Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է, տուգանեք.Անահիտ Բախշյան

Անահիտ ԲախշյանՍտիպված եմ յուրաքանչյուր գործակարգավարականից հետո լրատվությամբ  հրապարակել այն, ինչի մասին խոսվում է այդտեղ, քանի դեռ լրագրողները չեն մասնակցում այս խորհրդակցություններին:

Այսօր՝ մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր պարոն Արեյանը, կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձրարվեց շաբաթվա ընթացքում  կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով  և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր  իրենց սեփական տարածքի նկատմամբ չեն կատարում պարտավորությունները: Իրավացի պահանջ է, սակայն կրկին հարց է բարձրանում, թե  ո՞վ է  Օղակաձև զբոսայգու  Խանջյան-Գնունի  անկյունի  ապօրինի կառույցի տերը, ինչո՞ւ  պատասխանատվության չեք  կանչում այդ  տնտեսվարողին  և չեք պահանջում քանդել ու ազատագրել այգու այդ տարածքը, որտեղ  տասնամյակների  տարիք ունեցող  բարդիներն արդեն չորացել են: Այս փաստին զուգահեռ նշեմ, որ այսօր պարոն Արեյանը շատ խիստ տոնով հանձնարարեց  վարչական տույժի ենթարկել Քրիստափորի փողոցի վրա կոյուղու վթարը վերացնելիս   կոյուղագործների կողմից   հատված մեկ ծառի համար, այնինչ վստահ եմ, որ  որևէ մեկը  չի  տուգանվել  Օղակաձև այգու  նշված հատվածում   բարդիների պուրակը  չորացնելու համար:

Վերջապես, ամեն գործակարգավարականի ժամանակ  ըստ վարչական շրջանների  զեկուցվում է, թե որ վարչական շրջանում քանի  ապօրինի  կառույց է  քանդման ենթարկվել: Այսօր զեկուցվեց  4 դեպքի մասին, սակայն, ինչպես միշտ,  ոչ  մի հասցե չնշվեց:

Ահա առնվազն երկու  ապօրինի կառույցի մասին հրապարակավ հայտնում եմ ՝  Օղակաձև զբոսայգու վերոնշյալ  տարածքի վրայի ապօրինի   կիսակառուցն ու Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի  պատին կպած  ապօրինի կիսակառույցը, որի վերաբերյալ տարիներով բողոքում են  այդ շենքի բնակիչները՝ ներկայացնելով  կառույցի անօրինական լինելու վերաբերյալ   համապատասխան  փաստաթղթերը, որոնք իմ կողմից ներկայացվել են  քաղաքապետին:

Մայրաքաղաքում   առկա ոչ պատշաճ սանիտարարական վիճակում գտնվող սեփական հողատարածքների  վերաբերյալ  նախորդ գործակարգավարականի ժամանակ քաղաքապետի կողմից տրված հանձնարարության վերաբերյալ զեկուցվեց հետևյալը՝  նման 99  սեփական հողատարածք է գույքագրվել, սակայն կան հողատարածքներ, որոնց տերերը հայտնի չեն:

Պատկերացնո՞ւմ եք, սիրելի երևանցիներ, Երևանում կան սեփականաշնորհված հողատարածքներ, որոնք կորած  են աղբի մեջ  ու  տերերն անհայտ են: Բա չհարցնե՞ս, եթե տերեն անհայտ են ուրեմն անտեր են, այսինքն սեփականաշնորհված չեն:

Սա էլ որերորդ անգամ թե՛  քաղաքապետը, թե՛ փոխքաղաքապետը  խստորեն  հանձնարարում են . “ով ուզում է  լինի տարածքի սեփականատերը՝  դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է: Որևէ սեփական տարածքի   աղբի, ոչ պատշաճ տեսքի  համար արձանագրություն գրվե՞լ է, պահանջե՞լ եք   հետևել իրենց   հողի նկատմամբ ունեցած պարտավորություններին:  Հողատերերին հանձնարարեք մաքրել իրենց հողատարածքները, հակառակ դեպքում  կազմեք արձանագրություն ու տուգանեք: Քաղաքային ռեսուրսը չենք ծախսելու սոփական հողերի մաքրման վրա, իսկ վարչական 12 շրջանների ղեկավարներին հանձնարարում եմ  հայտնաբերել հողատարածքների  անհայտ սեփականատերերին”: Չեմ պատկերացնում, թե ինչպես են վարչական շրջանի ղեկավարները հայտնաբերելու անհայտ սեփականատերերին, բայց կարելի է ենթադրել, թե  ինչպես կհայտնվեն նոր տերեր:

Այսօրվա գործակարգավարականի վերաբերյալ՝ այսքանը:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամ

 Անկախ

Հանրային խորհրդի նախագահն անհնար է համարում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում

Վազգեն ՄանուկյանՀայկական կողմը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահների ջանքերը, հատկապես հրադադարը պահպանելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ռումինական AGERPRES լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,հաղորդում է  lurer.com-ը : «Որպես նախկին պաշտպանության նախարար կարող եմ հավաստել, որ ամենավատ խաղաղությունը լավ է պատերազմից: Իսկ դրա վտանգը միշտ կա, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ոչ միայն Հայաստան ի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ուստի մենք համաշխարհային հանրությունից եւ գործընկեր երկրներից, որոնց մեջ է նաեւ Ռումինիան, ակնկալում ենք այդ վտանգի գիտակցություն, իրավիճակի սթափ գնահատում եւ համապատասխան վարքագիծ»,- նշել է Մանուկյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վարում են դրա մանդատն ունեցող երեք միջնորդ երկրները’ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ, Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, որեւէ այլ երկրի կողմից, հատկապես ԵՄ անդամ, ամենաճիշտ պահվածքը կլիներ հետեւել համանախագահների ընդհանուր դիրքորոշմանը: «Այս հարցում, երբեմն այստեղ ու այնտեղ արտահայտվող միակողմանի հայտարարությունները ոչ միայն վնաս են հասցնում բանակցային գործընթացին, այլեւ փչացնում երկկողմ հարաբերությունները»,-նկատել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են հարցը լուծել երեք հիմնարար սկզբունքների հիման վրա’ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: «Այստեղ է, որ Ադրբեջանը համառում է եւ չի ուզում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվ առավել, դեմ է բուն բանակցություններին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությանը: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը. արդեն 25 տարի է Լեռնային Ղարաբաղը փաստացի ինքնուրույն է, այսօր 30-40 տարեկան սերունդը չի է լ հիշում, որ երբեւէ եղել են ադրբեջանական վարչական ենթակայության տակ, եւ հանկարծ ինչպե՞ս եք պատկերացնում, որ երրորդ երկրներ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը եւ համանախագահ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, թղթի տակ ստորագրությամբ նրանց զրկում են իրենց ինքնուրույնությունից»,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Մարտի 8-ին Թաքսիմի հրապարակը կրկին մարդաշատ է

թաքսիմի հրապարակ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի պլատֆորմը, առիթ համարելով Կանանց միջազգային օրը, այսօր հավաքվել է Թաքսիմի ՙՙԳեզի՚՚ այգու մոտակայքում՝ այնտեղից երթ սկսելով դեպի Իսթիքլալ պողոտա: Այս պահին պողոտայում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել և պաստառները ձեռքերին բացականչում են ՙՙկանանց նկատմամբ բռնությունը կդադարեցնենք՚՚, ՙՙամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն՚՚ և մի շարք այլ արտահայտություններ: Կանանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպություններին են միացել նաև այլ միավորումների անդամներ, որոնք առիթը բաց չեն թողել հերթական անգամ բարձրաձայնելու իրենց բողոքը, իրենց իրավունքներն ու պահանջները:

2 ՙՙԳեզի՚՚ այգու իրադարձություններից հետո այս տարածքը գտնվում է մշտական հսկողության ներքո: Այսօր տեղի ունեցող ցույցերը վերահսկելու համար Թաքսիմի հրապարակը փակվել է թուրքական ոստիկանության կողմից: Ոստիկանները հավաքվել են թաքսիմի հրապարակԻսթիքլալ պողոտայի տարբեր մասերում և պատրաստ են միջամտության: Ցուցարարների աղմկոտ քայլերթը շարունակվում է, ոստիկանությունը տարածքից չի հեռանում:

 

Տաթևիկ Սարգսյան՝ Ստամբուլից հատուկ ՙՙԱնկախ՚՚-ի համար

Անկախ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    20.50C (1999թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.90C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.90C

Անկախ

Էդվարդ Նալբանդյանի Բացման խոսքը Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված քննարկմանը

90. Minister Nalbandian participated in Genocide prevention High Level pannel in Geneve - 07.03.2014Հարգելի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար տիկին Նավի Փիլային և նրա գրասենյակին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված այս բարձրաստիճան քննարկումն անց կացնելու համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կարևոր քննարկում անցկացնելու պատրաստակամության համար: Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած տիկին Էսթեր Մուջավայոյին: Այդ ցեղասպանության 20-րդ տարելիցը կնշվի երեք շաբաթից Բրյուսելում միջազգային կոնֆերանսին:

Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:

ՄԱԿ-ն իր տարբեր կառույցների միջոցով կենտրոնական դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում: Ես կցանկանայի ընդգծել  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անձնական ներգրավվածությունը, ով ուղղորդում է այս շարունակական գործընթացը: Մեզ ոգևորում է Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի այլ կառույցների` անդամ պետությունների հետ միասին նպատակաուղղված աշխատանքը: Ես կցանկանայի շեշտել Ցեղասպանության կանխարգելման հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի արժեքավոր ներդրումը, ով այսօր մեզ հետ է:

Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:

Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:

Ցեղասպանությունը բարդ երևույթ է, այն տեղի չի ունենում միանման եղանակով: Կանխարգելումը պետք է հիմնված լինի ցեղասպանությունների պատմության ճշգրիտ ընկալման վրա: Մենք պարտավոր ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր դեպքում, այլ նաև դրա պատճառները: Մենք պետք է պատրաստ լինենք դասեր քաղելու անցյալի ձախողումներից և բաց լինենք նոր գաղափարների համար:

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հարկադրանքի, կանխարգելման միջոցառումների մշակում: Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա ոճրագործները չպետք է կասկած ունենան, որ նրանք հաստատապես կենթարկվեն պատասխանատվության: 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք անձնական պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Այսպիսով, Մարդկության դեմ գործած հանցագործության ժամանակակից հասկացությունը ներառվեց միջազգային իրավական համակարգում:

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի նախապատմությունը կապված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ: Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը, սահմանելով ցեղասպանություն հանցագործությունը, հղում էր անում հենց հայերի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներին: Լեմկինը նվիրեց իր կյանքը մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրությանը, որը նույնպես ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:

2013թ. մարտի 22-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում սահմանված միջոցները նախատեսում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Մենք բոլորս միասնական ենք ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների` վաղաժամ նախազգուշացման, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության և հանրային իրազեկման կարևորության շուրջ:

Առաջին, որպեսզի միջազգային հանրությունն անհապաղ արձագանքի, մենք պետք է տեղեկացված լինենք ցեղասպանության վտանգի մասին հնարավորինս վաղ և իրականացնենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Սովորաբար ցեղասպանություն իրականացնողները փորձում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Միջազգային հանրությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցեղասպան միջավայրի առաջացման պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցանքին և կանխել այն հնարավորինս շուտ:  

Նախորդ տասնամյակի ընթացքում և ՄԱԿ-ը, և տարածաշրջանային մարմինները զգալի առաջընթաց են գրանցել վաղ նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորը երաշխավորելու համար, որ առաջիկա տարիներին այս հաջողությունները, առաջընթացը շարունակություն ունենան: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումը չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ նրանց չեն հետևում հստակ զսպիչ քայլեր:

Երկրորդ, ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային մեխանիզմների մասն է: Բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի ոճրագործությունների դեմ պաշտպանական ամենակարևոր գծում: Ցեղասպանությունը աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ոչ բռնության արժեքների վրա:

Երրորդ, մեր նպատակներից մեկը հասարակության մեջ այս արժեքների ամրապնդումն է կրթության և հիշողության միջոցով: Սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Կատարված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կանխման ամենաարդյունավետ միջոցներից են: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը, որն այլ կերպ կոչվում է ժխտողականություն, անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրա կանխարգելմանն ուղղված ջանքերում, հատկապես՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիայի լույսի ներքո:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլ նաև իրականացնողների ժառանգների  համար: Նման օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է:

Տիկնայք և պարոնայք,

Նշելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակը՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պայմանագրի արդյունավետությունը պետք է գնահատվի դրա իրականացման (կատարման) հիման  վրա: Այս քննարկումը լավ հնարավորություն է այս Կոնվենցիայի իրականացման լավագույն փորձը փոխանակելու համար:

Օգտվելով հնարավորությունից՝ ես կոչ եմ անում այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, միանալ մոտ ապագայում և հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր ջանք չեն խնայում ցեղասպանության կանխման ուղղությամբ:

Շնորհակալություն:

Անկախ

 

22-ամյա Արսեն Խոջոյանը ընտանեկան վեճի պատճառո ՞վ է հատել սահմանը

Arsen-XojayanՏավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել: Համագյուղացիները Անկախ-ի թղթակցին տեղեկացրել են, որ Արսենն ապրում է բազմանդամ ընտանիքում, ունի երեք եղբայր և երեք քույր: Արսեն Խոջոյանը ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված և օրերս Հայաստանին հանձնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:

Վերին կարմիրաղբյուրցիները պատմել են, որ իբր տղան մոր հետ առավոտյան վիճել է և ասել, որ <<թուրքի կողմն է անցնելու>>,  մայրն էլ արձագանքել է` ասելով, թե <<հիմար չես, այ տղա>>:

Հաշվի առնելով, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, համագյուղացիները ենթադրում են, որ ընտանեկան վճեը ծագել է կենցաղային հարցերի շուրջ:Հետո Արսենը զանգահարել է սիրած աղջկան, նրան ևս ասել, որ անցնելու է սահմանը:

Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն, և հնարավոր է, որ տղան սահմանը հատել է ոչ դիտավորյալ, այլ պատահաբար` թանձր մառախուղի պատճառով:

Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում: <<Լավ տղա ա շատ, նորմալ, մի քիչ նույնիսկ հպարտ>>,-նշել են Արսենի համագյուղացիները:

 

Անկախ

Պակիստանը դարձավ StartUp Cup մրցանակաբաշխության հաղթող

StartUp CupԱյսօր Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխարհի յոթ երկրների StartUp-ները մրցեցին առաջին համաշխարհային StartUp Cup-ի հաղթողի կոչման համար: Մրցույթին մասնակցում էին Պակիստանի, Եգիպտոսի, Մալայզիայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների, Լիբանանի և Գանայի թիմերը: Տարվա լավագույն StartUp ճանաչվեց Պակիստանի «Go-Fig» թիմը: Երկրորդ տեղում Գանայի «Bravehearts Expeditions» թիմն էր, երրորդ տեղում` Ռուսաստանի «Oriense» թիմը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը իր ելույթում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում անցկացվում StartUp մրցանակաբաշխություն: «StartUp-երի վերաբերյալ Հայաստանում մի քանի միջոցառումների եմ մասնակցել, սակայն առաջին անգամն է, երբ Հայաստանում է մեկնարկում այս մրցույթը: Այս տարվա մեկնարկի արարողության առաջարկն արվել է Հայաստանին, որովհետև նախկին միջոցառումներին Հայաստանը կարողացել է արդյունավետ մասնակցություն ունենալ:

«Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն ուրախությամբ նշեց, որ «Թումոյի» համար մեծ պատիվ է իր հարկի ներքո նման միջոցառում անցկացնել:

StartUp Cup-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Շոն Գրիֆինի խոսքով` համաշխարհային StartUp Cup-ը շատ նշանակալից միջոցառում է: Այն նպատակ ունի ներկայացնել ամենատարբեր տնտեսական համակարգերում գործող ամենահաջողակ ձեռնարկատերերին ու նորաստեղծ բիզնեսները: Հայաստանյան ստարտափների առաջնությունը Միացյալ Նահանգներից դուրս անցկացված առաջին մրցույթներից է, այդ իսկ պատճառով պատահական չէ, որ առաջին ամենամյա համաշխարհային StartUp Cup-ը տեղի է ունենում հենց Հայաստանում:

Համաշխարհային StartUp Cup-ում մրցեցին 21 երկրների տեղական մրցույթների հաղթողներից ընտրված յոթ թիմեր: Այսօր գոյություն ունի StartUp Cup բիզնես մոդելի 68 մրցույթ՝ 57 տարբեր երկրներում: Յուրաքանչյուր տեղական մրցույթի հաղթող, որ նվաճել է իր կոչումը 2013-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, հնարավորություն է ունեցել մասնակցել համաշխարհային StartUp Cup մրցույթին:

Հաղթողին սպասում են ներդրումներ, հաճախորդներին ու ներդրողներին բարձր մակարդակով ներկայանալու նոր հնարավորություններ և, իհարկե, արժանապատիվ կոչում:

Նշենք, որ համաշխարհային StartUp Cup մրցանակաբաշխության հայաստանյան կազմակերպիչներն են «Upostrophe» հիմնադրամը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Անկախ

Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ

DSC_0214ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում:

Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ:

DSC_0188Հայ մշակույթի տանը ՀԽ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սումգայիթի զոհերի ոգեկոչման պատարագին:

Քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում Վազգեն Մանուկյանն իր ելույթներում անդրադարձել է Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախության ձեռքբերման պատմությանը, խոսել Հայաստանի ներկայիս արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Բուխարեստի Տիտուլեսկու եվրոպական հաստատությունում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա են եղել Ռումինիայի արտգործնախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քննարկում է ծավալվել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ մասնավորապես կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:

Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանը երբևէ չի հրաժարվել եվրաինտեգրման իր քաղաքականությունից և կառուցում է եվրոպական տիպի պետություն՝ հիմնված եվրոպական արժեքների և ժողովրդավարության վրա, մյուս կողմից, Հայաստանն անվտանգության խնդիրներից ելնելով, կապված է Ռուսաստանի հետ:

ՀԽ նախագահը, սակայն, հավելել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անվտանգության հարցերով, այլև տնտեսական գործոնով, քանի որ Հայաստանը ավանդաբար կապված է ռուսական շուկային, Ռուսաստանի հայ գործարարները մեծ ազդեցություն ունեն ռուսական բիզնեսում, հայկական շատ ապրանքներ այնտեղ մեծ պահանջարկ ունեն, մինչդեռ Եվրոպայում կարող են անմրցունակ լինել և այլն: Չնայած Հայաստանի ներկա տնտեսական վիճակի պահպանումը կապված է ռուսական շուկայի հետ, Մանուկյանը նշել է , որ երկրի տնտեսության զարգացումներն ու արդիականացումը կապված են Եվրոպայի հետ:

Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որպես համանման կառույցների ղեկավարներ, կողմերը քննարկել են իրենց գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերել պայմանավորվածություններ:

Անկախ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ առաջիկայում Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհուրդը նախատեսում է անցկացնել գործարարների համաժողով, և իրենք պայմանավորվածություն են ձեռք  բերել այդ համաժողովին նաև հայ գործարարների մասնակցության վերաբերյալ, որը կնպաստի հայ և ռումինացի գործարարների միջև կապերի ստեղծմանը:

«Ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային խորհուրդները, ժամանակի ընթացքում ձևափոխվելով, որոշակիորեն նեղացրել են իրենց գործունեության ոլորտը՝ ի տարբերություն մեր Հանրային խորհրդի,-ասաց Մանուկյանը,-նրանք հենված են երեք կետի վրա՝ արհմիություններ, գործատուներ և կառավարություն: Դա հակասական կողմերի եռակողմ մի շղթա է, որտեղ փնտրվում են կոմպրոմիսներ, հաշտության եզրեր: Իսկ բիզնեսի, աշխատավորների շահերի պաշտպանությունը երկրի զարգացման կարևորագույն պայմաններից է»:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նույնպես հիմնականում բարձրացվել են Հայաստանի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր:

Մանուկյանը կարևորում է դարերի ընթացքում հայերի ունեցած մեծ դերակատարումը Ռումինիայի պետության կայացման գործում, հայերի ներդրումները ռումինական մշակույթի, քաղաքականության մեջ և նշում, որ ռումինացիները նույնպես դա չեն մոռացել և մեծ հարգանքով են վերաբերվում հայ համայնքին ու ընդհանրապես՝ հայերին:

“Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Ռումինիան այսօր Թուրքիայի ամենահավատարիմ դաշնակիցներից է, և այդ տեսակետից իր հստակ դիրքորոշումն ունի Հայոց ցեղասպանության, Արցախի հարցի վերաբերյալ,-ասում է նա,-և չնայած որ հայ համայնքի շատ ներկայացուցիչներ բավականին մեծ ազդեցություն ունեն ռումինական հասարակության մեջ, դա չի կարող չեզոքացնել Թուրքիայի ազդեցությունն այդ երկրում, քանի որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի հետ Ռումինիան ունի տնտեսական խորը հարաբերություններ”:

DSC_0248Վազգեն Մանուկյանի այցը Ռումինիա լայնորեն լուսաբանվել է ռումինական լրատվամիջոցների կողմից: Իր հերթին ՀԽ նախագահը հարցազրույցներ է տվել ռումինական մի քանի լրատվամիջոցների:

 

Անկախ

Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

Ջինա Լոլոբրիջիտայի որդին ցանկանում է, որ մորն անգործունակ ճանաչեն

ջինա լոլոբրիջիտա1Նախկին սիրեցյալի հետ դատական քաշքշուկներից մեկ տարի անց առասպելական կինոաստղ Ջինա Լոլոբրիջիտան կրկին դատվում է , այս անգամ սեփական որդու հետ: Նա պահանջում է մորն անգործունակ ճանաչել: Նրա կարծիքով 86-ամյա դերասանուհուն խնամակալ  է հարկավոր, քանի որ նրա երիտասարդ բարեկամները խաբեությամբ նրանից գումարներ են կորզում: Կինոաստղի օրինական ժառանգը`Անդրեա Միլկո Սկոֆիչը,  վախենում է, որ իր մայրը լիովին կսնանկանա: Սկոֆիչը Լոլոբրիջիտայի տղան է առաջին ամուսնությունից և նրա միակ ժառանգն է: Նա համոզված է, որ դերասանուհու երիտասարդ երկրպագուներն  աչք ունեն նրա խնայողությունների և Իտալիայի ու Մոնտե Կառլոյի անշարժ գույքի վրա, որոնք գնահատվում են ավելի քան 36 միլիոն եվրո: Ինչպես հաղորդում է  The Telegraph-ը, իտալական դերասանուհու որդին պահանջում է իր մոր համար խնամակալ նշանակել, որը կհետևի նրա ունեցվածքին և դրանց հետ կատարվող գործարքներին: ջինա լոլոբրիջիտաԴերասանուհին, որն իր փառքի գագաթին ճանաչվել էր սեքս խորհրդանիշ և աշխարհի ամենագեղեցիկ կինը, վերջերս հանրությանը ներկայացավ  “շատ երիտասարդ գործընկերոջ հետ”, պնդում են իտալական ԶԼՄ-ները: Հասկանալի է, թե ինչու դերասանուհու որդին կասկածներ ունի ժառանգության հարցում:Մինչև  2007 թ. դերասանուհին ապրում էր իսպանացի գործարար Խավիեր Ռիգաու-ի-Ռաֆոլոսի հետ, որը 34 տարով փոքր էր իրենից: Ավելի ուշ Ջինան նրան մեղադրեց, որ նա ամուսնացել է իր հետ իր բացակայության պայմաններում, որպեսզի ժառանգի իր կարողությունը: Իբր պսակադրությանը մասնակցել է աշխարհահռչակ դերասանուհու  նման մեկ այլ կին: Ձեռներեցն  իր հերթին հայտարարել է, որ Լոլոբրիջիտան ինքն է ստորագրել համապատասխան փաստաթղթերը`  թույլ տալով իր ներկայացուցիչին  իր անունից  ամուսնանալ: Նա դերասանուհուն մեղադրել է բանսարկության մեջ, սակայն Լոլոբրիջիտան պնդում է, որ ոչինչ չի իմացել այդ ամուսնության մասին, որ այդ ամենը խարդախություն է, ինչի մասին ինքն  իմացել է թերթերից: Ինքը` կինոաստղը, հավատացնում է, որ ինքը լիովին սթափ է, մինչ այժմ  ճանապարհորդում է աշխարհով մեկ և սիրավեպեր է ունենում: Իր հարցազրույցներից մեկում Լոլոբրիջիտան  խոստովանել է.”Ես շատ սիրեկաններ եմ ունեցել և մինչ այժմ սիրավեպեր եմ ունենում, ես դրանցով շատ երես առած եմ: Ամբողջ կյանքումս չափազանց շատ երկրպագուներ եմ ունեցել”:

ջինաԼոլոբրիջիտայի որդին ծնվել է նրա առաջին ամուսնուց` հարավսլավական բժիշկ Միլկո Սկոֆիչից, ի պատիվ որի դրել են որդու անունը: Բժշկի հետ նա ամուսնացել  է 1949թ., նրանց ամուսնությունը տևել է մինչև 1971թ.: Հիմա դերասանուհին կապված է Անդրեա Պիացոլոյի հետ, որը նրանից փոքր է 60 տարով: Ընդ որում,  Լոլոբրիջիտան պնդում է, որ իրենց մեջ պարզ ընկերական հարաբերություններ են: Նրանց սիրավեպի մասին բոլոր ենթադրությունները դերասանուհին համարում է  “վրդովվեցնող և զզվելի “:

Անկախ

Նիկոլ Դուման. Ժամանակակիցները նրան անվանում էին երկաթյա կամքով ղարաբաղցի լեռնական

nikol_duman_11-1-13 1895 թ. հոկտեմբերի մի օր Նիկոլ Դումանն առաջնորդում էր 50 հոգանոց խումբը դեպի Վան-Վասպուրական: Նրա անբաժան օգնականը Վազգեն Տերոյանն էր:

Ճանապարհը դժվարին էր: Տարվա այդ ամսվա համար անսովոր ցրտաշունչ եղանակը լրացուցիչ դժվարություններ էր հարուցում: Արևմտյան Հայաստան չհասած` երկու հոգի ցրտից մահացան:
Հազիվ ոտք դրած Վասպուրականի հողին` հայդուկների խումբը պաշարվեց քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից: Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարում են նաև գյուղի այն մարագները, ուր ապաստանել էին հայ ազատամարտիկները:

Քրդերը, չկարողանալով գրավել մարագները, որոշում են կրակի տալ նրանց: Նրանք մարագի մոտ կուտակում են չոր փայտ ու խոտ:
Անելանելի դրությունից ելք է գտնում խմբապետ Նիկոլը: Նրա հրամանով ֆիդայիները բացում են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով շատ քրդերի` ճեղքում են շղթան ու դուրս գալիս շրջապատումից: Քրդերը մեծ կորուստներ են ունենում. զոհվում է երկու ցեղապետ: Իսկ ֆիդայիներն այս կռվում զոհ չտվեցին:

-Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:

Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1867 թ. հունվարի 12-ին Արցախի Խաչեն գավառի Ղշլաղ գյուղում:

Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ անցել է հեղափոխության դարբնոցը: 1890-ական թթ. դասավանդել է Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, ապա` Թավրիզի ու Սալմաստի վարժարաններում: Այստեղ դասավանդելու տարիներին Նիկոլը աշակերտների սիրելին էր: Դասերից զատ նա ակտիվ ու աչքի ընկնող աշակերտներին հայրենասիրության դասեր է տալիս, զինավարժություններ անցկացնում:
Պատանի տարիքից հարել է ազատագրական շարժումներին: Մարտական մկրտությունը ստացել է 1894 թ. Դերիկում: Դերիկի վանքն այդ տարիներին հայ ազատամարտի զինանոցն էր: Այնտեղ էին հավաքվում զինյալ ֆիդայիները, վանքը նաև զինապահեստի դեր էր կատարում: Եվ ահա, Վանի փաշան փորձում է ծուղակ սարքել և ձերբակալել վանքում հավաքված 18 զինավառ հայ ֆիդայիներին: Շուրջ 500 հոգանոց ասկյարների զորաջոկատը պաշարում է վանքը: Սակայն հմուտ մարտավարությամբ հայ ֆիդայիներին հաջողվում է խույս տալ առանց կորուստների:

1895 թ. մեծաքանակ խմբով Նիկոլ Դումանն անցնում է Վան: Այստեղ նա հղացավ Խանասորի արշավանքի գաղափարը: Քրդական մազրիկ ցեղը, որ գործում էր Վասպուրական-Պարսկահայք սահմանագծին, հաճախ էր խոչընդոտում ֆիդայիների գործունեությունը և անհարկի կոտորածներ կազմակերպում հայության շրջանում: Հարկավոր էր պատժել մազրիկներին, ինչին էլ 1897 թ. ձեռնամուխ եղավ Նիկոլ Դումանը: Այս արշավանքի ժամանակ էլ առանձնացավ Նիկոլի ասպետական պահվածքը. «Տղե՛րք ջան, կանանց ու երեխաներին մի ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնա մորթոտեցեք»։

Խանասորի արշավանքը Նիկոլի մտահղացումն էր: Սակայն նա արշավանքին մասնակցեց սոսկ որպես հիսնապետ: Այստեղ էլ ընդգծվեց Նիկոլ մարտիկի անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հայրենիքին: Նա որևէ անձնական շարժառիթ չուներ. նրա նախաձեռնությունը ՀՅԴ-ն հանձնեց Վարդանին, և անխոնջ մարտիկը Խանասորի գործողությանը մասնակցեց որպես հիսնապետ:

Խանասորի արշավանքից հետո Նիկոլ Դումանն անցավ Կովկաս և հաստատվեց Բաքվում: Գերազանց ղեկավարելով Բաքվի հայության ինքնապաշտպանությունը` 1904 թ. նա հաստատվեց Երևանում:

Մեծ էր նրա դերը 1904-1905 թթ. Երևանի հայության ինքնապաշտպանության գործում: Նիկոլը հայության առաջնորդն էր, ոգին ու հրամանատարը: Նրա հրամանատարությամբ հայությունը հուժկու հարված հասցրեց Արարատյան դաշտում բնակվող թուրքերին: Նա մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց թուրքական բնակավայրերի դեմ: Նույն թվականին Նիկոլի հրամանով Բաթումում պատուհասվեց Երևանի նահանգի հայերի ջարդերի կազմակերպիչներից փաստաբան Կենգերլինսկին:
1910 թ. Նիկոլ Դումանը ՀՅԴ-ի կողմից ընտրվում է պատգամավոր և մասնակցում Կոպենհագենում անցկացված երկրորդ միջազգայնական կոնգրեսին:

1910-ական թթ. նա դարձյալ Կովկասում էր, ապա անցավ Արևմտյան Հայաստան` մասնակցելով հայ ազատամարտին:

Շուտով Նիկոլ Դումանն անցավ Պարսկաստան և մասնակցեց Իրանի հեղափոխական շարժումներին:

Նիկոլն ազգի նվիրյալն էր, նրա համար միակ սրբությունը հայրենիքն էր: Նրա կարգախոսն էր. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում»:

Նա հայ մարտիկի հավաքական կերպարն էր ու խիղճը: Առավել լավ է Նիկոլին նկարագրել ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանը. «Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրուտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր – սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին – փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»:

Նիկոլ Դումանը հայ ազատամարտի պատմության մեջ հարձակողական մարտավարության հիմքը դրեց: Նա հիմնավորում էր, որ ոչ միշտ է պաշտպանվողականությունը խրախուսելի, և հարկ է մերթ ընդ մերթ կիրառել հարձակողական, պատժիչ գործողություններ: Եվ նա իր մարտավարությունը հաջողությամբ կիրառեց ամենուր, երբ հայտնվում էր պայքարի կիզակետում:

1914 թ. Նիկոլ Դումանը ծանր հիվանդ էր. նա տառապում էր թոքախտով: Եվ ջանք չէր խնայում անգամ այդ վիճակում ծառայելու հայրենիքին: Սակայն տեսնելով, որ ի զորու չէ ոչինչ փոխելու, սեպտեմբերի 27-ին Կիսլովոդսկում ինքնասպան եղավ` իր մաուզերով կրակելով քունքին: Մինչ այդ նա իր կյանքին վերջ տալու խնդրանքով դիմել էր ընկերոջը: Բայց ո՞վ իր ձեռքով կգնդակահարեր հերոսին:

Նրա շիրիմն ամփոփում են սեպտեմբերի 28-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Բազմահազարանոց ամբոխն արցունքներով ճանապարհեց հպարտ հերոսին: ՀՅԴ ականավոր գործիչներից Տաշոն` Հովսեփ (Իշխան) Արղությանը, իր ճառի մեջ ասաց, որ հիրավի Սիմոն Զավարյանը դաշնակցության խիղճն էր, իսկ Նիկոլը` դաշնակցության մարտիկը: Նիկոլի աճյունն ամփոփվեց հենց Զավարյանի շիրիմի կողքին: Այսօր այն հազարավոր այլ արժանավոր հայերի շիրիմների հետ պղծվեց և ոչնչացվեց վրացական իշխանությունների կողմից:

Peugeot 308-ը ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա 2014 (լուսանկարներ)

Geneva Motor ShowՊեժոյի նոր 308 փոքր, ընտանեկան, հեչբեկ դիզայնով ավտոմեքենան ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա:

Պեժոյի անվանակարգումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնևի ավտոշոուի ժամանակ, որտեղ հավաքվում են աշխարհի ավտոարտադրողները:

58 անդամից բաղկացած միջազգային ժուրին 307 միավոր է տվել Peugeot 308-ին:

Ֆրանսիական հեչբեկը այս կերպ առաջ է անցել իր վեց մրցակից մեքենաներից՝ ներառյալ էլեկտրական շարժիչով BMW i3-ը (223 միավոր), Tesla S-ը (216 միավոր), Citroen C4 Picasso-ն (182 միավոր), Mazda3-ը (180 միավոր), Skoda Octavia-ն (170 միավոր) և Mercedes-Benz S-Class-ը:

Սոշոյում արտադրված նոր 308-ը թողարկվել է 2013 թ-ի վերջին չորս ամիսների ընթացքում:

Մեքենայի վաճառքը աշխարհի ամենամեծ ավտոշուկան ունեցող Չինաստանում կսկսվի 2015թ-ի սկզբներին:

Գարնան սկզբներին նոր 308-ի շարքը կհամալրվի ևս մեկ 308 SW մոդելով:

Անկախ

Շանելի նորաձևության շոուի ժամանակ պոդիումը վերածվել է առևտրի սրահի (լուսանկարներ)

Karl Lagerfeld - Cara DelevingneԱյսօր Շանելի ղեկավար Կառլ Լագերֆելդը Փարիզում նորաձևության շոուի ժամանակ պոդիումը վերածել էր սուպերմարկետի:

Ֆրանսիական նորաձևության տան սիրելի մոդել Կառա Դելևինին այս շոուի ժամանակ միացել էր Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Շանելի նոր մոդել Քենդալ Ջենները:

Շանելի նորաձևության շոուԿառլը հայտնի է նորաձևության թատերական շոուների կազմակերպմամբ: Նախկինում նրա շոուների ժամանակ օգտագործվել են հսկայական այսբերգներ, իսկ մեկ այլ շոուի ժամանակ ստորջրյա թագավորություն է ցուցադրվել: Այս անգամ նա Ֆրանսիայի մայրաքաղաքի Մեծ պալատը վերածել էր աշխարհի ամենաշքեղ մթերային խանութի:

Խանութի գնումների զամբյուղները զարդարված էին հայտնի ֆիրմայի ապրանքանշանով, իսկ մոդելները շրջում էին սուպերմարկետում՝ գնելով Շանելի բրենդային ուտելիքներ:

 Անկախ

Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով

Մամիկոն ԽոջոյանՄարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:

Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:

Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:

 Անկախ

 

 

 

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

11103_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:
11103_am_2Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով և ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:
Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:
Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:
Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,
– ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:
Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաև ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին և չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է և ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:
«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով նպաստենք ձեռնարկությունների հզորությունների ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:
Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք և կաևորել կառավարության հետ համագործակցությունը:
Անկախ

ԱՐՏԱԳԱՂԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԴՐԱՄԱ «Հոգեվարքը» ֆիլմ է բոլոր արտագաղթածների մասին

hogevarq 1– Այս ֆիլմը նկարահանելու գաղափարն ավելի քան յոթ տարվա պատմություն ունի,-
ասում է ռեժիսոր, «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Հայկ Օրդյանը, որ հանրությանն առավել հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով: Մենք հենց վերջերս իմացանք, որ նա այս օրերին խաղարկային կարճամետրաժ «Հոգեվարք» ֆիլմի հետարտադրական աշխատանքներն է կատարում:

«Հոգեվարքը» կամերային դրամա է: Ռեժիսորն ասում է, որ գործողությունը տեղի է ունենում մի սենյակում: Երկխոսությունները ֆիլմում շատ քիչ են: Նրա խոսքով՝ շեշտը դրված է հերոսների դրամատիկական ապրումների վրա, որի զարգացումն էլ հանգեցնում է կուլմինացիային:

Օրդյանն ասում է, որ շատ երկար է մտածել` ովքեր են լինելու ֆիլմի հերոսները: Հատուկ դերընտրություն չի իրականացրել, համոզվել է, որ գլխավոր հերոսի դերը կարող է վստահել միայն ՀՀ ժողովրդական արտիստ, երկարամյա ու փորձառու ռեժիսոր Հրաչյա Աշուղյանին: Իսկ ֆիլմում Աշուղյանի կերտած կերպարի կնոջ դերը, նրա իսկ խորհրդով, Հ. Օրդյանը վստահել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանին:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանն ասում է, որ քիչ են պատահում երիտասարդ ռեժիսորներ, որոնց գրեթե բոլոր փաստավավերագրական ֆիլմերը մրցանակ են ստանում արտասահմանյան երկրների փառատոներում:

– Ես շատ ուրախ եմ Հայկի հաջողությունների համար և որախ եմ, որ նրա առաջին գեղարվեստական ֆիլմում ես և իմ շատ մոտ ընկերուհի, մեր մայր թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը միասին հանդես եկանք այս ֆիլմում: Ուրախ եմ նաև, որ մեզ վստահվեց գլխավոր դերերը,- ասում է Հրաչյա Աշուղյանը:- Ֆիլմը, ըստ իս, շատ կարևոր հարցադրումներ ունի այսօրվա մեր կյանքի, սոցիալական վիճակի վերաբերյալ: Շատ երեխաներ, ցավոք, թողնում են մեր երկիրը, մեր հայրենիքը և աշխատանք փնտրելու հեռանկարներով գնում են արտասահման: Մեծ հույսերով են գնում՝ երբեմն լավ, երբեմն վատ: Իհարկե, ոչ ոք երաշխիքներ չունի, որ բոլոր գնացողների գործերը հաջող կլինեն, ոմանք հանդիպում են հաջողության, ոմանք` անհաջողության: Վստահ եմ, որ բոլոր ծնողներն էլ այսօր սպասում են իրենց զավակների վերադարձին:

Հրաչյա Աշուղյանի համար այս ֆիլմը դեբյուտային չենք կարող համարել. նա դեռ խորհրդային տարիներին մի քանի ֆիլմերում հանդես է եկել էպիզոդիկ դերերով:

– Գիտեք, իմ տարիքի մարդու համար դեբյուտային հասկացությունը տարօրինակ է երևի, որովհետև ես նկարվել եմ տարբեր էպիզոդիկ դերերում, ինքս արել եմ շատ բեմադրություններ թե՛ Սունդուկյան թատրոնում, թե՛ հանրապետության շատ թատրոններում, շատ մասսայական միջոցառումներ եմ կազմակերպել, ունեմ բազմաթիվ պարգևներ, կոչումներ:
«Հոգեվարք» ֆիլմի գլխավոր հերոսուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի համոզմամբ՝ ֆիլմի թեմատիկան, գաղափարախոսությունը, ասելիքը մեր օրերում շատ արդիական են, որովհետև մեկ բառով ասած՝ դա մեր կյանքն է:

hogevarq 3– Կարծում եմ՝ ոչ մի ընտանիքից պակաս չէ այս խնդիրը, սա, իրոք, մեծ խնդիր է: Փոխանակ արտագաղթողների թիվը կրճատվի, գնալով ավելանում է,- սրտնեղած ասում է դերասանուհին:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն էլ փաստում է, որ ֆիլմի հերոսները հենց իր համար էին բացահայտում.

– Վստահ եմ՝ հանդիսատեսի համար կրկնակի բացահայտում է լինելու: Ես պատահական չեմ ասում, նրանք պատահական ընտրված հերոսներ չեն: Հրաչյա Աշուղյանն անձնական ցավն ունի. նրա երկու դուստրերը հազարավոր կիլոմետր հեռու են ապրում, և հենց այդ անձնական ցավը կարողացավ Աշուղյանը բերել էկրան, առաջին իսկ տեսարանի ժամանակ դա միանգամից նկատեցի:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ այս տարիների ընթացքում կամաց-կամաց վերամշակել, հղկել է սցենարը, պարբերաբար անդրադարձել, պարբերաբար մոռացել.

– Այս սցենարը սրվեց այն ժամանակ, երբ հասկացա, որ մեր երկրում արտագաղթողներն ավելի են շատանում: Արտագաղթ ասված չարիքին ականատես եղա` սկսած մեր գյուղից, սկսած իմ հարազատներից, իմ բարեկամներից, իմ լավ ընկերներից, որոնք հերթով լքեցին Հայաստանը սոցիալական, տնտեսական և այլ պատճառներով: Դա էլ իմ բողոքն էր, այս ձևով ցանկացա արտահայտվել:

Ֆիլմի ռեժիսորը նշում է, որ «Հոգեվարք» վերնագիրը երկիմաստ է. մի դեպքում՝ այն անհատի հոգեվարքն է, մյուսում՝ մի ամբողջ ժողովրդինը:

– Արտագաղթն այն երևույթն է, որը երկրին իսկապես հոգեվարքի է հասցնում, մենք սկսում ենք կարծես ցայտնոտի մեջ ընկնել, հոգեբանորեն սկսում ենք չհասկանալ՝ ինչ է կատարվում մեզ հետ: Խնդիրն այս դեպքում անհատի վրա կենտրոնանալը չէր: Միջոցը դիպուկ էր. իմ աչքով եմ տեսել՝ որքան ծնողներ, չկարողանալով վերջին րոպեին բռնել իրենց զավակների ձեռքը, հրաժեշտ են տվել կյանքին,- պատմում է Հ. Օրդյանը:

Օրդյանի խոսքով՝ այս ֆիլմը նաև ուղերձ է հայրենիքը լքած մարդկանց, որոնք հեռացել են երկրից, բայց այստեղ են նրանց ամենաթանկ մարդիկ՝ ծնողները:

– Գիտեք, եթե մարդը նայի ֆիլմը, էական չէ նրա ազգությունը կամ հեռավորությունը: Այդ տարածության մեջ նա կկարողանա գտնել իր ծնողին: Միայն մարդ ծնողի մասին չէ խոսքը, նաև հայրենիքի,- ասում է Հայկ Օրդյանը,- ֆիլմը լավ հնարավորություն է ընձեռում հիշելու կամ վերհիշելու հայրենիքը՝ քո տունը, բակը, խաղահրապարակը, ծառերը, ի վերջո, հարևաններին, ընկերներին, մարդկանց, որոնց ճանաչել ես մանկությունից: Մարդը նաև հենց այդ հատկանիշները պետք է կրի, եթե նա այդ զգացողությունները չունեցավ` կկորցնի իր տեսակը: Ես շատերին եմ ճանաչում, որոնք հեռացել են, հեռացել ամեն ինչից, ու երբ հանդիպում եմ նրանց, զգում եմ, որ կորցրել են իրենց մարդկային դիմագիծը:

«Հոգեվարք» ֆիլմի օպերատորն Արման Օրդյանն է: Նրա օպերատորական արհեստավարժությունը գնահատում են թե՛ հայաստանյան, թե՛ արտասահմանյան երկրների ֆիլմարտադրության հսկաները:

– Հետաքրքիր է, որ գրեթե ամեն ինչի մասին խոսում են կադրերն ու ձայնը: Շատ թաքնված շերտեր կան դրանցում,- ասում է Արման Օրդյանը,- գրեթե բոլոր կադրերում սիմվոլիկաներ կան, ու կադրերի հաջորդականությունն իրենք իրենց հերթին ունեն նույն սիմվոլիկաներն ու ասելիքը: Օրինակ՝ հենց տուն մուտք գործելը: Ինչպե՞ս մտանք տուն ու ինչպե՞ս դուրս եկանք այնտեղից: Տեսախցիկը կարծես մուտք գործեց մարդկանց կյանքի մեջ. այդ ամբողջը սիմվոլիկայով է ստացվել, ու շատ նուրբ է ներկայացվել:

Ֆինանսական տնօրեն Մհեր Սողոմոնյանն էլ սեփական փորձով է գնահատում: Ասում է, որ նմանօրինակ ֆիլմերի ստեղծման ժամանակ ամենամեծ խնդիրը ֆինանսավորումն է.

– Գիտեք, նմանօրինակ ֆիլմերը կոմերցիոն չեն, և այս առումով պետք է ասեմ, որ քիչ են հետաքրքրում ֆինանսավորողներին: Սակայն այդ փաստն է՛լ ավելի պարտավորեցնող եղավ, որպեսզի կարողանանք նկարահանել որակյալ ֆիլմ: Թեման բոլորիս շատ հոգեհարազատ էր, և վստահեցնում եմ ՝ չի խնայվել ոչ մի միջոց: Արվել է ամեն ինչ, որ նյութը մատուցվի պատշաճ որակով:

Հայկ Օրդյանը հայտնեց նաև, որ «Հոգեվարք» ֆիլմի առաջին դիտումը հավանաբար կհամընկնի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հոբելյանական` 5-րդ տարեդարձի հետ:

 

Չխայտառակվելու դիմաց կինը դրամաշորթին 16 մլն է վճարել ու սեռական հարաբերություն ունեցել

օդնոկլասնիկի2012 թ. մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնարավորինս մեծ օգուտներ քաղել,հաղորդում է Փաստինֆոն:   Սկզբի համար Ռոմանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել:   Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռոմանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել:   Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը:   Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռոմանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին:   Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռոմանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից:   Այսպես, շորթումն ու սպառնալիքները շարունակվել են մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ կինը հայտարարել է, թե այլևս գումար չունի: Բայց դարձյալ զոհ գնալով իր ծանոթի սպառնալիքներին՝ նրան է հանձնել իրենց տանը պահվող ամբողջ ոսկեղենը՝ 12.000.000 դրամ ընդհանուր արժեքով:   Բայց սա դեռ ամբողջը չէ:   Բացի շորթումից, Ռոմանը նաև Հրազդանի կիրճից քաղել ու իր տանը ապօրինի պահել է զգալի չափի՝ 0.53 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այն հայտնաբերվել է 2012 թ. նոյեմբերի 28-ին վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ: Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը

34

Այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Սիրված դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության, ինչպես նաև անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա մասնավորապես ասել է.

“Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան առթիվ:

Հեղինե Հովհաննիսյանը՝ բոլորի կողմից սիրելի Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Կյանքից հեռացավ աճեմյանական փառահեղ ,,Նամուսի,, վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին…”:

Անկախ-ը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:

 

Անկախ

 

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան«Ժառանգություն»  կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի մոտ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքի ելույթը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մարտի 1-ի ելույթն  ըստ Անահիտ Բախշյանի՝ նախորդ տարիների ելույթների և գործողությունների հետ համեմատած իր մեջ շատ իրարամերժ հասկացություններ է պարունակում:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ես շիվարել ու մոլորվել էի, չէի կարողանում գտնել այն հարցի ատասխանը, թե ինչ պիտի լինի մեր վաղվա օրը: Ինձ համար անհասկանալի էր Մաքսային միությանն անդամակցության դրական արձագանքը, Գագիկ Ծառուկյանի և Իվանիշվիլու միջև արված համեմատությունը: Հենց մարտի 1-ի թնջուկի հետ կապված խոսվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ են այդ գործողություններին մասնակից  եղել: Այս ֆոնին անհասկանալի էին Լևոն ՏերՊետրոսյանի ասածներն այն առնչությամբ, թե Գագիկ Ծառուկյանին է տեսնում Հայաստանին այս իրավիճակից դուրս բերողի դերում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այստեղ քաղաքագիտական և քաղաքական առումով շատ թաքնված բաներ կան:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ամեն դեպքում լինելով համագործակցությունների կողմնակից, լավ չի պատկերացնում այդ համագործակցությունը, որովհետև ԲՀԿ-ն այսօր այլ ձևաչափով է հանդես գալիս, «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»:

«Ես չգիտեմ՝ որքանո՞վ են ազնիվ Բարգավաճ Հայաստանի մղումները, ինչպե՞ս հավատալ դրանց, և արդյո՞ք դրանց հետևում Ռոբերտ Քոչարյանի ականջները չեն երևում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Առաջիկա հինգ օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`Մարտի 3-ին, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, մարտի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Մարտի 3-ին, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի գիշերը հնարավոր է անձրև: