Հայաստանի ծանրորդների որակազրկման գործում դեր ունեն Թուրքիայի ներկայացուցիչները

սպորտՎերջերս արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել է Հայաստանի 6 ծանրորդ: Խոսակցություններ կան, որ այս մարզաձևի ներկայացուցիչների նոր որակազրկումներ են սպասվում: Ընդ որում, մերոնց հանցանքում բռնել են թուրք մասնագետները: Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի աշխատողների վարկանիշն աշխարհում բարձր է, սակայն նրանց չեն հանձնարարել Հայաստանի ծանրորդների հակադոպինգային ստուգումը: Այդ և արգելված դեղամիջոցներ օգտագործողների դեմ պայքարի հետ կապված մի շարք խնդիրների մասին զրուցեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի հետ:  

– Օրերս  Հարավաֆրիկյան Հանրապետության  Յոհաննեսբուրգ քաղաքում անցկացվեց հակադոպինգային համաշխարհային «ՎԱԴԱ» կազմակերպության համաժողովը, որում ընտրվեց կազմակերպության նոր նախագահ: Ավստրալացի 68-ամյա Ջոն Ֆեյխին փոխարինեց բրիտանացի, Շոտլանդիան ներկայացնող ՄՕԿ-ի 72-ամյա  փոխնախագահ Կրեգ Ռիդը: Նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր և կսկսի պաշտոնավարել 2014-ի հունվարից: Նախագահի պաշտոնի ընտրություններ անցկացնելու համար 7 տարին մեկ է համաժողով կազմակերպվում: Մասնակցում էին 174 երկրների 917 մասնագետներ: Համաժողովում ներկայացվեցին ընդունված հակադոպինգային բոլոր փոփոխությունները: Առաջարկ եղավ արգելել նաև ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Դա կքննարկվի: Նոր կանոնները 2015-ի հունվարից են ուժի մեջ լինելու: Մեծ փոփոխությունները 18-ն են: Դրանցից ամենագլխավորն այն է, որ  ընթացք է տրվելու բոլոր ահազանգերին և ուսումնասիրություններ են կատարվելու:

Բանն այն է, որ մի շարք արգելված դեղամիջոցներ կան, որոնք դժվար է հայտնաբերել, պարզել` այս կամ այն մարզիկն օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Այդպես բացահայտվեց ամերիկացի պրոֆեսիոնալ հանրածանոթ հեծանվորդ Լուիս Արմսթրոնգի  հանցանքը: Նամակներ էին ուղարկվել, նշվում էր, որ փաստեր կան: Հետաքննություն սկսվեց, անգամ մարզիկի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները լսեցին, և հաստատվեց, որ նա արգելված դեղամիջոցներ է օգտագործել: Ահա այդպիսի ահազանգերին այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու: Որևէ նամակ, որ կուղարկի որևէ մեկը հակադոպինգային կազմակերպությանը, անպայման  քննարկվելու է, փաստերը ստուգվելու են: Եվ եթե հանցանքը հաստատվի, ապա մարզիկը կարող է որակազրկվել:

 – Ստացվում է, որ ալկոհոլի օտագործումը առայժմ թույլատրելի՞ է: Օրինակ` ֆուտբոլիստները կարո՞ղ են դրա օգնությամբ տրամադրությունները բարձրացրած խաղադաշտ դուրս գալ:

– Այո, ֆուտբոլիստները կարող են խմիչք օգտագործել: Ալկոհոլը միայն մի քանի մարզաձևում է արգելված. կարատե, ավտոմոտոսպորտ, հրաձգություն, նետաձգություն:

 – Նույնիսկ շախմատիստնե՞րը կարող են ուտել–խմել և հետո խաղատախտակի առջև նստել:

– Շախմատում դոպինգ հսկողությունը պարտադիր չէ: Այդ է պատճառը, որ շախմատն օլիմպիական մարզաձևերի թվում չէ:

 – Յոհաննեսբուրգում ի՞նչ առիթով են գովել Հայաստանի հակադոպինգային մասնագետներին:

– Հակադոպինգային աշխատանքներ կատարող նոր զարգացող երկրներից լավագույնն է ճանաչվել Հայաստանը, և բոլորը մեզ շնորհավորեցին: Դա պատահական չէ: 2012-ին դարձել ենք աշխարհում 23-րդ երկիրը, որն ունի հակադոպինգային աշխատանք կատարելու որակի հավաստագիր: Այսինքն` այն ամենը, ինչ այդ ուղղությամբ կատարում են մեր երկրի մասնագետները, համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՅՈւՆԵՍԿՕ-ն գրքույկ էր տպագրել, որում Հայաստանի հակադոպինգային մասնագետների լուսանկարն է, և այդ կազմակերպության հովանավորությամբ կատարված նախագծային  աշխատանքներում մեր երկիրը լավագույնն է ճանաչվել: Նվիրատվական այդ միջոցների շնորհիվ էր, որ կարողացանք միջազգային հավաստագիր ստանալ: 

սպորտ (1)– Ինչո՞ւ նախկին նախագահը չվերընտրվեց, անգամ այդպիսի առաջարկ չեղավ, առավելևս, որ նորընտիր նախագահից նա տարիքով ավելի փոքր է:

– Դժվարանում եմ ասել: Համենայն դեպս, նախկինում չի եղել, որ որևէ նախագահ վերընտրվի:

 – Դա ստվերայի՞ն կառույց է, մութ գործարքները շա՞տ են:

– Ամենևին: Ամեն ինչ շատ պարզ և թափանցիկ է կատարվում: Կազմակերպության նախագահն ընդհանրապես չի խառնվում որակազրկումներին, պատժամիջոցներին: Ամեն ինչ գլխավորում է գործադիր տնօրենը:

 – Հրապարակվել է, որ լավագույն երկիրը ճապոնիան է, որի ոչ մի մարզիկ վերջին 10 տարում միջազգային մրցումներում չի բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:

– Այո, սակայն նրանց երկրում կարգազանցներին հայտնաբերում և որակազրկում են: Իսկ արգելված դեղամիջոցներ օգտագործողներին  սեփական ուժերով ամենից շատ բացահայտել և պատժել են Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Միայն  անցյալ տարի որակազրվել են այդ երկրների 1000, 500 և 430 մարզիկներ` համապատասխանաբար:

 – Իսկ Հայաստանում մեր մասնագետներն այդպիսի բացահայտումներ կատարե՞լ են:

– Ոչ, ստուգումներ կազմակերպվում են, եթե դիմում են, կամ էլ, եթե տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներն են առաջարկում այդ անել: Ստուգել ենք մեր ըմբիշներին, ձյուդոյիստներին, թհեքվանդոյիստներին: Դոպինգի առումով դրանք ռիսկային մարզաձևեր չեն:

 – Այդ առումով ծանրամարտը յուրօրինակ է: Խոսվում է այն մասին, որ այդ մարզաձևի ներկայացուցիչների մեծ մասն արգելված դեղամիջոցների օգնության է դիմում և դա խելացիորեն  անողները չեն բացահայտվում, իսկ ոչ խելացիները բռնվում են և որակազրկվում: Ընդ որում, Հայաստանում երկար ժամանակ արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով ծանրորդները չէին որակազրկվում, սակայն վերջին տարիներին արդեն  այդպիսի դեպքերը շատացել են:

– Թերևս ճիշտ է, խելոքները հետևում են խորհրդին: Ընդհանրապես ամբողջ աշխարհում մեծ թվով մարզիկներ են որակազրկվել այն դեղամիջոցներն օգտագործելու համար, որոնք նաև մերոնք են կիրառել: Հիմնականում օգտագործում են «Ստանոզոլոլ»: Դա հորմոնալ դեղամիջոց է: Քանիցս սեմինարներ ենք կազմակերպել, բացատրել մեր մարզիկներին դրա վնասակար ազդեցության, նաև բռնվելու վտանգի մասին,  ասել ենք, որ պետք է զգույշ լինել, բայց ասողին լսող է պետք:

 – Որակազրկված վերջին 6 ծանրորդներին Հայաստանի հակադոպինգային մասնագետները ստուգե՞լ էին:

– Մեր մասնագետները նրանցից ոչ մի փորձանմուշ չեն վերցրել: Անցյալ տարի և այս տարի մերոնցից փորձանմուշներ էին վերցրել Թուրքիայի և Ռուսաստանի հակադոպինգային սպաները:

 – Հակադոպինգային միջազգային «Վադա» կազմակերպությո՞ւնն էր այդ առաջադրանքը նրանց տվել:

– «ՎԱԴԱ»-ն երբեք չի խառնվում այդ գործերին: Փորձաքննությունը կատարվում է տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների առաջարկով: Այնպես որ, թուրք և ռուս մասնագետները հանձնարարականով են եկել Հայաստան և մերոնց ստուգել:

 – Թուրքիայի հակադոպինգային մասնագետները բա՞րձր մակարդակի են:

– Ոչինչ չեմ կարող ասել, թուրք մարզիկներն էլ են հաճախակի բռնվում: Հակադոպինգային միջազգային կազմակերպության համաժողովներում Թուրքիան ներկայացնում է այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը, որը բարձրակարգ մասնագետ է: Չպետք է անտեսել, որ  «ՎԱԴԱ»-ի փոխնախագահը  նաև Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է:

 – Հնարավո՞ր է, որ միտում կա նաև մեր հայրենակից, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի կողմից:

– Ոչինչ չեմ կարող ասել: Մարտին խոսակցություն է եղել, որ պետք է մեզ հանձնարարեն Հայաստանի մարզիկների ստուգումներ կատարել, բայց, ինչպես երևում է, դարձյալ մեզ չեն վստահում:

 – Առաջիկայում ի՞նչ է սպասում հակադոպինգի մեր մասնագետներին:

– 2015-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է Եվրոպայի օլիմպիական երիտասարդական օրեր փառատոնը, որը պետք է սպասարկի մեր տարածաշրջանի հակադոպինգային կազմակերպությունը: Այդ է պատճառը, որ ՄՕԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կանցկացնենք որակավորման սեմինար: Բանն այն է, որ փոփոխություններ են կատարվել որոշ ստանդարտներում: Հայաստանն ունի 6 դոպինգ սպա: Նրանցից  Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը, Խորեն Մանուկյանը պետք սպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Նորը և հինը` հայկական բռնցքամարտում

Կարեն Աղամալյան13704Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը: Նա  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: Գևորգյանը  նախկինում բռնցքամարտիկ է եղել, միջազգային կարգի սպորտի վարպետ է, տեղյակ է  այս մարզաձևի խնդիրներին: Հիշեցնենք, որ ՀԲՖ–ի նախկին նախագահը Արման Մուրադյանն էր, որի ընտանիքին է պատկանում նաև Երևանի մարզահամերգային համալիրը: Նա հրաժարական էր տվել պատճառաբանելով, որ Մոսկվայում է լինում, զբաղված է: Իսկ հրաժարականի հիմնական պատճառ կարելի է համարել մեր մարզիկների ձախողումները վերջին շրջանի միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, մասնավորապես` 2012-ին կայացած օլիմպիական խաղերում, օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Նորընտիր նախագահը երկու շաբաթ ժամանակ է խնդրել, որ ամիջականորեն ծանոթանա իրավիճակին և հստակեցնի, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը գխավորում է Կարեն Աղամալյանը: Հետաքրքիր է, թե նա ինչն է համարում պատճառը, որ օրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքի ռինգ դուրս եկած մեր երկրի 6 մարզիկներն էլ անմասն մնացին աշխարհի առաջնությունում խաղարկված պարգևներից:

Աղամալյանը հայտնեց, որ բոլոր մարզիկներից էլ սպասելիքներ ունեցել է, սակայն աշխարհի առաջնությունում մրցակցությունը մեծ է: Ընդ որում, Հայաստանի հավաքականի 4 մարզիկ առաջին հանդիպումները տանուլ է տվել և պայքարից դուրս է մնացել` մրցակիցներին զիջելով 1:2 հաշվով: Այնուամենայնիվ, նա չթաքցրեց, որ վստահ է եղել, որ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մյուսներից ավելի հաջող հանդես կգա:

Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է`  նրա պարտվելու պատճառն այն է, որ նա երկար ժամանակ խոշորամասշտաբ ստուգատեսների չի մասնակցել, մասնագետը հայտնեց, որ  օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներից հետո ավելի ներկայացուցչական ստուգատեսներ չեն եղել, բայց Կորյունը դարձել է մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն: Աղամալյանն այն կարծիքին է, որ Սողոմոնյանը երիտասարդական բռնցքամարտ է վարում, որը մեծահասակների ռինգում հաջողություն չի կարող բերել: Աշխարհի առաջնությունում էլ նա հավասար պայքարում է պարտվել Կոստա Ռիկայի ներկայացուցչին, որը հետագայում դարձել է մրցանակակիր:

«Թեև մեր մարզիկներն աշխարհի առաջնությունում մեդալի չտիրացան, սակայն մեծ աճ կա: Հավաքականը երիտասարդ է, միջին տարիքն է` 20-20,5-ը, և բոլորն էլ պայքարող են: Իմ կարծիքով, ոչ մի բռնցքամարտիկ չի ձախողվել: Հովհաննես Բաչկովի (60 կգ), Արման Հովիկյանի (75 կգ) մրցամարտերն անկողմնակալ չէին: Բայց չեմ ցանկանում մեդալ չստանալու համար մրցավարներին մեղադրել: Այդուհանդերձ, ցանկալի է, որ Հայաստանն այսպիսի ստուգատեսներում մրցավար ունենա: Կարծում եմ, որ մեր բռնցքամարտիկներն աճելու տեղ ունեն, և հետագայում հաղթանակները նրանց ուղեկից կլինեն: Բոլորից էլ մեծ սպասելիքներ ունեմ: Հայաստանի հավաքականի անդամներից երեքին հրավիրել են ԱԻԲԱ-ի պրոֆեսիոնալների մրցումների` Արամ Ամիրխանյանին, Արամ Ավագյանին, Հովհաննես Դանիելյանին: Ընդ որում, պրոֆեսիոնալների մրցումներում հնարավոր է վարկանիշ լրացնել հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այս կարգը նորություն չէ, 4-րդ տարին է գործում, սակայն նախկինում Հայաստանից բռնցքամարտիկներ չեն մասնակցել այդ մրցումներին: Իսկ 2014-ի մրցումների օրացուցային պլանը դեռևս հստակեցված չէ: Փետրվարին անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, սակայն ինձ համար կարևոր է միջազգային մրցաշարերի արդյունքը: Բռնցքամարտիկ կա, որ մեր երկրի եռակի չեմպիոն է դարձել, բայց դրսում կազմակերպված միջազգային մրցաշարերում ոչ մի հաղթանակ չի կարողացել տանել»,- ասաց  Աղամալյանը:

Զարգացումներ, որոնք ազդում են Հայաստանի վրա

Erdogan-putinԱնցած շաբաթը բավականին բուռն ու հարուստ էր քաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք այսպես թե այնպես ազդեցություն ունեն կամ ունենալու են մեր երկրի վրա: Մասնավորապես, կայացան Սարգսյան–Ալիև, Էրդողան–Պուտին հանդիպումները, Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ ձեռք բերվեց «պատմական» համաձայնություն, Ուկրաինան էլ հայտարարեց Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացները դադարեցնելու մասին:

 Հայաստանի շուրջ, երբեմն էլ մասնակցությամբ, լուրջ գործընթացներ են «եփվում»

Հայաստանին վերաբերող ամենաանմիջական իրադարձությունը, թերևս, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր Վիեննայում: Այս հանդիպումն էական էր այնքանով, որ վերջին 1.5 տարվա ընթացքում նման հանդիպումները` երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով, ուղղակի դադարել էին, և անընդհատ մատնանշվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը: Բայց ԱՄՆ-ի ակտիվ դերակատարությամբ ու անմիջական ներգործությամբ այդ հանդիպումը կայացավ, ինչը և սպասելի էր:

Նախ` այն օրվանից հետո, ինչ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, սպասվում էր Արևմուտքի, մասնավորապես` ԵՄ-ի և ԱՄՆ-ի  կողմից որոշակի ակտիվացում Հայաստանին առնչվող հարաբերություններում: Ու թեև այդ ակտիվությունը չէր դրսևորվում ԵՄ-ի կողմից, քանի որ առջևում Վիլնյուսի գագաթաժողովն էր, որի ժամանակ որոշակի գործընթացներ պետք է լինեին, ապա ԱՄՆ-ի ակտիվացումը տրամաբանական էր` թեկուզ Հայաստանին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի մասին հիշեցնելու և տարածաշրջանում ռուսական քաղաքական գործունեությանն ինչ-որ բան հակադրելու առումներով:

Նախագահների հանդիպումը կայացավ, դրանից անմիջապես հետո էլ Սերժ Սարգսյանն այն որակեց «նորմալ»: ՀՅԴ Հայդատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն  այս առումով նշում է, թե  չի կարծում, որ նախագահն ավելին կուզենար ասել, քանի որ այդ հանդիպման ժամանակ չէր էլ կարող ավելին լինել: Երկու նախագահները չուզենալով էին հանդիպում, ուրեմն նորմալ էր, եղավ-պրծավ, ըստ էության` ոչինչ չասող հանդիպում էր: 

Բայց մի ճշմարտություն կա` երբ խոսում են մարդիկ, լռում են զենքերը, իսկ երբ դադարում են խոսել, զենքերը բարձրացնում են իրենց ձայնը:  Եվ այս առումով, նման հանդիպումները գոնե պետք է ազդեն հրադադարի ռեժիմի պահպանման վրա, ու եթե թեկուզ մեկ օր նախագահների հանդիպման կապակցությամբ սահմանին կրակոցներ չեն  հնչում, մարդկային կյանքեր չեն խլվում, արդեն ձեռքբերում է:

Նախագահները նաև հանձնարարեցին երկու երկրների արտգործնախարարներին մեկ անգամ ևս հանդիպել, իսկ իրենք էլ նորից հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին: Այդ պատրաստակամությունը լավատեսություն է ներշնչում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին: Նա ողջունել է Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և հայտարարել, թե ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԼՂ հակամարության կարգավորմանն ուղղված վերսկսված ջանքերին և ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում էլ նշվում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կօժանդակի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև դրական խթան կդառնա ԼՂ հակամարտության  խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջխաղացման համար:

ԼՂ հակամարտության հարցը, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները,  քննարկվել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի և Ջոն Քերիի հանդիպման ժամանակ: Հանդիպման ավարտից հետո թուրք նախարարը լրագրողներին ասել է, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք մեխանիզմներ և հույս ունեն, որ այդ սառեցված հակամարտությունը շուտով կկարգավորվի, ինչը խաղաղություն կբերի Կովկասին և ողջ տարածաշրջանին:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Անկարան, ինչպես նշում է թուրքական milliyet.com-ը,  Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն է պատրաստվում: Թուրքիան, բնականաբար, այս հարցում բավականին ակտիվություն է դրսևորում: Ու այս առումով հայերի համար պակաս հետաքրքիր չէ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ինչը, ըստ Կիրո Մանոյանի, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են և, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների,  հետևաբար նաև տարածաշրջանային զարգացումների վրա:

Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել: Որովհետև տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի:

Այդ հանդիպումը մեծ և էական ազդեցություն չունեցավ Հայաստանի համար, չնայած, ինչպես նշում էր Կիրո Մանոյանը, շատ լավ էր, որ այն տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո և Պուտինի` Հայաստան այցելությունից առաջ:

Առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար  եկող ամսվա սկզբին Պուտինի սպասվող այցը Հայաստան: Դրանով ինչպես ՄՄ հետ հետագա հարաբերությունների, այնպես էլ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական, քաղաքական և այլ կարգի հարաբերություների հետագա ընթացքն է պայմանավորված: Ռուսաստանը վերջին շրջանում բավականին ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը միջազգային բոլոր հնարավոր ասպարեզներում` Սիրիայի հարցում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, Եվրոպայի Արևելյան գործընկերության ճակատագրի մասով և այլն: Ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանն ակտիվության ու վերելքի նոր ցիկլ է սկսում, ինչը, բնականաբար, անդրադառնալու է աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա: Ռուսաստանը,  քաղաքագետի խոսքով, պատրաստվում է իր դաշնակիցների հետ նոր առանցք ստեղծել: Իսկ հարավային ուղղությամբ Ռուսաստանը քիչ դաշնակիցներ ունի, թերևս միայն` Տաջիկստանը, Սիրիան, որի ճակատագիրն էլ դեռ մշուշոտ է, և Հայաստանը:

Հայաստան այցից անմիջապես առաջ Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի հետ պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծվեն. «Հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը Հայաստան գալուց առաջ մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլև Արևմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- այս առումով նշում է Կիրո Մանոյանը:

Իրանի շուրջ էլ են կրքերը հանդարտվում

Այս համատեքստում ամենևին պատահական չէր Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցյալ կիրակի ձեռք բերված «պատմական» համաձայնությունը:

Կիրակի օրը Ժնևում «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանը ստորագրեցին միջանկյալ համաձայնագիր, որով նախատեսվում է սահմանափակումներ մտցնել իրանական միջուկային ծրագրում, ինչի դիմաց աստիճանաբար մեղմացվելու են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ըստ այդմ, Իրանը պարտավորվում է 6-ամսյա ժամկետում հրաժարվել ուրանը 5 տոկոսից ավելի հարստացնելու աշխատանքներից: Սրա հետ մեկտեղ, մինչև 20 տոկոս հարստացված մոտ 200 կիլոգրամ ուրանը պետք է ոչնչացվի: Բացի այդ, Իրանը պարտավորվում է Ֆորդուի և Նաթանզի միջուկային կենտրոնները դնել ՄԱԳԱՏԵ-ի  տեսուչների վերահսկողության տակ, ինչպես նաև դադարեցնել Արակում կառուցվող ռեակտորի շինարարությունը:

Այս ամենի դիմաց Վեցյակը ճանաչել է Իրանի` ցածր հարստացված ուրան արտադրելու իրավունքը: Արդյունքում Իրանի ակտիվներից մոտ 8 մլրդ դոլար, ինչպես հայտնել էր Իրանի վարչակազմի մամուլի քարտուղար Մոհամեդ Բաքեր Նոբախտը,  «հալեցվել» է ԱՄՆ-ի կողմից: Սա նշանակում է Իրանի շուրջ ստեղծված լարվածության որոշակի թուլացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել Հայաստանի վրա թե՛ որպես Իրանի հարևան-պետության, թե՛ որպես Իրանի հետ առևտրա-տնտեսական սերտ հարաբերություններ ունեցող գործընկերոջ:

Հետագայում, համոզմունք է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, կստեղծվի Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմա-քաղաքական, տնտեսական առանցքը, և ստեղծված իրավիճակը նպաստավոր է Հայաստանի համար:

Այս առումով, իհարկե, հնարավոր չէ նորից չդիտարկել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության հարցը, առավել ևս, երբ նոյեմբերի 28-29-ին վերջապես կկայանա Վիլնյուսի այնքան սպասված գագաթաժողովը, որին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա մասնակցությունը ենթադրել է տալիս, որ Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրի, որի մասին վերջերս շատ է խոսվում, բայց ոչ ոք այդպես էլ մանրամասները չի նշում:

Ահա ուշագրավ է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մեկնաբանությունը, թե Վիլնյուսի գագաթաժողովում պետք է քննարկվի վերջին երկու տարիներին Հայաստան-ԵՄ աշխատանքները և հեռանկարները, որով էլ պարզ կլինի հետագա ընթացքը: Նա նշել էր, որ չնայած ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ԵՄ-ն կաջակցի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, թեև այդ բարեփոխումների իրավակիրարկումը մնում է թերի:

Տրայան Հրիսթեայի խոսքով` Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ն կփորձի գտնել Հայաստանի հետ հետագա համագործակցության այնպիսի ուղիներ, որոնք կհամապատասխանեն Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությանը: Այսինքն` ԵՄ-ն ամենևին էլ վերջնականապես չի խզում իր հարաբերություները մեր երկրի հետ, չնայած Արևելյան գործընկերության և 6 գործընկերների` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ծրագիրը կարծես տապալվում է:

Ուկրաինայի  նախարարների կաբինետը ևս նոյեմբերի 21-ին դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները:

Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ, քանի որ  Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում, ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը,  հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Նա նշել է, որ Ուկրաինային  ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: Սակայն Ազարովը հավաստիացրել էր նաև, որ Ուկրաինան վերջնականապես չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, Կիևը միայն դադար է  տալիս: Դա, ըստ Ուկրաինայի վարչապետի, չի նշանակում, որ Կիևը ցանկանում է Մաքսային միություն մտնել:

Միաժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին` չնայած բոլոր բարդություններին: Սա անշուշտ, նման է այն հայտարարությանը, որ անում էին հայ ղեկավարները ՄՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո: Ամեն դեպքում, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիասթափություն է հայտնվում Ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելու կապակցությամբ, սակայն Վաշինգտոնը խորհուրդ է տվել ԵՄ-ին «Ուկրաինայի համար դուռը բաց պահել»:

Եվ Ուկրաինայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում` կառավարությունից պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Բայց Ուկրաինայի դեպքը, որին ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, ԱՄՆ-ը  «պատմական» նշանակություն էր տվել, գումարվելով վերոհիշյալ բոլոր գործոններին, ինքնըստինքյան ստիպում է մի պահ մտածել, որ Հայաստանի համար, անկախ նույնիսկ իր կամքից ու քաղաքական պլանավորումից, իրոք ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

 

Գևորգ Ավչյան

Անկախ

Լեզվի տեսչության և «հայոց լեզվի տաճար մտած անասունների» միջև հարատև պայքարը

kollllllllllaj (1)Մենք սիրում ենք համեմատվել Եվրոպայի հետ, փորձում ենք յուրացնել եվրոպական փորձը, չափանիշներն ու մտածելակերպը, բայց, չգիտես ինչու, վերցնում ենք այն, ինչը պետք չէ, փոխարենը` անտեսում այն, ինչն իսկապես օգտակար է: Իսկ մեր գործարարները, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում գոնե մի խանութ, մի գեղեցկության սրահ, մի ռեստորան կամ սրճարան ունի, եվրոպաներում ման գալիս չեն էլ նկատում, որ այնտեղ օտարալեզու ցուցանակներ գրեթե գոյություն չունեն: Չեն նկատում, որովհետև դրա կարևորությունը չեն գիտակցում:

Մինչդեռ մեր քաղաքում զբոսնելիս օտարերկրացին չի կարող ամեն քայլափոխի չնկատել անթաքույց օտարամոլության վառ օրինակները ` օտարալեզու ցուցանակները, գովազդը, հայտարարությունները, տաքսի ծառայության մեքենաների անհասկանալի ու անհեթեթ անվանումները:

Մեր գործարարների ազգային մտածելակերպի մասին թերևս ատենախոսություններ կարելի է գրել, բայց պետական մտածողությունն էլ գործարարների մտածողությանը չի զիջում (թերևս պատճառն այն է, որ նույնն են): Եթե պետությունն այլ կերպ մտածեր,  ազգային մտածելակերպը շտկելն ընդամենը ժամանակի խնդիր կլիներ:

Պետական կրթական գերատեսչության կազմում գտնվող Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նույնպես դժգոհ է իրավիճակից. «Մեր մտածելակերպի մեջ օտարամոլություն կա: Իսկ գործարար աշխարհում այսօր մի որակ է ձևավորվել, որին խորթ են նման բաները: Բայց պիտի հասկանան, որ, ինչպես իրենք են ասում, այդ խուճուճ-մուճուճ տառերն են մեզ պահողը: Ցավոք, շատ անասուններ մտան հայոց լեզվի տաճարը, նրանց թվաց, թե դա ախոռ է, մտան ու ապականեցին…»:

Մարինե Հովյանը, սակայն, կարծում է, որ խնդիրը գալիս է պետական մտածողությունից.  «Ֆրանսիայում 20 տարի առաջ բոլոր օտարալեզու ցուցանակները մի գիշերվա մեջ ապամոնտաժեցին: Այսինքն` պետք է պետությունը միջամտի: Մեր աշխատակազմն ընդամենը 16 հոգի է, որից եթե հանենք պետին, պետի տեղակալին, կրտսեր մասնագետներին, մնում է տասը հոգի: Չունենք տարածքային կառույցներ: Տասը հոգով ամբողջ երկրում նման գործունեություն ինչպե՞ս  իրականացնենք»:

Տեսչության պետի տեղակալը հիշեցնում է, որ 1993 թ. իրենց կառույցը ստեղծել են որպես երկրում պետական միասնական լեզվական քաղաքականություն իրականացնող մարմին, սակայն այսօր դարձել է ընդամենը վերահսկողական, տեսչական գործառույթներ իրականացնող մարմին: «Լեզվական քաղաքականություն մեր երկրում չի իրականացվում, չկա պետական ծրագիր»,- փաստում է նա:

Ժամանակին իրենց կողմից մշակել է նման ծրագիր, սակայն կառույցի կարգավիճակի փոփոխության պատճառով չի իրականացվել, քանի որ ֆինանսական միջոցները բավարար չեն եղել: Այնուամենայնիվ, տեսչությունն այն ներկայացրել է կառավարության դատին, տեղի են ունեցել քննարկումներ, բայց այդպես էլ այն թղթի վրա է մնացել: «Մեր երկրին, փաստորեն, պետք չի լեզվական քաղաքականության ծրագիր: Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ ապագայում, հավանաբար, կունենանք նաև օտարալեզու դպրոցներ, տարբեր լեզուների հատուկ կարգավիճակ և այլն և այլն»:

Հովյանն անուն չի նշում, սակայն մեջբերում է լեզվի վերաբերյալ մի քննարկման ժամանակ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, որ եթե մի լեզու խանգարում է բիզնեսի շահին, ապա պետք է մտածել այդ լեզվի մասին:

Օտարալեզու ցուցանակների դեմ պայքարը տարիներ ի վեր անարդյունավետ էր մի շարք օրենքներում առկա սողանցքների պատճառով: 2011-ին Լեզվի տեսչությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ միասին` ի դեմս պատգամավոր Լիլիթ Գալստյանի, մի շարք փոփոխություններ առաջարկեց «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներում և  Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Շատ խնդիրներ տեսականորեն լուծվեցին, համենայն դեպս, գոնե հստակեցվեցին մի շարք հասկացություններ` ինչ բան է լեզվական քաղաքականությունը, գործավարությունը, ցուցանակը, պետական լեզուն, պաշտոնական լեզուն  և այլն: Նախկինում կային դրանց բառարանային սահմանումները, սակայն վարչական դատարանը դրանք լուրջ չէր ընդունում: Բարձրացվեցին նաև  վարչական տուգանքի չափերը և այլն:

Ի՞նչ փոխվեց օրենսդրության բարեփոխումներից հետո: Մեծ հաշվով` ոչինչ: Տնտեսվարողները, միևնույն է, ցանկության դեպքում այսօր էլ գտնում են օրենքը շրջանցելու կամ վարչական դատարանի որոշումները հօգուտ իրենց կայացնելու եղանակներ:

«Վարչական դատարանը ինչ որոշում ուզում է, կայացնում է,- ասում է Հովյանը,- բայց չէ՞ որ նա պետական կառույց է և պետք է պաշտպանի պետության շահը: Վարչական դատարանը պաշտպանում է գործարարի շահը»:

Հայտնի է, որ համաբուժարաններից (պոլիկլինիկա) շատերում մնացել է հիվանդության պատմությունը կամ դեղատոմսերը ռուսերեն գրելու խորհրդային ավանդույթը: Տեսչության պետի տեղակալը պատմում է, որ համաբուժարաններից մեկում արձանագրված խախտման առնչությամբ հայց են ներկայացրել վարչական դատարան` պահանջելով օրենքի համաձայն  պատասխանատվության ենթարկել բուժհաստատության ղեկավարին, սակայն դատարանն անհեթեթ որոշում է կայացրել. «Որոշվեց, որ մենք սխալ մարդու ենք պատասխանատվության կանչում, պետք է տվյալ օրենքը խախտած բժիշկներին առանձին-առանձին դատի տանք: Այսինքն` ինչքան բժիշկ, այնքան հայցադիմում: Դուք պատկերացնո՞ւմ եք` դա ինչ աշխատանք է»:

Միաժամանակ Հովյանը ներկայացնում է այս տարվա ընթացքում տեսչության կողմից վարչական դատարան ներկայացված հայցադիմումների արդյունքները, որոնք տուգանքների առումով ապարդյուն չեն եղել. 20 հայցից 18-ը բավարարվել են, և մոտ 4 մլն 700 հազար դրամ տուգանք է նշանակվել` մուտք արվելով պետական բյուջե:

Տուգանքը` տուգանք, սակայն տնտեսվարողներն ուղղել են խախտումները, թե ոչ, նրանց հայտնի չէ, քանի որ նույն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ  վարույթ իրականացնելու հնարավորություն ունեն տարեկան մեկ անգամ:

Հովյանն ասում է, որ տեսչությունն այսօր «ծանծաղ» գրաֆիկով է աշխատում, որովհետև օրենսդրական խնդիրներ ունի, իրենց կարգավիճակի հարցն էլ հստակ չէ. «Մենք ստուգումներ իրականացնելու իրավասություն չունենք, ընդամենը արձանագրում ենք խախտումը և դիմում վարչական դատարան: Սակայն Հայաստանում մյուս տեսչություններն իրենք են պատիժ նշանակում»:

Ուստի տեսչությունը փաթեթ է ներկայացրել կառավարություն` առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում, որպեսզի իրենք էլ նման լիազորություն ստանան:

Այս տարի ամռանը քաղաքապետարանի և Լեզվի տեսչության միջև ներքին համագործակցություն է սկսվել, որն Մարինե Հովյանն արդյունավետ է համարում: Քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, որը վերահսկում է մայրաքաղաքի արտաքին գովազդը, խոստացել է իր գործունեությունն իրականացնելիս զբաղվել նաև օտարալեզու գովազդային ցուցանակները հեռացնելով: Բազմաթիվ ցուցանակներ հեռացվել են: «Ի զարմանս մեզ` այնպիսի խանութներ, որոնց դեմ մենք տարիներ շարունակ պայքարել էինք,  փոխել են ցուցանակները: Դե պարզ է, քաղաքապետարանը կարողացավ ազդել, որովհետև նրանք քաղաքապետարանից կախում ունեն»,- նկատում է նա:

Սակայն հատուկենտ հաջողված պատմությունները դժվար թե իրավիճակի լուրջ փոփոխության հանգեցնեն: Դրա համար պետք է պետական ու ազգային մտածելակերպի հեղաշրջում, ինչն այսօրվա իրականության մեջ մի քիչ անիրատեսական է:

 

Անի Գասպարյան

Անկախ

Թող Ռուսական ռազմաբազան ընդլայնվի, բայց հայի մաուզերի հսկողության ներքո

razmabazaՀայ–ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ երկու երկրների կառավարությունները պարտավորվել են միմյանց փոխանցել որոշ հողատարածքներ: Ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսական ռազմակայանը և այդ նպատակով ծրագրել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ):

 Ռուսական ռազմաբազան կընդլայնվի հայկական տարածքների հաշվին

Փաստորեն, նոյեմբերի 21-ին  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի` ռուսական կողմին կփոխանցվի Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ` դրանք ներառելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում:

Բայց այս որոշումը հայկական հասարակական-քաղաքական որոշ շրջաններում դժգոհության ալիք բարձրացրեց: Եվ ամենաշրջանառվող դժգոհությունները, բնականաբար, կապվում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու և կամաց-կամաց Ռուսաստանի մի մարզը դառնալու մասին եզրակացությունները:

Այսպես թե այնպես, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնումը որոշակի ռազմա-քաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներ ունի:

Նախ, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանի վերելքի շրջափուլն է սկսվել. փորձում է դառնալ ուժային կենտրոն` իր դաշնակիցների հետ միասին, որտեղ պետք է նաև ուժերի վերադասավորություններ լինեն: «Նոր աշխարհակարգի գործընթացները շատ խորհրդավոր ու վտանգավոր են, բայց նաև կարող են շահավետ լինել մեզ համար»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհաքաղաքական գործընթացներում զարգացումներն ու ստեղծված իրավիճակը բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից:

Դիտարկենք այս հարցը այլ հարթությունում` Մաքսային միությունից դուրս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցն ամրագրված է Հայաստանի և Ռուսաստանի 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրով: Այդ պայմանագիրը 49 տարով երկարաձգվեց 2010 թ., երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում: Ընդ որում, ոչ միայն երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, այլև ռազմաբազայի առջև դրված  խնդիրներին ավելացան նորերը: Եթե  1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով ամրագրվել էր, որ Հայաստանի` ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի համատեղ ջանքերով, ապա 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված արձանագրությամբ ՀՀ-ում ռուսական ռազմականը պատասխանատվություն ստանձնեց նաև ՀՀ զինված ուժերի հետ համատեղ իրականացնել Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական սահմանի: Այսինքն` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պարտականությունների ու պատասխանատվության տիրույթն էլ ավելի մեծացավ:

Սակայն ռուսական ռազմակայանի 5-հազարանոց անձնակազմը մնաց անփոփոխ, որը, ինչպես նշում է հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովը,  շատ քիչ է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը և կատարի իր առջև դրված խնդիրները: Այսինքն` նոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, ակնկալվում է նաև, որ ռազմակայանը պետք է ընդլայնվի: Ի դեպ, ներկայումս տարածաշրջանում ու միջազգային քաղաքական թատերաբեմում եռացող գործընթացներն ու առկա մարտահրավերները ևս ստիպում են ռուսական կողմից արդիականացնել ռազմաբազայի  ռազմական տեխնիկան ու բարձրացնել ռազմակայանի մարտունակությունը: Իսկ մարդկային ռեսուրսով ու ռազմական տեխնիկայով համալրման պարագայում, բնականաբար, նոր տարածքներ էին պետք:

Առաջնորդվելով մեր ազգային շահերով

Սա պարզ է ու հասկանալի, սակայն, ինչպես նշեց Լևոն Շիրինյանը, մեր ժողովրդի մեջ վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ, ինչը տարածվում է նաև ռուսական ռազմաբազային նոր տարածքներ տրամադրելու որոշման վրա: Քաղաքագետի հավաստմամբ` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է տալիս Ռուսաստանին և դրա դիմաց ինչ է ստանալու:

Շիրինյանը նշեց նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ռուսական կողմի առջև հստակ խնդիր դնի, որ Արևելյան Հայաստանը պետք է ամբողջականանա: Նա կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունն այդ հնարավորությունը տալիս է, պարզապես հայկական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի` հաշվի առնելով նախորդ դառը փորձերը:

«Ռուսաստանը երբեք հայ ժողովրդի ճգնաժամային պահերին հայության կողքին չի եղել, սա պետք է ասվի առանց ամաչելու»,- շեշտեց քաղաքագետը:

Հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովն էլ նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկվի` ինչու պետք է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն անկախ լինեն ու հաշվետու չլինեն հայկական կողմին: «Ճիշտ է, ռազմաբազայի ղեկավարը շատ բարեկիրթ անձնավորություն է, շատ լավ տիրապետում է հայ ժողովրդի պատմությանը, բայց դա չի նշանակում, որ եթե ստանա հակահայկական հրամաններ, չի կատարելու»,- ասում է հետախույզը` հավելելով, որ ռուսական զորամիավորումները պետք է գործեն համատեղ ղեկավարության ներքո, իսկ գնդերի հրամանատարների  մոտ էլ պետք է լինեն հայ կոմիսարներ, որ «մաուզերը» ձեռքներին ուշի ուշով հետևեն, որ ռուս սպաները չկարողանան ինքնագլուխ կամ հակահայկական գործողություններ իրականացնել»,- իր տեսակետները հայտնեց հետախույզը:

Առավել ևս ներկայիս զարգացումների պարագայում, երբ Հայաստանի սահմանները, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը,  մինչ սեպտեմբերի 3-ը ռազմաքաղաքական սահմաններ էին Ռուսաստանի համար, իսկ հիմա Ռուսաստանը փորձ է անում դրանց որակը փոխել` վերածելով տնտեսական, մշակութային, քաղաքակրթական սահմանների:

Այս առումով դիտարկենք Վրաստանի օրինակը`օգոստոսյան պատերազմի դառը փորձով: Այն ժամանակ Հարավային Օսիայում տեղակայված էր ռուսական մեկ գունդ, որը, փաստացի, ինքնապաշտպանության էր անցել, իսկ վրացական զինված ուժերը բնակչության հետ անում էին այն, ինչ ուզում էին: Ու մինչև ռուսական հիմնական զորքերը կրիայի պես դանդաղաքայլ մոտեցան, ռուսական գունդը հազիվ ինքնապաշտպանվեց ու չէր կարողանում ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը: Այսինքն` Հայաստանի անվտանգության շահերից է բխում, ինչը բազմիցս կրկնել, կրկնում ու դեռ էլի կրկնելու են հայ տարբեր մանր ու մեծ իշխանամետ կամ ռուսամետ «վերլուծաբանները», որ այստեղ տեղակայված ռուսական ռազմակայանն ընդլայնվի ու արդիականանա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հարավային Օսիայում տեղակայված գնդի պես հազիվ ինքն իրեն չպաշտպանի:

Այս առումով հետաքրքիր են նաև հայկական լրատվամիջոցներով վերջերս պարբերաբար շրջանառվող «տեղեկությունները», թե ռուսական կողմը 18 նոր մարտական ուղղաթիռներ է բերելու Հայաստան, իսկ Պուտինը դեկտեմբեր ամսին սպասվող այցելության ժամանակ Հայաստանին «Սմերչ»-ների նոր հաշվարկներ կնվիրի… Բայց մյուս կողմից անցյալի դառը դասերը ևս չպետք է մոռանալ: Մասնավորապես հիշենք, որ 1988 թ. շարժումը ճնշվում էր ռուսական տանկերով ու զորքով հենց Երևանի կենտրոնում, հիշենք, թեկուզ «Կոլցո» օպերացիան, հիշեցնենք, որ 1992 թ. ԼՂՀ-ի մոտ 52 տոկոսը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հենց ռուսական 23-րդ դիվիզիայի շնորհիվ և այլն:

«Ռուսաստանը միշտ եղել է կայսրություն` ցարական կայսրություն, սովետական կայսրություն, ռուսական կայսրություն, սա ես չեմ ասում, այլ ցիտում եմ ՌԴ նախագահի խոսքերը»,- այս կապակցությամբ նշում է Դավիթ Շահնազարյանը:

Իսկ այս պայմաններում, անցյալի սխալները չկրկնելու համար, ինչպես խորհուրդ է տալիս քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ևս պետք է հանդես գա Ռուսաստանի նկատմամբ պայմաններով` հստակ նշելով  իր ու ռուսական կողմի պարտավորությունները:

 

Գևարգ Ավչյան

Անկախ

ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա ժամկետում պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ ամփոփաթերթիկում արտահայտված ՀՀ կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, ՀՀ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը` սահմանված կարգով` ՀՀ Ազգային Ժողով: Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87-ը ընդունելի չի համարվել:

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը

Գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ: Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2014-2015թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ավելի քան 37 մլն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մասնակի նորոգման, Վանաձորի N 3 մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Կկանխվեն օտարերկրյա քաղաքացիների իրավունքի խախտումները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:
Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով` ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով: Մտքերի փոխանակության ընթացքում դրա պատճառ է համարվել պատշաճ իրազեկվածության բացակայությունը: Այս հիմնավորմամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել պատգամավորների առաջարկության ընդունումը: Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է տնտեսվարողներին հասցնել օրենքով սահմանված արտոնության էությունը:
Քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս: Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձևով, կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավորին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Սահմանափակվում են կանխիկ ծախսերը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, գործուղման ծախսերն ու կրթաթոշակները կհատկացվեն բանկային վճարային քարտերին փոխանցման միջոցով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշ ծախսեր կատարել վարկային քարտերի միջոցով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
Գործադիրը հաստատել է նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն պարունակող գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը: Որոշման ընդունմամբ եկամտային հարկով հարկման նպատակով հնարավորություն է ստեղծվում եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ներառել այն անձանց, ում վերաբերող տեղեկությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն:
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը: Որոշման ընդունումը թույլ կտա Եվրամիության չափորոշիչներին համապատասխան արդիականացնել անցագրերի հատկացման աշխատանքը, ստեղծել բոլոր տեսակի անցագրերի տվյալների պաշտպանված շտեմարան, որը հնարավորություն կստեղծի կատարելագործել անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը:

Վերականգնվում են կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթները և Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերականգնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել առաջարկված ծրագրին, որի կատարման դեպքում կլուծվի մի կողմից` նշված հասցեների շինարարության ավարտման հարցը, մյուս կողմից «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու խնդիրը:
Իր նիստում կառավարությունն ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Նշված տարածքում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 19-ի որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դրա ձեռքբերողն է: Ընկերությունը այդ վայրում մասամբ կատարել է օտարման գործընթաց և տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքի շարունակումն է: Այսպիսով, մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը:
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը կարգավորել է փաստացի այլ սուբյեկտների սեփականությունը հանդիսացող և նրանց կողմից տնօրինվող, սակայն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը հանձման ենթակա ոչ բնակելի տարածքների հետագա տնօրինումը:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ` հաստատելով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման նպատակով համայնքներին, միջազգային հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին տրամադրելու դեպքում պետությանն օժանդակող ծրագրի օրինակելի ձևը: Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին: Նման դեպքերում կառավարությունը կարող է կիրառել այլ ընթացակարգ: Որոշումը պարտադրում է կառավարության որոշման նախագծում ներառել հանձնվող գույքի հաշվեկշռային կամ գնահատված արժեքը:

Կսահմանվեն հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանները

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կողմերը սույն համաձայնագրով ամրագրում են ավելի վաղ ստեղծված Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանները: Համալսարանը ՀՀ և ՌԴ համատեղ վարման բարձրագույն մասնագիտական կրթության միջպետական կրթական հաստատություն է և կարող է ստանալ Ռուսաստանի Դաշնության ազգային գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Ուսուցումն իրականացվում է ռուսաց լեզվով` հայոց լեզվի պարտադիր դասավանդմամբ:
Վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Ռուսաստանի Դաշնության «Իգրա թի վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:
Գործադիրը թույլատրել է 2013թ. դեկտեմբերի 2-3-ը կայանալիք հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի կազմակերպիչ նշանակված «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին բոլոր տեսակի գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև «Բանջարաբուծության և սերմնաբուծության համակարգերի զարգացում» տեխնիկական համագործակցության ծրագրի կնքման առաջարկությանը: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը` ստեղծելով բանջարեղենի սերմերի արտադրության բարելավման և արդիականացման կայուն հիմք:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշման ցուցանիշներում, ինչը պայմանավորված է ՀՀ բնապահպանության նախարարության գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW միջազգային զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող Հայաստանի «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծում» ծրագրի գործողությունների իրականացման ժամկետը մինչև 2014թ. ավարտը երկարաձգելու անհրաժեշտությամբ: Վերաբաշխումը և փոփոխություններն ու լրացումները կատարվել են ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետբյուջե ներառելու նպատակով:

Այլ հարցեր

Կառավարությունն ընդունել է երկրի 13 համայնքների ղեկավարների կամ ավագանու անդամների 2013թ. դեկտեմբերի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Ի կատարումն ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրի ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է 2013թ. դեկտեմբեր ամսին ապահովել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 54 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր:
Կառավարության որոշմամբ մինչև ուսումնառության ավարտը` 2016թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Երևանի բնակիչ, Լոնդոնի համալսարանական քոլեջի սան Էմիլ Աբրահամյանին: Մեկ այլ երևանցի` Վահան Հովհաննիսյանը, ով այս տարի ավարտել է Շվեյցարիայի տեխնոլոգիայի դաշնային ինստիտուտի մագիստրատուրան և «Համակարգչային հետազոտություն» մասնագիտությամբ ընդունվել Լոնդոնի իմպերիալ քոլեջի ասպիրանտուրա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել մինչև 2017թ. աշնանային զորակոչը:

Դատավորի անձեռնմխելիության սկզբունքի էությունը

դատավորՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության սկզբունքներին, որոնցից մեկն էլ դատավորի անձեռնմխելիությունն է: Համաձայն նույն օրենսգրքի 13 հոդվածի` դատավորն անձեռնմխելի է: Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:

Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:

Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:

Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում դատավորի անձեռնմխելիության երաշխիքները:

 

Պատրաստեց   Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ջեռեփուկ «Սիրելիս»

ջեռեփուկԲաղադրությունը

500 գ կաթնաշոռ

100 գ շաքարավազ

3 հատ ձու

սպիտակաձավար 50 գ

15% յուղայնությամբ թթվասեր` 50 գ

30 գ կարագ

ծիրանաչիր կամ ցանկացած չիր` 50-70 գ

վանիլին:

Պատրաստման եղանակը

Սկզբում հարկավոր է ծիրանաչիրը լվանալ ու  ջրի մեջ թողնել (10 րոպե), որ փափկի ու կտրել լինի: Խառնել կաթնաշոռը, ձուն ու շաքարավազը: Դրանից հետո աստիճանաբար ավելացնել սպիտակաձավարը,  կարագն ու թթվասերը: Խմորի մեջ ավելացնել նախապես կտրատած ծիրանաչիրը, լավ խառնել ու ծածկել սրբիչով ու թողնել այդպես 20-30 րոպե: Այդ ժամանակահատվածում խմորն ավելի թեթև ու նուրբ կդառնա:

Տապակը կարագոտել ու ստացված զանգվածը լցնել մեջը,  թխել 2000 տաքացված փռում`  30-40 րոպե:

 Անկախ

Դատավորի անձեռնմխելիության սկզբունքի էությունը

դատարանՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության սկզբունքներին, որոնցից մեկն էլ դատավորի անձեռնմխելիությունն է: Համաձայն նույն օրենսգրքի 13 հոդվածի` դատավորն անձեռնմխելի է: Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել վճռաբեկ դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է ձերբակալված դատավորը, և ապահովել նրա տեսակցությունը դատավորի հետ:

Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել՝ առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:

Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի իրազեկմամբ:

Դատավորը չի կարող ենթարկվել քաղաքացիաիրավական պատասխանատվության իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասի համար, բացառությամբ, երբ վնասը պատճառվել է դիտավորությամբ կատարված գործողության հետևանքով:

Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում դատավորի անձեռնմխելիության երաշխիքները:

 

Պատրաստեց   Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հպարտության պահ հայության համար. ամերիկյան դատարանի շենքը անվանակոչվել է նահանգապետ Դեքմեջյանի անունով

Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան)George-Deukmejian-eecue_23978_4hvz_lԵրկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:

Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական, և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:

Անցյալ շաբաթ Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում Գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:

Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆորնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո, նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.) և Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.), և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն, Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆորնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, նա այդ տարի կարող էր ընտրվել փոխնախագահ, նախագահ Բուշի հետ միասին: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:

 

Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Կալիֆորնիայի Գերագույն դատարանի, Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Նահանգային օրենսդիր պալատի, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները, Լոնգ Բիչի քաղաքապետը և Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցությունը:

Ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Դեքմեջյանի անվան դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճներ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և համատեղելի առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով ապահովված գործնական հանրային տարածքներով` բիզնեսի արդյունավետ վարման և ողջ շենքում մարդկանց տեղաշարժման համար:

Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆորնիայի գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը «1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆորնիա՝ զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով…. Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության միջոցով»:

Նահանգապետ Դեքմեջյանը ծնունդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը՝ Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը՝ Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:

Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆորնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել որպես նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարանի շենք: «Այս որոշումն արտացոլում է զույգ կուսակցությունների հարգանքն ու աջակցությունը», որ նահանգապետը վայելում է «այս ամբողջ երկրի և նահանգի կողմից», հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:

Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը՝ շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:

«Այնքան շատ խմբեր են վարպետորեն միավորվել իրենց տաղանդով ու փորձով՝  դատարանի իսկապես արտակարգ նոր շենքը Լոնգ Բիչում կառուցելու համար», հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը: «Սա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է դրա հետ»: Նա անվանակոչության արարողությունն անվանեց «հրաշալի, հուզիչ և խոնարհեցնող դափնեպսակ իմ կյանքում և պետական ծառայության կարիերայում»:

Նահանգապետ Դեքմեջյանը զվարթ տրամադրությամբ ինքն իրեն թերագնահատող ելույթ ունեցավ՝ իր հանրահայտ «խարիզմայի բացակայության» և երկար ազգանվան մասին, որը երբեք չի մտածել փոխել կամ կրճատել:  «Իմ միակ մտահոգությունն այն էր, որ իմ անունը չի տեղավորվի» դատարանի շենքի վրա, կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:

Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի դեպի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար իրենց ապագա նվաճումների համար:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայաստանն օձերի ու կարիճների երկիր չէ…

հայ (1)Արդեն տասներկու տարի է՝ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հանրապետական, միջազգային ֆորումներ, ցուցահանդեսներ և սիմպոզիումներ Հայաստանում և արտերկրում: Առաջին տարիներին սիմպոզիումները միայն մանկապատանեկան էին, հետագայում սկսեցին կազմակերպվել երկու փուլով՝ պատանիների և երիտասարդների համար:

Արագածոտնի մարզի գեղատեսիլ բնության գրկում՝ անտառում, գետի ափին, տեղի գյուղացիների պարզ ու անկեղծ միջավայրում ամեն ամառ շուրջ 30 օր հայ և օտարերկրացի պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են, քննարկումներ անցկացնում, ապրում հայկական կենցաղով, շնչում հայկական լեռնաշխարհի մաքուր օդն ու քնում վրանների տակ: Թերևս չկա ավելի արդյունավետ ու հաճելի լուծում տարբեր մշակույթների սերտացման համար, որքան բնության հետ ներդաշնակումը:

«Մունետիկ» ՀԿ-ի նախագահն ու ծրագրի ղեկավարը երիտասարդ քանդակագործ, խեցեգործ ու գեղանկարիչ Հրաչյա Համբարձումյանն է: Նման սիմպոզիումները նա կարևորում է նաև նրանով, որ հայ երիտասարդները մշակութային կապեր ձևավորեն, իրենց հերթին հնարավորություն ունենան մասնակցելու այլ երկրներում անցկացվող նմանատիպ միջոցառումների, դուրս գան հայկական սահմաններից, ինտեգրվեն եվրոպական մշակութային անցուդարձին՝ ըստ արժանվույն ներկայացնելով ազգայինը և միաժամանակ վերցնելով օտարից օգտակարը: Պատանի ստեղծագործողների համար նույնպես նման միջոցառումները հիանալի հնարավորություն են ծանոթանալու միջազգային հեղինակավոր կառույցների պահանջներին ու չափանիշներին, հաղորդակցվելու տարեկից համախոհների հետ, նախադրյալներ ստեղծելու միջազգային ծանոթությունների ու մտերմիկ հանդիպումների համար:

1458775_677565472262688_582966343_nԱյս ամառ երիտասարդ ստեղծագործողների սիմպոզիումին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Գերմանիայի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչներ: Մինչ սիմպոզիումի մեկնարկը նրանք հնարավորություն են ունեցել մի քանի օր ուսումնասիրելու Ապարանը, շփվելու տեղի գյուղացիների հետ և անգամ լեզուն չհասկանալով՝ շատ բան իմանալու մեր երկրի մասին. «Խոտ են հնձել, թոնրի կողքը նստել, կով կթել»,- թվարկում է Հրաչյա Համբարձումյանը:

Նա նշում է, որ հայ ստեղծագործողների համար շատ կարևոր է ծանոթանալ հատկապես եվրոպացի գործընկերների մտածելակերպին, տեսնել գործի նկատմամբ նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը. «Բացի այդ, նրանց փորձը շատ ավելի մեծ է, քանի որ ողջ Եվրոպայի տարածքում շրջագայում են՝ անընդհատ մասնակցելով նմանատիպ միջոցառումների, իսկ մենք մեր երկրի սահմաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ ենք ունենում: Մեր երիտասարդների համար, մասնագիտական գիտելիքներից բացի, շատ օգտակար է նաև լեզվական հմտություններ ձեռք բերելը»:

Ամառային վերջին սիմպոզիումին մասնակցել են օտարերկրացի երիտասարդ ճարտարապետներ, դիզայներներ, դերասաններ, ռեժիսորներ: Հայկական կողմից մասնակցել են երիտասարդ գրողներ, արվեստաբաններ, նկարիչներ, քանդակագործներ:

հայՄասնակից բոլոր օտարերկրացիներն առաջին անգամ են եղել Հայաստանում: Ճիշտ է՝ ֆինանսները չեն ներել հյուրերին Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը ցույց տալու համար, սակայն, 10 օր ապրելով հայաստանյան անկրկնելի բնության մեջ՝ սիրել ու բարձր են գնահատել մեր երկիրը: Ի դեպ, մասնակիցներից մեկը խոստովանել է, որ մինչ Հայաստան գալը համացանցի միջոցով տեղեկություններ հավաքելիս տպավորություն է ստացել, թե սա մի տափաստանային երկիր է՝ լի օձերով ու կարիճներով, ուստի ամռան շոգին Հայաստան է եկել ճտքակոշիկներով, որպեսզի «օձերն ու կարիճները» ոտքերը չվնասեն: Հետո շատ է զարմացել՝ տեսնելով հարուստ բնություն, անտառներ ու լեռներ, անկրկնելի լիճ:

1461984_677564088929493_1725599908_nՄիաժամանակ օտարերկրացիները 30 օրվա ընթացքում հասցրել են հասկանալ, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ գեղեցիկ է, օրինակ` օրենքներն այնքան էլ չեն գործում, անգամ «նախանձել են», որ այստեղ կարելի է մեկ զանգով բազմաթիվ հարցեր լուծել:

Այդ ընթացքում հյուրերը նաև հասկացել են, որ Հայաստանն ավելի արժեքավոր երկիր է, քան ասենք, Վրաստանը, որն իրեն ներկայացնում է առաջադեմ ու եվրոպական:

Քննարկումները միշտ չէ, որ խաղաղ են անցել, հատկապես, երբ խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է եղել, Հայոց ցեղասպանության մասին: Ի վերջո, այդ քննարկումները հանգեցրել են նրան, որ օտարերկրյա հյուրերը սկսել են այլ աչքով նայել Հայաստանին, այլ տեսանկյունից դիտել Մատենադարանը, Օպերայի շենքը… Զարմացել ու հիացել են, որ ունենալով պատմության նման քարքարոտ ընթացք՝ հայերը միաժամանակ կարողացել են նման բարձր մշակույթ ունենալ:

«Ընդհանուր առմամբ՝ մեր եվրոպացի գործընկերները հասկացան, որ Հայաստանի հետ կապված ծրագրերում, որոշումներում, կարծիքներում պետք է այլ մոտեցում ցուցաբերեն, քան ասենք՝  Վրաստանի կամ Ադրբեջանի դեպքում, քանի որ մեզ մոտ խնդիրներն ու իրավիճակն այլ են»,- ասում է երիտասարդ արվեստագետը:

1385361_634698896570246_529139792_nՍիմպոզիումների ավարտից հետո, ծրագրի մասնակիցների միջև կապերն ակտիվորեն շարունակվում են, իսկ ծրագրի ղեկավարը պատրաստվում է հաջորդ հանդիպմանը, որը կրկին տեղի կունենա ամռանը, նույն վայրում:

Արդեն երկու տարի է՝ ծրագրի անցկացմանն օժանդակում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Որպես հովանավորներ` նաև տեղացի արտադրողներն են ներգրավվում՝ մասնակիցներին ապահովելով սեփական արտադրանքի սննդով:

Նշենք, որ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունը քանդակագործ, խեցեգործ և գեղանկարիչ Հենրիկ Համբարձումյանը հիմնադրել է 2002 թ., իսկ տաղանդավոր արվեստագետի մահից հետո նրա գործը շարունակում ու ղեկավարում է որդին՝ Հրաչյա Համբարձումյանը:

 

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎՍՏԱՀԵՑ «ՕՐԴՖԻԼՄԻՆ»

HAYK 1 «Օրդֆիլմ» ընկերության ստեղծագործական հաջողություններին «Անկախ» շաբաթաթերթն անդրադարձել է: Հայկ Օրդյանը, որ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է ու նաև ընկերության տնօրենը, հետաքրքիր նորություններ ունի: «Օրդֆիլմը» շուտով հանդիսատեսի դատին կհանձնի մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մասին վավերագրական ֆիլմը:

 ՍՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՄԱՍԻՆ

Երբ սկսեցինք զրուցել Հայկ Օրդյանի հետ իր վերջերս նկարահանած «Սոս Սարգսյան. ինքն իր հետ» վավերագրական ֆիլմի մասին, նա առաջարկեց նախ և առաջ զրուցել ֆիլմի հեղինակ, լրագրող Նաիրա Փայտյանի հետ:

– Հայտնի է, որ մահից առաջ վարպետը՝ Սոս Սարգսյանը, մի քանի ամիս ծանր հիվանդ էր, տնից գրեթե դուրս չէր գալիս, բժիշկների հսկողության տակ էր: Արտիստին շատերն էին այցելում, ցանկանում վայելել նրա ընկերակցությունը, թանկ հիշողություններ կորզել՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը հետո մի ամբողջ տարվա արժեք է ունենալու: Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին խուսափում էր լրագրողներին ընդունելուց. հարցազրույցները հոգնեցնում էին, տանջում, թեև ասելու շատ բան կար,- ասում է Նաիրա Փայտյանը:- Վարպետին լսելու, նրա բյուրեղացած կերպարը, թևավոր խոսքերը որպես վերջին պատգամ սերունդներին ներկայացնելու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մի օր հանդիպեցի վարպետին տեսակցող բժիշկ, ՀՀ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյանին: Նրանից մանրամասն տեղեկանալով վարպետի առողջական վիճակի մասին` հայտնեցի ցանկությունս: Բժիշկը դրա մասին ակնարկել էր վարպետին:

Նաիրան անակնկալ նորությունը շտապում է հայտնել Հայկ Օրդյանին:

– Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանող խումբը հաշված րոպեների ընթացքում պատրաստվեց: Մեկ ժամ հետո մենք Սոս Սարգսյանի բնակարանում էինք: Նա նստած էր բազմոցին:  Սեղանին դրված էին գրքեր: Թումանյանի «Քառյակների» էջը բաց էր, վրան` նշումներ: Անխախտ աշխատաոճիս համաձայն` հարցերի շարք էի գրել-պատրաստել, բայց ներքին համոզմունքով գիտեի, որ սա այն դեպքն է, երբ չպետք է հարցազրույցին հատուկ ուղղություն տալ,- նշում է ֆիլմի հեղինակը:

Տեսախցիկը մեկ ժամից ավելի նկարահանել է 83-ամյա վարպետին, որ բազմոցին նստած, տեսախցիկի միջոցով, դանդաղ, բայց հստակ նախադասություններով փոխանցել է իր տխրությունն ու ոգևորությունը, սերն ու բողոքը, միաձուլված անցյալն ու ներկան:

Նաիրան պատմում է, որ շատ անգամ է հնարավորություն ունեցել մեծ դերասանից հարցազրույց վերցնելու, բայց առաջին անգամ է մարդկային ապրումների, հույզերի, մտքերի, զգացողությունների նման հրաբուխ տեսել:

– Գիտեք, դա Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցն էր, վերջին նկարահանումը: Չգիտեմ` առաջին անգամ ով է նկարահանել վարպետին ֆիլմ պատրաստելու նպատակով, բայց ես, ցավոք, եղա վերջինը: Մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Օրդֆիլմ» ընկերության հետ համատեղ  վավերագրական նոր ֆիլմը պատրաստ է:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ ամբողջ ֆիլմում Սոս Սարգսյանը խոսում է ինքն իր հետ, սակայն իր խոսքն ուղղում է նաև մեզ, որպեսզի սիրենք մեր երկիրը, մեկս մյուսին, լինենք բարի ու հանդուրժող:

– Իր բոլոր ապրումները, բոլոր հույզերը, զգացողությունները, թեմաները բազմազան էին ու հետաքրքիր: Այդ բազմազանությունն ինձ չխճճեց, հակառակը, հետաքրքիր լուծումներով ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություն տվեց: Պատկերացնում եք՝ այն բոլոր թեմաների մասին, որ վարպետը խոսում էր, կինոյում արդեն կերտած դեր ուներ,- ասում է Հայկ Օրդյանը:

Հայկ Օրդյանի անդրադարձը ռուսական աղմկահարույց թոք–շոուին

Վերջերս ռուսական НТВ հեռուստաընկերության ցուցադրած «Խոսում և ցուցադրում ենք» թոք-շոուն մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասին որոշ թատերասերների, թատերագետների ու հասարակության լայն զանգվածների շրջանում քննարկման թեմա է դարձել:

Հաղորդմանը մասնակցում էին հյուրեր Հայաստանից, բայց ամենակարևոր հյուրը դերասանի միակ թոռն էր՝ Իռենը, որ ճակատագրի բերումով բնակվում է Արգենտինայում:

Ցավոք, ռուսաստանյան հեղինակավոր թոք-շոուի նպատակը ոչ թե Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործական կյանքն ու թողած վաստակը ներկայացնելն էր, այլ անդրադառնալը արտիստի անձնական կյանքի կենցաղային դրվագներին:

HAYK 4Հենց այդ թոք-շոուի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց հեղինակավոր կարծիքը շտապեցին արտահայտել շատերը: Մկրտչյանի ազգականները վրդովվել են նրա փեսայի՝ կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հնչեցրած մեղադրանքներից: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը ևս շատ դժգոհ է մնացել հաղորդումից, որին ինքն էլ էր մասնակցում:

Ռուսական հեղինակավոր НТВ հեռուստաընկերության թոք-շոուին մասնակցել է նաև Հայկ Օրդյանը, որ 2007-ին հանրության ուշադրությանը ներկայացրեց «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» վավերագրական ֆիլմը:

Հետաքրքիր էր, թե դերասանի կենսագրությանն անդրադարձած ռեժիսորն ինչ գնահատական է տալիս ռուսական հեռուստաընկերության կազմակերպած թոք-շոուին:

Օրդյանն ասում է, որ հաղորդումն ընդամենը թոք-շոու է, որն ունի իր հստակ ձևաչափը, նյութը ներկայացնելու սկզբունքը:

– Դա ամենևին չի նշանակում, որ հարկավոր էր այդքան կենցաղային մակարդակով ի ցույց դնել դերասանի կյանքը և ջրի երես հանել Ֆրուզիկ Մկրտչյանի ազգականների ոչ բարիդրացիական հարաբերությունները: Գիտեք, հաղորդման հյուրերը դերասանի մասին շատ ավելի հետաքրքիր ու արժեքավոր դրվագներ էլ էին պատմել: Դրանք, ըստ էության, մոնտաժվել էին գուցե ժամանակի սղության պատճառով: Չգիտես ինչու, ես էլ քննադատության տարափի տակ հայտնվեցի: Այդ հաղորդմանը հրավիրվել եմ որպես Մհեր Մկրտչյանի մասին «Կյանքը ժապավենի վրա» ֆիլմի հեղինակ, բայց պատմել եմ այն, ինչ կադրից դուրս է եղել, հիշողության մի դրվագ Դոնարա Մկրտչյանի հետ երկարատև զրույցներից: Պատմածս ականատեսի վկայություն էր և ոչ գնահատական կամ կարծիք, ընդ որում` ստեղծագործող կերպարի մասին` դերասանուհու, որ հոգեբուժարանում էլ բեմից չհրաժարվեց: Սա արտիստին արժանի հուշ է, այլ մեկնաբանություններն այլ շոուից են, այլ նպատակով: Գուցե ոմանց դուր չի եկել, որ ես եմ հրավիրված եղել և ոչ իրենք: Խանդի հողի վրա խանդավառվողները պետք է դիմեն HTB հեռուստաալիք և ոչ թե քննարկեն հուշ ունենալու «հանդգնությունս», մանավանդ իրենք էլ կարծեմ դերասանուհու կենսագիրը չեն ու հուշերից այն կողմ չէին անցնելու:

Մհեր Մկրտչյանի ազգականներից մեկը, ռուսական հաղորդումից դժգոհելով, անհասկանալիորեն իմ ֆիլմն էր քննադատել, այն դեպքում, երբ այն, ինչ պատմել եմ հաղորդման ընթացքում, չի առնչվել ֆիլմիս: Սա ուշադրության պակասից է, «վրդովվողը» պետք է նկատած լիներ, որ ֆիլմում խոսում եմ ոչ թե ես, այլ հանրահայտ մարդիկ, և արտիստի կյանքը բացվում է մտերիմների հուշերով, որևէ անհարգալից ակնարկ անգամ նկատելը միայն շոու կզարդարեր: «Վրդովվողը» մոռացել է նաև իր շնորհակալությունը, որ հայտնել է ինձ ֆիլմը  նկարահանելու համար, մոռացել է երևի «վրդովմունքի» մթագնումից ու ֆիլմն արդեն որպես հաղորդում է հիշատակում: Ալբերտ Մկրտչյանի բնութագիրը ֆիլմիս վերաբերյալ չեմ մեջբերում, բայց խորհուրդ կտայի կարդալ «վրդովմունքը» հանդարտեցնելու համար:

Գիտեք, ֆիլմը նկարահանումից 6 տարի անց որոշեցի այն տեղադրել համացանցում, հույսով, որ դիտողին կհամակի մեծարանքի այն զգացումը, որն ինձ մղել է ֆիլմ նկարահանելու մեր Ֆրունզի մասին:

Հաշմանդամությունն «Օրդֆիլմում» տաբու չէ

«Օրդֆիլմ» ընկերության տնօրենն ասում է, որ իրենք Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ են ապահովում:

– Դա մեր և «Փրկեք երեխաներին» (Save the Children International) կազմակերպության հետ համատեղ, USAID-ի աջակցությամբ «Լայֆ» («Կյանք») ծրագրի շրջանակներում է իրականացվում: Հիշեցնեմ, որ  համագործակցության արդյունքում հայտարարվել է հեռուստատեսային վերպետության եռամսյա դասընթաց, որին մասնակցում են հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ դասընթացին զուգահեռ ընկերության աշխատակազմը համալրվել է երեք նոր աշխատակիցներով` հենց նույն ծրագրով հայտարարված աշխատանքի ընդունման բաց մրցույթի արդյունքում,- ասում է Հայկ Օրդյանը:- Ի դեպ, մեզ մոտ դեռևս թափուր աշխատատեղեր կան:

«Անկախի» այն հարցին, թե ընկերությունը հիմնականում որ ոլորտի աշխատակիցների կարիք է զգում, Օրդյանը պատասխանեց.

– Մեզ մոտ կարող են դիմել լրագրողի, օպերատորի, ռեժիսորի, մոնտաժողի և պրոդյուսերի մասնագիտական հմտությունների տիրապետող հաշմանդամություն ունեցող անձինք: Ասեմ, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հաշմանդամությունը խոչընդոտ չէ ֆիլմարտադրությամբ զբաղվելու համար: Պետք է փոխել մարդկանց մեջ այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը ենթադրում է ֆիզիկական սահմանափակ կարողություններ:

Ի դեպ, թեև հայտարարված դասընթացը տարիքային սահմանափակում չուներ,  այն հետաքրքրություն է առաջացրել հիմնականում 25-35 տարեկան երիտասարդների շրջանում:

«Օրդֆիլմի» ղեկավարն ասում է, որ չի սահմանափակվելու եղածով ու շարունակելու է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը: Ռեժիսորն ուրախ կլինի,  եթե իրենք լավ օրինակ ծառայեն նաև ֆիլմարտադրությամբ զբաղվող այլ ընկերությունների համար: Դա հնարավորություն է տալիս ապահովելու առողջ մրցակցություն:

«ՕՐԴՖԻԼՄԻ» ԱՌԱՋԻԿԱ  ԾՐԱԳՐԵՐԸ   

Հայկ Օրդյանն ասում է, որ ծրագրերը շատ են և բազմազան: Երկար-բարակ չի սիրում խոսել ծրագրերից:

– Ցանկանում ենք մեր կապերն ընդլայնել արտերկրի հետ, և շուտով բավականաչափ հետաքրքիր նախագծեր կլինեն արտերկրի մեր գործընկերների հետ: Երևի տեղյակ եք, որ ես` որպես ռեժիսոր, մասնակցեցի ռուսաստանյան համապետական «Ռոսիա -1» հեռուստակայանի համար նկարահանվող «Մեր մարմնի գաղտնագրերը» փաստագրական  ֆիլմաշարի աշխատանքներին, որի հետագա սերիաների նկարահանումներին, հուսամ, կմասնակցենք արդեն «Օրդֆիլմի» առավել ընդգրկուն կազմով:

 

 

Հանդբոլի միջազգային մրցաշար` Երևանում

մրցաշարՉորրորդ անգամ մեր երկրում կազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այս ստուգատեսը դարձել է ավանդական, և մարզասերները կրկին հնարավորություն կստանան հետևելու տարբեր երկրների թիմերի մրցամարտերին: Ընդ որում, Հայաստանում  անցկացվող միջազգային մրցաշարերին աստիճանաբար մասնակցելու ցանկություն են հայտնում ավելի մեծ թվով, հիմնականում` հանդբոլի համարում ունեցող երկրների ներկայացուցիչները:

Այս անգամ Երևանի «Դինամո» մարզասրահում իրենց կարողությունները կցուցադրեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդական թիմերը: Եթե նախկինում այս ստուգատեսին մասնակցել են տարբեր երկրների հանդբոլիստների մեծահասակների հավաքականները, ապա այս անգամ, արտասահմանյան երկրների ներկայացուցիչների խնդրանքով, կխաղան երիտասարդները: Բանն այն է, որ հունվարին կայանալու են Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարերը, նախապատրաստվելու համար ժամանակը քիչ է, և սա լավ առիթ է: Ուժերը փորձարկելու հնարավորություն կստանա նաև մեր երկրի ընտրանին, որը տարեսկզբին հարաբերություններն է որոշելու Ռումինիայի և Թուրքիայի թիմերի հետ:

2009-ին մրցաշարը կազմակերպվել էր Երևանի «Դինամո» մարզասրահում, և մասնակցում էին Իրանի, Վրաստանի, Հայաստանի տղամարդկանց հավաքականները: Եվ ահա, չորս տարի անց միջազգայինը կրկին նույն մրցավայրում է անցկացվելու: Նախկինում այստեղ հաղթել է Իրանի հավաքականը: Իսկ 2010-ին և 2011-ին այս ստուգատեսի մասնակիցներին հյուրընկալել էին «Հայաստան» մարզական միության Վանաձորի  և Երևանի «Միկա» մարզասրահները:

Վերջին երկու տարիներին մերոնք գրավել են 2-րդ տեղը, իրենցից առաջ թողնելով միայն Բելառուսի և Ռուսաստանի պրոֆեսիոնալ բարձրակարգ խաղացողներով համալրված թիմերին: Ընդ որում, եթե 2-րդ մրցաշարում մեր երկրի հավաքականն ուժեղացրել էին Ֆրանսիայում բնակվող և խաղացող մեր հայրենակիցները, ապա վերջին մրցաշարում համալրում կար նաև Գերմանիայից ու Ռուսաստանից: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ էլ ավելի են սերտացել կապերը, և մեկ բռունցք դարձած մեր երկրի ընտրանին աստիճաբար ի զորու է դառնում լուրջ խնդիրներ լուծելու: Եվ Հայաստանի հավաքականի 2010-ի հաղթանակներն Իրանի, Վրաստանի, 2011-ի հաղթանակները Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ դրա ապացույցն են: Ընդ որում այդ ամենը կատարվել է մրցաշարերի օրերին Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ: Առաջին մրցաշարի օրերին մեր երկրում էր Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Ֆեդերերը, երկրորդի` Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, երրորդի` Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը:

Ի դեպ, բոլորն էլ նշել են, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումը նպաստում է հանդբոլը տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում զարգացնելու, մասսայականացնելու գործին: Այս անգամ էլ պատվավոր հյուրեր են սպասվում:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի Հայաստանի հավաքականը, կասկած չի կարող լինել, որ միջազգային մրցաշարի անցկացումը կծառայի նպատակին, կնպաստի, որ մեր երկրի ավելի շատ պատանիներ և աղջիկներ, անմիջականորեն ականատես դառնալով ուշագրավ մրցամարտերի, նույնպես զբաղվեն հրապուրիչ այս մարզաձևով: Մրցաշարը կխթանի նաև մասնակից երկրների հանդբոլի ֆեդերացիաների կապերի էլ ավելի սերտացմանը, ժողովուրդների բարեկամացմանը:

 

Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը. Պան Գի-մուն

պանգի մուն       Ես անձամբ շատ զղջում եմ, որ ավելի լավ չպահպանեցի այն ինքնագիրը, որ ստացա նախագահ Քենեդիից, երբ ինձ՝ կորեական մի հետամնաց գյուղից եկած տասնչորս տարեկան անհայտ դեռահասի, այդչափ մեծ բախտ  վիճակվեց  հանդիպել նրան:

 

Ես ԱՄՆ էի եկել ամբողջ աշխարհի մի խումբ երիտասարդների համար Կարմիր Խաչի կողմից կազմակերպված մի ճանաչողական ուղևորության շրջանակներում: Դա ավելին էր, քան այցելություն օտար երկիր. դա ուխտագնացություն էր դեպի հնարավորությունների, վառ ժողովրդավարության երկիր, որն իմ ազգին իր օրհասական պահին օգնել էր փրկվելու:

Նախագահ Քենեդիի ստորագրությունը արագ անհետացավ իմ ընկերների բազմաթիվ մատնահետքերից, ովքեր միմյանցից խլում էին  փայլուն թղթի վրա տպված  Սպիտակ Տան տեղեկագիրը և այնպիսի խանդավառությամբ էին միմյանց փոխանցում, որ մինչ այն ինձ վերադարձավ, արդեն նրա գրածի հետքն էլ չէր մնացել:

 

Բայց ոչինչ չէր կարող ջնջել այն դրոշմը, որ թողեց Ամերիկայի նախագահը իմ կյանքում: Հանդիպումը նրա հետ եղավ բեկումնային ինձ համար: Սպիտակ Տան հարավային մարգագետնում այդ օրն արտասանած նրա խոսքերն էին, որ ինձ ոգեշնչեցին և իմ մեջ արթնացրեցին դիվանագետ դառնալու և հանրային ծառայությանը նվիրվելու որոշումը:

 

Նայելով մեր բազմազան խմբին, որը կազմված էր այն ժամանակ «Երկաթե վարագույրի» հակառակ կողմերում գտնվող երկրների ներկայացուցիչներից,  նախագահ Քենեդին մեզ հիշեցրեց, որ մենք կարող ենք ընկերներ լինել, եթե անգամ մեր կառավարությունները դեմ են միմյանց: Եվ նա ասաց բառեր, որոնք դարձան իմ կյանքի նշանաբանը. «Չկան ազգային սահմանափակումներ, կա միայն մի հարց, թե արդյոք մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել միմյանց»:

 

Մեծանալով և ազգային դիվանագիտական ծառայության մեջ առաջ շարժվելով` ինձ մոտ այդ գաղափարն ավելի սրվեց, և ես որոշեցի գործել հանուն համընդհանուր հանրության շահերի: Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար` ես փորձում եմ հնարավորինս անել` ծառայելու աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց  կողմից էլ ընդունվել է  Կազմակերպության կանոնադրությունը:

Նախագահ Քենեդին մեծ հավատ ուներ ՄԱԿ-ի նկատմամբ: Ընդհանուր վեհաժողովում ունեցած նրա վերջին ելույթը` մահվանից շաբաթներ առաջ, հնչեց որպես նախաբան՝ ուղղված այն խնդիրներին, որոնք մինչ օրս էլ շատ ցավոտ են մեզ համար: Նա շեշտեց մարդու իրավունքների անբաժանելիությունը: Նա արտահայտվեց ընդդեմ շռայլ ռազմական ծախսերի: Նա կոչ արեց ռասայական և կրոնական հանդուրժողականության: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի խաղաղապահությունը: Եվ նա պնդեց, որպեսզի մենք խաղաղությունն ընդունենք ոչ միայն թղթի վրա, այլև մեր սրտերում: Սրանք արժեքներ են, որոնք ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի նվիրյալների կորպուսի աշխարհասփյուռ անդամների հետ միասին:

 

         Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ իմ սեփական շփումների ժամանակ ես փորձում եմ հաղորդել  այն բառերը, որ լսել էի Ջոն Քենեդիից. եղեք աշխարհի քաղաքացի և սիրեք Ձեր երկիրը` աշխարհին ծառայելով:

 

Գլխավոր քարտուղար դառնալուցս կարճ ժամանակ անց, ինձ այցի եկավ սենատոր՝ Էդուարդ Քենեդին: Նա ինձ տվեց շրջանակի մեջ դրված Սպիտակ Տան բակում մեր խմբանկարը և նախագահ Քենեդիի այդ օրվա ելույթի տեքստը: Ես խորապես զգացված էի, որ սենատոր Քենեդին հասկանում էր, թե ինձ համար ինչպիսի մեծ արժեք է իր եղբոր հետ ունեցած հանդիպումը:

 

Վերհիշելով կես դար առաջ նախագահ Քենեդիի ողբերգական մահը` ես հասկանում եմ, որ գուցե զուր է, որ ես զղջացել եմ նրա ինքնագիրը կորցնելու համար: Այդ ստորագրությունը պարզապես անհետ չջնջվեց թղթից. իմ ընկերները կլանեցին այն մաշկով՝ շնորհիվ իրենց խանդավառության: Ես հույս ունեմ շարունակել տարածել այս մարդու մտքերը, մի մարդ, ով ամուր կառչած էր բարձր սկզբունքներից և այդպիսի հավատ էր տածում Միավորված ազգերի, բոլոր մարդկանց ու, հատկապես, աշխարհի երիտասարդության հանդեպ:

 

ՊԱՆ Գի-մունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է:

ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»

ՄԱՆՎԵԼ  ՄԱՄԻԿՈՆՅԱՆ. «Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»մամիկոնյանՀայ զինվորականը հազարամյակներ ի վեր իր մեջ մարմնավորել է հայի պատիվն ու կենսակերպը: Հայոց պատմության մեջ շատ են հայոց զինուժի ներկայացուցիչները, որոնց կերպարը դարեդար հայրենասիրության ու պատվի չափանիշ է հանդիսացել սերունդների համար: Նրանցից մեկն էլ հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:

Մանվել Մամիկոնյանի կյանքի առաջին հատվածի մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Նա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հորեղբոր` Վաչե Մամիկոնյանի որդին էր: Վաչե Մամիկոնյանը Արշակ Բ արքայի (350-368) հավատարիմ սպարապետն էր, որ զոհվեց պարսից Շապուհ Բ արքայի դեմ մղված ճակատամարտում, իսկ նրա որդիները` Մանվելը և Կոնը (Մամիկոնը) գերվեցին: Համաձայն Փավստոս Բուզանդի` Մանվելը և Կոնը պարսկական զորքի կազմում կռվող հայոց այրուձիի հետ բազում հաղթական ճակատամարտեր են շահել Միջին Ասիայում` քուշանների դեմ կռիվներում:

Քուշանների դեմ տարած մի հաղթական ճակատամարտից հետո պարսից Շապուհ Բ Երկարակյաց արքան ազատ է արձակում Մանվել Մամիկոնյանին, որը վերադառնում է Հայաստան: Հայոց վեպը պատմում է, որ Մամիկոնյան հաղթանդամ եղբայրները ուղղակի փախել են պարսից գերությունից և Հայաստան հասել ոտքով: Համաձայն ավանդապատումի` ճանապարհին սկսվում է Մանվել Մամիկոնյանի հոդացավը, և նրան շալակելով` կրտսեր եղբայր Մամիկոնը օրական տաս փարսախ ճանապարհ է անցնում:

Բնականաբար, Շապուհի քայլն ամենևին էլ մարդասիրությունից չէր դրդված: Այդ ժամանակ հայոց գահին նստած էր Հռոմի հլու-հնազանդ դրածոն` Վարազդատ Արշակունի թագավորը (374-378), ինչը խոչընդոտում էր Շապուհի արևմտյան քաղաքականությունը: Եվ նենգ ու խորամանկ պարսիկը ճիշտ հաշվարկ էր կատարել:

Վարազդատը, գահ բարձրանալով, իր մտերիմ զորավար Բատ Սահառնունու դրդմամբ, խնջույքի ժամանակ սպանել տվեց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին` նրան մեղադրելով իր ազգականի` Պապ թագավորի սպանության մեջ: Որքանով էին հիմնավոր Վարազդատի մեղադրանքները` դժվար է ասել, սակայն այդ քայլով, բնականաբար, նա իր դեմ լարեց Մամիկոնյանների հզոր ու ռազմատենչ տոհմին: Եվ Մանվել Մամիկոնյանը, վերադառնալով Հայաստան, բնականաբար, պետք է փորձեր վրեժ առնել հայոց արքայից:

Եվ ահա, Մանվել Մամիկոնյանը, 376 թ. վերադառնալով Հայաստան, ստանձնում է Մամիկոնյան տոհմի գահերեցությունն ու հայոց սպարապետությունը, ինչը Մամիկոնյանների մենաշնորհն էր դարեր ի վեր: Մամիկոնյանների պայազատությունը Մանվելը ստանում է առանց ընդհարման, քանզի նրա հորեղբորորդին` Վաչե Մամիկոնյանը, այն կամավոր հանձնում է օրինավոր տիրոջը` Մանվելին: Վարազդատ արքան, բնականաբար, չէր կարող ընդդիմանալ դրան, քանզի դրա համար չուներ որևէ լուրջ իրավական փաստարկ:

Ամրապնդելով իր դիրքերը երկրում և իր շուրջը համախմբելով հայոց զինուժը` Մանվել Մամիկոնյանն ընդդիմացավ Վարազդատի հռոմեասեր քաղաքականությանը: Արքայի և սպարապետի միջև հակասությունները գնալով սրվում էին: Ի վերջո, գործը հասավ բացահայտ ընդհարման և քաղաքացիական պատերազմի: Սկսելով պատերազմը` Մանվելը նամակ է հղում Վարազդատ արքային.

«Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ` Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար. Մուշեղի հայր Վասակը կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Եվ դուք, փոխանակ մեր ծառայությունների համար մեզ վարձատրելու, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք մեզ, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Իմ քաջ եղբայր Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու երկրից վռնդեց, որին թշնամիներն անգամ չկարողացան սպանել, դու նենգությամբ բռնեցիր և սեղանին ընթրիքի նստած տեղում խեղդեցիր։

Բայց, ըստ երևույթին, դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի, որովհետև Արշակունիների իսկական վաստակավորներին չճանաչեցիր։ Իմացիր նաև, որ մենք ոչ թե ձեր ծառաներն ենք, այլ ընկերները, անգամ ձեզանից էլ բարձր ենք, որովհետև մեր նախնիները Ճենաց աշխարհի թագավորներ են եղել։ Առաջին Արշակունի թագավորները լավ գիտեին, թե ովքեր ենք մենք և որտեղացի, բայց որովհետև դու իսկական Արշակունի չես, ուստի այդ էլ չգիտես։ Թող ու հեռացիր այս աշխարհից, որպեսզի իմ ձեռքով չմեռնես»։

Վարազդատը պատասխան նամակով դիմում է Մանվել Մամիկոնյանին.

«Ես իսկական Արշակունի եմ և իմ նախնի Արշակունիների թագն եմ դրել իմ գլխին և տիրել նրանց աշխարհին, ես իմ հորեղբոր՝ Պապի վրեժը լուծեցի քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Իսկ դու այս աշխարհից չես, ինչպես ինքդ ես խոստովանում, և քո նախնիները Ճենաց աշխարհից մեզ մոտ են եկել իբրև պանդուխտներ։ Ուրեմն, մի՛ մեռիր քո եղբոր նման, ես պատժելու փոխարեն քեզ ազատ եմ արձակում, ել և գնա քո Ճենաց աշխարհը, ապրիր քո երկրում և այնտեղ թագավորիր։ Եթե չկամենաս գնալ, ապա կմեռնես իմ ձեռքով այնպես, ինչպես Մուշեղը մեռավ»։

Վճռական բախումն արքայական զորագնդերի և Մանվել սպարապետի բանակի միջև եղավ Կարնո դաշտում: Որպեսզի խուսափեն ավելորդ արյունահեղությունից` սպարապետը հայոց թագավորին մենամարտի է հրավիրում, ինչպես վայել է երկու դյուցազուն ասպետների:

Մեծ-Հայք-600x414Ինքը` հայոց թագավորը, հուժկու ուժի տեր անձնավորություն էր, որ անգամ հաղթել էր Աթենքի օլիմպիական խաղերում` կռփամարտում (բռնցքամարտ): Եվ ահա, զորքից առանձնացած` հայոց թագավոր Վարազդատ Արշակունին և սպարապետ Մանվել Մամիկոնյանը ասպետավայել մենամարտով վճռում են իրենց հակամարտության ելքը:

Մենամարտի ժամանակ սպարապետը վիրավորվում է, արքայի նիզակն անցնում է նրա այտի միջով` փշրելով ատամներից մի քանիսը, սակայն նա ավելի հմուտ է գտնվում, զինափաթ է անում Վարազդատ արքային, բայց չի սպանում, նիզակի պոչով ծեծելով` հալածական է անում նրան ճակատամարտի վայրից: Երբ արքան փախուստի է դիմում, վրա են հասնում սպարապետի որդիները` Հմայակն ու Արտաշեսը` ցանկանալով սպանել Վարազդատին: Սակայն Մանվել սպարապետը  հետ է պահում նրանց` տիրասպան մի եղեք… Արքայական զորքը անձնատուր է լինում:

Որպես հայրենատեր սպարապետ` Մանվել Մամիկոնյանը չի հեղում արքայական արյունը: Նման մի գեղեցիկ օրինակ էլ Ձիրավի ճակատամարտում ցուցաբերել էր նրա հորեղբորորդին` Մուշեղ Մամիկոնյանը, որ մենամարտում հաղթելով Աղվանից Ուռնայր արքային` մեծահոգաբար բաց է թողնում: Հին հայոց ասպետական օրենքներով` զինվորականը չպետք է հեղեր արքայական արյուն, այլ հաղթելով թագակրին` կարող էր միայն հալածել նրան, ինչն էլ արեց Մանվել սպարապետը` երկրում գրավելով իշխանությունը:

Վարազդատին հալածելուց հետո, Մանվել սպարապետը ձերբակալում է Բատ Սահառնունուն և նրան մեղադրելով Մուշեղ Մամիկոնյանի սպանության մեջ` նախ նրա աչքի առջև սպանել է տալիս Բատի որդուն, ապա և գլխատել է տալիս նրան:

Այս պատմությունը եզակի է ոչ միայն իր ասպետական դրսևորումներով: Մենք գործ ունենք Հայաստանում քաղաքացիական պատերազմի դրվագի հետ, ընդ որում պատերազմի ելքը վճռվում է մենամարտով:

Գահընկեց անելով Վարազդատ արքային` Մանվել Մամիկոնյանը հայոց գահ բարձրացրեց Պապ թագավորի երկու մանկահասակ որդիներին` Արշակ Գ-ին (378-390) և Վաղարշակին` Արշակի գահերեցության իրավունքով: Քանի որ Պապի զավակները մանկահասակ էին, նրանց և ողջ պետության խնամակալները դարձան հայոց սպարապետը և արքայամայր Զարմանդուխտը: Իր ազդեցությունը երկրում և արքունիքում ավելի ամրացնելու համար Մանվելն իր Վարդանդուխտ դստերն ամուսնացնում է Արշակ Գ-ի հետ: Սրանով, փաստորեն, Մանվել Մամիկոնյանը դառնում է հայոց աշխարհի փաստացի տիրակալը և ղեկավարը:

Թվում է` Մանվել Մամիկոնյանի կողմից իշխանության զավթումով իր նպատակին հասավ պարսից Շապուհ արքան: Սակայն նրա հաշվարկները սխալ էին: Մանվելն ի սկզբանե վարեց անկախ քաղաքականություն և չլծվեց պարսից ռազմական սայլին: Սա բնավ Շապուհի սրտով չէր, և պարսից արքան մեծաքանակ զորք ուղարկեց Հայաստան: Պարսիկները սկզբում հաջողության հասան և գրավեցին երկիրը: Սակայն Մանվել Մամիկոնյանը, համախմբելով հայոց զինուժը, վճռական հարվածով ջախջախում է պարսկական զորաբանակը և ազատագրում երկիրը:

Սա բացահայտ հարված էր Պարսկաստանին և արդեն Մանվել Մամիկոնյանի մահից հետո Արշակ Գ-ն, խույս տալով պարսիկներից, տեղափոխվեց Արևմտյան Հայաստան, իսկ պարսից արքան նրա փոխարեն հայոց գահին բազմեցրեց Խոսրով Դ-ին:

Մեծ հայրենասերն ու անխոնջ մարտիկը մահացավ 384 թ.: Մահից առաջ նա Մամիկոնյան տան պայազատությունն ու հայոց երկրի սպարապետությունը հանձնեց իր Արտաշես որդուն` նրան պատգամելով հավատարմորեն ծառայել Արշակ Գ-ին.

«Ուրախությամբ հանձն առ քո մահը քո հարազատ երկրի համար, ինչպես քո քաջ նախնիները, որովհետև, դա արդար գործ է և աստծո կողմից ընդունելի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի վախենաք, համարձակ մեռեք աստվածապաշտ երկրի համար, ձեր բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Ձեզ հեռու պահեք նենգությունից, պղծությունից և չարությունից, ձեր ժողովրդին, թագավորին, աստծուն ծառայեցեք մաքուր սրտով և հավատարմությամբ»։

Մահվան մահճում հայոց սպարապետն իր շուրջն է հավաքում հայոց ավագանուն` այր թե կին` հայոց Զարմանդուխտ արքայամոր գլխավորությամբ: Առանց ամաչելու ներկաներից` նա ամբողջովին մերկանում է և ի ցույց դնում պատերազմների ժամանակ ստացած անհարմար սպիները: Նրա մարմնի որևէ անդամի վրա անգամ մեկ դրամի չափ տեղ չկար, որ սպիներով պատված չլիներ:

Անկողնում դիմելով ներկաներին` սպարապետն արտասվում է. «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն մի վերք տարել եմ քաջությամբ, բայց ինչո՞ւ ինձ բախտ չվիճակվեց պատերազմի մեջ մեռնելու, այլ մեռնելու այսպես՝ անասունի պես: Ինչո՞ւ ես բախտ չունեցա ընկնել կռիվներում մեր երկրի, մեր երկրի բնիկ Արշակունի տերերի, մեր կանանց ու զավակների, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես պատերազմներում ինձ շատ հանդուգն էի պահում, կարծում էի՝ կընկնեմ հերոսի մահով։ Բայց տեսա՞ք, թե ինչ պատահեց, ինձ վիճակվեց մեռնել վատագույն մահով՝ անկողնում պառկած»:

 

Թունավորում, դրանից կարելի է խուսափել

թունավորումԳիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր  նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես` սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:

Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

Երբ պետք է օրգանիզմը մաքրել

Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:  Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.

– Բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս անգամ լոգանքից հետո էլ:

– Շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մետեորիզմ):

– Չեք կարողանում քնել անգամ սովորական ժամին ու արթնանում եք գիշերվա կեսին`  առանց պատճառի:

– Հաճախակի գլխացավեր են առաջանում:

– Շուտ եք հոգնում ու նյարդայնանում հասարակ բաներից:

– Չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ:

– Ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը` նվազել է:

– Չեն դադարում բերանաբորբերը, քթըմպանաբորբերն ու բրոնխիտները:

– ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում:

– Մաշկը չորացել է:

– Ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել:

– Ոտքերի այտուց է առաջանում հաճախակի:

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.

– Աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո):

– Կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ  թթվաջուր` կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ  առաջ:

– Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը: Պետք է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում:

– 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ:

 

 

Ինչ է փոխվել ՀԱՕԿ-ում վերջին 20 տարում

Ruben AkopyanՌուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում  ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:

– Դժվարին գործ էր: Թեև նախկինում ղեկավար աշխատանք էի կատարել այլ ոլորտներում, բայց սպորտն ինձ հոգեհարազատ է եղել պատանեկան վաղ հասակից, քաջածանոթ էի բոլոր այն կանոններին, որոնք պահանջվում էին, որպեսզի հաջողութունն ապահովվի: Լողով եմ զբաղվել, ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեմ: Ի դեպ, խորհրդային տարիներին այդ մարզաձևում  այդպիսի ցուցանիշի հասնելը հեշտ չէր: Անգամ առաջին կարգային լինելն արդեն մեծ պատիվ էր համարվում: Բրաս լողաոճում էի հանդես գալիս, «Դինամո» մարզընկերության Հայաստանի չեմպիոն եմ եղել, լավ արդյունքներ ցույց տվել նաև համամիութենական ստուգատեսներում: 

– 1991-ին Բարսելոնայում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները հանդես էին գալիս խորհրդային անկախացած երկրների միացյալ հավաքականի կազմում և արժանացան երեք ոսկե, մեկ արծաթե պարգևի: Բայց հետո դուք ազատեցիք ՀԱՕԿ–ի նախագահի պաշտոնը: Հակասական բան կա, ինչո՞ւ հեռացաք:

– Չեմպիոններ դարձան գնդակային հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն էլ բավարարվեց արծաթե մեդալով: Հավելենք, որ Էլեն Բունիաթյանն էլ բասկետբոլիստուհիների հավաքականի կազմում էր ոսկե մեդալակիր դարձել: Այդ հաջողությունները վերագրել միայն իմ աշխատանքին չի կարելի: Խորհրդային տարիների սպորտը Հայաստանում լավ հիմքերի վրա էր, մանկապատանեկան մարզադպրոցների լայն ցանց էր արդյունավետ աշխատում: Բայց ղարաբաղյան հակամարտության տարիներին Հայաստան խորհրդային զորքեր մտցվեցին: Մարզադպրոցների մեծ մասը կացարան էր դարձել զինվորների համար: Շատ բան քանդվեց, հետո էլ չվերականգվեց: 1988-ի երկրաշարժն էլ ավերիչ հետևանքներ ունեցավ: Հաջորդեցին պատերազմական տարիները: Խորհրդային տարիներին Հայաստանում սպորտն ավելի մեծ մասսայականություն ուներ, քան անկախացումից հետո: Կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ոչ միայն կանոնավոր մարզումներն էին անվճար, այլև մեծ փողեր էին ծախսվում, որպեսզի պատանիները և աղջիկները խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցեն, մրցափորձ ձեռք բերեն, նրանց շարքերից բարձրակարգ մարզիկներ աճեն: Իսկ սպորտի նոր վերելքը սկվեց  2004-ից: Նախորդել էին մերոնց անհաջող մրցելույթները 2000-ին Սիդնեյում և 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում: Հետո ՀԱՕԿ-ը գլխավորեց Գագիկ Ծառուկյանը, ավելացան ֆինանսական ներդրումները, վերնորոգվեց մարզասրահների մեծ մասը, կառուցվեցին նորերը: Եվ արդյունքներն էլ ակնառու են:

 – Ձեր աշխատած ժամանակահատվածի համեմատ` տեղաշարժերը մե՞ծ են:

NIKITA SIMONYAN_– Շատ բան է փոխվել: Մասնավորապես, այն տարիներին ՀԱՕԿ-ն ուներ երեք աշխատող: Սպորտպետկոմի շենքում մեկ սենյակ էր հատկացվել: Սպորտպետկոմի նախագահը Ռաֆայել Թորոյանն էր, սերտորեն համագործակցում էինք, համատեղ փորձում հաղթահարել դժվարությունները: Այն տարիներին ՀԱՕԿ-ը ֆինանսական հնարավորություններ ընդհանրապես չուներ: Այժմ, երբ  կրկին ՀԱՕԿ-ում եմ աշխատում, տեսնում եմ, թե ինչպիսի առաջընթաց կա: Աշխատողների թիվն  ավելացել է, միջին աշխատավարձը 180 հազար դրամ է: Օլիմպիական խաղերից առաջ բարձրակարգ մարզիկները վարձատրվում են: Մարդկանց նյութական վարձատրության բարելավումն աշխատանքում հաջողության հասնելու լավագույն գրավականն է: 

– 2013-ի հունիսի 1-ից կրկին ՀԱՕԿ–ում եք աշխատում: Այս ընթացքում ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են կատարվել:

– Ամենօրյա աշխատանք է տարվում, կարևորվում է ամեն քայլը: Վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվեց ԱՊՀ երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների խորհրդակցություն: Ռուսաստանի ԱՕԿ-ը համակարգում է համատեղ կատարվող աշխատանքը: Ընդ որում, պատվիրակներ էին ուղարկել ոչ միայն ԱՊՀ, այլև Բալթյան երկրները, Վրաստանը: Փաստորեն, հավաքվել էին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր ներկայացուցիչները: Եկել էին ԱՕԿ-ների նախագահները, գլխավոր քարտուղարները: Մասնակիցները պատմեցին իրենց փորձի մասին: Բոլորը ներկայումս նախապատրաստվում են 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Դժբախտաբար, Հայաստանն այդ ստուգատեսում մեծ թվով մասնակիցներ չի ունենա: Խոսվեց այն մասին, թե ինչպես կարելի է համատեղ օգտագործել տարբեր երկրներում եղած մարզաբազաները: Հրավերներ ստացանք Լատվիայից, Ուկրաինայից: Այցելեցինք Ղազախստանի ձմեռային մարզաձևերի հայտնի մարզաբազա` «Մեդեո»: Ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա գտնվող տեղանքում երեք նոր մարզահարթակ է կառուցվել: Մեր գործընկերներին հետաքրքրում է Ծաղկաձորի օլիմպիական բազան:

– Ճի՞շտ է, որ մեզ համարում ենք ոչ ձմեռային մարզաձևերի երկիր, երբ ունենք Ծաղկաձորի նման մարզավայր: Հնարավո՞ր է խորհրդային ժամանակներից մնացած այս կարծրատիպը հաղթահարել և ձմեռային մարզաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել:

– Միայն Ծաղկաձորը չէ, Աշոցքում, Լոռիում մարզվելու հիանալի պայմաններ կան:  Վերջերս ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչների ՀԱՕԿ-ի խորհուրդ է ստեղծվել և  ղեկավար է ընտրվել Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը: Նա խնդիր է դրել մեր երկրում  վերականգնել ձմեռային մարզաձևերի ավանդույթները: Աշոցքում նախատեսվում է մարզաբազա ստեղծել: Օրերս Մոսկվայում ևս շարունակեցինք բանակցությունները Ռուսաստանի ԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ, հստակեցրինք առաջիկա անելիքները: Իսկ Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու շարժառիթը հաճելի էր: Ինչպես հայտնի է, լրացել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դառնալու 40-ամյակը: Երևանում հանդիսություն էր կազմակերպվել և թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով: Հանգամանքների բերումով հոբելանի նշման առիթով Հայաստան չկարողացավ գալ Նիկիտա Սիմոնյանը: Եվ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա  Ռոստոմյանի հետ Մոսկվա  մեկնեցինք ու ՀԱՕԿ-ի «Պատվո շքանշան» հանձնեցինք լեգենդար թիմի գլխավոր մարզչին: Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956-ին դարձել է Մելբուռնում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն, նրա գլխավորած «Արարատ» թիմի երեք խաղացողներ` Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը և Խորեն Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել են օլիմպիական խաղերի մրցանակակիր, սակայն անվանի մասնագետը ՀԱՕԿ-ի ոչ մի պարգև չուներ:

 – Փաստորեն անակնկա՞լ է մատուցվել:

– Երբ Սիմոնյանին տեղեկացրինք, որ  ցանկանում ենք պարգև հանձնել, նա շատ հուզվեց, հետո հետաքրքրվեցինք` դա որտեղ է նպատակահարմար անել, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայո՞ւմ, թե՞ այդ երկրի ԱՕԿ-ում: Մեր հայրենակիցը հայտնեց, որ գերադասում է միջոցառումը կազմակերպել օլիմպիական կոմիտեում: Իսկ պարգևատրման արարողությանը ներկա էին Յուրի Յուրիևը, որը ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների համագործակցության  աշխատանքների համակարգողն է, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վյաչեսլավ Մկրտիչևը, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահի խորհրդական Վյաչեսլավ Կոլոսկովը և ուրիշներ: Հանդիպեցի նաև  Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՄՕԿ-ի անդամ Վիտալի Սմիռնովին: Նա  այդ կառույցում է 1971-ից: Մի շարք ընդհանուր հարցեր կան, որոնք քննարկեցինք և հստակեցրինք, թե ինչպես կարելի է դրանք իրականացնել:

Նոյեմբերի 22-23-ը  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալու է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանը, անցկացվելու է այդ կազմակերպության նախագահի ընտրություն: ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ միասին ես ևս մասնակցելու եմ նստաշրջանին: Կհանդիպենք  ՄՕԿ-ի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի, տարբեր երկրների ԱՕԿ-ների ներկայացուցիչների, այդ թվում նաև իմ հին բարեկամ, Ռուսաստանի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Ժուկովի հետ, համագործակցության նոր ծրագրեր կկազմվեն: Վերջինիս այս անգամ Մոսկվայում չհանդիպեցի, նա Սոչիում էր:

 

Չորս կանայք, որոնք փոխեցին աշխարհը

73811252_princessdianaprincessdiana200304_275_400Այս կանայք ունեցել են բացառիկ կամքի ուժ, չեն վախեցել ժամանակից առաջ անցնելուց և ընդունված նորմերից դուրս մտածելուց: Նրանք դասվում են աշխարհի ամենաազդեցիկ ու հեղափոխական կանանց շարքին, որոնք մեծ հետք են թողել պատմության մեջ. Արքայադուստր Դիանա, Մայր Թերեզա, Ինդիրա Գանդի, Մարգարեթ Թետտչեր:

 

Արքայադուստր Դիանա

Նրան անվանում էին ժողովրդական արքայադուրստր, Սրտերի թագուհի և Աշխարհի վարդ: Արքայադուստր Դիանայի` Բրիտանական գահի թագաժառանգ Չառլզի կնոջ կյանքը սկզբում նման էր հեքիաթի: Սովորական մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատող աղջիկը հանկարծ հայտնվեց Բուքինգհեմյան պալատում: Արտաքուստ ամեն ինչ հրաշալի էր. Արքայադուստր Դիանան ամուսնուն ժառանգներ պարգևեց` Ուլիյամն ու Հարին, սկսեց զբաղվել բարեգործությամբ` իր գեղեցկությամբ ու անկեղծությամբ գրավելով յուրաքանչյուր բրիտանացու:

Սենսացիոն նյութերի հետևից ընկած պապարացցիները, սակայն, արագ բացահայտեցին թվացյալ իդելական կերպարի մութ կողմերը: Սիրո մասին երազող Դիանան, որը սեր չգտավ ամուսնության մեջ, իմացավ, որ Չառլզն այդպես էլ չի մոռացել իր առաջին սիրո` Կամիլլա Պարկեր Բոուլզի մասին: Արքայադուստրը սկսեց մի սիրեկանից մյուսին անցնել` փորձելով խեղդել հոգու ցավը: Ինքնասպանության հինգ անհաջող փորձերից հետո ի վերջո նա որոշեց ամուսնալուծվել` սկանդալ հարուցելով պահպանողական արքայական ընտանիքում: Նա որոշեց կյանքը սկսել նոր էջից: Ամուսնությունից Դիանան ստացել էր 26 միլիոն դոլար, Քենսինգտոնյան պալատը և Ուելսի արքայադուստր տիտղոսը: Նա վաճառեց ողջ հագուստը, որի նկատմամբ միշտ անտարբեր էր եղել, զարդերը` մայր թագուհուց նվեր ստացած, և շրջապատվեց նոր երկրպագուներով: Ցավոք, այն պահին, երբ նա վերջապես գտել էր իր իսկական սերը, ճակատագիրը խլեց նրա կյանքը: Արքայադուստր Դիանան զոհվեց 36 տարեկանում սարսափելի ավտովթարից, որի պատճառը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ: «Ես ուզում եմ լինել ձեր սրտերի թագուհին: Ես ինձ Մեծ Բրիտանիայի թագուհի չեմ պատկերացնում»,-ասել է Դիանան:

Նրա անունն այսօր հարյուր ամենահայտնի բրիտանացիների շարքում երրորդն է:

Մայր Թերեզա

tereza_77Նրան համարել են սուրբ դեռևս կենդանության օրոք: Իսկ նա իրեն համարել է մատիտ Աստծո ձեռքին: Ագնես Գոնջա Բոյաջիուն` աշխարհին հայտնի որպես Մայր Թերեզա, ծնվել է 1910 թվականին ալբանացի կանաչի վաճառողի ընտանիքում: 18 տարեկանում նա հեռացել է հայրական տնից և դարձել միանձնուհի, որ շուտով իր կյանքը նվիրի տառապյալներին, հիվանդներին, կարիքավորներին ու բորոտներին:

Երեսունվեց տարեկանում Մայր Թերեզան ստեղծել է «Գթասրտության օրդեն»-ը, որը զբաղվում էր աղքատների և ծանր հիվանդների համար դպրոցների, որբանոցների, հիվանդանոցների կառուցմամբ` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Այդ ժամանակվանից նրա դեմքը, որը դարձել է գթասրտության և հույսի խորհրդանիշ, ամենաթեժ կետերից մշտապես նորությունների կիզակետում էր` Հյուսիսային Իռլանդիա, Հարավային Աֆրիկա, Լիբանան և այլուր: 88-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ ժամանել է Հայաստան` օգնելու աղետից տուժած հայ ժողովրդին: Նրա ներկայությունը կարող էր թեկուզ ժամանակավորապես կասեցնել ամենաարյունահեղ պատերազմը:

Երբ մահվան մահճում Մայր Թերեզային հարցրել են, թե նա երբևե ունեցել է հանգստյան օրեր կամ տոներ, նա պատասխանել է. «Ինձ մոտ ամեն օր է տոն»:

2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը

 Ինդիրա Գանդի

880177_originalԵրբ 1966 թվականին նա առաջին անգամ նշանակվեց Հնդկաստանի վարչապետ, հակառակորդները նրան անվանեցին «հիմար տիկնիկ»: Սակայն նրանք չարաչար սխալվել էին: Լուսնի երկիր անունով աղջիկը  (այդպես է թարգմանվում նրա անունը), որը լույս աշխարհ է եկել 1917 Հնդկաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ ընտանիքներից մեկում, դառնալու էր Հնդկաստանի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկը:

Ամուսնանալով` նա երկու որդի է լույս աշխարհ բերել` Ռաջիվն ու Սանջայը: Դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին (Ռաջիվը մոր մահից հետո դառնում է վարչապետ, սակայն սպանվում է մահապարտ-ահաբեկչի կողմից 1991թ.):

Սակայն Ինդիրա Գանդիի երջանկությունը երկար չտևեց. սկզբում նա կորցրեց ամուսնուն, ապա հորը, հետո` փոքր որդուն: Հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչ կատարվեց նրա հոգում, բայց արտաքուստ նա շատ արագ իրեն վերագտավ:

Շատ շուտով այդ ոչ բարձրահասակ, սևահեր, բայց ժամանակից շուտ գլխին սպիտակ մազեր ի հայտ եկած և ազնվական դեմքով կինը սկսեց ասոցացվել իմաստության և իշխանության հետ: Հայրենակիցները նրա մեջ տեսան խելքի աստվածուհի Շակտայի մարմանցումը: Ինդիրա Գանդին առաջին կինն էր Հնդկաստանում, որը իրավունք ստացավ որոշելու երկրի քաղաքական ճակատագիրը և արմատապես այն փոխեց դեպի լավը:  “ԲիԲիՍի”-ի կողմից նա ճանաչվել է վերջին հազարամյակի ամենահզոր կին: Ղեկավարելով Հնդկաստանը 15 տարի տղամարդկանց տիրապետության, ուժեղ ընդդիմության, ծանրագույն տնտեսական իրավիճակի և կրոնական պատերազմների պայմաններում՝ նա հասել է լուրջ արդյունքների իր չափազանց ուժեղ բնավորության և քաղաքական հեռատեսության շնորհիվ:

Մինչև իշխանության վերջին րոպեները ուժեղ, իշխող Ինդիրա Գանդին մնացել է նախ և առաջ կին և դա էլ հենց եղել է նրա միակ և ճակատագրական «սխալը»: 1984 թվականի հոկտեմբերի 31-ին հարցազրույցի պատրաստվելիս նա երկար ընտրում էր զգեստը` դեռևս չկասկածելով, որ դա լինելու է իր կյանքի վերջին օրը: Նա զոհվում է իր սիկհ թիկնապահների կողմից, որոնք նրա ուղղությամբ 20 փամփուշտ են արձակում: Սակայն նա մնում է Հնդկաստանի ամենասիրելի առաջնորդներից մեկը, որը երկիրը դուրս բերեց սարսափելի թշվառությունից:

Մարգարետ Թետչեր

Մարգարետ ԹետչերՄեծ Բրիտանիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետն արթնանում էր առավոտյան վեցից ոչ ուշ և մինչ ուշ գիշեր անցկացնում  աշխատավայրում` 24 ժամվա մեջ ընդամենը չորս-հինգ ժամ քնելով: «Իմ կյանք իմ աշխատանքն է: Որոշ մարդիկ աշխատում են, որ ապրեն, ես ապրում եմ, որ աշխատեմ»,-ասել է Մարգարետ Թետչերը: Նվազագույն զարդարանք, մոխրագույն կամ մուգ կապույտ կոստյումներ, բարձրակրունկ կոշիկներ, հայացքում` ուժ: Այդպես է հիշում աշխարհը Երկաթյա տիկնոջը: 1979-ին դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ` նա կարողացավ դուրս բերել երկիրը խորը տնտեսական ճգնաժամից: Շատերը նրան կշտամբում էին, շատերն` ատում, բայց չնայած դրան, նա իշխանության ղեկին մնաց երեք շրջան` ավելի երկար, քան Մեծ Բրիտանիայի քսաներորդ դարի որևէ այլ առաջնորդ, և ամենակարևորը` վերադարձրեց իր երկրին Մեծ տերության կարգավիճակը:

Երկաթյա տիկինն ուներ իր գաղտնիքը. ամուսնու մահից հետո Մարգարետ Թետչերն իր հուշերում գրել է. «Ես երբևէ չէի կարող տասնմեկ տարի մնալ վարչապետ, եթե չլիներ Դենիսը»:

Նրանք միասին ապրել են ավելի քան հիսուն տարի, և Դենիս Թետչերն անձնվիրաբար աջակցել է կնոջն իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, սիրել և ընդունել նրան իր բոլոր առավելություններով ու թերություններով:

Մարգարետ Թետչերը վախճանվել է  2013 թվականի ապրիլի 8-ին` 88 տարեկան հասակում:

Նրա հայրը նրան միշտ ներշնչել է, որ պետք չէ բոլորին նմանվել, այլ պետք է անկախ լինել. «Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»,-ասել է նա:

Մարգարեթն այդպես էլ արել է` չի նմանվել բոլորին, չի գնացել ամբոխի հետրից, այլ ինքն է առաջնորդել մարդկանց`դառնալով ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի ամենաազդեցիկ կին  գործիչներից մեկը:

Սալմոնելոզ.ախտանշանները, բուժումը

սալմոելոզՍալմոնելոզն ամենահաճախ հանդիպող սուր վարակիչ հիվանդություններից է, որով հիվանդանում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Հիվանդության ընթացքը կարող է նման լինել սննդային թունավորման (1 տարեկանից բարձր) և կարող է շատ ավելի  ծանր ընթացք ունենալ:

Վարակի բնույթը, զարգացումն ու տարածումը

Հիվանդության հարուցիչը սալմոնելա մանրէն է, որն ախտահարում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին: Հայտնի է սալմոնելայի 700 տեսակ, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմը: Սալմոնելայի մանրէն բավական կայուն է արտաքին միջավայրում, դիմացկուն  ցածր ջերմաստիճանային պայմաններում, սակայն արագ էլ ոչնչանում է բարձր ջերմության դեպքում: Ակտիվ բազմանում է սննդամթերքի, հատկապես` մսի, կարագի, ձվի, կաթի ու կաթնամթերքի մեջ: Թույներ է արտազատում, որոնք վնասում են աղիքների լորձաթաղանթը:

Մարդու համար վարակի աղբյուր են կենդանիները, հազվադեպ` հիվանդ մարդիկ:  Արտաքուստ առողջ թվացող  կենդանին  կարող է մեզի, արտաթորանքի, թքի ու կաթի հետ հսկայական քանակությամբ սալմոնելայի մանրէ տարածել: Շատ վտանգավոր են վարակված խոշոր եղջրավորները, խոզերը, ոչխարները. կատուներն ու շները:

Սալմոնելոզով վարակի ուղին սնունդն է: Սալմոնելան երեխայի օրգանիզմ է ընկնում հիմնականում սննդի, հաճախ` կաթի ու կաթնամթերքի, մսամթերքի, աղցանների, ձվով պատրաստված մթերքի (կարկանդակներ) միջոցով, մի խոսքով, այն սննդի հետ, որն օգտագործելուց առաջ անմիջական մշակման չի ենթարկվում: Վաղ տարիքի երեխաների մոտ վարակը տարածվում է կենցաղային շփման եղանակով, ինչպես նաև` վարակած փոշին ներշնչելու ճանապարհով: Փոքրերի դեպքում նույնիսկ վարակի չնչին քանակն էլ բավարար է, որ հիվանդությունը զարգանա:

Օրգանիզմ ընկնելուց ու գաղտնի շրջանից` 2-3 օրից հետո սալմոնելան ու դրանց թույները տաբեր խանգարումներ են առաջացնում ներքին օրգաններում, վնասում աղքիների լորձաթաղանթը: Թույների ազդեցությամբ  փորլուծ է առաջանում, և օրգանիզմը ջրազրկվում է:  Խանգարվում է մարսողության ու սննդի ներծծման  պրոցեսը: Ֆերմենտային անբավարարությունը պահպանվում է  երեխայի առողջանալուց հետո ևս 3-4 շաբաթ: Շատ հաճախ սալմոնելոզից հետո զարգանում է դիսբակտերիոզ`  աղիքների նորմալ միկրոֆլորայի խանգարում: Որոշ դեպքերում սալմոնելան արյան հոսքով ու ավիշներով տարածվում է ողջ օրգանիզմում, ինչը հանգեցնում է տիֆանման ու սեպտիկ ձևերի զարգացման:

Սալմոնելոզի դեպքեր հիմնականում լինում են ամբողջ տարին, սակայն ավելի շատ` գարնանն ու ամռանը, ինչը բացատրվում է  սննդամթերքի պահպանման պայմանների դժվարությամբ:

Ախտանշաններն ու ընթացքը

Մեծ տարիքի երեխաների մոտ (3-ից հետո) հիմնականում հանդիպում է ստամոքս-աղիքային սալմոնելոզ, որը սննդային թունավորման նման է ընթանում: Հիվանդությունը բնույթով ավելի գաստրիտի, գաստրոէնթերիտի ու գաստրոէնթերոկոլիտի նման  ընթացք է ունենում: Ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի ժամից մինչև  2-3 օր: Հիվանդությանը հատուկ է սուր սկիզբը` սրտխառնուքով ու  կրկնվող փսխումով, ջերմության մինչև 38-39 աստիճան բարձրացումը, ախորժակի բացակայությունը, փորացավը: Դրանից հետո առաջանում է ջրիկ ու առատ  լուծ, երբեմն` արյան ու լորձի հետքերով: Փորի դատարկումը կախված է վարակի  բարդությունից: Հիվանդությունն ուղեկցվում է  արտահայտված տոքսիկոզով (երբեմն`  ցնցումներով):

Վաղ տարիքի երեխաների մոտ կենցաղային շփումների, օդակաթիլային եղանակով  վարակման տարբերակներն են հաճախ պատահում (ծննդատուն, մանկապարտեզ): Հիվանդությունը նվազ սուր ընթացք է ունենում, որի  զարգացման առավելագույն նշաններն արտահայտվում են 3-7-րդ օրը. բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն ու մաշկի գունատություն (քիթ-բերան եռանկյունու մոտ թեթև կապտությամբ): Փսխում կարող է առաջանալ հիվանդանալու առաջին ժամերից: Արագ զարգանում է ջրազրկումը, իսկ կեղտը աստիճանաբար ձեռք է բերում   ջրիկ, կանաչ գունավորում, լորձի  ու արյան առկայությամբ:

Կրծքի երեխաները հիմնականում ծանր են տանում հիվանդությունը, հնարավոր է, որ երեխայի մոտ զարգանա սալմոնելոզային պնևմոնիա, օսթեոմելիտ, մենինգիտ:

Բուժումը

Բուժումը խիստ անհատական բնույթ ունի և վարակաբան բժշկի հսկողությամբ պետք է իրականացնել: Սալմոնելա մանրէների մեծ մասը կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, ուստի  սովորական բուժման դեպքերում այդ դեղորայքը չի կիրառվում: Բուժման  համար  հատուկ սննդակարգ է ընտրվում:  Կարևոր են   հեղուկի հավասարակշռության վերականգնումն ու օրգանիզմից տոքսինների դուրսբերումը:

Սննդակարգը պետք է հնարավորինս մեղմ լինի, որ վնասված աղիքները խնայի: Դրա համար հարկավոր է խաշած ու քերած, ճզմած մթերք օգտագործել, պետք է  լրիվ բացառվեն կաթն ու կենդանական ծագման մթերքը (բացի սերուցքային կարագից), բանջարեղենը, կոշտ բջջանքը:

Նախընտրելի են բրնձով, վարսակով շիլաները (այն էլ` ջրով եփած), բանջարեղենային եփվածքը, խաշած ձուկը, շոգեխաշած կոտլետները, մրգային կիսելները, կաթնաշոռը: Սննդակարգի ժամանակ պետք է աստիճանաբար ավելացնել մյուս մթերքներն ու հիվանդության 28-30-րդ օրից հետո անցնել սովորական օրաբաժնի, ինչ օգտագործվում էր մինչ հիվանդությունը:

Սննդային եղանակով վարակման դեպքում առաջին հերթին պետք է լվանալ ստամոքսը: Դրա նպատակը օրգանիզմից գոնե ինչ-որ քանակով տոքսինների ու մանրէների դուրսբերումն է, ինչը կթեթևացնի հիվանդի վիճակն ու թունավորման ախտանշանները կվերացնի: Դրա համար կիրառվում է 2%-անոց նատրիումի երկկարբոնատի կամ 2-3 լ 18-200 ջրով ստամոքսի լվացումը: Հիվանդության թեթև դեպքերի ժամանակ այդքանը բավարար է, որ երեխայի վիճակը կարգավորվի: Տնային պայմաններում կարելի է լվանալ երեխայի ստամոքսը, եթե նա 3 տարեկանից մեծ է: Երեխան պետք է խմի առաջարկված հեղուկը, ապա լեզվարմատին դիպչելով` փսխում առաջացնի: Դա պետք է կատարվի այնքան ժամանակ, մինչև թափած ջուրը պարզի:

Բուժման, վերականգնողական նպատակով առաջին տեղում են իմունիտետի բարձրացմանն ուղղված միջոցները: Սալմոնելոզի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, ուստի կանխարգելման միակ միջոցն անձնական ու սննդի պատրաստման հիգիենան է: Մթերքը պետք է անհրաժեշտ ջերմային մշակում անցնի, իսկ պտուղ- բանջարեղենը` մատուցելուց առաջ մի լավ հոսող ջրով լվացվի, նույնիսկ առաջարկվում է տաք ջրով լվանալ: Խորհուրդ չի տրվում կենդանական ծագման մթերք գնել կասկածելի վայրերից: Ցավոք, բարձր գինը ևս թարմության երաշխիք չէ: Հատկապես պետք է զգույշ լինել հրուշակեղենի գնման հարցում, որոնցում հավի ձու է օգտագործված: Տորթ գնելիս անպայման ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին: Շատ հաճախ սալմոնելոզով հիվանդանալու պատճառ են դառնում կրեմով թխվածքները:

Սալմոնելոզը լուրջ հիվանդություն է, որը բոլոր հիվանդությունների պես ավելի դյուրին է կանխարգելելը: Եթե սալմոնելոզը չբուժվի, հետևանքներն անմխիթար կլինեն:

Հայաստանյան ջերմ արևը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

անահիտ (1)Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա:

Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը 1994 թ. տեղափոխվեց Լոնդոն: Հայրը, որ ծնվել էր Հնդկաստանում, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի ու հնդիկ: 70-ականներին էր եկել Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ հետ:  «Հորս առաջին լեզուն եղել է անգլերենը, հետո հնդկերենը, հետո ռուսերենը, հետո նոր՝ հայերենը: Սակայն ինքն իրեն զտարյուն հայ է զգացել և ինձ ու եղբորս էլ որպես հայ դաստիարակել»:

Չնայած սովորում էին անգլիական դպրոցում, ողջ օրն անցկացնում անգլիական միջավայրում՝ առանց որևէ հայ ընկերոջ, տանն ամեն ինչ հայկական էր՝ սկսած լեզվից, վերջացրած կենցաղով ու ավանդույթներով: «Մենք փորձում էինք համադրել երկու մշակույթները, ինչքան էլ որ դա դժվար էր մեզ համար, բայց կարողանում էինք՝  շնորհիվ մեր ծնողների, որոնցից շատ շնորհակալ եմ»:

Սակայն երբ 1999 թ. ամռանը ծնողները որոշում են Հայաստան գալ, Անահիտն ընդդիմանում է, քանի որ չէր ուզում բաց թողնել դպրոցի ավարտական խնջույքը. դա իրեն ավելի էր ձգում, քան Հայաստանը: Նրան մի կերպ են բերում: Ողջ ամառն անցկացնելով հայրենիքում՝ 11-ամյա Անահիտն իր մեջ հեղափոխական որոշում է կայացնում. մի օր անպայման պետք է վերադառնա Հայաստան. «Իմ մեջ տպավորվեց մարդկանց ջերմությունը, անկեղծությունը: Լոնդում երբեք մարդկանցից ջերմություն չես զգում: Բացի այդ, Հայաստանի եղանակը շատ սիրեցի, այստեղի ուտելիքը: Մի խոսքով, այդ այցն ինձ համար շատ կարևոր էր և որոշիչ»:

Լոնդոնում ավարտելով հիմնական դպրոցը՝ Անահիտն ընդունվում է ավագ դպրոց, հետո քոլեջ, ապա Քենթի համալսարան՝ քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո ուզում է աշխատանք գտնել, բայց պարզվում է՝ Լոնդոնում այդքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնելը. կա՛մ մագիստրատուրայի դիպլոմ էին պահանջում, կա՛մ աշխատանքային փորձ:

անահիտՄեկ տարի անց նա ընդունվում է Լոնդոնի UCL համալսարանի մագիստրատուրա:
Իմանալով, որ «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է UCL ընդունվող հայ երիտասարդներին, դիմում է և դառնում հիմնադրամի կրթաթոշակառու: Սակայն նրա համար պարզ չէր, թե ինչու են ֆինանսավորում հայ երիտասարդներին դրսի համալսարաններում սովորելու համար: Հետո իմանում է, որ ստանալով կրթաթոշակ` պարտավոր է, օրինակ, մասնակցել նաև որոշ ծրագրերի՝ կամավորական աշխատանք կատարելով Հայաստանում: Դա նրա սրտով էր:

262576_10150274821394121_1384079_nՄագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ամռանը 10 օրով Սևանի Ծափաթաղ գյուղում ծրագիր է իրականացնում գյուղի խնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրում է գյուղի երեխաների կյանքը, առօրյան, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Հայաստանյան գյուղում թեկուզ 10 օր ապրելը նրան շատ բան է սովորեցնում, բացում իրական Հայաստանի պատկերը՝ իր բազմաշերտ խնդիրներով:

Համալսարանն ավարտելուց հետո Անահիտը վերջնականապես որոշում է վերադառնալ ու աշխատել Հայաստանում: «Ենթադրում էի, որ այստեղ ավելի շատ կգնահատվեմ և ավելի մեծ հնարավորություններ կունենամ, քան Անգլիայում կամ Էկվադորում, չնայած Էկվադորի ու Հայաստանի միջև շատ ընդհանուր բան կար՝ թե՛ խնդիրների առումով, թե՛ մշակույթի: Բացի այդ, շատ կարևոր էր Հայաստանի համար ինչ-որ բան անելը»:

Փորձում է «Լույս» հիմնադրամի միջոցով մինչև գալն աշխատանք գտնել կանանց, մարդու իրավունքների ոլորտում կամ ծայրահեղ դեպքում՝ լեզվի կենտրոնում, որպես անգլերենի մասնագետ: «Վերջին տարբերակը գտան, սակայն երբ գործատուներն իմացան, որ դեռ Անգլիայում եմ, ասացին՝ պետք է գամ, որ հստակ լինի: Եկա, բայց այդ աշխատանքին չդիմեցի, մեկ շաբաթ անց աշխատանք գտա մեկ այլ լեզվի կենտրոնում»:

945760_10151608105099121_346094807_nՇուտով «Լույս» հիմնադրամի միջոցով տեղեկանում է «Repat Armenia» («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի մասին, որին անհրաժեշտ էր արտաքին կապերի մասնագետ, որը պետք է համակարգեր Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի հետ կապերը: Հիմնադրամի գործունեությունն ու գաղափարը Անահիտի սրտով էին, և նա հենց առաջին իսկ րոպեից մտածում է, որ այդ աշխատանքը հենց իր համար է: «Բախտս բերեց, ճիշտ ժամանակին եկա, թե ոչ, չգիտեմ, բայց ինձ համար Հայաստանում աշխատանք գտնելը միանգամից ստացվեց: Մեկ տարվա ընթացքում վեց տարբեր աշխատանքային հնարավորություններ եմ ունեցել»:

Անահիտն իր ապագան այսօր Հայաստանում է տեսնում, որտեղ նաև որոշակի ծրագրեր կան: Օրինակ` հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ ունենա, այլ իսկապես օգուտ բերի Հայաստանին: Բայց գիտակցում է, որ դրա համար պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա:

945747_10151608121274121_1823599871_nԱնահիտի ծնողները չեն վերադարձել Հայաստան և միտք էլ չունեն, քանի որ Լոնդոնում լավ աշխատանք ունեն, հաստատվել են: Հավանաբար, կգան այն ժամանակ, երբ թոշակի անցնեն: «Մամաս ինձ ասում է՝ ախր ո՞նց Լոնդոնը թողեցիր, գնացիր, Լոնդոնում էսքան լավ բաներ կան, դու էստեղ ես մեծացել և այլն: Ես նրան ասում եմ՝ չէ, մամ, ես ինձ  էստեղ ավելի ապահով եմ զգում, ավելի հանգիստ և ավելի ուրախ»:

Եղբայրն էլ է վերադարձել Հայաստան, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ամուսնացել է և աշխատում է «Թումո» կենտրոնում:

Անահիտն իր երկրորդ կեսին գտնելու կամ ամուսնության մասին մտածելիս ազգային պատկանելության առումով սահմանափակում չի դնում, սակայն գլխավոր պայմանն այն է, որ իր ընտրյալը պետք է հարգի իր հայությունը և իր ազգային արժեքներն ու ավանդույթները:

1002896_10151651236379121_242432808_nԸնկերների առումով էլ սահմանափակումներ չունի, կարող է շփվել ցանկացած ազգի ներկայացուցչի հետ, և այդ առումով շրջապատն իրոք բազմազան է: Սակայն խոստովանում է, որ հայկական կապերն ավելի ամուր ու հաստատուն են. «Հայաստանում, երբ որևէ մեկի հետ կապ ես ստեղծում, մնում է, իսկ Լոնդոնում, օրինակ` «networking event»-ներ են անում, իրար բիզնես քարտեր են փոխանցում, բայց հետո, երբ ուզում ես այդ մարդու հետ կապվել, չկա: Այստեղ զգում ես, թե ինչքան են մարդիկ փորձում իրար աջակցել: Թեկուզ ապրես Ֆրանսիայում, Անգլիայում կամ Ամերիկայում, եթե Հայաստանում հանդիպում ես, այդ կապը կարծես սոսնձվում է»:

Անի Գասպարյան