Օգոստոսին Բաքվում Իրանի և Ադրբեջանի պետական այրերի մասնակցությամբ կայանալու է երկու երկրների տնտեսական համագործակցության 9-րդ նիստը:
Նիստի քննարկվելիք հիմանական հարցերը վերաբերելու են համագործակցության ընդլայմանը, առկա խոչընդոտների վերացմանը:
Նիստին մասնակցելու են տարբեր ոլորտներում ակտիվ հիսուն ընկերության ներկայացուցիչներ :
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Monthly Archives: July 2014
Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել». քաղաքագետ
«Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղության պահպանումը արտաքին ուժերի կողմից կայուն չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման հետևանքով: Երկու երկրների միջև համագործակցությունը բարդացել է: Այս իրավիճակում Ադրբեջանը խնդիր չունի իր արարքների համար պատասխան տալու: Մյուս կողմից, տարածաշրջանում ազդեցության գոտիների վերանայման գործընթաց է սկսվել և Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել» Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:
Ըստ քաղաքագետի` պետք է կենտրոնանալ ոչ թե միջադեպերի վրա, այլ քաղաքական մեծ փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Ուկրաինայում զարգացումները ցույց կտան, թե գերտերություններից Հարավային Կովկասում ում պոտենցիալն է ավելի մեծ: «Կա նաև Թուրքիայի գործոնը, որը նույնպես սպասման վիճակում է, թե ինչպես կզարգանան իրադարձությունը Ուկրաինայում», – նշեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանը դիվանագիտական առումով պասիվ վիճակում է և չի նպաստում Ադրբեջանի քաղաքաականությունը կանխելուն: «Միջազգային հանրությունը նույնպես ամորֆ վիճակում է: Անհրաժեշտ է փոխել դիվանագիտությունը: Պետք է Մինսկի խմբի անդամների հետ առանձին-առանձին աշխատանքներ կատարել: Միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի արդյունքների հասնել, ոչ թե ռազմական միջոցներով: Սա Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է: Քանի դեռ այս քաղաքականությունը չի մշակվել, Ադրբեջանը կշարունակի կրակի տակ պահել հայկական սահմանը, նրա ահաբեկչական մոտեցումները չեն փոխվի», – ասաց նա:
Իրանն Աֆղանստանին էլեկտրաէներգիա և վառելիք կմատակարարի
Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Ավսաթ Խաշեմին Զաբոլ կատարած այցի ընթացքում հայտնել է, որ եթե Աֆղանստանը բավարար քանակությամբ ջրի հոսք ապահովի դեպի Համուն լիճը, ապա այդ երկիրը կստանա էլեկտրաէներգիա:
«Մոտակա օրերս պատրաստվում եմ այցելել աֆղանական Նիմրուզ նահանգ»,- ասել է նահանգապետը:
Իրանական և աֆղանական այս երկու նահանգները փոխադարձ պահանջներ ունեն միմյանց, և ամենայն հավանականությամբ, կայանալիք այդ այցի ընթացքում կքննարկվեն դրանք:
Ալի Ավսաթ Խաշեմին հավելել է, որ Սիստան-Բելուջիստան նահանգը բացի էլեկտրաէներգիայից, հնարավորություն ունի Աֆղանստանին մատակարարել վառելիք` այդպիսով մուտք գործել այդ երկրի վառելիքի շուկա:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Առաջիկայում Իրանում կարտադրվեն քաղցկեղը բուժող դեղամիջոցներ
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրեն Ջաֆար Ահանգարան տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել, որպեսզի Թեհրանում ստեղծվի հատուկ արտադրական կենտրոն, որում կթողարկվեն ծանր հիվանդությունների` մասնավորապես քաղցկեղի բուժման համար դեղամիջոցներ:
«Այս որոշումը ընդունել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհուրդը: Առաջիկայում Իրանի խորհրդարանում համապատասխան օրինագիծը կներկայացվի վերջնական հաստատման»,- նշել է Ջաֆար Ահանգարան:
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրենը ասել է, որ ստեղծված կենտրոնը զգալիորեն կթեթևացնի Իրան ներկրվող բժշկական սարքավորումների գործընթացը, քանի որ նման կառույցի համար նախատեսված են մաքսային հատուկ արտոնություններ :
Ջաֆար Ահանգարանին հավելել է, որ երկրում սպառվող դեղամիջոցների մեծ մասն արտադրվում է Իրանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Պետության նվերը սահմանապահ շրջանավարտներին
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ վեց գյուղերի` Չինարիի, Չորաթանի, Ներքին կարմիրաղբյուրի, Մովսեսի, Այգեպարի ու Պառավաքարի 30 ուսանողներ սեպտեմբերի մեկից կսովորեն 30 տոկոս զեղչով: Այս համայնքներից երևանյան պետական բարձրագույն հաստատություններ են դիմել 35 շրջանավարտներ, որոնցից 32-ը հաջողությամբ հաղթահարել են մրցութային շեմերը և ընդունվել բուհեր: Հաշվի առնելով վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու սահմանամերձ բնակավայրերում սովորելու մեծ ձգտումը` կառավարությունն այս երեք տասնյակ երեխաների համար բացառություն է արել և ուսման վարձերը զեղչել 30 տոկոսով:
ՀՀ Կրթության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ չափազանց ուրախացնում է հանգամանքը, որ ապրելով ու արարելով Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, քննական հարցերը պարապելով առանց կրկնուսույցների` սահմանամերձ գոտու շրջանավարտները դիմել և հաջողությամբ դարձել են բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողներ: Նրանք ընդունվել են տարբեր բուհեր` այդ թվում ԵՊՀ, Մանկավարժական, Լեզվաբանական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարաններ:
Դիվերսիոն հարձակում շփման գծում. կա 2 զոհ
Այսօր` հուլիսի 31-ին, հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Գործողության հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Կառավարությունը հաստատել է 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը, մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:
Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:
Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, կառավարության 2014թ. գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: Հաջորդ կետով գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն հաստատելու ս.թ. հունվարի 9-ի որոշումը:
Մեծացվում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
-«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրին (առաջինը հաջողությամբ ավարտվել է 2013թ. վերջին), որը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն. նպատակն է բարձրացնել պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը՝ խթանելով կառավարման համակարգի արդյունավետությունը,
-ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության լրացմանը, որով նախանշված հեռանկարային ոլորտների շարք կներառվի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, ինչի շնորհիվ կբարձրանան թողարկվող արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ մեծացնելով արտահանման ծավալը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով կապահովվի համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,
-ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա մշակել երկրի սողանքային աղետի կառավարման պլան,
-Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագրի և հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկի փոփոխությունները,
-պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի փոփոխություններն ու լրացումը, որոնցով հստակեցվում են սույն գործընթացի իրավահարաբերությունները, նվազեցվում կոռուպցիոն ռիսկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը, որով հստակեցվում են բուսական աշխարհի օբյեկտների, այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի պահպանության կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:
Ապահովվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը
ՀՀ կառավարության ընդունած որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը: Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու, ինչպես նաև մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգերը:
Մեկ այլ որոշմամբ կապահովվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի և «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի առանձին դրույթների կիրարկումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրն ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:
Գործադիրն ընդունել է կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու որոշում, որի իրականացումը կնպաստի դրամատան պահուստի համալրմանը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որպեսզի փոխհատուցի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և դրա համակարգի ՊՈԱԿ-ների աշխատակիցների նվազագույն աշխատավարձը ս.թ. հուլիսի 1-ից ապահովելու ծախսը:
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ ֆինանսավորելու համար «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ կապված տեղական ինքնակառավարման համակարգում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների սոցվճարի գումարի վճարմամբ առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսը:
Ս.թ. պետբյուջեի մեկ այլ վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ ապահովելու համար 4 ստեղծագործական խմբերի (նվագախումբ, բալետային խումբ, երգչախումբ և օպերային մեներգիչներ) անդամների և մյուս կոլեկտիվների տարիների ընթացքում ձևավորված աշխատավարձերի համադրելիությունը:
Առաջարկվում է կարգավորել գովազդի ստեղծման և տարածման ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:
Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը: Այս դեպքում ևս կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նախագծի իր տարբերակը, որի ընդունմամբ ընդունելի կհամարի պատգամավորների նախաձեռնությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:
Արյան փոխներարկում արել են միայն հարուստներին
Ռումինիայում մեծ սկանդալ է բորբոքվել:Արյան փոխներարկման հասարակական կենտրոնի տնօրեն Քրիստինա Մարիա Ստոյանը մեղադրվում է ոչ այնքան ապահով մարդկանց,որոնց գնչուների տեղ է դրել, օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու համար: Հետաքննությունը ենթադրում է, որ բժշկի դաժանության հետևանքով 7 մարդ է զոհվել:
Հիվանդների կողմից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո, ոստիկանությունը սկսել է գաղտնալսել բժշկի հեռախոսը: Խոսակցություններից մեկի ժամանակ Ստոյանը հրաժարվել է անհրաժեշտ քանակությամբ արյուն փոխներարկել 13-ամյա աղջկան, ում բժշկուհին գնչուհի է կարծել: Հետևանքը եղել է այն, որ աղջիկը մահացել է:
Մեկ այլ ցնցող երկխոսություն է հայտնի, որի ժամանակ բուժքույրը գլխավոր բժշկին հայտնել է, որ ծննդաբերած 20-ամյա կնոջն արյուն է պահանջվում փոխներարկել, հակառակ դեպքում նա չի ապրի:»Դե ինչ` հրաժեշտ տվեք նրան: Չմոռանաք տեղեկացնել նրա ընտանիքին»,-ասել է Ստոյանն ու կախել լսափողը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բժշկի հանցավոր վարքի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, սակայն հայտնի է նաև, որ կարող, հարուստ հիվանդների հանդեպ նա ավելի քան բարեհաճ է գտնվել: Օրինակ, տեղի պաշտոնյաներից մեկին արյունով մի քանի բանկա է տրամադրել, չնայած վերջինս անգամ անհրաժեշտ բժշկական որակավորում չի ունեցել:
Ներկայում մեղադրյալը հսկողության տակ է գտնվում:
Սերբիայում ռուսամետների համար «Պուտին» սրճարան է բացվել
Սերբական Նովի-Սադ քաղաքի պատմական կենտրոնում սրճարան է բացվել, որը Ռուսաստանի նախագահ Պուտինի պատվին է անվանակոչվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Պուտին» ցուցանակի կողքին նրա լուսանկարն է տեղադրվել: Ինչպես ազգային հեռուստաալիքին է հայտնել սրճարանատեր Ռադիվոյ Միլյանիչը, «Նովի սադում» շատ մարդիկ են հարգում նախագահ Պուտինին, շատ ռուսամետ մարդիկ կան, ովքեր պաշտում են նրան.»Ես ոչ մի վիճելի բան չեմ տեսնում սրճարանի անվանման մեջ»:
Սրճարանն աշխատելու է հաջորդ շաբաթվանից:
Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին
Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա և սխալ մատուցման դեպքում ազդել ապագա սերնդի վրա՝ բարդույթներ առաջացնելով աշակերտների մոտ։ «Այս դասընթացի միջոցով փորձում ենք նոր մեթոդներ մատուցել ուսուցիչներին, ովքեր դրանք լայնորեն կկիրառեն իրենց աշխատանքներում։ Կարևորագույն շեշտադրումը լինելու է այն, որ մենք վերջապես պետք է վերանանք զոհի բարդույթից։ Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասում է Սուրեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է, որ կա պայմանավորվածություն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հետ, և դասընթացի արդյունքում ուսուցիչների համար ստեղծվելու է Ցեղասպանության թեման դասավանդելու ուղեցույց։
Սուրեն Մանուկյանը նաև տեղեկացնում է, որ մյուս տարվանից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում կսկսի գործել առանձին հարկաբաժին, որտեղ հնարավորություն կստեղծվի աշակերտների համար անցկացնել պարապմունքներ։
Մարի Թութելյանը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆոռնիայի Հայ քույրերի վարժարանում, որն ունի 2-14 տարեկան մոտ 300 հայ աշակերտ։ Տիկին Թութելյանը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են Ցեղասպանությանկ։ Ցանկացած թեմայի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել ու կապել այդ մեծ ողբերգության հետ։ Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը։
Դավիթ Եղիազարյանը պատմություն է դասավանդում է Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում։ Նշում է, որ աշակերտների մոտ տարբեր զգացումներ կան Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ անհանգստություն, վրեժխնդրություն և այլն։ Պատմության ուսուցիչը նկատում է, որ դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է Ցեղասպանության թեման, սակայն ցանկալի է, որպեսզի մշտապես արտածրագրային միջոցառումներ իրականացվեն. «Ցեղասպանության թեման շատ նուրբ ու լայն է, և մասնագիտական նրբությունները շատերին հասու չեն, ուստի նման դասընթացները կարևոր են՝ ավելի լայն պատկերացում կազմելու համար»։
«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։ Քննարկվող թեմաների շարքում են՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։
«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն իրականացնում է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Բնապահպանության նախարարը 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին հրաման է ստորագրել
Հրաման՝ 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները հաստատելու մասին
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:
Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները.
1.Կարաս՝ մինչև 100 տոննա, 2.Ծածան՝ մինչև 50 տոննա, 3.Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:
Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:
ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:
Օգոստոսի 1-ից գրպաններն ու դրամապանակները լայն բացեք
Օգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10 տոկոսով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:
Գնաճը կստիպի գոտիները ձգել մինչև վերջին պնդօղակը
Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին: Այն ժամանակ թանկացավ 27 տոկոսով: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է մոտ 37 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ, ինչը, առաջին հերթին, նշանակում է, որ սպառողական ապրանքների գնաճ կլինի: Սա, իր հերթին, նշանակում է, որ եթե թանկացման մասին պատկերացումները մինչ օգոստոսի 1-ը ՀՀ քաղաքացիների համար ինչ-որ չափով վերացական էին, ապա սեպտեմբերին` օգոստոս ամսվա համար օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելիս, արդեն այդ թանկացումը շոշափելի կլինի: Բայց շոշափելի կլինի նաև յուրաքանչյուր ապրանքի թանկացումը ամեն անգամ խանութ մտնելիս:
Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրության կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` էլեկտրական վառարանում թխվող հացը թանկանա այդ թվին համարժեք: Նախ` թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի` գոնե ջուրը պոմպերով մղելու առումով: Եվ այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները` դոմինոյի էֆեկտով, հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի, ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:
Սակայն, երբ լրագրողները հետաքրքրվում էին, թե էներգակիրների, էլեկտրաէներգիայի թանկացումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուշագրավ պատասխան տվեց, թե «համենայն դեպս տեխնոլոգիական վերազինումը, ընդհանրապես, ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, և այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է»:
«Ե՛վ ձգտումը, և՛ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս, կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան, և ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու է ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»,- նշեց նախարարը` ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում:
Իսկ մինչ այդ «երջանիկ» պահը ՀՀ քաղաքացիները, որոնց 30 տոկոսն այսօր պաշտոնապես աղքատ է, ինչպե՞ս պետք է ապրեն:
Ոչ ոք չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը
Փորձեցինք պարզել, թե պաշտոնապես` մասնագիտական հաշվումներով ի՞նչ գնաճ կարող է դիտարկվել Հայաստանի սպառողական շուկայում, ի՞նչ գնաճային կանխատեսումներ են անում համապատասխան մարմինները:
Ազգային վիճակագրական ծառայությունը, բնականաբար, գնաճի կանխատեսում չի անում: ԱՎԾ-ն նույնիսկ գնաճի պատճառները չի ուսումնասիրում, այլ միայն արձանագրում է թվերն ու ներկայացնում վիճակագրական տվյալներ:
Դիմեցինք Կենտրոնական բանկին, քանի որ հենց այս կառույցն է Հայաստանում գնաճի ցուցանիշների կանխատեսումներ հաշվարկում: ԿԲ-ից էլ պատասխանեցին, թե նման հաշվարկներ ԿԲ-ն իրականացնում է եռամսյա պարբերականությամբ` ամփոփելով եռամսյակներն ու ներկայացնելով հաջորդ եռամսյակի կանխատեսումները: Ու քանի որ նախորդ` երկրորդ եռամսյակում էլեկտրաէներգիան թանկացած չի եղել, թե գնաճի ընդհանուր ցուցանիշի մեջ որ մասը պայմանավորված կլինի բուն էլեկտրաէներգիայի թանկացմամբ, դեռ չի արվել: Այսինքն` այդպիսի կանխատեսում էլ, ելնելով եռամսյակներով հաշվարկներ ու վերլուծություններ անելու ընթացակարգից, հանրության դատին կներկայացվի սեպտեմբերից հետո միայն:
Հարց է ծագում` նախապես չիմանալով, թե տվյալ գործողությունն ինչ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, ինչ հետևանքների կհանգեցնի, ինչպե՞ս է ՀԾԿՀ-ն այդպես հեշտ ու հանգիստ վերցրել ու որոշել թանկացնել էլեկտրաէներգիան:
Որ գնաճը էական է լինելու, դժվար չէ պատկերացնել: Իհարկե, չենք կարող հենց այսպես` նստել ու տգիտության մակարդակի վերլուծություններ անել, թե թանկացումների ինչ աստիճան կգրանցվի, բայց գոնե էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման «դառը փորձը» հաշվի առնելով` կարող ենք ներկայացնել արդեն իսկ կայացած փաստերը:
Այսպիսով, հունիսի սկզբներին, ներկայացնելով գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալները, ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ բացատրեց, որ 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն` 2014 թ. ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5 տոկոս: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ էլ հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն` 8,5 տոկոս գնաճից 2,5 տոկոսը ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ եթե անցյալ տարի էլեկտրաէներգիայի 27 տոկոսով թանկացումը, գազի թանկացման հետ միասին, ունեցան ընդամենը 2.5 տոկսոսային կետի ազդեցություն թանկացումների վրա, ապա միայն էլեկտրաէներգիայի, այն էլ` 10 տոկոսով թանկացումը պետք է որ ավելի փոքր ազդեցություն ունենա` նախորդի հետ համեմատած: Բայց դա հուշում է միայն տրամաբանությունը, իսկ հայկական իրականության մեջ մեկ անգամ չէ, որ թանկացումները կամ գների տատանումները հենց անտրամաբանական դրսևորումներ են ստացել:
Ամեն դեպքում, այս պահին մի բան է շատ հստակ`օգոստոսի 1-ից հետո ազգաբնակչությունը գրպանն ու դրամապանակը պետք է ավելի լայն բացի և գոտին էլ ավելի ձգի:
Իսրայելը մոբիլիզացրել է ևս 16 հազար պահեստայինի
Իսրայելը հայտարարել է ևս 16 հազար պահեստայինի մոբիլիզացիայի մասին: Պաշտպանության բանակի զինհրամանատարության կարծիքով, այդ քայլը հնարավորություն կտա էականորեն ընդլայնելու Գազայի հատվածում ռազմական օպերացիան, որը շարունակվում է արդեն 23 օր: Այն սկսվել է հուլիսի 8-ին ու արդեն 1360 պաղեստինցի է զոհվել:
Իսրայելական կողմից 56 զինվորական է զոհվել ու 3 խաղաղ բնակիչ: Ներկա դրությամբ Գազայի հատվածում օպերացիայի համար Իսրայելի ռազմական հրամանատարությունը մոբիլիզացրել է ընդհանուր առմամբ 86 հազար պահեստայինի:
Բնակարանային գողության փորձ կատարողները նախկին և գործող ոստիկաններ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ասիայում դեղի նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել
Կամբոջայի, Բիրմայի, Թաիլանդի ու Վիետնամի մի շարք շրջաններում մալյարիայի դեղամիջոցների նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:
Հետազոտական թեսթերի ժամանակ պարզվել է, որ այդ մակաբույծները կայուն են մալյարիայի դեմ ամենաարդյունավետ դեղերից մեկի` արտեմիզինինի նկատմամբ: Ինչպես գիտնականներն են նշում, ամեն տարի այդ հիվանդությունից մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, ընդ որում, մեծ մասն Աֆրիկայի բնակիչներ են:
Օլիմպիադայից հետո Լևոն Արոնյանին ևս մեկ լուրջ փորձություն է սպասում
Մարզասերներն անհամբերությամբ են սպասում օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկելիք շախմատի համաշխային 41-րդ օլիմպիադային:
Սպասելիքները մեծ են հատկապես Հայաստանի տղամարդկանց հավաքականից, որը կգլխավորի Լևոն Արոնյանը:
Իսկ ահա, օլիմպիադայի ավարտից 12 օր անց Լևոնին ևս մեկ փորձություն է սպասում: Նա մասնակցելու է 6 գրոսմայստերի մասնակցությամբ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը:
Այս մրցաշարն աննախադեպ է: Խաղալու են աշխարհում ամենաբարձր միջին անհատական վարկանիշով գրոսմայստերները: Նրանք ուժերն են չափելու երկու շրջանով: Ստուգատեսի պարգևատրմն հիմնադրամը շատ բարձր է` 315 հազար դոլար:
31-ամյա Արոնյանի (2805) մրցակիցներն են` 23-ամյա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2877), իտալացի 22-ամյա գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան (2801), ամերիկացի 26-ամյա գրոսմայստեր Հիկարու Նակմուրան (2787), բուլղարացի 39-ամյա գրոսմայստեր Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի 23-ամյա գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե–Լագրավը (2768):
Հաղթողը որպես պարգև կստանա 100 հազար դոլար: Նրան հաջորդած շախմատիստները ևս դրամական խոշոր մրցանակներ կստանան` 2-րդը՝ 75 հազար, 3-րդը՝ 50 հազար, 4-րդը՝ 40 հազար, 5-րդը՝ 30 հազար, 6-րդը` 20 հազար դոլար:
Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել
Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել Դոնեցկի մոտ կործանված մալազիական ավիաուղիների զոհերի կապակցությամբ:
Այդ օրը ողջ երկրով մեկ կիջեցվեն դրոշները, իսկ Մելբուռնում հիշատակի արարողություն կանցկացվի.”Այդ արարողությունը կոչված է հարգելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ու սատարել նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին”,-հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
“Մենք սգում ենք բոլոր 298 զոհերին ու ամենաշատը` 38 տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ում համար Ավստրալիան հարազատ տուն էր: Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու նրանց կաջակցենք առաջիկա դժվարին ժամանակներում: Մենք միասնական ենք մեր վշտի մեջ ու վճռական, արդարադատության հաղթանակի համար”,-հաղորդվում է վարչապետի պաշտոնական կայքում:
Ներկայում կործանված “Բոինգի” փաստով գործ է հարուցվել: Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են փոխադրվել` աուտոպսիայի ու դատափորձաքննության համար: “Սև արկղերը” գաղտնազերծելու համար Մեծ Բրիտանիա են փոխադրվել:
Աղցան «Ձմերուկ»
Բաղադրությունը
հավի խաշած կրծքամիս` 100 գ
պինդ պանիր` 100 գ
անկորիզ ձիթապտուղ` կես բանկա
մայոնեզ` ըստ ճաշակի
վարունգ` 1 հատ
լոլիկ` 2 հատ:
Հավի կրծքամիսը կարելի է փոխարինել տավարի մսով: Կարելի է աղցանի միջուկը հարմարեցնել բուսակերի ճաշակին, այսինքն` պատրաստել բացառապես բանջարեղենային հիմքով:
Պատրաստման ընթացքը
Խաշած միսը մանր կտրատել, ձիթատուղը շրջանաձև կտրատել: Պանիրը քերել, համեմել մայոնեզով ու խառնել: Սակայն մի քիչ ձիթապտուղ ու պանիր պահել ձևավորման համար:
Վարունգի կորիզով միջուկը հեռացնել ու ձևավորման համար թողնել ավելի պինդ մասը, նույնն անել լոլիկի հետ: Միջուկները պետք է հեռացնել, քանի որ դրանցից շատ հյութ է անջատվում:
Վարունգը քերել խոշոր անցքերով քերիչով, լոլիկը կտրատել մանր կտորներով: Իսկ յուրաքանչյուր ձիթապտուղը բաժանել 4 կտորի` երկայնակի կտրելով:
Կրծքամսով ու մայոնեզով աղցանի վրա ձմերուկի նման լ համապատասխանաբար դասավորե լոլիկը` որպես միջուկ, քերած պանիրը` որպես ձմերուկի միջուկին հարող սպիտակ հատված,իսկ վարունգի քերուկը` ձմերուկի կեղև: Կտրատած ձիթապտղից էլ կորիզներ ձևավորել:
Ճապոնիայի ափերին է մոտենում հզոր «Նակրի» թայֆունը
Խաղաղ օվկիանոսում առաջացած «Նակրի» թայֆունը մոտենում է Ճապոնիաի հարավային ափերին:
Ուրբաթ, օգոստոսի 1-ին ուժեղ քամով ու հորդառատ անձրևներով թայֆունը կմոտենա Օկինավա պրեֆեկտուրայի ափերին: Թայֆունի կենտրոնում ճնշումը 986 հեկտոպասկալ է, քամու արագությունը հասնում է վայրկյանում 20 մ, երբեմն` մինչև 30մ:
Օդերևութաբանների կանխատեսումներով, տեղումների մակարդակն ուրբաթ օրն Օկինավայում ու Կյուսյուում կհասնի 200-250 մմ-ի` օրական: Օդերևութաբանները նախազգուշացնում են սողանքների, հեղեղների ու լեռնահուսինների մասին:
Ավելի վաղ Ճապոնիայի հարավային ու կենտրոնական շրջաններն արդեն հայտնվել են «Նեոգուրի» թայֆունի հարվածի տակ.զոհվել է 3 մարդ, 63-ը վիրավորվել են: Թայֆունն ավերել է ավելի քան 500 տուն:
Օբամայի դեմ հայցը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հավանության են արժանացրել
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել հանրապետական Ջոն Բեյների` երկրի նախագահ Օբամայի դեմ հայցը.հաղորդում է Lenta.ru-ն:
«Կողմ» են քվեարկել 225 կոնգրեսական, «դեմ»` 201-ը: Հիմա եթե դաշնային դատարանը որոշի, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ ունի, ապա այն կփոխանցվի Օբամայի ադմինիստրացիա: Ողջ գործընթացը կարող է ամիսներ տևել: Իսկ Օբաման այդ ձեռնարկը «քաղաքական հնարք» է անվանել:
«Նրանք պատրաստվում են ինձ դատի տալ մարդկանց օգնելու իմ գործողությունների համար: Նրանք հաստատ չեն հասկանում, որ ես կատարում եմ իմ պարտականությունները»,-ասել է Օբաման: Նա կարծում է, որ այդ կերպ քաղաքական գործիչները փորձում են խույս տալ հանապազօրյա խնդիրների լուծումից:
Ավելի վաղ նախագահին դատի տալու մտադրության մասին հայտնել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բայները: Նա դեմոկրատ նախագահին մեղադրեց պաշտոնեական իրավասությունների չարաշահման ու պետության մյուս օրենքների խախտման մեջ:
