Չնայած Իրանում ալկոհոլի արգելքին և դրա համար նախատեսված պատժին՝ ոգելից խմիչքների օգտագործումը բավական տարածված է: 1979-ի հեղափոխությունից հետո Իրանում մահմեդականներին արգելվել է ալկոհոլի օգտագործումը: Օրենքը կրկնակի խախտողները կարող են անգամ մահապատժի ենթարկվել:
Այդուհանդերձ, ալկոհոլ օգտագործելու համար մահապատիժ պարբերաբար չի կիրառվում: Սովորաբար, պատիժը նախատեսում է տուգանք, մտրակի հարվածներ կամ բանտարկություն: Մահապատիժ կիրառվում է այն դեպքում, եթե անձն առաջին անգամ չի օգտագործում ալկոհոլ և միաժամանակ խախտել է հասարակական կարգը: Իրանում, սովորաբար, մահապատժի են ենթարկում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, ինչպես նաև թմրանյութեր պահելու և տեղափոխելու համար, եթե դրանց կշիռը գերազանցում է 5 կգ-ը:
Իրանը պաշտոնապես հանդուրժում է ալկոհոլը և այն թույլատրելի համարում միայն ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում: Խմողները ընտրություն ունեն, բայց պետք է զգույշ լինեն: Հնարավոր է Իրանում ոգելից խմիչք պատվիրել ու արագ ստանալ պատվերը:
Չնայած ալկոհոլի վաճառքի արգելքին ու ոստիկանական ստուգումներին՝ Իրանում խմելը լայնորեն տարածված է: Քանի որ շիա մահմեդական մեծամասնություն ունեցող Իրանում դիսկոտեկներ ու գիշերային ակումբեր չկան, ամեն ինչ տեղի է ունենում տներում, փակ դռների հետևում:
Իրանում ոգելից խմիչքները բերում են մաքսանենգ ճանապարհով, բայց ալկոհոլի մեծ մասը հիմնականում պատրաստվում է տեղում:
Գինի պատրաստելու հազարամյակների ավանդույթ ունեցող Իրանում ներկայումս միայն քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականներն օրինական իրավունք ունեն իրենց տներում գինի պատրաստելու, այն էլ միայն սեփական օգտագործման համար, իսկ հոգևորականները՝ նաև կրոնական արարողությունների համար:
Ոգելից խմիչքների առևտուրն Իրանում խստորեն արգելված է: Չնայած արգելքին՝ ընդհատակյա, անօրինական առևտուր կա: Ալկոհոլի մատչելիությունը մտահոգություն է առաջացրել Իրանի հոգևորականության շրջանում: Նրանք Արևմուտքին մեղադրում են դավադիր գործողություններում, որոնց նպատակը իրանցիներին կրոնական բարեպաշտ վարքից կտրելը և գայթակղելն է:
Ամեն դեպքում, ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլային թունավորումներն Իրանում իսկապես խնդիր են դարձել: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում ավելի քան 200 հազար հարբեցող կա:
Անցյալ տարի Իրանում թույլատրվել է բացել ոգելից խմիչքների նկատմամբ թուլություն ունեցողներին բուժելու առաջին բժշկական կենտրոնը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերջերս հայտնել են, որ կենտրոնի նպատակն է օգնել իրանցիներին ազատվելու այդ վատ սովորությունից:
Անցյալ տարի Իրանի առողջապահական համակարգի պաշտոնյաները կառավարությանը զգուշացրել էին, որ աճում են տանը պատրաստված ոգելից խմիչքից թունավորումների և մահացության դեպքերը և հորդորել էին քայլեր ձեռնարկել:
Իրանական մամուլը հաճախ է հաղորդում տանը պատրաստած ոգելից խմիչքներից կուրանալու կամ մահանալու դեպքերի մասին: Սուպերմարկետներում ընդամենը 3․5 դոլարով կարելի է տեխնիկական սպիրտ ձեռք բերել:
Մեծ բիզնես է ոգելից խմիչքների մաքսանենգությունը: Իրանի արդարադատության համակարգը սահմանապահ ծառայությանը մեղադրում է մաքսանենգ առևտրի մասնակիցը դառնալու հանցանքում:
Որոշ իրանական ընդդիմադիր կայքեր հաղորդում են, որ սահմանների հսկողությունը իրականացնող «Հեղափոխության պահապաններ» զորամիավորումը մաքսանենգ ճանապարհով ալկոհոլի ներկրումից տարեկան 12 մլրդ դոլարի անօրինական եկամուտ է ունենում:
Գործարանային արտադրության խմիչքները մաքսանենգ ճանապարհով Իրան են բերվում հարևան Թուրքիայից և Իրաքի քրդական շրջաններից: Իրանում ոգելից խմիչքի մեկ շիշը վաճառվում է 70 դոլարով, տեկիլա կամ ֆրանսիական կոնյակ «սև շուկայում» կարելի է ձեռք բերել 100 դոլարով, իսկ գարեջուրը՝ 8 դոլարի սահմաններում: Մաքսանենգ օղին Իրան է բերվում նաև Ռուսաստանից ու Վրաստանից: Իմիջիայլոց, որակյալ խմիչքների թանկ գները ճանապարհ են հարթել իրանահայ գործարարների համար, որոնք զբաղվում են տնային պայմաններում թորած օղու վաճառքով:
«2-րդ ժեստը»
Թուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու եւ գեթ այժմյան տվյալներով առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխուժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով:
Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետեւեին այլ «ժեստեր»: ժեստային այս քաղաքականությունը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ:
Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է: Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաեւ իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։
Նախ եւ առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձեւով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռեվս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու եւ այդ գնահատականի քվեական դրսեւորումը կատարելու մասին: Եւ բնական է, որ միանշանակ դրսեւորումներ չեն արձանագրվի այս դեպքում:
Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաեւ հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաեւ այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:
Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռեվս թեական խոստումը որքանո՞վ կարող է բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում: Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրեւ ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական եւ հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում: Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության եւ քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը: Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երեւույթին:
Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը: Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը:
«Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված եւ տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Թարաֆը» ճանաչված է իբրեւ հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ եւ առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար: Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրեւ «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրեւ լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել իբրեւ ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից: Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ:
Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրեւ 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը:
Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը: Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձեւով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։
Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրեւ ժեստ չընկալելն է. աշխատելը, որ իբրեւ այդպիսին չընկալի նաեւ միջազգային կարծիքը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Նկարչությունից և ծաղրածու լինելուց առավել` իմ անհատականությունն եմ կարևորում. Սալվադոր Դալի
Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիստ Սալվադոր Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկը (1904 – 1989) տարօրինակ էր: Օրինակ` ճաշից հետո քնում էր ձեռքին պղնձե բանալի բռնած, որից վար տեղադրված էր երկաթյա ափսե: Երբ բանալին ընկնում էր ափսեի մեջ, արթնանում էր: Նկարիչն ասում էր, որ այդ խլացնող ձայնից արթնանալն աշխարհի ամենաթարմացնող բանն է:
1926 թ. Դալիին վատ վարքի պատճառով ակադեմիայից հեռացնում են։ Նույն տարին նա գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ, ինչն էլ նրա սյուրռեալիստական ուղու սկիզբն է դնում։ Այդ ժամանակ ծանոթանում է իր ապագա կնոջ` Գալա Էլյուարի հետ, որը նրա հետագա կյանքի ոգեշնչման աղբյուրն է դառնում։ 1940 թ. Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև 1948 թ.։
Հանճարը նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, նկարազարդել գրքեր, զբաղվել է ոսկերչությամբ, ձևավորել ներկայացումներ և հագուստներ։ Նրա բալետային սցենարներից և գրքերից են, օրինակ, «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942) և «Հանճարի օրագիրը» (1964), իսկ նրա թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Նա դեմ էր արևին, սպանախին, մեխանիկային, Ռեմբրանդին, ուրվականներին և լեռներին, սակայն կողմ էր բարդությանը, խխունջներին, կրոնին և ինքն իրեն:
Ներկայացնում ենք ամերիկացի լրագրող Մայք Ուելսի բացառիկ հարցազրույցը Սալվադոր Դալիի հետ (1958):
– Դալի, Դուք հիանալի նկարիչ եք: Ինչո՞ւ եք այդպես տարօրինակ վարվում:
– Այդպես էքստցենտրիզմը համապատասխանում է իմ կյանքի ավելի կարևոր և ողբերգական, ավելի փիլիսոփայական կողմին և բացահայտում հոգևորի ուժը: Այդ կերպ Դալին ներթափանցում է սեփական ենթագիտակցություն:
– Հարցազրույցից առաջ ինձ խնդրեցիք, որ շփոթեցնող հարցեր ուղղեմ ձեզ, քաոս ստեղծեմ: Ինչո՞ւ:
– Քանի որ երբ Ֆրանսիայում ֆիլմ էինք նկարում, ես չառլստոն էի պարում: Գիտեք, Դալին ավելի լավն է, քան Չառլի Չապլինը, ինչը իմ կարծիքով հետաքրքիր է, որովհետև Դալին հիանալի նկարիչ է, միաժամանակ հիանալի ծաղրածու: Դա շատ հետաքրքիր է:
– Դուք Ձեզ անվանում եք հանճար, և դա ասում եք ամենայն լրջությամբ: Ուզում եք երկու ոլորտո՞ւմ հանճար լինել:
– Տարբեր ոլորտներում… Իմ կյանքի համար նկարչությունից և ծաղրածու լինելուց առավել կարևորը իմ անհատականությունն է: Իսկ այդ ամենը Դալիի անհատականության արտահայտման ձևերն են:
– Ո՞րն է ձեր նկարների առանցքային գաղափարը:
– Դալլիի կոսմոգոնիան: Դա միջուկային ֆիզիկա է: Իմ նկարները սկզբից շատերին ծիծաղելի են թվում, սակայն մոտավորապես 12 տարի հետո յուրաքանչյուրը ճանաչվում են որպես իրական մարգարեություն:
– Ո՞րն է նկարչի ներդրումն այս կյանքում:
– Ամեն նկարիչ նկարում է իր կոսմոգոնիան:
– Ի՞նչ ժամանակակից նկարչի եք համակրում:
– Առաջինը Դալիին, հետո Պիկասոյին, այնուհետև մնացածին: Դալին ու Պիկասոն ժամանակակից հանճարներ են:
– Մի անգամ ասացիք, որ սիրում եք երեք բան` թուլություն, շքեղություն և հին դարաշրջանը: Ինչո՞ւ:
– Շքեղությունը միապետության արտադրանք է: Ես ամեն օր դառնում եմ միապետ, ոչ թե քաղաքական, այլ փիլիսոփայական առումով: Կենսաբանությունն ապացուցել է, որ միապետությունը շքեղության ամենակատարյալ տեսակն է: Հին դարաշրջանը սիրում եմ, քանի որ երիտասարդ մարդիկ հիմար են, իսկ թուլությունը սիրում եմ, որովհետև ժամանակակից ֆիզիկայում ամեն ինչ թույլ է:
– Նշել եք նաև, որ մահը գեղեցիկ է: Ի՞նչ գեղեցկություն կա մահվան մեջ:
– Կյանքը էրոտիկ է, այնուհետև դառնում է տգեղ, իսկ մահը էրոտիկ չէ, սակայն սուբլիմացվում է և դառնում գեղեցիկ: Օրինակ` երբ մարդը գեղեցիկ է, նրան իր կյանքի օրոք ոչ ոք չի գնահատում, բայց երբ մահանում է, բոլորի համար դառնում է ֆանտաստիկ անձնավորություն, և սկսում են նրան հարգել: Ես ընդհանրապես չեմ հավատում Դալիի մահվանը: Ուղղակի սարսափահար եմ լինում մահից:
– Ինչո՞ւ:
– Քանի որ իմ պայքարը բավարար չէ կրոնում..
– Դուք չեք սիրում հրապարակայնորեն հանել ձեր կոշիկները, օրինակ` խանութում, և հաճախ ձեզ մոտ փայտի կտոր եք պահում: Դրանք ի՞նչ են…
– Ճիշտ եք: Իրականում իսպանացիները շատ սնահավատ են:
– Դուք քաղաքականությունից գլուխ հանո՞ւմ եք: Օրինակ` գիտե՞ք, թե ով է Բրիտանիայի վարչապետը:
– (Դալին շփոթվում է) Այո, բայց ինձ չի հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է իրադարձությունների փիլիսոփայական մասը:
– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ժամանակը:
– Ինձ համար ամենահաճելի ժամանակ անցկացնելու ձևն ամեն օր քիչ-քիչ Դալի դառնալն է: Վեց տարեկանում ուզում էի խոհարար դառնալ, յոթում` Նապոլեոն, իսկ հիմա ամեն օր Դալի եմ դառնում:
– Մի անգամ նշեցիք, որ փոքր ժամանակ ագրեսիվ եք եղել և նույնիսկ վնասել եք մարդկանց:
– Այո, սակայն հիմա, երբ դարձել եմ ավելի հոգևոր, սադիստական հակումները մարել են: Իմ լիբիդոն սուբլիմացնում եմ արվեստով: Ինչ վերաբերում է Գալային` իմ կնոջը, ապա նա ստեղծել է իմ ներկա կյանքի իրական միստիցիզմն ու կլասիցիզմը: Ես օրեցօր սիրահարվում եմ նրան: Ոչ ոք չի հավատում, որ 20 տարվա ընթացքում բացի նրանից այլ կանանց հետ սիրով չեմ զբաղվել:
– Գո՞հ եք ձեր կյանքից:
– Այո, ամեն օր, քանի որ յուրաքանչյուր պահի դառնում եմ Դալի և հիանում եմ նրանով:
Սյուրռեալիստ Սալվադոր Դալին թույլ էր տալիս Գալային ունենալ այնքան սիրեկան, որքան նա էր ցանականում: Դա նույնիսկ նկարչին ոգեշնչում էր: Իր ամեն նկարում նա պատկերում էր իր կնոջ մի մասնիկ: Գալան մահացավ 1982 թ. հունիսի 10-ին, 78-ամյա Դալին չցանկացավ ներկա գտնվել կնոջ հուղարկավորությանը: Շատ ծանր էր տանում Գալայի մահը, և նրանից հետո ապրեց յոթ տարի:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակների պատմությունը նկարներով՝ սկսած 1930 թ.-ից
Ի սկզբանե ֆուտբոլի աշխարհի առաջնություններում գնդակները պատրաստված էին լինում ինչից ասես։
Տիենտո (TIENTO)
1930 թ. Ուրուգվայ, եզրափակչի առաջին խաղակես
Տ-մոդել (T-MODEL)
1930թ., Ուրուգվայ, 2-րդ խաղակես
Ֆեդերալ 102 (FEDERALE 102)
1934թ., Իտալիա,
Ալլեն, (ALLEN)
1938թ., Ֆրանսիա,
Դուպլոտ (DUPLOT)
1950թ, Բրազիլիա,
Սուիսս (SWISS WORLD CHAMPION)
1954թ., Շվեյցարիա,
1954թ.-ին ՖԻՖԱ-ն հաստատեց գնդակի պարամետրերը, որ գործում են մինչ այսօր. դրա մակերեսը պետք է կազմեր ոչ պակաս, քան 68 և ոչ ավելի, քան 71.1 սմ, իսկ քաշը հաստատվեց 420-450 գրամը։
1930 թ.-ին Ուրուգվայում Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության եզրափակիչ խաղին ֆուտբոլիստները խաղում էին գնդակով, որի ծածկույթը կազված էր 12 t-աձև կաշվե վահանակներից։ Իսկ արդեն 1954թ.-ին՝ 18 վահանակներից, 1958թ-ին՝ 24։ Սա արվում էր նրա համար, որ գնդակը հնարավորինս կլոր ստացվեր։
Թոփ Սթար (TOP STAR)
1958թ., Շվեդիա
Չելլենջ (CHALLENGE 4-STAR)
1966թ., Մեծ Բրիտանիա
Բանը կհասնի՞ լիակատար կլոր պլաստիկ գնդակի ստեղծմանը: Ոչ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, եթե գնդակի մակերեսը մոտ է իդեալականին, ուժեղ հարվածի և մեծ արագությամբ գնդակի թռիչքի դեպքում /ավելի քան 70կմ/ժամ/, գնդակը կտատանվի օդում, ինքը կբռնի ճանապարհը` խնդիրներ ստեղծելով դարպասապահների համար։ Պետք են նաև կարեր և ուռուցիկություն, որոնք դիզայներները փորձել են համարյա վերացնել։
Այս “թերություններն” իրականում ապահովում են թռիչքի կայուն ուղին։ Այս է պատճառը, որ Բրազուկայի (Այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակի) կարերը կազմում են 0,76 մմ-ով ավելին, քան նախորդները՝ 1,56 մմ։
1970թ., Մեքսիկա
Թելեստար Դուրլաստ (TELSTAR DURLAST)
1974թ., ԳԴՀ
Տանգո (TANGO)
1978թ. Արգենտինա
Տանգո Էսպանա (TANGO ESPANA)
Ազտեկա (AZTECA)
1986 год, Մեքսիկա
Էտրուզկո (ETRUSCO)
1990 թ., Իտալիա
Քուեստրա (QUESTRA)
1994թ, ԱՄՆ
Տրկոլոր (TRICOLORE)
1998թ., Ֆրանսիա
Ֆեվերնովա (FEVERNOVA)
2002թ, Կորեա/Ճապոնիա
+ Տեամգեսիստ (+TEAMGEIST)
2006թ., Գերմանիա
Ջուբուլանի (JABULANI)
2010թ., Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բրազուկա (BRAZUСA)
2014թ., Բրազիլիա
1970 թ.-ին ՖԻՖԱ-ն որոշեց, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների գնդակները կպատրաստի մեկ ընկերություն`”Ադիդասը”։ Բրազուկա գնդակը, որ պատրաստվել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի համար, փորձարկվել է 2 տարի –15 -ից +35 °C-ի պայմաններում, բոլոր մայրցամաքներում, 0-ից՝ 1600 մետր բարձրության վրա։ Առաջին փորձարկումներն անցկացվել են գերամանական Հերցոգենաուրախ քաղաքի լաբորատորիայում։ Գնդակի դիմացկունությունը ստուգվել է հատուկ մեքենայում, որ նման է լվացքի մեքենայի։ Այդ չորսժամյա “մաքրումը” հավասարազոր է խոտի վրա 1 տարվա խաղին։ ՖԻՖԱ-ն պահանջում է նաև փորձարկման ընթացքում 2000 հարված գնդակին։ Սակայն “Ադիդասը”, գերակատարելով պլանը, հատուկ ռոբոտի միջոցով 3500 հարված է հասցրել գնդակին` այն պատրաստելով առաջնության խաղերին:
Լյովա Վարդանյան. «Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է»
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները: Եվ արդյունքը հուսադրող է` 4 մեդալ: Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.
– Սկզբում մրցագորգ դուրս եկան ազատ ոճի, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 7 ըմբիշներ: Մարզիկ չէինք հայտավորել միայն ծանրքաշային կարգում: Իսկ հունահռոմեական ոճի մեր երկրի ընտրանին լրիվ կազմով հանդես եկավ: Առաջնությունը նախապատրաստական փուլ էր օգոստոսի 5-10-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ:
2013-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ունեցել էին բրոնզե 4 մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները` ոսկե 1 պարգև: Այս անգամ ազատ ոճի Հայաստանի հավաքականը տիրացավ բրոնզե 1 մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը` ոսկե 2, բրոնզե 1 մեդալի: Մեր երկրի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթը կարելի է գերազանց գնահատել, իսկ ազատ ոճի ներկայացուցիչներինը` լավ: Ի դեպ, մեր ազատ ոճի ըմբիշները տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, սակայն վիճակահանությամբ անցանկալի իրավիճակներում հայտնվեցին: Մասնավորապես, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, 2013-ի աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Արեն Ալեքյանը հունգարացի Յանոշ Սեպզանին և ռուսաստանցի Եվգենի Ժիրբային հաղթելուց հետո ընդամենը 30 րոպե ժամանակ ուներ, որպեսզի շունչը տեղը բերեր: Մինչդեռ ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար, նա մեծ ուժեր էր վատնել և պարտվեց թուրք Հեյդար Յավուզին: Եթե նրան մեր մարզիկը մինչ այդ հանդիպեր, ապա անպայման կհաղթեր: Նա ամբողջ ուժերը ներդրել էր նախորդ գոտեմարտերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար: 96 կգ քաշային աշխարհի երիտասարդների 2013-ի արծաթե մեդալակիր Վիկտոր Կազիշվիլին հեշտությամբ հաղթեց ֆինն ըմբիշ Յերե Հեյնոյին, սակայն քառորդ եզրափակչում, երբ 30 վայրկյան էր մնացել, չդիմացավ լարվածությանը և պարտվեց վրացի Մուրազի Մչեդլիձեին: 50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն առաջին գոտեմարտն անցկացրեց թուրք էմրե Դեմիրխանի հետ: Հայ ըմբիշը երկու անգամ 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները նրան միայն 2-ական միավոր շնորհեցին: Հետևանքը եղավ այն, որ Մխիթարը պարտվեց 6:8 հաշվով: Մրցավարների գործողություններից տուժեց նաև 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սիմոնյանը:
– Մեդալակիրների մասին ի՞նչ կասեք:
– Փայլուն հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), որոնք դարձան չեմպիոն: Ղարիբյանը և Կալաչյանը եզրափակչում առավելության հասան ռուսաստանցի մրցակիցների նկատմամբ: Գովեստի են արժանի նաև 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Կարեն Աբգարյանը և 60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գոռ Գրիգորյանը, որոնք բավարարվեցին բրոնզե պարգևներով: Ի դեպ, Աբգարյանը 7:0 հաշվով հաղթում էր Բելառուսի ըմբիշին, սակայն մի պահ զգոնությունը թուլացրեց և պարտվեց: Այլապես նա կարող էր առնվազն արծաթե մեդալակիր դառնալ: Գրիգորյանն անցկացրած 5 գոտեմարտից միայն մեկում պարտվեց:
– Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերում փոփոխություններ կլինե՞ն:
– Նոր ընտրություն է կատարվելու, դա կորոշեն թիմերի մարզիչները: Հետևություններ արվելու են: Մարզչական խորհուրդը կքննարկի, և այն ըմբիշները, որոնք լավ չեն մասնակցել, աշխարհի առաջնությունում հանդես չեն գա: Թերևս այդ քաշային կարգերում մասնակիցներ չհայտավորենք: Ինչպես Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի թիմն ամեն քաշային կարգում 5-6 ուժեղ ըմբիշ չունի: Ամեն քաշային կարգում 1-2 լավ մարզիկ կա:
– Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ այդքան մեդալի հույս ունեի՞նք:
– Ազատ ոճի մեր ըմբիշներից 2-3 մեդալ էինք ակնկալում, նույնքան էլ` հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում: Թերևս ազատ ոճի մեր ըմբիշները «պարտք» մնացին: Նրանք այդ բացը կփորձեն լրացնել աշխարհի առաջնությունում:
– Առաջիկայում միջազգային ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի ըմբիշներին:
– Վանաձորում հուլիսի 18-20-ը կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Ակնկալվում է, որ հանդես կգան մեկ տասնյակ երկրների պատվիրակներ: Ի դեպ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև կստանան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Հաղթողի մարզիչն էլ չի անտեսվի և կհարստանա 500 դոլարով: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք, որից հետո մեր ըմբիշները կուղևորվեն Խորվաթիա, որպեսզի մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սեպտեմբերի կեսին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ունենք օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոն, մրցանակակիր ըմբիշներ: Հուսանք, որ մեր առաջատարներն իրենց նոր նվաճումներով կուրախացնեն մեր մարզասերներին: Իսկ մինչև այդ` օգոստոսին, Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը: Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի` 1 ըմբիշ: Ցավոք, վերջին մրցաձևում մերոնց չհաջողվեց ևս մեկ ուղեգիր նվաճել: Դրանք բաժին էին հասել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված մարզիկներին:
– Ֆուտբոլն ի՞նչ ընդհանրություն ունի ըմբշամարտի հետ:
– Ըմբիշները մարզումների ընթացքում անպայման ֆուտբոլ են խաղում, և այդ մարզաձևը նրանց հոգեհարազատ է: Կատովիցեում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին մեր երկրի պատվիրակները, բոլոր ըմբիշները բաց չէին թողնում առիթը դիտելու Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Ինքս էլ սիրում եմ խաղալ, նաև դիտել ֆուտբոլ:
– Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն:
– Հոլանդիայի հավաքականը: Այս առաջնությունում ինձ համար հայտնություն էր Ուրուգվայի ընտրանին: Ցավոք, հարձակվող Սուարեսի կծելու հետ կապված միջադեպը խանգարեց այդ թիմին: Մեքսիկայի թիմը ևս զարմացրեց: Բրազիլիայի հավաքականն անկանխատեսելի է բոլոր առումներով, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի:
– Խաղերը դիտելու հնարավորությունները մեծ են, ո՞ր հեռուստաալիքի հեռարձակումներին եք նախապատվությունը տալիս:
– Անհանգիստ բնավորություն ունեմ, շարունակ հեռուստաալիքները փոխում եմ, բոլորն էլ դիտում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ռուսական հեռաուստաալիքներով խաղեր դիտել: Դրանց ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է:
– Մեր ըմբիշներն աշխարհի առաջնություններում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից, իսկ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբևէ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
– Եթե այդպիսի բան կատարվի, անչափ ուրախ կլինենք: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասելն է: Պետք է ուժեղ հավաքականների մրցակցությամբ հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը: Բացի այդ, հետևելով աշխարհի ընթացիկ առաջնությանը, ևս մեկ ամգամ համոզվում ենք, որ մասնակիցների թվում պատահական հավաքականներ չկան, և եղածներն իրենց խաղամակարդակով Հայաստանի ընտրանիից բարձր են: Մեր երկրի ազգային հավաքականում սիրված, ճանաչում ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա, մինչդեռ աշխարհի առաջնության մասնակից թիմերում մեծ թվով աստղեր են խաղում: Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է: Եվ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում էլ համոզված եմ` 5-6 մեդալ կունենանք, նաև` ոսկե փայլով:
Ի՞նչ ընթացակարգով է ներկայացվում ամուսնության մասին դիմումը
Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:
Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը,
բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո,
գ) ընտանեկան դրությունը,
դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները,
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը,
գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Քառանկյուն` Իրան-ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա
Ուկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:
Ուկրաինայում կատարված վերջին դեպքերի կապակցությամբ Թեհրանը միանշանակ դիրքորոշում ունի և չի պաշտպանում Արևմուտքի տեսակետը: Իսկ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը նպաստում է իրանառուսական հարաբերությունների սերտացմանը:
Իրանը չէր ցանկանում, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին: Եթե Ռուսաստանը հետ քաշվեր և Ուկրաինան թողներ ՆԱՏՕ-ին, ապա նույնը կարող էր կատարվել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Թեհրանում շրջանառվող վաշինգտոնյան ժողովրդավարական գաղափարախոսությունն այլևս մոլորության մեջ չի գցում Իրանին: Այդ երկրի քաղաքացիները վստահ են, որ ամերիկյան ցանկացած միջամտություն հանգեցնում է պատերազմի:
Ուկրաինայի բնակչությանն ԱՄՆ-ն և Արևմուտքը խաղաղություն էին խոստանում, փոխարենն արմատականության և ծայրահեղականության դրսևորումներ եղան: Ուկրաինան, ԱՄՆ-ի աջակցությունը նախընտրելով, կորցրեց իր տարածքի մի մասը:
Ամերիկացիներն իրենց գործելաոճում հաշվի չեն առնում ոչ մի միջազգային իրավունք:
Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո ամերիկացի որոշ պաշտոնյաներ կոչ արեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցակում ավելացնել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև ամերիկյան զորքեր և ինքնաթիռներ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում:
Նման գործելաոճն Իրանի համար նորություն չէ: Երկիրն արդեն 35 տարի է` զգում է ԱՄՆ-ի ճնշումը:
Իրանում ամերիկացիների կողմից կազմակերպված հեղափոխության փորձերը տապալվեցին: ԱՄՆ-ի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միայն իրանցիների նյութական վիճակի վատացման հանգեցրին:
Իրանում հասկանում են, որ միջուկային ծրագրին վերաբերող հարցը դուրս է եկել իրավական քննարկումների շրջանակից, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները «հարցը լուծելով»` ցանկանում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական առավելություն ստանալ: Ամերիկացիները ձգտում են տիրող իսլամական վարչակարգը փոխարինել արևմտամետ վարչակարգով:
Եթե միջուկային ծրագրին վերաբերող հարցը լուծման փուլում է, ապա մյուս կնճռոտ խնդիրները` կապված պաղեստինյան և սիրիական հակամարտության, Աֆղանստանում տիրող խառնաշփոթի, Իրանի և Սաուդյան Արաբիայի առճակատման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, չեն էլ քննարկվում:
Սպիտակ տունը, արգելելով Իրանին մասնակցել սիրիական հարցի կարգավորման համաժողովին, ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում կարգավորել հարաբերություններն Իրանի հետ:
Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել է մայիսին և ավարտվել անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրեցին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու համար:
Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում համընդհանուր համաձայնագիր էր կնքվել, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը: Համապարփակ համաձայնագիրը պետք է մշակվի մինչև 2014-ի հուլիսի 20-ը:
Այդ ժամանակ «Վեցնյակը» և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը ժամանակավորապես սահմանափակի միջուկային ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց:
Ներկայումս Իրանի բնակչությունը լավատեսորեն է նայում իր երկրի հետագա ճակատագրին: Հույս կա, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ կլինեն դրական փոփոխություններ և առաջխաղացումներ:
Իրանում լավ են հասկանում, որ շատ բան կախված է միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների հաջող ավարտից: Իրանը շարունակում է մնալ անկախ պետություն, և Թեհրանը ստիպված չէ վերանայել իր տեսակետները հօգուտ Ամերիկայի:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ֆրանսիական նախուտեստ
Բաղադրությունը
4 ձվի սպիտակուց
200 գ կոշտ պանիր
1 ճ.գդալ ալյուր
ձեթ` տապակելու համար
նեխուր, սամիթ կամ համեմ, տեղին կլինի նաև ուրցը
սև պղպեղ
աղ:
Պատրաստման եղանակը
Սպիտակուցը հարել, կամաց-կամաց ավելացնել քերած պանիրը: Ստացված զանգվածը համեմել աղ ու պղպեղով: Ապա մանր գնդեր ձևավորել, թաթախել ալյուրի մեջ ու տապակել ձեթով (շատ հարմար է այս դեպքում ֆրիտյուրը): Երբ այդ գնդերն էկլերի պես փքվեն, պետք է զգուշությամբ հանել ձեթից, շարել անձռոցիկի վրա, որ ձեթը քամվի, ու մատուցել տաքացրած ափսեով:Կանաչին մանրացնել ու ցանել գնդերի վրա:
Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:
Մեկ այլ որոշմամբ Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Գարնանային հեղեղումների, բնական և տեխնածին այլ աղետների հետևանքով պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածների հրատապ և առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում հնարավոր չէ ժամանակին ապահովել աշխատանքի ամբողջ ծավալը:
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ ձեռք կբերեն տարբերակված գներով
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Հայաստանցի արտագնա աշխատողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ երկրորդ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: Նշված դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների շահերից:
Հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ծրագիրը կդառնա ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքի հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ, որը հաշվառման դաշտային աշխատանքի ավարտից հետո փոխհատուցվելու է Եվրամիության տրամադրելիք 2 մլն եվրո դրամաշնորհով:
Հավելավճար է տրվելու ծանր աշխատանք կատարող պետական պաշտոնյաներին
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ 24 տոկոսի չափով (սույն դրույթները չեն տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա): Որոշման գործողությունը տարածվում է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մի շարք որոշումներով գործադիրը սահմանել է պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարի դեպքերը, չափերը և վճարման կարգը, հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և այլն:
Կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ուսումնական հաստատությունում զինվորական ղեկավարների ընտրության դեպքում միասնական համակարգի ներդրումը, որը կներառի միասնական որակական պահանջներ, ընտրության մեթոդներ, չափանիշներ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:
Փոփոխելով և լրացնելով մեկ այլ որոշում, կառավարությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացրել է շուրջ 98 մլն դրամ, որով հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն սննդով:
Նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող շինություններից մեկը օտարել մրցույթով. նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Կառավարությունը որոշել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորում գտնվող շենք-շինությունները երեք տարով ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ: Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրական նոր գործառույթի՝ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
Այլ հարցեր
Գործադիրը «Ամ-Էսկա» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր:
Կառավարության որոշմամբ Երևանի բնակիչ, Պրահայի տեխնիկական համալսարանի ասպիրանտ Դավիթ Հարությունյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում Կամո Ադամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի ավարտին վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»:
Պարտադիր ու պարտադրված. կառավարության մոտեցումը կուտակային կեսնաթոշակային համակարգին
Հունիսի 21-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը: «Կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» չկային. նիստին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում:
Կառավարությունը, խախտելով բոլոր հնարավոր ընթացակարգերը, որոնք պետք է ապահովեին խորհրդարանին ինչ-որ բան ներկայացնելու համար, ներկայացրեց ու քվեարկության դրեց այս նոր օրինագիծը, ինչպես նշում էին ԱԺ ոչ իշխանական պատգամավորները: Օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն ԱԺ հանձնաժողովներում, հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Նախագծին պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որ այն համապատասխանեցված է ՍԴ պահանջներին: ԱԺ ընդդիմադիրները համոզված են` այս պահանջներից ոչ մեկը չի կատարվել ու ոչինչ էլ չի համապատասխանեցվել:
Դրանից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:
Նոր օրինագծով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգվում է մինչև 2017 թ., այսինքն` ով ուզում է չմասնակցել պարտադիր կուտակայինին, պետք է նորից դիմում գրի այդ կապակցությամբ: Իսկ մինչ 2017 թ. պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի պետական հատվածի աշխատողների վրա:
«Կառավարությունը փորձում է այս կերպ բաժանել շահառուների խմբին, և 2017 թվականից հետո աշխատաշուկա մտնողներին ու մասնավոր հատվածի աշխատակիցներին մտցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»,- այս առումով նշում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ու անընդունելի համարում այդ մոտեցումը:
Կառավարության նոր ներկայացրած ու ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից հաստատված նոր օրենքում, համոզված են դրան դեմ արտահայտվողները, ոչինչ չի փոխվել, բացի մի ձևակերպումից` պարտադիր բաղադրիչը դարձել է նպատակային վճար` սոցվճար, որն, ի դեպ, հարկերին հավասարեցված վճար է ու պետք է համատարած լինի բոլորի համար:
«Պարզապես չի կարող մեկի համար լինել ու մյուսի համար չլինել. տարիքի խտրականություն կա, սոցիալական վիճակի խտրականություն կա, աշխատանքի խտրականություն կա, դրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշում էր «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` նոր օրինագիծն ԱԺ ներկայացվելու օրը:
Այս պնդմանը, իհարկե, այլ պատասխան ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ համոզված նշում է, թե միայն ձևակերպումները չէ, որ փոխվել են, այլ նոր օրենքում կան բազմաթիվ էական փոփոխություններ, և «Դեմ եմ»-ի ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների ու բերած փաստարկների կապակցությամբ էլ ընդգծում. «Ես ինչքան հասկանում եմ, ինչ էլ ներկայացվի` իրենք դեմ են լինելու,- իսկ լրագրողի դիտարկմանը, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհությունները` հավելեց,- մենք էլ ենք փաստարկում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 20-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նոր փաթեթը, ի պատասխան այն պնդման, թե միայն պարտադիր կուտակային բաղադրիչի անունը չի փոխվել «նպատակային սոցիալական վճար» բառով, հայտարարեց. «Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում»:
Ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի էլ` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:
«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում»,- նշում էր Ռուստամյանը:
Մի ուշագրավ դիտարկում. ինչ վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա թե՛ օրենքների առաջին փաթեթի դեպքում, որի դրույթները ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին, թե՛ այս դեպքում կառավարությունը փաթեթները ԱԺ-ում քննարկելու համար արտահերթ նստաշրջաններ հրավիրեց, ինչը, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, հնարավորինս հեշտ ու արագ այս համակարգը կյանքի կոչելն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ում վրա է պարտադիր տարածվելու համակարգը, ապա կառավարությունը նշում է, թե մինչև 2017 թ. պարտադիր բաղադրիչը կկիրառվի մոտ 50-60 հազար պետական աշխատողների վրա, որոնց համար այդ միջոցները փոխանցելու է պետությունը: Այս պնդմանն էլ ընդդիմադիրները հակադրում են իրենց պնդումը` եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի գործի, կրիտիկական զանգված չի հավաքվի, և կառավարությանը պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական հարցեր լուծի բարեփոխման անվան տակ:
Հիշենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նշել էր` այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշեց, թե նոր օրինագծով վարչապետի այդ հայտարարության իմաստը բացվեց. համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված», այլ պարտադիր և պարտադրված:
Այս ամենին հավելենք, որ չնայած թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էին, որ վտանգների դեպքում համապատասխան քայլերի կդիմեն, ընդհուպ մինչև բողոքի ակտիվ ակցիաների վերսկսում` ակտիվ պայքար, փողոցներում դեռ այդ բողոքի ակցիաները չեն երևում:
Այլընտրանքային բիզնես գաղափարը կփրկի՞ Աֆրիկյանների շենքը
Աֆրիկյանների շենքը կամաց-կամաց վերանում է Տերյան 11 հասցեից, մինչդեռ պայքարող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք ամեն օր նորանոր ակցիաներ են կազմակերպում՝ ներգրավելով մտավորականներին, հասարակական ակտիվ շերտերի ներկայացուցիչներին:
Սրան զուգահեռ` այս օրերին մամուլում շրջանառվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ժամանակ քննարկման է դրվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից:
Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսդրական նախաձեռնոթյան համար հիմք է ծառայել մի շարք ՀԿ-ների կողմից բարձրացած խնդիրը, ըստ որի` գործող օրենքը որոշակի հակասության մեջ է ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի հետ:
Գործող օրենքն ասում է, որ հուշարձանը կարող է տեղափոխվել բացառիկ դեպքերում՝ չմանրամասնելով, սակայն, այդ բացառիկ դեպքերը, որոնք իր հերթին սահմանում է կառավարությունը՝ որոշակի նյութական պահպանության կամ քաղաքաշինական նպատակների հետ պայմանավորված:
Նոր օրենքով նախատեսվում է խստացնել տեղափոխման կարգը՝ օրենքում ամրագրելով կոնվենցիայի այն դրույթը, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ վնաս է սպառնում դրա նյութական պահպանությանը կամ առկա է կորստի վտանգ, և ուրիշ ոչ մի դեպքում: Այսինքն` օրենքը համապատասխանեցնում են միջազգային կոնվենցիայի դրույթին:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը գրեթե մեկ տարի է՝ քննարկումների փուլում է. նախորդ տարվա նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել լսումներ, որին հրավիրված են եղել մասնակցելու նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից ստացված առաջարկների հիման վրա էլ կատարվել են լրամշակումներ:
Ինչ վերաբերում է օրենքի փոփոխության դեպքում դրա հետադարձ ուժի կիրառմանը, ապա պատգամավորը հիշեցնում է, որ օրենքը խստացնող է, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Փաստորեն, եթե անգամ օրենքը փոփոխվի ու խստացվի, դա, օրինակ, Աֆրիկյանների շենքի համար որևէ նշանակություն ունենալ չի կարող:
Պատգամավորը հիշեցնում է, որ Կոնվենցիան և միջազգային պայմանագրերը նույնպես հետադարձ ուժ չունեն:
Նշենք, որ Աֆրիկյանների ակումբը տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում է մտցվել դեռևս 2004 թ. կառավարության որոշմամբ: Դրանից չորս տարի հետո միայն՝ 2008 թվականին է Հայաստանը վավերացրել Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի հոդվածներից մեկն ուղղակիորեն արգելում է պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, եթե այն չի բխում կառույցի պահպանման անհրաժեշտությունից:
Արփինե Հովհաննիսյանը զերծ մնաց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ այդ գործի թղթային բազան իր ձեռքի տակ չէ, և հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու: Սակայն նշեց, որ ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված խնդիրը համարում է բավականին զգայուն՝ հատկապես մշակութային ժառանգություն ունեցող երկրների համար: «Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար կա կոնկրետ լուծում, նախ պետք է գնահատել դրա նպատակային հարցը: Բարդ է ասել՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեպքում պատճառն օբյեկտի՞վ է, արդարացվա՞ծ է, թե ոչ: Համենայնդեպս, այսօր իրավական տեսանկյունից բոլոր հիմքերը կան շենքը տեղափոխելոււ»,-նշեց պատգամավորը:
«Ուրբան Լաբ Երևան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ, Աֆրիկյանների շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստ Սարհատ Պետորսյանը հակադարձում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի այն պնդմանը, թե հասարակական կազմակերությունների շրջանում նախագծի քննարկման վերաբերյալ լայն իրազեկում է տեղի ունեցել: «Շահագրգիռ կողմը մեր կազմակերպությունն է, կոնվենցիայի խախտումը մենք ենք հայտնաբերել և դեռևս 2012 թվականին մեր կազմակերպությունն է հանդես եկել նման առաջարկով և դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, սակայն երբևիցե մենք չենք հրավիրվել նման քննարկման»,-ասաց նա:
Օրենքը կոնվենցիային համապատասխանեցնելը, ըստ Սարհատ Պետրոսյանի, մարդկանց աչքերին «թոզ փչելու» եղանակ է. «Իրենք կոնվենցիան խախտում են, հետո կոնվենցիայի տեքստը մտցնում են օրենքի մեջ, որ հետագայում ասեն՝ մենք այն ժամանակ օրենքում նման դրույթ չունեինք, հիմա ունենք: Սա ժուլիկություն է: Օրենքը խստացնելով՝ հարցը չի լուծվում, քանի որ կոնվենցիան արդեն իսկ այդ պահանջը դրել է, իսկ միջազգային կոնվենցիաները օրենքից ավելի ուժեղ են»:
Այժմ, երբ ի հեճուկս պայքարի բոլոր մեթոդների, Աֆրիկյանների շենքն այնուամենայնիվ, ապամոնտաժվում է, Սարհատ Պետրոսյանը Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանության և վերօգտագործման այլընտրանքային տարբերակ է առաջարկում, որն ուղղված է շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի սեփականատիրոջը: Նա համոզված է, որ եթե առաջարկն ընդունվի, ապա այն կարող է հիանալի բիզնես-գաղափար լինել՝ մեծ բիզնես շահույթով:
«Մենք առաջարկում ենք Աֆրիկյանների շենքը պահպանել իր տեղում՝ դարձնելով այն նախատեսվող կառույցի մաս և դրանով իսկ ավելացնելով նրա արժեքը որպես Հայաստանում նախադեպը չունեցող մի հյուրանոց»,-ասում է նա:
Ճարտարապետը հիշեցնում է, որ նման լուծումներ հաջողությամբ իրականացվել են աշխարհի բազմաթիվ պատմական հուշարձանների դեպքում: Եվրոպական երկրների օրինակներից զատ, նա ներկայացնում է հարևան Վրաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարիոտ» հուրանոցի շենքը, որը կառուցել է հայ մեծ բարերար Միքայել Արամյանցը:
«Այդ շենքը բացվել է 1915-ին, մինչդեռ Աֆրիկյանների շենքի ճակատին առկա է «1914» թվական նշումը։ Իսկ Բաքվում որևէ բարձրակարգ հյուրանոց պատմական շենքում չի գտնվում: Փաստորեն, եթե այս առաջարկն ընդունվի, Աֆրիկյանների շենքի վայրում կառուցվող հյուրանոցը Անդրկովկասում կդառնա ամենահինը՝ լուծելով ոչ միայն Աֆրիկյանների շենքի պահպանման և դրա հետ կապված հարակից խնդիրները, այլև կնպաստի սեփականատիրոջ հեղինակության բարձրացմանը և բիզնես շահույթի ավելացմանը»:
Մնում է, որ տարածքի սեփականատիրոջը գրավի հնամյա շենքի պահպանման այլըտրանքային բիզնես առաջարկի հմայքը:
Անի Գասպարյան
Մարտունիում առաջնորդվում են փողն է ծնում իրավունք կարգախոսով
Մարտունիում ազգաբնակչություն-փող հակամարտությունում կարծես թե հաղթող է դուրս գալիս երկրորդը:
Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Այժմ բնակիչները սպասում են Հանրային խորհրդի արձագանքին: ՀԽ նախագահը մարտունեցիների խնդիրը ներկայացնող նամակ է ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետի աշխատակազմից, սակայն, նամակին դեռևս չեն պատասխանել:
Մարտունու բնակիչները խոստացել էին, որ խնդրին դրական լուծում չտալու դեպքում կփակեն Երևան-Մարտունի մայրուղին` իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Սակայն այս ընթացքում ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև ակտիվիստներին առանձին-առանձին ՆԳՆ են հրավիրել, հետները «զրույց ունեցել» և անգամ հեռախոսահամար տվել, որ ճանապարհը փակելու դեպքում իրենց նախապես տեղեկացնեն, որպեսզի «կոորդինացնեն» աշխատանքները: Արդյունքում ամեն մեկը վախեցած իր գործին է անցել`պատճառաբանելով, թե «իբր երբ են ազատ ժամանակ ունենում, որ մի հատ էլ Սևանա լիճ գնան»: Մի քանի ակտիվիստներ են, որ դեռ շարունակում են պայքարը, այն էլ հարց է, թե դեռ ինչքան միայնակ կպայքարեն:
Դեռ մայիսին «Անկախը» գրել էր, որ Մարտունուց դեպի Սևան ազգային պարկ տանող ճանապարհը փակվել է բնակիչների համար: Քաղաքի և Սևան ազգային պարկի միջև ընկած է արտադրական տարածք, որը հիմա նոր սեփականատեր ունի: Նա արտադրական տարածքով անցնող ճանապարհն է փակել, իսկ արդեն հաջորդող գոտում էլ հողը գնած սեփականատերն է ճանապարհը փակել` մեծ ջրանցք փորելով: Սկզբում երկու սեփականատերերն էլ բնակիչներին կտրուկ մերժում էին: Աղմուկ բարձրանալուց հետո ամեն սեփականատեր բնակիչներին մյուսի մոտ է ուղղորդում: Բնակիչների պնդմամբ` արտադրական տարածքի սեփականատեր Արմեն Ղուկասյանը բազմիցս բանավոր ասել է, որ ինքը թույլ կտա` իր տարածքով բնակիչներն անցնեն, եթե կարողանան երկրորդ սեփականատիրոջ հետ լեզու գտնել և ջրանցքի վրայով ճանապարհ բացել: Քաղաքապետարանից էլ պնդում են, որ երկրորդ սեփականատերը` Հրաչիկ Կարապետյանը, բնակիչներին ճանապարհ կտա, եթե առաջինը թողնի իր տարածքով անցնել: Իրականում ոչ մեկն էլ մտադիր չէ ճանապարհ բացել, պարզապես բնակիչների աչքում իրավիճակի մեղավոր ուզում են մյուսին ցույց տալ:
«Անկախը» կապ հաստատեց Արմեն Ղուկասյանի հետ, որը հերքեց, թե երբևէ բնակիչներին խոստացել է ճանապարհ տալ իր տարածքով: «Որտեղով որ իրենք ցանկանում են ճանապարհ անցկացնել, իմ սեփական հողն է: Կարծում եմ` իմ հողի միջով ճանապարհ թողնելը տրամաբանական չէ»,- ասաց նա:
Մեր նկատառմանը, թե ըստ փաստաթղթերի` այդ հատվածով ճանապարհ է անցնում, Ղուկասյանը նշեց, որ ինքն էլ է օրենքից հասկանում ու առքուվաճառքի ժամանակ գլխավոր հատակագծով նայել է և համոզվել, որ տվյալ տարածքով ճանապարհ չի անցնում:
Այս պարագայում խոսքը 2005-ին կազմված գլխավոր հատակագծի մասին է, որտեղ իսկապես ճանապարհ չկա այդ հատվածում ու չէր էլ կարող լինել, քանի որ հենց համայնքապետարանն է վաճառել այդ հողերի մի մասը: Սակայն «Անկախը» ՀՀ ազգային արխիվից վերցրել է 1981-ի Մարտունու շրջկենտրոնի գլխավոր հատակագիծը, որտեղ ոչ միայն ներկայիս վիճելի տարածքով է ճանապարհ անցնում, այլև այլ ճանապարհներ էլ կան, որոնք հիմա փակվել են տարածքների սեփականատերերի ձեռքով:
Բնակիչների` տարածքային կառավարման նախարարություն ուղարկված նամակը հասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետարանին և նաև իրենց ուղարկված նույն նամակի հետ քննարկվել Մարտունու քաղաքապետարանի հետ:
Արդյունքում, մարզպետարանից բնակիչներին հետևյալ պատասխանն են տվել. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ ինչպես Մարտունի քաղաքատիպ ավանի 1982 թ., այնպես էլ Մարտունի քաղաքի 2005 թ. գլխավոր հատակագծերում Մարտունու նախկին արտադրական բազայի տարածքով դեպի «Սևան» ազգային պարկի տարածք ճանապարհ նախատեսված չի եղել, քանի որ արտադրական բազան մեկ ամբողջություն է»:
«Անկախը» կապ հաստատեց մարզպետարանի ներկայացուցիչների հետ պարզելու` ծանոթ են արդյոք արխիվում առկա փաստաթղթին և ինչու են վերոնշյալ պատասխանը տվել արխիվում առկա նման փաստաթղթի առկայության պարագայում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ իրականում այս հարցում մարզպետարանը որևէ իրավասություն չունի. մարդն ունի սեփականության վկայական, որը կարող է չեղյալ համարվել միայն դատարանի կողմից: «Մեր մասնագետները գնացել և ուսումնասիրել են. կադաստրի վկայականից դուրս ոչինչ արված չէ, խախտումներ չկան»,- ասում է Խլղաթյանը` հավելելով, որ ամեն դեպքում մարդկայնորեն ճիշտ կլիներ բնակիչներին ճանապարհից չզրկելը:
Իսկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ տվյալ տարածքով մինչև արտադրական գոտու կառուցումը ճանապարհ եղել է, իսկ կառուցումից հետո էլ մարդիկ տասնամյակներ շարունակ սովորության ուժով անցել-դարձել են այդ ճանապարհով: «Հիմնարկի միջով ճանապարհ չի կարող լինել, ուղղակի հին ճանապարհն է մնացել, մարդկանց թողել են անցուդարձ անել»,- ասում է նա:
Հովհաննիսյանն ասում է, որ ինքը 1982 թ. գլխավոր հատակագծի հեղինակներից մեկն է, և առնվազն այդ ժամանակից սկսած` հատակագծում վիճելի տարածքով ճանապարհ չի անցնում: Խոսելով արխիվից վերցրած փաստաթղթի մասին` ասում է, որ նման բան չի կարող լինել:
Իսկ Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանն «Անկախի» հետ զրույցում ասաց, որ խնդրում առաջընթաց չկա: Նրա խոսքով` բնակիչների մուտքն ազգային պարկ որևէ մեկը չի փակել, նրանք կարող են մեքենաների համար թողնված ճանապարհով ազգային պարկ մտնել և լիճ հասնել (նշենք, որ մեքենայի համար նախատեսված երկու ճանապարհներն էլ բավականին հեռու են Մարտունու 5-րդ և 6-րդ թաղամասերից, և բնակիչները սովորականից բազմակի երկար ճանապարհ պետք է անցնեն լիճ հասնելու համար):
Կարապետյանի խոսքով` քաղաքապետարանը, չխախտելով մարդկանց սեփականության իրավունքը, փորձում է արտադրական տարածքի հետևով ոտքի ճանապարհ` նեղ արահետ բացել, որտեղով մարդիկ կկարողանան ազգային պարկ մտնել և Սևանա լիճ հասնել: Ժամկետ նշելու բազմաթիվ պնդումներից հետո Կարապետյանն ասաց, որ մեկ ամսից ճանապարհը բաց կլինի: Իսկ թե որքանով է ասվածը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ընդամենը 30 օրից:
Հսկաների բախում Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ֆուտբոլասերներ:
Բրազիլիայում տոն է, և ասես աշխարհն էլ անմիջականորեն մասնակից է այդ խանդավառությանը, և երկրորդական պլան է մղվել մնացած ամեն ինչ:
Խաղադաշտերում հսկաների բախում է, և ոչ մի իրադարձություն անկանխատեսելի չի համարվում: Առաջնությանն արդեն հրաժեշտ են տվել Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հեղինակավոր, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հավաքականները, սակայն կատարվածը զարմանալի չէ: Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին 1/8 եզրափակչի Շվեյցարիայի հավաքականի հանդիպումից առաջ առանց թաքցնելու հրապարակավ հայտարարել էր, որ անակնկալ չի համարի, եթե իրենց թիմը զիջի մրցակցին, քանի որ աշխարհի առաջնությունում արժանավոր հավաքականները շատ են: Եվ անգամ կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի ընտրանին, որին համարում են հաղթողի հիմնական հավակնորդ, քիչ էր մնում զրկվի պայքարը
շարունակելու իրավունքից, բայց հաջողությունն այդ թիմի խաղացողներին ուղեկից էր: Իսկ բախտը ժպտում է միայն ուժեղներին:
Այսպիսով, հուլիսի 4-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ: Ֆորտալեզայում կմրցեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքանները: Ինչպես ասում են` տանը պատերն էլ են օգնում: Այնպես որ բրազիլացիները կփորձեն հաղթահարել նաև հերթական արգելքը: Ինչ վերաբերում կոլումբիացիներին, ապա ախորժակն ուտելիս է բացվում: Այդ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը:
Ռիո դե Ժանեյրոյում կմրցեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Երկու թիմերի խաղն էլ, եթե ստացվում է, ապա անկասելի է: Այնպես որ դժվար է ասել, թե այդ հավաքականներից որը դուրս կգա կիսաեզրափակիչ:
Հուլիսի 5-ին նույնպես Ռիո դե ժանեյրոյում կմրցեն տպավորիչ խաղ ցուցադրող Հոլանդիայի հավաքականը և այս առաջնության հայտնություն Կոստա Ռիկայի ընտրանին: Վերջինիս ֆուտբոլիստներին կհաջողվի նոր անակնկալ մատուցել, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Բրազիլիա քաղաքի մազադաշտում էլ հարաբերությունները կորոշեն Բելգիայի և Արգենտինայի ընտրանիները: Դարձյալ դժվար է կողմերից որևէ մեկին նախապատվություն տալ:
Այնպես որ աշխարհի առաջնությունում դեռ բավականին հարցականներ կան:
Հավելենք, որ հունիսի 4-ի երկու խաղերի հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ, իսկ հուլիսի 5-ի խաղերի հաղթողները կհանդիպեն միմյանց:
Էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով` սպառողական շուկայում սպասվում է հիպերգնաճ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:
Էլեկտրաէներգիան 1 տարում թանկացավ շուրջ 40%-ով
Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37%-ով: Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև` անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները:
Հանձնաժողովն այդպես որոշեց սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: Թերթերից մեկն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Փաստորեն, իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ:
Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին. Ըստ հիմնավորումների` ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Փաստորեն սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր` մի քանի տասնյակ միլիոն դոլար: ՀԷՑ-ի ֆինանսական ծանր վիճակի մասին խոստովանել է հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը: Ապրիլի 16-ին ՀԾԿՀ նիստին նա հայտնել է, որ թանկ էլէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս: Դրանից առաջ էլ ՀԷՑ-ը կուտակած պարտքեր ուներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» էլ օրերս հրապարակեց 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը` Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամի վնաս:
«Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած` ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլէներգիայի սակագինը:
Գինը, որ պետք է վճարեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
Մինչ այդ` հունիսի 23-ին, մի շարք մտահոգ քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույցեր անցկացնել ՀԾԿՀ-ի շենքի առջև, որը բռնի ուժով ճնշվեց ոստիկանության կողմից: Իսկ հունիսի 24-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հայտարարություն տարածեցին, որում, մասնավորապես, նշում էին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է 40%-ով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները համոզիչ չեն և անընդունելի են: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները` մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը: 4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ` բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք. 1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: 2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ: 3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:
Հուլիսի 1-ին` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշում կայացնելուց առաջ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարճ ելույթ ունեցավ և անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հանրությունը մի բանի դեմ է, պետք է կանգ առնել, ասաց, որ յուրաքանչյուրը, առավել ևս` պետական պաշտոնյան պետք է իր գործը լավագույնս կատարի: Նազարյանը խնդրեց բոլոր հարցերն ու մեղադրանքներն իրենց չուղղել, քանի որ դրա համար կան պատկան մարմիններ:
«Իհարկե, աղքատություն կա, սոցիալական բեռ է ավելացնում այս թանկացումը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման կարող է հանգեցնել, բայց այս հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին: Ես առանց սպառնալու զգուշացնում եմ, որ եթե ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, կայունությունը կարող է խարխլվել: Այն ժամանակ ավելի շատ կտուժեք, քան սոցիալական բեռն է, որ առաջանալու է»,- ասաց Նազարյանը ու հավելեց, որ մեծ սիրով այս նիստը չէր հրավիրի, բայց ավելին անել չի կարող:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա արժե նշել, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը ոչ թե կարող է հանգեցնել թանկացման, ինչպես նշում էր Ռոբերտ Նազարյանը, այլ հաստատ հանգեցնելու է: Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրական գործընթացի կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Բերենք մի քանի օրինակներ: 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ այս վիճակագրական տվյալները ներկայացնելիս ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն՚ 8,5% գնաճից 2,5%-ը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ընդ որում, շեշտենք, եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` հացը, որը թխվում է էլեկտրական վառարանում, թանկանա այդ թվին համարժեք: Որովհետև, նախ թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` նույն փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի գոնե ջուրը պոմպերով մղելու առումով, և այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները դոմինոյի էֆեկտով հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի` ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:
Ու եթե հաշվի առնենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների ամսական ծախսերի մոտ 60-80%-ը կազմում են հենց սպառողական ծախսերը, ապա պարզ է, թե ինչ սոցիալական բեռի է վերածվելու այս թանկացումը ու էլ ավելի խորացնելու հասարակության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:
Բարձր գնահատականները նվազել են, իսկ բուհերում անցողիկ շեմը…
Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:
Սակայն գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարվա քննությունները հիմնականում միտում են ունեցել հնարավորինս նվազեցնելու բարձր գնահատականները և դիմորդների հիմնական մասին կենտրոնացնելու միջին գնահատականների տիրույթում: Այսպես, այս տարի բոլոր 10 առարկաներից միասին արձանագրվել է 585 ամենաբարձր` 20 միավոր, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 896 էր` 311-ով ավելի:
Ամենամարդաշատ քննության` հայոց լեզվի և գրականության միջին գնահատականն այս տարի 13,24 է` նախորդ տարվանից 0,1 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 9,5 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 0,5 տոկոսով բարձր է: Դիմորդների գերակշիռ մասը` 40,79 տոկոսը, վաստակել են նվազագույն դրական միավորներ` մինչև 13,25: Հայոց լեզու և գրականությունից այս տարի աճել է նաև 20 միավոր ստացողների թիվը` 124 նախորդ տարվա 80-ի փոխարեն: Ի դեպ, սա սակավաթիվ առարկաներից է, երբ բարձր գնահատականների աճ է նկատվել:
Չնայած ցուցանիշներին` հայոց լեզվի և գրականության թեստերից որոշ դժգոհություններ կան: Երևանի Մովսես Խորենացու անվան դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն ասում է, որ շտեմարաններն անհրաժեշտ են, բայց ոչ հարցերի ներկայիս կառուցվածքով: Նրա կարծիքով` ներկայիս թեստերի պարագայում խելքը մղվում է երկրորդ պլան և առավել կարևորվում է մեխանիկական հիշողությունը: Ասում է, որ հատկապես պետք է փոխվեն կարճ պատասխան ենթադրող հարցերը և պնդումների փունջը:
«Երեխան բանաստեղծությունը կարող է շատ լավ անգիր իմանալ, բայց երբ պետք է ընդամենը թվերի հերթականություն շարի, կարող է վրիպել կամ հուզմունքից մի թիվ սխալ նշել: Դա չի նշանակում, որ նա տվյալ բանաստեղծությունը չգիտի, բայց միավոր այլևս չի ստանա»,- ասում է նա: Խոսելով պնդումների փունջ կոչվող առաջադրանքների մասին` Սարգսյանն ասում է, որ հարցերն ապակողմնորոշող են, ուստի երեխան ձգտում է պատասխաններն անգիր անել սխալներից խուսափելու համար, ոչ թե հասկանալով սովորել:
Դիմորդների երկրորդ քննությունը մաթեմատիկան է: Այս առակայի միջին գնահատականը 11,95 է` նախորդ տարվանից 0,02 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 11,55 տոկոսը (անցած տարի` 17 տոկոսը): 32-ով նվազել է նաև մաթեմատիկայից 20 միավոր ստացողների թիվը` 69 դիմորդ:
Նախկինում մաթեմատիկայից հիմնական դժգոհությունն այն էր, որ ժամանակը չի բավարարում, մեկ խնդիրը լուծելու համար դիմորդին տրված է ընդամենը 2-2,5 րոպե: Դժգոհություն կա նաև այսօր: Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ սահմանված 3 ժամում անգամ լավ պարապած դիմորդները դժվարությամբ են հասցնում ողջ թեստը լուծել, ուստի ցանկալի է քննությանը հատկացված ժամանակահատվածը 30 րոպեով երկարացնել:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաբարձր գնահատականներն արձանագրվել են օտար լեզուներից: Այս տարի 20 միավոր է ստացել 231 դիմորդ` 201-ը անգլերենից, 17-ը ֆրանսերենից, 13-ը գերմաներենից: Անցած տարի օտար լեզուներից արձանագրվել էր ընդհանուր 372 առավելագույն` 20 միավոր: Անգլերենի միջին գնահատականը 14,01 է, ֆրանսերենինը` 15,84, գերմաներենինը` 14,15: Անգլերենից անբավարար է ստացել դիմորդների 8,6 տոկոսը, ֆրանսերենից` 4,46, գերմաներենից` 7,78 տոկոսը:
Ռուսերենի միջին գնահատականը 10,75 է` նախորդ տարվա ցուցանիշից 0,33 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 22,99 տոկոսը (նախորդ տարի 15 տոկոսն էր կտրվել): 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ 2012-ի երկու դիմորդի փոխարեն:
Ռուսերենը երկրորդ տեղում է թ՛ե կտրվողների թվով, թե՛ ցածր միջին գնահատականով:
Հայոց պատմությունից միջին գնահատականը 13,43 է` նախորդ տարվանից 0,10 միավորով ցածր: 11-ով նվազել է նաև 20 միավոր ստացողների թիվը` ընդամենը 38 դիմորդ նախորդ տարվա 49-ի փոխարեն: Անբավարար է ստացել դիմորդների 11,74 տոկոսը:
Ընդհանուր պատմությունից միջին գնահատականը 12,57 է: Անբավարար է ստացել դիմորդների 10,53 տոկոսը, 20 է ստացել մեկ դիմորդ: Նախորդ տարի ընդհանուր պատմության միջին գնահատականը 11,5 էր` այս տարվա ցուցանիշից 1,07 միավորով բարձր: Նախորդ տարի ևս այս առարկայից միայն մեկ դիմորդ էր 20 միավոր ստացել, իսկ անբավարարների թիվն այս տարվա համեմատ մեծ էր` 20 տոկոս: Ընդհանուր պատմությունն առաջատարն է արձանագրված ամենացածր միջին գնահատականով:
Նշենք, որ ընդհանուր պատմությունն այն սակավաթիվ առարկաներից է, որ շտեմարան չունի: ԳԹԿ ներկայացուցչի խոսքով` ընդհանուր պատմությունից և մի քանի օտար լեզուներից դիմորդները քիչ են, հետևաբար, բիզնեսի տեսանկյունից շտեմարան հրատարակելը շահավետ չէ: Իսկ, ինչպես հայտնի է, շտեմարանները հրատարակում են առանձին հրատարակչություններ` ինքնածախսածածկման և նաև շահույթի ակնկալիքով:
Քիմիայի միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել դիմորդների 15,17 տոկոսը: Քիմիայից 20 միավոր է ստացել 40 դիմորդ: Նախորդ տարի քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 միավոր:
Ֆիզիկայի միջին գնահատականը 11,78 է: Անբավարար է ստացել դիմորդների 21,77 տոկոսը: 20 միավոր է ստացել 49 դիմորդ: 2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ:
Կենսաբանության միջին գնահատականն է 11,17: Կենսաբանությունից անբավարար է ստացել դիմորդների 25 տոկոսը, առավելագույն` 20 միավոր այս տարի վաստակել է 27 դիմորդ: Նախորդ տարի` 2013-ին, կենսաբանության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 3,33 միավորով բարձր: Նախորդ տարի կտրվողների թիվը ևս քիչ էր` ընդամենը 12 տոկոս, իսկ առավելագույն 20 միավոր էր ստացել 182 դիմորդ:
Նշենք, որ նախորդ տարվա աննախադեպ բարձր գնահատականները կենսաբանությունից մրցութային անհավասար պայմաններ էին ստեղծել դիմորդների համար: Այս տարի կենսաբանության թեստերում ներառվել են կարճ պատասխաններ ենթադրող առաջադրանքներ, ինչպես նաև ավելացել է շտեմարանում առկա առաջադրանքների թիվը: Շատ մասնագետների ու դիմորդների կարծիքով` շտեմարանի նոր հրատարակված հատորում հարցերն արհեստականորեն բարդացված էին և խճճող: Փաստորեն, այս տարի կտրվողների թվով առաջատարը կենսաբանությունն է:
Աշխարհագրության միջին գնահատականը 13,34 է: Աշխարհագրությունից անբավարար է ստացել դիմորդների 9,74 տոկոսը, 20 միավոր է ստացել 5 դիմորդ: Անցած տարի աշխարհագրության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 1,16 միավորով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 6 տոկոսը, իսկ 20 միավոր էր ստացել 12 դիմորդ:
Իսկ թե ինչպիսին կլինեն այս տարվա մրցույթը և անցողիկ շեմը, պարզ կդառնա հուլիսի 16-ին, երբ կհրապարակվեն բուհ ընդունվածների անունները:
Կորյակ, ծակոտիներ, յուղոտ մաշկ. հավերժական պրոբլեմների լուծումները
Ընթերցողների հարցերին պատասխանում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը
Յուղոտ մաշկ
«Թեթևակի արևահարվեք, սննդի մեջ սահմանափակեք թթուն, կծուն, յուղոտ և ալյուրով պատրաստված կերակուրը: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով ու օճառով, ապա մաքրեք 20% սպիրտ պարունակող լոսյոնով, վերջում էլ կիսայուղոտ քսուքով մերսեք»:
Կոսմետոլոգն առաջարկում է նաև դիմակներ յուղոտ մաշկի
համար.
«Մեկ ձվի սպիտակուցը հարեք, ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո լվացվեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Կամ մեկ ձվի դեղնուցն ու մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար, ավելացրեք մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթ և կես բաճակ հերկուլես, ապա քսեք մաշկին: 15-20 րոպե թողնելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա սառը ջրով շփեք: Սառը ջրով շփումը պարտադիր է, որովհետև, որպես կանոն, յուղոտ մաշկը նաև լայն ծակոտիներ է ունենում, իսկ սառը շփումները նպաստում են, որպեսզի ծակոտիները նեղանան»:

Սև կորյակներ ու ծակոտիներ
Յուղոտ մաշկն ու սև կորյակները գրեթե միշտ անբաժան են: Սև կորյակները յուղոտ մաշկի հետևանք են, սակայն դրանք կարող են առաջանալ նաև կոսմետիկ միջոցների` կարմրաներկի (ռումյանա), դեկորատիվ քսուքների օգտագործման հետևանքով:
«Մեր կանայք սովորություն ունեն դեմքի սև կորյակները հեռացնել եղունգներով` հաճախ ուշադրություն չդարձնելով դրանց մաքրությանը,-ասում է կոսմետոլոգը,- հետևանքը լինում է այն, որ նրանք ոչ միայն չեն հեռացնում կորյակները, այլև գրգռում ու բորբոքում են մաշկը»:
Սև կորյակների դեմ պայքարի վերաբերյալ կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը խորհուրդ է տալիս.
«Ամսական գոնե մեկ անգամ կատարեք դեմքի մաքրում: Դեմքի ճիշտ մաքրումը կատարվում է հետևյալ կերպ. սկզբում մաշկը գոլորշիով կամ տաք թրջոցներով լավ փափկեցնում են, որպեսզի ծակոտիները լայնանան, ապա մեջտեղում կտրվածք ունեցող հատուկ գդալիկով հեռացնում են սև կորյակները»:
Կոսմետոլոգն ասում է, որ ծակոտիների առաջացումը կանխելու համար օգտակար են սպիրտային լուծույթով, շպարահան լոսյոնները:
Իսկ ինչի՞ց է առաջանում ծակոտիների լայնացումը:
«Ցանկացած տաք պրոցեդուրայի ոչ ճիշտ կիրառումը հանգեցնում է ճարպագեղձերի ծորանների լայնացմանը: Չափից ավելի տաք թրջոցները, շոգեբաղնիքները, արևի տակ երկարատև մնալը, ինչպես նաև սև կորյակների հաճախակի հեռացումը կարող են դառնալ ծակոտիների լայնացման պատճառ: Լայն ծակոտիները կարող են լինել նաև ժառանգական երևույթ»:
Լայն ծակոտիների դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս չչարաշահել դիմափոշին ու յուղոտ քսուքները:
«Եթե ալերգիկ չեք, ապա օգտակար է կիտրոնի հյութով լոսյոնների, դիմակների և քսուքների օգտագործումը: Աշխատեք նաև զերծ մնալ սնդիկ և բիսմուտ պարունակող քսուքներից»:
Լոսյոն և տոնիկ. դրանց տարբերությունն ու առանձնահատկությունները
«Լոսյոնն ու տոնիկը մաշկի խնամքի համար նախատեսված հիգիենիկ-կոսմետիկ միջոցներ են: Տարբերությունն այն է, որ լոսյոնը նախատեսված է շպարը, մաշկի մակերեսին կուտակված կեղտը մաքրելու համար, իսկ տոնիկն ունի մաշկը կարգավորող, մաշկի տոնուսը բարձրացնող հատկություն: Ընդհանրապես, ճիշտ է մաշկը լոսյոնով մաքրելուց հետո մաքրել նաև տոնիկով»:
«Հաճախ կանայք իրենց մաշկը սովորեցնում են որևէ կոսմետիկ միջոցի և երկար ժամանակ օգտագործում են այն: Սակայն հարկավոր է ժամանակ առ ժամանակ վերանայել տվյալ կոսմետիկ միջոցի ազդեցությունը մաշկի վրա, քանի որ մաշկը կարող է փոփոխվել, ինչի դեպքում կոսմետիկան նույն ազդեցությունը չի ունենա մաշկի վրա, ինչ ուներ առաջ: Ուստի, կանանց խորհուրդ եմ տալիս նախքան մաշկի խնամքի համար որևէ կոսմետիկ միջոց ընտրելը խորհրդակցել կոսմետոլոգի հետ»:
Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս խնամքի կոսմետիկ միջոցներ ընտրելիս անպայման հաշվի առնել մաշկի առանձնահատկությունները:
«ԳԱՅԹԱԿՂԻՉ» ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆՈՒՄ. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻՑ
Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կազմակերպում և, ի վերջո, գնահատական տալիս սեփական կյանքին: Ոմանց համար կյանքը հրաշալի հեքիաթ է, ոմանց համար էլ՝ անվերջանալի հիասթափության ու հուսահատության օրեր…
Կյանքի քարտեզը մենք ինքներս ենք գծում: Պատահական չէ, որ դպրոցական տարիներին դեռահասն արդեն իսկ հաստատում է իր ձգտումը. կրթություն, թե՞, այսպես ասած, շրջապատ, թաղային հեղինակություններ…
«Անկախն» այս անգամ որոշել է անդրադառնալ ինքնակործանման թեմային. մեր թիրախում մարդիկ են, որոնք իրենք իրենց ձեռքով խլում են սեփական կյանքը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ էլ դրանց ապօրինի իրացնելու դեպքերի առիթներով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերը շատ են:
Վարույթներից մեկի «հերոսները» մտերիմ ընկերներ են` Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն: Արման Դ.-ին առաջադրված մեղադրանքը ապօրինի թմրամիջոց իրացնելու համար է (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշներ): Նախաքննությունն իրականացնող մարմինը պարզել է, որ նա իր վեղեմի ընկերոջ Կարեն Ս.-ի, այսպես ասած, թմրամատակարարն է:
Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն, իրենց պատմելով, արդեն մոտ 30 տարվա ընկերներ են, դպրոցական ընկերներ, մանկուց են իրար ճանաչում: Տարիների ընթացքում ընկերների հետաքրքրության շրջանակը նեղանում է, ու նախկին երիտասարդները մի ընդհանուր հետաքրքրություն են «գտնում»՝ թմրամիջոց, հաճախ համախմբվելով, ուս ուսի տված` վայելում են կյանքի «դրական» պահերը:
«ԽՈՊԱՆՈՒՄ»
Արման Դ.-ն և Կարեն Ս.-ն ամուսնացած են, երեխաներ ունեն: Արման Դ.-ն իր ընկերոջն առաջարկում է միասին մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Հայաստանում երկուսն էլ տաքսի ծառայություններից մեկում որպես վարորդ էին աշխատում, բայց ստացված գումարը չէր բավարարում:
Երկու ընկերները բռնում են ժամանակավոր արտագաղթի ճամփան և ուղևորվում Ռուսաստան: Այնտեղ նրանց իսկապես աշխատանք էր սպասում, որովհետև երկուսն էլ աշխատող, սետեղծող տղաներ էին:
Նախաքննական մարմնին տված ցուցմունքների ժամանակ թե՛ Արման Դ.-ն, թե՛ Կարեն Ս.-ն միաբերան հայտնում են, որ իրենք թմրամոլներ չեն, թմրամիջոցներ են օգտագործել միայն արտերկրում՝ արտագնա աշխատանքի ժամանակ: Երկուսն էլ տալիս են իրենց «նոր» ընկերոջ անունը, որ շուտով պարզվում է՝ դատապարտվել է հենց թմրամիջոցներ օգտագործելու ու իրացնելու համար:
Սա դեռ մտերիմ ընկերների ռուսաստանյան կյանքն էր…
ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Ընկերներն իրարից նեղացած են գալիս Երևան, բայց վերադառնալուց հետո էլ կապը վերջնականապես չեն խզում: Ու քանի որ Արման Դ.-ի հնարավորությունները մեծ էին թմրամիջոցներ ձեռք բերելու, հայթայթելու գործում, իրար կապող օղակը՝ թմրամիջոցը, էլ ավելի հաճախադեպ դարձրեց նրանց հանդիպումները:
Հենց որ Կարեն Ս.-ն թմրամիջոցի կարիք էր զգում, անմիջապես դիմում էր մանկության ընկերոջը: Նախ՝ Արմանը մանկության ընկերոջն ինչպե՞ս կարող էր «չաջակցել», չէ՞ որ տասը տարի նույն դասարանում են սովորել, տասնամյակներ շարունակ իրար օգնելով ապրել են: Նախաքննական մարմնի տեղեկություններով՝ ընկերները որոշել, համաձայնեցրել էին գինն ու քանակը: Որից հետո Արմանը սկսում է գործի դնել իր բոլոր կապերը: Այս ժամանակահատվածում նա հասցնում է ընկերանալ շատերի հետ, որոնք նույն հետաքրքրություններն ունեցող քաղաքացիներ են:
ԱՐՄԱՆ Դ.-ի ԲԻԶՆԵՍԸ
Մի որոշ ժամանակ անց, Արմանը որոշում է վերադառնալ հին կյանքին՝ ընտանիք, աշխատել ու սեփական քրտինքով վաստակածը տուն տանել: Մտածում է հին «գործին» անցնելու մասին, բայց երդվում է այլևս թմրամիջոց չօգտագործել, միայն վաճառել: Գնորդները շատ էին, բայց ընկերոջ համար սահմանված գին ուներ, որից չէր անցնում:
Պայմանավորվել էր տաքսի ծառայություններից մեկի վարորդի հետ ու շատ դեպքերում հենց նրա միջոցով էր իրականացնում «ընդունում- հանձնումը»:
Մի անգամ որոշում է ինքնուրույն իրականացնել վաճառքը և անծանոթ տաքսի նստելով՝ ճամփա է ընկնում: Վարորդի հետ երկար-բարակ խոսում է, հետո հասկանում, որ նույն նախասիրություններն ունեն: Ավտոմեքենան կայանում են երևանամերձ ամայի տարածքում ու տաքսու ուղևորը՝ Արմանը, թմրանյութ է հյուրասիրում վարորդին: Միասին «հաճույք» են ստանում, ու միասին էլ շարունակում ճանապարհը:
Մարզերից մեկի հրապարակի մոտ Արմանն իրացնում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Այս անգամ չափն անցել էր ու որոշել էր մեծ քանակություն իրացնել: Տաքսու վարորդին խնդրում է շարունակել ճանապարհը, քանի որ ապրանքին շատերն էին սպասում:
Այդ օրը Արմանը տասից ավելի «գնորդների» հետ հանդիպեց ու մի կլորիկ գումար վաստակեց: Հետ էին վերադառնում Երևան, բայց չհասցրին… Չգիտեր, որ օպերատիվ-հետախուզություն իրականացնող անձինք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին անցկացրել: Չգիտեր նաև, որ իր հաջորդ հանդիպումը լինելու է ոստիկանության օպերլիազորների հետ:
Նախաքննական մարմնին Արմանը պատմում է ամեն ինչ՝ բոլոր մանրամասներով, բայց իր հաճախորդներին չի «ծախում», ասում է՝ ես եմ պատրաստում, ինքս ինձ համար:
Ոստիկանության բաժին բերման ենթարկելիս օպերատիվ հետախուզությունն իրականացրած աշխատողները Արմանի մոտ հայտնաբերում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 7.5 հազար ԱՄՆ դոլոր:
Ոստիկանների հարցերին Արմանը մանրամասն էր պատասխանում, անգամ կարողացավ հեշտությամբ պատասխանել այն հարցին, թե որտեղից իրեն խոշոր չափերի գումարը. «Որոշել եմ ավտոմեքենա գնել»:
Արմանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` խոշոր չափերով):
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը փոխանցել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՄԱՀԱՑՈՒ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ
Վերջերս ավարտվեց մեկ այլ քրեական գործի նախաքննություն: Գործով անցնողը այս անգամ մարզերից մեկի բնակիչ Համազասպ Ք.-ն էր: Նա նախկինում մի քանի անգամ պատիժ կրել է քրեակատարողական տարբեր հիմնարկներում՝ առանձնապես խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու և դրանք ապօրինի իրացնելու համար:
Նախաքննական մարմինը օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզում է, որ Համազասպ Ք.-ի նախասիրությունը «կոդեին» կոչվող մահացու թմրատեսակն է: Այն ստանում են բենզինի և այլ նյութերի խառնուրդից:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ «կոդեին» տեսակի թմրամիջոցը նույնիսկ մեկ անգամ օգտագործած մարդուն սպառնում է առողջության ծանր քայքայում:
Համազասպ Ք.-ն իրեն ալքիմիկոս է համարում ու որոշում է վնասաբեր նյութերը պատրաստել ինքնուրույն՝ փչացնելով թե՛ իր, թե՛ իր «հաճախորդների» առողջությունը:
Համազասպի լաբորատորիան Հայաստանի գյուղերից մեկում էր, որտեղ վերջին տարիներին և՛ ապրում էր, և՛ «աշխատում»: Ամուրի էր, ապրում էր մենակ ու բարեկամ, հարազատ չուներ: Սիրտը երբ ուզում էր, ինքնուրույն պատրաստում էր ու սիրով հյուրասիրում, ինքն էլ օգտագործում էր: Քրեական հետախույզներին էլ սիրով ընդունեց իր դռնբաց տանը: Նախաքննական մարմնին հայտնել էր, թե թմրատեսակի այս ձևը ժառանգել է ավագ ընկերոջից, որը, ցավոք, երկար չկարողացավ ապրել:
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ
Ցավալի են հատկապես այն դեպքերը, երբ թմրամիջոցների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները 16 տարին չլրացած անձինք են: Ոստիկանության 3-րդ վարչության աշխատակիցերի ուշադրության կենտրոնում հենց անչափահասներն են:
Դեպքը, որ ներկայացնում ենք, տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում:
7-րդ դասարանում սովորող Բաբկեն Դ.-ն դեռ մանկության տարիներից հետաքրքիր զբաղմունք էր գտնել. դաշտերից «բամբուկ» էր քաղում, հավաքում, երբեմն էլ ծխում էր: Ծնողները գիտեին, բայց դրա մեջ վտանգավոր բան չէին տեսնում:
Բաբկեն Դ.-ի դասընկերը՝ Նարեկ Պ.-ն, մի անգամ խոտի տրցակը ձեռքին՝ մոտենում է Բաբկենին ու առաջարկում միասին «փորձել»: Բաբկենի համար մեկը դառնում է մի քանի:
Ոստիկանության մարզային ստորաբաժանման աշխատակիցներն անչափահասներին թմրանյութն օգտագործելիս անձամբ են տեսնում և նրանց բերման են ենթարկում բաժին: Երեխաները խոստովանական ցուցմունքներ են տալիս: Իսկ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Ներքին և արտաքին սայթաքումների պատճառով Թուրքիայի աջակցությունը նվազում է Կոնգրեսում
Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:
Այս անկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց օրինագծի ընդունումը կանխելու համար:
Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ, էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:
Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:
Ավանդական դաշնակիցների ամեն տեսակ աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը` իրականացնելու թուրքական ստանդարտ մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ.
1. Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը.
2. Եթե առաջին քայլը չի հաջողվում` փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար.
3. Նույնիսկ նախաձեռնությունը թուլացնելուց հետո, ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:
Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքել օրինագիծը ձախողելու համար: Միակ բանը, որ մնում էր անելու Անկարային` Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որպեսզի նրանք փոփոխություններ առաջարկեին օրինագիծը թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր չափով արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը, փորձեց համախոհության հասնել այս օրինագծի վերաբերյալ՝ փորձելով ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպես կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները, տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին…
Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրում է վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման մասին: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից»), որպեսզի տեսնել Էրդողանի հասցրած վնասի չափը իր երկրի վարկին:
Բացի ազդեցության կորստից, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վատնում, վճարելով հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության, անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չունեն: Ե ՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները` իզուր փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ չնայած վարչապետ Էրդողանի աղետալի քաղաքականությանը երկրի ներսում և դրսում, սպասվում է, որ նա կընտրվի նախագահ այս տարվա օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ ուրախ կլինեն տեսնել Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հելիկոբակտեր պիրոլի. խոցի առաջացման հիմնական պատճառը
Հելիկոբակտեր պիրոլին (Helicobacter Pilori) պարույրանման միկրոօրգանիզմ է, որը «բնակություն» է հաստատում ստամոքսում, տասներկումատնյա աղիքում ու բազում վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ (գաստրիտ, խոց, էրոզիա, պոլիպ, հեպատիտ ևն):
Ի՞նչ է հելիկոբակտեր պիրոլին
Բժկական վիճակագրության համաձայն` այդ մանրէով է վարակված ողջ մարդկության 60%-ը: Այն հերպեսից հետո ամենատարածված մանրէն է համարվում: Վարակումն այդ մանրէով տեղի է ունենում աղտոտված ջրի կամ սննդի միջոցով, ինչպես նաև վարակված մարդու հետ շփման ճանապարհով, հազի ու փռշտոցի ժամանակ թքի կամ խորխի միջոցով:
Այս մանրէով վարակումն այնքան հեշտ է կատարվում, որ հելիկոբակտերիոզն անգամ համարվում է ընտանեկան հիվանդություն, քանի որ ընտանիքի մի անդամի վարակման դեպքում հաճախ հիվանդանում են նաև մյուսները: Ընդ որում, վարակված մարդը երկար ժամանակ գլխի չի ընկնում դրա մասին, ու ոչ մի հիվանդագին դրսևորում կարող է չունենալ:
Ինչպես և կաթնախտի, սպիտակաթորանքի, սնկային հիվանդությունների կամ վարակիչ մի շարք հիվանդությունների ժամանակ է լինում, հելիկոբակտերի ակտիվացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմի պաշտպանական ուժերը թուլանում են, և այլևս չեն կարողանում պայքարել ախտածին մանրէների դեմ:
Երբ թուլանում է իմունիտետը, (ուժեղ սթրեսների, մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների, տրավմաների, թունավորումների, հորմոնալ խանգարումների ժամանակ) օրգանիզմում նիրհող ու երկար ժամանակ իր մասին «լուր չտված» մանրէներն արթնանում են ու սկսում ավերիչ գործունեությունը: Ընդ որում, մարդը հաճախ չի հասկանում, թե ինչ է կատարվում ու անարդյունավետ բուժվում է տարբեր ենթադրյալ հիվանդությունների դեմ:
Ինչպես պարզվել է, հելիկոբակտերը խիստ կենսունակ է ու անգամ կարող է «հաջողությամբ» ապրել ստամոքսի թթվային միջավայրում, ինչն առաջներում համարվում էր անհնար, քանի որ, ինչպես հայտնի է, մանրէների մեծ մասը բարձր թթվայնության պայմաններում ոչնչանում է:
Իսկ նոր բացահայտումը իսկական հեղաշրջում էր բժշկության մեջ, դրա հեղինակները 2005-ին արժանացան Նոբելյան մրցանակի:
Ինչպե՞ս է կատարվում վարակումը
Օրգանիզմում հայտնվելով, հելիկոբակտերն իջնում է իր սիրած վայրը` ստամոքս ու հաստատվում այնտեղ: Ու որպեսզի ստամոքսահյութը չվնասի իրեն, այդ «խելացի» մանրէն իրեն շրջապատում է ֆերմենտներից կազմված պաշտպանական թաղանթով, որը վնասազերծում է թթուն: Իր պարույրաձև բեղիկներով այդ մանրէն «փորում է» լորձաթաղանթը, որը ծածկում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերը, ու կպչում թթվից թաքնված հյուսվածքներին:
Այստեղ այդ մանրէն լայն գործունեություն է ծավալում ու սկսում է ուտել ստամոքսի պատի հյուսվածքներն ու իր կենսագործունեության թունավոր արգասիքները անջատել: Այդ խառնակությունը կյանքի է կոչում նեյտրոֆիլներին, արյան այն բջիջներին, որոնք հետևում են «տեղանքի» կարգուկանոնին: Դրանք դուրս են գալիս մազանոթներից ու սկսում են կարգազանցների հետևից մրցավազքը` ի վերջո ուտելով դրանք: Այդպիսով ոչ միայն հելիկոբակտերներն են ոչնչանում, այլև նրանց վնասած բջիջները: Վնասված հատվածում պաշտպանությունը թուլանում է ու այդ հատված է «աճապարում» աղաթթուն. առաջանում է բորբոքում, ի վերջո, լորձաթաղանթի վրա արատ է գոյանում, այսինքն` խոց: Հելիկոբակտերն ամենաշատը սիրում է ստամոքսի ելքային հատվածն ու տասներկումատնյա աղիքի մուտքային` սկզբնահատվածը, որտեղ էլ հիմնականում գոյանում են խոցերը:
Ախտանշաններն ու ախտորոշումը
Երբ հելիկոբակտերը «բնադրվում» է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի պատերին, կարող է այնտեղ տարիներ ապրել մակաբույծի կյանքով` սպասելով իր «աստեղային ժամին», բարենպաստ պայմանների ստեղծմանը: Օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման ժամանակ այդ մանրէն ինտենսիվորեն բազմանում է, հսկայական քանակությամբ տոքսիններ ու ֆերմենտներ արտադրում. որոնք հանգեցնում են լորձաթաղանթի վնասման:
Դրա հետևանքն այն է, որ ստամոքսի պատերին ու տասներկումատնյա աղիքում առաջանում են քրոնիկ բորբոքումներ ու խոցեր: Ներկայումս գիտականորեն ապացուցվել է, որ հելիկոբակտերն է գաստրիտների ու խոցերի առաջացման հիմնական «մեղավորը» (դեպքերի 80%-ը): Այդ մանրէն էականորեն մեծացնում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը, չնայած առաջներում համոզմունք կար, որ այդ հիվանդություններն առաջանում են սննդի վատ որակի, ծխելու, ալկոհոլի չարաշահման ու սթրեսների հետևանքով:
Այս մանրէի առկայության ախտանշանները խիստ բազմազան են. հաճախակի փորկապություն, այրոցք, սրտխառնուք, ծանրություն ու ցավ ստամոքսում, բխկոց, ալերգիա. մսամթերքի յուրացման դժվարություն, մազաթափություն, բերանում անդուր համ ու հոտ (հիվանդ ատամների բացակայության պարագայում ), եղունգների սնկային հիվանդություններ ու չափազանց փխրունություն, ուտելուց հետո արագ հագեցում, ստամոքսում պարբերական ցավեր, որոնք դադարում են անմիջապես սնունդ ընդունելուց հետո:
Հելիկոբակտերիոզի բուժումը ժողովրդական միջոցներով
Բացի բժշկական, դեղորայքային բուժումից, արդյունավետ են նաև ժողովրդական միջոցները` տարբեր խոտաբույսերից պատրաստված եփուկները: Գրագետ հավաքված փնջերից պատրաստված եփուկները հնարավորություն կտան, որ կարգավորվի ստամոքսահյութի թթվայնությունը ու վերանան կամ գոնե մեղմանան ցավային զգացումները:
Բարձ թթվայնության դեպքում շատ օգտակար է վուշի սերմերից ստացված եփուկը, որը նույնիսկ կարող է վերականգնել վնասված լորձաթաղանթը, սպիացնել խոցերը: Դրա համար հարկավոր է 1,5 թ.գդալ սերմերի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել ու թրմել 15 րոպե, ապա քամել ու խմել օրական 3 անգամ` 1 ճ.գդալ, ուտելուց կես ժամ հետո:
Թթվայնությունը լավ իջեցնում է նաև երիցուկի, արևքուրիկի, հազարաթերթիկի ու ծիծեռնախոտի (չիստոտել) հավասար չափաբաժիներով փունջը (1-ական ճ.գդալ), որի վրա եռման ջուր են լցնում ու թրմում 2 ժամ: Հարկավոր է այդ եփուկն ընդունել օրական 3-4 անգամ` մեկական ճաշի գդալ:
Ցածր թթվայնության դեպքում հարկավոր է ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ խմել կես բաժակ կաղամբի թարմ հյութ:
Որպես հիվանդության կանխարգելման միջոց առաջարկվում է հետևել անձնական հիգիենային: Պետք է պաշտպանել ստամոքս-աղիքային տրակտը ճիշտ սնունդով, վնասակար սովորույթներից զերծ մնալ: Ու ամենակարևորը` պետք է թե՛ այս, թե՛ մնացած բոլոր հիվանդությունների պարագայում աշխատել իմունիտետի բարձրացման ուղղությամբ:
5 փաստ մանրէների մասին
Մեր մարմնում ավելի քան տրիլիոն մանրէներ են բնակվում, որոնցից մի քանիսը կարող են լուրջ հիվանդության պատճառ դառնալ, իսկ մյուսներն ապահովել օրգանիզմի նորմալ միկրոֆլորան: Դրանք մանրէներ են, սնկեր, որոնք բնակվում են մաշկի մեջ ու օրգաններում:
1. Մարդու օրգանիզմում մանրէներն ավելի շատ են, քան բջիջները: Չնայած գիտնականներին դեռևս չի հաջողվել մանրէների ճշգրիտ քանակն իմանալ, սակայն հայտնի է, որ այդ թիվը տասն անգամ գերազանցում է բջիջների քանակը: Մարդկության զարգացման հետ զարգացել են նաև այդ մանրէները: Մեր մաշկի 1 քսմ-ի վրա ավելի քան 1 մլրդ մանրէ է բնակվում:
2. Մանրէները մարդու օրգանիզմում են հայտնվում ծնվելուց հետո: Հետաքրքրական է, որ մարդը լույս աշխարհ է գալիս առանց մանրէների ու ձեռք է բերում կյանքի առաջին տարիներին:
Երեխան մանրէների առաջին «խմբաքանակը» ձեռք է բերում մոր ծննդուղիներով անցնելիս: Ու զարմանալի բան է. կեսարյան հատման եղանակով ծնվածները բնական եղանակով ծնվածներից տարբերվում են մանրէների տեսակով: Նրանց մոտ ալերգիաների ու գիրանալու ռիսկը մեծ է:
Հիմնականում երեխայի մոտ իմունային, նյութափոխանակության ու մյուս համակարգերի զարգացումը կատարվում է մինչև 3 տարեկան հասակը, և այդ տարիքում են երեխաները ստանում մանրէների առավելագույն քանակը:
3. Օգտակար ու վնասակար մանրէներ
Արդեն հայտնի է, որ որոշ մանրէներ հիվանդածին են, մինչդեռ շատ մանրէներ էլ օգնում են պաշտպանել առողջությունը վարակներից: Իսկ երբեմն էլ միևնույն մանրէն կարող է լինել և՛ վնասակար, և՛ օգտակար:
Օրինակ` արդեն նշվեց հելիկոբակտերի բացասական ազդեցության մասին: Սակայն, մասնագետները նշում են, որ հելիկոբակտերի բացակայությունը կերակրափողի հիվանդության հետևանք կարող է լինել: Այլ կերպ ասած, այդ մանրէն վնասակար է ստամոքսի, սակայն օգտակար` կերակրափողի համար:
4. Հակաբիոտիկների ընդունման հետևանքները
1928-ին պենիցիլինի հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր բժշկության մեջ: Այն ժամանակներից սկսած` լայնորեն կիրառվում են հակաբիոտիկները: Սակայն, դրանց չափազանց կիրառումը կարող է հանգեցնել մանրէների մահացու շտամների առաջացման, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ:
Հիմա վկայություններ կան, որ հակաբիոտիկները բարձրացնում են ասթմայի առաջացման, աղիքային բորբոքային հիվանդությունների ու գիրանալու ռիսկը:
Լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկներն անհրաժեշտ են, սակայն մանուկ հասակում կոկորդի կամ մրսածության հիվանդություններն անցնում են առանց լուրջ դեղորայքային բուժման:
5. Յոգուրտ և կեֆիր
Այսօր արդեն հաստատ է, որ անվերապահորեն չի կարելի պնդել, որ կեֆիրն ու յոգուրտներն օգտակար են, քանի որ այս բնագավառը քիչ ուսումնասիրված է, ու վերջնական պնդել, որ դրանք օգտակար են, դեռևս վաղ է:
Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է.Հետք
Քաղաքացիների ջանքերը՝ փրկել պատմամշակութային հուշարձան ճանաչված Աֆրիկյանների ակումբը, արդյունք չի տալիս: Ինչու արդյունք չի տալիս, որովհետև դրա ետևում կանգնած է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ֆինանսների նախարար, պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանն, իհարկե, պաշտոնապես չի երևում, ինչպես իր մնացած բոլոր բիզնեսներում, բայց «խաղահրապարակում» իր հետ փոխկապակցված անձինք են, տեղեկացնում է Հետքը
Աֆրիկյանների տունը
| Լուսանկարը՝ wikipedia.org-ից
Ավելի ուշ այն վերածվել է բազմաբնակարան շենքի, ուր բնակություն է հաստատել մոտ 30 ընտանիք։ |
Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների կողմից։Եղբայրները եղել են քաղաքային դումայի անդամներ, ունեցել տարբեր գործարաններ, ձեռնարկություններ: Ակումբի շենքը եղել է հավաքատեղի քաղաքի նշանավոր մարդկանց և վերնախավի համար։
1913թ. շենքը եղել է քաղաքային ակումբ և պատկանել է Առաքել Աֆրիկյանին։ 1926թ. շենքը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ |
Գագիկ Խաչատրյանի բիզնեսի «բանալին» Սայաթ-Նովա 20, բնակարան 53-ում է
Աֆրիկյանների ակումբն այժմ ապամոնտաժում է «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ. «Դվին Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից, սակայն այժմյան 100-տոկոսանոց բաժնետերը Հարություն Համլետի Թադևոսյանն է:
«Միլենիում կոնտրակշեն» ընկերությունը գրանցված է Երևանի Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցեում: Այցելեցինք նշված հասցե՝ տնօրեն Թադևոսյանի հետ հանդիպելու ակնկալիքով: Մուտքի զանգին (դոմոֆոնին) պատասխանեց տարեց մի կին: Ասաց՝ հասցեն բնակելի է: Տիկինը որևէ կազմակերպության և այդ հասցեում դրա գրանցման մասին տեղյակ չէր: Հավաստիացրեց, որ Հարություն Թադևոսյան անվամբ մարդ չի ճանաչում, իսկ բնակարանը Սեդրակ և Նինա Ջավադյաններինն է: Ինքը Նինա Ջավադյանի մայրն է:
Սեդրակ Ջավադյանը «Ակբա-Կրեդիդ Ագրիկոլ բանկի»-ի գլխավոր հաշվապահն է, «Ակբա ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի 10 տոկոս բաժնեմասի բաժնետերը: Մեզ հետ զրույցում Սեդրակ Ջավադյանը նշեց, որ ինքն Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգվող անձանցից մեկն է և որևէ առնչություն չունի «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի հետ: Բնակարանը ձեռք է բերել 2012թ. մայիսին, որտեղ այժմ ապրում է զոքանչը: Իսկ բնակարանը գնել է Տիգրան Շահրամանյանից, ով աշխատում է «Մեգա Ֆուդ» ընկերությունում:
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մեգա Ֆուդ» ընկերությունում մինչև 2012թ. բաժնեմաս են ունեցել Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Այժմ փաստացի բաժնետերը ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանն է՝ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին: Տիգրան Շահրամանյանը «Մեգա Ֆուդ» ընկերությունում զբաղեցնում է Արտաքին կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը: «Ես ավելորդ քոմենտարիաներ իրավասու չեմ տալու: Կան որոշակի հարցեր, որը որ…եթե Ձեզ ինչ-որ ինֆորմացիա է հետաքրքրում, Ձեր համարը կարող եք թողնել, ես կխնդրեմ՝ պատասխանատու մարդ Ձեզ կզանգի, բացատրություններ կտա»,- եղավ Տիգրան Շահրամանյանի պատասխանը մեր հարցին, թե ինչ կապ ունի «Միլենիում կոնտրակշեն» ընկերության հետ, որը գրանցված է եղել իր բնակարանում: Մինչ հոդվածի հրապարակումը «պատասխանատու անձը» այդպես էլ չզանգեց:
«Մեգա Ֆուդ» ընկերության իրավաբանական հասցեն նույն Հարություն Թադևոսյանի գրանցման հասցեն է՝ Մարգարյան 20/3, բնակարան 2:
Հարություն Թադևոսյանը Գագիկ Խաչատրյանի անվանն առնչվող մեկ այլ՝ «Մեգաթոյ» ՍՊ ընկերության բաժնետերն է: Այս ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարություն Թադևոսյանը երկրում չէ, Հայաստանում կլինի հուլիսի 10-ից հետո: Աննա Ավետիսյանն այսօր փոխանցեց Հարություն Թադևոսյանի էլեկտրոնային հասցեն` ասելով, որ հարցերը կարող ենք այդ հասեցով ուղարկել: Հարցերն արդեն ուղարկել ենք, պատասխանները ստանալուց հետո հոդվածում կավելացնենք Հարություն Թադևոսյանի պատասխանները:
«Ակբա»-ի գլխավոր հաշվապահ Ս. Ջավադյանը դեռ տեղյակ չէ, որ իր գնած բնակարանում՝ Սայաթ-Նովա 20, բն. 53 հասցեում (հիշեցնենք՝ «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ի գրանցման հասցեն է) Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց այլ ընկերություններ էլ են գրանցված: «Ապեյրոն», «Մեգամոթորս» և «Գալաքսի Կոնցեռն» ՍՊԸ-ները, որոնց 50/50 բաժնեմասի սեփականատերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմը և Գուրգենը, իրենց պետռեգիստրի տվյալներում գործունեության և իրավաբանական հասցե նշել են Սայաթ-Նովա 20, բն. 53-ը:
![]() |
| Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի |
Հուշարձանի ոչնչացման նախապատմությունը
ԽՍՀՄ-ից ժառանգած օրենքներն «արդիականացնելու» և համապատասխան մեխանիզմներ մշակելու ճանապարհին, ավելի քանի 4 տարի՝ 2000-2004թթ., Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ: Եվ օգտվելով դրանից՝ այդ տարիներին էլ հիմնականում հուշարձանների նկատմամբ գերակա շահ է ճանաչվել, և դրանք օտարվել են առևտրային ընկերություններին, իսկ հուշարձանները քանդողները որևէ պատասխանատվություն չեն կրել:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանը դա միտումնավոր է արել: «Սևան հյուրանոցը, Դումայի շենքը (այժմյան «Կոնգրես» հյուրանոցը) այդպես քանդեցին: Այս ընթացքում Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի ծրագիրը սկսեցին, որպեսզի հուշարձանները քանդեն և ինչ ուզենան անեն»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:
Ի վերջո, 2004թ. կառավարության որոշմամբ՝ հավելվածում Աֆրիկյանների ակումբը մտցվել է տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում, ի թիվս 13 այլ հուշարձանների: 2005թ., երբ Աֆրիկյանների ակումբն արդեն ճանաչվել էր որպես հուշարձան, քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշում է կայացրել այն տրամադրել «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին: Ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան այդ հասցեում բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով: Երևանի քաղաքապետարանը «Դվին Հոլդինգին» տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ «Տերյան փողոցի կողմից նախատեսվող մասնաշենտքը նախատեսել 10 հարկանի՝ 10-րդ հարկը նահանջող»: Մինչդեռ «Դվին Հոլդինգը» այդպես էլ չի իրականացրել բնակելի շենք կառուցելու նախագիծը, և իր բաժնեմասը փոխանցել է «Միլենիում կոնտրակշեն» ՍՊԸ-ին, որն այժմ նախատեսում է հյուրանոց կառուցել:
![]() |
| Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի |
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը հունիսի 23-ին Հարություն Թադևոսյանին և ոստիկանությանն ուղղված գրություններով հայտնել էր, որ շինարարների կողմից ներկայացրած փաստաթղթերը թերի են, բացակայել են ապամոնտաժման աշխատանքների վարման մատյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել: Մինչ նշված փաստաթղթերի առկայության ապահովումը՝ հրահանգվել էր դադարեցնել շինարարությունը: Սակայն երկու օր անց այն նորից վերսկսվել էր: Մշակույթի նախարարությունն արգելքը վերացրել է:
Շարունակությունը կարդացեք Հետքում:























