Monthly Archives: October 2013
Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:
Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին:
Այնուհետ Երևանի քաղաքապետն ու Հրանտ Դինքի ընտանիքի անդամները ներկա են գտնվել օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված «Ես Հրանտ Դինքն եմ» խորագիրը կրող միջոցառմանը:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Հրանտ Դինքի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես այսօրվա սերնդի համար. «Հրանտ Դինքը որպես ուսուցիչ, որպես խմբագիր, որպես հրապարակախոս, իր ասելիքներն ու գրվածքները, իր կերպն անընդհատ ուսումնասիրման առիթ է լինելու բոլորիս համար: Միևնույն ժամանակ նաև խորհուրդ՝ մեր հոգածության ներքո առնելու սփյուռքի մեր յուրաքանչյուր զավակին, քանզի նրանց մեջ են նաև ստեղծագործ կերպերը, որոնք շարունակում են պահպանել հայ ինքնությունը, տեսակը և հայեցի դրսևորումները: Գնահատելի է, որ այսօրինակ ջերմությամբ է այսօր անվանակոչվում այս դպրոցը, այսպիսի հարգանքով ու, որ ամենակարևորն է, ազգայինի գիտակցմամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության, ինչպես նաև հրանտդինքյան ոգով ու շնչով առլեցուն օրվա համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում: ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
|
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի և միջբակային ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Մայրաքաղաքի փողոցների փոսային նորոգումների ընթացիկ տարվա հիմնական ծրագրերն արդեն ավարտվել են, սակայն, ելնելով անհրաժեշտությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այժմ այդ ուղղությամբ ճանապարհաշինական կազմակերպությունները լրացուցիչ աշխատանքներ են կատարում: Հատվածաբար վերացվում են վարչական շրջանների տարածքներում հայտնաբերված և արձանագրված ասֆալտի քանդված ծածկույթի թերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում երկրորդական փողոցներին: Գործընթացը, ըստ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության համանուն բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի, կշարունակվի՝ քանի դեռ առկա են բարենպաստ եղանակային պայմանները: Հետագայում փոսային նորոգումների ենթարկված փողոցները պարբերաբար կներառվեն փողոցների հիմնովին կամ մասնակի նորոգման ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների րնդհանուր մակերեսր պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից, ավարտը նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբերին: Նախարար Ս. Թադեւոսյանին զեկուցեցին, որ աշխատանքները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ մինչ օրս իրացվել է շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի քաղաքապետի, ֆինանսների եւ արդարադատության նախարարների տեղակալները, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը: ՀՀ կառավարության որոշմամբ պատվիրատուի լիազորությունները գործակալական հիմունքներով իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը: Շինարարությունը իրականացնում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն: Շինարարը պայմանագրի համաձայն պարտավորվել է շենքը հանձնել ամբողջությամբ ավարտուն վիճակում 2015 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն 2016 թվականի փետրվարին նախարարությունները պետք է տեղափոխվեն նորակառույց այս շենք:
Հայաստան-Ջիբրալթար` 2:1
Ֆուտբոլի ակադեմիայի Ավանի մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 7-րդ խմբում ընդգրկված մինչև 17 տարեկանների Հայաստանի ընտրանին 3-րդ տուրում կամային հաղթանակ տարավ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Ջիբլարդարի հավաքականի խաղացող Ջորջ Վինկը: Միայն 66-րդ րոպեին Հովաննես Իլագյոզյանը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ 75-րդ րոպեին աչքի ընկավ Հովհաննես Փանոսյանը:
Այսպիսով, մեր ֆուտբոլիստներն առավելության հասան 2:1 հաշվով:
Իլհամ Ալիևը շնորհավորել է Աբդուլլահ Գյուլին
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ալիևը շնորհավորել է Գյուլին նրա ծննդյան և Թուրքիայի ազգային տոնի`Հանրապետության օրվա առթիվ:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի նախագահը իր կոլեգային մաղթել է քաջառողջություն, նոր հաջողություններ բարձր պաշտոնում, իսկ Թուրքիայի ժողովիդին`բարգավաճում:
Նախագահները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները շարունակելու են զարգանալ բոլոր ոլորտներում:
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ծնվել է 1950թ.-ի հոկտեմբերի 29-ին:
Հայաստանի արտգործնախարարի և Հունաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:
Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:
Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասաց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ և հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։
Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
10 հանցանք, որոնց վրա հիմնադրվել է 90-ամյա Թուրքիայի Հանրապետությունը
Այսօր լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-րդ տարեդարձը: Այս առիթով մի շարք հոդվածագիրներ անդրադարձել են հանրապետության հիմնադրման պատմությանը, Քեմալ Աթաթուրքի կատարած անգնահատելի գործին և գործադրած ջանքերին: Այսպես նշանավոր լրագորղ Հասան Ջեմալը «T24»-ում լույս տեսած իր հոդվածում հարցին անդրադարձել է բոլորովին այլ տեսանկյունից՝ հիշատակելով այն 10 հանցանքները, որոնց վրա հիմնադրվել է ներկայից Թուրքիան: Ահա, թե ինչ հարցեր է բարձրացնում Հասան Ջեմալը՝ դրանցում տեսնելով թուրքական պետականության գործած մեղքերը.
1. 90 տարում ինչքա՞ն ենք կարողացել ժողովրդավարացնել հանրապետությունը: Ամեն տարի հոկտեմբերի 29-ին պետական դրոշը ծածանելիս ինչքա՞ն ենք կարևորել ժողովրդավար և իրավական պետության հանգամանքը:
2. Այս երկրում ժողովրդավար և իրավական պետությունը 90 տարվա ընթացքում առաջնակարգ եղե՞լ է: Եթե ոչ, ապա ինչու՞: Այս հարցում 90 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ գործված սխալների հետևանքը ո՞րն է: Այս հարցը ինչքա՞ն ենք կարևորել, սրա մասին ինչքա՞ն ենք մտածել:
3. Ասում ենք Քրդական հարց: Այս հարցը սկիզբ է առել 90 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ, երբ ասվում էր «քուրդ չկա, թուրք կա», երբ արգելվում էր քրդերեն սովորելն ու խոսելը: Արդյո՞ք 90 տարի հետո՝ անգամ այսօր նույն դրությունը չէ:
4. 90 տարի առաջ հանրապետական կարգերի հաստատման ժամանակ արված հիմնարար սխալներից մեկը արդյո՞ք կրոնի այսպես կոչված «պետականացումը» չէր՝ պետության վերահսկողության հաստատումը կրոնի վրա:
5. Արդյո՞ք այսօր էլ չի շարունակվում 90 տարի առաջ այս հողերում բնակվող ոչ մահմեդական բնակչության նկատմամբ կատարվող սխալներն ու անօրինականությունները. 1930-ական թվականներին Թրակիայում հրեաներին թիրախ դարձնելը, 1942 թվականի ունեցվածքի հարկը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը:
6. 90 տարի առաջ հանրապետության հիմնադրման ժամանակ նախորդ իշխանության՝ իթթիհաթականների գաղափարների յուրացումը արդյո՞ք ևս մեկ հիմնարար սխալ չէր: Օսմանյան պատմության ամենաարյունալի էջը հանդիսացող 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղավորներից հաշիվ պահանջելու փոխարեն այն սեփականացնելը մեկ այլ լուրջ սխալ չէ՞: Իթթիհաթ վե Թերաքքիի գաղափարները չե՞ն, որ 90 տարի շարունակ ուրվականների պես հետապնդում են մեզ: 1937 և 1938 թվականի Դերսիմի կոտորածները այս գաղափարների ուրվականը չե՞ն: Իսկ Սուսուլու՞քը, Էրգենեքո՞նը, Հրանտ Դինքի սպանությու՞նը:
7. 90 տարի առաջ Թուքրիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր այս երկրի պատմագրությունը արդյո՞ք մեկ այլ մեծ սխալ չէ: Պատմագրության մեջ կա՞ ազգային-ազատագրական պատերազմը իր բոլոր դրսևորումներով: 1915 թվականը ինչպե՞ս է ներկայացված: Արդյո՞ք կան քրդերը, եթե կան, ապա ինչպե՞ս: Ալևիները ինչքա՞ն են, ինչպե՞ս են ներկայացված:
8. Արդյո՞ք քեմալական-թուրքական ազգայնականության վրա հիմնված կրթական համակարգը Թուրքիային բաց չի թողնում մի զսպաշապիկի նման: Արդյո՞ք Թուրքիան մեր մտածելակերպի հետ միասին օրեցօր չխառնվեց, երբ ի հայտ եկավ, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում, երբ հասկացանք, որ այս հողերի պատմությունը ամենևին էլ դպրոցներում և համալսարաններում սովորացրածի պես միօրինակ և պարզ չէ:
9. Հանրապետության հիմնադրումից ի վեր 90 տարի է անցել, սակայն Աթաթուրքին դեռ չեն քննադատում, ինչու՞ դեռ չի քննվում: Ինչու՞ է Աթաթուրքը դեռևս տաբու: Ամոթ չէ՞: Կարո՞ղ է սա լինել առաջնակարգ ժողովրդավարություն:
10. 90 տարին դեռևս անցած չէ, այսինքն անցյալը անցած չէ: Քանի որ այսօր այդ անցյալը, 90 տարի առաջ հիմնադրված, սկսված և դեռ շարունակվող այս սխալները մեզ հանգիստ չեն տալիս: 10-րդ հարցս մոռացա: Իհարկե, հանրապետությունը հաջողություններ էլ ունի, սակայն արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ 90-ամյա անցյալ ունենալով հանդերձ դեռևս ամբողջությամբ չժողովրդավարացված մեր հանրապետությունը կհիշենք ոչ միայն փառքերով, այլ նաև մեծ մեղքերով:
Պարբերաբար գույքագրվում և փոխվում են մայրաքաղաքի վթարված և չգործող լուսացույցներն ու ճանապարհային նշանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված և չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք վերականգնելու և նորերով փոխարինելու նպատակով:
2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականցման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։ Մասնակի վերականգնման աշխատանքներ են կատարվել 12 խաչմերուկում, որտեղ տեղադրված լուսացույցները կոտրվել և վթարվել էին այս կամ այն պատճառով: 10 նոր լուսացուցային օբյեկտներով են կահավորվել նաև որոշ ճանապարհահատվածներ և խաչմերուկներ, որոնցում մինչ այդ լուսացուցային կարգավորում կիրառված չի եղել։
Զուգահեռ իրականացվում են նաև ճանապարհային նշանների վերականգնման, նորերով կահավորման և փողոցների գծանշման աշխատանքները:
Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է ընդհանուր առմամբ 1559 նոր ճանապարհային նշան, որից միայն 40-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում:
Գծանշման աշխատանքների շրջանակում կատարվել է ավելի քան 1 միլիոն 700 հազար գծամետր գծանշում։ Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես հիմնանորոգվող փողոցների սեղմ ժամկետում գծանշմանը, այնպես էլ երկրորդական և երրորդական փողոցներում, կրթական և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Յուրա Մովսիսյանն ապաքինվի
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել: Այսօր նա ձգել է ոտքի մկանը: Մովսիսյանը ստիպված կլինինի բաց թողնել Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Շիննիկի» հետ հանդիպումը:
Առաջիկայում Մովսիսյանը բուժզննում է անցնելու, որից հետո կպարզվի, թե ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի նա ապաքինվի:
Նախագահն ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփմանը: Հայաստանը հիշյալ ասոցիացիայի անդամ է դարձել 2012 թվականից և հյուրերի հավաստմամբ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է արձանագրել աթլետիկայի զարգացման ուղղությամբ, ինչը հիմք է դարձել ԲԵԱՖԱ-ի տարեկան ամփոփիչ միջոցառումը Երևանում անցկացնելու համար: Սերժ Սարգսյանը ողջունել է տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ ընդգծելով հատկապես երիտասարդ սերնդի համար անվանի մարզիկների հետ շփվելու կարևորությունը, մարզաձևի զարգացման ուղղությամբ նրանց կողմից իրականացվող միջոցառումները, որոնք խրախուսում են երիտասարդներին: Հանդիպմանը Սերգեյ Բուբկան և աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակել աջակցությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային՝ այդ մարզաձևի զարգացումը Հայաստանում հնարավորինս խթանելու նպատակով: Հյուրերը կարևորել և բարձր են գնահատել նաև մարզաձևի նկատմամբ Հայաստանում զգալի հոգածությունն ու ուշադրությունը, ինչը, նրանց համոզմամբ, աթլետիկայի զարգացման կարևոր գրավականներից է: |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է կադրային փոփոխությունների հարցին
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հստակեցրել է նախարարությունում կադրային փոփոխությունների հարցը: ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը, անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
“Պահեստային ուժերը համալրվում են որոշակի տարիքն անցած բարձրաստիճան զինվորականներով: Միևնույն ժամանակ սպաների ռոտացիա է իրականացվում: Բոլոր զինծառայողներն ըմբռնմամբ են մոտենում ռոտացիային, քանի որ դա կատարվում է “Զինծառայության մասին” օրենքի սահմաններում”,- ընդգծել է Աբդուլաևը:
Պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Վերջինս 1995թ.-ին նախագահի հրամանագրով ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում: Հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:
Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով հայ ոսկերիչների խնդրանք-դիմումը, հոկտեմբերի վերջին կիրակի օրը սահմանել է որպես հայ ոսկերչի մասնագիտական տոն: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը շեշտում է, թե որքան կարևոր է մեզ համար այս ոլորտը, որը համարում ենք տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: Ցանկանում եմ շնորհավորել այս հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին, ցանկանալ հաջող և բեղմնավոր աշխատանք:
Հայ ոսկերիչներն ունեն դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ, և դա մեր ազգային հարաբերական առավելությունն է, որը պարտավոր ենք օգտագործել: Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, աշխարհահռչակ գործարարներ, ինչը վկայում է այն մասին, որ այս բնագավառում տաղանդաշատ հայ ժողովուրդը կարող է մրցակցել և հասնել լուրջ հաջողությունների: ՀՀ կառավարությունը Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ ստորագրել է պայմանագիր, որով մենք հիմք ենք դրել պետություն – մասնավոր համագործակցության համար և ստանձնել փոխադարձ պարտավորություններ: ՀՀ կառավարությունն ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու և ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Այդ առումով ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ոսկերչության զարգացման համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ հավաստիացնել, որ ի դեմս ՀՀ կառավարության դուք ունեք հուսալի գործընկեր: Պատրաստ ենք համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ հայ ժողովուրդը շարունակի հպարտանալ այն հաջողություններով, որ ունեցել ենք և պետք է ունենանք»:
Այնուհետև վարչապետ Սարգսյանը զրուցել է տարբեր երկրներից ժամանած հայ ոսկերիչների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել ոլորտում իրականացվող ծրագրերի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:
«Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 28-ին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Ամենամյա այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից և ավելի քան երկու տասնյակ երկրներից։
Փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին` անարդարությունը վերացնելու կոչով
“Անկախի» խմբագրությունը ներկայացնում է փաստաբան Սամվել Ջաղինյանից ստացած բաց նամակը` ուղղված Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այն ամբողջությամբ կարդացեք ստորև.
«Հարգելի պարոն ԿՈՍՏԱՆՅԱՆ,
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին իմ պաշտպանյալ Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեկան գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ եմ ներկայացրել ինչպես նախաքննական մարմին այնպես էլ դատախազություն և դատարաններ: Բոլոր դեպքերում ստացել եմ չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ: Այս ամիսների ընթացքում համոզված լինելով, որ իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցավոր արարքի հետ որևէ կապ չունի սպասել ենք իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատը և բաց նամակով Ձեզ դիմելու առիթ հանդիսացել:
Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:
Արդեն վեց ամիս է Մ. Ծերունյանը կալանավորված է այդ ընթացքում նրա հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, գործով քննիչը իմ պաշտպանյալին հանդիպել է ընդամենը երեք անգամ, որից երկուսը ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ծանոթացնելու իսկ մեկը` ինչ որ փորձաքննության եզարակացություն ծանոթացնելու նպատակով, այսպիսով խափանման միջոցը վերածվել է պատժի:
Իմ պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել և երկու անգամ երկարացվել է առանց որևէ փաստական հիմքի:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, բաց նամակով դիմելով Ձեզ հայցում եմ Ձեր բարձր աջակցությունը, խնդրում եմ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությանը: Համոզված եմ, որ այդ ժամանակ Ձեր համար ևս ակնհայտ կդառնա, որ Ծերունյանն որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք, ուստի խնդրում եմ հանձնարարել իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն դադարեցնել և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:
Խորին հարգանքով
թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ
Մարտին Արմենակի Ծերունյանի
պաշտպան Սամվել Ջաղինյան»
Պրոֆեսիոնալ թենիսիստների աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը
Հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակը: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը:
1. Ռաֆայել Նադալ՝ 11 670 միավոր
2. Նովակ Ջոկովիչ` 11 120
3. Դավիդ Ֆերեր՝ 6 600
4. Էնդի Մարեյ՝ 6 280
5 . Խուան-Մարտին դել Պոտրո ՝ 5 365
7 . Ռոջեր Ֆեդերեր՝ 4 245
7 . Տոմաշ Բերդիխ՝ 4 180
9 . Ստանիսլաս Վավրինկա՝ 3 240
10. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա՝ 3 235
Վարչապետն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է ,: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին:
Սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը և միակն է
Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:
Բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռելու նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով:
Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը գնել է 264 մարտական տանկ. ադրբեջանական լրատվամիջոցներ
2002-2012թթ.-ին Ադրբեջանը 264 մարտական տանկ է գնել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալութունը։
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը տանկեր է գնել Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Սլովակիայից։
Զեկույցում նշված չեն Т-90С տանկերը, որոնք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից 2013թ.-ի ընթացքում։ Կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը Т-90С 100 տանկ է պատվիրել։
Ըստ ռեգիստրի տվյալների՝ 2002-2012թ.-ին Ադրբեջանը Բելառուսից գնել է 153, Ռուսաստանից 62, Ուկրաինայից 48 և Սլովակիայից 1 տանկ։


