ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Մտքերի փոխանակման ժամին, խոսելով նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արձանագրեց. ՛՛Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է, որ դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես: Իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել: Ինչու փոխվեց կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում: Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դեմ էիք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Հասկացեք՝ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի: Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից այն չի քաղցրանալու, չէ՞: Լուծված չի խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը պահպանված չի, սա է մեր ամբողջ քաղաքական դիևքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու՛՛, – եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
ԱԺ-ն այսօր մեկ տասնյակից ավել օրենքի նախագծեր է ընդունել
Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ոչ իշխանական խմբակցությունները չփորձեցին կրկնել երեկվա փորձն ու տապալել քվորումի ապահովումը, այնուամենայնիվ, նրանք փորձեցին դեմ կամ ձեռնպահ ձայներով ազդել որոշ օրինագծերի քվեարուկթյան վրա: Ինչ խոսք, ԱԺ քաղաքական մեծամասնությունը գերազանցեց ինքն իրեն՝ մերժման չարժանացնելով Կառավարության կողմից ներկայացված որևէ օրենքի:
Այսօր ընդունվեցին մեկ տասնյակից ավելի օրենքի նախագծեր, որոնցից առավել հիշարժան էին Վարչական իրավախախտումենրի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ձայն խնդրեց Նաիրա Զոհրաբյանն ու հիշեցրեց, որ այս նախագիծն, ըստ էության, ընդգրկված էր ոչ իշխանական քառյակի տասներկու կետերի մեջ: Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ որոշակի աշխատանք, այնուամենայնիվ, կատարված է, ուստի ԲՀԿ-ն կքվեարկի կողմ: Սննդամթերքի անվտանգության մասին օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ձայն խնդրեց Արամ Մանուկյանն ու շեշտեց, որ «օրենքը լավ օրենք է, բայց մեջը լիքը անհեթեթություններ կան», ուստի առաջարկեց ուղղակի չքվեարկել: Գալուստ Սահակյանը կատակեց.«Քվեարկում ենք լավ օրենքը»:
Երկու նախագծերն էլ ընդունվեցին: Այս պահին ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները:
Հեյդար Ալիևը անընդհատ կրկնում էր` հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, որդին միայն հակառակն է հայտարարում. Կազիմիրով
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այսօր լրագրողների հետ հանդիպումը հիանալի հնարավորություն համարեց շնորհավորելու ՀՀ քաղաքացիներին, դեռ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրությանը, նաև Ադրբեջանի Հանրապետությանը զանգվածային արյունահեղությունների դադարեցման 20ամյակի առթիվ:
ԵԱՀԿ նախկին համանախագահը նշեց .“Ինձ անընդհատ քննադատում են իմ դիրքորոշումների համար, նրանց թվում է` ադրբեջանցի Նովուզ Մամեդարովը, ով վիրավորական խոսքեր է ուղղում իմ հասցեին և ուզում եմ նրանց պատասխանել, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ինձ մշտապես գրավել է ու երբեք չեմ կարողացել անտարբեր մնալ այս խնդրի նկատմամբ:
Կազմիրովը իր` այս հակամարտության նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար 3 պատճառ ունի. նախ սա զուտ քաղաքական պատճառներ ունի. նա ով անմիջականորեն մասնակցել է ռազմական գործողություններին, իրադարձություններին, ինչպե ՞ ս կարող է անտարբեր մնալ հակամարտության հետագա զարգացումների նկատմամբ: Իրավական բաղկացուցիչն, ըստ Կազիմիրովի, կապված է նրա հետ, որ որևէ միջնորդ չի կարող անտեսել այն փաստը, որ հակամարտության կողմերի միջև պայմանագրեր են կնքվել, որոնք այդպես էլ չեն կատարվում. “ինչպե ՞ ս կարելի է հանդուրժել, որ պաշտոնական բարձրաստիճան մակարդակով պայմանագրեր են կնքվում ու կողմերը չեն կատարում այդ փաստաթղթերի պահանջները,-նշեց Կազիմիրովը:
Իսկ երրորդ շարժառիթը նա կապեց բարոյական կողմի հետ` փաստաթղերի, տեղեկատվության խեղաթյուրման ջանքերի հետ. հաճախ սա կատարվում է անգիտակցաբար և կապված է չիմացության հետ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ տեղեկատվության խեղաթյուրումը կատարվում է նպատակաուղղված կերպով:
Կազմիմիրովի խոսքերով այս հակամարտությունը նման է “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” ձևաչափին, սակայն կողմերը պետք է ջանան անել ամեն ինչ խաղաղության ամրապնդման համար. այս պայմանն էր ըստ Կազիմիրովի ընկած մինչև հրադադարի կնքումը հակամարտության կողմերի` ապրիլի 15-ին արված համատեղ հայտարարության մեջ, որի մասին, սակայն, այժմ չի խոսվում: “Իլհամ Ալիևի հայրը` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը նշում էր անընդհատ, որ այս հակամարտության լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լինի, որդին` Իլհամ Ալիևը, հակառակ կոչեր է անում”,-նշեց Կազիմիրովը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա Հայաստանի` ՄՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին, Կազիմիրովը նշեց, որ անմիջական ներգործություն հակամարտության վրա չի ունենա, հնարավոր է միայն անուղղակի ազդեցություն` տնտեսական, կոմերցիոն ոլորտներում:
Հյուսիսարևելյան սահմանը կրկին լարված է
Քիչ առաջ հակառակորդը մոտ մեկուկես-երկու ժամ ինտենսիվորեն գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերը: Մեր տեղեկություններով՝ տուժածներ չկան: Այգեպարից Անկախի թղթակցին հայտնել են, որ կրակահերթերն ուղղված են եղել թե գյուղի և թե դիրքերի ուղղությամբ:
Մովսես գյուղի բնակչուհի Անուշ Անտոնյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում այդ պահին նշել է, որ թեև կրակում են գյուղի ուղղությամբ, բայց խուճապ չկա, պարզապես գյուղի լույսերն անջատել են՝ անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով: Գյուղացիների խոսքով, այսօր Տավուշի սահմանամերձ գյուղեր են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո, մովսեսցիների ենթադրությամբ հակառակորդն ակտիվացել է: ՚՚Վերջին օրերին էլի կրակել են, բայց էսքան ուժեղ չէ: Հիմա ուժեղ են կրակում՚՚,-ասել են սահմանամերձ համայնքի բնակիչները:
Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց հարևան գյուղերի վրա կրակոցների ձայները իրենց մոտ լսելի են: Նշենք, որ մեկ ամսից ավելի է՝ հյուսիսարևելյան սահմանին լարվածություն չկար, հակառակորդը լուռ էր:
«Հուշակոթողները չպետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց». ՀՀԿ պատգամավորը զայրացած է
Խորհրդարանում այսօր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող խիստ հրատապ մի հարց՝ պատմամշակութային հուշարձանների շրջակայքում իրականացվող մասնավոր բանկետ-խնջույքների վերաբերյալ: Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ Գառնու հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցած խնջույքին՝ պատմելով, որ ինքը նույնպես հյուրերի հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրենք ներս չեն թողել՝ ասելով, որ տաճարի մուտքը փակ է: Պատգամավորի հարցին, թե ինչու է փակ, պատասխանել են, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանալեու: «Բնականաբար, ես ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար այս պահին չի այցելելու,-ասում է Սամվել Ֆարմանյանը,- իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ՝ այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած հյուրեր, հայտնի կինոռեժիսոր Միկա Բաբայանն իր հյուրերի հետ միասին և այլն»:
Պատգամավորը կապ է հաստատել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նրա միջամտությունից հետո հարցը կարգավորվել է. «Մեզ թողեցին մուտք գործել՝ որպես բացառություն»,-նշում է պատգամավորը:
Համարելով հարցը շատ կարևոր և ի նկատի ունենալով նաև, որ մամուլում այլ մշակութային կոթողների վերաբերյալ նույնպես նմանատիպ հրապարակումներ են շրջանառվում՝ Ֆարմանյանը ԱԺ նախագահին խնդրեց, որպեսզի վերջինս դիմի համապատասխան պետական մարմիններին՝ նրանց բացատրելու հետևյալը. «Եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության տակ գտնվող պատմամշակութային հուշակոթողների հարցերը կարգավորել, ապա դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց, որոնք, վստահաբար, Գառնու հուշակոթողի մասին երեք նախադասություն էլ չեն կարող ասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնել հարցը, որպեսզի այն առավել հնչեղ դառնա:
Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ խնջույք էր կազմակերպել Հայաստանի կենտրոնական բանկը՝ Հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակներում, որի համար թույլտվություն էր ստացել մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ:
Շարմազանովը բարկացավ ու ժամանակից շուտ ընդհատեց նիստը
Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումների» մասին օրենքի նախագծի քննարկումն այդպես էլ տեղի չունեցավ. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց արտահերթ նիստը, քանի որ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ուշանում էր:
Շարմազանովը նախ հայտարարեց, որ իրեն հայտնել են, թե Միրումյանը խորհրդարանում կլինի մի քանի րոպեից: Սակայն, երբ մի քանի րոպեն էլ անցավ, ու Միրումյանը չներկայացավ, Շարմազանովը բարկացավ.
«Ներողություն եմ խնդրում, բայց ԱԺ-ի բնականոն աշխատանքների համար ես պարտավոր եմ կանոնակարգ-օրենքը խախտել ու դադարեցնել նիստը: Պատգամավորները չպետք է նստեն ու 10 րոպե սպասեն մեր հարգելի գործընկերներին։ Թող ինձ մեղադրեն, որ կանոնակարգ օրենքը խախտում եմ, բայց ես չեմ պատրաստվում զեկուցողին սպասել 5 րոպեից ավելի։ Ցտեսություն»,-ասաց Շարմազանովն ու դուրս եկավ դահլիճից:
Տուգանքների ի՞նչ նվազեցումներ և խստացումներ են սպասվում վարորդներին
Ազգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը:
Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, այս նախագծով նախատեսվում է, որպեսզի այն վարորդները, որ չնչին արագություն են խախտում, պատժվեն ավելի քիչ, իսկ նրանք, ովքեր էականորեն գերազանցում են սահմանված արագությունը, պատժվեն ավելի շատ:
Արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում առաջարկվում է սահմանել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար` ներկայիս 10.000 դրամի փոխարեն:
Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար նախատեսվող տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով: «Եթե, օրինակ, այսօր վարորդը 81 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում 30.000 դրամի չափով է տուգանվում, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կտուգանվի 16.500 ՀՀ դրամի չափով»,-ասաց Օսիկյանը:
Լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: Նվազեցվող իրավախախտումներից է նաև վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումը. ներկայումս մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, այժմ առաջարկվում է կրկնակի նվազեցնել տուգանքի չափը՝ դարձնելով այն 20 հազար դրամ:
Առաջարկվում է նաև վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթեկելի մասին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված 10 հազար դրամ տուգանքի չափը նվազեցնել` դարձնելով 5000 դրամ, հետիոտնի համար նախատեսված անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը` 15 հազար դրամ:
Տուգանքի չափը կնվազեցվի նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար, որը ներկայումս կազմում է 5000 դրամ: «Մենք առաջարկում ենք այն դարձնել 3000 դրամ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ունեն վկայական, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին այն նրանց մոտ չէ»,-նշեց Օսիկյանը:
Իսկ վարորդական իրավունքի վկայականի բացակայության դեպքում առաջարկվում է տուգանքը ներկայիս 5000 դրամից դարձնել 10 հազար դրամ: «Եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն են վարորդների ընդունել աշխատանքի առանց վարորդական իրավունքի վկայականի, պետք է խոշոր տուգանքի ենթարկվեն՝ 50-75 հազար դրամ»,-մանրամասնեց Օսիկյանը:
Տուգանքները խստացվել են նաև արագության էական գերազանցման դեպքում. «Եթե, օրինակ, մայրուղու վրա նախատեսված է 80 կմ/ժամ արագություն, և վարորդները գերազանցում են մինչև 170-180 կմ/ժամ, սահմանվում է ամենաբարձր տուգանքը` 500 հազար դրամ: 51-80 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքում` 200 հազար դրամ, իսկ 31-50 կմ/ժամով գերազանցելու դեպքում` 100 հազար դրամ»,- ասաց փոխոստիկանապետը:
Մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներին 3000 դրամի փոխարեն առաջարկվում է տուգանել 5000 դրամով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ առաջարկեց խստացնել տուգանքը, երբ վարորդները մեքենաներից իրեր են դուրս նետում` մայրուղին վերածելով աղբանոցի: Նա բարձրացրեց նաև արագությունը սահմանափակող նշանների հարցը` նշելով, որ գրված է սահմանափակող նշան, բայց թե որտեղ է այն ավարտվում, հայտնի չէ:
Հակոբ Հակոբյանը պետական աշխատողների համար սահմանված պարտադիր բաղադրիչը բացարձակապես հակասահմանադրական չի համարում
Չնայած որ խորհրդարանական արտահերթ նիստը սկսվել է՝ Ազգային ժողովի պատգամավորները դեռևս ձեռքի տակ չունեն նիստի օրակարգի ամենակարևոր նախագծերից մեկը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Ուստի, ոչ իշխանական շատ պատգամավորներ հրաժարվեցին նաև կարծիք հայտնել փաթեթի բովանդակության վերաբերյալ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմայնը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ մինչև հիմա փաթեթը չեն ստացել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ քանի դեռ այս պահին իրենց ձեռք տակ չկա այդ նախագիծը, դիրքորոշում էլ հայտնել չեն կարող. «Իսկ ունեցած տեղեկություններով ես լուրջ չեմ համարում եզրակացության գալ: Չկա նախագիծ՝ չկա դիրքորոշում, կլինի նախագիծ, կունենանք դիրքորոշում»,-ասաց Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչու մինչ այժմ պատգամավորները հնարավորություն չունեն տեսնելու նախագիծը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը ասաց. «Առավոտվա վիճակով չկար, արդեն կա»:
Իսկ արդյոք եղած փոփոխությունները կբավարարե՞ն ոչ իշխանական գործընկերներին, Հակոբյանն ասաց, որ դա նրանց համար չէ արված, որպեսզի բավարարեն կամ ոչ: «Օրենքի փոփոխությունը պայմանավորված է զուտ Սահմանադրական դատարանի վճռով»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է պետական ոլորտի աշխատողների համար սահմանված պարտադիր բաղադրիչին, որը շատերի կարծիքով հակասահմանադրական է, Հակոբյանն ասաց. «Դա բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը: Ցանկացած պետություն՝ որպես գործատու, իրավունք ունի իր աշխատողների հետ ունենալու որոշակի հարաբերություններ: Աշխարհի համարյա բոլոր պետություններն ունեն այդ սկզբունքը: Այս կամ այն ճանապարհով յուրաքանչյուր պետություն կարողանում է օգտագործել սոցիալական ապահովության համակարգը, որպեսզի իր մոտ կարողանա երկար պահել աշխատողներին կամ կարողանա ընտրել որակյալ աշխատողներ»:
Մեր դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե պետական ոլորտի շատ աշխատողներ այս փոփոխությունից հետո դուրս կգան պետական համակարգից, Հակոբյանն ասաց. «Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կուզենան դուրս գալ: Բայց կլինեն նաև մարդիկ, որոնք որ կմտնեն: Բնական է»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել և քվեարկության դնել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Միևնույն ժամանակ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ կուտակայիվճարները «նպատակային սոցիալական վճար» դարձնելու ՀՀ կառավարության նախագծի դեմ:
Ազգային ժողովը դակող մարմին չէ. պատգամավորները պահանջում են հետ տանել արտահերթ կարգով խորհրդարան բերված նախագծերը
Կառավարության նախաձեռնությամբ քիչ առաջ խորհրդարանն սկսեց արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հանրությանը հուզող մի շարք նախագծեր:
Սակայն, ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին առ այն, որ կառավարությունը վերջին պահին խորհրդարան է բերել կարևոր նախագծեր, որոնք նախապես հանրային քննարկումների չեն ենթարկվել, մասնագիտական հանձնաժողովներում չեն քննարկվել, անգամ պատգամավորների սեղաններին դրված չեն:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նախագիծը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախգծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց ժամկետը չի կարող 15 օրից պակաս լինել:
«Դիմում եմ Ձեզ, որպեսզի կառավարությանն առաջարկեք՝ փոփոխության ենթարկել օրակարգը և հանել այն հարցերը, որոնք չեն բավարարում օրենքի պահանջին»,-առաջարկեց Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ խորհրդարանը նոր է ավարտել խիստ լարված գարնանային նստաշրջանը, և հիմա կառավարության կողմից Ազգային ժողով հայեցակարգային նախագծեր բերելը և սեղմ ժամկետներում քննարկելը ոտնձգություն է օրենսդիր մարմնի նկատմամբ: «Եվ սա արվել է մի մարդու կողմից, որը միշտ խոսում էր ԱԺ դերի բարձարցման մասին»,-ասաց Զուրաբյանը՝ ի նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանին::
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նույնպես շեշտեց, որ օրենքի կատարողը առաջին հերթին խպետք է լինի երկրի օրենսդիր մարմինը, և իրավիճակը համարեց օրենքի խախտում: «Մենք տարիներ շարունակ բարձրաձայն, դու էլ միգուցե ոչ բարձրաձայն, դժգոհել ենք այս աշխատաոճի դեմ, սակայն սա շարունակվում է»,-նշեց նա:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ միացավ գործընկերներին. «Մեր դժգոհությունն այն է, որ օրակարգում ընդգրկված նախագծերի գերակշիռ մասը չեն անցել համապատասխան քննարկումներ հանձնաժողովներում: Թող նախապես ուղարկած լինեին, մենք էլ հիմա դեմ չէինք լինի: Բայց մտնում ենք լիագումար նիստ՝ առանց մասնագիտական հանձնաժողովներում համապատասխան քննարկման: Կամա թե ակամա Ազգային ժողովը դառնում է դակող մարմին»:
Արամ Մանուկյանը խոսեց օրենքների արդյունավետության, ճիշտ, լավ օրենքներ ընդունելու անհրաժեշտության մասին: «Մենք հիմա չունենք այդ հնարավորությունը: Մոտ տասը օրենքների նախագծերի ընդհանրապես ծանոթ չենք: Կարող ենք անորակ, բռակ օրենքին կողմ սեղմել: Կառավարությանն առաջարկեք, թող հետ կանչի դրանք»:
ՕԵԿ խմակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ այս խնդիրը տարիներ ի վեր առկախված է. «Մենք քննադատում ենք կառավարությանը, երբ հրավիրում են արտահերթ նիստեր և բերում նախագծեր, որոնց մասին մենք ոչ միայն տեղյակ չենք, այլ դրանք լուրջ քննարկման կարիք ունեն: Մենք չպետք է թույլ տզնք, որ ԱԺ-ն շրջանցվի: Ձեռագիրը, փաստորեն, կրկնվում է: Արդար չէ»,-ասաց Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չկիսեց գործընկերների բարձրացրած մտահոգությունը: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքն ունի համապատասխան մեկնություններ արտահերթի վերաբերյալ, և որ կանոնակարգ օրենքը որևէ հակասություն չի տեսնում արտահերթի և ներկայացված նախագծերի առումով: «Մենք ողջ գարնանային նստաշրջանն ավելի շատ քաղաքականացված անցկացրեցինք, իսկ օրենսդրական աշխատանքը հետ մնաց: Բացի այդ, որևէ մեկը չի ասում՝ օրենքները չքննարկենք, քննարկելու ենք»,-ասաց Սահակյանը:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ ասաց, որ ընդդիմախոսների ասածը այնքան էլ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում: «Օրենքների 70 տոկոսը ձեր կողմից քննարկվել է կամ կազմում է ձեր նախընտրական ծրագրերի մի մասը: Եթե ձեր հիշողությունը կորել է, կարող եմ հիշեցնել»:
Լևոն Զուրաբյանն առաջարկեց քսան րոպես ընդմիջում՝ ԱԺ նախագահի հետ քննարկելու իրենց կողմից բարձրացրած մտահոգությունը:
Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջ բերեց էլեկտրաէներգիայի հարցի շուրջ հանրայհին դժգոհության հարցը՝ նշելով, որ ԱԺ լսումները ցույց տվեցին, որ շատ բան հասկանալի չէ այդ ոլորտում: «Առաջարկում եմ, որ ԱԺ-ն ստեղծի ժամանակավոր հանձանժողով էներգետիկայի ոլորտի ուսումնասիրությունների հետ կապված: Սա զուտ անվտանգության խնդիր է»,-ասաց նա:
Խորհրդարանը քսան րոպես ընդմիջումից հետո վերսկսեց աշխատանքը, սակայն քիչ անց կրկին ստիպված եղավ ևս քսան րոպեով ընդմիջել՝ այս անգամ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահանջով: Բանն այն է, որ երբ ընդմիջումն ավարտվեց, ՀՀԿ-ականների մի մասը դեռևս չէր եկել դահլիճ, սակայն Գալուստ Սահակյանը, մի քիչ սպասելուց հետո ստիպված եղավ վերսկսել աշխատանքը: Ոչ իշխանական ուժերը, նկատելով, որ քվորում ապահովելու համար հանրապետականը չունի անհրաժեշտ 66 ձայնը, սկսեց չքվեարկել, ինչի հետևանքով նախագծերը սկսեցին չանցնել՝ չհավաքելով բավարար ձայներ: Դրա համար էլ Վահրամ Բաղդասարյանը շտապեց 20 րոպե ընդմիջում վերցրել։
Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում
Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:
Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:
Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:
Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:
Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:
Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:
Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:
Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ, երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:
Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կութի գյուղապետի ընտրություններն անվավեր են ճանաչվել
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:
Որևէ մեկին թույլ չենք տա զավթել մեր տարածքը. ՕԵԿ պատգամավորը` Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքի վեճի մասին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ներկայցուցիչներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը անդրադարձան այն լուրերին, ըստ որոնց` տարածքային վեճ կա Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև, իբրև թե ազգային ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի շենքերի միջև գտնվող հողային տարածքը վեճի առարկա է դարձել, ՕԵԿ-ը փորձել է ապամոնտաժել տարածքում եղած ավտոտնակի ծածկը, իսկ համալսարանից ՕԵԿ-ին են դիմել ապամոնտաժումը դադարեցնելու խնդրանքով: ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները, սակայն, պնդեցին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Մենք ունենք տարածք, ունեցել ենք դահլիճ, որը օրենքով սամանված կարգով ունենք, դեռ վաղուց ունենք բոլոր փաստաթղթերը, ակնհայտ ապատեղեկատվություն է: Մենք ավելի քան ութ տարի օգտագործել ենք ու հիմա վերանորոգում ենք մեր դահլիճը»,-ասաց Հովհաննես Մարգարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե միգուցե իրենց սկսել են նման ճնշումների ենթարկել, քանի որ իրենք ընդդիմություն են դարձել, Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Կյանքը ցույց կտա, այս պահի դրությամբ չեմ կարող ասել, գործընթացը ցույց կտա՝ ճիշտ եք, թե` ոչ: Հստակ կարող եմ ասել մի բան` որևէ մեկին թույլ չենք տա զավթել մեր տարածքը»:
Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը ձեռքը կկտրի, բայց այդ նախագիծը չի ստորագրի»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀԱԿ օրակարգում չի փոխվել ու չի փոխվելու իշխանափոխության պահանջի հարցը, քանի որ իրենք երկրում փոփոխությունների միակ ելքը համարում են դա: Միաժամանակ նա խոսոտավանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց. «Այսինքն, եթե ժամանակը երկար գնաց, մարդիկ արտագաղթեցին, պայքարող էլ չմնաց, ո՞վ է սրանց հախից գալու»,-հարցնում է Մանուկյանը:
Նրա կարծիքով` իշխանությունները հենց դրա ուղղությամբ էլ աշխատում են. ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջը, էդքան քիչ կլինի պահանջողը:
Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին իրենց կմիանան նաև շատ այլ ուժեր: Ավելին` նա վստահ է, որ մի օր Հանրապետականից էլ կանցնեն ընդդիմության շարքերը, Սերժ Սարգսյանից երես թեքողներ էլ կլինեն` հատկապես սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնելու դեպքում:
Մանուկյանը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը խորհրդարան է մտել 7 ձայնով, սակայն այսօր ունի 50-55 ձայն` շնորհիվ մյուս քաղաքական ուժերի հետ համախմբման. «Սա դանդաղ արդյունք է, բայց արդյունք է»,-կարծում է նա:
Ինչ վերաբերում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ դա համարժեք պատասխան էր Հայաստանին. «Ով էր տեսել նման բան, ամոթ չէ՞ր, էդ «համմերով» եկել-կանգնել էր Ազգային ժողովի աստիճաններին, պառկած խոսում էր, է, հետո՞…»,-վրդովմունքը չթաքցրեց պատգամավորը,-ո՞ր երկիրը թույլ կտա, որ այլ երկրի որևէ քաղաքացի իր երկրում նման լկտի ձևով հանդես գա, էդպիսի պոռոտաբանությամբ զբաղվի: Էն ի՞նչ դաս էր մեզ տալիս: Դահլիճից մեկն արձագանքեց՞…»:
Անդրադառնալով քառյակի կողմից ներկայացված 12 պահանջներին` Արամ Մանուկյանն ասաց, որ դրանք կատարելու դեպքում իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան. օրինակ` ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը և ընտրությունների հենց հաջորդ օրը ցուցակների հրապարակումը. «Սերժ Սարգսյանն իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի մի օրենք, որով հաջորդ օրը կտպվեն ընտրողների ցուցակները»,-ասաց նա:
Պատգամավորը նաև համոզված է, որ իշխանությունները չեն գնա անգամ 12 կետերի պահանջի կեսի կատարմանը. «Եթե ուզենան, իհարկե, կգնան, բայց էդ ուզելը նշանակում է` զրկվել սեփական թիմից, սեփական փողերից և սեփական աջակցող օլիգարխներից: Այդ դեպքում լուրջ քանդուքարափ է լինելու Հանրապետական կուսակցությունը: Թող հիմա իրենք որոշեն` կամ փրկելու են Հանրապետական կուսակցությունը, կամ էլ երկիրը»:
Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «կրակել» Նախիջևանից
Անցյալ շաբաթվա վերջը հայկական զինված ուժերի համար ցավալի ավարտ ունեցավ: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի` Երասխ համայնքի տարածքում գտնվող դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակից զոհվեց հայկական զինված ուժերի երկու զինծառայող` 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու շարքային Բորիս Գասպարյանը: Այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից եկած վերջին տագնապալի տեղեկատվությունը չէր սա, հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ու արդեն քանիերորդ անգամ հայկական կողմը զոհեր է ունենում : Ընթացիկ իրավիճակը սահմանային գոտում կարելի է գնահատել կայուն լարված:
Նախիջևանն ավելի շատ թուրքական ֆորպոստ է
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Երասխի մերձակայքի դիրքերի միջադեպը, սահմանային միջադեպեր հիմնականում լինում էին Արցախի հատվածում և Հայաստանի համար, այսպես ասած, «ավանդական» շրջանում` Տավուշում: Այս անգամ միջադեպն աննախադեպ էր.հակառակորդը կրակ բացեց Նախիջևանի ուղղությունից, որտեղ իրավիճակը միշտ համեմատաբար ավելի կայուն է եղել, իսկ Երասխի ուղղությամբ վերջին գրեթե 20 տարիներին վիճակը հատուկենտ «անվնաս» կրակոցներից ավելի չէր սրվել, առավել ևս` զոհեր չէին եղել:
Եվ ուշադրության արժանի է այս հանգամանքը. 20 տավա ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղելՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա: Սա արդեն մտորելու տեղիք է տալիս: 2013 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով` Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, այն միշտ ընկալվել է որպես որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրատվամիջոցներից մեկին այս առիթով ասել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել` համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է` սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»:
Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ իր հերթին է լրատվամիջոցներին ասել, թե Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների փաստը վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:
Եվ իրոք, ինչպես դեպքի հաջորդ օրը պատմել են միջադեպի ականատեսները, հայ զինծառայողները խոցվել են ոչ թե պատահական, այլ դիպուկահար կրակից, այն էլ` հզոր զենքերից, քանի որ Անդրանիկ Եղոյանը խոցվել է զուգարանում, իսկ Բորիս Գասպարյանը` խրամատի հրակնատի անցքից, ընդ որում հակառակորդի գնդակից զինվորին չի պաշտպանել անգամ պողպատե սաղավարտը: Այսինքն` կրակողները եղել են բարձր կարգի պրոֆեսիոնալներ: Բացի այդ, թե՛ երասխցիները և թե՛ հայ դիրքապահները նկատել են, որ կրակոցների ժամանակ հայկական դիրքերից մոտ 300-350 մ հեռավորության վրա կայանված է սև ամենագնաց, դեպի որն էլ կրակոցներից հետո տարբեր դիրքերից շտապել են 6-7 դիպուկահարները: (Համազորային դիպուկահարները 6-7 հոգանոց խմբերով չեն «աշխատում», բացի այդ, հասարակ զինծառայողներին սև ամենագնացներով չեն տեղափոխում:) Ականատեսները պնդում են նաև, որ այդ դիպուկահարները եղել են մինչև դեպքի օրն ու դրանից հետո այդ դիրքերում երբևէ չտեսնված համազգեստներով:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը չի բացառում, որ դիպուկահարները կարող են թուրքական կողմի ներկայացուցիչներ լինել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ միջադեպի հաջորդ օրն ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:
Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է ու անմիջական սահմանակիցը, և՛ Ադրբեջանի, որովհետև հակառակորդները հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից: Ուստի մայիսի 5-ի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:
Ադրբեջանի` Նախիջևանի կողմից կրակելու մոտիվացիան
Նայենք, թե ինչ ընդհանուր համապատկերում տեղի ունեցան այս կրակոցներն ու փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ կարող էին դրանք հետապնդել:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում մի քանի հետաքրքիր դրույթներ կային:
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքից անմիջապես հետո` հունիս 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պն հրավիրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Դեսպան Կասպրշիկը մտահոգություն հայտնեց և խոստացավ քայլեր ձեռնարկել: Այսինքն` հերթական հերթապահ արտահայտությունը, որը դժվար թե շփման գծում իրավճակ փոխի, որովհետև մեր հակառակորդը թքած ունի ԼՂ հակամարտության միջնորդների հորդորների վրա, թե հարաբերությունների լուծման միակ ուղին վստահության վերականգնումն է, թե պետք է զերծ մնալ կրակոցներից ու դիվերսիոն-հետախուզական գործողություններից, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, միջադեպերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել և այլն:
Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր ակտիվացմանը` ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:
«Ե՛վ ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և՛ համանախագահները, և՛ Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն տեղում դոփելուն: Իսկ դրան վերջ դնելու հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ` դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է մինչև հաջորդ ամսվա սկիզբն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բացահայտ Ադրբեջանի սրտով չէ: Ուստի, հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ անդամակցությանը խանգարի: Հակառակորդի կողմից մեր պաշտպանական դիրքերի ուժեղ և թույլ կողմերը գտնելու փորձերը, ինչպես օրերս Հ1-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պլանային նպատակներ ունեն: Հակառակորդն անկասկած փորձում է իրավիճակը սրել, որովհետև նաև նպատակ ունի միակողմանի հաջողությունների հասնել բանակցությունների ընթացքում:
Բացի այս ամենը, կրակոցները պայմանավորված էին մի հանգամանքով ևս` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք- զինատեսակների մատակարարումով: Անկասկած, հակառակորդի կողմից սպառազինության ձեռքբերումը, ընդ որում` ոչ միայն հարձակողական բնույթի, մեզ համար մտահոգիչ է: Ու ցանկացած պարագայում Հայաստանը փորձելու է այնպես անել, որ հակառակորդը սպառազինություններով չգերազանցի մեզ ու երբեք ի վիճակի չլինի հարցերը լուծելու զինատեսակների գերակշռությամբ: Ինչպես այս կապակցությամբ մատնանշեց հենց Սեյրան Օհանյանը. «Հակառակորդը փորձում է մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել, ու մենք շատ դեպքերում մեր երկրի սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները սիպված ենք լինում ուղղել պաշտպանական ռեսուրսների ձևավորմանը: Իսկ հակառակորդն իր բախտը, ինչպես գիտենք, միշտ որոնում է հակամարտության ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ էլ ասեմ, որ նրանց մոտ գտնվող սպառազինության ամբողջ քանակն ու որակը մեր վերահսկողության տակ է, մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, քանի որ գտնում ենք, որ սպառազինությունը չէ մարտական գործողությունների ընթացքում հաջողություն երաշխավորում, այլ մարդը` իր պատրաստվածությամբ, և այն բոլոր հնարամտությունները, որոնք կարող են օգտագործվել անհամաչափ գործողությունների, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է արցախյան գոյապայքարի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը` Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:
Ցավոք սրտի, և սա ընդգծեց նաև ՀՀ պաշտպանության նախարարը, մինչև ԼՂ հակամարտության քաղաքական խնդրի լուծումը նման միջադեպերը մեր կյանքի ուղեկիցն են լինելու,և մենք ստիպված ենք լինելու զսպել հակառակորդի «եռանդը» պատժիչ գործողություններով:
Վելիկոռուսական շովինիզմով տառապող «լժե-վերլուծաբանը» և խաշած ժպիտներով հայ պատգամավորները
Հունիսի 11-ին ԱԺ նիստից հետո ստեղծված աժիոտաժը խորհրդարանում հենց սկզբից է զարմացրել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ազգային ժողովի շենք Դալայ Լաման էր մուտք գործելու, և երբ ես հարցրեցի, թե ում եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց` մի վերլուծաբանի, որի քծնանքը առ Պուտին ավելի նողկալի է, քան երբևէ ժամանակին մենք սովետպրոպագանդայի ժամանակ տեսնում էինք առ Չեռնենկո, Անդրոպով և Բրեժնև»,-ասաց նա` ի պատասխան Անկախ-ի հարցին, թե ով է պատասխանատու և մեղավոր, որ ռուսաստանցի մի լրագրող Հայաստանում նման հայտարարություններ է անում:
Պատգամավորի կարծիքով, երբ դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում «թքեն քո երեսին», ապա դրանում մեղավոր ենք մենք բոլորս. «Եթե դու նման հնարավորություն տալիս ես ինչ որ մի «լժե-վերլուծաբանի», ապա միշտ էլ կգտնվի այն անկիրթ, անդաստիարակը, որը իրեն թույլ կտա Հայաստանի Հանրապետության խորհրդարանում մեզ դաստիարակելու և սովորեցնելու»:
Ըստ Զոհրաբյանի, պատասխանատուն ու մեղավորը նաև նրանք էին, ովքեր «խաշած ժպիտներով նստած էին այդ նիստին և թույլ էին տվել, որ ինչ որ մի տեսաբան, որը տառապում է վելիկոռուսական շովինիզմով, անարգի Հայաստանի Հանրապետությունը»:
Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք. Աղվան Վարդանյանը՝ Կիսելյովներին պաշտպանողներին
՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց
Գալու է` ձեր զավակների պատկերն առած
Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ
Անեծքով են օրհնելու ձեզ` սաղմոս առած
Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ
Լալու են, չեն գտնելու հույսի մի շերտ
Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում
Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում՛՛
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին 1987-ին գրված իր գրքի այս բանաստեղծությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ Կիսելյովներին պաշտպանողներին՝ շեշտելով, որ բանաստեղծությունը գրելիս մտածում էր, որ դա գրում է կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, ովքեր ամեն ինչ փորձում էին ներկայացնել Խորհրդային միության շահերով. ՛՛Կարծում էի` բանաստեղծությունը նրանց եմ նվիրում, բայց հասցեատերերի շրջանակն անընդհատ լայնացավ ու պարզվեց, որ դա շարունակական է: Եվ այսօր այդ բանաստեղծությունը նվիրում եմ կիսելյովներին պաշտպանողներին՛՛, – ասաց պատգամավորը:
Եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից. Ռուբեն Հակոբյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառյակի պահանջներին, որոնք ներկայացվեցին 12 կետերով: Նրա համոզմունք՝ մինչև սեպտեմբերի 30-ը դրանք ցանկության դեպքում հանգիստ կարող են իրականացվել, բայց իշխանությունը, ըստ նրա, հազիվ թե քաղաքական կամք կդրսևորի այդ պահանջները կատարելու համար, իսկ իրենք աշնանն իրենց հանրահավաքում գնահատականներ կներկայացնեն:
Ինչ վերաբերում է 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ-ում,
Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ այդ քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական էր տվել ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում. ՛՛Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից՛՛, – ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը:
Եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից. Ռուբեն Հակոբյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառյակի պահանջներին, որոնք ներկայացվեցին 12 կետերով: Նրա համոզմունքով՝ մինչև սեպտեմբերի 30-ը դրանք ցանկության դեպքում հանգիստ կարող են իրականացվել, բայց իշխանությունը, ըստ նրա, հազիվ թե քաղաքական կամք կդրսևորի այդ պահանջները կատարելու համար, իսկ իրենք աշնանն իրենց հանրահավաքում գնահատականներ կներկայացնեն:
Ինչ վերաբերում է 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ-ում, Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ այդ քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական է տվել ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում:
՛՛Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից՛՛, – ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը:
«Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից». Ալ. Արզումանյան
Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին նիստը մեկնարկեց պատգամավորների լեզվակռվով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործընկերների ուշադրությունը հրավիրեց նախօրեին Ազգային ժողովում տեղակայված հայ-ռուսական ակումբի նիստում ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովի հանդիպմանը և այդ հանդիպմանը նրա հնչեցրած մտքերին: <<Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսիլյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ Հայաստանը օտարերկրյա հյուրերին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը, հայոց լեզուն հայ ժողովրդի համար հոգևոր արժեք են, ուստի, եթե նման իրողություններ կան, կքննարկվեն: Անյուհետև վարման կարգով ելույթ խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը երեկվա հանդիպմանը ներկա է գտնվել: Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. <<Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը/կողքի պատգամավորին հարցնում է՝ ինչ էր ազգանունը/, հա, պարոն Փաշինյան, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես: Որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այնտեղ ներկա եմ եղել, չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ հարգալից մթնոլորտում, և պատգամավորները, լսելով կարծիքը, ներկայացրել են իրենց կարծիքը>>:
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք տրամադրել, քանի որ ծավալվում է քննարկում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում խնդիրը նիստից դուրս լրացուցիչ կքննարկվի:
Այնուհետև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ցանկանում է փարատել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ բոլորի, այդ թվում՝ «լրատվական կորպուսի» ներկայացուցիչների անհանգստությունը: <<Ակումբային հարթակը բանավիճային է, որտեղ պոլեմիկայի, տարբեր կարծիքներ լսելու, այլ արգումենտներ հնչեցնելու հնարավորություն պիտի լինի, և կա այդ հնարավորությունը: Ներկա պատգամավորները, լրատվական ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների հասցեին, վստահ եղեք: Եթե նման լիներ, ապա ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ներկաները թույլ չէր տա: Այնտեղ են եղել պարոն Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, և բոլորը, պարոն Փաշինյան, իրենց բարձունքի վրա են գտնվել>>:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. <<ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, խնդրում և պահանջում եմ հետայսու ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկման ժամանակ պահպանել պետական լեզվի կարգավիճակը՝ ապահովելով թարգմանություն: Եվ հաջորդը. եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք, սա խնդրում եմ՝ նկատի ունեցեք>>:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նախօրեի քննարկմանը, ասաց, որ բազմակարծություն ապահովելու ահմարա նհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիքներով պատգամավորների: <<Որպեսզի եթե վիրավորեն մեր ժողովրդին, կարողանանք պաշտպանել: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է: Հանդիպումն ամբողջությամբ համացանցում է, որտեղ հստակ երևում է, որ մեր ժողովրդի հասցեին, մեր պետությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ և կինիկ բառերի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաշչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից>>:
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այսուհետև խորհրդարանական յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով: Արձագանքելով արդեն խոսափողն անջատած, բայց լեզվակռիվը շարունակող պատգամավորներին՝ Գալուստ Սահակյանը ասաց. <<Էստեղ արդեն պատերազմ չենք հայտարարում: Ուշադիր, ուշադիր, կարծում եմ՝ էստեղից է գալիս, որ մեր ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում: Սա խորհրդարանի դահլիճն է, արդեն ասացի, եթե անհրաժեշտ է, ևս մեկ անգամ կքննարկենք իրողությունը>>:
«Մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք չլուծված հակամարտության խնդիր ունենք». Սեյրան Օհանյան
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց վերջին շրջանում երկրի սահմաններում տիրող անհանգստության հարցը, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ այդ հարցի քննարկումն ինչ է տվել և հնարավոր չէ՞ արդյոք մեր սահմաններն այնպես կահավորել, որ հնարավորինս զերծ մնանք նման գործողություններից և խուսափենք մարդկային կորուստներից:
Սեյրան Օհանյանի խոսքով` եթե վերլուծենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը, ապա կգանք այն եզրակացության, որ սահմանին այսօր կայուն լարված իրավիճակ է, ինչը նորություն չէ մեզ համար: «Մենք և մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, ուստի մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծենք հակագործողությունների և կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով` հակառակորդի գործողությունները մեզ ստուգելու դիտավորյալ բնույթ են կրում: «Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դա կայանում է նրանում, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադարի ռեժիմը խախտելուց, պետք է կանխվեն դիվերսիոն հետախուզումները և ամենակարևորը` միջազգային հետաքննություն անցկացնել, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ: Ցավոք, համանախագահները նշում են, որ այսօր պատարստ չեն միջազգային հետաքննություն իրականացնել` կապված ֆինանսական, նյութատեխնիկական, մասնագիտական ռեսուրսների ներդրումների հետ»:
Ինչ վերաբերում է վերջին օրերի ընթացքում Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերին, Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են այն բանին, որ թույլ չտան լարվածության նոր օջախի ստեղծմանը:
Սահմանին տիրող լարվածությանն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Նա հետաքրքրվեց, թե նախարարը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացրե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը:
Սեյրան Օհանյանն ասաց, որ նման հանդիպումները շատ անգամ անցնում են փակ ընթացակարգով և ձեռք է բերվում պայմանավորվածություն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով:
Այնուամենայնիվ, նա ասաց, որ այդ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: «ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում,-ասաց նախարարը:
