Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար։ Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի», – նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում։ Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը», – հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»:
Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը:
Daily Archives: July 14, 2014
Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է
Հուլիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Վարդան Առաքելյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Վ. Առաքելյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Թմրամիջոցը դեղահաբերից պատրաստել էին ներարկման միջոցով օգտագործելու նպատակով
Հուլիսի 12-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկից, թմրանյութ պահելու և օտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին, 1975 թ. ծնված Արման Ա.-ին և 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Զննությամբ Արմեն Մ.-ի տնից հայտնաբերվել է դեղի սրվակ, տոպրակ` սպիտակ, փոշենման զանգվածով, յոդի դատարկ 2 սրվակ, լուցկու դատարկ 8 տուփ, էմալապատ աման` 500 գ դեղնավուն հեղուկ զանգվածով, 2 տարա` 0.4 լ դեղին զանգվածով, բաժակ` 200 գ մուգ դեղնավուն, սուր հոտով զանգվածով, և չօգտագործված 1 ներարկիչ:
Արմեն Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստել են ներարկվելու միջոցով օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Նարեկացին ոգեշնչման աղբյուր էր մեզ համար. Վիտալի Մանսկի
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում հուլիսի 14-ին կներկայացվի Վիտալի Մանսկու «Գիրքը» վավերագրական կինոնկարը:
Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրումը:
Ֆիլմի ստեղծման և վերհանած խնդիրների վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրուցեցին ֆիլմի հեղինակը` Մանսկին, և պրոդյուսերը` Մեսրոպ քհն. Արամյանը:
«Ես նախանձում եմ ձեզ, քանի որ Մոսկվայում նման փառատոններ չկան կամ համարյա չկան»,- ասաց վավերագրողը` հավելելով իր համար դժվար է խոսել փառատոնի շրջանակներում ցուցադրվող իր ֆիլմից, փորձել բացատրել այն, քանի որ այն, ինչ նա ցանկանում էր ասել, արդեն էկրանին է: Նա պատմեց, որ «Գիրքը» արտադրության ընթացքում անվանում էինք պարզապես «Նարեկացի»: «Նարեկացին և նրա «Մատյանը» ոգեշնչման աղբյուր էին մեզ համար, քանի որ նա բացարձակ հանճար է, որ երբևէ ապրել է Երկիր մոլորակի վրա: Նա մի մեծություն է, որով պետք է և արդարացիորեն հպարտանում են հայերը»:
Տեր Մեսրոպը նշեց, որ, թեև ոգեշնչման աղբյուրը Նարեկացին է, սակայն ֆիլմը նրա մասին չէ. այն կյանքի իմաստի մասին է: «Մենք փորձել ենք, ժամանակակից մարդու կյանքը ներկայացնելով, բարձրացնել հարցեր, որոնց մասին կարևոր է մտածելը, և ի վերջո հանգել ենք այն գաղափարին, որ կա գրքում», -ասաց նա:
Այսօր տեղի կունենա ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Սրանից առաջ «Գիրքը» ցուցադրվել է միայն Մոսկվայի կինոփառատոնի ընթացքում:
Մայրաքաղաքում շարունակվում են բակային տարածքների նկարազադման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղիունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բակային տարածքների նկարազարդման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ վարչական շրջանների 19 հասցեներում այդ աշխատանքներն ավարտվել են: Նկարազարդման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբեր:
Մայրաքաղաքում, մասնավորապես ծայրամասային վարչական շրջաններում, ընթացքի մեջ են նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները:
Զուգահեռ թարմացվում և նորոգվում են նաև նախորդ տարիներին տեղադրվածները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հուլիսի 14-ը Մաթևոս Դարբինյանի ծննդյան օրն է
Հուլիսի 14-ը հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան օր է: Ի դեպ, այս տարին հոբելյանական է, լրանում է գրողի ծննդյան 125-ամյակը:
Մաթևոս Դարբինյանը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում: 1915 թ-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական հայ թերթերին, իսկ 1921 թվականին «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին։
Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիտոններ, մանկական պատմվածքներ, հեքիաթներ և պիեսներ։ 1921-ին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը» լույս է տեսել «Հասկեր»-ում, 1907-ին։ Մի որոշ ժամանակ եղել է Վրաստանի հայ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը։ Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը։ Բեմադրվել է նաև նրա «Ջաղացպան», «Ոճիր», «Գիքոր» (ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի), «Լայլի և Մաջնուն» պիեսները։ Նրա «Գլուխ պահող Կիկոսը» վիպակի հիման վրա «Հայֆիլմը» 1932-ին նկարահանել է «Կիկոսը» կինոնկարը։
Բերդի թանգարանը նախապատրաստում է հոբելյանական միջոցառում: Թանգարանի աշխատակիցները կայցելեն Բերդի տարածաշրջանի գյուղեր, դպրոցներում կներկայացնեն գրողի ստեղծագործական ժառանգությունը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 12-ից 14-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 11, խուլիգանության՝ 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 16 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է գերմանացի ֆուտբոլիստներին
Նախապես հաստատված ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» միջոցառումները
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ընթացքի հետ կապված՝ քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախապես հաստատված ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք աշխուժություն և հետաքրքրություն են մտցնում մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնողների առօրյայում: Միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ են եղել ԼՂՀ նախագահի, Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Կազմակերպվել է նաև այց Մարտունու և Մարտակերտի շրջաններ: Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այցի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերել ԼՂՀ շրջանների հետ՝ համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ: Անցկացվել է նաև մարզաառողջարարական, ճանաչողական արշավ, որին մասնակցել է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի շուրջ 120 աշխատակից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Պատանի նշանառուների մրցավեճը
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման:
Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք <<Պատանեկան օլիմպիական խաղերից>> և սեպտեմբերին կայանալիք <<Աշխարհի առաջնությունից>> առաջ:
Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը բավականին լավ արդյունքներ են ցույց տվել, ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի և աշխարհի առաջնության համար:
Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում 400 հնարավորի խոցել է 376 միավոր:
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և ֆուտբոլային տարին խորհրդանշող գնդակ-հուշանվերներով՝ լեգենդար հրաձիգների ստորագրությամբ (Գագիկ Զոհրաբյան, Սեյրան Նիկողոսյան, Գագիկ Մելոյան և այլն):
Պարգևատրվել են նաև հաղթող հրաձիգների մարզիչները:
Ատրճանակ, 2 նռնակ և 122 փամփուշտ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 12-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սերգեյ Դ.-ն հանձնել է 7 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» նռնակ` պայթուցիչով, «ՏՀՏ» նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կիմ Կի-դուկը նմանություններ է տեսնում Հայաստանի և Հարավային Կորեայի միջև և խոստանում իր առաջիկա ֆիլմը ներկայացնել Հայաստանում
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Պիետա» ֆիլմով կմեկնարկի ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հայ հանդիսատեսին կներկայացվեն նաև «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն», «Հասցեն անհայտ է» , «Դատարկ տունը» և «Առափնյա պարեկ» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ 2003-ից, երբ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում Կի-դուկը ստացավ FIPRECI մրցանակը, ցանկություն կար նրա ֆիլմերը նաև Հայաստանում ցուցադրել: Այս տարի նպատակը վերջապես իրագործվել է:
«Շատերը, որ քիչ բան գիտեն Կորեայի կյանքի, կենցաղի մասին, Կի-դուկի ֆիլմերով պատկերացում են կազմել այդ ամենի մասին: Հաճախ նրան մեղադրում են դաժանության մեջ, բայց այդ ամենի հետևում նրա փափուկ սիրտն է»,- ասաց Ստամբոլցյանը:
Կի-դուկը նշեց, որ մինչ Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, համացանցով է որոշ բաներ կարդացել: Այստեղ գտնվելու երկու օրերի ընթցաքում արդեն հասցրել է օրական երեք ժամ զբոսնել Երևանում, տեսնել Կասկադի գեղեցկությունը և շուկայի շուրջ առկա աղքատությունը և ընդհանրություններ գտնել Հայաստանի և Հարավային Կորեայի միջև:
Կի-դուկը երախտագիտություն հայտնեց հայ հանդիսատեսին իր ֆիլմերը դիտելու համար և խոստացավ ֆիլմը, որը կնկարահանի առաջիկայում, ներկայացնել նաև Հայաստանում:
Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թ., Հարավային Կորեայում: Դպրոց չի գնացել: Ինչպես ինքն է նշում, այն ժամանակ Կորեայում բնակչության 50 տոկոսը հնարավորություն ուներ դպրոց հաճախել, ինքն այդ հնարավորությունից զրկված մյուս կեսում է եղել: Փոքր հասակից ծանր աշխատանքով է գումար վաստակել: Սակայն դպրոց հաճախելու հնարավորություն չունենալու համար Կի-դուկը չի ափսոսում, ասում է, որ աշխատելով ավելի շատ բան է սովորել, քան կարող էր դպրոցում սովորել:
«Ես իմ ֆիլմերում ներկայացնում եմ իմ ապրածը, այն, ինչ կա կորեական իրականությունում: Դրա համար արժեր դպրոց չգնալ»,- ասում է կինոռեժիսորը:
1990-ին Կի-դուկը վերջին կոպեկներով գնում է տոմս դեպի Փարիզ: Այստեղ 30 տարեկան հասակում նա առաջին անգամ ֆիլմ է դիտում`«Գառների լռությունը»: Ֆիլմը հիմնովին փոխում է հարավկորեացի երիտասարդի կյանքը: Նա 1990-92թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում, 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին:
«Երբ սկսեցի կինոռեժիսուրա սովորել, հասկացա, որ ամեն մեկն էլ կարող է ֆիլմ նկարել, զգացի կինոյի ազատությունը և այդ օրվանից սկսեցի սցենարներ գրել»,- ասում է նա:
Նա վերադառնում է Հարավային Կորեա և սկսում իր կարիերան սկսում որպես սցերանրիստ: 1995-ին Կորեայի կինոխորհրդի կազմակերպած սցենարների մրցույթում նա շահել է առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով:
Ֆիլմարտադրության ոլորտում 19 տարիների ընթացքում Կիմ Կի-դուկը 20 ֆիլմեր է հեղինակել, որոնք միջազգային տարբեր կիոփառատոններում մրցանակների են արժանացել:
Կի-դուկն ասում է, իր ուսուցիչը եղել է իր կյանքը, նա է իրեն ամեն ինչ սովորեցրել: Նշում է, որ որ իր ֆիլմերում ինքը լավն ու վատը չի առանձնացնում, չէ որ կյանքում դրանք երկուսն էլ կան, նաև ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն:
Ասում է, որ ստեղծագործական գործունեոթւյան 19 տարիների ընթացքում ներքուստ փոփոխվել է, երել է ժամանակ, երբ չի վստահել մարդկանց և հակառակը, պատահել է, որ չի սիրել մարդ կոչվածին: Այժմ նրա մոտ այնպիսի փուլ է, երբ հավատացած է, որ մարդը հույսով է ապրում:
Իր ֆիլմերում Կի-դուկը հնարավորինս քիչ է օգտագործում երկխոսություններ («Վատ տղա», «Կղզի», «Դատար տունը», «Մեբիուս»), քանի որ խոսքով մարդը կարող է ստել. «Առանց խոսքի մարդը ավելի շատ բան կարող է արտահայտել, քան խոսքերով»: Նա արծարծում է կորեական ազգային խնդիրները`միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ: Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել:
Պատասխան՝ Ռուբեն Հայրապետյանին.«Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն…»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հարգելի՛ գործընկերներ,
Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի հանդեպ` նրան մեղադրելով սպորտի հետ կապ չունենալու մեջ:
Պարզապես հիշեցման կարգով նշենք, որ սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորթյուն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխընբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրերին համապատասխան վճռական է հայրենական սպորտում առաջընթաց և զարգացում ապահովելու գործում: Նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն, քայլ առ քայլ լուծվելու են կուտակված խնդիրները ` բարձր պահելով հայկական սպորտի պատիվը:
Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնել նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են:
Հայկական սպորտն ունի վառ անցյալ, բավական հուսադրող ներկա և ապագա, բայց դրա համար պետք է աշխատել ու ոչ թե վատաբանել այլոց աշխատանքը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար
Աստղիկ Մարտիրոսյան
Գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
“Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից` միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:
Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:
Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:
Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին”:
Ինչպես կբաշխվեն փողերը ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո
Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիանկբաշխի 576 միլիոն դոլար։
Աշխարհի չեմպիոն Գերմանաիայի հավաքականը կստանա 35 միլիոն դոլար։ Արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականին բաժին կհասնի 25, բրոնզե մեդալակիր Հոլանդիայի թիմին՝ 22, իսկ կիսաեզրափակչի մասնակից Բրազիլաիայի ներկայացուցիչներին՝ 20 միլիոն դոլար։
Խմբային փուլին մասնակցելու համար թիմերը ստացել են 8-ական միլիոն դոլար։
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ
Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և մաղթում հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը:
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի ավագը գտնում է, որ իրենց թիմն արժնիորեն է հաղթել
Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014առաջնության եզրափակչում գերմանաիայի հավաքականնը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի թիմին և դարձավ աշխարհի չեմպիոն:
Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ ուրախ է ազգային թիմի հաջողության համար և այն արժանորեն է նվաճել այդ տիտղոսը:
«Հիանալի է, որ մենք կարողացանք աշխարհի չեմպիոն դառնալ: Մրցաշարի ընթացքում մենանկումներ և վերելքներ ենք ապրել, բայց թիմն, ընդհանուր առմամբ, կատարում էր իր խնդիրները: Անհավանական զգացում է: Երկար ենք սպասել և ստացանք այն, ինչի արժանի ենք»,- ասել է Լամը:
Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
Դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:
Ինչպե՞ս լավ հանգստանալ և աշխատանքի վերադառնալ առանց սթրեսների. խորհուրդներ հոգեբանից
Ամառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:
Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:
– Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:
– Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:
– Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:
– Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:
Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:
Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:
– Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:
– Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:
– Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:
– Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:
– Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:
– Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:
Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:
– Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:
– Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:
– Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:
Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:
– Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:
– Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:
Իրանում ներդրումների համար նպաստավոր միջավայր է ստեղծվել
Իրանի առևտրի պալատի ղեկավար Ղոլամհոսեյն Շաֆեին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արտասահմանցի ներդրողները բարձր են գնահատում իրանական շուկայի ներուժը:
«Իրանում արդյունավետ համագործակցում են պետական և մասնավոր սեկտորները: Երկրում ներդրումների համար նպաստավոր աշխատանքային միջավայր է ստեղծվել: Արտասահմանյան մի շարք ներդրողներ ցանկանում են ընդլայնել համագործակցությունը»,- նշել է Ղոլամհոսեյն Շաֆեին:
Իրանի առևտրի պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ ամերիկյան ընկերությունը Իրանի կառավարության հետ բիովառելիքի հաշվին էլեկտրաէներգիայի մշակման համատեղ առևտրային նախագծում 1,175 դոլարի չափով ներդրումների նախնական համաձայնություն է ստորագրել:
«Ըստ նախնական համաձայնության, կալիֆորնիական ընկերությունը մտադիր է ամեն օր 250 մեգավատ հզորություն ստանալ աղբի այրման, ինչպես նաև ջրիմուռների, աղերի, կեղտաջրերի վերամշակման ճանապարհով»,- ասել է Շաֆեին:
Ակնկալվում է, որ նախագիծը կգործարկվի սեպտեմբերին:
Համաձայնագրի ստորագրումը արևմտյան բիզնեսի համար ազդանշան կարող է ծառայել, որոնք կարող են վերականգնել ներդրումներն Իրանում, եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը և ՄԱԿ-ը իսլամական պետության դեմ կիրառվող տնտեսական պաժամիջոցները չեղյալ հայտարարեն:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
