Օգոստոսի 17-ին ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը դեռևս չեն կարողանում մարել

4Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում օգոստոսի 17-ին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Խալիք Մամեդովը: “Դեռևս չենք կարողացել կրակը մարել, սակայն այդ ուղղությամբ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են տարվում”,-նշել է Մամեդովը:
“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, զոհեր չկան:
Ներկայումս SOCAR-ի մասնագետները տարբեր մեթոդներ են մշակում`հրդեհը ամբողջությամբ մարելու համար:

Ազատամարտիկ. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88- ին, էլի լինի»

gurgen nazaryanԳուրգեն Նազարյանը Աֆղանստանում ծառայած ու կռված մարտունեցիներից առաջինն էր, որ 1988-ին անդամագրվեց  «Հայ դատ»  հասարակական քաղաքական ՀԿ-ին ու միացավ Ղարաբաղյան շարժմանը:

«Պատերազմ տեսել եմ 18 տարեկան հասակում, Աֆղանստանում: Երբ շարժումը սկսվեց, ասի` ո՞նց, ուրիշի հողի համար գնամ կռվեմ, իսկ իմ հողի համար զենք չվերցնե՞մ»,-  հիշում է շարժմանը միանալու իր  որոշման մասին:

Սկզբում Վարդենիսում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում մասնակցել է  սահմանների պաշտպանությանը, ապա Արցախի ազատագրման համար է պայքարել հինգերորդ  գումարտակի կազմում: Նազարյանը կռվել է հիմնականում Մարտակերտի տարածքում` մասնակցելով Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը: Հիշում է, որ սկզբնական շրջանում զենք անգամ չկար, թշնամու դեմ պայքարում էին որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով, բայց, չնայած դրան, «կռվել ենք ու մեր հողն  ազատագրել` առանց վախենալու և ընկճվելու»:

Իր մարտական ընկերների հետ հաճախ է  փոխանակել Աֆղանստանում ձեռք բերված ռազմական փորձը, իր խորհուրդներով օգնել նրանց հաղթահարել վախը:

«Պատերազմի ժամանակ, եթե տեսնում ես կողքինդ սրտով տղա է, պետք եղած ժամանակ կրակում է, կողքիդ է, քեզ  ակտիվ ես զգում, վախի զգացումը նահանջում է, իսկ եթե կողքիդ ընկերը թաքնված է, չի ուզում կրակել կամ հարձակման ժամանակ հետ է մնում, քեզ  էլ վստահ չես զգում, վախի մթնոլորտ է առաջանում»,- ասում է նա:

53-ամյա Նազարյանը պատերազմի մանրամասները հիշել չի ցանկանում, ասում է` չի սիրում նաև, երբ կողքիններն են պատերազմից պատմում. «Միշտ ասել եմ` մեկ Աստված գիտի, մեկ թուրքը, մեկ էլ մենք, թե ինչ է կատարվել: Եթե սիրում ես հայրենիքդ, նվիրված ես, հաստատ չես վախենում, սրտով կռվում ես, հատկապես որ կամավոր ես գնացել»:

Նազարյանը նաև այսպես է բացատրում, թե ինչու չի սիրում պատմել իր անցած ուղու մասին. « Հայրենասեր մարդը,  հետագայի մասին չմտածող կռվող տղեն կյանքում չի գա էստեղ ու գոռա, թե էս եմ արել, էն եմ արել: Ընենց տղերք են զոհվել, հազար ափսոս, ինձանից հազար անգամ լավ տղերք: Նայելով էն տղերքին, նրանց տված կռվին, էսօր ո՞նց կարամ մոռանամ  նրանց ու ասեմ` էս եմ արել, էն եմ արել: Ինչ արել եմ, իմ հող ու ջրի համար եմ արել»:

Հիշելով ազատամարտի  տարիները, երբ հայկական կողմը բավարար քանակությամբ զենք չուներ, ադրբեջանցիներին զիջում էր նաև մարդկային ռեսուրսներով, բայց միևնույն է, հաղթեց, Նազարյանն ասում է, որ գլխավոր գործոնը միասնականությունն էր. «Աստված եմ կանչում, որ այդ միասնությունը, որ կար 88-ին, էլի լինի: Բոլորով մեկ բան էինք  ուզում. ժողովուրդը մեկ մարդու պես պահանջում էր անկախություն և հողերի ազատագրում, այդպես էլ եղավ»: Նրա խոսքով` հատկապես Ղարաբաղյան շարժման սկզբում բոլորն էին ուզում հայրենիքին մի բանով օգնել, պայքարել, անգամ վիճում էին մարտի գնալու համար (պատահում էր, որ պահանջված թվից ավելի մարդիկ էին ցանկանում մեկնել):

«Այն  ժամանակ հայրենասիրությունը բոլորի մեջ կար: Գուցե կային մարդիկ, որ վախենում, զենք չէին վերցնում, բայց հաստատ հայրենասեր էին:  Այսօր նույնը չեմ կարող ասել,- ասում է նա:- Մենք գիտեինք  մեր պատմությունը, թե ոնց են թուրքերը ջարդել հայերին, թասիբը մեր մեջ եռում էր, ուզում էինք վրեժ լուծել»:

Երբ պատերազմն ավարտվում է հայերիս հաղթանակով, Նազարյանը հայրական օջախ է վերադառնում, էլի ձեռքն է առնում բահն ու գերանդին ու շարունակում գյուղացիական աշխատանքով ապրուստ ստեղծել և դաստիարակել երեխաներին, որոնց թողել էր հայրենիքին օգնության ձեռք մեկնելու համար:

2008-2013 թթ. ղեկավարել է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի  Մարտունու տարածքային կառույցը, այս տարի, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, հրաժարվել է պարտականություններից: Այժմ աշխատում է  էլեկտրացանցում:

Ասում է, որ երբեք որևէ մեկից որևէ բան չի պահանջել և չի պահանջելու. «Համարել եմ, որ հայրենիքն  իմ օջախն է, ելել եմ պաշտպանելու: Գնամ իմ ընտանիքի՞ց ինչ-որ բան պահանջեմ, չէ, ընտանիքը հարգում է, չի հարգում, ինքը գիտի, ինձնից հասանելիքը ես արել եմ: Կռվող տղեն երբեք հետ չի նայել, հետագայի մասին չի մտածել, նրան  պետք է եղել, որ հողն ազատագրի ու վրեժ լուծի թշնամուց, մնացածը թող հայրենիքը մտածի»:

Ասում է, որ ազատամարտիկի համար ամենակարևորը հարգված լինելն է, երբ կա հարգանք, էլ ուրիշ ոչինչ պետք չէ. «Չեմ ասում, որ պետությունը ազատամարտիկին պիտի ամեն ինչով ապահովի, ոչ, ուղղակի հարգանք է պետք: Ափսոսում եմ, որ երիտասարդ սերունդը, տեսնելով զոհվածների  և ազատամարտիկների ընտանիքների վիճակը, կարող է հիասթափվել էս հող ու ջրից, հայրենիքից: Հատկապես զոհվածների ընտանիքներին պետությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի»:

Ասում է, որ հիասթափության հիմնական պատճառն անարդարությունն է, այն, ինչ չկար 1988-ին, երբ բոլորը կողք կողքի նույն բանն էին պահանջում և նույն վիճակում էին:

Այսպես, օրինակ` Աֆղանստանում ծառայությունից հետո Նազարյանը տնամերձ հողատարածք է ստացել, որը և ընտանիքով մշակել է: Սակայն պատերազմից վերադառնալուց հետո պարզել է, որ հողն այլևս իրենը չէ. այն սխալմամբ են հատկացրել, քանի որ այդտեղով պետք է ճանապարհ անցներ: Փոխարենը իրեն այլ հողատարածք են հատկացրել, բայց արդեն վարձակալական հիմունքներով: Կիլոմետրերով հայրենի հող ազատագրած ազատամարտիկն ասում է, որ մեկ-երկու անգամ պահանջել է իրեն հատկացնել հասանելիք հողը, բայց ապարդյուն, ինքն էլ այլևս չի շարունակել պայքարը:

Չնայած այս ամենին, Նազարյանը կարծում է, որ ամեն մարդ պետք է ապրի ու արարի իր հայրենիքում: Նա երիտասարդներին կոչ է անում մնալ իրենց հայրենիքում, քանի որ ուր էլ գնան, միևնույն է, հողին այնպես ամուր չեն կարողանա կանգնել, ինչպես իրենց պապերի հայրենիքում:

 

Վարորդների երթ-հանրահավաքը հետաձգվել է. Բեգլարյանը գործադրել է քավոր-սանիկ դիվանագիտությունը

big_1a725948eԱվտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակավորապես կասեցվել է այսօր՝ օգոստոսի 26-ին նշանակված ավտոերթ-հանրահավաքը, որին պատրաստվում էին մասնակցել տաքսի ծառայության և երթուղային տրանստպորտի մոտ երկու հազար վարորդներ: Վերջիններս պահանջելու էին ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, քանի որ, ըստ իրենց, նախարարությունը մատնված է անգործության, չունի ոլորտի վերաբերյալ հայեցակարգ, որի պատճառով էլ իրավիճակը ծայրահեղ բարդացել է:

Թե ինչու է ավտոերթ-հանրահավաքը հետաձգվել, Տիգրան Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ Գագիկ Բեգլարյանը օրեր առաջ դիմել է իր հարազատներից մեկին՝ ասելով, որ ինքը գտնվում է արտերկրում՝ արձակուրդի մեջ և իր վերադարձից հետո կհանդիպի Տիգրան Հովհանիսյանի հետ՝ քննարկելու տրանսպորտի ոլորտի խնդիրները:

Այսօր՝ ամսի 26-ին, Բեգլարյաննն արդեն աշխատանքի է վերադարձել: Սակայն առայժմ հանդիպումը չի կայացել:

archive2.ankakh.com-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը Տիգրան Հովհաննիսյանի քավոր, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի միջոցով է իր առաջարկը փոխանցել, ինչը Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Սակայն երևում է՝ միջնորդությունը շատ ազդեցիկ է եղել, որ Հովհաննիսյանը որոշել է կասեցնել հազարավոր վարորդների մասնակցությամբ երթը:

Այժմ սպասվում է Բեգլարյանի հետ կայանալիք եռակողմ հանդիպումը՝ Գագիկ Բեգլարյան, Նահապետ Գևորգյան, Տիգրան Հովհաննիսյան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ պահանջում է Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և Երևանի քաղաքապետարանից երթ-հանրահավաք անցկացնելու թույլտվություն էր ստացել, որը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 26-ին:

 

 

 

 

 

 

 

Անհասկանալի է Հայաստանի տեղը «Նոր Կովկասում»

օբամա-սարգսյանԵթե Արևմուտքը սկսել ու ակտիվորեն իրականացնում է «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը, և այդ առումով մինչ այժմ ռուսական կողմից կտրուկ ու համարժեք քայլեր չէին նկատվում, ապա այժմ, կարելի է ասել, իրավիճակը հիմնովին փոխվել է: Ռուսաստանն էլ ձեռնամուխ է եղել «Նոր Կովկասի» շինարարությանը, այդ ընթացքում` արտաքին քաղաքական վեկտորների կտրուկ փոփոխությամբ: 

Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում:

Ինքնին ուշագրավ է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Վլադիմիր Պուտինը հարավկովկասյան տարածաշրջանային առաջին այցը կատարեց ոչ թե իր ստրատեգիական գործընկերը համարվող Հայաստան, այլ Ադրբեջան, այն դեպքում, երբ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեք-չորս անգամ Պուտինին պաշտոնապես հրավիրել է Երևան և պատասխան չի ստացել: Այս իմաստով Պուտինի կատարած ընտրությունը` հօգուտ Ադրբեջանի, պետք է ընկալել իբրև դիվանագիտական ժեստ թե՛ այդ հրավերների և թե՛ առհասարակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մոսկվան ոչ միայն փաստում է երկու երկրների քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման իրողությունը, այլև փորձում հասկացնել, որ Հայաստանի եվրաինտեգրացիոն գայթակղությունների պատճառով կարող է փոխել նախընտրությունների վեկտորները:

Այս առումով հետաքրքրական է «Գոլոս Ռոսիի»-ի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ՌԴ ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գրինյաևի անդրադարձները, որ զրույցի ժամանակ նշել է. «Մինչև ներկա պահի ռուս-հայկական հարաբերությունների գնահատականին անցնելը, ես կանդրադառնայի ընդհանուր իրավիճակին, այդ թվում և աշխարհաքաղաքական, որ վերաբերում է Ռուաստանին և նրա հարևաններին: Շատերն են նշում այն մասին, որ Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձով Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրավիճակը զգալի փոփոխություններ կրեց, որոնք, անխոս, վերաբերում էին նաև ԱՊՀ երկրների, ամենամոտ դաշնակիցների, ՌԴ սերտ գործընկերների հետ հարաբերություններին»: Վերլուծաբանի խոսքերով` նախկինում այդ հարաբերությունները կառուցվում էին քաղաքականության վրա, որն իր էությամբ խորհրդային ժամանակների ժառանգություն էր, այն ժամանակների, երբ Ռուսաստանը գործնականում ԱՊՀ բոլոր երկրների անպատասխան հովանավորն էր, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն էին տանում այդ երկրները:

«Վերջին ժամանակներս քաղաքականությունն ավելի պրագմատիկ է դառնում, ավելի պատասխանատու` երկու կողմերի համար էլ, ինչը ստիպում է ԱՊՀ երկրների կողմից արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում մոտեցումների վերանայում կատարել: Մենք դա նկատում ենք Ուկրաինայի և Ուզբեկստանի հետ հարաբերություններում, որոնք վերջին տարիներին բազմիցս մե՛կ մտնում, մե՛կ դուրս են գալիս ՀԱՊԿ կազմից և իրենց ուրույն վերաբերմունքն ունեն արտաքին քաղաքականության հարցում: Ես կարծում եմ, որ եկել է նաև ռուս-հայկական հարաբերությունների վերանայման ժամանակը, որի օրինակը կարող են լինել վերջին զարգացումները, այդ թվում` Պուտինի այցը Բաքու»,- նշել էր Գրինյաևը:

map_caucasusՍա նշանակում է, որ եթե մինչև հիմա Անդրկովկասում ՌԴ հիմնական ռազմավարական գործընկեր համարվում էր Հայաստանը, ապա այժմ վերջինս մի կողմից  սկսել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հստակ կուրս, ինչը կփակի նրա ճանապարհը դեպի Մաքսային միություն, մյուս կողմից շարունակում է դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս երկու ուղղությունները համատեղելի չեն:

Հարց է առաջանում` ի՞նչ էր Պուտինը փնտրում Ապշերոնում… Ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը փաստացի թաղեց «ՆԱԲՈՒԿՈ» նախագիծը` իր գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար նախապատվությունը տալով մինչև 20 մլրդ խմ թողունակությամբ Տրանսադրիատիկ գազատարին, որը կառուցվելու է 2017 թ.: Այս նախագիծն ավելի փոքր շուկաներ է խոստանում Ադրբեջանին, քան «ՆԱԲՈՒԿՈ»-ի շրջանակում, իսկ դա, միանշանակ, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Տրանսադրիատիկ գազատարը, ի տարբերություն «ՆԱԲՈւԿՈ»-ի, ավելի թույլ մրցակից է ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի համար, և այս իմաստով Ադրբեջանը հսկայական ծառայություն մատուցեց Ռուսաստանին` նրան ազատելով հիմնական մրցակցից: Նաև այն փաստը, որ Պուտինի այցելության օրակարգում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ռուսական Ռոսնևտի և ադրբեջանական «Սոկար» ընկերությունների միջև, հուշում է, որ Ռուսաստանը փորձում է մուտք գործել ադրբեջանական էներգետիկ արդյունահանման ոլորտ, ինչը կարող է հանգեցնել այդ երկրում նրա ազդեցության մեծացմանը: Սա էլ, իր հերթին, հնարավորություն կարող է տալ Ադրբեջանին մանևրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում և նրա առջև որոշակի քաղաքական պահանջներ դնելու, այդ թվում նաև ԼՂ հիմնահարցի մասով:

Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած մեկօրյա աշխատանքային այցում դիվանագիտական «ժեստիկուլյացիայի» առումով մի շատ կարևոր բան ընդգծվեց` նրա ժամանումը Կասպից ծովով «Դաղստան» հրթիռային ռազմանավի ուղեկցությամբ: Իսկ կայացած բանակցությունների վերաբերյալ երկու նախագահների հրապարակային հայտարարությունները չափազանց զուսպ էին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցելության ժամանակ երկու գլխավոր հարցեր են հուզել Ռուսաստանին: Առաջինը` Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ մատակարարելը Եվրոպա: Երկրորդը` Ադրբեջանի քաղաքականության շատ հստակ լինելը ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ: Իսկ Բաքվին, բնականաբար, հետաքրքրում էր Ղարաբաղյան խնդիրը:

Հատկանշական է մեզ վերաբերող այլ «մանրուք» ևս. այն օրը և օրերին, երբ մեր տարածաշրջանում փորձագետներն ակտիվորեն քննարկում էին Պուտինի ադրբեջանական սիրախաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում:

Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան. մարդ է մեր նախագահը և իրավունք ունի արձակուրդ անցկացնելու նույնիսկ հեռավոր Ամերիկայի ափերի մոտ` Մարտաս-Վինյարդ (Marthas vineyard) կղզում: Բայց հետաքրքիրն այն է, որ օգոստոսի 11-ին այդ նույն` Մարտաս-Վինյարդ էր ժամանել նաև ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման: Իհարկե, հնարավոր է, որ այստեղ «դավադրությունների տեսության» ժանրին վերաբերող ոչ մի առանձնահատկություն էլ չկա, սակայն պետք է հիշել, որ կղզին շատ փոքր է, իսկ ԱՄՆ նախագահի պես պաշտոնյայի այցելության դեպքում, բնականաբար, գերտերության հատուկ ծառայությունները «սանրել են» կղզին:  Այսինքն` այնպես չէ, որ Բարաք Օբաման չգիտեր, որ Սերժ Սարգսյանն այնտեղ է, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն էլ  միամիտ էր իր արձակուրդն անցկացնելու համար հենց այդ փոքրիկ կղզին ընտրել, ու առավել ևս դժվար է հավատալ, թե Օբամայի ու Սարգսյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել Մարտաս Վինյարդում:  Եթե նույնիսկ այդպիսի հանդիպում տեղի չի էլ ունեցել, ուշագրավ է, որ ՀՀ և ԱՄՆ նախագահներն իրենց հանգիստն անցկացնում են միևնույն փոքրիկ` մոտ 15 հազար բնակչություն ունեցող կղզում: Եթե մանավանդ դիտարկենք այդ «արձակուրդը» Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ջերմացման ու հայ-ռուսական հարաբերությունների ակներև լարման համատեքստում:

Լուրջ խմորումներ են ընթանում մեր տարածաշրջանում, որը գոնե քաղաքական համապատկերի փոփոխության առումով արդեն իսկ «Նոր Կովկաս» կարելի է համարել, ու Հայաստանի համար, ինչպես և սպասվում էր, գալիս են բարդ ժամանակներ. կողմնորոշման խնդիր կա` իր բոլոր դրական ու բացասական հետևանքներով հանդերձ:

 

 

Ընկերության մեջ Ազատի չափն անչափելին էր

AZAT SILVA 2Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է  նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:

– Մեծ արտիստի հետ մեր ծանոթությունը 30 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Առաջին անգամ նրան տեսա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում. բուլղար դրամատուրգ Պանչո Պանչևի «Չորս նմանակ եղբայրները» պիեսում մարմնավորում էր չորս եղբայրներին: Ցնցվել էի… Այդ օրվանից ուղղակի փնտրում էի այդ դերասանին, դա 1975 թվականն էր. հետո «Երջանկության մեխանիկան» ֆիլմի Ռուբենը, որ յուրաքանչյուր հայի սիրելին դարձավ, այնքան հմայիչ էր, էլ չեմ ասում հեռուստաթատրոնում նրա անձնավորած բազմաթիվ դերերը` Շոշիան, հատկապես Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսում, որ նրա դերասանական տաղանդի մասին շատ բան էր ասում: Չգիտեմ` որ մեկը թվեմ…

Ազատ Գասպարյանը պոեզիայի գիտակ էր և բեմից հրաշալի էր ներկայացնում Չարենցի, Սևակի պոեզիան: Հատկապես երբ բեմադրիչները նրան չէին ուզում նկատել, այդ պարապը նա լցնում էր չափածո տողով, էստրադան նրան հնարավորություն էր տալիս շփվելու հանդիսատեսի հետ:

Ինքս էլ սկսել էի բեմերից արտասանել և պատճառը հենց դա էր, որ իմ սիրած արտիստի հետ միևնույն բեմերում հայտնվելու բարեբախտություն ունեցա` թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Անշուշտ, բեմադրիչները մեղքի իրենց բաժինն ունեն, այդպիսի հզոր դերասանին պարապ թողնելը, իհարկե, մեղք էր, նրա համար պիտի ռեպերտուարային պիեսներ բեմադրեին, որ տոմս գնեինք և գնայինք հատուկ վայելելու նրան… Բարեբախտաբար, կինոն շռայլ եղավ, հրաշալի կերպարներ արձանագրեց Ազատ Գասպարյանը հայ կինոյի պատմության էջերում, փայլուն դերակատարումներ: Նա հազար մարդ էր, կարող էր հանճարեղ կերպով ամենատարբեր բնավորությամբ մարդկանց կաշվի ու էության մեջ մտնել ու անճանաչելի վերափոխվել: Դրա համար, իհարկե, բնածին տաղանդ է պետք: Ես խենթանում եմ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գյումրեցի միլիցիոներ Մեսրոպի համար, նա գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին այդ դերում չի զիջում, նույնքան սիրելի է, միայն քայլվածքը բավական է: Էլ չեմ խոսում հանճարեղ Չարենցի` վերամարմնավորման մասին, որ դարձավ նրա ոգու և տարերքի կրողը: Ավելի լավ ասել է մեծն Հրանտ Մաթևոսյանը.«Չարենցիանան գտել է իր պատվախնդիր ու քանքարավոր տիրոջը` Ազատ Գասպարյանին, ում հայացքով ենք տեսնելու Չարենցի աշխարհը, ինքը մեր նոր ու նորոգ վերաբերմունքի, հիացումի ստեղծիչը եղավ և լինելու է…»:

– Փաստորեն Ազատ Գասպարյանը Չարենցի լավագույն մեկնաբաններից էր:   

– Այո:  Նա պատմում էր, որ 10-րդ դասարանում է իմացել, թե ով է Չարենցը: Ասում էր՝ այդքան ուշացումով: Պատմում էր, որ 1963-ին ձեռքն էր ընկել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», այն էլ առաջին հրատարակությունը:

Ինստիտուտում՝ սովորելու տարիներին նրա երազանքն էր Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը. դա գիտեր նաև իր կուրսի ղեկավարը՝ Վարդան Աճեմյանը: Ազատն ասում էր. «Ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ-որ նմանություն ունեմ նրա հետ: 1967-ին Չարենցի 70- ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց Նորենցին ու ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծոցատետրը ու կարդաց. «Հասակը 1 մ 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի՝ համընկնում էր, հետո էլի ինչ-որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ, ասաց. «Կարող ես խաղալ»: Դրանից բավական անց ինձ կանչեցին «Հայֆիլմ»՝ «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին»:

Ազատն այն ժամանակ չգիտեր էլ, թե ինչ է վերցնում ուսերին: Առաջին անգամ ամբողջ ուժգնությամբ զգաց, երբ արդեն ընտրված էր Չարենցի դերակատար և նստած էր գրիմանոցում: Ասում էր. «Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս, առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա»:

Մահից մի քանի օր առաջ ասաց, որ ուզում է գալ և ֆոնդի համար ձայնագրվել, ասացի` եթե հրաշքով բարձրանա 2-րդ հարկ, որտեղ ստուդիաներն են, ռադիոյի ղեկավարությունն իր ոտքերի տակ գորգ կփռի: Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում ունի բավական կտորներ պահված… Եթե պոեզիայի երեկո էր լինում, ինչքան էլ ցանկությունդ մեծ լիներ Չարենց հնչեցնելու, Ազատի ներկայությամբ քաշվում էիր, ինձ երբեմն ինքն էր առաջարկում, միևնույն է, Չարենցը իր տարածքն էր…

– Կա՞յին դերեր, որոնք նա կցանկանար մարմնավորել, բայց...

ազատ գասպարյան– Իհարկե, կային: Երազում էր Սարոյանի Վեսլի Ջեքսոնը խաղալ, բայց չի իրականացել, տարիքն անցել էր, ինքը շատ նման էր մարդկային նկարագրով Վեսլիին, Վեսլիի նման ինքն էլ մարդկային զգացումների շռայլություն էր` խիղճ ու բարություն, ուրախություն ու ցավ: Թվում էր` Ազատը արտաքուստ ամենաուրախ մարդն է, բայց տխուր լինելու բազմաթիվ պատճառներ ուներ հոգու խորքում… Մի առիթով գրել է. «Ոզում էի Վեսլի Ջեքսոն խաղալ, չեղավ, Սիրանո դը Բերժերակ խաղալ` չեղավ»:

– Ինչպիսի՞ ընկեր էր Ազատը:

– Հայ մարդու, երկրի, ընկերոջ, ընտանիքի բախտով հրճվող ու տառապող էր, միաժամանակ անսպառ հումորի տեր, կատակող, իմաստուն սեղանակից էր: Կարծես ազգային մշակութային արժեքները պահող շտեմարան էր, ե՞րբ էր հասցրել այդքան կարդալ, հրաշալի գրում էր, նկարում, նստում դաշնամուրի առջև, քայլող բանահյուսություն էր: Վստահ եմ ասում` որտեղ հայտնվեր, տոն էր, շենացնող, հավերժ երիտասարդ, միշտ մանուկ… Ես նրա հետ շփվելիս միշտ Համո Սահյանի տողերն էի հիշում. «Երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ…»:

Իր մեջ ամբարված  սիրո հսկայական պաշարից լիուլի հասցնում էր բոլորին և ամեն մեկը մտածում էր, թե ինքն է նրա ամենասիրելին: Ընկերության մեջ նրա չափն անչափելին էր: Ե՛վ նվիրումն էր շատ մեծ, և՛ հավատարմությունը, դա մի քիչ դժվար է, գիտե՞ք, երկուսը միասին հազվագյուտ մարդիկ ունեն, ավաղ՜…

 

– Հիվանդության մասին գիտե՞ր:

– Մեջքը ցավում էր: Կես տարի առաջ գնացել էինք Լատինական Ամերիկա, հայ համայնքին հյուր, այնքան առույգ էր, կենսախինդ, դե, հանդիպումներ, ելույթներ, հյուրասիրություններ, պտույտներ, ես տրտնջում էի և այդ ռիթմին չէի դիմանում, ինքը հանդիմանում էր, չնայած իր թևը ցավում էր: Ասում էր, որ թատրոնի բեմում ներկայացման ժամանակ վայր է ընկել փոսի մեջ և ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Այս ձմռանը մեկ ամիս չէի տեսել, հեռախոսով ասաց, որ այդ թևի պատճառով գնում է մերսումների, բայց վիճակը նույնն է, հիմա էլ մեջքն է ցավում: Մայիսի 31-ին միասին Կամերայինի դահլիճում ելույթ ունեինք, ասաց, որ հաջորդ օրը բժշկական զննության է գնալու…

Հունիսի 1-ին իմացանք իր անբուժելի հիվանդության մասին: Ինքը չգիտեր, որ թոքի քաղցկեղ ունի և տարածված է, նույնիսկ խորհուրդ չտվեցին տեղափոխել արտասահման: Հիմա ես կարծում եմ, որ ինքը գիտեր, գլխի էր ընկել, մենք իր կողքին, կարելի է ասել, կապիկություն էինք անում, բայց ավելի շատ ինքն էր զվարճացնում ընտանիքին, ընկերներին:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, որտեղ օրուկես մնաց, ես և նկարիչ Հաղթանակ Շահումյանը իր տանն էինք, 100 տարվա կոնյակ մեզ հետ խմեց, կատակեց, երգեց, ոտքի վրա, երբեք անկողնում չպառկեց, ես հրաժեշտ տալիս շատ ուրախ փաթաթվեցի և ասացի Վեսլիի խոսքերը. «Ապրի՛ր Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը, մտիր վարդերի պարտեզը, շնչիր բույրը….»:

Շատ էր սիրում այդ խոսքերը: Հիվանդանոց երկու օրն էլ գնացի, ներս չմտա, պատմեցին, որ վարչապետ Սարգսյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այցելել են, այդ պահին արթուն է եղել,  երգել  ու արտասանել է: Նա երգելով գնաց այս աշխարհից, համոզված եմ` հիմա դրախտում է… 

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ին, Երևանում:

1970 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

1969-ից սկսած`  խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, Երևանի դրամատիկական թատրոններում, Հայկական հեռուստաթատրոնում, «Մետրո» թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1984 թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Մեր մանկության տանգոն», (1984 թ.), «Կարոտ» (1990 թ.) «Հեղնար աղբյուր» (1970 թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

1999 թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:

2000-2004 թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980-ից` վարչության անդամ: 2005 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2006 թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009 թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների:

2003 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011 թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում: Մահացել է Երևանում:

ՄԻՊ-ը` ոստիկանության գործողությունների և ակտիվիստների ծեծի մասին

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է Կոմիտասի պողոտայում կատարված միջադեպին:

Հայտարարությունում ասվում է . «Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:

Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության»:

Քեյթ Միդլտոնը թագաժառանգի դաստիարակությունը չի վստահում դայակին

o_802757Բրիտանական գահի ժառանգորդի խնամքը Քեյթ Միդլտոնը չի վստահում դայակին: Քեմբրիջի դքսուհին հայտարարել է, որ նորածին արքայազնի  դաստիրակության գործում  իրեն կօգնեն իր ծնողները: Որպեսզի մոտ լինեն թոռնիկին, հատկապես երիտասարդ մոր համար առաջին ամենածանր  ամիսներին, նրանք կտեղափոխվեն Ուիլյամի և Կեյթի Կենսինգտոնյան պալատ:

Հիմա այնտեղ վերջացնում են վերանորոգումը, հաղորդում է “Россия 24”-ը: Աշխատանքները  տարվում են հաշվի առնելով Միդլտոնների տեղափոխումը, որոնց համար պատրաստել են ոչ մեծ տնակ:Ճարտարապետները ասում են, որ Քեյթը անձամբ է մասնակցել կահավորմանը:

«էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»

1185932_620966181267896_482957924_nԳիշերը ժամը 01:30-ի հատվածում «Արարատ»հյուրանոցի մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Գրիգորյանին: Ծեծելու ժամանակ սպառնացել են՝ ասելով, որ «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել», գողացել են Բաբկենի iPhone հեռախոսն ու անձնագիրը։ Տղաները եղել են ոստիկանությունում, հաղորդում են տվել։

Լուսանկարը՝ Dvin Isanians-ի

Կոմիտաս 5-ում ծեծել ու բերման են ենթարկել ակտիվիստներին

168955Քիչ առաջ լարված իրավիճակ էր Կոմիտաս 5 հասցեում: Շենքերի մի խումբ բնակիչներ և ակտիվիստներ փակել էին փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում կանգ էր առել:

Բազմաթիվ ոստիկաններ պատ շարած թույլ չէին տալիս ակտիվիստներին շարժվել դեպի փողոցի կենտրոն, որտեղ վերջիններս մտադիր էին պառկած ակցիա անցկացնել: Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին ակտիվիստներին, որոնց խմբում էր նաև «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

Իրավիճակը գնալով թեժանում էր, իսկ ոստիկանական ավտոմեքենաներն ավելանում էին:

Ոստիկանները ծեծելով և քարշ տալով հեռացնում էին ակտիվիստներին փողոցի կենտրոնից: Նրանցից ոմանց բերման ենթարկեցին::

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է, տարածքում միայն ոստիկաններ են:

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
“Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:
Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն բարձրահարկ շենք կառուցում, որի դեմ էլ տեղի է ունենում բնակիչների և ակտիբիստների բողոքը:

Չնայած պայմանավորվածությանը, որ այդ հասցեում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվելու է, մինչև բարձրացված հարցերին պարզաբանում տրվի, այսօր կրկին շինարարությունը շարունակվում էր:

 

Հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից

պնՕգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից:

Այս ցավալի միջադեպով Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմը փորձ է անում ապակայունացնել ՀՀ պետական սահմանի` նախկինում համեմատաբար խաղաղ համարվող նախիջևանյան հատվածը և «հիշեցնել» նախիջևանցի ընտրողներին, թե «ում են պարտական իրենց կյանքի ու բարեկեցության համար»: Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը: Զարգացումների այս սցենարում հատուկ կարևորում ենք սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերջնական համաձայնեցումը և կիրառումը, և կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել բոլոր հնարավոր լծակները` այս մեխանիզմի հաստատման դեմ Ադրբեջանի իշխող ռեժիմի խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը իրականացնելիս զոհված Նորայր Արարատի Պետրոսյանի ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ Արթուր Ասոյանին մաղթում շուտափույթ ապաքինում:

Իսրայելում անց է կացվել նացիստական ցեղասպանությունից փրկված կանանց գեղեցկության մրցույթ

Miss Holocaust Survivor Beauty Pageant in Israel1Իսրայելում անց է կացվել միս ցեղասպանությունից փրկված գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 70-նն անց, հրեաների ցեղասպանությունից փրկված 16 կանայք:

Մրցույթը անց է կացվել Հայաֆա քաղաքում հինգշաբթի օրը: Անցած տարի կազմակերպվելուց հետո սա երկրորդ անգամն էր, որ նման մրցույթ էր անցկացվում:

Այն կազմակերպվել էր միջազգային քրիստոնեական դեսպանության և ցեղասպանությունից փրկվածների կազմակերպության հովանավորությամբ:

Այս մրցույթի նպատակն է բարձրացնել մասնակից կանանց ինքնագնահատականը՝ շքեղության որոշ մասնիկ մտցնելով նրանց կյանք:

Մրցույթի կազմակերպիչները գնահատում էին մասնակիցների ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությունը:

Այս տարվա հաղթողը 93-ամյա Շոշանա Կոլմերն էր, որը մեծացել էր Չեխոսլովակիայում՝ նախքան Աուշվիցում բանտարկվելը: Նա դեռևս կրում է այն անձնական համարը, որը նրա մաշկին դաջել էին նացիստական ճամբարում:

Մրցույթի քննադատները, սակայն, պնդում են, որ խոցելի ծերերին ժամանցային շոուի ժամանակ ցուցադրելը վատ գաղափար է:

 

Լոռի. Ս.Շարբաթյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

7972_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։ Վերջինիս նկատմամբ հետապնդումները Ա.Վերանյանը չի դադարեցրել անգամ մերժումներ ստանալուց հետո ՝ չնայած աղջկա եղբորը տված խոստմանը, որ մեկ անգամ ևս քրոջ կողմից մերժվելու դեպքում Արտակ Վերանյանն այլևս նրան չպետք է անհանգստացնի: Մտավախություն ունենալով, որ նա կարող է փախցնել աղջկան՝ վերջինիս հարազատները դիմել են երևանաբնակ քեռուն՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ոստիկանության համակարգի նախկին ծառայող Սամվել Շարբաթյանին, ով 2012 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի ռեստորանում հանդիպել է նրան: Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում Արտակ Վերանյանի եղբայրը՝ Արեն Վերանյանը եւ վերջիններիս կնքահայր Սամվել Դիլոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակ Վերանյանը մինչև աղջկա հոր Ռուսաստանից ժամանելը չի անհանգստացնի նրան:

Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաջորդ հանդիպումը, որին արդեն ներկա է եղել նաեւ աղջկա եղբայրը, որպեսզի վերջինս չանհանգստանա քրոջ համար և անձամբ համոզվի պայմանավորվածության մեջ:

Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հացկերույթի ավարտին, ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը կրկին խնդրել, պահանջել է, որ Ա.Վերանյանը չանհանգստացնի աղջկան՝ մինչեւ վերջինիս հոր վերադարձը՝ նշելով, որ պայմանավորվածությունը խախտողին կպատժի։ Առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, ապա շարունակվել բակում։ Քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Ս.Դիլոյանը եւ Վերանյան եղբայրները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը, նրան գցել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը նրա մարմնին, այդ թվում՝ գլխին: Հարվածները շարունակվել են նաեւ Սամվել Շարբաթյանի գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:

Բացի այդ, պարզվել է, որ Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջակողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ:
Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22։10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժանմունքում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ս.Դիլոյանին եւ Վերանյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Ռուսաստանից արտաքսվել է 12.000 ադրբեջանցի

2 (1)Այս տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 200.000 ներգաղթյալ։ Նրանց թվում եղել է 12.000 ադրբեջանցի, տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

 

Ռուսաստանից արտաքսվածների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներ են՝ 41%։ Երկրորդը Տաջիկստանի (21%), ապա Ղրղզստանի (9%) և Ադրբեջանի (6%) քաղաքացիներն են։

 

“Եվս 120.000 օտարերկրացիներ ԱՊՀ-ից սպասում են Ռուսաստանում մնալու հետագա թույլտվությանը”,- նշել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ռուսաստան արգելված է մոտ 300.000 քաղաքացիների մուտքը, որոնք խախտել են այնտեղ գտնվելու ռեժիմը։

 

Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը· Դավիթ Տոնոյան

դավիթ-տոնոյանՕգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:

Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար:

Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված:

 

Ադրբեջանում մանկապիղծին փողոցներով ման են տվել շան վզկապով

1Բաքվի Խազարի շրջանի Դյուբենդի գյուղում բնակիչները ինքնադատաստան են տեսել մանկապիղծի հետ`հասցնելով նրան մահվան շեմին, տեղեկացնում է “Հաքքին” կայքը:
Մանկապղծության համար մեղադրվել է 33-ամյա ոմն Ա.Է.-ն, որը հետամտել է գյուղի բնակիչներից մեկի տղային:
Նա տղային տանել է իր տան բակը`շանը ցույց տալու պատրվակով, և սեռական ոտնձգության է ենթարկել: Այդ մասին իմանալով` գյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել նրան, ապա շան վզակապ հագցրել ու այդպես ման տվել փողոցում:
Կայքը տեղեկացնում է, որ ավելի ուշ մանկապիղծը ստացված վնասվածքներից մահացել է:

 

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծին մասնակցած 3 հոգի ձերբակալվել է:

 

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մանրամասնում էՍյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը

Liska2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Tert.am-ին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է. «Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ համացանցով տարածված տեսագրությունը մոնտաժված է: Ու երբ ինձ հարցրել էին, թե որտեղ է չմոնտաժված տարբերակը, ես ասել եմ, որ մեկը նախաքննական մարմնի մոտ է, մյուսը՝ մոնտաժողի մոտ: Այսինքն՝ նախաքննական մարմնի մոտ եղած տեսագրության մասին խոսակցություն եթե եղել է, մենք ինքներս էլ ասել ենք՝ այո՛, նախաքննական մարմնի մոտի տարբերակը մոնտաժված չէ, և մի հատ էլ մոնտաժված տարբերակ կա էն մարդու մոտ, ով որ մոնտաժել և տարածել է համացանցում»:

 

Ի պատասխան հարցի, թե կարելի՞ է ասել, որ չմոնտաժված տարբերակում կան փաստեր, որոնք վնասում են Սուրիկ Խաչատրյանին կամ նրա որդուն, Հայկ Ալումյանն ասել է. «Այնտեղ կան ապացույցներ, որոնք հաստատում են այսօր Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին արդեն իսկ առաջադրված մեղադրանքները և այնտեղ կա մի հատված, որը շատ լուրջ կասկածներ է առաջացնում, որ բացի այս երկուսից ևս մեկ կրակող է եղել»:

Փաստաբանը չի կարող ասել ու մինչև հիմա չի կարողացել հասկանալ, թե մոնտաժողը ո՞նց է կարողացել էդ էֆեկտը ստանալ և ոնց է կարողացել կեղծել, բայց առաջարկում է նայել երկուսն էլ և համոզվել, որ իր խոսքով՝ ամենաէական հանգամանքները մոնտաժված, տեսանյութում կամ հանված են, կամ լղոզված:

«Այսինքն՝ ամենագլխավոր պահերը, որոնք մերկացնում են էդ հանցագործություն կատարողներին, չեն երևում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանր, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է և Նիկոլայ Աբրահամյանը, որը Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Իսկ Սուրեն Խաչատրյանը վայր էր դրել մարզպետի լիազորությունները:

Իսպանիայում չբացահայտված, 4 մ երկարությամբ, եղջրավոր ծովային հրեշ է ափ նետվել

four-metres long creatureԵղջյուրներով, երկար, սպիտակ մարմնով և լպրծուն կառուցվածքով արարածը միֆական հրեշ կարող է համարվել, սակայն այն միանգամայն իրական է:

Իսպանիայի Վիլարիկոս գյուղի մոտակայքում առեղծվածային արարած է ափ նետվել: Այժմ հետազոտություններ են իրականացվում պարզելու, թե ինչ կենդանի է դա:

Huffington Post-ի տեղեկություններով՝ տարօրինակ արարածին նկատել է մի լողորդ, որը սկզբում բախվել է նրա գլխի, այնուհետև նաև ամբողջ մարմնի հետ:

Քաղաքացիական պաշտպանության բաժնի կոորդինատոր Մարիա Սանչեսը հայտնում է, որ իրենք գաղափար չունեն, թե դա ինչ է:

Կենդանու մարմինը այնքան քայքայված է, որ անվտանգությունից ելնելով նրա մնացորդները թաղելու անհրաժեշտություն կա:

Տարբեր վարկածներ են առաջ քաշվել կենդանու վերաբերյալ՝ սկսած շնաձկան տեսակից, մինչև թիավար ձուկ, սակայն հետազոտողները դեռևս ուսումնասիրում են այն:

 

Մարկ Ցուկերբերգի Facebook-ի էջ մտած հակերը առցանց նվիրատուներից կստանա 12,000 դոլար

Mark ZuckerbergՄարկ Ցուկերբերգի Facebook –ի էջ մտած հակերը, որը ցանկացել էր իր այդ քայլով ցուցադրել կայքի անվտանգության հետ կապված թերությունը, առցանց իրականացված դրամահավաքից կստանա 12,000 դոլար:

Պաղեստինցի Խալիլ Շրեատեի համար GoFundMe  դրամահավաքի ընթացքում հավաքվել է 11,741 դոլար:

Khalil ShreatehՊաղեստինցին հայտնում է, որ ինքը ստիպված է եղել այդ քայլին գնալ, քանի որ Facebook-ը նախկինում ուշադրություն չէր դարձնում անվտանգության թերությունների վերաբերյալ իր նախազգուշացումներին:

Խալիլն իր գտած անվտանգության թերության միջոցով կարողացել էր իր ընկերներ չհանդիսացող մարդկանց էջերում ինչ-որ բաներ տեղադրել:

Թերությունը հայտնաբերելուց հետո Facebook –ի հիմնադրի ընկերներից մեկի էջում գրելով ՝ Խալիլը սկզբում կապվել էր Facebook-ի անվտանգության հետ հարցերով թիմի հետ: Սակայն նրան շնորհակալություն հայտնելու և թերությունը վերացնելու փոխարեն Facebook-ը պատասխանել էր, որ դա թերություն չէ:

Այնուհետև նա այդ թերությունն օգտագործել էր Մարկ Ցուկերբերգի էջ մտնելով՝ ներողություն խնդրելով նրա անձնական անձեռնմխելիությունը խախտելու համար և նշելով, որ ինքն այլ ելք չի ունեցել Facebook-ի թիմի ուշադրությունը գրավելու համար:

Այդ քայլից րոպեներ անց Facebook-ի թիմը կապվել էր նրա հետ և հարցրել, թե ինչպես է նա կարողացել մտնել իրենց ղեկավարի էջ, որից հետո Facebook-ի անվտանգության թիմի անդամներից մեկը գրել էր, որ իրենք հինգշաբթի օրը վերացրել են այդ թերությունը:

 

«Ինքնասպանությունը հիմարություն է». հոգեբան

download«Յուրաքանչյուրիս մեղքը կա այս ամենի մեջ: Ինքնասպանը մերժված է, լքված, միայնակ: Պատահական զրույցների ժամանակ երբեմն բացահայտվում են ծածուկ ինքնասպանությունների մտադրությունները, բժիշկը իր հիվանդի մասին իմանում է այն ժամանակ, երբ ինքը` հիվանդն է ասում դրա մասին: Ինքնասպանություն գործողը մահ չի սիրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկ օրում երեք ինքնասպանության փորձերի եւ դրդապատճառների մասին նշեց Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Նրա խոսքով` երբ մարդը մենակ է եւ հարազատ չունի, դիմում է այդ քայլի: Նա ստանում է հոգեբանական հարված եւ հայտնվում է անսպասելի վիճակում: Ինքնասպանության գնացող մարդը երկար ճանապարհ է անցնում: Պայքար կա՝ հույսի եւ անհուսության, կյանքի եւ մահվան. «Կյանքի աղբյուրն Աստվածն ու ծնողն է, ինքնասպանություն գործելով մենք ժխտում ենք մեզ կյանք տվող աղբյուրին: Ինքնասպանությունը քրիստոնեության եւ խաչի մերժումն է: Մենք չենք մեզ կյանք պարգեւողը, այն տրված է Աստծուց, եւ նա էլ իրավունք ունի խլել, վերցնել քեզանից»:

Հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ պետք է քննադատվի այդ երեւույթը: Թույլի եւ ուժեղի հարցը չէ, այլ նորմալ եւ ոչ նորմալ հոգեվիճակի. «Աննորմալ քայլ է, ինքնասանություն մենք երբեք չենք հանդիպի կենդանական աշխարհում: Շատերը երկար ժամանակ են նախապատրաստվում, բայց հենց այդ պահն էլ նշանակություն ունի: Ինքնասպանության ոչ մի դեպք արդարացված չէ, այն հիմարություն է, տրամաբանական քայլ չէ, հույզի արդյուքն է: Երիտասարդը ռոմանտիկ շղարշ ունի, եւ մահվան վախը արթնացած չէ նրա մեջ, նա էմոցիոնալ է եւ դիմում է այդ քայլին շատ հեշտությամբ»:

Բանախոսի պնդմամբ` մարդկանց տիպ կա, ովքեր պրոբլեմային իրավիճակում փախուստի են դիմում, նրանք լուծում չեն գտնում եւ փախչում են: Փախուստի ձեւ է նաեւ խմիչքը, թմրանյութը: Կա մեղքի զգացում եւ անգիտակցություն: Մարդու աչքերին նայելով կարող ես հասկանալ, որ նա մտադրություններ ունի ինքնասպանության:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հիվանդագին գործողություններից և արարքներից

Komitas str. 5Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են,  ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:
Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
“Օգոստոսի 21-ի միջադեպը ցույց տվեց, որ քաղաքացիների շահերը պաշտպանող որոշ ակտիվիստների պահվածքը, ցավոք, ոչ ադեկվատ է. արձանագրվել են ինքնավնասման իմիտացիայի, հասարակական համակեցության նորմերի և տարրական բարեկրթության խախտման դեպքեր:
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նման հիվանդագին գործողություններից  և արարքներից:
Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձևավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն և օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին”,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5 հասցեում գտնվող շենքի մոտ երեկ` օգոստոսի 21-ին, քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել:

Ոոստիկանները բռնի ուժով երկու ակտիվիստի դուրս են հանել շինհրապարակից, ինչից հետո քաշքշուկ է առաջացել:

Քաղաքացիները հայտարարել են, որ չեն լքի տարածքը, քանի դեռ Կոմիտասի 5-ում շինարարական աշխատանքները չեն կասեցվել:

Կոմիտաս 5 հասցեի բնակիչները դեմ են իրենց բակում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցմանը, քանի որ  կարծում են, որ այն կխանգարի իրենց հանգստին, վնաս կպատճառի բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ, բացի այդ`  12 հարկանի շինությունը կփակի մյուս շենքերի արևի լույսը:

Հիշեցնենք նաև, որ Կոմիտաս 5 հասցեում երեկ գտնվում էր նաև «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, որին ոստիկանները բերման էին ենթարկել, իսկ ավելի ուշ ազատ արձակել: