«Հայաստանի հարավային երկաթուղի». հավասարում` բազմաթիվ անհայտներով

երկաթուղի«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» 3.5 մլրդ դոլար գնահատվող նախագծերի գործարկման մասին հայտարարվել է դեռևս 2013 թ. հունվարին: Այն ժամանակ էլ «Հայաստանի հարավային երկաթուղու» զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության գծով փոխըմբռնման եռակողմ հուշագիր ստորագրվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Հայաստանի տրանսպորտի նախարարության և Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԵ» ներդրումային ընկերության միջև: Եվ «Ռոսիա ՖԶԵ»-ն հայտարարեց, թե սկսում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության աշխատանքները:

Այսպես է ներկայացվում ծրագիրը

Անցյալ ուրբաթ օրը, հանդես գալով մամուլի ասուլիսով, «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին հայտարարեց, որ արդեն պատրաստ են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և նախնական ծրագիրը: Ըստ այդ ծրագրի` Հայաստանի հարավային` 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվի Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ գյուղը` Իրանի հետ սահման` անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը` 102.4 կիլոմետրը, կլինեն 60 թունելները: Երկաթգիծը պետք է ունենա 27 կայարան, 84 կամուրջ` 19.6 կմ ընդհանուր երկարությամբ և այլն: Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.2 մլրդ ԱՄՆ դոլար է, իսկ շինարարական աշխատանքները կտևեն 6 տարի: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար կպահանջվի 10.5 մլն դոլար: Այս թանկությունը, ինչպես նշեց Ջոզեֆ Բարկովսկին, պայմանավորված է բարդ աշխարհագրական տեղանքով և բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:
«Կոնցեսիայի հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի պահանջվելու որևէ պետական երաշխավորություն, և մեր նպատակն է կենսունակ դարձնել այս նախագիծը` առանց ՀՀ կառավարության համար այս նախագծի իրականացման որևէ ֆինանսական պատասխանատվության»,- նշեց Ջոզեֆ Բարկովսկին` հավելելով, որ այս ծրագրով Հայաստանում 3.2 մլրդ արտաքին ներդրումներ կներգրավվեն, ինչպես նաև կստեղծվեն տասնյակհազարավոր աշխատատեղեր: Ըստ կանխատեսումների` կիրականացվի տարեկան 18.3 մլն տոննա բեռնափոխադրում և 1.2 մլն ուղևորափոխադրում: Երկաթուղին, սակայն, կնախագծվի տարեկան 25 մլն տոննա բեռնափոխադրման համար: Հետագայում բեռնափոխադրման ծավալները կարող են մեծացվել: Բարկովսկու տեղեկացմամբ` երկաթուղու շահագործման նախագծային արագությունը կլինի 80 կմ/ժ, այսինքն` բեռնափոխադրումների համար այն կկազմի 40 կմ/ժ, իսկ ուղևորափոխադրումների համար` 70 կմ/ժ.:
«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը` որպես «Հյուսիս- հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, դառնալու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին: Երկաթուղու շինարարությունը, հավաստիացրեց Ջոզեֆ Բարկովսկին, կմեկնարկի 2016 թ., շահագործման կհանձնվի 2022 թ.: Ըստ նրա` ծրագրի իրականացումն իրատեսական է, և այն անպայման կյանքի կկոչվի:

Ու սկսվում է հարցականների շարքը
Ամեն ինչ, առաջին հայացքից, պարզ է, իդեալական ու մնում է միայն սկսել ու ավարտել նախագծի իրականացումը: Սակայն միայն առաջին հայացքից: Իրականում ծրագիրը բազմաթիվ անհայտներով հավասարում է:
Առաջին ուշագրավ դրվագն այս ամբողջ պատմության մեջ, այն է, որ «Ռոսիա ՖԶԵ»-ն գրանցված է Դուբայում, որը նույնիսկ մեր կառավարության սահմանած չափանիշներով, օֆշորային գոտի է համարվում: Ավելին` ինչպես ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարկովսկին, ընկերությունը գրասենյակներ ունի նաև Սինգապուրում ու Վիրջինյան կղզիներում: Երկուսն է օֆշորային գոտիներ են:
Երկրորդ` ընկերությունն ընդամենը 6 տարվա պատմություն ունի, ու երբ ընկերության նախագահը նշում է, թե վերջին 4 տարիներին զբաղվել են ծրագրի իրագործելիության ուսումնասիրութամբ, ստացվում է, որ իր գոյության մեծ մասը նվիրել է «Հայաստանի հարավային երկաթուղու» ծրագրի կազմման աշխատանքներին: Ընդ որում, նշվում է, որ արդեն իսկ իրագործված ծրագրերի համար ծախսվել է մոտ 15 մլն դոլարին համարժեք գումար: Շատ հետաքրքիր է, որ մեր երկրում այդքան գումար ծախսած ընկերությունը դեռ իրավաբանական հասցե` գրասենյակ չունի, և նրա նախագահը ասուլիս է տալիս տրանսպորտի և կապի նախարարության շենքում:

Համացանցում «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը հիշատակվում է միայն Հայաստանում երկաթուղային նախագծի հետ կապված տվյալներում: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ այն տրամադրում է ուղղակի և անուղակի ներդրումներ իրականացնելու հնարավորություններ և ապահովում ներդրողների, ֆոնդերի և ընտանիքների մասին տեղեկատվության գաղտնիությունը: Բայց բացի պաշտոնական կայքի ու էլփոստի հասցեից, այս ընկերության մասին տվյալներում չկա անգամ Դուբայի որևէ գրասենյակի հեռախոսահամար:

Երկաթուղու նախագծային փաստաթղթերի մշակումը, ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, կատարվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային պետական ընկերության (CCCC International) կողմից, որի պաշտոնական կայքում, սակայն, հայկական նախագծում ներգրավված լինելու մասին որևէ տեղեկություն չկա:

Ծրագրի իրագործման համար պահանջվող ամբողջ գումարը Հայաստանի պետական բյուջեի հետ համեմատելի մեծություն է: Ու դրա 60 տոկոսը, ինչպես հայտնեց Ջոզեֆ Բարկովսկին, նախատեսվում է ստանալ չինական բանկերից (30 տարով, տարեկան 3.5 տոկոս տոկոսադրույքով): Իսկ մնացած 40 տոկոսն ակնկալվում է, որ պետք է ներդնեն այդ երկաթուղով բեռնափոխադրումների իրականացմամբ շահագրգռված երկրները, օրինակ` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Հնդկաստանը և այլն:

Ըստ «Ռոսիա ՖԶԷ»-ի նախագահի` երկաթուղու կառուցման ֆինանսական ռիսկերը կրում է իր ղեկավարած ընկերությունը, պետական մասնակցություն կամ պետական երաշխիքներ նախագիծը չի ենթադրում:
Լրագրողների հարցին, թե ինչ բանկերի մասին է խոսքը, Բարկովսկին նշեց Չինաստանի արտահանման և ներմուծման բանկը, հավելելով, թե չինական այլ բանկեր ևս տրամադրում են նման երկարաժամկետ վարկեր խոշոր ազգային նախագծերի ֆինանսավորման համար: Սակայն նրա նշած բանկերը, որոնք ամբողջովին պետական են կամ էլ պետական մասնակցությամբ, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորում են միայն պետական երաշխիքներով և միջպետական համաձայնագրերով:
Բարկովսկին չպատասխանեց նաև լրագրողներին խիստ հետաքրքրող հարցին` որքա՞ն է ընկերության կանոնադրական կապիտալը: Նա ասաց, որ դա նշանակություն չունի:
Ըստ Բարկովսկու, նախագծի իրականացման ժամկետը կախված կլինի ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև` իր տարածքում երկաթգիծը շարունակելու Իրանի պատրաստակամությունից:
«Մենք պատրաստ ենք ստանձնել անգամ իրանական հատվածի տեխնիկա-տնտեսական հիմնավորման փաստաթղթերի պատրաստումը: Եթե իրանական հատվածում երկաթուղի չկառուցվի, ապա Հայաստանում դրա կառուցումը կասկածի տակ կլինի: Իրանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ կյանքի չի կոչի Ռեշտ -Աստարա երկաթգիծը, որի դեպքում կնվազի հայկական հատվածով բեռնափոխադրումների ծավալը` կասկածի տակ դնելով ներդրումների վերադարձելիությունը»,- ասաց Բարկովսկին:

Թեև այս հարցը մասամբ կարելի է նաև լուծված համարել, քանի որ իրանական կողմը` ի դեմս Հայաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի, բազմիցս հաստատել է և վերջին անգամ էլ փետրվարի 14-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իրանական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ` իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:
Դեսպանը, այդ հանդիպման ժամանակ, ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, շեշտեց, որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

Այս ամենով հանդերձ, այս ծրագրի իրատեսականության հետ կաված հարցերը չի կարելի լուծված համարել: Օրինակ, երբ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե նախագծով սահմանված այն տեղամասերում, որտեղով պետք է անցնի երկաթգիծը, ընդերքի հետախուզական-երկրաբանական աշխատանքներ իրականացվել են, թե ոչ, Ջոզեֆ Բարկովսկին պատասխանեց` դեռ ոչ, երբ որ ֆինանսավորման աղբյուրների մեջ որոշակիություն մտնի, այդ ժամանակ կգան ու երկրաբանական հետազոտություններ կանեն:

Փաստորեն, դեռ վերջնականապես պարզ էլ չէ` ինչ ապարներ ունեցող, ինչպիսի աշխարհագրական տվյալներ ունեցող տեղանքներում պետք է իրականացվեն, օրինակ, թունելների փորման աշխատանքները: Այս առումով Բարկովսկին նշեց, որ ընդերքի առանձնահատկություններից ելնելով` ծրագրի արժեքը կարող է իջնել մինչև 2,4 մլրդ դոլար կամ աճել ու հասնել 4 մլրդ դոլարի: Ու թեև ավելի շատ հիմքեր կան մտածելու, որ այս ծրագրի իրագործումն անհավանական է թվում, միմիայն ուրախ կլինենք, եթե այն կյանքի կոչվի: Սա էլ ցույց կտա ժամանակը. 2022 թվականը սարերի ետևում չէ:

Ուկրաինայում է չափվում Եվրոպայի «ջերմությունը»

ուկրաինաԹե ինչ է հիմա կատարվում Ուկրաինայում, արդեն ոչ ոք չի կարող միանշանակ ասել: Համատարած անիշխանության ու քաոսի պայմաններում այլևս չի երևում` ով ում կողմնակիցն է, ով ու զինակիցը, ով է ղեկավարը, ով ենթական, ով ում է կառավարում: Եվրոպական արժեքներին ձգտող ու եվրաինտեգրման հարցի համար Մայդան դուրս եկած ցուցարարները կարծես մոռացել են, թե որոնք են եվրոպական արժեքները: Հիմա Մայդանի ամբիոններից զինված ծայրահեղականներն են բոցաշունչ ելույթներ ունենում, ազգայնամոլ բենդերական հարյուրապետները տեր ու տնօրինություն են անում:

Արդեն ակնհայտ է, որ Ուկրաինայի ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարները` Կլիչկոն, Յացենյուկը և Տյագնիբոկը, վաղուց այլևս իրավիճակը չեն վերահսկում ու կամաց-կամաց կորցնում են իրենց առանց այդ էլ թույլ իշխանությունը գազազած ամբոխի վրա: Իսկ «Ձախ սեկտոր» ուժի ղեկավար` բենդերականների ու ծայրահեղականների առաջնորդ Դմիտրի Յարոշն ակնհայտորեն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը Մայդանում ու մայդանցիների տիրապետության տակ գտնվող այլ շրջաններում:

Այս պատմության մեջ արժե ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա: Փետրվարի 18-ին` Կիևի փողոցներում բուռն ու արյունալի իրադարձությունների ամենաթեժ պահերին, հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, թե Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չի վնասի Մոսկվայի շահերին:
Հետո Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը Կիևում անկարգությունների հետևանքով զոհվածների համար մեղադրեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Եվ երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հանդիպեց ընդդիմության ներկայացուցիչների հետ, արդեն պարզ էր, թե ԵՄ-ից քամին որ ուղղությամբ է փչում:

Այս պայմաններում միանգամայն սպասելի էր Ռուսաստանի պատասխանը: Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրեց Արևմուտքին Ուկրաինայում «դարչնագույն» հեղափոխության թույլ տալու մեջ և հայտարարեց, որ գործի կդնի իր ողջ «ազդեցությունը» Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար:
«Ուկրաինայի իշխանությունները պետք լեգիտիմ ու էֆեկտիվ լինեն, որ չվերածվեն փալասի, մի շորի կտորի, որով սրբում են ոտքերը»,- Հաջորդ օրն ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` նշելով, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել մարդկանց: Սա Ռուսաստանի ամենաբացահայտ կոչն էր Ուկրաինայի ղեկավարությանը. ուժ կիրառել, ու եթե ԵՄ-ն դրա համար կարող է նրանց պախարակել, ապա իրենք դա միայն կողջունեն:
Բայց Յանուկովիչն, այնուամենայնիվ, նախընտրեց «փալասը» ու հենց հաջորդ օրը` փետրվարի 21-ին` Կիևում երեք օր տևած արյունալի բախումներից հետո, որոնք հանգեցրին բազմաթիվ մարդկային կորուստների, որոշեց զիջել և կատարել ընդդիմության բոլոր պահանջները: Իսկ Ուկրաինայի Գերագույն ռադան 2004 թ. Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք ընդունեց, որով էականորեն նվազեցվում է նախագահի դերը: Յանուկովիչն էլ հայտարարեց, որ Ուկրաինայում մինչ 2014-ի դեկտեմբերը նոր նախագահական ընտրություներ կանցկացվեն:

Ուկրաինան կարող է նաև մասնատվել

ուկրաինա3Սա, ըստ էության, մայդանցիներին չգոհացրեց, նրանք անցան կտրուկ գործողությունների` «Մայդանի ինքնապաշտպանության», և «Ձախ սեկտորի» ակտիվիստները գիշերը գրավեցին Գերագույն ռադայի շենքն ու նախագահի նստավայրը: Ու մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էին ունենում ու քննարկում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը` համաձայնելով, որ Յանուկովիչի և ընդդիմության միջև կնքված համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել, հավանաբար երկուսն էլ հասկանում էին, որ հակառակ դեպքում «Ձախ սեկտորը», որն արդեն իսկ հասցրել էր հայտարարել, թե չի ընդունում ընդդիմության ու իշխանութունների միջև կնքված «հրադադարը» և օրեցօր ուժեղանում է, կարող է, այսպես ասած, «համը հանել» ու խառնել բոլորի խաղաքարտերը: Ահա Գերագույն ռադայում ընդդիմադիր Батькивщина կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ արդեն Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը Ռադան է:

Գերագույն ռադան փետրվարի 22-ին քվեարկեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի օգտին: Մայիսի 25-ին նշանակվեցին նախագահական արտահերթ ընտրություններ: Դրանից հետո Գերագույն ռադան երկրի ժամանակավոր նախագահ նշանակեց. նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվեցին Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին, որ համարվում է Յուլիա Տիմոշենկոյի աջ ձեռքը:

Ռադան նաև որոշում կայացրեց Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին: Վերջինս էլ նույն օրը ներկայացավ Մայդան, իր «բոցաշունչ» ելույթով փորձեց դառնալ անգլուխ ու անկառավարելի Մայդանի առաջնորդը, սակայն, ըստ ամենայնի, դա նրան չհաջողվեց, քանի որ Մայդանի ակտիվիստները դեմ են նաև Յուլյա Տիմոշենկոյի քաղաքականություն վերադառնալուն, որովհետև կարծում են, որ Տիմոշենկոյի վերադարձով Ուկրաինայում կրկին կսկսի իշխել հանցավոր կլանը:

Արդեն փետրվարի 24-ին ԱՄՆ-ն, ի դեմս նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի, շտապեց հայտարարել, որ Վիկտոր Յանուկովիչը լքել է Ուկրաինայի նախագահի պաշտոնն ու այլևս երկիրը չի ղեկավարում որպես նախագահ: «Իսկ Ուկրաինայի հնարավոր մասնատումը որևէ մեկի շահերից չի բխում»,- ասել է Ռայսը` կոչ անելով Ռուսաստանին զորք չմտցնել Ուկրաինա: ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ի պես, ճանաչեց Ուկրաինայի Գերագույն ռադայի` Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բային:

ուկրաինա2ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նման դիրքորոշումները, բնականաբար, պետք է Ռուսաստանի արձագանքն առաջացնեին: Առավել ևս, երբ հաշվի ենք առնում, որ այս պահին Կիևի փողոցներում ազգայնամոլներն են թելադրում խաղի կանոնները, ակնհայտ հակառուսական գործողություններ իրականացնում, ռուսախոսներին ծեծում-ջարդում, Ռադան էլ չեղյալ է համարել պետական լեզուների մասին օրենքը, որով ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ էր շնորհվել:

Եվ արդեն Արևելյան Ուկրաինայում ու Ղրիմում սկսվեցին «Պուտի’ն, փրկիր մեզ» և նմանատիպ պաստառներով բազմահազարանոց ցույցերն ընդդեմ Կիևի ցուցարարների: Սա, բնականաբար, Ռուսաստանի համար արդեն հիանալի շարժառիթ է իր շահերի տիրույթը հստակ ընդգծելու համար:
Բայց Ուկրաինա մտնելու համար Ռուսաստանին մի գործոն էլ է պակասում` այդ երկրի ներքին գործերին խառնվելու «պաշտոնական հրավերը»: Արժե նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Յանուկովիչին չեն թույլատրել չարթերային թռիչքով լքել երկիրը: Դա թերևս ակնհայտորեն բխում է Ռուսաստանի շահերից: Որովհետև այս պահի դրությամբ միայն Յանուկովիչը կարող է Ռուսաստանին Ուկրաինա զորք մտցնելու «պաշտոնական հրավեր» ուղարկել:

Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի, քանի որ ամենևին էլ պատահական չէ ուկրաինական «Свобода» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի հայտարարությունը, թե վախենում է Սևաստոպոլ Ռուսաստանի ներխուժումից: «Մենք տեղեկություն ենք ստացել, որ Ռուսաստանի ռազմական ուժերը մոտենում են Սևաստոպոլին: Մասնավորապես` ռազմածովային նավերը»,- ասել է նա:- Վերջին տեղեկությունների համաձայն, հետախուզման մեջ գտնվող Յանուկովիչը Սևաստոպոլում է»:

Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, պարզ կդառնա առաջիկա օրերին: Հիշեցնենք միայն, որ ծայրահեղական ու ազգայնամոլ բենդերականները, որոնք այս օրերին ոչ ոքից ու ոչինչից չեն վախենում, կարող են հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի համար: Դրա նախադեպը, ի դեպ, արդեն իսկ եղել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին:

Լուսանկարները Reuters.com-ի

Անկախ

 

Մեկնարկը տրված է. ո՞ր քաղաքական ուժը առաջ կանցնի մյուսներից

ոչ-իշխանական-ուժերԵթե անցյալ տարի այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարյուրհազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ուղիղ մեկ տարի անց նա նույնիսկ, նախօրոք պլանավորված հանրահավաքը փոխարինեց լրագրողների հետ հանդիպմամբ:

Բայց ներքաղաքական զարգացումներն այս օրերին էլ պակաս հետաքրքիր չեն: Վերջին մեկ տարում Հայաստանում քաղաքական ներկապնակն ու գործընթացները հետաքրքիր փոփոխություններ են կրել: Եթե նախկինում հասարակությունն էր համախմբվում այս կամ այն քաղաքական ուժի, գործչի շուրջը, ապա արդեն մեկ տարի է, ինչ ներհայաստանյան կյանքը տեղափոխվել է քաղաքացիական հասարակության տիրույթ: Ու արդեն քաղաքական ուժերն են միանում կամ համախմբվում հասարակական շարժումների շուրջը: Սրա լավագույն ապացույցը, թերևս, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հասարակական ալիքն է ու դրա շուրջ ԱԺ ոչ իշխանական չորս կուսակցությունների, նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի համախմբումն է:

Սրանով, իհարկե, վերջին մի քանի ընտրություններից հետո աութսայդերի կարգավիճակում հայտնված ոչ իշխանական ուժերը նաև ինքնաապաքինման հարցեր լուծեցին, իսկ հիմա արդեն որոշ հարցերում հանդես են գալիս միասնաբար: Բայց դա դեռ օրինաչափ համարել չի կարելի:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը թերևս կարողացան միասնաբար հանդես գալ թե՛ հայ-ռուսական «գազային» պայմանագրերի, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ գործընթացներում: Բայց դա դեռ առաջին փորձն էր: Հիմա արդեն այս ուժերը նոր խնդիր ունեն. օրակարգում ակտիվ քննարկվում է գործող կառավարության հրաժարականը պահանջելու հարցը, որը բավականին բարդ է: Որովհետև վաղուց արդեն հարց էր, թե նրանցից որ մեկը կլինի այն առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մյուս քաղաքական ուժերը, որքանով սոցիալական շարժումները կվերաձևվեն քաղաքականի, իսկ այնուհետև այս համախումբը կդառնա քաղաքական դիվիդենտ:

Եվ անկեղծ չէ Էդուարդ Շարմազանովը, երբ անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի միավորմանը` ասում է. «Անկախ նրանից` այդ չորս քաղաքական ուժերի սիրավեպն ինչով կավարտվի, ես այնտեղ որևէ լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ այս չորս քաղաքական ուժերը դեմ են կառավարության կամ իշխանության նախաձեռնություններին, այստեղ որևէ նոր բան չկա»:
Իշխանությունները, հատկապես ՀՀԿ-ն, որքան էլ փորձում են ցույց տալ, թե զգուշանալու խնդիր չունեն, հակառակն են ապացուցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշում է, թե իր համար անհասկանալի է` իրականում ինչ շահեր են սպասարկում այդ չորս ոչ իշխանական ուժերը, որովհետև քաղաքականությունից տարրական գիտելիքներ ունեցող մարդկանց համար ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ու կառավարությունը հրաժարական տան, միևնույն է, հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է խորհրդարանական մեծամասնությունը, այն է` ՀՀԿ-ն գումարած ՕԵԿ-ը, ապա դա նշանակում է, որ նրանք արդեն իսկ հասցրել են այս հարցով մտահոգվել, դրա շուրջ մտածել ու նման եզրակացության հանգել:

Արտախորհրդարանական ուժերի մեջ, ամեն դեպքում, չի երևում այն հստակ առաջնորդող ուժը, որը կարող է այդ «սոսինձը» հանդիսանալ: Իսկ խորհրդարանականների դեպքում կենացները, այսպես ասած, քաղցրանում են:
«Ժառանգությունը», որն ուղիղ մեկ տարի առաջ հարյուրհազարավոր քաղաքացիների աջակցությունն ուներ, և բոլորի համար անսպասելի, ըստ էության, դարձել էր երկրի քաղաքական օրակարգը թելադրող թիվ մեկ ուժը, մեկ տարում «հաջողեց» այդ ահռելի ռեսուրսը վատնել: Ու հատկապես վերջին շրջանում այս կուսակցության ներսում կատարվող գործընթացներն այնքան էլ հասկանալի չեն հասարակությանը:

ՀԱԿ-ում էլ ամեն ինչ դեռ որոշված չէ. մարտի 1-ին ՀԱԿ-ը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը:
«Մենք մարտի 1-ի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդն այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ ժողովուրդն ընդվզելու այս անօրինականությունների դեմ»,- «Առավոտին» ասել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀՅԴ-ն է ոգևորված ոչ իշխանական չորս ուժերի միասնաբար հանդես գալու դրույթով, բայց նրա կողմից դեռ հստակ նախաձեռնություն չի երևում առկա քաղաքական ու հասարակական շարժման առանցք դառնալու ուղղությամբ: Թերևս ՀՅԴ-ի պարագան ավելի հստակ կլինի կուսակցության ընդհանուր ժողովից հետո:

Իսկ ԲՀԿ-ն արդեն առանցք դառնալու ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում: Հենց այն օրը, երբ հայտարարված էր ԵԿՄ 10-րդ համագումարը, ԲՀԿ-ն «կայծակնային» որոշմամբ հայտարարեց, որ նույն օրը, գրեթե նույն ժամերին, ինքն էլ է համագումար հրավիրում: Ու վերջին օրերի ներքաղաքական զարգացումների կարևոր ատրիբուտներից մեկն էլ հենց այդ համագումարն էր:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը քննադատեց գործող իշխանություններին` ասելով`«Հանրապետությունում իրականացվող տնտեսական և սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները»:

Համագումարի կապակցությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այնպիսի տպավորություն էին փորձում ստեղծել, թե այս համագումարի ժամանակ ԲՀԿ-ն պետք է կոնկրետ բառերով հայտարարի` իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն:
«ԲՀԿ-ի համար տխուր ավանդույթ է դարձել չկողմնորոշվելը. չի կողմնորոշվում նախագահական ընտրություններին, չի կողմնորոշվում համագումարում՝ իշխանություն են, թե ընդդիմություն, չի կողմնորոշվում Մաքսային միության հարցում: Մինչև կողմնորոշվի` ուշ կլինի»,- լրատվամիջոցներին ասել է Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Գագիկ Ծառուկյանի ելույթը համագումարում տպավորիչ չէր, ավելի ճիշտ, նա ոչ մի նոր բան չասաց: Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն կորոշի, թե որտեղ է գտնվում, ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, այն ժամանակ էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ կլինեն:

ԲՀԿ-ն նախընտրեց պահպանել իր նախկին ձևակերպումը` այլընտրանքը:

Բայց մի ուշագրավ հայտարարություն արեց Ծառուկյանը, որը հենց վկայում է, որ ԲՀԿ-ն ԱԺ ոչ իշխանական ու արտախորհրդարանական ուժերի և հասարակական շարժումների առանցքը դառնալու լուրջ հավակնություններ ունի. «ԲՀԿ-ն պետք է լինի բաց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ: Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական – հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրներն ու հետևաբար, չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է` հասարակությունը»:

Բնական է, որ ԲՀԿ-ն պետք է փորձի օրակարգ թելադրող դառնալ: Նախ` ԱԺ ոչ իշխանական ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը հենց նրանն է: Երկրորդ` ունի քաղաքապետներ, գյուղապետներ, այլ պաշտոնյաներ, Երևանի ավագանիում` համեմատաբար շատ ներկայացուցիչներ, քան ոչ իշխանական մնացած ուժերը: Այսինքն` որոշակի վարչական ռեսուրս, որ մյուս ուժերն այնքան էլ շատ չունեն: Երկրորդ` ի դեմս կուսակցության նախագահի, ունի ֆինանսատնտեսական ռեսուրսներ ու լծակներ, որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար: Երրորդ` ԲՀԿ-ն կապվում է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որը վերջերս խիստ ակտիվություն դրսևորեց և դեռևս Հայաստանում որոշակի դերակատարություն ունի, չորրորդ` հենց Գագիկ Ծառուկյանի խնամին ՀՀԿ-ում փոքր ֆիգուր չէ, ինչը նաև ՀՀԿ-ի ներսում որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություններ է տալիս: Այսուհանդերձ ԲՀԿ-ն ակնհայտորեն փորձում է կես կամ մեկ գլուխ ավելի բարձր դիրքավորվել, քան մյուս ուժերը, ու այս պայմաններում հարց է` կհամաձայնե՞ն մյուսները:

Դեռ «կռիվ» ունենք տալու

մերկել-էրդողանՈրքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը: Այս մասին անցած տարի անընդհատ բարձրաձայնում էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ 2014 թվականը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամբողջ աշխարհում տարվող աշխատանքների ու, առավել ևս, Թուրքիայի հակաքայլերի առումով բավականին հագեցած տարի է լինել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

«2015-ին ընդառաջ Թուրքիան ինչ-որ գործողություններ է նախապատրաստում, որ ձախողի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամեն քայլ: Եթե որևէ երկիր Ցեղասպանության ճանաչման փորձ է անում, Թուրքիան իր դիվանագիտական ուղիներով ջանում է ասել, որ հարաբերություններ է սկսում Հայաստանի հետ և մյուսների քայլերը միայն խանգարելու են իր բարի նկրտումներին»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Այդ քայլերից մեկը, օրինակ` Դավութօղլուի Հայաստան այցն էր, որ ներկայացվեց ոչ այնքան որպես գործնական այց Սևծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Այս մասին խոսեց նաև Կիրո Մանոյանը, թե Դավութօղլուն խոշոր հաշվով իր նպատակին հասավ, քանի որ թուրքական կողմը նախ կարողացավ այդ այցի հետ կապված որոշակի աժիոտաժ ստեղծել միջազգային մակարդակում, իսկ Երևանում կայացած ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո էլ թուրքական քարոզչամեքենան ավելի ակտիվ «փուչիկներ» բաց թողեց միջազգային հանրության դատին:

Այս տեսանկյունից հետաքրքրական է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Իտալիա կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը, թե առաջ Թուրքիային սպառնացող ամենամեծ վտանգը Քրդական բանվորական կուսակցությունն (ՔԲԿ) էր, իսկ հիմա` 2015-ը. «2014-2015 թթ. կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը շատացնելով: «Սպառնալիք» բառի` 4-5 տարի առաջվա և ներկայիս հասկացողությունները շատ տարբեր են: Այն ժամանակ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ՔԲԿ-ն էր, իսկ հիմա պետք է շատ ավելի զգույշ լինենք: Ուզում եմ ասել, որ մեր հարավային սահմանի վիճակը շատ ավելի բարդ է»,- ասել է Գյուլը:

Հունվարին թուրքական կողմից որոշ պասիվություն նկատվեց Ցեղասպանության ճանաչման դեմ տարվող աշխատանքների հարցում, ինչը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բացատրում է վերջին կոռուպցիոն սկանդալով, որը խառնեց նրանց խաղաքարտերը: Բայց 2014 թվականը, առաջին հայացքից, բավականին «հայամետ» է մեկնարկել: Նախ` հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Թուրքիա, որը Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք լրագրողների հարցին պատասխանելով` հայտարարեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում կա, որը միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետք է կիրառել:

«Պատմության հետ կապված աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց պետք է արվեն: Մեզ անհրաժեշտ է խաղաղությունն ապահովել համաձայնությամբ: Ավելի վաղ տեղի ունեցածներն ուսումնասիրելու, ճանաչելու համար պետք է աշխատենք: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցն է, հետո` 2015-ը: Այս ժամանակահատվածը պետք է աշխատելու համար օգտագործենք: Հարցնում եք, թե ի՞նչ ենք անելու: Ճիշտն ենք անելու, իրավականն ենք անելու, արդարությունն ենք փնտրելու և այնպես ենք անելու, որ բոլորը հասկանան թեման: Ֆրանսիայում դրա հետ կապված օրենք է ընդունվել: 2008-ին էլ շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել: Միջազգային համաձայնագրերի շրջանակում պետք է դրանք կիրառել»,- ասել էր Օլանդը:

Սրանք, մեղմ ասած, ընդամենը գործընթացները «հաշվետվության» կարգով ներկայացնող խոսքեր էին, ոչ ավելին: Ու թեև հայ հասարակությունն Օլանդից ավելի ակտիվ ու սուր հարցադրումներ էր ակնկալում այս հարցում, նա ավելի պասիվ` չնախաձեռնող հանդես եկավ, բնականաբար: Օլանդի պասիվ կեցվածքը , ինչպես նշում է Գևորգ Պետրոսյանը, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆրանսիայում մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում, և Օլանդը հայկական համայնքին սիրաշահելու խնդիր չունի:

Դեռ չէինք հասցրել «մարսել» Օլանդի հայտարարությունը, երբ մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես եկավ Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Սթեինբախը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արեց ներողություն խնդրել հայ ժողովրդից:
«XX դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի զավակներից ներողություն խնդրելու և հաշտության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել է: Ցեղասպանության մասին Թուրքիայի պատմության գրքերում նույնպես պետք է գրվի»,- ինչպես տեղեկացնում է «Ագօս»-ը, ասել է Սթեինբախը:

«100 տարվա լռություն»

Սրանից անմիջապես հետո հանկարծ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Hurriyet-ը փետրվարի 8-ին գրեց, թե Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բեռլին այցելության ժամանակ կոչ է արել նրան առերեսվել սեփական պատմության հետ:
Ըստ Hurriyet-ի` Էրդողանը Մերկելին ասել է. «Տեղյակ ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գումար է հատկացվում: Խորհուրդ եմ տալիս այդ նյութի շուրջ զգույշ լինել»:
Ի պատասխան Մերկելն, իբր, ասել է. «Գերմանիան ժողովրդավար երկիր է: Չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Պետք է համեմատել աշխարհում ստիպողաբար ապրող և Հայաստանում ապրող հայերին: Հայաստանում հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը բացի»:

Սա, իրավամբ, կարող էր արտառոց լինել, հատկապես այն պարագայում, որ նման հայտարարություն է անում ոչ ավելի, ոչ պակաս այնպիսի երկրի ղեկավար, որը Ցեղասպանության հարցում բավականին զուսպ կեցվածք ունի, էլ չասենք, որ բազմաթիվ ուսումնասիրողներ կարծում են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան սկսի «խոսել», ապա Թուրքիայի համար «սև օրեր» կսկսվեն…

Կասկածելի է, որ գերմանական ԶԼՄ-ներն այս հայտարարությանն առանձնապես չանդրադարձան, բայց դա բավականին հնչեղ արեցին թուրքական լրատվամիջոցները: Որովհետև, եթե Գերմանիայի ղեկավարը նման հայտարարություն աներ, ապա գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դա կնշանակեր Գերմանիայի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Չի բացառվում, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել հենց թուրքական կողմից հատուկ նպատակով: Ընդամենը մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, և մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ: Այսինքն` չի բացառվում, որ Էրդողանը փորձում է այս կերպ սեփական ժողովրդին համախմբել «արտաքին վտանգի»` Ցեղասպանության ճանաչման «սպառնալիքի» դեմ: Բայց հետագայում ավելի պարզ կլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու…

Իսկ այս պահին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, շատ կարևոր են մեր ակտիվությունն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես` դիվանագիտական հարթությունում, ինչը դեռևս այնքան էլ չի երևում: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ջանք չի խնայում Ցեղասպանությունը հերքող հանրագիտարաններ ու գրքեր տպելու, հակաքարոզչական նյութեր հրապարակելու, դիվանագիտական տարբեր հնարքներով միջազգային հանրության ուշադրությունը հարցից շեղելու, դիվանագիտական առումով գործընթացները արգելակելու և այլ հարցերում:

 

Կառավարման մեջ շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անես` ոչինչ մի արա

Հարություն-Մեսրոբյան-կառավարման-փորձագետԳործող վարչատարածքային բաժանումը, ինչպես նշվում է Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ)` «Համայնքների խոշորացման միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում», լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ըստ հիշյալ փաստաթղթի, տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանն է` փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքների գերակշռող թվով:

ՏԿՆ–ում հարցի լուծում են համարում համայնքների խոշորացումը: 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին` տարեսկզբին տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, որ տարածքային կառավարման  նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային երկու տարբերակ` ծրագրային և վարչական: Առաջինը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի, օրինակ` արդյունավետ բյուջետավորման շուրջ: Իսկ վարչականը  ենթադրում է համանքների միջև կարճ հեռավորությունը, բնակիչների համատեղելիությունը և այլ հանգամանքներ  հաշվի առնելը:

 Կառավարությունը պիլոտային ծրագիր է անցկացնելու, և Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարևոր ուղղություն: Առաջարկվել է  Մեղրի քաղաքը, Ագարակը, հարակից բնակավայրերը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը:

Մեղրու տարածաշրջանի բնակիչները դժգոհ են, որ Մեղրին, Ագարակը և տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում, և հայտարարել են, որ պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել: 

Այս հարցերի առնչությամբ «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին:

Մեզնից անկախ` դարձանք անկախ 

– Պարո՛ն Մեսրոբյան, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ մոտեցում է համայնքների խոշորացումը:

– Կառավարման մեջ իրոք կա այնպիսի մոտեցում, որ չի կարելի կառավարման համակարգը շատ մանրացնել, առավել ևս, երբ խոսքը տարածքային կառավարման մասին է: Բայց կա նաև մյուս կողմը` շատ էլ չի կարելի խոշորացնել: Երբ շատ է մանրացված, այդ տարատեսակ, տարբեր կառավարման օղակները, անձնակազմի տեսանկյունից, դառնում են բյուրոկրատացված համակարգեր: Իսկ ցանկացած բյուրոկրատացված համակարգ շարունակում է աճել: Այսինքն` տարածքները փոքր են, բայց այն անձնակազմը, որը պետք է տարբեր հարցերով սպասարկեր այդ տարածքները, քայլ առ քայլ մեծանում է: Մյուս կողմից` շատ խոշորացնել էլ պետք չէ, որովհետև այդ դեպքում էլ կառավարման տեսադաշտից դուրս են գալիս տեղային` լոկալ խնդիրները, սկսում են ավելի գլոբալ, իբր ստրատեգիկ հարցեր լուծել: Ես նշեցի կառավարման մեթոդաբանությունը:

– Կառավարման օպտիմալության տեսանկյունից Հայաստանում տարածքային կառավարման մեխանիզմները, կառուցվածքն ու պատկերն ինչպիսի՞ն են:

– Բավականին անհաջող: Եթե զրուցենք այս կամ այն համայնքի բնակիչների հետ, կպարզվի, որ խախտվել են պատմականորեն ձևավորված կապերը: Օրինակ` դիտարկենք Արագածոտնի մարզը: Այդ մարզում` Երևան-Ապարան ճանապարհին, որոշ գյուղերում մարդիկ իրենց համարում են ապարանցի, բայց վարչական այդ տարածքները ենթարկվում են Աշտարակին: Եվ այստեղ արդեն որոշակի խնդիրներ են սկսում առաջանալ: Օրինակ` նույն տարածքում գյուղացիները կարծես բաժանված են Աշտարակի և Ապարանի միջև կոնկրետ կենսական խնդիրները լուծելու իմաստով:

Այն վարչական բաժանումները, որոնք կան, չեն արտահայտում պատմականորեն ձևավորված միջհամայնքային կապերը: Եթե մենք կարողանանք վարչատարածքային բաժանումը ճիշտ կատարել` առավելագույնս մոտեցնելով պատմականորեն ձևավորված այդ կապերին, իհարկե, շատ լավ կլինի: Ես միայն մեկ օրինակ բերեցի, նման բան մենք ունենք նաև Սյունիքում և այլ մարզերում:

– Նման խնդիրներ լուծելու համար ինչպիսի՞ մոդելներ կան:

– Վարչատարածքային բաժանման աշխատանքներին պետք է մասնակցեն պատմաբաններ, սոցիոլոգներ և այլք, մարդիկ, որոնք տիրապետում են Հայաստանում պատմականորեն ձևավորված ներքին համայնքային ու միջհամայնքային կապերին և աշխատում են տարածքային կառուցվածքը մաքսիմալ մոտեցնել այդ իրական կապերին: Հակառակ դեպքում ամենաառօրյա հարցերում մարդն ունենում է խնդիրներ, պատկերավոր ասած, հոգով-սրտով կապված է մի կենտրոնին` քաղաքին, բայց պետք է հարցեր լուծի այլ կենտրոնի հետ: Այս իմաստով մենք պետք է ուշադիր լինենք:

– Համայնքների, այսպես ասած` «աշխարհագրական չափերի» առումով Հայաստանում ի՞նչ խնդիրներ կան:

– Սարսափելի մեծ տարբերություններ չկան: Բայց, օրինակ, շատ հավանական է, որ եթե մենք պատմականորեն ձևավորված ավանդույթների ու կապերի մոտեցումը կիրառենք, որոշ փոփոխություններ ունենանք վարչատարածքային կառուցվածքի մեջ: Ես էլ չեմ ասում, որ բավականին լուրջ խնդիր ունենք Արցախում, այնտեղ ունենք շատ ավելի սարսափելի վիճակ, քան այստեղ` Հայաստանում:

– Կառավարությունը, ինչպես գիտեք, իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր:  Դրանք այժմեակա՞ն են, դրանց կարիքը կա՞:

– Կրկնում եմ` վարչատարածքային բաժանումը պետք է համապատասխանի պատմականորեն ձևավորված կապերին: Չի կարելի միայն մի խնդիր դնել` խոշորացնել կամ ընդհակառակը` տրոհել: Պետք է համապատասխանեցնելու խնդիր դնել, մենք ուզում ենք ստեղծել տարածքային օպտիմալ կառավարման համակարգ:

Երկրորդ խնդիրն այն է, որ ես բավականին սկեպտիկ եմ վերաբերվում ցանկացած փոփոխության, եթե պետության կառավարման համակարգն անհաջող է: 1991 թ. մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք շատ անհաջող պետություն, որը, որպես կանոն, աշխատում է իրավիճակային խնդիրներ լուծել «յոլա գնալու» կարգավիճակով: Իսկ եթե ամբողջական կառավարման համակարգն անհաջող է, այս կամ այն հարցում ուղղել կառավարման համակարգը անհնարին է, գոյություն չունի այդպիսի լուծում: Պետք է ամբողջովին փոխել կառավարման համակարգը,  դրա շնորհիվ զուգահեռ լուծել նաև մյուս  խնդիրը:

– Ճի՞շտ հասկացա, համայնքների խոշորացման ծրագիրն իրավիճակային լուծո՞ւմ եք համարում:

– Ես դա չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ դա ստրատեգիկ լուծում չէ: Որովհետև ստրատեգիկ լուծումը սկսվում է ամբողջական կառավարման համակարգը փոխելուց, ոչ թե պետական կառավարման համակարգը մի կողմ դնելով` տարածքների կառավարումն առանձնացնելուց: Եթե փորձում ես մասնավոր դեպքով լավացնել ընդհանուրը, անհնարին է: Ես սկզբունքն եմ նշում: Մարդկությունը հազարամյա պատմության ընթացքում դա ապացուցել է: Կառավարման տեսությունն էլ է դա ասում` մասնավորից չի լինում շտկել ու կարգավորել ընդհանուրը: Միշտ պետք է ընդհանուրը փոխել: Իսկ մեզ մոտ, փաստորեն, 1991 թ. փորձ արվեց Խորհրդային Միությունից եկած կառավարման համակարգը հարմարեցնել անկախ պետության կառավարման համակարգին: Նման բան չեն անում:

համայնքների խոշորացում– Պարո՛ն Մեսրոբյան, իսկ ինչպե՞ս են անում:

– Ամբողջական պետական կառավարման համակարգը պետք է փոխվի` վերից վար: Հայաստանում, ըստ իս, մի քանի մահացու վտանգներ կան: Առաջին` մեր պետական կառավարման համակարգը վարակված է այսպես կոչված Պարկինսոնի հիվանդությամբ, այսինքն` ստեղծվում են բազմաթիվ նոր կառավարող օղակներ, գերատեսչություններ, կոմիտեներ, հանձնաժողովներ և այլն, որոնք ծանրացնում են ամբողջ  կառավարման համակարգը: Եթե նայենք 1991-ից առ այսօր ինչքանով է մեծացել մեր պետական կառույցների ու չինովնիկների թվաքանակը` կսարսափենք: Սա նշանակում է, որ մեր կառավարման համակարգը շատ ծանր հիվանդ է: Երկրորդ վտանգն այն է, որ նույնպես 1991-ից մեզ մոտ հաղթեց այսպես կոչված «բացասական ընտրասերումը»` negative selection-ը: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է  հավանականությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի ոչ արժանի թեկնածուն: Եվ երրորդ վտանգն այն է, որ որպես կանոն, նոր ստեղծվող կառույցները պարտադրված են լինում դրսից, կոպիտ ասած, «քոփի-փեսթ» ենք անում: Նման ձևով կառավարման համակարգ չեն ստեղծում: Եթե հարցերի լուծումը սկսվի իմ նշած եղանակով, դա կլինի ճիշտ ճանապարհը:

– Իսկ տարածքային ու տեղական ինքնակառավարման հարցերում Հայաստանն ի՞նչ պետք է  անի, ո՞րը կլինի ամենաօպտիմալ տարբերակը կամ լուծումը:

– Նախ` պետք է հասկանանք, որ իրականում Հայաստան հասկացության տակ չպետք է հասկանանք միայն Հայաստանի Հանրապետությունը, նաև Արցախը` իր ազատագրված տարածքներով, և չպետք է վախենանք, թե միջազգային հանրությունը չի հասկանա և այլն: Ում որ պետք է, թող աշխատի, որ հասկանա… Ու չի կարելի դե ֆակտո եղած ընդհանուր հանրագումարը տրոհել մասնիկների ու փորձել միայն մի տեղում լավացնել իրավիճակը, իսկ մյուս տեղին ձեռք չտալ: Չի կարելի  վերցնել ու վերափոխել Հայաստանի Հանրապետությունն ու համապարփակ մոտեցմամբ դա չանել Արցախում:

Երկրորդ` մենք պետք է պարզ սահմանագիծ տանենք, թե որոնք են այն հարկատեսակները և տուրքերի տեսակները, որոնց եկամտային մասը մնում է տեղական ինքնակառավարման  մարմիններին, ու ավելացնել ՏԻՄ-երի պատասխանատվությունը: Այսինքն` հզորացնելով տեղային բյուջեները` մենք նաև, որպես տրամաբանական շարունակություն, պետք է տեղական իշխանություններից պահանջենք ավելի մեծ պատասխանատվություն ու ավելի մեծ խնդիրների ցանկ: Այս դեպքում ստացվում է, որ կենտրոնական իշխանությունը, որը գտնվում է  Երևանում, ավելի շատ վերահսկողական դեր պետք է կատարի` տարածքների զարգացման իմաստով: Իսկ երբ կենտրոնական իշխանությունն աշխատում է ամեն ինչ կենտրոնացնել պետբյուջեում, իսկ հետո մասհանումներով բաժանել, դա փողի լրացուցիչ պտույտ է,  բացի այդ, տեղերում ավելի լավ գիտեն իրենց խնդիրները, քան այստեղ` Երևանում: Միայն մի խնդիր է առաջանում նման մոտեցման դեպքում` կենտրոնական իշխանությունը պետք է շատ արդյունավետ վերահսկողություն իրականացնի: Գործողությունները տեղափոխվում են դեպի տեղերը, իսկ վերահսկողությունը կենտրոնանում է կենտրոնական իշխանությունների մոտ:

– Եթե Ձեր նշած մտահոգությունները, մոտեցումները համադրենք այսօրվա առաջարկվող համայնքների խոշորացման ծրագրերին, ի՞նչ կարող ենք ասել. դադարեցնե՞ն այդ ծրագրերն ու ավելի ընդգրկուն ու լուրջ ծրագրեր մտածեն, թե՞…

– Առաջարկը հետևյալն է. մենք մի խնդիր ունենք, մնացած խնդիրները դրա ածանցյալներն են: Հայաստան պետությունը, ոչ թե  Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստան պետությունը վերադիրքավորել որպես ժամանակակից, ագրեսիվ զարգացող և մրցունակ պետություն: Եթե դնում ենք նման նպատակ, հիմնովին պետք է փոխենք մեր պետական կառավարման համակարգը; Այդ խնդիրը լուծելուց հետո նոր Ձեր ասած հարցերն են: Նորից եմ ասում` չի կարելի ամբողջությմաբ հիվանդ օրգանիզմ ունեցող մարդու միայն ձախ ոտքը բուժել, նման բան չեն անում, եթե ամբողջ օրգանիզմն է վարակված, հիվանդ: Գտնում են հիվանդության պատճառներն ու դրանք են վերացնում, ոչ թե վերցնում են մարդու առանձին օրգան և սևեռվում դրա վրա: Այդպես մարդը կմահանա:

Կառավարման մեջ մի շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անել` ոչինչ մի արա:

Էներգետիկ լուրջ հզորությունը վաճառվեց ջրի գնով

մովսիսյանՀունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ–ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի–Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ–ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:

Բացի գույքի արժեքից` 180 մլն դոլարից, «Որոտանի կասկադը» գնող ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, ըստ գործարքի պայմանագրի, ստանձնեց պարտավորություն, այն է`  առաջիկա 6 տարվա ընթացքում կասկադում  ներդնել շուրջ 70 մլն դոլար  համալիրի արդիականացման և վերանորոգման համար:

 Հայտնի չէ, թե ինչ հիմքով է օտարվել «Որոտանի կասկադը»

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»: Իսկ գործարքի կայացումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս գործարքը Հայաստանի Հանրապետության համար «հաջող գործարք» անվանեց: Մի՞թե:

արծվիկ մինասյանՈրոտանի կասկադի վաճառքի հետ կապված երկու կարևոր հարց, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բաց է մնում.  ՀՀ օրենսդրությունը պահպանվե՞լ է, և երկրորդ` տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել են, որ նման օբյեկտները  միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո մասնավորեցվեն: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, որ կասկադի վաճառքի որևէ ցանկություն չկա, և, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն: «Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի: Հետո մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, և էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, որ նման որևէ գործարք չկա, և իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, և դա այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, ոչ թե տնօրինման: Հետևաբար, այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:

Երկրորդ կարևոր հարցը. տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»  գրեթե կես ատոմակայան է, և էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երևի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է արվելու գումարը, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, և որ ամենակարևորն է` Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

վարդան բոստանջյան «Որոտանի կասկադը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որևէ դժվարություն չէր ներկայացնում և շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար: Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ «Որոտանի կասկադը» ամենաէժան էներգիան էր արտադրում` «1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ դա անելու բավականաչափ մեծ պոտենցիալ կար: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված` ես այս երևույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 մլն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը նշեց.-«180 մլն ամերիկյան դոլարն այդպիսի համակարգի համար բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ`  չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 մլն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ`  այստեղ ևս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ այդ 70 մլն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»:

«Տալ 180 մլն դոլարով և ասել, թե 6 տարում ևս 70 միլիոն կներդնի` լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքի ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 միլիոն դոլար, ուրեմն միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 մլն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ այդ գործարքը տնտեսական առումով ոչնչով աչքի չի ընկնում:

հրանտ բագրատյան«Որոտանի կասկադը», ըստ Բագրատյանի, երևի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, քանի որ ինքնուրույն աշխատող, հումք չպահանջող, առանձնապես մեծ մարդկային ռեսուրսներ չպահանջող համալիր է: Տնտեսագետն էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի տեսնում, իսկ հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Բիզնես միջավայրում հնարավոր է, ինչ-որ ապրանք վաճառվի իր ինքնարժեքից ավելի էժան միայն այն բանի համար, որ գնորդը համարվի ստրատեգիական ներդրող, հետագայում կարող է լուրջ ներդրումներ իրականացնել ոլորտում կամ երկրում: Բայց Որոտանի համալիրը վաճառվել է մի ընկերության, որը տնօրինում է ընդամենը 3500 մեգավատտ հզորության:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Որոտանի կասկադի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել: Կասկադն ընդամենը 180 մլն դոլարով վաճառելու առումով Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ամեն ինչ հարաբերական է. հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

«Էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարևոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի և երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլև հեռանկարի առումով… Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից, առանց խոր մասնագիտական վերլուծության գնահատական տալ գործարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող և մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետևաբար կասկածելի է, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն:

Անկախ

 

 

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

Շինարարությունն ավարտվեց. Օլիմպիադայի ժամանակ հայերը պետք չե՞ն

միգրացիա Օրերս ծանոթներից երկուսը` երկու եղբայր Սոչիից վերադարձան Հայաստան: Նրանք արդեն երեք տարի էր, ինչ շինարարական աշխատանքներ էին կատարում Սոչիի օլիմպիական ավանում: Չնայած սկզբում չէին նշում իրենց վերադարձի բուն պատճառը, բայց համառ ջանքերից հետո պատմեցին. Սոչիից մեծ թվով հայեր են վտարվում Հայաստան, և այդ հանգամանքը կապվում է օլիմպիական խաղերի հետ:

Բայց վտարվողները չեն սիրում պատմել, թե ինչպես են իրենց համապատասխան աշխատանքները ավարտելուց հետո «սիրով» արտաքսում Ռուսաստանից: Ամոթ են համարում: Ծանոթներս էլ համաձայնեցին խոսել իրենց անունները չնշելու պայմանով:

 Ռուսների օրենքը հայերի դեմ է՞

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն այս առումով NEWS.am-ին ասել է. «Վերջերս Ռուսաստանի  դաշնային բյուրոյի ծառայության  ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսից մինչև հիմա 430 հազար անձի մուտք է արգելվել, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիներ կան: Նրանցից 17-18 հազարը հայեր են»:

Հարցի առնչությամբ նույն NEWS.am-ին Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանն ասել էր, որ ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանում, իսկ Սոչիի դեպքում օլիմպիական խաղերի նախապատրաստությունը, հավանաբար դեր է խաղում: Ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է, և հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:

Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն իր հերթին հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով:

Բայց օտարերկրացի, այդ թվում նաև հայ «խոպանչիներին» Ռուսաստանում նոր փորձություններ են սպասում, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը ներգաղթյալների, այդ թվում նաև աշխատանքային միգրանտների  նկատմամբ հետևողականորեն խստացվում է: Նախորդ տարեվերջին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին  Ռոմոդանովսկին հայտարարել է. «Ռուսաստանին պետք են միայն այն այցելուները, որոնք բավարարում են որոշակի չափանիշների»:

2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով`  Ռուսաստան ոչ վիզային ռեժիմով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 90 օր` 3 ամիս: Այդ ժամկետը խախտելու պարագայում նրանք 3 տարի չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք` սկսած այն օրվանից, երբ նրանք կատարել են ժամկետների խախտումը:

Այս պայմանը, սակայն, ունի բացառություններ: Ըստ առաջին բացառության` այդ պայմանը չի տարածվում բարձր որակավորում ունեցող մասնագետների վրա, քանի որ նրանք կարող են 90 օրից ավելի ժամկետով գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրով սահմանված ժամկետի ամբողջ ընթացքում  կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում: Ընդ որում, դա տարածվում է ոչ միայն այդ մասնագետների, այլև նրանց ընտանիքների անդամների վրա:

Փաստաբան Լիլիթ Ներսիսյանի պարզաբանմամբ` բարձր որակավորում ունեցող մասնագետներ են համարվում հիմնականում գիտամանկավարժական, գիտահետազոտական գործունեություն իրականացնող անձինք, որոնք մեկնում են ՌԴ համապատասխան աշխատանքներ կատարելու, և նրանց աշխատավարձը ամսական կազմում է նվազագույնը 1 միլիոն ՌԴ ռուբլի, որը հստակ սահմանվում է օրենքով:

Երկրորդ կատեգորիայի մեջ են մտնում արտադրական ոլորտում ամսական նվազագույնը 700 հազար ռուբլի աշխատավարձ ստացող անձինք:

Եվ երրորդ կատեգորիան այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ստանում են 2 և ավելի միլիոն ռուբլի աշխատավարձ:

Հաջորդ բացառությամբ` 90-օրյա ժամկետից ավելի  Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի և իրենց գործատուների հետ կնքում են աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բայց այս դեպքում նրանք Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել ոչ ավելի, քան 1 տարի` սկսած ՌԴ տարածք մուտք գործելու օրվանից:

միգրացիա (1)Սակայն, եթե անգամ արտագնա աշխատանքի մեկնածը կնքել է, օրինակ, 2 տարվա աշխատանքային պայմանագիր, միևնույն է, նա 1 տարին լրանալուց հետո պետք է լքի ՌԴ սահմանը և հետ վերադառնա միայն 3 ամիս անց: Իսկ եթե արտագնա աշխատանքի մեկնողի հետ Ռուսաստանում նրա գործատուն աշխատանքային պայմանագիր չկնքի, ապա նա ստիպված պետք է լքի ՌԴ սահմաններն 90-օրյա ժամկետը լրանալուն պես:

Երրորդ բացառությունն էլ տարածվում է օտարերկրյա այն քաղաքացիների վրա, որոնք ՌԴ են մեկնել կրթություն ստանալու:

Այս դեպքում ՌԴ-ում նրանց 90 օրից ավելի գտնվելու ժամկետը սահմանվում է կրթական հաստատությունում կրթություն ստանալու ժամկետով:

Հայաստանի հայաթափման հարցով  ռուսներն են «անհանգստանում»

2013 թ. առաջին 9 ամիսների  ընթացքում Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը կազմում էր մոտ 108 հազար մարդ: Հիմնական նպատակակետ երկրների շարքում, ուր մեկնում են հայ միգրանտները, առաջինը Ռուսաստանի Դաշնությունն է` 73,1 տոկոս: Նրանցից մոտ 80 տոկոսից ավելին կազմում են բուն աշխատանքային միգրանտները: Իսկ ընդհանուր աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում են հենց Ռուսաստան:

Հայ միգրանտները նախընտրում են Ռուսաստանը, որովհետև վիզային ռեժիմ չկա, հեշտ է հաղորդակցվել, ծանոթ-բարեկամներ կան, և աշխատանք գտնելու հնարավորությունը շատ ավելի մեծ է:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, հիմնականում միջնակարգ կրթությամբ մարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի, որոնք կազմում են մեր աշխատանքային միգրանտների 43,3 տոկոսը: Միջին մասնագիտական կրթությամբ միգրանտները կազմում են 33 տոկոսը և բարձրագույն կրթությամբ` մոտ 20 տոկոսը:

Այս 20 տոկոսի մեջ ոչ բոլորն են,  որ իրենց կրթությանը համապատասխան աշխատանքի են մեկնում: Նրանց մի ստվար հատվածը մեկնում է այլ` հաճախ ծանր աշխատանքներ կատարելու:  Փաստորեն, Հայաստանից դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների  ճնշող մեծամասնության վրա չեն տարածվում ՌԴ մուտքի ու ելքի և կացության օրենքների արտոնությունները:

Աշխատանքային միգրացիայի խնդիրներից  է միգրանտների հարստահարումը աշխատանքային պայմանագրեր չունենալու հետևանքով: Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում իրենց գումարները ստանալ ու չեն կարողանում որևէ կերպ ապացուցել, որ իրենք աշխատել են տվյալ գործատուի մոտ, հաճախ անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունենում, ինչի հետևանքով ենթարկվում են ռուս իրավապահների քմահաճ վերաբերմունքին և այլն: Սակայն այս ամենի մասին նրանք լռում են, որովհետև աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ նրանք ամաչում են իրենց խնդիրներից խոսել:

«Մի քանի դեպք կա, որ մեր գրասենյակներ դիմել են նման հարցերով,- ասում է «Մարդը կարիքի մեջ» ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տաթևիկ  Բեժանյանը:- Մեր աշխատանքային միգրանտների 77 տոկոսը տղամարդիկ են, և հիմնական մասը մեկնում են ՌԴ աշխատելու: Այս մարդիկ վերադառնալուց հետո, եթե անգամ շահագործվել են, շատ քչերն են համարձակվում դիմել ու ասել դրա մասին: Որովհետև կա մենթալիտետի խնդիր. շատ ամոթ է, որ հայ տղամարդը դրսում շահագործվել է»:

Թեև հենց ռուս փորձագետներն են ընդունում, որ տեղացի աշխատողները դժվարությամբ են կատարում ծանր ֆիզիկական աշխատանքը, առավել ևս, որ այն քիչ է վարձատրվում, այնուամենայնիվ, եթե այդ ծանր աշխատանքն ավարտվում է, անցանկալի զանգվածից ազատվելու խնդիր է առաջանում: Ու ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին հաճախակիացել էին Ռուսաստանից, հատկապես Սոչիից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումները: Սրանով Ռուսաստանը նաև մեկ այլ հարց է լուծում` չի թողնում, որ մարդաթափվի իր ռազմավարական ֆորպոստը…

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Հերթական «ծիտիկը» դրեցինք բանակցային գործընթացի օրագրում, հետո՞…

նալբանդյան-մամեդյարովՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումների փորձեր եղան, որոնք ավարտվեցին սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվամբ, դրանից հետո էլ շուրջ երկու օր չէին դադարում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծությունները: Ու այս դիվերսիոն գործողությունների ֆոնին Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: 

Ի սկզբանե հարց էր` հանդիպման ցանկություն կունենա՞ արդյոք հայկական կողմը, մյուս կողմի ագրեսիվ գործողություններից հետո, առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները ադրբեջանական դիվերսիան գնահատել են սադրիչ և բանակցային գործընթացը խաթարելու փորձ: Բայց արտգործնախարարներն այնուամենայնիվ հանդիպեցին:

Ու ենթադրվում էր, որ հանդիպման դեպքում անգամ Էդվարդ Նալբանդյանի կեցվածքն ու հայտարարությունները պետք է խիստ կոշտ լինեն:

Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, նշվում է, որ հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ և այլն:

Ուշադիր լինենք` «քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը» արտահայտությունն արվում է այն ժամանակ, երբ ընդամենը 3-4 օր առաջ Ադրբեջանը դիվերսիա կազմակերպեց ու սկսեց հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Միգուցե սա դիվանագիտական չոր արարողակարգին բնորոշ ձևակերպում է: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է. «Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին…»:

Բնական հարց է առաջանում. անպայման պետք էր հասնել Փարիզ ու նո՞ր այդ հայտարարությունն անել, թե՞ բանակցություններից հրաժարվելու հստակ ու վճռական դիրքորոշմամբ ստիպել, որ հասկանան:

 Դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կենսագործումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

Հերթական զավեշտալի հայտարարությունը տարածեցին համանախագահները: Նրանց հայտարարությունում նշվում է. «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպրչիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները…»:

Հերթական անգամ Ադրբեջանը կրակում է մեզ վրա, սպանում մեր զինվորին, իսկ համանախագահները ոչ թե հրադադարի ռեժիմը խախտողին, այլ երկուսին միասին են կոչ անում հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները… Հերիք չեղա՞վ մեզ կոչ անեն պահպանել մի պայման, որը մենք չեն խախտել, իսկ մենք պատրաստակամորեն վազենք բանակցության: Ինչպես լրագրողներին ասել էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին և ինչ-որ չափով խրախուսելով` մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում:

«ԼՂ բանակցություններն այս ձևով հեռուն չեն կարող գնալ: Վաղուց ժամանակն է, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այդ վարքագծով չի կարող երկար գործել»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տա, որ ՄԽ համանախագահների «հավասարակշիռ» վերաբերմունքը կողմերի նկատմամբ պարզապես անընդունելի է, որ միջնորդներն էլ հասկանան` պետք է օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի կեցվածքին, այլապես նման «հավասարակշիռ» վերաբերմունքով մեղսակից են դառնում Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը:

Իսկ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարծես ոգևորվելով, որ իր արարքների համար պատասխան չի տալիս, սկսեց քարոզչամիջոցների մակարդակով ակնարկել, թե իբր բանակցություններն ընթացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությայն տրամաբանությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Ահա թե ինչ է նշանակում, երբ քեզ վրա կրակում են, խախտում խաղաղ ազգաբնակչությանդ անդորրը, սպանում զինվորիդ, բայց նորից վազում ես «բանակցությունների», նորից այդ բանակցությունների մանրամասները սեփական ժողովրդիդ չես ներկայացնում: Արդեն քանիերորդ անգամ նույն սցենարն է կրկնվում: Իհարկե, ադրբեջանական կողմն ակնհայտորեն ստում է: Բայց ուշագրավ է նաև մեր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը ֆեյսբուքով.

«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն…»,- իր էջում գրել է Բալայանը:

Այսպիսով,  ամենևին հստակ չէ, թե ինչ տվեց այդ հանդիպումը հայկական կողմին: Այնինչ վաղուց արդեն ժամանակն է, որ  Հայաստանի դիվանագիտությունը լինի նախաձեռնողական,  ոչ թե բավարարվի միայն բանակցային գործընթացով, այլ քայլեր ձեռնարկի ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ, միջազգային հանրությանը սկսի ստիպել ճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը մնացած սկզբունքների նկատմամբ և այլն: Այդ դեպքում սայլը տեղից կշարժվի: Թե չէ դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Սևանի իշխանի վերականգնման ծրագրի շուրջ «կռիվը» դեռ նոր է սկսվում

ձուկՎերջին շրջանում բավականին ակտիվացան բնապահպանները, այս անգամ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ծկնաբուծության զարգացման ծրագրի շուրջ:

 Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի` սեպտեմբերի 7-ին, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրության ցանցավանդակային մեթոդի կիրառման պիլոտային ծրագիրը հոկտեմբերին կներկայացվի կառավարության հաստատմանը:  Եվ շեշտել էր, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թ. 50 հազար տոննա իշխան տեսակի ձուկ բուծել, դանիական կազմակերպությունների հետ համատեղ այդ ծրագիրը փորձարկվել է, ինչի արդյունքում պարզվել է, որ այն չի խախտում լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ: Հետո Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին կարգադրություն ստորագրեց Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին: Նախագահն այդ ժամանակ խորհրդին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

 Ըստ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի»` ուսանելի համարվեց լճերի մակերևույթներին էկոլոգիապես մաքուր ձկան արտադրության միջազգային փորձը, մասնավորապես` ձկնաբուծություն լճերում, ծովերում կամ ջրամբարներում տեղադրվող ցանցավանդակներում, որոնք պատրաստված են էկոլոգիապես անվնաս նյութերից և չեն վնասում լճի էկոհամակարգը:

«Միայն Սևանա լճում, որի մակերեսը ներկայումս շուրջ 127 720 հա է, օգտագործելով լճի մակերևույթի առավելագույնը 0.1տոկոսը, հնարավոր է տարեկան արտադրել 50 000 տ ձուկ: Եվս 50 000 տ հնարավոր է աճեցնել ՀՀ արհեստական ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է, և Արմաշի լճակային ձկնաբուծական տնտեսությունում` մոտ 1200 հա ջրային մակերեսով: Արդյունքում միայն ցանցավանդակային եղանակով Հայաստանում հնարավոր է արտադրել շուրջ 100 000 տ ձուկ»,- նշվում է ծրագրում:

Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման արտադրական և բնապահպանական արդյունավետությունը գնահատելու համար իրականացվում է փորձնական փուլ (15.08.2012-15.08.2014): Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2011 թ. հոկտեմբերին, իսկ ցանցավանդակները Սևանա լճում տեղադրվել են 2012 թ. օգոստոսին: Փորձնական փուլն իրականացնում են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ն, որը նաև ներդրողն է: Փորձնական ծրագրի իրականացման նպատակով Սևանա լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, տեղադրվել է 4 ցանցավանդակ, յուրաքանչյուրը` 16 մ տրամագծով և 8 մ խորությամբ: Ցանցավանդակների գումարային ծավալը շուրջ 6400 խմ է, տնտեսության հզորությունը` շուրջ 50 տ: Սարքավորումների հիմնական մասը ներմուծվել է Դանիայից: Տնտեսության ստեղծման և շահագործման համար ներդրվել է շուրջ 290 մլն դրամ` 1 տ հզորության համար` շուրջ 6 մլն դրամ:

Ծրագրով նախատեսվում է 2015 թ. կառուցել 4 ցանցավանդակային տնտեսություն, 2016-ին` 10, 2017-ին` 18, 2018-ին` 20 և 2019-ին` 22: Արդյունքում ցանցավանդակային տնտեսությունների թիվը հասցվելու է 74-ի` յուրաքանչյուրը տարեկան մոտ 668 տ արտադրողականությամբ: Ցանցավանդակային տնտեսությունները պարտավորված կլինեն ձեռք բերել միայն մանրաձկան տնտեսության բուծած մանրաձուկը:

Ծրագրի բնապահպանական արդյունքներից մեկն էլ պետք է լինի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պաշարների վերականգնման ինքնաշխատ համակարգի ստեղծումը և վերականգնման կայուն ու արագ ընթացքի ապահովումը: Ամեն տարի նախատեսվում է լիճ բաց թողնել արտադրվող ձկան 1.5%-ը, ինչը ծրագրված հզորության ապահովման պարագայում կկազմի տարեկան 750 տ:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստին որոշեց  «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագիծը ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության: Նշենք, որ կառավարությունը հաստատել է նախագիծը, ըստ որի` նախատեսված է ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը մինչ 2023 թ. հասցնել տարեկան մինչև 50.000 տ-ի: Դրա համար տարեկան լիճ պետք է լցվի 50.000 տ արհեստական կեր, որն էլ կապահովի ձկան արագ աճը:

Կերի հարցը լուծվել է . Յու Ջավադյան

Ու ահա այդ ժամանակ բնապահպանները սկսեցին բարձրացնել խնդիրները: Դեկտեմբերի 21-ին Էկոլոգիական հասարակական դաշինքը քաղաքական ու հասարակական գործիչներին, գործարարներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ստեղծագործական միություններին, երկրի քաղաքացիներին ուղղեց բաց նամակ, որով կոչ էր  անում փրկել Սևանը էկոհամակարգին սպառնացող և չվերահսկվող ծրագրերից: «Բոլորին, բոլորին, բոլորին` Սևանը ցանկանում են վերածել ձկնաբուծական գործարանի»,- այս խոսքերով էր սկսվում բաց նամակը, որում բնապահպանների հիմնական մտահոգությունը կապված էր առաջարկվող ծրագրով նախատեսված  ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրության հետ: Ինչպես նշում էին բնապահպանները, տարեկան լիճ պետք է լցվի նաև ֆոսֆոր և ազոտ պարունակող 50 000 տոննա արհեստական կեր, որոնց շնորհիվ է ապահովվում ձկան արագ աճը:

«Մենք չունենք տվյալներ այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ արհեստական կերակրումից հետո: Նման տեսակի գիտական աշխատանքները պահանջում են երկար ժամանակ և մեծ միջոցներ: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն անցկացնում է կերի և ձկների համար տեղադրված ցանցավանդակների տարածքներից վերցված ջրի նմուշի ուսումնասիրություն` հայտնաբերելու աղտոտող նյութերի, ֆոսֆորի և ազոտի պարունակությունը: Ջրի նմուշների վերլուծության արդյունքները չեն կարող փոխարինել թանկարժեք ուսումնասիրություններին, որոնք անհրաժեշտ են նման ծրագրերի հաստատման համար: Մյուս կողմից, ազոտը և ֆոսֆորն այն աղտոտիչներից են, որոնք նպաստում են Սևանի ճահճացմանը»,- ասված էր բնապահպանների հայտարարության մեջ:

Դիմեցինք «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահին, որպեսզի գոնե նա պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում կերակրումից հետո: Սակայն «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ կարեն Աթոյանն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի զբաղվում Սևանի հարցով: Ձկնաբուծության ոլորտում էլ ոչ թե տեխնոլոգիական ու մասնագիտական հարցերով է զբաղվում, այլ իրավական-կազմակերպչական: Իսկ Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագրի մասին որևէ հայտարարություն անել չի կարող, քանի որ միավորումը դեռ բավարար տվյալներ չունի համապատասխան հայտարարությամբ հանդես գալու համար:

Մի խոսքով` ոլորտը ներկայացնող միավորման ներկայացուցիչը չգիտեր, թե ինչ կպատահի, բնապահպանները` ևս: Ուստի նորից դիմեցինք բուն ծրագրի` ռիսկերի գնահատման հատվածին: Այնտեղ նշված էր, որ ծրագրի ռիսկերը բաժանվում են երկու խմբի` բնապահպանական և տնտեսական:

Մի կողմ թողնելով տնտեսականը, ասենք, որ համաձայն ծրագրի` բնապահպանական ռիսկերը, ինչպես և փորձնական փուլում, հիմնականում կապված են արհեստական կերի օգտագործման հետ (ֆոսֆորի, ազոտի և օրգանական նյութի արտանետում և կուտակում ցանցավանդակների տակ, որն առաջանում է լճի հատակին ավելցուկային կերի և ձկան արտաթորանքի կուտակումից): Բայց և կան այդ կուտակումները նվազագույնի հասցնելու մի շարք հնարավորություններ. լճում ցանցավանդակների թիվը և ձկան արտադրության ծավալներն ավելացնել աստիճանաբար, ձևավորել հատուկ մոնիթորինգի հանձնաժողով, ցանցավանդակների տեղադրման համար օգտագործել լճի տարածքի անվտանգ օգտագործման 1.5 տոկոսի սահմանից 50 անգամ քիչ, օգտագործել օրգանական ձկնաբուծության համար նախատեսված ձկան կեր, զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ, օպտիմալացնել կերակրման նորմերը և վերահսկել կերակրման գործընթացը, ցանցավանդակների տակ` լճի հատակին, աճեցնել խեցգետիններ, որոնք կյուրացնեն կերի մնացորդները, անհրաժեշտության դեպքում ցանցավանդակների տակ ամրացնել կոնաձև ափսեներ, որոնց մեջ կկուտակվեն կերի մնացորդները և ձկան արտաթորանքը, որոնք էլ պարբերաբար կմաքրվեն պոմպերի միջոցով, ցանցավանդակների տակ տեղադրել թթվածին մղող սարքավորումներ, ինչը կնպաստի օրգանական նյութի քայքայմանը, հնարավորության դեպքում օգտագործել լողացող կեր, որը չի սուզվում, հետևաբար` չի կարող կուտակվել լճի հատակին, և այլն:

Այս խնդրին տեղյակ է նաև «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որ մեզ հետ զրույցում նշեց, թե հիմանական խնդիրը կերն էր, ուրիշ խնդիր չկար, իսկ կերի խնդիրն էլ արդեն լուծվել է. հիմա օրգանական կերեր են բերելու ու դրանով կերակրելու բուծվող ձկներին: «Դե չգիտեմ, թե ինչ կերեր էր այն ժամանակ բերում, համենայն դեպս, բավարար չէր, իսկ հիմա արդեն բավարար է բերում, ու ոչ մի բնապահպանական խնդիր չկա: Բնապահպանները մեկ բաժակ ջրում փոթորիկ էին բարձրացնում, 120 հազար հեկտարի մեջ ընդամենը 34 հեկտարի մասին է խոսքը»,- նշեց Յուրի Ջավադյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Պարտադիր կուտակայինի դեմ հանրահավաք էլ անցկացվեց, բայց կառավարությունն անդրդվելի է

ցույցԱրդեն այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ըստ որի` 1974 թ. ծնվածներից սկսած, ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր բաղադրիչով կենսաթոշակային միջոցներ կուտակելուն: Հունվարի 18-ին Երևանում անցկացվեց նոր համակարգի դեմ ամենաբազմամարդ բողոքի ցույցը, որը, սակայն ամեն կերպ փորձում են չտեսնելու դնել համակարգի «ճարտարապետները»: 

 Առհասարակ մարդակենտրոն հասարակություններում գոյություն ունի «հանրային արձագանքի ցուցիչ» հասկացությունը: Այսինքն` մի որևէ նորմ, օրենք կամ դրույթ սահմանելիս այդ մարդակենտրոն հասարակությունների կառավարությունները նախ սահմանում են փորձաշրջան ու որոշակի ֆոկուս խմբի հետ փորձնական ծրագրով փորձում են պարզել, թե ինչ արձագանք է ստանում իրենց նախաձեռնությունը հանրության շրջանում: Օրինակ` եթե կառավարությունը հայտարարում է  ինչ–որ զբաղվածության ծրագրի մասին, իսկ ծրագրի ավարտին պարզվում է, որ դրան մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիներ չեն եղել կամ եղել են սպասվածից անհամեմատ փոքր թվով, ուրեմն այդ ծրագիրն այն չէ …

 Մտահոգություններ կան, դրանք բանի տեղ դնող չկա

Այժմ նայենք մեր իրականությանը և հատկապես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման երևույթին: 2011-ից մեջտեղ է եկել «կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ» հասկացությունը: Այդ համակարգին մինչ օրս անդամակցել է ընդամենը 3-4 հոգի, ինչպես նշում են հենց կառավարության ներկայացուցիչները: Այսինքն`կուտակային համակարգը չընդունվեց հասարակության կողմից: Ոչ միայն: Հասարակությունը դիմավորեց բողոքի ալիքով, ցույցերով, ու ընդամենը մի քանի օր առաջ մի քանի հազար մարդ էր դուրս եկել փողոց, որպեսզի «ոչ» ասի այս համակարգին: Սրանից էլ լավ ցուցի՞չ:

Բայց  սրա սեփական բացատրությունն ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ օրեր առաջ նշեց, թե 2011 թ. հունվարից գործող օրենքները հնարավորություն էին տվել համապատասխան ֆինանսական շուկաներում գործող մարմիններին առաջարկելու  քաղաքացիներին համապատասխան պրոդուկտներ, սակայն այդ առումով տեսականին մեծ չի եղել, որպեսզի նաև քաղաքացիները հնարավորություն ունենային ընտրելու կամ որոշելու իրենց մասնակցությունը կամավոր կենսաթոշակային ապահովագրությանը.

«Եվ հիմնական մասը հիմա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում, երբ արդեն բոլոր խաղորդները կան և բոլորն իրենց առաջարկությունները ներկայացնում են շուկայում, ես կարծում եմ, որ կլինեն բավականին շատ աշխատող անձինք, որոնք որոշում կկայացնեն կամավոր մասնակցելու այդ համակարգին: Այսինքն` հիմա շատ ավելի մեծ նախադրյալներ կան որոշումներ կայացնելու, քան, օրինակ, 3 տարի առաջ: Մենք  ի սկզբանե գնահատել էինք, որ հենց այդպես էլ կլինի»,- նշեց Արտեմ Ասատրյանը:

Հունվարի 18-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացված բողոքի բազմամարդ հանրահավաքին էլ նախարարը նորմալ է վերաբերվում ու նշում է, որ մարդիկ իրենց մտահոգություններն արտահայտելու իրավունք ունեն: Իրավունքն իրավունք, բայց այդ մտահոգություններին բանի տեղ դնող չկա: Այնինչ բողոքի շարժման ներկայացուցիչներն ուշագրավ  դիտարկումներ ունեն այս օրենքի կապակցությամբ:

Օրինակ` «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի անդամ, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանի կարծիքով` երբ կառավարությունը նշում է, թե մենք ունենք ցածր կենսաթոշակներ, ու «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքն ընդունվում է, որպեսզի ստանանք բարձր թոշակ, դա ընդհանրապես կապ չունի այս օրենքի հետ, քանի որ ներկայումս թոշակ ստացողները ոչ մի առնչություն չունեն պարտադիր կուտակայինի հետ: Իսկ հունվարի 1-ից գործողության մեջ մտած օրենքի համաձայն` մարդիկ կենսաթոշակ են ստանալու 23 տարի հետո, այնինչ եկող տարվա բյուջեով սոցվճարների ու սոցիալական պաշտպանության ծերության խմբին հատկացումները ավելացել են մոտ 55 մլրդ դրամով:

Դրանից 20 միլիարդը, պարզաբանեց Գևորգ Գորգիսյանը, վարչապետի հայտարարությամբ, գնալու է թոշակների բարձրացմանը, իսկ մնացածը, ըստ երևույթին, հենց այս համակարգի կայացմանը` թե՛ պետության մասնակցության չափի ապահովման, թե՛ պետության կողմից ստեղծվելիք կառույցների կայացման համար, որոնք պետք է զբաղվեն այս համակարգի կառավարմամբ:  «Այսինքն` մենք մի կողմից հայտարարում ենք, թե ունենք փոքր բյուջե և չենք կարողանում մարդկանց թոշակները ապահովել, մյուս կողմից էլ ավելի շատ գումար, քան հատկացնում ենք թոշակների բարձրացմանը, դուրս ենք հանում շրջանառությունից` մինչև 45 տարի ժամկետով դնելով օտարերկրյա բանկերում` հայտարարելով, թե դրանով լուծում ենք սոցիալական խնդիր: Դա բացարձակ աբսուրդ է և ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»,- ասաց Գորգիսյանը:

Իրավաբանն էլ մտահոգություններ ունի

cujc«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Մարիաննա Քալեջյանն էլ մտահոգիչ է համարում օրենքի այն կետերը, որոնք քաղաքացուն պարտադրում են իրեն պատկանող սեփականությունը պարտադիր կերպով հանձնել ինչ-որ ֆոնդերի, և երկրորդ` ամբողջությամբ սահամանափակվում է այդ սեփականությունից սեփական հաեցողությամբ օգտվելու իրավունքը: «Որպես հակափաստարկ մեզ միշտ ասում են, որ պետությունը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները, իրավասու է սահամանելու պարտադիր վճարներ: Սակայն այստեղ պետք է տարանջատենք ու հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում սեփականության այն մասը, որը քաղաքացին տալիս է որպես հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար, և տվյալ պարագայում ինչ է նշանակում պարտադիր վճար հասկացությունը»,- նշեց Մարիաննա Քալեջյանը` պարզաբանելով, որ ըստ ՍԴ-ի և օրենսդրության` հարկերը, տուրքերը և  պարտադիր վճարները պետք է պատկանեն հանրային հարաբերություններին, պետք է լինեն համընդհանուր բոլորի համար և անվերադարձ:

Ուրեմն, երբ քաղաքացին վճարում է դրանք, օրենքով զրկվում է այդ վճարներով սահմանված գումարների նկատմամբ սեփականության իրավունքից: «Այս օրենքը սահմանում է, որ այդ փայերը, որոնք ունենում է անձն իր կողմից վճարված կուտակային վճարներով, իր սեփականությունն է, սակայն նույն օրենքը սահամանափակում է քաղաքացու` այդ սեփականությունից օգտվելու իրավունքը: Դրանով կոպտորեն խախտվում են սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները»,- նշեց իրավաբանը:

Մարիաննա Քալեջյանը մատնանշում է նաև նոր  համակարգի մասնակիցների տարիքային և գույքային խտրականության դրսևորումը: Մասնավորապես, մինչև 500 հազար դրամ ստացողը վճարում է իր եկամուտների մինչև 5 տոկոսը, բայց իրականում` ավելին, և 5 տոկոս էլ «լրացնում է» պետությունը` մեր կողմից վճարված հարկերի հաշվին, իսկ 500 հազարից բարձր եկամուտ ստացող անձինք, գումարած նոտարները, վարձու աշխատողները, վճարում են 10 տոկոս, որն իրականում էլի 10 տոկոս չէ, ու 25 հազար դրամ` պետության կողմից:

«Այսինքն` պետությունը, նախ, տարիքային խտրականություն է սահմանում 1974 թվականից հետո և առաջ ծնվածների միջև` մեկի համար սահմանելով պարտադիր վճար, որը վատացնում է մարդու սոցիալական վիճակը, մյուսի համար` ոչ, և երկրորդ` գույքային վիճակից ելնելով` խտրականություն է սահմանում և սահմանափակում է իր մասնակցության ծավալը: Ստացվում է, որ 500 հազարից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են շատ ավելի բարձր տոկոսադրույք և պետությունից ստանում են շատ ավելի ցածր ներդրում: Բացի դրանից, 1974 թվականից հետո ծնվածների միջև էլ հավասար պայմաններ չեն գործում. ստացվում է, որ 1974, 1975-1976 թթ. ծնվածները կուտակելու ավելի քիչ ժամանակ են ունենում, քան ավելի ուշ ծնվածները»,- ասում է Մարիաննա Քալեջյանը:

«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման  նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ էլ` ճարտարագետ Արսեն Մանուկյանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թողարկված գովազդային հոլովակներում նշվում է, թե վճարում ենք ընդամենը 5 տոկոս, սակայն իրականում 6,6 տոկոս է, եթե հաշվարկում ենք մաքուր աշխատավարձերի համար: Իսկ քաղաքացիներին հետաքրքրում է մաքուր աշխատավարձը: Բացի այդ, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում այդ տոկոսը հասնում է 13 տոկոսի:

Այդքան երաշխիք չի կարող տրվել, բայց…

Մեկ այլ նկատառում էլ Արսեն Մանուկյանն ունի այն դրույթի կապակցությամբ, թե ֆոնդերում կուտակված գումարները կուտակողի սեփականությունն են: Սակայն քաղաքացին իր կուտակած խնայողությունները կարող է ստանալ միայն երկու տարբերակով` կա՛մ երբ հասնում է կենսաթոշակային տարիքի, կա՛մ երբ ունենում է անբուժելի հիվանդություն: «Ու այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե այդ ինչպես է դա իմ սեփականությունը, եթե ինձ համար կենսական նշանակություն ունեցող դեպքերում, օրինակ` վիրահատության, երեխայի վարձի կամ բնակարանի գնման, ես չեմ կարող  օգտագործել»,- նշեց նա:

Մի քանի այլ ուշագրավ դրույթների վրա էլ են կենտրոնացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաների դուրս ելած երիտասարդները: Օրինակ`անընդհատ նշվում է, թե կուտակվող գումարները 100 տոկոսով երաշխավորված են,այդ թվում նաև բյուջետային երաշխիքով:

Նախ`այդ երաշխիքը, կարծես, ծաղր լինի, քանի որ պետբյուջեն նույն քաղաքացիների մուծած հարկերից է գոյանում, ու ստացվում է, որ մարդը երաշխավորում է ինքն իր գումարները: Մյուս կողմից` ֆինանսական երաշխավորման համակարգով, որ օրենքում ամրագրված է,  20 տոկոսը ֆոնդերի կառավարիչների մուծած գումարներից գոյացած երաշխիքային հիմնադրամի կողմից է երաշխավորվում, իսկ 80 տոկոսը` պետական բյուջեի: Սա, ինչպես նշում է Արծվիկ Մինասյանը, հակասության մեջ է մտնում հայաստանյան օրենսդրության հետ: Մասնավորապես, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն, որևէ տարվա պետբյուջեից տրվող երաշխիքները չեն կարող ավելին լինել, քան նախորդ տարվա հարկային մուտքերի 10 տոկոսը: «Եթե այս հաշվարկն ենք վերցնում, օրինակ, 2014 թվականի համար այդ երաշխիքը չի կարող 90 միլիարդ դրամից ավելին լինել, 2015 թվականի կտրվածքով նայենք և հարկման աճի դինամիկան պրոյեկտենք: Չի կարող 100 միլիարդ դրամից ավելին լինել: Բայց մենք գիտենք. որ 3-րդ տարուց սկսած, ըստ կանխատեսումների, կուտակային համակարգի միջոցներն անցնելու են 100 միլիարդից: Ստացվում է, որ այս երաշխիքը կեղծ է: Այսինքն` անգամ օրենքի խախտումով է այս երաշխիքը տրվում, և որևէ քաղաքացի չի կարող վստահ լինել, որ այդ հնարավորությունը կա»,- նշում է պատգամավորը և հավելում, որ եթե անգամ այդ սահամանափակումն էլ փորձեն օրենքից հանել, 30 տարի հետո կուտակային համակարգի ձևավորած ռեսուրսների ծավալը կարող է մի քանի անգամ ավելին լինել, քան մեր պետբյուջեի մեծությունը: Բյուջեն, այս դեպքում, երբեք չի կարող ամբողջությամբ փակել այն կորուստները, որոնք կարող են առաջ գալ:

Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը նշում է, թե 80 տոկոս բյուջետային երաշխիքի տրամադրումով պետությունն իր քաղաքական պատասխանատվությունն է հայտնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ.

«Կենսաթոշակային համակարգը` իր կառավարման համակարգով և ռիսկերի կառավարման համակարգերով, պետք է կարողանա լիարժեք աշխատել, որոնց պատասխանատուները համապատասխան մարմիններն են: Եվ ընդհանրապես աշխարհում որևէ նախադեպ չի եղել, որ առաջանա այդ խնդիրը, որ համակարգը բացասական աշխատի: Աշխարհի փորձն է ցույց տալիս` կարճ ժամանակահատվածում եղել են այդպիսի նախադեպեր, բայց երկար ժամանակահատվածում այդպիսի նախադեպեր չկան»:

Բարձրաձայնված մտավախություններն ու մտահոգությունները շատ են: Բայց ո՛չ Արտեմ Ասատրյանի, ո՛չ էլ մեկ այլ նախարարի կամ կառավարության անդամի հավաստիացում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկողների անվստահությունը չի ցրում, հարցերի պատասխաններն էլ չի տալիս: Կառավարությունը չի ընկրկում, իսկ համակարգի դեմ հանդես եկողները պատրաստվում են ավելի ակտիվ պայքարի` ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը վիճարկելուն զուգահեռ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Իրանը լուծեց իր առջև դրված խնդիրն անգամ «Ժնև- 2»-ի հրավերը չեղյալ հայտարարվելու պարագայում

ռոհանիԱրդեն հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագրի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: 

Հենց նույն օրն էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև – 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա:

«Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը:  Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- ընդգծել է Քերին:

Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում:

Սա Իրանի խնդրի շուրջ բավականին ուշագրավ ու լուրջ շրջադարձ էր, քանի որ դեռևս անցյալ տարի ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Իրանի շուրջ լարվածությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում այսչափ կթուլանա: Բայց սկզբում «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը դեմ էին արտահայտվում Իսրայելը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Իսկ «Ժնև 2» համաժողովից ընդամենն օրեր առաջ Սիրիայի ապստամբներն էին հայտարարել, որ եթե Իրանը մասնակցի համաժողովին, իրենք չեն մասնակցի:

Այնուհետև եղավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերն Իրանին` մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող «Ժնև- 2» համաժողովին:

Իրանն էլ վերջին 1-2 ամսվա ընթացքում, երբ միջազգային հանրության կողմից ակտիվորեն քննարկվում էր համաժողովին Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցը, նախագահի մակարդակով հստակ հայտարարել է, որ առանց նախապայմանների կմասնակցի համաժողովին: Ընդ որում Իրանն իր այդ դիրքորոշումը վերահաստատել է մի քանի անգամ թե՛ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ,  թե՛ Ռոհանի- Պուտին հեռախոսազրույցի ընթացքում:

Թեև համաժողովի մեկնարկից 1-2 օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրեց մասնակցելու «Ժնև-2» համաժողովին, համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ արդեն հրապարակվեց, որ հրավերը հետ է կանչվել:

«Հրավերի հետկանչը ԱՄՆ-ի, ավելի ճիշտ` նրա դաշնակիցներ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իսրայել պետությունների ճնշմամբ է կատարվել. ինձ թվում է: Չեմ կարծում, թե միջազգային հարաբերություններում Իրանի դերը դրանով նվազի, և դատելով մինչ հրավերը պաշտոնական Թեհրանի հայտարարություններից` Թեհրանն այդքան էլ շահագրգռված չէր մասնակցելու այդ համաժողովին. նա իր թիրախն ուներ` Ժնևյան համաձայնագիրը, որը, ինչպես հայտնի է, հունվարի 20-ից արդեն ուժի մեջ մտավ: Իսկ «Ժնև-2»-ը մեկ օր չի տևելու, կարելի է ասել` դա գործընթաց է, որը սկսվելու է վաղվանից, և այդ օրն Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցում, իմ կարծիքով, ԱՄՆ-ն ուղղակի  չգնաց իր դաշնակիցների` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի կամ Իսրայելի դիրքորոշումների դեմ»,- ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ըստ նրա` եթե Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային խոշոր խաղացողները կարողացան որոշակիորեն անտեսել այդ երկրների դիրքորոշումները, ապա Սիրիայի հարցով համաժողովի դեպքում այսպիսի որոշում կայացվեց: «Ամեն դեպքում դիրքորոշումը կամ հստակ պատճառաբանությունը, թե ինչու Իրանին հրավեր ուղարկեցին, իսկ հետո այդ հրավերը չեղյալ հայտարարեցին, իմ կարծիքով, ՄԱԿ-ի պես մեծ, հզոր ու հեղինակավոր կազմակերպության համար  իրավական առումով պատվաբեր չէր, կարելի էր ուղղակի չհրավիրել, և վերջ: Չի էլ նշվում հստակ պատճառը, թե ինչու է չեղյալ համարվել հրավերը»,- նշեց Արմեն Իսրայելյանը:

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցության հրավերը չեղյալ հայտարարելու համար որպես պատճառ նշվում է, թե Իրանը «Ժնև-1» համաժողովի վերաբերյալ իր դրական եզրակացությունը չի տվել: Սակայն Թեհրանն էլ պնդում է, թե չի մասնակցել «Ժնև-1»-ին, և ուրեմն ինչո՞ւ պետք է դրական եզրակացություն տար: Ամեն դեպքում «Ժնև 1»-ին դրական եզրակացություն տալ-չտալու հարցը չէ հիմնապատճառը, այլ ուղղակի  ավելի լուրջ քաղաքական խաղեր անցկացնելու կամ ինչ-որ խնդիրներ բավարարելու նպատակ ունեն, իսկ իրանագետի կարծիքով` մեկ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում հակառակվել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների կամքին, միևնույն ժամանակ չի ցանկանում նաև ուղղակիորեն Թեհրանի հետ առճակատման գնալ` միջուկային հարցում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնագիրը չխախտելու նպատակով: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Իրանին մերժեց մասնակցել «Ժնև-2»-ին, որպեսզի դա չազդի Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վրա, կամ ավելի պատկերավոր ասած` կրակի միջից ՄԱԿ-ի ձեռքերով է շագանակներ հանում:

Այստեղ առաջանում է մի կարևոր հարց` արդյոք Իրանի հանդեպ այսպիսի դիրքորոշումը կանդրադառնա՞ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ու եթե կանդրադառնա, ապա ինչպես:

«Չեմ կարծում, թե այս հրավիրել-մերժել խաղերն ինչ-որ ազդեցություն կունենան Իրանի շուրջ հետագա զարգացումների վրա: Իրանն իր գլխավոր խնդիրը լուծեց` քաղաքական առումով հասավ իր նպատակին միջուկային խնդրի շուրջ, ինչպես նկատեցինք, դրական տեղաշարժ կատարվեց, և  հունվարի 20-ից արդեն որոշ ոլորտների համար պատժամիջոցները վերացվեցին ԵՄ-ի կողմից, իսկ հունվարի 21-ին արդեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի նավթի արտահանման և մի շարք այլ ոլորտների  գծով չեղյալ հայտարարեց պատժամիջոցները: Նախօրեին Իրանը հայտարարեց, որ կասեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման գործունեությունը, սա հրաշալի մի իրողություն է, ընդամենը մեկ տարի առաջ շատ քչերը կհավատային, որ հնարավոր են այսպիսի մեծ հաջողություններ: Այս առումով Իրանն իր կարևորագույն խնդիրը լուծել է և դուրս է եկել միջազգային քաղաքական մեկուսացվածության վիճակից»,- իր դիտարկումները ներկայացրեց Արմեն Իսրայելյանը:

Բացի այդ, Իրանի նախագահը մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսյան տնտեսական համաժողովին, որ փայլուն առիթ է, որպեսզի Իրանն իր գործընկերների հետ քննարկի արդեն տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, և չի բացառվում անգամ, որ հենց Դավոսում տնտեսական մեծ համագործակցության հիմքեր դրվեն: Դժվար թե Իրանը, «Ժնև-2»-ին չհրավիրվելու պատճառով ինչ-որ խնդիրներ ունենա կամ հարաբերությունները սրի իր արևմտյան գործընկերների հետ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

2014 թվականը տնտեսության համար դրական տարի կարող է լինել, եթե…

անկումՆախորդ տարվա ընթացքում շատ բուռն զարգացումներ եղան Հայաստանի տնտեսական կյանքում, որոնք մեծ նշանակություն ունեն և դեռ կունենան Հայաստանի ապագայի վրա: Ընդհանուր միտումները պահպանվեցին արտահանման աճի առումով, որը կրկնակի գերազանցում էր ներմուծման աճի տեմպերը: 2013 թվականը, այնուամենայնիվ, աճի տեմպերի առումով ավելի դանդաղ էր, քան  նախորդ տարիները: Ճիշտ է, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև դրեց առնվազն 7 տոկոս տնտեսական աճի պահանջ, բայց տարեվերջին արդեն պարզ էր, որ կառավարությունը նախագահի այդ հանձնարարականը չի կատարել, քանի որ տնտեսական աճը կազմեց ընդամենը 4 տոկոս:

 Հանուն արդարության` դրական մանր երևույթներ կային

Որոշակի առաջընթաց գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում, որը, սակայն, ինչպես այն բնորոշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ավելի շատ պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով, քան հստակ ագրարային արդյունավետ քաղաքականությամբ: «Հույս  ունենք, որ 2014 թ. փոքր-ինչ ավելի նոր վերաբերմունք կդրսևորվի, և միայն եղանակային պայմաններով պայմանավորված չեն լինի գյուղատնտեսության զարգացումները»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ` մտահոգիչ է, որ վերամշակող արդյունաբերությունը բավարար տեմպերով չի զարգանում, և հատկապես արտահանման մեջ գերակշռում է հանքարդյունահանման մասը` 75 տոկոսից ավելի: Մեզ համար դա բարենպաստ միջավայր չի կարող ստեղծել. երկրի տնտեսությունն այնքանով կարող է մրցունակ լինել, որքանով  վերամշակող արդյունաբերությունը զարգացած լինի:

Բայց 2013 թ. տնտեսական կյանքում Թաթուլ Մանասերանը ձեռքբերումներ էլ է նկատել: Դրանցից նա առաձնացնում է արտահանման աճի առաջանցիկ տեմպերը ներմուծման տեմպերի համեմատ` գրեթե կրկնակի: Երկրորդ` որոշակիորեն սկսվում է  վերանայվել պետության դերը, այսինքն` եթե նախկինում գերիշխում էր նեոլիբերալ գաղափարախոսությունը, և հիմնականում ասում էին, թե կառավարությունն անելիք չունի տնտեսության մեջ, ապա այժմ, ճիշտ է ոչ բավարար, բայց գոնե նկատվում են մոտեցումների որոշ փոփոխություններ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, հակված չէ  2013 թ. տնտեսական գործընթացներում դրական միտումներ նկատել:  «Համենայն դեպս չեմ կարծում, որ եթե ինչ-որ բան էլ դրական է եղել, հիմա արժե դրանց մասին բարձրաձայնել: Եթե անգամ դրական ինչ-որ բաներ էլ եղել են, ապա աննշան են»,- շեշտեց նա:

Այս կարծիքին է նաև ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով` 2013 թ. ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որևէ առաջընթաց չունեցավ: Ավելին` շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները, մասնավորապես` տնտեսության կառուցվածքի մեջ շարունակում է անկում ապրել շինարարությունը, ինչը, ըստ էության, նաև զբաղվածության ոլորտում մեծ դեր ուներ, և բացի ավելացված արժեք ստեղծելուց, ապահովում էր նաև հսկայական աշխատատեղեր: Իսկ դրա անկումը նշանակում է, որ մենք շարունակում ենք արձանագրել զբաղվածության ցուցանիշների վատթարացում:

Գործազրկության խնդիրը մատնանշում է նաև Թաթուլ Մանասերյանը: «Մեր հաշվարկներով` երիտասարդության շրջանում գործազրկությունը 60 տոկոսից ավելի է: Պետք է նաև անպայման քայլեր ձեռնարկվեն աշխատատեղերի ստեղծման առումով, բայց ընդհանուր վերացական չհնչելու համար պետք է ասել, որ գիտելիքը դեռևս բավարար պահանջարկվածություն չունի, որակյալ աշխատուժը նույնպես, որն էլ իր հետ բերում է նաև զանգվածային արտագաղթ»,- ասաց Մանասերյանը:

Հարկ է նշել, որ շինարարության ճյուղի անկումը չփոխհատուցվեց տնտեսության այլ ճյուղերում էական և որակական այլ զարգացումներով:

«Դրա համար անհրաժեշտ էր, որ պետության, կառավարության դերակատարությունը տնտեսության կառուցվածքային  փոփոխության հարցում լիներ ավելի բարձր մակարդակում: Խոսքն ամենևին պետական տնտեսություն վարելու մասին չէ, այլ տնտեսության կարգավորման  ոլորտում մրցակցային միջավայրը բարելավելուն, տնտեսության ճյուղային կառուցվածքում առկա անհամամասնությունները վերացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր իրականացնելու և  մանավանդ շինարարության ծավալների հնարավորինս աճ ապահովելու մասին է: Այդ ամենը չարվեց. փոխարենն ավելի խստացվեցին պայմանները փոքր ու միջին  բիզնեսի հատվածում, որի արդյունքում մենք անկում ունեցանք: Եվ այս միտումը  շարունակվելու է ցավալիորեն նաև 2014 թվականին»,- նշեց Արծվիկ Մինասյանը` արձանագրելով, որ փոքր ու միջին բիզնեսը խեղդվելով փակվում է և տեղը զիջում է խոշոր բիզնեսի կլաններին:

Տնտեսական աճը նախ պետք է մարդկանց կյանքը բարելավի

Եթե վերլուծենք տնտեսական  զարգացումը նաև կենսամակարդակի տեսանկյունից, պետք է  արձանագրենք, որ թե՛ պաշտոնական վիճակագրությունը, թե՛ փորձագիտական գնահատումները հնարավորություն  են տալիս ասելու, որ բնակչության իրական կենսամակարդակը 2013 թվականին ավելի ցածր էր, քան անգամ 2012-ին: Այլ կերպ ասած` անգամ չնչին տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձրացումը  չի վերածվել կենսամակարդակի վիճակի թեկուզ տոկոսային հարաբերությամբ  բարելավման: Միայն այն ցուցանիշը, որ 11 ամիսների կտրվածքով գնաճի մակարդակն ավելի բարձր է եղել, քան աշխատավարձերի աճը, արդեն ցույց է տալիս, որ  կենսամակարդակի իրական ցուցանիշն անկում է ապրել, էլ չասենք աղքատության և  սոցիալական իրացվելիության մասին:

Քաղաքացիների կենսամակարդակի առումով Թաթուլ Մանասերյանը նշում է, որ պետք է  հասնել նրան, որ նվազագույն աշխատավարձերի ու կենսաթոշակների հիմքում դրված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղը, որը դեռ չի ապահովվել, սակայն հնարավոր է անել: Այսինքն` բավարար ռեսուրսներ կան այս ուղղությամբ, հատկապես` ստվերային  տնտեսության կրճատման և գործարարության աշխուժացման հաշվին:

2013 թվականը հատկապես նշանավորվեց մի քանի իրադարձություններով, որոնք, թերևս, ներքաղաքական կամ արտաքին քաղաքականության խնդիրներ էին, բայց ազդեցություն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա. նախագահական ընտրություններ, Երևանի ավագանու ընտրություններ, շրջադարձ Եվրոպայից Մաքսային միություն, կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը, գազի գների աճի և տրանսպորտի գների փոփոխության հետ կապված հարցերը:

Այս ամենը, բնականաբար, տնտեսական տարվա վրա  ունեցան կտրուկ բացասական ազդեցություն, բայց նաև ներդրումների վրա ազդեցություն ունեցան, ինչի մասին են վկայում նաև միջազգայն կազամակեպությունների զեկույցները Հայաստանում ներդրումների, հատկապես օտարերկրյա ներդրումների վերաբերյալ:  Իսկ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը դարձել է Հայաստանի խոցելի տեղերից մեկը:

«Գազային հարթությունում» ունեցանք ոչ թափանցիկություն, ավելորդ քաշքշուկ, որը մինչ օրս շարունակվում է: Մասնավորապես` պարտքային պարտավորություններ են ստեղծված, որոնց մասին հասարակությունը չգիտի, բայց այդուհանդերձ դրա հետևանքները պետք է կրի: Ըստ Թաթուլ Մանասերյանի` վերջին պահին չի կարելի հանրությանն ասել, թե 3 տարիների ընթացքում կուտակվել է 300 միլիոն դոլարի պարտք: Այսպիսի վարվելակերպը նա անընդունելի է համարում և շեշտում հատկապես այն փաստը, որ տարեցտարի  միջազգային կառույցներին ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվել են բոլորովին այլ հաշվետվություններ, և հանկարծ պարզվում է, որ պարտքեր են կուտակվել: «Այսինքն` այստեղ ինչ-որ բան այն չէ, և որքան պարզ ու անկեղծ լինեն հանրության հետ, այնքան ավելի լավ»,- նշում է տնտեսագետը:

Բացասական միտումներից հաջորդն արդեն այս տարվա հունվարի մեկից գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերում, ինչի մասին արդեն համակարգի դեմ պայքարողները հայտարարել են, որ ակտիվ գործողությունների են անցնելու:

2014 թվականը, ինչպես համոզված է Վարդան Բոստանջյանը, անկախ ամեն ինչից, լինելու է շատ լավ տարի, որովհետև, այն, ինչ եղավ 2013 թվականին, դրանից վատ այլևս հնարավոր չէ, և  2014 թվականին կլինեն ավելի տրամաբանված, հավասարակշռված մոտեցումներ:

Որպեսզի դրական նոտայով ավարտենք ամփոփումը, նշենք, որ 2014 թվականի սկզբնական հատվածում տնտեսական լավագույն ձեռքբերում կարող է դառնալ տեղական արտադրության մի շարք ապրանքների,  հատկապես  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղական արտադրության համակարգիչների միջազգային շուկա մտնելու հնարավորության լիարժեք ընձեռումը:

Երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է աշխատավարձերի համակարգային քաղաքականության գործադրմանը: Ինչպես գիտենք, պետական ոլորտում աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում  2014 թվականի երկրորդ կիսամյակում:

«Հուսով եմ, որ սա կբերի նաև մասնավոր սեկտորի ակտիվ աշխատավարձային քաղաքականության իրականացում, որի արդյունքում մենք կարող ենք տարվա երկրորդ կեսին ակնկալել նաև աշխատավարձերի իրական բարձրացում, ինչը նշանակում է պահանջարկին միտված քաղաքականություն, և սրա արդյունքում կարող ենք ակնկալել տնտեսության ավելի ակտիվ և դինամիկ զարգացում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսպես թե այնպես, 2014 թվականի տնտեսական զարգացումները, ըստ էության, անցյալ տարվա զարգացումների շարունակությունն են լինելու:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Մերձավոր Արևելքում լուրջ գործընթացներ են

Եթե նախորդ տարին մեկնարկեց Արևմուտքի` Մերձավոր Արևելքում շուտափույթ ու վերջնական հաղթանակ տանելու հստակ արտահայտված ցանկություններով ու ձգտումներով,  և ընդամենը մեկ տարի առաջ այդ հարցում Արևմուտքը միջոցների մեջ ընտրություն այնքան էլ չէր կատարում, ապա այս տարին Մերձավոր Արևելքում սկսվեց այլ կերպ: Գոնե Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական խմբավորումների, Մերձավոր Արևելքում ծայր առած իսլամիստական շարժումների ու խմբավորումների ակտիվացման նկատմամբ, դատելով համաշխարհային մամուլի արձագանքներից, Արևմուտքի վերաբերմունքը  փոփոխվել է:

 Երկինք նետված քարը միշտ էլ վերադառնում է

siriaԲելգիայի հետախուզության տվյալներով`ավելի քան 5000 եվրոպացի է մեկնել Սիրիա և Իրաք: Սա ևս մի վտանգ է ոչ միայն Սիրիայի ու այս տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ զինյալները հետագայում վերադառնալու են իրենց տները` Եվրոպա` դրա բոլոր հետևանքներով հանդերձ:

Օրերս եվրոպական մի շարք լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին, որոնցում մտավախություն է հայտնվում Մերձավոր Արևելքում` Սիրիայում, Իրաքում ու Թուրքիայում իսլամիստ ծայրահեղականների, հատկապես «Ալ Քաիդայի» ակտիվացման կապակցությամբ: Իրաքում վերջերս ակտիվացել են «Ալ Քաիդայի» զինյալները, որոնք պայքարում են կառավարական ուժերի դեմ: Ու հենց այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, պաշտոնական այցով Բաղդադում գտնվելով, երկրի ղեկավարներին հորդորում էր գտնել խնդրի շուտափույթ լուծումն ու վերջ դնել անկարգություններին, Իրաքի տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչական մի քանի հարձակումներ են կատարվել:

«Ալ Քաիդան» ակտիվ է նաև Թուրքիայում. տեղական «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը շուրջկալներ է իրականացրել Թուրքիայի 6 քաղաքներում ու մի քանի մարդու ձերբակալել է «Ալ Քաիդայի» հետ կապեր ունենալու կասկածանքով: «Դողան» գործակալությունը նշում է, որ կալանավորվածների մեջ ահաբեկչական խմբավորման առնվազն երկու առաջնորդ կա:

Խաղաղ չէ նաև Եգիպտոսում. երկուշաբթի այնտեղ անցկացվեց երկրի նոր սահմանադրության ընդունման  հանրաքվեն, ու հանրաքվեի անցկացումից րոպեներ առաջ  Գիզա քաղաքի դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է անցկացվեր հանրաքվեն, պայթյուն որոտաց: Գիզայի քաղաքապետը պայթյունի համար մեղադրեց այն խմբակցություններին, որոնք փորձում են, վախի մթնոլորտ ստեղծելով, խաթարել հանրաքվեի բնականոն ընթացքը:

Արևմուտքի նետած բումերանգն արդեն վերադառնում է ու հարվածում հենց իր շահերին, նախաձեռնություններին ու ծրագրերին:

Ամեն դեպքում, դիտարկենք տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Ինչպես գիտենք, սիրիական ճգնաժամը սկիզբ առավ, երբ Արևմուտքը որոշեց Իրանի «հախից գալ», իսկ դա անելու համար, ինչպես նշում էին փորձագետները, պետք էր նախ Իրանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկի` Սիրիայի հարցերը լուծել: Ասել է թե` Սիրիայի խնդիրը ուղղակի կապ ունի Իրանի հարցի հետ: Ինչպես նշում ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը, Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Իրանի հետ նման համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: Ավելին` հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա: «Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը: Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչերին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- հաստատել է պետքարտուղարը:

Քերիի խոսքով` սիրիական երկու կողմերն էլ բռնության գործողություններ կատարել են, իսկ ընդդիմության շարքերում ծայրահեղականներ կան: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են, որ վերջ տան հանրապետությունում դաժանությանն ու բռնությանը: «Խոստովանում ենք, որ մարդասիրական ճգնաժամը հարվածել է Սիրիայի ավելի քան 1 մլն բնակչի, անդրադարձել այլ երկրների վրա, ինչպիսիք են Թուրքիան և Հորդանանը»,- ասել է Քերին` հավելելով, որ Սիրիայում ճգնաժամի հետևանքով ավելի քան 130 հազար մարդ է զոհվել, միլիոնավոր մարդիկ կորցրել են տանիքը: Նրա խոսքով` կողմերը համաձայն են, որ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությունում անթույլատրելի է: Նա հավելել է, որ երկուշաբթի մտադիր է հանդիպել Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Ջարբայի, ինչպես նաև ընդդիմության այլ առաջնորդների հետ: ԱՄՆ-ն մտադիր է համոզել ընդդիմությանը մասնակցել համաժողովին:

լավրովԻր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում: Բրահիմին ընդգծել է, որ սիրիացի ժողովուրդը պետք է անձամբ վճռի իր ճակատագիրը, սակայն համաշխարհային առաջատար տերությունների օգնության կարիքն ունի:

Խմորումները շարունակվում են թե՛ Սիրիայում, թե՛ հարակից տարածքներում

Կարծես վերջապես լուծվում է նաև Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման տեղի հարցը: Ինչպես ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարությունում, սիրիական քիմիական զենքի մնացորդների ոչնչացումը կարող է իրականացվել Գերմանիայի տարածքում:

Բայց Սիրիայում հասունանում է մեկ այլ պատերազմ, այս անգամ` Բաշար Ասադի դեմ կռվող խմբավորումների միջև: Ընդ որում, թեժությամբ և զոհերի թվով այդ մարտերը հաճախ գերազանցում են ընդդիմության ու կառավարական ուժերի միջև բախումներին: Իրար դեմ են դուրս ելել «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» խմբավորման անդամներն ու առավել չափավոր շարժումները:

Փորձագետները մարտական գործողությունների ակտիվացումը կապում են մոտեցող «Ժնև 2» համաժողովի հետ: Ռեժիմի հակառակորդները ցանկանում են ցույց տալ Արևմուտքին և Պարսից ծոցի իրենց հովանավորներին, որ ունակ են վարելու օրինակելի-ցուցադրական հակաահաբեկչական գործողություն:

Ինչպես գրում է ռուսական  Kommersant-ը, չափավոր ընդդիմադիր խմբավորումները շտապում են մինչև հունվարի 22-ը շվեյցարական Մոնտրյո քաղաքում կայանալիք համաժողովը երկրի հյուսիսային շրջանները ջիհադականներից մաքրելու գործողությունն ավարտին հասցնել:

«Վերջին ամիսներին իսլամիստ ծայրահեղականների դիրքերի ուժեղացումը տագնապ է առաջացնում ոչ միայն արևմտյան տերությունների մեջ, որոնք սառեցրել են ռազմական օգնությունը սիրիական ընդդիմությանը, այլև Սաուդյան Արաբիայի:  «Իսլամական պետությունն Իրաքում և Լևանտում» խմբավորումն ունի 10 հազար ակտիվ մարտիկ: Խմբավորումը 70 տոկոսով կազված է օտարերկրացի ջիհադիստներից: Ի տարբերություն Սիրիայի ազատ բանակի` նրանք կանոնավոր կերպով ֆինանսավորում են ստանում Պարսից ծոցի երկրներից: Փորձագետները կարծում են, որ այժմյան պատերազմի պատճառներից մեկը պայքարն է հովանավորների գումարների համար»,- գրում է պարբերականը:

Սիրիայի ազատ բանակ ջոկատների կազմում (15-20 հազար մարտիկ) չափավոր իսլամիստները հարձակում են սկսել հակառակորդի վրա միանգամից մի քանի ճակատներով: Վերջին մի քանի օրերին միայն մոտ 500 մարդ է զոհվել:

քերիՈր Արևմուտքը փոխել է իր վերաբերմունքը Սիրիայի ու Իրանի հանդեպ, պարզ է դառնում նաև մեկ այլ երևույթից: ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ընդգծելով, որ Թուրքիայում տիրող իրավիճակը մտահոգիչ է: Հիշեցնենք, որ Կ.Պոլսում իրականացված հակակոռուպցիոն մեծ գործողությունից հետո Թուրքիայում ավելի քան 15 ոստիկանապետ և մոտ 350 ոստիկան է հեռացվել աշխատանքից: Ըստ տարածված տեղեկությունների` ԵՄ-ն քննարկելու է  այն հարցը, թե Թուրքիայում «մեծ կաշառակերությունն» ինչպես է ազդելու Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի վրա: Նշվում է նաև, որ հունվարի 21-ին Բրյուսել կատարելիք այցը կարող է տհաճություն պատճառել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, քանի որ սպասվում է, որ ԵՄ արտգործնախարարները կդատապարտեն նրան: Ինչպես գիտենք, Սիրիայի ու Իրանի հարցերով, ոչ պակաս, քան Արևմուտքն ու Իսրայելը, հետաքրքրված էր նաև Թուրքիան այն պարզ պատճառով, որ ի դեմս Իրանի ու Սիրիայի, թուրքիան Մերձավոր Արևելքում երկու լուրջ մրցակիցներ ունի: իսկ նրանց, հատկապես` Իրանի չեզոքացման պայմաններում Թուրքիան կդառնար տարածաշրջանի ամենաազդեցիկ բևեռը:

Դա, ինչպես երևում է, չի ստացվի: Դրա մասին է հուշում նաև Անկարայում աֆրիկյան երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի արտահայտությունը, թե Թուրքիայի առևտուրը Աֆրիկայի հետ լավ վիճակում է, և Թուրքիայի բարգավաճումը կնպաստի Աֆրիկայի բարգավաճմանը: «Այսուհետ թուրք-աֆրիկյան հարաբերությունների ընթացքն ավելի զարգանալով է շարունակվելու: Սա մեզ համար երկարաժամկետ ռազմավարական հարաբերություն է: Պատմությունից եկած մեր հատուկ հարաբերությունները բոլոր ոլորտներում ամրապնդելու ենք: XXI դարը Աֆրիկայինը և Թուրքիայինն է լինելու»,- Դավութօղլուի խոսքերն է մեջբերել ihlassondakika-ն:

Այսինքն` Թուրքիան այս անգամ էլ փորձում է ԵՄ-ի հետ հարաբերությունների փչացումը կոմպենսացնել աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները ջերմացնելով ու իր խաղը սկսել սև մայրցամաքում, որտեղ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական նախկին փորձը բավականին դրական է եղել, մասնավորապես` Մագրեբի երկրների հետ ջերմ հարաբերությունների առումով:

Թե հետագա  ինչպիսի զարգացումներ են սպասվում Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում, արդեն շատ ավելի որոշակի ու պարզ կլինի հունվարի 20-ին կայանալիք «Ժնև 2» միջազգային համաժողովից հետո:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Քոչարյանն ինչ-որ բան է ծրագրել

Robert Kocharyan, Tigran SargsyanԱնցյալ տարվա սկզբին սպասվող  գլխավոր ներքաղաքական իրադարձությունները նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն էին: Հենց սրանք էլ ձևավորեցին անցյալ տարվա գոնե առաջին կիսամյակի քաղաքական օրակարգը:

Երկու ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չեզոքացվեց: Եվ հասարակությունը սկսեց որոնել իր քաղաքական պատվերը հնչեցնելու այլընտրանքային ճանապարհներ` շրջանցելով քաղաքական կուսակցություններն ու գործիչներին: Այսինքն` մեր երկրում սկիզբ առան քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, հասարակական-քաղաքական բողոքի դրսևորումներ` քաղաքացիական ակտիվություն:

Դրա առաջին  լուրջ դրսևորումը եղավ ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակության ընդվզման ժամանակ,  երբ քաղաքացիական ակտիվությունը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը: Իսկ գործող իշխանությունները, հավանաբար  հանգստանալով ընդդիմության  նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, սկսեցին քայլեր անել, որոնք էլ ավելի բորբոքեցին քաղաքացիական ակտիվությունը: Նախ` երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության վերաբերյալ որոշման կայացումը,  ապա «գազային» զարգացումները, իսկ տարեվերջին իշխանությունները ԱԺ-ում «անցկացրեցին» նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքների փաթեթը, որով անմիջականորեն դիպան ավելի քան 250 հազար քաղաքացու դրամապանակին, հետևաբար նաև սոցիալ-կենցաղային պայմաններին:  Եվ հասարակության համբերության բաժակը լցվեց:

Մի խոսքով, Հայաստանում արդեն հասարակության քաղաքական պատվեր կատարողը  ոչ թե քաղաքական ուժերը կամ գործիչներն են, այլ հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները` քաղաքացիական հասարակությունը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միացան հենց քաղաքացիական հասարակության սկսած շարժմանը: Հենց սրանով էլ խոստանում էր սկսվել 2014 թվականը: Համենայն դեպս, նախորդ տարվանից մնացած կնճռոտ հարցերի շուրջ բողոքող հանրույթների ներկայացուցիչները խոստացան և ներկայումս էլ վերահաստատում են, որ շարունակելու են անցյալ տարի սկսած բողոքի ակցիաները ավելի գործուն, լուրջ ու ավելի լայնածավալ դրսևորումներով:

Բայց այս տարին էլ սկսվեց մեկ այլ քաղաքական իրադարձությամբ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով` կոշտ քննադատության ենթարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ինտրիգը ստացվեց:

Ամենևին էլ պատահական չէր, որ անցյալ տարեվերջին երկրորդ նախագահը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով: Սակայն անսպասելի էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այլ այն հրապարակելու ժամանակը: Նախ` անցյալ ամբողջ տարվա ընթացքում պտտվեցին Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Դա, բնականաբար, իշխանության որոշ սուբյեկտների սրտով չէր, և տրամաբանական է, որ նրանք պետք է պատրաստվեին հակադարձելու: Դրա մասին չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանը, որ գործող իշխանության մեջ, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքում դեռ շատ լծակներ ունի: Ու, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչ Քոչարյանի հակառակորդները նրա դեմ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեին, Քոչարյանն ինքը նախաձեռնություն ցուցաբերեց ու հարցազրույցով  խառնեց բոլորի խաղաքարտերը:

Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջև բանավեճը, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ լուրջ քաղաքական գործընթացի: Ըստ նրա` քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից, և Քոչարյանի հարցազրույցներն ընդամենը փորձ են ցույց տալու, որ  ինքը դեռ կա երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, նշեց, որ աշխարհում ընդունված է` նախկին նախագահները ներկա իշխանություններին փնովում են, գործողներն էլ փորձում են իրենց ձախողումները արդարացնել նախորդների սխալներով: «Հայաստանում ներքաղաքական կյանքն այնպիսին է, որ անգամ սուպերմարկետի բացումը կարող է քաղաքական ինտրիգ համարվել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդամենը միջոց է, ոչ նպատակ

Բայց Ռոբերտ Քոչարյանը պրիմիտիվ քաղաքական գործչի տպավորություն չի թողել երբեք, ու դժվար է նրանից էժանագին ինտրիգներ սպասել, եթե անգամ նրա գործողությունները նման են դրան: Վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես թիրախ ընտրելն էլ պատահական չէր: Վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չկարողացավ իր դիրքն օգտագործել ու քաղաքական կշիռ ձեռք բերել, առավել ևս` գործոն դառնալ, նաև իր թիմում: Զուտ քաղաքական կշռի` տրամաչափի առումով էլ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը բոլորովին տարբեր տիրույթներում են, տարբեր քաշային կարգերում:

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց  նրա հետ էլ բանավիճում էր: Սակայն Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը Սերժ Սարգսյանին հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու «կապուղի»: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակներն ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ հենց ինքը տուժեց:

Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական «ջահելությունը»: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց. նա իր ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճն ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև` վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: «Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս` պաշտոնաթող նախագահին»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը` Քոչարյանի վերլուծություններն ընդամենը «անցյալում  մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ» որակելով:

Շարմազանովի միջոցով պատասխանելով` Սերժ Սարգսյանը թերևս փորձեց հասկացնել, թե ով է երկրի նախագահը: Այսինքն` սա նաև Քոչարյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում, որովհետև, եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա թե ակամա արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին, որ Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` գրելով. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի: Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը: Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել` ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից: Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք` մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում: Անկեղծ ասած` Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին: Բայց նման ոչ մի բան, փոխարենը` օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով: Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել: Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»:

Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի մտնի այս մակարդակի բանավեճի տիրույթ: Նշանակում է` կա՛մ պետք է ուղղակի ավարտի իր իսկ սկսած խաղը, կա՛մ փոխի այդ խաղի ուղղությունը`անմիջականորեն իր ասելիքն ուղղելով կոնկրետ հասցեատիրոջը: Դատելով Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի նախորդ վարքագծից` կարելի է ենթադրել, որ նա առաջին ճանապարհով չի գնա, չի նահանջի: Ամեն դեպքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, քաղաքական իրողությունները հնարավորություններ դեռ կընձեռեն երկրորդ ուղիով շարունակելու համար, քանի որ Քոչարյանը, վստահաբար, պատկերացնում է, որ եթե քաղաքականություն չվերադառնա հենց այս պահին, երբ քաղաքական օրակարգը ձևավորում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեռևս չեն հասցրել կազմակերպվել, հանդես գալ միասնական օրակարգով, բայց մեծ ռեսուրսներ ունեն, ապա շատ դժվար կլինի հետագայում վերադառնալ որպես լուրջ քաղաքական գործոն: Ամեն դեպքում նրա «բանավեճի» թեմաներն էլ` գազային համաձայնագրեր, կենսաթոշակային համակարգի փոփոխություն, տնտեսական անկում և այլն, որոնք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ուշադրության կիզակետերն են, հուշում են, որ դեռևս չկազմակերպված և առաջնորդ չունեցող այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսից անպայման կփորձի օգտվել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Լայն բացեք դրամապանակները. մոտենում է Նոր տարին

Լուսանկարը` Yerevan.am-ի

Լուսանկարը` Yerevan.am-ի

Անցյալ տարվա պես 80-100 սմ–անոց չինական տոնածառն այս տարի էլ արժե 10-15 հազար դրամ, 150 սմ–անոցը` 15-20 հազար դրամ, 160-180 սմ–անոցը` 20-30 հազար դրամ: Դրանցից 10-20 հազարական դրամ ավելի թանկ են նույն չափսերի թաիլանդական տոնածառերը: Իսկ բնական եղևնիները, բնականաբար, ավելի թանկ են: Ամանորին ծառը տոնածառ դարձնող  խաղալիքներն ու լույսերն էլ տարբեր երկրների արտադրության ու գների են, բայց համեմատաբար էժան են. գետնանցումներում 24 հատ կլոր փոքր խաղալիքների տուփը կարելի է գնել 1500-2000 դրամով: Ու եթե տոնածառ կա տանը, նշանակում է տոնը նշելու համար այդ ընտանիքի վազվզոցն ու սպառողական որսը սկսված են:

 Բայց Ամանորը Ամանոր դարձնողը մեզ մոտ ոչ միայն ու ոչ այնքան տոնածառն է, որքան տոնական ճոխ սեղանը: Հայերս մի «հին ու բարի» ասացվածք ունենք` «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի»: Ու դրա համար էլ ամեն տարի`դեկտեմբերի կեսերից սկսած, հայության սպառողական պահանջարկը հասնում է գագաթնակետին: Գնումներ են կատարում գրեթե բոլորը` անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը` իր գրպանին համապատասխան: Ու ամանորյա գնումների, սեղանների ճոխության վրա չեն ազդում ո՛չ պաշտոնական վիճակագրությունը, ո՛չ իրական պատկերը, ո՛չ ժողովրդի կենսամակարդակի ցուցանիշները, ոչինչ: Սակայն այս Նոր տարին Ամանոր սիրող հայության համար մի տեսակ փորձությունների տարի կարող է համարվել, որովհետև պաշտոնական թվերով` Հայաստանում 980 հազար մարդ կամ բնակչության մեկ երրորդը համարվում է աղքատ: Աշխատունակ տարիքի 2 միլիոն 260 հազար 800 քաղաքացիներից փաստացի աշխատանք ունի 1 միլիոն 175 հազարը, իսկ մնացածը կա՛մ գործազուրկ են, կա՛մ տնտեսապես ոչ ակտիվ: Իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գներն աճել են 6.6 տոկոսով, ընդ որում` սննդամթերքի գնաճը կազմել է 5.4 տոկոս: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենամթերքի գնանկում է նկատվում:

Ինչևիցե, Հայաստանում միշտ էլ Ամանորին ընդառաջ պարենամթերքի գներն աճել են, ու այս տարին էլ բացառություն չէր: Հացամթերքի գինը,  2013 թվականի նոյեմբերի տվյալներով, տարեսկզբի համեմատությամբ գրանցել է  1.7 տոկոսային կետով աճ, մսամթերքինը` 2.7 տոկոսային կետի աճ, ձկնամթերքինը` 9.9 տոկոսային կետ, կաթնամթերքինը` 10.8 տոկոսային կետ, ձվինը` 25.3 տոկոսային կետ, կենդանական եւ բուսական յուղերը` 4.4 տոկոսային կետ, այլ մթերքները` 6.4 տոկոսային կետ:

Միրգն ու բանջարեղենն են մի քիչ էժանացել  նախորդ տարվա համեմատ `  դեկտեմբերի 1-ի դրությամբ,  համապատասխանաբար,  նվազելով 3.2 և 18.1 տոկոսային կետերով,  սակայն Ամանորի նախօրեին այդ գներն  արդեն իսկ աճել են: Շաքարավազն է էժանացել 12.5 տոկոսային կետով:

Ամեն դեպքում, նշենք մի շարք առաջին անհրաժեշտության մթերքների գներն ու կազմենք ամանորյա մթերքների խորհրդանշական զամբյուղ:

Այսպիսով` հացի 1 կգ-ն արժե 395 դրամ, երշիկեղենի գները սկսվում են  950 դրամից, ապուխտները, բնականաբար, 4-5 անգամ ավելի թանկ են:  Եթե տավարի մսի 1 կգ-ը 2010 թ. արժեր միջինը 2067 դրամ, ապա այս տարի արդեն միջինը 2590 դրամ է: Խոզի միսը 2010 թ. 2350 դրամի փոխարեն այս տարի միջինն արժե 2954 դրամ, իսկ ոչխարինը` 3180 դրամ` 2010-ի 3106-ի փոխարեն: Զեյթունի մեկ 400 գրամանոց տուփի արժեքը սկսվում է 480 դրամից, եգիպտացորենինը` 320 դրամից, կանաչ ոլոռինը` 500 դրամից: Էականորեն թանկացել է ձուն` 10 հատի փոքր ձվերի գինը սկսվում է 700 դրամից, ձկնեղենի միջին գինը կազմում է 1900-2000 դրամ: 1 լիտր ամենաէժան մածունն արժե 300-350 դրամ, կաթը` 300-400 դրամ, պանրի 1 կգ-ի արժեքը միջինը 1500 դրամի մոտակայքում է: Մանդարին կարելի է շուկայից ձեռք բերել 1 կգ-ը 400 դրամով, նարինջ` 350-400 դրամ, կիվին` 900-1000 դրամ, խնձորը` 150-ից սկսած, արքայանարինջը` 350-400 դրամ, բանանի 1 կգ-ը` 750 դրամ և ավելի: Շոկոլադի գները սկսվում են 1500-1600 դրամից: Կանաչեղենի կապերի գները տատանվում են 300-400 դրամի սահմաններում, կարտոֆիլը` սկսած 120 դրամից: Շաքարավազի 1 կգ-ի միջին գները 350-400 դրամի սահմաններում են, ձեթի 1 լիտրինը` 900 դրամի, ալյուրի 1 կիլոգրամինը` 400-500-ի: Միջին կարգի օղիների արժեքը տատանվում է 1500-2500 դրամի սահմաններում` գինունը` 950-1500 դրամի: Հյութերի գները 1 լ-ի համար միջինը կազմում են 500-700 դրամ, հանքային ջրերինը` 300 դրամ, գազավորված ըմպելիքներինը` սկսած 250 դրամից: Արդեն «հարուստի վայելքի» են վերածվել չրերը, չամիչն ու ընկուզեղենը:

Այս բոլոր թվերը միջինացված են, բայց եթե հաշվի առնենք, որ բերել ենք միավորների գները, իսկ իրականում մարդիկ դրանցից մի քանի հատ են գնում, հաշվի առնենք նաև, որ  բազմաթիվ մանր-մունր, բայց վերջին հաշվով ծախսերի մի զգալի մաս զբաղեցնող ապրանքների գներ էլ ուղղակի չենք նշել` այդ թվում` խոզի բուդի մասին ենք «մոռացել», ապա ստացվում է, որ միջին վիճակագրական 3-4 հոգանոց հայ ընտանիքի վրա Ամանորի գիշերվա սովորական` ոչ ճոխ սեղանը կարժենա 100-200 հազար դրամ: Տոնական օրերին սրան կգումարվեն նաև ծանոթ-բարեկամ-հարևան-հարազատ տներով վազվզոցը` 1 շիշ օղով ու բոմբոներկայով, որը նույնպես գումար կարժենա և այլն:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև, որ կան այնպիսի ընտանիքներ, որոնք ընդհանրապես հնարավորություն չեն ունենա Նոր տարի նշելու, ու կան այնպիսիները, որոնց ամանորյա ծախսերը յոթանիշ թվերի սահմաններում էլ չեն տեղավորվի: Բայց մի երկրում, որտեղ պաշտոնապես ամեն երրորդն աղքատ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 50 հազար դրամի կարգի, իսկ միջին աշխատավարձը` պաշտոնական «փչված» թվերով 120 հազար դրամի կարգի, ամանորյա այսպիսի ծախսերը չեն կարող անհետևանք մնալ, ու դրանց հետևանքների վերացման համար առաջիկա մի քանի ամիսներին պետք է «գոտիները ձգել»:

Էլ չասենք, որ եթե ընտանիքներում կան երեխաներ, ու նրանց Ամանորը տոն դարձնելու համար ծնողները Ձմեռ պապ ու Ձյունանուշ են հրավիրում, դա արդեն մի այլ պատմություն է:

Ինչևէ, կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևոր չէ` տոնածառը չինական կլինի, թաիլանդական, թե հոլանդական, կարևոր չէ` խոզի բո՞ւդը կբազմի տոնական սեղանին, թե ինչ-որ այլ ուտեստ, օղին սովորակա՞ն կլինի` թե՞ ոսկյա փաթիլներով, այլ կարևոր է, որ բոլորի սրտերը լինեն երջանկությամբ և ուրախությամբ լի, ու Նոր տարին էլ իր հետ միայն հաջողություն ու երջանկություն բերի հայ ընտանիքներին: Որովհետև ամանորյա տոներից հետո մասնագետները, միևնույն է, հանդես են գալու մամլո ասուլիսներով ու վերլուծեն, թե աղեստամոքսային քանի խանգարում է գրանցվել ամանորյա տոների ժամանակ, քանի հոգի է սննդային թունավորում ստացել, խոսելու են ամանորյա սթրեսներից, իսկ կերկոխ եղածների մասին համեստորեն լռելու են…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

 

«ՀայՌուսգազարդը» գնաց ռուսներին, «գազային» վեճ-կռիվը մնաց մեզ

գազային պայմանագիրԴեկտեմբերի 20-ին կառավարության պահանջով գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվեց և վավերացվեց նաև Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև դեկտեմբերի 2-ին կնքված աղմկահարույց համաձայնագիրը, որն իր բազմաթիվ հարցական կետերով հանրության մի հատվածի, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության կողմից  հակասական արձագանք գտավ:

 Դրույթներ, որոնք մտահոգում են շատերին

Արտահերթ նստաշրջանի առաջին օրվանից սկսած` այդ պայմանագրերին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվեցին ԱԺ-ի առջև` բողոքի ցույցով արտահայտելով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը համաձայնագրերի վավերացմանը: Խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերն էլ համաձայնագրերի որոշ դրույթների սկզբունքային անհամաձայնություն հայտնեցին`մատնանշելով առկա վտանգները:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» և գազի սակագնի թանկացման հետ կապված մյուս գործարքները նման են հանցագործության մասին հաղորդման, քանի որ գործընթացում տեղ են գտել տարատեսակ հանցագործություններ` փողերի լվացում, կոռուպցիա, մեքենայություններ:

Ըստ նրա` այդ համաձայնագրով սահմանափակվում են ոչ միայն Հայաստանի հաջորդ նախագահների և խորհրդարանականների լիազորությունները, այլև արգելվում է  տվյալ բնագավառում օրենսդրական գործունեությունը:

«Ըստ համաձայնագրի` հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը չեն փոխվի օրենքները, որոշումները, հրամանները և այլ նորմատիվ ակտեր` «Գազպրոմին» տրամադրված երաշխիքները հարվածի տակ չդնելու համար:  Այդ համաձայնագիրը տիեզերական  մասշտաբների է հասնում: Նույնիսկ ռուսական ցարերն այդ աստիճանի ինքնագոհ չէին», – նշեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանըլ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարեց  պետական դավաճանությանը հավասար գործարք:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին խստագույնս քննադատեց առաջիկա 30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնելու դրույթը: Ըստ պատգամավորի` նման թույլ դիրքորոշումը Հայաստանի համար նվաստացում է:

Ընդդիմադիր պատգամավորների ու ցուցարարների մտահոգության համար, ըստ էության, հիմնավոր պատճառներ կան այդ համաձայնագրում: Նշենք դրանցից մի քանիսը. օրինակ` համաձայնագրի հենց առաջին հոդվածում նշվում է` «Գազպրոմ» ԲԲԸ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով` առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնությունների և թույլտվությունների, ստացման անհրաժեշտության, այդ թվում` հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»:

Բայց միայն այս դրույթը չէ, որ ոչ իշխանական պատգամավորների բուռն ու  հուզական ելույթների պատճառ էր դարձել: Համաձայնագրի 7-րդ հոդվածի առաջին երկու պարբերություններով էլ սահմանվում է. «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված` «Գազպրոմ» ԲԲԸ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետկանչման կամ կրճատումների առանց Ռուսական կողմի նախնական համաձայնության: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենք, որոշում, հրամանագիր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» ընկերության, «ՀայՌուսգազարդ» ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և /կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում)»:

«Հարուստները նույնպես լաց են լինում»

Այս պայմանագրերի քննարկումները մի հետաքրքիր դրսևորում էլ ունեցան: ԱԺ-ում դրանց վերաբերյալ իրենց «մտահոգությունները» հայտնեցին անգամ ՀՀԿ-ական պատգամավորները: Հակոբ Հակոբյանը համաձայնագրի քննարկումների ժամանակ ընդգծեց, որ չի ցանկանում քննարկել` արդյոք Հայաստանի կառավարության գործողությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը կամ օրենսդրությանը: «Եթե կա պարտք, ապա պետք է վճարել: Գործարքը լավը կլիներ, եթե հաջողվեր պահպանել Հայաստանի սեփականությունը, քանի որ դա թույլ կտար գումար վաճառել: Եթե գործարքը պարտադրված էր, այլ հարց է: Եթե այդպես է, եկեք չքննարկենք, ուղղակի ստորագրենք»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Մանվել Բադեյանը, կառավարությանը մեղադրեց խախտումների մեջ. «Էներգետիկայի նախարարը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը», 2011-ից սկսած, գազն ավելի թանկ գնով է գնել, սակայն բնակչությունը նախկին գներով էր ստանում: Ստացվում է, որ ընկերությունն ի վնաս իրեն է աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ եկամտահա՞րկ է վճարել: Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ուրախ եմ, որ անգամ իշխանական պատգամավորներն են դա խոստովանում: Սակայն մենք` պատգամավորներս, պայմանագրում որևէ բան չենք կարողանա փոխել»:

 «Դեմ ըլլալով` կողմ կըլլան»

Ընդդիմությունը կարծում է, որ Սահմանադրական դատարանի կողմից արտոնված համաձայնագիրը նախատեսում է, որ մինչև 2043 թ. Հայաստանն ամբողջությամբ կախված է լինելու «Գազպրոմից»` նոր օրենքներ ընդունելու կամ պայմանագրում փոփոխություններ մտցնելու իրավունք չունենալով:

Նշենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների շուրթերից հնչեցին նաև հակառակ տեսակետներ: Օրինակ` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է ազգային շահերը դավաճանելու մեջ: Կպատասխանեմ հետևյալ կերպ` լա՞վ է, թե՞ վատ, որ Հայաստանի համար գազի գինը 270 դոլարից կնվազի 189 դոլարի` 500 դոլարի այլընտրանքի պարագայում: Բացի այդ, դեռ պետք է 300 միլիոն դոլար վճարե՞նք գազի պարտքի դիմաց: Կարծում եմ, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների շահերը, նաև` հետագա սերունդների: Պետք է մտածել ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին»:

Կարծես հենց իր գործընկերոջ տեսակետի հերքումը  եղան ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի` բավական ուշագրավ հայտարարությունները: Նա նախ նշեց, որ պայմանագրով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ իրավունքներ ունի «Հայ Ռուսգազարդի» հետ հարաբերություններում:

Այնուհետև Հարությունյանը ԱԺ ամբիոնից հիմնավորեց, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը կարող  է, օրինակ, վաճառվել ադրբեջանական ընկերության: Այս մեկնաբանության համար հիմք էին հանդիսացել համաձայնագրի հետևյալ պարբերություններում ներկայացված դրույթները. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`«Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին` հայկական կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում, նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն`առանց սույն հոդվածի չորրորդ պարբերությունում նշված`հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության»:

Սակայն քվեարկության ժամանակ Դավիթ Հարությունյանն էլ,  ինչպես և մտահոգություն հայտնած մյուս հանրապետականները, կողմ քվեարկեց «մտահոգիչ» համաձայնագրի վավերացմանը:

Մի խոսքով, բավականին լարված ու զավեշտալի մթնոլորտում անցկացվեց համաձայնագրերի քվեարկությունը: Թեկուզ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտեցին քվեարկությունը, Զարուհի Փոստանջյանը  «կոնֆիսկացրեց» որոշ ՀՀԿ-ական պատգամավորների` քվեարկության համար նախատեսված քարտերը, հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներն էլ չմասնակցեցին ու չհաստատեցին քվեարկության արդյունքները, դրսում ակտիվիստները բողոքի ցույց անցկացրեցին, ԱԺ-ում էլ` լրագրողները, ՀՀԿ-ն «ձեռքերը վեր» քվեարկեց, հետո էլ հայտարարեց, թե 72 կողմ քվեարկածների շնորհիվ համաձայնագրերը վավերացվել են:

Ընդդիմությունը չի ընդունում այս քվեարկությունը` այն համարելով անօրինական, քանի որ հաշվիչ հանձնաժողովը ոչինչ չի արձանագրել: Փաստորեն, դեռ պարզ չէ, թե ինչ հետագա զարգացումներ կլինեն այս հարցի շուրջ, քանի որ չորս  խմբակցությունները դեռ կդիմեն ՍԴ, ակտիվիստները մտադիր չեն նահանջել, իսկ բողոքի ցույց անցկացնողներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ պայքարը շարունակելու են մինչև հաղթանակ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ավարտվեց քաղաքական իրադարձություներով հարուստ 2013-ը

ընտրություններ2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի: Քաղաքական ուժերի առումով, նշում է քաղաքագետը, ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, իսկ  ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբվել: Ու պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ուժերը` առանձին-առանձին կամ միասին,  ի վիճակի չեն հասնելու ինչ-որ փոփոխության, առավել ևս` իշխանափոխության: Համենայն դեպս, դա վերջնականապես պարզ դարձավ 2013 թվականին  նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների շրջաններում:

Աշխարհի քարտեզի վրա դժվար թե գտնվի իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերն իրենց իրավունք վերապահեն չմասնակցելու ամենակարևոր` նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումներն էլ ավարտվեցին Ծիծեռնակաբերդում «զորավարի» հետ Րաֆֆի Հովհաննիսյանի մոմավառությամբ ու աղոթքով:

Հաջորդ նշանակալի իրադարձությունն արդեն Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանք էլ ոչ մի «նորություն» չբացահայտեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացի այն հին երևույթի վերահաստատումից, որ երբ քաղաքականությանը խառնում են մոմավառություն, ծոմապահություն, առանձին-առանձին ընտրությունների գնալու ճանապարհ, ապա արդյունքում հաղթում է այն քաղաքական ուժը, որի դեմ անհույս պայքարում են ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Մի խոսքով, 2013 թվականին երկրի քաղաքական իշխանություններին հաջողվեց վերջնականապես ամլացնել քաղաքական դաշտը`լուրջ գործընթացներից ու որոշումների ընդունումից վերջնականապես դուրս թողնելով ու կիսամեռ վիճակում թողնելով ընդդիմությանը:

 

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել նշելու, որ նման պայմաններում, երբ հասարակության մի ստվար զանգված հստակ արտահայտված դժգոհություն ունի և բողոք, երբ այդ բողոքն առավելագույնս արտահայտող քաղաքական ուժ չկա կամ այդ ուժը չեզոքացվում է, սովորաբար հասունանում է քաղաքացիական ակտիվություն, որն էլ հանգեցնում է նոր քաղաքական հոսանքների ի հայտ գալու, ի վերջո, նոր քաղաքական ուժի ծնունդի: Ահա այս տարի Հայաստանում բավականին ակտիվ էր քաղաքացիական հասարակությունը:

«Քաղաքացիական հասարկությունը փորձում է զարգանալ, և մենք տեսնում ենք այս զարգացման տարբեր էլեմենտները: Մյուս կողմից` ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել այդ պայքարից այն իմաստով, որ չի կարողանում ղեկավարել այդ շարժումը կամ օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Տարին, ինչպես օրերս նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ակտիվիստների տարի էր: Քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչև արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, Կիրակոսյանի համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարևոր ու նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում:

ցուցարարներ «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը և նրա վարած քաղաքականությանը: Բայց մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին և պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

2013 թվական մտանք ԵՄ–ով, դուրս եկանք ՄՄ–ով

Ներքաղաքականից զատ լայն արձագանք ստացան Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներն ու արտահայտությունները: Մասնավորապես, տարվա ընթացքում Հայաստանը ակտիվ համագործակցում էր Եվրամիության հետ, որին, սակայն, հաջորդեցին սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և դրա շուրջ ծավալված խոսակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին զարմանալի ու անսպասելի հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկության մասին:

ցույց ընդդեմ ՄՄ«Համագործակցությունը, որն առաջարկվում է, ազդում է Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմաքաղաքական համագործակցության վրա: Այստեղ ոչ մի անակնկալ չկա, այս որոշման տրամաբանությունը դառնում է հասկանալի: Այսինքն`այն ինչ մենք ցանկանում էինք անել, միաժամանակ խաղալ և՛ ռուսների, և՛ եվրոպացիների հետ, արձագանք չգտավ, այդ թվում նաև եվրոպացիների մոտ»,- նշում է Ալեքսանդր Մարկարովը:

Թերևս շատ են քննարկվել այդ հայտարարությունն ու դրա հետ կապված բոլոր հետագա զարգացումները: Բայց Հայաստանի արտաքին քաղաքական հարթությունում չի կարելի չառանձնացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ընթացքին, ապա Ռիչարդ Կիրակոսյանն իր տարբեր հանդիպումների ժամանակ համոզվել է, որ բոլոր դռները չեն փակվել Հայաստանի առջև, ուղղակի ԵՄ-ն Հայաստանին արդեն այլ կերպ է դիտում:

Միևնույն ժամանակ քաղաքագետը փաստեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են, սակայն քննադատելի համարեց այդ հարաբերությունների առկա բնույթը, անհամաչափությունը և վստահության պակասը:

«Սեպտեմբերի 3-ը և դեկտեմբերի 2-ը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, հարցն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի և հավասար հնարավորությունների բացակայությունն է»,- ասում է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս ամենի արդյունքում էլ քաղաքական տարվա ավարտին կառավարությունը նախաձեռնեց ԱԺ  արտահերթ նիստ, որտեղ պետք է վավերացվեին հայ-ռուսական միջկառավարական «գազային» պայմանագրերը: Եվ  սա դարձավ քաղաքական ամենակարևոր իրադարձություններից մեկի պատճառ` «գազային» պայմանագրերի վավերացման շուրջ ԱԺ-ում ու դրանից դուրս`փողոցում ծավալված իրադարձություններով:

«Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որը փորձում էին վավերացնել, և դա ավելի շատ վիրավորանք, վնաս կհասցներ ՀՀ անվտանգությանը: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարևոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը, սակայն,  այն է, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, և հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու: Ու սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահն այսօր ևս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Այսպիսով, եթե ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման «ոդիսականը» դիտարկենք քաղաքական հարթությունում, ապա դա այնքան էլ հաճելի երևույթի մասին չի հուշում: Ըստ էության`  մեկ անգամ ևս ապացուցվեց, որ երկրի իշխանությունների ցանկացած կամայականություն կվավերացվի, անգամ կանոնակարգ-օրենքների խախտմամբ, կամայականորեն:

Հենց այս վերջին իրադարձությունով էլ ավարտվում է 2013 քաղաքական տարին:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Ո՞ւմ շահերից չի բխում արտեզյան խորքային ապօրինի հորերի կոնսերվացումը

ավազան«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:

 Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը 

Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:

Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:

«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ  Յուրի Ջավադյանը:

Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:

Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր  237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:

«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:

«Ձուկը ջրում` բազար են անում»

Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…

Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:

«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:

Արդեն սեպտեմբերի 6-ին`  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ,  շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…

Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:

Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա…

Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:

Նոյեմբերի 7-ին  ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց

Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:

Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները  պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:

Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին դեռևս 2011 թ. ահազանգեցին բնապահպանները, սակայն պարզվեց, որ «Հայջրնախագիծ» ինստիտուտը վաղուց արդեն զբաղվում է այս խնդրի ուսումնասիրությամբ ու բավականին վտանգավոր երևույթներ է բացահայտել: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է:

 

Արտեզյան ճգնաժամը շարունակում է մնալ Հայաստանի ամենահրատապ խնդիրներից մեկը 

 

Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող և ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է, և ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին անընդհատ ինքնաշատրվանում են: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում, ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:

 

Խնդիրը հետևյալն է. վերջին` 1984 թ. տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խմ: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը. ավելի շատ ջուր է հանվում ավազանից, քան լցվում է:

«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետև 1 մլրդ 226 մլն խմ սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 մլրդ 493 մլն խմ օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ևս 55 տոկոս հանվում է անօրինական: Ստացվում է, որ մենք տարեկան 1 մլրդ 226 մլն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 մլրդ խմ ջուր ենք օգտագործում»,- դեռևս ամռանը «Անկախին» տված հարցազրույցում նշում էր «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ  Յուրի Ջավադյանը:

Փաստորեն, Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:

Նշենք նաև, որ 2011 թ. տվյալներով` Արարատյան դաշտավայրում գործում էր  237 ձկնաբուծարան, որոնք, ընդհանուր առմամբ, շահագործում էին մոտ 450 խորքային հորեր: Պաշտոնապես: Ըստ մասնագետների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր էին արդյունահանում. դարձյալ պաշտոնապես:

«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք և՛ հոսքերը որոշել, և՛ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք, ամսական 3 անգամ, դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, դա նշանակում է, որ գրունտային 80-մետրանոց շերտը տակից ջրազրկվել է, ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում. հողը սկսում է ձեռք բերել անապատային ստրուկտուրա»,- ասում էր Յուրի Ջավադյանը:

 

«Ձուկը ջրում` բազար են անում»

 

Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետևանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Նշանակում է` Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…

Ի՞նչ պետք է արվի: Ինչպես դեռևս ամռանն «Անկախի» հետ զրույցում նշում էր Յուրի Ջավադյանը, ռեսուրսների  կառավարումն այսօր ռիսկային դաշտում է: Այդ ռիսկերը պայմանավորված են մարդկային գործոնով: Պետք է մարդու գործոն չլինի, պետք է ավտոմատ կառավարում լինի` հորերը համարակալված և հատուկ տեխնիկայով հագեցած լինեն, և որևէ պատասխանատուի մոտ դրված լինի դրանց կառավարման վահանակը: Եվ երբ նա կոճակը սեղմի, իմանա, որ համար այսինչ հորում 3 տարի, 1 տարի կամ մի քանի ամիս առաջ ջրի  ճնշումը եղել է այսքան, հորը տվել է այսքան ջուր, հիմա այդ հորից ապօրինի այսքան ջուր ավելի է օգտագործվում: Այսինքն` պատասխանատուն կկարողանա իր մոտ եղած վահանակով այնպես կարգավորել հորի աշխատանքը. որ ապօրինի օգտագործվող ջրի քանակությունը պակասեցնի և թողնի օգտագործել թույլ տրված քանակությամբ ջուր: Առաջարկվել է նաև, որ ձկնաբուծարաններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնարտադրության: Դրա արդյունքում ջրի ծախսն էապես պետք է նվազի:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգի հարցը ստեղծման օրվանից բարձրաձայնել է Հանրային խորհուրդը: ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը, որի նախագահն է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը, հարցը բազմիցս է քննարկել և 2012 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների օգտագործման և ձկնաբուծական տնտեսություններում ջրի կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ` ներկայացնելով նաև վերոնշյալ մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ նկատառումները ներկայացվել են նաև կառավարություն, իսկ այս տարվա հուլիսի 10-ի նիստում վարչապետը խիստ տոնով հանձնարարական է տվել` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը:

«Այդ հորերի կոնսերվացումները և այլ միջոցառումները ինչ-որ օգուտ կտան, բայց ոչ որոշակի: Որոշակի օգնությունն այն է, որ 70 տոկոսով ջրառը պակասեցնենք: Այդ դեպքում մեր սնուցման պաշարից օգտագործումը կդառնա մոտ 500 մլն խմ` 1 մլրդ 226 մլն վերականգնման ռեսուրսի դիմաց: Այսինքն` մենք այժմ ունենք սնուցման բացասական դինամիկա, իսկ այդ դեպքում արդեն կլինի դրական դինամիկա, և մեր մասնագետների հաշվարկներով` մոտ 10 տարվա մեջ պաշարները կարող են վերականգնվել»,- նշում էր Յուրի Ջավադյանը:

 

Արդեն սեպտեմբերի 6-ին`  նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ,  շահագրգիռ կողմերը քննարկեցին Արարատյան ավազանի արտեզյան ջրերի պաշարների վերականգման խնդիրը:

Քննարկվեցին Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Քննարկված խնդիրների առնչությամբ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ: Ու սկսվեց…

 

Արդեն հոկտեմբերի 11-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց խորքային հորերի կոնսերվացման միջոցառումներ անցկացնել: Կառավարությունն էլ հոկտեմբերի 31-ի նիստի ժամանակ անցավ որոշակի գործողությունների: Այսպես, Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107 մլն 497,4 հազ. դրամ` հետագայում այդ հորերի փաստացի տերերից գումարները բռնագանձելու հանձնարարականով:

 

Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

 

Դե եկ ու ԱԺ «խոչընդոտին» համոզիր, որ ինքնուրույն չեզոքանա…

 

Աշխատանքների առաջին փուլում համայնքներին, ձկնային տնտեսություններին, գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվողներին առաջարկվեց իրենց մոտ առկա անօրինական, ինքնակամ հորատած հորերն առաջին հերթին բերել փականային ռեժիմի, այնուհետ իրականացնել լուծարման և կոնսերվացման աշխատանքներ: Եթե դա չարվի կամավոր սկզբունքով, ապա իրականացվելու են անօրինական հորերի պարտադիր լուծարման և կոնսերվացման աշխատանքներ՝ հետագայում տվյալ տնտեսվարողներից այդ գումարները գանձելու միջոցով, նաև` դատական կարգով:

Նոյեմբերի 7-ին  ՀՀ բնապահպանության նախարարը հանդիպեց

Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 80 ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ պատասխանատու գերատեսչությունը վճռական է տրամադրված արտեզյան ջրերի հորիզոնների մակարդակը վերականգնողականի հասցնելու հարցում:

 

Բայց, ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մեր աղբյուրները, այս մոտեցումը մի շարք հակառակորդներ ունի ԱԺ-ում, հատկապես` փակ և կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների անցում կատարելու առնչությամբ: Կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը:

Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակչության շրջանում շատ-շատ է շրջանառվել, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Մինչդեռ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի մասին ազգային օրենքի համաձայն, պետք է ամեն տարի մոնիթորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշարը և ջրի ռազմավարական պաշարը: Եթե այս երեք պաշարներն ամեն տարի մոնիթորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Մոնիթորինգի արդյունքները  պետք է ուղարկվեին կառավարություն` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է:

Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անտեսանելի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, և ստեղծվել է այնպիսի վիճակ, որ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս այդ ձկնաբուծարանների իրական տերերին: Եվ նրանք էլ փորձում են գործի դնել իրենց լծակները, որպեսզի իրենց բիզնեսի վրա «շողք գցող» չլինի: Այնպես որ, Արարատյան արտեզյան ավազանի վերականգնումը, ի դեմս ԱԺ-ի որոշ զորավոր ներկայացուցիչների, դեռ լուրջ խոչընդոտներ ունի:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին

ադամանդԴեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:

 Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ

Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:

Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա  հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար  կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ.  օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է:

Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:

Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան  300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:

Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:

Հայաստանի համար ադամանդի  տպավորությունը միայն փայլը չէ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև  2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է  մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է  հասնում ներմուծմանը,  մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը`  24 մլն դոլարի ադամանդի հումք  և  որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման  հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի  նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական  արդյունք կլինի:

«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա:  Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի  հումք  ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն  արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը:  Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:

«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:

Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ