Սենյակային ծաղիկներ: Ինչքա՜ն բերկրանք են պատճառում, երբ ծաղկում են ու փթթում, ու որքան ենք վշտանում, երբ հիվանդանում են, չորանում: Սենյակային ծաղիկներն ընտրում ենք սովորաբար առաջնորդվելով դրանց գեղեցիկ տեսքով: Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն:
Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է:
Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ
Գիտենք արդյոք, թե որ ծաղիկները կարելի է , ասենք` պահել ննջարանում, և հակառակը, որ ծաղիկներն են հակացուցված ննջարանում և ընդհանրապես սենյակային պայմաններում պահելու իմաստով:
archive2.ankakh.com-ն իր էջերում պարբերաբար ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բուսատեսակներ,այդ թվում և սենյակային, ու մանրամասն նկարագրում դրանց խնամքն ու բազմացումը:
Հիմա. ինչ գիտենք սենյակային ծաղիկների էներգետիկայի մասին: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ, քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Ննջարան. հարկ չկա մանրամասն ու մեկ առ մեկ նշել ննջարանի դերը տանն ու մեր կյանքում: Մի խոսքով, կարևորագույն տարածք, որտեղ ամեն ինչը պետք է նպաստի հանգստին: Ննջարանի համար հաջող տարբերակ է համարվում բավականին խոշոր չափսերով մեկ կամ երկու տեսակի բույսի տեղադրումը: Խուսափեք ծաղկային կոմպոզիցիաներից:
Ննջասենյակի համար նախապատվությունը պետք է տալ ոչ քմահաճ բույսերին: Դրանք չպետք է լինեն պահանջկոտ, ասենք` խոնավության նկատմամբ:
Այդ առումով հարմար են ֆիկուսի տեսակները, ասենք` բենջամինը, կաուչուկատուն, քնարաձևը: Ֆիկուսների մեծ մասը պահանջկոտ չէ խնամքի առումով, հաջողությամբ չեզոքացնում է օդի վնասակար տարրերը, բացի այդ, ներդաշնակվում է բոլոր ոճերին: Բենջամին ֆիկուսը հիմա շատերն են նախընտրում, այն մեծ սաղարթով մանրատերև, շատ գեղեցիկ թուփ է դառնում: Ֆիկուսներն օժտված են հզոր, բայց և մեղմ էներգետիկայով, վերացնում են նյարդայնությունը, ստեղծում հարմարավետության ու ապահովության զգացում:
Խորդենին պաշտպանում է չար աչքից, անեծքից ու դավերից: Կոտրում է նախանձի ու չարակամության էներգիան: Իսկ ննջարանում նաև պաշտպանում է մոծակներից ու վատ երազներից, տագնապից ու անհանգստությունից: Խոհանոցում այն էներգետիկ տարածքը մաքրում է բացասական մտքերից, բարելավում է այնտեղ պատրաստվող ուտելիքի որակը: Հյուրասենյակում ստեղծում է հարմարավետության ու տաք մթնոլորտի զգացում: Ասում են նաև, որ եթե ցականում եք` մարդիկ ձեր մասին հաճախակի լավ բան մտածեն, պետք է ծաղկամանը դնել լուսամուտագոգին:
Ազալիան շատ օգտակար բույս է տանը: Այս բույսի էներգետիկան մարում է բամբասանքն ու մանրախնդրությունը, եսասիրությունը, ուժգնացնում է ստեղծագործական մղումը, օգնում հաջողության հասնելուն: Բարելավում է տեսողությունը: Դրա համար հարկավոր է օրական 10-15 րոպե կես մետր հեռավորությունից նայել ծաղկող ազալիային: Այն բարերար ազդեցություն է ունենում հյուրընկալ մարդկանց վրա, աշխուժություն ու առողջություն պարգևում: Հատուկ ազդեցություն է ունենում ամուսնական զույգի վրա, պահպանում է ընտանեկան անդորրը, խաղաղությունն ու սերը, իր վրա վերցնում բացասական էներգիան ու մեռնում է, եթե ուժերը չեն բավարարում դիմադրելուն: Ազալիայի մեծ ծաղկող թուփը խոսում է ընտանեկան բարեկեցության մասին: Տանել չի կարողանում ծխախոտի ծուխը. դրանից ծաղիկն իսկույն թոշնում է: Գուցե տարօրինակ թվա, բայց ազալիան սիրում է, երբ իր հետ խոսում են:
Ցիկլամենը զով սենյակի բույս է: «Քաշում է» բացասական էներգետիկան, մշակում ու վերածում դրականի, շատ օգտակար է շաքարախտով ու հայմորիտով հիվանդների համար: Ցիկլամենը նպաստում է իմունիտետի բարելավմանը: Օգնում է մեղմելու երեխաների քմահաճույքները, նրանց ճակատագրի վրա բարերար ազդեցություն է ունենում:
Արմավենիներ. եթե հնարավորություն ունեք դրանք լուսամուտի մոտ տեղադրելու, ուրեմն գերազանց է: Դրանք ևս հարմար են ննջարանի համար, մաքրում են օդն ու էներգետիկ սնուցում ապահովում (հովեյա ֆորսթերա, կանարական փյունիկ, լեռնային արմավ):
Դրացենա. կլանում է վնասակար խառնուրդները, իսկ որ ամենակարևորն է, «իր վրա է վերցնում» մեր տկարությունները, գլխացավը: Դրացենան ասես տնային կենդանու պես սովորում է մարդուն ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ է նրա հետ էներգակոնտակտի մեջ մտնում` ուժգնացնելով բուժիչ հատկությունը:
Վատ էներգետիկան ու հիվանդությունները «քաշելու» իմաստով չեմպիոն է մոնստերան: Այս բույսի մասին նույնիսկ ասում են, որ «էներգետիկ վամպիր» է, դա այդպես է, քանի որ այս բույսը պարզապես ունակ չէ լավ էներգիա վերցնելու, նա սնվում է միայն «բացասականով»: Հենց այդ հատկության շնորհիվ է, որ մոնստերան նպաստում է լիարժեք հանգստին ու խորը քնին: Սրա նման, սակայն փոքր ինչ ավելի թույլ հատկությամբ են օժտված սինդապսուսը, պասիֆլորան, ֆիլոդենդրոնը, ցիսսուսը: Ճապոնական ֆաթսիան խոնավացնում է օդը ու նույնպես նպաստում լավ քնին, առողջացնում է սիրտն ու թոքերը: Այս բույսն «էներգետիկ դոնոր» է համարվում:
Սենյակային ցիտրուսները հաճելիորեն հանգստացնում են` արոմաթերապիայի ու բուժական պրոցեդուրայի հետ, իջեցնում են ճնշումն ու ախտահանում օդը:
Աշխատասենյակի ձևավորման համար բույսերի կիրառումն անմիջական ազդեցություն է ունենում աշխատանքի որակի վրա: Ցանկալի է, որ աշխատասենյակում ծաղիկները շատ լինեն. այսօր գրեթե բոոր աշխատասենյակներում տեխնիկայի բազմազանություն կա, գրքեր, թղթեր, պահարաններ, հետևաբար և մագնիսական դաշտ, փոշի, ճառագայթում, տարբեր քիմիական նյութերի գոլորշիացում: Սա անխուսափելի է:
Սակայն էլեկտրամագնիսական դաշտի առկայությունը միայն աշխատող տեխնիկայով չի պայմանավորված, այլև սենյակում առկա վարդակներով: Ուստի բույսերը նաև այդ խնդիրը պետք է լուծեն ու աճեն այդ պայմաններում :
Աշխատասենյակների համար բոլոր բույսերն էլ կարծես հարմար են, հատկապես մեծ, հաստ, կլոր ու ձվաձև տերևներով, ինչպիսին, ասենք, փողածառն է և ընդհանրապես բոլոր սուկուլենտ (խոնավություն կուտակող) բույսերը: Կատարավոր քլորոֆիտումը, որն առանձնակի խնամք չի պահանջում, բնակարանի, տարածքի օդը մաքրում է թե՛ գիշերը և թե՛ ցերեկը, ազատում էլեկտրամագնիսական ճառագայթներից ու վտանգավոր խառնուրդներից: Լիմոնի ծառը 70%-ով նվազեցնում է օդում եղած մանրէներն ու վարակը: Այն հատկապես հարմար է սրտային խնդիրներ ունեցողներին, ասթմայով հիվանդներին, նվազեցնում է զարկերակային ճնշումը: Կիտրոնի բույրը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում աշխատունակությունը:
Սանսևերիան կամ ինչպես սիրում ենք անվանել` «զոքանչի լեզուն», չեմպիոն է համարվում օդը մաքրելու որակով, ու չեզոքացնում է համակարգչի ճառագայթումը: Ընդ որում, ոչ մի դժվարություն չի ներկայացնում խնամքի առումով:
Հյուրասենյակում աշխույժ, սթափ ու դրական մթնոլորտ ստեղծելուն կօգնեն վառ գույներով, հատկապես դեղին կամ վարդագույն երանգներով ծաղկող բույսերը, ինչպիսիք են սենյակային վարդերը. բալզամինը, ասպարագուսը, ցիկլամենը:
Խոհանոցը նույնպես կարելի է բնակեցնել բույսերով, սակայն հենց խոհանոցին «սազական» բույսերն են հարմար այդ նպատակին, ասենք` սոխը, փոքրիկ տաքդեղը:
Իսկ եթե մտադիր եք մանկասենյակը նույնպես զարդարել տնաբույս ծաղիկներով, ուրեմն մի քանի հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեք: Նախ` երեխայի սենյակում պետք է այն ծաղիկները լինեն, որոնք անվտանգ են:
Ոչ մի դեպքում չի կարելի երեխաների սենյակում ալոկազիա տեղադրել, որի հյութը թունավոր է, դիֆենբախիա, որն այրող հյութ ունի, պելարգոնիա` ալերգածին է, օլեանդր ու սինադենիում` թունավոր են: Պետք է խուսափել նաև կակտուսներից. երեխան պատահական կարող է վնասվել սուր փշերից:
Օդը մաքրելու նպատակով երեխաների սենյակում կարելի փյունիկյան արմավենի տեղադրել, թզենի, բեգոնիա, սենպոլիա (մանուշակ), տրադեսկանցիա, կալանխոե, դափնի, ցիտրուսային բույսեր, չինական գիբիսկուս: Մի բան էլ է հարկավոր է հիշել. երեխաների սենյակում բույսերի քանակը չպիտի 3-4-ից ավելի լինի:
Մի խոսքով, գերազանց է, երբ շրջապատված ենք գեղեցիկ սենյակային բույսերով ու էլ ավելի լավ է, որ դրանք իրենց նշանակությամբ ու ճիշտ ընտրված լինեն:
Աննախադեպ օրենքը` բարձրագույն կրթության մատչելիության երաշխիք
2014 թ. մայիսի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենսդրական փաթեթը: «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրինագծերի այս փաթեթը, թերևս, այն եզակի նախաձեռնություններից էր, որ խորհրդարանը հաստատեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ` 108 կողմ, 3 դեմ և 10 ձեռնպահ: Փաստորեն, պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց գործադիրի` կրթական բարեփոխումներին միտված առաջարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ` սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով հայ ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն: «Առաջինը, հիշում եք, որ մեր բուհերը իրավունք ունեն բարձրացնելու ուսման վարձերը, իրենք են որոշում, և այստեղ կառավարությունը որևէ լիազորություն չուներ: Օրենքի ընդունումով կառավարությունը ստանում է լիազորություն` սահմանելու ուսման վարձի վերին շեմ: Վերին շեմը սահմանվելու է` ըստ կրթության որակի և ըստ կրթական աստիճանի: Կրթության որակ ասելով` նկատի ունենք հավատարմագրման ինստիտուտը, և ակնհայտ է, որ ամենաթանկ ծրագրերը կլինեն միջազգային հավատարմագրում ստացած ծրագրերը, իսկ ամենաէժան ծրագրերը կլինեն այն ծրագրերը, որոնք չեն հավատարմագրվել: Բնական է նաև, որ կլինի բակալավր, մագիստրանտ, ասպիրանտ կրթական աստիճանների գնային տարբերություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:
Կրթական գերատեսչության ղեկավարի խոսքով` օրենքի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է բուհերում անվճար տեղերի հատկացմանը և բաշխմանը. «Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն պետության համար գերակա համարվող մասնագիտություններով: Օրինակ, եթե ԵՊՀ-ն պետությունից ստանում է տարեկան 350 անվճար տեղ, ապա ևս 35 անվճար տեղ պետք է ֆիքսի` ըստ պետության կողմից ֆիքսած գերակայությունների»:
Օրենքն ամրագրել է նաև դրույթ, որով բուհերի բյուջեների առնվազն 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին: «Մենք ընդլայնել ենք ուսանողական այն խմբերի ցանկը, որոնց երաշխավորում ենք ուսանողական զեղչեր` վարձավճարի զեղչեր, այդ ցանկը շատ կարճ էր, այսօր մենք օրենքով ենք ֆիքսել, թե ուսանողական որ խմբերի համար է պետությունը երաշխավորում ուսանողական զեղչը: Հաջորդ կարևոր նորամածությունը. մենք ֆիքսել ենք ուսանողական զեղչերի նվազագույն չափը: Նախկինում այդ զեղչերը կախված էին բուհի վարչակազմի որոշումից: Եվ ակնհայտ է, որ մեր ուսանողները նաև դժգոհում էին, որ դրանք միշտ չէ, որ արդար են բաշխվում: Այս օրենքի շնորհիվ մենք ունենք հստակ ֆիքսված սոցիալական խմբեր, մենք ունենք հստակ ֆիքսված զեղչային ծավալ, և այս ամենը գործելու է 2015-ի հունվարի 1-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Օրենքով երաշխավորվում են ամրագրված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար: Բուհական վճարները կզեղչվեն 30-50 տոկոսով: Փոխհատուցման այս կարգը կվերաբերի մինչև 23 տարին լրանալը առանց ծնողական խնամքի մնացած, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, նաև երեք և ավելի անչափահաս կամ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հավելեց նաև, որ սոցիալական բոլոր ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է բարձրագույն կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ, նպատակ ունեն աջակցել լավ սովորող ուսանողներին, և դա նշանակում է, որ ևս մեկ քայլ է իրականացվում հռչակված նպատակին հասնելու համար, այն է` ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պատճառներով չպետք է դուրս մնա բուհից:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Որ երկրի հավաքականը կհաղթի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ամբողջ աշխարհում մեկ ամսով երկրոդ պլան է մղել բոլոր հիմնախնդիրները: Այնուամենայնիվ, եթե չասենք, որ այդպես է ամբողջ աշխարհում, ապա թեկուզ 32 երկրներում, որոնց ներկայացուցիչները եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են նվաճել:
Ընթացիկ առաջնությունն ուշագրավ է մի քանի առումով: Այն կազմակերպվել է մի երկրում, որի անունը ֆուտբոլի խորհրդանիշ է: Միլիարդավոր մարդկանց համար սիրելի ֆուտբոլը Բրազիլիայում պաշտամունք է, համազգային մոլի հետաքրքրություն: Ընդ որում, Բրազիլիայում կայացած նախորդ`1950-ի աշխարհի առաջնությունից հետո մեծ ցավ է մնացել: Թվում էր, թե այդ երկրի հավաքականը պետք է ավելացնի իր նվաճած տիտղոսները, սակայն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտի 200 հազար հանդիսականների ներկայությամբ եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվայի թիմին, և դա այդ երկրում մի շարք ինքնասպանությունների պատճառ դարձավ: Պարզապես, մարդիկ պատուհաններից իրենց ցած էին նետում:
Իսկ «Մարականան» տարիներ անց վերակառուցվել է, կրկնակի պակաս նստելատեղեր ունի, քան նախկինում, սակայն մնում է առաջնության գլխավոր իրադարձությունների թատերաբեմը: Ֆուտբոլային կրքերը Բրազիլիայում չեն նվազել, թեև այլևս ինքնասպանություններ գործելու տրամադրվածություններ էլ չկան:
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականից տանն անցկացվող աշխարհի առաջնությունում միայն հաղթանակ են սպասում, ցանկացած այլ արդյունք կհամարվի ոչ պատվաբեր:
Եվ առաջին իսկ` ստուգատեսի բացման խաղում բրազիլացիները քիչ էր մնում, որ հիասթափեցնեին իրենց երկրպագուներին: Այդ հանդիպումում մրցակից Խորվաթիայի ընտրանին փայլուն տպավորություն թողեց: Եվ եթե ճապոնացի մրցավար Յուիտի Նիսիմուրին կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված չնշանակեր խաղը 1:0 հաշվով շահող խորվաթների դարպասին, ի վնաս վերջիններիս, ևս մի քանի կոպիտ վրիպումներ թույլ չտար, դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ հունով կընթանային: Այդ մասին կմոռացվի: Փաստն այն է, որ բրազիլացիները հաղթեցին 3:1 հաշվով և թարմ լիցք ստացան:
Հետաքրքիրն այն է, որ 2010-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Հոլանդիայի հավաքականին առաջնության մեկնարկից առաջ շատերը դուրս էին թողել հաղթողի հավակնորդների ցուցակից: Բանն այն է, որ այդ թիմի կազմում աստղերն այժմ ավելի քիչ են, քան Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած նախորդ առաջնությունում: Բայց հոլանդացիները մեծ անակնկալ մատուցեցին: Նրանք վրեժը լուծեցին աշխարհի նախորդ առաջնության եզրափակչում իրենց պարտության մատնած իսպանացիներից: Ընդ որում, աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնները զիջեցին անփառունակ` 1:5 հաշվով: Այդպիսի անակնկալ կանխատեսելն անհնարին էր: Իսպանիայի հավաքականը, որը վերջին 6 տարում երկու անգամ հաղթել է Եվրոպայի, նաև աշխարհի առաջնություններում, վերջին շրջանում երբեք այդքան անօգնական ու նվաստացած չէր եղել: Ընդ որում, այդ խաղի հաշիվը կարող էր ավելի մեծ լինել:
Թերևս այդ է պատճառը, որ դժվար է որևէ նախապատվություն տալ եվրոպական տիտղոսակիր այլ թիմերին` առանց վնասվածք ունեցող Ռիբերիի մրցավայր ներկայացած Ֆրանսիայի, նաև Անգլիայի, Իտալիայի հավաքականներին: Ի դեպ, Ֆրանսիայի ընտրանին ապագայի թիմ են համարում և 2016-ի Եվրոպայի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդ: Այդ ստուգատեսը կայանալու է հենց այդ երկրում:
Պորտուգալիայի հավաքականը, որը գլխավորում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, դեռևս վստահություն չի ներշնչում, որ կարող է ոսկե մեդալներ նվաճելու հավակնություններ ունենալ: Այս առումով Արգենտինայի հավաքականը ևս հակասական վիճակում է: Թիմի կազմում է այնպիսի վառ անհատականություն, ինչպիսին Լիոնել Մեսին է, սակայն նրա կողքին են մի շարք ֆուտբոլիստներ, որոնց հետ համատեղ չեմպիոնի կոչման հավակնելը շատ բարդ է:
Քիչ չեն ֆուտբոլասերները, որոնք կարծում են` եկել է ժամանակը, որ վճռական խոսք ասի Գերմանիայի հավաքականը, բայց այդ թիմի կազմում, բացի Տոմաս Մյուլլերից, չկա մեկ ուրիշը, որն առաջնությունում ապացուցի, որ մարտական է տրամադրված և պատասխանատու խաղերում ի վիճակի է գնդակներ խփել մրցակիցների դարպասը:
Մեկնարկային հանդիպումում փայլուն տպավորություն թողեց Չիլիի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին: Ի դեպ, աշխարհի եռակի չեմպիոն լեգենդար Պելեն կարծում է, որ Չիլիի հավաքականը մեծ ներուժ ունի և կարող է մի շարք անակնկալներ մատուցել և անգամ հայտնվել եզրափակչում: Նա հավատում է, որ իր երկրի` Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում, իսկ մրցակիցները կարող են լինել Չիլիի, գուցե նաև Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի ներկայացուցիչները: Ֆուտբոլի արքան չի բացառում, որ Հարավային Ամերիկայի երկրներից չեմպիոնության համար պայքարի նաև Արգենտինայի ընտրանին:
Իրոք, Բրազիլիայի հավաքականի հաղթելու հնարավորությունները մեծ են, շատ կարևոր է, թե ինչպես իրեն կդրսևորի, նորովի կբացահայտի թիմի աստղ Նեյմարը:
Իսկ թե ինչպես կընթանան իրադարձությունները` դժվար է կանխագուշակել: Պետք է սպասել, խաղերի մեծ մասն առջևում է, և առաջնությունն ավելի գրավիչ է դառնում, քանի որ անկանխատեսելի է:
Փոքր և միջին ձեռնարկություններն արտոնություններ են ստանում
Կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: Փաթեթը ներառում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես` 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը նվազում է 3,5 տոկոսից 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում են հարկերից:
Բացի այդ, 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր: Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը: Սահմանվում են նաև պատասխանատվության մեխանիզմներ ու գործիքակազմ: Ըստ այդմ` 2015 թ. հունվարի 1-ից առաջին խախտման դեպքում կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ խախտման դեպքում` վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, երրորդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոսի չափով, 5-րդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ:
Նախ հասկանանք, թե ինչ է շրջանառության հարկը: Ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` շրջանառության հարկն առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) կամ շահութահարկին փոխարինող հարկ է: Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին կամ շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացույցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով կատարված աշխատանքների իրացումից ստացված հասույթը, առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը:
Շրջանառության հարկի դաշտում կառավարության որդեգրած մոտեցումը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում և նշում է, որ Հայաստանում միջին խավ ձևավորելու համար իսկապես անհրաժեշտ է շրջանառության հարկի փոքրացում: Որ նախատեսվում է հայկական բիզնես միջավայրում կայացնել նաև փաստաթղթավորման ինստիտուտը, տնտեսագետը նույնպես դրական է համարում` շեշտելով, որ թափանցիկ գործելը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա, որովհետև փաստաթղթավորման ճանապարհով, օրինակ, որոշ բիզնեսներում ստվերային հատվածները կարող են դուրս գալ հրապարակային դաշտ, հետևաբար կսկսեն ավելի շատ հարկվել, և քանի որ ծախսերը կշատանան, գնաճի ռիսկեր կառաջանան: Այս առումով, սակայն, Վարդան Բոստանջյանը նշում է, որ գնաճի ռսկի պատճառով չփաստաթղթավորելը ճիշտ չէ:
Ի՞նչ արդյունքներ կունենան հարկային այս արտոնությունները
«Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք հարկային բեռը` 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է 1 տոկոս, և այստեղ մեր բյուջեի եկամուտները նախնական` մոտ 8 մլրդ դրամով նվազելու են, բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին` փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետևողական, որպեսզի մեր նպատակում, որը խոշոր բիզնեսի` հարկային դաշտում աշխատելն է և ՓՄՁ-ին որպես հարկատուներ չդիտարկելը, իրագործվի: Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի կայանան: Սա է հիմնական նպատակը»,- նշեց վարչապետը, երբ կառավարությունում ներկայացվում էր այս նախաձեռնությունը:
Փաստորեն` հիմա կառավարությունն ասում է, որ չի ուզում իր հարկային եկամուտներն ապահովել ընտանեկան կամ սոցիալական բիզնեսի ներկայացուցիչների միջոցով: Իսկ դրանց թիվը փոքր չէ: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանում այսօր գրանցված են մոտ 140 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից մշտական հաշվետվություններ են ներկայացնում մոտ 75-76 հազարը, իսկ մնացածը պասիվ վիճակում են: Այդ 75-76 հազարից էլ խոսքը շրջանառության հարկի դաշտում գործող մոտ 58-60 հազար տնտեսվարողների մասին է: Ընդ որում, այդ մոտ 60 հազար տնտեսվարողներից էլ, որոնց համար սահմանվում են հարկային արտոնություններ (շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցվում է 1 տոկոսի), մինչև 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսն առևտրի ոլորտում առհասարակ ազատվում է հարկերից: Իսկ ըստ Վարդան Այվազյանի հաշվարկների` այդ 60 հազար ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը` մոտ 47 հազարը, տարեկան մինչև 10 մլն դրամի շրջանառություն ունի:
Բայց պետությունն այստեղ այլ շահ ունի: Այս 60 հազար տնտեսվարողները, նախ` լինելով երկրում գործող ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը, բյուջեի հարկային մուտքերի մեջ շատ փոքր տոկոս են ապահովում: Փոխարենը սոցիալական խնդիրներ են լուծում` աղքատության հաղթահարման, զբաղվածության և այլն:
Բացի այդ, քանի որ դրվում է պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջ, խոշոր բիզնեսից սպասվող հարկային մուտքերի ավելացմամբ նոր եկամուտներ են ապահովվելու:
Մյուս կողմից, ինչպես ասվեց, այդ 60 հազար տնտեսվարողներից մոտ 47 հազարը տարեկան մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունի: Ընդունենք նույնիսկ, որ 12 մլն է շրջանառության ծավալը: Այսինքն` այդ տնտեսվարողներն ունեն ամսական 1 մլն դրամի շրջանառություն: Ընդունենք, որ դրանից 30 տոկոսը տնտեսվարողի շահույթն է կազմելու` 300 հազար դրամ: Ընդունենք թեկուզ մինչև 1000 ԱՄն դոլար: Բայց հիշենք, որ խոսքն ընտանեկան բիզնեսի մասին է, դրանով զբաղված են տվյալ ընտանիքի անդամները: Իսկ նման պարագայում այդ 300-400 հազար դրամ ամսական եկամուտը ընտանիքը ոչ թե կուտակում, այլ նորից դնում է շրջանառության մեջ ` առօրյա ծախսերը կատարելով, նոր ապրանքներից ու ծառայություններից օգտվելով, գնումների քանակը մեծացնելով, մի մասն էլ նորից ներդնում է իր բիզնեսի մեջ, այսինքն` այդ գումարը նորից մտնում է շրջանառության մեջ: Դրա մի մասը նորից հասնելու է խոշոր բիզնեսին ու արդեն հարկվելու է 25 տոկոսով ու ապահովելու է բյուջեի լրացուցիչ մուտքեր:
Բացի այդ, քանի որ մանր ու միջին բիզնեսն արդեն սկսում են փաստաթուղթ ուզել խոշորից, վերջինս չի կարողանում իր նախկին ստվերային շրջանառությունը պահել, ու ստվերը որոշ չափով կրճատվում է: Եթե այս դեպքում 1.5 անգամ էլ ավելանա շրջանառության ծավալը, ապա բյուջեի եկամուտները շատ ավելի կավելանան, քան բյուջեն կորցնում է ՓՄՁ-ներին հարկերից ազատելով կամ նրանց համար արտոնություններ սահմանելով:
Մի վտանգ կա, որը հատուկ է հարկային արտոնյալ ռեժիմներին: Այս դեպքում, եթե բիզնեսը գործում է մի դաշտում, որտեղ սահմանված են արտոնյալ հարկային ռեժիմներ, ապա տնտեսվարողը կարող է խուսափել այլ դաշտ տեղափոխվելուց: Օրինակ` ինչ-որ մեկն ունի ինչ-որ կազմակերպություն, որը զարգանում, խոշորանում ու հասնում է մի մակարդակի, որ արդեն պետք է անցնի, օրինակ, ԱԱՀ դաշտ: Եվ նա իր ընկերությունը բաժանում է երկու մասի, որ երկուսն էլ շարունակեն գործել արտոնություններից օգտվող շրջանառության հարկի դաշտում:
Փաթեթի հեղինակները դա նույնպես բացառում են` նշելով, որ Հայաստանում գործում է «փոխկապակցված անձերի» ինստիտուտը, երբ ստուգվում է ամբողջ պատմությունը` տերերը, շարժը և այլն` գումարած տույժ-տուգանքների գործիքները, որոնց մասին նշվեց վերը:
Թեհրան-Բաքու հարաբերություններում դժվար թե փոխվստահության մթնոլորտ ձևավորվի
Վերջին երկու տասնամյակում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Չնայած մի շարք պատմական, մշակութային և կրոնական ընդհանրություններին` այս հարաբերությունները հնարավոր չէ բարեկամական համարել: Բաքուն և Թեհրանը հաճախ են հակամարտել, միմյանց դեմ բողոքներ ներկայացրել, դիմել քաղաքական պարսավանքի ցույցերի: Փոխադարձ անվստահության պայմաններում մշտապես զգացվել է բացահայտ աշխարհաքաղաքական համատեքստ: Ի տարբերություն Իրանի` Ադրբեջանը մշտապես ցանկանում է մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:
Ներկայումս աշխարհում էներգետիկ ռեսուրսները թելադրող գործոն են դարձել: Այդ իսկ պատճառով կասպիական ավազանում մեկ մետր ավելի նավթային տարածք ունենալն անչափ կարևորվել է: Ավազանի գրեթե բոլոր երկրների միջև խնդիրներ կան և համարվում են դժվար լուծելի: Ինչքան շատ նավթ, այնքան մեծ գումար և, հետևաբար, ավելի մեծ հզորություն: Այս խնդիրը երկար ժամանակ գոյություն ունի նաև Իրանի և Ադրբեջանի միջև: Ընդ որում, ռազմավարական նշանակություն ունի:
Հաջորդ կարևոր խնդիրներից է Ադրբեջան-ԱՄՆ և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումն ու ռազմական համագործակցության ընդլայնումը: Անհնար է չնկատել, որ ներկայումս Իրանի հարաբերություններն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բավական լարված են:
Թեհրանն իր անմիջական հարևանի դրական հարաբերություններն ու ռազմական համագործակցությունն այդ երկրների հետ դիտում է իր դեմ թշնամանք և կարծում է, որ այն վնասում է իր պետական և ազգային անվտանգությունը:
Գաղտնիք չէ, որ այդ համագործակցությունն ուղղված է Իրանի դեմ, որին խոչընդոտելու համար Իրանը ևս ձեռքերը ծալած չի նստում:
Այդ համագործակցության դեմն առնելու համար Իրանն օգտագործում է Ադրբեջանի հարավային շրջաններում ապրող, իրանական ծագում ունեցող, ոչ պաշտոնական տվյալներով մեկ միլիոնի հասնող, ազգությամբ թալիշ բնակչությանը, փորձում այնպես անել, որ այն ապակայունացնի Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Ադրբեջանում թալիշների միջոցով անկայունություն ստեղծելով` Իրանը համախմբում է Ադրբեջանում օրեցօր աճող շիա ծայրահեղական իսլամիստներին, փորձում է հարևան երկրում հասնել իսլամական հեղափոխության: Եթե իսլամական հեղափոխությունը հաջողվի, Իրանը կրոնական հիմքի վրա Ադրբեջանին կներառի իր ազդեցության ոլորտ և կխափանի այդ վտանգավոր համագործակցությունը:
Ընդդեմ Իրանի Ադրբեջանի ձգտումները համընկնում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի հետ: Ադրբեջանը փորձում է Իրանի տիրապետությունից ազատագրել իր «հարավային եղբայրներին» և միավորվել նրանց հետ:
Այս ձգտումները սկիզբ են առել դեռևս XX դարի առաջին քառորդին, երբ կովկասյան թաթարներով և այլ ժողովուրդներով բնակեցված տարածքում պետություն ստեղծվեց և կոչվեց Ադրբեջան, որն ընդհանրապես կապ չուներ այդ ժողովուրդների հետ: Այս անունը պատկանում էր Իրանի տարածքում ապրող ազարների բնակեցրած տարածքին, որն արաբները դեռ դարեր առաջ անվանել էին Ադրբեջան: ԽՍՀՄ կազմավորման առաջին տասնամյակներին խորհրդային քարոզչական մեքենան Իրանից այս տարածքները գրավելու նպատակով քարոզում էր տեղի բնակչությանը, որ իրենք ադրբեջանցի թուրքեր են, և միայն պատմության ու քաղաքականության քմահաճության հետևանքով են գտնվում Իրանի տիրապետության տակ:
Չնայած իր իրանական ծագմանը` այս ժողովուրդը, երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Օգտվելով այս հանգամանքից` Ադրբեջանն այսօր ցանկանում է մի քանի անգամ մեծացնել իր պետությունը և ավելացնել բնակչության թիվը:
Այսօր ադրբեջանական քարոզչական մեքենան, համագործակցելով իր համախոհների հետ, ցանկանում է լարված իրավիճակ ստեղծել Իրանի ներքին կյանքում և սպառնում է այդ երկրի տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Ադրբեջանին մեծ աջակցություն է ցույց տալիս նաև թուրքական քարոզչական մեքենան, որը նույնպես մեծ շահագրգռություն ունի այս խնդրում:
Քանի դեռ առկա են Իսրայել-Ադրբեջան և ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, Բաքվի կողմից իսլամական շարժումները ճնշելու քաղաքականությունը, Իրանի հյուսիսային նահանգների և իրանական մշակույթի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, սահմանային միջադեպերը և բազում այլ խնդիրներ, առաջիկա տարիներին դժվար թե փոխվստահության մթնոլորտ ձևավորվի Թեհրանի և Բաքվի հարաբերություններում:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կիսելյովն եկավ ու գնաց, հուսանք` ընդմիշտ
Մայիսի 11-ին Ազգային ժողովի հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում հյուրընկալվել էր Ռուսաստանի «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Հանդիպման ընթացքում, խոսելով ԼՂ հակամարտության մասին, նա անսպասելի հայտարարեց. «Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանին եք հեռացրել Հայաստանից: Ազնիվ պետք է խոսենք, չէ՞: Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: …Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ»:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Այդ հայտարարությունից հետո Հայկ Բաբուխանյանը շտապեց հանգստացնել Կիսելյովին` ասելով, որ Հայաստանում կան ռուսալեզու կրթական հիմնարկներ, սակայն Կիսելյովը նկատի ուներ ոչ թե մասնավոր կրթական հիմնարկները, այլ պետական մոտեցումը ռուսաց լեզվին և մանավանդ ռուսալեզու դպրոցների զանգվածային բացումը:
«Չեք ուզում` ձեր գործն է, բայց եթե ռուսերենը նվազի, ապա Հայաստանի անվտանգությունն էլ կնվազի: Հիմա աշխարհում պայքար է գնում Ռուսաստանի համար, այնպես որ Հայաստանն աշխատելու, մտածելու տեղ ունի»,- ասաց Կիսելյովը:
Ռուս մեկնաբանի ասածը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որ նշեց, թե ուղիղ կապ չի տեսնում հայ-ռուսական հարաբերության և որևէ տաքսիստի ռուսերեն չիմանալու միջև, թե մեր կրթօջախներում ռուսերեն են սովորեցնում վաղ տարիքից, ռուսերենը շատ սիրված է ու պահանջված Հայաստանում և այլն: Միջամտեց ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ասելով, որ Հայաստանը պետք է քաղաքական ընտրություն կատարի, թե ում հետ է ցանկանում լինել: Եվ եթե պետք է ինտեգրվի Ռուսաստանին, ապա քաղաքակրթության հիմքը ռուսաց լեզուն է, ուստի պետք է տարածել ռուսերենը, ինչը, սակայն, հայ հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում:
Կիսելյովն էլ շարունակեց. «Երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց օրերս, որ ցանկանում է Հայաստանն ինտեգրել Եվրասիական միությանը, նշեց, որ դա պետք է արվի և՛ քաղաքակրթական, և՛ անվտանգության առումով, այլ կերպ ասած` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին, դրանք իրար հետ կապված են»:
Ի դեպ, Կիսելյովի հեռանալուց հետո Հերմինե Նաղդալյանը վիրավորված տոնով էր զրուցում նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ` դժգոհելով, որ որոշ ռուս պաշտոնյաներ իրենց անզգույշ հայտարարություններով վնասում են հայ-ռուսական բարեկամությունը: Կովալենկոն, համաձայնելով Հերմինե Նաղդալյանին` ասաց. «Դե, ուռոդներ ամեն տեղ էլ կարող են լինել»:
Ուռոդը` ուռոդ, բայց հասկանանք, թե «ուռոդն» իրենից ինչ է ներկայացնում: Դե յուրե նա լրագրող է` լրատվական կազմակերպության ղեկավար, իսկ դե ֆակտո մի քիչ մոտ է իշխանություններին ու արտահայտում է իշխանական որոշ նկրտումներ: Եվ ինչպես այս առումով նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, այսօր Մոսկվայում ավելի շատ Կիսելյովի նման լրագրողներն են առաջին դիրքերում, քան ավելի խելամիտ լրագրողները:
Կիսելյովի հայտարարությունների առնչությամբ Արա Պապյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում այսօր իշխում է բռնի ուժի քաղաքականությունը, որը դրսևորվեց Ուկրաինայի և մյուսների նկատմամբ: Իսկ Հայաստանի նկատմամբ, շեշտեց Պապյանը, դա մի քիչ սաստկացած է, որովհետև ռուսները Հայաստանում իրենց զգում են, որպես իշխողներ: Կիսելյովի այցելությունը Հայաստան համեմատելով ցարական Ռուսաստանի ժամանակներում չինովնիկների իրենց գուբերնյա, փոխարքայություն այցելության հետ, Պապյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «90-ական թվականներին, երբ մեր վիճակը շատ ավելի վատ էր, ասեմ, որ մեր նախագահը չէր հանդիպում անգամ փոխնախագահների հետ. մենք այդ պրոտոկոլային ձևերը պահպանում էինք: …Իսկ այսօր ինչ-որ գուբերնատորներ, Ռուսաստանից ինչ-որ «ճ» կլասի պաշտոնյաներ, ինչ-որ ընկերությունների ղեկավարներ գալիս են ու հանդիպում են»:
Նախկին դեսպանը նշեց, որ ոչ ոք չէր կարող այնքան վնասել հայ-ռուսական բարեկամությունը, ինչքան Կիսելյովն արեց, որովհետև նա կպավ հայերի ներվին: Քանի որ մենք այս 25 տարվա տառապանքի մեջ ունեցել ենք երեք նվաճում` Ղարաբաղի ազատագրումը, հայոց լեզվի դերի բարձրացումը, որն աստիճանաբար անկում է ապրում, իսկ երրորդի մասին լռեց: Ըստ նրա` նախկինում էլ եղել են նման դեպքեր, որոնք, սակայն, սուր արձագանք չեն ունեցել, ինչպես Կիսելյովի հայտարարություններն ունեցան հիմա, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում հայության մեջ վախ է առաջացել, թե մտնելով Եվրասիական տնտեսական միություն` կկորցնենք Արցախը, դրան էլ գումարվեց լեզվի կորստի վախն ու այդպիսի սուր արձագանք ունեցավ հայ հասարակության շրջանում:
ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ մայիսի 12-ին` կառավարության նիստից հետո, անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, նշեց, որ ՀՀ տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները. ռուսաց լեզուն այն օտար լեզուն է, որ մեզ մոտ դասավանդվում է 2-րդ դասարանից, իսկ մնացած օտար լեզուների դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից: Ինչ վերաբերում է լեզվական օրենսդրության փոփոխության ակնարկին, ապա Աշոտյանն ասաց, որ լեզվի մասին օրենսդրության կարիք չունենք:
Նախարարը կարծում է, որ Հայաստանում այսօր ռուսերենի նկատմամբ բնական պահանջարկ կա, ինչը, նրա խոսքով, հարցումների արդյունքներն էլ են ցույց տալիս, և այդ լեզվի իմացությունը, գիտության բնագավառից ընդհուպ արտագնա աշխատելու մեկնելը, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում:
Ի՞նչ է կարծում Աշոտյանը, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ` որպես իր գավառի, փոխվե՞լ է. լրագրողների այս հարցին կրթության նախարարը ուշագրավ պատասխան է տվել. նա չի ճանաչում որևէ նախկին կայսրություն, թեկուզ` ամենաժողովրդավար, լինի Բրիտանական կայսրությունը, Ավստրո-հունգարականը և այլն, որ նախկինում իր տիրապետության տակ եղած տարածքներում չփորձի ժողովրդավար եղանակներով ամրապնդել իր ազդեցությունը: Այս կապակցությամբ Արա Պապյանը նշեց. «Ուրեմն մենք ընդունում ենք, որ Հայաստանը կայսերական հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ»:
Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, թե սենսացիոն քայլ է արել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ռուսների ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով Ռուսաստանի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը ներկայացել է թարգմանչի ուղեկցությամբ և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Այս առումով Արա Պապյանը նկատում է, որ դա մեզ համար այնքան անսովոր է, որ զարմացած խոսում ենք Գրիգորիչի թարգմանչով շփվելու իրողության մասին, մինչդեռ դա դիվանագիտական պրոտոկոլ է. պետական պաշտոնյան պետք է խոսի պետական լեզվով:
Հիշենք` ռուսերենը շատ կարևոր է մեզ համար, բայց զուտ որպես հաղորդակցական միջոց, ինչպես և յուրաքանչյուր հարուստ մշակույթ ունեցող ժողովրդի լեզու, ոչ որպես քաղաքական գործոն, առավել ևս` ռազմավարական կողմնորոշման դրսևորում: Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ ճոխ ու հարուստ լեզվին տիրապետելը մարդուն բնավ ավելի խելոք ու շրջահայաց չի դարձնում և չի ապահովագրում անհեթեթ մտքեր արտահայտելուց: Սա էլ չմոռանանք:
Պանրակեքս
Բաղադրությունը (12 բաժնի համար)
«Լոռի» պանիր` 160 գ
1 ձու
4 ճ/գդալ ալյուր
2,5%-անոց կեֆիր` 200 մլ
կես թ.գդալ սոդա
կանաչի` ըստ ճաշակի (ասենք` կանաչ սոխ)
Պատրաստման եղանակը
Պանիրը քերել խոշորատամ քերիչով: Ձուն հարել պանրի հետ:
Ավելացնել կեֆիրը, կանաչ կտրատած սոխն ու խառնել: Սոդան ալյուրի հետ խառնել ու լցնել պանրային զանգվածի վրա, մի լավ խառնել: Խմորը թողնել, որ 20-30 րոպե հանգստանա, ալյուրն ուռչի, սոդան էլ կեֆիրի հետ փոխազդի: Դրանից հետո թեֆլոնե կամ էլ սիլիկոնե կաղապարը ձեթոտել ու խմորը լցնել, ապա թխել 220–2400 տաքացված փռում 25-40 րոպե, մինչև վարդագույն կեղև գոյանա:
Մատուցել կտրատած կանաչու, աղցանի կամ որևիցե թանձրահյութի հետ:
Ի՞նչ ընթացակարգով է կազմվում դատախազների թեկնածուների ցուցակը
Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր: Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի,
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է,
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան
Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:
Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:
«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:
– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:
– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:
– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:
– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …
– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:
– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:
– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:
– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:
– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:
– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:
– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:
– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:
ԵԹԵ «ՔՑԵԼ», ԱՊԱ ԱՅՍՊԵՍ. ավելի քան 90 մլն գրին քարտի համար
Բոլորիս շրջապատում էլ պատահում են մարդիկ, որոնք թվում է՝ միշտ էլ ինչ-որ բանով զբաղված են: Հաճախ հենց այդ մարդիկ են ձեռնարկում ու հանդես գալիս, այսպես ասած, բացառիկ նախաձեռնություններով: Մեր հերոսուհի Արմինե Դ.-ի նման մարդկանց դուք էլ լսած ու տեսած կլինեք, բայց երբեք չեք կարող մտածել, որ գեղեցիկ կինն ընդամենը երկու տարվա ընթացքում կարող է կուտակել մոտ 90 մլն դրամ: Ահռելի այս գումարը նա հաջողել է «վաստակել սեփական քրտինքով», բայց հետո իրավապահները պարզել են, որ տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Դեպքը տեղի է ունեցել 2004-ին: Այն «Անկախին» պատմեց կենսաթոշակի անցած, փորձառու օպերատիվ ծառայություն իրականացնող Արմեն Գ.-ն:
Որպես նախաբան
Քաղաքացի Կարինե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական ծառայություններից մեկում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն) հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացուհին հաղորդում էր տվել այն մասին, որ իր մտերիմ ընկերոջ ծանոթը՝ ոմն Արմինե, իրենից վերցրել է 10 000 ԱՄՆ դոլոր գումար գրին քարտ դասավորելու պատրվակով և անհետացել:
Իրավապահներին դժվարություններ էին սպասում: Մեր զրուցակից Արմեն Գ.-ն պատմում է, որ քրեական հետախուզության աշխատակիցները միանգամից լծվեցին գործին, բայց երկար ժամանակ գործն, այսպես ասած, առաջ չէր գնում:
Քաղաքացու հաղորդումից շատ չէր անցել, որ ոստիկանություն դիմեց ևս մեկ քաղաքացի՝ Տիգրան Բ.-ն: Վերջինս իրավապահներին հայտնեց, որ 25 000 դոլար գումար է տվել քաղաքացուհի ոմն Արմինեին, որպեսզի «դասավորի» Եվրոպա մեկնելու թղթերը: Տիգրան Բ.-ն ավելացրեց նաև. «Ո՛չ փողերս եմ կարողանում հետ վերցնել, ո՛չ էլ Արմինեին եմ կարողանում գտնել»:
Այս հաղորդումը կցվեց նախորդին, ու իրավապահների համար բացահայտման թելը կարծես թե ուրվագծվեց:
Պատմության սկիզբը
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են շատերը: Բոլորն էլ միաբերան կրկնում էին, որ ճանաչում են Արմինե Դ.-ին, ներկայացնում էին նրան որպես «ճկուն միտք ու համոզելու մեծ տաղանդ ունեցող»:
Դե, Արմինե Դ.-ն իրեն հավատացողներին սարեր էր խոստանում, բայց, բնականաբար, խոստացածն իրականություն չէր դարձնում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ մինչ, այսպես ասած, «գործ» ձեռնարկելը, Արմինե Դ.-ն դրա մասին տեղեկացնում է հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին: Բոլորին վստահեցնում է, որ կարող է յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած երկիր ուղարկել մշտական բնակության:
Արմինե Դ.-ն գյուղի աղջիկ էր, սովորել էր համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ մասնագիտանալով արաբագիտության ասպարեզում:
Երիտասարդ «խաբեբան» իր վաղեմի ընկերուհիներից մեկի մոտ գլուխ է գովում, ասում, որ հրաշալի կապեր ունի, հաճախ է լինում տարբեր երկրներում, ու նրանք, ովքեր ցանկանում են մշտական բնակության անցնել արտասահմանյան երկրներում, սիրով օգնում է:
Արմինե Դ.-ն ընկերուհուն հավաստիացնում է նաև, որ հենց դեսպանատներում լավ ծանոթներ ունի ու կարողանում է «գործ դասավորել»:
Այս ամենինց շատ չէր անցել, երբ Արմինե Դ.-ի ընկերուհու մտերիմը ցանկություն էր հայտնել Եվրոպա մեկնել բուժման նպատակով: Մուտքի արտոնագիր ստանալու համար որոշում են հենց Արմինե Դ.-ին դիմել:
Արմինե Դ.-ն հավատացնում է, թե, իբր տուրիստական հայտնի ընկերություններից մեկի տնօրենն է, և գործը գլուխ բերելու համար գումար է ուզում, բայց այդպես էլ չի «օգնում»:
Արմինե Դ.-ն իր առաքելությունը լավ էր կատարում, կարողանում էր կարճ ժամանակահատվածում վստահություն ներշնչել, համոզել մարդկանց, ձևաթղթեր էր լրացնում, ստորագրում: Սակայն այդպես էլ Արմինե Դ.-ի մտերիմ ընկերուհու ծանոթը բուժման նպատակով Եվրոպա չմեկնեց, իսկ հիվանդի վիճակն օր օրի վատանում էր:
Արմինե Դ.-ն հաշվի չէր առնում, որ մարդու կյանքի հետ գործ ունի. նորանոր խոստումներ էր տալիս, ժամանակ ձգձգում:
Արմինե Դ.-ն «գործի» հաջողված մեկնարկը տվեց և վաստակեց մի կլորիկ գումար մոտ 60 հազար եվրո և 4500 ԱՄՆ դոլար: Դրանից հետո Արմինեն անհետացավ: Նա կապերը խզեց նաև մտերիմ ընկերուհու հետ: Վերջինիցս էլ պարտքով 7 000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել ու չէր վերադարձրել:
Եվս երկուսը
Բայց մինչ այս պատմությունը Արմինե Դ.-ն հասցրել էր ևս երկու հոգու խաբել: Նրանցից մեկը` Արմեն Ա.-ն, Արմինե Դ.-ի հետ ծանոթացել էր ազգականի միջոցով: Ուզում էր ընտանիքով ԱՄՆ մեկնել՝ մշտական բնակության: Արմինե Դ.-ն գին սահմանեց՝ 20 000 դոլար և հավելեց, որ ամեն ինչ անում է օրինական ճանապարհով: Փաստաթղթերի հետ պահանջեց ամբողջ գումարը, այնուհետև գործի ընթացքի մասին տեղյակ էր պահում՝ ասելով, թե կզանգի ու դեսպանատուն գնալու օրն ու ժամը կասի: Արմինե Դ.-ն այդպես էլ չզանգեց Արմեն Ա.-ին, իսկ փողերը հավաքեց: Արմեն Ա.-ի ընկերոջն էլ Արմնինե Դ.-ն ծուղակը գցեց:
Հավատացրել էր, որ բանկերից մեկի կառավարիչն իր մտերիմներից է, անգամ նշել էր, որ հայտնի բանկիրներից մեկն իր նախկին ամուսինն է, և իր համար կարող է մեծ վարկեր «դասավորել»:
Այս խոստումն էլ արժեցավ 19 000 ԱՄՆ դոլար: Երբ Արմինե Դ.-ն փողը վերցրեց, տարբեր պատճառաբանություններով վարկի ստացումը ձգձգեց: Եվ մի օր էլ անհետացավ…
Գործարար Արմինե Դ.-ն
Արմինե Դ.-ն նոր ծանոթների մոտ փորձում էր լավ տպավորություն ստեղծել: Օրինակ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկին էլ իր ծուղակը գցելու համար ասել է, թե Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ ունի ու վաճառվող ապրանքները մաքսազերծելու համար իրեն պարտքով գումար է անհրաժեշտ:
Չմերժվելու համար էլ նոր ծանոթուհուն խոստացել է խանութը բացվելուն պես նրան աշխատանքի ընդունել: Ահա այսքան հաջող Արմինե Դ.-ն վերջինիցս գրպանել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ վերադարձնելը, բնականաբար, մտքից հանել: Ու մի յոթ ամիս անց միայն նոր ծանոթուհուն պարզ դարձավ, որ Արմինե Դ.-ն Երևան քաղաքի Սայաթ- Նովա փողոցում ոչ մի խանութ էլ չունի:
Արմինե Դ.-ն կենտրոնանում էր ընտանիքներին Եվրոպա և ԱՄՆ ուղարկելու վրա: Շատ շատերը հավատացին նրան, վստահեցին իրենց դրամական միջոցները, անձնական փաստաթղթերը, լուսանկարները, բայց…
Արմինե Դ.-ին հանդիպելու ու նրանից պարզաբանումներ ստանալու ջանքերն ապարդյուն էին, քանի որ ջանասիրաբար բոլորից թաքնվում էր:
Խաբեց նաև ընկերուհու մորը
Արմինե Դ.-ն հասցրեց խաբել նաև իր ամենամտերիմ ընկերուհիներից մեկի մորը, որը նրան սեփական աղջկա պես սիրում էր, ընդունում: Մի օր ընկերուհուն ասաց, որ իրեն պարտքով 3000 եվրո է անհրաժեշտ: Ընկերուհին էլ դիմեց մորը: Ընկերուհու մայրը Արմնինե Դ.-ին սիրով ընդառաջեց: Արմինե Դ.-ն մի քանի անգամ բավական մեծ գումարներ վերցրեց ընկերուհու մորից ու պարտաճանաչ վերադարձրեց:
Այս ամենից շատ չանցած՝ Արմինե Դ.-ն ընկերուհուն տեղեկացնում է, որ իրեն մեծ գումար է անհրաժեշտ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ բացելու համար: Ի դեպ, ընկերուհուն էլ գայթակղիչ առաջարկ էր արել. խանութը բացելուն պես նա դառնալու էր բաժնետեր:
Այս խոստումներից ու նախկինում վերցրած գումարները կանոնավոր վերադարձնելուց հետո, նրան չվստահել, անշուշտ, չէր լինի: Արմինե Դ.-ին տվեցին շուրջ 45 մլն դրամ:
Սակայն, որոշ ժամանակ անց Արմինե Դ.-ն տրտնջում է, թե՝ այսքանը գործի համար բավարար չէ: Ընկերուհու մայրը խոստանում է էլի գումար հայթայթել և դիմում է իր ընկերուհուն ու իր երաշխավորությամբ նրանից վերցնում 20 000 ԱՄՆ դոլար: Ընկերուհու մայրը հետո ևս երկու հոգուց Արմինե Դ.-ի համար փող խնդրեց: Մեկից 7 000, մյուսից էլ՝ 12 000 ԱՄՆ դոլար:
Եվ այսպես…
Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Արմինե Դ.-ն տարբեր քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով՝ կարողացավ վաստակել շուրջ 90 մլն դրամ:
Քրեական գործի նյութերում նոր ակնհայտ փաստեր ի հայտ գալու հետ մեկտեղ, վարույթն իրականացնող անձինք որոշեցին փոխել Արմինե Դ.-ի մեղադրանքը: Գործով քննիչը քրեական գործը դատարան ուղարկեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Մեղադրանք
Քաղաքացի Արմինե Դ.-ի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Միջազգային քրեական ոստիկանության (ԻՆՏԵՐՊՈԼ) օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվեց արտասահմանյան երկրներից մեկում, և հենց նրանց միջոցով տեղափոխվեց Հայաստան: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, իսկ դատարանը նրան դատապարտեց 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ
Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում
Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:
Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:
Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:
Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:
Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:
Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:
Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:
Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ, երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:
Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Որքանո՞վ են օբյեկտիվ էլեկտրաէներգիայի թանկացման` Նազարյանի հիմնավորումները
Ազգային ժողովում այսօր անցկացվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժեր, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ բարձրացված հարցերին պատասխանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները` Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից ընկերություններին անհրաժեշտ միջոցների հատկացմամբ, որի ողջ գումարը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կՎտ/ժամի դիմաց:
Նազարյանը ներկայացրեց այդ 17,5 մլրդ դրամի բաշխումն` ըստ ընկերությունների. «Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՝ 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիա՝ 0,5 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ՝ 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայան` 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` 1 մլրդ դրամ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն»-ը ՝ 0,1 մլրդ դրամ»:
Ըստ նրա` Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հիմնական գործոնով, որ 2013-14 թթ. ընթացքում ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կՎտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել այդ էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին:
Գործոններից մեկն էլ եղել է սակավաջուր տարին. «Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք Հայաստանի էլեկտրական ցանցերում 18.3 մլրդ դրամի վնաս, որը Բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում»,-ասաց Նազարյանը:
Ներկայացվեցին նաև մյուս ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառները` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերինը, օրինակ, առաջացել է վերականգնման և վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով: Միջազգային էներգետիկ կորպորացիայի կամ «Սևան-Հրազդան» կասկադի ֆինանսական ճեղքվածքը` 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, Երևանի ՋԷԿ-ինը` ընկերության կողմից արտոնյալ վարկի ստացումից,
Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքը` շահագործման և պահպանման ծախսերից, ինչպես նաև շահագործման անվտանգության բարձրացման նպատակով աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացումից և ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտում լրջորեն վնասվել էին արտեզյան ջրային պաշարները:
Ինչևէ, ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավելի արդար կլյներ, եթե այս լսումներին մասնակցեին էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունների պատասխանատուները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը պետք է «փակի» ՀՀ քաղաքացին. «Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են 0% շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են, թե ոչ: Եթե ընկերությունն աշխատում է 0% շահութաբերությամբ, էստեղ 2 տարբերակ պիտի լինի` կամ հոգեբանական խեղումներ ունեն, կամ ուղղակի ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,-հայտարարեց նա:
Նազարյանը չհամաձայենց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ: Նրա խոսքով` ներկայացված հիմնական գործոնները որևէ ձևով վատ մենեջմենթով չեն պայմանավորված: «Մենք երբևէ վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված ֆինանսական ճեղքվածքները հաշվի չենք առնում, այլ հաշվի ենք առել մեր մեթոդիկայում ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և տեղի է ունեցել վնաս»:
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատեց. «Փաստորեն, եթե մենք հիմա այդ ընկերությունների կրած վնասները փոխհատուցում ենք, ստացվում է, որ մենք իրենց պարտքով գումար ենք տալիս: Հետո, երբ այդ ծախսերը փակվեն, մեզ այդ գումարը վերադարձնելո՞ւ են, թե ոչ: Տրամաբանորեն, պետք է վերադարձվի, որովհետև սպառողի մեղքով չի առաջացել այս վիճակը»:
Ռոբերտ Նազարյանը միայն խոստացավ, որ հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է նվազմանը, ապա նա նշեց, որ դա չպետք է բացառել, բայց խոստանալ էլ չի կարող:
Անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էր մտահոգում այն հարցը, թե ինչու պետք է սպառողը վճարի գերկորուստների դիմաց:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, մի շարք հարցերի հետ միասին, հետաքրքրում էր, թե ինչ արդյունավետությամբ է կառավարվել Բաշխիչ ցանցերի աշխատանքը և ընդհանուր գնահատական տրվե՞լ է ցանցերի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:
Նազարյանը նշեց, որ կառույցի արդյունավետության նկատմամբ իր կողմից գնահատական հնչեցնելը ճիշտ չի լինի. «Մեր կարգավորող հանձնաժողովի մասով կարող եմ ասել, որ եթե կառույցը չի ապահովում լիցենզիայի պայմանները, խախտում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները և ոտնահարում սպառողների շահերը, ապա մենք վարչական վարույթ ենք իրականացնում և օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառում»:
Մի շարք հարցեր բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մասնավորապես կապված «ՀայՌուսգազարդի» հետ կնքած «տխրահռչակ» պայմանագրի հետ: Նա հետաքրքրվեց, թե այդ պայմանագիրը որքանո՞վ է ազդել սակագնի բարձրացման վրա:
Նազարյանը չցանկացավ գնահատական տալ այդ պայմանագրին, ինչ վերաբերում է ազդեցությանը, նշեց, որ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, և պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ ներդրումը վերադարձվի: Ըստ Նազարյանի, կայանի բոլոր ծախսերն ամրագրված են իրենց պայմանագրերում. «Հիմա շատ ա, քիչ ա, դուք որոշեք: Մենք ամրագրել ենք այն անհրաժեշտ ծախսային հոդվածները, որից պակաս անելու իրավունք չունենք»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի ելույթից հետո նրան հիշեցրեց ոչ վաղ անցյալը: «Այս քաղաքական թիմը լրիվ բարոյական իրավունքն ունի մեզ կշտամբելու, քանի որ մտածում է, որ հայ ժողովուրդը երևի մոռացել է մութ ու ցուրտ տարիները»:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խիստ վիրավորվեց Նաղդալյանի ակնարկից ` նշելով, որ այդ տարիները Արցախյան պատերազմի հաղթանակի տարիներ էին:
Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ շաբաթ Հանրային խորհրդում նույնպես տեղի էր ունեցել քննարկում այս թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վազգան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն կորուստները, որոնց մասին այստեղ խոսում են, չպետք է սակագնի մեջ ներառվեն, քանի որ դրանք այդ ընկերությունների ոչ որակյալ աշխատանքի հետևանքով են առաջացել:
«Կորուստները պետք է իրենց շահույթներով փոխհատուցեն,-կարծում է նա,-երկրորդը` ծառայություն մատուցող կազմակերպությունները չպետք է բարձր շահութաբերություն ապահովեն, որովհետև դա անդրադառնում է տնտեսության ոչ արդյունավետ զարգացման վրա, ինչի հետևանքով կարող ենք ունենալ ոչ մրցունակ ապրանքներ դրսի շուկաներում: Այդ իմաստով, էլեկտրաէներգիայի գինը պետք է միջինացված լինի այն երկրների էլեկտրաէներգիայի գների հետ, որոնց հետ մենք առևտրային հարաբերություններ ունենք»:
Խնդիրը լուծելու համար Սաֆարյանն առաջարկում է անել ամեն ինչ, որպեսզի կառուցվի Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որի դեպքում մենք իրանական կողմից կստանանք 3 խմ գազ և դրա դիմաց կվաճառենք 9 կՎ/ ժամ էներգիա. «Արդյունքում մենք կարող ենք 2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա էլ վաճառել Բաշխիչ ցանցերին, ենթադրենք, 1 դրամով»,-նշում է նա:
Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ են մոտ 400 միլիոն դոլար վարկային ռեսուրսներ: Սաֆարյանի խոսքով` Ճապոնիան պատրաստ է այդ ռեսուրսները տալ, պարզապես կառավարությունը պիտի կարողանա բանակցային գործընթաց իրականացնել, քանի որ խնդիր կա արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության առումով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ կարելի է այդ գումարը հայթայթել նաև ներքին ռեսուրսների միջոցով:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար(առանց ԱԱՀ-ի): Համաձայն այդ հաշվարկների` էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով կամ շուրջ 4 դրամով: Ըստ նախնական տվյալների, էլեկտարէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կարժենա 41,85 դրամ՝ ներկայիս 38 դրամ փոխարեն, գիշերայինը՝ 31,85 դրամ` գործող 28 դրամի փոխարեն: Սակագների փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի մեկից:
ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն
Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները:
Այս վիճակը, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Հայության մեջ դեռևս թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները, և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակը:
Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները, լավ հասկանալով Հայաստանի հակահռոմեական տրամադրությունները, ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը:
Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ` Հռոմի տիրապետությունը զզվելի էր, հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, երկրորդ` պակաս դեր չունեին հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները:
Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը:
Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի էր գալիս: Եվ ահա, Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար:
Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը` ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա-ն ուխտ է անում, որ իր եղբայրները կգահակալեն տարբեր երկրներում:
Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա, հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա-ին` խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին:
54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թ. միայն Հռոմը կարողացավ լրջորեն անդրադառնալ Հայաստանին, և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին դրությունը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:
Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր է ուղարկում Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ անգամ հարկ չհամարեց պահակապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմը ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը, որ ճիշտ գնահատելով իրերի բնույթը` շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողեց ապագային, քանզի Տրդատ Ա-ն համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից:
64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որ այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատն իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թ.:
Եվրոպան պատրաստվում է առաջին համաշխարհային պատերազմի, իսկ Հայաստանը ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար
– Զգացմունքային առումով Հայոց ցեղասպանությունը մեծ և խուլ ցավ է ինձ համար: Այլևս չկան հայկական այն հանճարեղ եկեղեցիներն ու տաճարները, չկան նաև նրանք` հայերը, նրանց բարբառը, պարը և այլն: Դա բարոյական և նյութական հսկայական կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: 1940-1945 թթ. հրեաների և հայերի հետ միասին մահացան նաև հույներ, գնչուներ, իսկ այդ սպանդի մտածելակերպը մինչ օրս չի վերանում: Ուստի Ցեղասպանության ճանաչումը ինձ համար լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս՝ մարդկությունը հասե՞լ է այն կետին, որից հետո այլևս չկա վերադարձ,- մեզ հետ զրույցում ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
– Պարոն Գասպարյան, Եվրոպայում նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը, իսկ աշխարհի հայերը՝ Ցեղասպանության: Որևէ կապ տեսնո՞ւմ եք:
– Ուղիղ կապ կա: Հայ ժողովուրդը շատ է տառապել այդ պատերազմի պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմում մահացածների թիվը մինչ օրս հստակ չէ: Քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» գրքում նշել է, որ պատմությունը գրում են հաղթողները, ոչ պարտվողները, իսկ այդ լռության բացատրությունը կարելի է գտնել այդ ժամանակահատվածի միջազգային քաղաքական իրադարձություններում: Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի հաղթողներից է, իսկ նոյեմբերին, ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, գծվել է հայ-թուրքական սահմանը և Հայաստանին ապահովել Սև ծովի ելք: Սակայն այդ ամենը մնաց թղթի վրա: Պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական պատմական հողերը լիովին դատարկվել էին, բայց 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո Հայաստանի վերաբերյալ հոդվածը ոչնչացվել է, իսկ 1920 թ. նոյեմբերին Հայաստանի մյուս կեսը սովետականացվել է:
– Ի՞նչ է անում հայկական սփյուռքն այդ լռությունը կոտրելու համար:
– Ասեմ, որ հայկական սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, սակայն շատ հարցեր բաց մնացին: Այսօր Հայաստանին սպառնում են, մինչդեռ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին և փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
– Եթե Թուրքիան չհամաձայնի, ինչպե՞ս պետք է Հայաստանը լուծի այդ հիմնախնդիրը:
– Խնդիրը միայն Թուրքիան չէ, թեպետ այնտեղ Ցեղասպանության տաբուն արդեն սկսել է ճաք տալ, հատկապես` վերլուծաբանների, լրագրողների շրջանակներում և համալսարաններում: Այսօրվա քաղաքացիական հասարակության մեջ բացեիբաց խոսվում է թուրքական պետության պատասխանատվության մասին: Հիշենք, որ 1915 թ. թուրքերն ու քրդերը, վտանգելով իրենց կյանքը, բազում հայերի են փրկել, սակայն որոշ թուրքեր այլ կերպ են մտածում: Տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ, Թուրքիայից ի հայտ են գալիս թաքնված հայերի կամ իսլամացված հայերի խմբեր, որոնք սկսում են պաշտպանել իրենց ինքնությունն ու իրավունքները: Ուստի, Թուրքիայի կառավարությունը, սեփական ժողովրդի ճշնման ներքո, պետք է ազատագրվի անցյալի մթագնած ու տխուր հիշողություններից՝ վերանայելով հայերի նկատմամբ ողջ պատմությունը: Երկրորդ ուղին այդ երկու պետությունների միջև երկխոսությունն է: Հայերս չենք կորցնում այդ հույսը, որ մի օր Թուրքիան կփոխի իր վերաբերմունքն այդ կնճռոտ հարցում: Եվ, վերջապես, երրորդ ուղին միջազգային հանրության ակտիվ դերակատարությունն է: Եթե Թուրքիան և Հայաստանը դնենք կշեռքին, ապա քաղաքական կամ պրագմատիկ տեսանկյունից կշեռքի նժարները կթեքվեն Թուրքիայի կողմը: Նույնը վերաբերում է միջազգային կառույցներին: Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այն մեծ մասամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
Ելենա Չոբանյան
Մուսուլում եւ Քեսաբում կայծակնային արագությամբ արձանագրվող գործընթացներ
Քեսաբի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երեւույթների մասին մտածել է տալիս։
Նախ, իհարկե այն, որ ներխուժման արագությամբ տեղի ունեցավ նաեւ գրավող տարրերի նահանջը կամ փախուստը: Եթե ժամանակին բանակային ուժերի դիմադրություն չարձանագրվեց, այս դեպքում էլ միեւնույն պատկերը կրկնվեց հակառակ կողմի համար:
Տարբեր խնդիր, որ մարտի 21-ից հետո ստեղծված կացության մեջ բազմաթիվ անգամ սիրիական պետական լրատվամիջոցները այն տպավորությունը թողեցին, որ սիրիական բանակը որոշ հենակետեր գրավելով նախապատրաստվում է հարձակման մեծ գործողության՝ Քեսաբին վերատիրանալու համար: Սակայն, նկատելի տեղաշարժեր չէին արձանագրվում, փոխանցելով այն համոզումը, որ Քեսաբի ուղղությամբ ռազմական հիմնական գործողությունը հետաձգվում էր:
Ռազմական գործողությունների հետաձգումը կարող է ոչ միայն ռազմագիտական եւ ռազմավարական պատճառներ ունենալ: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների այս կամ այն պահի ընտրության հրամայականին:
Մինչ այդ, պարզ դարձավ, որ Քեսաբի ժողովրդի տարհանումը Մոսկվայի համար առավելագույն լուսարձակներ բացելու առիթ էր եւ այն լիարժեք օգտագործելը բխում էր տվյալ պետության կողմից տեղեկատվական պատերազմի ամրագրած օրինաչափություններից: Ավելի ճիշտ, ապատեղեկատվության լայնածիր դրսեւորումներից: Եւ ինչպես որ Քեսաբ ներխուժման գործողությունը 0 ժամի ճշտման քաղաքական բացատրությունն ուներ, այս դեպքում՝ վերատիրացումը եւս: Ժամանակ էր պետք, որպեսզի Ուկրաինա-Ղրիմից միջազգային ուշադրությունը անցներ դեպի Քեսաբ, իբրեւ հակակշիռ երեւույթ-գործողություն: Միջազգային ընտանիքի եւ հանրության դիտարկման տրամաբանությամբ՝ ռուսական տարածքից Ղրիմ հասած ուժերի դիմաց, թուրքական տարածքներից Սիրիա ներխուժած ահաբեկիչներ:
Սակայն, Քեսաբի վերատիրացման մեծ գործողությունը ուներ այլ շարժառիթ եւս: Նույն տարրերի Իրաքում հանկարծակի աշխուժացումը եւ Իրաքի երկրորդ քաղաքի կայծակնային արագությամբ գրավումը, նախ՝ իբրեւ ձեւ եւ իրականացվող եղանակ զուգահեռներ է ուրվագծում տարածաշրջանային երկու հրատապ շրջաններում արձանագրվող գործընթացների միջեւ:
Նավթային պաշարների տարողությունը, շրջանի քարտեզի վերագծման օրակարգի քաղաքական ուրվականը եւ քրդական գործոնի անմիջականությունը տարբեր տարողություն են ապահովում Մուսուլի դեպքերին: Սակայն, խնդիրն այս բոլորի համար օգտագործված գործիքն է, որը օգտագործողի եւ գործիքի նույնություն է ստեղծում թե՜ Մուսուլի եւ թե՜ Քեսապի դեպքերում:
Հիմա արդեն խոսում ենք թուրքական տարածքներում արմատավորվող, այնտեղից ֆինանսավորվող, զինվող եւ գործուղվող միջազգային ահաբեկչության այն բաղադրիչի մասին, որը քաղաքական ժամացույցների սլաքների պահ ճշտող ժամերին աշխատում է Քեսաբում թե Մուսուլում իրականացնելու համար աշխարհաքաղաքական ուժերի գուցե ժամանակավոր ծրագրերը:
Անկարային անհրաժեշտ էր քարոզչական իմաստով Քեսաբից դեպի Թուրքիա փախուստ տվող ծայրահեղականների դիմաց կարճատեւ դրվածքով սահմանը փակել: Խաբկանքի այդ գործողությունը լուրջ կընկալվեր, եթե ծայրահեղականները շրջափակելու եւ չեզոքացնելու չհայտարարված համակողմանի ինչ որ համաձայնություն լիներ: Այդ շրջափակումը չի եղել եւ զինյալները շուտով հասել են Ալեքսանդրետ:
Դժվար է կանխատեսել, թե նույն արագությամբ, ճշտված պահին իրաքյան իշխանությունները Մուսուլին կվերատիրանա՞ն, թե՞ ոչ: Հայկական ոսպնյակից չի վրիպում սակայն թուրքական տարածքներից ներխուժող եւ դեպի թուրքական տարածք վերաապաստանող միջազգային ահաբեկչության բաղադրատարրերի անարգել ելքն ու մուտքը Թուրքիա: Նույն տարրերն են, որոնք շատ արագ հասան Մուսուլ: Եւ եթե նույն տարրերն են, նույնն են նաեւ իրենց զինողներն ու ֆինանսավորողները:
Միջազգային ընտանիքը անզիջում պատերազմ է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ: Սկզբունքով՝ նաեւ դրա հովանավորողների դեմ: Հատկապես՝ ներխուժման տարածքներ եւ փախուստի անցքեր տրամադրողներին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ուրիշին տալու տարածք այլևս չունենք…
Հարցազրույց Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ: Նա «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում», «Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան», «Հայոց հնագույն պետություն. Միտանի» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է:
– Գիտենք, որ հայերս հնագույն ժողովուրդ ենք: Մեր բազմաթիվ հարևանները չեն հասել մինչև XXI դար: Տիկին Տերյան, Ձեր կարծիքով ո՞րն է հայերի հարատևման գաղտնիքը:
– Հայերի հարատևման գաղտնիքի մասին տարբեր տեսակետներ կան: Ընդունված տեսակետ է, որ մեր կրոնի, մշակույթի, քաղաքակրթության շնորհիվ է: Այս ամենն ընդունում եմ, բայց իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ մեր հարատևման գաղտնիքը նաև մեր տարածքի մեջ է: Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր տարածքով պետությունը չի կարող հարատևել. բավական է մի ճակատամարտ պարտության ելքով, որպեսզի այդ պետությունն այլևս դադարի իր գոյությունը: Իսկ երբ մեծ տարածքով պետությունն է ճակատամարտում պարտություն կրում կամ որևէ անհաջողություն ունենում, բնակչությունը կարողանում է կազմակերպված ձևով այդ երկրի մի տարածքից մյուսը տեղափոխվել և շարունակել զարգանալ` պահպանելով իր ինքնությունը, մշակույթը իր հայրենի երկրի սահմաններում:
Հնագույն ժամանակներում հայերով բնակեցված է եղել Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած հսկայական տարածքը: Մեր հարատևության գաղտնիքը մեր հսկայական տարածքների մեջ է եղել: Չեմ բացառում, իհարկե, մշակույթը, քաղաքակրթությունը, արհեստը, առևտուրը, բայց հիմնական գործոնը, կարծում եմ, տարածքն է եղել:
– Ձեր գիտական հոդվածներում նշում եք, որ հայը միայն իր հայրենիքի սահմաններում կարող է պահպանել իր ինքնությունը, մշակույթը: Մյուս կողմից էլ ներկայումս մեր պետության տարածքն այնքան մեծ չէ, որ տեղից տեղ տեղափոխվելու և ռեաբիլիտացվելու հնարավորություն տա: Ի՞նչ լուծում կա այս խնդրին:
– Կարող եմ գարդմանահայության օրինակը բերել: Արցախյան պատերազմի ժամանակ մոտավորապես կես մլն հայություն այստեղ եկավ, բայց նրանք չկարողացան ինտեգրվել, որովհետև կարծես տարածքը փոքր էր: Իհարկե, մեծ ցանկության դեպքում հնարավոր էր ամեն ինչ կազմակերպել, բայց պատերազմի խառը տարիներն էին, և ցիրուցան եղան: Իհարկե, իշխանությունների մեղքն է, որ չկարողացան ինտեգրվել, բայց տարածքն էլ իր նշանակությունն ունեցավ: Այսօր սիրիահայերի և ուկրաինահայերի օրինակով կարող ենք ասել, որ պիտի մտածենք հայությանը Հայաստան բերելու, այստեղ հաստատվելու, ինտեգրվելու համար պայմաններ ստեղծելու մասին: Այսպես նաև շարունակվելու է:
Մենք այնքան ենք սեղմվել, որ հիմա այլևս սեղմվելու տեղ չունենք, պիտի ընդարձակվենք, իսկ դրա համար հարկավոր է ուժ` ռազմական և տնտեսական հզորություն:
Պետք է աշխատենք եղած պայմաններով: Տարածքը մեծ չէ, բայց ընդարձակվելու համար կարելի է ինչ-որ բան կազմակերպել: Դա արդեն կախված է մեր իշխանավորներից: Տարածվելն այլընտրանք չունի: Օրինակ` մենք Սևրի պայմանագիր ունենք, որը պետք է վերակենդանացնել: Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն շատ մեծ ցանկություն լինի: Դրա համար նախ պետք է այնպիսի սերունդ կրթել, որը կարողանա մտածել նախ և առաջ ժողովրդի, ոչ թե իր բարեկեցության մասին:
– Մի իրավիճակում ենք, երբ սեղմվելու տեղ այլևս չունենք, բայց մյուս կողմից էլ խոսվում է տարածքներ հանձնելու մասին: Որքանո՞վ են տեղին նման խոսակցությունները: Նման փոքր տարածք ունենալը նշանակում է, որ մենք վերացման վտանգի տա՞կ ենք:
– Ուրիշին տալու տարածք այլևս չունենք: Նորից եմ ասում, այնպիսի վիճակի ենք հասել, որ այլևս սեղմվելու տեղ չունենք: Իշխանավորից մինչև շարքային քաղաքացի, բոլորը պետք է հասկանան, որ միայն մի տարբերակ ունենք գոյատևելու, դա տարածքն է, առանց տարածքի իսկապես չենք կարող:
Գենետիկորեն է կարծես գալիս, որ հայն ընդարձակվելու, իր ամեն ինչը ցուցադրելու կարիք ունի, դրա համար են թողնում գնում այլ երկրներ: Պետք է հային հնարավորություն տալ, որ իր հայրենիքում ինքնադրսևորվի, այլապես աչքն ուղղում է դեպի այլ երկրներ, որտեղ կկարողանա ինքնադրսևորվել: Ուրեմն ինչքա~ն պետք է մեր իշխանավորները խելամիտ, ազգասեր և հայրենասեր լինեն, շատ լավ իմանան մեր ժողովրդի պատմությունը, անցյալը, որ կարողանան կառուցել մեր բոլորի ապագան:
– Ձեր հոդվածներում նշում եք, որ հնագույն ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից ու հայտնվել Եվրոպայում: Այդ ամենը հիմնավորող փաստեր կա՞ն:
– Իհարկե կան: Հիմա ես աշխատում եմ «Եվրոպական ժողովուրդների գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` հայերի և Հայաստանի մասին» աշխատության վրա: Այս գրքում ի մի պիտի բերվեն բոլոր փաստերը, որոնք հայտնի են: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց միշտ հոսք է եղել այստեղից, հատկապես վերջին երկու հազարամյակում:
Ամեն ինչ կարծես ստիպում էր, որ մեր ժողովուրդը չկարողանա ուժեղ պետություն ունենալ, իսկ այդ պարագայում քո ուժը, հատկապես ռազմականը, օտարներն են օգտագործում: Հայ զինվորականները մասնակցել են հռոմեական, բյուզանդական արշավանքներին: Հայերին դաժանությունները բնորոշ չեն, ուստի անարդարացի մղվող պատերազմները դրդել են հայերին լքել բանակը և հաստատվել այն վայրերում, որտեղ իրենք պատերազմ են մղել: Այսպես առաջացել են հայկական գաղութներ: Հետաքրքիրն այն է, որ հայկական ցեղերն անգամ հարյուրամյակներ անց պահպանել են հիշողությունը, թե որտեղից են եկել: Եվ սկսել են դա գրի առնել: Անգլիայի պատմության հնագույն փաստաթուղթը անգլո-սաքսոնական քրոնիկներ փաստաթուղթն է, որտեղ բացահայտորեն գրված է, որ Անգլիայի հնագույն բնակիչները` բրիտները, եկել են Արմենիայից` Հայաստանից:
Նույն գրավոր աղբյուրները գերմանացիների մոտ կան: IX-XI դարերի գերմանական բազմաթիվ աղբյուրներ` «Անոյի երգը», «Կայսեր քրոնիկ», վկայում են, որ գերմանական ժողովրդի կազմավորմանը մասնակցած մի շատ խոշոր ցեղախումբ` բավարական ցեղերը, հայկական ծագում ունեն: Դա իրենք են գրում, մենք չենք ասում: Բասկերի մասին բոլորը գիտեն: Էլի գրավոր փաստաթղթեր կան այդ մասին:
Մի խոսքով, շատ-շատ են տեղեկությունները, որ Եվրոպայի այսօրվա ժողովուրդների նախահայրերը գնացել են Հայաստանից:
Աշխարհի հնագույն քարտեզներում` սկսած մ.թ.ա. VI դարի Բաբելոնյան քարտեզից մինչև XIX դար, բոլորի վրա, անկախ նրանից` Հայաստանը պետականություն ունի, թե ոչ, Հայաստանը նշված է, իսկ այս ամենը վկայում է հայերի հնագույն ծագման և Հայաստան պետության գոյության մասին` սկսած հնագույն ժամանակներից:
– Այժմ բազմաթիվ բացահայտումներ են լինում, որոնք վկայում են, որ Հայաստանը եղել է այս կամ այն հայտնագործության, երևույթի բնօրրանը, բայց մարդկությունը կարծես չի ուզում լսել դրա մասին: Ի՞նչ կարող ենք անել, որ մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:
– Մինչև XIX դարը Հայաստանը Եվրոպայի ժողովուրդների հոգևոր ընկալումներում ինչ-որ հեռավոր հիշողություն էր, որ պատկերանում էր որպես հպարտ ու քաջարի ժողովրդի երկիր: Բայց XIX դարի երկրորդ կեսին աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է: Սկսվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն ազդեցության գոտիների համար: Գործում էին նաև աշխարհը կառավարել փորձող ուժերը, որոնք ձգտում էին կառավարելի դարձնել բոլորին: Իմ կարծիքով, հայերն այն ժողովուրդն են, որ չէին ենթարկվի աշխարհը կառավարել փորձողներին: Այս պայմաններում հայերի միավորման փորձերը նույնպես չէին ստացվում, Հայաստանը երեք պետությունների միջև էր բաժանված` Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի:
Եվրոպացիներին ինչ-որ առումով հաճելի չէր նման խեղճուկրակ նախնի ունենալ: Նաև ազդեց քաղաքական իրավիճակը. ռուսական կողմնորոշման պատճառով հակահայկական տրամադրություններ առաջացան Եվրոպայում: XIX դարի կեսերից հայերին սկսեցին անտեսել: Ցավոք, այսօր էլ նույնը շարունակվում է:
Բայց այն ժամանակ մենք պետություն չունեինք, չէինք կարող ինքներս մեզ ներկայացնել, իսկ այսօր կարող ենք: Խորհրդային տարիներին համահարթեցման քաղաքականություն էր տարվում, ինչը թույլ չտվեց բարձրաձայնել: Բացի այդ, խորհրդային պատմագրության մեջ պատմաբաններ կային, որոնք ամեն ինչ անում էին, որ հայերն իրենց իրական պատմությունը չիմանան: Այսօր էլ ինչ-որ չափով շարունակվում է նույն բանը: Հիմա Խորհրդային Միությունը չկա, այդ պատմաբանները չկան, բայց նրանց աճեցրած կադրերը կան, որոնք շարունակում են նույն քաղաքականությունը:
Պետք է հասկանանք, որ ինքներս պետք է գրենք մեր պատմությունը, և այն նախ պետք է ներկայացնենք մեր ժողովրդին, այնուհետև` օտարներին:
– Ասացիք, որ մենք պետք է գրենք մեր պատմությունը: Դպրոցական դասագրքերն էլ մենք ենք գրում: Որքանո՞վ է մեր պատմությունը ճիշտ ներկայացվում մատաղ սերնդին:
– Ճիշտ եք ասում, մեր դասագրքերն էլ ցույց չեն տալիս պատմությունը: Դա ինչ-որ չափով շարունակությունն է խորհրդային տարիներից եկող պատմության, քանի որ այդ գրքերն էլ գրվել և խմբագրվել են այդ նույն մասնագետների կողմից: Մինչդեռ դպրոցը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի կյանքում: Հենց դպրոցից է ձևավորվում ազգասիրությունը: Իսկապես, մեր դպրոցը մեծ անելիք ունի:
– Հաճախ մեղադրում ենք, որ օտարները` թուրքերը, ադրբեջանցիները, ավերում են մեր պատմական ժառանգությունը հայկական հետքը ջնջելու համար: Իսկ մենք որքանո՞վ ենք գնահատում և պահպանում մեր պատմական ժառանգությունը:
– 20 տարի առաջ սկսեցին Երևանն ավերել: Եթե այդ ժամանակ Նարեկ Սարգսյանը չլիներ Երևանի գլխավոր ճարտարապետը, հիմա կարող էինք բոլորովին այլ` ազգային ճարտարապետությամբ կառուցված մայրաքաղաք ունենալ, ոչ թե կանաչ-կապույտ ապակիներով բարձրահարկեր, որոնք տվյալ սեյսմիկ գոտում հակացուցված են: Համոզված եմ, որ եթե Թամանյանի նման մեկ այլ ճարտարապետ ունենայինք, կունենայինք մի հրաշալի կանաչապատ ազգային քաղաք:
– Տիկին Տերյան, անցյալի ու ներկայի պատմական դասերը հաշվի առնելով` ի՞նչ ապագա պիտի կառուցենք ու ինչպե՞ս պետք է դա անենք:
– Նախ, սերունդ պիտի ունենանք, ազգասեր, հայրենիքի համար պատրաստ ամեն ինչի, որը գիտի թե ինչ ունի և ինչի է ուզում հասնել: Եթե ամեն բնագավառում լինի համապատասխան լավ մասնագետը, ամեն մեկն իր տեղում լինի, մասնագետները ղեկավարեն մեր հանրապետությունը, մեր քաղաքը, ամեն ինչ շատ լավ կլինի:
Կարևոր է, որ ղեկավարները նաև անցյալն իմանան: Աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այն պատմությունը, որ ունի հայ ժողովուրդը: Մեր պատմությունը մի հզոր զենք է, որը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Մեր պատմությունը մեր շարժիչ ուժն է դեպի ապագա, իմանանք անցյալը, որ կարողանանք կերտել ապագան:
«Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել…»
«Ես անկեղծ նկարում եմ՝ չմտածելով` դա դուր կգա մարդկանց, թե ոչ: Կտավի վրա մի ուրվագիծ եմ անում և նախապես չպլանավորված «սցենարով» սկսում աշխատել: Կտավում արտացոլվում է իմ հոգեվիճակը, իմ տրամադրությունն ու ասելիքը»,-այսպես է նկարագրում իր ստեղծագործական վիճակը գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանը:
Երիտասարդ նկարչուհին գտնում է, որ արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն ու ազատությունն է. արվեստը չի սիրում պարտադրանք, պատվեր ու սահմանափակում: «Երբ առանց մտածելու ես նկարում, կարծես գույներն իրենք էլ իրենց տեղը գտնում են, ինչպես բնության մեջ, որտեղ ամեն ինչ իր կատարյալ տեղն ու դերն ունի: Ստեղծագործող մարդու համար սահմաններ չպետք է լինեն՝ հատկապես հոգևոր առումով: Իսկ ստեղծագործությունը պետք է լինի ինքնաբուխ ու անկեղծ»:
Հասմիկը ստեղծագործելիս երաժշտություն է լսում՝ հիմնականում դասական և ռոք: Խոստովանում է, որ դա ազդում է նկարի վերջնական արդյունքի վրա, և հետո, երբ նայում է կտավին, այնտեղից կարծես այդ երաժշտությունն է լսում:
Ի՞նչ է պետք արվեստագետին անկաշկանդ ու անկեղծ ստեղծագործելու համար: «Արվեստանոց, մեկուսացում, հոգեվիճակ, նաև դժվարություններ, խնդիրներ, կենսափորձ…»,-թվարկում է նա:
Իսկ թե ինչն է խոչընդոտում արվեստին, ասում է. «Լճացած վիճակը: Արվեստը սիրում է կտրուկ քայլեր, փոփոխություններ: Կարևորը՝ չվախենալն ու առաջ գնալն է: Չպետք է վախենալ մարդկանց կարծիքից»:
Հայաստանում արվեստագետի համար, այն էլ այնպիսի արվեստագետի, որն իր աշխատանքից ֆինանսական օգուտ չի ստանում, լուրջ խնդիր է սոցիալական բարեկեցության ապահովումը: Խնդիր է նաև հասարակության անտարբերությունը արվեստի նկատմամբ. նկարչուհին այդ ամենը սեփական կաշվի վրա է զգում, բայց այնուամենայնիվ, նշում է, որ իր համար դրանք առաջնային խնդիրներ չեն և չեն կարող խոչընդոտել իր ստեղծագործական աշխատանքին: «Ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործության մեջ նորանոր բարձունքներ նվաճելը՝ մնալով, իհարկե, իմ ոճի մեջ: Իսկ կատարելագործվելու տեղ միշտ կա, դա անվերջանալի պրոցես է, ու ես այդ պոտենցիալը զգում եմ իմ մեջ: Ինձ պետք է միայն լիարժեք մեկուսացում ու կենտրոնացում իմ աշխատանքի վրա»:
Հասմիկ Գասպարյանի ինքնատիպ կտավներն այսօր կախված են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրդարանի դահլիճում: Հունիսի 14-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը:
Նկարչուհու ստեղծագործություններն արվեստանոցի պատերից դուրս հանելու և արվեստասեր հանրությանը ներկայացնելու գործն իր վրա է վերցրել «Այլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը: «Շատերն ասում են՝ արվեստ չկա: Համամիտ չեմ,-ասում է կազմակերպության նախագահ, բանաստեղծ Վահե Արսենը,-կա, պարզապես կապն է կտրված: Մենք փորձում ենք վերականգնել արվեստ-հասարակություն այրված կամուրջը»:
Ինչ վերաբերում է Հասմիկի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, ապա ընտրությունը պատահական չէ. նրանց գլխավոր նպատակը ստվերում գտնվող տաղանդավոր արվեստագետներին ներկայացնելն է:
«Չնայած որ Հասմիկի նկարները դեռ հանրայնացված չեն, իրեն շատերը չեն ճանաչում, սակայն նա շատ լուրջ է վերաբերում իր արվեստին: Հետաքրքիր է, որ նա տարիներով մի նկարի վրա աշխատում է, փորձում է ամբողջացնել: Հասմիկի կտավներում անձնականն ու անանձնականը խառնվում են իրար: Նա ներքին ապրումը կարողանում է տրանսֆորմի միջոցով փոխանցել կտավին: Զգում ես ապրումը, ներքին եռը, վակումը և իրականության բեկումն ընկալում ես անմիջապես, սակայն նա ներքին ապրումները պատկերում է լիովին այլ իրավիճակում»:
Վահե Արսենը նույնպես Հասմիկի արվեստի մեջ բարձր է գնահատում ինքնատիպությունն ու անկեղծությունը: Նա նշում է որ այն պահին, երվ արվեստը վերածվում է ապրանքի, ինչ որ մի վատ բան է կատարվում դրա հետ, ու ամեն չափանիշ սկսվում է փոխվել: «Եթե նկարիչը սկսում է «կոպյա» անել ու վաճառել մեկ անգամ լավ վաճառված կտավը, այն այլևս արվեստ չէ: Հասմիկի մոտ որևէ կտավ չի կրկնվում, քանի որ նրանում դրված ապրումն ու հոգեվիճակն էլ չի կրկնվել»,-ասում է նա:
Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Հասմիկի կտավների մասին ասում է. «Նրա աշխատանքներում ժամանակի կանգն է, տպավորություն է, որ շարժումն ու գործողությունն այդ պահին կանգնել-մնացել են: Հետո ժամանակն իր մեջ սկսում է ներսուզում ունենալ, և կարող ես անվերջ խորանալ աշխատանքի մեջ: Դիտելիս տպավորություն եմ ստանում, որ կարող եմ ուղիղ խորանալ, հենց ուղիղ, ոչ լայնությամբ կամ երկարությամբ: Նրա աշխատանքները տանում են խորացման և կենտրոնացման»:
Հասմիկ Գասպարյանի կտավներն Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կցուցադրվեն մոտ մեկ ամիս: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ չնայած որ նա իր նկարները կարող էր հանրությանը ներկայացրած լինել շատ ավելի վաղ:
Ինչևէ, նա արվեստագետի այն տեսակն է, որն առաջին հերթին ստեղծագործում է ինքն իր համար: Իսկ մնացածը, ինչպես ասում է, ժամանակի ու հանգամանքների խնդիր է: «Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել,-նկատում է նա՝ խոստովանելով, որ շատ ուրախ է, որ իրեն նկատել ու գնահատել է «Այլ Արտը», որի շուրջ համախմբված մարդիկ արվեստի իսկական նվիրյալներ են, և իրենց համագործակցության հիմքում չկա որևէ նյութական, ֆինանսական շահագրգռվածություն, կա միայն մի բան՝ արվեստը:
Անի Գասպարյան
8 փաստ դեմենցիայի մասին
Փաստ 1
Երկարակեցությունն ու դեմենցիան
Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն,Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն ևն: Դրանք հաճախ ախտահարում են այն մարդկանց, որոնք երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:
Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:
Նման տվյալները խնդիր են ոչ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` դեմենցիայի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը:
Փաստ 2
Վաղ դեմենցիան
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:
Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Հարաբերական երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Սակայն մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:
Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի:
Փաստ 3
Դեմենցիան ու ավելորդ քաշը
Դրանք սերտորեն կապված են: Դա հաստատ է: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ոչ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, որոնք հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:
Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ոչ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:
Ծխելը, հակառակը, բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը:
Փաստ 4
Ճիշտ տրամադրությունը
Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:
Հոգեկան դիսկոմֆորտը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում ու խնդիրներ աշխատանքում): Համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սիրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ:
Փաստ 5
Մտավոր աշխատանքը
Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:
Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:
Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ոչ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը:
Փաստ 6
Էստրոգեն հորմոնն ու անեմիան
Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էստրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էստրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էստրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:
Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:
Փաստ 8
Երաժշտությունը և հիշողությունը
Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական պրոցեսները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:
Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:
Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի (թրնջխոտ) յուղի կիրառումը) նույնպես հարմար է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, գերգրգռվածությունն է թուլացնում, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան նույնպես ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:
Դեմենցիայի թեստ
Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:
Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխող միջոցառումների դիմել: Գիտնականները դեմենցիան հայտնաբերելու արդյունավետ միջոցներ մշակելու վրա են աշխատում:
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:
Նույնիսկ սիրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:
«Սև ոսկին»` հարաբերությունները հարթելու հարմար միջոց
Հետևելով տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ: Եթե Իրանի շահագրգռությանն անդրադարձել էինք նախորդ` «Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ» հոդվածում, ապա այժմ կփորձենք պարզաբանել, թե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ինչ շահեր ունի, առավել ևս` այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն արդյունք տալիս են: Հետաքրքիր է` ինչ է փոխվել ներկայումս:
Այն թեզը, որ ամերիկացիները տարածաշրջանում անցնում են «կառավարելի քաոսի» ռեժիմի, ավելի իրական է թվում: Սխալ է կարծել, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար հիմնական դաշնակիցը սունիական դավանանքի ներկայացուցիչներն են՝ ի դեմս Պարսից ծոցի միապետությունների, Թուրքիայի, Պակիստանի: ԱՄՆ-ի համար միշտ էլ կարևոր է եղել սունիական և շիական հավատքի գործոնների և՛ հակադրումը, և՛ հավասարակշռումը: Ուստի, շիական գործոնի ջախջախումը կամ թուլացումը չի մտել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի մեջ:
ԱՄՆ-ի նպատակն է Իրանին «ենթակա գործընկերոջ» կարգավիճակի պարտադրումը և այդ երկրի վառելիքահումքային պաշարների ու դրանց առաքման ուղիների վերահսկումը: Դա մոտավորապես ենթադրում է այնպիսի մոդել, ինչպիսին գործում է Պարսից ծոցի էներգակիրներով հարուստ երկրների դեպքում։ Այլ հարց է, որ դա չի ստացվում Իրանի պարագայում: Այդ պատճառով էլ փոխվում են մարտավարական մոտեցումները: Թեև ԱՄՆ-ի պլաններում Իրանն այսուհետ էլ մեկուսացված կլինի, սակայն պատժամիջոցները պետք է մեղմացվեն. արևմտյան ընկերությունների որոշակի մասնակցությամբ իրանական նավթը և գազը պետք է հոսեն արտաքին շուկա։
Եթե Վաշինգտոնը այլընտրանքային տեխնոլոգիաների օգնությամբ ապագայում կարողանա բավարարել նավթի և գազի իր պահանջարկը, բնավ չի նշանակում, որ հետաքրքրությունը կկորցնի Մերձավոր Արևելքի նկատմամբ և դուրս կգա այդ տարածաշրջանից: ԱՄՆ-ն շարունակելու է ձևավորել ամբողջ աշխարհում էներգակիրների վերահսկման և փոխադրման իրեն ձեռնտու համակարգը։
Նախադրյալներ կան ենթադրելու, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ կրկին առաջ է մղվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը:
ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նավթի պահանջարկի նվազման, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հնարավոր վերացման արդյունքում իրանական նավթի արդյունահանման ծավալն օրական կավելանա 3-4 մլն բարելով: Միաժամանակ լիբիական ու իրաքյան նավթի արդյունահանման ծավալների 2-3 մլն բարելով ավելացումը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը: Դա կհանգեցնի Ռուսաստանի նավթային եկամուտների նվազմանը, հետևաբար և` ռուսական պետության թուլացմանը: Իհարկե ԱՄՆ-ն շահագրգռված է, որ նավթի գինն իջնի, բայց ոչ շատ:
Միաժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն վերանայի իրանական գազը Եվրամիության ուղղությամբ արգելափակելու դիրքորոշումը, որը նաև ԵՄ-ի շահերին է հակասում:
Եթե իրանական էժան գազը, սիրիական, իրաքյան և Միջերկրական ծովի բնական գազի հետ ուղղորդվի դեպի Եվրամիության երկրներ, ապա եթե նույնիսկ չձախողվի ռուսական «Հարավային հոսքի» կառուցումը, ապա Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կնվազի: Առանց իրանական կամ մերձավորարևելյան գազի` Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից չի վերանա:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կրկին կնպատակադրվի իրանական նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման նախագծերում որոշակի մասնակցություն ունենալ, որպեսզի համաշխարհային շուկայում իրանական էներգակիրների մասնաբաժինը մեծացվի: Այսպես ԱՄՆ-ն փորձում է փլուզումից փրկել այսպես կոչված «նավթադոլարի համակարգը», որը վտանգի տակ է հայտնվել հենց այս պատժամիջոցների կիրառման հետևանքով: Նավթի առուվաճառքի միջազգային գործարքներում միտում է նկատվում շրջանցելու դոլարը, և որպես վճարման միջոց օգտագործվում է չինական յուանը, եվրոն, հնդկական ռուփին, ոսկին կամ տարբեր բարտերային մեխանիզմներ:
Արդյոք Իրանը չի վնասում իր անվտանգությունը` կրկին դռները բացելով արևմտյան կապիտալի առջև: Իրանի սահմանադրության համաձայն` բաժնետոմսեր չեն հատկացվում օտարերկրյա ներդրողներին նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, սակայն դրանք կարող են շահագործվել «գնել-հետ վերադարձնել» համակարգով: Ըստ այդ համակարգի` նոր տեխնոլոգիաների և ներդրումների փոխարեն օտարերկրյա ներդրողների եկամուտները սովորաբար կազմում են նավթի վաճառքի շահույթի մոտ 15-20 տոկոսը: Այս մեխանիզմի դեպքում օտարերկրյա ներդնողը գնում է պետությունից իր իսկ արդյունահանած նավթը տվյալ պահի շուկայական գներով, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո հանքավայրը վերադարձվում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեհը վերջերս հայտարարել էր, որ կարող են էլ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքվել օտարերկյա ընկերությունների հետ, հատկապե`ս «Հարավային Ֆարս» գազատարի շահագործման համար:
Ի դեպ, Իրանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը կարիք ունեն օտարերկյա զգալի ներդրումների: Արևմտյան ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումներով կարող են նպաստել նավթի և գազի կորուստների կրճատմանը, դրանց արդյունահանման ծավալների մեծացմանը, հետևաբար` եկամուտների ավելացմանը:
Հավելենք, որ սխալ է կարծել, թե Իրանն այս ամենի արդյունքում կհրաժարվի սեփական միջուկային տեխնոլոգիաներ (թեˊ ռազմական, թեˊ խաղաղ նպատակներով) ստեղծելու քաղաքականությունից: Իրանի միջուկային ռազմավարությունը նույնն է, պարզապես նախագահ Ռոհանիի մարտավարությունն է տարբերվում նախորդից: Այն ենթադրում է մեղմ մեթոդներով, բանակցությունների և փոխհամաձայնությունների միջոցով ժամանակ շահելով` աստիճանաբար հասնել գերնպատակի իրականացմանը: Պատահական չէ, որ Օբամայի ընդդիմախոսները մեղադրում են, որ Իրանի կողմից ոչ այնքան կարևոր զիջումների դիմաց պատժամիջոցների թուլացման արդյունքում կես տարվա ընթացքում Իրանը կրկին կուժեղանա և կստանա իր միջուկային զենքը:
Դժվար է ասել, թե ինչպես կընթանան այս գործընթացները: Սակայն ամփոփելով նշենք, որ իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք է, դրանք լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, բայց և միաժամանակ տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալներ կապահովեն:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ
Եգիպտացորենով ու ընկույզով աղցան
Բաղադրությունը
ընկույզ` կես բաժակ
եգիպտացորեն` 500 գ
սխտոր` 2 պճեղ
համեմ` 6 ցողուն
կարմիր գինու քացախ
աղ
բուլղարական կարմիր տաքդեղ:
Պատրաստումը
Եգիպտացորենը խաշել ու հատիկներն առանձնացնել: Ընկույզը սխտորի հետ տրորել, մի քիչ` 1/4 բաժակ գոլ ջուր ու աղ ավելացնել վրան:
Լցնել քացախը, համեմն ու բուլղարական մանր կտրատած տաքդեղը:
Ստացված թանձրահյութը լցնել եգիպտացորենի վրա, խառնել ու թողնել 2-3 ժամ, ապա մատուցել:
