Պատերազմում` ինչպես պատերազմում. սիրիական խնդիրը դեռ չի լուծվել

Վերջին երկու շաբաթն աննախադեպ ակտիվ էր սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում:Նախ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները համաձայնեցին: Այնուհետև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը: 

Լավրով-ՔերիՍիրիական խնդրում դեպքերն աննախադեպ արագ զարգացումներ են ապրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական ժամկետը` սեպտեմբերի 11-ը, հանկարծ փոխեց իր քաղաքական կուրսը` համաձայնելով Ռուսաստանի` սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկին: Օբաման հայտարարել է, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, և կոչ է արել Կոնգրեսին դեռևս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:

Դրանով Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մտան աննախադեպ բուռն զարգացումների շրջան: Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ մակարդակում և ՄԱԿ-ում քննարկում էին Սիրիայի քիմիական զենքերը միջազգային վերահսկողության տակ դնելու առաջարկը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ  «Ժնև-2» (ԱՄՆ և ՌԴ) համաժողովի շրջանակներում  ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը:

Սեպտեմբերի 14-ին Ժնևում բանակցություններ վարող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը:

Ժնևյան եռօրյա բանակցություններն աննախադեպ էին ու կդառնան դիվանագիտության դասագրքային օրինակ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան համաձայնեցնել  սիրիական քիմիական զենքի խնդրի կարգավորման խաղաղ սցենարն այն պահին, երբ ռազմական միջամտությունն Արևմուտքի կողմից անխուսափելի էր թվում:

Այս բանակցությունները եկան ապացուցելու, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխարհի երկու ամենահզոր գերտերություններն են, որոնք կարող են որոշել, թե աշխարհի որ կետում ինչպիսի զարգացումներ ընթանան կամ չընթանան:

Ինչպես այս առիթով գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ռուսական պատվիրակության կազմում իր աղբյուրին, ռուսական պատվիրակությունը մինչև վերջին պահը լիովին համոզված չի եղել, որ ամերիկացիները կընդունեն Մոսկվայի նախագիծը սիրիական քիմիական պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Անորոշությունը պահպանվել է անգամ, երբ համաձայնությունը կայացած է եղել, և բանակցողներին մնացել է միայն այդ մասին հայտարարել լրագրողներին:

«Ջոն Քերին երկար ժամանակ ձգձգում էր ճեպազրույցը: Այդ ժամանակ Սերգեյ Լավրովը ոչ սովորական քայլի դիմեց. նա մամուլի սրահ գնաց միայնակ, նստեց իր աթոռին ու սկսեց խոսել եղանակի մասին: Նրան անմիջապես շրջապատեցին արևմտյան լրագրողները: Նրանցից մեկի հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, Լավրովը պատասխանեց. «Ես ժամանակ եմ սպանում, պարզապես անելիք չունեմ»: Դրանից քիչ անց Ջոն Քերին հայտնվեց»,- գրում է թերթը:

Ըստ պարբերականի` բանակցությունների ընթացքում ամենադժվար կետը եղել է այն, թե ինչ կլինի, եթե հակամարտող կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն պնդել է, որ պատասխանատվություն կարող է կրել միայն Բաշար ալ-Ասադի ռեժիմը, և եթե այն չգործի ըստ ռուսական սցենարի, ապա անմիջապես պետք է պատժել և ուժ կիրառել` համաձայն  ՄԱԿ-ի օրենսդրության: Իսկ Ռուսաստանը պահանջել է համաձայնությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը տարածել նաև ընդդիմության վրա` կտրուկ դեմ արտահայտվելով որևէ ավտոմատ պատժիչ միջոցի: Հատկանշական է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերին հրապարակավ խոստովանեց, որ ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի:

Ընդամենը` «թայմ աութ»

Մի խոսքով, բանակցությունները Ժնևում դեռ նոր էին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը ստացել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային Սիրիայի անդամակցությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսով Սիրիայում կոնվենցիան ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 14-ին` անդամակցության մասին փաստաթղթերի փոխանցումից 30 օր հետո:

Թվում էր` մնում են արդեն միայն տեխնիկական խնդիրները: Սակայն սեպետեմբերի  16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հանգեցին այն եզրակացության, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձև պետք է ընդունվի:

Այդ նույն օրը OPCW-ն` Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է, որ  պատրաստ է մի քանի օրվա ընթացքում սկսել Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման ծրագիրը:

Եվ եկավ ամենասպասելի ժամը` սեպտեմբերի 16-ին հրապարակվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը, որում հաստատվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը: Մասնագետների խոսքով` Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ` զարին գազով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար:

ՄԱԿՍրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը: «Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից` շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, թե ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում:

Այս փաստը հետաքրքիր է դառնում հատկապես Բարաք Օբամայի այն հայտարարության համատեքստում, որ ԱՄՆ-ն  կշարունակի իրականացնել Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, եթե այս խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը արդյունք չտա: Ըստ Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդիրներ են սպասում, եթե նա փորձի շեղվել նախագծված ծրագրից:

Ամենայն հավանականությամբ, հենց ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի բովանդակությունն էլ բխում է այդ տրամաբանությունից, քանի որ «տեղ է թողնում» ԱՄՆ-ի համար, ցանկացած պահի այդ զեկույցին հղում կատարելով, դարձյալ ակտիվացնել Սիրիայի վրա ռազմական ուժի կիրառման սցենարները: Այս դեպքում, համոզված ենք, Ռուսաստանի արձագանքը չի ուշանա: «Պատերազմում` ինչպես պատերազմում»,- ասում է ռուսական ասացվածքը: Իսկ հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ծավալվում է նյարդերի և ուղեղների լարված պայքար` սառը պատերազմ: Ամեն դեպքում, մինչև հոկտեմբերի 14-ը ԱՄՆ-ն դժվար թե ռազմական ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ: Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունները վերջնականապես չեզոքացված չեն, ընդամենը մտել են «թայմ աութի» փուլ:

 

Սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար մլրդ դոլար է հարկավոր

iԲաշար Ասադը հայտարարել է, որ քիմիական զենքի ոչնչացման համար մեկ տարի ու ամերիկյան 1 մլրդ դոլար կպահանջվի:

Նա հայտարարել է, որ դա շատ բարդ է տեխնիկապես, դրա համար էլ կձգձգվի մեկ տարի: Սիրիան նույնիսկ հայտնել է իր ունեցած քիմիական զենքը նման ռիսկի պատրաստ  ցանկացած այլ երկրի հանձնելու մտադրության մասին:

Բացի այդ, նա հայտնել է, որ դեմ չէ ՄԱԿ-ի փորձագետների վերադարձին:

Մուրսիի կողմնակիցներն եգիպտացիներն կոչ են արել անջատել բջջային հեռախոսները

egiptos   Եգիպտոսում իշխանությունից զրկված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները երկրի քաղաքացիներին կոչ են արել անջատել բջջային հեռախոսները՝ ի նշան բողոքի: Իսլամիստները կարծում են, որ այս կերպ իրենց կհաջողվի վնաս հասցնել բջջային օպերատորներին, որոնք մասնակցել են Մուրսիի դեմ դավադրությանը: Բացի այդ, իսլամիստները իրենց կողմնակիցներին կոչ են անում այլևս չվճարել պետական հարկերը և չնայել մի քանի իշխանամետ հեռուստաալիքներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով «BBC»-ին:

Այն բանից հետո, երբ հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նախագահի պաշտոնից հեռացվեց Մուհամեդ Մուրսին, եգիպտական հասարարկությունը բաժանվեց երկու մասի: Մի մասը աջակցում է Մուրսիին, մյուսները՝ բանակին: Եգիպոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ու բախումները հակառակորդ կողմերի միջև:

Սիրիացի հարուստները տեղափոխվում են Փարիզ՝ անտեսելով փախստականների ճամբարներում գոյատևող իրենց հայրենակիցներին

paris   Սիրիայում արդեն 2,5 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը վերապրող սիրիացիները շարունակում են աշխարհին զարմացնել իրենց վարքով: Նախ երեկ մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ սիրիացի երիտասարդները զվարճանում են Դամասկոսի գիշերային ակումբներում, այնուհետև տեսարաններ, որտեղ քաղաքացիները լիցքաթափվում են մայրաքաղաքի լողավազաններից մեկում: Այսօր էլ մամուլում լուրեր են տարածվել, թե սիրիացի հարուստները սկսել են շքեղ բնակարաններ գնել Փարիզում: Մինչ սիրիացի փախստականները մեծ դժվարությամբ փորձում են նոր կյանք սկսել սահմանակից երկրներում՝ մասնավորապես Թուրքիայում և Լիբանանում տեղակայված ճամբարներում, նրանց հարուստ հայրենակիցները սկզբում տեղափոխվելով Հորդանան և Լիբանան, սկսում են  շքեղ առանձնատներ ու բնակարաններ  փնտրել Փարիզի էլիտար թաղամասերում:

«Ռադիկալը» գրում է, որ ֆրանսիացի գործակալները ամառվա ամիսներից սկսած Փարիզի ամենահայտնի պողոտաներում միլիոնավոր եվրոներ արժողությամբ բնակարաններ են վաճառել սիրիացի հարուստներին: Ահա այսպես սոցիալական անհավասարությունն ու մարդկային անտարբերությունը շարունակում է իրենն ասել նույնիսկ պատերազմի ժամանակ:

Ռուսաստանը դժգոհ է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի զեկույցից

Սերգեյ ՐյաբկովՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը դժգոհ է Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետների զեկույցից, քանի որ այն քաղաքականացված և կողմնակալ եզրահանգումներ է պարունակում: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Մեղմ ասած, մենք հիասթափված ենք, հաշվի առնելով Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի քարտուղարության և փորձագետների ցուցաբերած մոտեցումը, քանի որ նրանք զեկույցը թերի են պատրաստել՝ հաշվի չառնելով այն հանգամանքները, որոնց մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, նյութեր չհավաքելով այն մյուս երեք փաստերի շուրջ, ինչի վերաբերյալ սիրիական ժողովուրդն ու մենք նրանց կոչ էինք անում»-նշել է Ռյաբկովը:

Փոխարտգործնախարարը հայտնել է, որ իրենք սպասում են Սիրիայից ՄԱԿ- փորձագետների վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն: «Օկե Սելստրատի գլխավորությամբ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքը չի ներկայացնում Սիրիայում տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ, այս պարագայում նրանց կայացրած եզրահանգումները քաղաքականացված, կողմնակալ և միակողմանի անվանելուց բացի այլ կերպ չենք կարող որակել»,-ընդգծել է նա:

Գիշերային կյանքը պատերազմական Սիրիայում (լուսանկարներ)

1Ավելի քան երկու տարի Սիրիայում շարունակվում է պայքարը Ասադի ուժերի և ընդդիմադիրների միջև, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, դարձել հաշմանդամ, մնացել անտուն և անտեր: Այս ամենին գումարվեց քիմիական զենքի կիրառումը, որն աննախադեպ է համարվում վերջին քառորդ դարում:

Մինչև երկրում կյանքի ու մահվան պայքար է գնում իշխանությանը լիակատար տիրանալու համար, շարքային քաղաքացիները աշխատում են շարունակել իրենց սովորական կյանքը: Սրանց թվում են նաև Դամասկոսի գիշերային կյանքի սիրահարները: «AFP» լրատվական գործակալությունը այցելել է Դամասկոսի Շալեն թաղամասի գիշերային ակումբներից մեկը, խոսել սիրիացիների հետ՝ լուսանկարելով նրանց խրախճանքը: Սակայն հայտնի չէ, թե գործակալությունը նման լուսանկարներ ինչու է արել և հրապարակել այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Սիրիայում լրագրողներ են սպանում:

Թուրք-սիրիական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել

siria Ժամեր առաջ Սիրիայի սահմաններում մի ռազմական ուղղաթիռ, օդում պայթելով, ընկել է Յայլադաղը շրջանում: Երկու օդաչուները անկարգելների օգնությամբ կարողացել են փրկվել, սակայն, վայրէջք կատարելով, սպանվել են ընդդիմադիր ուժերի կողմից: Դեպքի վայր են գնացել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական զինված ուժերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Հաթայի նահանգապետ Մեհմեդ Լեքեսիզը հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է սիրիական սահմանից մոտ 400 մետր հեռավորության վրա, դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի դեմ մարտնչող Ադրբեջանի քաղաքացի

2Սիրիայում սպանվել է կառավարական ուժերի դեմ մարտնչող Ադրբեջանի քաղաքացի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Սիրիայում Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում կռվել է կառավարական զորքերի դեմ:

 

Սեպտեմբերի 13-ին վերջինս վիրավորվել է սիրիական Համաս քաղաքի մերձակայքում կործանիչների կողմից ռմբակոծության արդյունքում: Աբու Յահյան մահացել է շատ արյուն կորցնելու պատճառով:

 

Հենց նույն օրը նրան թաղել են “Աբու Մուսլիմ” գերեզմանատանը։

 

Ռուսաստանը ապահովեց Սիրիայի հաղթանակը

rusya-suriye Անցած շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կայացրած համաձայնությունը, ըստ որի Ասադը իր ունեցած քիմիական զենքը կհանձնի միջազգային հսկողությանը կանխելով Սիրիայի վրա զինված հարձակումը, ուրախությամբ է ընդունվել պատերազմից ուժասպառ եղած Սիրիայում:

Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ Սիրիայում փոխզիջման հասնելու պարտականությունը ստանձնած նախարար Ալի Հայդարը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե իրենք գոհունակությամբ են ընդունում քիմիական զենքի վերաբերյալ կայացրած համաձայնությունը: «Այսպիսով մի կողմից ճանապարհ է բացվում Սիրիան ճգնաժամից դուրս բերելու համար, մյուս կողմից էլ կանխվում է Սիրիայի դեմ ուղղված պատերազմը: Սա մեր ռուս բարեկամների՝ Սիրիայի համար ապահոված հաղթանակն է»,-նշել է նախարար Հայդարը:

Նշենք, որ ըստ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնության՝ Սիրիան պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ին հանձնել քիմիական զենքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Նախատեսվում է, որ քիմիական զենքը կոչնչացվի մինչև 2014 թվականի կեսերը:

«Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել Սիրիայից

siriaԻնչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ երեկ «Time» հանդեսը անհավատալի լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Սիրիայում: Հանդեսի ֆոտոլրագրողներից մեկը, որի անունը չի հրապարակվում, մի լուսանկար է արել, որտեղ վայրկյան առ վարկյան երևում է, թե ինչպես են Ալ-Քայիդայի ընդդիմադիր ուժերը սպանում Ասադի զինվորներից մեկին:

Հալեպի մոտակայքում տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, թե Ալ-Քայիդայի իրաքյան թևը հանդիսացող Իրաքի իսլամական էմիրությունը ինչպիսի ազդեցություն ունի Սիրիայում: Հայտնի է, որ այս կազմակերպությունը ստվերում է թողել նույնիսկ Սիրիայում լայն քննարկումների առարկա դարձած Էլ Նուսրա կազմակերպությանը՝ դաժանորեն մահապատժի ենթարկելով Ադասի կողմնակիցներին: Այս ամենը վկայում է այն մասին, թե ինչքան է պատերազմը դուրս եկել վերահսկողությունից:

 

Իրաքի սահմանի մոտակայքում Սիրիայի ապստամբների միջև բախում է տեղի ունեցել

syria-iraqԱկտիվիստների տեղեկություններով՝ Իրաքի սահմանի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիր զինյալների և մահմեդական ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հինգ մարդ է զոհվել:

Սիրիայում գտնվող մարդու իրավունքների մոնիտորինգի բրիտանական խումբը հայտնում է, որ շաբաթ օրը Բուկամալ քաղաքում տեղի ունեցած բախումները գժտություն են ստեղծում Իրաքի ալ-Քաիդայի հետ կապ ունեցող իսլամական պետության և ավելի չափավոր ապստամբների խմբավորումների միջև:

Վերջին ամիսների ընթացքում ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների և ավելի չափավոր միավորումների միջև բախումները հաճախակի են դարձել:

Այս բախումները նաև բարդացնում են սիրիական ապստամբներին աջակցություն տրամադրելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերը:

Ամերիկացիներն Ասադի մեղքն ապացուցող բավականաչափ փաստեր չունեն

i (3)The Washington Times-ի լրագրողները բացատրում են, թե ինչու ԱՄՆ-ն չի կարողանում ապացուցել Սիրիայի նախագահի մասնակցությունը քիմիական զենքի կիրառմանը:

Թերթի կարծիքով, ամերիկյան հետախուզությանը մինչ օրս չի հաջողվել ծանրակշիռ փաստեր գտնել, որ իրոք, Ասադը օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու հրաման է արձակել:

Հրատարակությունը համոզված է, որ  նման սցենարը նախագահի տեսանկյունից, այնքան էլ տրամաբանական չէ.”Եթե գեներալներից  որևիցե մեկը նման քայլի գնար սեփական նախաձեռնությամբ, ապա դա Ասադի համար լուրջ խնդիր կնշանակեր: Կստացվեր, որ Ասադը սպառազինոթյան նկատմամբ հսկողություն չունի: Իսկ, թե ով է նման գրոհի  հրաման արձակել, պարզելու համար ապացույցներն անբավարար են”:

Սիրիան Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է դարձել

i (1)ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է սիրիացիների` Կոնվենցիային միանալու մասին:

Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխ.քարտուղար Պան Գի Մունին հատուկ նամակ է ուղարկվել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալեմի անունից:

ՄԱԿ-ի գլխ.քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Խակը բացատրել է, որ փաստաթուղթն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր .”Անհրաժեշտ է որոշել, թե կարելի է այն միանալու գործիք համարել (Կոնվենցիային): Դրա համար որոշակի իրավաբանական պրոցեդուրաներ գոյություն ունեն”:

Ջաֆարիի խոսքով, Սիրիան արդեն այսօրվանից իրավաբանորեն կարող է համարվել Կոնվենցիայի լիիրավ մասնակից:

Բաշար Ասադը խոսել է ռուսական հեռուստաալիքի եթերում

asad Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է ռուսական «Rossiya-24» հեռուստաալիքի եթերում. «Մենք ընդունեցինք քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու առաջարկը, քանի որ այն Ռուսաստանը արեց: Մեր որոշման վրա չեն ազդել ԱՄՆ-ի սպառնալիքները»,-ասել է Ասադը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի ծանոթանա Ռուսաստանի՝ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու Սիրիային արված առաջարկը: Ռուսական ծրագիրը այսօր ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին:

 

 

Գերությունից ազատված բելգիացին պատրաստ է պատմել ճշմարտությունը Դամասկոսի քիմիական գրոհի մասին

Պիեռ Պիչչինին դա Պրատայի հավաստմամբ, որը գրեթե կես տարի է անցկացրել ծայրահեղականների մոտ գերության մեջ, քիմիական զենքի կիրառումը գրոհայինների սադրանքն է:

i (3)Կրթությամբ պատմաբան բելգիացին արդեն 8 անգամ է լինում Սիրիայում ու գերի է ընկել իտալացի գործընկեր Դոմենիկո Կուիրիկոյի հետ այն բանից հետո, երբ Ազատ բանակն իրենց վաճառեց իսլամիստներին:

Նա պատմել է այն կտտանքիների մասին, որոնց ենթարկել են. խմելու համար կեղտոտ ջուր են տվել, թույլ չեն տվել 2-3 շաբաթ լվացվել ամառվա շոգին, մկրատով կտրել են լեզվի ծայրը ու մի քանի անգամ սպառնացել ատրճանակի խզակոթը դեմ տալով ծոծրակին: Բելգիացին ապստամբների մոտ գերության մեջ է անցկացրել 5 ամիս: Նրա խոսքով, ինքը լսել է գրոհայինների  խոսակցությունները, որոնք քննարկել են պատրաստվող քիմիական գրոհը ինչ որ օտարերկրացիների հետ, որոնք խոսում էին մաքուր անգլերենով, ընդ որում, խոսակցությունը սկայպով էր ընթանում` Ազատ բանակի գեներալի ու ալ-Ֆարուքի ( դա այն բրիգադն է, որը սիրիական բանակի սպանված զինվորի սիրտը հում-հում կերավ) բրիգադի սպայի ու երրորդ դեմքի` ըստ Պիեռի, հաստատ բրիտանացու հետ, քանի որ նա գերազանց խոսում էր անգլերեն: Դա Պիեռին առիթ է տալիս հաստատելու, որ քիմիական գրոհն Ասադի կառավարությունը չի կազմակերպել:

Թե ինչ կերպ են գործին բրիտանացիները խառնվել ու ինչ են նրանք խոսել, բելգիացին կպատմի մոտ ժամանակներում, իր իտալացի գործընկերոջ հետ:

Իրաքում շիաների մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է 35 մարդ

iraqԻրաքի իշխանությունների տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան աղոթքից հետո մահապարտ ահաբեկիչը հյուսիսային Բաղդադում պայթեցրել է շիաների մզկիթը, որի ժամանակ զոհվել է 35 մարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մահապարտ ահաբեկիչը նախքան իրեն պայթեցնելը քայլել էր դեպի եկեղեցու դարպասը, իսկ այդ պայթյունից մի փոքր անց պայթել էր նաև նրա մեքենան:

Ոստիկանության և հիվանդանոցի աշխատակիցների տվյալներով՝ առնվազն 52 մարդ է վիրավորվել:

Դեպքի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել: Շիաներին թիրախ դարձնող մահապարտների իրականացրած և մեքենաների պայթյունները հաճախ կազմակերպած է լինում ալ-Քաիդայի Իրաքյան ճյուղը:

 

Ֆրանսիան առաջարկում է Սիրիային 15 օր ժամանակ տալ

frans  Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել սիրիական խնդրի լուծման ծրագիր, ըստ որի Սիրիան պետք է 15 օրվա ընթացքում տվյալներ տրամադրի երկրում առկա քիմիական զենքի մասին և անհապաղ ՄԱԿ-ի փորձագետներին թույլ տալ մոտենալ այն բոլոր օբյեկտներին, որոնք կապ ունեն քիմիական զենքի հետ: Այս մասին է հայտարարել Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, համաձայն ֆրանսիական տարբերակի, եթե Սիրիայի իշխանությունները չհամաձայնեն տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, ապա Անվտանգության խորհուրդը կդիտարկի «հետագա անհրաժեշտ միջոցառումները՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի վրա»:

Միլիոնավոր մարդիկ դիտեցին հանրահայտ եգիպտական թոք շոուն Հայոց ցեղասպանության մասին

եգիպտական հաղորդումԵգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում նոր կառավարության մասին, պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանություն:

Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը լիքն են հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: Տասնյակ հոդվածներ են հրապարակվում` դատապարտելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը և հորդորելով Եգիպտոսի նոր ղեկավարներին ճանաչելու այն: Նաև կոչեր են հնչում` Կահիրեում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու և պահանջներ՝ հայոց զոհերին Թուրքիայից փոխհատուցում վճարելու համար: Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար, փաստաբան Մուհամեդ Սաադ Խեյրալլահը, աննախադեպ քայլ կատարելով, դատական հայց է ներկայացրել` Թուրքիային մեղադրելով հայերի դեմ գործած ցեղասպանության համար:

Խեյրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Այման Սալաման, սեպտեմբերի 4-ին հայտնվեցին Լիլիան Դաուդի «Ալ-Սուրա ալ-Կամիլա» (Ամբողջական պատկերը) հանրահայտ թոք շոուում, ON հեռուստաընկերությունում, որը դիտում են միլիոնավոր հեռուստադիտողներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ ամբողջ արաբական աշխարհում: Շոուին հեռախոսի միջոցով մասնակցում էին նաև` Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Էրդողանի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Ռեսուլ Թոսունը և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: 36 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումը վարում էին արաբերեն լեզվով, որը ես հազվադեպ եմ օգտագործել մանկությանս տարիներից ի վեր:

Պրոֆ. Սալաման լսարանին տեղեկացրեց, որ 1919 թվականին Թուրքիայի ռազմական տրիբունալը մեղադրանք էr ներկայացրել Հայոց ցեղասպանության համար պատասխանատու ոճրագործներին: Տասնյոթ թուրք պաշտոնյա ճանաչվել էր մեղավոր, իսկ երեքը կախվել: Դոկտ. Սալաման նշեց, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը 1915 թվականին հանդես էին եկել համատեղ Հռչակագրով, նախագզուշացնելով, որ իրենք պատասխանատու են ճանաչելու թուրք ղեկավարներին՝ հայերին կոտորելու և «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար:

Փաստաբան Խեյրալլահը պնդեց, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումը Եգիպտոսում վաղուց է հասունացել և որևէ քաղաքական ենթատեքստ չունի: Նա հույս հայտնեց, որ իր դատական հայցը կստիպի Եգիպտոսին՝ «Մերձավոր Արևելքում սուննի մահմեդական ամենամեծ պետությանը» ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով արաբական այլ երկրների համար: Խեյրալլահը հայտարարեց, որ իր հայցը եգիպտական դատարանի կողմից կքննվի նոյեմբերի 5-ին: Նա հուսով է, որ դատարանը պատմական որոշում կկայացնի «մարդու իրավունքների» այս կարևորագույն հարցի վերաբերյալ:

Երբ հեռուստաշոուի հաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ կարծիքը եգիպտական դատական հայցի վերաբերյալ, ես մեծ գոհունակություն արտահայտեցի, հուսալով դրական դատավճիռ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին, և ասացի, որ անհամբեր սպասում եմ Ցեղասպանության ճանաչմանը Եգիպտոսի կառավարության կողմից:

Նաև նշեցի, որ Էրդողանն ինքն իրեն կարգել է որպես Մերձավոր Արևելքի նոր սուլթան, և բոլոր մահմեդականների, արաբների ու պաղեստինցիների միակ պաշտպան: Սակայն Էրդողանի խեղաթյուրումները վերջապես բացահայտվեցին, երբ արաբական աշխարհը հասկացավ, որ նա պարզապես փորձում է իշխել տարածաշրջանում, հետամուտ լինելով Թուրքիայի սեփական, այլ ոչ թե արաբների և մահմեդականների շահերին:

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռեսուլ Թոսունը, շոուին միանալով հեռախոսով, անմիջապես իր դեմ տրամադրեց հեռուստադիտողներին, պնդելով, որ «ներկայիս եգիպտական կառավարությունը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով, օրինական չէ, ուստի ներկայացված հայցը չի կարող դիտարկվել որպես օրինական»: Թոսունը շարունակեց թութակի պես կրկնել իր թուրք շեֆերի անհիմն ժխտումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պրոֆ. Սալաման, զայրացած Թոսունի ելույթից, Էրդողանին կոչեց «օսմանյան մարդասպանների իրավահաջորդը, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը»:

Այնուհետև հեռուստահաղորդավարուհին հարցրեց, թե ինչպիսին է իմ արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թոսունի արտահայտած աղավաղված տեսակետներին: Ես հեռուստադիտողներին հիշեցրի, որ Քեմալ Աթաթուրքը, «Լոս Անջելես էքզամիներ» թերթում 1926 թվականի օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում, պահանջել էր, որ երիտթուրքերը «պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք դաժանորեն զանգվածաբար քշվեցին և կոտորվեցին»: Ես նաև հիշեցրի, որ Ալ-Ազհարի շեյխը` Կահիրեում գործող իսլամական հետազոտությունների համաշխարհային նշանավոր կենտրոնի առաջնորդը, 1909 թվականին ֆեթվա (կրոնական հրամանագիր) է արձակել, որով դատապարտել է թուրք պաշտոնյաներին Կիլիկիայի Ադանա քաղաքում 30 հազար հայերի կոտորածի համար:

Շոուի ավարտին, փաստաբան Խեյրալլահը հայտարարեց, որ շուտով հանրահավաքներ տեղի կունենան ցույց տալու համար, որ նրա խմբի դատական հայցը բխում է համաժողովրդական պահանջից` եգիպտացիները պահանջում են իրենց կառավարությունից «ճանաչել, որ հայերը կոտորվել են թուրք ոճրագործների ձեռքով»:

Լիբանանն առայժմ միակ արաբական երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Եգիպտոսը հետևի նրա օրինակին, արդյոք հնարավո՞ր է, որ Սիրիան և մյուս արաբական երկրները նրանից հետո երկար սպասեցնել չտան:

Ահա այդ թոք շոուի հղումը. http://www.youtube.com/watch?v=teAKr6Psyl0&sns=em

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Սիրիան մտադիր է միավորվել Քիմիական զենքն արգելող կոնվենցիային

iՍիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալիմը հայտարարել է Դամասկոսի` Կոնվենցիային միավորվելու պատրաստակամության մասին:

Մուհալիմը հայտարարություն է արել, որում արտահայտել է քիմիական զենքի վերաբերյալ  Ռուսաստանի ձեռնարկին աջակցելու պատրաստակամություն.”Մենք լրիվ պատրաստ ենք համագործակցել այդ ձեռնարկն իրականացնելուն: Մասնավորապես, ցանկանում ենք Քիմիական զենքն արգելող կոնվենցիային միավորվել”:

Նրա խոսքով, Սիրիան պատրաստ է հայտնել քիմիական զենքի գտնվելու վայրը, ինչպես նաև` դադարեցնել դրա արտադրությունը:

Ասադի կառավարությունը որոշել է հանձնել իր ունեցած քիմիական զենքը

asadԻնչպես հայտնի է՝ Ռուսաստանը առաջարկել էր Սիրիայի հարցը լուծել առանց պատերազմի՝ պահաջելով, որ Ասադի կառավարությունը միջազգային հսկողությանը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքը: Այս առաջարկին իրենց աջակցությունն էին հայտնել Իրանն ու Ֆրանսիան:
Ահա թուրքական լրատվամիջողները հաղորդում են, որ Սիրիայի արտգործնախարար Վելիդ էլ Մուալիմը հայտարարել է, թե իրենք ընդունում են «քիմիական զենքը հանձնելու Ռուսաստանի առաջարկը»: Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը այս հայտարարությունից հետո հետևյալ մեկնաբանությունն է արել. «Ռուսաստանն ու Սիրիան հանձն են առել ցույց տալու, որ քիմիական զենքը հանձնելու առաջարկը ճշմարտություն է»: