Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը

10832_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:

Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր
Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:
Կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը: Ընկերությունը դեռ անցյալ տարի ճանաչվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող, ներմուծել է սարքավորումներ, որոնց շահագործումը շարունակվելու է նաև այս տարի, ուստի առաջացել է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:
Կառավարության հաջորդ որոշումն ուղղված է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը: Հիմնական եկամտի բացակայության պատճառով ինստիտուտը չի կարողանում պետբյուջե փոխանցել պետական շահութաբաժնի պարտավորության մի մասը: Որոշումը կազմակերպությանն հնարավորություն է տալիս մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կատարել իր պարտավորությունը:
Բարելավվում են կրթական հաստատությունների պայմանները
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Եվս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
Այլ հարցեր
Ի կատարումն ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի «2013թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց կազմերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է նպաստել սույն գործընթացի էթիկական նորմերի պահպանմանը` փոխպատվաստման հարցերի էթիկայի հանձնաժողովի միջոցով երաշխավորելով փոխպատվաստման դեպքերի հիմնավորվածությունը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 11.5 մլն դրամ` ս.թ. առաջին եռամսյակում սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետբյուջեի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետտուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով:

Աղցան «Տիֆանի»

տիֆանիԲաղադրությունը

2 կտոր հավի կրծքամիս

200 գ պանիր (ցանկացած)

6 ձու

մայրենու ընկույզ (կամ հունական) 100 գ

300 գ խաղող (կանաչ ու սև` 150-ական գ)

թթվասեր` 200 գ

200 գ մայոնեզ

ձեթ`տապակելու համար

կարրի:

Պատրաստման եղանակը

Միսը համեմել կարիով: Տապակել, ապա հեռացնել ոսկրերն ու մանր կտրատել: Մայոնեզը խառնել թթվասերի հետ: Ձուն պինդ խաշել ու միջին մեծության անցքերով քերիչով անցկացնել: Մայրենու ընկույզը  բովել: Խաղողը լվանալ ու հատիկները կիսել, հեռացնել կորիզները:

Աղցանը շերտերով է դասավորվում` յուրաքանչյուրի վրա պետք է ցանել մանրացրած ընկույզ: Առաջին շերտը լցնում ենք պատրաստի հավի միսը: 2-րդը` մայոնեզային խառնուրդի կեսը: Երրորդ շերտը ձուն է: 4-րդը` պանիրը: 5-րդը կրկին  մայոնեզային խառնուրդը, որի վրա նույնպես ընկույզ պետք է շաղ տալ: Ապա վրան սև ու կանաչ խաղողը դասավորել հերթագայորեն:

Ի դեպ, նույնը կարելի է պատրաստել նաև տավարի մսով ու ավելացնել շամպինյոն:

Կեքս խնձորագինով

կեքս Համեղ, բուրավետ կեքս է` խնձորի համով ու դարչինի հոտով: Իսկն այս սեզոնի համար:

Բաղադրությունը`

150 գ ալյուր

100 գ շաքարավազ

80 գ կարագ

2 ձու

խնձոր 1-2 հատ

խնձորագինի կամ շամպայն 100 գ

աղ 1/3 թ.գդալ

դարչին` կես թեյի գդալ:

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը հարել շաքարավազով, ավելացնել ձուն ու կրկին հարել: Մեկ այլ թասի մեջ խառնել ալյուրը, սոդան, աղն ու դարչինը և լցնել կարագով խառնուրդի վրա: Ապա վրան ավելացնել խնձորագինին ու լավ հարել:

Կեքսի կաղապարները կարագոտել ու լցնել խմորը, ապա խնձորի միջուկը հեռացնել ու յուրաքանչյուր կտորի (կեքսի) վրա խաչաձև դասավորել: Թխել 1800С տաքացված փռում:

Որո՞նք են ՀՀ քաղաքացիության դադարեցման հիմքերը

անձնագիր Քաղաքացիության դադարեցումը Հայաստանի Հանրապետության հետ անձի իրավական կապի կորուստն է, որը, ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հնարավոր է հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում,

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը նշանակում է, որ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,

4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:

Առաջին, երկրորդ և չորրորդ կետերում նշված դեպքերում անձը ժամանակավորապես չի կարող դադարեցնել իր իրավական կապը հանրապետության հետ, այսինքն` խոչընդոտող հանգամանքները վերականգնելուց հետո միայն նա կարող է միջնորդել հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով: Այս խոչընդոտների վերացման դեպքում անձը կարող է վերականգնել քաղաքացիության դադարեցման իր իրավունքը, իսկ երրորդ կետում նշված հիմքով քաղաքացիությունից դուրս գալու հնարավորությունը բացառվում է: Այդպիսի հիմք է համարվում ՀՀ ազգային անվտանգությունը:

Ճիշտ է, օրենքը չի նշում, թե ինչ պետք է հասկանալ` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահ» ասելով: Պետք է միայն ենթադրել, որ նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք տիրապետում են ՀՀ կարևորագույն պետական գաղտնիքների:

Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքին, ապա այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն ուղղակի վերանայում է անձին քաղաքացիություն շնորհելու մասին իր որոշումը:

Իսկ ՀՀ միջազգային պայմանագրերին միանալով կամ ստորագրելով` հնարավոր է` նախատեսվեն այնպիսի պարտավորություններ, որոնց պետք է հետևի Հայաստանի Հանրապետությունը:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կենսաթոշակային բազմաստիճան համակարգ. այն գործելու է 2014 թ. հունվարի 1-ից

կենսաթոշակԱրդեն մի քանի տարի է, ինչ պետությունը նախաձեռնել է բարդ և երկրի համար կարևոր սոցիալական նշանակություն ունեցող մի ծրագիր` կենսաթոշակային բազմաստիճան համակարգ, որը նախատեսվում է գործարկել 2014 թ. հունվարի 1-ից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս բարեփոխումների ծրագիրը, և ի՞նչ է դրանից շահելու սովորական քաղաքացին:

Պետական կենսաթոշակային բաղադրիչին ավելանալու է նոր՝ մասնավոր կուտակային երկու բաղադրիչ, որին պարտավորվելու են միանալ 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները՝ առանց սահմանափակումների: Այսինքն՝ բարեփոխման հիմքում ընկած է այն գաղափարը, որ քաղաքացին անցնելու է անհատական կենսաթոշակային խնայողությունների համակարգին: Մարդն իր կյանքի ընթացքում խնայելու, կուտակելու է որոշակի գումար, իսկ կենսաթոշակի անցնելուց հետո ստանալու է իր կուտակած միջոցները կուտակային կենսաթոշակի տեսքով: Որքան շատ գումար խնայի նա կենսաթոշակի նպատակով, այնքան շատ կլինի հետագայում ստացվող կենսաթոշակը: Այն, իբրև «սոցիալական արդարության» սկզբունք, գալիս է փոխարինելու կամ համալրելու «սերունդների համերաշխության» սկզբունքը:

Ի՞նչ ենք ունենալու վաղը

Բարեփոխումների առաջին և հիմնական նպատակը հասարակության մեջ տարեց քաղաքացիների սոցիալական ապահովության խնդրի լուծումն է: Արդյունքում մեծանում է  քաղաքացու անմիջական մասնակցությունը սեփական կենսաթոշակի ձևավորման գործում, բարձրացնում նրա պատասխանատվությունը բարեկեցիկ ապագա ունենալու առումով:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը, մասնագետների գնահատմամբ, բարդ գործընթաց է համարվում բոլոր երկրներում, քանի որ այն վերաբերում է  մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: Դեռ երիտասարդ տարիքից անձը պետք է  մտածի ապագայի մասին, խնայողությունների դիմի, պետք է կարողանա հաշվարկել եկամուտները, ճիշտ գնահատել ծախսերը և ընտրել ֆոնդի կառավարիչ, համեմատել առաջարկվող տարբերակները, որոշումներ ընդունել և մշտապես հետևել կուտակային միջոցների աճին և շարժին:  

Ի՞նչ ունենք այսօր                 

Մեր երկրում ներկայումս գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին: Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ  կենսաթոշակների վճարմանը: Այսինքն՝ ներկայիս աշխատողները ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց: Այս համակարգն անարդյունավետ է այն պատճառով, որ չի արտահայտում մարդու անհատական ներդրումը կենսաթոշակային համակարգում, քանի որ, անկախ կատարված սոցիալական վճարների չափից, բոլորը կենսաթոշակի անցնելուց հետո հավասարվում են: Իսկ կուտակային համակարգը պահպանում է արդարության սկզբունքը, ով շատ է վճարում, նա էլ շատ է  ստանում: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն ունեցել աշխատանքային ստաժ և իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն կուտակել, կստանան բազային կենսաթոշակ:

Նշենք, որ Հայաստանում այս համակարգին ուղղված բարեփոխումների հարցում պետությանն աջակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Սոցնախարար Արտեմ Ասատրյանն այս ուղղությամբ կատարած իր դիտարկումներում նշել է, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումների արդյունքում ներդրվել և կիրառվել է նոր տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետելու  հազարավոր կենսաթոշակառուների տվյալներին և կառավարելու այդ համակարգը:

Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև ինտեգրացված սոցիալական ծառայությունների ուղղությամբ: Արդեն ձևավորվել են 19 տարածքային կենտրոններ, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտում  առաջարկում են ծառայությունների մատուցման նոր որակ և ձևաչափ: Նախատեսվում է հանրապետության տարածքում ձևավորել շուրջ 55 այդպիսի կենտրոններ ևս, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ սոցիալական ծառայություններ բոլորովին այլ մեխանիզմով: Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել քաղաքացիների դիմումների ընդունման հետ կապված խնդիրները: Դրամական վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ վճարներն  իրականացվելու են տեղեկատվական համակարգերի միջոցով,  և այդ գործընթացներին սոցիալական աշխատողների միջամտությունը հասնելու է նվազագույնի: Քաղաքացիներն այսօր ունեն նաև դիմումները ներկայացնելու և ծառայությունների մասին ճշգրիտ տեղեկանալու պակաս, որոնց արդյունավետ լուծման միակ ճանապարհը, ըստ համակարգի ներկայացուցիչների, լինելու է այս գործընթացների իրականացումը:

Նշենք, որ քաղաքացիների խնայողությունները պահվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով, որոնց ընտրելու են հենց իրենք՝ զբաղված անձինք: USAID՝ PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում բոլոր զբաղված քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների կառավարիչներ: Այս մասին կհայտարարվի առաջիկայում: «Ես վստահ եմ, որ 2014 թ. նոր կենսաթոշակային համակարգը կմտնի ուժի մեջ: Նոր ծրագրով մեր աշխատանքները հիմնականում ուղղվելու են մի քանի բաղադրիչների իրականացմանը, և հիմնական աջակցությունը ուղղված է լինելու պետական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, մասնավորապես` ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և բարձր որակի ծառայությունների ապահովմանը:  Մենք ջանքեր ենք  գործադրելու, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն այս համակարգի մասին և կարողանան կենսաթոշակային ֆոնդերի և ակտիվների կառավարիչներ ընտրել»,- ասել է ծրագրի ներկայացուցիչը:

Քաղաքացին խնայելու է, տնտեսությունը` շահելու

Ապահովելու է նաև ֆինանսական կայունություն: Այսինքն՝ քաղաքացիների խնայողություններն անուղղակի առավելություններ են բերելու նաև երկրի տնտեսության զարգացմանը: Կուտակային վճարների հաշվին երկրում ձևավորվում են երկարաժամկետ միջոցներ. որոնք կարող են կարճ ժամանակահատվածում առաջացնել ազատ ֆինանսական հոսքեր ու ներդրվել տնտեսության մեջ: Այս գործընթացը նպաստելու է  երկարաժամկետ տնտեսական հեռանկարային աճին: Քաղաքացիների խնայողությունների արդյունավետ կառավարման շնորհիվ կուտակային համակարգը մոտ ապագայում բազմապատիկ օգուտներ է խոստանում ֆինանսական շուկայի աշխուժացման, ներդրումների աճի, վարկային տոկոսադրույքների նվազեցման և ընդհանուր առմամբ, տնտեսության դինամիկ զարգացման առումով:

Սակայն հանրության շրջանում դեռ  անվստահություն կա: Գուցե այս համակարգը իդեալական գործի այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է, մարդկանց եկամուտները բավարար են, աղքատության մակարդակն էլ ցածր է: Բայց եթե մեր երկրում սովորական քաղաքացու նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, իսկ միջինը՝ 100 հազար, ապա ինչպե՞ս պետք է քաղաքացին այդ փոքր ամսական բյուջեով խնայողություններ նախատեսի: Աշխատավարձերի ցածր լինելու պարագայում զբաղված անձանցից թերևս շատ քչերը կցանկանան գումար խնայել, քանի որ  ստացածը բավարար չէ գոնե տարեկան կենցաղային ծախսերը հոգալու համար:

ՀՀ Ազգային ժողովի  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտակցելով ժողովրդի շրջանում այս համակարգի գործարկման հետ կապված ընդվզումը, հորդորում է այնուամենայնիվ գնալ կենսաթոշակային բարեփոխումների ճանապարհով` առանց երկմտելու: Եվ զբաղված քաղաքացիներին, փոքր ինչ ոգևորելու համար հիշեցրեց, որ 2014-ից աշխատավարձերի բարձրացում է սպասվում, և միջին աշխատավարձը  նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի,  իսկ առավելագույնը`  20 անգամ ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, ստիպելու է համատարած բարձրացնել բոլոր քաղաքացիների աշխատավարձերը` անկախ պետական կամ մասնավոր կառույց լինելու գործոնից:

Լ.Ն

“…կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…”.Հարութ Սասունյան

Հարութ ՍասունյանԱնցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիայի հիասքանչ երկիրը:

Տոկիոյի Նարիտա օդանավակայանում ոտքս դնելուն պես, կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…

Առաջին բանը, որ նկատում ես՝ ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է: Հյուրերի առջև շարունակ խոնարհվելով նրանց ողջույնն անհամեմատ ավելի հարգալից է, քան մեր սովորական ձեռքսեղմումը: Ես զարմացա, երբ պարզեցի, որ նրանք բոլորին միևնույն հիանալի ծառայությունն են մատուցում առանց լրացուցիչ վճարի: Ոչ ոք թեյավճար չի ստանում, այդ թվում` մատուցողներն ու ավտոկայանատեղիների սպասարկողները:

Ճապոնիան անբասիր մաքրության երկիր է: Ոչ մի տեղ չես կարող աղբ գտնել: Որևէ տեղ կեղտի կուտակումներ չկան: Փողոցում աչքովդ չի ընկնի անգամ մի ծռմռված կամ փոշոտ մեքենա: Նույնիսկ շինանյութեր տեղափոխող բեռնատարները ծածկված են ցանցով և բեռնման հրապարակից դուրս գալուց առաջ դրանք լվանում են, որպեսզի կեղտը շաղ չտան քաղաքի փողոցներում: Զարմանալի է, որ Տոկիոյին փոթորիկի հասցրած ուղղակի հարվածից հետո անգամ փողոցներում աղբի մնացորդներ չկային:

Ի լրումն այս ամենի` Ճապոնիայում հանցագործության ցուցանիշը շատ ցածր է` շնորհիվ բնակչության հանգիստ պահվածքի և զենքի բացակայության: Չնայած Տոկիոյի մայթերը շատ մարդաշատ են, սակայն ամեն մեկն իր գործին է գնում` առանց մյուսներին հրելու կամ հրմշտելու, վիճելու կամ ձայնը բարձրացնելու: Վարորդները հարգում են երթևեկության կանոնները և իրենց մեքենաները վարում են սահմանված կարգով` առանց մյուսների առաջը կտրելու կամ ձայնային ազդանշան տալու:

Փողոցներում շատ մարդկանց կարելի է տեսնել բժշկական դիմակներով: Թվում է, թե նրանք այդ կերպ իրենց պաշտպանում են անցորդներից՝ գրիպով կամ այլ հիվանդությամբ չվարակվելու համար: Սակայն պարզվում է, որ հենց դիմակով մարդիկ են հիվանդ գրիպով: Նրանք անչափ ուշադիր լինելով, չեն ցանկանում, որ իրենց մանրէները փոխանցվեն մյուսներին…

Բացի ճապոնական սրբավայրեր և հինավուրց պալատներ այցելելուց, այս հեռավոր հողում ես հնարավորություն ունեցա մասնակցել հայությանը վերաբերող միջոցառումների: Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն ուներ Տոկիոյում: Դեսպան Հրանտ Պողոսյանը և կցորդ Մոնիկա Սիմոնյանը սիրալիր ընդունեցին ինձ և համառոտ ներկայացրեցին իրենց անխոնջ ջանքերն ուղղված երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների հայ համայնքի և Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի օրերին:

Բավականին հաճելի անակնկալ էր Հայաստանի դեսպանատան կազմակերպած համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Երեք անվանի երաժիշտներ` դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը և Ջուլիետա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը հատուկ ժամանել էին Հայաստանից այդ եզակի երեկույթի համար: Ճապոնական լսարանը, օտարերկրյա դիվանագետները, ինչպես նաև մի քանի հայ ուսանողներ ու գործարարներ մեծապես տպավորված էին Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և երաժիշտների վարպետ կատարմամբ: Անգամ  հանդիպեցի մի ճապոնացի գիտնականի, որը վարժ խոսում էր հայերեն: Առաջին անգամ էի լսում ճապոնական առոգանությամբ հայերեն:

Իմ ճապոնացի հյուրընկալողները կազմակերպել էին իմ հանդիպումները Տոկիոյի և Կիոտոյի մի քանի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, որոնց հետ քննարկեցի ճապոնական ներդրումների հնարավորությունները Հայաստանում: Շատ տպավորիչ էր Կիոտոյի համալսարանի ցողունային բջիջների աճեցման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիան:

Այդ նույն օրը բացառիկ հնարավորություն ունեցա դասախոսություն կարդալ մի խումբ փայլուն ուսանողների և նրանց դասախոսների առջև: Նրանք բավականին լավ անգլերեն գիտեին և բազմաթիվ հարցեր տվեցին, չնայած ինձ ասել էին, որ ճապոնացի ուսանողները սովորաբար հարցեր չեն տալիս: Իմ ելույթում ես լուսաբանեցի Հայոց ցեղասպանությունը, արցախյան հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, արաբական գարունը, «մխիթարության կանանց» վիճահարույց հարցը և հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Տոկիո վերադառնալուց հետո հյուրընկալողներն ինձ զարմացրեցին՝ ներկայացնելով The Japan Times թերթի 1998 թվականի հոկտեմբերի 4-ի համարի պատճենը, որտեղ կես էջանոց հոդված էր հրապարակված Հայաստանի համար իմ՝ որպես Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ կատարած մարդասիրական աշխատանքների մասին:

Իմ վերջին հանդիպումը կայացավ ճապոնացի պետական բարձրաստիճան երեք պաշտոնյաների հետ, որոնց հետ մանրամասն քննարկեցի Ճապոնիայի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:

Ճապոնիայի համալսարանի ուսանողների և կառավարության ղեկավարների հետ  ունեցած զրույցներից հասկացա, որ հայ ժողովուրդը սովորություն է դարձրել իր քաղաքական բոլոր ջանքերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում` բոլորովին անտեսելով ռազմավարական բազմաթիվ կարևոր երկրներ Ասիայում:

Միգուցե քաղաքական և տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի ընդլայնել մեր գործունեության դաշտը` ուշադրությունը սևեռելով այն երկրների վրա, որոնց քաղաքացիները գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից

միգրացիա-Ռ (1)Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները: Նշվում է, որ ռուսական մշակույթով դաստիարակված, ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանի հետ կապը խզել չցանկացող հայրենակիցներն առավել հեշտությամբ կարող են հարմարվել և դրական սոցիալական կապեր հաստատել ընդունող հասարակության մեջ:

Սևով սպիտակի վրա պարզ գրված այս  շարադրանքից ընթերցողը մի բան է հասկանում, որ ծրագիրը նախատեսված է արտերկրում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացիների համար: Բայց միաժամանակ ծրագրի որևէ կետով այլազգիների մասնակցությունն արգելված չէ, ուստի Ռուսաստանն իր սիբիրյան դատարկությունը լցնելու համար պատրաստ է ընդունել ոչ միայն ռուս հայրենակիցներին, այլև նրանց, ովքեր գոնե «здравствуй» ասել գիտեն կամ հոգով-սրտով իրենց Ռուսաստանի հայրենակից են զգում: Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն: Հատկապես հիմա, երբ սոցիալ-հոգեբանական լարվածությունը երկրում հասել է գագաթնակետին, և մարդիկ փախուստի մոլուցքի մեջ են, շատերն են ինքնամոռաց նետվում եղբայրական Ռուսաստանի գիրկը, որն էլ իր գիրկն է առնում «որբացած» հայ ժողովրդին և երանելի ապագայի խոստումներ տալիս:

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան գրասենյակի սև մեծ դարպասը, որի մոտ ցանկացած ժամի կարող եք խմբված քաղաքացիների հանդիպել, շատերի համար դրախտի դռներ են:

Միջին տարիքի մի տղամարդ, որը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ եկել էր տեղեկություններ ստանալու ծրագրի մասին, հնարավորություն չունեցավ այդ դռներից ներս մտնելու, քանի որ այն փակ էր: Հետո դարպասի վրա փակցված տեղեկատվական թերթիկներից իմացավ, որ այդ օրը գրասենյակի աշխատակազմը մինչև ժամը 13:00-ն էր աշխատում: Ի դեպ, հայերեն տեղեկատվական միակ թերթիկի վրա գրված մի քանի կարճ նախադասության մեջ 5-6 կոպիտ քերականական սխալներ կային, ինչը վկայում էր այն մասին, որ տեքստը գրողը վատ է տիրապետում հայերենին:  Նույնը չէր կարելի ասել ռուսաց լեզվով տեքստերի մասին:

Ինչևէ, մինչ տղամարդն ընտանիքով սրտնեղած կհեռանար` անհամբեր սպասելով հաջորդ օրվան, որպեսզի նորից գա, հարցրեցի, թե ինչպես է  ծրագրի մասին իմացել և ինչու է ուզում դիմել: Ասաց, որ նույն ծրագրով Կալինինգրադում վերաբնակեցված իր ծանոթներից է իմացել և որոշել է ինքն էլ դիմել: «Գոհ են, ապահովված են աշխատանքով, մեզ էլ խորհուրդ տվեցին գնալ»:

Հարցրի`տեղյա՞կ են, որ Հայաստանի քաղաքացիությունից պիտի հրաժարվեն, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ստանան: Առանց վարանելու պատասխանեց. «Խնդիր չկա: Ինչի՞ս է պետք Հայաստանի քաղաքացիությունը, եթե չենք կարում ապրենք: Աշխատանք ունեմ, բայց բանի պետք չի` բանվորություն շինարարության մեջ: Երբ հիշում են` էն ժամանակ են վարձատրում…»:

Չէ, հաստատ որոշել է ընտանյոք հանդերձ հեռանալ: Եթե անգամ դժվար լինի, հետ չեն գա, քանի որ մտածում են` ինչ էլ լինի, Հայաստանից լավ է լինելու: «Վաղը–մյուս օրը ծերանալ կա, բան կա: Էստեղի թոշակով ո՞նց ենք ապրելու…»:

Տղամարդուն իր մտադրությունից հետ չի պահի անգամ սիբիրյան սառնամանիքների հեռանկարն ու երեխաների` ռուսական, ոչ հայանպաստ միջավայրում մեծանալը. «Կապ չունի` Սիբիր է, ցուրտ է, երեխեքն էլ, որտեղ իրենց լավ է, թող էնտեղ էլ մեծանան: Հայաստանում ապագա չկա»:

Նյութն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի նաև մի երիտասարդի, որը «Ռուսաստանի հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս ապրել ու աշխատել է Մուրմանսկում և օրեր առաջ է վերադարձել: Շոկային տրամադրությունները դեռ թարմ են: Առաջին շոկն ապրել է հենց օդանավակայանում. «Ընկերոջս հետ իջել ենք ու սպասում ենք, որ մեզ պիտի դիմավորեն: Մարդ չկա, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, տեղ չունենք գնալու»:

միգրացիա-ՌԱմենազավեշտալին այն է, որ մինչև գնալները Հայաստանից հեռախոսով մի ռուս բրոքերի հետ պայմանավորվել են, որը խոստացել է մինչև իրենց տեղ հասնելը վարձով բնակարան գտնել, հետո տեղավորել, գրանցվելու և այլ հարցերը լուծել: Բայց երբ օդանավակայանում զանգել է բրոքերին, պատասխանել է` ուշ զանգեք, զբաղված եմ: «Մենք դրսում սառնամանիքին, անորոշ կանգնած սպասում ենք, ասում է` ուշ զանգեք: Նորից զանգեցինք, հարցրեցինք` ինչքա՞ն պիտի սպասենք: Ասաց՝ գնացեք մեր օֆիս, վճարեք հինգ հազար ռուբլի, որ ձեր համար տուն ման գանք: Զարմացանք` դեռ նոր պիտի ման գա՞ք, բա մինչև էդ պիտի դրսում քնե՞նք»:

Սակայն «հայրենակիցների» դրսում քնելը ռուսներին այնքան էլ չի մտահոգել, նրանք իրենց ասածն են ասել, ու վերջ: Բարեբախտաբար, երիտասարդներն այդ քաղաքում մի ծանոթ հայ ընտանիք են ճանաչել և զանգել են նրանց, որպեսզի գան, տանեն իրենց տուն: Իսկ մինչ ծանոթների տուն գնալը ներկայացել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Այդպես է կարգը: Այնտեղ էլ երիտասարդներին ասել են, որ գնան, յոթ օրվա մեջ գրանցվեն որևէ հասցեում, բայց էնպես չլինի, որ այդ հասցեում շատ մարդ գրանցված լինի:  Նախազգուշացրել են, որ եթե չգրանցվեն` իրենց կտուգանեն ու դեպորտ կանեն: «Շվարած կանգնել ենք, ո՞վ մեզ կգրանցի իր տան վրա: Հետո պարզվեց, որ դա էնտեղ լուրջ բիզնես ա, բնակարան են գնում, էմիգրանտներին փողով ժամանակավոր գրանցում»:

Երեք ամսվա գրանցման համար երիտասարդներից յուրաքանչյուրը 100 դոլար է վճարել, հետո վեց ամսվա համար արդեն` 200 դոլար. «Այսինքն, եթե մարդ ընտանիքով գնա, պատկերացնո՞ւմ եք, թե մենակ գրանցման համար ինչքան գումար ա ծախսում»:

Ինչ վերաբերում է վարձով բնակարան գտնելուն, ապա էմիգրանտների համար դա ամենադժվարին խնդիրներից է. «Տեսնում են` սև ենք, վերջ, վարձով բնակարան չկա»:

Մեկ ամիս ստիպված են լինում ապրել ծանոթների տանը, մինչև վարձով բնակարան են գտնում, այն էլ` չափազանց բարձր գնով և վատ պայմաններով:

Մեր հերոսներին հաջողվում է նաև աշխատանք գտնել, իսկ երեք-չորս ամսից` ռուսական անձնագիր ստանալ: Սակայն այդ ամենը յուրաքանչյուրի վրա մի քանի հազար դոլար է նստում` չհաշված սոցիալ-հոգեբանական տանջանքները:

Բայց եթե նրանք դիմում գրեին և պարտավորվեին երկու տարի ապրել ու աշխատել այնտեղ, ապա պետությունը կփոխհատուցեր բազմաթիվ ծախսեր, դեռ մի բան էլ իր կողմից գումար կտար. «Հենց մի կոպեկ իրենցից վերցնես, ուրեմն գերի ես: Իսկ ես մտադիր չէի էնտեղ գերի մնալ, դրա համար էլ հրաժարվեցի էդ արտոնություններից ու էդ ծրագրից»,- ասում է զրուցակիցս` խոստովանելով, որ այդ ամենն արել է միմիայն ռուսական անձնագիր ստանալու համար,- ինձ ուղղակի պետք էր էդ անձնագիրը, որ ուզածս ժամանակ գնամ, օրինական աշխատեմ, հետ գամ»:

Նա հավատացնում է, որ ինչքան էլ պայմանները գրավիչ լինեն, երբեք չի համաձայնի ընտանիքով տեղափոխվել, քանի որ ռուսական մշակութային շոկից էլ դեռ չի ազատվել. «Նայում ես` սիրուն, ջահել աղջիկ` հղի, մի ձեռքին պիվի բանկեն, մյուսին՝ սիգարետը: Ծխում ա ու թքում: Ես ո՞նց էդ միջավայրում երեխեք ունենամ ու մեծացնեմ: Ինչ տեսնեն, էդ կսովորեն: Դրա համար էնտեղ ապրելը բացառում եմ»:

Նշենք նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա: Սակայն այդ համաձայնագիրը, կարելի է ասել, ուժը կորցրած է, քանի որ համաձայնագրում նշված դրույթները կյանքի չեն կոչվել: Նպատակը եղել է Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելը: Հայաստանը պետք է նպաստավոր պայմաններով վերաբնակեցներ Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին, Ռուսաստանը` Հայաստանում բնակվող իր հայրենակիցներին: Սակայն ծրագիրը չի իրականացել, քանի որ Ռուսաստանի հայերն այդպես էլ  ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք այդ ծրագրի շրջանակներում: Ռուսների դեպքում` որոշ ընտանիքներ տեղափոխվել են:

Այնպես որ այս նոր ծրագիրը որևէ կապ չունի վերոնշյալ համաձայնագրի հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության գործունեությանը, ապա այն բավականին ծանրաբեռնված է և հիմնականում շնորհիվ «Հայրենակիցներ» ծրագրի: Մեզ հետ զրույցում ծրագրին դիմող քաղաքացիներից մեկն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով` շուրջ 80 հազար հոգի ծառայության կողմից, ժողովրդի լեզվով ասած,  «կանաչ անձնագիր» է ստացել: Սակայն ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը, չցանկանալով, որ անունը նշենք, այդ թիվն անիրական համարեց: Նրա խոսքով` ծրագրի  շրջանակներում տարեկան 3-4 հազար հոգի է մեկնում: Սակայն հարկ է նշել, որ «կանաչ անձնագիր» ստացած քաղաքացիները պարտադիր չէ` նույն պահին էլ մեկնեն, քանի որ այն ուժի մեջ է երկու տարի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Պուտինն անցյալ տարի նոր հրամանագիր է ստորագրել ծրագիրն անժամկետ դարձնելու վերաբերյալ, ապա պարզ է, որ հեռացողների թիվը մի քանի հազարով չի սահմանափակվի:

Պաշտոնյան նաև նշեց, որ զարմացած է ծրագրի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ այդ ծրագրով ավելի քիչ հայեր են Հայաստանից մեկնում, քան ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների գրին քարտի կամ Կանադայի միգրացիոն ծրագրերի, և եթե առաջինի դեպքում վերադառնալու հնարավորությունը մեծ է, ապա մյուս դեպքերում գրեթե բացառվում է:

Հակադրվելով այս տեսակետին`  ասեմ, որ ԱՄՆ կամ Կանադա մեկնելու դեպքում էմիգրանտներն էապես փոխում են իրենց կյանքի որակը, մինչդեռ Ռուսաստանի դեպքում պարզապես ինքնակամ աքսորվում են Սիբիր:

Համամիտ եմ, սակայն, նույն պաշտոնյայի այն խոստովանությանը, որ նախ պետք է երկրում իրավիճակը փոխել, որպեսզի մարդիկ չցանկանան հեռանալ: Իսկ եթե ցանկանան, ապա կգնան անկախ ամեն ինչից ու ամեն գնով:

Փոքրիկ ազգը, որը կարողացավ…

շիմոն պերես

Շիմոն Պերես

«Մարդիկ նախընտրում են  հիշել, բայց ոչ երևակայել: Հիշողությունը ծանոթ բանի հետ գործ ունի, իսկ երևակայությունը` անհայտի: Երևակայությունը կարող է  սարսափելի կերպարներ ստեղծել, երևակայությունը պահանջում է, որ մարդը ռիսկի դիմի ու բաժանվի  փորձածից: Նոր Իսրայելի սերմերը ծլել են  այն մարդկանց երևակայությունից, որոնք եղել են տարագրության մեջ: Տարագրություն, որ երկար է տևել, մոտ 2 հազարամյակ; Տարագրությունը հրեաներին թողել է աղոթքով, առանց հայրենիքի: Սակայն այդ երբեք չընդհատված աղոթքով  նրանք  հույս են փայփայել ու պահել իրենց նախնյաց  հողի հետ կապը:

Իսրայել պետության ստեղծման հետ այդ մեծ աղոթքը սերմանվեց մի բուռ հողակտորի վրա: Հողը  քիչ էր, իսկ շրջապատը` թշնամական: Հինկտակարանային Եգիպտոսից Իսրայել ուղևորության ժամանակ մենք հատել ենք հսկայական անապատը: Նոր ժամանակներում կրկին մեր հայրենի հողն ենք վերադարձել, որը նույնպես հիմնականում անապատ էր: Մենք պետք է նորից վերստեղծեինք մեզ: Աղքատների պես, որոնք վերադառնում են  տուն` իրենց խղճուկ հողակտորը, մենք պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է  կարիքի պայմաններում հարստանայինք:

Միակ կապիտալը, որ ունեինք, մարդկային կապիտալն էր: Չորային հողը ոչ թե ֆինանսական ներդրումներ էր ներգրավում, այլ միայն պիոներների, որոնք բավարարվում էին քչով, համաձայնում շատ աշխատելուն: Նրանք նոր կենսակերպ  հայտնագործեցին` կիբուցներ, մոշավներ, ձեռնարկեցին քաղաքների զարգացում և  ընկերակցություններ այն վայրերում, որտեղ ոչինչ չկար: Նրանք ջուր գտնելու որոնումներով հորատում էին հողը, աշխատում էին, իրենցից շատ բան պահանջում, հետն էլ  երազում ու նորարարություններ հղանում:

Նրանք իդեալիստ էին ու ինտելեկտուալ, սակայն ձգտում էին  հողը մշակել սեփական ձեռքերով: Երբ հասկացան, որ հողը բերրի չէ, ջուրն էլ բավարար չէ,  գնացին հայտնագործությունների ու տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ:

Կիբուցը դարձավ ինկուբատոր, իսկ ֆերմերը` գիտնական: Իսրայելում բարձր տեխնոլոգիաները սկսվում էին գյուղատնտեսությունից: Նույնիսկ ոչ մեծ տարածքով հողակտորներով ու ջրի սակավությամբ իսրայելացիները դարձան գյուղատնտեսության առաջատար:

Իսկ  շրջակայքի թշնամությունը չէր թուլանում: Իսրայելն իր գոյության  առաջին 62 տարում 7 անգամ հարձակման է ենթարկվել և  դիվանագիտական ու  տնտեսական լայնածավալ պատժամիջոցների թիրախ է եղել: Օտարերկրյա զորքերը օգնության չեն հասել: Մենք կարողացել ենք թվային առավելություն ունեցող ուժերին հաղթել մեր զինվորների խիզախության ու տեխնոլոգիաների շնորհիվ:

Իսրայելը երկրի չափսերին ոչ համապատասխան ու  դիմակայած վտանգներին հակակշիռ  ստեղծելու ունակություն է զարգացրել:

Իսրայելը միշտ էլ կլինի փոքրիկ երկիր և՛ տարածքով, և՛ բնակչության թվով: Ուստի երբեք չի կարող խոշոր շուկա դառնալ կամ արդյունաբերության խոշոր ճյուղեր զարգացնել: Բայց եթե  չափսը քանակական առավելություն է տալիս, ապա փոքր չափսը հնարավորություն է տալիս կենտրոնանալու որակի վրա: Իսրայելի միակ հնարավորությունը որակին ձգտելն է…

Ինչպես Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Հուրիոնն է ասել, բոլոր փորձագետներն այնտեղ են, որտեղ կատարվել է,  փորձագետներ չկան այնտեղ, որտեղ դեռ պիտի կատարվի:

Որպեսզի ապագայի փորձագետ դառնաս, պետք է  փորձը փոխարինվի տեսնելու ունակությամբ: Ես համոզված եմ, որ հաջորդ տասնամյակն ամենազարմանալին կլինի թե՛ գիտության թե՛ արդյունաբերության համար հետևյալ ճյուղերի համաժամանակյա զարգացման շնորհիվ:

Դրանցից առաջինն արհեստական ինտելեկտի զարգացումն է: Վերջին 25 տարում համակարգիչների հնարավորությունները միլիոն անգամ են աճել:

Երկրորդը գիտական հայտնագործությունների բռնկումն է, որոնք տեղի են ունենում աշխարհում  ժամանակակից տեխնոլոգիաների  առավելությունների համադրման ու գիտնականների թվի ավելացման հետ (հիմնականում Հնդկաստանում ու Չինաստանում):

Երրորդ ուղղությունը նանոտեխնոլոգիայի ոլորտում հայտնագործություններն են, որոնք հնարավորություն են տալիս գաղտնազերծելու բնության ամենահրաշալի արարածի` մարդու ուղեղի կառուցվածքը: Դա հնարավորություն կտա բացահայտելու մարդու ներուժն ու կհանգեցնի սոցիալական մարտահրավերների, որոնց մասին անգամ չենք էլ երևակայում:

Մենք կկարողանանք կանխել ու բուժել հիվանդությունները, շրջանցել խոչընդոտները, ուղևորվել տիեզերքի հեռուներն  ու թափանցել օվկիանոսների խորքերը:

Ներկայումս Իսրայելն իրեն նախապատրաստում է այդ ուղևորությանը` օգնելով մյուս ճամփորդներին ու օգնություն ստանալով նրանցից:

Գյուղատնտեսությունն ավելի հեղափոխական է, քան արդյունաբերությունը. 25 տարում Իսրայելը գյուղատնտեսական արդյունաբերությունը մեծացրել է 17 անգամ: Մարդիկ չեն հասկանում,  սակայն գյուղատնտեսության 95%-ը գիտություն է և միայն 5%-ն է աշխատանք»: Շիմոն Պերես             

David Ben-Gurion with Golda Meir

Բեն Հուրիոն և Գոլդա Մեիր

Իսրայելը փորձարարական հրաշալի հարթակ է: Թշնամական միջավայրում երկիրը վերածվել է գաղափարների փորձարկման հրաշալի լաբորատորայի: Իսրայելացիները հասկացել են,  թե ինչ է նշանակում իրենց համար նավթից կախվածություն չունենալը թե ֆինանսական և թե շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից:

«Նավթն է ֆինանսավորում միջազգային ահաբեկչությունն ու անկայունություն ստեղծում» Շիմոն Պերես

Դուբայի շեյխ Ռաշիդի`«Իմ պապը ուղտով էր ճանապարհ գնում, հայրս` նույնպես, ես Mercedes եմ վարում, իմ որդին` Land Rover, նրա որդին նույնպես  Land Rover կվարի, իսկ որդու որդին նորից ուղտ կնստի»  արտահայտությունը հանգեցնում է այն գիտակցության, որ նավթային պաշարներն անսպառ չեն, և դա Իսրայելին ստիպում է  հսկայական գումարներ ներդնել  բնական պաշարների այլընտրանքային միջոցներ գտնելու նպատակով:

Շայ Ագասի. նա համոզված էր, որ եթե  մի երկիր անգամ կարողանա լրիվ անկախանալ նավթից, ապա աշխարհը կհետևի նրան: Նա մինչ այդ արդեն ուսումնասիրել էր մի քանի էկզոտիկ տեխնոլոգիաներ, սակայն որոշեց ավելի հասարակ համակարգի վրա կենտրոնանալ` էլեկտրամոբիլների, որոնք սնվում էին հանվող մարտկոցներով: Նա կարծում էր, որ  դա լուրջ քայլ է  էկոլոգիական շարժիչների ու տրանսպորտի  ստեղծման ճանապարհին: Ահա այս գաղափարն է, որ Շայ Ագասիին ստիպեց տեխնոլոգիական նորարարությունների ներդրումով զբաղվել հիբրիդային շարժիչների ու էլեկտրաշարժիչների ոլորտում:

Շվադ Շաքեդ. երբ նա  էլեկտրոնային վճարման  համակարգի` PayPal-ի նախագահ  Սքոթ Թոմսոնին երկար թախանձելուց հետո հասավ իր նպատակին, այն է` 20 րոպեով հանդիպման, Թոմսոնը չէր էլ պատկերացնում, թե իսրայելցի գործարարն ինչ է առաջարկելու իրեն: Իսկ երիտասարդ Շաքեդը հայտարարեց, որ կարող է լուծել օնլայն մեքենայությունների խնդիրը: Այն հարցին, թե ինչպես դա կարելի է անել, պատասխանեց. «Լավ մարդիկ հետք են թողնում համացանցում, թվային հետքեր, քանի որ նրանք թաքցնելու բան չունեն, իսկ վատ մարդիկ հետք չեն թողնում, քանի որ փորձում են թաքցնել իրենց այցելությունը: Եթե կարողանանք այդ հետքերը հայտնաբերել, ապա կարելի է այդ ռիսկը  հնարավորինս նվազեցնել ու հայտնաբերել նրանց: Դա շատ պարզ է»: «Այլևս չպետք է հապաղել»,- մտածեց Սքոթ Թոմփսոնը:

Նրա ընկերությունում 2 հազար աշխատակից կա (50-ը գիտությունների դոկտոր են), որոնք գիշերուզօր աշխատում են, որ ավազակներին հաղթեն: Նրա այն հարցին, թե ինչպես է Շաքեդը սովորել դա անել, երիտասարդը պատասխանեց` ահաբեկիչներին որսալու ընթացքում: Համաձայնություն տալով Թոմփսոնը վստահ էր, որ որոշ ժամանակով կազատվի այդ  հանդուգն  փորձարարից: Սակայն 3 օր անց Շաքեդը զանգահարում է Թոմփսոնին ու ասում, որ ամեն ինչ պատրաստ է: Արդյունքը գերազանցեց սպասումները.  Թոմփսոնը Շաքեդին  տեխնոլոգիաների ներդրման համար առաջարկեց 79 մլն: Շաքեդը հրաժարվեց. երկար բանակցություններից հետո համաձայնության եկան 169 մլն դոլարի շուրջ:

Դրանից հետո Թոմփսոնը ուղևորվում է Իսրայել` իր նոր ձեռք բերած ընկերություն:

Առաջինը, ինչին նա բախվեց այս երկրում, իսրայելական  խուցպան էր. ըստ հրեա գիտնական Լեո Ռոստենի` այս բառը ժամանակակից եբրայերենը (իվրիտ) փոխառել է  իդիշից, նշանակում է հանդուգն, անամոթ, համարձակ, բացառիկ կամքի տեր, ինքնավստահություն` գումարած մեծամտություն: Որևէ ուրիշ լեզվում չկա համարժեք բառ, որը լրիվ արտահայտի այս իմաստները: Կողքից դիտողի համար Իսրայելում այս բառի իմաստի դրսևորումն ամենուրեք է. թե ինչպես են ուսանողները խոսում իրենց դասախոսների հետ, ինչպես են աշխատողները շփվում իրենց ղեկավարի հետ: Դա նրանց ապրելու ձևն է: Տանը, դպրոցում թե բանակում իսրայելցին սովորում է, որ ինքնավստահությունը նորմ է:  Եթե նստած եք իսրայելցի գեներալների կողքին, ու բոլորը մտածում են, որ վատ չէր լինի սուրճ խմել, ով ամենից մոտ է նստած սրճեփին, նա էլ սուրճ է պատրաստում: Ու  սովորական բան է, որ գեներալները սուրճ եփեն իրենց զինվորների համար: Իսրայելի բանակը լավագույն օրինակն է հիերարխիայի բոլոր օղակների համար: Այստեղ կողք կողքի ծառայում են միլիոնատերերի, քաղաքական էլիտայի, տաքսիստների ու խոհարարների երեխաները: Ու զարմանաի չէ, որ Իսրայելի բանակը սոցիալական ամենաամուր ցանցն է, հետագա գործնական հարաբերությունների հիմքը:

Գործարար Ջոնաթան Մեդվեդն ասում է. «Շատ բան  կարելի է  ասել հասարակության մասին`  հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է այդ հասարակությունը խոսում իր էլիտայի մասին: Իսրայելն այն միակ տեղն է, որտեղ յուրաքանչյուր մարդ, որ իշխանություն ունի, այդ թվում նաև վարչապետը, բանակի գեներալները, մականուններ ունեն, որոնք օգտագործում են բոլորը, ներառյալ` ժողովրդական զանգվածները»: Օրինակ` Բենյամին Նաթանյահուին ու Արիել Շարոնին Բիբի ու Արիկ մականուններով  են կնքել: 1980-ականներին գլխավոր շտաբի պետ Մոշե Լևիին անվանում են Մոշե Վա-Խեցի (կես Մոշե), քանի որ  կարճահասակ է:

Իսրայելացիները անհաջողություններից չեն հուսահատվում: Նրանք կարծում են, որ առանց «կառուցողական կամ ինտելեկտուալ անհաջողությունների», ինչպես իրենք են ասում, չի կարելի իսկական նորարարության հասնել: Այն իսրայելցի գործարարը, որը մի շարք անհաջողություններ է ունեցել, անհաջողակ չի համարվում: Նրա բացասական փորձն էլ արժեքավոր ակտիվ է համարվում:

Պետության հիմնադրումից սկսած` իսրայելացիները խորապես գիտակցել են, որ մոտ և հեռավոր ապագան միշտ էլ հարցականի տակ է: Եթե իսրայելցի գործարարը մի գործնական գաղափար է ունենում, ապա անմիջապես սկսում է իրագործել այն: Դա, իհարկե, լավ է գործի համար: Եթե երկար ես մտածում, ապա դա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ սկսում ես կասկածել` գուցե ինչ-որ բան այն չէ:

Եթե իսրայելացին տարվա վերջին ռադիոյով լսում է, որ ներհոսքը նվազել է, ապա դա ընկալվում է որպես վատ նորություն, ասես  խոսքը տեղումների քանակի նվազման մասին է: Ընտրությունների շրջանում տարբեր կուսակցությունների թեկնածուները հայտարարում են, որ իրենց պաշտոնավարման ժամանակ կկարողանան ևս 1 մլն ներգաղթողների հրավիրել երկիր: Իսրայելի բնակչությունն իր գոյության 60 տարիների ընթացքում աճել է 12 անգամ, իսկ տնտեսությունը մեծացել է  50 անգամ: 1968-1989 թթ. Իսրայելի կառավարությունը 112,5 մլն դոլար է վճարել Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուին ավելի քան 40,5 հազար հրեաներին ազատ արձակելու համար (յուրաքանչյուր հրեայի համար` 2,8 հազար դոլար):

Իր բոլոր խնդիրներով հանդերձ, իսրայելացին մի շատ կարևոր առավելություն ունի` նպատակի զգացողություն: Իսրայելը նավթ կամ բարեբեր հող չունի, ոչ մի ցամաքային սահման չունի, որով հնարավոր լինի արտաքին առևտուր անել: Բոլոր նյութական արժեքները ստեղծում է գործարարների բանակը:

«Հրեա ժողովրդի ամենամեծ ներդրումը մարդկության պատմության մեջ  չբավարարված լինելու զգացումն է: Դա վատ է քաղաքականության համար, սակայն շատ լավ` գիտության համար: Անընդհատ ցանկանում է փոխել ու փոխվել»: Այս թեզով Շիմոն Պերեսն ընդգծում է, որ գիտական ու շուրջգիտական վեճերը, սովորելու մշտական ցանկությունն ու նույնիսկ կատարյալը ստիպում են տնտեսությանը շարժվել դեպի վեր ու ամենակարևորը` բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Իսրայելցի մայրիկը երջանիկ կլինի, եթե իր երեխան դոկտոր կամ իրավաբան դառնա, սակայն առնվազն կհպարտանա, եթե իր զավակը ձեռներեց, գործարար դառնա: Իսրայելական ընտանիքը երեխային խանձարուրից գիտությունների դոկտոր, գործատեր է մեծացնում: Երկուսն էլ պատվավոր դերեր են արագ զարգացող հասարակության համար:

Բեն Հուրիոն` Իսրայել պետության  ստեղծողն ու  առաջին վարչապետը

Նա սիոնիստական շարժման հիմնադիրն է, որը համաշխարհային պատմության մեջ մտել է նաև որպես նոր Իսրայել պետության հիմնադիր: Նրա ողջ կյանքը ստորադասված էր  իր նախնիների երկրում հրեական պետության վերածնմանը: Կառավարություն է ստեղծել ու պայքարել Իսրայելի ճանաչման համար,  հեռացել է ու կրկին վերադարձել մեծ քաղաքականություն: Իր նպատակին հասել է 1948-ին: Ժամանակակից քաղաքական գործիչները նրան  Չերչիլի, Շառլ դը Գոլի և Ռուզվելտի շարքն են դասում: Նրա պատվին է անվանակոչվել միջազգային օդանավակայանը Թել Ավիվում, նրա անունով փողոց կա Երուսաղեմում և համալսարան` Նեգևում:

Նրա իսկական անունը Դևիդ Գրին է: Ծնվել է Վարշավայից ոչ հեռու, լեհական հրեաների ընտանիքում: Նրա հայրը քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցելի ընկերն էր: Պատահական չէ, որ նա փոքր հասակից սիոնիզմի գաղափարներով էր տարված:  20-ամյա իրավաբանը 1906-ին Լեհաստանից  արտագաղթեց ու նախնյաց հողին ոտք դնելով` փոխեց իր անունն ավելի հրեական Բեն Հուրիոնով («երիտասարդ առյուծ»)` ի պատիվ  հռոմեական դարաշրջանի հրեա զորավարի: Իսրայելում նա  իսկույն առաջ գնաց:  Նրա մասին Ամոս Օզը գրել է, որ «պետության այն վաղ ժամանակաշրջանում շատ իսրայելցիներ նրա մեջ տեսնում էին Մովսեսին, Ջորջ Վաշինգտոնին, Գարիբալդիին ու Բարձրյալին»:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նա մեկնեց Ամերիկա, ուր երիտասարդ հրեաներին համոզում էր պատմական հայրենիք վերադառնալ:

1947-ին Հուրիոնը  կազմակերպեց հրեական Պաղեստինի մարտական պատրաստության ուսումնասիրությունը, քանի որ գիտեր, որ Իսրայելի անկախության հռչակումը կհանգեցնի պատերազմի: Նա օրեր ու գիշերներ էր անցկացնում զինվորական  գործի մասնագետների հետ, լսում նրանց ու քննում նրանց կարծիքները: Ավելի քան 6 ամիս անց ՄԱԿ-ը կյանքի կոչեց Պաղեստինը հրեական ու արաբական պետությունների բաժանելու որոշումը:  Բեն Հուրիոնը դարձավ Իսրայել պետության ժամանակավոր վարչապետը: Նա նպաստեց հրեական ժողովրդի ինքնիշխանության վերականգնմանը: Արաբական պետությունները խիստ դժգոհ էին դրանից ու սկսեցին Իսրայելի դեմ մարտական գործողություններ ծավալել: Բեն Հուրիոնը գլխավորեց երիտասարդ պետության սահմանների պաշտպանությունը:

Նա  հրեական պետության տեսիլքը վերածեց գործող ազգային պետության: Բեն Հուրիոնն է գլխավորել այն գործողությունները, որոնց արդյունքում կառուցվել է  երկիրը: Նրա առջև ծառացած խնդիրները շատ բարդ էին:  Դրանցից մեկն էլ 1930-ականներից մինչև Հոլոքոստի ավարտը ներգաղթյալների հոսքն ընդունելն էր: Նրանց մի մասը համակենտրոնացման ճամաբարներում էր, մի մասին հաջողվել էր փախչել Պաղեստին, մյուսներին տարբեր երկրներում մերժել էին  կացարան տրամադրել, և  նրանք ստիպված էին թաքնվել: Իսկ 1939-ին, երբ Բրիտանիայի կառավարությունը գաղութարարություն էր իրականացնում Պաղեստինում, սահմանափակեց  հրեաների ներգաղթը: Այդ քաղաքականությունը հայտնի է «Սպիտակ թուղթ» անվամբ:

Դրան ի պատասխան`  Հուրիոնը երկու  կազմակերպություն ստեղծեց, որոնք առաջին հայացքից իրար հակասող էին: Սկզբում նա ոգեշնչեց ու կազմակերպեց շատ հրեաների հետդարձը Եվրոպա, որ նրանք  բրիտանական բանակի «հրեական գումարտակներ» մտնեին ու  բրիտանացիների հետ կռվեին նացիստների դեմ: Միաժամանակ նա ընդհատակյա  գործակալություն էր ստեղծել, որի խնդիրն էր Եվրոպայի հրեա փախստականներին գաղտնի Պաղեստին ուղարկել` հակառակ Բրիտանիայի արտագաղթի քաղաքականության: Այդպիսով, Հուրիոնը Եվրոպայում կռվում էր բրիտանացիների հետ ու Պաղեստինում էլ պայքարում էր նրանց դեմ:

Բեն Հուրիոնը սևեռվել էր ցանկացած պայմանով պետություն ստեղծելու գաղափարի վրա: Նա բավականաչափ համբերություն չուներ, որ փորձեր կատարեր քաղաքականության  մեջ, որը նրա համոզմամբ ստեղծված էր միայն մարքսիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար: Նա համոզված էր, որ գաղութացման ծրագրի իրականացումը Իսրայելի ինքնիշխանության միակ հնարավոր երաշխիքն էր, հակառակ պարագայում չբնակեցված կամ թույլ բնակեցված շրջանների վրա թշնամին աչք կդներ ու միջազգային ընկերակցության միջոցով տարածքները կվիճարկեր:  Մյուս կողմից` խիտ բնակեցված քաղաքները կարող էին թշնամական օդուժի համար թիրախ դառնալ: Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ բնակչությունը երկրով մեկ ցրված բնակություն հաստատեր: Բեն Հուրիոնը հասկանում էր նաև, որ մարդիկ սեփական կամքով  չէին գնա բնակություն հաստատելու քաղաքային կենտրոններից հեռու, եթե  կառավարությունն ինքը գաղութացման ծրագիրն իր ձեռքը չվերցներ ու վերաբնակների համար զեղչեր չնախատեսեր:

Բեն Հուրիոնը վարչապետ էր մինչև 1953 թ., կուսակցության ներքին հակասությունները ստիպեցին նրան հեռանալ:1955-ին նա ընտրութուններում հաղթեց ու կրկին վարչապետ դարձավ: Մեծ քաղաքականությունից նա հեռացավ 1970-ին ու գրական գործունեություն սկսեց:

Բեն Հուրիոնը մահկանացուն կնքեց 1973 թ. դեկտեմբերի 1-ին:

Հատվածներ «Խելացի մարդկանց ազգը» գրքից

«Հայոց պատմությունը միայն լաց չէ». ֆրանսահայ անվանի հայագետը փորձում է փոխել այս ընկալումը

կլոդ մութաֆյանՀայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ,  Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյան. այս անունը գուցե լայն հանրությանը շատ հայտնի չէ, սակայն հայկական ու միջազգային գիտական շրջանակներում Մութաֆյանի գործունեությունը ոչ միայն գիտեն, այլև շատ բարձր են գնահատում:

Հոկտեմբերի 17-19-ը նշանավոր հայագետը հայրենիքում էր: Ինչպես արտերկրից ժամանած  ուրիշ գիտնականներ, մասնակցում էր Երևանում անցկացվող միջազգային «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» երկրորդ համաժողովին: Համաժողովում յուրաքանչյուր զեկույցի համար հատկացված էր ընդամենը 10 րոպե, ինչը հնարավորություն չէր տալիս լիարժեք ներկայացնելու գիտական նյութը: Եվ քանի որ Կլոդ Մութաֆյանի պես գիտնականներին ամեն օր չէ, որ հնարավորություն կա լսելու, Հայաստանի ամերիկյան համալսարանն առիթը բաց չթողեց կազմակերպելու նրա հետ հանդիպում և լսելու «Կիլիկյան Հայաստան – պատմագրական սխալներ» թեմայով զեկույցը, որն ավելի քան տպավորիչ էր:

Հայկական Կիլիկիայի վերաբերյալ սկզբնաղբյուրների վրա չհիմնվելու պատճառով բազմաթիվ սխալներ են շրջանառվում՝ մի հեղինակից փոխանցվելով մյուսին: Ինչպես նշում է Մութաֆյանը, դա միտումնավոր չի արվում, պարզապես շատ հեղինակներ ծագումնաբանությունն ու ազգակցական աստիճանները հաշվարկելիս սխալներ են թույլ տալիս: Պատճառներից մեկն էլ այն է, որ հայտնի պատմաբանների հանդեպ բացարձակ վստահություն կա, որոնք, սակայն,  հաճախ չեն նշել իրենց աղբյուրը: Նաև բավարար չէ այդ աղբյուրների վերլուծական քննությունը: Բացի այդ, նոր ժամանակներում հրատարակված բազմաթիվ սկզբնաղբյուրներ հարցականի տակ են դնում նախկինում ընդունված կարծիքները։

Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ ունի: Հավանաբար, Կիլիկիայի պատմության մեջ հարյուրից ավելի սխալների հայտնաբերման գործում նրան օգնել է նաև  մաթեմատիկան:

«Անկախի» հետ զրույցում նա նկատեց, որ Կիլիկիայի հայոց պատմության մեջ երկու ծայրահեղ մոտեցում կա. «Կա՛մ փորձում են հայոց թագավորությունը լատինացնել, այսինքն` կապել կաթոլիկ եկեղեցու հետ, կա՛մ ծայրահեղ ազգայնացնել, ինչը գալիս է հիմնականում հայերի կողմից»:

Վերջինի դեպքում, որպես օրինակ, նշում է Լևոն V թագավորի 1575-ին գերի ընկնելու և Կահիրե տեղափոխվելու պատմությունը. «Ավանդություն մը կա, որ իբր թե նա փախել է և զորքով Կապան բերդի մեջ ութ ամիս դիմադրել, հետո նոր բռնվել: Սակայն իրականում նման բան չի եղել: Նա անգամ Կահիրեում գերու կարգավիճակով էլ չի եղել կամ տանջանքների ենթարկվել, պարզապես քաղաքից դուրս գալու իրավունք չի ունեցել, իսկ հետագայում փրկագնի դիմաց ազատ է արձակվել»:

գիրք2Կլոդ Մութաֆյանի Կիլիկիայի վերաբերյալ աշխատությունները տարբերվում են նրանով, որ զուտ տեղեկատվություն չեն հաղորդում: Հեղինակը պայքարում է հայ ժողովրդի այդ փառավոր էջերն աշխարհին ներկայացնելու և համաշխարհային պատմության մեջ դրանց արժանի տեղը հաստատելու համար: «XIII դարի կեսերի Կիլիկիայի հայոց թագավորությունն Արևելքի ամենահզոր պետությունն է, սակայն անտեսված է»,-ասում է նա:

Եվ Կիլիկիայի հայոց թագավորության հզորության մասին վկայող մի դրվագ է պատմում: 1260 թ. Հռոմի պապն իր նվիրակին Երուսաղեմի թագավորության մայրաքաղաք է ուղարկում և հայոց կաթողիկոսին` Կոնստանդին Ա Բարձրաբերդցուն գրում, որ  գնա և հանդիպի իր նվիրակի հետ: Հայոց կաթողիկոսը մերժում է` ասելով, որ ինքը կգնա միայն այն դեպքում, եթե անձամբ պապը լինի այնտեղ: Իսկ նրա նվիրակի հետ հանդիպելու ուղարկում է իր նվիրակին: Հռոմի պապի նվիրակը հայոց կաթողիկոսի նվիրակի հետ հանդիպման  ժամանակ պահանջատիրական ոգով հարցնում է, թե ինչու է հայերի եկեղեցին առանձին, ինչու չեն մտնում իրենց եկեղեցու մեջ: Հայ պատվիրակը հակադարձում է, թե դու ո՞վ ես, որ մեզ ուղղություն ցույց տաս, և ինչո՞ւ մենք պիտի ձեզ ենթարկվենք, և ոչ թե դուք ենթարկվեք մեզ…

Հաճախ է Մութաֆյանն այցելում եվրոպական երկրների գրադարաններ, և առաջին հերթին նայում է քարտեզներին. կա՛մ Կիլիկիայի թագավորությունը չկա, կա՛մ սահմանները սխալ են գծված: Անշուշտ, այստեղ հայերի մեղքը կա, քանի որ եղած աշխատությունները չեն թարգմանվել միջազգային լեզուներով ու տարածվել, ուստի խորհուրդ է տալիս չմեղադրել արևմտյան պատմագետներին:

Ցավով արձանագրում է, որ դարեր իր վեր հայագիտությունը հայերի մեջ է  մնացել, և թեև մի քանի  օտար մեծանուն հայագետներ դրա համար ճանապարհ են բացել` հետևորդ չի եղել:

Եվրոպայում, Ամերիկայում կան հայագիտական կենտրոններ, ամբիոններ, որոնց գոյությունը նա կարևորում է, սակայն համարում ոչ բավարար. պետք է ոչ հայախոս միջնադարագետներին հնարավորություն տալ հասկանալու, իմանալու մեր պատմությունը: Դրա համար, ըստ Մութաֆյանի, առաջին կարևոր զենքը գրքերն են` լավ գրքերը, լավ հայերեն հրատարակությունների թարգմանությունները: Օրինակ` այդ դարաշրջանի լավագույն պատմիչը Կիրակոս Գանձակեցին, ըստ նրա, արժանի է արդի լուրջ հրատարակության, որի ամենաարժեքավոր հրատարակությունն առայժմ համարում է Կարապետ Մելիք-Օհանջանյանինը: Սակայն դա լույս է տեսել 1961-ին և, ցավոք, չի թարգմանվել:

Ֆրանսիայում ծնված ու մեծացած հայ պատմաբանը հաճախ է լինում հայրենիքում` տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Խոստովանում է, որ այստեղ իրեն զգում է, ինչպես տանը: Վերջին գիտաժողովը կարևորում է, սակայն ոչ թե նյութը ներկայացնելու տեսանկյունից, քանի որ դրա համար ժամանակը շատ սուղ էր, այլ` հայ և օտարերկրյա գիտնականների հետ շփումների:

Ի դեպ, նա հայաստանցի գիտնականներին հերոս է համարում, որ կարողանում են այդքան սուղ միջոցներով փայլուն աշխատանք կատարել: Մինչդեռ Եվրոպայում իրենք հնարավորություն ունեն անգամ մի աղբյուր ստուգելու համար ինքնաթիռ նստել և հասնել, ասենք, Օքսֆորդ:

Կլոդ Մութաֆյանի վերջին գիրքը` «Լեւանտյան Հայաստան -11-14-րդ դդ.), լույս է տեսել 2012-ին ֆրանսերեն (Levant բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում  է «արեւելք», բայց միաժամանակ նշանակում է Միջերկրական ծովի արեւելյան ափ` Կիլիկիայից մինչև Եգիպտոս ընկած տարածքը):

Այն հսկայածավալ աշխատություն է. 800 էջի մեջ խտացված է XI-XIV դարերի Կիլիկիայի և Մեծ Հայքի պատմությունը: Սա գոնե ֆրանսախոս գիտական շրջանակներում հայոց պատմության այդ կարևոր ժամակաշրջանը ներկայացնելու հիանալի հնարավորություն է: «Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ավելորդ չէ հիշեցնել, որ հայոց պատմությունը միայն արցունք և ողբերգություն չէ, այն ունեցել է շատ շքեղ էջեր, ինչպես X դարասկիզբը, երբ հայերը, մի կողմից, կարողացան պատմական հողերի մի մասը թուրքական լծից ազատագրել, մյուս կողմից` Կիլիկիայում ստեղծել նոր հայոց թագավորություն…»,- ահա այսպես է հեղինակը ներկայացնում իր աշխատությունը, որը նա հատուկ ցանկացել է մինչև ցեղասպանության հարյուրամյակը լույս ընծայել, որպեսզի հոգեպես ամրապնդի նախ և առաջ հայ ժողովրդին:

Մութաֆյանը կարծում է, որ Ցեղասպանությունը հիշելը կարևոր է, բայց չպետք է հայերին միշտ ներկայացնել իբրև զոհեր: Ընդհակառակը, պետք է պայքարել այս ընկալումը փոխելու համար: Խեղճ ազգ, միշտ զոհ, հրաշքով դեռ գոյություն ունեցող… «Ոչ, այդպես չէ»,- ասում է ֆրանսահայ անվանի գիտնականն ու բերում մի երկարատև ժամանակաշրջանի օրինակ, երբ հայոց պատմությունը ոչ միայն լաց չէ, այլև փառավոր է ու հաղթանակած:

Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ–ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

– Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 – Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

– Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 – Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

– Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 – Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

– Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 – Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ–ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ–ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ–ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 – Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

– Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 – Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)– Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 – Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

– Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 – Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ–բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

– Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 – Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

– Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 – Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ–բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

– Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 – Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

– Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 – Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

– Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

– Չափե՞րը չեն համապատասխանում:

– Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 – Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ–ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

– Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն:

 

Էպիլեպսիա

Էդվարդ Մունկ «Հիվանդ երեխան»

Էդվարդ Մունկ «Հիվանդ երեխան»

Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի  հիվանդություն է,  բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման: Հիվանդությունը կապված է  նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի:

Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում  կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա , որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:

Պատճառները

Տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման  պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը  մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ) կամ էլ  գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն: Եթե ծնողներից մեկը հիվանդ է էպիլեպսիայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 8% է: Էպիլեպսիան լինում է առաջնային (իդիոպաթիկ), չպարզված պատճառներով և երկրորդային (սիմպտոմատիկ), որն առաջանում է ուղեղի տարբեր հիավանդությունների հետևանքով:

Ախտանշանները

Օջախային նոպաների ժամանակ ցնցումներ են լինում, ու մարմնի որոշ հատվածներում առաջանում է անզգայացում: Դրանք կարճատև տեսողական, համային կամ լսողական հալուցինացիաներով են ուղեկցվում, կենտրոնացման անհնարինությամբ ու առանց պատճառի վախի նոպայով: 30 վայրկյանանոց այդ նոպաների ժամանակ նույնիսկ հնարավոր է, որ հիվանդի  գիտակցությունը պահպանվի: Նոպայից հետո հիվանդը շարունակում է ընդհատված գործողությունը:

Ծանր են համարվում այն նոպաները, որոնց ժամանակ ցնցումներ են առաջանում: Մինչ նոպան սկսվելը` մի քանի ժամ առաջ, հիվանդն ագրեսիվ է դառնում, տագնապալից վիճակ է ստեղծվում ու քրտնարտադրություն: Նոպայից առաջ հիվանդն իր շուրջը կատարվողի նկատմամբ ասես  դառնում է անտարբեր, որից հետո կորցնում է գիտակցությունն ու սկսում է ցնցվել: Սովորաբար այդ նոպաները տևում են 2-5 րոպե և  սկսվում են մկանների լարվածությունով: Հնարավոր է, որ հիվանդը անգամ լեզուն ու այտերը կծի: Մաշկի վրա կապտություն է առաջանում,  բիբերն անշարժանում են, հնարավոր է` բերանում փրփուր  և վերջույթների ռիթմիկ ցնցումներ առաջանան կամ նույնիսկ ակամա միզարձակում: Նոպայից հետո սովորաբար հիվանդը ոչինչ չի հիշում, բողոքում է գլխացավից ու շուտ էլ քնում է:

Աբսաններ կամ առանց ցնցումների նոպաներ հիմնականում լինում են մանկության ու դեռահասության տարիներին, որի ժամանակ երեխան ասես քարանում է, գիտակցությունը մի քանի վայրկյանով անջատվում է, իսկ հայացքը սևեռվում մի կետի:Նման նոպայի ժամանակ, որը սովորաբար 5-20 րոպե է տևում, երեխայի կոպերն են ցնցվում ու գլուխը ետ է ընկնում: Հաճախ այդ նոպաները հասունացման հետ անհետ անցնում են: Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի ու ընտանիքի անդամների մանրամասն հարցուփորձից:  Բժիշկը հիվանդին խնդրում է պատմել իր զգացումները մինչ նոպան ու դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս որոշելու նոպայի տեսակը:

Բուժումը

Հարկավոր է հնարավորինս շուտ ու համալիր բուժում սկսել,  որը երկարատև  է ու չի կարելի ընդհատել:  Դեղամիջոցներն ընտրվում  են հիվանդության տեսակին համապատասխան: Դեղորայքային բուժումը կարելի է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ առնվազն 2 տարի նոպա չի լինում, ընդ որում, դեղորայքի չափաբաժինն այդ ընթացքում պետք է աստիճանաբար նվազեցնել:  Կարևոր է, որ դեղորայքի դադարեցման համար նորմալ ուղեղագիր լինի (էնցեֆալոգրամ): Երեխաների մոտ էպիլեպսիան բուժելու նպատակով  նրա կենսակերպն էապես փոխելու անհրաժեշտություն չկա:

Դեղորայքային բուժումը համադրվում է սննդակարգի, աշխատանքի որոշակի ռեժիմի ու հանգստի հետ: Հիվանդների սննդում պետք է կոֆեինի պարունակությունը շատ քիչ լինի, հնարավորության դեպքում բացառվի  նաև կծուն, թթուն ու ալկոհոլը:

Կանխարգելման նպատակով պետք է խուսափել վնասվածքներից, ուղեղի   վարակիչ հիվանդություններից , ծննդաբերական վնասվածքներից:

Կարևոր է. նոպայի ժամանակ չի կարելի հիվանդին տեղափոխել: Արձակել է պետք  կոճակներն ու գլխի տակ փափուկ բան դնել: Որպեսզի լեզուն շնչուղու մեջ չհայտնվի, գլուխը պետք է կողքի թեքել: Հարկավոր է հիշել, որ նոպայից հետո հիվանդը վատ է կողմնորոշվում տարածության մեջ, ուստի նրան առանց ուշադրության չի կարելի թողնել:

Բարդությունները

Էպիլեպսիան լուրջ հիվանդություն է, որը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել:

– Ամենաբարդը նոպայի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունն է, քանի որ պատահում է, որ այդ վնասվածքը մահացու ելք է ունենում:

– Ցնցումների ժամանակ շնչառության խանգարումը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման, որն էլ թոքամզաբորբի է հանգեցնում:

– Նոպաների ժամանակ ակամա կծելու հետևանքով վնասվում է լեզուն:

– Էպիլեպսիայով հիվանդները պետք է զգույշ լինեն, քանի որ նոպաները լինում են անսպասելի, անկանխատեսելի տեղերում, ուստի պետք է հրաժարվեն լոգանք ընդունելուց, բավարարվեն ցնցուղով, կահույքը լավ կլինի` ապակյա չլինի, առավել ևս` սուր եզրերով: Մահճակալը պետք է պատին կպած լինի, իսկ հատակը փափուկ գորգով կամ էլ բարձերով ծածկած: Ճիշտ կլինի, որ էպիլեպսիայով հիվանդները մենակ չապրեն:

Հանրահայտ էպիլեպտիկներ

Բժշկական գրականության մեջ հիմնականում ասվում է, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում է, սակայն մասնագետների մեծ մասն այժմ հակված է կարծելու, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի հոգեկան հիվանդության կամ թուլության հետ: Ասում են, որ էպիլեպսիան տկարամտության կարող է հանգեցնել: Սակայն, եթե հաշվի առնվի այն փաստը, որ շատ ու շատ հայտնի մարդիկ են տառապել էպիլեպսիայով, ապա այս հիվանդությունը տկարամտության հետ ևս չպետք է կապել: Նապոլեոն, Հուլիսոս Կեսար,  ռուս դասական Ֆյոդր Դոստոևսկի. շատերի հիվանդության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրոնիկ էպիլեպսիան լիովին համադրելի է բարձր կամ նույնիսկ շատ բարձր ինտելեկտի հետ ու ոչ մի դեպքում չի խանգարում հանճարեղությանը: Նոպաները չեն նվազեցնում մտավոր կարողությունը:

Կամիլ Պիսարոն Վան Գոգի մասին ասել է. «Այդ մարդը կա՛մ պետք է խենթանար, կա՛մ էլ գերազանցեր մեզ բոլորիս: Ես չէի էլ սպասում, որ երկու ենթադրություններն էլ կհաստատվեն»: 30 տարեկանում բացահայտված տաղանդ, որի կտավներից ոչ մեկը չվաճառվեց նրա կենդանության օրոք: Նա նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել, սակայն մայրենիից բացի, տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին ու գերմաներենին: Իր կյանքի համար պայքարել է ամբողջ ուժով, սակայն երկու անգամ էլ ինքնասպանության փորձ է կատարել:

Հուլիոս Կեսար. նրա հիվանդության մասին գիտեր Շեքսպիրը: Նա իր ողբերգության մեջ նկարագրում է այդ տեսարանը. «Այնժամ նա կորցրեց գիտակցությունն ու ընկավ: Նա ընկավ շուկայի հրապարակում: Նրա բերանից փրփուր էր դուրս գալիս: Նա չէր խոսում»: Կեսարի էպիլեպտիկ լինելու մասին են վկայում հին հռոմեական աղբյուրները:

Ֆրանսիացի  գրող Գյուստավ Ֆլոբերի մոտ առաջին անգամ նոպաներ են եղել 22 տարեկանում:

Ֆյոդր Դոստոևսկի. նա ամենահայտնին է էպիլեպտիկների մեջ:

Հին Իռլանդիայում էպիլեպսիան անվանել են «Սբ Պողոսի հիվանդություն», քանի որ առաքյալը տառապել է էպիլեպսիայով:

Նապոլեոն Բոնապարտի կենսագրության մեջ, որը լույս է տեսել 1838-ին, պատմվում է նաև նրա նոպաների մասին:

Ալֆրեդ Նոբել. քիչ էր մնացել, որ նա կյանքի առաջին տարիներին իր մահացած քույրերի ու եղբայրների ճակատագրին արժանանար: Շատ հիվանդոտ էր, ֆիզիկապես թույլ: Եվ միայն մոր խնամքի շնորհիվ է կենդանի մնացել: Տարիներ անց այդ նոպաներն անցել են: Նա դրանք նկարագրել  է որպես ցնցումներ ու հոգեվարք:

Ճանաչված էպիլեպտիկների ցուցակը շատ մեծ է, ուստի կարելի է թվարկել նրանցից մի քանիսի անունը: Անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոն, իտալացի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, գյուտարար, փիլիսոփա Լեոնարդո դա Վինչի, Էլթոն Ջոն, Միքելանջելո, Նիկոլո Պագանինի, Լենին, Թոմաս Էդիսոն, Իսահակ Նյուտոն, Բլեզ Պասկալ, Պյութագորաս, կոմպոզիտորներ Հենդելը, Շումանը, Չայկովսկին, Բեռլիոզը, Բեթհովենը: Գրողներ ու փիլիսոփաներ Արիստոտելը, Դանթեն, Ագաթա Քրիստին, Լյուիս Քերոլը, Չարլզ Դիկկենսը, Սոկրատեսը:

 

Նորամուծություններ բռնցքամարտում և նոր խնդիրներ

Դերենիկ ԳաբրիելյանՕրերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի 7  մարզիկներից  ոչ  ոք չարդարացրեց սպասելիքները: Ձախողվեցին: Այդ ստուգատեսում տևական ընդմիջումից հետո բռնցքամարտիկները կրկին հանդես էին գալիս առանց պաշտպանիչ սաղավարտների: Այդ մասին խնդրեցինք  իր տեսակետը հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ–ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին:

– Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան այդ փոփոխությունը կատարել է, բայց դեռևս պարզ չէ` օլիմպիական խաղերում այն կկիրառվի՞, թե՞ ոչ: Դա պետք է որոշի ՄՕկ-ի գործկոմը: Մասնագետներս ողջունում ենք, որ մարզիկները կրկին առանց սաղավարտների են հանդես գալիս: Կարևոր է, որ բռնցքամարտիկների դեմքը երևում է: Այդուհանդերձ, այն փաստը, որ երկար ժամանակ բռնցքամարտիկներն առանց  սաղավարտների են հանդիպումներ անցկացրել, ունեցավ նաև իր խանգարիչ հանգամանքները: Մասնավորապես, մարզիկները սովորել էին մերձամարտում գլուխները մրցակիցների գլխին հպել: Սաղավարտներն օգնում էին, որ վնասվածքներ չլինեն: Իսկ այժմ  դրանց թիվը շատացել է: Ընդ որում,  եթե անգամ մարզիկն առավելություն էր ունենում և նրա հոնքը բացվում էր, ապա հանդիպումը դադարեցվում էր, և հաղթանակը շնորհվում էր նրա մրցակցին: Հոնքը բացված հաղթելու դեպքում էլ բռնցքամարտիկը տուժում էր, հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորություն չէր ստանում, բժիշկն արգելում էր: Մարզիչները պետք է աշխատեն այս ուղղությամբ, որպեսզի իրենց սաները հեռու տարածությունից մարտեր վարեն, մերձամարտում գլխով վտանգավոր շարժումներ չկատարեն և այլն:

Ի դեպ, առանց սաղավարտների միայն մեծահասակ բռնցքամարտիկներին է թույլատրվել ռինգ դուրս գալ: Պատանիները, երիտասարդները և գեղեցիկ սեռի բոլոր տարիքի ներկայացուցիչները հանդիպումները պարտավոր են սաղավարտներով անցկացնել:

 – Փոխվել է նաև միավորների հաշվարկի ձևը: Ի՞նչ հետևանքներ եղան:

– Մրցավարները համակարգչով են աշխատում: Մինչև գործի անցնելը կատարվում է վիճակահանություն, մրցավարները համարներ են ստանում` 1,2,3,4,5: Դարձյալ վիճակահանությամբ նախապես որոշվում է 3 մրցավար, որոնց գնահատականները լինելու են հաշվարկային: Բայց սպասարկող մրցավարներն այդ մասին չեն իմանում: Ամեն ռաունդում գնահատականներ են տրվում 10 միավորանոց համակարգով: Ընդ որում, մրցավարը հավասար արդյունք տալ չի կարող: Նախապատվությունը պետք է տրվի կողմերից մեկին: Վերջում  հանրագումարի է բերվում արդյունքը:

 – Հնարավո՞ր է, որ այս պայմաններում անգամ զեղծարարություններ արվեն:

-Դժվար է ասել: Այս ամենը մարդն է ստեղծում, և ոչինչ չպետք է բացառել: Ակնհայտ է, որ մրցավարական աշխատանքում թերություններ շատ կան, որոնք պետք է շտկվեն: Հնարավոր է` 5 մրցավարից 3-ը նախապատվությունը տան մեկին, 2-ը` մյուսին, և վերջինս 2:1 հաշվով հաղթի: Սրա մասին պետք է մտածել:

 – Մերոնց առնչությամբ այդպիսի դեպքեր եղա՞ն:

– Այո, տուժեց 60 կգ քաշային գյումրեցի Հովհաննես Բաչկովը: Նա կորեացի մարզիկին հաղթեց 3 ռաունդներում: Մեզ արդեն շնորհավորում էին, բայց հաղթանակը 2:1 հաշվով տրվեց նրա մրցակցին:

 – Նաև բողոքարկման կարգում փոփոխություններ կան:

– Եթե կողային մրացավարները սխալներ են կատարում, չի կարելի բողոքարկել: Թուլատրվում է դժգոհել միայն ռինգի մրցավարի գործողություններից, եթե նա մարզիկին նկատողություն չի արել կամ էլ ժամանակը ճիշտ չի պահպանել: Մյուս պարագաներում բողոքարկումը չի ընդունվում:

 

Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, Վազգեն Մանուկյանը հակադարձել է

ՀԽ նիստՀոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև «Զվարթնոց»   օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը,  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը, օդանավակայանի այլ ներկայացուցիչներ:

Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու և հանրության տեսակետը լսելու հանգամանքով:

IMG_1416Օդանավակայանի գլխավոր տնօրենի խոսքով` երբ 2002 թվականին կառավարության և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախևառաջ կառավարության առջև հարց է դրվել` ստեղծել նո՞ր ուղևորային համալիր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը: Կառուցվել է երկուսուկես միլիոն ուղևորափոխադրումների համար նախատեսված համալիր` չնայած որ ուղևորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազար: Այժմ, ըստ Մարսելով Վենդեյի, նոր ուղևորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի, և օդանավակայանը պետք է պատրաստ լինի դրան:

Գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ 2002-ին իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղևորային համալիրում և փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը:

Նա նաև ընդգծել է, որ հին ուղևորային համալիրն այլևս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, և առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը:

Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված:

Նաև նշվել է, որ հին ուղևորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միմիայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու և օգտագործելու նպատակով, և կլոր  շենքը քանդելու դեպքում որևէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղևորային համալիրը քանդելը կարժենա մոտ երկու միլիոն դոլլար, իսկ ամրացնելը` տասից տասներկու` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը: ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղևորային համալիր:

IMG_1418Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թվականին իրականացվել են շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, և պարզվել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի: Սեյսմիկ իրավիճակի վերլուծությունը նույնպես մտահոգվելու տեղիք է տվել: Միաժամանակ, ՀԽ անդամների հարցին ի պատասխան, սեյսմոլոգը հայտնել է, որ շենքը կարող է դիմանալ մինչև ութ բալ ուժգնությամբ երկրաշարժին:

Իր հերթին ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը միաժամանակ «Հայնախագիծ» ընկերության տնօրենն է, հայտնել է, որ շենքը հնարավոր է ամրացնել և որ ժամանակին իրենց կողմից առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ:

Այնուամենայնիվ, որոշ հարցեր կրկին անպատասխան են մնացել, օրինակ թե շենքը պահպանելը որքան ծախս կպահանջի կամ պահպանման դեպքում ինչ նպատակի կարող է ծառայել և այլն:

ՀԽ կողմից հնչել է տեսակետ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել շենքի պատմամշակութային կարգավիճակը, և եթե համապատասխան կառույցի կողմից որոշվի, որ այն հուշարձան է, ապա պետք է կրկին ներառվի պատմամշակութային հուշարձանների ցանկում, որի դեպքում իրավիճակը նոր լուծումներ կպահանջի:

Արտյոմ Մովսեսյանն իր հերթին փաստել է, որ այսօր կառույցը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի կառավարությունն ազատ է որոշում կայացնելու հարցում, հատկապես որ կառավարության գլխավոր նպատակը ողևորների քանակն ավելացնելն ու ոլորտը զարգացնելն է:

Վազգեն Մանուկյանն էլ հակադարձել է` նշելով, որ եթե անգամ կառույցը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ հանրության կողմից այն ընկալվում է որպես հուշարձան, և հենց այդ հանգամանքն հաշվի առնելով էլ կառավարությունը դիմել է Հանրային խորհուրդ` կազմակերպելու հանրային քննարկումներ և լսելու հանրության կարծիքը:

Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, մտածել առաջընթացի մասին և առաջնորդվել նորօրյա չափանիշներով, ինչին ի պատասխան` Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի համար ընդունելի են այն լուծումները, որոնք կապահովեն առաջընթաց` միաժամանակ պահպանելով հանրային արժեքները:

Ամփոփելով նիստը` Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին քննարկմանը մասնակցելու համար` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետների և թվերի վերաբերյալ չկան փաստաթղթային հիմնավորումներ:

Հանրային խորհուրդն աշխատանքային կարգով (անհրաժեշտ տեղեկատվության համար գրավոր դիմելով նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարությանը), կքննարկի ձեռք բերված փաստաթղթերն ու տեղեկություները, որի հիման վրա առաջիկա օրերին կգումարի ՀԽ լիագումար նիստ և կկայացնի որոշում:

 

Ինչո՞ւ բիզնեսը լավ չի զարգանում

HDMՆոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել նոր ՀԴՄ–ներ:  Խոսքը 369 600 դրամով վաճառվող ՀԴՄ–ների մասին է, որ կառավարությունը , նոր բեռի տեսքով, դրեց հայաստանյան տնտեսվարողների ուսերին:

Այս տարվա սեպտեմբերի 5-ին կառավարության կայացրած 968-Ն որոշման համաձայն` նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ–ով պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող, ըստ էության, բոլոր տնտեսվարողները, ինչպես նաև այն ներկրողները, որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 մլն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ–ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 600 դրամով, փոքրերը` ավելի Էժան: Բայց կա՛մ փոքր տնտեսվարող «չկա» Հայաստանում, կա՛մ կառավարությունը նրանց վրա «թքած ունի» , քանի որ փոքր տնտեսվարողները, որոնց թիվը հասնում Է 4000-ի, ՀԴՄ–ն ձեռք են բերում նույն 369 600 դրամով:

 «Որովհետև սև ոչխարներն իմն են»: «Իսկ սպիտակնե՞րը»: «Սպիտակներն էլ են իմը»

Դեռևս անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն` հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն էր դրվել մինչև 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով և տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեին նախ` խոշոր հարկատուները, ապա` միջին (500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող) և մանր:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  կառավարությունը սահմանել է 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 369 600 դրամ:

Ընդ որում, կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր այլ հարկ վճարողների (500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների) կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Պարզ ասած` ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերելու նոր ՀԴՄ-ները:

ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ը:

ՀԴՄ-ների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվել, ու ոչ ոք չի կարող վստահ ասել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին: Այս առումով «Հետք» պարբերականին տված պարզաբանման մեջ ՊԵԿ-ը նշել է. «Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահմանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պահանջներին բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպքում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում»:

Այդ պատասխանի մեջ  նշում կա նաև, որ նոր ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ: Սակայն ներկայումս խոշոր բիզնեսին այն  վաճառվում է ավելի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասն ուղղվի մինչև 2015 թ. հունվարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռքբերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Նոր ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով, սպասարկումը պետք է իրականացնեն  նույն «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ընտրված  4 կազմակերպություններ:

«Առաջին անգամ ներդրվող» ծանր բեռ` տնտեսվարողների համար

Սեպտեմբերի 23-ին` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց տվեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանում շրջանառության մեջ դրված նոր հսկիչ դրամարկղային մեքենաների բարձր արժեքը, մեքենաներ ներմուծող ՊՈԱԿ-ը որտեղի՞ց է դրանք ներմուծում, և ինչո՞ւ թույլ չի տրվում ներկրել նաև սովորական քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է ներդրվում մեկ միասնական համակարգ: Հսկիչ դրամարկղերի միջոցով միասնական բազա է ստեղծվում, և առաջին փուլում մեքենաների համար ավելի բարձր գին է սահմանված, քան նախկինների համար, քանի որ սրանք բազմաֆունկցիոնալ են, իսկ նախկինները նման հնարավորություն չունեին»,- պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ այդ հսկիչ մեքենաներով հնարավոր է կապ հաստատել կենտրոնական սերվերի հետ, բացի այդ, դա նաև տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայություններ է նշանակում: Նրանք կարողանում են հաշվարկները ծրագրային ձևով իրականացնել, սարքերը նաև հզոր հիշողություն ունեն: Մի խոսքով, ինչպես բառացի նշեց վարչապետը` «սա շատ առաջադիմական համակարգ է»:

Իսկ թե ինչու է առաջին փուլում այսքան թանկ, վարչապետն ասաց, որ այդ փուլում հիմնական սպառողը խոշոր ձեռնարկություններն են: Վարչապետը նաև նշեց, որ հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ, սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում:

Զրուցեցինք մի քանի տնտեսվարողների հետ, որոնք չեն ցանկանում` իրենց անունները նշվեն ՊԵԿ-ի հետ խնդիրներից խուսափելու համար: Բոլորի մտահոգությունները գրեթե նույնն են, իսկ առաջինը հենց այն է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը բոլոր տնտեսվարողներին, անկախ շրջանառության ծավալներից, պարտադրում է ՀԴՄ-ներ ձեռք բերել միևնույն` 369 հազար դրամով: Բացի այդ, ինչպես նշում էին բոլոր զրուցակիցները, իրենց պարտադրվում է, որ նոր ՀԴՄ-ները ձեռք բերվեն անպայման ՊՈԱԿ-ից: Իհարկե, ոչ ուղղակիորեն: Բայց երևույթը նույնն է, քանի որ կառավարության որոշումը թույլ չի տալիս առանձին տնտեսվարողների ՀԴՄ-ները այլընտրանքային գներով ձեռք բերել, քանի որ, եթե համապատասխան օրենքում նշված են բազմաֆունկցիոնալ սարքերի  չափորոշիչները, ապա կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը`«ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած` MS-2351 մակնիշի:

Տնտեսվարողներից Վ.Գ-ն պատմեց, որ դեռևս անցյալ տարի էր ձեռք բերել 100 հազար դրամ արժողությամբ 4 ՀԴՄ, ու այս տարի իրեն պարտադրում են նոր` 4 անգամ ավելի թանկ ՀԴՄ-ներ գնել:

«Ուզենք-չուզենք` պիտի գնենք, բայց մենակ արժեքը չի: Դրան գումարվում են նաև սպասարկման ծախսերը, ինտերնետի գինը և այլն: Ու այնպես է ստացվել, որ սպասարկումն էլ են իրենք անում, ասում են, թե ով պետք է սպասարկումն իրականացնի, թե եղած ամենանորմալ ինտերնետ կապն էլ, գիտենք, թե ումն է: Ու եթե սպասարկման գումարն էլ չմուծենք, ուղղակի չեն թողնի, որ ՀԴՄ-ն օգտագործենք, այսինքն` առևտուր էլ չենք կարող անել»,- նշեց Վ.Գ.-ն:

Մեկ այլ տնտեսվարողի` Ա.Ա-ի ներկայացմամբ էլ, ընդամենը նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի իր միջին բիզնեսի ընդհանուր շրջանառությունը նվազել է մոտ 2.5-3 անգամ: Բնականաբար` նաև եկամուտները. «Անցյալ տարի այս սեզոնին արդեն մոտ 240-250 տոննա թիթեղ էի իրացրել: Երեկ հաշվեցինք ու տեսանք, որ այս տարի ընդամենը մոտ 105 տոննա ենք կարողացել իրացնել: Եկամուտները, բնականաբար, պակասում են, ու ես արդեն ֆինանսական խնդիրներ ունեմ նոր ՀԴՄ-ների ձեռքբերման հարցում»,- նշեց նա:

Ստացվում է, որ այսպիսով կառավարության հերթական մենաշնորհն է սահմանվել, այս անգամ` պետական ոչ առևտրային կազմակերպության համար, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների` միևնույն տեղից ու նույն 369 600 դրամ գնով ձեռք բերել միևնույն ապրանքը: Իսկ այդ բացը բիզնեսի ներկայացուցիչները ծածկելու են, բնականաբար, սպառողների հաշվին` գների բարձրացմամբ:

Հ.Գ. 

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրությունը կառավարությունից տեղեկացավ, որ վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել ,նոր սերնդիե ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը

Բարելավվել է Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարության նիստ,Գեղարքունիքի մարզԱյսօր Գեղարքունիքի Գավառ մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիստի սկզբում մարզպետի 2013թ. ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է անհրաժեշտ քանակությամբ սուբսիդավորված դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, առաջին վերարտադրության և էլիտային աշնանացան ցորենի, գարնանացան գարու, կորնգանի և առվույտի բարձրորակ սերմեր: Կառավարության իրականացրած աջակցության ծրագրերի շնորհիվ վերջին երկու տարում համայնքներում յուրացվել և ցանքաշրջանառության մեջ է մտցվել ավելի քան 2 հազար հեկտար անմշակ վարելահող, զգալիորեն ավելացել է պարենային և սերմացու հացահատիկի համախառն արտադրությունը:
Մարզի բնապահպանության ոլորտի գերակա ուղղություն է մնում Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Վերջին տարիներին կառավարության նախաձեռնած ծրագրերով իրականացված միջոցառումները թեև տվել են տեսանելի արդյունք, սակայն բոլոր հիմնահարցերի արմատական լուծման համար դեռևս որոշակի ժամանակ ու նոր ներդրումներ են հարկավոր:
Մարզպետի հաշվետվությունն ընդգրկում էր քաղաքաշինության, կապիտալ շինարարության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, հողաշինարարության և հողօգտագործման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Այնուհետև նիստի մասնակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք և արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջև:
Առաջինը արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Որոշակի շեշտադրումներ այս երեք տարվա ընթացքում, իհարկե, փոփոխվել են: Մարզի առաջին և ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արտագնա աշխատանքները մարզում ավանդական բնույթ են կրում: Հստակ կան Ռուսաստանի Դաշնությունում մարզեր, քաղաքներ, որտեղ կազմակերպված ձևով ամեն տարի մարզի բնակիչները մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում: Այս երեք տարվա առանձնահատկությունն այն է, որ հետճգնաժամային տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական վիճակը բարելավվել է, և բնականաբար, արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտներն ավելացել են այդ տարիների ընթացքում: Հիշում եք, որ 2008-2009 թթ. մարզում արձանագրվել էր եկամուտների կտրուկ անկում, ավելին, շատ արտագնա աշխատանքի մեկնողներ այդ տարիներին չէին մեկնել աշխատանքի, և դա իր ազդեցությունն էր թողել մարզի վրա: Այս երեք տարվա ընթացքում սա մարզային զարգացումների առանձնահատկություններից էր:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե երեք տարի առաջ մեր առջև խնդիր էր դրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակութային միջոցառումներին, որպեսզի դրանք հասանելի լինեն, ապա այս տարի առաջնահերթությունները փոխվել են: Կարևորագույն խնդիր են խմելու ջուրը, մանկապարտեզները և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Այս երեք կարևորագույն խնդիրներն են, որոնք մարզի բնակիչները համարում են առաջնահերթ իրենց համար: Միևնույն ժամանակ աշխատատեղերի առումով գոյություն ունի կառուցվածքային խնդիր. այն թափուր աշխատատեղերը, որ մենք ունենք մարզում, չեն համալրվում, աշխատատեղերի հիմնական պահանջարկը բանվորական աշխատանքն է: Շուրջ 1400 այդպիսի հայտ ունի մեր սոցիալական ծառայությունը, որ մարդիկ ուղղակի պատրաստ են բանվորական աշխատանքով զբաղվել: Այդ առումով ես այսօր արդեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ, որպեսզի մենք ըստ մարզերի քննարկենք կառուցվածքային այս խնդիրները, որովհետև տեղյակ եք, որ նույն Դիլիջանում մենք ունենք բանվորական աշխատուժի պահանջարկ և նույնիսկ այս տարի արձանագրել ենք, որ Տաջիկստանից աշխատողներ են եկել Հայաստան, որպեսզի շինարարական աշխատանք իրականացնեն այն պարագայում, երբ Մարտունիում, Գավառում, Վարդենիսում ունենք աշխատուժի ավելցուկ և պետք է կարողանանք այդ թափուր աշխատատեղերը ժամանակին բացահայտել և ներհանրապետական աշխատուժի հոսք կազմակերպել: Այստեղ խնդիրը նույնպես վերաբերում է մեր նոր ակտիվ սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրին. մասնավորապես, եթե մենք ապահովեինք այդ աշխատողներին կեցավայրով, սնունդով, ապա նրանք կհամաձայնեին տեղափոխվել Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ և այդ սեզոնային աշխատանքներն իրականացնել: Դա նշանակում է, որ այդ սոցիալական ակտիվ ծրագրերն այսօր պահանջված են և կարող ենք այդտեղ բավական լուրջ արդյունքներ ստանալ»: 

Վարչապետը նշել է, որ կառավարության առջև մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես` Վարդենիս քաղաքի և այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք: ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները հանձնարարություն են ստացել մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել, թե ինչ որոշումներ է պետք ընդունել, որպեսզի մարզերում լուծվի մասնագետների պակասի հարցը: 
Գեղարքունիքի մարզում կատարած աշխատանքի մասին տեղեկություն են տվել ՀՀ նախարարները և պետական մյուս մարմինների ղեկավարները: Նրանց ելույթները, ինչպես նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքի մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաղորդումն ընդունվել են ի գիտություն:
Վարդենիսի բնակիչներն այսօր վարչապետին են դիմել նաև 2011թ. սերմերի մատակարարման ծրագրի առնչությամբ: Նրանք մինչև այժմ չեն հատուցել այն ծախսը, որ պետությունն իրականացրել է` սերմեր տրամադրելով: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ իրենց ոչ թե սերմ են տրամադրել, այլ ցորեն: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ծառայողական քննություն կատարել և պարզել խնդիրը:
«Հիմնական խնդիրները, որոնցով մեզ դիմում են, սոցիալական խնդիրներ են, – շարունակել է վարչապետը: – Պետք է խնդրենք մարզպետին, որպեսզի այսուհետև մեր քաղաքացիներին ուղղորդեն ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակ, որտեղ նրանք կարող են ստանալ իրենց մտահոգող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Մասնավորապես, մարդիկ դիմում են թոշակի, սոցիալական նպաստի հարցերով, ֆինանսական օգնություն իրենց հասնում է, թե ոչ: Ինտեգրված սոցիալական ծառայության գրասենյակը, որն այսօր մենք բացեցինք Վարդենիսում, հենց այդ նպատակն է հետապնդում՝ սպառիչ պատասխան տալ քաղաքացիներին: Այդ գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը հենց այն է լինելու, որ մարդուն չեն ուղարկելու գրասենյակից գրասենյակ, այլ իր ընտանիքին վերաբերող սոցիալական բոլոր խնդիրները համալիր ձևով պետք է քննարկեն և սպառիչ պատասխան տան: Այսօր ինձ մոտեցել էր մի քաղաքացի և ասում էր, որ իր թոշակը, իր կնոջ թոշակը չեն բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի պահանջները: Դա նշանակում է, որ նա պետք է հայտնվի սոցիալական օժանդակություն ստացող ընտանիքների ցուցակում, բայց նա այնտեղ չի հայտնվել, որովհետև իր հետ գրանցված են իր երեխաները, որոնք աշխատանք ունեն և այլն: Հիմա արդեն ինտեգրված սոցիալական ծառայությունը կարող է բոլոր հարցերը միասնական դիտարկել, քննարկել այդ մարդու ռեալ իրավիճակը, ռեալ պրոբլեմները, առանց տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ պահանջելու ցույց տալ՝ արդյոք այդ ընտանիքը մեր կողմից սահմանված սոցիալական բալերի առումով հայտնվու՞մ է սոցիալական խոցելի խավերի մեջ և ստանալո՞ւ է օժանդակություն: Նման օրինակները, նման դիմումները շատ են»:

 

ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, – հավելել է վարչապետը: – Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:
Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

ՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Կբարելավվի ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական վիճակը

Կառավարությունն իր նիստում վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել 228 մլն դրամ: Նշված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Թալին» ընկերություններին:
Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ: Միջոցառման արդյունքում կբարելավվի Արարատյան ջրավազանի բնապահպանական վիճակը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը նպատակ ունի անտառները զերծ պահել հրդեհի վտանգից, ապահովել անտառային տարածքներով ու անտառուղիներով անցնող էլեկտրական ցանցերի անխափան աշխատանքը` կրճատելով բազմաթիվ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումները:
Տեսչական բարեփոխման ծրագրով իրականացվող գործընթացների համատեքստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է գնահատել նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների ռիսկայնությունը, հնարավորինս կրճատել դրանց գործարկման եզրակացության տրման ժամկետն ու ներկայացվող փաստաթղթերի թվաքանակը:
Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի սպառազինման պետական, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացումը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվողականության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը միտված է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության համադրելիության և թափանցիկության ապահովմանը:
Պաշտոնական պարբերականների հրատարակումն ապահովելու, անհրաժեշտ վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերելու համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ:

Արտեմ Ասատրյան. քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում

աշխատանքԱնցած շաբաթ կառավարությունն ԱԺ-ին ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքին փոխարինելու է գալիս «Զբաղվածության մասին» նոր օրենքը, ըստ որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլևս նպաստ չի տրամադրելու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են և նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ կորզելու համար: Իհարկե, չի բացառվում, որ կլինեն նման մարդիկ, սակայն տասնյակհազարավոր են այն մարդիկ, որոնք իսկապես աշխատանք չունեն, իսկ գործակալությունը նրանց առաջարկում է հիմնականում մինչև 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք:

Հայաստանում,  2013 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, աշխատանք փնտրողներից  48.5 հազարը կանայք են, 18  հազարը` երիտասարդ: Օգոստոս ամսվա ընթացքում զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 2458 թափուր աշխատատեղի հայտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսով: Փաստորեն, 68 հազար գործազուրկին առաջարկում են ընդամենը 2400 աշխատատեղ ու եզրակացնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն գնում աշխատելու, որովհետև գերադասում են ստանալ 18 հազար դրամ նպաստ:

Առհասարակ միջազգային մի հետաքրքիր պրակտիկա կա այս առումով: Մարդը, իր մասնակցության արդյունավետությունից ելնելով, գնահատական է տալիս, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ գործում: Այսինքն` եթե քաղաքացին նախընտրում է 18 հազար դրամ գործազրկության նպաստը և դրա դիմաց չի մտնում ակտիվ ծրագիր` ստանալու 150 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է, որ 150 հազար դրամանոց ծրագիրն արդյունավետ չէ: Եվ քաղաքացին իր մասնակցությամբ, փաստորեն, պետք է հուշի կառավարությանը, թե որ ծրագիրն է առավել արդյունավետ:

Բայց արի ու տես, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ. նպաստների 94 տոկոսն էր հասնում այն մարդկանց, որոնք աշխատանք էին փնտրում և միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»:

Իհարկե, կան դեպքեր, որ թաքուն աշխատող է գրանցվել զբաղվածության գործակալությունում, կան դեպքեր, որ մարդը հրաժարվել է կատարել 60 հազար դրամ աշխատավարձով աշխատանք, բայց այդ փոքրաթիվ դեպքերի պատճառով 70 հազար մարդու զրկել նպաստից նույնն է, թե մեկ պաշտոնյայի կաշառք վերցնելու դեպքում, կաշառակերության համար դատես ամբողջ կառավարությանը:

Միջազգային պրակտիկան այլ փորձեր էլ ունի

«Խնդիրն այն է, որ զբաղվածության քաղաքականությունը, ինչպես շատ երկրներում է կիրառվում, նպատակ ունի տվյալ երկրի քաղաքացիներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ, ոչ թե զուտ ձևական զբաղվածության ծրագրեր իրականացնել: Մինչդեռ ներկայացված օրինագիծն անդրադառնում  է զբաղվածության քաղաքականությանը ոչ թե իբրև եկամտաստեղծ գործունեության մեջ մարդկանց ներգրավելու գործիքի, այլ իբրև պետության` նվազագույն պարտավորություններից խուսափելու միջոցի: Անգամ գործող, բայց թերի օրենքի պայմաններում կան զբաղվածության պասիվ ծրագրեր, որոնց մի զգալի հատվածը պարզապես վերացվում է այս նոր նախագծով»,- նոր օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Փաստորեն այսօրվա դրությամբ գործազրկության խնդրին ուղղված երկու տիպի պասիվ ծրագիր կա: Առաջինը գործազրկության նպաստի ծրագիրն է, երբ մարդուն շնորհվում է գործազուրկի կարգավիճակ և տրվում է գործազուրկի նպաստ` 18 հազար դրամ, որ մինչև աշխատանք գտնելը կարողանա գոնե ընտանիքի նվազագույն կարիքները հոգալ: Երկրորդը հասարակական վարձատրվող աշխատանքներն են:

Մի խոսքով, պարզվում է` սրանից հետո կառավարությունն այդ գործազուրկներին տրվող նպաստներն ուղղելու է դարձյալ գործազուրկներին, բայց արդեն աշխատատեղեր ստեղծելու գործին, ոչ թե «մուրացկանություն զարգացնող» նպաստներին, ինչպես ԱԺ-ում այս թեմայով քննարկումների ժամանակ նշեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:

Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ սոցիալական աջակցությունը ոչ թե նպաստի կամ թոշակի ձևով են հասցնում կարիքավորներին, այլ անուղղակի, օրինակ` աշխատատեղեր ստեղծելով գործազուրկների համար, տնտեսական ակտիվությունը բարձրացնելով, ինչ-ինչ ինքնագործունեության հնարավորություններ ստեղծելով, որպեսզի կարիքավորները նպաստ ստանալու փոխարեն իրենց հնարավորությունները, ունակությունները, կարողությունները ներդնեն ու իրենց համար ավելի արժանապատիվ կյանք ապահովեն:

Ինչպես ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ նշում էր օրինագիծը ներկայացնողը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  Վաչե Գաբրիելյանը, հենց ՓՄՁ ֆինանսավորմանն ու տարատեսակ ներդրումային ծրագրերին են ֆինանսավորելու գործազուրկներից կտրվող նպաստի փողերով, որպեսզի այդ ձևով, իբր, աշխատատեղեր ստեղծվեն և այլն:

Մի պահ մի կողմ թողնենք այն մտահոգությունը, թե կառավարությանը  չի հաջողվի իր  մատնանշած քաղաքականությունը կյանքի կոչել, և ընդունենք, որ այս անգամ, իրոք, կստացվի, օրինակ` 20 հազար նոր աշխատատեղ  ստեղծել այն գործազուրկների համար, որոնց նպաստը կտրեցին: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործազուրկին նպաստից զրկում են միայն այն դեպքում, երբ նրա համար աշխատանքի հնարավորություն են ստեղծում կամ մի քանի անգամ նրան առաջարկում են աշխատանք, ու նա հրաժարվում է:

«Իրենք ասում են` զբաղվածության պասիվ ծրագրերը, ինչպիսիք են գործազրկության նպաստի ծրագիրը, ամսական վարձատրվող աշխատանքները, պետք է նվազեցնեն կամ վերացնեն’ փոխարինելով դրանք ակտիվ զբաղվածության ծրագրերով: Մենք ասում ենք` ոչ թե սրանք վերացրեք, այլ ակտիվ ծրագրեր առաջարկեք, սահմանենք, որ քաղաքացիները կարողանան կա՛մ ակտիվ, կա՛մ պասիվ ծրագրերում ընդգրկվել զուգահեռաբար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Այսինքն` առանց կոնկրետ այլընտրանքային ծրագիր իրականացնելու, առանց իրական աշխատատեղ ստեղծելու` մարդկանց վերջին հույս 18 հազար դրամը չեն կտրում: Իսկ եթե անգամ կարծիք կա, թե առկա 18 հազար դրամն առանձնապես էական գումար չէր, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղից մոտ 3.5 անգամ քիչ է, դրանով նույնիսկ աղքատության գիծը չի հաղթահարվում, նույնպես սխալ է: Որովհետև եթե մարդը որևէ տեղ չի աշխատում, 18 հազար դրամն էլ է էական գումար:

Ի դեպ` Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ կառավարությունը սկսեց գործազուրկներին 18 հազար դրամ վճարել: Իսկ մինչ այդ, ինչպես Աշխատանքի միջազգային կազմակերպության և Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայով էր ամրագրված,  դա պետք է կազմեր նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:  30 հազար դրամի պայմաններում դա կազմում էր 18 հազար դրամ: Հետո, երբ նվազագույն աշխատավարձը մի քանի տարի առաջ որոշվեց բարձրացնել, 60 տոկոսը փոխարինեցին 18 հազար դրամով, որպեսզի պահպանեն եղած չափը: Սա, անշուշտ, հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, քանի որ դրանցով ամրագրված է, որ պետությունը պետք է  կատարի քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու կամ ծանր սոցիալական վիճակը մեղմելու պարտականությունը: Իսկ մեր պետությունը, ինչպես արդեն նշվեց, փորձում է  խուսափել իր պարտավորություններից:

 

 

 

Մեկ շաբաթում` երկու ապտակ հակադիր ուղղություններից

եխ-մմ (1)Վերջին օրերին մի շարք ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում: Նախ` Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանին վերաբերող հերթական բանաձև, որում ոչ հայանպաստ անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի` ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու Աքվիլայի սկզբունքներից ելնելով, որոնք տարածքային ամբողջականությունը գերադասում են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքներից:

Այս հարցի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով news.am գործակալությանը, նշեց, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև, հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին:

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը վնասելու համար»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի կապակցությամբ նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների` ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ:

«Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք: Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով` կառույցներով, գործադիր մարմիններով, եվրոպական կառույցներով ու երկրների խորհրդարաններով և, իհարկե, եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով` իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ փոխըմբռնման գալու համար»,- նշեց  Բեքարյանը` հավելելով, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի կատարվել:

Մեզ հարվածում են բոլոր անհավանական ուղղություններից

Բայց այդ օրերին նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ էլ Մաքսային միության անդամ ու նրան անդամակցել ցանկացող երկրների ղեկավարների քննարկումներ տեղի ունեցան: Ու դեռ չէինք հասցրել մարսել Եվրախորհրդարանի բանաձևը, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր» հաղորդման հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադարձավ Մաքսային միությանը և նշեց, որ Թուրքիայի դրան միանալու որոշումն իսկական սենսացիա է դարձել:

«ՆԱՏՕ-ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել: Չէ՞ որ Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,- նշեց Զեյնալովան:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մենք բոլորս բոլորովին այլ տեսակետներ էինք լսել: Եվ այս ռեպորտաժն իսկական փոթորիկ բարձրացրեց հայաստանյան իրականության մեջ: Երբ հայկական լրատվամիջոցներով ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցի կողմից` բոլորովին այլ բան, ընդունելի չէ: Որովհետև Հայաստանը, ի վերջո, մեր երկիրն է, նրա ապագան` մեր բոլորի ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաև մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք ճակատագրական հարցերում: Այսինքն` ընդունելի չէ ճշմարտությունը չասել կամ ասել ճշմարտության մի մասը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կհանգեցնի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ:

«Մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություննեըն ակնհայտորեն փչացրինք, այսինքն` Եվրոպան նեղացած է, և այս մի շարք բանաձևերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս` անդրադառնալով ԼՂՀ հարցին ոչ նպաստավոր լույսի ներքո և այլն, դրա արտացոլումն է: Մյուս կողմից էլ հիմա պարզվում է, որ տարբեր այլ խնդիրներ կան ու վերջիվերջո ստիպելու են (Մաքսային միության մասին է խոսքը), որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, Մաքսային միության առումով, որպես տնտեսական մաս, որևէ կապ չունի Հայաստանի հետ: Ակնհայտորեն այդ գիծն է տարվում»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին էլ այս «ռեպորտաժային» պատմության մեջ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո` Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասվել է, որ երեք պետություններն իրենց հավանությունն են  հայտնում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությանը, քաղաքագետը նշեց, որ կարևոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը:

«Ես հենվում եմ փաստի վրա, փաստն այն է, որ գագաթաժողվից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշմանը, որը հայտնել է Հայաստանը և որը հայտնի է: Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում իրականացվելու են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձևակերպման` ֆորմալացման համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Ա. Մարգարովը:

Ու ինչպես նշեց քաղաքագետը, եթե այդ աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնպիսի երկրորդական հարց չէ, որ չհնչեր հանդիպման ժամանակ: Իսկ քանի որ այն չի հնչել և օրակարգում այդպիսի հարց ընդգրկված չի եղել, Մարգարովն ընդունում է, որ ավելի շատ տնտեսական բնույթի հարցեր են եղել, որոնք կարիք ունեն կարգավորման:

«Եթե ռեպորտաժում ասվել է սեփական կարծիք, դա մարդու` լրագրողի իրավունք է, բայց հաշվի առնելով այն հաղորդումը կամ այն հեռուստաընկերությունը, որտեղ այս կարծիքը հնչել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին այս կապակցությամբ ասել է. «Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում: Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը»:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը մեր հարևաններին ուղղված տեղեկատվական կրակահերթ է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանալի է` ռուսական առաջին ալիքն ինչ լրատվամիջոց է:

«Մի առիթով Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է, որ CNN-ը մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- նշել էր Արտակ Դավթյանը:

Նրա դիտարկմամբ` այն ցանկությունները, որոնք հայտարարվեցին սեպտեմբերի 3-ին Մինսկում, պաշտոնական տեսք ստացան:

Բոլոր դեպքերում, Եվրախորհրդարանն ընդունել է հայկական շահերից չբխող բանաձև, Մինսկում Լուկաշենկոն արել է հայկական շահերից չբխող հայտարարություն, ռուսական առաջին ալիքը եթեր է հեռարձակել հայկական շահերից չբխող ռեպորտաժ: Ու այս ամենը հուշում են, որ արտաքին քաղաքական վեկտորների կամ քաղաքական ուղղությունների ընտրության հարցում Հայաստանը  հիմնավոր վերանայումների ու վերարժևորումների լուրջ խնդիր ունի:

 

Կենսաթոշակների ինչպիսի՞ տեսակներ կան

կենսաթոշակ«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին) 8-րդ հոդվածում նշված են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. աշխատանքային`

1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,

2. զինվորական`

1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,

3. սոցիալական`

1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:

Նյութի շրջանակներում կանդրադառնանք միայն աշխատանքային կենսաթոշակի տեսակներին: Այսպես, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ընդ որում, տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք վերապահված է` 1) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 օրացուցային տարի աշխատած անձին` 55 տարին լրանալու դեպքում, եթե ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2) 59 տարին լրացած անձին` 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որից 20 օրացուցային տարին` ծանր պայմաններում, 3) հիպոֆիզային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին` 45 տարին լրանալու և 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին` 1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, 2) ընդհանուր հիվանդության հետևանքով:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին`

1) 18 տարին չլրացած երեխային, 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում, 5) ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում, 6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մասնակի կենսաթոշակի իրավունքը պատկանում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ծիրանի մուրաբայով շոկոլադե տորթ

տորթՇատ համեղ, նուրբ ու թեթևակի փխրուն, բերանում հալչող, ոչ այնքան քաղցր տորթ է:

Բաղադրությունը խմորի համար

150 գ կարագ

150 գ շաքարավազ

6 ձու

75 գ նուշ

50 գ  ալյուր

40 գ կակաո

Կրեմի համար

300 գ ծիրանի մուրաբա

1 ճ/գդալ կիտրոնահյութ

100 գ շոկոլադ

70 գ կարագ:

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստման համար հարկավոր է կարագն ու շաքարավազն այնքան հարել, մինչև գույնը բացվի, ապա ավելացնել դեղնուցը` 2-ական ու հարել ամեն անգամ: Ավելացնել կակաոն ու ալյուրը և հարիչով  թույլ արագության տակ խառնել: Ավելացնել նախապես մաքրած, բոված ու աղացած նուշը: Լավ խառնել: Սպիտակուցն առանձին հարել այնքան, որ վերածվի պինդ փրփուրի, ապա ավելացնել խմորին ու հարել այնքան, մինչև որ այն փափկի:

Խմորը լցնել կարագապատ ու ալյուր ցանած կաղապարի մեջ, թխել 40 րոպե 1800С տաքացված ջեռոցում:

Երբ պատրաստ լինի թխվածքը, հովանալուց հետո մեջտեղից լայնքով կիսել:

Մուրաբան լցնել մաղի մեջ, որ հյութը քամվի, ապա ավելացնել կիտրոնահյութն ու  թեթևակի եփել: Ստացված խառնուրդը քսել կիսած հատվածում ու թխվածքի երեսին, իսկ երբ այն սառչի, պետք է պատել շոկոլադե ջնարակով: Դրա համար պետք է կարագն ու շոկոլադը միասին հալեցնել ու դրանով ցողել տորթը:

«Մի փոքր էլ համբերենք և կտեսնենք, թե ովքեր էին սկսել այս ողջ պատմությունը». Ռոբերտ Ամիրխանյան

e8d34fd8f959ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այսօր մեկնում է Մոսկվա: Ոչ, պատճառն ամենևին էլ Կոմպոզիտորների միության վերջին համագումարի և միության ղեկավարի ընտրությունների արդյունքը չէ, այլ բնականոն ստեղծագործական ընթացքը. վերջին շրջանի թոհուբոհի մեջ մաեստրոն հասցրել է նաև երաժշտություն գրել` նվիրված Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Առաջարկը եղել է Մոսկվայի հայ համայնքի ղեկավարության կողմից: Երաժշտության բառերի հեղինակը մոսկվայաբնակ հայտնի երգահան Կարեն Կավալերյանն է, իսկ ստեղծագործությունը կատարելու են Ռուսաստանի շուրջ 20 հայտնի երգիչներ` Կոբզոն, Պուգաչովա, Լեոնտև, Դոլինա, Բիլան և ուրիշներ: Երգն առաջին անգամ կհնչի Մոսկվայից` երկրաշարժի տարելիցի օրը:

Վերջին իրադարձությունները չեն խանգարել կոմպոզիտորի ստեղծագործական գործունեությանը, սակայն լուրջ մտորելու տեղիք են տվել: Իր ողջ կյանքը երաժշտությամբ չափող երաժշտի համար համագումարային վերջին չափագրությունը հետևյալն է.  այն երբեք այդքան դրամատիկ տեսք չի ունեցել. «25 տարիների ընթացքում տեղի ունեցած համագումարների մեջ երբևէ չենք ունեցել էսպիսի իրավիճակ, երբ միության ընտրական գործընթացին խառնված լինեն դրսից ներմուծված անձիք. օրինակ` փաստաբան, որն, ի դեպ, ինձ վրա բղավեց` ասելով, թե իբր  խանգարում եմ գործընթացը, հեռու կանգնեմ քվեատուփի մոտից և այլն, մինչդեռ ես էլ բոլորի պես կանգնած էի այնտեղ, որտեղ սովորաբար կանգնում էի: Մեր միության մեջ նման բան չէր էլ կարելի երևակայել: Հասկացա, որ միությունն արդեն ճաք է տվել»,-ասում է նա:

Ամիրխանյանն այդ համագումարը չի համարում ստեղծագործական դիալոգ, այլ համարում է բռնության արդյունքում միության ղեկավարությունը փոխելու լավ սցենար, որը միտված էր միայն վարկաբեկելուն: Հասկացել է նաև, որ գլուխ են բարձրացրել այնպիսի ուժեր, որոնց համար ստեղծագործությունն էական չէ:

Սովորաբար նախորդ ընտրություններում հարաբերակցությունը եղել է 50-ից ավելի` հօգուտ Ամիրխանյանի: «Այս անգամ հանկարծ ընդամենը 1-2 ձայնի տարբերություն` ընդ որում այն պարագայում, երբ իմ դեմ մի ամբողջ հեռուստաընկերություն պարբերաբար ու հետևողականորեն դավեր էր նյութում, իմ դեմ էր մի ամբողջ կուսակցություն, տարբեր մարդիկ, ինտերնետային կայքեր և այլն: Եվ այդքանից հետո իրենք ընդամենը 2 ձայնով հաղթեցին: Սա նույնպես մտորելու առիթ է»:

Մտորելու առիթ է նաև, թե ի՞նչ անելիք ունեն այդ ուժերը կոմպոզիտորների ստեղծագործական գործունեության մեջ: «Պատճառը մեկն է` Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան հետաքրքրությունն իրենց կողմից,-ասում է Ամիրխանյանը,-ա´յ մի փոքր էլ համբերենք և կտեսնենք, թե Դիլիջանում ինչ աշխուժություններ են սկսվում: Էն ժամանակ կերևա, թե ովքեր էին սկսել այս ողջ պատմությունը»:

Կոմպոզիտորը կես կատակ կես լուրջ ասում է, որ իր հասցեին այս ընթացքում այնքան  անմիտ բաներ են ասվել, որ նույնիսկ սկսել է կասկածել` կարո՞ղ է  Չեռնոբիլի աղետն էլ է իր կազմակերպածը: Այնուամենայնիվ նա հանգիստ է նայում այդ ամենին, քանի որ, ինչպես ասում է`  կարևորը փոսն ընկնելը չէ,այլ փոսից դուրս գալը:

Կարևոր է նաև այս պատմության շարունակությունը, թե ի վերջո ինչ կշահի այս ամենից միությունը, կպահպանվի՞ թե կտապալվի: «Ես համագումարի ժամանակ երկար մտորում էի, թե երբ է մարդը սուտ խոսում: Եկա այն եզրակացության, որ սուտ է խոսում, երբ շահ ունի: Մարդը կդադարի  սուտն առաջ տանել, երբ շարժվի գաղափարով: Հակառակ թևում ես չտեսա այդ գաղափարը: Իսկապես կուզենամ, որ նորընտիր ղեկավարությունը որոշակի քայլերով ապացուցի, թե այս ամբողջ պատերազմն ինչի համար էր»:

Ցավոք, Ռոբերտ Ամիրխանյանն իր հակառակորդի ծրագրում չի նկատել որևէ նոր բան, ավելին. նրան անհանգստացրել է ծրագրում  առաջնային համարվող սոցիալական կողմը: Նա կարծում է, որ սոցիալական խնդրի շահարկումը մի կազմակերպության մեջ, որը չունի որևէ ֆինանսական բազա, կարող է նշանակել մի բան, որ  այս ամենի հետևում կան ուժեր, որոնք իրենց ֆինանսական ռեսուրսներով ուղղորդելու են նոր ղեկավարի  ճանապարհը:

Խիստ մտահոգիչ է նաև այն, որ այս ամենի հետևանքով Կոմպոզիտորների միության վարկանիշն ընկել է: «Ընկավ այդ մարդկանց չարության և անհեռատեսության հետևանքով: Մինչդեռ հասարակությունն ուզում է կոմպոզիտորին տեսնել իր բարձրության վրա և իր երաժշտությամբ, ոչ թե այդ սկանդալների մեջ: Ինչո՞ւ նրանք չմտածեցին, որ իրենց նեգատիվիզմով վարկաբեկում են ոչ միայն ինձ ու իրենց, այլև մեր երկրի միասնության ընդհանուր դաշտը»:

Հիասթափության մի օրինակի ականատես է եղել հենց համագումարի օրը. մեկ տարուց ավելի է` Ամիրխանյանը միության տարածքում երիտասարդ լարային քառյակին տրամադրել էր տարածք, որպեսզի նրանք պարապեն` առանց որևէ գումարային խնդրի: Պայմանը մեկն է եղել` նվագել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Քառյակը կայացել է, փայլուն համերգներ ունեցել: Սակայն համագումարի ժամանակ Ամիրխանյանը լսել է, թե ինչպես է երիտասարդներից մեկը մյուսին ասում. «Դե արի ու էսքանից հետո մնա էս երկրում…»: «Այ սա է ինձ տխրեցրել,-ասում է նա` նշելով, որ արվեստագետը չպիտի այդքան իջնի, պետք է պահի իր պատիվը, մինչդեռ իր գործընկերներից ոմանք անգամ գայթակղվել են այն առաջարկներով, որ իրենց գաղտնի արվել է: Ամիրխանյանը կոչ է անում այդ մարդկանց վերադառնալ դեպի իրենց գաղափարը, քանի որ շահով երկար առաջ չեն կարող գնալ: «Միության անդամներից մեկն ինձ խոստովանեց, որ իրեն առաջարկել են 400 հազար դրամ: Բայց նա, լինելով շատ սկզբունքային մարդ, բնականաբար մերժել է, անգամ վիրավորվել»:

Ինչևէ…կոմպոզիտորը, որը սիրում է կյանքում ամեն բան տեսնել տարբերության մեջ, այս ամենը համեմատում է դաշնամուրի ստեղնաշարի հետ, որը բաղկացած է սև և սպիտակ ստեղներից: «Երբ նվագում ենք, միայն մեկով չենք նվագում, և որևէ մեկը չենք կարևորում: Կարևորը այդ սևի ու սպիտակի համանվագն է: Ես սպասում եմ այդ համանվագին և պատրաստ եմ կանգնել նրանց կողքին ու օգնել, որպեսզի մեր երաժշտական մթնոլորտն առողջանա, ինչը, ցավոք, շատ վտանգվեց այս օրերին»: