»). ես 7-10 տարի  եմ մտածել, թե ինչպես պատմեմ այդ պատմությունը, որ ոչ մի արվեստագետ, ոչ մի սուրբ իր երկրում տեղ չունի: Որ կարող են քեզանով ապրել և հիշել, բայց եթե վերադարձար, չեն կարող ընդունել: Կամ Ջիվանու միջոցով ինչպես կարելի է պատմել Ջավախք աշխարհի գեղեցկության և մեծ պոտենցիալի մասին, որն ինչպես  հոգևոր, մտավոր,  մշակութային, այնպես էլ  կոպիտ բաներ ունի իր մեջ պարփակված: «Պոետի վերադարձը»  տասից ինը չէին հասկանում: Բայց անցավ մի քանի տարի, և բոլորն ասում են,  որ նման ֆիլմ չկար: Նույնը «Սպիտակ քաղաքը», «Կոնդը», «Վերադարձ ավետյաց երկիրը»: Բոլոր ֆիլմերի թեմաներն էլ այնպիսին են, որ այսօր ազգը դրա մեջ է ապրում, դրանով տառապում:

Իսկ նոր ֆիլմը` «Անվերջ փախուստ և անվերջ վերադարձ»,  հինգուկես ժամանոց լիամետրաժ  ֆիլմերի ժողովածու է  Հայաստանից հեռացածների ու վերադարձածների մասին: Չկա նման  բան, որ ուզենամ չարամտորեն սևացնել պատմությունը կամ գունազարդել, թե ինչ լավ է ամեն ինչ: Աշխատում ենք պահպանել ճշմարտության մթնոլորտը, որպեսզի ապագա սերունդներն էլ կարողանան տեսնել, թե ինչ մթնոլորտում ենք ապրել, ինչն է մեր դժբախտությունը, ինչը մեր երջանկությունը:

– Ձեր ֆիլմերում հերոսները քչախոս են,  երբեմն լռություն է տիրում, ինչո՞ւ է այդպես:

– Կարծում եմ, որ կինոյի լեզուն այնքան հարուստ է և ճոխ, որ շատ խոսքերը կարող են արժեզրկել առկա մթնոլորտը և տրամադրությունը:  Բայց հիմա նոր ցիկլում հերոսներս շատ են խոսում, որովհետև նրանց ամեն խոսքը շատ կարևոր է: Այն ժամանակ խոսքը կարևոր չէր, որովհետև նրանց ապրելաձևի, շարժումների, պլաստիկայի հարաբերությունների մեջ այնքան ասելիք կա, որ իմաստ չունի դրա մասին խոսելը: Իսկ հիմա նոր հերոսների խոսքը կարևորվում է: Հիմա ուզում եմ, որ իրենց մեջ եղած,  թաքնված խոսքն էլ դուրս գա: Բայց ես կողմնակիցն եմ կինոյի լեզվի, որը շատ խոսք չի օգտագործում:

– Պարոն Խաչատրյան, հարցազրույցներից մեկում նշել եք, որ կինոն հզոր զենք է և կարող է անել այն, ինչ չեն կարող անել քաղաքական գործիչները: Հայերս այդ զենքը որքանո՞վ ենք կարողանում  ճիշտ օգտագործել:

– Քանի որ հայկական ֆիլմերի քանակը քիչ է, մենք չունենք այդ ուժը, որ  կարողանանք այդ հնարավորություններն օգտագործել:

Երբ նկարում ես երկու-երեք ֆիլմ, նույնիսկ եթե մեկը, այսինքն` 30 տոկոսը մրցանակ ստանա կամ դուրս գա միջազգային ասպարեզ, մեծ հաջողություն է:

Ռուսաստանում նկարում են լիամետրաժ խաղարկային 150-200 ֆիլմ, որոնցից  աշխարհ է դուրս գալիս երկուսը կամ երեքը: Թուրքիայում նկարվում է 80-120 ֆիլմ, որոնցից 7-10-ը դուրս են գալիս միջազգային ասպարեզ և ստեղծում թուրքական կինոյի մթնոլորտ ու եղանակ: Իսկ մեր 30 տոկոսը մեկ-երկու ֆիլմն է, որով չես կարող հայկական ալիք անել, կինոմթնոլորտ ստեղծել, քանի որ քիչ է:  Բայց, փառք Աստծո, հաջողություններ կան շուկաների, փառատոների միջոցով: Կարծում եմ, որ ժամանակը գալու է, երբ երկիրը ֆինանսապես մի քիչ կապահովվի, պետք է վերանայել աշխարհի հետ կինոյի միջոցով մշակութային հաղորդակցություն վարելու քաղաքականությունը:

Կարող ենք շտապել, և ոչինչ չլինի: Բայց եթե քայլ առ քայլ շարժվենք առաջ, արդյունքի կհասնենք:  Հիմա «Ոսկե ծիրանի» գործունեության երկրորդ տասնամյակում նպատակ ունենք  փառատոնային կենտրոն, լավ գրադարան  ստեղծել: Արդեն իսկ ունենք հազարի չափ ֆիլմեր: Այս գրադարանը պետք է օգտագործել կրթական նպատակներով:

– Որպես ոլորտի փորձառու ներկայացուցիչ  ի՞նչ խորհուրդ կտաք նորեկներին:

– Համբերություն և աշխատասիրություն:  Սա բարդ ասպարեզ է: Ես զարմանում եմ, որ կինեմատոգրաֆիստները երբեմն արտիստիկ են լինում, թռչում են բեմ, մեյմունություն անում: Ինձ համար սա ավելի շատ գիտնականի աշխատանք է, ծանր, դժվար աշխատանք:

Հանքափորի աշխատանքի պես տքնաջան  և զինվորի պես կարգապահ աշխատանք  է պահանջում  հատկապես իմ տեսակի կինոն, քանի որ դու պետք է  այդ մարդկանց հետ քայլես, ապրես, տանջվես, ուրախանաս, հասկանաս, որ նրանցից մեկն ես: Ու պետք է ծով համբերություն ունենաս, որ  կարողանաս և՛ երջանկությունը դուրս հանել, և՛ դժբախտությունը հասկանալ ու կիսել  նրանց հետ:

Նոր կինոն անպայման ենթադրում է սովորել: Դա բնավորություն է նաև: Եվ աշխարհը, իրական աշխարհը տեսնելու ցանկություն էլ պետք է լինի:

Երիտասարդ գիտնականները գիտության ոլորտում առաջընթաց չեն տեսնում

Մերի-Մանուկյան«Անկախը» պարբերաբար անդրադառնում է գիտության խնդիրներին` ներկայացնելով նաև Հայաստանի երիտասարդ գիտնականների խնդիրները, նրանց դիրքորոշումները: Այս անգամ «Անկախը» հետադարձ հայացք կգցի` պարզելու, թե մեր կողմից լուսաբանված  երիտասարդ գիտնականների աչքերով վերջին մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց կյանքում  և գիտության ոլորտում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որ 10 տարի արդեն գիտությամբ է զբաղվում, չի բացառում, որ այս տարի հնարավոր է` թողնի աշխատանքը անձնական խնդիրների պատճառով:

Անդրադառնալով նախորդ մեկ տարվան` Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում  գիտության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:«Գիտնականները սկսել են ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար: ՊԳՖԱ ջանքերով և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ տեղի ունեցան մրցանակաբաշխություններ, որոնք, իհարկե, խթանում է երիտասարդներին: Բացի այդ, նախագահի կողմից երիտասարդներին հատկացվեց 100 մլն դրամ, ինչը հնարավորություն տվեց մի քանի երիտասարդների մեկնելու գիտական գործուղումների, կազմակերպվեցին գիտական դպրոցներ և գիտաժողովներ, ինչը կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի առումով: Անհրաժեշտ է նշել նաև ԳՊԿ կողմից տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարելավելու աշխատանքային պայմանները և համագործակցության նոր եզրեր փնտրելու»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ արվածը  քիչ է պնդելու համար, որ գիտության ոլորտում կարևոր քայլեր են կատարվել:

Մանուկյանի համար վերջին մեկ տարում դրական է եղել այն մրցանակը, որ ստացել է «Տաշիր» հիմնադրամի կողմից «Առավելագույն հղման ինդեքս ունեցող գիտական հոդվածների» մրցույթում: Իսկ բացասական զարգացումները, ըստ Մանուկյանի, շատ են:

«Ոջիլի պատմության նման» կրկին ու կրկին հանգում ես մի բանի. գիտաշխատողին շաբաթական 5 օր և օրական 8 ժամ աշխատելու դիմաց այնքան չնչին գումար են վճարում, որ ծիծաղելի է: Հիմա էլ նոր հարկային քաղաքականության հետևանքով գիտնականներին հատկացվող հավելավճարներից ավելի շատ պահումներ են կատարվում, և գիտնականն  էլի տուժում է,- ասում է Մանուկյանը:- Մյուս կողմից էլ շատ վիրավորական է, որ ինչ-որ հիմնարկության հավաքարար կամ վարորդ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գիտնականը: Ակադեմիայի աշխատողը  մեկ տարի աշխատելուց հետո իրեն չի կարող թույլ տալ գոնե  մեկ շաբաթով հանգստանալ հանրապետությունում: Լավ է, որ հիմա մեզ հատկացվեցին սոցիալական ապահովագրության փաթեթները, գոնե քիչ թե շատ հնարավոր կլինի որոշ առողջական խնդիրներ լուծել»:

Երիտասարդ գիտնականը նշում է նաև, որ նորմալ աշխատելու համար չկան համապատասխան նյութեր ու սարքեր. «Ինքս ԳՊԿ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար եմ և վերջին 2 տարում  դրամաշնորհի գումարներով կարողացել եմ ձեռք բերել անհրաժեշտ նյութեր փորձեր կատարելու համար: Իսկ հիմա դրամաշնորհն ավարտվում է, և ես նորից կանգնելու եմ «կոտրած տաշտակի» առաջ. ի՞նչ և ինչպե՞ս անել»:

Անդրադառնալով գիտության ոլորտի հրատապ խնդիրներին, որոնք շարունակում են չլուծված մնալ, Մանուկյանն առանձնացնում է երեքը: Առաջին` գիտնականի աշխատավարձի անհապաղ բարձրացում, այլապես մի քանի տարուց ակադեմիան արդեն աշխատող չի ունենա: Երկրորդ` գիտնականներին հարկավոր է ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով` մրցունակ գիտական արտադրանք ստանալու համար: Երրորդ` պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, այլապես մի քանի տարի հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ նորմալ արդյունավետ աշխատող միջին սերնդի ներկայացուցիչները շատ քիչ են, իսկ  շատ երիտասարդներ ուղղակի ստիպված են լքել գիտությունը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուզաննա Սոխոյանն «Անկախի» հետ հարցազրույցից որոշ ժամանակ անց ԱՄՆ է տեղափոխվել, աշխատում է ԱՄՆ-ում` հետդոկտորական ծրագրի շրջանակներում հետազոտություններ է կատարում:

Սոխոյանն ասում է, որ ԱՄՆ-ում է աշխատում, քանի որ այնտեղ ինքնադրսևորվելու և ստեղծագործական աշխատանք կատարելու շատ ավելի  մեծ  հնարավորություններ ունի, քան Հայաստանում: «Թեև հայ գիտնականներն իրենց մտքի թռիչքով չեն զիջում որևէ այլ երկրի գիտնականներին, սակայն աշխատանքային պայմանների տարբերությունն անհավասար մրցակցություն է ստեղծում հայաստանցի և զարգացած երկրներում ապրող գիտնականների միջև,- ասում է նա:- Քանի որ Հայաստանցի գիտնականների վաստակած գումարը չի բավարարում առօրյա հոգսերը հոգալու համար, գիտնականը ստիպված է հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել: Այդ պատճառով հայաստանցի շատ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը հոբբի է դարձել, ոչ թե հիմնական զբաղմունք: Դա չի կարող չանդրադառնալ գիտական միջավայրի վրա»:

Չնայած Սոխոյանը Հայաստանում չէ, շարունակում է հետևել այստեղ գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նրա կարծիքով`  ներկա իշխանությունների օրոք դրական տեղաշարժի սպասելը սին գործ է: «Մինչև երկրում համակարգային փոփոխություններ չլինեն, գիտության ոլորտը, աստիճանաբար ծախսելով նախկինում կուտակված կապիտալը, գահավիժելու է անդունդ»:

Խոսելով գիտնականի նկատմամբ վերաբերմունքի մասին  Հայաստանում և ԱՄՆ-ում` Սոխոյանն ասում է. « Իմ կարծիքով` գիտնականի նկատմամբ վերաբերմունքի հիմնական չափանիշը գիտնականի աշխատավարձն է: Իսկ ԱՄՆ-ում պրոֆեսորի աշխատավարձը շուրջ 60 անգամ ավելի է, քան հայաստանցի պրոֆեսորի աշխատավարձը: Եվ միջինում, կարելի է ասել, մարդու աշխատավարձը համեմատական է մարդու կատարած աշխատանքի բարդությանը: Գիտնականները շատ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, արագ սննդի կետերի աշխատակիցները: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում: Եվ դա ունի իր պատճառները: ԱՄՆ-ում նորարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»:

Սոխոյանն ասում է, որ Հայաստանսում շարունակում է խզված  մնալ նաև գիտություն- տնտեսություն կապը. « Ո՛չ մասնավոր ներդրողը, ո՛չ պետական այրերը իմաստ չեն տեսնում գիտական նախագծեր ֆինանսավորելու մեջ: Գիտության ոլորտում ներդրումները ենթադրում են երկարաժամկետ հետևողական և շատ լուրջ աշխատանք: Վստահ կարելի է ասել, որ գիտահենք տնտեսության ճյուղերը շատ ավելի դժվար է զարգացնել, քան հանքարդյունաբերությունը»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանի կյանքում վերջին մեկ տարում փոփոխություններ շատ են եղել, սակայն դրանք ՀՀ կառավարության գործունեության արդյունք չեն. «Վերջին մեկ տարվա ընթացքում ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով եղել եմ ԱՄՆ Բերկլիի համալսարանում, ստացել եմ ANSEF-ի դրամաշնորհ, Եվրոպական FP7 գրանտերի գնահատման մասնակցության հրավերքներ եմ ստացել: Սակայն դրանք կապված չեն եղել ՀՀ կառավարության բարեփոխումների հետ»:

Գոգյանի կարծիքով` կարևոր է, որ կառավարությունը փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ:

«Առայժմ կարող եմ, Հայաստանում գտնվելով, շատից-քչից
զբաղվել ֆիզիկայով: Հուսով եմ` իրավիճակը կլավանա, ու ստիպված չեմ լինի
որոշ ժամանակ անց լքել հայրենիքս»,- ասում է Գոգյանը` խոսելով ապագայի հեռանկարների մասին:

Ստացվում է, որ ինչքան էլ խոսվում է գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսության մասին, միևնույն է, խոսքը գործի չի վերածվում, կամ էլ այդ ամենն այնքան դանդաղ է կատարվում, որ գիտական հանրությունը դեռևս իր վրա չի զգում այդ փոփոխությունները:

 

Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր հաստատվել է աշխարհի քարտեզի վրա

Հարություն-Խաչատրյան

Հարցազրույց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

– «Ոսկե ծիրանի» համար այս տարին հոբելյանական է. 10-րդ «Ոսկե ծիրանն» ինչո՞վ կտարբերվի նախորդներից:

– Շատ բան չեմ կարող ասել 10-րդ «Ոսկե ծիրանի» մասին, քանի որ բոլոր հարցերը լուծվում կամ հաստատվում են մայիսի վերջին: Ինչ խոսք, նախապատրաստական աշխատանքներ ընթանում  են, որ աշխարհի լավագույն լրատվամիջոցները գան ու լուսաբանեն այն: Շատ ենք ուզում, որ Հայաստանի մասին մեկ անգամ ևս խոսվի աշխարհով մեկ` որպես մշակութային լուրջ  կենտրոնի, որը զբաղվում է կինոարվեստը տարածելով:

Կինոարվեստն ինքնանպատակ չէ, կարևոր բաներից մեկը Հայաստանն աշխարհին ցուցադրելն է`  և՛ արվեստի գործերը, և՛ ապրելաձևը, և՛ կենցաղը: Կարծում եմ, որ այդ ամենն աշխարհի համար հետաքրքիր է և կգրավի մարդկանց:

Այս 10 տարիներին ինչքան մարդիկ եկել են, սիրահարվել են Հայաստանին, դարձել են Հայաստանի  դեսպաններն   աշխարհով մեկ: Եթե ամեն մի գնացածի ֆեյսբուքյան էջը նայեք կամ նրանց գրած հոդվածները, հարցազրույցները, կտեսնեք, թե Հայաստանի մասին ինչքան ջերմ խոսքեր, նվիրվածություն, հետ վերադառնալու ցանկություն կա:

Ամեն մեկը նոր ֆիլմ ունենալու դեպքում Կաննից ու Վենետիկից հետո միանգամից ցանկություն է հայտնում գալ Հայաստան, քանի որ գիտեն, որ իրենց հեղինակային կինոն գնահատվելու է Հայաստանում:

Որոշել ենք, ինչպես ամեն տարի ենք անում, բերել  աշխարհի ճանաչված ֆիլմերը,  Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոների լավագույն ֆիլմերը, որոնք մրցանակներ են ստացել, և ցուցադրել հայ հանդիսատեսին: Սրանք ֆիլմեր են, որոնք հանդիսատեսն այլ  դեպքում չէր տեսնի. հեռուստատեսությունը ցույց չի տալիս, էկրաններին չեն գալիս, իսկ մենք կարծում ենք,  որ այդ ֆիլմերի մասին  հանդիսատեսը և՛ ինֆորմացիա պիտի ունենա, և՛ տեսնի, և՛ հասկանա` աշխարհում ինչ է կատարվում, կինոն ինչ ուղղությամբ է զարգանում, ինչն են գնահատում:

Այս տարի կաշխատենք, որ Հայաստան գան նախորդ տարիներին մրցանակներ ստացած անձինք, ցանկանում ենք  նաև բերել նոր մարդկանց, որոնք երբևէ չեն մասնակցել մեր փառատոնին, բայց ճանաչված անուններ են` ռեժիսորներ, արտիստներ:

Արդեն մի գաղտնիքը բացվել է. 10-րդ հոբելյանական հանձնաժողովի նախագահը Շառլ  Ազնավուրն է լինելու, և Ազնավուրի հրապարակում նրա անվամբ աստղ պետք է բացվի, ինչպես ժամանակին   Բեկնազարյանի, Փարաջանովի, Մամուլյանի աստղերը:

Աշխատում ենք, որ տեխնիկական միջոցներն ավելի բարձր մակարդակով լինեն: Մենք ինքներս կինոթատրոն չունենք, վարձում ենք կինոթատրոնները և դահլիճները: Հրավիրել ենք գերմանացի լավագույն ինժեներներին, նրանք այժմ ստուգում են բոլոր տեղերը, որտեղ որ ֆիլմեր պիտի ցուցադրվեն: Կաշխատենք, որ մեր ջանքերով  ամառային կինոդահլիճում ցուցադրություն լինի, բացօթյա ցուցադրություններ լինեն, ամեն տարվա պես համերգներն Ազնավուրի հրապարակում պիտի շարունակվեն: Ճոխ բացում ու փակում պիտի արվի:

-Պարոն Խաչատրյան, ո՞րն եք համարում փառատոնի ամենամեծ ձեռքբերումը 10 տարիների ընթացքում:

– Փառատոնի ամենամեծ ձեռքբերումները  մի քանիսն են: Առաջինը   Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր աշխարհի քարտեզի վրա հաստատվելն է, այն էլ` հեղինակային կինոյի: Այդ հասցեն վերջնականապես հաստատվել է: Օրինակ`  անցած տարի Կաննի կինոփառատոնի կայքում աշխարհի լավագույն 10 կինոփառատոների շարքում «Ոսկե Ծիրանը»  7-րդ տեղում էր:

Երկրորդ`  երբ սկսվեց փառատոնը, գրեթե չկային ռեժիսորներ: Երիտասարդների մեջ, որոնք մեծացել ու  տասնյակ տարիներ ապրել էին առանց կինոֆիլմերի` նայելով երկրորդական, երրորդական որակի վատ ֆիլմեր, հետաքրքրություն  արթնացավ դեպի կինոն: Բացվեց դպրոց, վարպետության դասեր անցկացվեցին: Եվ այսօր  ունենք  երիտասարդների մի լավ սերունդ, որոնք արդեն  լավ կամ վատ նկարում են ֆիլմ, մասնակցում կինոյի համաշխարհային պրոցեսներին, սովորել են ֆոնդերից փող ստանալու ձևերը, սովորել են իրենց ֆիլմերը ներկայացնել միջազգային մրցույթների:

Եվ երրորդ` դաստիարակվեց հանդիսատես: Տարիներ առաջ Հայաստանում այդ լավ հանդիսատեսը կար,  որը միշտ սպասում էր աշխարհի լավագույն ֆիլմերին: Բայց  դա վերացել էր: Առաջին տարին ամեն դահլիճում 4-5 կամ 10 մարդ  էր նստած,  այսօր 50-60 հազար  հանդիսատես մասնակցում է տարբեր միջոցառումների և ֆիլմերի ցուցադրությունների: Այսինքն`  մի այնպիսի հետաքրքիր հանդիսատես է առաջացել, որ ամեն տարի սպասում է այս մեկ շաբաթին, որպեսզի իր հետաքրքրություններին հագուրդ տա:

Այդ երեք կարևոր ձեռքբերումներն են, որ ամեն երկրի համար  հպարտանալու արժեքներ են:

– Մի փոքր խոսեցիք այդ մասին, բայց կմանրամասնե՞ք` ինչ համբավ և տեղ  ունի «Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում:

– Չկան այդպիսի աստիճաններ, որ 10-րդ կամ 20-րդ տեղը զբաղեցնենք, սա սպորտ չէ: Կան 5-6 մեծագույն, Ա կարգի փառատոներ, որոնք  շատ մեծ,  հարուստ երկրների իրավունքներն են, որոնք  ունեն մեծ շուկա:  Ամեն փառատոնի  ժամանակ ծախսվում է   10-100 մլն եվրո: Եվ կան մնացած փառատոները: Կարևորությունը մարդկանց գնահատականներն են: Ինչո՞վ է գնահատվում փառատոնը. ովքե՞ր են  մասնակցում փառատոնին, ինչպիսի՞ ֆիլմեր են ցուցադրվում փառատոնի ժամանակ և հանդիսատեսը գո՞հ է  ծրագրից. և ի՞նչ լրատվամիջոցներ են լուսաբանում այն: Շատ կարևոր է նաև ժյուրիի կազմը, լուրջ մասնագետնե՞ր են արդյոք, թե՞ պատահական հավաքված մարդիկ: Օրինակ, եթե գալիս են  հեղինակային կինոյի հիմնադիրները, դասականները կամ ներկա ճանաչված ռեժիսորներ, 1-2 հոգին մի փառատոնի համար շատ է, բայց մեզ մոտ մինչև 10-15 մեծագույն ռեժիսորներ են գալիս ամեն տարի, կարծես հեղինակային կինոյի ակումբ է դարձել: Փառատոնն այդպես է գնահատվում:

-10 տարի առաջ, երբ 1-ին կինոփառատոնն էիք անցկացնում, ի՞նչ տեսլական ունեիք: Եվ որքանո՞վ էր իրատեսական, որ Հայաստանում ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը կարող է կյանքի կոչվել:

– Հավատ չկար իրականում: Շատերը թերահավատորեն էին մոտենում, որ կարող է հաստատվել փառատոնը: Բայց մենք ընտրեցինք այդ ճանապարհը: Գիտակցում էինք   կինոն նորից արթնացնելու և կինոն որպես քաղաքական, մշակութային, ազգային  զենք օգտագործելու կարևորությունը: Կինոն լավագույն միջոցներից է աշխարհին պատմելու քո առավելությունների ու թերությունների, մշակույթի մասին, գրավելու աշխարհի մարդկանց քո երկիր և քո երկրի եղածը հանելու դուրս: Երկու ճանապարհ կար դրա համար. առաջինը արտադրություն ստեղծելն էր, հարուստ մի ֆոնդ, որպեսզի  սկսեինք ֆիլմեր նկարահանել և հասնեինք մի մակարդակի, ինչպես ժամանակին արեցին պարսիկները, վրացիները, հիմա թուրքերն են անում: 100-ավոր միլիոն դոլարներ են ներդնում կինոյի մեջ, քանի որ այն իրենց համար լուրջ քաղաքական գործիք է: Մենք այդ ճանապարհով չէինք կարող գնալ, քանի որ աղքատ երկիր ենք: Ընտրեցինք երկրորդ ճանապարհը` մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու, դպրոց բացելու,  սովորեցնելու, վարպետության դասեր տալու: Դա մի քիչ ավելի երկար ճանապարհ է: Փառք Աստծո, ինչ մտածում էինք, առաջին փուլի համար` իրականացավ:  Հիմա  երկրորդ տասնամյակում երկրորդ փուլը  պիտի իրականացնենք, խոսքը  հայկական կինոտեսակի, կինոարվեստի ինքնահաստատման մասին է: Մեկ-երկու լավ ֆիլմը չի կարող ստեղծել եղանակ համաշխարհային կինոյի մեջ ընդգրկվելու կամ  հայկական կինոտեսակը ցուցադրելու համար, պետք է շատանան ֆիլմերը, պետք է ֆոնդ ստեղծվի, պետք է մեծահարուստները համոզվեն գումար ներդնել այդ ֆոնդերի մեջ, ֆոնդերը պետք է երիտասարդների ներգրավեն ֆիլմեր նկարահանելու համար, որպեսզի ստեղծվի հայկական կինոտեսակ: Այնպես որ երկրորդ փուլում  մեր նպատակն է, որ  հայ կինոտեսակը ստեղծվի, քանակը որակ տա ու դա նկատվի աշխարհում:

– Անցած տարի բարձր մակարդակով խոստումներ հնչեցին, որ «Ոսկե ծիրանը»  սրահով կապահովվի: Այս տարի այդ խոստումներն իրականություն կդառնա՞ն:

– Մեծ շենքի մասին է խոսքը, որտեղ ողջ տարվա ընթացքում կինոցուցադրություններ, դասեր կանցկացվեն: Փնտրում են: Ես հավատում եմ այդ մարդկանց լրջությանը: Կարևոր է, որ «Ոսկե ծիրանն»  ընդունվի  որպես մշակութային քաղաքականություն վարող կենտրոն, որին պետք է ապահովել մեկ, երկու, եթե ոչ երեք 20-150 տեղանոց կինոդահլիճներով, սրահներ, որտեղ կարելի է  կինոցուցադրություններ, լեկտորիումներ անցկացնել, դասեր տալ` սկսած  դպրոցական տարիքի երեխաներից: Ես հույս ունեմ, որ դա կլինի, բայց եթե հանկարծ մոռացկոտ լինեն, մենք նորից կհիշեցնենք այդ մասին: Սա շուոբիզնես չէ, այլ  լուրջ կրթական, դաստիարակչական, մշակութային  ծրագիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

– Արդեն հստակեցվա՞ծ է կինոփառատոնի այս տարվա ժամանակացույցը:

– Փառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փորձում ենք դահլիճների թիվը շատացնել, տեսնենք` ինչ կստացվի: Մենք բերում ենք 100-150 ֆիլմ, որոնք մեկ անգամ են ցուցադրվում, գոնե 2-3  անգամ ցուցադրվեն: Դալմայի այգիներում դահլիճներ են բացվում, ուզում ենք նրանց ներգրավել, ուզում ենք, որ ամառային դահլիճում  գոնե այդ մեկ շաբաթը բացօթյա ֆիլմեր լինեն, նաև մեկ-երկու հրապարակներում,  որպեսզի անցորդը, հետաքրքրված անձն ամեն տեղ կարողանա կինոյի հետ շփվել: