Թուրքիայում 40-ամյա քաղաքացին «Facebook»-ի միջոցով մանկապղծությամբ է զբաղվել

zohԱդանայում 40 տարեկան Մուրադ անունով մի քաղաքացու մինչև 73 տարվա ազատազրկում է սպասվում: Վերջինս անցած տարի մի քանի անգամ հանդիպել է 13-ամյա դպրոցական աղջիկների, որոնց հետ ծանոթացել է «Facebook» սոցիալական կայքի միջոցով: Այնուհետև տղամարդը երեխաներին սպառնացել է, որ կպատմի նրանց ընտանիքներին իրենց հանդիպումների մասին՝ լռության դիմաց պահաջնելով, որպեսզի աղջիկները մերկ լուսանկարվեն և ուղարկեն իրեն: Վախեցած երեխաները կատարել են նրա պահանջը, սակայն ավելի մեծ ծուղակի մեջ են հայտվել: Տղամարդը հիմա էլ սկսել է սպառնալ, թե կհրապարակի այդ լուսանկարները՝ փոխարենը ցանկացել է սեռական հարաբերություններ ունենալ երեխաների հետ:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ սարսափած աղջիկները եղելությունը պատմել են իրենց ծնողներին, վերջիններս էլ ոստիկանություն են դիմել: Ի վերջո մանկապիղծը ձերբակալվել և կանգնել է դատարանի առաջ: Նա մեղադրվում է 13-14 տարեկան 8 աղջկա սպառնալու և սեռական ոտնձգության փորձ կատարելու մեջ:

 

Թուրք-գերմանական հարաբերություններում լարվածություն է նկատվում

germanyԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը կանչվելու է ԱԳՆ, որտեղ նրա հետ խոսելու են «Գեզի» այգու վերաբերյալ պաշտոնական Բեռլինի արած անհանգստացնող հայտարարությունների մասին:
Դավութօղլուն խոսել է նաև Բեռլինում Թուրքիայի դեսպան Հունեյն Ավնիին ԱԳՆ կանչելու մասին: Արտգործնախարարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ավնիի հետ և որոշ կարգադրություններ արել նրան: Թուրք դեսպանին կանչելու պատճառը կապված է թուրքական կառավարության որոշ հայտարարությունների հետ:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանին հայտնելու են Թուրքիայի դժգոհությունը գերմանական կառավարութան բռնած դիրքից:
«Գեզի» այգու դեպքերը և դրանց շուրջ ծավալված քննարկումները ակնհայտ լարվածություն են առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում, ինչը արտահայտվում է փոխադարձ դժգոհությամբ:

 

Թուրքիայում ընդդեմ «կանգնած մարդկանց» «քայլող մարդիկ» են հայտնվել

mardikԹուրքիայի Ռիզե քաղաքի մի շարք բնակիչներ կազմակերպել են «քայլող մարդ» ակցիան, որի մասնակիցները այդ կերպ արտահայտում են իրենց բողոքը «կանգնած մարդ» նախաձեռնության մասնակիցների դեմ, որոնց կազմակերպիչները վերջին շաբաթներին Թուրքիայում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներն են: Այս նոր նախաձեռնությունը հետևյալ կերպ է իրականացվել. մոտ 20 մարդ հավաքվել են Ռիզեի կենտրոնական Հանրապետության հրապարակում, կանգնել են ի պաշտպանություն «Գեզի» այգու այնտեղ հավաքված «կանգնած մարդկանց» դիմաց և որոշ ժամանակ շրջանով քայլել են նրանց կողքով:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ նոր ակցիայի մասնակիցներից Բենյամին Արսլանը իր կողմնակիցների անունից հայտարարությամբ է հանդես եկել: Արսլանը հայտարարել է, որ նման կերպ նրանք հանդես են գալիս ընդդեմ այն ուժերի, որոնք չեն ուզում, որ Թուրքիան զարգանա, այլ ուզում են ստորացնել իրենց երկիրը, և կոչ է արել թուրք երիտասարդությանը միանալ իրենց նախաձեռնությանը:

Մեհրիբան Ալիևան և Իլհամ Ալիևը նախագահի աթոռի համար պայքարելու են իրար դեմ

2“Դեմոկրատական Ադրբեջանի աշխարհ” կուսակցությունը այս տարվա հոկտեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի կնոջ`Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, նման հայտարարություն արվել է կուսակցության ակտիվիստների`հունիսի 15-ի հանդիպման ժամանակ, սակայն կուսակցության մամուլի ծառայությունը այս որոշման մասին տեղեկացրել է միայն հունիսի 21-ին:
Վերոնշյալ կուսակցությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ և երբևէ ակտիվ գործունեությամբ չի զբաղվել:
Նշենք, որ Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում երրորդ անգամ իր թեկնածությունն է դրել նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը: Այսպիսով`ամուսինները պայքարելու են նախագահական աթոռի համար:

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կմեկնեն ԱՄՆ

1Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչները հաջորդ ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ կմեկնեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, այս մասին հայտարարել է Ազգային խորհրդի ներկայացուցիչ Էլդար Նամազովը: Հայտնի է, որ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ազգային խորհրդի նախագահ, ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի՝ օրեր առաջ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
Ըստ կայքի` “Ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիից բացի (վերջինս անձնագրի հետ կապված խնդիր ունի) ԱՄՆ կմեկնեն “Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության նախագահ Լալա Շավկեթը, Բաց հասարակության կուսակցության առաջնորդ Սուլհեդդին Ակփերը և “Դասական ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: Նշվում է, որ Վաշինգտոնում նրանց կմիանան նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը և Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը:

Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը հունիսի 10-ին մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր  Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ:

Ընդդիմադիր Ազգային խորհուրդը ստեղծվել է վերջերս`2013թ.-ի մայիսի 28-ին:

 

Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի գործերով վարչության նախկին պետը

1Հունիսի 20-ին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահի գործերով  վարչության նախկին պետ, 63-ամյա Ակիֆ Մուրադվերդիևը:
Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը հաղորդել է նրա դատապաշտպան Ֆուադ Աղաևը: Նախկին պաշտոնյան ձերբակալվել է օդանավակայանում, երբ փորձել է մեկնել Մոսկվա: Նա ձերբակալվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Դատապաշտպանի խոսքով Մուրադվերդիևը մեղադրվում է մաքսանենգության մեջ:
Պարզաբանելով Մուրադվերդիևի ձերբակալության մանրամասները` Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում նշել են, որ վերջինս փորձել է ապօրինի ճանապարհով Ադրբեջանից Ռուսաստան տանել Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանի 40 ոսկե մետաղադրամ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ”-ն:
Փաստի առնչության հարուցվել է քրեական գործ`մաքսանենգության հոդվածով:
1990-ական թվականներին Մուրադվերդիևը նշանակվել է Հեյդար Ալիևի գործերի ղեկավար, ավելի ուշ դարձել է պատգամավոր:

«Գեզի այգու իրադարձությունները», «թավշյա հեղափոխությունն» ու «արաբական գարունը» կազմակերպվել են մեկ կենտրոնի կողմից

geziՄի շարք թուրք հետազոտողների կարծիքով՝ Թուրքիայում սկսված բողոքի ակցիաների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» ու «արաբական գարնան» մասնակիցների գործողությունների և նրանց ընտրած պայքարի մեթոդների միջև շատ ընդհանրություններ կան: «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայում լայնորեն սկսեցին քննարկել ոչ պետական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց աշխատանքի մեթոդները:

Հայտնի է, որ «թավշյա հեղափոխության» կազմակերպման և «արաբական գարնանը» բերած իրադարձությունների մեջ ակտիվ դեր են խաղացել ոչ պետական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են «Բաց հասարակություն» միջազգային ինստիտուտի կողմից, որի հիմնադիրն է Ջորջ Սորեսի: Այսպիսով «Անադոլու» գործակալությունը գրում է, որ ըստ մի շարք թուրք փորձագետների՝ ոչ պետական կազմակերպությունների գործունեության ճյուղավորված միջազգային ցանցը ղեկավարվում է մեկ կենտրոնի կողմից:

Հարավային Կովկասում կայունություն չի կարող հաստատվել առանց Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման. Եվրամիության նախագահ

3“Հարավային Կովկասում կայունություն չի կարող հաստատվել առանց Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման: Եվրոմիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին”,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցություններից հետո հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռոմպեյը հավելել է, որ Եվրամիությունը սատարում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին,  ինչպես նաև ողջունում է «G-8» գագաթաժողովի շրջանակում ԼՂ հարցի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությունը:

“Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է: Մենք միասին շատ ձեռքբերումներ ունենք, այդ թվում էներգետիկայի բնագավառում: Միասին կարող ենք շատ այլ բաների էլ հասնել”,-հավելել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան`բնորոշելոց ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը:

Ռոմպեյը նշել է նաև, որ Ալիևի  հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ ծրագրերին, Ադրբեջանում մարդու իրավունքների,  ժողովրդավարության զարգացմանն  առնչվող հարցեր:

Եվրամիության նախագահը հույս է հայտնել, որ 2013թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով:

Ալիևը Բելգիա է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հրավերով: Այցի շրջանակում Ալիևը հանդիպելու է նաև վերջինիս հետ:

Օրեր առաջ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ էր հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և կոչ արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաև այդ երկրում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հարցը:

Հայտնաբերվել է «Գեզի» այգու 19-րդ դարի քարտեզը

gezi (1)Թուրքիայում հայտաբերել են ներկայիս «Գեզի» այգու տեղում նախկինում գոյություն ունեցող հրետանային զորանոցների նախագիծն ու քարտեզը: Այդ նախագիծը արվել է 1869 թվականին, իսկ քարտեզը թվագրվում է 1913-ին: Ենթադրվում է, որ զորանոցները կառուցվել են 19-րդ դարի սկզբին սուլթան Սելիմ 3-րդի կառավարման տարիներին:
Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ 1940 թվականին քանդված հրետանային զորանոցների վերաբերյալ ոչ մի քարտեզ կամ նախագիծ չի պահպանվել: Այս հարցի շուրջ գիտական շրջանակներում մի շարք վեճեր և քննարկումներ էին ծավալվել և այս գտածոն պետք է վերջ դնի դրանց: Հայտնաբերված քարտեզներում պատկերված է զորանոցների տեսքը վերևից, ինչպես նաև դրանց գծագրերն ու շրջակայքի պատկերը: Գտածոն դեռևս չի ներկայացվել հանրությանը:

Թուրքիայում մեկնարկել են Միջերկրածովյան 17-րդ մարզական խաղերը

xaxԹուրքիայի Մերսին քաղաքում տեղի է ունեցել Միջերկրածովյան 17-րդ մարզական խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է պատմական ժանրի ներկայացում: Բեմականացվել է նշանավոր ճանապարհորդ, քարտեզագիր ծովակալ Փիրի Ռեիսի մասին պատմող համար:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  խաղերի բացման հանդիսությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Նա ողջունել է խաղերի բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել նրանց: «Թուրքիայում Միջերկրածովյան խաղերի անցկացումը մենք դիտարկում ենք  որպես նախապատրաստություն 2020 թվականի Ստամբուլի օլիմպիական խաղերին»,-հայտարարել է Էրդողանը:

 

Թուրքիայում վերսկսվել են 1980 թվականի սեպտեմբերի 12-ի գործով դատական լսումները

gorts   Անկարայի քաղաքային դատարանում սկսվել են  Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման գործով հերթական լսումները: Նշենք, որ այս գործով մաղադրյալներ են Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը և բանակի նախկին գեներալ Ալի Թահսին Շահինքայան: Վերջիններս մեղադրվում են Թուրքիայի Հանրապետության պետական կարգին դավաճանելու և սահմանադրությունը խախտելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի գործունեությանը հակասելու մեջ: «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ մեղադրյալները դատական լսումներին չեն մասնակցում, նրանց շահերը ներկայացնում են փաստաբանները:

Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է Եվրախորհրդարանին

2 (3)Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավորները հունիսի 21-ի նիստի ժամանակ քննադատել են Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

“Ադրբեջանի անկախ քաղաքականությունը շատերին դուր չի գալիս, և շատ երկրներ ու պատգամավորներ փորձում են իրենց դիրքորոշումը պարտադրել մեզ: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հերթական հաջողությանն է հասնում, Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ ուղղված ինչ-որ բանաձև է ընդունում: Այսօր Ադրբեջանի և Եվրամիության միջև կառուցողական համագործակցություն է ընթանում: Առաջին անգամ Եվրախորհրդարանի և Միլի մեջլիսի միջև համագործակցության հանձնաժողով է ստեղծվել: Ադրբեջանը դարձել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ակտիվ մասնակիցը: Այդ ամենի նպատակն է զարգացնել համագործակցությունը Եվրախորհրդարանի և Միլի մեջլիսի միջև: Սակայն հարցը առանց Համագործակցության հանձնաժողովում և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում քննարկելու դրվել է քննարկման Եվրախորհրդարանում: Եվրախորհրդարանի նպատակն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է”,- հայտարարել է Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը:

Նշենք, որ Եվրոդատարանը հունիսի 13-ին ընդունել է “Ադրբեջան. Իլգար Մամեդովի գործը” վերատառությամբ բանաձև, որում մարդու իրավունքները ոտնահարելու համար դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:

Այս բանաձևին արձագանքել են նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը`Եվրախորհրդարանին մեղադրելով կողմնակալության մեջ: 

Թուրքիան մարդկանց թրաֆիքինգի տարանցիկ երկիր է. պետդեպարտամենտ

1ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված 2013թ.-ի` մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում Թուրքիան բնորոշվել է որպես մարդկանց թրաֆիքինգի տարանցիկ երկիր, հաղորդում է “Ֆըրաթ” գործակալությունը:

“Թուրքիան կանանց, տղամարդկանց և երեխաներին սեռական թրաֆիքինգի և ապօրինի շահագործման ենթարկելու նպատակով հավաքման, այլ երկրներ փախանցման տարանցիկ երկիր է”,-նշվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ օտարերկրացի կանայք Թուրքիա են գալիս որպես սպասուհի կամ երեխաների դայակ աշխատելու համար, սակայն նրանց ձեռքից անձնագրերը խլում են, ստիպում են հյուրանոցներում, դիսկոտեկներում և տներում մարմանավաճառությամբ զբաղվել`կիրառելով հոգեբանական ճնշման և սպառնալիքների տարբեր մեթոդներ:

Ադրբեջանում երգչուհին թևին դաջել է Հ. Ալիևի ստորագրությունը (լուսանկար)

1Ադրբեջանում տիպիկ ադրբեջանական “նորաձևության” նոր տենդենց է նկատվում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, Ադրբեջանում այսօր արդեն նորաձև են Հեյդար Ալիևի ստորագրությունը պատկերող դաջվածքները: Շոու բիզնեսի իգական սեռի շատ ներկայացուցիչներ որոշել են նոր ուղղություն մտցնել նորաձևությունում. իրենց մարմնի  վրա դաջում են Հեյդար Ալիևի ստորագրություն:
2Ադրբեջանում հայտնի երգչուհի Ռաքսանան սոցիալական կայքերից մեկի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ աղջկա թևին դաջված է Հեյդար Ալիևի ստորագրությունը: Երգչուհին նկարին կից հետևյալ մեկնաբանությունն է թողել. “Այսպես ես արտահայտում եմ սերս իմ նախագահի նկատմամբ”:
Հեյդար Ալիևը ծնվել է 1923թ.-ի մայիսի 10-ին: Նա երկիրը ղեկավարել է 1993-2003թթ.: Նրան փոխարինել է իր որդին` ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն է:

Թուրքիայի հանրահայտ «կանգնած մարդը» նախկինում գլխաշորով ցույց է արել

mard   Ողջ Թուրքիայում հայտնի դարձած Էրդեմ Գյունդյուզը՝ նույն ինքը «կանգնած մարդը», որը կիրակի օրը Թաքսիմի հրապարակում ժամեր շարունակ անշարժ կանգնելով սկսեց մի շարժում, նախկինում ևս նմանատիպ ակցիաներ է իրականացրել՝ արտահայտելով իր բողոքը: Գյունդյուզի ընկերը՝ Ալպեր Ալփագյոզը «Facebook»-ում մի լուսանկար է տեղադրել, որում ինքն ու ընկերը գլխաշոր են կրում:

Ահա Ալպերը «Ռադիկալին» պատմել է 2004 թվականին տեղի ունեցած դեպքի մասին. «Ես և Էրդեմը միշտ եղել ենք մեր ճնշված ընկերների կողքին: Մենք ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չենք: Մեզ վշտացնում էր այն, որ գլխաշորով աղջիկները չէին կարող դասի գալ, այն դեպքում, երբ իսլամամետ տղաները նման խնդիր չունեին: Այսպես մենք որոշեցին գլխաշորով դասի գալ, ցույց տալու համար, որ մեր և աղջիկների միջև տարբերություն չկա: Եթե նրանց դասի չեն թողնում ապա մեզ ել պետք է չթողնեն: Դասախոսները մեզ խնդրեցին, որ նման բան չանենք, քանի որ հնարավոր է խնդիրներ առաջանային, սակայն ձայն չհանեցին, քանի որ լուսավորյալ մարդիկ են»,-պատմել է Ալպերը՝ նշելով, որ իրենց արած բողոքի ցույցի համար ոչ մի ճնշման չեն ենթարկվել:

Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը

2Հունիսի 26-ին Ադրբեջանում Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ գործակալության՝ ինչպես այդ համալիրը, այնպես էլ ռազմական այլ տեխնիկան, որը պետք է ցուցադրվի զորահանդեսին, արդեն բերվել է “Ազադլըխ” հրապարակ:

Նախատեսվում է բացի “Բուկ” համալիրից առաջին անգամ ցուցադրել նաև զենիթահրթիռային “Տոր” համալիրը:

 

PKK-ի զիննյալների երկու երրորդը լքել է Թուրքիան

1 (2)Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են լքել Թուրքիան: Զինյալների երկու երրորդը հատել է Թուրքիայի տարածքն ու անցել Հյուսիսային Իրաք, տեղեկացնում է թուրքական “Սաբահ”-ը։

2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր

RohaniՇաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով  ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:

 Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:

Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը,  նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:

«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի  շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան:  Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին,  հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին  կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:

«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:

Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է  ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու

Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի  ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:

«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:

«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Իրանում  բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:

 

Ադրբեջանական բանակում էլեկտրահարումից զինվոր է մահացել

2 (2)Ադրբեջանական բանակում զինվորի մահվան դեպք է գրանցվել: 19-ամյա Սամեդով Արազ Սալմանը մահացել է էլեկտրահարումից:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” պետական գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Գազախական շրջանի N համարի զորամասում:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Վրաստանում կտտանքների համար ձերբակալվել է ՆԳՆ 9 աշխատակից

225-1Վրաստանի իշխանությունները ձերբակալել են ՆԳՆ և ՊՆ 9 աշխատակցի, որոնք կասկածվում են կալանավորներին կտտանքների ենթարկելու ու բռնաբարելու մեջ:

Չորեքշաբթի` հունիսի 19-ին,   Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է մի քանի պաշտոնական անձանց ձերբակալության մասին, որոնք բանտում կալանավորվածների նկատմամբ կատարված ոտնձգություններում կարող են մեղավոր լինել: Նրանց թվում ՆԳՆ 9 ներկա ու նախկին աշխատակիցներ են, որոնք կասկածյալ են համարվում ստորգետնյա պահեստում հայտնաբերված զենքի, թմրանյութերի ու կտտանքների  տեսանյութերի գործով:

Նախարարի խոսքով,  տեսանյութում նրանցից 2-ին ճանաչել են:”Ձերբակալվածներից մեկը ՊՆ աշխատակից է, 2-ը` նախկին ոստիկաններ: Նրանցից մեկն անձամբ է մասնակցել կալանավորների նկատմամբ կատարված բռնություններին,նա տեսանյութում կա”,-հայտնել է նախարարը: Սամերղելոյի նահանգապետը հայտնել է նրանցից 4-ի անունը: Խոսքը ոստիկանության գործող աշխատակից Մառլեն Խվաթիայի, ԿԱՊ-ի նախկին ղեկավար Սամերղելո Ռուսլան Շամախիայի, ոստիկանական վարչության նախկին ղեկավար Լևանե Կիրիայի,ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի նախկին պետ Իրաքլի Ախալայի մասին է:

Թաքստոցները հայտնաբերվել են հունիսի 17-ին, Սամերղելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում: Հետախուզության ժամանակ ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ տեսանյութ`  իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ծեծի, կտտանքի ու սեքսուալ բռնության կադրերով:

Վրաստանի ՆԳՆ պետանվտանգության գործակալության աշխատակիցները ենթադրում են, որ թաքստոցները հայտնվել են ՆԳՆ պաշտոնյաների ու ՊՆ աշխատակիցների կարգադրությամբ` նախորդ իշխանությունների օրոք: Բացի սկանդալային տեսանյութերից, իշխանությունները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել, նռնակներ, կապի միջոցներ, թմրանյութեր, այդ թվում` հերոին, կոկաին և օփիում: