Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հարություն Տ.-ն, որը փետրվարի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքներով:
Monthly Archives: October 2013
Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 39-ամյա Արայիկ Ո.-ն՝ հայտարարելով, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի պահեստում ամրանը վնասել է որովայնը:
Հոկտեմբերի 7-ին Արայիկ Ո.-ն ոստիկաններին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 82 հասցեի մոտ, թիվ 65 երթուղու սրահում, միմյանց հրելու համար իր հետ վիճաբանել են երկու անհայտ անձինք, որոնք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Ո.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նրա ծանոթը՝ 1989 թ. ծնված Վաչիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Անզգուշությամբ՝ վեցուկես միլիոնի վնաս
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Այրք գյուղի վարչական տարածքում անհայտ անձն անզգուշությամբ հրդեհելու միջոցով ոչնչացրել է 1983 թ. ծնված Արտյոմ Շ.-ին պատկանող 18 հա ցորենի արտը` պատճառելով առանձնապես խոշոր չափի 6.500.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի բակամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ արգելակման հետևանքով 15-ամյա ուղևորուհին գլխով հարվածել է երկաթաձողին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է «ՎԱԶ-2121» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից
Գանգուղեղային վնասվածքից հետո գոյացած հեմատոմայի հեռացման նպատակով վիրահատված նախագահին բժիշկները թույլ են տվել հեռանալ հիվանդանոցից ու տնային պայմաններում ապաքինվել:
Չնայած Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսն իրեն լավ է զգում, այնուամենայնիվ, մասնագետները խստորեն արգելել են միանգամից վերադառնալ պարտականությունների կատարմանը: Նա պետք է առնվազն 13 օր հանգստանա, հետաձգի ուղևորություններն ու ավիաթռիչքները:
Երբ Ֆերնանդեսը հիվանդանոցից դուրս էր գրվում, մուտքի մոտ նրան դիմավորեցին բազմաթիվ արգենտինացիներ, նրանք հավատացրին նախագահին, որ պետությունը նրա կարիքն ունի ու հույս ունի, որ սիրելի քաղաքական գործիչն արագ կկազդուրվի:
Համաներմամբ ազատ է արձակվել 517 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:
«Վարդաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 3, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 1, «Սևան» ՔԿՀ –ից` 6, «Հրազդան» ՔԿՀ –ից` 2 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ:
Վարորդը գիտակցության չգալով մահացել է
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին:
Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.10-ին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Պարզել են Օլեգ Շչերբակովին սպանողի ինքնությունը
Մոսկվայի ոստիկանությունը պարզել է Արևմտյան Բիրյուլևոյում կատարված սպանության հավանական մեղավորի ինքնությունը: Ոստիկանությունը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Շչերբակովի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալով Զախիտ օղլին: Հայտնի է նաև, որ մայրաքաղաքի ՆԳՆ-ի ղեկավար Յակունինը Արևմտյան Բիրյուլևոյի ոստիկանության բաժնի պետ Գենադի Կավերինին ազատել է զբաղեցրած պաշտոնից:
Անցած գիշեր Բիրյուլևոյում կրկին հարձակում է կատարվել. դիմակավորված մարդկանց խումբը հարձակվել է ադրբեջանական սրճարանի վրա, որը գտնվում է Վոստրյակովսկի անցուղիում.տուժածներ չկան:
Ոստիկանները կասեցրին «մասնագիտացված» հանցախմբի գործունեությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Իզմիրլյաններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:
Բարերար Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ Հայրենիքի բարձր պարգևին արժանացնելու և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր նվիրյալ ծնողների շնորհիվ է, որ ինքն ու իր ընտանիքը հայրենանվեր գործունեություն են ծավալում, ինչի համար անսահման հպարտ են. «Հայաստանը մեր սրտերում է և մշտապես է լինելու»,-Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը, ով աշխարհասփյուռ հայությանը միավորելու և հայրենանվեր ձեռնարկումների մղելու գործում մեծապես կարևորել է նաև Հայ եկեղեցու դերը:
Մահվան ելքով պատահար Ալավերդի-Ախթալա ճանապարհին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը` 1990 թ. ծնված Ավետիք Ջանինյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Յուրացումներ Մարալիկի ուսումնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Լոնդոնում ադրբեջանցի է ձերբակալվել
Լոնդոնի ոստիկանությունը ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալել է 4 մարդու:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հղում կատարելով “Guardian”-ին, ձերբակալվածները ծնունդով Ադրբեջանից, Թուրքիայից, Ալժիրից և Պակիստանից են:
Կասկածյալները խոշոր ահաբեկչություն էին նախապատրաստել, որը նման էր լինելու Նայրոբիում և Մումբայում իրականացված ահաբեկչությանը: Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսվա վերջին Քենիայի մայրաքաղաքում սպանել էին առևտրային կենտրոնի 67 այցելուի, իսկ 2008թ.-ին Մումբայում ահաբեկիչության հետևանքվ մահացել էր 164 մարդ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին
Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.
«Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին և կազմակերպություններին իրենց հայրենանվեր գործունեության համար:
Ինձ համար, իրոք, մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել և ուղերձով դիմել համագումարի մասնակիցներին, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայ Դատի բրյուսելյան գրասենյակին՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և ինձ հրավեր հղելու համար:
Ինչպես ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ են համարվում ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները՝ հատկապես հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, երկու տասնամյակից ավելի շարունակվող շրջափակումը, դրա հետևանքով առաջացած բարդությունները, ինչպես նաև մեր երկու անմիջական հարևանների ագրեսիվ դրսևորումները և ռազմատենչ հայտարարությունները: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է զինվել և իր ապակառուցողական կեցվածքով լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը՝ դրանով իսկ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելին, հայատյացության խրախուսումը Ադրբեջանում դարձել է պետական քարոզարշավի հիմնական նպատակը:
Այդ ամբողջը մեզ ավելի զգայուն է դարձնում մեր արտաքին սպառնալիքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արևելքում սրված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է անհետաձգելի քայլեր ձեռնարկել երկրի և ժողովրդի ռազմական անվտանգությունը ապահովելու համար: Հասկանալի է, որ այդ քայլերը ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը: Սա է օրվա թելադրանքը:
Սակայն մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան: Ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում կայունության և անվտանգության ապահովման խնդիրներից բացի ոչ պակաս կարևոր են նաև քաղաքական, գաղափարական և հոգևոր-մշակութային ուղղությունները, որոնք, հիմնված լինելով ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամուր կապում են մեզ Եվրոպայի հետ: Այսօր Հայաստանում և Արցախում իրականացվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունը:
Եվ այս հանգամանքն է այսօր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման հիմնական գրավականը: Դրան են ուղղված ինչպես պաշտոնական, այդպես էլ խորհրդարանական դիվանագիտության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերն այս ուղղությամբ ամբողջական չեն լինի առանց համայն հայության ջանքերի: Լիահույս եմ, որ համատեղելով մեր ներուժը՝ մենք հաջողություն կարձանագրենք մեր արդար նպատակներին հասնելու և ազգային իղձերն իրականացնելու պայքարում:
Ոչ վաղ անցյալում ազգային զարթոնքի վերելքի և մեզ պարտադրած պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը: Դա հնարավոր դարձավ համայն հայության միասնության և մեր նախահայրերի՝ ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրն ինքնուրույն կերտելու մեզ ավետած պատգամին հավատարիմ մնալու շնորհիվ: Այսօր մենք հպարտ ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեն երկու հայկական պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր էլ ձեր եռանդուն և ազգանվեր աշխատանքի շնորհիվ Հայաստան ժամանող բազմաթիվ եվրոպական պատգամավորներ, որոնք ներկայացնում են իրենց ազգային խորհրդարանները, այցելում են նաև Արցախ և ականատես լինում արցախցիների հաջողություններին և համոզվում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն ինքնորոշման, ալև ինքնուրույն պետականություն ունենալու իրավունք ունի: Այդ իրավունքը նա վաստակել է: Ես հավատում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ես հավատում եմ ԼՂՀ ժողովրդին, եւ ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը պաշտպանել է եւ պատրաստ է ապագայում պաշտպանելու իր հայրենիքը:
Անկախ մարտավարական և այլ բնույթի տարաձայնություններից Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համատեղումը արտաքին քաղաքական ասպարեզում կարևորվում է հատկապես այսօր՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, քանզի մեր միասնականությունն է Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանը հասնելու և պատմական արդարությունը վերականգնելու կարևորագույն երաշխիքը:
Հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունը կարևորվում է այսօր ավելի քան երբևիցե, քանզի Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչը միջազգային առաջադեմ հանրության կողմից դիտվում է որպես կրկնակի ցեղասպանություն: Սակայն, համաշխարհային քաղաքականության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և առաջին հերթին Թուրքիայի կողմից կարող է հանգեցնել տարածաշրջանային կայունության հաստատմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք մեր ազգային նպատակներին:
Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք»:
Համագումարի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Եվրոպական ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ գրառում կատարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ բացված հուշամատյանում:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Բրյուսելի հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Ուսանողները մերկացել են ի հեճուկս ֆեմինիստների
Երևում է` իզուր է FEMEN-ը չարչարվում: Որոշ աղջիկների դուր է գալիս տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել` նրանց գրավելով ոչ այնքան ինտելեկտով, որքան մերկ մարմնով: Բրիտանիայի Յորքշիրի համալսարանի ուսանողուհիները, հակառակ ֆեմինիստների քննադատությանը,մերկացել են օրացույցի համար: Անցած տարի թիավարության խմբակի աղջիկները մերկացել էին կրկին օրացույցի համար, որից գոյացած գումարը նրանք տրամադրեցին ծանր հիվանդներին: Լուսանկարահանումներին մասնակցել է 18-21 տարեկան 10 ուսանողուհի:
Էրոտիկ օրացույցի լույս տեսնելուց հետո համալսարանի վրա ֆեմինիստների քննադատությունների տարափ տեղաց.նրանք ուսումնական հաստատությանը մեղադրեցին սեքսիզմի քարոզելու մեջ: Սակայն, լուսանկարահանումների կազմակերպիչները ոչ միայն չվախեցան, այլև ոգեշնչվեցին:
Այս տարի նրանք ավելի առաջ անցան: Սպորտսմենուհիները լրիվ մերկացան ու լուսանկարվեցին տեղի լճակներից մեկի մոտ:”Մեզ քննադատությունը չի ճնշում, քանի որ դրական արձագանք ավելի շատ ենք ստացել: Մեզ գրել են քաղցկեղով հիվանդ մարդիկ, որոնք շնորհակալություն էին հայտնում իրենց փոխանցված միջոցների համար: Նման նամակներից հետո ինչ անբարոյության մասին կարող է խոսք լինեն”,-զարմանում համալսարանի աշխատակցուհի միսս Ռիդը:
Չարենցավանում տնակ է այրվել
Կիմ Չեն Ինը կրկին բռնվել է “ֆոտոշոփի” վրա
Ինտերնետ օգտատերերը կրկին հյուսիսկորեական ղեկավարությանը բռնացրել են ֆոտոմոնտաժի փաստի վրա: Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Կիմ Չեն Ինը ու նրա խորհրդականները Փհենյանում են, մանկական հիվանդանոցի մոտ: Սակայն, նույնիսկ ոչ սուր աչք ունեցողը կարող է տեսնել, որ պետության ղեկավարի ու նրա “թիկնազորի” պատկերները տեղադրված են ֆոնային նկարի վրա:
Իսկ օգտատերերն էլ մեկնաբանություններ են անում.”Օգնեք Կիմ Չեն Ինին ֆոտոշոփի հարցով:Նրանց համապատասխան կուրսերի ուղարկեք: Կամ , գուցե Ռոդմանը նրանց օգնի”:
Լուսանկարում հստակ երևում են ստվերները, որոնք վկայում են, որ այն արված է տաղավարում,լուսարձակի ներքո:
Թե ինչու են պետության ղեկավարին հարկավոր ֆոտոկեղծիքները, անհասկանալի է: Սակայն սա եզակի դեպք չէ: Այս տարվա մարտին ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալությունը մի լուսանկար հրապարակեց, որն իբր կատարվել էր հյուսիսկորեական զորավարժությունների ժամանակ: Լուսանկարում հետևակն ու մի քանի նավ էին պատկերված: Կորեական գործակալությունը հոգ էր տարել, որ այդ լուսանկարը ողջ աշխարհի ԶԼՄ-ները տարածեն խոշոր պլանով: Սակայն, հետագայում պարզվեց, որ դա նույնպես սարքովի է:
2012-ին հյուսիսկորեական ԶԼՄ-ները լուսանկար տարածեցին, որի վրա Փհենյանի շքերթին ցուցադրված նորագույն հրթիռային սարքավորում էր: Արևմուտքի լրագրողները այն նույնպես ֆոտոկեղծիք համարեցին:
ԿԳՆ-ն հայտեր է ընդունում ՀԿ-ներից և գործարար միավորումների ներկայացուցիչներից
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի ՀԿ-ների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչների ընդգրկման նպատակով ԿԳՆ-ն հայտեր է ընդունում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի “Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին” N 856-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչության և Լեզվի պետական տեսչության կառավարման խորհուրդների կազմերում համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին ընդգրկելու նպատակով, նախարարությունը հայտարարում է թեկնածուների հայտերի ընդունում:
Վերոնշյալ որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացրած երկու կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչները` ըստ հերթականության:
Դիմումները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 29-ը /ներառյալ/, ժամը 09.30-17.30 /բացի հանգստյան օրերից/, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժին:
Հասցե. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ, 616 սենյակ: Հեռ.` 010- 52-06-32 կամ 010-52-48-56:
Ճգնաժամն ԱՄՆ-ում.Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ բանակցությունները
Բյուջետային ճգնաժամը նաև նախագահ Օբամային է հարվածել.Սպիտակ տան կայքի ադմինիստրատորները, փաստորեն, պետության ղեկավարի վեբ-կայքի պատասխանատվությունից ազատվել են: Նրանք զգուշացրել են, որ կայքը ժամանակին հնարավոր է չթարմացվի, այցելուների հարցերին ժամանակին պատասխան չտրվի ու նոր նյութեր չմշակվեն: Իսկ երբ կայքը կվերադառնա սովորական ռեժիմին, հայտնի չէ:
Իսկ Օբաման հետաձգել է Կոնգրեսի հետ պետպարտքի սահմանագծի բարձրացման շուրջ բանակցությունները: Վերջին պահին նախագահը վճռեց խորհրդարանականներին իրար մեջ հարցը քննարկելու ևս մեկ հնարավորություն տալ: Երբ է տեղի ունենալու խորհրդակցությունը կամ ընդհանրապես լինելու է, թե ոչ, չի տեղեկացվում: Իսկ ժամանակը սուղ է` ընդամենը 2 օր: Եթե մինչև հինգշաբթի Կոնգրեսը չբարձրացնի պետպարտքի լիմիտը, երկրին դեֆոլտ է սպառնում:
Ադրբեջանում շատ քաղբանտարկյալներ կան. ադրբեջանցի իրավապաշտպաններ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին կարգադրությունը չի լուծել երկրում քաղաքական բանտարկյալների հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները։
Նրանց կարծիքով՝ համաներումը տարածվել է միայն երկու քաղբանտարկյալների վրա՝ եղբայրներ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևների (տնտեսական զարգացման նախկին նախարարը և “Ազպետրոլ” ընկերության նախկին ղեկավարը):
Նրանց ազատ արձակումից հետո Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի ցուցակում մնում է 9 քաղբանտարկյալ։
Մարդու իրավունքների և օրինականությանը հետևելու բյուրոյի ղեկավար Սաիդա Գոջամանլըն նշում է, որ այդ խումբը պոտենցիալ քաղբանտարկյալներ է համարում նաև դեռևս դատարանի առաջ չկանգնած 7 ակտիվիստներին՝ NİDA երիտասարդական շարժումից, “Հանրապետական այլընտրաք” քաղաքացիական շարժման աջաջնորդ Իլգար Մամեդովին և “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին։
Գոջամանլըն հույս ունի, որ բոլոր այդ անձինք դատական գործերի ընթացքում ազատ կարձակվեն։ Խումբը կողմ է արտահայտվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի և 6 այլ իսլամիստների ազատ արձակմանը։
Գոջամանլըն դրական է որակել իսլամական Գուրբան բայրամի տոնակատարության նախօրեին հայտարարված համաներումը, որը հնարավորություն է տվել 152 մարդու ազատ արձակել։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ նոր համաներումներ կլինեն, որոնք կառնչվեն քաղբանտարկյալներին, և այդ հարցն ամբողջությամբ կլուծվի։
Դրանից բացի, ՀԿ-ների մեկ այլ կոալիցիան, որի մեջ մտնում են “Մարդու իրավունքների ակումբը”, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը, Իրավունքների հետազոտության գծով միջազգային կազմակերպությունը, կազմել է 142 քաղբանտարկյալից բաղկացած ցուցակ։
